Ստրժիգովսկիի մեկ աշխատութենեն արտատպված։ Նկարագրական տեղեկություններ բավարար են, բայց տրամագծին երկայնությունը 39 մետր գրված է. ուղիղ չափը պետք է ըլլա 35—75 մետր։ Արևելյան կողմին կպած քառակուսի բաժանումը մատուռ է համարած, որ մատուռ չէ, այլ պարզապես սրբազան անոթներու և այլ եկեղեցական իրերու հատուկ պահարան, չգիտեմ թե ի՞նք եզրակացուցեր է, թե մեկ ուրիշին կարծիքով ղեկավարվեր է։ Գալով իր մասնավոր տեսության, հետևյալ կարծիքը կհայտնե.
«Հիմնարկության թվականը կարելի է ճշտիվ որոշել։ Այդ եկեղեցին կանգնվեցավ Ներսես Գ կաթողիկոսի ձեռքով, որ գահակալեց 640-են 666, որուն փակագիր արձանագրությունները կան եկեղեցվո խոյակներուն վրա։ Որովհետև, ըստ Սեբեոսի, այս Ներսեսը ի մանկութենե սնած էր հունական երկիրներու մեջ, սովորած էր նաև բյուզանդացվոց լեզուն ու գրականությունը։ Իրաց այս վիճակին մեջ, ամենայն հավանականությամբ, հույն վարպետներ գործածեց այս հիշատակարանին շինության ժամանակ։ Սյուները կկրեն իրենց վրա կողովաձև խոյակներ հոնիական խոյողներով, զուտ բյուզանդական։ Բայց մյուս կողմանե հատակագիծը մաքուր արևելյան է և կկապվի ասիական և սիրիական բազմաթիվ եկեղեցիներու հետ։ Այս հատկությամբ և իր մեջ երևցող ազդեցություններու խառնուրդով, շենքը շատ հետաքրքրական է։ Ստրժիգովսկիի կարծիքով, հայոց Լուսավորչի վկայաբանությունը արտաքո կարգի կարևորություն ունի արևելյան քրիստոնեից պատմության համար, հետևաբար նաև Արևմուտքի համար։
Անոր ներկայացուցած օրինակը հաճախ կրկնված կերևի, օրինակի համար, Saint Laurent de Minan շատ մոտ նմանություն ցույց կուտա։
Ստուգիվ Ներսեսի ստացած հունական կրթությունը և դեպի քաղկեդոնականություն ունեցած հակումը չէին կարող չազդել անոր ճաշակի վրա։ Զվարթնոցի մեջ հայ ճարտարապետության զարգացման ընդհանուր ուղղութենեն շեղող օտար ոճերու խառնուրդներ շատ կան, այնուամենայնիվ անոր հատակագծի ընդհանուր ձևը և elevation–ի (ճակատ) մեջ գործ դրված անօրինակ ծրագիրը տակավին եզակի ըլլալ կթվի՝ միմիայն Հայաստանի հատուկ, քանի որ նույն ծրագրով շինված նախորդ մը չէ երևցած ոչ մեկ երկրի մեջ։ ճիշտ է, որ Saint Laurent-ի հետ բաղդատելով, առաջին տպավորությամբ իրարու նման կերևին, սակայն, երբ քիչ մը ավելի հառաջ տանենք բաղդատական քննությունը, տպավորությունը անհունապես կփոխվի։ Saint Laurent, եթե Զվարթնոցի նման կիսաբոլորակ վերջացած թևերով խաչաձև ներքին սյունազարդ բաժանում մը ունի, արտաքուստ ևս ներքին խաչաձևին զուգահեռաբար կրկնված է միևնույն խաչաձևը, որով շինարարական գործողությունը անհունապես կդյուրանա առանց ճարտարապետին որևէ մտահոգություն պատճառելու վտանգներու կամ արկածներու մասին։ Մինչդեռ Զվարթնոցի մեջ արտաքին բոլորակը ներքին խաչաձևի հետ ձուլվելու և կրկնակ գմբեթով շենքը պսակելու համար ճարտարապետին գործ դրած հանճարեղ և նրբամիտ միջոցներուն քով շատ կփոքրանա Saint Laurent-ի ճարտարապետը։ Պետք է մոտեն քննել և տեսնել, թե երկու տարբեր հատակագծեր իրարու մեջ պատշաճեցնելու համար ո՞ր չափ ծանրությանց ճնշում սպառնացող կետեր հառաջ եկեր է Զվարթնոցի մեջ և ի՞նչ հեռատես միջոցներով ճնշումներն հառաջ գալիք վտանգը չեզոքացուցեր է անոր ճարտարապետը։ Այնքան ապահով և հաստատուն շինված էր, որ առնվազն երեք հարյուր տարի կանգուն մնացեր է այդ շենքը…[1]։
Հեթանոսական դարերեն սկսած մինչև մեր օրերը բազմաթիվ շենքեր կան կանգնված բոլորակ կամ խաչաձև Արևելքի և Արևմուտքի մեջ։ Սակայն այս երկու տարբեր ձևերու, այսինքն՝ բոլորակի և խաչաձևի այնքան վայելչորեն և նրբամտորեն ի մի ձուլումը առայժմ կմնա իբրև հայկական ստեղծագործություն և միշտ պատիվ պիտի բերե շինողին ալ, շինել տվողին ալ, և այդ տեսակ սքանչելիքներ կերտել գիտցող հազվագյուտ հանճարներ իր ծոցին մեջ զարգացնող ցեղին ալ»[2]։ Իսկ երբ հետզհետե գիտնականներ էջմիածնի