Այս էջը հաստատված է

«առաջին անգամ ներկայացվում են համահավաք և ամբողջական ձևով, գրեթե առանց կրճատումների, անհամեմատ հարուստ գրաֆիկական և լուսանկարչական նյութերով։ Նաև կցված են Թորամանյանի տպագիր կամ ձեռագիր այլ աշխատություններից քաղվածքներ, որոնք անմիջականորեն առնչվում են Զվարթնոցին կամ Գագկաշենին։

Պատահական չէ այդ երկու հուշարձաններին նվիրված Թորամանյանի աշխատությունների միատեղ հրատարակումը։ Դրանք թեպետ ժամանակով տարբեր են, սակայն պատկանում են միևնույն՝ ուղղաձիգ առանցքի շուրջ համախմբված, եռաստիճան նվազող ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածքային տիպին (Գագկաշենի տաճարի մանրակերտն էր, գտնված Անիում 1906 թ. ակադ. Ն. Մառի պեղումներով, որ, ունենալով Զվարթնոցի ճիշտ Թորամանյանի վերակազմած ծավալատարածական հորինվածքը, փարատեց վերջինիս շուրջ եղած վեճերն ու տարակուսանքները)։ Ուշագրավ է, որ միջնադարյան հայ ճարտարապետության տարբեր փուլերին պատկանող այդ երկու տաճարների հորինվածքային ընդհանրության մեջ ակնհայտորեն դրսևորվում է հայ ճարտարապետության զարգացման կենսահաստատ սկզբունքներից մեկը՝ հորինվածքային ձևերի ժառանգորդական, հաջորդակցական փոխանցումը։