Մեսրոպ վ. Տեր-Մովսեսյան՝ քննական, նկարագրական և պատմական մանրամասն տեղեկություններ պարունակող ընդարձակ գործ մը պատրաստած ունի, որը շուտով լույս կտեսնե. ընթերցողներուն կհանձնարարեմ այդ բազմաշխատ և հետաքրքիր գործը։
Իմ նպատակես դուրս է այդ եկեղեցիի փառքն ու շուքը նկարագրել. ես պիտի ջանամ իր խոշոր գծերուն մեջ ցույց տալ այն ուսումնասիրությունները, որ ես կատարեցի այս եկեղեցիի կազմության, ոճի և արվեստագիտական զմայլելի նրբությանց, տարողությանց (resistance) հաշիվներու և ներկայիս անհավատալի կերպով հանդուգն վստահությամբ կառուցված մասերուն վրա, որոնց քննության նվիրվեցա մոտ երեք ամիս շարունակ։
Առաջ մտադիր էի միայն բեկորները չափագրելով բավականանալ, սակայն, երբ սկսեցի լրջորեն քննելու և բեկորները չափելով տեղին վրա համեմատելու, այն ատեն համոզվեցա, որ գտնված բեկորները բավական պիտի ըլլային ամբողջ շենքը վերակազմելու, եթե, սակայն, մասամբ ևս շարունակվեին պեղումները։
Տեղին պահապան Խաչիկ վ. Դատյան մեծ փութաջանությամբ վերսկսեց ընդհատված պեղումները, փափագելով պսակված տեսնել իր նախընթաց չորս տարիներու տաժանակիր ջանքերն ու աշխատությունները։
Անձամբ հսկեցի պեղումներում և մի առ մի չափագրեցի, բաղդատեցի, համեմատեցի յուրաքանչուր քարի, բեկորի ինկած տեղն ու դիրքը։ Ապարդյուն չանցավ այս վերջին աշխատությունս, նպատակիս հասած էի գրեթե։
Այս վիթխարի ավերակին մեջ ինձ հանդիպած արվեստագիտական հսկա մեծագործությունները ե գեղարվեստական նրբությունները ավելի պարզ ցույց տալու համար, հարկ համարեցի ընդհանուր հատակագծի մը հետ տալ նաև անոր կազմական կարևոր մասերու քանի մը ուրվագծերը։
Շինության ոճին վրա գրելե առաջ, պարզեմ անոր ընդհանուր կազմությունը հաստատուն փաստերու վրա հիմնված, որոնք մինչև այժմ գոյություն ունին այնտեղ և զորս ամեն ձեռնահաս անձ կարող է ստուգել։ Իսկ ինչ որ իմ կողմանե ենթադրություններ են, անոնք ալ կհանձնեմ արվեստագետներու լուրջ ուշադրության։
Տեղին վրա մասամբ անաղարտ մնացած է միմիայն հատակագիծը, որում դրսի կողմեն, տեղտեղ, կնշմարվին աստիճաններու մնացորդները, իսկ ներսի կողմեն գրեթե անվնաս է։ Ինչպես կերևի հատակագծեն (նկ. Ա), շենքին ամբողջությունը մեծ բոլորակ մըն է, որուն տրամագիծը 35, 75 մետր։ Արտաքին պատը դրսեն անկյունավոր է, իսկ ներսեն՝ բոլորովին կլոր, այդ կլորության վրա շարված են 64 կիսասյուներ 24 սմ տրամագծով։ Մեկզմեկե ունեցած հեռավորությունները երկու հավասար չափերու բաժնված են. դռներ և պատուհաններ գտնված սյունամեջերով (entrecolonnement) լայնությունն է 1,68 մետր, իսկ անմիջապես անոնց կից եղողներունը՝ 1,18։ Այսպես՝ մեկ լայն, մեկ նեղ սյունամիջոցներ հաջորդաբար շարունակված են ամբողջ բոլորակին վրա։
Եկեղեցիի կեդրոնեն հավասար հեռավորության վրա զետեղված են չորս մեծ, լայնանիստ և հաստահեղույս մայր սյուները (նկ. Բ, 1) և այդ սյուներով միացած են չորս կիսաբոլորակներ (նկ. Բ, 2, 3, 4, 5), որոնց մեկը գոց պատ մըն է և կկազմե սեղանը, իսկ մյուս երեքը սյունազարդեր են. այսպիսով եկեղեցիին ներքին մասը ստացած է կիսաբոլորակներե կազմված խաչաձև մը՝ կեդրոնը ունենալով մկրտության նախկին ավազանը (նկ. Ա, 1), որը մեկ կողմանե հայոց սկիզբեն ի վեր ավանդաբար ընդունած խաչաձև, խորհրդավոր հատակագիծը կձեվացներ, մյուս կողմեն ալ, տաճարը՝ աղոթող ժողովրդի մասեն կբաժներ (նկ. Ա, 2)։
Ահա այս տեղեն կսկսի երևնալ ճարտարապետին բազմակողմանի հմտությունը։ Գեղարվեստական ճաշակի մասին կվկայեն նուրբ ու գեղեցիկ քանդակները և անոնց վայելուչ պատշաճությունով դասավորությունը։ Անոնցմե զատ զարմանալու ավելի մեծ պատճառներ ունինք. այդ շենքի կմախքին կազմությունն է, որուն խիզախ հղացումները անսպասելի էին VII դարու արևելքի ճարտարապետութենեն։
Առաջին առթիվ մարդ պահ մը կշվարի հատակագծին վրա շատ մը անօրինակ ձևերու առջև. տեղ-տեղ կտեսնվի կարծես աննպատակ դրված սյուներ, խորշեր, տարօրինակ ձևերով խոյակներ, սակայն երկար հետազոտելե հետո ատոնք այնպիսի վայելուչ կերպով իրենց տեղերը կբռնեն, որ այլևս ճարտարապետի հանճարին և հնարամտության վրա զարմանալե զատ մեզի ոչինչ չի մնար ընել։
Ինձի պես շատերը երկար մտածեցին, թե ի՞նչ պատճառով զետեղված էին գմբեթակիր մայր