Էտապ

Շուշանիկ Կուրղինյան


Էտապ


Փլփլացին սև ջահերը
Փողոցում,
Տիրեց աղմուկ կես գիշերվա
Լուռ ծոցում։

Շղթաների ձայնը տխուր,
Միալար
Հեծկլտանքով երկինք թռավ
Օդապար։

Սերտ շարքերով ծեր ու ջահել
Այլասեռ,
Գնում են լուռ, իրար կողքի՝
Կիսամեռ․․․

Շղթա՞ էր պետք, կույր հոգիներ
Ձեզ համար,
Որ սրտերդ մի տենչանքով
Միանար։

Շղթա՞ էր պետք ձեզ, խավարի
Զավակներ,
Որ լծակից կրեիք ցավ,
Զրկանքներ։


1907 թ. 2 նոյեմբերի