Կոստանդնապոլսին սպառնացող այս անակնկալ լուրջ վտանգի պահուն, կայսրության բոլոր դասակարգերը միացած գրեթե սրբազան պատերազմ հայտարարեցին Պարսկաստանի դեմ[1] ։ Հերակլ կայսրը յուր որդվույն՝ Կոստանդինին գահ նստեցնելով՝ ինք ստանձնեց բյուզանդական բանակի ընդհանուր հրամանատարությունը (622-ին) և սկսեց բուռն զորությամբ արշավել հյուսիսեն և հարավեն դեպի Պարսկաստան։ Մոտավորապես ավելի քան հինգ տարի տևեցին Հերակլի սկսած այս պատերազմները։
623-ին Դվին—Նախճվանի ճանապարհով, նաև 625-ին կրկին նորոգվեցավ, 626-ին հաղթությունը թեքվեցավ հունաց կողմը, 627-ին վերջնական հաղթությունը տարավ Հերակլ։ Հաջողություններե հաջողություն անցնելով Հերակլ հասավ մինչև Տիզբոն (627-ին), ամեն ինչ ավերեց, քանդեց, և Խոսրով այս չարաչար պարտություններեն սարսափահար փախստական եղավ հեռավոր ամուր տեղեր, մինչև որ անոր երկարատև պատերազմներու հետևանքով եղած անդարմանելի վնասներու պատճառով կատաղած ժողովուրդը սպաննեց Խոսրովին և տեղը նստեցուց անոր որդին՝ Կավատը (628-ին)[2]։
Կավատ անմիջապես հաշտության բանակցություններու մտավ բյուզանդական արքունիքի հետ մեծամեծ զիջումներով, և խաղաղությունը վերահաստատվեցավ այս երկու մեծ պետություններու մեջ, որով նաև Հայաստանի մեջ, որ ի սկզբանե պարսկական բանակներու, հետո ալ հունական բանակներու ոտնակոխ եղած էր, չարաչար տուժելով։
Կավատի կյանքն ալ երկար չի տևեց, հազիվ վեց ամիս ապրելով մեռավ, այնուհետև Պարսկաստանը ներքին անկարգություններու մատնվեցավ, որով Հայաստանի պարսկական բաժինը գրեթե անտերության մատնվեցավ կամ ավելի ճիշտը՝ յուրաքանչյուր նախարար իր հողամասին անկախ տերը եղան և ինքզինքնին կառավարեցին։ Թեև միևնույն ժամանակ մարզպաններ գոյություն ունեին, սակայն շատ մեղմությամբ կվերաբերվեին այս երևույթին հանդեպ, անշուշտ, հայ լինելուն պատճառով։
Այսպիսով համեմատաբար ավելի խաղաղ կերպարանք ստացավ երկիրը։ Թեև այս խաղաղությունն ալ երկար չէր տևելու, որովհետև, ինչպես պիտի տեսնենք հետո, Հայաստան VII դար ու առաջին քառորդին արյան ճապաղիներու մեջ լողալեն հետո, Խոսրովի պարտությամբ հազիվ 10—15 տարի խաղաղություն չի տեսած, արաբական աշխարհավեր արշավանքներու սարսափները հասան Հայաստան, և ամեն ինչ տակն ու վրա եղավ։
Արաբները իրենց աշխարհակալութան սկսած օրեն մինչև վերջը, քաղաքակրթության և գիտության ամեն մի հրաշալիք քարուքանդ ըրին, առանց տեղը որևէ բարիք բերելու։ Առանց բացառության, բոլոր հպատակ ժողովուրդներու կյանքը դառնացավ։ Արյան հեղեղներ վազեցուցին իրենց անցած տեղերը, գյուղեր և քաղաքներ հիմնահատակ կործանեցին։ Բացի թալաններե և անհամար սպանություններե, անթիվ բնակչություն քշեցին տարին իրենց հետ, որոնք կամ դավանափոխ եղան և կամ չարաչար տանջանքներով մեռան իրենց աքսորավայրերու մեջ։ Իսկ անոնք, որ մնացին իրենց հայրենի հողին վրա, մշտնջենական ողբերով անցուցին իրենց օրերը, անասելի ծանր հարկերու տակ ճնշված, հարստահարված և մարդկային ամեն իրավունքներե զրկված չարքաշ ու խեղճ ապրելով։
Հայաստանի պարսկական մասը <մինչև>[3] վերջնականապես իրենց մեկ նահանգը դարձնելը (հավանորեն 651-ին), արաբները արդեն քանի մը անգամ պարբերաբար հիմնական արշավանքներով արյան մեջ լողացուցեր էին։ Դեռ առաջին անգամ Պարսկաստանի վրա հարձակվելու ժամանակ (686), հայերը իրենց առաջին զոհերը տվին պարսկական բանակի հետ միասին կռվելով՝ ուր կգտնվին Մուշեղ Մամիկոնյանը 3000 զորքով և Գրիգոր Սյունյաց իշխանը՝ 1000 զորքով։ Այս պատերազմին մեջ մեռավ Մուշեղ իր երկու քեռորդիներով, իսկ Գրիգոր Սյունյաց իշխան իր մեկ որդվով [4]։
Պատմագրական հատուկտոր տեղեկություններու համաձայն, մինչև Դվինի առումը, քանի մը անգամ արաբները կոտորեցին ու ավերեցին Հայաստանի հարավային մասերը, իսկ 641 թվականին գրավեցին Դվինը և այնպես կոտորեցին, թալանեցին