Այս էջը հաստատված է

Անաստաս Ակոռեցու շինությանց ղեկավարության պաշտոն ունենալը և կընդունեմ, որ Ներսեսի բացակայության ժամանակ Անաստաս այնտեղ շինարարական գործ կկատարեր և բանվորներ կաշխատցներ, սակայն ի՞նչ էր անոր աշխատանքը կամ թե ամբողջ շինությանց ո՞ր մասը կղեկավարեր, որոշ պատասխանելու համար վերոգրյալ հարցը պետք է քննել թե ժամանակագրական և թե շինարարական օրենքներու հիման վրա, որն որ դարձյալ մեզ պիտի բերե այն եզրակացության, թե նախքան Ներսեսի մեկնելը եկեղեցին ամբողջ ավարտած էր, իսկ մնացած շինություններեն որոշ մասեր Անաստասի ղեկավարությամբ հառաջ տարվեցան, սակայն ամբողջ շրջակա շինություններու ավարտումը կատարվեցավ Ներսեսի ձեռքով իր վերադարձեն հետո։

Ըստ ոմանց կարծեաց, եթե պահ մը ենթադրենք, որ Ներսես շինությանց գործը 645—648 թվականներեն հետո է սկսած, նաև ընդունենք, թե նախքան եկեղեցին շինելը կաթողիկոսարանը շինեց և հետո հիմնարկեց եկեղեցին, այն ժամանակ այս 645—648 առաձգական թվականներով վրա պետք է որ գոնե երեք տարի ևս ավելցնենք և հասնենք 648—651 թվականները՝ եկեղեցվո հիմնարկության սկզբին հասնելու համար, որովհետև կաթողիկոսական տան այն ընդարձակ շինությունները, ինչպես կտեսնենք տեղի ավերակներով վրա, հազիվ ամբողջանային երեք տարի ժամանակամիջոցի մը մեջ։ Ուստի այդ առաձգական թվականներեն առաջին 648-ը վերցնելով, մինչև Ներսեսի մահը կմնա 13 տարի, իսկ երկրորդ 651 թիվը վերցնելով, կմնա 10 տարի։ Արդ այս թվականներեն եթե զեղջենք Ներսեսի վեց տարվան բացակայությունը, առաջինեն կմնա 7 տարի, իսկ երկրորդեն՝ 4 տարի։ Այս թիվերեն ալ եթե զեղջենք կաթողիկոսարանի շենքերու համար անհրաժեշտ երեք տարի ժամանակամիջոցը, առաջինեն կմնա 4 տարի, երկրորդեն՝ մեկ տարի։ Այս պարզ հաշվով ուրեմն, մարդ որչա՞փ միամիտ պետք է լինի, որ հավատա, թե Զվարթնոցի նման հսկա, տարողությանց նրբին հաշիվներով պատասխանատու և գեղարվեստական բազմակողմանի աշխատանքներ պահանջող մի շենք կարելի կլինի <այդքան կարճ ժամանակամիջոցով ամբողջացնել՝ նույնիսկ 648 թվականեն հաշվելով շինության ձեռնարկության սկիզբը։ Անիի մեջ գագկաշեն բոլորակ ս. Գրիգոր եկեղեցին, որ գեղարվեստական արժանիքով անհամեմատ ստորին ընդօրինակությունն է Զվարթնոցի, առանց որևէ հարակից շինություններու, դարձյալ հինգ տարի տևեր է ըստ վկայության Սամուել Անեցվո, և այդ հապճեպ շինության հետևանք կարող է լինել, որ ՆԿԲ թվականին, վաղահաս կործանման վտանգին դիմագրավելու համար, ներքին կամարներուն ներքև կրկնակի շրջակամար ավելցուցեր են և սյուներու շուրջը մեծ մույթեր հյուսեր են։

Պահ մը ենթադրենք, որ Ներսես 645 թվականին ձեռնարկեց կաթողիկոսական տան շինության և վերջացուց 648 թվականին, որ անկարելի էր ավելի կարճ ժամանակամիջոցում վերջացնել, ուրեմն 649 թվականին պետք էր որ հիմնարկված լիներ բուն եկեղեցին։ Այս թվականեն մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականը կմնա երկու տարի, որովհետև Ներսես 652 թվականի գարնանը հեռացավ, հետևաբար ամռան մեջ գործի ժամանակ բացակա էր։ Ենթադրենք նաև, թե կաթողիկոսական տան շինությունը երկու տարվան մեջ ամբողջացավ, և եկեղեցին հիմնարկվեցավ 648 թվականի գարնանը և ոչ 649–ին, հետևաբար մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականը կմնա երեք տարի։ Արդ շինարարական օրենքներով լրջորեն դատելով, անկարելի էր, որ Զվարթնոց եկեղեցվո մեկ հարկեն ավելին շինել հնար լիներ, որովհետև առնվազն մեկ տարի հարկավոր էր անոր ահագին թանձրությամբ հիմերը այնքան խնամքով լեցնել, ինչպես կտեսնենք տեղին վրա, իսկ մնացած երկու տարվան մեջ հազիվ կարող էին առաջին հարկի մինչև պսակները բարձրանալ, ինչքան ալ որ գործավոր և հում շինվածանյութ պատրաստ լիներ շենքին մոտը։ Ուրեմն առաջին հարկեն վեր, երկրորդ հարկը և գմբեթը մինչև կատար Անաստաս Ակոռեցու ղեկավարությամբ պետք է շինված լինին։ Բայց արդյոք Անաստաս Ակոռեցին կարող էր մենակ ղեկավարել այդ պատասխանատու և վերին աստիճան արվեստագիտական հմտություն ու գեղարվեստական ըստ ամենայնի զարգացած ճաշակ պահանջող գործը, մինչև իսկ առանց ճարտարապետի հսկողության, քանի որ կայսրը 652 թվականի գարնանը եկեղեցին շինող ճարտարապետին ալ միասին տարավ՝ ըստ Մովսես Կաղանկատվացու վկայության։ Այժմ քննենք այս խնդիրը։