Այս էջը հաստատված է

հակառակը, հայը ինքն է եղեր անոնց համառ ուսուցիչը և բռնի քարշ տվեր իր ետևեն իրեն սեփական ապահովության և հանգստության համար։

Այստեղ կրկին պիտի անդրադառնամ գիտական այն մեծ վճռին, թե ազգի մը արժանիքին չափը ճշտիվ որոշողը իր ետևը թողած գեղարվեստական հիշատակարաններն են։ Որչափ բարձր արժանիքներով օժտված են այդ գեղարվեստական հիշատակարանները, այնքան բարձր է զանոնք կանգնողներու ստեղծագործական արժանիքը իրենց ապրած դարաշրջանին մեջ։

Եվրոպական անաչառ գիտնականները, որոնք բնավ չեն առաջնորդված քաղաքական թաքուն հաշիվներով, գրեթե միահամուռ հիացմամբ կդրվատեն պատմական շրջաններու հայն ալ, հայուն ստեղծագործական հանճարն ալ։

Ես այստեղ կուտամ քանի մը նշանավոր հեղինակներու տպավորությունները հայ արվեստի և ճարտարապետության նկատմամբ, որոնց խոսքը շատ մեծ կշիռ ունի գեղարվեստական աշխարհին մեջ։

Եվ ի՜նչպես կարելի է արեգակի նման ճառագայթող ճշմարտությունը քողարկելու ջանալ, քանի որ հայտնապես կանգուն են բարեբախտաբար մինչև այսօր այնպիսի մեծամեծ գեղարվեստական հիշատակարաններ, այնպիսի դարաշրջաններու մեջ իրագործված, որում դեռ քաղաքակիրթ Եվրոպան մթության մեջ կխարխափեր։ Նա արևմտյան հին ճարտարապետության երկարատև անկումեն հետո, նոր պիտի տաներ արևելքից մի նոր արվեստի վերածնության տարերքը։

Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…

Ահա այս մեծ դպրոցն է, որ պարգևեց մեզ ու համայն գիտական աշխարհին հայր Խաչիկ Դատյանի տասը տարվա աննկուն աշխատությունը[1]։

Ոչ մի պատմագիր այնքան կենդանի լեզվով չէր կարող բացատրել մեզ VII դարու հայոց կրոնական և քաղաքական կյանքը, անոնց արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերությանց աստիճանը՝ որչափ Խաչիկ վարդապետի բացած Զվարթնոց եկեղեցին։ Այդ ավերակը անդրադարձուց մեզի նույն դարու ժողովրդին նյութական ու բարոյական իսկական վիճակը, ներկայացուց մեզ <Ներսես> Շինողի գեղարվեստական կիրթ ճաշակեն զատ՝ անոր անձնական նկարագիրն ու հոգեկան բոլոր ձգտումները։ Այդ ավերակը տվավ մեզ արվեստագիտական այնպիսի խիզախություններ՝ որոնցմով ջախջախեց ժամանակակից արվեստագետներ ու շատ մը թեորիաները։ Այդ ավերակը վայելչագրության այնպիսի ճաշակ մը պարզեց՝ որուն առջև ներկայիս գեղարվեստագետի հովերով թռչող շատ մը հպարտ ճակատներ խոնարհեցան։

Իրավամբ թող պարծենա Խաչիկ վարդապետ՝ միշտ «տեսեք ինչ եմ տվեր հայոց ազգին» ըսելով։ Այո, շատ մեծ բան է տված ոչ թե մենակ հայոց ազգին, այլ ամբողջ համաշխարհային գիտության ու պատմության…»[2]։

Ինչպես եկեղեցական, նույնպես ալ գեղարվեստական ճարտարապետության մեջ եզակի օրինակ մէ Զվարթնոց եկեղեցին։ Թեև շատ է խոսված այս հրաշակերտ հիշատակարանին վրա, բայց որչափ որ խոսվի, դարձյալ քիչ է։ ճշմարիտ է, որ ան չունի Պանթեոնի և ս. Սոֆիայի գմբեթներու վիթխարի տրամագիծը և ոչ ալ անոնց մեջ վազած ոսկիի հեղեղները կան այստեղ, բայց կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին։

Մովսես Կաղանկատվացվո վկայության նայելով, Կոստանդին կայսրը զմայլված մնաց

  1. Թորամանյան Թ․, Զվարթնոցի տպավորությունների մատյանից (մայիս, 1910) «Հայաստանի կոչնակ», № 15, Նյու Յորք, էջ 587։
  2. Անիի պեղումներու առթիվ, «Հուշարար», 1907, № 8, էջ 120։ Թորամանյան Թ․, Զվարթնոց, էջ 18։