Այս էջը հաստատված է

այդքան հասարակ պղնձի կտորներե կազմված պղնձի գծուծ ջահ մը, մինչդեռ քանի մը քայլ անդին, իր կնոջ, Կատրանիդե թագուհիի շինած կաթողիկեին գագաթը կշողշողար մարդաչափ բարձրությամբ արծաթյա խաչը և ներսի կողմեն լուսաշող ճառագայթներու մեջ հավատացելոց բազմությունը կողողեր Հնդկաստանեն բերված Ը բյուր արժողությամբ բյուրեղյա ջահը։

Արդ նմանապես չէ կարելի ընդունել, որ այդ գտնված մոմակալը, կանթեղը, բարվառը Գագիկի ժամանակ գոյություն ունեցող և անոր ճաշակով ընտրված անոթներն ըլլան, մինչ յուր թագուհին յուր սեփական եկեղեցին «Ջարդարեաց ի զարդ ծիրանեծաղիկ ոսկեթել նկարագործ անկուածոց, արծաթեղէն և ոսկեղէն և բազմապայծառ լուսատու անօթոց վայելչությամբ, որովք ջահանայր ըստ երկնային կամարին կաթողիկէն սուրբ…»[1]։

Անտարակույս Ալփասլանի հարձակման ժամանակ ս. Գրիգորը թեև վտանգված, բայց կանգուն էր, հետևաբար, ինչպես Կաթողիկեն, նույնպես ս. Գրիգորը, իբր արքունի եկեղեցի թալանողներու վայրագ ախորժակը պիտի գրգռեր, և պիտի կողոպտեին մինչև ետին սպասը։ Գուցե, իբր ավելի գերազանց շինություն, փոխան Կաթողիկեին՝ մահմեդական մահիկը ս. Գրիգորի սիգապանծ գագաթին վրա փայլեր՝ եթե վտանգված և կարկատաններով տգեղացած չըլլար։

Ալփասլանի զարհուրելի ավերածեն հետո շատ երկար տարիներ պետք էր, որ Անիի ժողովուրդը, վերստին կազդուրվելով, մտածեր այդ արքայական մեծ հիշատակարանն իր նախկին պայծառության մեջ դնել, սակայն մինչև այն ատեն կործանման վտանգը այնքան անխուսափելի դարձած էր, որ Գագիկի հիշատակին նախանձախնդիր սերունդը, անոր սիրած տաճարին մեջ խունկի ու աղոթքի քաղցր բույրը մշտավառ պահելու բարեպաշտ զգացումով, շատ համեստ սպասքներով զարդարած իբրև մատուռ շարունակեր են պաշտամունքը մինչև վերջին փլուզման օրը։ Ահա այդ անշուք ժամանակի անոթներն էին, որ վերջին կործանումը թաղեր էր բեկորներու տակ և մեր ձեռքը հասան։ Մինչև կործանումը պաշտամունքը շարունակված ըլլալուն միակ ապացուցը կարելի է համարել մոմակալը, որուն վրա տակավին կմնար վառված մեղրամոմը իր պատրույգի ածխացած ծայրով։

Ե՞րբ և ինչպե՞ս կործաներ է իր բարձրաբերձ կրկնակ գմբեթով, կանգնողի անվան արժանի հպարտությամբ Անիի բոլոր եկեղեցիներու վրա իշխող այս անզուգական տաճարը։ Այդ մասին պատմությունը ոչինչ չէ ավանդած, միայն պեղումները բավականին լույս սփռեցին անոր փլչելու պատճառներուն և մասամբ ալ ժամանակին վրա։

Անիի ս. Գբիգոր <եկեղեցին> շինող ճարտարապետը, ինչ որ ալ ըլլա պատճառը, միշտ մեղադրելի պիտի մնա իր ունեցած անհեռատեսության մեջ, որ ոչ միայն հրաբխային ավազուտ քարերով, այլև ապառաժի կտորներով խառնված զանգվածով մը ծանրաբեռներ է գմբեթակիր սյուներու կամարները։

Այս պարագան ինձի իրավամբ առիթ կուտա մտածելու, որ Անիի ս. Գրիգորի ճարտարապետը ոչ միայն մեզ ծանոթ (ըստ Ասողիկի) Կ. Պոլսո ս. Սոֆիա եկեղեցիի հսկայական գմբեթը նորոգող և Անիի Կաթողիկեն հիմնարկող Տրդատը չէր, այլև միևնույն ժամանակ Կաթողիկեն կառուցանող ճարտարապետին հսկողութենեն ալ հեռու էր ս. Գրիգորը…

Սեղանին հարավային կողմի մեծ սյունին վրա փորագրված «ՆԿԲ թուականին շրջակամար կա (ռուցաւ)» արձանագրութենեն կհասկացվի, որ, հազիվ տասը կամ տասներկու տարի անցած, սկսեր է ճեղքվել եկեղեցին, ծանրությունը կրող սյուներեն մեկ քանին ջարդվեր են, և շենքը արևմտյան կողմեն հակվեր է դեպի դուրս։ Ուստի վերահաս վտանգին առջևը փակելու համար, անմիջապես ծանրության ճնշած ութը կետերուն հինգին տակ սրբատաշ քարերով հյուսված ութը հաստահեղույս սյուներ կանգներ են, որոնց տրամագիծը չորս մետրեն ավելի է. և նախապես գոյություն ունեցող շրջակամարի մեկ մասը կրկներ են արևմտյան կողմին վրա, որուն մասին կակնարկե արձանագրությունը։

Այս նորոգությունը թեև եկեղեցիի նիստավոր տեսքը նսեմացուցեր էր, որովհետև նոր շինված հաստ սյուները մտից դռներու դիմաց գալով, անոնց մուտքը մասամբ խափաներ էին,

  1. Ասողիկ, նշվ. աշխ., էջ 256։