միացուցեր է ետևի մայր սյուներուն, հետո այդ չորս սյուներու խոյակներուն վրայեն սկսելով, դրսի պատին զուգահեռական կորությամբ դեպի աջ ու ձախ կողմերը աղեղներ ձգեր է, որոնք գնացեր հանգչեր են սյունազարդերու մեջտեղի սյուները իրարու միացնող կամարներու վրա (նկ.Բ,10)։ Այսպես հաջորդաբար ձգված ութ զորեղ աղեղներ (նկ․ Բ ) իրենց մեկ ծայրին հենակետ ունենալով արծվախոյակները, մյուս ծայրին սյունազարդի միջին սյուները կապող կամարները, տվեր են բոլորովին հաստատուն բոլորակ պատվանդան մը դրսի պատեն մեկնող կամարին և միանգամայն զուգահեռական դրսի պատին։
Կիսաբոլորակներու մեծ սյուներու հետ միացած տեղերը, որի վրայի բոլորակ պատվանդանը կազմելե հետո եռանկյունի ձևով բաց կմնային (նկ. Բ, 13), լեցված և ապահովված են քանդակազարդ, գմբեթարդ կամարներով, որոնք սկսվելով սյունազարդի աղեղներու անմիջապես վերևեն՝ կհասնեին մինչև ութ մեծ աղեղներու ստորին շրթունքներուն։
Կմնար մեզ, թե արդյոք կարելի՞ էր առնվազն տասը մետր երկայնությունով, այդպես մեկ կետեն դեպի մյուսը կոր գծով ձգվող աղեղներու հաստատության և ապահովության վստահիլ, քանի որ այդ աղեղները սահմանված էին իրենց վրա կրելու կարգ մը պատերու, կամարներու, տանիքներու և այլն ահեղ ծանրությունները։ Անշուշտ ճարտարապետը հաստատ համոզված էր, որ դրսի պատեն մեկնող կամարին ներսի կողմի կողերը բավական զորավոր հենարանի պաշտոն պիտի կատարեին։
Արտաքին պատին միայն երեք աստիճաններն են բոլորակ․ աստիճաններեն վեր բոլորակը բաժանված է 32 անկյուններու կամ կողմերու, հաշվելով նաև ետևի քառակուսի մասին բոլորակին վրա գրաված տեղը։ Յուրաքանչյուր կողմերը միացնող անկյուններուն կպած են զույգ որմասյուներ քանդակազարդ խոյակներով․ այս սյուներն ալ իրարու միացած են խաղող, նուռ և ուրիշ գեղեցիկ moulure–ներ [1] քանդակված կամարներով։ Այս ամեն կամարներու տակ, բացի հինգ դռներ են, վերևը կիսաբոլորակներով վերջացող երկայն պատուհաններ շինված են՝ 1,20 մետր լայնությունով։ Այդ զույգ որմասյուներու յուրաքանչյուր խոյակեն վեր աղեղներու միացած մասին վրա քանդակված են եկեղեցիի շինության ժամանակակից աշխատավոր եկեղեցական և աշխարհական անձերու բարձրաքանդակ պատկերներ. բանալի, բահ, բրիչ կամ այլ գործիքներ բռնած ձեոքերնին։ Մասնավորապես ուշագրավ է պատկեր մը, որուն գլխի վեղարը ցույց կուտա, թե եկեղեցական մըն է, որը մեկ ձեռքով բահ և մյուս ձեռքով բրիչ բռնած է, և որու գըլխուն շուրջը գրված է «Յօհան» անունը։
Շուրջանակի այս կամարները ձգվելեն հետո, նռան և խաղողի քանդակներով զարդարված գոտի մը կշրջապատեր շենքը։ Այդ գոտին կամարներեն բարձր էր 30 սմ, հորիզոնական գծով, իսկ վարի կողմերը՝ եռանկյունի ձևով ամփոփելով իրարու մոտեցնող կամարներու մեջ, իջած էին մինչև բարձրաքանդակ պատկերներու գըլխին վերև։
Այս քանդակազարդ գոտիեն վեր, 1 մետր տեղ սրբատաշ քարերով պարապ ձգվելեն հետո, զետեղված են զանազան տեսակ շրջանակներով քանդակազարդված բոլորակ պատուհաններ, որոնք իրենց շրջանակներով միասին 2 մետր տրամագիծ ունին։ Այս պատուհաններն ալ վարի մեծ պատուհաններուն ճիշտ վերևը մեկ ոլղղահայաց գծի վրա կզետեղվեին։ Այս երկրորդ շարքի պատուհաններեն վեր ալ դարձյալ մեկ մետր սրբատաշ քարերով պարզ պատ հյուսելեն հետո, դրված է պսակը և պսակեն հետո արտաքին մասը ծածկող տանիքը։
Խաղող և նուռ քանդակված գոտիեն վեր մինչև պսակը, շենքին շրջանակը փոխանակ 32-ի՝ բաժնված է 64 անկյուններու։ Այս հնարամիտ գործողությունով այնքան բացեր են անկյունները, որ շրջանակը անկյունավորե ավելի բոլորակի երևույթը ստացեր է և այսպիսով հնարավոր եղեր է խուսափիլ վրան դրված բոլորակին կլոր պսակին տակը գոյանալիք սուր անկյուններու անախորժ երևույթեն և մյուս կողմե դյուրացուցեր է նաև կլոր ծածկույթ մը շինելու գործողությունը։
Նախքան գմբեթին կազմվիլը, ինչպես ցույց կուտան բեկորները, դրսեն եկող կամարը, ութ աղեղներե ձևացած բոլորակ պատվանդանին վրա հանգչելե հետո, ուրիշ պատ մը շարունակված
- ↑ (բարձրաքանդակ)Ֆրանսերեն լեզվով տերմինների հայերեն թարգմանությունը՝ տրված փակագծերում, ավելացված է մեր կողմից (կազմողներ)։ դռներ