III ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ կեղծ գաղափարի արտահայտություն»84։ Բելինսկին ձեւի եւ բովանդակության անտրոհելիության հանրահայտ միտքը հաստատելով, նաեւ կասկածի տեղիք է տալիս, երբ օգտագործում է «գաղափար» հասկացությունը։ Գրականության եւ արվեստի, ինչ խոսք նաեւ փիլիսոփայության մեջ բովանդակությունը եւ գաղափարը տարբերակված են։ Գաղափարը արտաքին բովանդակության արգասիք է, ավելի հեշտ է ասել հետետություն է արտաքին բովանդակության մասին։ Գրական երկի ներքին բովանդակությամբ հնարավոր չէ պատկերացում կազմել նրա գաղափարական բովան¬ դակության մասին։ Արտաքին բովանդակությունը, տվյալ դեպքում սյուժեն, ներքինի ձեւացման արգասիք է, որը անմիջապես ստեղծում է իր բովանդակությունը։ Գաղափարը բխում է հենց այս բովանդակությունից։ Ներքին բովանդակությունը մասերի հարաբերությունն է, արտաքինը՝ այդ հարաբերությամբ ստեղծված ետգոյություն։ Այստեղ, անշուշտ, տրամաբանման խրթնաբանություն կա։ Գրական երկը, գեղարվեստական պատկերը ձեւաբովանդակային հարաբերության մակարդակներում չեն տրվում տրամաբանությանը, բայց, իբրեւ ուսումնասիրության մեթոդ, դրանք պայմանականորեն կարելի է թարգմանել տրամաբանության լեզվով։ Մեթոդական այս սկզբունքը ի վիճակի չէ մինչեւ վերջ բացել երեւույթի բազմիմաստությունը, մյուս կողմից՝ արվեստի ուսումնասիրությունը ոչ մի իմաստ չէր ունենա, եթե չկառչեին նրա տրամաբանական հիմնավորման մեթոդին, քանի որ ըստ Հեգելի արվեստը իր իսկական հաստատումը կարող է գտնել միայն գիտության մեջ։ Կրոչեի այն կարծիքը, թե մարդու ոգին գեղագիտությունից կարող է անցնել տրամաբանությանը, անհատական մտածողությունը քանդել համադրական մտածողությամբ եւ ընդհակառակը, ինքնին խոսում է արվեստաբանական գիտության մեթոդի մասին։ Գեղագիտականը տրամաբանականի առաջին աստիճանը լինելով, նույն այդ տրամաբանական դատողությունը ժխտում է գեղագիտականը։ Հայեցողությունը տեղի տալով տրամաբանությանը՝ ոչնչացնում է ինքն իրեն։ Խոսել շարժման մասին, նշանակում է հանգել դադարի գաղափարին, դրանով իսկ ժխտել շարժումը։ Հակադրամիասնության այս վերացական մեթոդով մենք կարող ենք խրվել զուգորդությունների անվերջության մեջ։ Խնդրին առարկայական տեսք տալու համար մեզ անհրաժեշտ է կանգ առնել հեգելյան «ձեւայնացված» բովանդակություն» եւ «բովանդակացված ձեւ» հասկացությունների վրա ու փորձել դրանք ցույց տալ կոնկրետ օրինակներով։ Բերենք Վահան Տերյանի «Աշուն» բանաստեղծության այս պատկերը՝
Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/174
Այս էջը սրբագրված է