Էրդողանի նախնիներն ու Հայոց ցեղասպանությունը
- Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ թուրքագետներ ունենք պատվավոր՝ թող նրանք պրպտեն պարզեն՝ ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը, տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել:
- Մ.Մ. Չորրորդ ինքնիշխանություն, 10 դեկտեմբերի 2009թ.
- (Շարահյուսությունը պահպանված է անփոփոխ, որի համար ընթերցողից ներողություն եմ խնդրում)
- Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ թուրքագետներ ունենք պատվավոր՝ թող նրանք պրպտեն պարզեն՝ ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը, տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել:
Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. «Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից»: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» նախադասությունից հետո:
Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում,[1] ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ:[2] Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում,[3] որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:[4]
Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը՝ մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր 5 երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi): Արդեն ուսումնառության տարիներին՝ 16 տարեկանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերևս Ռեջեփն իր պապի նման իմամ դառնար, եթե կրոնն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տեղ չգրավեր Թուրքիայի քաղաքական կյանքում:
Ռեջեփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգությամբ՝ արաբ: Նրանք ունեն 4 երեխա:
Հիմա՝ ցեղասպանության իրականացման մասին:
Որևէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որևէ մեկը չի մեղադրում նաև թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեև մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները, մեղավոր չլինելով նացիստների հանցագործությունների համար, պատասխանատու են դրանց համար և մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատվությունը: Իսկ այդ պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլև տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված և հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ:
Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը (legal continuity), այլև շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին՝ երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Իթթիհադ վե թարրակի կուսակցության անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ երիտթուրքերի կառավարման շրջանի մեջ ներառում են նաև հանրապետության առաջին տասնամյակները՝ 1908-50թ.:[5]
Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեև, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են:
Հետևաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է վայելել հանցագործության պտուղները, նա առնվազն հանցակից է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:
Ի վերջո հանցագործները միայն նրանք չեն, որ իրականացնում են հանցագործությունները, հանցագործներ են նաև հանցագործությունը պարտակողներն ու գողոնն իրացնողները:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Քարթվելները բաղկացած են 4 ազգակցական խմբից՝ սվաններ, վրացիներ, մենգրելներ և լազեր [Kutscher S., Nena L. The Language of the Laz, University of Cologne]:
- ↑ RFE/RL, July 23, 2007.
- ↑ Ռիզեից են նաև Թուրքիայի մեկ այլ վարչապետի՝ Ահմեդ Մեսութ Յիլմազի (Ahmet Mesut Yılmaz) նախնիները, սակայն վերջինիս վերագրվում է համշենահայ ծագում:
- ↑ Ռիզե քաղաքը ռուսների կողմից գրավվել է 1916թ. մարտի 7-ին [The Russian Campaign of 1915-16 in Armenia. The Times History of the War. London, 1917, v. X, p. 260]:
- ↑ Zurcher E.J. Turkey, The Modern History. London-New York, 1998.
12 դեկտեմբերի, 2009թ.