Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/142

Այս էջը սրբագրված է

սյուժեն լինի սիրային։ Զուգահեռվող սյուժեի լավ օրինակ է Հրանտ Մաթեւոսյանի «Խումհարը» վիպակը։

Սյուժեի պատումի ընդհանուր հոսքի մեջ շարունակ լսվում է հեղինակի ձայնը՝ գնահատական, համակրանք, հակակրանք, խոհեր, ապրումներ։ Փայլուն օրինակ է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին»։ Համաշխարհային վեպի պատմության մեջ հնարավոր չէ ցույց տալ մեկ ուրիշ օրինակ, որում այդքան ցայտուն ձեւով դրսեւորված լինի հեղինակի բնավորությունը, հեղինակի հոգու գիտակցության ձայնը, հեղինակի գիտակցության ու զգացմունքների շարժման սյուժեն։ Առանձին վերապահումներով, նույնը կարելի է ասել նաեւ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի մասին։ Վիպական դեպքերի սյուժեն շարունակ զուգահեռվում է հեղինակի խոհերին, գնահատականներին, սուր իրոնիային։ Բայց կան գրական երկեր, որոնցում հեղինակի ձայնը խլացված է, հեղինակը փորձում է բոլորովին չարձագանքել, չմիջամտել դեպքերին։ Կարելի է օրինակ բերել Հրանտ Մաթեւոսյանի «Տաշքենտը», որն, ըստ էության, սյուժե չունի։ Այստեղ նրա պատմելու ձեւը «չեզոք» է։ Արիստոտելը «Պոետիկայում» նկատել է. «Չէ որ միեւնույն բանը կարելի է վերարտադրել միեւնույն միջադեպերով, երբեմն անցքերի մասին պատմելով՝ պատմվածքի նկատմամբ մնալով օտար, ինչպես կատարում է Հոմերոսը, կամ իր անունից, չփոխելով իրեն ուրիշով, կամ՝ նկարագրելով բոլորին որպես գործող եւ իրենց էներգիան դրսեւորող»47։ Կան նաեւ այնպիսի գործեր, որոնցում կոմպոզիցիոն միասնության են բերված հեղինակի կողմից պատմվող տարբեր սյուժեներ, որոնք բոլորն էլ մի ընդհանուր խնդրի մասին են։ Այդպիսի գործեր են Բոկկաչոյի «Դեկամերոնը», Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքը։ Սյուժեի «կենցաղավարության» մի ուրիշ դրսեւորում են միջանկյալ պատմությունները (Րաֆֆու «Սամվելը», Պռոշյանի «Հացի խնդիրը» եւ այլն)։ Գրականության մեջ սյուժեի դրսեւորման ձեւերը պայմանավորված են հեղինակի գեղագիտական խնդրով, որոնք իրականացվում են համապատասխան կոմպոզիցիոն հնարանքներով։

ԿՈՄՊՈԶԻՑԻԱ

Ճիշտ է նկատված, որ կոմպոզիցիան սյուժեի զարգացման տրամաբանությունն է։ Պատահական չէ, որ Արիստոտելը սյուժեի մասին խոսելիս ամեն անգամ հիշեցնում է կոմպոզիցիայի դերը։ Նրա կարծիքով. «ամենագլխավորը անցքերի կոմպոզիցիան է»49։ Կոմպոզիցիան ամբողջի եւ նրա մասերի հարաբերությունն է, որը կարող է արտահայտվել