Ի՞նչ փաստ կարող ենք գտնել, որ Զվարթնոցի ճարտարապետը միևնույն ծրագիրը չէր կարող երկու անգամեն ալ ավելի մեծ շինել, եթե բավարար քանակությամբ ոսկի ու արծաթ գտնվեր Ներսեսի գանձարանին մեջ։ Բայց այս եղածն ալ բավական փաստ է հավատալու, որ թե Զվարթնոցի ճարտարապետը Հայաստանի մեջ պակաս մրցակից չէր բյուզանդական ճարտարապետներ Անթեմիուսի և Իզիտորի [1]։
Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի ս. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխը կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուգանդական շինություններու մեջ։ Համեմատությունը գուցե շատ անհեթեթ գտնեն ս. Սոֆիայի նման աշխարհահռչակ կոթողի մը հանդեպ, սակայն, երբ ի նկատի ունենք 62 նահանգներու տիրապետող Բյուգանդական կայսրության ուժն ու հարստությունը, միակ մեկ ս. Սոֆիան քիչ էր Բյուզանդիայի համար, իսկ Զվարթնոցը շատ էր Հայաստանի համար և այն ալ այնպիսի ժամանակի մեջ, որում ոչ միայն արվեստ, գիտություն արմատախիլ լինելու վտանգի տակ էին, այլև ամբողջ հայության գոյությանը կսպառնար ջնջվիլ աշխարհի երեսեն։ Վերցուցեք պահ մը ս. Սոֆիան մեջտեղեն և ահա պիտի տեսնեք, որ բովանդակ Բյուզանդական կայսրության մեջ գոյություն ունեցող հիշատակարաններու հետ մրցող, եթե քիչ քանակով, բայց որակով գերազանցողներ իսկ կան Հայաստանի մեջ։ Իսկ եթե թվական համեմատության դրվին երկու երկիրներու մեջ եղած հիշատակարանները, բաղդատմամբ երկրի բազմամարդության, հարստության և տարածության հետ, այն ժամանակ անգամ մը ևս կհամոզվինք, որ Հայաստանը որոշ չափով գերազանցեր է, քան իր դրացի մեծ Բյուզանդիան [2]։
Վերջապես հայ ճարտարապետությունը VII դարուն այնպիսի գլուխգործոցներ ունի, որոնք գրչով նկարագրել գրեթե անկարելի է… Պետք է արվեստագետ մասնագետներ իրենց սեփական աչքերով տեսնեն և քննեն այն հոյակապ շենքերը, որոնք միահամուռ մեծ մասնագետ գիտնականների հիացումն են գրավել և հավիտյան հայ ճարտարապետության պարծանքը պիտի լինեն գիտական աշխարհի մեջ։ Ամեն տեսակ քննադատություններից բարձր պիտի կանգնին Մրենի, Թալինի, Թալիշի և Զվարթնոցի հոյակապ տաճարները՝ իրենց հսկայական մեծությամբ, արտաքուստ և ներքուստ սքանչելի պարզությամբ, շինանյութերի և շինելակերպերի վերին աստիճանի խնամքով և կատարելությամբ, կամարների, աղեղների շլացուցիչ սլացքներով և վերջապես զարդաքանդակների մասին թեև ժլատ, այնուամենայնիվ եղած դույզն քանակը ևս իր հարմարագույն տեղերու վրա ներդաշնակ դասավորությամբ։ Վերջապես այս երկրորդ վերածնությունն է, որ իր հուշարձանները կանգնել է զուտ արևելյան, ավելի ճիշտը զուտ հայկական ոճով, առանց օտար խառնուրդների։
Օտար խառնուրդների տեսակետով Զվարթնոցն է, որ մի քիչ շեղվում է իր ժամանակակից ոճերից, մի քանի գեղարվեստական մասերի փոխառության տեսակետով։ Համարձակ կարելի է ասել, որ Զվարթնոցը իր ոճով և շինելակերպով միակն է ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ, քանի դեռ չէ գտնված իր նախորդը որևէ երկրամասի վրա։ Գիտնական ճարտարապետներ գրեթե մաղել են Արևելքն ու Արևմուտքը և իրենց տեղեկություններն ու մանրամասն ուսումնասիրությունները վաղուց մամուլի սեփականություն դարձրել, սակայն գեթ Զվարթնոցի հեռավոր նմանություն ունեցող շենքերից ոչ մեկը չունին Զվարթնոցի ճարտարապետի խիզախ հղացումը և հանդուգն, բայց հեռատես ու նրբին հաշիվները կառուցման գործի մեջ։ Զվարթնոցը մինակ չէ Հայաստանի մեջ, մինչև XI դարու վերջը մի քանի հատ են կանգնվել Զվարթնոցի օրինակով, ինչպես Թավուզքյարում, Բանակում, Անիում ևն, ևն [3]։
⁂
Համեմատաբար ավելի հետաքրքրված է հեղինակը Զվարթնոց եկեղեցիով, գրքին մեջ[4] դրած է թերի հատակագիծ մը, հավանաբար