համար զինվորված մեծ գործիչներու եռանդը չի մարեցավ, ավելի ուժգին գործունեության դիմեցին ազգային կենաց մահու վտանգին առջև, հուսալով նոր վերածնության, շնորհիվ նորաստեղծ չքնաղ հայ գրականության։
Կազմվեր էին ուսանողական խմբեր օտար երկիրներու մեջ գիտություն սովորելու և Հայաստանին ծառայելու համար, բացվեր էին բազմաթիվ դպրոցներ, ցրվեր էին քարոզիչ առաքելություններ, որոնց մեղվաջան աշխատությանց պտուղն է ոսկեղենիկ լեզվով գրված V դարու մատենագրությունը։ Եվ իրոք, Հայաստանի վերածնության հույսը շատ մոտ էր, եթե մի նոր աղետալի փոթորիկ չի պայթեր քաղաքակնապես դեռ նոր որբացած դժբախտ հայ ժողովուրդի գլխին։
Այս մեծ փոթորիկը Վարդանանց պատերազմն էր (451), որը ոչ միայն Հայաստանը արյան ծով դարձուց, այլև մեծ հայրենասեր վարդապետներու ջանքերով հայրենիքի վերածնության համար պատրաստված մի ազնիվ դասակարգ ջնջեց։ Հայ ժողովուրդի վերստին ազատության և բարօրության ջերմ պաշտպան մի դաս՝ կղերական թե աշխարհական, ողբալի մահվամբ կնքեցին իրենց մահկանացուն։ Ոմանք պատերազմի դաշտին մեջ ինկան, ոմանք աքսորավայրերու մեջ մաշվեցան ու նահատակվեցան։ Շատ քիչերուն հաջողվեց վերստին ոտք դնել իրենց հայրենի հողին վրա։ Բայց հայրենիքը այնքան ավերված և կացությունը այնքան հուսահատական էր, որ օտար երկիրներու մեջ խաղաղություն փնտրելու համար հեռացողներու թիվն ալ քիչ չեղավ։
Սաստիկ հարվածը թեև ջախջախեց Հայաստանը, սակայն հարվածող բազուկն ալ անվնաս չի մնաց։ Գազանացած Հազկերտը և անոր չարության խորհրդական Միհրներսեհը աղետեն անմիջապես հետո զգացին, թե ինչ կորուստ ունեցան Հայաստանը ավերելով: Նախ կտրվեցավ Հայաստանեն արքունի գանձարանը հոսող ոսկու հեղեղը, որ «Ոչ ըստ արքունի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինքեանք իսկ մեծապես զարմանային՝ թե ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեաց»[1]։ Երկրորդ՝ միանգամեն կորան արյաց արքայից արքայի գահին ու թագին պաշտպան հերոս զինվորներ, «զորս յականէ յանուանէ գիտեր թագաւորն»[2]։
Ոչ նվազ ցավ էր Հազկերտի համար նաև հայ քաջերու կորուստը, որոնք ամեն արտաքին պատերազմի ժամանակ իրենց գնդերով զորավիգ էին գահին։ Մանավանդ Վարդանի կորուստը, որուն համար դառնացած սրտով կգոռար Վասակի երեսին, թե «…զի՞նչ խորհելով… կոտորածի այնչափ իմոց ծառայից Արեաց և անարեաց եղեր պատճառ։ Զի զայնպիսի ծառայ մի զմեր, որպէս զՎարդան, և կայսր և կամ Հոնաց արքայ բռնութեամբ յինէն հանել կամէին՝ ամենայն Արեաց ուժովս կռուէի, և չտայի հանգչել՝ մինչև այսրէն յիս հանէի. և արդ՝ դու ընդ քո ձեռն զայնպիսի օգտակար ծառայն սպաներ, և զմեծ և զպիտանի աշխարհ մի կորուսեր…»[3]։
Բացի այս ամենը, որ ավելի կարևորն է, Միհրներսեհի նման խորամանկ քաղաքագետի մը և Հազկերտին չէր կարող զգալի չի լինել Պարսկաստանի համար այն մեծ վտանգը, որ կսպառներ ավանդական թշնամի բյուզանդական կայսրության կողմանե Հայաստանի ամուր պատնեշի քանդումով։
Ավելորդ է այստեղ հիշատակել հիսաթափված Հազկերտի և իր համախոհներու ձեռնարկած բարյացակամ միջոցները Հայաստանը վերաշինելու համար։ Նույն գահի վրա քանի մը տարի հետո բազմող Պերոզը վերստին երկարատև պատերազմներու ասպարեզ դարձուց արդեն նյութապես և ֆիզիկապես արյունաքամ Հայաստանը։ Այս անգամ կորուստը անխուսափելի կլիներ, եթե շուտով վրա չի հասներ Պերոզի մահը և անոր տեղ չի նստեր խաղաղասեր Վաղարշը, որ վերջ տվավ աղետին, հանձնելով Հայաստանը Վահան Մամիկոնյանին, զայն նախ սպարապետ և հետո ալ մարզպան կարգելով Հայաստանի վրա (485, Վահանի մահը 505)։ Վահանի մարզպանությամբ լրջորեն խաղաղվեցավ Հայաստան, նաև Վահանի հաջորդներու օրով ալ միառժամանակ անփոփոխ մնաց Պարսկաստանի քաղաքականությունը Հայաստանի