Այս էջը հաստատված է

անթիվ գողտրիկ շինություններով ծածկեց Հայաստանը, որոնք թեև. դարձյալ ենթարկվեցան միևնույն ավերել ու քանդել միայն գիտցող բարբարոսներու հարվածներուն, այնուամենայնիվ այդչափ ավեր ու քանդումե հետո ալ թշնամին չի կարողացավ ջնջել այդ ուժեղ քաղաքակրթության և մեծ գեղարվեստին հետքերը։

Ահա այս X դարու վերածնութենեն հետո եղած հիշատակարաններն են մեծ մասամբ, որ հայտնի են եվրոպական գիտնականներուն, որոնցմե ոմանք այս վերածնության մեջ տեսնել կարծեցին արաբական քաղաքակրթության ազդեցությունը Հայաստանի վրա, շատ անգամ նույնիսկ հակասելով իրենք իրենց։ Որովհետև մեկ կողմանե խոստովաներ են արաբներու քաղաքակրթութենե զուրկ և ավերող ու քանդող և ոչ ստեղծագործող ժողովուրդ լինելը, մյուս կողմանե Հայաստանի մեջ այնքան փայլուն կերպով ծաղկող արվեստի վառարանը Բաղդադի մեջ տեսնել ուզեցին։

Բաղդադը եթե ունեցեր է բանաստեղծություններու, գրականության և այլնի փայլուն շրջան մը, որը ամենայն հավանականությամբ ավելի բնիկ ժողովուրդին տաղանդի արդյունքն է, քան արաբներու, այնուամենայնիվ Հայաստանի ճարտարապետության զարգացման մեջ ազդեցություն ունենալը երբեք ընդունելի չէ։

ճարտարապետական մեծ պատմաբաններեն մեկը կըսե, «Եթե Բաղդադի մեջ արաբական ճարտարապետության հետքեր չեն մնացեր, անոր շարունակությունը պետք է Հայաստանի մեջ փնտրել»։ Շատ տարօրինակ կարծիք։ Բաղդադի արվեստի արտադրությունները եթե մինչև այսօր Հայաստանի մեջ կմնան, ի՞նչ պատճառ կա, որ ավելի մեծ չափով Բաղդադի մեջ պիտի չի մնային, եթե կային։ Ավելի շուտ պետք է հավատանք, որ ջնջվելու և անհետանալու վտանգը Հայաստանի էր հատուկ, որովհետև Բաղդադը և իր շրջանը երբեք այնքան քաղաքական փոթորիկներու և կործանարար արշավանքներու չէ ենթարկված, ինչպես Հայաստանը։ Բաղդադի արաբական տիրապետության ժամանակ ամենամեծ արկածը Հուլաղու խանի երկարատև արշավումով գրավվիլն էր, որը երբեք ավերումի և քանդումի չի ենթարկվեց։

Թաթարները նույնիսկ Հայաստանի մեջ թույլատու և ներողամիտ էին հայ գեղարվեստի զարգացման և հայ ժողովուրդի բարեկեցության, քանի դեռ մահմեդականություն չէին ընդունած։ Հայաստանը քարուքանդ լինելուն ամենամեծ պատճառներեն մեկը հայերու քրիստոնյա լինելն էր։ Արաբները կքանդեին, կավերեին իբրև պղծություններ՝ ինչ որ քրիստոնյաներուն կպատկաներ, ինչպես եկեղեցի, տաճար, վանք, մենաստան ևն։ Իսկ հայ իշխանական ցեղը և հասարակ ժողովուրդը միշտ խոշտանգանաց տակ կհեծեր մահմեդականությունը չընդունելու համար։

Բնականաբար, եթե մահմեդականության այդ պահանջին գոհացում տային, ոչ մի ավերում տեղի չէր ունենար։

Բաղդադի և շրջակայից մեջ հայեր գրեթե չիկային, և մահմեդականությունը վաղուց ծավալված էր այն տեղերը, հետևաբար պատճառ բնավ չիկար, որ մեծամեծ հիշատակարաններ ավերվեին ու քանդվեին, ընդհակառակը, ավելի շուտ պիտի պահվեին իբրև դավանակից ժողովուրդի կրոնական սրբություններ, որոնք ավելի շատ երկարատև կյանք ունին ժամանակի ընթացքին մեջ, քան քաղաքային ուրիշ շենքեր և պալատներ։

Հայաստանը ոչ միայն քանդվեցավ ի հնումն արաբներու, մահմեդական թաթարներու և այլ զանազան բարբարոս ցեղերու ձեոքով, այլև հետո իսկ, մինչև մեր օրերը դարձյալ քանդումը կշարունակվի քաղաքակիրթ պետությանց աչքին առջև և անոնց հովանավորության տակ։ Ինչո՞ւ, դժվար է հասկանալ։ Ապահովաբար դեռ կշարունակվի այն հին քաղաքականությունը, շրջապատող և տիրող մեծ պետություններու միջև, այն է, համառ կերպով իր հայրենի օջախին կպած հայ ժողովուրդը ջնջել իր սեփական հողին վրա և տեղը դնել մի նոր ժողովուրդ։ Անշուշտ այս մտածողությամբ է, որ կանոնավոր կարգով կջնջվին հայուն պատմական քաղաքակրթության մատուցած ծառայության անվիճելի փաստերը և մնացածն ալ աղավաղել միտումնավոր բացատրություններով։ Հայուն վերագրել այնպիսի հոգեկան և բարոյական նկարագիր, որպիսին երբեք չէ ունեցեր։ Վերագրել այդ քաղաքակրթության զարգացումը այնպիսի ազգերու և ցեղերու, որ ընդհակառակը,