Բացի իրենց գիտական բարձր արժեքից, գրված են հանրամատչելի, հստակ և պատկերավոր լեզվով, որը արտահայտված է նույնիսկ աշխատությունների խորագրերում։ Այսպես օրինակ՝ կողմերից դեպի կենտրոն հակվող կամարների շնորհիվ առանձնակի հետաքրքրություն ներկայացնող XI դարի հուշարձան Հովվի եկեղեցուն նվիրված հոդվածներին Թորամանյանը տվել է «Թագի մարգարիտը», «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» խորագրերը կամ հեթանոսական տաճարից քրիստոնեական եկեղեցու վերածված և գեղարվեստական ու շինարարական բարձր հատկություններով օժտված Տեկորի տաճարի փլուզման առթիվ նա հրատարակում է հոդված՝ «Մի աստղ, անհետացած հայ գեղարվեստի հորիզոնից» խորագրով։
Թորամանյանի գրվածքների այդ հատկանիշը նկատի ունենալով, գեղարվեստական խոսքի մեծ վարպետ Ավետիք Իսահակյանը գրում է. «Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վեր է ածել երգի։ Նա մեր հոյակապ հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»։
Թորամանյանի չափագրություններով և ոաումնասիրություններով ի հայտ բերված նորությունները շուտով արձագանք են գտնում ռուսական և եվրոպական գիտական շրջաններում։ Նրա ներկայացրած փաստերն ու եզրակացություններն աստիճանաբար դուրս են մղում գրականությունից հայ ճարտարապետության վերաբերյալ սխալ և իրականին անհամապատասխան կարծիքներն ու տեսակետները։ Այդ մասին Պետերբուրգի կայսերական ակադեմիայի հնագիտական մասնաժողովի 1912 թվականի տեղեկագրում գրվեց. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում։ Մինչև նրա աշխատությունների երևան գալը, եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայ ճարտարապետությունը, որը համարվում էր V—XII դարերի բյուզանդականի նմանողություն։ …Միայն շնորհիվ Թորամանյանի ուսումնասիրությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությանը ճշտում է իր սխալը, և նրանում բացվում է ինքնուրույն էջ հայ ճարտարապետության համար»։
Այդ հեղաշրջման և եվրոպական գիտության մեջ հայ ճարտարապետության գրաված նոր դիրքերի մասին՝ Հովհաննես Թումանյանի հիշատակությամբ, եվրոպացի նշանավոր գիտնականներից մեկը գրել է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։
Պրոֆ. Ստրժիգովսկին, վերանայելով իր նախկին տեսակետները հայ ճարտարապետության մասին, Թորամանյանի չափագրությունների հիման վրա, 1918 թվականին լույս է ընծայում «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» ոաումնասիրությունը, որում, ընդունելով հայ ճարտարապետության ինքնատիպ և բարձր զարգացումը, նա ջանում է ապացուցել նրա ազդեցությունը Եվրոպայի ռոմանագոթական արվեստի հուշարձանների վրա։
Հայ ճարտարապետության ինքնատիպությունը ընդունում են նաև շատ այլ գիտնականներ՝ Շարլ Դիլը, Հանրի Ֆոսիյոնը, Յուրդիս Բալարուշայտիսը, Ալպագո Նովելլոն և ուրիշներ։ Վերջիններս իրենց ոաումնասիրություններով, հայ ճարտարապետության ինքնուրույնությունը ճանաչելուց բացի, նոր փաստեր են տվել Եվրոպայի միջնադարյան ճարտարապետության վրա հայկական ազդեցության վերաբերյալ։
Ավելորդ չենք համարում նշել, որ Եվրոպայի հեղինակավոր գիտնականների սխալ եզրակացությունների հետևանքով հայ ճարտարապետության իսկական մեծությունը անհաղորդ էր մնացել նաև հայ ժողովրդին։
Չափագրելով, ուսումնասիրելով և պատմական հայ ճարտարապետության նշանակությունը նոր, իրական փաստերի հիման վրա վեր բարձրացնելով, Թորամանյանը, Հովհաննես Թումանյանի խոսքերով ասած. «Մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով, ոչ միայն օտարների, այլև մեր աչքում դարձնում է մեծ ու հարգելի»։
Թորոս Թորամանյանի չափագրությունները և ուսումնասիրությունները, թեև արդեն ունեն կեսդարյա վաղեմություն, սակայն մինչև օրս չեն կորցրել իրենց գիտական թարմությունն ու կարևորությունը։