Այս էջը հաստատված է

եղավ կազմել ամբողջ վերակազմությունը։ Վերակազմությանս ճշտության իբրև ապացույց, տարիներ հետո, երևան եկան պրոֆ. Ն. Մառի ջանքերով, Անիի գագկաշեն ս. Գրիգոր և Բանակի եկեղեցիները:

Հետևաբար, եթե պատահաբաբ ես վրա չի հասնեի և ըստ կանոնի չի հետևեի յուրաքանչյուր բեկորի ինկած տեղին, դիրքին, չափերին, և մնար Խաչիկ վրդ.–ի հասկացողությամբ և ամեն ինչ ոչնչացնելու ուղղությամբ հառաջ տարվեին մնացած պեղումները, պարզապես պետք է միանգամայն կորած լիներ Զվարթնոցի ընդհանուր կառուցվածքն ու ներքին և արտաքին ձևերը։

Արտաքին կողմից վստահ եմ, որ անթերի վերակազմված է Զվարթնոցը, սակայն ի ներքուստ կան այնպիսի կորուստներ, որոնք միանգամայն անդառնալի են։ Օրինակի համար, ըստ դարաշրջանի ոճերու, գմբեթի նիստը պանտանտիվների վրա էր, թե՞ տրոմպների վրա, ի՞նչ բնորոշ կազմություն ուներ գմբեթի կտակը և ուրիշ ի՞նչ մանրամասնություններ կային արտաքուստ այդքան շքեղ տաճարի մեջ՝ ներքին կողմից դարաշրջանի ճաշակը և ոճը արտահայտող։

Միմիայն բոլորակ տաճարը չէ, որ այս այլանդակության մատնված է իր ներքին կազմի կողմից, այլև Զվարթնոցի շինարարական պատմության համար անդարձ կորած են հարավային կողմի ընդարձակ շինությունների կառուցվածքը, նրանց ծածկի ձևերը, լուսամուտների դասավորությունները և ուրիշ բազմաթիվ մանրա- մասնություններ, որոնք այլևս անհնարին է որևէ կերպով վերակազմել և գաղափար կազմել ժամանակակից շինարարական ոճերի վրա, մանավանդ այդ շինություններից երկու մասեր, որոնք վերին աստիճան հետաքրքրական են մեր այսօրվան շինարարական արվեստի տեսակետով իսկ։ Այս մասերեն մեկն է այն բաժինը, որուն մասին Խաչիկ վրդ. երկար դասախոսություններ է կարդում այցելուներին, անհեթեթ կերպով համարելով հայոց հին կրակապաշտական տաճար, առանց դրական ապացույցների, երկրորդը՝ կաթողիկոսական մեծ դահլիճը, որուն կազմությունը գեղարվեստի և ճարտարապետության պատմության համար անգնահատելի պիտի լինեին։ Այժմ այս բոլոր շենքերից անհետացել են շինարարական ապացույցներ և քարեր, իսկ տեղում մնացած մասերը լոկ հատակագծի միայն արժեք ունեն։

Միայն Զվարթնոցը չէ, որ Խաչիկ վարդապետի բրչի տակ կորցրել է իր բոլոր ցանկալի առանձնահատկությունները ի վնաս գեղարվեստի պատմության. կան նաև ուրիշ տեղեր, որոնք ավերված ու ոչնչացած են՝ անկարգ ու անգիտակից փորումների պատճառով։ Միևնույն ձևով պեղվել են Բաշ-Գառնին, Դվինը, Եղ- վարդը և ուրիշ կարևոր վայրեր։


8. ԶՎԱՐԹՆՈՑԻ ՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԾ ԱՇԽԱՏՈԻԹՅԱՆՍ ՆՊԱՏԱԿԸ[1]

Ներկա աշխատությունս, որը գրեթե Զվարթնոցի ավերակների մասին ունեցած ուսումնասիրությանս մի գլուխը կկազմե, նախապես հայտնեմ, որ լիովին ճարտարապետական ուսումնասիրության բնույթ չունի, այլ նպատակ ունի մի մեծ և աններելի թյուրիմացություն և կամ միտումնավոր խեղաթյուրում ուղղելու, որը մասնավոր մի անհատի կողմից կապվում է այդ հուշարձանի պատմական անցյալի հետ։

Խաչիկ վարդապետ Զվարթնոցի շուրջ գտնված շինությունների մի մասին մեջ տեսնում է կրակապաշտական տաճար, և որպես թե կրակապաշտությունը Հայաստանի մեջ երկար դարեր տիրող մի կրոն է եղած, այն ալ Հայաստանի սրտին վրա, որպիսին է Վաղարշապատը։ Եվ ըստ Խաչիկի, իբր Հայաստանում այնքան բազմացած էին կրակապաշտներ, որ տաճարներ էին կանգնում նույնիսկ VII դարուն (անվիճելի ապացույցներով կրակատուն համարված մասը VII դարու շինություն է) և իբր նույնությամբ էլ մնացեր է մինչև այսօր՝ քրիստոնեության ջերմ նախանձախնդիր հայ կղերի և անոր հլու հնազանդ ժողովուրդի վրեժխնդրությունից ազատվելով։

  1. Թորամանյան Թ., Նյութեր…, հ. 2, էջ 92-106 (այլ վերնագրով):