Ինչպես Գառնիի Տրդատա թախտը, այնպես ալ Զվարթնոցի եկեղեցին արվեստի մեջ հունահռոմեական խառնուրդ ունի, սակայն այդ խառնուրդներեն գլխավոր մասը կկազմեն արտաքին բոլորակը և զարդաքանդակնեու մասեր. մնացյալ մասերուն մեջ գերակշիռ դիրք ունին տեղական ոճերը, մանավանդ անոր արտասովոր կազմությունը, այսինքն՝ խաչաձևը ձուլված բոլորակին մեջ. իզուր է փնտրել ուրիշ երկիրներու մեջ այդ ոճը, անբռնաբարելի կերպով հայկական սեփականություն է[1]։
⁂
Հայ միտքը կանգ չառավ VII դարուն եկեղեցական հատակագծային նորանոր ձևեր ստեղծագործելու մեջ։ Այս գարուն երևան եկավ Գրիգոր Մամիկոնյանի ընդարձակ ութանկյունի արտաքուստ, իսկ ութ abside–ներով ի ներքուստ գեղեցիկ եկեղեցին, որն որ հետագա դարերուն մեջ մինչև XV դար անդադար շինվեցան զանազան մեծությամբ և զանազան գեղեցիկ բարեփոխումներով։
Անպայման Գրիգոր Մամիկոնյանի եկեղեցին VII դարու վերջերին առաջին օրինակը չէր. ըստ երևույթին սա ևս ունեցավ իր սկզբնական նախատիպը. ես անձամբ թեև չեմ տեսած, սակայն հաստատողներ կան, որ Արագածի լանջերուն վրա կան եկեղեցիներ նույն ձևով, ավելի կանուխ շինված լինելու հավանականություն ներկայացնող։ Եթե այդ ճշմարիտ է, այն ժամանակ Զվարթնոցը պետք է լինի ամենավերջին նորությունը և իրմե առաջ երևան եկող բոլոր ձեվերուն հատկանիշները իր մեջ գեղեցիկ ճարտարությամբ ամփոփված։
⁂
Արդյո՞ք Գրիգոր Մամիկոնյանի այս եկեղեցին սկիզբն էր բոլորակաձև եկեղեցիներու, թե՞ իրմե առաջ ուրիշ օրինակներ կային, որոնք ալ մասամբ իբրև նախագաղափար ծառայեցին Զվարթնոցի արտաքուստ բազմանկյունի, իսկ ներքուստ խաչաձև և մինչև այստեղ տեսնված բոլոր ոճերեն զգալի չափով շեղվող նոր վերածնության, այդ հարցին առայժմ պատասխանել դժվար է, սակայն մի բան պետք է ըսեմ, որ Զվարթնոցը այնպիսի նոր ոճի ստեղծագործություն մ՚է, որ այս ընդհանուր ուղղություններեն մեծ չափով շեղվելով հանդերձ, իր մեջ ամփոփում է բոլոր իրմե առաջ և հետո վերածնվող և զարգացող հատակագծային ոճերուն գլխավոր հատկանիշները, որուն մասին ընդարձակորեն պիտի խոսիմ, երբ կարգը կուգա բուն Զվարթնոցով զբաղվելուն[2]։
Հայոց հնագույն եկեղեցիներու հատակագծային ոճերուն մեջ, որոնք VII մինչև XIV դար միշտ ձևափոխության ենթարկվեր են, ճարտարապետական կամ գեղարվեստականե ավելի պետք է հույն կամ լատին կրոնական ազդեցությանց հետքերը փնտրել, վասնզի հույն կամ լատին կրոնական վարդապետությանց պարբերաբար հայոց եկեղեցվույն մեջ մուտ գտնելը որոշ ազդեցություններ ունեցեր են հատակաձևերու վրա։
Զվարթնոցի մեջ խորանը արևելյան պատեն հեռու ըլլալը և անոր ետևը հասարակ ժողովրդին համար տեղ գտնվիլը օտար ազդեցության մը հետքը ենթադրել կուտա, որուն արմատը պետք է փնտրել մինչև VII դար կեդրոնական սրբարան ունենալու համար եղած մրցումներուն մեջ։ Հույն և լատին շատ մը եկեղեցիներ ավելի պատշաճ համարած էին կեդրոնական սրբարանը, նախնական առաքելական ժողովասրահներու հատկությանց վրա հիմնված։ Հռոմի ս. Ստեփաննոսի բոլորակ եկեղեցին, Գրիգոր Նազիանզացիի, Գր. Նյուսացիի եկեղեցիները բոլորակ կամ բազմանկյունի էին և կեդրոնական սրբարան ունեին։ Զվարթնոցը այս կեդրոնական սրբարանով եկեղեցիներու մոտավոր այլազանությանը կթվի[3]։
⁂
Ոմանք կկարծեն, որ Զվարթնոց եկեղեցվո արևելյան կողմի քառակուսի երկհարկանի հավելվածը ավանդատուն կամ սրբազան անոթներու պահարան էր կամ, ըստ այժմյան բարբառի,