Ըստ իս, ոչ Ներսես կարող էր վստահել Անաստաս Ակոռեցուն այնքան խոր հմտություն և զարգացած ճաշակ պահանջող գործին ղեկավարությունը, և ոչ ալ Անաստաս հանձն կառներ իր հմտութենեն ու գիտակցութենեն բարձր գործի մը պատասխանատվությունը։ Ներսեսի հանձնարարությունը կարող էր ճիշտ լինել, բայց ոչ երբեք բուն եկեղեցվո նկատմամբ։
Բուն եկեղեցվո շինության ղեկավարությունը Անաստաս Ակոռեցուն հանձնված չի լինելուն մեկե ավելի ապացույցներ կարելի է գտնել, իսկ կողմնակի շինություններու մասին կարելի է հավատալ, որովհետև որոշ մասերու մեջ Ներսեսի ճաշակի և գիտակցության բացակայությունը ակներև է։
Ով որ արվեստագիտական աչքով կդիտե այսօրվան մեր ձեռքը հասած Զվարթնոցի ավերակներն ու անոր ճարտարապետական բեկորները, կտեսնե, որ ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված է գեղագիտական հմտությամբ օժտված ղեկավարի մը շնորհքը և Ներսեսի հատուկ ճաշակը։ Այդ շնորհքը կամ գիտությունը Զվարթնոցի ինքնուրույն ոճի նկատմամբ, Անաստաս Ակոռեցին երբեք չէր կարող ունենալ։ Բացի այն, որ պատմական տեղեկությունները Անաստասի շատ սահմանափակ զարգացումը կապացուցանեն, այլև մոտակա շինությանց մեկ մասին մեջ, որուն կառուցումը Անաստասի ղեկավարությամբ կատարված լինելը հավանական է, կան այնպիսի բնորոշ մասեր, որոնք Ներսեսի ներկայությամբ կամ անոր ղեկավարության ներքո երբեք չէին կարող շինվել այնպես, ինչպես որ կա այժմ:
Զվարթնոց տաճարի պատուհաններու լայնության ու բարձրության անհամեմատ խոշոր համաչափությունները, լույսի և օդի մասին Ներսեսի բացառիկ գիտակցության միայն կարելի է վերագրել։ Ե—է դարերը, որ հայ եկեղեցական ճարտարապետության մեջ խոշոր ու լայն բացվածքներով պատուհաններու շրջանն են, նույն դարերու մեջ կանգնված ոչ մի հիշատակարանի վրա չենք գտներ ոչ միայն Զվարթնոցի պատուհաններու լայնության և բարձրության հավասարող պատուհաններ, այլև բազմաթիվ պատուհաններու միջոցով լույսով ողողված մի տաճարի ներքին։
Բացի պատուհաններու խոշորությունը և այլազան ձևերով անոնց բազմաթիվ լինելը, աստիճաններեն քիչ վերև հավասար բարձրությամբ և հավասար մակարդակի վրա շարված լինելը միմիայն Զվարթնոցի հատուկ ինքնուրույն բացառություն է, իսկ ասոր հակառակ, Ե—ԺԴ դարերուն մեջ կանգնված բոլոր հիշատակարաններու վրա պատուհաններ, գրեթե առանց բացառության, ոչ միայն թվով սահմանափակ են, այլև դասավորված են թե անհավասար բարձրության վրա և թե անհավասար չափերով, նույնիսկ միևնույն ճակատի վրա, միևնույն ժամանակ անհամեմատ բարձր դրված հողի մակերևույթին կամ աստիճաններեն վերև, ըստ քմաց ճարտարապետի կամ ըստ ժամանակի ոգու պահանջման։
Համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը, ոչ միայն Հայաստանում մի ընդհանուր պահանջ է եղած հայոց հին ճարտարապետության մեջ, այլև եկեղեցիներու պատուհաններու տեսակետով, կարծեք մի խորհրդավոր թիվ կար և հատուկ տեղ անոնց համար՝ եկեղեցվո պատերուն վրա, որով գրեթե սկզբեն մինչև վերջը տարօրինակություն մը կգտնենք անոնց տեղին և դիրքին նկատմամբ հազվադեպ բացառությամբ։
Եկեղեցվո կառուցման ոճի և ճաշակի բոլոր կանոնավորություններու հակառակ, մերձակա կաթողիկոսական տան շինությանց մեջ Ներսեսի բացակայությունը միանգամայն զգալի է։ Այսօր մեզ հասած ըստ բավականին բարձրությամբ պատերու վրա պատուհաններու բնավ հետք չի գտնվելեն զատ, ներսի կողմեն գետնադամբանի մը նման աղեղներով ու կամարներով խճողված են բացառությամբ կաթողիկոսական մեծ դահլիճի և անոր հարավակողման մի քանի բաժանումներու. ամենայն հավանականությամբ պատուհաններ կամ շատ բարձրեն դրված էին և կամ տանիքեն լույս ստացած էին։
Ծանրատեսիլ, համաչափության օրենքներու դեմ ընդվզող ոճը, գլխավորապես մասնավոր շենքերու, բնակարաններու, դամբարաններու և եկեղեցիներու հարակից շինություններու համար շատ սովորական երևույթ էր Հայաստանի մեջ, սակայն Ներսեսի անձամբ ծրագրած բուն եկեղեցվո շենքին համաչափություններն ու հարամասունքներու պատշաճ դասավորությունները գրեթե սովորական են Ներսեսի շրջած ու գործած Արևմտյան և Հարավային երկիրներու ճարտարապետական ոճերուն, ինչպես հռոմեականը, բյուզանդականը և սիրիականը։ Եվ այս վերջինիս ներգործությունը Զվարթնոցի վրա ավելի