հետ, և այս ամենը անմիջական ծանր աշխատանք կպահանջեր։
Ինչպես վերև նկատեցի, Ներսես Զվարթնոցի հիմնարկության պետք է սկսած լինի Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթութենեն անմիջապես հետո , ըստ Սեբեոսի տեղեկության՝ 642—3, բայց որովհետև ըստ Սամուել Անեցվո «յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի ի Դուին, և զոր ի վերայ վիրապի սրբոյն Գրիգորի»[1]։ Այս վկայարանները, ամենայն հավանականությամբ, նույնիսկ արաբները քաշվելեն անմիջապես հետո սկսեց շինել, որովհետև պահանջը անհետաձգելի էր և գործը բավական մեծ, որը հավանորեն ծանր աշխատանք և երկար ժամանակ կպահանջեր։ Այս տեսակետով Վարդան Բարձրբերդցու տված տեղեկությունը ավելի պարզ է և կբնորոշե պարագային կացությունը, թե «Հավաքեալ զբազմաթիւն դիականցն և ի նմին տեղւոջ շինէր զհրդեհելա վկայարան սրբոյն Սարգսի»[2]։
Որովհետև արաբները Դվինը գրավելու ժամանակ միայն ս. Սարգիս եկեղեցվո մեջ կոտորեր էին 1200 մարդ[3], այնպես որ նահատակներու արյունը մինչև սեղանը ծածկեր էր, գուցե նաև այրեր էին եկեղեցին, ուստի Ներսես շտապեց անմիջապես ս. Սարգիսը վերաշինելու «Եւ զոսկերս սպանելոցն ամփոփեաց հայրապետն ի նոյն վկայարանն»[4]։
Դվնո ս. Սարգիսը մեզ չի հասած, սակայն Վիրապի եկեղեցվո այսօրվան մասնակի մնացորդներեն դատելով, այնքան ալ մեծ բան չէ, մանավանդ որ հնադարյան սովորության համաձայն վկայարանները ընդհանրապես փոքր շենքեր էին, քան հասարակաց եկեղեցիները։ Հռիփսիմեի և Գայանեի վկայարանները իրենց մեծության և ընդարձակության կողմանե առաջին և թերևս վերջին բացառություններն էին հայոց եկեղեցական ճարտարապետության մեջ, առաջինը՝ Կոմիտաս կաթողիկոսի, երկրորդը՝ Եզր կաթողիկոսի ձեռքով շինած։
Իմ տեսությամբ, Վիրապի եկեղեցին պետք է որ իբրև վկայարան շինված լինի, որովհետև արաբներու սուրը ինչպես Դվնա մեջ, այնպես ալ Դվինեն դուրս ոչ ոքի չէր խնայած, անպայման մեծ քանակությամբ դիակներ ալ թաղեց Վիրապի մեջ։ Եթե այդպիսի նպատակ չի լիներ, հարկ չիկար, որ Ներսես շտապեր անմիջապես շինելու ձեռնարկել Վիրապի եկեղեցին։
Ուստի այս տեսակետով ալ այդ երկու եկեղեցիներու շինությանց համար, եթե երկու տարին շատ երկար ժամանակ չէ, այնուամենայնիվ կարող է անպայման վերջացած լինել նույնիսկ 642 թվականի վերջերին, հաշվելով Ներսեսի կաթողիկոսանալու 641 թվականեն։ Այս հաշիվը ուղիղ կհամեմատի Սեբեոսի տված թվականի, այսինքն՝ Թեոդորոս Ռշտունիի Արծափի բերդի վրա տարած հաղթության թվականի հետ, որուն ժամանակն է 642։
Ուրեմն անվրեպ կարող ենք ընդունել, որ Զվարթնոցի շինության հիմնարկելը տեղի ունեցավ 643 թվականի գարնանը։ Այս թվականին քաղաքական կացությունն ալ հուսալի էր, նախընթաց տարիներու սարսափելի աղետի տպավորությունը արդեն մեղմացած էր, Ներսես ևս հիմնված Բյուզանդիո կայսեր հետ իր ունեցած թե անձնական մոտիկ հարաբերության և թե անոր Հայաստանի համար խոստացած պաշտպանության վրա, համոզված էր, որ Հայաստանը ազատ պիտի մնար արաբական արշավանքներու վտանգեն, ուստի ինքն ալ ազատ կարող էր նվիրվել իր մեծ ծրագրի իրագործման, որը, ըստ իս, որչափ կրոնական, նույնչափ ալ քաղաքակրթական նշանակություն ուներ և ապագային իր անվան համար անջնջելի հսկայական կոթող մը պիտի լիներ, եթե երբեք կարողանար մինչև վերջը հասնել իր նպատակին։
Արդ Զվարթնոցի շինության սկզբնավորության թվականը 643-ի գարնանը լինելը ըստ իմ տեսության պարզված համարելեն հետո, երկու խոսք ալ կուզեմ ավելցնել պատմագրաց կողմանե տրված թվականներու մասին, որոնք անհամեմատ տարբեր են մեկզմեկե։
Մխիթար Այրիվանեցին շինության հաստատուն թվական կնշանակե 641 թիվը, իսկ Սամուել Անեցին՝ 654 թիվը։ Մխիթար Այրիվանեցու տված 641 թվականը առ առավելն կարող է ապացուցանել նույն թվականի Ներսեսի կաթողիկոսական գահ Բազմելը, հակառակ ոմանց 642