Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/107

Այս էջը սրբագրված է

րություն։ Կյանքի անդիմադրելի քաոսը չի կարող ենթարկվել բնականոն տրամաբանությանը։ Կաֆկայի գրառումներում մենք հանդիպում ենք Կերկեգորի, Համսունի, Գոգոլի, Դոստոեւակու, Հաուպտմանի, Դիկկենսի անուններին։ Համակրանքի որպիսի խայտաբղետություն։ Այստեղ արդեն վերանում են մեթոդ հասկացության սահմանները։ Արտացոլվող աշխարհը նրան ներկայանում է տարաբնույթ կառույցների ձեւով, ստիպում հարել էքսպրեսիոնիզմին հատուկ միջոցների։ Էքսպրեսիոնիզմը հավաքական տպավորություն է, զգացմունքների համալիր-արտացոլում, բայց ոչ գիտակցված ծրագիր։ Էքսպրեսիոնիստներն այն կարծիքին են, որ արվեստը ոչ թե արտացոլում է կյանքը, այլ լրացնում է այն՝ մարդկությանը հնարավորություն տալով տեսնելու իր հավերժ երկատված դեմքը։ Փախուստ տալով ժամանակների կենսական պահանջներից՝ արվեստագետները երեւակայությամբ ստեղծում են մի աշխարհ, որ իրական չէ, բայց հավերժական է։ Կյանքի ռեալ պահը արվեստի, նաեւ մարդու համար, անարժեք է, պետք է շարունակ ձգտել հավերժին, որ երեւակայության խայտաբղետ կառույցի տեսք ունի։ Նույն սկզբունքին են դիմում սյուրռեալիստները, նկարիչներ՝ Օսկար Կոկոշկին, Վասիլի Կանդինսկին, Շագալը, գրողներ՝ Ֆրանց Վերֆելը, Լեոնիդ Անդրեեւը։

Ժամանակակից արեւմտյան գրականության մեջ, հենց կոնկրետ Կաֆկայի ստեղծագործություններում («Հիպերտոն», «Մի պայքարի նկարագրություն», «Այլակերպում», «Ամերիկա», «Դավադրություն», «Գյուղական բժիշկը») հերոսի գիտակցությունը հենվում է ենթագիտակցության վրա։ Այդ հերոսները չեն ընդունում հասարակություն, պատմություն հասկացությունները, որոնք հոգեկան ճգնաժամի արգասիք են։ Կաֆկայի կարծիքով իրականությունը իր եւ իր հերոսների համար բարձրագույն դատավոր չէ, նա մշտապես չարչարանքների մեջ է եղել, դժվարությունների գաղտնիքը թաքնված է հենց իր՝ մարդու մեջ։ Մարդու կապը աշխարհի հետ երեւութական է, թվացյալ։ Նրա հերոսի առարկայական միջավայրը ճնշող է, շարունակ նեղությունների ու մենակության մեջ է, ինչպես Դոստոեւսկու հերոսները։ Նրանք իրենք իրենց մեջ են, իրենց գիտակցության մեջ միայն իրենք են։ «Դատավճռի» հերոսը Գեւորգ Բենդեմանը, մեռնում է՝ դառնալով սեփական էգոիզմի զոհը։ Նույն մենակության եւ սուր ինքնասուզումի մեջ է նաեւ «Այլակերպում» վեպի գլխավոր հերոսը։ Արեւմուտքում գրականության մեջ գիտակցության այսպիսի տարբեր դրսեւորումներ երեւացել են դեռեւս դարավերջին։ Թոմաս Մանը այս իմաստով պատմական երկու ժամանակներում ապրող հեղինակ է։ Նա տեսավ արեւմտյան գրականության եւ արվեստի ցնցումները, նորի հայտնաբերման բուռն մղումը, տեսավ էպիկական