Այս էջը հաստատված է

այսօր Ներսես Շնորհալի, Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Վկայասեր ևն, ևն։

Պահլավունիներեն անմիջապես հետո կուգան Մամիկոնյանները, իբրև բազմարդյունք գեղարվեստասերներ: Սակայն այս տոհմը, ինչպես կտեսնվի պատմության ընթացքեն, ավելի գերազանց հատկություններով օժտված են զինվորական ասպարեզին մեջ, եթե նվազ արդյունք ունեցեր են գեղարվեստական ասպարեզին մեջ, այնուամենայնիվ դարեր շարունակ իրենց օրով պահպաներ են հայ ազգի գոյությունը։ Այս երկու ցեղերու՝ Կամսարականներու և Մամիկոնյաններու նկարագրի որոշ համանմանության պատճառ կարելի է համարել V դարեն (գուցե ավելի առաջ ալ) միմյանց հետ շատ հաճախ խնամիությամբ կապված լինելնին։ Ուրիշ տոհմերն ալ կան մեզ հասած գեղարվեստական հիշատակարաններ, սակայն նախ՝ չեն կարող մրցել այս երկու ցեղին տված հիշատակարաններու գեղարվեստականության և մեծագործությանց հետ, երկրորդ՝ հազիվ թե յուրաքանչյուր ցեղ յուր մի հատիկ գեղարվեստական ներկայացուցիչը թողեր է իր ետևը երկար դարերի տևողության մեջ։

Ներսեսի ցեղական ծագման մասին պատմագիրներ լուռ են, սակայն ի մանկութենե բյուզանդական արքունիքի մեջ սնվիլը, կրթվիլ ու զարգանալը, մինչև իսկ զինվորական աստիճաններու հասնիլը անոր ազատական ծագումը ենթադրել կուտան։ Հասարակ ծագում ունեցող մեկը հազիվ թե կարենար այդքան մեծ ասպարեզ գտնել բյուզանդական արքունիքի մեջ և մինչև իսկ կայսեր հայրագիր լինելու չափ բարձ և պատիվ գտներ։ Իր բնիկ տայեցի լինելը մեծ հավանականություն կընծայե Մամիկոնյան տոհմին պատկանելուն։

Բայց ինչ որ ալ լինի անոր ցեղական ծագումը, պետք է խոստովանել, որ Ներսես Հայաստանի մեջ բացառիկ մի խոշոր դեմք եղած է, թե քաղաքական և թե եկեղեցական տեսակետով, նման այն հազվագյուտ դեմքերուն, որոնց մի քանի տարվան գործունեության բարերար ազդեցությունը դարեր վայելած է ժողովուրդը։ Եթե Հայաստան Ներսեսի նման մի խոշոր մարդեն մեծ օգուտներ չէ տեսած քաղաքական կամ գեղարվեստական տեսակետով, պատճառը միմիայն գահակալած օրեն մինչև մահը քաղաքական ամենադժբախտ կացությունն է։ Դարձյալ իր նկարագրի մեծության և հանդուգն ձեռներեցության արդյունքն է Զվարթնոցի նման հրաշակերտ կոթողը, որ այնքան վտանգավոր և քաղաքական սոսկալի պայմաններու մեջ երևան բերավ, ինչպես կըսե Հովհաննես կաթողիկոս, թե «…ոչ ածեալ ըզմտաւ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց՝ գեղեցիկ իմն մոլութեամբ դնէ ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծառ յարկի տան Աստուծոյ…»[1]։

Որչափ որ մեծ էր Ներսես Ա իր բարեգործական մեծ հիմնարկություններով և բարեպաշտական հաստատություններով, նույնքան իրավունք ունի Ներսես Գ Շինող մեծ կոչվելու իր գեղարվեստական և շինարարական հսկա գործունեությունով։ Եթե իր նախորդ անվանակիցը անոթիները կկերակրեր, թշվառները կմխիթարեր ամեն կողմ, նյութական բարեգործություններով աղքատին ու կարոտյալին ֆիզիկապես կփրկեր, Ներսես Գ-ի գործունեությունը կոչված էր ժողովուրդին քաղաքակրթապես բարձր աստիճանի մի վրա դնելու և ազգերու շարքին մեջ պատվավոր տեղ մը տալու, թեև դժբախտ հանգամանքներ միշտ արգելք եղան անոր բոլոր բարձրագույն գաղափարներու իրագործման։

Ինձ համար բոլորովին պարզ է, որ Ներսես նախապես կազմած էր մի խոշոր ծրագիր Հայաստանի մեջ մշակութական մեծ հեղաշրջում հառաջ բերելու և գեղարվեստական նոր վերածնություն ստեղծելու համար կսպասեր հարմար առիթին։ Այդ առիթը կաթողիկոսական գահն էր. գահը Ժառանգելեն հետո կմնար ձեռնարկելու անմիջապես և ձեռնարկեց, առանց ի նկատի ունենալու ժամանակի և չարագուշակ հեռանկարի սպառնալիքները:

Ներսեսի նպատակը և ձգտումը չէր սահմանափակված միայն եկեղեցի և կաթողիկոսարան շինելուն մեջ, այլ իր ծրագրած հոյակապ տաճարի և կաթողիկոսական տան շուրջը հիմնել մի նոր քաղաք, ըստ ամենայնի համապատասխան բյուզանդական կամ հռոմեական մեծ կեդրոններու մեջ երբեմնի իր տեսած ու հիացած շուքով ու վայելչությամբ։

  1. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 83։