20. ԷՐԿՈՒ ԱՂՊԵՐ

Ժամանակով մի թագավոր կար, էրկու տղա ուներ։ Օրերից մեկ օր թագավորն ու թագուհին, իրանց էրկու տղի հետ, իրանց բալկոնումը նստած ին, թամաշ ին անում դպա բախչեն։ Բախչումը մի բարդի ծառ կար, էդ ծառի վրեն լակլակի բուն կար, ամեն վախտ լակլակը ըտեղ էր ըլնում։ Էկավ գարունքը լակլակը էրկու ճուտ հանեց, մի քանի օրից եդը էդ ճուտերի մերը սատկեց։ Լակլակը մի քանի օրից եդը գնաց, մեկը բերեց։ Էդ թագավորի, թագուհու թամաշ արած վախտը ըդրանց խորթ մերը ճուտերին ծեծեց, սատկացրեց, քցեց բնից ներքև։

Թագավորն ու թագուհին որ էս տեհան, մի թավուր էլան, թագուհին ասեց.— Ես էլ որ մեռնեմ, դու կէթաս ուրիշ կնիկ կբերես, քու տղեքանցդ էդ օրը կքցի:

Մարդ ու կնիկ իրար խոսք տվին, որ մարդը մեռնի՝ կնիկը չպսակվի, կնիկը մեռնի՝ մարդը չպսակվի։

Էկավ մի միջոց մնաց, թագավորի կնիկը մեռավ. էկան վեքիլ-վեզիրը կաննեցին, թե.— Պտի՛ պսակվես, թագա՛վոր։

Թագավորն ասեց, թե.— Ես ուխտ եմ արե, որ չպսակվեմ։

Իլլաջ չէլավ, բերին զոռով պսակեցին։ Պսակվելուց եդը մի քանի օր արանքը անց կացավ, վեզրի կնիկը, նազրի կնիկն էկան տեսություն ու հարցրին, թե.— Ըսկի քու տղեքը քու մոտը գալի՞ս են՝ քեզ տենալու։

Ասեց.— Ինձ տղա ո՞րդիան ա։

Ասեցին.— Ախար էրկու լավ տղա ունես:

Ասեց.— Հարցնում եմ թագավորին, ասում ա չունեմ։

— Ո՛նց չունի, էրկու տղա ունի, ուսումնարանումն են։

Ըդոնք թողացին գնացին։ Թագավորը, որ իրիկունը էկավ տուն, թագուհին ասեց.— Բա՛ ասում ես՝ ինձ տղա չունեմ։

Թագավորն ասեց.— Տղա չունե՜մ։

Կնիկն ասեց.— Չէ՞ որ ուսումնարանումը կարգում են, ինձ խի՞ ես խարում, ինձ խորթի տեղ ես դնում, հա՜, տղեքդ չես բերում՝ տենամ։

Թագավորը խոստացավ, որ տղեքանցը բերի, տենա։

Էգսի օրը մենծ տղին թամբահ արեց, վե կացավ էկավ, ոնց որ իրա ծնող՝ գնաց ձեռը պաչեց։

Մերը տեհավ տղեն շատ սիրուն ա, երիտասարդ ժամանակը, սիրահարվեց, ասեց.— Ես քու հորդ չե՛մ առե, ես քեզ հմար եմ էկե։

Տղեն ասեց.— Չէ՛, դու իմ ծնող մերն ես։

Շատ ասելուց եդը, տեհավ որ տղեն կամք չտվեց, գլուխ-մլուխը քանդրտեց, էրես-մերեսը ճանկտռտեց, վե կացավ յա՜լլա թագավորի կուշտը, ասեց.— Ո՛չ դու ըլնես, ո՛չ քու թագավորությունը, ո՛չ քու տղեն, էս ի՞նչ ա իմ հալը, ինձ քե՞զ հմար էս բերե, թե քու տղի՞ հմար։

Հերը բարկացած հրամայեց, որ տղին կանչեն, գլուխը տան։ Վեքիլ-վեզիրն ասեցին.— Թագա՚վոր, կարող ա սուտ ըլնի, եդի կնիկ ա, ընչի հմար ես առանց քննությունի գլուխը կտրում։

Վեզիրը թաքուն մարդ ա ղրկում, տղին իմաց ա տալի, որ հերը վրին բարկացել ա, գլուխը պտի կտրել տա, քանի թեզ ա, փախնի։

Տղեն էկավ խուրջընի Էրկու աչքը ոսկի լցրեց ու ձին նիլլավ, փախավ գնաց։ Գնաց, մի տեղ չադիր տվեց, նստեց։

Խաբարը տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը եբոր լսեց աղպոր գլխի էկածը, ասեց.— Քանի թեզ ա, ես է՛լ փախնեմ, թե չէ իմ գլխին էլ էն օյինը կհաղա:

Էկավ, մի խուրջին ոսկի վե կալավ, ձին նիլլավ, գնաց։

Գնաց, գնաց, հասավ աղպորը։ Եբոր հասավ աղպորը՝ աղպերն ասեց.— Դո՛ւ էլ էկա՜ր:

Ասեց.— Էլ ես մնայի ի՛նչ անեի, էգուց էդ օյինը իմ գլուխը պտի հաներ։

Վե կացան, չագիրը քանդեցին, ձիանը նիլլան, գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, էդ պուճուր աղպերը շատ ծարավացավ, մենծ աղպորն ասեց.— Ես ծարավ մեռա:

Աղպերն ասեց.— Ի՞նչ անեմ, ըստեղ ջուր չկա։

Ասեց.— Ես մեռա, հմի ձիուցս վեր կընկնեմ, ուշս էթում ա:

Ասեց.— Մի քիչ էլ քեզ պահա՛, հրեն չայիր-չիման ա էրևում, կարելի ա ընտեղ ջուր ըլնի։

Գնացին, տեհան, որ աղպուր կա, պուճուր աղպերը իրան ձիուցը վե քցեց, հասավ ջրին։

Մենծ աղպերն ասեց.— Բո՛լ ա խմես, քեզ կվնասի։

Ասեց.— Թո՛ղ մի կուշտ խմեմ, ես մեռա՜։

Մենծ աղպերը ըտեղ լվացվեց, դինջացավ, նոր ջուր խմեց։

Մին էլ տեհավ, որ պուճուր աղպերը վեր ընկավ ու «մեռա՜, հա՛, մեռա՜» բղավեց։

Մենծ աղպերը հասավ, աչքերը տրորեց, էրեսը տրորեց, տեհավ, իլլաջ չէլավ՝ պտի մեռնի, ասեց.— Աղպե՛ր, էթամ մի հեքիմ բերեմ քեզ հմար։

Բերեց աղպոր խուրջինը դրեց գլխատակը, ձին էլ մոտին կապեց, ինքն իրա ձին նիլլավ գնաց։ Շատ գնաց, քիչ գնաց, հասավ մի քաղաք: Տեհավ Դոլվաթ-ղուջին բաց են թողե, թագավոր են հընդրում. ինքն էլ գնաց մի ղրաղ տեղ կաննեց, թամաշ ա անում։ Դոլվաթ-ղուջին բրախ տվեցին, ման գալով, ման գալով էկավ, էդ տղի գլխին կաննեց։ Ղուջը վե կալան, էլի բրախ տվին, էլի էկավ էդ տղի գւխին կաննեց։ Եբոր էկան Ղուջը տանելու, էդ տղի վրին բարկացան, տարան մի օթախ քցեցին, դուռը շինեցին։ Ղուջը էլի գնաց բուխարովը մտավ՝ աղի գլխին կաննեց։ Էկան, վե կալան, տարան համամ, թագավորական շորերը հագցրին, դրին թագավոր։

Խաբարը տանք պուճուր աղպորիցը:

Պուճուր աղպերը ըտեղ շատ պառկեց, մեկ էլ տեհավ մի բազրգյան էկավ, դըքի գլխիցը տեհավ աղպրի կշտին մի ձիավոր պառկած ա։

Գյադին ասեց.— Մի գնա տե՛ս, էն ի՞նչ մարդ ա, կարող ա գող ըլնի՝ մեզ վնասի։

Գնաց, էկավ, ասեց.— Մի մարդ կա՝ ընդի մեռած ա:

Բազրգյանն էկավ ձիուցը վեր էկավ, տեհավ տղի ուշը գնացել ա, ասեց․— Էրևում ա ջուր ա խմել, վնասել ա։

Բերեց սրան ֆոտ տվեց, մասնավոր ուշն էկավ վրեն, ջուր տվեցին էրեսին, լվացվեց, վե կացավ, նստեց ձին, բազրկյանը հաց տվեց, կերավ։

Բազրգյանն ասեց.— Արի՛ քեզ շինեմ ինձ տղա, ինձ ժառանգ չունեմ։

Ասեց.— Չէ՛, ես պտի էթամ իմ աղպորը ման գամ գտնեմ։

Վե կացավ, շնորհակալություն արեց էդ բազրգյանիցը, ձին նիլլավ՝ գնաց։ Շատ գնաց, քիչ գնաց, հասավ էն քաղաքը, որ աղպերը ըտեղ էր։ Եբոր հասավ՝ մութն ընկած էր, դռնապանը դարվաղեն շինում էր. շատ աղաչանք արեց, որ թողա, մննի քաղաքը, տեհավ չէլավ, խուրջնի բերանը բաց արեց, մի բուռ ոսկի տվեց, դռնապանը դուռը բաց արեց, տարավ իրան ղոնաղ։ Գշերվա կիսին դռնապանը կացինն առավ, ընկավ էդ տղի ջանին, ջարդեց, էլ հալ շթողաց, փալասի մեջ կոլոլեց, տարավ համամի դուռը վե քցեց, թողաց էկավ, մի խուրջին ոսկին ու ձին տիրապըտեց։

Առավոտը որ համամչին գնաց դպա համամը, տեհավ փալասի միջին մի կոլոլած բան կա. բաց արեց, տեհավ մի սիրուն տղա ա, անջաղ նվում ա։

Շըլակեց, տարավ իրանց տունը, կնկանը ասեց.— Ա՛յ կնիկ, էս լավ էլավ, մեզ տղա չունեինք, աստված տա՛ր՝ լավանար, կլներ մեզ տղա։

Պահեցին իրանց տանը, դեղ արեցին, հինգ վեց ամսվա մեջը անջախ դրա յարեքը սաղացան: Տղեն վե կացավ, յավաշ-յավաշ ման էր գալի։ Մեկ օր դպա բազար գնաց, բիրդան էդ դռնապանը պատահեց։

Տենալուն քիմի դռնապանը ճանանչեց.— Ա՛յ հա՜յ,— ասեց,— կէթա թագավորին գանգատ կանի, ինձ կկանչի, կսըպանի։

Էդ օրերը թագավորը գյամին ղրկելու էր, որ էթա ծովի էն ղրաղիցը իրա հմար մի աղջիկ բերի։

Դռնապանը գնաց գյամչու կուշտը, ասեց.— Ըսքան ոսկի կտամ քեզ, ասա՛, թե. «Գյամին չի էթում, մատաղ ա ուզում», համամչու տղեն բալքի բերես քցես ծովը։

Գյամչին էթում ա թագավորի կուշտը, գլուխ ա տալի, կաննում ա:

Թագավորն ասում ա.— Հը՛, ինչ կա:

Ասում ա.— Թագա՛վորն ապրած կենա, գյամին չի էթում։

Օխտը տարին մի հետ մի տղա մատաղ ենք տալի ծովին, էս ա օխտը տարին թամմել ա, մի տղա պտի մատաղ տանք։

Ասեց.— Ախար մեղք ա, ըտենց բա՞ն կըլնի։

Ասեց.— Դո՛ւ գիտաս, առանց մատաղի գյամին չի էթա։

— Դե որ ըտենց ա,— ասեց թագավորը,— գնա մեկին տար, քցա ծովը։

Գյամչին էկավ համամչու տղին վե կալավ տարավ գյամու մեջ։

Տեհավ տղեն շատ սիրուն ա, դուրեկան, ասեց.— Մեղք ա, խի՞ քցեմ ծովի մեջ, կտանեմ, բրախ կտամ ծովի էն յանը։

Վեր ա ունում, տանում ա, գյամուցը հանում, բրախում։ Տղեն էթում ա էդ քաղաքի մեջ ման ա գալի, տենում ա մի մարդ մի ղութի շըլակել ա, ման ա գալի, բղավում ա. «Առնո՜ղն էլ ա փոշման, ծախո՜ղն էլ ա փոշման»։

Էդ տղեն մոտանում ա, ասում ա. «Էդ ի՞նչ բան ա, որ առնողն էլ ա փոշման, ծախողն էլ»։

Ասում ա.— Ես էլ չեմ գիտում։

Թե.— Բա ի՞նչ ա դրա գինը։

Թե ինչ կտաս, տո՛ւ։

Տղեն հանում ա մի քանի ոսկի ա տալի, առնում, բերում ա դնում գյամու մեջը: Թագավորի նազիր-վեզիրը թագավորի հմար աղջիկ են ջոկում, բերում գյամին դնում, քշում։ Էդ տղեն էլ էթում ա մի քյոշա, նստում։ Մնում ա մինչև իրիկուն, մութը ընկնում ա, էդ տղեն ղութու դուռը բաց ա անում, տենում ա՝ էս ա մի աղջի՜կ կա միջին, չուտես, չխմնս, կաննես խադ ու խալին թամաշ անես։ Նստում են իրար հետ հաց են ուտում։ Բիրդան գյամչին գալիս ա տենում էդ աղջիկն ու տղեն իրար հետ հաց են ուտում, աղջկան տենալուն պես՝ խելքը գլխիցը էթում ա։

Կաննում թամաշ ա անում, տղին ճանանչում ա, ասում ա.— էս էն տղեն ա, որ պտի քցեի ծովը, հմի կքցեմ, աղջիկը կառնեմ։

Թողում ա, էթում:

Աղջիկն ասում ա աղին.— Գլխիդ ճարը տե՛ս, գյամչին քեզ պտի քցի ծովը։ Ըտեղարենք ման արի տես, հաստ քոթուկ կա՝ գտի, բե՛ր, դի՛ քու տեղաշորի մեջը:

Տղեն ման ա գա լի, գտնում ա, բերում ա դնում տեղաշորի մեջը, ինքը մտնում ա ղութու մեջը, աղջկա հետ, նեքսևիցը դուռը շինում են։ Գշերվա մի վախտը գյամշին գալիս ա, տեղաշորով եգին-եգին վերնում, շըպռտում ա ծովի մեջը։

Առավոտն աղջիկը ղութուցը դուս ա գալի, ղութու մոտին նստում ա։ Գյամչին գալիս, տենում ա աղջիկը մենակ նստած ա, էլ կարծիք չի տանում, որ տղին քցել ա ծովը։

Ծովից դուս գալու ժամանակը գյամչին աղջկանն ասում ա.— Արի՛ էթանք մեր տուն, ես պտի քեզ առնեմ։

Աղջիկն ասում ա.— Ծանդր տեղդ մի թեթևացնի, ես քեզ առնելու կամք չունեմ։

Դե՛ս, դե՛ն, տեսավ որ աղջիկը խոսք չի տալի, վե կացավ, գնաց դուզ թագավորի մոտը, գլուխ տվեց, ասեց.— Թագավորն ապրած կենա, մի հատ աղջիկ կա գյամու միջին, շատ սիրան ա, համարյա քեզ հմար բերած աղջկանից տասը ղաթ սիրուն ա։

Թագավորը վեզրին ղրկեց, վե կալավ, բերեց։

Աղջիկը եբոր մտավ նեքսև, գլուխ տվեց, բարև բռնեց, կաննեց. ղութին էլ հետը բերել էր։

Թագավորը հրամայեց, թե՝ նստի։ Գնաց իրա բերած ղութու վրա նստեց, ասեց.— Խնդրեմ սրանց ճամփու դի՛ր, քեզ հետ խորուրդ ունեմ։

Թագավորը ճամփու դրեց դրանց, աղջիկը սկսեց պատմել միջի տղի գլխի էկածը, ասեց.— Թագավորի մեկին էրկու տղա ուներ, բալկոնում նստած միջոցին տեհավ՝ մի լակլակի բուն կար բարդի ծառի վրա, լակլակը ճուտերը հանել էր. մի վախտ անցկացավ, սրանց մերը սատկեց, գնաց մի ուրիշը բերեց, էն բերածը մի էրկու օրից եդը ճուտերին սըպանեց, բռնիցը վե քցեց[1]:

Թագավորը եբոր լսում ա էս բոլորը, թախտիցը վեր ա թռնում, ասում ա.— Էդ իմ աղպերն ա, ո՞ւր ա։

Աղջիկն ասում ա.— Էս ա, ղութու միջին:— Վեր ա կենում, դուռը բաց անում, պուճուր աղպորը հանում, փաթըթվում են իրար։

Մի քանի օրից եդը թագավորը պսակվում ա, մի քանի օրից եդն էլ պուճուր աղպորն են պսակում։ Օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, ուտում են, խմում են։

Ասսանից իրեք խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անկաջ դնողին։

  1. Այսպես կրկնում է ամբողջ հեքիաթը, փոքր-ինչ համառոտելով (Ծ. Բ.):