Այս էջը հաստատված է

է բարձրանալ նույն բոլորակ պատվանդանին վրա։

Այս վերջին զուգահեռական կլորությամբ հավասարապես բարձրացած էր երկրորդ պատ մը, իմա արտաքին պատը[1], որը իբր պատվանդան ունեցեր է չորս անջատ արծվախոյակ կրող սյուները իրարու միացնող աղեղներու միջոցով կազմված օղակը (նկ. Բ, 12)[2] և հավանաբար, այս պատը ոչ թե գոց, այլ սյունազարդ մը եղած ըլլալու է։ Այս սյունազարդի և իր դիմացը գտնվող՝ իրեն զուգահեռական պատի մեջտեղ մնացած պարապությունը գոյացուցած էր առնվազն չորս մետր լայնությունով galerie մը (սրահ) առաջին ծածկի տակ, որը շատ հավանաբար ծառայեր է իբր վերնատուն, որուն վրա կբացվեին մայր սյուներու վերին մասերուն մեջ շինված պահարաններու մուտքի դռները։ Բեկորներու մեջ այս պահարանները խիստ որոշ կերպով կերևին (նկ. Գ), որոնք երկու բաժանում ունեին և իրարու հետ կհաղորդակեցին կամարակապ դռնով մը (նկ. Գ, 3)։ Իսկ թե պահարաններու մուտքի դռները ո՞ր կողմի վրա բացված էին, հայտնի չէ։

Փակագծի մեջ ըսենք, որ պեղման ժամանակ, հարավարևելյան սյունին վրայի պահարանի փլատակներեն իմ ներկայության դուրս եկան ծալ-ծալ իրարու վրա շարված գույնզգույն զգեստեղեններ՝ բոլորովին մոխրացած, բազմաթիվ կանթեղներու կտորներ, ջահեր կախելու հատուկ պղնձե կեռեր ևս։

Այս երկրորդ պատերու մասերն ալ, որոշ չափով բարձրացնելե հետո, ծածկված է գմբեթը (գմբեթի բարձրության ճիշտ չափը հայտնի չէ), ճշտված է, որ եղել է սովորական կոնաձև։ Բացի այդ նույն ժամանակին հայ եկեղեցիներու գմբեթները միշտ կոնաձև են։

Ինձի հայտնի չէ արևելյան կողմի քառակուսի մասին ինչ ըլլալը (նկ. Ա, 4), միայն այսչափ կրցա հասկանալ, որ անիկա երկհարկանի էր. տակի հարկը, մեջտեղի քառակուսի մեծ սյունին օգնությամբ երկու կամարներով ծածկված էր եկեղեցիի հատակեն առնվազն մեկևկես մետր բարձր և հետո կրկին քառակուսիին վրա շարունակված էր դեպի պատը, որը ապահովաբար այնչափ բարձր չէր, որչափ եկեղեցիի առաջին հարկը։

Ես կենթադրեմ, որ այս մասին մեջ կգտնվեր վերնահարկ գալըռիին մուտքը, ապա թե ոչ ներսեն ոչ մեկ տեղ սանդուղքի հետք չիկա, դեպի գալըռի կամ վերնահարկ պահարանները բարձրանալու համար։

Անպատշաճ է կարծել, որ շարժական փայտե սանդուղքներու միջոցով գործածության մեջ դրված ըլլան այդ վերնահարկ պահարանները։

Նախ որ այդ բարձրության չափով ամենաթեթև փայտե շինված սանդուղքն անգամ, նույնիսկ երեք մարդու համար դյուրատար բան չէր ըլլար, և երկրորդ, չի մոռանանք մանավանդ նկատել, թե այդ տեսակ հսկա շենքի մը ճարտարապետը, որ հանճարի թռիչքներ ունեցեր է, որ գիտցեր է ամեն բան աննման վայելչությամբ, հիանալի պատշաճությամբ և հազվագյուտ նրբամտությամբ հղանալ, դասավորել և զարդարել, մի՞թե կարող էր շարժական սանդուղքով մը բարձրանալու հասարակ ու գռեհիկ միջոցին դիմել։ Այս ենթադրությունը պարզապես նախատական կգտնեմ այդ մեծ արվեստագետի հանճարին համար։

Զվարթնոց եկեղեցին ընդհանրապես հռոմեական, բյուզանդական, հունական և հայկական ոճերու խառնուրդ մը կներկայացնե։ Իր ընդհանուր ձևով մինչև հիմա գոյություն ունեցող թե հին և թե նոր ոչ մեկ եկեղեցիի նման չէ. գոնե ես առաջին անգամն է, որ կհանդիպիմ եկեղեցիի մը, որուն մեջտեղը դրված ըլլան սեղանը և տաճարը և անոնց շուրջը՝ ամբողջ սեղանին ետևի մասն ալ միասին առնելով, հատկացված ըլլա աղոթող ժողովուրդին։

Այս ձևը ինձի կհիշեցնե Սողոմոնի տաճարը, որուն կեդրոնը դրված էին սրբություն սրբոցը և տապանակ ուխտին, որոնց առջև կաղոթեին քահանայապետները. տապանակ ուխտիին և քահանայապետներու հատկացված մասը բաժնված էր քառակուսի սյունազարդով, որուն ետևը շուրջանակի կկենար ապաշխարող ժողովուրդը։ Թերևս քրիստոնեության նորադարձ հայերը՝ Եհովայի մեծ մարգարեին, Իսրայելի իմաստուն թագավորին հռչակավոր տաճարեն ազդված ըլլան իրենց եկեղեցին շինելու ժամանակ, և իբրև քրիստոնյա՝ փոխանակ սրբություն սրբոցի և քահանայապետներու բաժնի նման քառակուսի ձև տալու,

  1. Այս և հաջորդ երեք ընդգծված արտահայտությունները ճշգրտումներ են՝ կատարված Թորամանյանէւ կողմից սույն հոդվածի մեկ օրինակի վրա (կազմողներ):
  2. Առաջին տպագրության մեջ («Մուրճ», 1905, յվօ 5) սխալմամբ գրված է Բ, 15, ուղղումը կատարված է մեր կողմից (կազմողներ)