գրեթե հուսահատության չափ՝ գրքերուս և ձեռագրներուս կորսվելուն պատճառով. գոնե քաղաքումս մի մատենադարան չունենք, որ գտնեմ հարկ եղած անհրաժեշտ հատորներ…
Դժվարությունների աոջև կանգ առնել ես չի գիտեմ, բայց անկարելիին առջև ստիպված գլուխ եմ ծռում։ Այժմ Անի գնալ՝ կնշանակե կյանքը վրա տալ ձրի, իսկ գագկաշեն ս. Գրիգորի չափագրությունը անհրաժեշտ է այս գործիս համար»[1]։
Ըստ երևույթին նրան վիճակված չէր Զվարթնոց— Գագկաշեն ուսումնասիրությունը ավարտել. 1920 թվականին Հայաստանից հեռանում է այդ աշխատանքի մեկենասը, որով Թորամանյանը նյութապես անկարող է դառնում շարունակել մեծ ծախսեր պահանջող ուսումնասիրությունը, իսկ այնուհետև Անին դուրս է մնում նորակազմ Սովետական Հայաստանի տարածքից, և բազմաթիվ այլ հուշարձանների թվում Գագկաշեն տաճարի ավերակների վերաչափագրումը դառնում է անհնարին։
Հուսալով Վիեննայում թողած չափագրությունների հիման վրա գրել հայ արվեստի պատմություն, 1925 թվականին Թորամանյանը դիմում է Ստրժիգովսկուն իր նյութերը ետ ստանալու խնդրանքով։ «…1920 թվականին սկսեր էի մի աշխատություն՝ մի հայ հարուստի օժանդակությամբ. այդ գործս մնաց թերի՝ նույն հարուստին Եվրոպա փոխադրվելուն պատճառով։ Այս աշխատությունս է Զվարթնոց եկեղեցու մանրամասն և ընդարձակ ուսումնասիրությունը։ Այժմ սաստիկ շահագրգռված եմ այդ աշխատանքս ամբողջացնելու մասին։ Այդ է գլխավոր պատճառ, որ խնդրում եմ նյութերս վերադարձնել ինձ, որովհետև վերստին շրջել, հուշարձանները չափագրել և նկարել՝ անկարելի է ինձ համար, ուստի այդ նյութերը ինձ մոտ ունենալով՝ կուզեմ Զվարթնոցի ուսումնասիրության շուրջը խտացնել հայոց ճարտարապետության նկատմամբ իմ տեսություններս՝ մեծ մասամբ հիշողություններով միայն ղեկավարվելով, քանի որ ինը հատ մեծ ու փոքր, տպագրության համար պատրաստ մասնավոր աշխատանքներուս հետ կորցուցի նաև մեծ աշխատությանս համար ունեցած ձեռագիրներս և հուշատետրերս»[2]։
Վերջնականապես զրկվելով տարիների քրտնաջան աշխատանքով կատարած չափագրություններից և վերակազմություններից, հուսահատ, ծերացած ու վշտաբեկ Թորամանյանը հազիվ հասցնում է իրագործել իր վերջին ծրագիրը, այսինքն՝ գրել հայ արվեստի պատմության, սկսած հեթանոսական շրջանից մինչև XV դարը, որի մի զգալի մասը կազմեցին Զվարթնոց-Գագկաշեն ուսումնասիրության համար 1919 թ. գրված գլուխները, առանց չափագիր նկարների։ Իսկ 20-ական թվականներին ծրագրից դուրս Թորամանյանը գրեց Զվարթնոցի հետ անմիջականորեն կապված երկու հոդվածներ՝ «Զվարթնոց եկեղեցու քարերի նշանները» և «Զվարթնոցի մի մասին համար կազմած աշխատությանս նպատակը»։
Այսպիսով Զվարթնոց-Գագկաշեն մենագրությունը նախապես ծրագրված ձևով Թորամանյանը հնարավորություն չունեցավ գրելու։
Վերոհիշյալ գլուխները առաջին անգամ հրատարակվեցին Թորամանյանի ետմահու լույս ընծայված «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» հատորներում հրատարակված 1942 և 1948 թվականներին՝ որոշ կրճատումներով։
Չնայած ճարտարապետական և գեղարվեստական մեծարժեք հուշարձաններ Զվարթնոցի և Գագկաշենի ուսումնասիրման գծով Թորամանյանի կատարած հսկայական ներդրմանը, մինչև օրս հրապարակի վրա չկա մի համահավաք ժողովածու[3], որում տեղ գտնեին այդ հուշարձանների վերաբերյալ մեծ ճարտարապետի բոլոր աշխատությունները, չափագրությունները, լուսանկարները և տարբեր ժամանակներում հայտնած կարծիքներն ու եզրակացությունները։
Նկատի ունենալով այդ հանգամանքը, կազմեցինք սույն հատորյակը, որտեղ ի մի են բերված Զվարթնոցի և Գագկաշենի վերաբերյալ Թորամանյանի աշխատությունները, չափագրությունները, վերակազմությունները (տպագիր և անտիպ), զանազան առիթներով հայտնած կարծիքները, մտքերը, դիտողությունները, որոնք նրա մեծ կորուստների բեկորներն են միայն։