Ընկեր Փանջունի/Ընկ. Բ. Փանջունի ի Ծապլվար/Գ

Ընկեր Փանջունի
 Բ
Դ 
Գ

Սիրելի ընկերներ,

Ինչպես կը կասկածեի և ինչպես նախորդ նամակիս մեջ զգացուցած էի մի քիչ, Րես Սերգո և Սմենց Վարդան հարցը ստացավ ծանր հանգամանք: Գիտեք, որ Վարդան իբրև մշակ կը ծառայեր Րես Սերգոյի մոտ, և այս վերջինը զինք արտաքսած էր իբրև ծույլ և անբարո, և թե ես անմիջապես միջամտած էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրոլետարիատի իրավունքները:

Տեր Սահակ, իբրև միջնորդ, Րես Սերգոյի կողմե ներկայացավ ինծի և հայտնեց թե Րես Սերգո թեև դժգոհ իր մշակեն, սակայն` մեղքնալով անոր խեղճ վիճակին` պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանավ, որ ես երաշխավորեի անոր պարկեշտության և աշխատասիրության մասին:

Իսկույն տեսա, որ միջնադարյան կղերականությունը, ագրարային կապիտալիզմն և գյուղային պուրժուազիան արդեն իսկ սկսած էին տեղի տալ որոտացող հեղափոխության դիմաց: Դա մեր առաջին հաղթանակն էր Ծապլվարի մեջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտվիլ անկեց:

Սմենց Վարդան, որ ներկա էր մեր տեսակցության, լսելով տերտերին խոսքերը, այլայլած շնորհակալություն կը հայտներ, բազկատարած կաղոթեր Րես Սերգոյի կենաց և կուզեր անպատճառ տեր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտություն հայտնելու համար:

Լավ մը հանդիմանեցի այդ ստրկամիտ արարածը և հրավիրեցի իսկույն որ դուրս ելլե սենյակեն:

Երբ առանձին մնացինք տերտերին հետ, ըսի իրեն,

- Րես Սերգոյի զիջողությունները ոչ մեկ կերպով բավարարություն չեն տար մեր պահանջումներուն:

- Այ ի՞նչ կուզեք, - պատասխանեց տեր Սահակ, - քանի որ Րես Սերգո կը հավանի իր քովը առնելու Վարդանը:

- Դա երկրորդական հարց է, - բացատրեցի իրեն, - բուն էական հարցը սկզբունքային է:

Եվ սկսա իրեն պարզել գիտական սոցիալիզմի տեսությունները հողային հարցերու մասին: Ըսի թե գեղացիները իրենց տունն ու հողային սեփականությունը միայն այն ժամանակ կրնան փրկել` երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականություն, իսկ անհատական սեփականությամբ գեղացին կը դիմե դեպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրությունը դուրս կը շպրտե անոր արտադրության հնացած եղանակը: Եվ հիշեցի այս մասին Էնգելսի, Կաուցկիի, Մարքսի, Շիշկոյի, Պրամպոլինի, Չերնովի, Վիխլիանևի և այլոց զանազան տեսությունները: Խեղճ տեր Սահակ` դարավոր խավարե կուրացած իր աչքերը խոշոր բացած` ապուշ-ապուշ երեսս կը նայեր, ատեն-ատեն մրմռալով.

- Բայց, օրհնած, ատոնք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանին ճամբվելուն հետ:

Վերջապես ինձ ըսավ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն, որպեսզի հաղորդե Րես Սերգոյի:

Որպեսզի հետո ուրացումներ կամ խեղաթյուրումներ տեղի չունենան, գրավոր կերպով ներկայացուցի հետևյալ նվազագույն պահանջմունքներս, իբրև նախահիմք մեր ապագա բանակցություններուն.

Ա. Րես Սերգո պետք է վճարե Սմենց Վարդանի ճամբված թվականեն մինչև գործի սկսած թվականը անցած օրերու օրականները:

Բ. Օրականի հավելում և աշխատության ժամերու նվազում:

Գ. Հանգստյան արկղ մշակներու համար:

Դ. Աշխատանքի արկածներու դեմ ապահովագրություն:

Ե. Րես Սերգո պետք է հանձնառու ըլլա առնվազն 20 տարի իր քով պահելու Սմենց Վարդանը:

Զ. Րես Սերգո այս միջադեպին կարգադրման համար հեղափոխական կուսակցության իրեն մատուցած ծառայությանց իբրև փոխարեն, դրամական կարևոր նվեր մը պետք է ընե կուսակցությանս Ծապլվարի գանձին;

Ինչպես կը տեսնեք, հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրա:

Տեր Սահակ մեկնեցավ նշանակալից կերպով գլուխը օրորելով: Անցան մի քանի օրեր և ես ոևէ պատասխան չստացա: Վարդան սկսավ անհամբերության նշաններ ցույց տալ:

- Քանի որ Րես Սերգո ներեր է ինձ` երթամ գործիս սկսիմ, - կը կրկներ այդ ապուշը, ուզելով այսպես եսասիրաբար ոտնակոխ ընել միլիոնավոր պրոլետարներու իրավունքը, իր անձնական շահին համար:

Վերջապես առջի երեկո, տեսնելով, որ պատասխանը կուշանա, մեր կողմե, իբրև լիազոր ներկայացուցիչ, կը ղրկեմ Խև Ավոն Րես Սերգոյի մոտ, ստանալու համար վճռական պատասխան: Կերևա թե մեր ընկեր Ավոն, որ հեղափոխականի լավ խմոր ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածե և զինքը ծեծելով դուրս կվանեն Րես Սերգոյի բնակարանեն. քիչ հետո կու գա նաև ինձ մոտ տեր Սահակ և կը հայտնե թե Րես Սերգո այլևս չուզեր նույնիսկ Վարդանի անունը լսել:

Դա պարզապես պատերազմի հայտարարություն էր: Կապիտալիզմի և obscurantisme – ի միացյալ ուժերն էին, որ կը կանգնեին ընչազուրկ դասակարգի կորաքամակ ուսերուն վրա; Կարելի չէր լռել այդ ակնհայտնի պրովոկացիայի հանդեպ և չգործել: Նույն գիշերն իսկ պատրաստեցի հետևյալ հրավեր-հայտարարությունը, զոր այս առտու արշալույսին, Խև Ավո տարավ փակցուց եկեղեցիի պատին վրա:

Աշխատավոր դասակարգ Ծապլվարի,

Ահազանգը հնչեց:

Սմենց Վարդանի և Րես Սերգոյի դեպքը հայտնի է ամենուդ: Հակառակ կուսակցությանս բոլոր խաղարարար ջանքերուն` ագրարային կապիտալիզմը անողոք պատերազմ կը հրատարակե հողագործ պրոլետարիատի մասսաներուն դեմ: Վատություն է մեր կողմեն լռելը, վատություն է չգործելը: Ծապլվարի մութ ուժերը` կազմակերպված` կուզեն ջախջախել բանվորական դասակարգի իրավունքներն և տապալել նորածագ ազատությունը, որ մեր այնքան զոհողություններովը ձեռք բերինք;

Բոլոր աշխարհի բանվորներ,

Մի՞թե թույլ պիտի տաք, որ մի կեղտոտ պուրժուա Ծապլվարի մեջ ոտնակոխ ընե վաթսուն միլիոն աշխատավորներու իրավունքը: Դա անկարելի է: Ամենքը մեկուն համար, մեկը ամենուն համար, այս պետք է ըլլա մեր նշանաբանը; Բոլոր աշխարհի բանվորները կը հրավիրվին, կիրակի օր, Մկրենց կալը, ուր տեղի կունենա հրապարակային բողոքի մեծ միթինկ: Պիտի բանախոսեն ընկեր Փանջունի, ընկեր Ավո և ագրարային կապիտալիզմի նահատակ Սմենց Վարդան:

Անկցի կապիտալիզմը,
Անկցի օպսքուրանթիզմը,
Կեցցե սոցիալիզմը,
Կեցցե պրոլետարիան,
Կեցցե Մայիսի մեկը:

Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գյուղը կանուխ դաշտերը գացած է աշխատության, ուրիշ անպատեհություն մըն ալ այն է, որ Ծապլվարի մեջ գրել կարդալ գիտցող ես միայն կամ. նույնիսկ քահանան կարդալ չի գիտեր: Այսուհանդերձ կը հուսայի որ հայտարարությունը ցնցող տպավորություն առաջ պիտի բերեր երեկոյին, երբ գյուղացիք վերադառնային դաշտերեն, բայց ահա Խև Ավո վազելով կու գա հև ի հև և կը գոչե.

-Թուղթը պատռեր են եկեղեցիի պատին վրայեն

Չէի կարող հավատալ ականջներուս. Ավոյի հետ անմիջապես վազեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիռ իրողությունը:

Այո, ճշմարիտ էր, հրավեր-հայտարարությունը պատառ բզիկ եղած էր, հազիվ մեկ քանի կտորներ մնացած էին, զորոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել, լավ փակած ըլալուն համար, որովհետև Խև Ավո ջուրն ու ալյուրը չէր խնայած հայտարարությունը փակցնելու համար:

Ովքե՞ր գործեր էին այդ սրբապղծությունը: Գյուղացիները բոլորն ալ դաշտն էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չկար. ուրեմն դավադրությունը սարքված էր շատ խորհրդավոր կերպով: Համենայն դեպս սա որոշ էր թե ռեաքցիան զինաթափ չէր ըլլար: Ընդ հակառակն իր այս նոր ցույցով բրովոքացիան կատարողեն առաջ կը մղեր: Պետք չէր ընկրկիլ. որոշեցի անմիջապես մի հակացույց կազմակերպել: Վերադարձա տուն, Խև Ավոյի ձեռքը տվի մի երկար ձող, որուն ծայրը կապված էր մի կարմիր կտավ: Սմենց Վարդան շալակեց իր մշակի գործիքները, ես ալ անցա իրենց գլուխը և այսպես ամբոխը շուռ եկավ Ծապլվարի գլխավոր փողոցները:

Երբ հասանք տեր Սահակի տան առջև, հանկարծ սկսա երգել.

Debout, les damnes de la terre!
Debout, les forcats de la faim!

Կարծեմ առաջին անգամն էր, որ հեղափոխական- ընկերավարական երգը` Էնթերնասիոնալը կը հնչեր Ծապլվարի մեջ: Տունը մնացած երեխաները, լսելով բանվորային մարտագոչ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբոխը առավ պատկառելի երևույթ:

Ցուցարարները երբ հասան Րես Սերգոյի տան առջև, ոգևորությունը ծայր աստիճան հասած էր:

- Տղերք, - գոչեցի, - վար տվեք այդ դավաճանի տան ապակիները:

Բայց ափսոս, Րես Սերգոյի տան պատուհանները ապակի չունեին, եթե ոչ` այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ տպավորություն առաջ պիտի բերեր ապահովաբար:

Խև Ավո որ հետզհետե խանդավառված էր վրեժը լուծեց` քարկոծելով Րես Սերգոյի էշը, որ դաշտին մեջ կարածեր, նույնիսկ դանակը քաշելով` ուզեց վրան հարձակիլ, բայց ես արգիլեցի իսկույն, չուզելով տեղի տալ անօգուտ արյունահեղության:

Ի վերջո բազմությունը ցրվեցավ գոհ տրամադրության տակ:

Ինչպես կը տեսնեք, դրությունը խիստ լարված է Ծապլվարի մեջ: Տեսնենք ինչ հետևանք կունենա գործը: Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամեն միջոցներով:

Մի քիչ փող ուղարկեցեք փութով:

* * *

Յ. Գ. – Վերջին րոպեին, երբ նամակս կը փակեի, իմացա թե հրավեր-հայտարարությունը ոչ թե ռեաքցիայի մութ ուժերուն կողմե պատռված է, այլ մի ջատուկ պառավի` Մարոյի այծը զայն պատռեր ու կերեր է, թուղթին ետև քսված ջրախառն ալյուրեն հրապուրված:

Իսկ ընդհանուր կացությունը կը մնա նույնը: Միթինկը` անպայման կը կայանա կիրակի օր: