հայտ բերել գրողական մտորումների, որոնումների նրբերանգները, պարզել, թե որ բառը, որ արտահայտությունն ու միտքն է դարձել կանոնիկ բնագրի միսն ու արյունը, հատկապես սևագրությանների մեջ է երեւում գրողի ստեղծագործական հոգեբանությունը, նրա մտածողության անկրկնելի անհատականությունը։ Ռուս նշանավոր գրականագետ Բոնդին նկատել է. «Ընթերցել հեղինակի ձեռագիրը նույն հաջորդականությամբ, ինչպես որ այն ստեղծվել է, նշանակում է գնալ նրա հետքերով, շարժվել նրա մտքի ուղղությամբ եւ որոշակիորեն հանգել այն մտագագորդություններին, որոնք ստեղծագործելու պահին առաջացել են գրողի գիտակցության մեջ»3։ Ամեն մի գրող ջանում է իր մտահղացումները մարմնավորել գեղարվեստորեն անթերի։ Այդ պատճառով էլ նա իր բնագրերի վրա, անգամ տպագրությունից հետո, շարունակում է աշխատել, փոխել, լրացնել կրճատել ավելացնել։ Այս ամենը ուսումնասիրողի առաջ բացում է մի ամբողջ աշխարհ։ «Մարդը ինչքան թեթեւություն է զգում, եթե ահագին կտորները ջնջում է եւ դուրս է բերում մի սեղմ, կոկիկ երկտող»,– հիշում է Դ.Դեմիրճյանը Հովհաննես Թումանյանի խոսքերը4։ Մշակել երկը, նշանակում է ապահովել նրա երկարատեւ կյանքի հիմնավորվածությունը, զերծ պահել այն ժամանակի անողոքությունից։ «Երբեմն երբ ետ եմ նայում ու հիշում եմ հին ձեռագրերս,– իր հերթին նկատել է Թումանյանը,– ուղղակի ամաչում եմ, բոլորը պիտի այրեմ, նորից պիտի գրեմ։ Էն ինչ անում է ժամանակը, ես եմ անում»5։
Բնագրի վերամշակումները, փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն գրողի կոնկրետ ցանկություններով, այլեւ նրա աշխարհայացքային տեղաշարժերով։ Գրողին շրջապատող քաղաքական, հասարակական կյանքի փոփոխություններին զուգընթաց՝ փոխվում է նաեւ վերջինիս հայացքը այդ ամենի նկատմամբ, ինչը ստիպում է նրան հրաժարվել իր նախկին մտքերից, նախկինում ստեղծած գործերից։ Եվ քանի որ, առանձին դեպքերում, նրան դժվար է լինում հրաժարվել իր «հարազատներից», հարմարեցնում է նոր հայացքներին։ Ահա ինչու գրականագետից պահանջվում է ուսումնասիրել գրողի ապրած ժամանակաշրջանը, առանց որի հնարավոր չէ կռահել գործի գաղափարական վերամշակումների ներքին պատճառները6։ Հանրահայտ իրողություն է նաեւ այն, որ գրողը ստեղծագործական որոնումների ճանապարհին կանգնում է երկընտրանքի առջեւ՝ ընկնելով ծայրահեղ հակասությունների մեջ։ Այս վիճակում հեղինակային վերամշակումներից երկը կարող է կորցնել իր արժեքը՝ դառնալով նրա մինչեւ վերջ չձեւավորված գաղափարական ու գեղագիտական ըմբռնումների գոհը։ Սեկ առ մեկ հնարավոր չէ մատնացույց անել այն հանգամանքները․