Այս էջը հաստատված է

6. ՆԵՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՎ ԻՐ ԿՅԱՆՔՆ ՈԻ ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅՈԻՆԸ[1]


Զվարթնոցի նման աշխարհահռչակ կոթողը բավական չէ մանրամասնորեն ուսումնասիրել, առանց մոտեն ճանչնալու այդ կոթողը կանգնողի անձնական արժանիքն ու բարոյական առավելությունները։ Հայաստանում հազարավոր շենքեր կան կանգնված սկսած IV—V դարերեն մինչև XIV-XV դարերը, սակայն Զվարթնոցը այդ բոլոր շինությունների մեջ գլուխգործոց է և հայ ճարտարապետության ոսկեդարու կնիքն է VII դարուն մեջ։

Զվարթնոցի այսօրվան քարուքանդ և մամռապատ բեկորների վերածված ավերակները, իր կանգնման օրից տասներեք դար անցնելուց հետո, այսօր ոչ միայն հիացում կպատճառեն տեսնողներին, այլև հարգանքի ու ակնածանքի զգացումով կլեցնե գեղարվեստական աշխարհը հանդեպ այդ սքանչելի կոթողը կանգնողի հիշատակին։ Այդ մեծ մարդը ճանչնալու միակ աղբյուրը պետք է լինին մեր հայ պատմագիրներ, սակայն, դժբախտաբար, պատմագիրներ որչափ որ դարուց ի դարս խոսում են անոր մեծագործության մասին և լիաբերան ներբողում են բանաստեղծական նկարագրություններով, այնուամենայնիվ վերին աստիճան ժլատ և սակավախոս են կանգնողի անձի և արժանիքների մասին։ Անշուշտ առանց պատճառի չէ այս երևույթը, և պատճառը մասամբ պարզվում է կղերական մատենագիրների ակնարկներից։ Հավիտենական դատապարտության տակ է դրվում այդ մեծ մարդը, որ մի հանցանք է գործել եկեղեցական հանդեպ օրինաց, այն է՝ բյուզանդական կայսեր ներկայությամբ հունածես պատարագ մատուցանել թույլ տվել է Դվնա եկեղեցվո մեջ և ինքն ալ հունածես հաղորդություն է առեր իր եկեղեցականներով[2]։

Աններելի և անքավելի է համարված այս մեծ մեղքը յաչս հայ կղերի, և անեծքով կնքել են անոր հիշատակը։ Անոր գերեզմանին հետ անգամ չեն ուզում հաշտվել նույնիսկ մեր օրերի կղերականներ։ Դեռ այսօր իսկ մեր բարձրագույն կրթություն ստացած, աստվածաբանական և փիլիսոփայական վկայականներով զարդարված եկեղեցականներից ոչ ոք հետաքրքրված է այս մեծ մարդու կյանքով և քննած է այն զորեղ պատճառները, որոնց առջև խոնարհած ստիպվեցավ կայսեր ներկայությամբ հունածես հաղորդվելու։

Մեր օրերի փիլիսոփա վարդապետների համար ևս արժեք չունի այն փաստը, որ մի հունածես հաղորդություն առնելով, այդ միջոցին փրկեց բովանդակ հայ ժողովուրդին ֆիզիկական գոյությունը և ազատեց սրակոտոր լինելե՝ արտակարգ կատաղությամբ և վրեժխնդրությամբ լեցված, մեծ բանակով Հայաստան եկող կայսեր ձեռքեն։ Միևնույն է մեր կղերին համար, թող կոտորվին ժողովուրդը, սակայն անեղծ և անսասան մնան իրենց օրենքները. միշտ հլու հպատակ լինի ժողովուրդը իրեն հոգվույն և խղճին վրա ծանրացող հայ կղերին և եկեղեցիին։

Ո՞վ էր այս մեծ մարդը, Զվարթնոցի պես աննման մեծագործությունը կանգնողը, հայկական հորիզոնի վրա հազվադեպ երևացող և ընդմիշտ գիսավոր աստղի մը նման շողշողացող Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը։ Նա ոչ միայն փայլեց իր ժամանակին, փայլում է և այժմ և պիտի փայլե միշտ հավիտյան իր մեծ տաղանդով և շինարարություններով, որուն չքնաղ նմուշն է գեղարվեստի պատմության մեջ անմահացած Զվարթնոց եկեղեցին։

Կղերական պատմագիրների մեջ միակ օրինակը չէ Ներսեսը, որուն կրոնի հանդեպ գործած մի աննշան մեղքի համար անօրինակ ապերախտությամբ հավիտենական դատապարտության տակ դրված է։ Բագրատունի Գագիկ Ա թագավորը երեսուն տարի անընդհատ թագավորել է և ոչ միայն երկար խաղաղության մեջ պահել է երկիրը, այլև հայրական խնամքով պահպանել է ժողովուրդին լիության ու առատության մեջ, այլև իր մեծ քաղաքագիտությամբ

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 1, էջ 259—267։
  2. «Իսկ կայսրն Կոստանդին թոռն Հերակլի մեծաւ ցասմամբ դիմէ ի Հայս՝ խրոխտայր ջնջել ի միջոյ։ Որում ընդ առաջ ելեալ հայրապետն Ներսէս՝ համոզէր ի խաղաղութիւն. և ի միասին հասեալ ի Դուին քաղաք՝ հրամայէ կայսր հոռոմ երիցանց մատուցանել պատարագ յեկեղեցիսն. և ի միասին հաղորդեցան օրինաց կայսրն և կաթողիկոսն։ Յորմէ գայթակղեցան բազումք, զի ութ օր ի խորհրդին եկաց կայսրն ըստ սովորութեանն, և ի ժամ ճաշուն արհամարեալ լինէին ազատքն Հայոց առաջի նորա (տե՛ս Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողական, Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 89)։