փրկությունը և այդ համոզման համար հալածվելով երկար տարի Թեոդորոս Ռշտունիի նման հզոր ախոյանե մը, ինքզինքը կամավոր աքսորի դատապարտեց վեց տարի, մինչև իր ախոյանի մահը[1]։
Ձախորդ բախտը կարծեք հատկապես կհալածեր Ներսեսին և անհնարին դառնալու չափ արգելքներ կելլեին իր ծրագրի լիակատար հաջողության դեմ։ Թե ո՞ր աստիճան գործը հառաջ գնացած էր, այդ հետո կտեսնենք, այնուամենայնիվ դեռ լիովին չի վերջացած, 651 թվականին Թեոդորոս Ռշտունիի հունաց կայսեր դեմ ապստամբելը Հայաստանը այնքան փոթորկեց, որ մինչև իսկ Կոստանդ կայսրը 652 թվականին մեծ զորքով Հայաստան եկավ հայությունը ջնջելու համար։ Ներսես ամեն ինչ մոռացած, փութաց ընդառաջել կայսեր, անոր ահեղասաստ բարկությունը մեղմելու և Հայաստանը սպառնացող սոսկալի աղետեն ազատելու համար։ Ահա այս առթիվ զիջավ չարաբաստիկ հունածես հաղորդության մինչև իսկ, որը եղավ իր անձին միակ արատն ու մեղադրելի պարագան[2]։ Թեև հաջողեցավ Հայաստանը կոտորածե ազատել, սակայն հակահունական ուժեղ կուսակցության ձեռքեն ազատելու համար կայսեր հետ հեռացավ Պոլիս[3], այնուհետև ալ վերադարձավ Տայք իր հայրենի երկիրը 653 թվականին, կայսեր Հայաստան գալու հետևյալ տարին։
Ըստ Հովհաննես կաթողիկոսի՝ Ներսեսի հեռանալովը գործը կանգ չառավ[4]։ Շինության շարունակությունը Ներսես հանձնեց իր սենեկապետ Անաստաս Ակոռեցիին (հետո իրեն հաջորդ կաթողիկոս), որը շարունակեց մինչև Ներսեսի վերադարձը, առանց, սակայն, վերջացնել կարենալու։
Ներսեսի այս հանձնարարությունը կարող է ճիշտ լինել, սակայն երբեք հավատալի չէ առանձնապես տաճարի շինության նկատմամբ, որովհետև ոչ Ներսես կարող էր հավատալ Անաստասին այնքան փափկաճաշակ և խոր հմտություն պահանջող գործը, և ոչ ալ Անաստաս կարող էր հանձն առնել իր գիտակցութենեն և կարողութենեն վեր մի գործի պատասխանատու ղեկավարությունը։ Եթե հավատանք Մովսես Կաղանկատվացու այն տեղեկության, թե կայսրը ճարտարապետին միասին տարավ Կ. Պոլիս, այն ժամանակ բոլորովին պարզ կլինի, որ Անաստաս չէր կարող այդ տեսակ մեծ գործ մը գլուխ բերել առանց ճարտարապետի[5]։
Զվարթնոց տաճարը և շրջակա շինություններու մեծ մասը, ոճի և ճաշակի տեսակետով անհունապես կտարբերին մեկզմեկե։ Ով որ արվեստագիտական աչքով կդիտե, կտեսնե, որ տաճարի ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված է Ներսեսի հատուկ ճաշակը և ճարտարապետական ու գեղարվեստական հմտությամբ օժտված ղեկավարի մը շնորհքը։ Այդ շնորհքը կամ գիտությունը Զվարթնոցի ինքնուրույն ոճի վերաբերմամբ Անաստաս երբեք չէր կարող ունենալ, որովհետև Անաստասի մասին պատմագրական մեր տեղեկությունը անոր շատ սահմանափակ զարգացումը կապացուցանե։
Ուրիշ հանգամանք մը ևս ի նկատի ունենալ անհրաժեշտ է այս մասին։
Ներսեսի բացակայության ժամանակ մի՞թե Անաստաս Ակոռեցին կարող էր Զվարթնոցի նման ահագին գումարներ պահանջող շենքին նյութական միջոցեր հասցնել, երբ ի նկատի ունենանք, որ հայոց կաթողիկոսներու նյութական աղբյուրը ժողովուրդն է։ Քաղաքականապես
- ↑ «…և եկն դադարեաց ի Տայս՝ մինչև մեռավ Ռշտունեաց տէրն, դադարեց ասպատակ տաճկին. և ապա յետ վեցերորդի ամի հալածանացն դարձու անդրէն ի տեղիս իւր. և հաստատեցաւ յաթոռ կաթողիկոսութեան. փութայր կատարել զշինուած եկեղեցւոյն՝ զոր շինեաց ի վերայ պողոտային Վաղարշապատ քաղաքի»։. Տե՛ս Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն, Թիֆլիս, 1913, էջ 244։
- ↑ «Այլ զի ի հարկէ հնազանդեցան Հայք Հագարացւոցն, ելանէ բարկաթեամբ կայսրն ի Հայս՝ և Ներսէս կաթողիկոս աղերսելով տանի իջուցանէ ի Դուին ի կաթողիկոսարանին. և հաղորդին ի միասին կայսրն և կաթողիկոսն և կան ութ օր ի խորհրդեանն ըստ յունաց սովորութեան։ Եւ քարոզեցին զժողովն Քաղկեդոնի։ Եւ եպիսկոպոս ոմն ի վայր իջեալ ի բեմէն եմուտ ի մէջ ամբոխին, և զկնի հարցեալ կայսերն ցեպիսկոպոսն, «թէ ընդէ՞ր զի յառաջ քան զերկու ամ ժողով արար և նզովեաց զամենայն հերձուածողս և առաւել ևս զժողովն Քաղկեդոնի»։ Տե՛ս Մեծին Վարդանայ Բարձրբերդեցւոյ Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 95—96։
- ↑ Կոստանդ կայսեր Մավրիանոս զորավարին հետ Ներսես Գ գնաց Պոլիս 653-ին։ Կոստանդ գնացել էր 652-ին։
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, նշվ. աշխ., էջ 90։
- ↑ Մովսես Կաղանկատվացի, նշվ. աշխ., էջ 363—364։