Էջ:Zaven Avetisyan, Grakanutyan tesutyun.djvu/77

Այս էջը սրբագրված է
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐՈՂԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

||

Հեղինակի կենսագրության ուսումնասիրությունը գրականագիտական ամենահին եւ ամենափորձված մեթոդներից է։ Մոտեցման այս եղանակը հնարավորություն է տալիս գեղարվեստական երկը դիտել հեղինակը կենսագրության պրիզմայի միջով՝ հաշվի առնելով այն ժամանակաշրջանն ու հասարակական միջավայրը, որի ընթացքում եւ որի մեջ ապրում ու ստեղծագործում է հեղինակը։ Կիրառվող մեթոդն իր վերապահումներն ունի, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Գրող-գրական երկ կապի խնդիրը գրականության պատմաբանը դիտում է պատճառահետեւանքային սկզբունքով՝ ժամանակ, հասարակական կյանք, գրողի կենսագրություն, գրական երկ տրամաբանական հաջորդականությամբ։ Գրականության հոգեբանը միշտ չէ, որ հաշվի է նստում այս հաջորդականության հետ, քանի որ ե՛ւ ժամանակը, ե՛ւ հասարակական կյանքը գրողի էության մեջ անձնավորված են, իսկ նրա գրական երկը, այս տեսանկյունից գեղարվեստորեն վերացարկված։ Այստեղ արդեն պատմության տրամաբանությունը իր տեղը զիջում է իրավիճակային հոգեբանությանը, ինչը մեզ ստիպում է մտածել՝ գրական երկը կենսագրությա՞ն հետեւանք է, թե ինքը կենսագրություն է։ Գրականության պատմաբաններն ամեն ինչ անում են վերականգնելու համար հեղինակի կենսագրության փաստերը՝ հաշվի առնելով, որ դրանք չափազանց կարեւոր են գրողի այս կամ այն երկը լուսաբանելու համար։ Փաստերի բացակայության դեպքում (նկատի ունենք հին եւ հնագույն շրջանի հեղինակներին), գրական երկից է բխեցվում հեղինակի կենսագրությունը։ Ե՛վ մեկի, ե՛ւ մյուսի դեպքում հեղինակի կենսագրությունը պաշտոնական փաստաթղթի տեսք է ընդունում, որի անվերապահության վրա չի կարելի հենվել, հատկապես, երբ ուսումնասիրվում է կենսագրություն-գրական երկ կապը։ Պետք է հիշել, որ գրական ստեղծագործությունը հասցեագրման երկդիմություն ունի։ Այն մի կողմից ուղղված է հեղինակին, մյուս կողմից ուրիշներին եւ այդ ուրիշներից ընթերցողներին։ Սա արդեն ոչ թե գրականության պատմաբանի կամ տեսաբանի, այլ հոգեբանի խնդիրն է։ Այստեղից է առաջ գալիս գրականության ուսումնասիրության համադրական մեթոդի անհրաժեշտությունը Հին ժողովուրդների գրականության պատմության փորձը ցույց է տալիս, որ անցյալի շատ գրողների կենսագրական մանրամասները դատապարտվում են անհայտության, եւ միայն պաշտոնական վավերագրերի կամ էլ ժամանակներին մոտ կանգնած հեղինակի կցկտուր տեղեկությունների հիման վրա է հնարավոր լինում «վերականգնել» նրանց անցած կյանքի ճանապարհը։ Տեղեկատվական վե–

                                                                            77