Այս էջը հաստատված է

Ահա միակ գաղտնիքը, ոը Նեսեսին հանելով Դվինեն, դուրս բերավ Վաղարշապատի առապարը, ուր ազատ և ընդարձակ հող կար իր ուզածին պես ձևակերպելու իր Նոր քաղաքին հատակագիծը։ Մանավանդ որ այնտեղ կար արդեն հին «Նոր քաղաքը» և, ըստ օտար պատմագրաց, հին Կայենոպոլիսը, որն որ երկու դարու անբարեհաջող դեպքերու պատճառով անշքացել էր, պետք էր որ վերականգներ իր սեփական անունով։

Թերևս նոր քաղաքի հիմնարկության և որոշ չափով հառաջ գնացած լինելուն հիշատակը պահված էր Թովմա Արծրունիի ժամանակ, որ նա «Նոր քաղաք» է անվանում Զվարթնոցի շինված տեղը[1]։

Հովհաննես կաթողիկոսի տված տեղեկությունը շատ պարզ է այս մասին, որն որ շատեր սխալ հասկցեր են. «Այլ և կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց» խոսքը պարզապես կնշանակե քաղաքի նման շենցնել առապարը նոր բնակչությունով[2]։ Այս պատճառով ալ ամենեն առաջ մտածեր է Քասախ գետեն ջուր բերել, առանձնապես իր նոր արվարձանին բավարարություն տալու համար[3]։

Եթե ոչ, ի՞նչ միտք ուներ Վաղարշապատես երեք վերստ հեռավորության վրա ավազախիտ անապատին մեջ կանգնել այնպիսի հոյակապ կոթողներ, որ բովանդակ Հայաստանի մեջ հազվագյուտ էր, և մնալ կղզիացած վանքի վանականներու նման, առանց շուրջը բնակություն ունենալու։ Այդ կդառնար մի վանք և ոչ թե կաթողիկոսական եկեղեցի կամ կաթողիկոսարան։ Մինչդեռ Ներսես բոլորովին հեռու էր այդ տեսակ մտադրութենե։

Տարակույս չիկա, որ Ներսես, եթե հնարավորություն ունենար Դվին մնալու և Դվինը բարեզարդելու, իր գործունեության կեդրոն կընտրեր այնտեղ, սակայն փոքր ի շատե մասնագիտական հասկացողություն ունեցողներու համար շատ դյուրըմբռնելի է, թե որչափ դժվար էր դարերով առաջ հիմնված և զանազան անկանոնություններով աղճատված, մանավանդ վերջին ավերումներու պատճառով բոլորովին ողորմելի ու անկարգ կերպարանք ստացած քաղաք մը կարգի, կանոնի բերել, առանց առասպելական զոհողություններու և ժողովրդական տեղի ու անտեղի տրտունջներու, եթե ի նկատի չառնենք, որ նույնիսկ նորաշեն ս. Գրիգոր եկեղեցին ալ որչափ որ շքեղ ե գեղեցիկ շինված լիներ, իր զուտ արևելյան և Հայաստանի համար սովորական դարձած ոճով, դարձյալ Ներսեսին հոգեկան բավականություն չի պիտի պատճառեր։ Ուստի ամեն բան նոր ոճով, նոր ճաշակով կուզեր տեսնել, հետևաբար ազատ հողի վրա ինքը նոր պիտի ծրագրեր ու ձևակերպեր իր հոյակապ տաճարը, կաթողիկոսարանը և անոր շուրջը «ամբոխութիւնս երդումարդաց ըստ պայմանի քաղաքականաց», այսինքն՝ Նոր քաղաքը[4]։ Այն ժամանակ Ներսեսի համար շատ դժվար չէր լինելու Դվինեն, Վաղարշապատեն և ուրիշ զանազան տեղերե իր շուրջը հավաքել բնակչության ընտիր դասակարգ մը։

Թե որչափ հառաջ տարավ գործը այս տեսակետով, այդ չեմ ըսել, միայն հիմնվելով Հովհաննես

  1. Թովմա Արծրունի նշվ. աշխ., էջ 260։
  2. Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 88։
  3. «Ած ջուր և եբեր զգեստոյն և արկ ի գործ զամենայն վայրսն առապար, տնկեաց այգիս և ծառատունկս, և շուրջանակի պատուարեաց զբնակութեամբ գեղեցկադիր յաւրինուածով բարձր պարսպաւ ի փառս աստուծոյ»։ Տե՛ս Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, Թիֆլիս, 1913, էջ 192—193։ «Յառաջ խաղացեալ աստի իբրև կիսով հրասախի, հասանք ի տեղին անուանեալ Քեշիշ գօլի, Լիճ քահանայի թարգմանեալ ի մերս, որ լքեալ և ամայի որպէս և էրն, տակաւին երևեցացանէր զկերպարանս ցամաքեալ լճի, զորով արկանէր ճանապարհն՝ որ հանէր յԵրևան քաղաք։ Բայց գետակն ինչ յայսոսիկ կողմանս Արարատեան դաշտի՝ չիք ուրեք տեսանելի. և ի գետոյն Քասաղայ այսր հանեալ ջուր, դուն ուրեք նշմարելի։ Այլ առընթեր սորա ի հյուսիսոյ կողմանէ, ընդ ամենայն տարածութիւն Առապարին մինչև ցԵրեք բլուրսն Երևանայ, որք այժմ անուանեալ կոչին Իւչթափէ՝ ըստ Պարսկաթուրք բարբառոյն, ձգէր առու վտակափոր և ցամաքեալ. և ի տեղիս հզօր պարսպօք յառնէր ի խորոց և ի փորոց՝ ի հաւասարութիւն զուգակշիռ ընթացից ջրոյն, զոր որպէս ի վերագոյնդ յիշեցաք, կամեցաւ վերստին բանալ Սարդարն Երևանայ՝ ծախիւք էջմիածնի։ Զայս վտակ, զոր հանին հինք ի Հրազդան գետոյ, առ ոտամբ Ծիծանաբերդն անուանեալ բլրոյն՝ յանդիման Կոնդալ, վէմս՝ կամ լաւ ևս ասելով ժայռս մեծամեծս ծակելով և ընդ մէջ հոսեցուցանելով զայս ջուր»։ Տե՛ս Թաղիարյանց Մ., Ճանապարհորդություն ի Հայս, հ. 1, Կալկաթա, 1847, էջ 117—118։
  4. Հովհաննես Դրասխանակերացի, նշվ. աշխ., էջ 88։