Այս էջը հաստատված է

զգալի է՝ քան ուրիշ արևմտյան ոճերը, հակառակ Ներսեսի վերագրված հունասիրության կամ բյուզանդական դաստիարակության։

Մովսես Կաղանկատվացու տված մի տեղեկությունը շատ բան կպարզե Զվարթնոցի շինության ղեկավարության և շենքի ավարտման ժամանակի մասին։

Կաղանկատվացին կպատմե, թե Ներսես «…էր հայրագիր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտից ի Քաղաքուդաշտի ի սուրբն Գրիգոր և ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց, որ յաւէժ հիացեալ ընդ շինուածն՝ ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր, զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն։ Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր՝ ի ճանապարհին վախճանէր»[1]:

Ներսեսի Կոստանդ կայսեր հայրագիր լինելուն և կամ անոր ծախքով եկեղեցին շինած լինելուն մասին ինչ հայացք ալ որ ունենան քննադատներ, այնուամենայնիվ, Կոստանդի Հայաստան գալու թվականի որոշությունը և անոր հետ կապված Կաղանկատվացու Զվարթնոցի վերաբերող հատվածը ոչ միայն հեռու է առասպել լինելե, այլև եկեղեցվո ավարտման ժամանակն ալ կճշտե։

Կայսեր Դվինի կաթողիկոսարանի մեջ Ներսեսի հյուր լինելու թվականը արդեն 652 լինելը ընդունված է։ Զվարթնոցի հիմնարկության թվականը ընդունելով 643, մինչև 652 թվականը ինը տարվա ժամանակամիջոց մը կա, որ լիովին բավական էր եկեղեցու շինությունը ի կատար ածելու, և կասկած չի կարող լինել, որ Ներսես օգտվելով առիթեն՝ փութացուց օծման հանդեսը և եկեղեցու շինության մեկենաս կայսերն ալ հրավիրեց հանդեսին։ Ուրեմն այստեղ առասպելական ոչինչ չիկա, Մովսես Կաղանկատվացին չէ գրած, որ կայսրը Պոլիսեն հրավիրվեցավ Հայաստան հատկապես եկեղեցվո օծման հանդեսին համար, այլ պարզ հրավերի մը վրա է խոսքը։ Ի՞նչ կասկած կարող է լինել, որ այդ հրավերը եղավ Դվինեն դեպի Վաղարշապատի առապարի նորակառույց եկեղեցին։

Եթե Կոստանդ կայսեր ծախքով շինվելը պիտի համարվի առասպել, ապա նախ պետք է հերքել Ներսեսի Կոստանդ կայսեր հայրագիր լինելու փաստը։ Երբ այս մասին բացասական ոչ մի ապացույց չունինք, այն ժամանակ, շատ բնական է, որ Կոստանդ չէր խնայեր իր հարուստ գանձարանեն նվիրաբերել, իր հայրագրին բաղձանքին գոհացում տալու համար, այնպիսի մի ժամանակի մեջ, երբ արաբներու արշավանքով Հայաստան արյան ու կրակի մատնված, թալան ու կողոպուտներով նյութապես քայքայված, երբեք հնարավորություն չէր կարող տալ Ներսեսին՝ իր հղացած ծրագիրն իրագործելու։

Եթե նախքան եկեղեցվո հիմնարկությունը կաթողիկոսական տան շինության ձեռնարկված լիներ, նույնիսկ եթե ընդունենք 645—48 առաձգական թվականը մինչև կայսեր Հայաստան գալու 652 թվականը, անշուշտ ավարտած կլիներ կաթողիկոսական տան շինությունը, կաթողիկոսն ալ փոխադրված կլիներ այնտեղ ըստ իր կանխակալ մտադրության, և կայսրն ալ կհյուրասիրվեր նորաշեն կաթողիկոսարանի մեջ։ Այս պարագան ալ ցույց կուտա, որ եկեղեցին ավարտած էր և պատրաստ օծման հանդեսին, սակայն բնակարանն էր թերի մնացած, որ դարձյալ Ներսեսին պիտի վիճակվեր ավարտել, կամավոր աքսորեն վերադարձեն հետո։ Իսկ եկեղեցին այնպիսի մանրամասն կատարելությամբ ավարտված պիտի լիներ, որ իրավամբ կայսեր հիացումը գրավեց և ստիպված եղավ ճարտարապետին միասին տանելու իր պալատական եկեղեցին ալ նույն ձևով շինել տալու համար բուզանդական մայրաքաղաքին մեջ. եթե ոչ, ոչ կայսրը առիթ կունենար հիանալու և ճարտարապետին հրավիրելու միասին գնալու համար, և ոչ ալ կայսրը թույլ կուտար իրեն ծախքով սկսված այդ հոյակապ գործին վրայեն, դեռ անկատար վիճակի մեջ ճարտարապետին հեռացնել, եթե նույնիսկ Ներսես չընդդիմանար կայսեր այդ դժվարին առաջարկին։

Մովսես Կաղանկատվացու տված տեղեկությունը իսկապես առասպել կլիներ, եթե եկեղեցվո ավարտումը Ներսեսի վերադարձեն հետո համարելով, անկախ կայսեր 652 թվականին Հայաստան գալեն, խոսքը մի երկրորդ այցելության կամ Ներսեսի վերադարձեն հետո եղած հրավերի մը մասին լիներ, որովհետև Ներսես 659 թվականին էր, որ վերադարձավ Տայքեն և երկու տարի միայն հազիվ կյանք ունեցավ անկեց հետո։

  1. Մովսես Կաղանկատվացի, նշվ. աշխ., էջ 363—364։