պիտի տեսնենք, որ նախքան եկեղեցվո հիմնարկությունը, թեև կային այնտեղ վաղեմի շինություններ, սակայն մեր այսօրվան ավերակներու մեջ տեսած շինությունները, քիչ բացառությամբ հիմնարկված են եկեղեցվո շինութենեն հետո կամ առ առավելն եկեղեցվո շինության վերջանալուն մոտիկ։
Սեբեոսի տեղեկութենեն ավելի որոշ, թերևս մեզ անհայտ մի ուրիշ աղբյուրե քաղելով, Հովհաննես կաթողիկոս բնակարաններու շինությունը Ներսեսի վերադարձեն հետո կդնե, և հատվածը այնքան պարզ է այդ շինվածամասերու համար, որ բնավ կասկած չի կարող լինել ուրիշ շենքերու մասին, «յօրինեալ ի նմա յարիս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք»[1] խոսքը միմիայն կաթողիկոսարանի շինության համար կարող է լինել։ Առանց Սեբեոսի գրելուն, Հովհաննես կաթողիկոս չէր կարող իրմե մոտավորապես երեք հարյուր տարի առաջ շինված շենքի մը համար ժամանակագրական այդքան մանրամասնություն տալ, առանց իր աչքին առջև շինության ժամանակակից ուրիշ գրական աղբյուր մը ունենալու, և ի՞նչ օգուտ կունենար Հովհաննես կաթողիկոս մտացածին հավելումներ անելով, քանի որ խնդիրը կրոնական, քաղաքական կամ անձնական նկատումներու հետ ոչ մի կապ չունեցող, պարզ շինության մը վերաբերյալ ժամանակագրական տեղեկություն է։ Բայց առայժմ թողունք այս հարցը, քիչ հետո կրկին անդրադառնալու պայմանավ, որովհետև, բացի այս պարագան, Հովհաննես կաթողիկոսի տված տեղեկությունները իրենց խիստ շահեկան և հետաքրքրական կողմերն ունեն, որոնց վրա մի քիչ ծանրանալ անհրաժեշտ է։
Թեև ես հառաջիկային առիթ պիտի ունենամ զուտ ճարտարապետական և շինարարական տվյալներով ապացուցանելու, որ եկեղեցին շատ ավելի վաղ շինված է, քան մոտակա շինությունները, այստեղ միայն կմատնանշեմ մի երևույթ, որ միանգամայն անվիճելի կդարձնե կաթողիկոսարանի շինության ավելի ուշ լինելը։
Զվարթնոցը տեսնող և քննողներեն շատերուն հայտնի է, որ եկեղեցվո արտաքին բոլորակ պատը զարդարված էր որմայեց աղեղնակապ զույգ սյուներով։ Հատկապես այդ արտաքին պատի համար տաշված միացյալ սյուներեն մի բեկոր այժմ կտեսնվի հարավային կողմի շինության միջին շենքի արևելակողման սենյակներեն մեկուն հիմին մեջ, հյուսված իբրև հիմնաքար։ Չափով, ձևով և նույնիսկ քարի տեսակով եկեղեցվո իբրև որմասյուն տաշված լինելուն ոչ մի կասկած չիկա, սակայն ի՞նչ պատճառով հյուսվեր է մոտակա շինության հիմին մեջ, այդ ալ շատ պարզ կլինի մասնավորապես մասնագետներու կամ շինարարությամբ զբաղվողներու համար։
ա. Որոշված քանակութենեն ավելի տաշված կլինի.
բ. տաշվածքի մեջ սխալմունք կլինի.
Այս երկու պարագային մեջ ալ գրեթե նույն քարը այլևս ուրիշ բանի չի ծառայեր, բացի հիմնաքար կամ որմաքար լինելե։ Զվարթնոցի մեջ այս բ. պարագան է, որ ամենայն հավանականութամբ, նույն քարը անպետքանալով, այն ժամանակ իբրև հիմնաքար ծառայեր է, իսկ բարեդեպ դիպվածով մը ալ այսօր մեզ կծառայե իբրև ժամանակագրական ապացույց։
Այժմ դառնանք այն հարցին, թե ե՞րբ կարող է հիմնարկված լինել եկեղեցին կամ ո՞ր թվականին։
Շատ բնական է, որ Ներսես իր գահակալության տարին ավելի շտապողական և անհետաձգելի զբաղումներ ուներ, քան եկեղեցվո կամ կաթողիկոսարանի շինությունները։
Արաբներու աշխարհավեր արշավանքով (641, ըստ ոմանց՝ 642), երկիրը նյութապես և ֆիզիկապես քայքայված, տասնյակ հազարավոր դիակներ Դվինի և շրջակայից մեջ բացօդյա թափված, կենդանի մնացած ժողովուրդը լիակատար սուգի և շիվանի մատնված էր, միևնույն ժամանակ նորանոր վտանգներու և ավերումներու սպառնալիքները դեռ չի չեզոքացած, Ներսեսի համար առաջին պարտականություն էր արկածյալներու համար նյութական և բարոյական օգնություն հասցնել, ցիրուցան թափված բազմահազար դիակները հավաքել և թաղել, արկածյալներուն զուտ հոգեկան սփոփանք պատճառելու համար նահատակելոց անվան դամբարան հիշատակարաններ կանգնել և որ ավելին է, արտաքուստ հայրենիքին սպառնացող աղետներու առջևն առնելու համար հայ իշխաններու և նախարարներու խորհրդակցությամբ քաղաքական հարաբերություններու մեջ մտնել դրացի մեծ պետություններու
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի նշվ. աշխ., էջ 88։