Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/157

Այս էջը սրբագրված է

կապը գիտակցության հոսքերի կապն է։ ճշմարիտ ընթերցողը պասիվ չէ։ Նա մտնամ է երկի աշխարհը, ապրում այդ աշխարհի մարդկանց ճակատագրերով։ Նա երկի աշխարհը, նրա հերոսներին ճանաչելով, շփվելով, ճանաչում է ինքն իրեն, իրեն շբջապատող ուրիշներին։ Ընթերցողը հոգեբանորեն մասնակցում է վիպական դեպքերին, տալիս իր գնահատականը։ Գիրքը ընթերցողը, եթե ոչ բաց տեքստով, մտովի տալիս է իր գնահատականը, դրսեւորում իր կարծիքը՝ «որքա՛ն ճիշտ է», «ինչո՞ւ է հերոսը այսպես վարվում», «ես այլ ձեւով կվարվեի», «հեղինակը ճիշտ է», «հեղինակը սխալ է»։ Ընթերցողների այս գնահատականները անսպառ են։ Ընթերցողը գրքում շարունակ որոնում եւ ստուգում է իրեն։ Այսպիսի ուղղվածություն ունի ընթերցողի գիտակցությունը։ Եվ որքան բազմաշերտ ու բազմաձայն է գրական ստեղծագործությունը, այնքան շատ են նրա ընթերցողների հարցադրումները, գնահատականները։ Գրական ստեղծագործության բազմաձայնության արտահայտման բանարվեստային հենքը երկխոսությունն է, որի դրսեւորման ձեւերը պայմանավորված են վիպական հանգամանքների ընթացքով։ Երկխոսությունից երկխոսություն հեղինակը շարունակ փոխում է իր դիրքը, իր ձայնը, հանդես գալով բոլոր այդ «ուրիշների» կողմից՝ հաշվի առնելով նրանց վիճակը, բնավորության առանձնահատկությունները՝ անկեղծությունը, խորամանկությունը, հաշվենկատությանը, քծնանքը, ուղղամտությունը եւ այլ եւ այլ։ Հերոսների ձայների դրսեւորման ձեւերից մեկն էլ ռեպլիկն է (ընդմիջարկումը)։ Այն սուր եւ հակիրճ ընդվզման խոսք է, բնութագիր եւ սարկաստիկ գնահատական վիճակի մասին։ Ռեպլիկի համար անհրաժեշտ միջավայր է պետք՝ սովորաբար լարված։ Ըստ Բախտինի՝ ամեն մի ռեպլիկ մենախոսություն է, ամեն մի մենախոսություն՝ մեծ Երկխոսության ռեպլիկ։ «Մենախոսությանը հաճախ չի հասցեագրվում ոչ մեկին, չի ենթադրվում դրա պատասխանը»։


7. Ոճ ԵՎ ՈՃԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ոճը չափազանց ընդգրկուն հասկացություն է։ Այն դրսեւորվում է մարդու մտածողության ու գործելակերպի բոլոր ոլորտներում։ Գրականության եւ արվեստի տեսաբանները, ոճի խնդիրներին անդրադառնալիս, մշտապես հիշատակում են Բյուֆոնի այն հանրահայտ միտքը, թե ոճը ինքը՝ մարդն է։ Երեւույթի այսչափ սեղմ բնութագիրը նույնպես ոճի արգասիք է։ Դժվարը, սակայն, հիմնավորելն է։ Ահա ինչու Սոմերսեթ Մոեմը