Այս էջը հաստատված է

Մասնավորապես հայոց մեջ անլուծելի գաղտնիք է մկրտարաններին կամ մկրտության ավազաններուն ձևն ու տեղը։ Ես կկարծեմ, որ հայոց մեջ առանձին մկրտարաններու սովորությունը ընդունված[1] և պահված է երկար ժամանակ, հավանորեն մինչև XIII—XIV դարեր։ Այս մասին շատ օգտակար կըլլա պեղել Անիի մեջ գտնվող բազմաթիվ մանր բոլորակ և բազմանկյունի եկեղեցիներեն մեկ քանին, որոնցմե շատերը կգտնվին մեծ եկեղեցիներու մոտիկ։ Մայր եկեղեցիի հարավարևելյան անկյունի մոտ կար ութանկյունի փոքր մատուռ մը, որ կարելի է թե Մայր եկեղեցիի մկրտարանն էր, 1892—93 թվականներուն է բոլորովին փլած այս մատուռը։ Հավաստողներ կան, որ Կարսի Առաքելոց եկեղեցիին մոտ կար փոքր ութանկյունի մատուռ մը, որուն հատակին վրա գետնափոր շինված կար խաչաձև ավազանի նմանող փոս մը սրբատաշ քարերով շինված[2]։

Ինձի կթվի, թե Դվնա ժողովներով եկեղեցվո մեջ մկրտության ավազան դնելու մասնավոր արտոնությունները ակամա տրված են օրենքին անսաստող դասակարգի մը հարուցած դժվարությանը պատճառավ, այս դասակարգը կլինեին անշուշտ քաղկեդոնականության հակված կաթողիկոսներ և կամ անոնց հետևողներ, որոնք պակաս չէին VI դարեն սկսած։ Սակայն, եթե այս շեղվող դասակարգը պարբերաբար ուժեղացած է, այնուամենայնիվ բոլորովին չի կարողացած հին կարգերը խախտել և առանձին մկրտատուն ունենալու սովորությունը տևած է մինչև XIII— XIV դարերը։ Զվարթնոց եկեղեցիեն զատ տակավին չէ տեսնված մի հնագույն եկեղեցի, որուն մեջ մկրտության ավազանի գոյությունը հաստատվի այսօր, իսկ եթե Զվարթնոցի բացառիկ ձևը և շինողի օտարոտի հակումները ի նկատի առնենք, այն ատեն դյուրավ կհամոզվինք, որ այնտեղ գոյություն ունեցող մկրտության ավազանը հայկական եկեղեցիներու հատուկ սովորություն չէր, և Զվարթնոցի միակ օրինակը, եկեղեցիներու մեջ մկրտության ավազան շինելու մասին, ընդհանուր սովորության արդյունք չենք կարող համարի[3]

Բոլորովին բոլորակ եկեղեցի հայոց մեջ առաջին անգամ կերևա Զվարթնոց եկեղեցին VII դարուն։ Անկեց առաջ բոլորակներու կամ բազմանկյունիներու գոյության մասին հաստատ ոչ մեկ տեղեկություն չիկա։ Եթե հիմնվինք պատմական վկայության մը վրա, պետք է որ հավատանք թե՝ եթե բոլորակ կամ բազմանկյունի եկեղեցիներ չկային, սակայն պետք է որ գտնվեին մկրտարաններ, ըստ արևմտյան սովորության, ուր ընդունված միակ ձևն էր մկրտարաններու համար բազմանկյունին կամ բոլորակը։

Այս ալ ամենայն հավանականությամբ դարձյալ V դարեն սկսած, որ միակ թվականն է թե կրոնական և թե արվեստական ոճերու ներգործություններին հայոց վրա։

Բազմանկյունի և բոլորակ ձևերն ալ օտար են Հայաստանի մեջ, թեև սկզբնական ծագումին համար գիտնականներ համաձայն չեն, որ հունական կամ հռոմեական ըլլա, կարծողներ ալ կան, որ, նախքան Հունաստանը, Ասիո մեջ ծագում առած ըլլա, բայց առայժմ, գոնե մեզի ծանոթ բոլորակ կամ բազմանկյունի հիշատակներու ամենահիները Հունաստանի և Հռոմի մեջ կգտնվին. իբրև քրիստոնեական եկեղեցի ալ կարելի է նախատիպ համարել Հռոմի ս. Ստեփաննոսը, Պանթեոնը և ուրիշ կարգ մը նմաններ։

  1. «Եւ զտաճարս աղոթիցն՝ չորս սուրբ եւ աստուածընկալ սեղանն է հաստատեալ, յորո վերայ կատարի մեղսաքաւիչ և կենդանարար խորհուրդ մարմնոյ եւ արեան ապրեցուցիչն մերոյ տեառն՝ ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցէն անխափան լուցմամբք և խնկարկութեամբ. եւ պարսպեալ քաղաքորովք, եւ մերձ ի նա մկրտատունս շինեսցին, եւ անդ որպէս եւ սովորութիւն իսկ է եւ յայլսն՝ ի նմին կանգնեսցի ավազան մկրտութեան»։ (Տե՛ս Սոփերք Հայկականք, Պատմ. վասն Սրբոյն Սահակայ հայրապետին եւ Մեսրոպայ վարդապետին, հատ. Բ, Վենետիկ, 1853, էջ 81)
  2. «Անահիտ», 1911, №1-2 էջ 10—11։ Թորամանյան Թ., Զվարթնոց, էջ 22
  3. Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիներու մեջ, «Ազգագրական հանդես», գիրք XXI, Թիֆլիս, 1912, էջ 17։ Թորամանյան Թ. Նյութեր…, հ. 1, էջ 152։