Այս էջը հաստատված է

Ավելի քան կես դար է անցել այն օրից, երբ ճարտարապետ Թորոս Թորամանյանի ջանքերով շունչ առավ և փլատակներից վեր խոյացավ VII դարի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց եկեղեցին։

Այդ հուշարձանի գետնահավասար ավերակի վերակազմության նախագիծը Թորամանյանը կազմեց 1904 թվականին, ըստ որի հուշարձանը ներկայացնում է որպես ուղղաձիգ առանցքի շուրջ հետզհետե նվազող ծավալներից կազմված կենտրոնագմբեթ եռաստիճան շինություն։

Թորամանյանի վերակազմությունն անվերապահորեն չընդունվեց։ Այն ունեցավ իր տենդոտ քննադատները։ Սակայն 1905—1906 թթ. Անիում պեղված Զվարթնոցի կրկնօրինակը հանդիսացող գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցու ավերակը՝ նրանում գտնված մանրակերտով հանդերձ, և Բանակի կիսավեր տաճարը իրենց փաստական տվյալներով հաստատեցին Թորամանյանի վերակազմության ճշտությունը։

1910 թվականին արդեն «իբրև հասունացած նյութ» Թորամանյանը ձեռնարկում է գրելու Զվարթնոց–Գագկաշեն հուշարձանների մասին «լիակատար» և «մանրամասն» ուսումնասիրություն։

Այդ աշխատանքի ծավալի վերաբերյալ 1912 թ. Գարեգին Հովսեփյանին գրում է. «Սեղանիս վրա թերակատար պատկերներ ունիմ Զվարթնոցի աշխատութենես։ Անոնք հազիվ վերջանան մինչև ապրիլ ամսի վերջը, մտադիր եմ նախապես հրատարակության պատրաստ վիճակի մեջ դնել Զվարթնոցի աշխատությունս, թեև տակավին շատ գործ ունիմ և հազիվ հառաջիկա գարնան կարողանամ հասցնել, մոտ 200 պատկեր պետք է պատրաստվի, որուն շատ քիչը ունիմ առայժմ պատրաստ»[1]։

Թե ինչպիսի խորությամբ և մանրամասնությամբ պետք է մշակվեր Զվարթնոցին նվիրված աշխատությունը, երևում է Թորամանյանի արխիվում ձեռագիր վիճակում պահպանված նախնական ծրագրից։

Ա մաս

1. Զվարթնոցը պատմության մեջ. 2. Զվարթնոց բառի նշանակությունը. 3. Զվարթնոցի շինողը և անոր անձնական նկարագիրը. 4. Հայաստանի քաղաքական կացությունը VII դարուն. 5. Զվարթնոցի շինության և տեղի ընտրության հավանական պատճառները. 6. Զվարթնոցի համբավը և ընդօրինակության ձգտումները հետագային. 7. Զվարթնոցի կործանման հավանական ժամանակը և աստիճանական ավերումը մինչև ամբողջական փլուզումը. 8. Մեր դարուն մեջ Զվարթնոցի տեղի մասին ունեցած ծանոթությունը. 9. Զվարթնոցի ավերակների հայտնագործվելը. 10. Զվարթնոցի պեղման պատճառները, սկզբնավորությունը և շարունակությունը. 11. Զվարթնոցի այժմյան վիճակը. 12. Զվարթնոցը գեղարվեստի պատմության մեջ։

Բ մաս

1. Հայ ճարտարապետության սկզբնական շրջանը հեթանոսական դարում. 2. Հայ ճարտարապետությունը քրիստոնեական շրջանեն մինչև VII դար. 3. Հայ ճարտարապետությունը VII դարուն. 4. Բոլորակ տաճարներու ծագման և զարգացման մասին ընդհանուր տեսություն. 5. Բոլորակ տաճարներու ծագումը Հայաստանի մեջ. մկրտարաններ. 6. Զվարթնոց եկեղեցվո նկարագրությունը ներքուստ և արտաքուստ. 7. Զվարթնոցի շինվածանյութերը և անոնց գործածության կերպարը. 8. Զվարթնոցի ընդհանուր ոճեն շեղումները կրոնական տեսակետով՝ խորանը, մկրտարանը, քահանայից, ժողովրդյան և ապաշխարողաց դասերը։ 9. Հայ ճարտարապետության ընդհանուր ուղղութենեն Զվարթնոցի շեղումը ճարտարապետության տեսակետով. 10. Օտար ներգործություններ Զվարթնոցի վրա. 11. Զվարթնոցի ազդեցությունը իր շրջապատի վրա՝ Հայաստանի մեջ. 12. Զվարթնոցի ազդեցությունը Հայաստանեն դուրս. 13. Զուտ հայկական ինքնուրույնություններու բնորոշումը կրոնական տեսակետով

  1. Թորամանյան Թ., Նամակներ (կազմեց և ծանոթագրեց՝ Նազիկ Թորամանյան), Երևան, 1968, էջ 196։