Ընձենավորը






ԸՆՁԵՆԱՎՈՐ

ՆԱԽԵՐԳ

1 Նա, որ հաստեց ողջ տիեզերքն՝ իրեն ուժովն ամենամեծ,
Որ երկնային հզոր շնչով էակներին շնչել տվեց
Եվ մեզ՝ մարդկանց, հանձնեց աշխարհն այս անսահման ու բազմագույն,
Նա է կարգում արքաներին՝ իրեն նման և իր հանգույն։

2 Աստված միակ, դու կերտեցիր կերպով ամեն-ամեն մարմին,
Օգնիր դու ինձ, տուր զորություն՝ որ տապալեմ սատանային,
Տուր ինձ բաղձանք սիրահարի, մինչև շիրիմ պահվող վսեմ,
Թեթևություն տուր մեղքերիս՝ ինձ հետ որ անդ պիտի տանեմ։

3 Առյուծին է, հարկավ, վայել տեգ գործածել, վահան, սուսեր,—
Արև Թամար-արքայուհուն, ում այտն է լալ, վարսը՝ գիշեր։
Ու չգիտեմ՝ կհանդգնե՞մ՝ ներբող ու գովք ձոնել նրան,
Որին նայողն է վայելում մեղր կարծես, կաթ եղեգան։

4 Երգենք Թամար֊արքայուհուն արյունախառն արտասուքով,
Երգենք նրա արժանիքներն՝ ընտիր խոսքով, երգի շուքով.
Սև սաթի լիճն անենք թանաք, գրիչ անենք բույլն եղեգի
Եվ լսողի հոգին խոցենք, ինչպես հզոր զարկը տեգի։

5 Պատվեր առա նրան գովել քաղցրահնչյուն հանգով ճարտար,
Գովել վարսերն ու թարթիչներն, հոնքերը սև, ատամնաշար,
Բյուրեղաշարն այն երիզած ազնիվ լալով բալախշանի,—
Զի քարն անգամ կփշրվի՝ առնի կակուղ կապար սալի։

6 Եվ արդ լեզու կուզեմ ասուն, սիրտ կուզեմ ու արվեստ ճարտար,
Տեր, ուժ տուր ինձ և օգնություն՝ զի քեզնով է միտք ու հանճար,
Կօգնենք այնու Տարիելին, հիշատակով բար ու բարի,
Նրանց՝ երեք հերոս լուսո՝ ծառա իրար ու հոժարի։

7 Արի նստենք, հեղենք արցունք ի Տարիել արտասվաթոր
Ո՞ր հողածինն է տառապել, նրա նման իր ծնունդով,
Հանգերգեցի Ռուսթվելիս ես՝ ի սեր նրա գեղարդահար,
Ինչ զրույց էր մինչ արդ ասված—դարձավ հիմա մարգարտի շար։

8 Ռուսթվելիս ես՝ տերը տեղիս, բան պիտ ասեմ նրան պատշաճ,
Հնազանդ է ում գունդ զորաց—ես խենթ ի նա, ի նա մեռած,
Ես ուժասպառ—սիրահարաց՝ չկա ուսկից էլ ամոքում,
Կամ բժշկում թող տա նա ինձ և կամ տապան տա ինձ հողում։

                                      ***
9 Ու պատմությունն այս պարսկական, որ մեկնյալ էր վրաց լեզվի
Եվ աննման մարգարտի պես—կաքավել էր ձեռքե ձեռքի—
Գտա, երգի վերածեցի, գործ արարի ես գովարժան,
Խենթացնողիս թողի դատին, հպարտ ու վես կամին ինքյան։

10 Ով կուրացավ նրա փայլից, նորից տեսնել է երազում.
Սիրտս ահա, սիրով տարված, դաշտերն ընկել—դաշտ է վազում.
Մարմինս շատ է տաոապել, աղոթեցեք՝ խինդ տա հոգուս,
Զի ներբողյան երիս երանգ—ողջ երգով է առել ի ուս։

11 Ինչ որ տվեց բախտը մեկին — թող ընդունի ու միշտ կրկնի.
«Մշակը միշտ աշխատասեր, զինվորը քաջ կռվող լինի,
Սիրահարը տարվի սիրով, թող սիրո մեջ նա փորձվի,
Ոչ պարսավի տեղիք նա տա, ոչ ուրիշին նա պարսավի»։

12 Բանաստեղծելն նախուստ ի վեր իմաստության բաժինն է մի,
Աստվածային, աստվածհաճո և լսողաց՝ օգուտ բազմի,
Հաճո նաև երկրի վրա՝ թե պիտանի մարդն է լսում,—
Երգը լավ է ու շահեկան, զի խոսքն երկար կարճ է ասվում։

13 Ինչպես որ ձին կճանաչվի երկար ճամփին արագ վազքից,
Ու գունդ նետողն՝ ասպարիզում՝ բազկի թափից, շիտակ զարկից,
Եվ արդարև բանաասեղծողն—երգով երկար ու հյուսածո,
Վայ է, թե որ նա կարկամի, և կամ երգը դառնա հյուծո

14 Այնժամ էլ ի՞նչ, ի՞նչ բանաստեղծ կամ թե նրա երգը ասած,
Երբ քարթուլուն նա անկարող—բառեր փնտրի, բառեր պակսած,
Ինքնաբուխ պիտ խոսքը նրա, բառերն հարուստ ու ոլորուն,—
Որպես ճոկան՝ նետի դիպուկ, լինի կորով ու հույժ զորուն։

15 Նա չէ երգիչ, ում բերանից մեկ-երկու հանգ հանկարծ թռչի,
Չպարծենա, թե արժանի բանաստեղծաց նա կմրցի,
Կամ թե ասի մեկ-երկու բան, այն էլ՝ անդեպ ու նոսրահանգ,
Սակայն ասի. «Իմն առավել» ու համառի գրաստագանգ։

16 Կան և ապա՝ երգերը քիչ—ունեն մեծի հավակնություն,
Իրենք անզոր խոսքն ավարտել, խոսք, որ սիրտ է հերոսացնում,
Երգը նրանց՝ աղեղ է թույլ անփորձ որսորդ մանկան ձեռին —
Խոշոր որսի նրանք անկար, կոտորում են զուտ մանրերին։

17 Երրորդն ապա՝ լավ է երգը՝ ի հանդիսի, խրախճական,
Աշուղական, կատակախոս, ընկերներին՝ խոսք հեգնական,
Մենք կհանենք նրան նույնպես՝ միայն ասվեն թե անպաճույճ,
Եվ երգիչ չեն նրան կոչում, ով երգ չունի երկարաշունչ։

18 Ու բանաստեղծն հոգն իր մտքի պետք չէ ցրի զուր կողմնակի,
Մեկի հանդեպ սերն իր հայտի, պիտի տրվի մեկ էակի,
Նրա համար միայն ապրի, նրան գովի, երգի նրան,—
Չուզի ոչինչ էլ աշխարհում, ներդաշնակի ի նա միայն։

                             ***
19 Թող հայտ լինի ամենեցուն՝ գովելիս է վերուստ գոված,
Ու պարծանք է, պարծանք այս ինձ, չէ թե պարսավ մի նզոված,
Անգութ է նա՝ վագր հանց մի, կյանքս նա է, սակայն, որ կա.
Ու կոչել եմ նրան ծածուկ, երգիս շարում նա է առկա։

20 Պետք է ասեմ՝ դժվար է շատ նկար գրել, բառերով տալ
Սերը մաքուր, ինչպես վերին էակներին եթերափայլ.

Նա երկնային գործ է վսեմ, թև է տալիս երկրի մարդուն.
Ով որ փորձի, հարկադրված՝ պիտի տանի շատ նեղություն։

21 Սերը մաքուր՝ մատչելի չէ անգամ և շատ խելոքներին,
Լեզուն կապում նա պատմողի և շփոթում լսողներին.
Ստոր ձգտում ունեն նրանք, որոնք մարմինն են ցանկանում.
Թեկուզ նրանք չեն շնանում, սակայն հեռվից են ցոփանում։

22 Սիրահարին կոչում են խենթ՝ արաբական լեզվից առած—
Խենթանում է նա տանջանքից՝ սիրեցյալին արժան չեղած․
Ոմանք հասնում, մոտենում են երկնայինին, սավառնում վեր,
Ոմանք ցածում են թռվռում սիրունների շուրջը վեհեր։

23 Սիրահարը պիտի լինի տեսքով սիրուն՝ որպես արև,
Առատաձեռն, ազատ լինի, ջահել, հարուստ ու հանճարեղ,
Ճարտար, ուշիմ, համբերատար, հաղթողներին հաղթող արի.
Ով այսպես չի՝ նա չի կարող կրել կոչում սիրահարի։

24 Սերն է սիրուն, խորհրդալի, ճանաչելու՝ իրոք դժվար,
Չպետք է նույն դասը դասել և ցանկասեր, և սիրահար.
Նա ուրիշ է, ցանկասերն՝ այլ, սար ու ձոր կա նրանց միջև,
Մի շփոթեք նրանց իրար, հասկանո՞ւմ եք խոսքս արդարև։

25 Սիրահար պիտ հավատարիմ, անբիծ, մաքուր, չշնացող,
Թե հեռանա իր սիրածից՝ նրա համար խոր ախ քաշող.
Սիրտը պիտի մեկին տա լոկ, թեկուզ և խիստ դաժան դիպոց,
Ատում եմ ես սերը անսիրտ, գիրկ ու գգվանք և պաչպչոց։

26 Սիրահարը թող չկոչի, թե սեր է ինքն իրոք ապրում—
Օրը մեկին թե կամենա, յարից բաժան թե չի մաշվում.
Խակություն է, տղայություն, ճշտիվ նման բախտի խաղին,
Լավ սիրահար նա է միայն՝ կիրքն է զսպում ով երկրային։

27 Ընտիր սերը վիշտը սրտի ցույց չի հանում, պահում թաքուն,
Թեկուզ բաժան՝ հոգով իր հետ, տեսքին նրա միշտ փափագում,
Հեռվում խամրում, վառվում հեռվում, էրվում-դաղվում հեռվում նորից—
Յարի առաջ հեզ ու խոնարհ՝ թեկուզ զայրույթ արքաներից։

28 Սիրահարը խորհուրդն հոգու հայտ չի առնի ոչ ուր երբեք,
«Վայ» չի խորհի վատաբարո, չանի յարին նա վարկաբեկ

    
Եվ չի սիրի նա ուրիշին, մտքով անգամ չի հանդգնի.
Բախտ համարի տանջվել սիրուց, յարի համար կրակն ընկնի։
  
29 Ո՞ր խելացին կվստահի՝ բանալ անունն իր սիրածի,
Նա շահ չունի ինքն այդ բանից՝ իրեն, յարին կվնասի.
Թեկուզ գովե ինչքան կուզե, խոսքով ինչու կոտրե անուն,
էհ, ի՛նչ դարձավ սիրտս մարդու՝ թե չցավի յարի սիրուն։

30 Զարմանում եմ՝ մա՛րդս ինչպես է իր սիրածի նայում սերին.
Եթե սիրեց՝ ինչպե՜ս է նա վարկաբեկում սիրած յարին.
Թե չի սիրում, թո՛ղ որ ատի, ինչո՞ւ է նա վատախոսում.
Բայց վատորդին վատախոսելն հոգուց, սրտից վեր է դասում։
   
31 Եթե սիրողն յարի համար հառաչում է և միշտ լալիս.—
Առանձնանալ, սարերն ընկնել՝ շատ է նրան այդ սազ գալիս,
Բայց մտքի մեջ իր սիրածից միշտ անբաժան պիտի մնա,
Եվ չհանի իր սերն ի ցույց, եթե մարդու հանդիպի նա։

ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՌՈՍՏԵՎԱՆԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

23 Արաբիայամ կար Ռոստևան՝ արքա փառքով՝ կամոքն աստծո,
Անթիվ զորքի, ճորտերի տեր, առատաձեռն, հեզաբարո,
Արդարադատ, ողորմացող, խորաթափանց և հաղթական,
Ինքը՝ մարտիկ անզուգական ու բանիբուն ճարտարաբան։

33 Արքան չուներ ուրիշ ժառանգ՝ մեն մի դուստր իրեն վայել,
Որ աշխարհին լույս էր տալիս ու արևի դասը դասվել.
Իրեն նայող ամենեցու սիրտն ու հոգին, խելքն էր տանում,
Ներբողելու համար նրան՝ ճարտասա՛ն պիտ և իմաստուն։

34 Նրա անունն էր Թինաթին՝ գիտենալը հարկ է այս մեզ։
Երբ մեծացավ, հասունացավ—նա արևին գերազանցեց։
Արքան կանչեց վեզիրներին, ինքը՝ բազմած հանգստադեմ,
Նրանց իր մոտ նստեցրեց և սկսեց զրույցն իր մեղմ։

35 «Հարցում ունեմ,— ասաց նրանց,— մի հանրահայտ բանի մասին,
Երբ չորանա թերթը վարդի—թառամում են անդ միասին,
Ինքն անցնում է, այլը՝ գալիս, բուրաստանում այն սիրասուն,
Մեր արևն էլ մայր է մտել, մութ է, գիշեր մի անլուսին։

36 Ի՛նձ ծերության ցավն է բռնել՝ դժարն ամեն տեսակ ցավից.
Այսօր-վաղը ես կմեռնեմ՝ բախտի պահանջն է ինձանից,
Ինչի՞ն է պետք լույսը, որին՝ սպառնում է խավարը խիստ,—
Գահակալենք իմ զավակին, գերազանց է որ արևից»։

37 Լեզու առան վեզիրները. «Ծերությունից ինչո՞ւ խոսել,
Արքա, վարդը թե չորանա, մեզ հարգի է չորացած էլ,
Գերազանց է նա իր հոտով, գույնով դարձյալ ամեն ծաղկից.
Սիրտ չի անի աստղը դուրս գալ՝ դալուկ լուսնի դեմ մրցակից։

38 Մի՛ ասացեք այդպես, արքա՛, վարդն անթառամ է տակավին,
Ձեր խորհրդի վատը անգամ գերազանց է այլոց լավին․
Հարկավ այնպես պետք է անել, ինչպես որ ձեր սիրտն է տածում
Կամքը քոնն է, տո՛ւր գահ նրան, որից արևն է գունատվում։

39 Թեպետ աղջիկ, բայց աստուծո կամքով ծնված է տիրակալ
Թագավորել արդեն գիտե, մեր մեջ ասել ենք շատ անգամ.
Շողքը նրա արարքների արևի պես վառ է, պայծառ,
Առյուծի ձագն առյուծ է միշտ, էգը որձին է հավասար»։

                              ***

40 Զորապետ էր Ավթանդիլը, որդի ամիր–սպասալարի,
Պարթևացած նոճուց ավել, նման լուսնի ու արևի.
Դեռ անմորուս մի պատանի՝ սիրուն ինչպես բյուրեղ, մինա,
Թինաթինի շուքից ու թավ թարթիչներից մեռնում էր նա։

41 Սիրում էր նա Թինաթինին, սերը գաղտնի՝ սրտի խորքում.
Երբ հեռանում՝ տեսքին կարոտ—վարդ էր դառնում տխուր-դժգույն,
Իսկ տեսնելիս՝ հուրը նորվում, սաստկանում էր վերքն ավելի.
Սերն է մարդուն դարձնում վշտոտ, սիրով տարվածն է խղճալի։

42 Երբ որ արքան իր աղջկա արքայացման հրամանն արեց,
Ավթանդիլին շատ դուր եկավ ու տրտմության բոցը մարեց.
Ասաց. «Հաճախ եմ տեսնելու այն բյուրեղին գեղանկար,
Այդ միջոցով գուցե սրտիս խորունկ վերքին լինի մի ճար»։

43 Արաբիայում հրաման տվեց արաբների զորեղ արքան.
«Գահ բարձրացրի ծնողս ես, Թինաթինին՝ իմ աղջկան։
Նա բոլորին լուսավորի պիտի որպես արև պայծառ.
Եկեք, տեսեք դուք բոլորդ՝ գովաբանողք մեծաբարբառ»։

44 Եվ արաբներն ամեն եկան, բանակն աճեց ազատների,
Նա, Ավթանդիլն արեգնադեմ, զորապետը բյուր–հազարի,

Վեզիր Սոկրա՜տը մերձավոր՝ թագավորի դասիցը այն,
Ասին. «Գահն այս անգին է, վեհ» երբ զարդարուն գահը տեսան։

45 Հայրը տարավ իր աղջկան, Թինաթինին չքնաղ դեմքով,
Ու բազմեցրեց նրան գահին, գլխին դրեց թագն իր ձեռքով,
Հանձնեց նրան և գայիսոնն ու հագցրեց ճոխ ծիրանի,—
Դուստրը շողում էր ամենքին լուրջ հայացքով իր գեղանի։

46 Ետ քաշվեցին, գլուխ տվին արքան ու զորքն հանդիսավոր,
Եվ օրհնեցին, արքայացրին, գովքեր արին հազարավոր.
Բուկ փչեցին, ձայնակցեցին ծնծղաներով քաղցրանվագ,
Աղջիկն արցունք էր հեղեղում՝ սևագանգուր գլուխը հակ։

47 Ու բազմելու գահին իր հոր՝ անձն իր արժան չէր համարում,
Ուստի լալիս ու արցունքով՝ վարդաստանն էր նա մեկ ցողում։
«Որդու մեջ է ամեն մի հայր,— սփոփում էր հայրն ալևոր,—
Ինձ այրում էր կրակն անմար՝ մինչ կանեի քեզ թագավոր»։

48 «Մի լար, դստրիկ,— խոսեց արքան,— լսիր խոսքը դու իմ նորեն,
Այսօր դու ես Արաբիայում՝ արքա ինձնով, տեր-տնօրեն,
Արքայությունն այսուհետև քեգ է տրվում վստահաբար,
Եղիր դու հեզ, լեր անվանի, գիտես վարել իմաստաբար։

49 Ինչպես արևն է լույս տալիս վարդին, փթրոց մեկ հավասար,
Դու էլ մեծին և կամ մանրին՝ գթով եղիր, մի ափսոսար։
Կսանձվի ըմբոստն ինքը՝ առատաձե՛ռն թե գտնվես,
Դու էլ բաշխիր, առա՛տ բաշխիր, առնող-տվող ծովը որպես։

50 Արքաներից շռա՛յլն է հաստատ, ինչպես հալվեն է դրախտում,
Նրան ամենն են հնազանդ՝ նույնիսկ նա, ով դավ է միտում։
Ուտել-խմելն է օգտակար, կուտակելուց օգուտ չկա,
Ինչ որ բաշխես՝ հենց այն է քոն, ինչ խնայես՝ կորած է նա»։

51 Իր հոր տված ա՛յս խրատին աղջիկն ուշով էր ունկնդրում,
Ականջալուր ու անձանձիր՝ հոր դասերը ի միտ առնում։
Եվ խմում էր, երգում արքան, ուրախանում էլ առավել.
Դուստրը հավան չէր արևին, Թինաթինն էր արև դաոել։

52 Եվ մոտ կանչեց Թինաթինը հավատարիմ իր դայակին
«Կնիքածդ գանձարանիս,— ասաց,— դուռը բաց կրնկին,

Բեր ամեն ինչ՝ ինձ պատկանող՝ իբրև բաժին արքայազնի»,
Ու երբ բերին՝ բաշխեց անչափ, բաշխեց անթիվ ու անխնի։

53 Բաշխեց այդ օր նա ամեն ինչ՝ առած-պահած դեռ իր մանկութ,
Նա ոչ ոքի՝ մեծին, փոքրին, չմոռացավ առատագութ։
Ասաց ապա. «Պիտի անեմ, ինչ դաս առա ես իմ հորից,
Չթաքցնեք մի խիլ անգամ իմ ժառանգած ճոխ գանձերից»։

54 Հրամայեց. «Ելե՛ք, բացե՛ք գանձարաններն՝ ուր էլ որ կան,
Ամիլախոր, բե՛ր երամակ, թափի՛ր ջոկեր և թե ձիան»։
Բերին։ Բաշխեց առատաձեռն ու բաշխելով չէր ձանձրանում.
Զորքը հեն էր կարծես դառել՝ գանձերն այնպես էր խլխլում։

55 Ավարեցին արժեն նրա, տարան որպես մալը թուրքի,
Եվ նժույգներն արաբական, որ գեր էին ու մսուրքի։
Ու բաշխումով իր նմանվեց նա երկնքից բքած բուքին,
Որ չի թողնում առանց բաժնի՝ ոչ այր-ծառա և ոչ իսկ կին։

56 Անցավ մի օր հացի նստած՝ և կերուխում, և աղանդեր,
Խրախճանքի եկած զորաց թիվն անհամար և անեզեր։
Սակայն արքան գլուխը հակ՝ դարձավ տխուր ու մտահոգ.
«Արդյոք ի՞նչ հոգս պատեց նրան»— շշնջացին զոր ու զորոք։

57 Վերև նստած քաջ Ավթանդիլն, այն ցանկալին ամեն աչքի,
Նման վագրի և առյուծի, ժիր զորապետն ամբողջ զորքի,
Նրա կողքին՝ Սոկրատը ծեր՝ ավագ վեզիրն արքունական,
«Ի՞նչն է տանջում,— ասին իրար,— ի՛նչ գունատ է տե՛ս մեր արքան»։

58 Մտածեցին. «Արքան, հարկավ, ինչ որ մի վատ բան է հիշել,
Ապա թե ոչ՝ աստ անախորժ կամ սիրտ կոտրող բան չի եղել»։
Եվ Ավթանդիլն ասաց. «Սոկրատ, հարցենք, ինչո՞ւ այդպես փոխվեց,
Կատակելով մենք հանդգնենք, թե նա ինչո՞ւ մեզ անպատվեց»։

59 Ու վեր կացան՝ Սոկրատը ծեր և Ավթանդիլն հալվեատես,
Առափեցին գավաթն իրենց ու մոտեցան հուշիկ ու հեզ.
Ու դեմքերին՝ խոնարհ՝ ժպիտ, ծունր իջան առաջ նրա,
Եվ բարբառեց կատակախառ՝ ճարտար լեգվով վեզիրն իրա։

60 «Տրտմել ես դու, ո՛վ մեծ արքա, ժպիտ չկա էլ քո դեմքին,
Իրավ ես դու, վատնվեցին գանձերդ ծանր ու թանկագին...

Աղջիկը ձեր առատաբար ցրում, բաշխում է ամենքի,
Չկարգեի՛ր նրան արքա, ինչո՞ւ բերիր քեզ փորձանքի»։

61 Արքան երբ այս խոսքը լսեց, ծիծաղելով նրան նայեց
Ու զարմացավ, թե նա ինչպես այդպես խոսել համարձակվեց։
Բայց սիրտ տալով՝ լավ խոսեցիր, ասաց, եղավ շնորհակալ
«ժլատությամբ ով ինձ մեկնի սխալվո՛ւմ է նա կանխակալ։

62 Այդ չի, վեզիր, ինձ վշտացնում. ինչու եմ ես տխուր՝ կասեմ,
Երիտասարդ օրերս անցան, ծերությանն եմ հասել արդեն,
Մարդ չես գտնի մեր տիրության սահմաններում քառաոլոր,
Որ ուսանա՛ծ ինձնից լինի հերոսական բարքեր բոլոր։

63 Ես միայն մի աղջիկ ունեմ՝ պահված քնքուշ, գրգանքներում.
Չկամեցավ աստված ուստր—վճիռն այս է բախտի մերում,
Որ կամ նետով ինձ նմանվեր և կամ խաղար հոր պես բուրթի,
Բայց Ավթանդիլն՝ ինձնով վարժած, կելնի մի օր ի մրցույթի»։

64 Ու ջահելը վեհ ու հանգիստ, խոնարհ լսում էր արքային,
Գլուխը կախ ժպտում սուսիկ՝ այնքան վայել նրա դեմքին,—
Ճերմակաշար ատամների փայլն էր շողում, փռվում հեռու,
Ու հարցրեց արքան նրան. «Ամաչեցի՞ր ինձնից, ինչո՞ւ»։

65 Ու կրկնեց. «Ժպիտդ ի՞նչ է, ծիծաղո՞ւմ ես դու ինձ վրա»,
Կտրիճը թե. «Կասեմ, սակայն, հրամա՛նքդ շնորհ արա,—
Ինչ սիրտ անեմ—չնեղանաս, չզայրանաս ու վրդովվես,
Չհամարես հանդուգն ինձ, քո շնորհից ինձ ո՛չ զրկես»։

66 «Խոսքերը քո,— ասաց արքան,— վիրավորանք չեմ ընդունի»,
Երդում արավ նա արևով՝ արևից վառ Թինաթինի։
Եվ Ավթանդիլն այնժամ ասաց. «Կհանդգնեմ ես արդ խոսել.
Մի պարծենա նետ գցելով, լավ է համեստ խոսքեր ասել։

67 Ձեր ոտի հո՛ղն, Ավթանդիլը, ձեզանից լա՛վ նետ կնետի
Գրազ կգամ—իբրև վկա՝ ձեր ճորտերի խումբը դատի.
«Մրցույթի մեջ,— դուք ասացիք,— չկա ինձ պես»,— ետ չկենաք.
Այդ վճռելու համար, սակայն, բուրթի՛ է պետք, հրապարա՛կ»։

68 «Ես չեմ թույլ տա,— ասաց արքան,— որ դրանում ինձ մրցակցես,
Դե՛հ, կարգադրի՛ր, նետ արձակենք, դու պայմանից չընկրկես.

Մի քանի լավ մարդիկ առնենք, որ մեզ համար լինեն վկա,
Գովեստին ո՞վ է արժանի — ասպարիզում այդ կերևա»։

69 Եվ Ավթանդիլն համաձայնեց։ Վճիռ արին, ի քան կանխավ,
Ծիծաղեցին ու մանկացան, կատակեցին սիրով ու լավ։
Եվ կարգեցին գրավական, ու պայմանն է ահա կապած՝
Ով պարտվի՝ թող երեք օր ամբողջ շրջի նա գլխաբաց։

70 Հրամայեց նա որսորդաց. «Դաշտերն ամեն դուք շրջեցեք
Ու բազմաթիվ որսի ջոկեր թաքստոցից դուրս քշեցեք»:
Կանչեցին զորք հանդիսատես, որ հավաքվեն, շրջապատեն,
Դադարեցին էլ կերուխումն. ավելորդ էր խնճույքն արդեն։

ՌՈՍՏԵՎԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

71 Ու առավոտ վաղորդենի շուշանն եկավ պերճանկար,
Դեմքը բյուրեղ և հանց բալախշ, հագին՝ զգեստ պաճուճակար,
Գլխին խավուն բոսորագույն, է՛լ գարդարող կապարճ–գոտի,
Հեծած նժույգ ճերմակ-ճերմակ, արքային էր կանչում մարտի:

72 Արքան հագավ, զինվեց, հեծավ. որսի ելան հանդիսավոր,
Շրջանաձև օղա՛կ էին կապել դաշտի շուրջը բոլոր.
Հանդես էր զուտ ամենեքյան, զորքերը դաշտն առել էին,
Ու ի մրցույթ նետ էր տեղում, ու անընդմեջ մրցում էին։

73 Հրամայեց. «Տաս և երկու՛ ծառա մեզ հետ պիտի շրջեք,
Եվ աղեղներ տաք մեզ լարած, արագաբար նետ մատուցեք,
Նետած նետը պիտի հաշվեք՝ դիպածների հետ համեմատ»։
Իսկ որսացուն՝ դուրս է պրծել, դաշտով սուրո՛ւմ է անընդհատ։

74 Ջոկը ջոկին էր հետևում, որսացուին չկար համար —
Եղջերուներ, այծյամ ու ցիռ ու եղնիկներ թռչակամար,
Զարկում էին տեր ու ծառա, հանդես բացում մի անվեհեր,
Ահա ձեզ նետ, ահա աղեղ ու անդադրուն, քաջ որսորդներ։

75 Նժույգների հանած փոշուց լույսն արևի էր խավարում։
Զարկում էին և կոտորում, արյունից դաշտն էր կարմրում.
Ծառայք նոր նետ էին տալիս, երբ սպառվու՛մ էր հինն արդեն,
Ու նետահար որսը նրանց անզոր էր քայլ անել անդեն։

76 Սուր արշավով դաշտում անցան, որսի ջոկերն առաջ արին,
Սպանեցին, կոտորեցին, մինչ զայրացավ աստված վերին,
Դաշտը կարմիր ներկ արարին՝ որսի թափած գույնով արյան,
Ավթանդիլին տեսնողն ասաց, «Հալվե է իսկ, եդեմական»։

77 Ձիերն անդուլ չափ գցելով մոտեցան այն դաշտի ծայրին.
Դաշտի այն կողմ հոսում էր գետ, գետի ափին՝ ժայռեր կային,
Որսը փախավ անտառն ի մուտ, ուր չի սուրա ձին իր ոտով,
Ու հոգնաբեկ եղան նրանք՝ երկու որսորդ քաջակորով։

78 «Ես հաղթեցի» ասում էին ծիծաղելով նրանք իրար,
Այստեղ-այնտեղ կանգ առնելով՝ սրախոսում ընկերաբար,
Իսկ երբ ճորտերն արդեն հասան, որ հետևում էին նրանց,
«Ի՞նչ պարզեցիք, ճի՛շտ ասացեք»— տվեց արքան այսպիսի հարց։

79 Եվ ճորտերը զեկուցեցին. «Կհանդգնե՛նք խոսել անկեղծ,
Ձեզ՝ երկուսիդ համեմատած, արքա, նա ձեզ գերազանցեց.
Արդ՝ եթե մեզ մորթեք անգամ, ետ մնացիք դուք այդ բանում.
Նրա զարկած գազանն արդեն զարկից հետո քայլ չէր անում։


80 Ձեր երկուսիդ սպանածնե՛րն հարյուր անգամ քսանի հասան,
Բայց Ավթանդիլն իր խոցածով՝ ձեզնից ավել՝ հաշվով քսան։
Նրա նետած մի նետն անգամ նպատակից չի խոտորել,
Իսկ ձեր գետին փռածներից շատին ինքնե՛րս ենք կոտորել»։

81 Ու պատմածն այս թագավորին թվաց ինչպես նարդու մի խաղ,
Իր իսկ սնած քաջի գովքին ականջ արավ սրտով ուրախ.
Սիրում էր նա Ավթանդիլին՝ սոխակն ինչպես գարնան վարդին,
ժպտո՛ւմ էր նա ու կատակում, հեռու վանում սրտից դարդին։

82 Իջան նրանք նժույգներից, որ ծառերի տակ զովանան.
Այսր հոսեց զորքը ամբողջ՝ թվով դաշտի հասկի նման,
Իսկ ծառաներն այն տասներկու՝ քաջ ի քաջաց՝ նստել ի կող
Զվարճանում, նայո՛ւմ էին ափն անտառի, ջրի՛ն հոսող։

ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ ՏԵՍՆՈՒՄ Է ԸՆՁԵՆԻ ՀԱԳԱԾ ԱՅՆ ԿՏՐԻՃԻՆ

                          
83 Տեսան գետի ափին նստած ինչ-որ լացող կտրիճ օտար,
Ինքը առյուծ, ձեռին սանձով՝ սադաֆներով սև երիվար.
Թամբն ու սարքը, պախուրցը խիտ՝ ընդելուզած մարգարիտով,
Այն կտրիճի վարդն էր ցողած լացող սրտի արտասուքով։

84 Կտրիճն ուներ հագին կաբա՝ ինձի մորթի էր արտաքուստ.
Եվ թե գլխին դրած գդակ՝ կարած նույնպես ինձի մորթուց.
Ձեռին բռնած մի կուռ մտրակ, կոնից էլ հաստ դարբնած կոթի.
Տեսան, տեսքից չհագեցան օտարոտի այդ կտրիճի։

85 Մի ճորտ գնաց խոսակցելու կտրիճի հետ դա՛ռն հեկեկան,
Որ լալիս էր գլուխը կախ՝ և չէր ինչ-որ մի անզգամ,
Ու անձրևում՝ անձրև բյուրեղ սաթ աչքերից հանց ջրորդան,
Մոտիկ գնաց, բայց անկարո՛ղ եղավ ճորտը դիտել նրան։

86 Շփոթված էր ճորտը սաստիկ, սիրտ չէր անում նա ձայն հանել.
Երկար նայում էր զարմացած, մինչ հանդգնեց նա սիրտ առնել.
Ու զեկուցեց. «Հրամա՛նք է», բայց մոտեցավ՝ նորեն լռեց,
Իսկ նա լալիս, բան չէր ասում, անգամ նրան չնկատեց։

87 Կտրիճը չէր լսել ճորտի ոչ խոսքը, ոչ զրույցը դեռ,
Զորքի հանած աղմուկներին նա անզգա՛ էր, անտարբեր.
Հառաչում էր խոր ի խորոց կրակն ընկած սիրտը նրա,
Արցունքի հետ արյուն հոսում՝ ջրշեջք որպես գետնի վրա։

88 Միտքն ուրիշ տե՛ղ էր այդ պահին, գլուխն ուրիշ հոգսո՛վ էր լի,
Հրամանն իր թագավորի ճորտը կրկնեց, ասաց էլի,
Չդադարեց բայց նա լալուց, ոչ ասածից մի բան լսեց,
Ոչ էլ վարդը՝ փնջի միջից՝ իրեն նազուկ շուրթը բացեց։

89 Ու պատասխան չստանալով՝ ճորտը դարձավ և զեկուցեց.
«Ինչպես որ ես ըմբռնեցի՝ նա ձեզ լսել, արքա, չուզեց։
Արևի պես աչքս շլեց, սիրտս հուզեց է՛լ առավել,
Կարող չեղա, այսքան երկար, նրան գեթ մի խոսքի՛ բռնել»։

90 Շատ զարմացավ արքան այնժամ և՛ վրդովվեց, և՛ բռնկեց,
Մոտին կանգնած իր ճորտերից տասներկուսին ոտքի հանեց.
«Առեք,— ասաց,— զենք ու զրահ, պատրաստ որպես դուք ի մարտի,
Գնացեք ա՜ստ բերեք ինձ մոտ՝ ով նստած է ափին գետի»։

91 Ճորտերն արագ գետը անցան․ լսվեց շուտով զենքի շառաչ․
Այնժամ միայն նա սթափվեց՝ կտրիճ լացող դառնահառաչ։
Շրջեց հայա՛ցքը չորս բոլոր, տեսավ՝ թե զորք, թե զորական
Լոկ մի անգամ «Վայ ինձ» ասաց, չարտասանեց մի խոսք անգամ։

92 Ու մեկնեցին ձեռներն իրենց, որ բռնությամբ գոնե տարվեր,
Բայց նա նրանց այնպես արավ, որ թշնամի՛ն իսկ կցավեր,
Իրար զարկեց, ձեռներն արձակ, գլուխները կոտոր եղան,
Որին ձողեց իր մտրակով՝ մահու բերան տվեց նրան։

93 Զեռքը քսե՛ց իր աչքերին, սրբեց արցո՛ւնքը հորդածոր,
Պրկեց հագին սուր ու կապարն, պարզեց բազուկն իր զորավոր.
Հեծավ իր ձին ու ճորտերի ոչ մի խոսքին չուզեց անսալ
Եվ անհաղորդ նրանց հոգսին՝ ինքն ուրիշ կողմ ուզեց գնալ։

94 Արքան հուզվեց ու զայրացավ «հետապնդնլ,— ասաց,— հարկավ»,
Իսկ հետապինդ մարդկանց քաջը ոչ նայե՛ց ու ոչ էլ տեսավ։
Բայց ով հասավ՝ իսկույն նրան հավասարեց մեռելներին
Մարդը մարդո՜ւն զարկեց ամուր ու պատճառեց վիշտ արքային։

95 Հեծան արքան ու Ավթանդիլ՝ փութով հասնեն այն կտրիճին,
Գնում էր նա հպարտ ու վեհ, օրորվելով ձիու մեջքին․
Հանց հրեղե՜ն էր նրա ձին, տերը՝ արև՝ լույս էր տալիս։
Եվ նա զգաց, որ ետևից արքան ինքն է փութով գալիս։

96 Եվ մտրակեց ձիուն իրա, երբ նկատեց նա արքային,
Ու չքացավ ակնթարթում — անտես եղավ նա մեր աչքին.
Կարծես մտավ սանդարամետ և կամ երկի՛նք նա համբարձավ,
Փնտրում էին, բայց չգտան, թե որ ճամփով նա անց կացավ։

97 Ու փնտրեցին հետքը նրա և զարմացան, որ չգտան․
Մարդու հետքի կորչելն այդպես՝ դևի հետք էր՝ հար ու նման։
Ողբո՛ւմ էր զորքն ընկածներին, շտապ վերքե՛րն էին կապում․
Արքան ասաց. «Ուրախ կյանքիս ահա վախճան եկավ տրտում։

98 Արդ բարկացավ աստված ինքը իմ այս վարած կյանքիս հանդեպ,
Ուստի փոխեց նա դառնությամբ հրճվանքի՛ս օրերն անդեպ․
Ինձ այնպիսի մի վերք տվեց, որ չի բուժվի մինչև ի մահ,
Բայց գոհություն նորին աստծո, այս էր հարկավ կամքը նրա»։

99 Այսպես ահա խոսեց արքան ու խիստ խոժոռ վերադարձավ,
Որսախաղին չմասնակցեց և հառաչանքն ավելացավ,
Ու քայքայվեց հանդեսը ողջ, էլ մարդ չկար որսի մնա․
Ոմանք տրտում էին երկնից, ոմանք ասում․ «Արդար է նա»։

100 Արքան մտավ իր ննջարան, սիրտը կոտրած և հույժ տրտում․
Լոկ Ավթանդի՛լն էր նրա հետ, որ հավասա՛ր էր իր որդուն։
Ու ցրվեցին բոլոր մարդիկ, տանեցիք իսկ հավատք չկան,
Կարկամեցին թե՛ խրախճանք, թե՛ քաղցրահունչ չա՛նգ-չաղանան։

101 Հոր տխրության լուրը շուտով հասավ չքնաղ Թինաթինին.
Ու մրցակիցն արեգակի՝ շո՛ւտ մոտեցավ իր սենյակին։
«Սենեկապե՛տ,— ձայնեց դուստրը,— քնած է, թե՞ հայրս արթուն»
Նա զեկուցեց. «Արթուն է նա, գույնը թռած ու հույժ տրտում։

102 Լոկ Ավթանդի՛լն է նրա մոտ մի աթոռի վրա նստած,—
Ինչ-որ օտար կտրիճ տեսել և դրանից է մռայլված»։
Աղջիկն ասաց․ «Ներս չեմ մտնի, մտնելու չէ պատեհ հիմա,
Եթե հարցնի՝ դու զեկուցիր, որ քիչ առաջ այստեղ եկա»։

103 Հարցում արեց արքան քիչ անց. «Աղջիկս արդյոք ի՞նչ է անում՝
Իմ խնդություն, իմ գոհարը, իմ կենսատու աղբյուրն անհուն»։
Սենեկապե՛տը զեկուցեց. «Եկավ հենց նոր նա այլայլուն,
Լսեց՝ տխուր ես դու, արքա՛դ, գնաց՝ հետո նորեն գալու»։

104 Հրամայեց. «Գնա՛, կանչի՛ր, չեմ դիմանա առանց նրան,
Ասա. «Ինչո՞ւ վերադարձար, դու նոր արև, դու հուրհրան,
Ե՛կ, փարատիր թախիծն իմ դու, սրտիս վերքին լեր ամոքում,
Պատմեմ, արի, պատճառը, թե՝ ինչն է հորդ հիմա տանջում։

105 Եվ Թինաթինն իսկույն եկավ՝ կատարելով կամքը իր հոր,
Լույսը դեմքին՝ որպես լուսին—բակ է առել ամպով հենց նոր։
Նստեցրեց հայրը իր մոտ ու համբուրեց՝ գրկելով մեղմ,
Ասաց. «Ինչո՞ւ ինքդ չեկար, սպասեցիր որ քեզ կանչեմ»։

106 Աղջիկը թե «Հայր իմ, արքա, ով քեզ այդպես մռայլ տեսնի.
Ինչպես նայի քեզ համարձակ, ինչքան էլ նա գոռոզ լինի,
Քո այդպիսի մռայլ դեմքից մութ կհագնի և լուսատո՛ւն.
Պետք է վշտից փնտրել մի ելք և ոչ մնալ այդպես տրտում»։

107 Ասաց․ «Որդյակ, որքան էլ ես լինեմ մռայլ ու վշտահար,
Քո մոտ լինելն ու նայելը ուրախությո՛ւն է ինձ համար.
Դու փարատիչն ես իմ վշտի, նման ես դու մուֆարախին։
Թե իմանաս՝ իրավ կասես իմ հառաչին և իմ ախին։

108 Զարմանալի ու ինձ օտար մի պատանու տեսա այսօր,
Երկրե-երկիր բռնել էր ողջ շողքը նրա արտասավոր,
Ինչո՞ւ էր նա, արդյոք, լալիս, ի՞նչ վիշտ ուներ, չհասկացա,
Նա ինձ տեսնել չցանկացավ, ես վրդովված՝ կռվի անցա։

109 Երբ ինձ տեսավ, հեծավ իր ձին և արտասուքն արագ սրբեց։
Նրան բռնել ես ձայնեցի՝ մինչ զինվորաց իմ կոտորեց
Ինձ չընդունեց մարդուն վայել ու չքացավ դևի նման,
Ու չգիտեմ մինչև հիմա՝ տեսիլք էր նա, թե իրական։

110 Այս է հիմա ինձ զարմացնում՝ ո՞վ էր, ի՞նչ էր, որ տեսա ես,
Զո՛րքս իրար տվեց ջարդեց, արյուն թափեց հեղեղի պես։
Այս հողեղեն մարդկանց միջին ո՞վ է աչքից անտես եղել։
Ես մինչ այսօր ուրախ էի, այժմ՝ աստվա՛ծ է ինձ ատել։

111 Աստված բարի ու ողորմած, տես թե վերջում ոնց դառնացավ,
Ու մոռացա օրերս ուրախ, որ մինչ հիմա գլխովս անցավ.
Թող ամեն ոք ինձ մորմոքա, ոչ ոք չտա ինձ երանի,—
Չեմ ունենա ես խնդություն, քանի դեռ կամ ես կենդանի։

112 Աղջիկն ասաց, «Խո՛սքս անտեղի՝ կասեմ, սակայն, ներիր դու ինձ,
Ո՛վ թագավոր, մի դժգոհիր ոչ աստծուց և ոչ բախտից։
Անմեղադիր եղիր նրան, քաղցրաբառ է ով միշտ նայում.
Ինչո՞ւ չարիք պիտի գործի՝ ով լոկ բարիք է սահմանում։

113 Խորհուրդ կտամ, արքա ես դու և գերագահ արքաների,
Սահմաններդ հեռու անծիր, տիրությունդ անպատմելի.
Մարդիկ հղիր դու ամեն կողմ, նրա մասին համբավ բերեն,
Ու կիմանաս, թե ո՞վ էր նա՝ աննյութ էա՞կ, թե՞ հողեղեն»։

114 Մարդիկ դրին, ուղարկեցին մինչ չորս ծագե՛րը աշխարհի,
Հրաման արին, «Ճամփա ընկեք՝ ընդդեմ բոլոր վտանգների
Որոնեցեք այն կտրիճին, մի պարապեք ուրիշ բանով,—
Եվ ուր անձամբ դուք չհասնեք, տեղեկացեք նամակներով»։

115 Եվ գնացին․ մի բովանդակ տարի մարդիկ թափառեցին,
Փնտրում էին այն կտրիճին, հարցում անում նոր ի նորին,
Բայց կտրիճին տեսած-լսած՝ աշխարհ եկած մարդ չգտան.
Անհետևանք, իզուր հոգնած, դժգոհ սրտով վերադարձան։

116 Զեկուցեցին. «Ո՛վ թագավոր, ցամաքն ամբողջ անցանք ոտքով,
Բայց չգտանք այն կտրիճին, չուրախացանք մենք նրանով։
Նրան տեսնող մեզ ոչ մի տեղ չհանդիպեց կենդանի մարդ,
Անկար եղանք ձեզ ծառայել, մտածեցեք ուրիշ հնարք»։

117 «Ճիշտ էր ասում աղջիկս ահա,— ուրախացած խոսեց արքան,—
Ինչ տեսել եմ՝ նենգություն է, պղծություն է այն դիվական,
Նա երկնքից վայր էր ընկել ինձ նենգելու, թշնամելու,
Թոթափեցի՛ վշտերս ես, առիթ չկա էլ տրտմելու»։

118 Այսպես խոսեց և սկսեց խաղ-խրախճանք ավելացնել,
Ձեռնածուներ և երգիչներ, ուր որ կային՝ պալատ կանչել։
Մեծ բազմություն կանչեց պալատ, նվեր տվեց հույժ ակնապիշ,
Առատաձեռն նրա նման՝ չի ստեղծել աստված ուրիշ։

ԹԻՆԱԹԻՆՆ ՈԻՂԱՐԿՈԻՄ է ԱՎԹԱՆԴԻԼԻՆ ԱՅՆ ԿՏՐԻՃԻՆ ՈՐՈՆԵԼՈԻ

119 Ավթանդիլը մենակ, շապկանց նստած էր իր ննջարանում,
Եվ առջևում մի չանգ դրած՝ երգում էր նա, ուրախանում։
Թինաթինի ծառան խափշիկ մտավ նրա առաջ կանգնեց,
Թե. «Լուսերեսն հալվեակազմ ձե՛զ է խնդրում»,— նա զեկուցեց։

120 Երանական ը՛ղձալի լուրն Ավթանդիլին շատ դուր եկավ։
Նա վեր կացավ՝ զգեստներից ամենալավ կաբան հագավ։
Ուրախացավ տեսնել վարդին, որին մենակ նա չէր տեսել.
Հան է նայել գեղեցկուհուն ու սիրածին մոտիկ նստել։

121 Ու գնում էր Ավթանդիլը՝ ազատ, հպարտ, չամաչելով։
Ի տես նրան, որի համար լալիս էր միշտ հառաչելով։
Խոժոռվա՛ծ էր աննմանը ու զերդ փայլակ փայլում էր նա —
Եվ լուսնկան մինչև անգամ մթագնել էր լույսից նրա։

122 Թավ սամույր կար առանց երես՝ ձորձից ազատ իր իրանին,
Դեմքին անփույթ ծածկած խավուն՝ հույժ մեծարժեք ու անգնին,
Սև թարթիչներն է՛լ պաճուճող, որ տեսնողի սիրտն են գերում,
Զուգել էին վիզը ներմակ՝ մազերը խիտ ու գալարուն։

123 Նստած էր նա մռայլ դեմքով, ծիրանիով՝ ծածկոց կարմիր,
Ավթանդիլին խնդրեց նստել ձայնով հանդարտ ու քաղցրալիր։
Ճորտը ծալվող աթոռ բերեց։ Նստեց նա հեզ, պատկառանքով.
Ու դեմ-դիմաց նայում էր նա՝ սիրտը լեցուն հրճվանքով։

124 Աղջիկն ասաց. «Շփոթվու՛մ եմ քեզ պատմելուց ես այն բանի,
Ձգտում էի չասել քեզ այն, ինչ որ չասել անզոր էի,
Սակայն գիտե՞ս պատճառը, թե՝ ինչու եմ քեզ կանչել այստեղ,
Ինչո՞ւ եմ ես մռայլ նստել, տխուր-տրտում ու խելահեղ»։

125 Կտրիճը թե. «Բան ահավոր չէ թե անել՝ կասե՞մ ես իսկ,
Չէ՞ որ խամրո՛ւմ է լուսինը՝ արևի դեմ կորչում նույնիսկ․
Ես անկարող եմ կռահել... գուցե առիթն ի՞նքս լինեմ,
Խնդրեմ ասեք՝ ի՞նչ է ձեր ցավն և այն՝ ինչով ես դարմանեմ»։

126 Իր ասելիքն աղջիկն ասաց հաճոյաբան, ոճով ներհուն,
«Թեպետ մինչ այդ,— շարունակեց,— դու համեստ ես եղել, հեռուն,
Սակայն, զարմա՛նք, քեղ վիճակվեց գործն այս դժվար անել պատվով,
Բայց ամենից առաջ պատմեմ, թե հիվանդ եմ ես ինչ ցավով։

127 Թե հիշում ես՝ դու և արքան դաշտում որսով պարապելիս
Տեսել էիք օտար կտրիճ՝ գետի ափին նստած լալիս,
Այն օրվանից նրա մասին մտքով այնքան տարված եմ ես —
Դու պիտ նրան գտնես հարկավ, թեկուզ երկրե—երկիր անցնես։

128 Մինչև այսօր խոստովանանք թեկուզ և չես արել դու ինձ,
Ինձ սիրելո՛ւդ լուրը սակայն, լսել եմ ես արդեն հեռվից,
Գիտեմ, որ դու քո այտերին անդող արցունք ես հեղեղել,
Նետահարվել ես դու սիրուց, սիրտդ սիրո գերի եղել։

129 Հարկ է, որ դու ինձ ծառայես՝ այսու ունեմ երկու պատճառ.
Նախ կտրիճ ես դու հողեղեն՝ չկա ուրիշ քեզ հավասար,
Երկրորդ՝ սրտիս սիրածն ես դու, ստո՛ւյգ է այս, ոչ մտածին,
Այժմ գնա՝ հեռու թե մոտ և որոնիր այն կտրիճին։

130 Սերդ դեպ ինձ, դու այդպիսով, ավելի խո՛ր կհաստատես,
Ինձ կազատես նեղությունից՝ սատանային եթե հաղթես։
Սրտումս դու ցանիր հուսո մանիշակներ, վարդեր փռիր,
Դարձիր առյուծ, արևի պես՝ դեմդ կգամ և ինձ տիրիր։

131 Երեք տարի փնտրիր նրան, ով քեզ համար է փնտրելի,
Գտնես՝ դարձիր հաղթանակով, լուր բեր դու ինձ ավետալի,
Թե չգտնես, կհավատամ, որ նա էա՛կ էր անմարմին,
Եվ ես իբրև վարդի կոկոն կհանդիպեմ քեզ այն ժամին։

132 Երդվում եմ քեզ, թե որ ուզեմ ա՛յլ ամուսին քեզնից բացի —
Մարմին առնի արևը թե ու մարդ դառնա ամուսնացու—
Մտնեմ թող մութ սանդարամետ ու դրախտին անարժանի.
Դանակ մտնի սիրտը թող իմ, քո սերը թող ինձ սպանի»։

133 Կտրիճն ասաց. «Ով արեգակ, թարթիչներով դու սև սաթի,
Կհանդգնե՞մ այլ պատասխան, կամ համոզում ուրիշ մարթի
Մահվան էի ես սպասում, սակայն դու կյա՜նք պարգևեցիր,
Քեզ ծառայել որպես ծառա՝ պատրաստ եմ ես, հավատացիր»։

134 Կրկին խոսեց, «Ո՜վ արեգակ, զի արև աստվածային՝
Հնազանդ են ուստի և քեզ լուսատուներ ողջ երկնային
Ինչ լսեցի ես արդ քեզնից՝ շնորհներ են ինձ անվարան,
Վարդս երբեք չի թառամի՝ հովանի է շողքդ նրան։

135 Իրար կրկին երդում տվին ու կապեցին այսպես պայման,
Երկար-երկար զրուցեցին, էլ ավելի մտերմացան.
Թեթևացավ ա՜յն, ինչ մինչ այդ՝ վիշտ էր հեծող ներկայանում,
Նրանց ճերմակ ատամներից հիմա ցոլքեր էին ցայտում։

136 Կից նստեցին, կատակեցին, խոսք ու զրույց արին հարյուր,
Բյուրեղ-բալախշ ու սաթ անգին գիրկ ընդ գրկի՝ տվին համբույր
Կտրիճն ասաց. «Քեզ տեսնողի խելքն է թռչում, գլխից գնում,
Ա՜խ, սատակե՛ց սիրտս սիրով, թեժ կրակը քո բորբոքուն»։

137 ՉԷր դիմանա հրաժեշտին, բայց կտրիճը գնաց, սակայն,
Ետ էր դառնում, նայում նորեն, նորից հառում աչքը նրան՝
Այտը՝ բյուրեղ կարկտահար և սարսռուն՝ մարմին-նոճին.
Սիրտ էր սրտի դիմաց դրել, պարտավորե՛լ սիրող սրտին։

138 Ասաց. «Արև շուտ վիճակվեց վարդից՝ քեզնից լինել բաժան,
Լալ ու բյուրեղ թե կորցնեմ, թե որ խամրեմ՝ քեզ անարժան,—
Այնժամ էլ ի՞նչ անեմ, թե որ՝ հեռուն պարտիմ մնալ երկար —
Այս եմ պահում կարգս ահա՝ մեռնել սիրած յարի համար»։

139 Մահիճ մտակ։ Լալիս էր նա և չէր հատնում արցունքն աղի.
Ճկվում էր նա ու երերվում ինչպես քամուց՝ կաղամախի։
Հենց նիրհում էր՝ նորից նրան՝ յարի կուշտն էր երազ գալիս,
Վեր էր թոչում, աղաղակում՝ տասնապատկում տառապալից։

140 Անջատվելը սիրեկանից առթեց նրան դառնալ խանդոտ,
Արտասո՛ւքը հանց մարգարիտ ցողեց վարդին է՛լ քնքշոտ։
Երբ լուսացավ՝ նա զարդարվեց՝ տեսնողները զմայլեցան,
Հեծավ իր ձին, գոտեպրկեց, պալատ գնաց հանդիսության։

141 Պալատ հղեց նա էջիբին— գնաց իրոք շորորալեն,
Հանձնարարեց ասել. «Արքա, հղացել եմ հանդգնորեն,
Որ քո թրով տիրում ես դու մեր աշխարհի ամեն մասին,
Արժե հիմա, թող իմանան և դրացի՛ք մեր այդ մասին։

142 Երթամ անցնեմ քո տիրության սահմանն ի վեր ու արշավեմ,
Գահ նստե՛լը Թինաթինի ձեր թշնամա՛ց ազդարարեմ.
Հնազանդին տանեմ ես խինդ և ըմբոստին՝ լաց ու կական,
Հղեմ նվեր քեզ շարունակ և ողջույններ հաճախական»

143 Շնորհակալ եղավ խորին դրա համար արքան նրան
Ասաց. «Առյուծ, գիտեմ քաջ ես, պատերազմում դու անվարան,
Արդ, խորհո՛ւրդը քո հղացած վայել է քեզ իրոք արի,
Դե, ինչ արած, գնա՝ թեկուզ՝ բաժանումը քո երկարի»։

144 Ու կտրիճը մտավ պալատ, գլուխ տվեց՝ շնորհակալ.
«Արժանի չեմ այդ գովեստին, որ դուք արիք, ով տիրակալ,
Գուցե խավարն իմ անջատման լուսավորի աստված նորից
Եվ ինձ նորից արժանացնի ուրախ տեսքին թագավորիս»։

145 Արքան գրկեց ու համբուրեց ինչպես որդուն՝ հայր երջանիկ,
Նրան նման այլ չի եղել, ոչ սնուցող ու ոչ սանիկ։
Կտրիճն ելավ ու դուրս գնաց, հրաժեշտի օրն էր տրտում—
Արքան նրա համար լացեց՝ սրտով փափուկ և իմաստուն։

146 ճամփա՛ ընկավ Ավթանդիլը, կտրիճը քաջ, հպարտընթաց,
Անցավ քսան օր ու գիշեր և գիշե՛րն իսկ առաջ խաղաց.
Նա՝ այն խնդո՛ւմը աշխարհի, նա՝ գանձը և պարտքը նրա՝
Չէր հեռանում նրա աչքից, նա՝ ում բոցով այրվում էր նա։

147 Ցնծում եղավ հան ու հանուր, երբ նա հասավ իր տիրույթին,
Դիդեբուլներն աոաջ եկան, անթիվ նվեր նվիրեցին,
Սակայն կտրիճն արեգներես չէր հապաղում իր ընթացքից,
Իսկ անդ եկած մարդիկ ուրախ, ուրախ էին ու ցնծալից։

148 Սահմանի մոտ ուներ քաղաք մի անառիկ և ահռելի,
Շուրջը պարիսպ ապառաժյա, առանց քարի, առանց կրի,
Այնտեղ մնաց երեք օրով—ուրախ՝ որսով էր զբաղված։
Եվ խորհրդի կանչեց իր մոտ Շերմադինին իր խնամած։

149 «Ամաչում եմ,— ասաց նրան,— ես քեզանից, իմ Շերմադին,
Գիտակ ես դու իմ գործերին և ուշադիր ամեն բանին,
Բայց չգիտես մինչև հիմա ինչքան արցո՛ւնք եմ հեղեղել,
Բայց ինձ տանջո՛ղն է իմ արդեն ուրախության առիթն եղել։

150 Հալվո՛ւմ եմ ես Թինաթինի ուժգին սիրով ու կարոտով.
Ու ցողվում է վարդը թոռոմ նարգիսների հորդ արցունքով,
Ես իմ սրտի ցավը թաքուն մինչև այսօր չէի բացել.
Հիմա նա հո՛ւյս ինձ ներշնչեց, այդ առթիվ եմ ուրախացել։

151 Հրամայեց. «Գնա, պարզիր, թե ով էր այն կտրիճն օտար,
Երբ ետ դառնաս, քո փափագին հագուրդ կտամ լիակատար.
Քեզնից բացի այլ չեմ ուզի, թեկուզ դրախտի նա ծառ լինի»
Ցարդ դադարգուն իմ հեգ սրտին դրեց բուժիչ սպեղանի։

152 Նախ՝ ծառա եմ, կուզեմ գնալ՝ ես իմ տիրոջ ծառայելու.
Հավատարիմ թագավորաց՝ ծառան ծառա է լինելու,
Երկրորդ՝ սրտիս հուրը մարեց, էլ չի այրում նա անդադար.
Պետք չէ գիջել փորձանքներին, այլ դեմ գնալ հերոսաբար։

153 Ամեն տեր ու ծառաներից՝ մենք՝ ես ու դու ենք սիրելիք,
Ուստի լսիր խնդիրքս այս՝ ինչ ես ունեմ քեզ ասելիք.
Կարգում եմ քեզ ի՛մ փոխարեն իշխան ու պետ իմ բանակին,
Այս գործը ես չեմ վստահում՝ քեզնից բացի ուրիշ մեկին։

154 Իմ զորքերին, ավագներին, պիտի մարզես, աոաջնորդես,
Հաճախ պալատ մարդ ուղարկես ու գործերին տեղյակ լինես,
Գրես նամակ իմ փոխարեն՝ նվերներով առատագին,
Որ հեռանա՛լն իմ այստեղից բնավ չզգա նրանց հոգին։

155 Ինձ նմանվիր արշավանքում, որսախաղում նույնը եղիր,
Սպասումով երեք տարի՝ գաղտնիքը իմ ամուր պահիր
Գուցե նորից վերադառնամ և իմ հալվեն մնա դալար,
Իսկ թե չգամ՝ լացիր վրաս ու սուգ արա վշտագալար։

156 Կատարվածի բոթը այնժամ դու կհղես թագավորին,
Իմաց կտաս մահս արդեն, նման եղիր գինեվորին,
Ասա՝ բաժին ընկավ նրան՝ ինչ որ բաժինն է ամենքի,
Ու բաժանիր աղքատներին՝ գանձեր առատ՝ արծաթ, ոսկի։

157 Ինձ առավել լեր օժանդակ, առավել քաջ եղիր այնժամ,
Կմոռանա՞ս միթե ինձ շուտ, հիշատակի՜ր ինձ հարաժամ,
Ինձ առավել բարով հիշիր, աղոթք ասա դու իմ հոգուն,
Չմոռանաս բարիքս քեզ՝ լեր սիրտ հոժար, լեր գգայուն»։

158 Ու երբ ծառան լսեց նրան՝ շատ զարմացավ ու սարսափեց։
Աչքերից հանց մարգարիտներ՝ ջերմ արտասուք նա վար թափեց,.
«Քեզնից բաժան,— ասաց նրան,— սիրտս ինչո՞վ ուրախանա.
Բայց խանգարել ես չեմ կարող, գիտեմ, զուր է, դու չես մնա»։

159 «Քեզ տեղապա՛հ եմ ինձ կարգում» — ինչպե՞ս ասիր այսպիսի բան.
Ես տիրություն ինչպե՞ս անեմ, ինչպե՞ս դառնամ ես քեզ նման.
Երբ քեզ մենակ պատկերացնեմ, գետին մտնել պիտի ցանկամ,
Մենք երկուսով լավ է գնանք, տար ինձ քեզ հետ, ես էլ կգամ»

160 Կտրիճն ասաց․ «Լսի՜ր դու ինձ, պարզ եմ ասում, ոչ երկդիմի.
Երթ դաշտ ընկնի սիրահարը՝ կտրող-կապող ի՜նք պիտ լինի։
Ով է շահել դեռ մարգարիտ՝ առսնց ջանքի, առ և տուրի,
Իսկ կեղծ մարդուն ու դավանան՝ սրտին նիզակ պիտի հարի։

161 Ես ո՞ւմ ասեմ գաղտնիքս ապա, ուրիշ չկա, քեզնից ավել,
Ո՞ւմ տեր թողնեմ՝ քեզնից բացի կամ վստահեմ՝ ո՞վ է վայել
Սահմանները ամուր պահիր՝ մոտ չսուրա մեր թշնամին
Գուցե դառնամ, աստված գուցե՝ չկործանե ինձ հիմնովին։

162 Չի հարցնի մեկ թե հարյուր՝ խորհուրդ վերին մահ թե ուզեց,
Մենությունն ի՞նչ պիտի անի՝ երկնի դասը թև ինձ պահեց,
Իսկ որ չեկա երեք տարի — այնժամ արա լաց ու կական,
Արդ թուղթ գրեմ՝ քեզ ենթարկվեն՝ ինձ հպատակ ովքեր որ կան»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՀՊԱՏԱԿՆԵՐԻՆ

163 Գրեց այսպես. «Իմ կտրիճներ խնամատար ու խնամած.
Հավատարիմ, վստահելի ու փորձանքում բազում փորձած,
Իմ իղձերին դուք հետամուտ, ստվերի պես ինձ հետևող,
Լսեք արդ իմ նամակը դուք՝ ինձ լսելու ի մի ժողով։

164 Ձեր ոտի հո՜ղ Ավթանդիլը՝ լսեք ինչ եմ ես ձեզ գրում
Իմ սեփական ձեռով գրած ու ձեզ ուղղած իմ այս գրում.
Վճռել եմ ես առժամանակ փախչել երգից, խրախճանքից
Եվ կեր ճարել իմ մեծ մատով և աղեղովն իմ ուղեկից։

165 Նվիրական մի պարտք ունեմ, պետք է որ այն ես կատարեմ,
Մենակ մնամ ամբողջ տարին՝ իբրև պանդուխտ ես թափառեմ
Պարտ եմ դնում և աղերսում,— թե արժան եմ դարձի՝ արե՛ք՝
Երկիրը ո՛ղջ տեսնեմ նորից, ինձ ողջությամբ դիմավորեք։

166 Թողնում եմ ես իմ փոխարեն, որ տեր լինի՝ Շերմադինին,
Մինչև որ նա տեղեկանա իմ վախճանի, կյանքի մասին,
Թող լույս տա ձեզ արևի պես, վարդ չթոշնի ու թոռոմի,
Իսկ հանցավոր մարդկանց նա թող հալի՝ նման մեղրամոմի։

167 Դուք լավ գիտեք՝ նրան որդու, եղբոր նման կրթել եմ ես,
Ինչպես որ դուք Ավթանդիլին՝ հնազանդվեք նրան նույնպես.
Թե ձեզ նրա փողը կանչե, արեք ինչպես իմ ժամանակ,
Թե չդառնամ ժամանակին, դուք սագ արեք և ո՜չ ծանակ»։

168 Երբ որ նամակն այս ավարտեց այն քաղցրախոս շնորհալին.
Պանդխտությա՛ն նա պատրաստվեց, մեջքին կապեց ոսկե գոտին։
Ասաց. «Դաշտո՛ւմ ես կհեծնեմ»։ Զորքը կարգի եկավ նույնպես,
Տանն աննշան մի պահ մնաց ու դուրս եկավ անմիջապես։

169 Ասաց. «Դուք ե՛տ դարձեք ամեն, ինձ օգնական չէ հարկավոր»։
Հեռու վանեց ծառաներին, առաջ գնաց նա մենավոր,
Գլուխը շո՛ւռ տվեց ձիու, եղեգնուտով սուրաց անցավ,
Իսկ միտքն իսկույն իրեն այրող Թինաթինի մո՛տ սլացավ։

170 Ու արշավե՛ց դաշտի միջով, զորքի աչքից նա հեռացավ։
Ոչ ոք նրան չհետևեց, և ոչ մի շունչ նրան տեսավ.
Ում չէր կարող սուր իսկ խոցել՝ արդ զոհ դարձավ նա կամավոր,
Ուսեց վիշտը նրա տված՝ վիշտը այրո՛ղ ու փառավոր։

171 Զորքն ավարտեց որսը իրա, աչքը տիրոջ կողմը նետեց —
Էլ չգտավ արեգներես՝ դեմքն ամենի նոր գունատվեց,
Մեծ հանդիսին ուրախության սուգը փոխեց՝ պատող զորաց,
Դես-դեն ընկան որոնելու—ով ձի անգամ չուներ թամըած։

172 «Աստված էլ ո՞ւմ կարգի, առյուծ, մեզ տիրակալ քո փոխարեն»,—
Ասում էին ու հարց տալիս, կպչում իրար, փնտրում նորեն։
Բայց չիմացան թե ինչ եղավ կամ ուր կտրեց ճամփան իրա,
Աղի արցունք հեղեց գետին վշտագալար զորքը նրա։

173 Ու Շերմադինն այնժամ կանչեց ավագանո՛ւն, դրանիկներին.
Եվ ցույց տվեց թուղթը նա այն, տեղյակ պահեց գրածներին։
Ով որ լսեց, տվեց գլխին, մնաց սրտով ծանր խոցած,
Ոչ ոք չկար ցամաք աչքով, չկար մարմին չկապտացած։

174 «Թեկուզ և մեզ,— միձայնեցին,— շատ է դժվար առանց նրան,
Քեզնից բացի էլ ո՞ւմ նա տար գահ ու աթոռ ամիրության,
Հնազանդ ենք ուստի արդ քեզ՝ հրամայես ում կամ ինչով»,
Ծառային տեր նրանք արին, խոնարհվեցին նրան հերթով։

ԱՎԹԱՆԴԻԼԸ ԳՆՈԻՄ է ԱՅՆ ԿՏՐԻՃԻՆ ՈՐՈՆԵԼՈՒ

175 Խոսքիս համար՝ Եզրաս վկա կամ իմաստուն Դիոնիսոս,
Երբ եղյա՛մն է վարդին սարսում՝ վարդն հիրավի շատ է ափսոս,
Ափսոս է և պանդուխտ դարձած կտրիճը այն աստանդական,
Որի իրա՛նն է եղեգի, դեմքը չքնաղ՝ քան բալախշան։

                       ***
176 Ավթանդիլի ձին քառատրոփ տափաստանով շուտ սլացավ,
Թողեց սահմանն արաբական, օտարների սահմանն անցավ,
Բայց բաժանումն այն արևից մաշեց կյանքը, կանգնե՛ց, ասա՛ց.
«Հանդիպեի թե ես նրան — չէի հեղի արցունք ու լաց»։

177 Ձյունեց նորից ձյունն աոաջին, սարսում էր վարդն ու թառամում,
Ուզում էր իր սիրտը խոցել, մերթ դանակի՛ էր նա դիմում,
«Բա՛խտս արավ,— ասում էր նա—և հարյուրեց վի՛շտս իննսուն,
Հեռացել եմ ամեն խինդից, չանգի-տավղի ձայն չեմ լսում»։

178 Վարդն անջատուն՝ իր արևից—թառամում էր, հար թառամում.
Սիրտ էր տալիս ինքն իր սրտին, համբերումից չէր նվաղում։
Թափառում էր վայրեր օտար ու որոնում նորը նորին,
Ճամփորդներին հարցուփորձում, ընկեր դառնում ու մտերիմ։

179 Փնտրում էր անդ, աղի լալիս, արցունքը գետ՝ խառնում ծովին,
Բարձ էր արել բազուկն իրա, գետինը՝ թախտ ու անկողին։
Խոսում էր. «Յա՛ր, ես հեռացա, հոգիս մնաց քեզ մոտ սակայն,
Թե իսկ մեռնե՛մ, ախ, քեզ համար՝ մահս խի՛նդ է նվիրական»։

180 Անցավ երկրի երեսն ամեն, շրջեց-փնտրեց ամենուրեք,
Երկնքի տակ տեղ չմնաց, ուր չլիներ, չանցներ ուրեք,
Բայց կտրիճի մասին լսած գոնե մեկին նա չգտավ.
Որոնումի երեք տարին որպես երեք ամիս անցավ։

181 Ընկավ ինչ-որ նա մի երկիր՝ անչափ տհաճ ու վայրենի,
Այնքան չկար ադամորդի՝ ամիսը մեկ մարդ չէր տեսնի,
Ռամինն ինքը ու Վիսն անգամ չեն հանդիպել վիշտ այդպիսին,—
Մտորում էր գիշեր-ցերեկ իր անմոռաց յարի մասին։

182 Հասավ բարձր նա մի լեռան, նրա գլխին օթևանեց,
Եվ յոթ օրվա ճամփա կտրող դաշտ մի հեռու անդուստ բացվեց,
Իսկ սարի տակ գետ կար հոսող՝ առանց կամուրջ, անցում առանց,
Գետեզերին՝ սաղարթամութ անտառ ձգված երկու ափանց։

183 Հասավ կատար, ե՛տ շրջվեց՝ գալիք օր ու ժամն էր հաշվում.
Մնացել էր ամիս երկու—հոգով խռով էր հառաչում.
«Վայ թե իրքս հայտնի դառնա,— վախվխում էր նաև սրան,—
Վատը լավի ոք չի փոխի, ոք չի ծնվի նորից անգամ»։

184 Եվ նա տարվեց մտածմունքով՝ արդյոք թե ո՞ր միջոցն ընտրի.
«Թե ձեռնունայն վերադառնամ՝ ինչո՞ւ կորա այսքան տարի։
Ի՞նչ զեկուցեմ իմ արևին՝ ինչո՞ւ այսքան թափառեցի,
Երբ սու՛տն անգամ ես չիմացա նրա մասին, ում փնտրեցի։

185 Իսկ եթե ես ետ չդառնամ, նորից այսպես դեռ որոնեմ,
Ում փնտրել եմ՝ նրա մասին գոնե մի լուր նորից չառնեմ,—
Լաց-կոծ կանի Շերմադինը՝ հենց լրացավ ժամկետը մեր,
Կերթա, հարկավ, արքայի մոտ—իսկությո՛ւնը պիտի պատմեր։

186 Կազդարարի իմ մահն այնտեղ, ինչպես ինքս եմ ես պատվիրել,
Եվ կսկսեն սգալ նրանք, ապրել վիշտ ու սուգի օրեր,
Թափառումից էլ ո՞նց դառնամ, իսկ այնուհետ՝ ես կենդանի»
Այսպես ողբո՛ւմ էր ինքնիրեն՝ սրտով թախծոտ և անձկալի։

187 Խոսում էր. «Տե՛ր, ինձ համար է՞ր չարիր արդար մի դատաստան.
Ինչո՞ւ ունայն, ունայն արիր այսքան ջա՛նքն իմ թափառական։
Ո՞նց փշրեցիր խինդը սրտիս, հոգիս արիր վշտով լեցուն,
Չկտրեցիր արցունքն աչքիս՝ գիշեր-ցերեկ լացող անքուն»։

188 Համոզում Էր նա ինքնիրեն ու սիրտ տալիս՝ «դեռ համբերիր»,
«Չեմ մեռնելու ես օր առաջ, սիրտ իմ տոկա, մի նվաղիր
Զուր եմ լալիս՝ առանց աստծո — անկարող եմ ես ինձ օգնել–
Անկարելին չի՛ կատարվի, ոք չի՛ կարող բախտն իր փոխել։

189 Ամեն մի վայր երկնքի տակ՝ անցա, եղա՝ ես ամենուր,
Բայց ոչ մի տեղ չլսեցի այն կտրիճի մասին մի լուր։
Իրավ էին հարկավ նրանք, որ քաջք էին նրան կարծում,
Արդ ի՞նչ օգուտ լացը վշտիս, զուր եմ այսպես դառը կոծում»։

190 Ու Ավթանդիլն իջավ սարից, գետ ու անտառ թողեց ետին
Եղեգնուտից արդեն հոգնած՝ տափաստանով սուրո՛ւմ էր ձին.
Բայց կռների ուժն էր պակսում, կորով լինել էլ չէր կարող,
Մինչ խաղում էր բյուրեղ դեմքին սաթի վզնո՛ցն անդ թռվռող։

191 Ու տուն դառնալ նա որոշեց, ա հառաչեց, արցունք թափեց,
Նայեց դաշտին դեմ հանդիման, աչքով հեռու ճամփան չափեց,
Ամբողջ ամիս նա ոչ մի տեղ մի շնչավոր մարդ չէ՛ր տեսել,—
Լոկ գազաններ զարհուրելի, բայց նա սրտի ձա՛յնն էր լսել։

192 Վայրենացած թեկուզ մենակ տնքում էր նա, քաշում հոգոց,
Բայց և սնո՛ւնդ իրեն հոգում՝ նորից ձեռով ադամորդոց.
Նետով որսաց որսը իրա, Ռոստամի ի՛սկ բազկից երեց,
Շամբուտի մոտ իջավ ձիուց ու կայծհանով կրակ վառեց։

193 Ձին բաց թողեց արածելու՝ մինչ խորոված կխորովեր,
Տեսավ՝ իրա կողմը եկող վեցյակ ինչ որ ձիավորներ։
Ասաց. «Սրանք հեն են կարծես, ինչ գործ ունեն թե չէ իրենք,
Այս կողմերում մարդ հողեղեն էլ չի եղել ուրիշ երբեք»։

194 Ու վերցրած աղեղ ու նետ՝ նա դեմ գնաց առանց ահի.
Երկու հոգի միրուքավոր տանում էին մի պատանի։
Վիրավորվա՛ծ էր նա գլխից և ուշաթափ արյունաքամ,
Լալիս էին, ցավում, սակայն՝ շնչել նա չէր կարող անգամ։

195 Կանչեց. «Ո՞վ եք, դուք եղբայրներ, ես կարծեցի ձեզ ավազակ»,
Եվ նա լսեց. «Հանգստացիր, եղիր մի կերպ մեզ օժանդակ.<
Թե չես օգնի՝ մեզ ձայնակցիր, վիշտը վշտով բազմապատկիր,
Ողբա ողբը մեր դառնագին և մորուքով այտդ ծածկիր»։

196 Եվ մոտեցա՛վ Ավթանդիլը սգողներին հարց ու փորձեց,
Ու պատմեցին նրանք՝ ինչ կար, ասին լացով դառնահեծեծ։
«Մենք եղբայրներ ե՛նք երեքով, դրա համար ենք այդ սգում»
Ունենք ամուր բերդաքաղաք՝ Չին-Մաչինի շրջակայքում։

197 Լսել էինք շատ կան որսեր՝ այս կողմերում որսի եկանք,
Մեզ հետ մեր զո՛րքն էր անհամար, գետի ափին մենք մոտեցանք
Աստ մնացինք մի ողջ ամիս, որսատեղին հավանեցինք.
Դաշտում, սարում ու կիրճերում անթիվ գազան կոտորեցինք։

198 Մենք, այս երեք եղբայրներով, ուրիշներից առաջացանք,
Վիճարկեցինք և իրարու, թե շատ ո՞րս կարողացանք.
«Ես շատ զարկի,— մեկս ասաց, իսկ երկրորդս՝ ես առավել»
Չպարզեցինք՝ ով է իրավ, գանգատ արինք ու դժգոհել։

199 Ետ ղրկեցինք մենք զորքն այսօր՝ պախրաների բարձած մորթով,
Ասինք «Պարզենք ո՞վ է իրավ, ո՞վ է հաղթուն իր աջ բազկով,
Առանձնանանք մենք մեկ ու մեկ, ջոկ-ջոկ կանգնենք ու առանձին
Մեր տեսածին միայն որսանք, ո՛չ ուրիշի նկատածին։

200 Երեք հոգո՛վ մենք մնացինք և զինակիր երեք հոգի,
Չկասկածենք որ իրարու՝ ասինք մնանք առանց զորքի։
Որսում էինք դաշտում ամբողջ և փոսերում, անտառներում,
Եվ կոտորո՛ւմ գազան, հա՛վք իսկ՝ ինչ մեր վե՛րև էր թևորում։

201 Հանկարծ կտրիճ մի երևաց՝ դեմքով մռայլ, տխուր այնքան,
Հեծած ահեղ նժույգը սև, որ հրեղե՛ն էր, աննման.
Նա ընձենի ուներ հագած մարմնի վրա և իր գլխին,
Նրա նման չքնաղ էակ չէ՛ հանդիպել դեռ ոչ ոքին։

202 Նայում էինք՝ նրա փայլից, շուքից նրա մենք շլացած։
Ասում էինք. «Արև՛ է նա, որ երկնքից իջել է ցած»։
Եվ ուզեցինք նրան բռնել ու համարձակ դիմեցինք մոտ,—
Դրա համա՛ր արդ ախ ու վախ, արյունլվա՛ ենք, արցունքոտ։

203 Ես՝ ավագս ի կրտսերաց, ի՛նքս ուզեցի բռնել նրան,
Մինչ միջնեկը շատ հավանեց ու ցանկացավ նժույգ միայն,
Կրտսե՛րն էր, որ կռվել ուզեց, մենք էլ չեղանք նրան արգելք
Մենք մոտեցանք, իսկ նա չքնաղ՝ դեռ գնո՛ւմ էր հանգստաքելք։

204 Զուգել էին վարդին կոկոն բյուրեղ ու լալ անապական.
Երբ մեզ տեսավ՝ մտքերն անուշ՝ փոխեց իսկույն մեր դեմ ցասման
Ու չընդունեց, չասաց նստեք, ո՛չ համարեց մեր երեքին,
Իր մտրակո՛վ հասու ածեց՝ զուր հանդգնած մեզ պես խակին։

205 Առաջ անցավ կրտսերը մեր, ետ մնացինք մենք երկուսով,
Ձեռը պարզեց «Կանգնիր» ասաց,— այս հանդգնեց միայն լեզվով,
Կտրիճը որ սուր չշարժեց՝ եղբայրներով ապահովցանք,
Մտրակ քաշեց սրա գլխին՝ գլխից հոսող արյուն տեսանք։

206 Իր մտրակի մեկ հարվածով գլուխն այնպես նա պատառեց,
Որ տրորեց որպես փոշի, որպես անհույս դիակ՝ փռեց,
Հողին արեց նա հավասար, իր դեմ անմիտ խիզախողին,
Մեկնեց ապա աչքի առաջ՝ դեմքով մռայլ, հպարտ կրկին։

207 էլ չդարձավ, գնաց հանգիստ, շտապելու գնաց առանց,
Նայիր, ահա, գնում է նա՝ ինչպես արև, լուսին մի հանց»։
Եվ ցույց տվին լացակումած՝ հեռու-հեռվում Ավթանդիլին,
Քիչ նշմարվո՛ղ նժո՛ւյգը սև, կտրիճն՝ արև նրա մեջքին։

208 Ձյունել այտերն արտասուքով՝ Ավթանդիլի՛ն էլ հարկ չկար,
Իզուր չանցան որովհետև թափառումներն իրա երկար.
Երբ հասնում է մարդ փափագին, գտնում փնտրած՛ը բաղձալի,
Կարիք չունի այլև հիշել նեղություններն իր անցյալի։

209 Ասաց նրանց. «Ով եղբայրներ, պանդուխտ եմ ես, աստանդական,
Այդ կտրիճին որոնելու՝ հայրենիքից եղա տեղհան,
Ձեր շնորհիվ ես արդ հասա անելիքիս դժվար այնքան,
Աստված հեռու պահե առմիշտ թող ձեզ վշտից դժբախտության

210 Ինչպես որ ես փափագս առա, իմ որոնածն արդեն գտա,
Այնպես և ձեր եղբոր ցավին, հիվանդությա՛ն թող վերջը գա»։
Նրանց հարմար տեղ ցույց տալով՝ ասաց. «Զգույշ, այն կողմ տարեք
Այն ստվերում նրան մի քիչ, ինչպես և ձեզ, հանգիստ տվեք»։

211 Այսպես խոսեց և իր նժո՛ւյգն ասպանդակեց սպառազեն.
Սուրաց նժույգն ու սլացավ, ինչպես թոկից պոկված բազեն
Եվ կամ լուսի՛ն, որ վազում է լույսի հետքո՛վն արեգակի.—
Հո՛վ էր գալիս հետզհետե նրա սրտի վառ կրակին։

212 Հասնում էր նա և մտածում՝ ինչպե՞ս նրան արդ մերձենա.
«Անզգույշ խո՛սք ու զրույցից խենթն ավելի՛ կխենթանա։
Պիտի փնտրե խելոքը միշտ անհնարի համար հնար
Ու սառնասիրտ պիտի լինի, խելագարից չվախենա:

213 Նա խելագա՛ր է քանի որ և գազազած ու վայրենի՝
Նա ոչ ոքի մոտ չի թողնում՝ հետը խոսի, նրան տեսնի,
Թե հանդիպենք երես-երես, իրար զարկել մենք կսկսենք.
Կամ նա պետք է ինձ սպանի, կամ ես նրան, և զուր կորչենք»։

214 Եվ Ավթանդիլն այս էր ասում. «Ջանքս ինչո՞ւ անցնի ունայն.
Չկա՛ էակ մի այնպիսի, որ իր բո՛ւյնը նա չունենա.
Ուր էլ գնա, ես կհասնեմ, ամեն արգելք կարհամարհեմ,
Մինչև վերջի՛ն ուժերս ես նրան այսպես կհետևեմ»։

215 Երկու գիշեր, երկու ցերեկ՝ երբե՛մն ետ, երբե՛մն առաջ,
Թափառեցին առանց հանգիստ, հաց, կերակուր, բերան չառած.
Ո՛չ մի րոպե և ո՛չ մի տեղ անգամ նրանք չկանգնեցին.
Եվ արցունքներն այն երկուսի դաշտերն ամեն ոռոգեցին։

216 Այսպես մի օր, երեկոյան, երևացին հսկա ժայռեր,
Ժայռերի տակ հոսում էր գետ ու ժայռերում կային այրեր,
Գետի ափին, պատմելու չէ, շամբ էր անա՛նց ու անկածան,
Հսկա ծառեր՝ աչք չկտրող, վերձիգ՝ անհաս ժայռը որքան։

217 Կտրիճն անցավ ժայռեր ու գետ, ուղևորվեց դեպի այրեր,
Իսկ Ավթանդի՛լն իջավ ձիուց ու որոնեց բարձր ծառեր։
Ձին ծառի տակ կապեց ու ծա՛ռն ելավ՝ աչքով որոնելով.
Տեսավ՝ ինչպես կտրիճը այն գնում էր՝ դա՛ռն արտասվելով։

218 Երբ ծառաստան կտրեց անցավ կտրիճը այն ընձու մորթով,
Այրի մուտքին դիմավորեց նրան մի կին սև ջուբայով,
Որ սկսեց լալ բարձրաձայն ու ծովի չափ արցունք թափեց,
Կտրիճը վա՛ր իջավ ձիուց, կնոջ վզին նա փաթաթվեց:

219 Կտրիճն ասաց. «Քո՛ւյր իմ Ասմաթ, կամուրջներս ծովը անկան,
Ում համար մենք այրվեցինք՝ չկարացի՛նք հասնել նրան»։
Այս ասելով՝ խփեց կրծքին, հորդ արտասուք էր նա թափում,
Երբ կինն ուշքից գնաց՝ գրկեց, իրար արյուն էին սրբում։

220 Գլխից պոկած նրանց ծամով խիտ սաղարթներն է՛լ խտացան,
Գրկել էին՝ իրար ամոք՝ տղան կնոջ, կինը՝ նրան.
Ողբում էին, անում կական, ժայռը թնդում արձագանքից,
Իսկ Ավթանդի՛լն ապշել էր ճիշտ՝ աչոք տեսած այդ վարմունքից։

221 Դադար տվեց կինն իր վշտին, զսպեց ցավը սիրտը հեծող,
Նժույգը նե՛րս տարավ նա այր, թամբ ու պախուրց հանեց մի կող,
Եվ կտրիճից հանեց հագի զենք ու զրահ՝ կապած գոտուն,
Ու նե՛րս մտան խորքը այրի՝ դուրս չգալով այդ օրն ի բուն։

222 Եվ միտո՛ւմ էր Ավթանդիլը. «Ինչպե՞ս հասնեմ այդ գաղտնիքին»,
Երբ լուսացավ՝ ելավ այրից կինը նորեն՝ սև շոր հագին,
Ձիուն դրեց կզակակալ, պոչով սրբեց իր խավունի,
Կազմեց, բերեց զրահ ու զեն՝ առանց աղմուկ ու շշունի։

223 Սովորությունն էր կտրիճի՝ տանը երկար նա չէր նստում։
Կինը լալիս, կուրծքը ծեծում ու վարսերն էր խուրձ-խուրձ պոկում։
Նորից իրար վզով ընկան, նա համբուրեց ու ձին հեծավ,
Եվ Ասմաթը հո՛ւյժ տխրահեծ՝ է՛լ ավելի տխուր դարձավ։

224 Ավթանդիլը տեսավ մոտից կրկին դեմքը այդ մարդկային.
Բեղերը թավ, առանց մորուք, ասաց. «Արև՞ է երկնային»։
Քամին բերեց հալվեի բույր՝ այդ նրա բույրն էր խնկածին,
Այնպե՛ս կընկճեր նա առյուծին, ինչպես առյո՛ւծն ինքը՝ այծին:

225 Գնաց նորից նա այն ճամփով, որ երեկ է՛լ անցել էր հենց,
Անցավ շամբուտն ու հեռացավ, ապա դաշտի կողմը դիմեց։
Ու նայում էր Ավթանդիլը՝ թաքուն ծառի ետևն անցած,
Ասում. «Անչափ հաջող արեց այս իրադեպն ի զիս աստված։

226 Սրանից էլ hարմար առիթ ես աստծուց էլ ի՞նչ ուզեմ,
Բռնեմ կնոջ և ստիպիվ՝ նրա մասին պատմել հարկեմ.
Իմն է՛լ ասեմ ես ամենայն, ինչ արդար է՝ նրան բանամ,
Սուր չքաշե՛մ այդ կտրիճին, ոչ էլ ի՛նքս սուր ստանամ»։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՆԱ ԻՆՉ ԽՈՍԵՑ ԱՍՄԱԹԻ ՀԵՏ ԱՅՐԻ ՄԵՋ

227 Իջավ ծառից և արձակեց նժույգը իր ծառից կապած.
Հեծավ, այնտեղ ուղևորվեց, տեսավ՝ այրի դռները բաց,
Անդուստ կինը ելավ այրից, հուզված սրտով, արտասվաթոր,
Կարծում էր, թե վերադարձա՛վ վարդերե՛սը բյուրեղավոր։

228 Չճանաչեց. սա իր տեսքով չէր նմանում այն կտրիճին,
Ետ թռավ ու ճչաց ամուր՝ դիմեց ծառին, ապառաժին.
Ինչպես թակարդ մի կաքավին, կտրիճն իջավ, բռնեց նրան,
ժայռե՛րն էին արձագանքում կնոջ ձայնին՝ ձայնով ինքյան։

229 Կինն անձնատուր չեղավ նրան, նայելն իսկ պի՛ղծ էր համարում
Ու թփրտում ինչպես կաքավ՝ արծվի հզոր մագիլներում,
Ինչ որ մեկին՝ Տարիելին, օգնության էր կանչում իզուր,
Մինչ աղերսո՛ւմ էր Ավթանդիլ՝ պարզած ձեռքով իջած ծունր։

230 Ասում. «Հոգի, քեզ ի՞նչ արի, ես էլ մարդ եմ, ադամորդի,—
Մանուշակներ տեսա անգույն, դալուկ տեսա գույնը վարդի,
Ով լինելը նրա պատմիր, նոճեհասակն ո՞վ է, ասա՛,
Բան չե՛մ ուզում քեզնից ուրիշ, մի վախեցիր, զուր մի գոռա»։

231 Ասում էր կի՛նն արտասվելով, հայցն էր նրա ինչպես վճիռ,
«Խելքի՛ արի՝ եթե խենթ ես, թե որ խենթ չես՝ ինձ արձակիր։
Պահանջում ես քեզ հեշտ պատմել—ինչ դժվար է ու անգնի,
Չե՛ս տիրելու դու գաղտնիքին — զուր ժամանակ դու մի՛ վատնի»։

232 Նորից ասաց. «Ո՜վ պատանի, ի՞նչ ես խնդրում, ուզում այդքան,
Պատմությունն այդ վերապատմել և չի կարող գրիչն անգամ։
Դա մի անգամ կասես «Պատմիր», ես քեզ կասեմ «Ոչ» անհամար.
Ւնչպես ծիծա՜ղն է լավ լացից՝ սուգն է երգից լավ ինձ համար»։

233 Ասաց. «Գիտե՞ս ինչ նեղություն ու ճանապարհ եմ ես անցել,
Որքա՜ն փնտրել լուրը-լուրին, բայց լսել չե՜մ կարողացել։
Արդ քեզ գտա՜ ու որքան էլ վիրավորվես իմ խոսքերից,
Չեմ արձակի, մեկ է, ես քեզ, պատմիր և մի՜ քաշվիր ինձնից»։

234 Գեղուհին թե. «Ես ո՞վ, դու՝ ո՞վ, դու որտեղի՞ց աստ լույս ընկար,
Պատժվեի՜ր, պիտի եղյա՜մ, թե արևս հիմա ետ գար.
Ձանձրալի է խոսքը երկար, ես քեզ պիտի հակիրճ ասեմ՝
Վարվիր՝ ինչպես ինքնդ կուզես, ես քեզ ոչինչ պատմելու չեմ»։

235 Կրկին խնդրեց երդումներով, կնոջ առաջ ծունկի չոքեց,
Սակայն նրան չհամոզեց, աղերսելուց արդեն հոգնեց.
Զայրույթ պայթեց նրա դեմքին, աչքերի մեջ լցվեց արյուն,
Վեր թռավ ու, ծամքաշ արած, դանակ սուրսայր դրեց բկին։

236 Ասաց ահա «Այսքան կրած վրդովումս քեզ ո՞նց ներեմ,
Բավ է՛ որքան ես լաց եղա, բավ է՝ իզուր արցունք հեղեմ.
Լավ է պատմես — սույնից բացի՝ չեմ նեղացնի ոչ մի անգամ
Թե չէ՝ աստվա՜ծ տա թշնամուս այն մա՜հը, որ ես քեզ կտամ»։

237 Աղջիկն ասաց. «Չա՜ր է անչափ բռնությունդ արդ իմ հանդեպ,
Թե չսպանես՝ չեմ մահանա, նորից ողջ եմ, նորից անդեպ.
Ինչո՞ւ պատմեմ՝ դեռ կենդանի՝ քանի որ կամ՝ իզուր կանուխ,
Իսկ թե մորթես՝ չեմ ունենա քեզ պատմելու վրաս գլուխ»։

238 Կրկին ասաց. «Կտրի՜ճ, ինչո՞ւ գտար դու ինձ կամ ո՞վ ես դու,
Քանի ողջ եմ, ես կենդանի, այդ բանը քեզ չե՜մ պատմելու,
Ես ավելի լա՜վ կսեպեմ գլուխն իմ տամ քեզ՝ սպանես,
Ինչպես անպետք թղթի կտոր դու հեշտությամը թող պատառես։

239 Մի՛ կարծիր, թե ինձ սպանել—ինձ պատիժ է այդ լինելու.
Կչորացնե՛ս դու դրանով արցունքիս լիճն—էլ չեմ լալու.
Մի ծղոտ է աշխարհն ամեն, իմ աչքում այն ավել չարժի,
Չեմ ճանաչում ո՞վ ես ինքդ, ես ո՞ւմ պատմեմ խոսք հավաստի»։

240 «Այս կնոջ հետ,— խորհեց ինքնին,— էլ հարկ չկա՛ այսպես խոսել,
Ուրիշ միջո՛ց պիտ հղանալ, ավելի լավ հնար գտնել»։
Թողեց նրան, նստեց մենակ և արտասուք թափեց ու լաց—
«Բարկացրի՛,— ասաց կնոջ,— զղջում եմ, ա՜խ, գործս արած»։

241 Կինը նստած՝ խռով, մռայլ և տակավին չէր մեղմանում,
Ավթանդիլը՝ նստած լալիս ու ոչ մի խո՛սք արտասանում,
Ավազան էր արտասուքի վարդանոցո՛ւմ այն կազմվել
Լա՛ց եղավ և կինը մի կողմ—Ավթանդիլից էր ազդվել։

242 Արտասվում էր նա ջերմաջերմ, խղճում լացող այն կտրիճին,
Բայց նստել էր տար ու օտար, մի բառ անգամ չկար շուրթին.
Կտրիճն զգաց՝ ու մտածեց. «Մեղմանում է զայրույթն իմ դեմ»,—
Եվ աղերսեց արտասվաթոր, գնաց ծնկի չոքեց արդեն։

243 Ասաց. «Դիտեմ, անկարող ես իմ նկատմամբ արդ վստահման,
Բարկացրի — մնացել եմ՝ պանդուխտի ու որբի նման։
Գլուխս քեզ կնվիրեմ՝ վստահելուդ համար սակայն,
Զի յոթն անգամ, ասված բան է, արժանի է մեղքը ներման։

244 Թեպետ և քեզ անձիս մասին առիթ տվի վատ մտածել,
Բայց և հիշիր — սիրահարի՛ն խղճալ է պետք ու տոգորել,
Անզոր եմ ես այլուստ ամեն, չկա ոչ ոք ինձ օգնական,
Ավելին ի՞նչ կարող եմ տալ—սրտիդ համար հոգիս կտամ»։

245 Երբ կտրիճից կինը լսեց նրա խոսքը սիրո մասին—
է՛լ առավել արյուն հեղեց՝ հարյուրակի հեծկլտագին.
Բարձր ձայնով, դառնահառաչ նորից լացեց, չծիծաղեց,—
Ավթանդիլի՛ սրտին աստված ուրախության հույս նշմարեց։

246 Ու մտածեց. «Խոսքից սիրո գունատվում է դեմքը նրա,
Խելակորույս՝ մեկի համար, նա արցո՛ւնքն է շաղում իրա.
Ասաց. «Իմ քո՛ւյր, սիրահարին թշնամինե՛րն էլ են խղճում.
Այս էլ գիտցի՝ նա հենց ի՛նքն է մահ որոնում, չէ թե փախչում։

247 Ես է՛լ մի խենթ սիրահար եմ, ուշք ու միտքս տված սերին,
Ինձ իմ արևն աստ ուղարկեց՝ որոնելու այդ կտրիճին,
Ուր ամպն անգամ դեռ չի հասել՝ այդ վայրերում եղա, անցա,
Եվ սիրտը ձեր արդեն գտա, նայն է՝ սի՛րտը քո թե նրա։

248 Նրա երեսն իմ սրտի մեջ որպես պատկեր նկարեցի.
Խելակորույս՝ նրա համար խինդս կարճել-աղքատեցի։
Ինձ երկուսից դու մեկն արա,— ազատիր կամ գերի դարձրու,
Կյանք տուր՝ ապրեմ, կամ սպանի՜ր՝ իմ ցավին ցավ ավելացրու։

249 Կինն այս անգամ պատասխանեց առաջինից շատ հաճելի.
«Ա՛յ, ասացիր հիմա դու խոսք՝ խոսք է իրոք նախընտրելի,
Փոքր ինչ աոաջ թշնամություն սերմանեցիր դու իմ հոգում,
Այժմ գտար քեզ սրտակից, քո քրոջից՝ ավելի քո՛ւյր։

250 Եվ քանի որ քեզ զորավիգ դու դիմեցիր սիրո խոսքին,
Անհնար է ինձ այսուհետ չխոնարհել քե՛զ գլուխն իմ,
Կնվիրեմ իմ անձը քեզ, չեմ վշտացնի, քեզ սիրտ կտամ
Եվ կմեռնեմ ես ք՜եզ համար — էլ ավելի ես ի՞նչ կարամ։

251 Այժմ ինչ որ ես քեզ ասեմ, եթե լսես հոժարակամ,—
Ւնչ փնտրում ես՝ պիտի տեսնես, կհաջողվի քեզ այս անգամ.
Թե չես լսի՝ չես զանելու՝ արտասվաթոր ինչքան էլ լաս.
Դու կմեռնես կյանքից դժգոհ և անպատիվ կհեռանաս»։

252 Կտրիճն ասաց. «Խոսքը քո ճիշտ այս առակին է նմանում.
Երկու համփորդ ինչ-որ տեղից ինչ-որ մի տեղ էին գնում,
Ջրհորի մեջ ընկած տեսավ՝ ետնկայսը աոաջինին,
Գլխին կանգնել՝ լաց է լինում, նայում, գոռում «վայ» անխնին։

253 Ասում է, թե «Այստեղ մնա, ընկեր, մինչև ես կդառնամ.
Թոկ բերելու գնամ հիմա, ես ջրհորից քեզ կբառնամ»։
Ներքևինի ծիծաղն եկավ, շատ զարմացավ, կանչեց վարից.
«Թե չսպասեմ՝ ո՞ւր կգնամ, ո՞ւր կփախչեմ ես ջրհորից»։

254 Հիմա, քո՜ւյր իմ, քո ձեռին է՝ թոկս կապված պարանոցի,
Անկարող է մեկը ուրիշ՝ գալ փրկության — քեզնից բացի.
Թե ինչ կանես՝ ինքդ գիտես, դու ես խենթիս դեղ ու դարման,
Թե չէ իր վիզն, առողջ գլխով, ով կգցեր հարդյա պարան»։

255 Կինը ասաց, «Հավանեցի, ով դու կտրի՛ճ, ես քո խոսքին,
Իրոք աղվոր կտրի՛ճ ես դու, արժան գիտնոց գովասանքին,
Տանջվե՜լ ես դու մինչ այսօր ու զրկանքներ կրել քանի,
Ուստի լսիր՝ ինչ քեզ կասեմ՝ ինչ փնտրում ես՝ աստ գտանի։

։

256 Արդ՝ պատմությունն այն կտրիճի դու ոչ մի տեղ չես գտնելու,
Թե չպատմի նա ինքը քեզ, ոչ մի լեզու չի պատմելու.
Գուցե և ուշ, բայց անկասկած, նա կդառնա՛, դու սպասի՛ր,
Վարդն արցունքից չի թառամի. վարդիդ համար՝ հանգստացիր։

257 Թե անունը մեր երկուսի իմանալ ես ուզում հիմա,—
Տարիե՛լ է կտրիճը խենթ, անունն այս է իրոք նրա,
Իսկ ինձ՝ Ասմա՛թ են անվանում, ես, որ զոհ եմ տառապանքի —
Եվ ոչ թե մեկ՝ բյուր ի բյուրոց և անընդհատ հառաչանքի։

258 Ուրիշ ոչինչ ես չեմ կարող ավելացնել իմ այս խոսքին.
Թափառում է նա սար ու ձոր պարթևիրան ու զայրագին,
Սնվում եմ ես՝ խեղճս, մենա՛կ նրա բերած որսի մսով
Ու չգիտեմ՝ հիմա՞ կգա, թե՞ կշրջի երկար հանդով։

259 Այս եմ խնդրում, որ համբերես, ուրիշ տեղեր դու ման չգաս,
Երբ որ կգա, ես կաղաչեմ, որ հաջողեմ գուցե հանկարծ.
Ես ձեզ այնպես ծանոթացնեմ, որ անպատճառ սիրի նա քեզ,
Ի՛նքը պատմի քեզ իր մասին, դու՝ սիրելուդ ուրախացնես»։

260 Եվ Ավթանդիլն անսաց նրան, հպատակվեց ու խոսք տվեց,
Այդ միջոցին ետ նայեցին՝ ձորից ջրի ճողփյուն լսվեց.
Գետն անցել է, տեսան՝ արդեն, լուսինը ա՛յն լուսապսակ
Ե՛տ քաշվեցին անմիջապես, չկորցնելով անդ ժամանակ։

261 Եվ կինն ասաց. «Տվեց աստված ցանկացածդ ժամը պատեհ,
Բայց դու անտես դարձիր հիմա ու թաքնվիր ներսում դու դեհ,
Չի հանդուրժում կտրիճը այն իր մոտ ուրիշ մի հողածնի,
Գուցե այնպես հաջողացնեմ՝ տեսքդ նրան չզայրացնի»։

262 Եվ շտապով նա թաքցրեց Ավթանդիլին քարանձավում։
Կտրիճն եկավ, իջավ ձիուց, թուր ու կապարն են շողշողում,
Եվ ողբացին կին ու կտրիճ ծովի պես ծով արցունքներով.—
Ավթանդիլը ճեղքի միջից տեսավ բոլորն իր աչքերով։

263 Բյուրեղն առավ հասպիսի գույն՝ արտասուքի ցողով ցողված,
Երկար-երկար արտասվեցին կտրիճ ու կին՝ սևավորված.
Կինը քակեց զենը նրա և կտրիճի ձի՛ն տարավ ներս։
Լռեցին — սև՛ սաթի դանակն արտասուքի գետը կտրեց։

264 Եվ Ավթանդիլն՝ ազատ գերին՝ ճեղքից դիտում էր անդադար․
Կինը փռեց գետնի վրա ինձի մորթուց մի գետնակալ.
Ու կտրիճը նստեց վրան՝ նորից գերի իր վշտերին․
Արյան արցունքն էր գբացել նրա սաթի թարթիչներին։

265 Կինն սկսեց քարանձավում կրակ վառել գայլախազով,
Ուզեց նրա՛ն կերակրել որսի համեղ խորովածով.
Մոտիկ եկավ, կտրեց մի քիչ՝ դժվարացավ ուտել սակայն,
Եվ բերանից հանեց իսկույն — ծամելու ուժ չուներ անգամ։

266 Նա ետ ընկավ, մի քիչ նիրհեց, բայց ոչ երկար ու խոր քնով,
Ցնցվեց հանկարծ, աղաղակեց ու վեր թռավ ինչպես գինով.
Գոռում էր ու կրծքին՝ քարեր, գլխին զարկում նա դագանակ,
Կինն իր երե՛սն էր ճանկռում՝ աչքը վրան, նստած մենակ։

267 «Ի՞նչ պատահեց,—արեց հարցում,—ինչո՞ւ շուտով դարձար, ասա»,
Կտրիճը թե. «Որսի ելած մի թագավոր դաշտում տեսա։
Նա զորք ուներ ծանր բեռոք, ու թիվ չկար նրա զորքին,
Որսի ելել ինքը դաշտում՝ չորս դին կարգել իր մարեքին.

268 Չէի ուզում տեսնել մարդիկ, ես ավելի տանջվեցի,
Չմոտեցա հանդիպելու՝ ինքս ես ինձ խնայեցի.
Քաշվեցի ետ շփոթվելով, անտառ մտա թաքնվելու,
Մտածեցի, թե «Ետ դառնամ, վաղը կգամ ես որսալու»։

269 Կնոջ աչքից արցունք հոսեց հարյուրաշիթ և անքանակ.
«Շրջում ես դու,— ասաց նրան,— գազանների՜ մեջ մեն մենակ,
Ոչ մի մարդու չես մոտենում, որ զբաղվես, զրույց անես,
Ինչո՞ւ օրդ անցնի այդպես, այդպես նրան ի՞նչ շահ կանես։

270 Երկրի երեսն ամբողջովին ման ես եկել դու անընդհատ,
Մի՞թե ամբողջ աշխարհի մեջ դու չգտար գոնե մի մարդ,
Հետդ նստեր՝ չվայրանաս, հուրը թեկուզ քո չէր շիջի,
Ինչ շնորհ է—դու մեռանես, իսկ նա իզուր, իզուր կորչի»։

271 Ասաց. «Քույր իմ, խոսքերը քո նմանում են քո իսկ սրտին,
Սակայն չկա աշխարհիս մեջ դեղ ու դարման իմ այս վշտին.
Ո՞վ կճարի այդպիսի մարդ, երբ չի եկել նա դեռ աշխարհ...
Ես կխնդամ, երբ մահս գա, հոգի-մարմին՝ թողնեն իրար։

272 Աստված մի այլ իմ աստղի մարդ դեռ ոչ մի տեղ չի ստեղծել.
Փափագեի որի հետ ես մոտիկ լինել և զրուցել,
Ո՞վ իմ վշտին կդիմանա, կիսի փորձանքն իմ կրածի.
Չեմ ճանաչում, քույր իմ, ուրի՜շ ես հողեղեն քեզնից բացի»։

273 Եվ կինն ասաց. «Չբարկանաս—պաղատում եմ քեզ երկյուղած,
Քանի որ ի՜նձ է քեզ համար խորհրդակի՜ց թողել աստված,
Չեմ թաքցնի, լավը քեզնից՝ մտածել եմ ինչ իրական._
Չի կարելի չափից անցնել, անցել ես դու չափ ու սահման։

274 Կտրիճն ասաց. «Ի՞նչ ես ուզում, դու պարզ ասա, ես չգիտեմ,
Առանց աստված՝ ինձ ծառայող մարդ մի ինչպե՞ս ես ըստեղծեմ.
Աստված ուզեց՝ դժբախտանամ—ելք որոնել էլ ի՞նչ ջանամ,
Վայրի դարձա ես գրեթե և այս օրին եղա խնամ»։

275 Կինը կրկին շարունակեց. «Ես ավելորդ շատ խոսեցի,
Իսկ եթե մարդ քեզ մոտ բերեմ, որ իր կամքով քեզ ուղեկցի,
Խոստումներո՜վ հրճվես նրա, քեզ մոտ մնա, քեզ մոտ լինի,
Երդվիր, որ դու ոչ մի վնաս չես տա նրան, չես սպանի»։

276 Կտրիճն ասաց. «Թե ցույց կտաս՝ տեսնեմ ու շատ կուրախանամ,
Երդվո՜ւմ եմ նրա սիրով, խենթ եմ որին, աստանդական,
Չեմ վշտացնի նրան երբեք, տհաճ ոչինչ անելու չեմ,
Ինչ կուզենա ինձնից հաճո՝ հաճո կանեմ ու կսիրեմ»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԵՎ ՏԱՐԻԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

277 Կինը ելավ, գնաց ապա՝ այն կտրիճին բերի օտար,
«Չվշտացավ,— հայտնեց նրան,— համաձայնեց սիրահոժար»,
Ու բերում էր ձեռքից բռնած, որպես լուսնի՝ լույս պսակով
Տարիելը տեսավ՝ իսկո՛ւյն համեմատեց արեգակով։

278 Դիմավորեց ապա նրան—երկու արև՝ երկուսն իրար,
Եվ կամ անամպ երկնի լուսին, շուքով լուսող հովիտն ի վար,
Հալվեն անգամ նրանց դիմաց՝ սովորական ծառ էր նսեմ,
Երկուսն ինչպես յոթ մոլորակ — ուրիշ ինչո՞վ համեմատեմ։

279 Նրանք իրար համբուրեցին, չքաշվեցին՝ թեպետ օտար,
Շրթունքներից նորբաց վարդի ճերմակ ցոլաց ատամնաշար,
Փաթաթվեցին վզին իրար, արտասվեցին իրար կրծքին.
Հակինթը սաթ դարձավ նրանց, արժեր թեկուզ լալ մեծագին։

280 Կտրիճն ապա Ավթանդիլի՛ն դարձավ, ձեռքը տվեց ձեռքին,
Քով ի քովի նստան իրար, ջերմ արցունքով երկար լացին,
Իսկ Ասմաթը սիրտ էր տալիս հրաշալի՛ իրոք խոսքով.
«Մի կոտորվեք և արևին՝ մի խավարեք ձեր խավարով»։

281 Եղյամ ուներ, բայց չէր սառել Տարիելի վարդը տակավ,
Կտրիճին թե. «Չեմ համբերում, պատմիր ինձ շուտ գաղտնիք ու ցավ,
Որտեղի՞ց ես եկել, ո՞վ ես, որտեղացի՞, ինչո՞ւ եկած,
Մոռացել է ինձ մահն անգամ, ես՝ նրանից անգամ մերժված»։

282 Ավթանդիլը պատասխանեց, խոսքերը՝ նուրբ ու դուրեկան.
«Ո՜վ Տարիել, դյուցազն, այռուծ, այսօր նազուկ դառած այսքան,
Արաբ եմ ես, պալատն է իմ՝ արաբների այն աշխարհում,
Ես տանջվում եմ սիրուս համար, սիրո անմար հո՛ւրն է կիզում։

283 Տարվել եմ ես սիրով ահա, սիրով տիրոջ իմ աղջկան,
Իրենց արքա՛ են ճանաչում հաղթաբազուկ ճորտեր նրան,
Տեսել ես դու ինձ մեկ անգամ՝ չես ճանաչում թեպետ հիմա,
Դու, հիշո՞ւմ ես, կոտորեցիր ծառաներին մեր անխնա։

284 Դաշտում տեսանք թափառական ու մոտենալ քեզ կամեցանք
Տերս քո դեմ շա՛տ վրդովվեց, մենք՝ մարտելու քո դեմ ելանք,
Քեզ ձայնեցինք՝ չեկար մեզ մոտ, ուղարկեցինք զորքեր քո դեմ,
Սակայն նրանց հորդ արյունով դու ներկեցիր դաշտերն արդեն։

285 Առանց թրի դու մտրակով շատ գլուխներ կտրատեցիր։
Արքան հեծավ—կորար աչքից ու հետք անգամ չթողեցիր.
Քաջքի նման դու չքացար, ճորտերը մեր շփոթվեցին,
Կախարդեցիր մեզ առավել, վրդովեցիր դու մեր հոգին։

286 Տրտում եղավ, դուք էլ գիտեք՝ կամահաճ է արքա ամեն,
Քեզ փնտրեցին, որոնեցին, հրամաններ տվեց՝ տանեն,
Բայց քեզ տեսնող մարդ չգտան ոչ պատանի, ոչ էլ իսկ ծեր.
Արդ ինձ հղեց նա՛, որի հետ՝ չեն գա արև և ոչ եթեր։

287 Հրամայեց. «Գնա պարզիր կյանքը կորած այն արևի.
Ու փափագած իղձդ այնժամ ինձնով իրոք կկատարվի»։
Երեք տարի առանց իրեն, ասաց, մնամ միլ արցունքով.—
Չես զարմանում ինչպես տարա, ժպտին նրա ես կարոտով։

288 Մինչև հիմա քեզ հանդիպող գոնե մեկին չէի տեսել.
Թուրքեր տեսա, որոնք ինչ որ անտեղ խոսքեր էին ասել,
Զարկել էիր քո մտրակով, դու մահամերձ արել մեկին,
Զարկել էիր դու ում եղբոր—հետքդ նրա՛նք խրատեցին»։

289 Տարիե՛լը նույնպես հիշեց մարտը իրենց այն անգամվա,
Ասաց. «Այո՛, հիշում եմ ես, թեև դե՛պք է դա վաղօրյա.
Որս անելիս տեսա ինչ որ քե՛զ ու ես քո թագավորին.
Լալիս էի խեղճս այնու՝ միտս էր եկել իմ անձկալին։

290 Ինչո՞ւ համար էի ձեզ պետք, ի՞նչ ընդհանուր կար մեր միջում,
Զվարճանո՛ւմ էիք դուք պերճ, ես՝ արցունքով այտս թրջում։
Երբ ճորտերին ձեր ղրկեցիք ու սիրտ արիք—ինձ պաշարեն,
Եվ վճռեցի, թե կտանեք՝ դուք դիակներ իմ փոխարեն։

291 Ետ նայեցի․ և երբ տեսա՝ ինձ է հասնում տերդ արդեն.—
Արքա՛ էր նա, խնայեցի, չշարժվեցի ես նրա դեմ.
Հենց ձեր աչքի աոաջ փախա, չհղացա այլ բան անել,
Անտեսի է նման իմ ձին—ոչինչ ուրիշ չեմ անվանել։

292 Մինչ կկոցի աչքը մեկն իր, մինչ թարթիչներն իրար հարեն —
Կանհետանամ ես նրանից, ուր ինձ տհաճ ես համարեմ.
Իմ դեմ փորձի՝ ոք չի եղել, այն թուրքերից երեք բացի,—
Տխուր զարդեց հանդգնանալ, և ես՝ նրանց վճարեցի։

293 Այժմ բարո՛վ ես դու եկել, տեսքդ ես շա՛տ հավանեցի.
Կազմով՝ նոճի, դեմքով՝ արև, խիզախ՝ նման դու հերոսի․
Բայց և անչա՛փ նեղվել ես դու և վշտերից չես խուսափել,
Շա՜տ է դժվար գտնել մարդուն, որին երկի՛նքն է խարխափել»։

294 Պատասխանեց. «Գովո՞ւմ ես ինձ—դու՝ գովարժանդ իմաստունի,
Ի՞նչ եմ արել ես փոխարեն՝ գովեստներին քո արժանի,
Դու—արևի մի կերպարան, լուսող վերաց դու երկնքի,
Որին փոխել՝ ուժ չունեցավ արցունքն երկար տառապանքի։

295 Ով սև դրեց սրտիս վրա—ես մոռացա այսօր նրան,
Թողի ամեն ծառայություն — ինչ դու կամես՝ լինի թող այն,
Թեպետ հակինթն է գերազանց՝ հազարպատիկ կուզեմ մինա,
Չէի ուզի ավել ոչինչ—քեզ հե՛տ լինել ինձ մինչ ի մահ»։

296 Տարիելը ասաց նրան. «Քո սի՛րտն արդ ինձ ջերմ շունչ տվեց,
Զարմանում եմ, թե փոխարեն՝ քեզ իմ ի՞նչը պարտավորեց.
Կարգ է, սակայն՝ սիրահարին միշտ սիրահա՛րն է կարեկցում,
Բայց անջատեմ քեզ սիրածից—ինչո՞վ գտնեմ ես հատուցում։

297 Եկել ես ինձ որոնելու՝ քո պատրոնին ծառայելով,
Աստված արեց՝ և ինձ գտար՝ ինքդ էլ արի՛ մարտնչելով,
Ով կպատմի իմը սակայն,— հեռու յարից՝ ինչո՞ւ և ո՞ւր,—
Թե ես պատմեմ՝ հուրն ինձ կայրի, կդարձնի ինձ բոց ու մուր»։

298 Ասմաթն ասաց. «Առյո՛ւծ, սակայն, չի՛ մեղմանա հուրդ արցունքով
Կամ ես ինչպե՞ս վիշտդ պատմեմ, զի չէ պատշաճ սովորույթով,
Ես տեսնում եմ, կտրիճն այս խենթ քեզ օգնել է ուզում իրոք
Վերքիդ պատճառ նախ իմանալ, ապա անել կարի յուրոք։

299 Խնդրում էր ինձ ու պաղատում, որ քո մասին պատմեմ նրան.
Աստված չանի՝ ինչպե՞ս տայի ես զորություն լեզվիս այդքան։
Թե իմանա՛, այդ եմ կարծում, ուրախառիթ քեզ բան կանի,
Բայց ամենից լավը այն է, ինչ որ վերին երկինք կամի։

300 Այդ խոսքերից հանգստացավ Տարիելը կիզված, վշտոտ,
Եվ Ասմաթին ասաց. «Սակայն մերձավոր ես այնուստ ինձ մոտ,
Դու հո գիտե՛ս՝ բուժում չկա՝ սրտիս վերքին խոր խարանած,
Եվ կտրիճն է արդ ինձ կիզում՝ լացով իրա, արցունք դառած»։

301 Դարձավ հյուրին. «Ով որ մեկին իրեն եղբայր կամ քույր անի,
Պետք է ամեն մի ցավ ու մահ նրա համար նա հանձն առնի.
Աստված մեկին ինչպե՞ս պահի, չկործանի թե երկրորդին,
Այժմ լսիր՝ քեզ ես պատմեմ—և ինչ կուզե՝ գա իմ գլխին»։

302 Եվ Ասմաթին ասաց. «Ինձ մո՛տ նստիր և ջուր բեր ինձ համար,
Ցողիր, եթե ուշաթափվեմ և ինձ ուշքի՛ բեր անդադար,
Իսկ թե մեռնեմ, լա՛ց իմ վրա և բարձրացրու դու ողբ ու կոծ,
Շիրի՛մ փորիր դու ինձ համար, սև հո՛ղն արա ինձ օրորոց»։

303 Ու պատմելու նստեց ահա, օձիքն արձակ, ուսը թեթև,
Եվ շողք չուներ երկար-երկար՝ ամպոտ նստած որպես արև.
Նա չէր կարող բերան բանալ, շուրթերն ամուր իրար հպեց,
Ապա հանկարծ նա հառաչեց, ճչաց և ջերմ արցունք թափեց։

{{տող|304}Ողբում էր նա. «Վա՛յ, սիրեկան, վայ իմ կորած ով մտերիմ,
Ով դու իմ հույս, իմ սիրտ, իմ կյանք, ով դու հոգիս, միտքը դու իմ,
Ես չգիտեմ՝ ով քեզ կտրեց, դու եդեմում տնկած իմ ծառ,
Սի՛րտ իմ, հարյուր անգամ այրված, ինչո՞ւ ընդմիշտ չմոխրացար»։


ՏԱՐԻԵԼԸ ՊԱՏՄՈՒՄ է ԱՎԹԱՆԴԻԼԻՆ ԻՐ ԳԼԽՈՎ ԱՆՑԱԾԸ

305 «Լսի՛ր դու արդ, ուշով լսիր, ինչ եկել է գլխիս՝ պատմեմ,
Անցուդարձը պատմեմ մեկ-մեկ, թե իսկ լեզուս հազիվ շարժեմ.
Նրանից, ով խենթացրեց, էլ ցնծություն չեմ սպասում,
Ով հիշատակ թողեց միայն՝ վիշտ և արցունք—արյան հոսում։

306 Յոթ տիրություն Հնդկաստանում—ամեն մարդ է դրան տեղակ,
Փարսադանն էր վեցին տիրում՝ տեր-տիրակալ ինքը մենակ,
Առատաձեռն, հարուստ, խիզախ, արքաների հանդեպ իշխող,
Մարմնով՝ առյուծ, դեմքով՝ արև, ռազմին գիտակ, կռվում հաղթող։

307 Հա՛յրս էր գահին յոթերորդի, արքա սարսող ոսոխներին,
Նրա անունն էր Սարիդան, թշնամու դեմ՝ նա անխնին.
Ոչ ոք նրան վիրավորել չէր հանդգնի թեկուզ թաքուն,
Որս էր անում ու խրախճանք, չուներ կյանքում նա դառնություն։

308 Ատում էր նա մենակություն, ու մի թախիծ տիրեց նրան.
Ասաց․ «Հաղթուն առել եմ ես իմ թշնամուց ափ ու սահման
Եվ ապահով, փառոք նստել, ունեմ և՛ խինդ, և՛ ահ-ազդակ.
Կերթամ հիմա և կմտնեմ Փարսադանի հովանու տակ»։

309 Նա որոշեց Փարսադանի մոտ ուղարկել պատգամավոր,
Հանձնարարեց. «Դու ես համայն Հնդկաստանի տեր, թագավոր.
Ուզում եմ արդ ես ձեր առաջ ցանկությունը սրտիս անել.—
Հավատարիմ ծառայության բարի անուն ինձնով թողնել»։

310 Երբ Փարսադանն այդ լուրն առավ՝ ուրախության բացեց հանդես,
Ապսպրեց. «Տեր ցամաքիս՝ փառք եմ տալիս աստծուն իմ ես.
Քանի որ այդ վճռել ես դու, ինձ պես արքադ Հնդկաստանում,
Արի ինձ մոտ, այնպես պատվեմ՝ հայրն է ինչպես, եղբայր պատվում։

311 Ու շնորհեց մեկ պետություն, նաև պաշտոնն ամիրբարի.
Ամիրբարն է կրում Հինդում պաշտոնն ամիր-սպասալարի։
Երբ գահ նստեց՝ նա չէր նեղվում—–իշխանություն նորից ուներ—
Տեր էր լրիվ, իրոք միայն՝ անուն-կոչում չուներ կայսեր։

312 Արքան հորս վերաբերվեց ինչպես իրեն հավասարի,
Օհ, անիծվի օրը թող այն, երբ տրվեցի ամիրբարին,
Նրանք կռվում, որսում էին, ոսոխ հարկում դաշնադրման։
Ես չեմ նման հորս այնպե՛ս, ինչպես ա՛յլը չէ ինձ նման։

313 Բայց չունեին ժառանգ արքան ու թագուհին արևաշուք,
Տխուր էին. եղավ և պահ — զորքն էլ ապրեց ահի շշուկ,
Օհ, անիծվի օրը թող այն, երբ տրվեցի ամիրբարին,
Արքան ասաց. «Որդի առնենք, ինքն էլ սերմամբ մեր է զարմին»։

314 Տարան արքան ու թագուհին, ինձ դարձրին իրենց որդի,
Պահում էին տեր կարգելու՝ երկրի ամեն, բոլոր զորքի,
Գիտնոց տվին ինձ վարժելու արքայական նիստ ու կացի.
Հասունացա-նմանվեցի՝ աչոք արև, տեսք՝ առյուծի։

315 Ասմա՛թ, դու էլ վկա ես հո իմ ունեցած գեղեցկության.
Շքե՛ղ էի ես քան արև, հանց արշալույս առավոտյան,
Ով տեսնում էր՝ այն էր ասում. «Եդեմում է կարծես բուսել»,
Իմ այն օրվա տեսքից հիմա լոկ ստվե՛ր եմ ես մնացել։

316 Հինգ տարեկան էի արդեն, երբ թագուհին հղիացավ»,—
Երբ այս ասաց՝ հոգոց հանեց, արցունքով թե՝ «աղջիկ ծնավ»։
Քիչ էր մնում ուշաթափվեր, Ասմաթը ջուր կրծքին ցանեց.-
Ասաց. «Արև՛ էր ի ծնե, ում հուրն հիմա հոգիս այրեց։

317 Ու չի ասվի գովքը նրա՝ լեզվով մարդու, իմ այս խոսքով,
Խրախճանո՛ւմ է Փարսադանն աղմկալի հանդեսներով.
Եվ արքաներ եկան հանուր՝ ընծաներով հույժ բազմագույն,
Գանձարանի՝ դռները բաց, նվերներով զորքը լեցուն։

318 Ետ հանդիսի ծննդության կրթում էին մեզ միասին,
Երրորդում էր նա այն օրից արեգակի շուք ու լույսին,
Իսկ թագավորն ու թագուհին սիրում էին մեզ հավասար։
Այժմ կասեմ՝ սիրտս բոցով հրկիզողի անունը վառ»։

319 Անունն ահա՛ ուզում էր տալ—և կտրիճը ուշաթափվեց,
Ավթանդիլի լացն էլ եկավ, հրով նրա՝ սիրտը տարվեց,
Ասմաթն իսկույն ուշքի բերեց—ջուր շաղ տվեց նրա կրծքին,—
Շնչեց, ասաց․ «Լսիր, սակայն, հասել է իմ օրը վերջին։

320 Նեստան-Դարեջա՛ն էր անուն, այդպես էին կոչել նրան,
Յոթ տարեկան երբ որ դարձավ՝ համեստ էր նա, ուշի՛մ այնքան,
Նման՝ լուսնին գեղով իրա, չհաղթված արեգակից,
Չէ՛ր դիմանա բաժանումին — սիրտն իսկ ալմաստ, թրծած նորից։

321 Եվ նա այսպես հասունացավ, ես՝ ընդունակ դարձա մարտի,
Ինքն էր արքան հսկում նրան՝ արքայության կարող հաստի,
Իսկ ինձ հորս տվեց նորից, դարձել էի այնքան հասուն—
Բուրթի խաղում, գնում որսի, որպես կատվի՝ առյուծ խոցում։

322 Արքան մի նոր պալատ շինեց, մեջն՝ աղջկա համար մի տուն,
Կերտված էր նա փազար քարից, պատգարակը՝ հակնթակուռ,
Ցածում պարտեզ և շատրվան՝ ճոrով բերած վարդաջրով,—
Ահա այստե՛ղ էր նա ապրում, ինձ այրողը իրեն հրով։

323 Գիշեր ցերեկ ծխվում էր միշտ այնտեղ հալվեն խնկամանում
Կամ մնում էր քոշկում նստած և կամ պարտեզ հովի իջնում։
Արքայի քույր Դավար այրին, Քաջաստանում ամուսնացած,
Իմաստության դասեր տալու նրա մոտ էր նշանակված։

324 Օքսինոներ և շարդեներ սրահն էին պատում նրա,
Կարոտ էինք աչքով նրան, դեմքով դարձավ վարդ ու մինա.
Ասմաթն էր ու ծառայք երկու՝ նարդու խաղով զվարճանում,
Անդ մեծանում, առնում հասակ, ինչպես աճած Գաբավոնում։

325 Ու տաս և հինգ ես տարեկան՝ ինչպես որդու՝ սիրով արքան,—
Նրա առա՛ջ ցերեկը ողջ, տուն չէր թողնում քնի անգամ.
Ուժով առյուծ, տեսքով արև, ծառ հասակով եդեմական,
Ասպարիզում, նետ նետելով՝ գովեստների էի արժան,

326 Իմ արձակած նետը գազան և երեներ էր ցած նետում,
Դաշտից դառնում հրապարակ, գնդակ էի ապա խաղում.
Տանը խնճո՛ւյք էի անում սովորս ես ի խրախճան,
Արդ զրկել է կյանքից նա ինձ՝ դեմքով բյուրեղն այն բալախշան։

327 Հայրս մեռավ—արդեն նրա՝ հասել էր օ՛րը վախճանի.
Դադարեցին խինդ—խնդություն, նիշեները Փարսադանի.
Ահ էր քաշում ով նրանից — հիմա նրանք ուրախացան,
Ու ողբացին բարեկամներ, արդ թշնամուց ահող դարձան։

328 Ես մեկ տարի մութ սենյակում նստած էի իբրև սգվոր,
Սգում էի ես անամոք, առանց դադար գիշեր ու զոր.
Դուրս բերելու՝ թագավորից մարդիկ եկան պալատական,
Թե «Ա՛յ որդի դու Տարիել, վերջ տուր սգիդ որդիական։

329 Հավասարին մեր կորցրինք, մենք ավելի շատ ենք ցավում»,
Ասել էր որ հանեմ սևը, գանձեր հարյուր էր պարգևում.
Ինձ էր հանձնում իմ հորական իշխանությունն ամբողջովին,
«Քո՛նն է պաշտոնն ամիրբարի, այժմ հոգա՛ դու լիովին»։

330 Ես վառվեցի, այրում էր ինձ հորս կրա՛կն ու տոչորում.
Պալատականք ինձ դուրս բերին, էլ չթողին ինձ խավարում,
Հնդկաստանի տերերն եկան ինձ ընդառաջ, համբուրեցին
Եվ մթից դո՛ւրս գալուս առթիվ խնճույք, հանդե՛ս կատարեցին։

331 Իրենց գահի մոտ նստեցի, որդու նման ինձ պատվեցին,
Սկսեցին խոսել հանգիստ պաշտոնիս և գործիս մասին.
Ըմբոստացա, ծես ու կարգը ինձ թվացին ահոտ-օտար
Չզիջեցին, ենթարկվեցի, գլուխ տվին հանց ամիրբար։

332 Ես չգիտեմ, մոռացել եմ, արդեն անցան տարիք բազում,
Ինչպես պատմեմ կյանքիս մասին, ապրեմ դժվար, դժվար հուզում,
Աշխարհս է նենգ, փոփոխամիտ, նա միշտ չարին է գործակից,
Նրա հանած կայծերն ուժգին դիպան և ինձ, այրո՛ւմ են ինձ»։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԻԵԼԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՐԱՀԱՐՈԻԹՅԱՆ

333 Ապա փոքր-ինչ լացից հետո, իր պատմությունն արեց նորից.
«Դառնում էինք ես ու արքան մեր գնացած օրվա որսից,
Նա թե «Այցենք իմ աղջկան»,— ասաց, ինքը ձեռս բռնեց․
Չե՞ս զարմանում, որ հիշելով այդ ժամը դեռ ապրում եմ ես։

334 Արքան ասաց, որ հետս իր դստեր համար թուրաջ առնեմ․
Ես էլ առա և գնացի, որ ինքս ինձ բոցում այրեմ,
Ու այդ օրից հատուցեցի տուրքն անցավոր այս աշխարհի,
Ալմասե տեգ պետք է լիներ, որ խոցեր իմ սիրտը սալի։

335 Տեսա պարտեզ չքնաղ բոլոր պարտեզներից է՛լ ավելի,
Թռչունների ձայն էր լսվում՝ սիրինոսի՛ց իսկ հաճելի,
Մեջն երևում էին ճոռեր և լողարան վարդաջրով,
Ապարանքի դուռն էր փակվում օքսինոսի վարագույրով։

336 Հայտնի էր ինձ,— խորշում էր նա,— իր արևին մեկը նայի,
Ուստի դրսում ես կանգնեցի, արքան՝ անցավ ներս փարդայի։
Չէի տեսնում ոչինչ, միայն՝ լսվում էին ձայներ ներսից։
Ասմաթին էր հրամայել՝ առ թուրաջներն ամիրբարից։

337 Այսկույս էի վարագույրից, Ասմաթն զգույշ փարդան բացեց-
Ես աղջկան տեսա — հանկարծ՝ տեգն իմ սիրտը, միտքս խոցեց.
Ասմաթն եկավ, ուզեց և ես թուրաջները տվի նրան.
Վայ ինձ, ահա այդ օրից է, ինչ ինձ այրեց սիրո քուրան։

338 Արդ մթնել է այն լուսատուն, որ արևից էր գերազանց»,
Վերհիշելուն չդիմացավ, դառն հառաչեց, ուշքը գնաց.
Ավթանդիլի և Ասմաթի կոծն էր բռնել ողջ դար ու փոս,
Կանչում էին. «Ախ, թուլացան սարսափ քաջաց—բազկունք հերոս»:

339 Ասմաթը ջուր ածեց վրան, ու Տարիելն ուշքի եկավ,
Բայց անկարող դեռ խոսելու, վիշտը նրա սիրտը առավ.
Նստել էր և՝ դա՛ռն հառաչում, արցունք էր նա հողին խառնում,
Ասաց. «Ամեն վերհիշելիս, ավաղ, սարսափն է ինձ բռնում։

340 Ով տարվում է այս աշխարհով, նրա տված նյութով սնվում,
Հրճում ունի, բայց անփոշման վերջում նորից չի ազատվում.—
Գովում եմ խելքն իմաստունի, որ հլու չէ այս աշխարհիս,
Պատմությունս դու դեռ լսիր, քանի շունչ կա դեռ բերանիս։

341 Թուրաջները պահանջեցին, հանձնել միայն կարողացա,
Ուս ու բազուկ իմ թուլացան և ուշաթափ ես վայր ընկա.
Ուշքի գալով, ես լսեցի աղաղակներ, վայոց ու լաց.
Պատել էին ինձ ջալաբներ, կարծես նավի մեջ խառնված:

342 Պառկած էի մեծ պալատում, տակը շքեղ մի անկողին.
Գլխիս վերև լալիս էին իմ թագավորն ու թագուհին,
Եվ երեսներն էին ճանկռում, այտերն անում պատառ-պատառ,
Մուղրեր էին բերել, որոնք՝ հռչակեցին ինձ դիվահար։

343 Ու փաթաթվեց արքան վզիս, երբ ինձ տեսավ ուշքի գալով,
«Որդի, եթե կենդանի ես, մի ձայն հանիր».— ասաց լալով,
Ես անկարող պատասխանի, հանց դիվահար մի պապանձված,
Ցամաքումով սրտիս արյան՝ նորից ընկա ուշաթափված։

344 Հսկում էին շուրջս պատած մուղրեր ամեն և մուլիմներ,
Բոլորը մեկ կարդում էին՝ ձեռին բռնած էն մուսաֆներ.
Ինչ-որ անհայտ բարբաջանքներ — ի՛բր թե ինձ չարքն է զարկում,
Անշունչ էի ես երեք օր, այրվում էի վառ կրակում։

345 Եվ հեքիմներն ասում էին. «Ոչ մի ցավի սա չէ նման,
Բժշկվելու չունի ոչինչ, ինչ-որ վիշտ է բռնել սրան»։
Թոչում էի մերթ դիվական, անմիտ խոսքեր խառնում իրար,
Ինչ թագուհին արցունք թափեց՝ մի ամբողջ ծով կգոյանար։

346 Ու երեք օր ես պալատում—ոչ կենդանի և ոչ մեռած,
Ուշքի եկա՝ գիտակցեցի՝ ինչ էր գլխին իմ հանդիպած.
Մտածեցի. «Այս որտե՞ղ եմ, ավաղ, ինչպե՞ս ես փոխվեցի»,
Եվ արարչից համբերություն ինձ աղերսել հանդգնեցի։

347 Ասի. «Աստված ինձ մի մերժիր, աղերսանքը էիս լսիր,
Ո՛ւժ ողորմա համբերության, տուր զորություն, ոտքի հանիր,
Այստեղ մնալն ինձ կմատնի, տուն հասցրու՝ տանս պառկեմ»։
Եվ օգնությամբ ես աստծո խիզախեցի իմ ցավի դեմ։

348 Ես նստեցի։ Թագավորից մարդ էր գալիս հենց այդ պահին,
Ու ավետեց «Նստեց արդեն» աճապարեց և թագուհին,
Արքան վագում էր գլխաբաց, էլ չգիտեր՝ ինչ էր անում.
Մոռացել էր նա ամեն ինչ և աստծո՛ւն էր փառաբանում։

349 Ու նստեցին այս ու այն դիս և արգանակ խմացրին
Զեկուցեցի. «Սիրտս, տեր իմ, առողջացե՛լ է լիովին.
Նորից տեսնել դաշտեր ու ջուր, ձի նստել եմ նորից ուզում»։
Եվ երբ բերին—հեծա անգամ, թագավորն էր ինձ ուղեկցում։

350 Ելանք անցանք հրապարակ ու շրջեցինք գետի եզրով,
Դարձանք ապա, ես տուն եկա, արքան՝ մինչ տուն ուղեկցելով,
Երբ տուն մտա՝ վատթարացա, իմ ցավին ցավ ավելացավ.
Ասի. «Մեռնեմ երանի թե, էլ ի՞նչ արժե բախտը իմ դավ»։

351 Քրքումի գույն առավ բյուրեղս արտասուքի հեղեղներից.
Սիրտս խոցվեց, մաս-մաս եղավ՝ տասը հազար սուր թրերից.
Պահակն եկավ ննջարանի, գանձապետին կանչեց միայն,
Մտածեցի. «Ի՞նչ լուր գիտե, ախ երանի, կամ այս, կամ այն»։

352 «Ասմաթի ճո՛րտն է»,— ասացին, «Ի՞նչ կա,— ասի,— հարցիր նրան»
Ներս եկավ ու ի՛նձ սիրային նամակ տվեց, կարդացի այն.
Ու զարմացա՝ ուրիշ ինչպե՞ս-ումի՞ց էր ինձ սպասելի—
Ես նրանից չէի կարծում և տանջվեցի է՛լ ավելի։

353 Զարմանքս այս էր՝ «Ինչպե՞ս սիրեց կամ սիրտ արեց ինձ պատմելու,
Անհետամուտ հարկ չէ լինել՝ անմիտ մարդ է վկայելու,
Թե որ կտրի հույսը ինձնից, ապա պիտի դատապարտի»,—
Ու գրեցի՝ ինչ պատասխան սիրահարին հարկավ պարտի։

354 Անցան օրեր, բոցը սակայն, էլ ավելի սիրտս այրեց,
Նայել անգամ չէի կարող՝ դաշտում ինչպես զորքը մարզեց,
Չէի կարող պալատ գնալ, գալիս էին շատ բժիշկներ,
Սկսեցի ես այն պահից պարտս աշխարհին հատուցանել։

355 Ինձ օգնություն չեղավ, սակայն, մութը թա՛նձր պատեց սրտիս
Չէր կռահում մեկը ուրիշ՝ ինչ թեժ կրակ ընկավ հոգիս,
Ասին՝ արյունն է մեղավոր, թևից բացել—ասաց արքան,
Թողի բացեն, թաքուն մնա ցավի պատճառն իմ իսկական։

356 Արյուն թողած և վշտալի պառկած էի ննջարանում,
Ծառաս մտավ, կարծում էի՝ ինչ եմ, կասի, ես կամենում.
Ասաց. «Ծառա՛ն է Ասմաթի»։ Կանչիր, ասի, ներս բեր նրան,
«Ի՞նչ է ուզում ինձնից, ո՞վ է»,— դժգոհեցի մտքով սակայն։

357 Նամակ հանձնեց ծառան եկած, ես կարդացի այն շշուկով
Ու նամակից այդ հասկացա՝ ինձ տեսնել է ուզում փութով,
Տվի ն րան ես պատասխան «ժամ է, արդար՝ խոսքդ խոհեմ,
Թե կանչում ես՝ կգամ հարկավ, մի կարծիր թե ես հապաղեմ»։

358 Սրտիս ասի. «Վեր կաց, գործիր, ի՞նչ է աշտեն քեզ վհատում.
Ամիրբար եմ ու տիրակալ, ողջ Հի՛նդն է ինձ հնազանդում։
Բայց զգույշ կաց, գործը կանեն ծանր ու թեթև հագար անգամ.
Թե էությունն հասկանային՝ չէին թույլ տա՝ անդ երևամ։

359 Թագավորից մարդ մի եկավ, իմ մասին էր տեղեկանում.
Ներս կանչեցի, այն էր ասում՝ թե թողե՞լ եմ արդյոք արյուն։
Ասի նրան. «Թողի արյուն, արդեն շուտով կլավանամ,
Ինքս եմ գալու նրա առաջ — է՛լ ավելի կուրախանամ»։

360 Պալատ հասա, դարձավ արքան.
Ուրիշ անգամ չանես այդպես»։
Ձիուն դրեց առանց կապարճ ու իրանիս բան չկապեց,
Ինքն էլ նստեց, ու բաց թողին թուրաջների դեմ բազեներ,
Նետվորներին հրահանգեց, լսվում էին հոծ կեցցեներ։

361 Եվ տուն դարձանք խրախճանքի՝ հոգնած դաշտում երկար վազքից,
Երգիչ, մուտրիբ շունչ քաշելու պահ չունեին երգ-նվագից։
Ակնեղեններ բաշխեց արքան, ակներ բազում ու հազվագյուտ,
Ու չմնաց անմաս ոչ ոք՝ ով եկել էր այնօր իր մոտ։

362 Փորձում էի, բայց վշտերից ազատվելու չկար հնար,
Հիշում էի նորեն նրան՝ ու կիզում էր հուրը ինձ հար.
Կանչել տվի ընկերներիս, մեկ նստեցինք — հալվես նոցուն,
Պատիժ ու ցավ մոռանալու՝ ես կեր ու խում արի լեցուն։

363 Ու գանձապետն իմ անձնական շշնջումով թաքուն ասաց.
«Կին է ինչ որ ձեզ հարցնում, ձեզ տեսնելու համար եկած
Դեմքը ծածկուն է չադրայով, իմաստնոց է գովեստարժան»։
«Ինքս եմ,— ասի,— նրան կանչել, առաջնորդիր դու ննջարան»։

364 Ես վեր կացա, տեսա արդեն՝ ցրվել կուզեն հյուրերս այնժամ.
«Ի պիտոյից,— ասի նրանց,— մի՛ վեր կենաք, շուտ կդառնամ» —
Եվ դիմեցի ես ննջարան, ճորտը՝ պահակ իմ դռան քով,
Աշխատեցի զուսպ ինձ պահել, նայել կնոջն ակնածանքով։

365 Ես ներս մտա, կինը իսկույն՝ դիմավորեց, գլուխ տվեց,
«Օրհնյալ լինի,— ասաց,— ով գա՛լ ձեզ մոտ այստեղ ինձ պարգևեց»։
Ես զարմացա, ո՞ր սիրողը այսքան հարգանք ցույց կհանի.
Ասի՝ սիրո՛ւն ոչ է ծանոթ, իսկ թե լիներ — այդ չէր անի։

366 Ես նստեցի թախտի վրա, իսկ նա գորգի ծայրին կանգնեց,
Ինձ մոտ նստել, կինը սակայն, անձն իր արժան չհամարեց,
Ասի. «Ինչո՞ւ հեռուլ կեցար, սերս է եթե քեզ աստ բերել»,
Բայց չտվեց ինձ պատասխան, կարկամում էր ինձ հետ խոսել։

367 Ասաց. «Այսօր ամոթահար, սիրտս այրող կրակ ընկավ,
Քեզ մոտ գալու այսօրվա ի՛մ պատճառը դու գիտես հարկավ,
Սակայն ունեմ ես հույս հիմա, որ կպահես գալս գաղտնի.
Աստծու շնորհն է ինձ պակաս, հազիվ գալուս ես արժանի»։

368 Ելավ, ասաց. «Ձեզնից քաշվողն՝ հղեց, որ իր մասին խոսեմ.
Մի կասկածիր, ինչ տիրուհի՛ս հրամայեց, ես այն կասեմ.
Մի այսպիսի մեծ հանդգնում սրտին նրա դուր է եկել։
Թող նամա՜կը ձեզ այս պատմի, թե ով է ինձ տվել պատվեր»։

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԳՐԱԾ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

369 Նամակն առա՝ նրանից էր, ում կրակն էր այրում վաղուց։
Արևշողը գրում էր ինձ. «Մի՛ հայտ առնիր վերքդ, առյուծ
Դու մի մեռնիր, քոնն եմ ընդմիշտ, տհաճ է ինձ ուշաթափվել,
Արդ Ասմաթը քեզ կպատմի—ինչ հղել եմ նրան ասել։

370 Ուշաթափվել կամ թե մեռնել՝ մի՞թե սեր ես դու այդ կարծում
Լավ է ցույց տաս քո սիրածին գործեր արի, հերոսություն։
Չին-Մաչինում ապրող մարդիկ հարկատու են բոլորն ի դեպ,
Անկարո՛ղ ենք էլ հանդուրժել չարությունը արդ մեր հանդեպ։

371 Ես շատ վաղուց եմ ցանկանում, որ դո՛ւ լինես ինձ ամուսին,
Բայց դեռ առիթ չի պատահել՝ քեզ հետ խոսեմ դրա մասին.
Այստեղից քեզ, խելահարիդ, դիտել եմ իմ պատգարակից,
Ու լսեցի այնտեղ ամեն, ինչ քո կյանքին է հարակից։

372 Գա լուրջ անսա ասածներիս, լսիր ինչ եմ ասում ես քեզ.
Գնա ընդդեմ Չին-Մաչինի, քաջությունդ հանիր հանդես.
Այս է լավը, զուր լաց մի՝ լեր, զուր մի՝ շաղիր դու վարդերին,
էլ ինչի՛դ է արեգակը՝ ես լույս կտամ քո խավարին»։

373 Ու պատմում էր Ասմաթն անվախ, ոչ էլ քաշվում նա ինձանից,
Իմն ինչ ասեմ, թե ինչ եղա՝ ուրախության էս ապրումից,
Պատե-պատ էր սիրտս խփում, դողդողում էր ու մոլորվում,
Լալա դարձավ այտս կարմիր, բյուրեղի պես՝ դեմքս փայլուն»։

ՏԱՐԻԵԼԻ ԴՐԱԾ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

374 Աչքիս դրի նամակն ես այն, որ իր ձեռքով էր նա գրել
Եվ գրեցի. «Լուսին, որին՝ արևը չի հաղթաhարել.
Աստված չտա ինձ գործելու՝ ինչ դու պատշաճ չես համարում.
Կարծես երազ է ինձ թվում, փրկությանս չեմ հավատում»։

375 Եվ Ասմաթին ես ասացի. «Այս է կարի իմ գրելու,
Անձամբ ասա. «Ով իմ արև, որ ծագեցիր ինձ լույս տալու,
Ինձ, մեռածիս, դու կյանք տվիր, այլևս էլ ի՜նչ ուշաթափվեմ,
Ծառայելուց, ինչ էլ ցանկաս, թող ես գերվեմ, թե խուսափեմ»։

376 Ասմաթն ասաց. «Ինձ պատվիրեց՝ այսպես գործենք, լավ է այսպես
Ում հանդիպես՝ իմ զրույցից՝ նրա մասին ոչինչ չասես.
Թող այցելի՛ ինձ տեսության—իբրև քեզ է սիրահարված»,
Խնդրեց նաև «Ամիրբարին ասա՝ լինենք մենք ամոթխած»։

377 Ախորժ էր ինձ խորհուրդը այս՝ իմաստություն սրտից ինքյան,
Նրան, որին հանդիպելիս ակնածում է արևն անգամ,
Լսել զրույց սրտի հաճո արժանացա ես նրանից,
Որի շուքից լույսը օրվա դալկանում էր երերալից։

378 Ես Ասմաթին նվիրեցի ընտիր ակներ ոսկե ջամով,
Նա թե. «Չեմ ու ես չեմ ուզում, լիառատ եմ ես դրանով»։
Մեկ մատանի միայն առավ, որ կշռում էր ճիշտ մեկ դրամ,—
«Ինձ ի նշան մեկն այս բավ է, ես շատ ունեմ ապարանջան»։

379 Կինը ելավ և դուրս գնաց, սիրտս աշտեն էլ չէր խոցում—-
Խինդը լուծեց խավարն հոգուս, չէի կիզվում վշտի բոցում.
Նորից մտա խրախճանքի. խմում էին հյուրերս անհոգ,
Նկեր տվի ես խնդառատ, ու խրախճան արին նորոգ»։

ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿԸ ՉԻՆ-ՄԱՉԻՆՑՈՒՆ ԵՎ ՄԱՐԴ ՈԻՂԱՐԿԵԼԸ

380 Մարդ հղեցի ես Չին-Մաչին, իմ փոխարեն՝ այս նամակով.
«Արքան Հնդկաց իրոք կեցցե՝ աստուծո պես հզոր գորով,
Հավատարիմ ով կա նրան՝ կհագենա սոված ամեն,
Իսկ ով նրան չէ հնազանդ՝ մեղադիր է նա ինքն իրեն։

381 Ո՛վ մեր պատրոն և եղբայրներ, չենք նեղանա ձեզնից արդ մենք,
Թե հրամանն այս կարդալով՝ իսկույն մեր կողմ շնորհ բերեք,
Թե դուք չգաք, մենք ենք գալու, ոչ գողունի՝ ուժով կգանք,
Ինքներդ գաք՝ լավ է և ձեր՝ արյան հեղման առիթ չտաք»։

382 Ուղարկեցի այնտեղ մարդիկ, սի՛րտս ավելի ուրախացավ,
Հրճվում էի իմ պալատում, անտանելի կրակն անցավ։
Այն ժամանակ ինչ ուզեի—տալիս էր բախտն առատալից,
Այժմ այնպես խենթ դարձրեց — գազանն անգամ մոտ չի գալիս։

383 Առաջ փախչել էի ուզում, միտքս հետո՛ անդորրացավ.
Ընկերներս գալիս էին, հրճվում էինք ուրախ, անցավ,
Բայց թե խինդիս՝ իմ տենչերի՛ ուժերն էին արգելք լինում.
Մերթ ինձ թախիծն էր ընդգրկում՝ և կյանքն էի ես նզովում․

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է ՏԱՐԻԵԼԻՆ

384 Մի օր մտա ես ննջարան, ապարանքից էի եկել,
Նստած յարիս էի հիշում, աչքս չէի կարող փակել.
Ուրախ էի, որովհետև հուսո նամակ կար իմ ձեռին.
Դռնապանը մտավ, ասաց՝ ինչ որ ծածուկ իմ ծառային։

385 Ասին «Ծառան է Ասմաթի»։ Եվ ես նրան կանչեցի ներս։
Ում դանակն էր սիրտս խոցում՝ գրում էր, թե՝ կանչում է քեզ,
Իմ խավարը լուսավորվեց, կապանքները կտրեց նա իմ,
Ու գնացի՝ հետս ծառան — ի՛նչ ասեի ես մտերիմ։

386 Պարտեզ մտա և շրջեցի, բայց մարդ չկար այնտեղ կարծես,
Ու կինն ելավ հանկարծ իմ դեմ՝ ուրախ-ուրախ և ժպտերես.
«Հաջողությամբ,— ասաց նա ինձ,— ես դուրս բերի փուշը սրտիդ։
Արի՛, նայի՛ր քո չթոշնած և անթառամ քնքուշ վարդիդ»։

387 Ու ետ բացեց կինն իմ առաջ ծանր փարդան իր զոր ուժով,
Ուր՝ պատգարակ կարմիր դրված, նախշուն լալով ու բալախշով,
Պատգարակում բազմած էր նա՝ արևի պես շող շողունի
Ինձ էր նայում նա փաղաքուշ՝ աչքերը հանց լիճ մելանի։

388 Կանգնած էի այնտեղ երկար, բառ չէր ասում իր պաղատին,
Միայն քնքուշ, ինձ էր նայում, ինչպես իրեն հարազատին,
Նա Ասմաթին կանչեց, խոսեց, կինը ապա ինձ շշնջաց.
«Անկարող է խոսել, գնա», բայց նորից ինձ մրմուռ կարգեց։

389 Ասմաթն եկավ, ինձ ուղեկցեց։ Փարդան անցա սիրտս կոտրած,
Ասում էի. «Ով բախտ, դու ինձ ճար խոստացար փոքր ինչ աոաջ,
Հույսեր դու ինձ ներշնչեցիր, ինչո՞ւ հապա խինդս չարիր,
Եվ ծանրությունն անջատումի հեծեց սիրտս՝ բեռով նա իր։

390 Ասմաթը ինձ սիրտ էր տալիս, ու պարտեզից անցանք նրա,
Ասաց. «Այդպես քո գնալուդ՝ դաղ չմնա սրտիդ վրա,
Երդիկ ծածկիր դու վշտի դեմ, ուրախության դռները բաց
Ամաչում է նա խոսելուց, պահում ապա իրեն զսպած»։

391 Ասի. «Քույր իմ, քեզանի՛ց եմ ակնկալում ճարն իմ սրտի,
Բարի լուրով բոցս մարի, աստվա՛ծ, հոգուց մի անջատի.
Դու մի դադրիր նամակ գրել, հղիր նորից հաճախակի
Ինչ է խորհում թե իմ մասին՝ չեմ կասկածում, դու չես ծածկի»։

392 Հեծա եկա աչքիս արցունք և հորդումի վտակ քանի,
Նստած էի ննջարանում՝ էլ ուժ չուներ խենթս քնի.
Լալ ու բյուրեղն իմ փոխվեցի, լեղակ դարձա ես կապտագույն,
Ա՛խ, լավ էր ինձ՝ գիշեր մնար, քան առավոտ բացվեր դժգույն։

ՉԻՆ-ՄԱՉԻՆԻ ԱՐՔԱՅԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՏԱՐԻԵԼԻՆ

393 Հասավ ժամը վերադարձի, Չին-Մաչինից մարդիկ եկան,
Խոսքեր էին հանձնարարել—հանդուգն շատ, ամբարտավան.
«Ոչ էլ մենք ենք ինչ որ վախկոտ, մենք էլ ունենք ամուր բերդեր,
Ո՞վ է արդյոք այդ ձեր արքան, ով է կարգել նրան մեզ տեր»։

394 Դրոշմել էր. «Քեզ եմ գրում, Տարիելիդ, Ռամազ արքաս։
Շատ զարմացա՝ ինչ էր գրած քո նամակում ինձ ուղարկած.
Ինչպե՞ս դու ինձ անդ կանչեցիր, ո՞րս ենք տիրում ազգ անքանակ,
Էլ չտեսնեմ ես այսուհետ քեզնից եկած ուրիշ նամակ»։

395 Առաքեցի ես մարզպանին—զորք հավաքել անմիջապես,
Հնդկաստանից նա հավաքեց զորք անհամար՝ աստղերի պես,
Հեռուներից և մոտերից ինձ մոտ եկան ամենն շտապ,
Լցվել էին զորքով ամբողջ սար ու կապան, հովիտ ու տափ։

396 Եվ տանն առանց ուշանալու արագընթաց ամենքն եկան,
Ես զորատես կատարեցի—դիտեցին կա՛րն իմ մարտական,
Ճարպիկություն ու պնդություն, սպառազեն զորաց վրա,
Նժույգների արագություն, խորեզմական զենքն ու զրահ։

397 Ու պարզեցի արքայական դրոշ կարմիր—սև նշանակ,
Ասի առտուն կարգի բերեն, պատրաստ լինի զորքն անքանակ,
Ես իմ գլուխն էի լալիս և դժգոհում բախտից տարտամ,—
«Թե չտեսնեմ իմ արևին, ինչպե՛ս, ինչպե՞ս պիտի գնամ»։

398 Վիշտը սրտին իմ ծանրաբեռ, ես տուն եկա տխուր-տրտում.
Աչքից, ինչպես ավազանից, ջերմ արցունքներ էին թափվում,
«Բախտն իմ թշվառ—ինձ ասացի,— արժան չեղավ իր պսակին,
Ձեռքս վարդին ինչո՞ւ հպավ, ի՛նքն անկար էր երբ հավաքին»։

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ՆԵՍՏԱՆԻ ԵՐԵՍ ԱՌ ԵՐԵՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

399 Երբ ներս մտավ ծառաս ինձ մոտ՝ անակնկալ էր ինձ համար,
Նա Ասմաթից նամակ տվեց, դարձել էի ես տանջահար։
Գրում էր նա. «Կանչում է քեզ՝ քո կարոտածն արևափայլ.
Գա՛լդ ավելի լավ կլինի, քան թե այդտեղ նստել ու լալ»։

400 Պարզ է ամեն սիրող սրտի՝ ուրախացա հիմա ինչպես։
Իսկ երբ մթնեց — ես մեկնեցի, առաջվա պես մտա պարտեզ.
Ուր մեկ անգամ տեսել էի, այնտեղ տեսա ես Ասմաթին,
Ասաց ժպտուն. «Շուտ եկ, լուսի՛նն սպասում է իր առյուծին»։

401 Ինձ ներս տարավ։ Պալատն էր ճոխ, գեղեցկաշեն և հարկազարդ,
Եվ երևաց լրիվ լուսի՛նն՝ ամբողջ լուսով շքեղազարդ,
Վարագույրի հետև նստած կանաչազգեստ ու պճնալի,
Դեմք ու կազմո՛վ անզուգական, չնաշխարհիկ, զարմանալի։

402 Ու կանգնեցի գորգի ծայրին, վառվում էի՝ կրակն ընկել,
Սրտիս խավարն էր փարատվել, ուրախության լույսը սյունել։
Հանգչում էր նա փափուկ բարձին, չքնաղ էր նա արեգակից,
Ու ծածկում էր դեմքն ինձանից, մերթ՝ վեր նայում աչքի տակից։

403 «Ասմաթ,— ասաց,— ամիրբարի՛ն խնդրիր բազմել բարձի վրա»,
Եվ նա դրեց ուրիշ մի բարձ՝ գովելու դեմ, հանդեպ նրա
Ես նստեցի, սիրտս ցնծաց, որ դժգոհում էր վիճակից.
Զարմանում եմ՝ դեռ շնչում եմ՝ իր խոսքերը կրկնելիս։

404 Ապա ինձ, թե «Վշտացել ես, անխոս թողի, քեզ անցողիկ,
Թոռոմ թողի քեզ բաժանմամբ՝ զերդ արևից՝ հովտի ծաղիկ,
Տանջել են քեզ արտասուքներ՝ նարգիսներիդ հեղած ծարից,
Բայց թե հարկ է ինձ էլ քաշվել ու ամաչել ամիրբարից

405 Կինը թեպետ մարդու առաջ պետք է իրեն պահի զսպած,
Բայց ավելի վատ է չասել, վշտերն իրա պահել ծածկած,
Թե ժպտացել եմ երեսանց, բայց ներքուստ շա՜տ եմ հառաչել։
Կին հղեցի անցյալ անգամ, պատվեր արի՝ արդարն ասել։

406 Այն օրվանից, ինչ գիտեցանք մեկս-մեկու մենք երկուսով,
Մինչ ի այսօր քոնն եմ որ կամ, ամուր-ամուր նույն խոստումով։
Հավատացիր, երկին վկա, մեծ երդումիս այսօր կրկին,
Թե քեզ խաբեմ՝ թող հող դառնամ, չարժանանամ ինն երկնին։

407 Գնա՛, մարտի՛ր Չին-Մաչինում, սահմանն անցի՛ր արշավավոր,
Աստված տա, որ հաղթանակես, ինձ մոտ դառնաս դու փառավոր։
Բայց ի՞նչ անեմ, մինչև նորից քեզ տեսնելուն կարժանանամ,
Դու իմ սիրտը պահիր քեզ մոտ, տուր ինձ սիրտը քո անբաժան»։

408 Ես ասացի. «Չեմ խնայի գլուխս քեզ մատաղ անել,
Քանի որ դու թողիր ապրեմ և չուզեցիր ինձ սպանել.
Դու կլինես լույսը աչքիս՝ արևի պես երանական,
Հիմա-կռվի Չին-Մաչինում, այնտեղ առյուծ խիզախության։

409 Ինչին դու ինձ արժան արիր՝ հողեղենին չէ արժանի.
Անակնկա՛լ է միշտ գալիս, չեմ զարմանում՝ շնորհն երկնի,
Շողերը քո թափանցեցին, լույս փռեցին խավար սրտիս,
Քոնն եմ ես միշտ, հողը մինչև՝ դեռ չի նստել հավետ դեմքիս»։

410 Իսկույն երդման գրքի վրա ես երդվեցի, և նա՛ երդվեց,
Ու իմ հանդեպ սերը նրա մեր երդումով է՛լ հաստատվեց.
«Թող սպանի ի՛նքը աստված, քեզնից բացի թե հավանեմ,
Պիտի պահեմ խոսքս ամուր ու ինքս ի՛նձ՝ ես կրկնեմ։

411 Մի որոշ պահ ես մնացի, խոսում էինք մենք փոխաբար,
Քաղցր մրգեր անուշ անում, հաճո խոսքեր ասում իրար.
Ապա ելա հրաժեշտի՝ արցունքներով, լացը աչքում,
Փայլը նրա պայծառ շուքի լուսով մնաց սրտիս խորքում։

412 Սաստիկ դժվա՛ր էր անջատվել բյուրեղ-բալախշ և մինայից,
Ու վայելքի գիրկը ընկած—ուրախ էի ես ցնծալից,
Իմն էր թվում լույսն արևի, որ շողքում էր եթերն ի վար,
Զարմանում եմ՝ հիմա բաժան, միթե դարձավ սիրտը իմ քար»։

ՏԱՐԻԵԼԻ ԳՆԱԼԸ ՉԻՆ-ՄԱՉԻՆ ԵՎ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ

413 Առավոտյան ես ձի հեծա, «Բուկ ու նոբա,— ասի,— փչեք»։
Իմ բանակում մեկը չկար, որ խնայեր իրեն երբեք,
Առյուծս ես արշավեցի դեպ Չին-Մաչին առանց խուճապ,
Զորքն անցնում էր անանց ճամփով, մի կողմ թողած ճամփա ու ափ։

414 Հնդկաստանի սահմանն անցա․ դեռ չէր անցել ժամ մի տակավ
Չին-Մաչինի տիրակալից՝ Ռամազ-խանից դեսպան եկավ.
Պատգամն ասաց նա իր սրտի, եկել էր մեգ միջնորդության.
«Մեր գայլերի՛ն անգամ կուտեն այծե՛րը իսկ ձեր հնդկական»։

415 Ու ահավոր հարստություն Ռամազից ի՛նձ բերեց նվեր,
Աղերսում է. «Մեզ մի ջնջեք, ձեզ վայել չէ այդպես վարվել.
Երդում տանք քեզ և դրանով՝ ոստ կկապես դու մեր վզին,
Ու անվարան քեզ ի սպաս՝ գլուխը մեր, գույք, զավակին։

416 Ների՛ր, ինչքան մեղանչեցինք, մենք ինքնե՛րս ենք արդեն փոշման,
Թե կգթաք մե՛զ աստծո պես՝ զորքերը թող այստեղ չգան,
Չկոտորվի երկիրը մեր, չբարկանա երկին վերի,
Մենք քե՛զ հանձնենք բերդ ու քաղաք, արի՛, քեզ հետ՝ բեր քչերի»։

417 Վեզիրներիս մոտ կանչեցի, զրույց արինք ու խորհեցինք,
«Մանուկ ես դու,— ի՛նձ ասացին,— ներիր ծերոց՝ հանդգնեցինք,
Նրանք խարդա՛խ են չափազանց, փորձել ենք մենք և այլ անգամ,
Վայ թե նրանք քեզ սպանեն, վայ թե սուգ ու շիվան մեզ տան։

418 Մենք այսպես ենք գերադասում՝ գնաս իրոք լավ քաջերով,
Մոտիկ պահես քո զորքը քեզ, տեղյակ պահես լրաբերով,
Թե անկեղծ են՝ հավատացիր, թող երդվեն՝ աստված-երկին,
Իսկ թե տեսնես՝ չեն հնազանդ—դու բարկացիր նոր ու կրկին։

419 Ինձ դուր եկավ խորհուրդը այս, կշռած մտոք վեզիրների,
Պատվիրեցի. «Ռամազ արքա, իմացա, է՛–ն քո մտքերի,
Դու ապրելն ես ընտրել մահից, մեզ՝ ամրոցներ չեն արգելակ,
Կբաժանվեմ զորքից ես իմ, կգամ մարդով փոքրաքանակ»։

420 Ու զորքերից երեք հարյուր ընտիր քաջեր ես ջոկեցի,
Եկան ինձ հետ, առաջացա, զորքն ամենայն անդ թողեցի,
Ասի. «Որ կողմ ես կգնամ, նույն վայրերով հետևեցեք,
Մոտիկ եղեք, իմաց կտամ, երբ հարկ լինի, իսկույն հասեք»։

421 Գնում էի ես երեք օր, առաջս եկավ նոր մարդ խանից,
Զգեստ անթիվ ու արտակարգ հղել էր ինձ խանը նորից,
Ասել էր թե. «Փափագ ունեմ՝ վես պարթևիդ լինել մոտիկ,
Երբ հանդիպեմ, դու կտեսնես՝ նվեր նորից բազմապատիկ»։

422 Ասել ապա. «Թե որքան եմ իրավ խոսքով ի քեզ ասված,—
Ինքս կգամ դիմավորեմ՝ քեզ տեսնելուն ես շտապած»։
Ես էլ ասի. «Արա աստված, կանեմ հանգույն ձեր բաղձանքի,
Սիրով տեսնենք մենք իրարու, լինենք ինչպես հայր ու որդի»:

423 Ու գնալով ես այն տեղից՝ հասա եզրին մի անտառի,
Նորից եկան առաքյալներ, մատուցեցին հարգանք առ ի,
Նրանք ընտիր երիվարներ իբրև նվեր առաջ բերին,
Ասին. «Իրո՛ք քեզ տեսության՝ կարոտ արքան ու թագուհին»։

424 Ապա նորից «Արքան ասաց՝ ես էլ քո կողմ կգամ փութկոտ,
Ու իմ տանից ես դուրս եկած՝ կհանդիպեմ վաղն առավոտ»։
Դեսպաններին ինձ մոտ թողի, վրան զարկի ես ոչ հեռուն
Շատ սիրալիր ընդունեցի, հանց մտերիմ՝ մեկտեղ ի քուն։

425 Երևում է՝ զուր չի կորչում ոչ մի բարիք մարդուն արած.
Դեսպաններից մեկը թաքուն ինձ մոտեցավ, այսպես ասաց.
«Ես ձեր առաջ մի պարտք ունեմ և անկարող եմ վճարել,
Ես չեմ կարող այդ մոռանալ և մանավանդ՝ ձեր դեմ դավել։

428 Ձեր հոր կողմի՛ց եմ ես մասամբ խնամք տարվել, դառել հասուն,
Երբ իմացա՝ ձեզ են դավում—իմաց տալո՛ւ եկա իսկույն,
Ես չեմ ուզում տեսնել մեռած վայելչակազմ վարդերեսիդ,
Եվ կպատմեմ քեզ ամենայն, լսիր դու ինձ, լսիր հանգիստ։

427 Չլինի թե իզուր խաբվես, նենգում են այս մարդիկ քո դեմ.
Հարյուր հազար զորականներ թաքցրել են մի տեղ արդեն,
Իսկ այլ տեղում՝ շուրջ երեք բյուր, կհարձակվեն հանկարծահաս,
Եթե իսկույն մի ճար չանես, փաթերակի պիտի դու գաս։

428 Արքան քչով կգա քո դեմ՝ տեսնես նրան, չես կասկածի,
Փաղաքուշ է, կվստահես, տակից զրահ կա հագածի,
Զորքին ծխով նշան կտա, ամեն կողմից քեզ կպատեն,
Երբ ձեր մեկին հազար կգա, պարզ է՝ իրենք պիտի հաղթեն»։

429 Հաճո եղա այդ մարդու հետ, շնորհակալ եղա նրան.
«Թե չմեռա՝ վարձդ վրաս, փափագում ես, հարկավ, դրան,
Չկասկածի ոք ի ձերոց—դու նրանց մոտ գնա կանխավ,
Թե մոռանամ բարիքը քո—կեղծավոր եմ ես էլ հարկավ»։

430 Ինչ իմացա՝ չասի ոքի, գաղտնիք որպես՝ թաքուն պահած,
Լինելոցը՝ պիտի լինի, մեկ է խորհուրդն ամեն արած,
Մարդ հղեցի, սակայն, զորքիս թեև ճամփան հեռու էր շատ։
Պատվիրեցի. «Շուտով հասեք, դուք սար ու ձոր կտրեք շտապ»

431 Առավոտյան՝ դեսպաններին հանձն արի բարի խոսքով.
«Զեկուցեցեք Ռամազ-խանին. արի, կգամ ես էլ շուտով»։
Նորից կես օր առաջ անցա, ես վտանգից խույս չը տվի.—
Ո՞ւր կփախչեմ՝ խորհուրդ վերին, կուզե՝ այսօր ինձ կսպանի։

432 Ելա ինչ որ սարի գագաթ՝ հեռու դաշտում թոզ երևաց.
Ասի. «Ինքն է՝ Ռամազ արքան, թեև թակարդն իմ դեմ լարած —
Սակայն իրե՛նք զոհ կգնան իմ սուր թրին, անշեղ տեգին»,
Այնժամ միայն վտանգը ողջ հայտնի արի ես իմ զորքին։

433 Ասի. «Եղբայրք, մարդիկ ահա մեր դեմ հաստատ դավ են նյութել,
Խիզախ եղեք, կորովալի՛ց, թևերը ձեր ի՞նչ թուլացնել.
Ով արքայի համար մեռնի, հոգին երկի՛նք է սավառնում,—
Կռվենք ընդդեմ Չիմ-Մաչինի, մենք հո զուր չե՛նք թրեր կապում»։

434 Դեմքով հպարտ, խոսքով կտրուկ՝ հրաման տվի հագնել զրահ,
Հագանք հապճեպ լանջապանակ, բազկապանակ, վերտազրահ.
Ու կարգեցի ես ռազմին, աոաջ անցա մեծ շտապով
Եվ ոսոխին այդ օր ես իմ՝ ի՜նքս արի պատառ սրով։

435 Երբ մոտեցանք՝ նկատեցին, որ զրահ ենք հագել հանուր,
Մի մարդ եկավ հասավ առ իս, առաքված էր արքայից յուր,
Խոսեց այսպես. «Հիմա արդեն կեղծավոր չենք մենք ձեր հանդեպ,
Բայց զինվա՜ծ ենք ձեզ արդ տեսնում, անպատիվ է, դա մեզ անդեպ»։

436 Ասի նրան. «Ես էլ գիտեմ, ինչ տեղյակ ես, և դուք գիտեք,
Ինչ խորհուրդ որ արել եք դուք՝ չի լինելու, ո՜չ, նա երբեք,
Եկեք, խնդրեմ, մարտենք իրար, ինչ օրենքն է՝ այնպես կարգին,—
Ձեր կոտորման համար ես է՜լ ձեռքս եմ դրել սրի կոթին»։

437 Երբ դեսպանը տեղն իր հասավ՝ ի՜նչ ուղարկեն էլ ուրիշին,
Զորքին նշան արին ծխով, ինչ գաղտնի էր՝ ի հայտ բերին,
Դարաններից հանդես եկան, այս ու այն կողմ անցան մաս-մաս,
Եվ կազմեցին զորք բազմագունդ, թեև, աստված՝ կամ անվնաս։

438 Տեգ ուզեցի, ձեռքս տարա իմ սաղավարտն ամրացնելու
Եվ պրկացել կռվի համար՝ պատրաստ էի կոտորելու.
Մեկ ասպարեզ առաջ անցա ու ձգվեցի՝ զեն երկարած,
Դիմաց՝ զորքը նրանց անթիվ, անշփոթ ու հանգիստ կանգնած։

439 Երբ մոտեցա—ինձ նայեցին՝ «Դիվահար է»—այսպես ասին,
Անդ դիմեցի ես կուռ բազկով, ուր մեծաթիվ զորքեր կային,
Զարկի մեկին, ձին տապալվեց, երկուսին էլ՝ արև մարեց,
Տեգս ճաքեց, ձեռքս տարա — կեցցե՜, թուր իմ, ով քեզ սրեց։

440 Ես մեջ մտա, ինչպես ուրուրն՝ երամներում կաքավների,
Մարդը մարդո՜ւն էի զարկում, բլուր կազմում մարդ-ձիերի.
Իմ շպրտած մարդիկ ընկնում ու թավալում մժեղ որպես,
Միանգամի՜ց կոտորեցի երկու բանակ ամբողջապես։

441 Ի մի եկած ինձ պատեցին, շուրջս պայթեց մարտը ահեղ
Ում որ զարկի՝ էլ չէր կանգնում, խշշում էր խոլ արյան հեղեղ,
Մարդը կիսված՝ հանց վարշամակ իր իսկ ձիուց կախում ե՜ս վար.
Ուր դիմեցի՝ փախչում էին՝ իմ երեսից սարսափահար։

442 Երեկոյան նրանց սպահն աղաղակեց բլրի գլխից.
«էլ մի՛ կանգնեք, ձեր ճա՛րն արեք, ցասումն եկավ մեգ երկնքից,
Սաստիկ փոշի՞ է բարձրանում—անալի ազդ է մեգ համար,
Մենք բնաջինջ պիտի լինենք—զորք է գալիս, զորք անհամար»։

443 Զորքերը իմ, որոնց ինձ հետ չէի առել, լուրն ստացան.
Գալիս էին օր ու գիշեր, արագընթաց ուղին անցան.
Գաշտում չէին տեղավորվել, դար ու բլուր էին պատում,
Երևացին․ տաբլակ զարկում, բուկը ձայնով էր որոտում։

444 Տեսավ ոսոխն ու պատրաստվեց փախուստ տալու, հետևեցինք.
Դաշտը մեր դեմ պատերազմի—կռվով անցանք, մարտնչեցինք,
Խանին ձիուց ցած գցեցի․ թրով եկանք իրար դիմաց,
Բանակը ողջ գերի առանք ու ջարդեցինք զորքը նրանց։

445 Զորքերը իմ ետ մնացած հասնում էին փախչողներին.
Սկսեցինք նրանց բռնել, ձիուց նետել հաղթվածներին.
Ու վարձառու եղան նրանք իրենց անքուն գիշերների,
Առողջ գերի՛քն անգամ տնքում՝ նման էին խոցվածների։

446 Պատերազմի դաշտը անցանք, պատրաստվեցինք մենք հանգստյան,
Ձեռքս թրով վիրավորվեց, վե՛րք էր, սակայն, թեթև՛ էր այն.
Գալի՛ս էին իմ զորականք, որ ինձ տեսնեն, գովաբանեն,
Չգիտեին ինչպես ասեն, ինչ խոսքերով փառաբանեն։

447 Եվ շատ էր մեկ մարդու համար փառքը, որով մեծարեցին,
Ձգտում էին ինձ համբուրել, շատերն հեռվից ինձ օրհնեցին.
Ինձ խնամող ավագանիք արտասվեցին խնդությունից,
Հույժ զարմացան, երբ որ տեսան՝ կոտորածոց իմ հաղթ սրից։

448 Ամեն կողմեր զորք ղրկեցի, որ հավաքեն հարուստ ավար.
Ամենքը լի վերադարձան, պարծենալով գոռոզաբար.
Ես ներկեցի հորդ արյունով դաշտն իմ արյո՛ւնն ուզողների.
Առանց կռվի բանալ տվի դռներն ամեն քաղաքների։

449 Ռամազ-խանին ես ասացի. «Ծանոթ եմ քո խարդախ գործին,
Թեպետ գերի այժմ, սակայն, արդարացնել դու քեզ ձգտիր,
Բերդերդ մի՛ ամրացրու, հաշվով հանձնիր ինձ ամեն բան.
Թե չէ՝ մի՞թե կարող եմ ես հանգի՛ստ նայել քո նենգության»։

450 Ռամազն ասաց. «Ես ուժ չունեմ այլևս քեզ դիմադրելու,
Ավագներիս թույլ տուր մեկին, ինքդ էլ եղիր վերահասու,
Ես ամրոցներ ղրկեմ նրան, հանձնարումս ինքդ լսիր,
Քեզ կհանձնեմ ես ամենայն, այսուհետև ինքդ տիրիր»։

451 Նրան տվի ես մեկ վզրուկ, զորականներ հետը դրի
Եվ տերերին ամրոցների ես բոլորին ինձ մոտ բերի.
Ամրություններն ինձ հանձնեցին ու զղջացին դավի համար,
էլ չե՛մ խոսում գանձի մասին՝ անքանակ էր ու անհամար։

452 Ապա միայն աչք ածելու համար մտա ես Չին-Մաչին,
Ու գանձատան փականքները իսկույն ևեթ ինձ հանձնեցին,
Երկիրն արի վերաբնակ, ասի՝ «Ապրեք հիմա անահ,
Արևս՝ ե՛ս՝ ձեզ չայրեցի, չթողի որ ոչնչանաք»։

453 Ես դիտեցի մեկ-մեկ բոլոր գանձարաններն այն առանձին.
Պիտի հոգնեմ, եթե թվեմ ես տեսակներն այն մեծ գանձի.
Մեկ տեղ տեսա չնաշխարհիկ մի բաճկոնակ և մի խավուն
Եվ այնպիսին, մարդ չես գտնի, չէ՛ թե տեսած՝ լսե՛ր անուն։

454 Չհասկացա, թե ինչ էր այն և կամ գործ էր ինչ կերտումի,
Ում ցույց տվի, շատ զարմացավ ու համարեց հրաշք երկնի.
Ոչ մետաքսի՛ էր նա նման և ո՛չ գորգի նման գործած,
Բայց պնդությունն էր պողպատի՝ կարծես անմար հրում դարբնած։

455 Լուսատուիս համար վերցրի ես այն երկուսն իբրև նվեր,
Իսկ արքայիս համար իրեր՝ նույնպես ընտիր և շատ լավեր.
Տասը հարյուր պնդասրունք բոլորն ընտիր, ուղտ ու ջորի
Բեռնավորված ուղարկեցի և նրանց հետ՝ լուրե՛ր բարի։

ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

456 Գիր գրեցի. «Երջանկությամբ երջանկացեք, ով թագավոր,
Չին-մաչինցիք ինձ դավեցին, բայց տուժեցին իրենք ահվոր,
Պատճառն այս էր՝ որ ուշ տվի տեղեկություն քեզ իմ մասին.
Գալիս եմ ես ավար-գերով, բռնած նրանց թագավորին»։

457 Երբ ամեն բան կարգի բերի, Չին-Մաչինի երկրից ելա,
Ավերեցի երկիրն ամբողջ և գանձեղեն հետս առա.
Ինչ ուղտերով հնար չեղավ՝ գրաստներին ես բեռնեցի,
Ինչ կամեի՝ այնպես արի, լիացա ու հրճվեցի։

458 Չին-Մաչինի թագավորին բերում էի գերի բռնած,
Հնդկաստանին հասա՝ հոժար՝ տերս ելավ ինձ ընդառաջ,
Ինչպես գովեց՝ պատմելու չէ, անպատշան է թե ես ասեմ,
Բացեց թևը իմ վիրավոր, նրբին կապեց՝ ապաքինվեմ։

459 Քաղաքից դուրս, հրապարակու՛մ, ճոխ վրաննե՛ր էի զարկել.—
Նրա համար, ով վստահել, ինձ հետ խոսել էր ցանկացել.
Արքան այդօր խնճույք ուներ իջևանած վրաններում,
Ինձ՝ նստածիս իրեն մոտիկ, նայում էր նա ու գուրգուրում։

460 Ամբողջ գիշեր նստած էինք, խրախճանում էինք անհագ,
Առավոտյան ելած տեղից՝ մտնում էինք արդեն քաղաք։
Հրամայեց արքան ապա. «Զորք կանչեցեք, հավաքեցեք,
Չին-մաչինցուն բերեք ի ցույց, գերիներին ինձ մոտ բերեք»։

461 Գերի առած Ռամազ-խանին նրա առաջ տարա ցույցի,
Արքան նրան նայեց մեղմով՝ ինչպես մանկան օրորոցի.
Ու դավաճան կեղծավորին՝ ասի որպես արժանավոր,
Մեծահոգին այս է քաջի, դրանով է նա մեծավոր։

462 Արքան պատվեց, հյուրասիրեց Չին–Մաչինի թագավորին,
Ապա նրանք՝ արքայավար երկար-երկար զրույց արին.
Արշալույսին կանչեց, ապա դիմեց խոսքով ինձ գթության.
«Մենք չներե՞նք Չին-Մաչինին, ցայսօր մինչ կար թշնամություն»։

463 Ու ես ասի. «Աստված քանզի գթում է միշտ մեղավորին,
Դուք էլ նույնպես ողորմացեք այս ուժազուրկ թագավորին»։
Ռամազին թե. «Գիտցիր ահա, քեզ կուղարկեմ հիմա ներված,
Սակայն երբեք էլ չտեսնեմ քեզ մեր առաջ մեղսավորված»։

464 Հարկ սահմանեց նրանց հանդեպ՝ դրահկանով տասը հազար,
Նորից հազար խաթայական, էլ զառնավախտ, աթլաս, էլ զար,
Ապա խանին, վզրուկներին ճոխ հանդերձանք նա նվիրեց
Եվ փոխանակ իր բարկության՝ նա ողորմած ճամփա դրեց։

465 Չին-մաչինցին շնորհակալ խոնարհվելով երկրպագեց,
«Նենգությունս,— ասաց,— ձեր դեմ, աստված ահա զղջալ տվեց,
Ուրիշ անգամ թե մեղանչեմ՝ զրկիր ապա այնժամ կյանքից»,
Գնաց ինքը, իր հետ նաև՝ տարավ մարդկանց իր բախտակից։

466 Վաղ առավոտ, արշալույսին արքայի մարդն եկավ ինձ մոտ,
Ասել էր թե. «Երե՛ք ամիս, ինչ բաժան ենք ու քեզ կարոտ
Չեմ ճաշակել համը որսի՝ որսատեղում նետով զարկած
Թեպետ և ժամն է հանգստի, բայց դու արի, թե չես հոգնած»։

467 Պատրաստ արդեն՝ պալատ հասա, քերծեների տեսա ոհմակ,
Իսկ պալատի բակն էր լեցուն բազեներով մեծաքանակ,
Կազմ էր արքան ու ծալապատ՝ նստած շուքով նա արևի,
Ուրախացան, երբ ինձ տեսան՝ գեղ-դուրեկան ես ամենի։

468 Ծածուկ ասաց նա թագուհուն, սակայն այնպես, որ չիմանամ.
«Կռվից դարձած Տարիելին նայելն իրո՛ք է դուրեկան,
Լույս է տալիս նա նայողին՝ սիրտը ինչքան լինի մթնած,
Ինչ որ խնդրեմ ես քեզ անել, արա՛, եղի՛ր դու բարեհաճ։

469 Որոշել եմ ես առանց քեզ, բայց դու նույնպես եղիր գիտակ,
Որովհետև դստերն ենք մեր նշանակել թագաժառանգ,
Տեսնի պիտի թե որ մեկին՝ թող արդ տեսնի, ահա հալվեն,
Առ քո կողքին ու սրահում՝ դարձիս եղեք պատրաստ նորեն»։

470 Ու որս արինք դաշտում որսի, փեշերի մոտ սարի, լեռան,
Որսաշներ մեզ հետ բազում, բազե, ուրուր կային այնքա՜ն,
Մենք վաղ դարձանք, էլ հեռավոր որսավայրեր չայցելեցինք,
Ոչ խաղացինք մենք գնդախաղ, ոչ այլ խաղով զբաղվեցինք։

471 Ինձ դիտողներ էին լցվել քաղաքն ամբողջ, տանիք, շուկան.
Ինձ՝ հաղթողիս՝ սազ էր գալիս ժանյակազարդ շքեղ կաբան.
Գունատս շատ սիրուն էի վարդի նման արտասվացող,
Ինձ տեսնողի ուշքն էր գնում—իրավ է այս և ոչ ստող։

472 Ճարել էի ինչ խավուններ Չին-Մաչինի ես քաղաքում,
Կապել էի, սազում էր ինձ, նայողի սի՛րտն էր հիանում.
Արքան ցատկեց, պալատ մտանք սնուցողիս հետ միասին.
Եվ ցնցվեցի—տեսա շողշող իմ արևին՝ փայլն երեսին։

473 Արևաշողս ուներ հագին նարնջագույն շքեղ ջուբան
Ու խադումներ իր թիկունքին՝ կանգնած դաս-դաս, շար ու շարան։
Լցրել էր ողջ լույսով իրա՝ թե տուն, փողոց և թե պալատ,
Ու շողում էր վարդի միջից մարգարիտն ա՛նդ մարջանապատ։

474 Պատերազմում վիրավորված ձեռքս կապել էի վզից.
Ինձ թագուհին դիմավորեց բարձրանալով իրեն գահից.
Ինչպես որդու ինձ համբուրեց՝ ու վարդ այտս կապտեց վետ-վետ,
Ասաց. «Ոսոխն, այսուհետև, չե՛մ կարծում թե մրցի քեզ հետ»։

475 Եվ տեղ արին իրենց մոտիկ, այնտեղ, ուր շատ ինձ դուր կգար,
Իսկ դեմուդեմ՝ արեգն իմ այն, սիրտս էր մարում որի համար։
Չէինք խոսում մենք իրար հետ, սակայն՝ իրար նայում թաքուն,
Կտրում էի թե որ աչքս՝ կյա՛նքն էր ինձնից իմ հեռանում։

476 Եվ սկսվեց նոր կեր ու խում, ինչպես կարի էր իսկ նրանց,—
Ուրախություն այլ այսպիսի աչքը մարդու չի էլ տեսած,
Ջամն ու գավաթ ամբողջ էին փիրուզներից, նաև՝ լալից.
Արքան ասաց՝ բաց չթողնեն գինովներին իսկ արբալից։

477 Տարված էի ես էլ այնտեղ ուրախությամբ անչափ-անհուն,
Հենց որ իրար էինք նայում—սրտիս կրակն էր մեղմանամ,
Խնդրում էի իմ խենթ սրտին՝ մարդուց իրեն հեռու պահել,
Ի՞նչ ավելի կա հաճելի, քան սիրածի աչքին նայել...

478 «Լռեք»,— ասին երգիչներին։ Ընդհատեցին գլուխն ի կախ։
Ասին. «Որդի, դու Տարիել, ինչպես ասել, շատ ենք ուրախ.
Երանության տեր ենք հիմա, ոսոխները՝ արդեն պարտուն,
Տեսնողնե՛րդ իրավ են քո, հարկավ իզուր չեն հպարտում։

479 Այլ հանդերձի ես արժանի՝ քո շրջումով հերոսի պես,
Բայց չենք զրկի այդ կաբայից, նա շատ ու շատ սազում է քեզ.
Քեզ՝ շքեղիդ, լուսավորիդ, քեզ գանձանակ ահա հարյուր
Մի ամաչիր, ինքդ ընտրիր, ինչ հավանես՝ կարել այն տուր։

480 Տվին հարյուր հատ բանալի՝ բանամ հարյուր գանձանակներ,
Գլուխ տվի և օրհնեցի շրջումը այս երջանկաբեր,
Ոտքի ելան, համբուրեցին, իրենք՝ արև արևների,
Իսկ թե զորքին ինչ բաշխեցին՝ ո՞վ կհաշվի, կհամարի։

481 Նորից նստեց ուրախառիթ, է՛լ կերուխում, է՛լ երգ անհոգ,—
Նորից տևեց խնճույքն երկար, չանգ ու տավիղ հնչեց նորոգ,
Իսկ թագուհին գնաց արդեն, օրը հենց որ իրիկնացավ,
Մեր քեֆին էլ քեֆ չէր հասնի, մինչև քնի ժամը հասավ

482 Ու վեր կացանք մենք ծանրացած՝ հույժ գավաթներ դատարկելուց,
Եվ ննջարան երբ իմ հասա՝ շշմել էի շատ խմելուց.
Ուժ չունեի գերիս սիրո, հուրը սրտիս չէր մեղմանում,
Միտս էր ընկնում և հիշելիս՝ ուշքս նորից զվարթանում։

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

483 Ծառան եկավ և ինձ համար մի լուր բերեց նա ճշմարտին.
«Ձեր մասին է հարցում անում քղմիդավոր եկած մի կին».
Կռահեցի, իսկույն ելա՝ արագ-արագ սրտատրոփ,
Ու ներս եկավ, տեսա իրոք՝ Ասմաթն էր այդ եկել ինձ մոտ։

484 Յարիս սիրուց՝ իր նաժիշտի տեսքովն անգամ ես հրճվեցի,
էլ չթողի, գլուխ որ տար, փոխան՝ իրեն համբուրեցի,
Ձեռից բռնած՝ թախտի վրա նրան ինձ մոտ նստեցրի.
«Նոճու շիվից արդյոք ինձ ի՞նչ լուր ես բերել»,— ես հարցրի։

485 «Տեղեկություն տուր նրանից, ուրիշ ոչինչ բան մի ասի»,
Ասաց. «Կասեմ հենց այն, ինչ կա, ուրիշ բան չե՜մ ավելացնի,
Այսօր իրար տեսել եք դուք, սիրով իրար դուք հավանել.—
Պատմել քեզ իր որպիսությունն, այս է նա ինձ հրամայել»։

486 Նամակ տվեց, ես նայեցի՝ լուսատուիցն էր աշխարհի.
Գրել էր նա. «Շուքդ տեսա՝ նման փայլին ջինջ գոհարի,
Վարում էիր ձիդ սրընթաց, շքեղ՝ դարձած պատերազմից,
Չեմ ափսոսում, որ քեզ համար՝ լալիս էի քո կարոտից։

487 Թեպետ աստված լեզու տվեց՝ քեզ գովելու՝ ինքս բաժան,
Գերված թեկուզ՝ չեմ գովելու—մեռնեմ անգամ թե անարժան,
Շենացնում է արևն արդար՝ վարդ ու սաթե բաշն առյուծին,
Թող արևդ լինի վկա՝ ես չեմ վայել մեկ ուրիշին։

488 Թեպետ արցունք շատ ես թափում, սակայն իզուր էլ մի՛ հեղիր,
Լաց մի՛ լինիր, դու այսուհետ, վշտից սրտի քո խուսափիր,
Ով քեզ տեսավ՝ ինձ տեսնողին՝ վատ են ասում, դու մի հեգար,
Կապել էիր խավուն այսօր՝ ա՛յն ուղարկիր դու ինձ համար։

489 Ինձ նվիրիր խավունը քո ինչ քեզ այսօր շուք էր տալիս,
Որ ինձ տեսնես՝ ուրախանաս՝ նվերով եմ քո պճնալից,
Ապարանջանն՝ այս դու կապիր՝ թե տալու ենք իրար հուշեր,
Չի՛ լուսանա կյանքում քո ողջ սրա նման մի այլ գիշեր»։

ՏԱՐԻԵԼԻ ԼԱՑՆ ԵՎ ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ

490 Եվ գազազա՛ծ Տարիելը լալիս էր, վիշտն անում հազար,
Ասաց. «Ահա ապարանջանն՝ առաջ նրա՛նն այս բազկատար»
Հանեց ապա բռնեց ձեռին, իրոք որ շա՜տ էր թանկագին.
Հպեց դեմքին ուշաթափվեց, հանգուցելոց դասվեց շարքին։

491 Պառկած էր նա անշարժ, անշունչ, ինչպես մահվան սեմին հասած․
Կրծքին երկտեղ հետքեր կապույտ, վայող սրտին ափով հեսած,
Ւսկ Ասմաթի այտից ճանկռած հեղեղն արյան վար էր թափվում,
Ջուր էր ցողում ուշքի բերի, ճպճպոց էր ջրի լսվում։

492 Ավթանդիլն էլ դառն հառաչեց՝ ուշաթափի տեսքից անկար,
Ասմաթն ուժգին նոր հեծեծաց՝ արցունքներո՛վ ծակում էր քար,
Ուշքի բերեց հազիվ նրան, ջրով մարեց կրակը շեջ,
Ասաց. «Ո՞ղջ եմ, բախտը նորեն, ա՜խ, արյունս ինչո՞ւ քամեց»։

493 Հազիվ ելավ, նստեց գունատ, աչքն անիմաց հառեց բոլոր,
Վարդը՝ փոխվել, դառել քրքում, դեմքը ճերմակ հագել մոլոր,
Անկարող էր երկար-երկար նայել նրանց և կամ խոսել
Ափսոսում էր, որ չէր մեռել, ապրելն աչքին՝ ծանր դարձել։

494 Ապա ասաց Ավթանդիլին. «Խենթն եմ թեկուզ՝ ականջ արա,
Եղելությունն ասեմ թե իմ, թաղեց ով ինձ՝ և թե նրա,
Ուրախությո՛ւն է ինձ համար՝ հանդիպել մի բարեկամի,
Զարմանք է, որ մինչև այսօր դեռ կամ այսպես ես կենդանի։

495 Ասմաթի այցն հաճո էր ինձ, հույս էր տալիս քրոջ նման։
Երբ կարդացի նամակը ես—տվեց ապա ապարանջան.
Թևիս հագա և բաց արի գլխիս ծածկած խավունն իսկույն,
Որ սև գույնի բանվածք էր մի՝ ինչ որ նյութից մի հաստատուն»։

ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

496 Ես գրեցի. «Ով արեգակ, շուքը շքեղ քո շառավղած
Դիպավ սրտիս, եղավ ի չիք՝ ժիր-քաջություն իմ ունեցած,
Ի՛նձ՝ քեզ համար խելահարի՛ս գեղ ու նազա՛նքդ հափշտակեց.
Սակայն տված հոգուդ փոխան ի՞նչ կարող եմ զոհել ես քեզ։

497 Դու ապավեն եղար ինձ մեկ, հոգուս դու հո՛ւյս եղար փրկման,
Այսօր նորեն ժամը իմ այս՝ այն ժամին է հար ու նման.
Ապարանջա՛նդ ես ստացա, այժմ ահա թևիս է նա,
Ինչի՞ համար ուրիշ ցնծամ՝ ի՜նչ ցնծության մեջ եմ հիմա։

498 Ի՛նքս պիտի քեզ կանխեի—խավունն ահա քո ցանկացած,
Եվ բաճկոնակն այս նրա հետ, նման որի ես չեմ տեսած,
Ինձ մի թողնիր դու կիսամեռ, արի՛, բեր ինձ թեթևություն.
Քեզնից բացի մարդուց ուրիշ ես չեմ խնդրի կարեկցություն»։

499 Կինը մեկնեց, ու ես պառկել՝ քնել էի անուշ քնով.
Եվ վեր թռա՝ երազիս մեջ՝ յարիս տեսա իմ երազով,
Ես արթնացա, բայց նա չկար ու ցավեցի, որ ես դեռ կամ.
Գիշերն արթուն լուսացրի — չկար նրա շշուկն անգամ։

ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ ԱՄՈԻՍՆԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

500 Վաղ առավոտ, արևծագին, ինձ կանչեցին՝ պալատ գնամ,
Ելա իսկույն ճամփա ընկա՝ եղելությո՛ւնն այն իմանամ,
Տեսա նստած իրենք երկու և նաժիշտներ երեք առած,
Մտա՝ նստիր—ասին նրանք՝ աթոռը իմ՝ իրենց դիմաց։

501 «Աստված,—ասին,—մեզ հասցրեց դուռ ծերության, անկման արդեն,
Մոտ է ժամը խոր ծերության, ջահելությունն անցավ ի դեն,
Չկամեցավ տերը տղա, աղջիկ ունենք մի արևշող՝
Նրան տղա՛ ենք համարում, տղա չունենք՝ այդ չէ՛ հոգող։

502 Մեր աղջկա համար հիմա մենք ամուսին պետք է ճարենք,
Որ գահը մեր նրան հանձնենք, մեզ հավասար՝ նրան կարգենք,
Տեր դարձնենք մեր երկրի, տիրությունը պահենք անխախտ,
Չքայքայվենք ու թշնամու՝ սուրը մեր դեմ չանենք խրոխտ»։

503 Ասի. «Թե որ չունեք տղա՝ չիջնի թախիծ թող ձեր սրտին,
Բավ է և մեզ հույսը մեր այն, հավասար է որն արևին,
Ում որդուն էլ ընտրեք փեսա՝ խնդալու է երջանկալից,
Ինչ հանդգնեմ ուրիշ ասել, ինքյան գիտեք՝ լավն ամենից»։

504 Սկսեցինք խորհուրդ առնել, համբերում եմ՝ սիրտս է մարում
Թե խորհում եմ՝ արգելք լինել՝ անհարմար եմ այն համարում,
«Խորեզմշահը,—ասաց արքան,—թագավորը խորեզմական
Թե տա տղան մեզ փեսացու՝ էլ ոչ ո՛ք է այդպես արժան»։

505 Վճռել էին նրանք արդեն, երևում էր այդ բացարձակ,
Նրանք իրար էին նայում, խոսում էին անհամարձակ.
Ի հայտ հանել՝ ինձ չէր պատշաճ՝ լինել արգելք նրանց կամքին.
Ես հող դարձա, մոխիր կարծես, սիրտս զարկում էր մոլեգին։

506 Թագուհին թե. «Խորեզմշահը փառավոր է նստած արքա,
Ով կլիներ նրա որդուց մեզ ավելի լավ այլ փեսա»։
Տեսա՝ բաղձանքն է այդ նրա, ո՞վ սիրտ կաներ ընդդեմ խոսել,
Եվ միացա այդ որոշման՝ ինձ կործանման օր էր հասել։

507 Մարդ հղեցին Խորեզմշահին և խնդրեցին որդին նրա —
«Չունենք որդի,— ասին,— իշխի մեր ամենայն երկրի վրա,
Ունենք միայն դուստր՝ որդի, այն էլ տակավ չամուսնացած,
Թե որ կտաս տղադ ժառանգ՝ չունեմ ուրիշ ակնկալած»։

508 Մարդը դարձավ, լեցուն նվեր՝ թե խավուններ, թե՛ քոթանակ,
Հրճում արել Խորեզմշահը, ուրախացե՛լ էր անքանակ
Ու ասել էր. «Ա՛յն կատարվեց, ինչին տվինք մենք երանի.
Դրա նման հարսնացուի էլ ո՞վ կաներ ինձ արժանի»։

509 Նորից մարդիկ ուղարկեցին փեսացուին աստ բերելու.
Խնդրում էին. «Ս՛ի ուշանաք, այստեղ եկեք տիրանալու»,
Իսկ ես հոգնած գնդախաղից, դարձա՝ հանգչեմ ննջարանում,
Սիրտս՝ թախիծ էր համակել, մի նոր ցավ էր ինձ մորմոքում։

ՏԱՐԻԵԼԸ ԵՎ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԾՈԻՄՆ ՈԻ ՎՃԻՌԸ

510 Եվ դրդում էր թախիծն ինձ հույժ՝ վշտոտ սրտիս դանակ խփեմ,—
Հանկարծ մտավ ճորտն Ասմաթի, նստած էի խոժոռադեմ.
Հանձնեց նամակ ու նամակում. «Նա՝ նմանը կազմով նոճուն,
Ասաց՝ շուտ գաս, հրամայե՛ց՝ թե անհապաղ դու գաս իսկույն»։

511 Հեծա, իսկույն հասա պարտեզ, ինչպես ասեմ՝ որքան ուրախ,
Մտա պարտեզն ապարանքի—Ասմաթն այնտեղ գլուխը կախ,
Տեսա, աչոք ես հետամուտ՝ արցունքն այտին չէր ցամաքել։
Տխուր թեպետ՝ չհարցրի՝ շտապեցի ինքս տեսնել։

512 Տխուր էր նա և մտահոգ, ավելի՜ էր այդ ինձ հուզում.
Նա չէր ժպտում առաջվան պես, իմ երեսին չէր ծիծաղում,
Նա ոչ մի խոսք չարտասանեց ու արցունքն էր սրբում միայն,
Է՜լ ավելի սիրտս խոցեց և ոչ վերքիս դրեց դարման։

513 Ու պաշարեց հեռու-հեռվից մտքով անցած չար զգացում,
Ասմաթն ինձ ներս առաջնորդեց ու վեր քաշեց փարդան իսկույն,
Մտա, տեսա լուսերեսին՝ վիշտս ամբողջ տեղի տվեց,
Սրտիս փռվե՜ց լուսո ճաճանչ, սիրտս սակայն նա չհալեց։

514 Լույսը՝ լույս չէր այն իսկական՝ վարագույրից մտած վրան,
Դեմքը ոսկե՝ անփույթ ծածկած՝ իմ խավունով տված նրան,
Զգեստներով նորից կանաչ թախտին բազմած էր կիսաթեք,
Իսկ փայլակող դեմքին արցունք՝ երեսը հանց հեղեղաբեկ։

515 Ինչպես ինձը ժայռի ափին՝ նա շանթադեմ թեք էր ընկած.
Վեր էր նա քան արև, լուսին, քան եդեմում հալվե տնկած։
Տեղ տվեց ինձ Ասմաթն հեռու՝ տեգահարիս խոցված սրտով.
Իսկ նա ելավ, նստեց մռայլ՝ իր դառնացած բարկությունով։

516 «Զարմանում եմ,— ասաց նա ինձ,— ինչո՞ւ եղար դու ուխտազանց,
Դու՝ ուրացող ու նենգամիտ, դու՝ հիրավի երդմնազանց,
Բայց փոխարեն քո արարքի պատիժ կտա երկինքը քեզ»
Ասի. «Ես ի՞նչ պատասխանեմ՝ իմ հանցանքին անգետ եմ ես։

517 Մինչև ճշտիվ ես չիմանամ, անկարող եմ պատասխանել.
Քո դեմ ինչո՞վ մեղանչեցի, ես դժբախտս ի՞նչ եմ արել»։
Դարձավ ապա. «Ես ի՞նչ ասեմ, ստախոսին, նենգավորին,
Ա՛խ, վառվում եմ՝ ախ ես ինչո՞ւ խաբվեցի հանց գեղջուկ մի կին։

518 Չգիտե'ս, հա՞, որ Խորեզմից բերում են ինձ ամուսնացու,
Դու չե՞ս եղել խորհրդակից, համաձայնել ինքդ այդ դու,
Դու դրժեցիր երդումը իմ, ուխտը տված մեր հաստատուն,
Աստված անի, որ ես քեզ տամ՝ չա՛ր ավելի վարձ-հատուցում։

519 Հիշո՞ւմ ես դու հառաչելիս՝ արցունքը քո դաշտ էր ջրում,
Ու բժիշկներ, ամոքողներ քեզ դեղ ու ճա՛ր էին բերում,
Խիզախ մարդու ստության հետ ի՞նչ կարող է համեմատվի,
Ինձ ուրացա՛ր՝ քե՛զ կուրանամ, ո՞վ ավելի կհալածվի։

520 Այս եմ ասում՝ Հնդկաստանի տերը ով էլ կուզի դառնա,—
Ես էլ պիտի ղեկավարեմ, զարտուղի թե շիտակ է նա,
Քո ուզածի պես չի լինի, խաբվել ես դու, գնա հեռուն
Մտքերը քո նման են քեզ՝ ստախոսին՝ քեզ՝ այդպիսուն։

521 Թե կենդանի ես մնացի, Հնդկաստանում դու չես ապրի,
Իսկ թե փորձես այստեղ մնալ՝ հոգիդ մարմնից պիտի զատվի.
Ինձ նմանը էլ չես գտնի, ձեռքդ թեկուզ հասնի երկին»,
Երբ ավարտեց խոսքը իր այս՝ լացեց կտրիճն արտասվագին։

522 Շարունակեց. «Այս լսելով, նորը-նորին ես հույս առա,
Աչքս նորից ուժ ստացավ՝ պարզ նայելու լույսին նրա։
Կորցրել եմ, չե՞ս զարմանում, ինչո՞ւ եմ ողջ, ցնո՛րհ այսքան,
Վայ դո՛ւ, աշխա՛րհ անցողական, ինչո՞ւ ես իմ ծարավ արյան։

523 Աչքիս դիպավ մուսաֆը բաց, դրված էր մոտ իր սնարի,
Ելա, առա, նախ աստուծո, ապա նրա ներբողն արի.
Ասի. «Արև, թե կիզել եմ, արփիդ ով իմ, դու ինձ կիզիր,
Չես սպանել քանի դեռ ինձ՝ պատասխանս գոնե լսիր։

524 Ինչ հանդգնե՛մ՝ պատմածիս մեջ թե կեղծ, պատիր լինի մի բան,—
Երկի՛նքը ինձ պատուհասի, օրվա լույսի՛ն կարոտ մնամ,
Թե արժանի կանես լսել, կասեմ՝ վատ բան չեմ արել ես»,
Շարժեց գլխով, հրամայեց. «Պատմիր ճշտիվ ինչ որ գիտես»։

525 Ես կրկնեցի. «Արև, եթե երդումս ես լինեմ խախտած՝
Թող ինձ երկնից անմիջապես իր ցասումով շանթե աստված,
Ես ո՞ւմ երեսն արևացնեմ, առանց քեզ ո՞ւմ հալվեացնեմ
Այնժամ ապա ինչպե՞ս կեցցեմ, թե՞ տեգով իմ սիրտը խոցեմ։

526 Ինձ կանչեցին արքայք պալատ, արին խոշոր խորհրդածում,
Բայց նախապես վճռել էին՝ կտրիճը այն՝ քո փեսացուն
Իսկ խանգարել չէի կարող, կթվայի նրանց ես բիրտ.
Ինքս ինձ ասի. «Համաձայնի՛ր, սիրտդ առժամ պահիր դու պինդ»։

527 Կարո՞ղ էի արգելք լինել, չէր կռահում երբ ինքն արքան,
Չգիտեր, որ չի մնացել Հնդկաց աշխարհն անտիրական.
Տիրույթ է այն Տարիելի, էլ իրավունք ոչ ոք չունի,
Ո՞ւմ կբերի՝ ես չգիտեմ, կամ ո՞ւմ մարքն է այդ գողունի։

528 Ասի. «Սույնով չեմ շահելու, պետք էր գտնել ուրիշ հնար».
Ասում էի. «Միտք իմ դու քեզ՝ հազար տեսակ հոգսի մի տար»,
Սիրտս դարձել էր վայրենի, հազար թեկուզ սարեր ընկնեմ,
Ո՞ւմ կզիջեմ գլուխը քո, ես առանց քեզ մի՞թե կապրեմ։

529 Հոգիս տվի սրտիդ համար, քո ապարանք եկա այցի»,
Եվ՝ մեղմացավ անձրևը հորդ՝ որից վարդը էլ չի սարսի,
Տեսա՝ մարջան շուրթերի մեջ մարգարիտը մեղմիկ խաղաց,
Ինձ թե՝ «Ինչո՞ւ ինձ ինչ ասին՝ ամենայնի ստույգ թվաց։

530 Չեմ հավատա՝ դավաճանես, կեղծավորես մի օր դու ինձ,
Կամ ուրանաս դու աստծուն, կամ չլինես գոհ նրանից։
Խնդրիր, ահա, անձը դու իմ ու տիրություն Հնդկաստանի
Արքայանանք արդ ես ու դու, այս է բարին ամենայնի»։

531 Նա մեղմացավ ու փայփայեց, նա, որ հուզվա՛ծ էր, զայրացած,
Արև էր նա գետին իջած և կամ լուսին լրման հասած.
Առավ ապա ինձ իր կողքին, ինչ չէր արել՝ արժան արեց
Ու զրուցեց ինձ հետ մեղմիկ, հոգիս ընկած հուրը մարեց։

532 Դարձավ ապա. «Խելոքն իրոք երբեք-երբեք չի շտապի.
Լավը որն է՝ հենց այն կանի, նա՛ պիտ բախտին համակերպի։
Թե փեսային գալ խանգարես, կբարկացնես դու արքային,
Դուք իրար դեմ կռիվ կելնեք՝ ավե՛ր կգա Հնդկաստանին։

533 Իսկ թե թողնես փեսացուին, որ նա ինձ հետ ամուսնանա,—
Կբաժանվենք մենք իրարից, մեր ծիրանին կսևանա,
Նրանք հաղթով մտնեն երկիր՝ հարյուրանա՞ պատիժը մեր.
Այս լինելոց բան չէ հարկավ, որ պարսիկը դառնա մեզ տեր»։

534 Ես ասացի. «Աստված չանի, որ նա դառնա քեզ ամուսին,
Երբ որ մտնի նա Հնդկաստան, ծանոթանամ նրա դասին —
Ես ցույց կտամ ուժս նրան, թե խիզախ եմ մարտում որքան,
Այնպես ջարդեմ՝ անզոր դառնա ու անկարող նա օգնության»։

535 Հրամայեց. «Կինը՝ կին պիտ, գործը՝ նույնքա՛ն և կանացի,
Անկարող եմ՝ արյուն հեղես, և կամ միջնեմ՝ թշնամածի,
Երբ փեսան գա՝ դու սպանիր, զորքը նրա թող անվթար,
Զի դատ անելն արդարացի՝ չոր փայտն անգամ կանի դալար։

536 Այսպես արա, դու իմ առյուծ, հերոսների մեջ աննման,
Դու փեսային գա՛ղտ սպանիր, զորքերն անգամ որ չիմանան,
Մի՛ կոտորիր զորքը նրա իբրև տավար կամ գրաստոց —
Ինշպե՞ս առնի մարդն իր վրա արյունն անմեղ կոտորածոց։

537 Երբ որ նրան դու կսպանես, ասա տիրոջ՝ հորը դու իմ,
Թե. «Չեմ թողնի՝ որ Հինդը մեր գերի դառնա պարսից զորքին.
Ես եմ ժառանգն այս տիրույթի, չեմ տա նույնիսկ մեն մի դրամ,
Թե չես թողնի-քաղաքներդ ավեր կանեմ, դաշտ անխնամ»։

538 Երբեք չասես՝ սիրում ես ինձ, ոշ էլ անգամ՝ ինձ կին առնես,
Դու այսպիսով՝ դատդ ավելի արդարացի, հաստատ կանես։
Այն ժամ արքան՝ վիզը ծռած՝ կխոնարհվի և կզիջի,
Դարձիր ապա տերը գլխիս, մեկտեղ բազմել մեզ կսազի»։

539 Որոշո՛ւմն այս ու խորհուրդը ես մեծապես հավանեցի.
Իմ թշնամուն թրի քաշել ու կոտորման սպասեցի,
Ելա ապա, թե տուն գնամ, մինչ նա խնդրեց նստել նորից.
Բաղձում թեկուզ, բայց սիրտ չարի՝ գրկել նրան, սեղմել ծոցիս։

540 Անցավ ապա, բաժանվեցի, բայց խենթի պես էի գալիս,
Ասմաթն էր ինձ առաջնորդում, լալիս էի ու ջերմ լալիս.
Բյուրացել էր վիշտս, ավա՜ղ, խինդս նվաղ մեկ էր դարձել—
Ես հեռանալ չէի ուզում, դանդաղում էր ոտս քայլել։

ԽՈՐԵԶՄՇԱՀԻ ՈՐԴՈԻ ԳԱԼԸ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԱՄՈԻՍՆԱՆԱԼՈԻ ԵՎ ՆՐԱ ՍՊԱՆՎԵԼԸ ՏԱՐԻԵԼԻ ՁԵՌՔՈՎ

541 ԵՎ մարդ եկավ՝ մեզ ավետեց, թե «ժամանում է փեսացուն»։
Սակայն, ափսոս, որ չգիտեր, փեսային ի՛նչ էր սպասում։
Թագավորին շա՜տ դուր եկավ, դժգոհության նա խոսք չասաց.
Ու տեղ տվեց նա ինձ իր մոտ, գլխով արեց՝ «արի» ասաց։

542 Ինձ թե. «Սա'կս իմ օր է այսօր՝ ուրախության, խրախճանքի.
Կկատարենք մենք հարսանիք, պատճաշ քրոջ քո արժանքի,
Մարդիկ հղենք և ժողովենք ամեն կողմից գանձ անհամար,
Եվ բաժանենք առատորեն, ժլատ լինել մեզ չէ հարմար»։

543 Ուղարկեցի ամեն կողմեր մարդիկ գանձերն այդ բերելու,
Ու փեսացուն շնորհ բերեց, չհապաղեց մեզ մոտ գալու,
Ներսից մերոնք հանդիպեցին, խորեզմացիք դրսից եկան.
Ամբողջ զորքին տեղավորել չէր կարենում երկիրն անգամ։

544 Հրամայեց ապա արքան. «Ասա զարկեն վրան արագ
Հրապարակում, որ մեր փեսան՝ հանգստանա առժամանակ,
Զորականներն այցելության գնան նրան, բայց առանց քեզ.
Բավ է՝ այնտեղ ծառայքն այցեն, դու փեսային ասա կտեսնես»։

545 Հրապարակում զարկել տվի անթիվ կարմիր ատլաս վրան։
Եկավ փեսան, ցատկեց ձիուց, կարծես օր չէ՛ր նրա լրման,
Սկսեցին այցի գնալ ավագանիք հոծ խմբերով.
Զորքերն այնտեղ կանգնած էին ըստ թեմ-թեմի և դաս-դասով։

546 Ես տքնեցի, կարգ է ինչպես՝ հոգում էի ու վազվզում,
Տուն դիմեցի, հոգնած էի, հոգնածումից՝ քնել ուզում.
Ծառան եկավ՝ նամակ բերեց՝ Ասմաթից էր իմ սիրելի,
Թե՝ «Հրաման քո հալվեից՝ աճապարիր, դու շո՜ւտ արի»։

547 Ես էլ ձիուց չցատկեցի, ճամփա ընկա անմիջապես
Եվ Ասմաթին տեսա լացած. «Ինչո՞ւ ես լաց եղել այդպես»,
Ասաց. «Ինչ քեզ հանդիպել եմ, ե՞րբ եմ եղել լացից ազատ.
Մինչև ե՞րբ քեզ արդարացնեմ կամ պաշտպանեմ քեզ անընդհատ»։

548 Մտանք, տեսանք՝ բարձի վրա նստած էր նա հոնքը կիտած.
Ինչպես նա էր այդ լույս տալիս, արփին երբեք չէր էլ տված.
Դարձավ նա թե. «Ի՞նչ կանգ առար, կՌվի ժա՜մդ է հասել արդեն.
Թե՞ ուրացար, ինձ խաբեցի՞ր, մեղանչեցի՞ր նորից իմ դեմ»։

549 Ես նեղացա, բան չասացի, արագ դարձա և դուրս եկա.
Եվ կանչեցի. «Թող էլ չուզի՝ ուզեց ով ինձ՝ արդ երևա,
Ինձ կռվի է կինը կոչում ես խեղճացա մի՞թե այսքան».—
Ես տուն եկա՝ որոշեցի՝ որ սպանեմ իսկույն նրան։

550 «Կռվի համար եղեք պատրաստ» հրաման արի հարյուր ճորտի
Հեծանք արագ, քաղաքն անցանք, չերևալով մենք ոչ ոքի,
Մտա վրան, կտրիճն իսկ ա՜յն անպատմելու մտել էր քուն,
Ես անարյուն սպանեցի, թեպետ հարկ էր թափել արյուն։

551 Ու կտրեցի պի՛նդ փաթաթված վրանի փեշն՝ անցք բացեցի,
Բռնած ոտքից այն կտրիճի՝ գլխով սյունին ես խփեցի,
Ով դռանն էր պառկած՝ գոռաց, ողբ սկսվեց հեքիաթային.
Հեծա իմ ձին և սլացա, օղազրահ էր իմ հագին։

552 Աղմուկ ելավ ամեն կողմից. «Հասեք նրան» կանչում էին,
Ու հեռացա՝ հետևեցին, բայց ջարդեցի ես բոլորին։
Բերդաքաղաք ես ունեի՝ ոսոխներին անմատչելի.
Մտա այնտեղ ես անվնաս և մնացի անպարտելի։

553 Մարդ հղեցի ամեն կողմեր ու հայտնեցի զորքիս ուրեք,
Թե «Օգնե՜լ է ով ինձ ուզում՝ շտապ դուք ա՛ստ աճապարեք»:
Հարձակումը հետապնդման գիշերն անգամ չէր դադարում,
Բայց ինձ իսկույն ճանաչելիս՝ գլուխն էին իրենց պահում։

554 Գիշերն անցավ, ես վեր կացա և զինվեցի վաղ առավոտ
Տեսա երեք մեծամեծներ թագավորից եկան ինձ մոտ.
Ասել էր թե. «Գիտե աստված, որ սնեցի քեզ հանց որդու,
Դու՝ խնդությունն իմ տխրության վերածեցիր այդպես ինչո՞ւ։

555 Խորեզմշահի անմեղ արյունն ինչո՞ւ իմ տան վրա դրիր,
Եթե աղջի՛կս էիր ուզում, ինչո՞ւ հապա այդ ինձ չասիր.
Սնուցողի՜դ իմ ծերունի կյանքը արիր փուչ ու դրև
էլ չտեսնեմ երեսը քո այսօրվանից մահս մինչև»։

556 Պատվիրեցի. «Ով թագավոր, պինդ եմ անգամ ես պղնձից,—
Ի՞նչ չի թողնում թե չէ մեռնեմ՝ ամոթանքի այրող բոցից.
Բայց լավ գիտեք, որ թագավորն՝ արդարադատ պիտի լինի.—
Ձեր աղջկա ուզելն՝ աստված, արևը ձեր, հեռու տանի։

557 Գիտեք հարկավ՝ Հնդկաստանը քանի պալատ ու գահ ուներ.
Ես մնացի հազիվ ժառանգ, իսկ ամենին՝ դարձաք դուք տեր.
Մեռան-անցան նրանք ամեն, դուք՝ տիրացաք նրանց երկրին,
Ու մինչ այսօր, ինձնից բացի, չի պատկանում գահը մեկին։

558 Բարությո՜ւնդ ես չեմ ժխտում, արդարացի չես այդ սակայն,
Քեզ չտվեց աստված ուստր, այլ մի հատիկ դուստր միայն,
Խորեզմշահին արքայացնես՝ ինձ փոխարեն ի՞նչ կմնա,
Հնդկաստանին օտա՞րն իշխի, թո՞ւրս հապա — ինչո՞ւ է նա։

559 Քո աղջկան ես չեմ ուզում, տուր ո՜ւմ կուզես ինձնից հեռու,
Հնդկաստանը իմն է սակայն, ես ոչ ոքի չեմ զիջելու,
Ով այդ բանում հետս մրցի՝ նրան և՜ս ես կջնջեմ.
Ինձ սպանիր, թե արտաքուստ ինձ օտարից օգնող կանչեմ»։

ՏԱՐԻԵԼԸ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ է ՆԵՍՏԱՆ - ԴԱՐԵՋԱՆԻ ԿՈՐՍՏՅԱՆԸ

560 Երբ այս մարդկանց ճամփա դրի, սիրտս ինչ-որ կասկած ընկավ—
Ես նրանից չունեի լուր՝ տանջումը իմ սաստիկ դառավ,
Պարիսպներից դուրս գնալով, դաշտերի կողմ ոտս դրի,—
Եվ սոսկալի բան լսեցի, գլուխս հազիվ չկորցրի։

561 Տեսա երկու մարդ հետևակ, ես նրանց կողմ շտապեցի.
Մի կին էր այն և իր ծառան, ով էր՝ իսկույն ճանաչեցի.
Ասմաթն էր այն՝ մազը գզած, երեսն արյունն էր հեղեղում,
էլ չէր կանչում ինձ ժպտալով, ոչ երեսիս էլ ծիծաղում։

562 Նրան տեսա՝ ես ապշեցի, կասկած ընկավ՝ միտքս դիվել,
Ու ձայն տվի. «Ի՞նչ պատահեց, ի՞նչ կրակ է այդ մեզ այրել»։
Մղկտում էր, նա հեկեկում՝ հազիվ բառերն այս շշնջեց.
«Աստված կամարն, ա՜խ, երկնքի ցասումով մեր գլխին շրջեց»։

563 Մոտ գնացի՝ «Ի՞նչ է եղել, ասա ճշտիվ»,— հարցում կրկին,
Նորից լացեց նա խղճահար, նորից խփեց բոցն իր սրտին։
Երկար խոսել նա չէր կարող՝ տասնապատիկ իր վշտերից,
Ու ներկում էր կուրծքը կարմիր՝ արյան կաթիլն իր այտերից։

564 Ասաց ապա. «Ինչո՞ւ ծածկեմ, ամեն ինչ քեզ հիմա կասեմ,
Բայց ողորմա՛ծ եղիր այնպես, ինչպես ես քեզ կուրախացնեմ-
Ինձ մի թողնիր դու կենդանի, մի ապրեցնի, խղճա դու ինձ.
Քո աստուծո սիրո համար՝ ազատ արա ինձ աշխարհից։

565 Սպանեցիր երբ փեսային, և ամեն կողմ լուր տարածվեց,
Արքան լսեց ու վեր թռավ, դեպքից նա շատ վիրավորվեց,
Քեզ էր կոչում, ասում «կանչեք», պոռթկում էր նա ու գոռգոռում.
Քեզ փնտրեցին, տանը չէիր՝ ու ավելի էր վրդովվում։

566 Զեկուցեցին թե. «Տանը չես», թե «Տանից դուրս է գնացել»։
Արքան դարձավ. «Գիտեմ, գիտեմ, ամեն բան լա՛վ եմ հասկացել.
Սիրում էր նա իմ աղջկան, արյուն-արցունք էր նա թափում։
Եվ տեսնելիս նրանք իրար աչքն իրարից չէին զատում։

567 Գլո՛ւխս վկա՝ ես կսպանեմ՝ նրան, որին քույր կարծեցի,
Նա ցանց լարեց սատանայի, մինչ աստծուն ես խնդրեցի.
Ի՞նչ խոստացան, կամ ի՞նչ տվին անառակներն արդյոք նրան.—
Թող ես լինեմ աստվածուրաց, նա կենդանի եթե մնա»։

568 Արքան չուներ սովորություն գլխով իրա երդվելու,
Իսկ թե երդվեր՝ նա չէր դրժի, չէր հապաղի կատարելու։
Թագավորի ցասման մասին ով լուր առավ, ում հայտնեցին,—
Լուրը տարան քաջքին Դավար՝ վհուկ հայտնի՛ իսկ երկնքին։

569 Թագավորի քույր Դավարին աստվածատյաց մի մարդ հայտնեց.
«Ողջ չես մնա, աշխարհ գիտի, եղբայրը քո գլխով երդվեց»,
Իսկ նա ասաց. «Անմե՛ղ եմ ես, գիտի աստված կերպանավոր,
Ո՞ւմից մեռնեմ, կամ ո՞ւմ համար՝ չեմ հասկանում պատճառն ահվոր»։

570 Մինչ տիրուհիս այնպես հենց կար, ինչպես որ դու թողիր նրան.
Չքնաղ էր նա, գեղեցկատես՝ քո խավունը առած վրան։
Ու Դավարը հայհոյում էր, խոսքեր ասում անլուր պես-պես։
«Բո՛զ, ինձ ինչո՞ւ սպանեցիր, չե՛ս խնդալու բայց դու նույնպես։

571 Այ շնացո՛ղ, բոզ կին, ինչո՞ւ փեսացուիդ մահվան տվիր,
Ինչո՞ւ նրա արյան վրեժն իմ արյունով հանել տվիր,
Ինչո՞ւ զուր զոհ դառնամ եղբոր, ասա, արդյոք ի՞նչ արի քեզ.
Չարժանանաս նրան, աստված, կամքը այդ քո ով կատարեց»։

572 Ձեռքը մեկնեց ու վայր գցեց, փետեց մազերն երկար հյուսած,
Ապտակներով կապտեց նրան, դեմքը ծռեց իր գազազած։
Նա՝ անկարող պատասխանի՝ մերթ հառաչեց, քաշեց մերթ «ախ».
Ես՝ սևս, սիրտ չարի օգնել, չամոքեցի վերքը, ավաղ։

573 Հագեցել էր երբ Դավարը ծեծով նրա, կապտացնելով,
Առաջ եկան երկու ծառա՝ քաջքի նման երեսներով
Ու դիմելով ոչ փաղաքուշ՝ բերին իրենց հետ մի տապան
Եվ արևին մեջը դրին, կարծես պահակ՝ նրան կալան։

574 Անցան նրանք պատուհանով ու դեպի ծովն իսկույն կորան
Դավարն ասաց. «Ա՛յս անողիս ով էլ կուզի՝ անի կործան,
Սակայն նախքան ինձ կսպանեն՝ ինքս կտամ կյանքին իմ վերջ»։
Հանկարծ դանակ զարկեց իրեն, ընկավ մեռավ իր արյան մեջ։

575 Չե՞ս զարմանում, որ դեռ ողջ եմ, որ չեմ եղել ես տեգահար,
Ինչ արժա՛ն է, ինձ ա՛յն արա՝ այսքան ուրախ լուրիս համար.
Աստված սիրես, կյանքս խլիր, անկարող եմ՝ ի՛նչ համբերում»։
Ողորմելու արցունքն աչքի չէր ընդհատվում, չէր ցամաքում։

576 «Քույր,— ասացի,— ինչո՞ւ խլեմ կամ ինչո՞վ ես դու մեղավոր,
Ի՞նչ անեմ ես նրա համար, հոգալ որի՛ն եմ պարտավոր,
Այժմ նրան որոնելու՝ գլուխ կտամ քարին, ջրին»։
Ու սալ դարձավ սիրտս ամուր, ես քար դարձա ամբողջովին։

577 Ու ջերմ ու դող ինձ բռնեցին, խելքս տարավ սարսափը մեծ.
Դարձա սրտիս. «Դեռ մի մեռնիր, զուր պառկելուց շահ չկա քեզ,
Լավ է գնա որոնելու, դաշտեր ընկիր թափառական,
Ահա, ժամ է, ովքեր կուզեն՝ ինձ օգնության հետս թող գան»։

578 Մտա արագ և զինվեցի, պատրաստ հեծա նժույգն իսկույն,
Հետս առա հավատարիմ լավ կտրիճներ հարյուր վաթսուն,
Եկան ինձ հետ, ու դուրս եկանք՝ դռնից արդեն՝ ռազմի կարգած,
Հասա ծովափ, մի նավ տեսա — նավապետն ինձ տեսավ զինված։

579 Ու նավ նստած ծովը մտա. ծովի վրա ես կարգվեցի,
Որտեղից էլ եկան նավեր — մեկ-մեկ ամե՜նն ստուգեցի,
Թե հուսացի, բայց լուր չառա, խե՛նթս՝ ավելի ես խենթացա.
Աստված արդեն ատել էր ինձ՝ է՛լ ատելի հիմա դարձա։

580 Անցավ տարին, տասն և երկու ամիսն արդեն դարձավ քսան.
Բայց չտեսա նրան տեսնող՝ իմ երազում գոնե տեսլյան,
Կոտորվեցին, ոչնչացան — ամենն ովքեր ինձ հետ կային,
Բողոքս ի՛նչ է, անի աստված՝ ինչ իր կա՛մքն է աստվածային։

581 Ու ծովից–ծով ճամփորդելով, ես ձանձրացա, դուրս եկա ափ։
Սի՛րտս ավելի վայրագացավ, չէի լսում ոչ մի խրատ.
Մնացել էր ով կենդանի, նա էլ թողեց ու հեռացավ։
Ո՛չ մի մարդու չէր ուրացել՝ աստված ինչպես ի՛նձ ուրացավ։

582 Մնաց ինձ մոտ միայն Ասմաթն ու նրա հետ երկու ծաոա —
Ինձ սիրտ տվող, հանգստացնող, բարի ազդող միշտ ինձ վրա։
Իսկ նրանից ես լուր չառա նույնիսկ չնչին դրամի չափ,
Լա՛ցն էր միայն ինձ սփոփում, ես՝ հեղեղում արցունք անափ։

ՆՈՒՐԱԴԻՆ - ՖՐԻԴՈՆԻ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԱՐԻԵԼԻՆ

583 Ծովի ափին մի գիշերով այգիների ես մոտեցա.
Մի կողմ ժայռեր էին ցցվում, թվաց՝ քաղաք ես մի հասա։
Ես մարդ տեսնել չէի ուզում, բացվում էին վերքերն իմ խոր.
Անցա այնտեղ՝ հանգստանամ, տեսա ծառեր սաղարթավոր։

584 Ես քնեցի ծառերի տակ, իսկ իմ մարդիկ հացի նստան,
Ելա ապա ես վշտահար, մրմռումից սրտիս հուրյան.
Չէի լսել նրա մասին վաղուց մի լուր՝ սուտ, իրավուն,
Ու ոռոգում էի դաշտերն՝ արցունքներս անվերջ, անհուն։

585 Ճիչ լսեցի՝ տեսնեմ հեռվում՝ կանչում էր մեկն ինչ–որ ահվոր
Վազում էր նա ափով ծովի, վերքը՝ ցավով, նա՝ վիրավոր,
Իսկ վերքի մեջ սրի ջարդոն, արյուն էր հորդ այնուստ թափվում,
Սպառնում էր նա թշնամուն, և հայհոյում, և գանգատվում։

586 Հեծած էր նա մի սև նժույգ, ինձ է որը արդ պատկանում.
Արշավում էր նա զայրացած, խռով՝ նման սաստիկ քամուն։
Ես ծառայիս ուղարկեցի, ուզում էի նրան տեսնել,
Ասի. «Կանգնի՛ր, ցո՛ւյց տուր, առյուծ, ո՞վ է նեղել, վշտացրել»։

587 Նա խոսք անգամ չուզեց լսել և ծառայիս ոչինչ չասաց.
Իսկույն հեծա և սլացա, հասա նրան ես ընդառաջ,
Եվ կանչեցի. «Կանգ առ, պատմիր, ինչ է եղել՝ լսեմ արդար»,
Նա ինձ նայեց՝ ես դուր եկա, և արշավին տվեց դադար.

588 Դադարից ետ՝ դարձավ աստծուն. «Ի՛նչ ծառ ես դու սնել, աստվա՛ծ»,
Ինձ թե. «Կասեմ, ի պատասխան՝ հարցումներին քո ինձ տված,
Ոսոխներս, որ մինչ այսօր այծեր էին — առյուծացան,
Ու դավեցին անզենիս դեմ, զարկին զենքով և զորացան»։

589 Ես ասացի․ «Հանգստացիր, կանգ առ, իջնենք տակն այս ծառի,
Թրի զարկից խիզա՜խն երբեք պիտի չնկճի կամ տա տեղի»։
Ինձ հետևեց, ու գնացինք՝ նման սիրող հոր ու որդու։
Ես զարմացա, երբ որ տեսա գեղեցկությունն այս պատանու։

590 Վիրաբույժ էր իմ մի ծառան ու կտրիճի վերքը կապեց,
Անցավ արեց վերքը նրա, ինչ կար ջարդոն սրի՝ հանեց,
Ապա ասի. «Ո՞վ ես և կամ՝ ումի՞ց է այդ թևդ վերք՜ած»,—
Համաձայնեց պատմել ինչ կա, իր ով լինե՛լն ինձ պարզ ասաց։

591 Նախ թե. «Ի՞նչ ես՝ ես չգիտեմ, ինչին և կամ նմանեցնեմ,
Պատճառն ի՞նչ է քո մաշվելու, առաջ ինչքա՞ն աոողջադեմ.
Քեզ ինչն արեց այդքան դեղնոտ, վա՞րդ ես եղել կամ սաթ առաջ,
Կամ ինչո՞ւ է մարել աստված իր իսկ ձեռքով մոմը վառած։

592 Այստեղ մոտիկ ունեմ քաղաք, Մուլղազանզար անուն կոչվող,
Նուրադին-Ֆրիդո՜ն եմ անվանբ, արքա եմ ես այնտեղ նստող,
Իջևանաց տեղը քո այս իշխանությանս է ենթակա.
Փոքր թեպետ, բայց շատ առատ, բարիքներին սահման չկա։

593 Պապս իմ հոր և հորեղբոր ողջ երկիրը երբ բաժանեց —
Ծովի միջին կա մի կղզի, այն կղզին ինձ բաժին հանեց.
Հորեղբայրս բայց տիրացավ, որդիք որի ինձ են խոցում,
Որսավայրն էլ նրանց մնաց — չէի տալիս, չէի զիջում։

594 Այսօր ելա որսորդության ու որս արի ծովի ափին,
Չթողեցի որսը վանեն, հետևն ընկա ես ճուռակին,
Զինվորներիս ասել էի. «Սպասեցեք մինչև ես գամ»։
Ու հինգ միայն առա ինձ հետ՝ բազե կրեն, ավել՝ չգան։

595 Ես նավակով դուրս եկա ծոց, որ ծովի մի մասն է կազմում.
Ուղեկիցներ հետս չառա, մերոնք էին, չէի քաշվում,
Սակայն նրանք վրդովեցին, թե չեմ տանում բազմոց ինչու,
Որսում էի, երգում, կարծում՝ թե չի գնում ձայնս հեռու։

596 Ու նեղացան նրանք իրոք՝ անփույթ առա ինչու երգով.
Եվ կտրեցին ճամփաս գաղտուկ այնտեղ շարժած զորք ու նավով,
Իսկ հորեղբորս որդիք իրենք անձամբ դարձան նրանց վարող
Հարձակվեցին և ինձ վրա՝ զորքով իրենց, իրենց բազկով։

597 Ես նրանց կո՛չն և թրերի՝ փայլը տեսա և լսեցի.
Նավավարից նավ ուզեցի և մեկ անգամ «վայ» կանչեցի.
Ես ծով մտա, զորքը իմ դեմ՝ ինչպես ալիք ալեկոծվեց,
Ուզեցին ինձ տալ ոտքի տակ, սակայն նրանց չհաջողվեց։

598 Էլի ուրիշ զորքեր եկան և ինձ վրա հարձակվեցին,
Հարվածեցին ամեն կողմից՝ նորից սակայն չհաղթեցին,
Երբ ճակատից մոտ չթողի, զարկում էին ինձ թիկունքից,
Սուրն էր հույսս, բայց կոտորվեց, ու զուրկ էի գոնե նետից։

599 Ինձ պատեցին, ելք չունեի, վար ցատկեցի նավից ձիով,
Եվ լող տվի, ելա ծովից, տեսավ ով ինձ՝ մնաց ապշով.
Ինձ օգնական ովքեր կային՝ ամենքն ընկան, անդ մնացին,
Հետապնդողն ինձ չէր հասնում, ովքեր եկան՝ հալածվեցին։

600 Թող կատարվի հիմա այնպես՝ կամքն է ինչպես ի՛նքն աստուծո,
Բայց չեմ թողնի արյուն նրանց, կորով քանի կա հատուցո,
Ավեր կանեմ ես նրանց է-ն՝ առավոտից մինչ իրիկուն
Ու կկանչեմ ճայ ու ագռավ, հանդես առնեն նրանց դիուն»։

601 Հրապուրեց կտրիճը ինձ ու գրավեց սի՛րտս հիմնովին,
Եվ ասացի. «Շտապելու՝ կարիք չկա ամենևին.
Ես կլինեմ քեզ զինակից, խոցենք նրան, այնտեղ կռվենք,
Ու երկուսով մենք լավ մարտող՝ անկասկած է՝ մենք կհաղթենք»։

602 Ասի նաև թե. «Իմ մասին դու տակավին բան չգիտես,
Երբ կունենանք մենք ժամանակ, հանգիստ-հանգիստ կասեմ ես քեզ»:
Նա ինձ ասաց. «Ավելի մեծ ուրախություն չեմ ցանկանա.
Այս օրվանից մինչև իմ մահ կյանքս թող քեզ գերի մնա»։

603 Մտանք նրա քաղաքը մենք՝ փոքրիկ էր նա, բայց շատ սիրուն,
Զորքերն ելան մեզ ընդառաջ, նրա համար էին վայում.
Երեսները ճանկռում էին, մաշկը թափում տաշեղի պես,
Գրկում էին և համբուրում՝ սուր, երախկալ՝ կարոտակեզ։

604 Ինձ էլ նրանք հավանեցին ու դուր եկա՝ գեղով նրանց,
«Ով արեգակ,— ներբողեցին,— պարզկա՛ ես դու բերում մեզ հանց»,
Ու շրջեցինք, տեսանք նրա քաղաքն ազնիվ և թե հարուստ,
Ամեն մեկի հագին կապած զարքաշակար շքեղ հագուստ։

ՏԱՐԻԵԼԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԻԴՈՆԻՆ

605 Ապաքինվեց․ կարող էր նա՝ զենք գործածել ձի ու ասպար,
Պատրաստեցինք խումբ զինվորաց, նավ ու գալեր մեր թիավար,
Մարդիկ ինչքան ուժ ունեին՝ նրանց տեսնել էին ճգնում։
Այժմ պատմեմ թե ոսոխին ինչպես էինք զարկում, պատժում։

606 Ինձ ասացին՝ թշնամիներն արդեն հագել են սաղավարտ.
Ելան իմ դեմ, լավ չեմ հիշում, նավեր նրանց՝ շուրջ ութը հատ.
Ու կատաղի ես բախվեցի, և լողացին աննպատակ.
Խորտակեցի կրնկի տակ, «վայ» կանչեցին ինչպես կանայք։

607 Անցա ապա ուրիշ նավի ու պռունգը ես բռնեցի,
էլ ի՞նչ կռիվ պիտի լիներ — նավը ծովում ընկղմեցի.
Այլերն արդեն փախուստ առան, նավահանգիստ էին դիմում,
Ով որ տեսավ՝ հիացել էր, գովում էր ինձ, չէր պարսավում։

608 Անցանք ծովը և ափ իջանք, հեծյալ մեր դեմ հարձակվեցին․
Ու մարտեցինք՝ նորից նրանք՝ մարտի մեջ նո՛ր ձախողվեցին,
Ինձ դուր եկավ Ֆրիդոնի մարտում արի լինելն այնքա՜ն,
Կռվում առյուծ, դեմքով արև, նոճո՛ւ էր նա մարմնով նման։

609 Իր հորեղբոր երկու որդուն նա իր թրով ցած տապալեց.
Զեռքերն ամբողջ կտրեց թևից և այս ձևով հաշմանդամեց.
Մեկն երկուսին գերի արած ու ձերբակապ բերեց իր հետ
Լաց պատճառեց նրանց մարդկանց, իր զորքերին՝ հպարտ ավետ։

610 Փախավ մեզնից զորքը նրանց, հալածեցինք՝ մինչ ցիր ու ցան.
Քադաքն առանք անմիջապես—զորքերը մեր՝ ոչ ծուլացան,
Սրունքները քարով ջարդած՝ գլուխները ջախջախեցինք,
Ինձ սպանիր, թե որ հաշվես՝ այն գանձեղենն, ինչ խլեցինք։

611 Գանձարաններն ստուգելով՝ Ֆրիդոնն իրեն կնիք դրեց,
Իր հորեղբոր երկու որդուց կալանավոր առաջն արեց.
Ու փոխարեն՝ նրանց արյամբ՝ հորդեց, ջրեց դաշտերը նա,
Իսկ ինձ ասին. «Շնորհ աստծո, ով ծառ տնկեց՝ հալվեանա»։

612 Երբ ետ դարձանք, քաղաքացիք՝ մեր հաղթանա՛կն էին տոնում,
Նայում հրաշք գործողներիս, սրտերն էին սքանչանում.
Ամենքը ինձ, Նուրադինին թափում էին գովասանքներ,
Ասում էին. «Ձեր զարկերից՝ նրանց արյո՛ւնն է հոսում դեռ»։

613 Ֆրիդոնին զորքը «արքա», ինձ՝ «արքայից արքա» կոչեց.
Ճորտ կոչեցին իրենք իրենց, մերոնց ամեն՝ «սեփե» ասվեց,
Տխուր էի սակայն նորեն, ոք չտեսավ՝ ես վարդ քաղեմ,
Եղելությանն իմ անտեղյակ — չասի նրանց՝ ես չավաղեմ։

ՖՐԻԴՈՆԸ ՊԱՏՄՈԻՄ է ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

614 Օրից մի օր Ֆրիդոնն ու ես՝ որսորդության մենք դուրս եկանք,
Ծովի ափին ինչ որ ցցվա՛ծ լեռան հասանք՝ գագաթ ելանք,
Ֆրիդոնն ասաց. «Մի բան պատմեմ՝ ձիախաղով մի օր տարված
Այս բարձունքից տեսա ինչ-որ զարմանալի բան կատարված»։

615 Հարցուփորձում էի նրան, իսկ նա՝ պատմում դեպքի մասին.
«Մի օր որսի ես փափագած՝ հեծել էի հենց այս իմ ձին.
Նայում էի՝ այստեղ կանգնած—ծովի կո՛ղմը ճուռակն ուղղվեց,
Տեսա մի բան—ծովում՝ բադի, իսկ ցամաքում՝ բազեի պես։

616 Նայում էի մե՛րթ դեպի ծով հենց կատարից ես այս լեռան,
Ծովի խորքում նկատեցի՝ թեկուզ հեռու ինչ որ մի բան.
Այնպես արագ լողալ ջրում՝ անկարող էր՝ ինչ էլ լինի,
Բայց կռահել չէի կարող՝ զարմանքը իմ դառնար քանի՜։

617 Ասի. «Ի՞նչ է, ինչի՞ նման, թոչուն է այն, թե մի գազան»,
Նավ էր՝ պատած դրսից նրա՝ չոթեր բազում ու բազմազան,
Ու հառեցի աչքս այնտեղ—մարդիկ էին նավը տանում.
Տապանի մեջ՝ լուսին նստած՝ յոթերորդին արժան երկնում։

618 Դուրս սողացին երկու ճորտեր—սևեր էին կպրանման,
Եվ մի աղջիկ ափ հանեցին՝ փարթամ ծամով մի աննման.
Փայլակն անգամ անզուգական նրա փայլից կշլանար,
Նա լույս շողաց տիեզերքին, շուքն արևի՝ հո՛ւյժ դալկահար։

619 Խնդությունից շտապեցի, զարկում էր իմ սիրտն անհամբեր,
Ու սիրեցի վարդը ես այն, ձյունը որին չէր դիպել դեռ.
Վճիռն էր իմ՝ չհապաղել և հարձակվել նրանց վրա.
Իմ սև ձիուն՝ ի՜նչ շնչավոր, ի՜նչ կհասնի վազքին նրա։

620 Եվ ասպանդակ տվի ձիուս, շամբը ոտիս տակ խշխշաց,
Բայց չհասա՝ նավը փախավ, թեպետ մտրա՛կս ուժգին ֆշշաց.
Ծովափ հասա, տեսնեմ՝ հազիվ խամրող արև փայլեց հեովում,
Ու հեռացնում, տանում էին, և հուրը իմ սիրտն էր այրում»։

621 Այս լսեցի Ֆրիդոնից՝ կրակ բռնեց, է՛լ ջերմեցի,
Ձիուց ընկա անմիջապես և գլուխն իմ անգոսնեցի։
Ներկո՛ւմ էր ինձ նորից հենց իմ այտից հորդող շիթը արյան
Ու կանչեցի. «Ինձ սպանի՛ր, մեկն առանց ինձ տեսավ նրան»։

622 Ֆրիդոնը երբ այս լսեց՝ օտար թվաց ու զարմացավ,
Սակայն գթա՛ց ինձ մեծապես՝ լացով ինքն էլ ինձ միացավ.
Ու աչքերից հանց մարգարիտ՝ ջերմ արտասուք նա անձրևեց
Եվ ամոքեց ինձ որդու պես՝ մերթ աղաչեց և մերթ սաստեց։

623 «Վայ ինձ,— ասաց,— ի՛նչ պատմեցի, սխալմունք էր, չար պատահար»։
«Մի՝ փոշմանիր,— ասի նրան,— մի՝ վշտանար դրա համար.
Իմն էր, այո, լուսինը ա՛յն, նրա կրա՛կն է ինձ այրում,
Այժմ պատմեմ, քանի որ ինձ՝ ընկեր լինե՛լ ես ցանկանում»։

624 Նուրադինին ես պատմեցի—բոլորն, ինչ որ եկավ գլխիս,
«Ի՜նչ պատմեցի,— ասաց նա ինձ,— ես՝ սխալս, ծիծաղելիս,
Դու, հզորդ Հնդկաց արքա, անելի՛քդ է ինձ մոտ բերել,
Քեզ տիրական գահ ու աթոռ, լի պալատնե՛ր են քեզ վայել»։

625 Նորից ասաց. «Ում որ աստված իրան տվեց նոճիագեղ,
Սրտում նրա տեգ չի թողնի, նախուստ թեպետ թողեց խոցել.
Ողորմությունն առատաբուխ երկնից ի վար կամպրոպի նա,
Երբեք նա մեզ չի նեղացնի—վիշտը բերկրա՛նք պիտի դառնա»։

626 Վերադարձանք արտասվելով՝ ու պալատում՝ իրարու դեմ,
Ես ասացի. «Ինձ օգնական — քեզանից զատ ոչ ոք չունեմ.
Զի արարիչն ուրիշ մեկին աստ չի՛ հղել քեզ հավասար,—
էլ ավելին չե՛մ ցանկանում, քանի որ մենք տեսանք իրար։

627 Դու չես անեմ, ո՞րն է բարին՝ թե ինձ և թե ժամ հասնի ժամանակին,
Օգնիր լեզվով և խորհուրդով՝ ելք որոնել ծանր պահին
Թե ի՞նչ անեմ, ո՞րն է բարին՝ թե ինձ և թե նրա համար.
Չհաջողեմ թե որ ոչինչ—չեմ ապրելու մի պահ երկար»։

628 Նա ինձ ասաց. «Սրանից մեծ՝ ես ի՞նչ ուզեմ բախտ երկնից,
Ողորմացել, եկել առ իս՝ արքադ զորեղ Հնդկաստանից,
Ու շնորհին ես այդպիսի երազե՞լ եմ մինչև անգամ,—
Ահա կանգնած ես ձեր առաջ՝ իբրև ծառա ձեզ պարտական։

629 Այս քաղաքն է ճամփան իրոք ամեն կողմից անցնող նավի,
Ու հասնում են լուրերն այստեղ ամեն օտար երկրների.
Աստ կլսես դեղիդ մասին՝ հրիդ համար՝ այրող այդ քեզ
Աստված գուցե՝ տա ազատվես՝ ցավից-պարտից դու վերջապես։

630 Նավարարներ մենք կուղարկենք, որոնք ուրիշ շատ են նավել,
Թող որոնե՛ն լուսնին հենց այն, ում հոգսն է արդ մեզ գրավել.
Բայց դիմացիր առժամանակ, շատ մի տարվիր քո խոհերով—
Թեկուզ խինդը դեռ չի հաղթել, հարկավոր չէ տարվել վշտով»։

631 Եվ նույն պահին կանչեց մարդիկ՝ մենք այս գո՛րծը կարգավորենք,
Ասաց, «ճամփա ընկե՛ք նավով ու ծովե-ծով լողաք-անցեք,
Գտեք նրան, արժան արեք՝ սիրեցյալին իր տանջագութ,
Հազար արեք զրկանքը ձեր, թե չէ ի՞նչ է՝ կամ յոթ, կամ ութ»։

632 Մարդիկ կարգեց՝ ուր կար կայան, նավեր ուստից երևացին
«Ճամփա ընկեք, որոնեցեք՝ որտեղ լսեք նրա մասին»։
Ու մխիթա՜ր սպասումով՝ վշտի փոխան ուրախ դարձա,
Բայց ամոթանք իմ այդ օրուն՝ առանց նրան ուրախացա։

633 Եվ հարգ տեղում տերունական Ֆրիդոնը ինձ գահ դրեց,
«Սխալվել եմ, չեմ կռահել՝ մինչև հիմա,— նա ինձ դիմեց,—
Ի՞նչ վայելուչ կարող եմ տալ մեծ արքայիդ Հնդկաստանի,
Ձեզ ծառայել չցանկացողն ի՞նչ տեսակ մարդ պիտի լինի»։

634 Ի՛նչ երկարեմ, լուր փնտրողներն ամեն կողմից վերադարձան,
Դժվարությամբ՝ դժվար տեղեր, որոնումից նրանք եկան,
Չէին լսել ոչ մի տեղից, ոչ մարդ գտել՝ լիներ տեղյակ,
Ու արցունքը նորից հոսեց, ա՛չքս արցունքով էլի անտակ։

635 Նուրադինին ես ասացի. «Սև է այսօր օրն ինձ համար,
Վկա լինի երկինքը թող, ասելն անգամ շատ է դժվար.
Թե չլինես — ես խավարում՝ կգիշերվի զորս անգամ,
Ես բերկրանքից իսպառ զրկված, շղթայված եմ վշտով միայն։

636 Ու քանի ես նրա մասին էլ ոչ մի լուր չեմ սպասում,—
էլ չեմ մնա, թույլ տուր գնամ, ֆարման եմ ես քեզնից ուզում,
Ու Ֆրիդոնն այս լսելով՝ հորդեց հեղեղ արտասուքի,
Ասաց. «Եղբայր, այսօրվանից՝ բերկրանքը իմ փոխվեց սուգի»։

637 Եվ թեկուզ շատ աղաչեցին, ես անկարող եղա մնալ,
Իսկ ծնկաչոք զորքը նրա պաղատում էր ինձ չգնալ.
Գրկում էին, ինձ համբուրում՝ իրենք լալիս, ինձ լացացնում,
Թե. «Մի՛ գնա, դառնանք ծառադ, քանի դեո կա՛նք մենք
աշխարհում»։

638 էս ասացի. «Դժվա՜ր է շատ և՛ ինձ համար թողնելը ձեզ,
Սակայն թողի հեռու անցա մարդաբնակ վայրերն անդին
Ես իմ գերուն չեմ ուրանա, չէ՞ որ և դո՛ւք խղճում եք ինձ,
Մի արգելեք, չեմ մնալու, մի նեղանաք դուք ինձանից»։

639 Ապա Ֆրիդոնն ինձ մոտ բերեց և նվիրեց ահա այս ձին,
Ասաց. «Ահա, տալիս եմ ձեզ՝ արևդեմին և չինարին,
Գիտե՛մ, ուրիշ բան չես ուզում, բայց նվերին ի՞նչ պարսավանք
Ինքը՝ թող ձի՛ն հավանեցնի՝ քեզ ձի վարել ու շտապանք»։

640 Ու Ֆրիդոնն ինձ ուղեկցեց, մենք երկուսով շատ լացեցինք,
Ապա իրար համբուրեցինք ու կականով բաժանվեցինք։
Եվ զորքը ողջ լացեց սրտանց, իրավ և ոչ լեզվով միայն,
Իսկ բաժանումն իրարից մեր—հայր ու որդու էր իսկ նման։

641 Նուրադինից բաժանվելով՝ սկսեցի նորից փնտրել
Եղա ծովում, թե ցամաքում, ոչ մի երկիր բաց չեմ թողել,
Սակայն նրան տեսած մարդու ես ոչ մի տեղ չհանդիպեցի.
Հոգիս ամբողջ վայրագացավ, ես՝ վայրենյաց նմանվեցի։

642 Ասի. «Զո՛ւր է իմ թափառումն, զուր է լողալն այսուհետև,
Գազանների մեջ լինելով՝ վիշտս գուցե դառնա թեթև»,
Ծառաներիս ու Ասմաթին ես մի քանի խոսք ասացի.
«Գիտե՛մ, դժգոհ պիտի լինեք, ձեզ շատ ու շատ չարչարեցի։

643 Արդ գնացե՛ք ու ինձ թողեք, դուք ձեր գլխի տերը եղեք,
Էլ մ՛ի տեսեք արցունքն իմ հորդ, արտասուքից մի՛ սրտնեղեք»։
Երը լսեցին սրանք այսպես՝ խոսքերը իմ՝ խիստ դառնագին,
«Հե՜յ,— ասացին,— ի՞նչ հրաման, էլ չհասնի՛ մեր ականջին։

644 Մենք չենք ուզում տեսնել ուրիշ տեր ու պարոն բացի քեզնից,
Աստված թող մեզ չհեռացնի ձեր նժույգի թողած հետքից.
Ու ձեզ նայենք, տեսքին ձեր այդ՝ և գեղեցիկ, և՛ սիրելի»—
Դու մի ասա՝ կյանքը մարդուն՝ թե ծույլ իսկ չէ՝ ծույլ կդարձնի։

645 «Չուղարկեցի, եղա հլու՝ ծառաներիս ասած խոսքին,
Սակայն թողի ու հեռու անցա մարդաբնակ վայրերն անդին
Ու եղնիկի, այծյամի հետ ապրելն ինձ տուն համարեցի,
Ցածում՝ ձորեր, բարձրում՝ սարեր՝ ես իմ ոտքով տրորեցի։

646 Գտա այրերն այս անբնակ ու դևերի ձեռքով տաշած,
Հարձակվեցին՝ կոտորեցի, ես նրանցից չեղա խաբված,
Սպանեցին իմ ծառայոց — նրանց հագին զրահն էր վատ։
Ինձ հորձա՛նքը կպավ կյանքի, նա՛ ինձ արեց կնճռաճակատ։

647 Ահա, եղբա՛յր, այդ օրվանից այստեղ եմ ես, այստեղ մեռնում.
Խելակորույս դաշտեր վազում, մերթ լալիս եմ, ուշաթափվում,
Այս կինն ինձնից չի հեռանում, սա էլ՝ այրվո՛ղ նրա համար,—
Ես չեմ ձգտում ուրիշ ելքի՝ մահ եմ միայն փնտրում համառ։

648 Որովհետև ինձը սիրուն դե՛մքն է նրա ինձ հիշեցնում՝
Սիրում եմ ես նրա մորթին ու մորթեկար հագուստ հագնում,
Այս կինն է իմ շորը կարում, մերթ հառաչում, անում մերթ ախ,
Թուրս, սակայն, զուր եմ սրել՝ չեմ սպանել ես ինձ, ավա՜ղ։

649 Իմ կորածին հիշե՛լն է լոկ ինձ այս կյանքի հետ շաղկապում,
Ա՜խ, անկարող է ներբողել նրան երգիչն էլ իմաստուն.
Վայրենացած ես այնուհետ, համակյաց եմ նրանց ապրում,
Ու երկնքից ոչ ուրիշ բան, մահ եմ միայն ես աղերսում»։

650 Խփեց դեմքին, այտերն անգին՝ պատառոտեց—վարդը պոկեց.
Լալը փոխեց դեղին սաթի ու ողջ բյուրեղն իր փշրոտեց։
Ու վայր հոսեց շիթն արցունքի Ավթանդիլի թարթիչներից,
Եվ սփոփեց կինը նրան՝ աղաչանոք պաղատալից։

651 Դիմեց ապա Ավթանդիլին, հանգստացած ինքն՝ Ասմաթով,
«Քո իղձը ես կատարեցի՝ անկատարս ես իմ իղձով,
Եղելությունն իմ պատմեցի՝ ես՝ մերժված կյանքից դաժան,
Այժմ դարձիր, տես արևիդ՝ տեսքին նրա կարոտաժամ»։

652 Ավթանդիլը պատասխանեց. «Զատվել քեզնից՝ չեմ հանդուրժի.
Թողնեմ թե քեզ՝ արցունքն աչքիս՝ անվերջ-անվերջ պիտի հոսի,
Ճիշտը ասեմ՝ մի նեղացիր, հանդգնում եմ այսպես խոսել,—
«Խինդ չես բերի դու քո մահով, նրան՝ ում դու կուզես փրկել։

653 Բժիշկը երբ հիվանդանա, ինչքան էլ նա հմուտ լինի,
Ուրիշ բժիշկ պիտի կանչի՝ իր երակը զննի-քննի.
Որ նա պարզի հիվանդությունն ու պատճառն այդ հիվանդության
Զի առավել գիտե օտարն՝ օտարին թե ի՛նչ է դարման։

654 ինչ որ ասեմ՝ դու ինձ լսիր, խո՛սքս իմաստուն, ոչ է հիմար.
Դու հարյուր խոսք պիտի լսես, չէ՛, մեկը չէ՛ քեզ բավարար.
Ոչինչ լավ բան մարդ կբերի—դառնացած է, երբ տաքարյուն,
Կուզեմ հիմա տեսնել նրան, ում վառ կրակն է ինձ այրում։

655 Տեսնեմ նրան, սերը նրա իմ սիրո պես ես հաստատեմ,
Պատմեմ նրան ինչ իմացա, ուրիշ ոչինչ անելու չեմ։
Ու խնդրում եմ՝ ի՛նձ հավատա, հանուն երկնի և աստծու.
Երդվենք իրար, որ չուրանանք, չմոռանա՛նք մենք իրարու։

656 Սակայն պիտի խոստանաս ինձ, որ այստեղից չես հեռանա,
Իսկ ես երդմամբ իմ հավաստեմ, որ քեզ երբեք չեմ ուրանա.
Կրկին կգամ, քեզ կայցելեմ, որ քեզ համար շրջեմ, մեռնեմ,
Ու մեռնո՛ւմ ես դու ում ի սեր՝ աստված կամի՝ թեթևացնեմ»։

657 Պատասխանեց. «Օտար ես դու, ո՞նց սիրեցիր ինձ՝ օտարիս,
Ու չե՛ս ուզում արդ բաժանվել, սոխակն ինչպես իր վարդ-յարից
Ես քեզ ինչպե՞ս կմոռանամ, ինչպես օգնել ինձ խոստացար,
Եվ տա աստված՝ տեսնեմ նորից—քեզ՝ դեռահաս նոճուդ դալար։

658 Երե՛սդ ինձ փափագելով եթե կրկին իմ կոդմ դառնա,
Սիրտս տափերն էլ չի՛ ընկնի, չի՛ եղնանա, այծամանա.
Թե քեզ խաբեմ, դավաճանեմ—տերը պատմել ինձ որոշի,
Կրկին անգամ քեզ նայելով՝ կդառնա՛ իմ վիշտը փոշի»։

659 Երդում տվին ապա իրար՝ բարեկամներ սրտով հեծող,
Նրանք՝ հակինթ՝ գույնով սաթի, իմաստախոս, խելառ մտքով,
Իբրև մոտիկ սրտակիցներ խոր սիրեցին նրանք իրար,
Մեկտե՜ղ գիշերն անցկացրին, ընկեր դարձան ու խանդավառ։

660 Ու նրա հետ Ավթանդիլն էլ թափեց արցունքն իր լացակից
Երբ լուսացավ՝ ջերմ համբուրեց և բաժանվեց նրա գրկից։
Տարիե՜լը մինչ վշտահար՝ ինչ անելը դեռ չիմացավ,—
Ավթանդիլը արտասվելով՝ շամբուտն արդեն նա խորացավ։

661 ճանապարհեց նրան Ասմաթն, երդում առավ սրտաբորբոք,
Աղաչում էր ձեռնատարած և արտասվում նա ծնկաչոք,
Խնդրում էր շու՜տ վերադառնալ՝ մանուշա՛կն է մինչ անթառամ,
Ասաց. «Իմ քո՜ւյր, իմ մտքի մեջ այսուհետև դուք եք միայն։

662 Ես շո՜ ւտ կգամ, չեմ մոռանա ու չեմ մնա տանս երկար,
Միայն՝ նրան այստեղ գտնեմ, էլ չգնա տեղեր օտար։
Երկու ամսից թե ուշանամ՝ լուրջ պատճա՜ռն է մնալ հարկել,
Գիտցեք ապա՝ դժբախտության պտո՛ւյտն է ինձ պատել անել»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐԱԲՍՏԱՆ

663 Նա հեռանամ էր այնտեղից, բայց իր վշտից չէր հեռանում.
Դեմքը ճանկռում՝ վարդը պատռում ու հոսեցնում ձեռքից արյուն,
Իսկ արյունը՝ հոսած գետին, գիշատիչներն էին լիզում,
Նրա արագ արշավելուց՝ կա՛րճ էր ուղին երկար դառնում։

664 Հասավ այնտեղ, ուր իր զորաց թողեց ինքը, ու հեռացան,
Տեսան, իսկույն ճանաչեցին, հարկ էր ինչպես՝ ուրախացան.
Ավետեցին Շերմադինին, վաղվաղակի մարդ հղեցին,
Թե. «Նա՝ եկա՛վ ի սեր որի՝ ցա՛րդ խինդը մեր փոխվեց լացի»։

665 Դիմավորեց, գրկեց տիրոջ, հպավ դեմքով նրա ձեռքին,
Համբուրում էր, խնդությունից՝ արցունք անվերջ հեղում գետին,
Ասում էր նա. «Աստվա՜ծ, արդյոք երա՞զ է սա, թե իրական,
Մի՞թե նորի՜ց արժանացա և կենդանի՜ տեսա նրան»։

666 Ավթանդիլը հեզ ողջանեց, դեմքով նրա դեմքին հպավ.
Ասաց. «Գո՜հ եմ ես աստծուց, որ ոչ մի վիշտ քեզ չդիպավ».
Ավագանիք գլուխ տվին, համբուրեցին՝ ով կար արժան,
Եվ հրճվում աղմկալից՝ կրտսեր ու մեծ կային որքան։

667 Եկան այնտեղ, ուր կար շինված նրա համար անդ կացարան,
Բնակիչներն այն քաղաքի այցելության եկան նրան։
Իսկույն նստեց խրախճանքի, նստեց ազատ ու խնդագին,
Անկարող է լեզուն պատմել շուքն ու խինդը այդ խնճույքի։

668 Ապա ինչ իր գլխովն անցավ, պատմեց լրիվ Շերմադինին,
Ինչպես գտավ այն կտրիճին, խոսքով նրա՝ զերդ արևին.
Ու պատմում էր աչքը գոցած, աչքերից իր արցունք թափում—
«Խուղն ու պալատն առանց նրա՝ միատեսա՛կ են ինձ թվում»։

669 Շերմադինն է՛լ նրան պատմեց, ասաց վիճակն իր գործերի.
«Ոչ ոք գիտե գնալը քո — ինչպես ասիր՝ այնպես արի»։
Այդ օրը նա մնաց այնտեղ, խրախճանեց, հանգստացավ.
Եվ առավոտ արշալույսին հեծավ իր ձին և սլացավ։

670 էլ չնստեց մի տեղ հացի, ոչ էլ անգամ թե շունչ առնի
Շերմադինը աոաջ գնաց՝ ավետումը գալու տանի։
Նա անց կացավ տասը օրվան ճամփան արագ՝ երեք օրում,—
Արեգակի հետ մրցողին առյուծն ուրախ էր տեսնելուն։

671 Պատվիրել էր. «Ով գոռ արքա, անզուգական ձեր մեծությամբ,
Հանդգնում եմ ձեզ զեկուցել ահով, զգույշ, ակնածությամբ՝
Այն կտրիճի մասին անգետ՝ ինքս իմ աչքին դարձա անհոգ
Այժմ տեղյակ՝ կզեկուցեմ, քեզ մոտ կգամ խաղաղաշուք»։

672 Ռոստևա՛նը՝ արքա էր գոռ և զգեցյալ, և թե համառ,
Շերմադինը ավետաբեր՝ զեկույց արեց—պատվիրատար.
«Ավթանդի՛լն է գալիս ձեզ մոտ, այն կտրիճին արդեն գտած»
Արքան ասաց. «Բաղձանքը իմ, թե իմացա՝ արեց աստված»։

673 Ու Շերմադինն ապա դարձավ Թինաթինին՝ լուսագանգուր —
«Ավթանդիլը ետ է դարձել, բերում է ձեզ հաճելի լուր»։
Ու պսպղաց նա հանց փայլակ, զոր ու զորեղ քան թե արփին,
Եվ պարգևեց նրան պարգև և զգեցուց՝ ովքեր կային։

674 Արքան հեծա՛վ, ընդառաջեց Ավթանդիլին անդուստ եկող,
Արևերեսն այդ ընդունեց արքայական պարտք պաճուճող։
Դիմավորեց, դիմավորվեց՝ ուրախացած եռանդագին,
Ավագանու գնդից ոմանք նման էին հարբածներին։

675 Երբ մոտեցավ, ցատկեց ձիուց, երկրպագեց նա արքային,
Ռոստևա՛նը ջերմ համբուրեց ուրախությամբ ու սրտագի՝ն.
Ուրախ սրտով ու անկաշկանդ մտան պալատն արքայական,
Այն կտրիճի գալու համար ցնծաց ամեն պալատական։

676 Ապա առյուծն առյուծների՝ երկրպագեց արփից արփուն,
Վարդ ու բյուրեղ և սաթը սև դաշնակցեցին իրար նազուն
Դեմքն ավելի՛ էր լուսեղեն, քան երկնային լույսը վերին.
Տուն-կացարան քիչ էր պատշաճ, պալատ որպես՝ պետք էր երկին։

677 Ու խնճույքի նստան այն օր և կերուխում արին բազում,
Արքան նայում էր կտրիճին՝ ինչպես սիրող հայրը որդուն.
Երկուսն իրար սազում էին՝ նորեկ ձյունն ու վարդը շաղոտ
Բաշխում էին պարգև առատ, մարգարիտը՝ դրամ աղոտ։

678 Երբ վերջացավ՝ բաժանվեցին ու տուն դարձավ ով կար արբող.—
Ավազանոց բաց չթողին, իսկ կտրիճին՝ նրանց ի կող.
Արքան անվերջ հարց էր տալիս, պատմում էր նա՝ ինչ է քաշել,
Ինչպես տեսավ անծանոթին և նրանից ինչ էր լսել։

679 «Մի զարմանաք, թե ախ քաշեմ ու ընդհատեմ խոսքս հաճախ,
Թե արևի նման ասեմ, դեմքը նրա՝ արևաբախ,
Տանում է ով իր տեսնողի՝ ամենեցու ուշքն ամենայն,
Վարդ է թոռոմ փշերի մեջ, ընկած հեռուն, ա՜խ, նա սակայն»։

680 Երբ տալիս է բախտը անգութ տանելու մեծ վիշտ մի մարդուն,
Եղեգը սուր փուշ է դառնում, մինան առնում քրքումի գույն.
Ավթանդիլը նրան հիշում, այտն արցունքով էր լվանում,
Ինչ լսել էր՝ մեկ-մեկ, հատ-հատ՝ իր լսածն էր նրանց պատմում։

681 «Նա դևերից այրեր խլել—ապրում է այդ քարայրերում,
Ու սիրածի նաժիշտն է լոկ իր հետ մեկտեղ այնտեղ ապրում.
Հագնում է նա ընձու մորթի, կերպասներից հրաժարվում,
Խուսափում է աշխարհ տեսնել, մշտանորոգ հրից այրվում»։

682 Երբ ավարտվեց մեծ վեպը այն՝ տառապանքի, վշտի անբավ,
Թե լուսագեղ, գեղատեսիլ արեգակին ինչպես գտավ,
Հավանեցին գովքին վարդի, ընդմիջված էր ինչ բյուրեղով,
«Քաջությու՛նդ այդ բա՛վ է արդեն, էլ ի՜նչ է պետք և կամ ինչո՜վ»։

683 Ու Թինաթինն ուրախացավ, այս լուրը երբ հասավ նրան.
Եվ օրն ամբողջ նա չհոգնեց կերուխումից ուրախության։
Ճորտին ղրկեց, Ավթանդիլին և՛ ննջարանն իր մոտ կանչեց.
Անհնար է պատմել լեզվով՝ կանչը որքան նրան հաճեց։

684 Կտրիճն եկավ ուրախացած, թեկուզ տանջուն՝ չբարկացած,
Դաշտում շրջած առյուծի հետ, ինքն էլ առյուծ ու գունատված,
Բախտին հլու՝ ինքը կտրիճ,— ողորմառատ գոհար ընտիր,
Եվ իր սիրո սրտի դիմաց՝ սի՛րտը տվող նա անխտիր։

685 Գահին արևն անմատչելի բազմած է վեհ և զգեցուն
Փռվել որպես ջուրն Եփրատի, հալվե բուսած հանց եդեմում,
Լալ-բյուրեղին սազում էին վարսը սաթե, հոնքերը թավ,
Ո՞վ եմ՝ գովեմ, աթենացի բյու՛ր իմաստուն պիտի հարկավ։

686 Ու տեղ տվեց՝ նստի իր դեմ ուրախացած կտրիճը այն,
Նստած էին լի բերկրանքով, երկուսով էլ ուրախ այնքան։
Եվ անկաշկանդ խոսում էին անուշ խոսքով, երջանկալից.
Ասաց. «Արդյոք շա՞տ տառապանք դու կրեցիր որոնելիս»։

687 Նա թե. «Բախտը երբ որ մարդուն իղձն է տալիս նրա սրտի
Պետք չէ հիշել տանջանքը էլ, որպես եղած անցած օրի։
Գտա ծառին հալվեակազմ, կյանքի ջրո՛վ էր նա ջրած,
Դեմքը նրա՝ վարդ էր կարծես, սակայն հիմա գույնը թռած։

688 Տեսա այնտեղ վարդանման նոճի՝ վշտից տար ու բերվող.
«Կորավ,— ասաց,— բյուրեղը ջինջ, մինան՝ բյուրեղն իմ զարդարող,
Վառվում եմ ես, զի նա նույնպես վառվում է նու՛յն իմ կրակով»
Ապա նորից պատմեց, ասաց, տես ու լիսը Տարիելի քով։

689 Պատմում էր իր որոնումից, տանջանքը ողջ, հոգսը՝ կրած,
Ասաց ապա՝ իր բաղձանքին արժան արեց ինչպես աստված.
«Բախտն ու աշխարհ նրա համար — մեկ է ինչպես մի վայրենու
Խենթ ու մենակ, գազանաց հետ—թափառում է դաշտում այնու։

690 Մի հարցնիր՝ ինչպե՞ս գովեմ, հեշտ չէ գովելն ամեն բանի.
Ով մի անգամ նրան տեսավ՝ էլ ոչ մի բան չի հավանի.
Շող է նա մի արփիական, աչքդ նրան հազիվ մնա,
Բայց քրքում է վարդը դարձել, մանուշակի փնջիկ հիմա»։

691 Նա զեկուցեց ինչ որ գիտեր, ինչ տեսել էր կամ ինչ լսել,
«Անձավը այն խոր է նրա, ինչպես վագրի տուն ու մանձել,
Ու մի կին է լոկ նրա մոտ, նա՝ է տալիս շունչ, սփոփանք,
Ավա՜ղ, աշխարհն իր հյուրերին լաց է տալիս ու տառապանք»։

692 Եվ երբ լսեց պատմությունը՝ իղձը նրա եղավ կատար,
Պայծառացավ դեմքը լուսնի, որպես լույսով պսակատար,
Ասաց. «Արդյոք ի՞նչ խորհուրդ տամ՝ ուրախալի և ցանկալի.
Ի՞նչ է, արդյոք բուժիչ դարմանն այդ հեգացող վիրավորի»։

693 Կտրիճը թե. «Ով է նեցուկ՝ ի կործանում փութող մարդուն,
Իրեն այրեց նա ինձ համար, թեկուզ այրած ինքը ի բուն։
ժամ տուր, որ ես վերադառնամ՝ խոստացել եմ օգնել նրան,
Երդո՛ւմ տվի իր արևով, արևի է ինքը նման։

694 Պետք է ընկերն իր ընկերոջ հոգսը ուսել չվարանի,
Սրտի դիմաց իր սիրտը տա, սերը՝ ճամփա, կամուրջ անի,
Ինչպես սիրողն է սիրածի վիշտը անում իր սեփական,
Ուստի և ինձ, առանց նրան, խինդը լաց է, ի՛նքս՝ անկամ»։

695 Արևն ասաց. «Սրտիս բոլոր իղձերն արդեն կատարվեցին.
Նախ՝ դու եկար բարեհաջող, ինքդ գտած այն կորածին,
Զորացել է սերդ ապա՝ որ ի՛նքս էի ցանել քո մեջ.
Գտա նաև ճարն իմ սրտի, ինչ մաշում էր, այրում անշեջ։

696 Բախտը մարդուս դեմ է գալիս եղանակի նման տարբեր.
Արև է մերթ, մերթ էլ պայթում՝ երկնից ժայթող գոռ ամպրոպներ.
Վիշտ ունեի թե մինչ հիմա, խինդն է հիմա ինձ համակում,
Թե որ կյանքում բերկրանքը կա՝ ինչո՞ւ ոմանք վիշտ են ապրում։

697 Ու ինչ լավ է՝ քեզ չէ հատուկ՝ դու չես լինում երդումնազանց.
Բարեկամին՝ սերն իր ամուր, թող կատարե ամեն մի անձ։
Պետք է փնտրել նրան դարման, ի հայտ անել՝ անհայտ է ինչ,
Դու ի՛մն ասա, խավարածի՛ս՝ ինչպե՞ս փարվեմ արփուն ես ջինջ»։

698 Կտրիճը թե. «Կշտիդ թեկուզ, բայց ութացան վշտերն իմ յոթ.
Ցրտահարին տաքացնելու՝ ջուր սրսկե՛լն է ավելորդ.
Զուր է սիրել, երկրպագել՝ զուր է արեգն արևմուտի —
Թե քեզ մոտ եմ՝ տեր մեկ վշտի, թե հեռանամ՝ հազարոտի։

699 Վայ թե գնամ՝ ո՛վ գիտե ուր, բոցը երիս խեղճիս խանձի
Սիրտս դառնա թիրախ նետի, նետը մեկի ինձ հարվածի
Այսօրվանից ինձ ապրելու կյանքից մնաց երրորդ միայն
Թե թաքցնել ես կամեցա՝ տանջանք նորեն ավելացան։

700 Ես լսեցի խոսքը քո այն, ընկալեցի՝ ինչ ասացիր,
Վարդին փուշն է գտնել տալիս, ինչի՞ փշոց ինձ հանձնեցիր,
Բայց թե դարձիր արփիս բոլոր, նման նրան, իմ արեգակ,
Ապրելու հույս տալու համար տուր մի նշան, մի հիշատակ»։

701 Անուշ կտրիճն անուշախոս, որ բարությանն էր օժանդակ,
Խոսում էր իր արևի հետ, ինչպես սանի հետ մի դայակ։
Աղջիկն ահա՛ մարգարիտներ տվեց, արեց իղձը նրա,
Աստված անի, որ կատարվի խինդը հենց այս և այս օրվա։

702 Ի՞նչ կա հաճո՝ վարդ-բյուրեղին սև սաթերով ջերմ հպելուց,
Կամ պարտեզում նոճուն մոտիկ հալվե տնկել-ոռոգելուց.—
Որ ով տեսնի՝ զվարթանա, ով չի տեսել՝ որ ախ քաշի,
Վա՛յ սիրածից անջատվածին՝ միշտ ա՛խ քաշի, մի՛շտ հառաչի։

703 Եվ նայելով նրանք իրար՝ բերկրանքով են լի համակված։
Կտրիճն ելավ՝ մնաս բարով, գնաց՝ սրտով իր ցնորված.
Ու լալիս էր արեգն աղի, արցունք թափում ծովածավալ,
Ասում. «Բա՛խտս չհագեցավ արյունը իմ խմել, ավա՞ղ»։

704 Կտրիճն անցնում էր վշտանար, կուրծքը ծեծում ու կապտացնում,
Սերը մարդուն լաց է տալիս և նվաղում ու թուլացնում։
Երթ ծածկում է ա՛մպն արևին-ստվերո՜վ է երկրին պատում
Իր սիրածից ով հեռանա՝ խավարում է և չի առտում։

705 Արյուն, արցունք խառնվելով՝ ակոս-ակոս շարում այտին
Եվ ասում էր. «Գլխիս վերև խավարել է, չկա արփին,
Ա՜խ, ալմաստե սիրտս ինչպե՞ս վառվեց սև-սաթ թարթիչներից.
Ով կյանք, բերկրանք ինձ էլ մի՛ տար, մինչև տեսնեմ նրան նորից։

706 Երեկ ես մի հալվե էի, դրախտային՝ ցողված սնված,
Այսօր՝ բախտից ես նետահար ու իմ սրտին՝ դանակ խրված,
Այժմ նա իմ սիրտը նետեց հրի թակարդն անշիջելի —
Նոր հասկացա՝ գործն աշխարհի՝ սուտ է ու փուչ, հեքիաթ է մի»։

707 Այսպես խոսում, արցունք ցողում ու սարսում էր նա դողալով,
Եվ տնքում էր ու հառաչում, քայլում՝ հազիվ առաջ գալով։
Դառնանում է բաժանումով մտերմություն սիրահարի,
Ավա՛ղ, բախտը վերջիվերջո՝ սավանում է՝ պատա՛ն կարի։

708 Կտրիճն եկավ, ննջարանում՝ մերթ լալիս էր, մերթ՝ ուշաթափ,
Սակայն մտքով չէր բաժանվում սիրեցյալից գեթ ակնթարթ։
Ինչպես կանաչն է եղյամից՝ գունատվում էր դեմքը նրա.
Տեսեք պակասն արեգակի ո՜նց է հայտում վարդի վրա։

709 «Անիծյալ է սիրտը մարդու, ագահ է նա, չի հագենում.
Թեև կրած վիշտ ամենայն՝ նորից խինդ է նա փափագում.
Սիրտը կույր է, անհնազանդ, նա չի կարող չափել ոչինչ
Եվ անզոր է նրան տիրել ո՛չ մահ, ո՛չ տեր, ուրիշ կամ ինչ»։

710 Երբ իր սրտին՝ սրտինն ասաց՝ խոսքեր կծու ու սրտագին,
Մարգարիտներն առավ ի ափ՝ սեփական իր արեգակին,
Որ հագել էր նա իր բազկին—ինչպես ճերմակ ատամնաշար,
Հպեց դեմքին և համբուրեց, արցունք հեղեց—թել-թել, վարար։

711 Երբ լուսացավ, մի մարդ եկավ՝ պալատ կանչեց առտուն այն վաղ,
Եվ նա գնաց՝ հպարտ ու հեզ, քունը կոտրած քնաթաթախ։
Ամեն կողմից գալիս էին՝ հանդիսատես խմբեր շտապ,—
Արքան որս՛ էր գնալու, պատրաստ էին նոբ ու դաբդաբ։

712 Արքան հեծավ, իսկույն ևեթ պայթեց հանդես մի ահագին.
Թմբուկների դղրդյունից խոսք չէր հասնում էլ ականջին։
Բազեներից մթնեց արևն, խլրտացին շներ որսի,
Նրանց թափած արյունն այդօր ներկեց գետին որսամասի։

713 Եվ որս արին, անցան դաշտով, ուրախ-ուրախ վերադարձան
Ու կանչեցին ավագանոց, ամեն-ամեն զորք ու իշխան.
Եկան՝ սրահ ու բազմոցներ լեցուն տեսան և զարդարուն,
Չանգ-չաղանան ձայնը զլել, երգիչները՝ խումբ ու խմբում։

714 Նստած կտրիճն արքայի մոտ՝ հարց էր տալիս, պատասխանում,
Շուրթը ժպտուն՝ լալ ու բյուրեղ, փայլն ատամի իր տատանում,
Արժանավորք մոտիկ նստած՝ լսում էին, զորքը՝ հեռվում,
Առանց հիշման Տարիելի ոք իր լեզուն չէր բարբառում։

715 Բայց տուն եկավ նա սրտաբեկ, հեղեղելով դաշտն արցունքով.
Աչքի առաջ ման էր գալիս իր սիրելին հեզ նազանքով։
Մերթ պառկում էր, մերթ վեր կենում, խենթացածը ինչպե՜ս քնի.
Ո՞ր սիրտն արդյոք ականջ դրեց՝ աղաչանքին, որ համբերի։

716 «Ուրախառիթ,— ասում էր նա,— ինչո՞վ սիրտս ես հանդարտեմ,
Դու իմ եղեգ, ծառ դրախտի, բաժանումս ինչպես մարթեմ,
Դու՝ խինդ բերող քո տեսնողին, ով չի տեսնի—դու ափսոսում,
Տեսքին քո հայտ՝ չեմ արժանի, գոնե տեսնեմ քեզ երազում»։

717 Լալիս էր նա ու հեղեղում արտասուքով հորդ անսահման,
Սրտին ասում. «Համբերություն՝ այս է աղբյուրն իմաստության.
Չհամբերենք՝ ինչ պիտի անենք, վշտին, ասա, ի՞նչ ճար անենք
Թե աստծուց խինդ ենք ուզում՝ վիշտը նույնպես պիտի տանենք»։

718 Նորից ապա. «Սիրտ իմ, գիտեմ, որքան էլ դու մեռնել բաղձաս.
Լավ է, սակայն, ապրել ձգտիր, դու անձնազո՛հ նրան դառնաս,
Բայց թաքցրու, որ չերևա՝ ինչպես է քեզ կրակն առել,
Չի վայելում սիրահարին սերն իր այլոց հայտնի անել»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՌՈՍՏԵՎԱՆ ԱՐՔԱՅԻՑ ԵՎ ՎԵԶԻՐԻ ԶՐՈԻՅՑԸ

719 Երբ լուսացավ, կտրիճը վաղ հագավ-կապեց՝ պալատ գնա,
Ասաց. «Աստվա՛ծ, օժանդակի՛ր, որ սերը իմ գաղտնի մնա»,
Համբերություն խնդրեց սրտին. «Լեր օգնական տեր իմ աստված»,
Գնաց ապա պալատ վեզրի, ինքը՝ լուսին, նժույգն հեծած։

720 Վեզիրն իսկույն դիմավորեց, ասաց. «Իմ տանն արև ծագեց.
Ահա թե ի՛նչ ուրախություն այսօր նշա՛նն ինձ գուշակեց»։
Գլուխ տվեց, գովեստ ասաց՝ կատարյալին կատարապես,
Հյուրը, հարկավ, ցանկալի պիտ, հյուրընկալը՝ ուրախերես։

721 Հյուրընկալը վարժ ու բարի աոաջարկեց նստել հյուրին,
Փռեց ոտի տակ խատաուր, որ չդիպչի ոտը հողին
Հանց տիեզերք շուքն արևի՝ հյուրն այն տունը լուսավորեց.
Ասին. «Վարդի բուրմունք այսօր ձեր բուրավետ քամին բերեց»։

722 Նստեց։ Նրան նայողների խելքն էր իրոք, հաստատ գնում.
Ով տեսնում էր՝ ապուշ կտրում, գեղը նրա պարծանք անում,
Հառաչանքը հիացումի չէ՛ թե մեկ էր—բյո՛ւր-բյուրացան։
Հյուր — ընտանյաց՝ թողնել ասին, իրենք ապա առանձնացան։

723 Գերդաստանը երբ հեռացավ, կտրիճն ասաց իր տանտիրոջ.
«Արքունիքում քեզնից գաղտնի չի պատահի և ոչ մի գործ,
Դու ինչպես էլ ցանկաս վարել՝ արքան պիտի բավարարի.
Լավ հասկացիր դու ցավը իմ և համեմատ դարման ճարի։

724 Առել է ինձ կրակն ահա այն կտրիճի, իր սիրածի,
Սպանում է բաղձանքը ինձ, չտեսնելս ցանկացածի.
Նա ինձ հոգին չի խնայի՝ հատուցում պիտ հատուցումին
Պետք է սիրել իրոք շռայլ ու անխնա բարեկամին։

725 Նրան տեսնել ցանկանալը սրտիս համար ուռկան դարձավ.
Սիրտս մնաց այն ուռկանում, այնտեղ մնալ նա ցանկացավ։
Այրում է նա մերձավորին — նրան աստված արև՛ ծնեց,
Ասմաթն ապա ինձ քույր իբրև՝ քրոջից էլ նա վեր դասվեց։

726 Բաժանվելիս երդում տվի, երդում ամուր ու սաստկագին
«Բաց ճակատով, ո՛չ սևերես, քեզ տեսնելու կգամ կրկին.
Պիտի փնտրեմ լույսին ես քո, քեզ չթողնեմ էլ խավարում»,—
Ժամ է արդեն իմ գնալու՝ մարմանդ հուրն է հոգիս այրում։

727 Ճշմարիտ եմ ասում ամեն և ոչ իբրև խոսք-պարծեցում,
Չեմ գնացել՝ դառել կրակ, նա՝ անհամբեր ինձ սպասում։
Ես չեմ դրժի երդումը իմ, խենթս խենթին չեմ ուրանա.
Ուխտադրուժի գործը երբեք հաջողությամբ չի վերջանա։

728 Գնա պալատ և զեկուցիր իմ փոխարեն մեծ արքային.
Երդումս ահա նրա գլխով քեզ՝ վեզիրին՝ Ոստասրային,
Ինձ չպահի, չեմ մնալու, թե որ պահի՝ ի՞նչ պիտ անի,
Լեր օգնական՝ չայրի հուրը, պալատ գնա՝ ես կա՛մ քանի։

729 Ասա նրան. «Գովում է քեզ ամեն միտող մարդ-արարած,
Ինչ երկյուղ ես թե ինձ ազդում՝ հայտնի անե թող քեզ աստված.
Բայց այն կտրիճն հալվեակազմ այրել է ինձ ու խորովել,
Սիրտս տարավ ակնթարթում, ես՝ անկարող սիրտս պահել։

730 Այժմ, արքա, առանց նրան այստեղ ապրել ես չեմ կարող.
Սիրտս թողած, առանց սրտի, ի՞նչ եմ խենթս, ինչի կարող,
Թե ես նրան օգուտ տվի՝ ձեր անունը կպանծանա.
Թե չտվի, սիրտս կտամ, ուխտս կոտրած ես չեմ մնա։

731 Ու գնալուս՝ թող սիրտը ձեր չնեղանա, չվշտանա.
Թող կատարվի գլխին իմ այն, ինչ որ աստվա՛ծ կցանկանա.
Թող տա աստված՝ հաղթանակենք, ձերը ձեզ մոտ վերադառնա,
Թե չդառնամ՝ դու՛ք հաղթ կացեք, ձեր թշնամի՛ն թող թուլանա»։

732 Ասաց նորից նա վեզիրին. «Ես խոսեցի շատ համառոտ.
Գնա, ասա թագավորին, մինչ կմտնի ով նրա մոտ.
Խնդրիր՝ թողնի՛ ինձ հաճությամբ, ջանա դու էլ՝ արի որպես.
Իսկ ես հարյուր հազար ոսկի իբրև կաշառք տալիս եմ քեզ»։

733 Վեզիրն ասաց ծիծաղելով. «Կաշառքը քո թող քեզ մնա.
Դու որ ճամփադ իմ կողմ արիր՝ այդ էլ շնորհ է ինձ համար,
Երբ արքային ես զեկուցեմ՝ ինչ ձեզանից արդ լսեցի,
Գիտեմ, հաստատ կլիացնի, լիացումը՝ ոչ պարսավցի։

734 Բայց երդվում եմ նրա գլխով՝ տեղում իսկույն ինձ կսպանի.
Ոսկիդ նորեն քեզ կմնա, խեղճիս՝ հողը գերեզմանի,
Ինձ սպանիր, թե որ մարդուս կյանքից թանկ բան մարդը գիտե,—
Ոչ, չի ասվի և չեմ ասի, թող ով կուզե ինձ նախատե։

735 Գլուխ չի գա ուզածը քո, ես՝ վտանգեմ կյանքս ինչպե՞ս,
Ինձ կանպատվի կամ կսպանի, կասի. «Ինչպես լեզուդ շարժվեց.
Ինչո՞ւ նրան չմեկնեցիր, խենթացել ես ինչո՛ւ այդքան»,
Անպատվվելուց մեռնելն է լավ—համոզումս է այս փորձության։

736 Թեկուզ արքան քեզ արձակի, զորքերն ինչո՞ւ պիտի խաբվեն,
Ինչո՞ւ թողնեն՝ դու հեռանաս, կամ արևից ինչո՞ւ զատվեն.
Ինքդ գնաս, մեր թշնամիք՝ հավասարվեն, հանդգնանան,—
Ո՛չ, չի՛ լինի դա ճիշտ այնպես՝ ինչպես ծիտերն—ուրուր դառնան»։

737 Արտասվելով կտրիճն ասաց. «Մնաց՝ սրտիս խփեմ դանակ,
Հե՛յ դու վեզիր, ես տեսնում եմ, բանին սիրո դու չե՛ս տեղյակ,
Ոչ էլ տեսել ուրիշների՝ մտերմություն, ո՛չ իսկ երդում,
Թե տեսել ես — առանց նրան՝ ինչպե՞ս ես ինձ խինդ հավաստում։

738 Թեքվեց արփին, ես անտեղյակ՝ ինչը արփուն ետ կշրջի,
Օգնենք հիմա, լավ է, փոխան՝ օրը նա մեր կջերմացնի։
Իմը՝ ինձ պես՝ ոք չգիտե—ո՛րն է քաղցր, դառն ինձ համար.
Վատթար մարդկանց խոսքը մարդուս ընկճում կտա շա՜տ անհամար։

739 Թագավորին և կամ զորքին արդյոք ինչ շահ կա ինձանից,
Երբ անընդհատ և ակամա արցունքն հոսում է իմ աչքից.
Լավ է գնամ և չդրժեմ, երդումներն են մարդուս փորձում
Ով չի տեսել վշտեր իրոք — տեսե՞լ ես դու՝ վիշտ է հեծում։

740 Այժմ վեզիր, այս ամենին ո՞ր սիրտը քար կդիմանա.
Իմ տեղ եթե երկաթ լինի — մոմ կդառնա, չի կարծրանա.
Ա՜խ, արտասվաց չեմ հատուցի՝ Գեհոնն աչքես իսկ անպակաս,
Օգնիր դու ինձ, գուցե մի օր՝ ի՛նքդ օգնության կարիքն զգաս։

741 Թե չարձակի—ես կփախչեմ, կերթամ ծածուկ, իմաց չեմ տա.
Կկատարեմ կամքը սրտիս, թող իմ կրակն ավելանա։
Քեզ մի առիթ չի վնասի, թե առիթի չէ՛ մտադիր,
Ասա, թեկուզ նա բարկանա, զոհողության անձը քո դիր»։

742 Վեզիրն ասաց. «Կրակը քո ինձ էլ գցեց հրի քուրան,
Արցունքիդ չե՛մ կարող նայել՝ չքանում է աշխարհն անգամ.
Մերթ չասելուց՝ ասելն է լավ, մերթ էլ՝ ասելն է հանցալի.
Պիտի ասեմ, թեկուզ մեռնեմ, կյանքս թող քեզ մատա՛ղ լինի»։

743 Երբ այս ասաց՝ վեզիրն ապա ուղևորվեց դեպի պալատ։
Հագնված էր արդեն արքան՛, նայեց՝ երեսն արևապատ,
Եվ վախեցավ, չարտասանեց զեկույցը իր վիշտ պատճառող
Կանգնեց տխուր ու խորհում էր՝ միջոց գտնել, թայց ոչ վիճող։

744 Արքան տեսավ իր վեզիրին՝ մռայլադեմ ու լուռ կանգնած.
Ասաց. «Ի՞նչ կա, այդ ի՞նչ գիտես, ինչո՞ւ եկար այդպես նեղված»։
Պատասխանեց. «Բան չգիտեմ, բայց իմ գլխին վայ եմ տալիս,
Իրավ եք, թե ինձ սպանեք, պիտի ասեմ բան սոսկալի։

745 Իմ տրտմությամբ ցավս, ավազ, չի՛ մեծանա, չի՛ մեղմանա.
Երկնչում եմ, թեպետ հայտ է՝ դեսպանն ահից չի՛ վախենա.
Ավթանդիլը ձեզնից խնդրում, աղերսում է, չի պահանջում,—
Առանց պատմած այն կտրիճի՝ կյանք ու աշխարհ փուչ է կարծում»։

746 Ինչ որ գիտեր նա զեկուցեց ամեն մի բան՝ վախվխելով,
Ասաց նաև. «Արդ իմացար՝ նրա մասին իմ պատմելով,
Ինչ վիճակում նրան տեսա, ինչպես էր նա արցունք հեղում,
Արդար եք դուք, թե իսկ անգամ՝ բարկությունն եք գլխիս թափում»։

747 Թագավորը երբ այս լսեց, խիստ վրդովեց ու զայրացավ,
Գույնը նետեց ու ահավոր—տեսնողներին սարսու դարձավ.
Բացականչեց. «Ի՞նչ ասացիր, դու դիվահա՛ր, ո՞վ սիրտ կաներ.
Վատթար մարդն է գերադասում միշտ վատ լուրը առաջ լսել։

748 Կարծես ուրախ լուր ունեիր՝ շտապեցիր ինձ հաղորդել,
Ավելի վատն ո՞վ ինչ կանի, չասե՛նք դավով ինձ սպանել,
Խելառ, լեզուդ ինչպե՞ս շարժվեց այդ բանն ասել հանդգնաբար.
Քեզ պես խելառ՝ ո՛չ թե վեզիր, պետք չէ ո՛չ մի բանի համար։

749 Մարդը մի՞թե տիրոջ համար անդուրեկան բան չի անում,
Հիմար խոսք է երբ որ գլխից հիմարաբար նա բարբաջում.
Ականջս ինչու չխլացավ՝ այդ խոսքերը քո լսելիս.
Թե սպանեմ՝ արյունը քո՝ իզուր պիտի առնեմ վզիս»։

750 Դարձավ նորից. «Նրա կողմից թե արդ ղրկված չլինեիր,
Մի կասկածիր, ինքս վկա, գլխից իրոք կզրկվեիր։
Գնա, դարձիր, դու չա՛ր, դու խե՛նթ, դու՝ անամո՛թ, ժպի՛րհ, պղծա՛ծ,
Կեցցե՛ խոսքը, մա՛րդը կեցցե, կեցցե՛ գործը նրա արած»։

751 Նա կռացավ, աթոռն առավ, պատին խփեց՝ փշուր-փշուր,
Թե վրիպեց՝ էլ թնդացավ, և ոչ դարձավ ուռի փխուր։
«Նրա երթալն ինչպե՞ս ասիր, ի՞նչպես երթա մատաղ հալվեն»,—
Ու վեզիրի այտով ճերմակ արցունքն հոսեց վար ի վերեն։

752 Թե խուսափեց վեզիրը խեղճ՝ վախից կապվեց նրա լեզուն,
Ձայնը կտրեց, աղվեսացավ, ու վերքն էր իր ցավում սրտում։
Մտավ խիզախ, ելավ՝ վհատ, խայտառակեց լեզուն նրան.—
Չի վնասում ոսոխն այնպես, ինչ բերում է մարդն ինքն իրան։

753 Ասաց. «Աստված ի՞նչ տար ուրիշ՝ իմ մեղքերին իրոք արժան
Ես խաբվեցի, խավարեցի, ումից հուսամ լույս փրկության։
Ով զեկուցի տիրոջն իրա՝ հանդուգ-հանդուգ բառեր ասի,
Նա էլ իմ օ՛րն է ընկնելու՝ որքան իրեն հանգիստ կարծի»։

754 Եվ վեզիրը քայլում էր իր սև բախտի հետ ամոթահար.
Ավթանդիլին դիմեց ասաց՝ ինքը տխուր, դեմքով մռայլ.
«Ձեզ ի՞նչ շնորհ արդ զեկուցեմ, ընտի՛ր դարձա ինչպես ձեզնով,
Ա՛խ, գլուխը իմ պատվավոր զուր կորցրի գործած մեղքով»։

755 Քծնում էր նա, կաշառքն ուզում, բայց արտասվել չէր ընդհատում,
Զարմանում եմ՝ ինչպես էր նա ճամարտակում, դեռ կատակում,—
Խոստացածը ով չի տալիս՝ կառավարչին կանի դժկամ.
Ասված բան է՝ «Կաշառքն իրոք կհեշտացնի դժոխքն անգամ»։

756 «Թե ինչ արեց, հրամայեց — անկարող եմ ես քեզ պատմել,—
Ինչ վատություն, ինչ չարություն, թե՝ խելա՛ռ ես, տխմարացե՛լ,
էլ անպե՛տք եմ իբրև ես մարդ, գլխին իմ է՛լ խելք չմնաց,
Զարմանում եմ, զի՞ չսպանեց, թե՞ համբերել տվեց աստված։

757 Ես գիտեի արածը իմ, գործում էի գիտակցաբար.
Վիշտս մեծ է, որովհետև ես գիտեի—կբարկանար,
Բայց աստծու բարկությունից մարդ չի կարող իրան շեղի.
Մահդ բերկրա՛նք է ինձ համար, նեղությունս չէր անտեղի»։

758 Կտրիճն ասաց, «Ո՛չ, չի՛ կարող ոչ մի միջոց ինձ արգելել,—
Երբ որ վարդը թառամում է, էլ չի՛ ուզում սոխակն ապրել.
Պիտի ման գա վարդի համար, որ գեթ մի կաթ նա ցող ճարի,
Թե անկարող եղավ ճարել՝ առանց յարի ինչպե՞ս ապրի։

759 Առանց նրան նստել, պառկել—ոչ մի հանգիստ չեմ ունենա,
Լավ է գնալ ու թափառել, գազաններին ընկեր դառնալ.
Այս վիճակիս՝ ի՞նչ ափսոսամ, կհաշտվի գազանն անգամ.
Լավ է չապրի մարդս իսկի, քան թե ապրի անբավական։

760 Կրկնում եմ նոր ու նորեն՝ արքան որքան էլ բարկանա,
Թե ինչպես է սիրտս վառվում՝ գուցե խորհի ու իմանա,
Թե չարձակի—ես կփախչեմ, հույսս ինքս հենց որ կտրեմ
Թող իմ բաժին աշխարհն ինձ հետ ոչնչանա՝ եթե մեռնեմ»։

761 Զրույց արին, ապա վեզիրն իրեն պատշան մի ճաշ սարքեց,
Հյուրընկալեց ու գեղ նվեր գեղավորին նա նվիրեց,
Իսկ կտրիճը բաշխեց նվեր՝ ջահել-ծերին՝ ամեն մեկին։
Բաժանվեցին։ Կտրիճն ելավ ու տուն հասավ արևմտին։

762 Դեմքով՝ արև, նոճի-իրան — կապեց հարյուր հազար ոսկի.
Երեք հարյուր նուրբ բանվածքներ՝ բոլորն ատլաս ու դիպակի,
Եվ վաթսու՛ն հատ լալ ու հակինթ՝ բոլորն ընտիր և աննման.
Մա՛րդ ուղարկեց վեզիրի մոտ, այս ամենը նրան տարան։

763 Ապսպրեց. «Պարտքս շատ է, ամբողջն ինչպե՞ս ես վճարեմ..
Ես քո պարտքը հատուցելու արդյոք փոխանն ի՞նչ հնարեմ.
Թե որ ապրեմ՝ քեզ կզոհվեմ, գլուխս քեզ կանեմ ծառա,—
Սիրուդ սիրով հատուցանեմ, պարտ չթողնեմ հոգուս վրա»։

764 Ինչպես անեմ անզուգական ու այն բարու գովեստը ես —
Մի մարդ էր նա և իր գործով՝ արժանավոր վայելչատես.
Այսպես է պետք օժանդակել, եթե կուզես օգնել մեկին,—
Երբ նեղության մեջ է մարդս — այնժա՛մ եղբայր ու մտերիմ:

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԶՐՈԻՅՑԸ ՇԵՐՄԱԴԻՆԻ ՀԵՏ

765 Եվ ասում է Շերմադինին արևերեսն՝ լույսով հորդի—
«Օրն է այսօր իմ հույսերի, ուրախության օ՛րն իմ սրտի,
Ու իմ հանդեպ քո օգնության և անձնազոհ քո լինելու»
Թող ընթերցող-լսողն իրոք մարթի նրանց գովքն ասելու։

766 Ասաց. «Արքան ինձ չարձակեց, լսել անգամ նա չի ուզում.
Նա չգիտե թե ո՞վ, ինչպե՞ս, և կամ ինչո՞վ է շունչ քաշում.
Ես չեմ ուզում տանն ու դրսում ապրել առանց Տարիելի.
Ե՞րբ է եղել, որ անարդա՛ր գործը մի օր աստված ների։

767 Չեմ ուրացել թեպետ նրան՝ հաստատ է այս ու անկասկած.
Լաց է լինում և հառաչում՝ սիրտս նրան դեռ չտեսած,
Բերկրանքներից խուսափելով՝ մռայլվում է, ախ է քաշում,
Ամեն ստոր ու դավաճան՝ աստված ատում՝ նոր են խաբում։

768 Երեք ձև կա բարեկամին բարի կամքը մեր ցույց տալու.
Նախ՝ իրարու մոտիկ լինել, չհանդուրժել մնալ հեռու,
Չխնայել, ապա ոչինչ, նվեր տալուց չձանձրանալ,
Երրորդ՝ ազդել, օգնել իրար, տափերն ընկնել իրար համար։

769 Խոսքս իզուր ի՞նչ երկարեմ, կարճելու է արդ ժամանակ.
Փախչելն է լոկ այժմ դարման սրտիս համար վշտահամակ,
Ինչ խնդրում եմ՝ լա՛վ ականջ դիր, քանի որ դեռ ինձ մոտ ես դու
Եվ խոստացիր, որ իմ պատվե՛րն անխա՜խտ ես դու կատարելու։

770 Արդ՝ ծառայել թագավորաց՝ իսկույն սրան դու պատրաստվիր,
Եղիր բարի ու կատարյալ՝ գործո՛վ ամբողջ արտահայտիր.
Տունն իմ պահիր ու պահպանիր, իշխանացիր ու իմ զորաց,
Ծառայեցիր ցայսօր ինչպես՝ կրկին դարձիր դու անձնուրաց։

771 Պահիր սահմանն իմ թշնամուց, ուժդ զորեղ, հաստատ պահի,
Մի խնայիր հավատարմին, դավաճանին՝ տուր դու մահի։
Երբ որ դառնամ, ես պարտքը քո՝ կհատուցեմ լավը-լավին,
Տիրոջ համար գործելը զուր չի՛ կորչելու ամենևին»։

772 Լսեց, աչքից Շերմադինի արցունքը ջերմ հոսեց ի վար,
Ասաց. «Երբեք մենությունից ես չեմ եղել սարսափահար,
Բայց առանց քեզ սրտիս պիտի խավար պատի, ինչպե՞ս անեմ,
Տար ինձ քեզ հետ, ես քեզ կօգնեմ, երբ հարկ լինի՝ կծառայեմ։

773 Ո՞վ է լսել մենակ գնալ այսքան երկար պանդխտության.
Ո՞վ է լսել տիրոջ ցավին չմասնակցի տիրոջ ծառան.
Քեզ՝ կորածիդ հեռվի՞ց հիշեմ, դառնամ մեկը անպիտանի՞»:
Կտրիճն ասաց. «Ինչքան կուզես արցունք թափիր, քեզ չեմ տանի։

774 Կարծում ես դու՝ չեմ հավատում, որ ինձ սիրում ես սրտալի,
Բայց գործն ուրիշ ընթացք ունի, հանգամանքը չի թույլ տալիս.
Ես իմ տունը ո՞ւմ հավատամ, ո՞վ է հարմար ուրիշ քեզ պես,
Հանգստացիր և հավատա, որ չե՛մ կարող, չե՛մ տանի քեզ։

775 Սիրահարված եմ ես եթե, պետք է մենակ տափեր չափեմ,
Ոչ թե մեկին ընկեր արած՝ արյունաներկ արցունք թափեմ.
Փախչել՝ բաժինն է սիրողի, ինչո՞ւ նստի տանը հանց ծեր.
Կյա՛նքն է այդպես, հավատա ինձ, ու դրանով՝ ինքդ գոհ լեր։

776 Երբ հեռանամ, ինձ միշտ հիշիր, շարունակիր սիրել միշտ ինձ.
Ես ինձ ի՛նքս կծառայեմ ու չեմ սարսի ոսոխներից.
Արին պետք է սրտոտ լինի, նա նեղության պետք չէ զիջի,
Ատում եմ, երբ ամոթալի գործից մարդը չի ամաչի։

777 Այն մարդն եմ ես, որ չի քաղում պառավ վարունգ այս աշխարհում,
Բարեկամի համար մեռնել՝ ինձ համար խա՛ղ, ե՛րգ է թվում,
Իմ արեգակն ինձ արձակեց, ինչո՞ւ պետք է ես կանգ առնեմ.
Եթե նրա՛ն թողնում եմ ես, ի՞նչ է տունը, որ չթողնեմ։

778 Արդ քեզ կտամ կտակը իմ, գրած արքա Ռոստևանին.
Ապավինել քեզ՝ սանիկիս, որ պահպանի նա քեզ հարկին։
Թե ես մեռնեմ՝ չկործանվես, սատանայի գործ մի անիր.
Բայց արտասվիր դու ինձ համար, արտասո՛ւքդ հանց միլ թափիր։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԿՏԱԿԸ ՌՈՍՏԵՎԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ՓԱԽՉԵԼՈԻ ՊԱՀԻՆ

779 Ու նա նստեց՝ կտակ գրի, խոսքեր հուզիչ ու խղճալու,
«Ո՛վ թագավոր, փախչում եմ ես՝ փնտրելուին իմ փնտրելու.
Պարտավոր եմ գտնել նրան, որն իմ սրտում կրակ վառեց.
Ներիր և տուր ինձ ուղեկից քո օրհնությո՛ւնն աստծու պես։

780 Գիտեմ,— վերջում վարմունքը իմ չես պարսավի, չես զայրանա —
Խելոք մարդը սիրեցյալին, բարեկամին չի մոռանա։
Կհանդգնեմ քեզ հիշեցնել խոսք ու խրատ Պլատոնի.
«Երկդիմությո՛ւն, կեղծի՛քն իրոք վնասում է հոգու, մարմնի»։

781 Որովհետև սուտն է հիմքը դժբախտության ու փորձանքի,
Ինչպե՞ս մերժեմ բարեկամիս, որ եղբորից էլ է հարգի,
Էլ ինչ օգուտ որ իմաստուն գիտունները մեզ ասացին.
Նրա համար ենք ուսանում, որ միանանք դասք-դասոցին։

782 Կարդացե՞լ ես, սիրո մասին առաքյալներն ինչ են ասում—
Օգտակար է լավ գիտենալ ինչպես սերը բարձր են դասում—
«Բարձրացնում է սերը մարդուն» — կոչնակում են նրանք միձայն.
Թե դու ժխտես՝ անգետ մարդիկ ինչպե՞ս լինեն ինձ համաձայն։

783 Ով ինձ երկնեց՝ նա ուժ տվեց և՛ թշնամուն կործանելու.
Նա, ով զո՛ր է աներևույթ՝ հողեղենին նպաստելու,
Սահմաննե՛րը ով սահմանեց, աստված անմահ աստվածաբար,
Մի ակնթարթ և նա կանի՝ հազարը՝ մեկ, մեկը հազար։

784 Ինչ բան աստված չի կամենա՝ չկա նրան էլ կատարում,
Մանուշակը արևազուրկ թոշնում է ու վա՛րդը խամրում.
Այն բոլորն ինչ գեղեցիկ է, դուր է գալիս լոկ ա՛յն է աչքին —
Ինչպե՞ս մնամ ես կենդանի, թե չտեսնեմ Տարիելին

785 Կվրդովեք, բայց ներեցեք, որ կամքը ձեր ես զանց արի,
Գերի էի, ուժ չունեի՝ ես թողնելու գործը թերի,
Թե չգնամ՝ կբորբոքվի հնոց սրտիս կրակն ուժգին,
Ուր որ լինեմ՝ ինչ հոգ, միայն՝ լինեմ ազատ ես իմ կամքին։

786 Ինչ կա օգուտ քեզ սգալուց, զուր է նույնպես արցունք թափել
Կկատարվի վճի՛ռն երկնի, ու անզոր է մարդ խուսափել.
Քաջը պետք է տոկուն տանի ամեն մի ցավ ու նեղություն —
Ճակատագրի կամքից փախչել՝ հողեղենին չի՛ վիճակվում։

787 Ինչ որ աստված է որոշել՝ ինչ իմ գլխին գա, անցկենա,
Թող կատարվի՝ վերադառնամ, որ իմ սրտում հոգ չմնա.
Ու ձեզ տեսնեմ ուրախացած, փառք ու պատվով, հարուստ ու վես.
Օգնեմ նրան՝ բավ է այդ ինձ՝ իբրև փառք ու պարգև մի մեծ։

788 Ինձ սպանեք, արքա, թե ոք իմ վճռումին հակաճառի,
Արքա, մի՞թե հեռանա՛լն իմ պիտի ձեզ շատ վիշտ պատճառի.
Ես չեմ կարող խոսքս դրժել, ես խղճի դեմ գործ չեմ անի —
Երբ հանդերձյալ կյանքում լինենք, նա՝ պիտի ինձ հանդիմանի։

789 Չմոռանալ բարեկամին՝ երբեք այդ մեզ չի վնասում,
Դավաճանին, անամոթին, ստախոսի'ն եմ անարգում։
Ես չեմ ստի և չեմ կեղծի արքայիս դեմ արևափայլ,
Օգնության ուշ հասնե'լն է վատ մեծահոգի քաջի համար։

790 Վատ է որքան, խիզախը երթ բուն կռվի մեջ ետ է նայում,
Որ երկմտում ու վախենում, մահվան մասին է մտածում։
Վախկոտ մարդը ինչո՞վ է լավ թելեր մտնող մի կնոջից
Վաստակելը ազնիվ անուն—վեր է ամեն վաստակածից։

791 Ոչ նեղ և ոչ ժայռոտ ուղին մահարշավին չեն խանգարի,
Դաժան մահվան են ենթակա ամեն վախկոտ ու քաջարի,
Հյուրընկալը հողդն է վերջում՝ թե ծերունու, թե ջահելի,
Անփառունակ կյանքից սակայն՝ փառքով մեռնելն է ցանկալի։

792 Վախենում եմ, ով թագավոր, համարձակ եմ որ ես խոսում,
Սխալվում է, ով ամեն պահ մահվան գալուն չի սպասում։
Պիտի գա նա, ձուլում է ով՝ ցերեկները գիշերներին,
Թե չդարձա ես կենդանի՝ կյա՛նք ունեցիր հավիտենի։

793 Երբ որ թախտը ինձ խորտակի, այդ խորտակի՛չն ամեն կյանքի,
Պանդուխտի պես մեռնեմ կարոտ՝ ծնողների հեծեծանքի,
Եվ ոչ ընկեր, ոչ մտերիմ չարժանացնեն ինձ պատանքի—
Թող այդ ժամին ինձ չթողնի քո սիրտն առանց կարեկցանքի։

794 Ունեմ անբավ և անհաշիվ, անկշռելի հարստություն,
Տուր իմ գանձը աղքատներին, իմ ճորտերին՝ ազատության,
Լիացրու դու ամենքին՝ և՛ որբ, և՛ հագ չքավորին,
Որ ինձ հիշեն, բարի հիշեն, օրհնեն և ինձ՝ անցավորին։

795 Ինչ իմ գանձից արժանի չէ քո գանձերի հետ կցելու.—
Որբանոցած տուր դու որը, որը՝ կամուրջ կառուցելու։
Մի՛ խնայիր ունեցածս գործածել իմ հիշատակին,
Քեզնից բացի ոչ ոք չունեմ, որ ջուր լցնի իմ կրակին։

796 Այսուհետև դուք ինձանից չեք ստանա լուր իմ մասին,
Հոգիս ձեզ եմ հանձնարարում, իսկ գիրս ձեզ անկեղծ կասի,
Նա չի ստի, չի հետևի սատանայի պատիր կանչին.
Թողություն տուր և աղոթիր, մեռնողն ուրիշ ի՞նչ պահանջի։

797 Եվ խնդրում եմ, որ դու, արքա՛, ծառաս ընտիր Շերմադինին,—
Որին ընկան այս տարի մեծ նեղություննե՛ր, ծանր բաժին,—
Մխիթարես քո գթությամբ, ողորմությամբ իմ փոխարեն,
Որ աչքերից նրա հեծող արյուն-արցունք չվարարեն։

798 Ավարտում եմ կտակս ահա իմ սեփական ձեռքով գրած,
Եվ հեռանում, խնամակալ, գնում սրտով խելագարված։
Արքաներս թող չտրտմեն, թող չհագնեն նրանք խավար.
Սարսափ ազդեն ոսոխներին, արքա մնան երջանկաբար»։

799 Երբ ավարտեց գրելը նա՝ կտա՛կն հանձնեց Շերմադինին,
Ասաց. «Վարոք իմասնաբար հանձնիր դու այս թագավորին,
Եվ քեզ ոք չի գերազանցի՝ ինձ օգնելու ոչ մի գործով» —
Գրկեց նրան և հեկեկաց արյունագույն արտասուքով։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԱՂՈԹՔԸ

800 Աղոթում էր և շշնջում. «Ո՛վ արարիչ երկնի, երկրի,
Պատիժներ ես մերթ ինձ տալիս, մերթ էլ՝ շնորհ արեգակի,
Ո՛վ անիմաց, անասելի, ո՞վ գերիմաստ տեր տերերի,
Իմ տենչերին ուժ տուր հաղթել, իշխո՞ղ սրտի, ձգտումների։

801 Աղերսում եմ աստվա՛ծ, աստվա՛ծ, իշխո՛ղդ ողջ տիեզերքի,
Դու որ սերը և նրա ո՛ղջ օրենքներն ես կոչել կյանքի,–
Հեռու վանեց բախտս, ա՜խ, ինձ արեգակից իմ աննման,
Նրա ցանած սերն իմ սրտից դու մի՛ անի արմատահան։

802 Տեր ողորմած, բացի քեզնից չունեմ ոչ ոք, դու ես միակ,
Այս իմ երկար ճանապարհին, տեր իմ, եղիր ինձ օժանդակ.
Որ ես հաղթեմ իմ թշնամուն, ծովին հուզված, ոգուն չարի,
Ապա անձն իմ քեզ զոհ բերեմ, թե չմեռնեմ ճանապարհին»։

803 Երբ աղոթեց՝ հեծավ իր ձին ու դռներից ծածուկ ելավ,
Շերմաղինին ետ ուղարկեց, խեղճը արյուն-արցունք դառավ։
Ծառան իրեն կուրծքն էր ծեծում և հեծեծում էր խղճալի —
Երբ չի տեսնում տիրոջը իր՝ ծառան ինչպե՞ս ուրախ լինի։

ՌՈՍՏԵՎԱՆ ԱՐՔԱՆ ՏԵՂԵԿԱՆՈՒՄ է ԱՎԹԱՆԴԻԼԻ ՓԱԽՈՒՍՏԻՆ

804 Այլ պատմություն հիմա անեմ, մեկնած քաջին հիմա դառնամ։
Մարդ չընդունեց իր պալատում, զայրացած էր այդ օր արքան,
Երբ լուսացավ՝ զարթնեց մռայլ, կարծես բերնից բոց էր թափում,
Հրամայեց՝ վեզիրն աստ գա, բերին՝ վախից՝ գունատ-տրտում։

805 Երբ որ տեսավ վեզիրն ինչպես վախվխելով պալատ մտավ,
Ռոստանն ասաց. «Երեկ ինչ որ բան ասացիր, չեմ հիշում լավ.
Հուզեցիր ինձ, վրդովեցիր, զսպել երկար չէի կարող,
Այնքան, որ քեզ անպատվեցի, քեզ՝ վեզիրին, սիրտս միտող։

806 Պատմիր նորից, ինչ ուզեցիր, վատ վարվեցի ինչո՞ւ այնքան,
Գիտունները հիշտ են ասել. «Վշտացնե՛լն է վշտի ուռկան»,
էլ դու չանես այդպիսի բան՝ գործը պիտի նախ քննեիր,—
Այժմ ասա, ի՞նչ բան է այդ, երկրորդ անգամ խոսքդ կրկնիր»։

807 Եվ վեզիրը կրկին պատմեց զեկուցել էր ինչ նա երեկ,
Արքան լսեց, ասաց նրան, որ թույլ չի տա այդ բա՛նն երբեք.
«Թեպետ և դու խելագար չես, սակայն հրեա Ղևին եմ ես,
էլ չլսեմ գնալու խոսք, թե չէ՝ դու ինձ կկորցնես»։

808 Վեզիրն ելավ, Ավթանդիլին փնտրեց թեև՝ բայց չգտավ,
Միայն լացող ծառաներից լսեց, որ նա արդեն փախավ,
Ասաց. «Պալատ չեմ մտնի ես, օրերն անցած լավ եմ հիշում,
Ով սրտոտ է, նա սիրտ անի, անցածն է՛լ եմ արդեն զղջում»։

809 Երբ վեզիրը չեկավ պալատ՝ արքան ուրիշ մարդ ուղարկեց.
Սարդն իմացավ, բայց սիրտ չարեց զեկուցելու, դրսում կանգնեց,
Ռոստանի մեջ կասկած ծագեց և կռանեց միայն վերջում,
Ասաց. «Անշուշտ փախել է նա, հարյուրոց է ով վնասում»։

810 Գլուխը հակ նիշում էր նա, սրտի խորքում խիստ վշտացած,
Խոր հառաչեց, վերև նայեց և ծառային այսպես ասաց.
«Գնա, ասա անամոթին՝ թող գա պատմի նա ինձ մեկ-մեկ»։
Եվ վեզիրը վերադարձավ՝ սաստիկ գունատ ու ահաբեկ։

811 Վեզիրն եկավ նորից պալատ՝ տխուր էր նա, մութն երեսին,
Արքան ասաց. «Գնա՞ց արևն, այն անհաստա՛տն ինչպես լուսին»։
Ու նա պատմեց ամեն-ամեն, փախուստը լուռ ու ծածկաբար —
«Արևն էլ չի՛ մեզ արևում, օրը՝ աղոտ է ու խավար»։

812 Թագավորը երբ այս լսեց, բացականչեց նա սաստկապես,
Հեծեծում էր, ասում «Իմ սան, էլ չեն տեսնի աչքերն իմ քեզ,—
Դեմքն էր ճանկռում, պոկում մորուք, տեսնողներին իր զարմացնում,
Ո՞ւր գնացիր, ո՞ւր չքացար, լույսի շողերն ո՞ւր ես կորսամ։

813 Քանի վրադ գլուխ ունես՝ դու չես լինի պանղուխտ-֊աղքատ,
Սակայն ես ի՞նչ անեմ, իմ սա՛ն, իմ տունն ամբողջ արիր դժբախտ.
Ինձ խեղճ արիր, վայր գցեցիր, ախր սրտիդ ի՞նչ ես ասում,
Թե ինչքան եմ տառապելու՝ քեզ չի պատմի ոչ մի ասուն։

814 Քեզ ե՞րբ պիտի տեսնեմ կրկին՝ ետ դառնալիս որսից ուրախ,
Էլ չե՞մ տեսնի հասակդ նուրբ, գոհա՛ր, արած գնդակախաղ,
Ե՞րբ կլսեմ ես ձայնը քո իմ ականջին ախորժալի,
Առանց քեզ ի՞նչ պիտի անեմ ես իմ գահն ու պալատը լի։

815 Գիտեմ՝ քաղցը քեզ չի հաղթի՝ քանի ոտքիդ դու ուժ ունես,
Քեզ կպահի աղեղը քո, նետերը քո կեր կտան քեզ.
Գուցե աստված իր գթությամբ վերջ տա մի օր քո նեղության,
Բայց թե մեռնեմ, ո՞վ ինձ վրա արցունք թափի, ասա, իմ սան»։

816 Շփոթն ընկավ և հավաքեց մարդկանց այնտեղ հոծ բազմություն.
Արքունիքում մեծամեծներն իրենց մորուքն էին փետում,
Եվ հեծեծում, ծեծում էին ու ձեռներով ծափում գլխին,
Ասում. «Խավար մեր սև օրին, զի արևն է հասել մուտին»։

817 Արքան նայեց ավագանուն, խոր հառաչեց ու լաց եղավ,
«Տեսեք—ասաց,— արևը մեր շողերը իր մեզնից առավ.
Ի՞նչ մեղք արինք, վշտացրինք, որ մեզ թողեց անգթորեն,
Այժմ նրա՛ն հլու զորքին ովքե՞ր պիտի աոաջնորդեն»։

818 Ամենքն էին ողբում, սգում, ապա սգից հանգստացան,
«Հարցեք՝ ունի՞ հետն ուղեկից, թե մենակ է»,— ասաց արքան։
Շերմադինը եկավ ծառա վախվխելով, ամաչելով,
Կտակ բերեց և լաց եղավ, ապրելը զուր համարելով։

819 Ու զեկուցեց. «Նրա գիրն է, գտա նրա ննջարանում,–
Ծառաները լալիս էին, մազն ու մորուքն էին փետում.
Փախել է նա ծածուկ, մենակ, չունի ընկեր և ուղեկից,
Ինձ սպանեք թե իսկ հիմա՝ արդար է, ե՛ս՝ խռով կյանքից»։

820 Եվ կտակը երբ կարդացին՝ լալիս էին երկար ժամեր։
Արքան ասաց. «Մի՛ հագցրու էլ իմ զորաց ուրախ շորեր.
Ամեն այրի, որբ ու տնանկ թող աղոթեն ի սեր նրան,
Աղոթքները գուցե նրանց՝ ապահովեն նրա ճամփան։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈԻՂԵՎՈՐՎԵԼԸ ՏԱՐԻԵԼԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼՈԻ

821 Լուսինը լավ լույս է տալիս, երբ արևից հեռու է նա,
Չի մոտենում, արեգակի՝ շողից կայրվի, թե մոտենա։
Բայց արևից զրկված վարդը գունատվում է և չորանում,
Մեր սիրածին թե չենք տեսնում, մեր հին վիշտը նոր է դառնում։

822 Այժմ անեմ պատմությունը այն կտրիճի ճամփորդության,
Գնում է նա, լալիս է ջերմ, արցունքները չունեն վախճան,
Ամեն րոպե ետ է նայում, իր արևին հոգով ձգտում,
Փնտրում աչքով, աչք չի կտրում, իսկ թե կտրում՝ ուշքը հատում։

823 Երբ ուշք կորցնելն էր մոտենում, էլ չէր կարող շարժել լեզուն,
Դիլաջ գետի հոսանքի պես արտասուքն էր առատ հոսում,
Մերթ դառնում էր, նայում նա ետ, տառապանքը տանում անլուր —
Չէր հասկանում՝ ուր է գնում, սլանում է նժույգն այդ ո՞ւր։

824 «Իմ սիրելի, քեզնից հեռու չեմ ունենա հանգիստ,— ասաց,—
Սիրտս դեպի քեզ է դառնում՝ ուշքս ամբողջ քեզ մոտ մնաց,
Լացող աչքս քեզ է փնտրում և ձգտում է նայել քեզ նա.—
Լավ է տրվի սերին սիրողն, ինչքան որ նա կարողանա։

825 Ես ի՞նչ անեմ՝ տեսնեմ մինչ քեզ, ինչպե՞ս լինեմ խինդի ես մեջ,
Թե գիտենամ դու չես տխրի՝ կյանքին իրոք կտամ իմ վերջ,
Սակայն գիտեմ կվշտանաս, երբ քեզ հասնի գուժն իմ մահվան,
Ուրեմն ես պիտի ապրեմ ու արտասուք թափեմ միայն»։

826 Ասում. «Արև, որիդ պատկեր ասին իբրև լույս գիշերի,
Մի էության՝ մի արարչի, անժամանակ, անհուն, անծնի,
Որիդ իրոք ակնթարթում՝ երկնայիններն հնազանդում,—
Մի՝ կործանիր բախտս մինչև՝ իմ ու նրա նոր հանդիպում։

827 Դո՛ւ, ում նախնի փիլիսոփայք անվանեցին աստծու պատկեր,
Օրհնի՛ր դու ինձ՝ գերի եմ ես, կապել են ինձ կուռ շղթաներ.
Բյուրեղ ու լալ որոնողս՝ կորցրել եմ մինա ու սաթ,
Մոտիկ էի և՝ անհամբեր, այժմ՝ հեռու տանջանքաշատ»։

828 Այսպես ողբում, այրվում էր նա, մեղրամոմի նման հալվում,
Ուշանալու երկյուղի տակ՝ շտապ առա՛ջ էր սլանում.
Գիշերն էր երբ վրա հասնում՝ հիանում էր նա աստղերով,
Իր սիրածին նմանեցնում՝ խնդում, նայում մերթ խոսելով։

829 Լուսնին ասում. «Երդում արա դու անունով քո աստծո,
Սիրողներին դու ես տալիս սիրահարի ցավը սիրո,
Եվ դու ունես դեղ դրա դեմ՝ համբերելու, դիմանալու,
Օգնիր նորեն՝ տեսնեմ նրան, ով քո հանգույն լույս է տալու»։

830 Գիշերն սփոփ, զորը՝ հեծող, նոր մայրամուտ էր սպասում,
Ջուր տեսնելիս՝ ձիուց իջնում, կոհակները դիտում բազում,
Խառնում էր նա ալիքներին իր աչքերի վտակն արյան,
Ապա նորից ձի էր հեծնում, շարունակում իր իսկ ճամփան։

831 Նոճու նման հասակ առած գնում էր նա մենակ, ողբում,
ժայռուտներում ու դաշտերում որս էր անում, այծյամ խփում,
Եվ խորովում, ուտում էր նա՝ սրտով արեգն այն լուսներես,
Ասում իրեն. «Վարդս թողի ու մնացի ողբով այսպես»։

832 Ես չեմ կարող մեկ-մեկ պատմել այն կտրիճի խոսքերը ձեզ,
Ի՛նչ էր խոսում, կամ ի՛նչ ողբում, սիրուն խոսքեր շարում ինչպես,
Ձյունը ինչպես ներկում ալով՝ ճանկռած վարդի արյամբ պուտ-պուտ,—
Տեսավ այրերն՝ ուրախացավ ու վեր ելավ՝ այրերն ի մուտ։

833 Լացով ելավ նրա դիմաց՝ Ասմաթը երբ տեսավ նրան,
Այնքան էր նա ուրախացել, որ մոռացավ ամեն մի բան։
Ավթանդիլը իջավ, գրկեց, համբուրում է, հետը խոսում—
Կուրախանա մարդ, իհարկե, գալուստին է երբ սպասում։

834 «Ո՞ւր է տերդ, ի՞նչ է անում»— Ավթանդիլը հարցեց նրան,
Եվ լաց եղավ Ասմաթն իսկույն, արցունք թափեց ծովի նման.
Ասաց. «Գնաց, երբ մեկնեցիր, չդիմացավ մնալ այրում,
Ու չգիտեմ հիմա ոչինչ, ոչ տեսել եմ, ոչ լուր առնում»։

835 Ավթանդիլը սաստիկ տխրեց, մի տեգ խրվեց սրտին կարծես,
Ասաց. «Քո՛ւյր իմ, ահա իրոք, չպե՛տք է մարդ լինի այդպես.
Ինչպե՞ս դրժեց երդումը իր, ես ճիշտ եղա, իսկ նա ստեց,
Թե չէր կարող՝ էլ ի՞նչ խոստում, թե խոստացավ՝ ինչո՞ւ խաբեց։

836 Ես անարժեք համարեցի ապրել կյանքում առանց նրան,
Բայց մոռացավ գնաց ինչո՞ւ, անկարող էր ինչո՞ւ այդքան.
Նա երկնքին տված երդումն ինչպե՞ս դրժել է հանդգնում։
Սակայն այդ իմ բախտի՛ց է չար, և իզուր եմ ես զարմանում»։

837 Ասմաթն ասաց. «Դու այդ բանից նեղացել ես իրավացի,
Բայց ճշմարիտն ինչպե՞ս ասեմ, որ չկարծես թե կեղծեցի.
Չէ՞ որ պիտի սիրտ ունենա՝ խոսք ու երդում կատարելու,
Իսկ նա՝ անսիրտ տենչում է լոկ՝ կյանքի օրերն իր կարճելու։

838 Թե սիրտ, թե միտք, գիտակցություն շաղկապված են իրար հետ սերտ,
Որ կողմ որ սի՛րտն է ընթանում, նրանք գնում են նրա հետ.
Անսիրտ մարդը՝ մարդ չէ արդեն, մարդկանց շարքից դուրս է ընկնում,
Դու չես տեսել և չգիտես, թե ի՞նչ հուր է նրան այրում։

839 Իրավ ես դու, գանգատը քո, դու՝ բաժանված եղբայրացուց,
Բայց քեզ եղածն ինչպե՞ս ասեմ, բանականիդ պատմեմ ես ո՞նց,
Կարկամում է լեզուս, խորշում, ցավակցել է սիրտս բաղձում,
Իբրև դժբախտ ծնված մի մարդ՝ ես այսպես եմ նրան հաշվում։

840 Իբրև հեքիաթ՝ դեռ չի լսվել, նման ուրիշ մեկ դատաստան,
Նա կշարժի ոչ միայն սիրտ, այլ կշարժի քարեր անգամ.
Դիջլադն ամբողջ գուցե լցվեր նրա թափած արցունքներով,
Ինչ էլ ասեք՝ արդար եք դուք, այլոց մարտին՝ ա՛յլն է խելոք։

841 Երբ մեկնում էր՝ հարցի նրան, հուրով խանձված այրվածին.
«Ավթանդիլը գա՝ ի՞նչ անի, և կամ քո՛ւյրը երդմնածին»։
Ասաց. «Փնտրի մոտակայքում, ինձ՝ խաբվածիս նրա համար,
Իմ խոստումը ես չեմ դրժի, չեմ հեռանա կողմեր օտար։

842 Ես երկնային ուխտ չեմ խախտի, ես չեմ լինի ուխտադրուժ,
Ու կսպասեմ մինչև պայման, լաց լինելու քանի կա ուժ.
Եթե մեռած գտնի նա ինձ՝ թաղի թող ինձ՝ սուգ ու կական,
Թե կենդանի՝ թող զարմանա, զի կյանքն ի՛նքն է պայմանական։

843 Եվ ինձ համար եղավ արդեն այդ օրվանից արևամուտ.
Այժմ՝ երբ ես ուզում եմ լալ՝ թրջում եմ ողջ դաշտեր ու խութ,
Տանջում է ինձ, խելագարիս, բազմապատիկ հառաչ ու լաց,
Մոռացել է մահը, ա՛խ, ինձ, տես բախտն ինձ հետ ինչ խաղ խաղաց։

844 Չինաստանում կա իրական՝ առած գրված քարի վրա.
«Ով չի փնտրում բարեկամին՝ նա թշնամի՛ն է ինքն իրա».
Քրքում է արդ՝ որի դիմաց ո՛չ մանիշակ, ո՛չ էլ վարդ կար,
Փնտրելու ես՝ գնա փնտրիր, արա՝ ինչ որ քեզ է հարմար»։

845 Կտրիճն ասաց. «Իրա՛վ ես դու, նախատեցի ես անարդար,
Բայց քեզ հայտնեմ թե ինչ արի—ես՝ այս գերիս՝ գերու համար.
Փախել եմ ես տանից այնպես՝ եղնիկն ինչպես — փնտրում է ջուր,
Նրան փնտրում, նրան հիշում, ման եմ գալիս ես ամենուր։

846 Ում լալի գույն մարգարիտին բյուրեղ-սադաֆ ելուզեցին —
Անմտերմիկ թողի նրան, չերջանկացա, չարի՝ կրկին,
Փախա թաքուն և աստուծո հավասարաց թողի դժգոհ,
Ի հատուցում շնորհների՝ վշտացրի նրանց հոգով։

847 Խնամատար տիրոջն իմ հետ, զորեղ աստծով ու գթառատ,—
Երկինք՝ ձյունող ողորմություն, սիրող՝ ինչպես հայր հարազատ,—
Դավաճանի պես վարվեցի, փախա ամեն ինչ մոռացած,
Ինձ՝ նրա դեմ մեղանչողիս՝ էլ ի՞նչ լավ բան կտա աստված։

848 Եվ նեղությունն իմ այս ամեն, քույր իմ, բախտով արի նրան,
Չխաբեցի, եկա ահա՝ գիշեր-ցերեկ բռնած ճամփան,
Իսկ նա, ում հու՛րն է ինձ այրում՝ գնացել է ով գիտե ուր.
Ահա նստել եմ անտեղի, արտասվաթոր, հոգնած, տխուր։

849 Քույր, ավելի երկար խոսել՝ ժամանակն ինձ թույլ չի տալիս,
Չեմ ափսոսում անցյալը ես — իմաստունի խոսքն է գալիս։
Ես կամ նրան պիտի գտնեմ, կամ վաղաժամ մահ որոնեմ,
Թե բախտը ինձ վճռել է այդ, ես աստծո դեմ ի՞նչ հանդգնեմ»։

850 Այլևս նա ոչինչ չասաց, արտասվելով ճամփա ելավ,
Իջավ այրից, գետակն անցավ, շամբուտից դեն դաշտը մտավ։
Դաշտում փչող ուժեղ քամին հարվածում էր լալե-վարդին.
«Ինչո՞ւ ղու ինձ վիշտն այս տվիր»—բողոքում էր նա իր բախտին։

851 Ասաց. «Աստված, ի՞նչ մեղք արի, տերդ դիտող ամեն է-ի,
Ինչո՞ւ արիր այս վիճակին, թողիր առանց բարեկամի,
Մենակ՝ երկու մարդ հիշելով, կանգնած ծանր գործի միջին,—
Մեռնեմ, ես ինձ չեմ ափսոսա, արյունը իմ՝ իմ իսկ վզին։

852 Բարեկամս վարդի փնջով խփեց սրտիս, վիրավորեց,
Խոստումս ես կատարեցի, կատարելուց նա ետ կանգնեց.
Թե բաժանես ինձ նրանից—կմարի իմ խինդը, ով կյանք,
Ուրիշ ընկերն, ա՛խ, իմ աչքին ծաղր է կարծես ու անարգանք»։

853 Շարունակեց. «Զարմանում եմ՝ խելոք մարդու վշտի վրա,
Ի՞նչ օգուտ կա վշտանալուց, կամ արցունքի առվից նրա,
Պիտի խորհել, ընտրել, գտնել ուրիշ միջոց գործի համար,
Փնտրեմ արևն եղեգնակազմ՝ ավելի է այդ ինձ հարմար»։

854 Ու փնտրելու կտրիճն ելավ՝ լացով, աչքին՝ արցունք հեղուն,
Եվ որոնում, կանչում էր նա, գոռում՝ գիշեր-ցերեկ արթուն,
Երեք օր նա ման էր գալիս, շամբուտ ու ձոր, դաշտ ու անտառ,
Բայց չգտավ, գնաց տրտում, նրա մասին լուր իսկ չկար։

855 Եվ ասում էր. «Աստված, քո դեմ ի՞նչ մեղք արի, ի՞նչ արի քեզ,
Ինչո՞ւ տվիր այս բախտը ինձ, ինչո՞ւ տվիր պատիժ այսպես.
Ով դատավոր, գթա դու ինձ, լսիր դու իմ պաղատանքին,
Փոխի՛ր իմ վիշտն ուրախության՝ վերջ տուր, աստվա՛ծ, դու իմ կյանքին»։

ԱՎԹԱՆԴԻԼԸ ԳՏՆՈՒՄ է ՏԱՐԻԵԼԻՆ

856 Այս խոսքերով, լաց լինելով, գնում էր նա տխուր, գունատ,
Ինչ-որ լեռան գագաթ ելավ, տեսավ հովիտ ստվերառատ.
Շամբուտի մեջ տեսավ սևին՝ կանգնած էր նա սանձն արձակած,
Եվ մտածեց. «Տարիել'ն է, նա է իրոք, չկա կասկած»։

857 Տեսնելուն պես սիրտը նրա թրթիռ առավ, դարձավ պայծառ,
Վշտահարի խինդը դարձավ՝ ոչ թե տասը, դարձավ հազար,
Վարդն ավելի պայծառացավ, փայլեց գույնը բյուրեղ-սաթի.
Փոթորկի պես նա ցած վազեց, չհամբերեց, որ լավ դիտի։

858 Ու երբ տեսավ Տարիելին՝ նա անսահման տխրեց հանկարծ.
Տխուր դեմքով ու մերձիմահ Տարիե'լն էր այնտեղ ընկած.
Եվ օձիքը պատառոտած, մազերն ամբողջ փետել-փռել,
էլ չէր զգում նա ոչ մի բան, ոտքը կյանքից դենն էր դրել։

859 Իր մի կողքին՝ ընկած առյուծ, և թուրն ընկած արյունոտած,
Մյուս կողքին վագր անշունչ, սատկած, գետնին էր տապալված.
Ավթանդիլը նայեց, աչքից՝ արտասուքն էր առատ հոսում,
Հրդեհվում էր սիրտը նրա ու բորբոքվում նրա ներսում։

860 Ու սարսում էր աչք իսկ բանալ, գիտակցություն չկար վրան,
Տառապանքից արդեն հեռու, մոտեցել էր մահվան դռան.
Ավթանդիլը բարձր կանչում, ձայն էր տալիս, որ ուշքի գա,
Նա չէր լսում՝ վազեց մոտիկ՝ եղբայրություն նրան ցույց տա։

861 Եվ իր ձեռքով արցունք քամում, աչքը սրբում թևակալով,
Ու կանչում էր՝ նստած մոտիկ, հատ-հատ նրա անուն տալով,
«Չե՞ս ճանաչում,— ասում էր նա,— Ավթանդիլն եմ՝ ես խենթ դառած»,
Բայց նա շշմել ու չէր լսում՝ աչքերը մի կետի հառած։

862 Այսպես եղավ բոլորն ահա, ինչպես հիմա պատմեցի ես.
Քամեց արցո՛ւնքն երբ աչքերի,— փոքր ինչ նրան ուշքի բերեց.
Նա ճանաչեց և համբուրեց, եղբոր նման գրկեց նրան,
Աստված վկա հենց կենարար — մարդ չի ծնվել նրանց նման։

863 Ասաց. «Եղբայր, քեզ չեմ խաբել, արի՝ ինչ որ քեզ խոստացա,
Տեսա նորից, բերանս հոգի, իմ խոստումին հաստատ կեցա,
Այժմ թող ինձ՝ մինչև ի մահ՝ լաց լինեմ ու տամ իմ գլխին,
Բայց թաղել եմ քեզնից խնդրում՝ կեր չդառնամ գազաններին»։

864 Կտրիճն ասաց. «Ի՞նչ ես խոսում, կամ ինչո՞ւ ես չարիք գործում,
Ո՞վ չի եղել սիրահարված, ո՞վ չի այրվել սիրո բոցում,
Ո՞վ է մարդկանց ամբողջ ցեղից այդպիսի բան արել քեզ պես,
Ի՞նչ ես տարվել սատանայով և սպանում կամոք դու քեզ։

865 Թե գիտուն ես՝ գիտունները միաբերան այս են ասել—
«Արին պիտի լինի արի, կարողանա լացը զսպել,
Վշտերի դեմ ամուր մնա, լինի քար ու կրի նման.
Մարդը վշտին տրվում է լոկ գիտակցությամբ իր սեփական։

866 Գիտուն ես դու, բայց գիտունի խոսքով վարվել դու չգիտես,
Գազանների միջին, լացով, քո իղձն ինչպե՞ս կկատարես,
Ու մեռնում ես դու ում ի սեր, թե կյանքն ատես՛ չես գտնելու,
Գլուխդ առողջ ինչո՞ւ կապում կամ վերքում ես վերքդ ինչո՞ւ։

867" Ո՞վ չի եղել սիրահարված, ո՞վ չի այրվել սիրո հնոցում,
Ո՞վ չի կրել նեղություններ, ո՞վ ում համար ուշք չի կորցնում,
Ինչո՞ւ ես դու հոգիդ մաշում, ի՞նչ պատահեց անբնական,
Ու չգիտե՞ս, որ առանց փուշ՝ վարդ չի քաղել ոչ մեկն անգամ։

868 Վարդին ասին. «Այդքան չքնաղ կազմ ու դեմքով քեզ ո՞վ կերտեց,
Ինչո՞ւ ես դու փշոտ սակայն, ինչո՞ւ ցավով ճարեն միշտ քեզ».
Ասաց. «Քաղցրին դառնով հասիր, լավն այն է, ինչ գտնես դժվար.
Սիրունը թե էժան դարձավ՝ չիրի՛ անգամ արժեք մի տար»։

869 Եթե վարդն է այսպես ասում, բույսն այդ անշունչ, փոքրահասակ,
Ո՞վ կհնձի ուրախություն՝ առանց ցավի ու անվաստակ.
Ո՞վ ստացավ առանց փորձանք՝ ինչ որ լավ է և կարևոր,
Տրտնջում ես բախտից ինչո՞ւ, ի՞նչ բան արավ նա անսովոր։

870 Լսիր դու ինձ, գնանք ինձ հետ, հանգիստ կամոք հեծիր քո ձին,
Մի հետևիր դու քո գլխի թե՜ մտքերին, թե՜ խորհուրդին,
Արա, ինչ դու չես ցանկանում, մի հետևիր քո ցանկության.—
Լավ չլիներ, չէի ասի, ես չեմ սիրում կեղծավոր բան»։

871 Ասաց. «Եղբայր, քեզ ի՞նչ ասեմ, չի շարժվում լեզուս անգամ,
Խելահարս չունեմ կարի՝ թե խոսքե՜րը քո հասկանամ.
Հեշտ ես կարծում, ա՜խ, դու ինչո՞ւ, հե՝շտ դիմանալն իմ տանջանքին,
Մոտ է ժամը իմ բերկրանքի՝ հասել եմ ես մահվան շեմքին։

872 Աղոթում եմ մահկանացուս և ոչ երբեք լեզվով խնդրում,—
Սիրողներս այստեղ զատված՝ որ հանդիպենք հանդերձյալում,
Կրկին գտնենք, տեսնենք իրար, ուրախանանք սակավ կրկին,
Իսկ բարեկամք՝ եկեք թաղեք ու հող թափեք դուք իմ շիրմին։

873 Սիրողն ինչպե՞ս իր սիրածին չհանդիպի և ուրանա —
Ես նրա մոտ կերթամ ուրախ, ապա ուրախ ինձ մոտ գա նա,
Դիմավորեմ, դիմավորի, լա ինձ համար, և ես՝ նրա.
Հարյուր մարդուց խորհուրդ դու առ, սակայն սրտիդ ուզածն արա։

874 Բայց իմացիր դու վճռական, ասում եմ քեզ ճշմարիտ բան —
Թող ինձ, քիչ եմ ես ապրելու, մահս արդեն մոտ է այնքան,
Մեռնեմ, ասա, ի՞նչ պիտ անես, թե որ ապրեմ՝ օգնես ինչո՞վ,
Լուծվել են իմ տարրերն ամեն, հոգիների շարքն եմ՝ կարգով։

875 Թե ի՞նչ ասիր, կամ ի՞նչ կասես, ես չեմ լս՛ում, ժամ չմնաց.
Վայրկյանական մի կյանք ունիմ, մահը խենթիս կանգնել դիմաց,
Ունայն դարձավ կյանքս հիմա՝ էլ առավել քան երբևէ,
Ես էլ կերթամ՝ ուր հոսեցին արցունքները իմ հեղեղե։

876 Գիտո՛ւն... ասա՜, ո՞վ է գիտուն, ինչ գիտնություն խելագարից.
Խոսքդ գուցե տեգին լիներ, թե խելք լիներ վրաս նորից.
Արևազուրկ վարդ չի լինի, լինի անգամ՝ կթառամի,
Վշտացնո՜ւմ ես, թող ի՜նձ՝ չէ ժամ, ես ուժ չունեմ համբերումի»։

877 Եվ հորդորում էր Ավթանդիլն ամեն տեսակ խոսքով նրան,
Ասում. «Թե որ մեռնես իրոք ի՞նչ շահ կանես խոսքով չարբան.
Այդ մի՛ անի, լավ քան չէ այդ, դու մի դարձիր քո թշնամին» —
Տանել նրան, շարժել խոսքով, եղավ սակայն անհնարին։

878 Ապա ասաց. «Ահա քանզի լսել ոչինչ չես ցանկանում—
Լեզուս էլ քեզ չի՛ նեղացնի, մինչև հիմա զուր եմ ջանում,
Մահ ես տենչում՝ գնա, մեռիր, վարդ կթոշնի՝ թող որ թոշնի
Աղերսում եմ մի բան սակայն, արա»—արցունք խեղդեց դժնի։

879 «Վարդ-բյուրեղից, որին սնում, պահպանում են գորովանքով,
Ես հեռացա, թողի եկա, և ոչ դանդաղ, այլ շտապով.
Ինձ հայրական խորհուրդներով ետ չպահեց արքան անգամ,
Բայց չես ուզում ինձ միանալ, ես էլ ինչո՞վ ուրախանամ։

880 Ետ մի դարձնի ինձ սրտաբեկ, իղձը միակ իմ կատարի՛ր,
Ուզում եմ քեզ տեսնել հեծյալ, մի անգամ է՛լ քո ձին վարիր.
Գուցե այնժամ ես փարատեմ վիշտս հիմա տանջող այնպես,
Ապա կերթամ՝ քեզ կթողնեմ,— կկատարե՛մ կամքը քո ես»։

881 Աղաչում էր. «Հեծիր նորից», աղերսում էր պաղատագին,
Գիտեր՝ թե որ հեծնի նա ձի՝ վիշտը ցրիվ կտա քամին։
Ու դողդոջեց եղեգնիրան, աչքերը սև սաթի շարժեց —
Եվ հպատակ, հլու նրան՝ էլ ոչ տնքաց, ոչ հառաչեց։

882 Նա պարզ ասաց. «Լա՛վ, կհեծնեմ, գնա, մոտի՛կ բեր դու իմ ձին։
Բերեց, հանգի՛ստ նստեցրեց, չքաշքշեց նա փութագին,
Դեպի դաշտեր տարավ նրան և նուրբ իրանն առավ շարժում,
Ու քիչ անցան, զբոսնումից՝ քիչ-քիչ հայտեց նա ամոքում։

883 Եվ Ավթանդիլն հաճո պատմում պատմություններ ոգեկոչող,
Շուրթն էր շարժում ի սեր նրա, շուրթերը իր մարջան գունող։
Նրան լսող ծերուկն անգամ կաշխուժանար, կարիանար,
Թախիծն անցավ և համբերում՝ համբերումով նա դիմանար։

884 Երբ նկատեց՝ աշխուժացավ—թեթևացա՛վ վիշտը նրա,
Խինդ նկատվեց Ավթանդիլի վարդանման դեմքի վրա՝
Վիրաբույժի՛ այն գիտակցաց, ահն ու վա՛խը անգիտակցի,
Ու խելամիտ խոսքեր ասաց՝ հղացողն այն անմիտ գործի։

885 Եվ բռնված մի զրույցի՝ հարցում արեց որոշակի.
«Մի բան ասեմ՝ մի թաքցնիր, պատասխանիր ինձ ուղղակի.
Ապարանջանն այդ դու նրա, որի համար դու վիրավոր,
Ինչպե՞ս ես դու սիրում, ասա՛, գնահատում ինչպե՞ս աղվոր»։

886 Ասաց. «Ինչպես արդ պատկերեմ դեմքը ես այդ աննմանի,—
Իմ կյանքը ողջ նա է միայն, նա ինձ ախով անող քանի,
Գերազանց է նա աշխարհից, հողից, ջրից, ծառ ու ծաղկից
Չլսելու բանն մի լսել՝ թթու է նա անգամ ծմախից»։

887 Ավթանդիլը ասաց նրան. «Ես սպասո՛ւմ էի դրան
Այժմ քանզի դու ասացիր՝ կտամ անկեղծ ես պատասխան.
Այդ թևնոցը պահելու տեղ՝ լավ է պահես դու Ասմաթին,
Ես չեմ գովում ընտրածը քո — գերադասել ես դու վատին։

888 Կապել ես դու ապարանջան՝ ոսկե, սակայն՝ գործ ոսկերչի,
Եվ անհոգի, և անլեզու, առանց մտքի, փոքր ու չնչին,
Իսկ Ասմաթին էլ չես ուզում՝ դատում ես դու որքա՞ն առողջ.
Նախ՝ ողորմած, իր մտերմին, ապա և քո՝ հոգեքրոջ։

889 Սիրո գործում ձեզ օգնողին, որին դու քեզ քույր ես կոչել,
Նպաստողին ձեր մոտեցման, ով գովեստիդ արժանացել,
Հոգատարին քո սիրածի, նրա համար խելահարին
Լքել ես դու ու չես նայում, փա՜ռք քո արդար դատաստանին»։

890 Պատասխանեց. «Ինչ որ ասիր՝ իրավ ես դու ու շատ արդար,
Ասմաթն է մեղք՝ ինձ խնամող ու հիշեցնո՛ղն իմ անդադար
Ես մտադիր չէի ապրել, դու ինձ հասար — հուրս մարեց,
Զի մնացի՝ պարտ եմ, գնանք, տեսնենք, թեև՝ շշմած եմ ես»։

891 Հլու եղավ ու գնացին Ավթանդիլն ու ամիրբարը,
Ես՝ անկարող նրանց գովել, կամ ներբողել—չէ իմ կարը,
Ատամները՝ հանց մարգարիտ, շրթունքները՝ վարդի թերթեր,
Իսկ քաղցրախոս անուշ լեզուն՝ օձին բնից դուրս կհաներ։

892 Եվ Ավթանդիլն ասաց. «Հոգիս, սիրտս, խելքս զոհեմ ես քեզ,
Սակայն դու մի՛ լինիր այդպես, վերքդ բա՛վ է դու քրքրես.
Ուսումը քեզ օգուտ չի տա՝ թե չլսես գիտնոց խոսքին,
Չես գործածի՝ ի՞նչ շահ կանես պահած գանձից, թեկուզ անգին։

893 Վշտանալուց օգուտ չկա, վշտից քեզ ի՞նչ շահ կմնա,
Գիտե՞ս՝ առանց վերին խորհուրդ՝ մարդը երբեք չի մահանա.
Չի թառամում վա՛րդն երեք օր՝ արևի շող սպասելով,
Քեզ բախտ ու ջանք, հաջողություն՝ պիտի տրվի աստծո կամքով»։

894 Ասաց. «Տված խրատը քո ինձ համար ողջ աշխարհ արժե,
Ուսուցողին՝ խելոքն ի սեր, մինչ հիմարին՝ սիրտ կմերժե,
Բայց ի՞նչ անեմ, ինչպե՞ս տանեմ ես տանջանքներն իմ անսահման
Մի՞թե ինձ չես արդարացնի, քո վիշտն է՛լ է իմի նման։

895 Կրակին մո՛մն է ցեղակից, նրանով է մոմը վառվում,
Ջուրը մերձել՝ մի արասցե, ջուր թե դիպավ՝ իսկույն մարում.
Մի ցավ եթե քաշել է մարդ՝ ուրիշինն է՛լ է հասկանում,
Ինքդ միթե դու չգիտես, թե ինչպես է սիրտս հալվում»։

ՏԱՐԻԵԼԸ ՊԱՏՄՈՒՄ է ԱՌՅՈՒԾԻ ԵՎ ՎԱԳՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

896 «Ինչ պատահեց՝ ասեմ մեկ-մեկ ու ամենայն պատմեմ լեզվով,
Հետո դատի արդարացի դու իմաստուն քո այդ սրտով.
Սպասեցի ես քո գալուն, սպասումից քո ձանձրացա,
Սիրտս ուզեց շրջել ձիով, էլ այրի մեջ չդիմացա։

897 Եվ բարձրացա ես այն բլուր, շամբուտների միջով անցա,
Մի վագր ու մի առյուծ եկան, ի մի գա՛ լը նրանց տեսա,
Նման էին սիրահարաց՝ տեսքը նրանց ինձ խինդ բերեց,
Բայց ինչ արին նրանք իրար՝ ինձ զարմանք ու սարսափ պատեց։

898 Նախ խաղացին սիրով նրանք, ապա ուժգին իրար դիպան,
Մեկ-մյուսին զարկին թաթով, մահի հանդեպ անվախ եղան,
Բայց խույս տվեց վագրը կռվից,— էգ լինելն էր հարկադրում,
Մինչ առյուծը հասավ ուժգին ու ոչ մի կերպ չէր դադարում։

899 Նախատեցի ես առյուծին. «Դու խե՞լք ունես գլխիդ միջին.
Տանջո՛ւմ ես դու քո սիրելուն, ամո՛թ է քեզ նման քաջին»։
Հարձակվեցի ես թրամերկ ու խողեցի սրով տուրքի,
Զարկի գլխին, սպանեցի, ազատեցի հոգսից կյանքի։

900 Թուրս մի կողմ շպրտելով՝ վագրին ձեռքով ես բռնեցի,
Եվ համբուրել ես ցանկացա՝ փոխարեն իմ կարոտածի.
Նա մռնչաց ու ճանկոռտեց արյունախանձ ճիրաններով,
Չդիմացա՝ նրան նույնպես սատակեցի ես իմ ափով։

901 Ու որքան էլ ջանք թափեցի՝ չհանդարդեց վագրը սակայն,
Շպրտեցի և զայրացած՝ գետին զարկի տապալական,
Ու հիշեցի՝ ինչպես մի օր սիրածիս հետ դիպանք իրար,
Ախ տակավին շնչում եմ ես, մի՝ զարմացիր՝ կարող եմ լալ։

902 Ահա, եղբայր, քեզ պատմեցի՝ ինչ ցա՛վն է իմ, ինչով նեղված,
Ես պետք չէ որ շնչեմ անգամ, մինչ՝ արածիս դու զարմացած,
Բաժանվել եմ կյանքից արդեն, սակայն մահն էլ չի ընդունում».
Կտրիճը երը խոսքն ավարտեց՝ հառաչելով լաց էր լինում։

903 Ավթանդիլն էլ հետն էր լալիս, արցունք թափում նրա նման
Ասաց. «Տոկա, մի՛ մահացիր, մի կտրատիր սիրտդ ամենայն,
Վիշտը թեև քեզ չգթաց, սակայն աստված քեզ կգթա,
Թե ուզենար ձեզ անջատել, մտերմություն նախուստ չէր տա.

904 Փորձանք կտա սիրահարին, կանի կյանքը և դառնալից,
Բայց նեղության ով դիմացավ՝ վերջում նրան խի՛նդ է տալիս.
Սերը ցավի հետ է կապված, նա մեզ մահվան է մոտեցնում,
Անգետներին կրթում է նա, գիտուններին՝ խելքից գցում»։

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ՔԱՐԱՅՐ ԳՆԱԼՆ ՈԻ ԱՍՄԱԹԻՆ ՏԵՍՆԵԼԸ

905 Եվ գնացին նրանք լացով, դեպի այրերն առաջացան,
Ասմաթը երբ նրանց տեսավ՝ ուրախացավ նա անսահման.
Առաջ եկավ լացակումած, արցունքն՝ ակոս ապառաժին,
Համբուրվեցին ու լաց եղան, ապա նորից գիտակցեցին։

906 Ասմաթն ասաց. «Ով արարիչ, մարդու լեզվով անպատմելի,
Արեգակի շողերի պես, փռում ես գութ դու լի ու լի.
Գովե՛մ, բայց ի՛նչ, ինչպե՞ս գովեմ՝ անգովելին մարդու լեզվով,
Չթողեցիր, փա՛ռք քեզ, մեռնեմ՝ սրանց համար արտասվելով»։

907 Տարիելը ասաց. «Իմ քույր, շատ արցունք եմ թափել և ես.
Մեր երբեմնի ծիծաղի տեղ՝ լացացնում է մեզ բա՛խտն այսպես։
Այս աշխարհի հին կարգն է այդ, առաջինը մենք չենք լսում,
Վայ քո մեղքը, քույր իմ, թե չէ՝ մահն է լոկ ինձ ուրախություն։

908 Ո՞ր ծարավն է, թե խենթ չէ նա, ծարավ՝ ջուրը գետին շփում,
Ես իմ աչքին եմ զարմանում՝ ոնց է այսքան արցունք թափում.
Չի ցամաքում, թափում է ջուր, սակայն տանջվում ինքն անջրդի,
Վահ, թոռոմեց վարդը բացված, կորավ շարը, ա՜խ, մարգարտի»։

909 Ավթանդիլն էլ հիշեց իրեն արեգակին ու սիրածին,
Ասաց. «Ինչպե՞ս ես առանց քեզ դեռ կենդանի զուր մնացի,
Քեզնից հեռու՝ կյանքը աչքիս—ապրելս անգամ զղջում եմ ես,
Քեզ ո՞վ կասի՝ թե ինչ կրակ, ինչ ցավ է ինձ այրում այնպես։

910 Կռահո՞ւմ է վարդը արդյոք, որ կթոշնի առանց արև,
Կամ մենք գիտե՞նք՝ ինչ կլինի՝ արևն անցնի բլրի ետև,
Սիրտ իմ, լավ է, որ դու տոկաս, դառնաս ամուր ժայռի նման,
Մի սպառվիր, գուցե մի օր՝ դու հանդիպես, տեսնես նրան»։

911 Հանգստացան ու լռեցին, այրվում էին նույն կրակում,
Եվ նրանց հետ մտավ Ասմաթ—նույն հո՛ւրն էր և նրա սրտում.
Գետնին փռեց նույն ընձենին, որ փռել էր մի ժամանակ,
Եվ երկուսով նստած վրան՝ անուշ խոսում էին նրանք:

912 Պատրաստեցին երբ խորոված, ըստ պատշաճի սեղան բացին,
Առանց մեծ-մեծ ամանների, խնճո՛ւյք, էր այդ առանց հացի,
Ու խնդրեցին Տարիելին, բայց նա չուներ ուտելու թափ,
Պատառն ընկնում էր բերանից, հազիվ կերավ դրամի չափ։

913 Դուրեկան է, երբ մարդ մարդու մի դուրեկան բան է ասում,
Երբ նա լսում է ասածը, և ասածն այդ զուր չի՛ կորչում.
Որքան էլ թեժ հուրը լինի՝ այդպես փոքր ինչ կմեղմանա,
Սփոփում է վիշտը պատմել, եթե նա այդ կարողանա։

914 Երկու առյուծ֊հերոսներն այդ՝ գիշերն իրար հետ մնացին,
Խոսում էին նրանք երկար, սրտերն իրար առաջ բացին.
Երբ լուսացավ, իրենց զրույցն սկսեցին նրանք նորից
Ու լսեցին նրանք նախկին խոստում-երդո՛ւմը իրարից։

915 Եվ Տարիելն ասաց. «Եղբայր, շատ խոսելու կարիք չկա,
Ինչ ինձ համար արել ես դու, քեզ փոխարեն աստված կտա
Հարբած մարդու երդում չէ այդ, նա երկնային երդում է մի՝
Չմոռանալն ու սիրելը իր հեռացող բարեկամի։

916 Արդ՝ դեպի ինձ լեր ողորմած, թեժ կրակով ինձ մի այրի,
Ինչ կրակ է այդ ինձ այրում՝ բռնկում չէ կայծաքարի.
Չես մեղմացնի, դու էլ կայրվես — ծես է ինչպես կյանքի կարգո,
Գնա՛, դարձի՛ր, հասի՛ր այնտեղ, ուր արևն է արևում քո։

917 Ով ինձ ծնեց՝ բուժումը իմ նրան էլ է թվում դժվար,
Թե լսում եք՝ և հասկացեք՝ խենթ դաշտ ընկա դրա համար,
Կար ժամանակ՝ անում էի՝ խելոքին է ինչ վայելում,
Հիմա հերթն է հասել խենթի՝ ես խենթերի շա՛րքն եմ մտնում»:

918 Ավթանդիլը ասաց նրան. «Ասածիդ ի՞նչ պատասխան տամ,
Խելոք մարդուն վայել խոսքով դու ես խոսում հենց այս անգամ։
Միթե աստված անկարող է վիրավորի վերքի բուժման,
Չէ՞ որ նա է աճեցնողը՝ սերմերն ամեն, տունկերն այնքան։

919 Արարիչին ինչո՞ւ էր պետք, որ նա այդպես ձեզ ստեղծեց,
Չարեց իրար, ձեզ անջատեց, սուգ ու լացով քեզ խենթ դարձրեց.
Սիրահարից փորձանքը միջտ՝ անբաժան է, լա՛վ իմացեք,
Թե դուք իրար չարժանանաք՝ եկեք և ի՛նձ սպանեցեք։

920 Ախար էլ ի՞նչ քաջ-քաջություն, երբ նեղության չդիմանա.
Վշտի հանդեպ թե ընկրկի—ինչ մրցակից ընկեր է նա։
Ողորմած է տերը, հուսա՛, մինչ աշխարհը թեպետ ժլատ,
Խոսքս լսիր, ներիր դու ինձ — էշն է, որ չի լսում խրատ։

921 Ինչ լսում ես՝ լավ ըմբռնի, այս էլ է շատ ուսանելու,
Ես հրաժեշտ տվի արփուս՝ այստեղ ձեզ մոտ նորից գալու,
Ասի նրան. «Սիրտս քանզի մոխիր դարձավ նրա համար,
Ինչիդ եմ պետք, ես չեմ մնա»— ի՞նչ ասեի ուրիշ հարտար։

922 Հրամայեց. «Գո՛հ եմ քեզնից, բարի ես դու և քաջարի,
Ինչ դու ի սեր նրան անես՝ կհաշվեմ թե՝ այդ ինձ արիր»։
Ահա նրա կամքով եկա, ես չեմ հարբած կամ գինեհար,
Թե ետ դառնամ՝ ի՞նչ հաղորդեմ, «Վախկոտի պես,— կասի,— եկար»:

923 Խոսքս լսիր՝ քո ասածից՝ իմ խո՛սքը պիտ գերադասել.
Այն մարդիկ են անուն հանել, որոնք դժվար գործ են արել,
Արևազուրկ վարդը թոշնող՝ ամոլ է և ոչ պիտանի,
Անզոր ես դու՝ ես քեզ կօգնեմ՝ պարտ է եղբայր եղբորն անի։

924 Ինչպես կուզես այնպես ապրիր, ուր էլ կուզես՝ ապրիր այնտեղ,
Կուզես, սրտով գիտուն եղիր, կուզես՝ մտքով դու խելահեղ,
Այդ քո չքնաղ շարժուձևով ու կեցվածքով այդ քո վայել
Դու կազդուրվիր՝ չմահանաս և չհալի քեզ հուրն անել։

925 Ուրիշ բան չեմ քեզնից խնդրում՝ այսօրվանից անց մեկ տարի
Դու այս այրում ինձ կտեսնես՝ բերած լուրերն ամեն վայրի,
Իբրև նշան այս է ժամս — ժամ վարդերի առատ բացման,
Վարդի տեսքից դու սթափվիր, իրոք ինչպես՝ հաչոցը շան։

926 Թե ուշացա ժամանակից և այս քարայրն ես ետ չեկա,
Գիտցիր, որ ես կենդանի չեմ, կամ մահամերձ մի տեղ ընկա,
Այս բանը քեզ նշան լինի, ինձ ողբալ ես թե մտադիր,
Այն ժամանակ կուզես՝ խնդա, կուզես՝ վիշտդ բազմապատկիր։

927 Արդ, ինչ ասի՝ դրա համար դու չլինի՛ հանկարծ տխրես,
Ես չգիտեմ՝ ձիու վրա, թե՞ նավի մեջ հանգչեմ պիտ ես,
Չէ, չասելը ազնիվ բան չէ, անասուն չեմ ես մի անբան,
Ես ի՞նչ գիտեմ աստված և կամ շրջվող երկինք ինչ կցանկան»։

928 Պատասխանեց. «Չեմ նեղացնի, էլ չեմ ասի ավելորդ բան։
Գիտեմ՝ դու ինձ չես լսելու՝ երկարացնեմ խոսքս որքան,
Սիրածդ թե քեզ չի լսում՝ կատարիր այն, ինչ կուզենա.
Վերջ ի վերջո՝ ինչ կա ծածուկ, մի օր պիտի հայտնի դառնա։

929 Թե չհավատաս, այնժամ կզգաս, որքան է իմ գործը դժվար,
Թափառել կամ նստել հանգիստ—արդ միևնույն է ողջն ինձ համար։
Ինչ դու ասիր՝ ես այդ կանեմ, թե խենթ հոգիս նեղի անգամ,
Բայց ի՞նչ անեմ՝ թե արւանց քեզ՝ երկար չապրեմ՝ հոգիս ես տամ»։

930 Խոսակցությունն ավարտեցին և իրար մեջ դրին պայման,
Ձիերն հեծան, զբոսնեցին, դաշտում ապա որսի ելան,
Վերադարձան, արտասվալի սիրտը նորից տվին լացին
Միտքը վաղվա անջատումի — այլ ցավ դրեց եղած ցավին։

931 Ընթերցողներ դուք այս երգիս, թող ձեր աչքից արցունք հոսի,—
Ախ, տարաբախտ սիրտն ի՞նչ անի, թե սիրող սի՞րտ նրան թողնի.
Անջատվե՛լը բարեկամից, հեռանա՛լն է մարդ սպանում,
Ով չի փորձել, նա չգիտե՝ այդ օրն ինչքան ծանր է լինում։

932 Երբ լուսացավ՝ ձիերն հեծան և աղջկան հրաժեշտ տվին.
Եվ Ավթանդիլ, Տարիել, Ասմաթ արցունքն աչքի հեղեղ արին,
Երեքի էլ այտերը թաց ծիրանագույն փայլ ստացան.
Իրենք առյուծ՝ վայրի դարձած, ողբով ավե՛լ վայրենացան։

933 Այրից իջան և գնացին ու լաց եղան բարձր ձայնով.
Ասմաթն ասաց. «Հեյ առյուծներ, ով ձեզ գովի և ի՞նչ լեզվով.
Արևն այրեց՝ մոխիր դարձաք, լուսատուներ դուք երկնային,
Վա՛յ անսպառ իմ վշտերին, վա՜յ իմ կյանքի դառն օրերին»։

934 Ու կտրինճներն՝ անդուստ ելած, անցան այդ օր մեկ–միասին․
Հասան ծովափ, այնտեղ իջան, էլ ցամաքում չշրջեցին։
Չանջատվեցին և այդ գիշեր, բաժանեցին ցավերն իրար,
Եվ ողբացին դառն արցունքով բաժանվելու դեպքի համար։

935 Եվ Ավթանդիլն ասաց նրան. «Տես արցունքիս գետը ցամքեց,
Դու զո՛ւր թողիր Ֆրիդոնին, որ ձին այդ քեզ իր նվիրեց,
Արեգակիդ մասին գուցե տեղեկանանք անդուստ մի լուր,
Ես անդ կերթամ, եղբայրացուդ՝ ո՞ւր է, ասա՛, ճամփան ցույց տուր»։

936 Եվ Տարիելն ասաց մեկ-մեկ առ Ֆրիդոն տանող ճամփան,
Հասկացրեց իր կարու չափ, պատմելու կար ուներ որքան,
«Ծովի եզրով պիտի գնաս դեմքդ արած դեպ արևելք,
Կհարցնի եղբոր մասին՝ պատմի՛ր, իրար թե հանդիպեք»։

937 Այծամ զարկին ու քարշ տված՝ կրակ արին ծովի ափին,
Եվ խմեցին, կերան՝ որքան վայելում էր վշտոտ մարդին,
Գիշերն իրար հետ մնացին, մի ծառի տակ և քուն մտան
Պարսավո՛ւմ եմ բախտը ես նենգ՝ մերթ առատ, մերթ՝ ժլա՛տ այնքան։

938 Ծեգին ելան, որ բաժանվեն, պինդ գրկեցին նրանք իրար,
Թե ինչ ասին նրանք այնժամ՝ ով որ լսեր՝ կթուլանար,
Իսկ աչքերից, ինչպես ակնից, բխեց աղբյուրն արտասուքի,
Գիրկ ընդ գրկի կանգնած երկար՝ սեղմել էին կուրծքը կրծքի։

939 Բաժանվեցին, լալիս էին, այտը ճանկռում, մազեր փետում,
Մեկը՝ վերև, մեկը ցածում՝ ճամփայազուրկ խուլ շամբուտում,
Մինչ իրար դեռ տեսնում էին՝ կանչում էին տխուր իրար—
Արևը թե տեսներ նրանց, նրանց վշտով կվշտանար։

ԱՎԹԱՆԴԻԼԸ ՈՒՂԵՎԵՐՎՈՒՄ է ՖՐԻԴՈՆԻ ՄՈՏ

940 Վայ, դու աշխարհ, խորհրդավոր՝ ի՜նչ հոլովում, ի՜նչ էություն —
Ով քեզ հավա՛տ է ընծայում՝ ինձ նման միշտ լա՛ց է լինում.
Ո՞ւր ես տանում, որտեղացո՞ւն, որտե՞ղ և ի՞նչ վախճան կտաս,
Բայց քեզանից հալածվածին՝ չի՛ հալածի աստված գթած։

941 Ավթանդիլը բաժանվելով՝ լալիս էր, ձայնն երկինք հանում,
«Առաջվա պես,— ասում էր նա,— թափում է իմ աչքից արյուն.
Ինչպես առաջ հանդիպելն էր՝ անջատվելն է հիմա դժվար,
Մարդկանց մեջ և անդունդ կա մեծ, հավասար չեն մարդիկ իրար»։

942 Գազանները խմում էին նրա արցունքն ու հագենում,
Այրվում էր նա թեժ կրակում, հնոցը վառ չէր մեղմանում,
Թինաթինին վերհիշելով՝ վշտանում էր նա ավելի,
Վարդ շուրթերին լույս էր տալիս՝ դեմքը բյուրեղ ու մարջանի։

943 Թոշնում էր վարդն ու չորանում, հալվեի ո՛ստն էր երերում,
Հղկած սուտակն ու բյուրեղը լաջվարդի գույն էին առնում,
Ընդդիմադիր մահվան վճռով՝ չէ՛ր ընկճվում դրա համար.
Երբ արևից էր հեռանում՝ էլ խավարին ի՛նչ զարմանար։

944 Ասում էր նա արեգակին. «Թինաթինի պես ես, արև,
Նա քեզ նման և դու նրա՝ լույս եք փռում ձոր ու սարեր.
Խենթի խինդ է տեսնելը քո՝ նայում ուստի քեզ անընդհատ,
Ըայց երկուսով ինչո՞ւ թողիք սիրտս այսպես դուք սառցապատ։

945 Մեկ արև՛ն է թե հեռանում—պատում է մեզ ցուրտը ձմռան,
Թողել եմ ես երկու արև, ինչպե՞ս սրտիս վնաս չտան.
Ժայռն է միայն, որ չէ զգում, ոչ ոք նրան ցավ չի հասցնի.
Դանակն երբեք վերք չի բուժի, նա կկտրի կամ կուռեցնի»։

946 Դեպի երկինք լալիս էր նա, արեգակին դիմում այսպես.
«Ով արեգակ, զորեղ զորաց, աղերսում եմ խնդրում ես քեզ,
Դու որ վեր ես հանում հեզին — տալիս ես բա՛խտ, իշխանություն,
Սիրեցյալից ինձ մի՛ զատիր, իմ օրը մի՛ փոխիր մթան։

947 Ո՜վ Երևակ, դի՛ր արցունքիս՝ էլի արցունք, ցա՛վ իմ ցավին,
Սիրտս կուզես՝ սևով ներկիր ու ինձ հանձնիր խոլ խավարին.
Կուտակելով վշտի բեռներ, իբրև գրաստ բարձիր վրաս,
Միայն նրան ասա. «Քոնն է, քեզ սիրողին չմոռանաս»։

948 Ո՜վ Լուսնթագ, խնդրում եմ քեզ, դատավորիդ արդարադատ,
Վճռիր այս դատն, արի՛ արա, սիրտը սրտից մի թող անջատ.
Արդարին մի՝ դատապարտիր, մի՛ պղտորիր նրա հոգին.
Արդար եմ ես, խղճա դու ինձ, նոր վերք մի տա դու իմ վերքին։

949 Արի Հրա՛տ, մի՛ խնայիր, խոցիր ինձ քո սո՛ւր նիզակով,
Ներկիր դու ինձ և հեղեղիր իմ արյունի կարմիր ներկով,
Տանջանքներս պատմիր նրան, քո բարբառով հասկացրու,
Ասա՝ ինչքա՜ն եմ ես փոխվել՝ իմ բերկրանքից զուրկ ու հեռու։

950 Եկ, Արուսյա՛կ, օժանդակիր, նա ինձ այրեց կրակներում,
Ում մարգարտի շարանի շուրջ մարջան շուրթերն են զարդարում,
Դու՝ որ շքեղ հմայքներով զարդարում ես սիրուններին,
Բայց սիրողիդ խելքից հանում, ինձ նմանին թողնում ես դու։

951 Հե՜յ, Փայլածո՛ւ, ինքդ գիտես՝ բախտս բախտիդ է նմանում.
Արևն է ինձ պտույտ տալիս, ինձ գրավում, բռնում, վառում.
Նստիր՝ գրես վիշտս մեկ-մեկ, լիճն արցունքիս կտամ թանաք,
Իբրև գրիչ՝ մարմինը իմ՝ եղեգնի պես նիհար, բարակ։

952 Արի՛, Լուսի՛ն, խղճա դու ինձ, հյուծվում եմ ես, քեզ պես մարում
Արևովս եմ լցվում, մաշվում, մերթ գիրանում, մերթ նիհարում,
Պատմի՛ր նրան վիճակը իմ, թե ինչ վիշտ է ուշքս տանում,
Ասա նրան՝ թող չուրանա, նրանն եմ ու ի նա մեռնում։

953 Ահա, վկաս՝ իրենք աստեղք, զոր լուսատու ի վեր տեղյակ,
Եվ Լուսնթագ, Լուսին, Արև, Հրատ նաև ու Երևակ,
Եվ Փայլածուն ու Արուսյակ գլխիս վերև՝ վկայալից,
Կհավաստեն վառվել այսքան՝ անշիջելի սիրո կրակից»։

954 Սրտին ասաց. «Չի ցամաքում արցունքը քո, հերիք ողբաս,
Քեզ սպանե՞ս՝ ի՞նչ շահ կանես՝ սատանայի՞ն եղբայր դառնաս.
Ես էլ գիտեմ՝ ինձ խենթացնողն—սև ծամ հագել՝ սև է դառել,
Բայց թե վշտի՛ն չես դիմանում, ուրախության ի՛նչ դեմն առնել»։

955 Լավ է հարկավ թե ես ապրեմ,— նա իր կյանքին այսպես ասաց,—
Գուցե տեսնեմ իմ արևին, ինչ միտք ունի զուր ողբ ու լաց»։
Եվ հույսերի արցունքներով երգեց բարձր ու քաղցրաձայն.
Սոխակի երգն այդ ձայնի դեմ՝ թվաց բուի կանչի նման։

956 Եվ կտրիճի ձայնով տարված՝ գազաններն են ի լիս գալիս,
Անուշ ձայնից՝ ջրից անգամ քարն է թռչում ու խայտ տալիս,
Ականջ դնում և զարմացած՝ լացին լացով արձագանքում,
Երգում երգեր հուզումնալից—հեղեղի պես արցունքն հորդում։

ՏԱՐԻԵԼԻՑ ԲԱԺԱՆՎԱԾ ԱՎԹԱՆԴԻԼԸ ԳՆՈԻՄ է ՖՐԻԴՈՆԻ ՄՈՏ

957 Յոթանասուն օրեր քաջն այն ծովի ափով գնաց լացով,
Մի օր տեսավ նավորդների՝ նավում էին ծովի միջով.
Ու սպասեց՝ մինչ ափ ելան. «Ո՞վ եք, ձայնե՛ք իմ այս խնդրին,
Այս պետությունն ո՞ւմն է արդյոք, հպատակ է կամ ո՞ւմ թրին»։

958 Ասին նրան. «Ով դու չքնաղ՝ գեղ կեցվածքով և թե դեմքով,
Դու լավ մարդ ես մեզ երևում, ուստի կասենք մենք քեզ գովքով,
Թուրքերինն է մինչև այստեղ, Ֆրիդոնին սահմանակից,
Թե մենք ումն ենք՝ կասենք հիմա՝ եթե չապշենք քո այդ տեսքից։

959 Եվ Նուրադին Ֆրիդոնն է այս մեր երկրի արքան արի,
Ձիու վրա արագ հեծնող, առատաձեռն, հզոր բարի,
Ոչ մի մարդ չի կարող կանգնել այն քաջի դեմ արևադեմ,
Նա է մեր տերն ու գեղեցիկ՝ ինչպես ա՛րևը երկնաճեմ»։

960 Կտրիճն ասաց. «Եղբայրք դուք իմ, լավ մարդկանց եմ՝ ձեզ հանդիպում,
Ասենք՝ հիմա ինչպես գնամ՝ ձեր արքայի՛ն եմ որոնում.
Ինչքա՞ն անցնեմ, ե՞րբ կհասնեմ, ասեք, արդյոք, շա՞տ է ճամփան»,
Ու նավորդներն հանց աոաջնորդ՝ տարան նրան մինչև սահման։

961 Ասին. «Այս է Մուլղազանզար քաղաք տանող ուղիղ ճամփան.
Այնտեղ է մեր քաջ նետաձիգ, թուրը կտրուկ Ֆրիդոն արքան.
Տաս օր պիտի ճամփա գնաս, ո՛վ լալագույն, նոճե իրան,
Ախ, այրեցիր՝ օտարդ օտար, տվիր դու մեզ հրի բերան»։

962 Կտրիճն ասաց. «Զարմանք, օ՜, իմ՝ ինչո՞ւ դարձաք ինձ հոգացող,
Եվ կամ ինչո՞ւ հավանեցիք՝ վարդոց գունատ, ձմռան հեծող,
Այնժամ պիտի ինձ տեսնեիք, ազատ էի երբ չգերված,
Ով տեսնում էր՝ ուրախանում, ինձնով մնում նա հիացած»։

963 Նրանք անցան, մինչ քաջարին՝ սրտով երկաթ կազմով նոճի,
Ուղղեց իր ձին, ուր ցույց տվին, ընկավ ճամփան իր դիմացի.
Եվ սուրում էր, երգ մտմտում անուշ ձայնով ինքը իրան,
Եվ նարգիզներն են անձրևում, թրջում բյուրեղ, թրջում մինան։

964 Ինչ օտարներ տեսան ճամփին՝ ծառայություն էին անում,
Գալիս էին՝ տեսնեն նրան, գալիս էին և հիանում.
Չէին ուզում աչքից թողնել և անջատվում հազիվ միայն,
Հարցին համեստ պատասխանում և ուղի՛ ցույց տալիս նրան։

965 Մուլղլազանզար հասավ արագ, երկար ճամփան շուտ կտրելով,
Այնտեղ մի դաշտ տեսավ նա լի գազան որսող զինվորներով.
Նրանք այնտեղ օղակ կազմած, մեծ որսադաշտ էին պատում,
Գազան հնձում հանց կարկուտի, աղաղակով նետ արձակում։

966 Տեսավ մի մարդ, հարցեց նրան, այնտեղ ի՞նչ է թե կատարվում,
Թե զորքն արդյոք ո՞ւմն է, ասեն, ի՞նչ ձայներ են այնտեղ լսվում.
Պատասխանեց. «Մուլղազանզար մեծ քաղաքի Ֆրիդոն արքան
Որսի ելած՝ կապել է նա շամբուտն ամբողջ և դաշտն այսքան»։

967 Ուղղվեց դեպի զորքը խաղցող ու՝ տեսարանն արտասովոր,
Ուրախացավ, գեղը նրա՝ ինչպես ասեմ ես հանգավոր.
Ով հեռանա՝ ցուրտ կսարսի, մոտեցողին՝ արև այրող,
Եղեգնօրոր այն իրանով խենթանում է ամեն տեսնող։

968 Ու գնդի մեջ հանկարծ զորաց ինչ որ տեղից արծիվ սուրաց,
Ավթանդիլը ձին մոտ քշեց՝ և խիզախեց, ոչ թե սարսաց,
Նետով զարկեց և վայր գցեց, արյունաթավ գետնին ընկավ
Ցատկեց, թևերն արեց կոտոր, հանգիստ նորից իր ձին հեծավ։

969 Եվ որսորդներն այս տեսնելով՝ ընդհատեցին որսը իրենց,
Հափշտակված՝ թողին օղակն, եկան, զորքը ողջագուրվեց,
Շրջապատո՛ւմ էին նրան և հետևից ոմանք գնում,
Չէին ասում գոնե՝ «ով ես», ոչ էլ մի այլ բա՛ն հանդգնում։

970 Դաշտի միջին բլուր կար մի, նրա վրա՝ Ֆրիդոն արքան,
Եվ նրա մոտ՝ լավ նետաձիգ քառասունն էլ նրան արժան,
Ավթանդիլը այն կողմ դիմեց և նրա հետ՝ զորք հետևում,
Ֆրիդոնն ապշեց՝ այդ ի՛նչ արին, և իր զորքից էր դժգոհում։

971 Ֆրիդոնը մի ճորտ ուղարկեց, հրամայեց. «Գնա և տես,
Թե զորքն օղակն ինչո՞ւ քանդեց, ի՞նչ են անում կույրերի պես»։
Ճորտը արագ գնաց, տեսավ՝ իրան նորտունկ՝ նոճու նման,
Աչքը շլվեց՝ կանգնած տեղում՝ էլ մոռացավ հարցել մի բան։

972 Ավթանդիլը գլխի ընկավ. «Ի լուր ղրկվա՛ծ է ինձ համար,—
Ասաց,— գնա՛ առ տերը քո և իմ խնդիրն հայտնիր խոնարհ.
Ես մի պանդուխտ մարդ եմ օտար, տնից-տեղից ես հեռացած,
Հոգեղբայրն եմ Տարիելի՝ քեզ տեսնելու այստեղ եկած»։

973 Ճորտը գնաց Ֆրիդոնին իր տեսածը հաղորդելու.
«Տեսա երկնից իջած արև, արև օրվան՝ լույս է տալու,
Խելք կգնա մինչև անգամ՝ նրան տեսնող իմաստունի,
Ասաց. «Եղբայրն եմ Տարիելի, Ֆրիդոնի եկած տեսին»։

974 Երբ «Տարիել» խոսքը լսեց՝ վիշտը նրա հանց հանդարտեց,
Բայց սիրտն հանկարծ խփեց ուժգին և աչքերից արցունք թափեց,
Ցուրտ հողմերից վարդը մրսեց, թարթիչներից բուք տեղաց վար,
Նրանք իրար հանդիպեցին՝ իրար գովքով, հերոսաբար։

975 Իջավ արագ բլրի գլխից. Ավթանդիլին դե՛մ ելավ նա.
Տեսնելուն պես բացականչեց. «Թե արև չէ՝ ո՞վ է հապա»
Ավելի էր եկվորն իրոք, քան թե գովեց ճորտը նրան,
Իջան ձիուց, պինդ գրկեցին՝ արցունքներով ուրախության։

976 Փաթաթվեցին իրար վզի, թեպետ օտար՝ չքաշվեցին,
Կտրիճն ինքը Ֆրիդոնին, նա էլ՝ նրան, հավանեցին.
Ով երկուսին այնտեղ տեսներ, արեգակին չէր հավանի,
Ինձ սպանիր, թե շուկայում նրանց նման մեկը գնի։

977 Որտե՞ղ գտնես և ի՞նչ կտրիճ Նուրադինին լինի նման,
Գովքը նրա չունի այլ ոք, իսկ Ավթանդիլն՝ էլ գովարժան,
Չքանում են աստղերն ամեն՝ արևին են երբ մոտենում,
Լույս չի տալիս մոմը գորով, գիշե՛րն է նա լուսավորում։

978 Հեծան ձիերն ու դիմեցին դեպ ապարանք Ֆրիդոնի,
Թողին և որս, որսորդություն, և վերջ եղավ կոտորումի,
Զորքեր եկան ամեն կողմից՝ Ավթանդիլի դեմքը դիտեն,
Ասին. «Արդյոք ի՞նչն ստեղծեց սրա նման մի հողեղեն»

979 Կտրիճն ասաց Ֆրիդոնին. «Գիտեմ, շտապ լուր ես ուզում,
Թե ո՞վ եմ ես և որտեղից, Տարիելից ի՞նչ եմ ասում
Կամ թե նրան ինչպե՞ս գիտեմ, ինչո՞ւ «եղբայր» կոչում նրան,
Թեպետ և ես արժանի չեմ՝ ճորտ լինելուն նրա անգամ։

980 Ռոստևանի ճռրտն եմ՝ որ կամ, կտրիճ՝ կրթված Արաբիայում,
Սպարապետ մեծ ու հզոր, ինձ Ավթանդիլ են անվանում,
Նշանավոր տոհմի զավակ և որդեգիր Ռոստևանի,
Որ քաջարի ու ահարկու՝ և մրցակից իր դեմ չունի։

981 Արքան մի օր ծառաներով որսի ելավ հեծած իր ձին,
Հանդում տեսանք իր արցունքով դաշտ ոռոգող Տարիելին։
Մենք զարմացանք՝ ոչ էր սովոր, մոտ կանչեցինք՝ չեկավ սակայն,
Ու նեղացանք՝ ի՞նչ գիտեինք՝ նրա սրտում վշտեր ինչ կան։

982 Արքան հուզվեց, մարդիկ ճամփեց՝ նրան մեզ մոտ բերեն բռնի,
Բայց բոլորին նա կոտորեց, մինչև անգամ առանց կռվի.
Ոմանց ուսն ու կողքը ջարդեց,. ոմանց հոգին զատեց մարմնից,
Մենք հասկացանք, որ չի շեղվի՝ լուսնի անիվն իր ընթացքից։

983 Երբ զայրույթով տեսավ արքան՝ հրամա՛նն է դեռ անկատար,
Հեծավ իր ձին և արշավեց՝ ինքը անդողդ ու քաջաբար,
Իսկ Տարիելն արքա տեսավ—հարգեց նրա թուրը կարծես,
Ասպանդակեց հեծած իր ձին — աչքից անհե՝տ անմիջապես։

984 Որոնեցինք՝ հետքը չկար, ընդունեցինք սատանի տեղ։
Արքան տխրեց և ընդհատեց կեր ու խումն ու խնճույքն այնտեղ։
Ես անհամբեր այլևս եղա՝ եղելությունն իմանալու,
Ինձ կրակ ու մրմուռ առավ—ելա նրան որոնելու։

985 Փնտրում էի երեք տարի, զրկուն անգամ քաղցր քնից,
Մի օր նրա վիրավորած չին-մաչինցիք ցույց տվին ինձ,
Եվ ես գտա վարդը դեղնած, շուք կորցրած, դժգուներես,
Նա ինձ սիրեց՝ ինչպես եղբոր, իր հարազատ որդուն ինչպես։

986 Այր էր խլել նա դևերից, կռիվ արել արյունալի,
Լոկ Ասմաթն էր մնում իր մոտ, չկար ոչ ոք ուրիշ էլի.
Ու միշտ իր հին հուրն է այրում, չէ թե նորը կամ նորագին,
Վա՜յ նրանից բաժանվածին, սև ցեխ պիտի նրա գլխին։

987 Մենակ նստած կինը այրում և անընդհատ լաց է լինում.
Իսկ նա՝ որսում՝ առյուծ որպես, իր կորյունին որս է բերում,
Իր որսածով պահում նրան, բայց չի մնում ինքը մի տեղ—
Եվ Ասմաթից բացի ուրիշ՝ չի կամենում տեսնել այլ ցեղ։

988 Ինձ՝ օտարիս, արժան արեց լսել մի վեպ երանական—
Պատմությունը արեց իրա, իր երագի նվիրական,
Ինչ վշտեր է թե նա կրել՝ խենթիս լեզուն չի պատմի քեզ,
Մեռնում է նա՝ իր թաղողին՝ չտեսնելու կարոտից կեզ։

989 Լուսնի նման նա ոչ մի տեղ կանգ չի առնում, այլ միշտ շրջում,
Քո նվիրած սև ձին հեծած, նա իր ձիուց ցած չի իջնում։
Նա չի տեսնում ասունի դեմք, խուսափում է՝ ինչպես վայրի,
Վա՜յ ինձ՝ նրան վերհիշողիս, վա՛յ՝ որ նրա հուրը կայրի։

990 Եվ նրա վիշտն է ինձ այրում, լալիս հոնգուր ես արցունքով,
Ու խղճալուց՝ խելքս թռել, խելագար եմ դարձել սրտով.
Ցամաք ու ծով պտտվելով՝ փնտրում եմ ես նրան մի ճար,
Արքաներիս մոտ ես դարձա, տեսա նրանց ես վշտահար։

991 Դիմեցի թե ինձ արձակի՝ սակայն արքան իմ վրդովվեց,
Բայց ես թողի զորքերն իմ ողջ, սուգ են անում այնտեղ արդ մեծ,
Փախա ծածուկ, ազատվեցի լաց լինելուց արյունախառ.
Թափառում եմ այս ու այն դին, նրա համար փնտրում մի ճար։

992 Քո պատմությունն արեց նա ինձ՝ քո ու նրա եղբայրացման,
Եվ եկել եմ, գտել արդ քեզ՝ աննմանիդ գովքի արժան,
Այժմ ասա՝, ինձ տուր խորհուրդ՝ որտե՞ղ փնտրեմ արևշողին,
Որ տեսնողին խինդ է բերում, տեսնելու տենչ՝ չտեսնողին»։

993 Ինչ կտրիճը պատմեց նրան՝ հուր էր դարձել Ֆրիդոնին,
Եվ երկուսով ի մի ձայնի՝ գովեստ ողբում նրա ձոնին
Լալիս էին սրտակոտոր անմխիթար հեկեկալով,
Եվ հեղեղում վարդին լճե, հոնգուր-հոնգուր արցունքներով։

994 Եվ զորքի մեջ լսվեց արդեն ողբ ու սուգի ձայներ հնչուն,
Ոմանք երեսն էին ճանկռում, ոմանք նետում գլխից խավուն,
Ֆրիդո՛նն էր ողբում ձայնով՝ ում չէր տեսել յոթը տարի.
«Վայ կեղծիքի, ունայնության և անհաստատ փուչ աշխարհին»։

995 Ասում ապա. «Ինչպե՛ս գովենք, ինչպե՛ս կոչենք անասելուդ,
Դո՛ւ, արևի մոլորակաց ճամփից շրջող, երկրի արփուդ,
Դո՛ւ, խի՛նդ տվող մերձավորաց, մարդկանց բերկրանք ու կյանք շնչող,
Դո՜ւ՝ աստղերի լույսի աղբյուր, դո՛ւ՝ ջերմացնող և թե այրող։

996 Հեռացել ես ինչ ինձանից, դարձել է կյա՛նքս անտանելի,
Դու անտարբեր ես դեպի ինձ, ես քեզ համար՝ կարոտով լի,
Ինձ չես տեսնում՝ այդ հեշտ է քեզ, իսկ ես կրում եմ տառապանք,
Եվ ատելի են ինձ համար՝ ուր դու չկաս՝ աշխարհ ու կյանք»։

997 Ֆրիդոնը խոսքն իր ասաց եղանակով ողբ ու սուգի,
Հանգստացան ու լռեցին, գնում էին առանց երգի,
Ով տեսնում էր Ավթանդիլին՝ գերվում գեղով եթերային.
Թանաք-լճեր խոժոռակա սաթ կամարով ծածկած էին։

998 Մտան քաղաք, նրա առաջ բացվեց շքեղ մի ապարան,
Լի ամենայն վարող անձոք ու հոգածուք իշխանության,
Ծառաները՝ հագած շքեղ և՛ կատարյալ, և՛ կարգապահ,
Նայում էին Ավթանդիլին ու հիանում անկեղծաբար։

999 Ու ապարանք, մեծ բազմությամբ, եկան մարդիկ պալատական,
Բազմել էին աջ ու ձախից դիդեբուլներ հիսունական,
Իսկ երկուսը՝ իրար կողքի — ո՞վ էր որ չէր գովում նրանց,
Լալ-բյուրեղին տալիս են շուք՝ մի տեղ սև սաթ, մի տեղ մինան։

1000 Եվ սկսվեց մի հացկերույթ, խորտիկների առատություն,
Մեծարում էր արքան հյուրին, ինչպես խնամի՛ն իր խնամուն։
Ու ամաներն էին փոխվում՝ միշտ գեղեցիկ ու նորանոր,
Բայց ով տեսավ Ավթանդիլին՝ սիրտը հուր էր ընկնում բոլոր։

1001 Կերան այդօր ու խմեցին, ավարտեցին խնճույքն ապա,
Լողացնելու տարան ծեգին, մարմինն արին ատլաս կաբա,
Ու բյուր-հազար արժողության զգեստ ահա նրա հագին,
Բոլորեցին մեջքին գոտի՝ չկար որին աշխարհն էլ գին։

1002 Այնտեղ մնաց մի քանի օր, անկարող էր մնալ թեպետ,
Խաղերի էր նա դուրս գալիս, որսի գնում Ֆրիդոնի հետ.
Խփում էր նա՝ հեռու, թե մոտ, ինչին նրա աչքն էր հասնում,
Նետաձիգներն ապշում էին, երբ նրա զարկն էին տեսնում։

1003 Կտրիճն ասաց Ֆրիդոնին. «Լսիր հիմա քեզ ինչ կասեմ.
Ես այնու եմ գլխիս տալիս՝ բաժանվելս մահ կկարծեմ,
Սակայն ես այլ միջոց չունեմ, ուրիշ կրակ է ինձ այրում —
Ճամփան՝ երկար, գործն է շտապ, այստեղ ես շա՜տ եմ ուշանում։

1004 Ճիշտ է, քեզնից անջատվելով պիտի արցունք թափեմ աչքից,
Սակայն այսօր թե չմեկնեմ, ծանր վիշտը տանջե պիտ ինձ.
Ճամփորդն երբեք իր անցնելի ճամփից պիտի չհապաղի,
Գնանք ծովափ ու արևին՝ ո՛ր կողմ տարան՝ ցո՜ւյց տուր ուղին»։

1005 Ֆրիդոնն ասաց. «Ինձ չէ վայել արգելք լինել և չեմ ուզում։
Ես լավ գիտեմ, որ չես մնա, քո սիրտն ուրիշ տեգ է խոցում,
Գնա՜, աստվա՜ծ քեզ ուղեկից և թշնամուդ հաղթես, գնա՜,
Բայց ինձ ասա, թե առանց քեզ՝ իմ սիրտն ինչպե՞ս կդիմանա։

1006 Սիրտ եմ անում քեզ տալ խորհուրդ՝ չպետք է դու գնաս մենակ,
Ես քեզ կտամ մարդ մի քանի, որ ծառայեն քո ձեոքի տակ.
Կտամ և զենք, մի անկողին, մի լավ նժույգ և մի ջորի,
Ապա թե ոչ՝ շատ կնեղվես դու վարդաթուշ, արցունք բարի»։

1007 Տվեց նրան նա չորս ծառա՝ հավատարիմ և բազմունակ,
Լրիվ մի զենք տղամարդու և զանգապան, լանջապանակ,
Մաքուր ոսկի՝ լիտր վաթսուն և ո՜չ պակաս, ուղիղ կշռով,
Եվ մի նժույգ անզուգական, իրեն ամբողջ սարք ու թամբով;

1008 Եվ անկողին դրին մեջքին մի ամրաոտ ուժեղ ջորու,
Ֆրիդոնն հեծավ նժույգն իրա՝ հյուրին առժամ ուղեկցելու։
Երբ անջատման ժամ էր հիշում, ասում էր նա խիստ վշտահար
«Ձմեոը մեզ չէ՜ր սառեցնի՝ թե մեր արփին չհեռանար»։

1009 Եվ կտրիճի հեռանալու լուրն ամևնքին վիշտ պատճառեց,
Թե ճոթ ծախող, մրգավաճառ, քաղաքացոց իրար խառնեց.
Նրանց ողբի ձայներն ամեն՝ նման էին ամպրոպներին,
Ասում էին. «Մտավ ա՜րևն, աչքերը մեր տա՛նք վշտերին»։

1010 Քաղաքն անցան, հասան նրանք այն ահագին ծովի ափին,
Ուր տեսել էր մի ժամանակ Ֆրիդոն արքան արեգակին.
Այնտեղ նրանք արտասուքի լճից արյան գետ թափեցին,
Ֆրիդո՛նը նորից պատմեց այն լուսատու գերու մասին։

1011 «Ծառայք խափշիկ ահա՛ այստեղ նավով բերին արեգակին,
Ճերմակատամ ու լալաշուրթ, բայց հայացքով՝ սև-սգվորին,
Տեսա թե չէ՝ թուրս հանած ես ասպանդակ տվի ձիուն.
Նկատեցին հեռվից՝ փախան, փախչում էր նավն ինչպես թռչուն»։

1012 Երկուսն իրար պինդ գրկեցին, արտասվեցին նրանք վարար,
Համբուրվեցին կարոտագին, նորոգեցին վշտերն իրար.
Անջատվեցին և անբաժանք՝ զույգ հարազատ եղբոր նման,
Արքան մնաց, իսկ նա՝ գնաց՝ երերալով նոճու նման։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԳՆԱԼԸ ՆԵՍՏՍԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ ՈՐՈՆԵԼՈԻ ԵՎ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՔԱՐԱՎԱՆԻՆ

1013 Լիալուսնի նման կտրիճն արշավում էր տխուր-տրտում,
Թինաթինին հիշելն էր լոկ սրտին տալիս թեթևություն.
«Հեռացել եմ,— ասում էր նա,— ա՜խ, բաժանո՛ղ բա՜խտ անիծյալ,
Դու ես՝ ունե՜ս դեղը վերքիս, ախ, ամոքի՜ր վերքս դարձյալ։

1014 Ինչո՞ւ է հուրն անվերջ այրում սիրտն հերոսի թույնի տապում,
Ինչո՞ւ սիրտս ժայռի նման՝ տված ցավից քո տառապում։
Տեգի խոցը ցավ չի տալիս՝ այնքան, որքան խոցված հոգին,
Դու ես պատճառ՝ կյանքս այսքան՝ թույն է դարձել ու դառնագին»։

1015 Եվ արշավում էր Ավթանդիլն չորս ճորտի հետ ծովի ափով,
Եվ որոնում Տարիելի դարմանն իր ողջ կարի թափով.
Գիշեր–ցերեկ աչքից նրա՝ արցունքն իբրև առու՝ հորդ էր,
Աշխարհն ամբողջ նրա համար ծղոտի գին, կշի՜ռ ուներ։

1016 Ուր հանդիպում ճամփորդ մեկին, թե անցորդի մի պատահում,
Ու հարյուրած օրը արդեն՝ արևից էր նորից հարցում։
Ելած մի օր մի կատարի — տեսավ բեռնած ուղտի շարան,
Ծովի ափին՝ խուճապի մեջ կանգնած ամեն մի ուղտապան։

1017 Եվ քարավան կանգնած անթիվ, ծովի ափին կանգնած մոլար,
Ինչ որ հոգսից, նեղությունից—ոչ կանգնած էր, ոչ թե գնար,
Ավթանդիլը ասաց՝ սալա՜մ և հարգալի նա գովք արեց.
Հարցեց ապա. «Վաճառակա՛նք ովք՞ր եք»,— ու խոսքի բռնեց։

1018 Քարավանի պետն էր Ուսամ՝ խելոք մի մարդ և հաճելի,
Ավթանդիլի ներբողն արեց և օրհներգեց նրան էլի։
Ասաց նրան. «Արև՛, դու մեր՝ մխիթարանքն ու կյանքն եղիր,
Մեր պատմությունն անենք քեզ արդ, սակայն մինչ այդ ձիուց իջիր»։

1019 Ցատկեց ձիուց, նրանք ասին. «Բաղդադցի ենք, վաճառական,
Մուհամմեդի ջերմ հետևող, մենք չենք խմել մաճառ անգամ,
Գնում ենք մենք ծովերի մեծ թագավորի մայրաքաղաք
Եվ տանում ենք վաճառելու կերպասեղեն և այլ ապրանք։

1020 Մենք ծովափին, ահա այստեղ, ուշաթափված մի մարդ գտանք,
Մենք օգնեցինք, լեզու առավ, խոսեցրինք, որ հասկանանք.
«Ո՞վ ես, պանդուխտ մենք հարցրինք,— ի՞նչ է քեզ այս կողմեր բերել».
«Ձեզ կսպանեն, թե ծով մտնեք,— ասաց,— ո՞ղջ եմ ես մնացել։

1021 Եգիպտոսից քարավանով, մեծ բազմությամբ ճամփա ընկանք,
Տեսակ-տեսակ կերպասներով բեռնավորված մենք ծով մտանք,
Ծովահեններն առած գերան՝ ծայրին չութով, ջարդեցին մեզ
Կորան ամենքն, իսկ ես այստեղ, չգիտեմ թե ընկա ինչպես»։

1022 Առյուծ, արև, պատճառն ահա, մնացել ենք ինչու աստ մենք,
Թե հայրենիք վերադառնանք՝ հարյուրավոր վնաս կանենք.
Թե նավ մտնենք՝ վախենում ենք, մենք ուժ չունենք դիմադրության.
Ոչ կարող ենք առաջ գնալ, ոչ կանգնելու ուժ կա այնքան»։

1023 Կտրիճն ասաց. «Ով վհատի՝ կսխալվի և վատ կանի,
Ինչ որ երկինքն է որոշել՝ գալու է նա, պիտի լինի,
Երաշխավոր ես ձեր արյան՝ մի շիթ անգամ չեմ հոսեցնի,
Ով գա ձեր դեմ՝ թուրս ձեզ հետ՝ կռվոդների վրա կիջնի»։

1024 Քարավանի տերերն իսկույն անասելի ուրախացան.
Ասում էին. «Կտրիճ է սա, շատ քաջարի, ոչ մեզ նման,
Նա հույս ունի ինքն իր վրա — ճանապարհվենք հանգիստ սրտով»։
Նավ նստեցին ու ծով մտան ու նավեցին ափի մոտով։

1025 Օրը պարզ էր և արևկա, նավում էին հանգիստ, դյուրին։
Նրանց պահակ Ավթանդիլն էր քաջ ուղեկցում քարավանին։
Մի ծովահեն նավ երևաց, երկար դրոշն էր ծածանում.
Եվ գերանով մի չութ ուներ, որով նավե՛ր էր կործանում։

1026 Գոռում էին, վրա գալիս, բացականչում, փչում և փող,
Սարսափ պատեց քարավանին՝ երբ որ բազմոց տեսան եկող,
Կարիճն ասաց. «Մի վախենաք, նրանք ոչ մի վնաս չեն տա.
Կամ ես նրանց պիտի ջնջեմ, և կամ մա՛հն իմ այսօր կգա։

1027 Առանց տիրոջ — չեն վնասի, թեկուզ երկրի զորքեր լինեն,
Իսկ թե ուզեց՝ ողջ չեմ մնա, տեգերն իսկույն ինձ կխոցեն,
Ինձ ո՛չ ամրոց, ո՛չ մտերիմ, ո՛չ եղբայրներ չեն պաշտպանի.
Ով այս գիտե, հենց այս այսպես՝ նա ինձ նման քաջ կլինի։

1028 Դուք ինքներդ, վաճառականք, վախկոտ եք շատ, կռվին օտար.
Պատսպարվե՛ք դուք դուռն ի փակ, որ չլինեք հեռ նետահար,
Բայց դիտեցեք կռվիս հեռվից, շարժումնե՛րն իմ առյուծ բազկաց
Ու կտեսնեք հենոց նավին՝ ողջի արյունն իսկույն թափած»։

1029 Հագավ մարմնին օղազրահ, կռած ինձի ճանկի նման,
Իսկ մի ձեռին՝ բռնեց մի գուրզ՝ հաստ երկաթից, հսկայական.
Նավի ցռկին նա մոտեցավ՝ առանց վախի, առանց ահի
Ու սառնարյո՛ւն՝ հանց մի դիտող, քաշեց նրանց բերան սրի։

1030 Գոռում էին ծովահեններն, չէր դադարում ճիչը նրանց,
Բարձրացրին գերանն ապա, որի ծայրին չութն էր ցցված,
Սակայն կանգնած նավի վրա՝ կտրիճն անվախ ետ չքաշվեց,
Գուրզով զարկեց՝ գերանն ընկավ, ինչ չէր կոտրի—ա՜յն կոտորվեց:

1031 Թեպետ կոտրած գերանն արդեն, բայց մնում էր նավը տակավ,
Ու վախեցած ծովահեններն՝ փախչելու տենչ մեջներն ընկավ,
Բայց չիմացան, չհասցրին, հանկարծ ցատկեց նրանց նավին
Ու կոտորեց, մարդ չթողեց, մաս-մաս արավ նա բոլորին։

1032 Հենաց զորին անվախորեն—այծերի պե՛ս էր ջարդոտում.
Մի քանիսին խփում նավին, մի քանիսին ծովն էր նետում.
Իրար զարկում՝ ութը իննին—զարկում ապա իննը ութին,
Ով ողջ մնաց — ձայնը կտրել՝ դիերի մեջ պահվում էին։

1033 Նա հաղթանակ տարավ այնպես, ինչպես ուզո՛ւմ էր սիրտը իր,
Ոմանք նրան աղերսեցին. «Ի սեր կրոնիդ, մի՛ սպանիր»
Չկոտորեց, գերի առավ՝ վիրավոր էր ով մնացել.
«Վախից սեր է առաջանում»,— առաքյալը ճիշտ է ասել։

1034 Ո՛վ մարդ, ուժով մի՛ պարծենա, մի՛ պարծենա հարբածի պես,
Ուժը երբեք օգուտ չի տա, տիրոջ ուժը թե չօգնի քեզ,
Փոքրիկ կայծը հրդեհում է, մեծ ծառերին հաղթահարում—
Թե քեզ աստված է հովանի՝ փայտն էլ թրի պես է կտրում։

1035 Ավթանդիլը տեսավ այնտեղ նավի միջի գանձերը մեծ,
Նավը նավին մոտիկ տարավ, քարավանը ձայնեց-կանչեց,
Ելավ Ուսամն ուրախացած, ծիծաղում էր, էլ «ախ» չկար,
Գովերգեցին Ավթանդիլին՝ տեսած հրաշք դեպքի համար։

1036 Ավթանդիլին գովերգողաց հարկավոր էր հազար լեզու,
Բայց անկորղ եղան ասել՝ ինչպես էր մարտն իրեն սազում,
Քարավանը «Փառք քեզ աստվա՛ծ,— բարձր ձայնով բացականչեց,—
Մեր մութ գիշերն օր-լույս դարձավ, արևը մեզ շուքով պատեց»։

1037 Ամենքն եկան համբուրեցին՝ գլուխ, երես, ոտք ու ձեռներ.
Գովքի արժան այն չքնաղին շատ գովեստներ բերին նվեր,
Որին տեսնող իմաստունն իսկ կխենթանար հանց մի խելառ,—
«Դու փրկեցիր մեզ ամենիս, մեծ փորձության առաջն առար»։

1038 Պատասխանեց. «Փա՛ռք արարչին՝ ստեղծողին տիեզերքի.
Ում երկնային ուժերն այստեղ՝ ղեկավար են ամեն դեպքի,
Ինչ կատարվեց գաղտնի, հայտնի՝ նա է պատճառն ամեն ինչի.
Իմաստուններն ահա այդպես հավատում են վերահասի։

1039 Ձեր ամենիդ արյան թափելն այսօր աստվա՛ծ է խնայել,
Ես ի՞նչ եմ որ՝ հո՛ղ հասարակ, ես ինձանից բան չեմ արել։
Խոստումս ես կատարեցի ու ջնջեցի թշնամուն ձեր,
Եվ նավն ամբողջ իր ապրանքով առել ահա ես հանց նվեր»։

1040 Հաճո է շատ՝ կտրիճն արժան երբ հաջող է մարտն ավարտում,
Գերազանցում իր ընկերաց, նրա հետ են որոնք լինում։
Պիտի գովեն, օրհներգ ասեն, բայց՝ ամոթով իրանց զգան.
Նույնիսկ թեթև վերք ստանալ՝ քաջին այս է՛լ է սազական։

1041 Ու զննեցին նավը խլած, էլ չթողին վաղվան մնար,
Այստեղ եղած գանձերը մեծ անթիվ էին և անհամար.
Ապրանքը ողջ գերված նավից հանգիստ իրենց նավը տարան,
Նավն այրեցին, կոտրատեցին, տախտակի գինն հաշվի չառան։

1042 Ավթանդիլին Ուսամն հայտնեց քարավանի խոսքն ընդհանուր.
«Զգում ենք մեզ ամոթահար, քեզնով է մեր սիրտը ամուր,
Մեր գույքն ամբողջ քոնն է լրիվ, մեզնից ոչ ոք կասկած չունի,
Կամքդ գիտե, թե դրանից՝ մեզ ինչ բաժին պիտի հանի»։

1043 Ապսպրեց. «Ով եղբայրներ, փոքր ինչ առաջ ասի արդեն,
Տիրոջ հասավ արցունքն առատ, ձեր աչքերից հոսեց ինչ դեն,
Նա ձեզ պահեց, մինչ՝ ինչ եմ ես, մխ հատուցեք խեղճիս անձին.
Կամ ինչո՞ւ եք տալիս այդ ինձ, ինչիս է պետք, ես եմ, իմ՝ ձին։

1044 Թե ցանկություն ունենայի հավաքելու ես գանձեղեն,
Չէի թողնի գանձերն իմ ողջ, անգին կերպաս ու գորգեղեն.
Ինչի՞ս է պետք, ի՞նչ եմ անում, բայց թե միայն ձեզ կուղեկցեմ,
Մի ուրիշ տեղ կատարելու ես ավե՛լի մեծ գործ ունեմ։

1045 Այս անհամար գանձերն ամեն, որոնք այսօր ես ձեռք բերի,
Զիջում եմ ձեզ, ով ինչ կուզե, թող հետն առնի, չեմ արգելի,
Սակայն ունեմ մի ցանկություն—ուզում եմ ձեզ իոստովանեմ—
Գործիս համար ինձ թույլ տվեք, որ ես ձեր մեջ ծպտյալ լինեմ։

1046 Գլխավորը ձեր որ ես չեմ՝ մի տարածեք առժամանակ.
Չասեք որ ես զորական եմ, ասեք՝ ընկերն եմ ձեր ավագ.
Ես կփոխեմ զրահն հագիս, կձևանամ վաճառական,
Պահպանեցեք նամուսն իմ դուք՝ հանուն սիրո եղբայրական»։

1047 Ու քարավանն ուրախացավ, երբ նա լսեց այսպիսի բան.
Եկան, գլուխ տվին, ասին. «Մեր հույսն եք դուք և մեզ պաշտպան,
Ինչ որ պիտի մենք խնդրեինք՝ ինքներդ դուք մեզ եք խնդրում,
Կծառայենք նրան, ում մենք՝ իբրև արև ենք ընդունում»։

1048 Նրանք առանց հապաղելու—առաջ անցան, նավում էին,
Եղանակը հաջող էր շատ և հաճելի սահում էին,
Փարվում էին Ավթանդիլին, գովասանքներ հորինելով,
Նման նրա ատամների՝ մարգարիտներ նվիրելով։

ԱՎԹԱՆԴԻԼԻ՝ ԳՈՒԼԱՆՇԱՐՈ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1049 Ծայրեիծայր ծովով անցավ Ավթանդիլը գեղահասակ,
Մի օր տեսավ ամեն կողմից այգիներով պատած քաղաք,
Ուր ծաղիկներ էին բուրում բազմագույն ու բազմապիսի,
Ինչպե՞ս պատմեմ, ինչո՞վ պատմեմ այդ գեղեցիկ երկրի մասին։

1050 Նավը երեք ճոպաններով այգիների ափին կապեց,
Ավթանդիլը ջուբա հագած մի աթոռի վրա նստեց,
Հավաքվեցին բեռնակիրներ՝ օրավարձով շատ աննշան,
Կտրիճն առնում, ծախում՝ ծպտյալ, իբրև ավագ վաճառական։

1051 Ու այգեպանն ապա եկավ, ում այգու մոտ նրանք իջան,
Հիացմունքով Ավթանդիլի դեմքին նայեց լուսանման։
Ավթանդիլը իր մոտ կանչեց խոսել սիրող այգեպանին.
«Ո՞վ եք,— ասաց.—ի՞նչ են կոչում այստեղ բազմող թագավորին»։

1052 Ապա նորից ասաց նրան. «Մեկիկ-մեկիկ տուր պատասխան՝
Կերպասներից ո՞ր մեկն է թանկ, ո՞րն է ծախվում այստեղ էժան»։
Պատասխանեց. «Դեմքդ տեսա՝ այն դեմք հո չի, այլ՝ արեգակ.
Ինչ որ գիտեմ, կասեմ քեզ ճիշտ, սուտ խոսելու չեմ ընդունակ։

1053 Տերություն է սա ծովային, ճամփա կտրող տասը ամսի,
Գուլանշարո քաղաքն է այս, բարիքներով անբավ ու լի,
Եվ նավերով աստ են բերվում ապրանքները ընտիր ու լավ,
Եվ թագավո՛րն է բախտավոր՝ անչափ հարուստ Մելիք-Սուրխավ։

1054 Այստեղ գալով, ծերերն անգամ, փոխվում են և ջահելանում,
Այստեղ խնդում և կերուխում, երգ ու խաղը վերջ չեն առնում,
Ծաղիկ ունենք երանգ-երանգ մենք անխտիր ամառ-ձմեռ,
Երանի է տալիս գուցե և թշնամին անգամ իսկ մեր։

1055 Մեծավաճառն այստեղից լավ, շահութաբեր տեղ չի ճարի,
Կվաստակի, կվնասվի, նորից կառնի, կվաճառի,
Ապրանքն՝ առատ. աղքատն այստեղ՝ մեկ ամսում է հարստանում.
Եվ չունևորն իսկ մեկ տարում՝ ապրանքների տեր է դաոնում։

1056 Ես այգեպանն եմ Ուսենի, նա է ավագն առևտուրի.
Պատմեմ ես արդ մասին նրա՝ եղած ծեսեր ու կարգերի.
Ուր իջել եք ինքներդ այսօր — նա է նորից տերը այգուս,
Ամեն ընտիր ապրանքն այստեղ նախ նրա՜ն պիտ դնեք ի ցույց։

1057 Մեծավաճառք հենց որ եկան—այցում են ու նվեր տանում,
Ցույց են տալիս՝ ինչ են բերել, ապրանքն այլ տեղ բաց չեն անում,
Ինչ ընտիր է՝ կանի սեփե ու գինն իսկույն կվճարի,
Եվ արձակում ապա ազատ՝ ուր կուզենաս՝ տար վաճառի։

1058 Ձեզ, պատվելի մարդուդ, անշուշտ, նա կտանի պալատն իրեն,
Իսկ պաշտոնյա մարդկանց մասին՝ կասի պատշաճ տեղավորեն.
Սակայն հիմա այստեղ չէ նա, ես հիշեցի իզուր նրան,
Դիմավորել, ձեզ տուն տանել՝ հենց ինքը նա՜ է պարտական։

1059 Ֆաթման-խաթունն այժմ տանն է, խաթուն է ու կինը նրա,
Շատ հյուրասեր, աղ ու հացով և սիրալիր—կոպիտ չէ նա,
Իմաց կտամ գալուստը ձեր, թող իրեն մոտ ձեզ ընդունի.—
Մարդ կուղարկի՝ դիմավորեն, լույս-ցերեկով քաղաք տանի»։

1060 Կտրիճն ասաց. «Գնա վարվիր այնպես, ինչպես դու ես ուզում»։
Այգեպանը վազեց ուրախ, քրտինքը մինչ կուրծքն էր վազում։
Ու խաթունին պատմեց ինչ կար, ասաց. «Սիրտդ ուրախ մնա,
Այսօր եկավ մի լավ կտրիճ, տեսնեն, կասեն՝ արև՜ է նա։

1061 Վաճառական ինչ որ եկած, տեր ահագին քարավանի,
Նոճու նման վայելչակազմ, նման է յոթ օրվա լուսնի։
Ու սազում է նրան ջուբա, գլխին՝ խավուն ծիրանավուն,
Նա ինձ կանչեց, թե իմանա՝ կերպասների գինն այս վայրում»։

1062 Ֆաթման-խաթունն ուրախացավ, դեմն ուղարկեց նա տաս ծառա,
Ապրանքները տեղավորեց, կարգի բերեց քարվանսարա,
Եկավ, մտավ այն վարդերեսն, լալ-բյուրեղը, սաթն ու մինան.
Ով էլ տեսավ—թաթ առյուծի, ասաց՝ ինձի տոտի նման։

1603 Ու լուրն ընկավ նրա գալու, քաղաքացիք բո՛լորն եկան,
Իրար անցան, խռնվեցին՝ որ լավ, մոտի՜ց տեսնեն նրան.
Ոմանք իրոք սքանչացան, իսկ ոմանց էլ խելքը գնաց.
Սկսեցին կանայք ատել, նույնիսկ ծաղրել իրենց մարդկանց։

1064 Ուսենի կին Ֆաթմանն ահա դռան առաջ դիմավորեց,
Շատ սիրալիր սալամ տվեց, իր ցնծությունն արտահայտեց,
Հարցրին իրար, բարևեցին և ներս մտան ու բազմեցին,
Եվ գալուստը նրա, կարծեմ, անդուրեկան չէր Ֆաթմանին։

1065 Ֆաթման-խաթունն էր դուրեկան, ջահելացող, բայց ոչ ջահել,
Լիք երեսով, ոչ չոր նիհար, վայելչակազմ ու թխահեր.
Լավ գինեսեր, մուտրիբների, երգիչների խիստ սիրահար,
Հագել էր նա, ծածկել վրան՝ զարդերն ամեն գլխից մինչ վար։

1066 Ֆաթման-խաթունն այդ երեկո շատ փառավոր հյուրասիրեց,
Կտրիճն էլ լավ նվեր տվեց, ու ով կալավ՝ շատ հավանեց,
Ֆաթմանի ջանքն էլ զուր չանցավ, և հատուցվեց նա ըստ հարկի,
Կերուխումից կտրիճն ելավ, արդեն գիշեր՝ գնա պառկի։

1067 Առավոտյան ապրանքը ողջ նա բաց արավ ու ցույց տվեց,
Լավերն իբրև սեփե կարգած՝ արժեքն առավ, մի կողմ դրեց,
Մնացածն էլ տվեց շալակն ընկերների՝ առան տարան,
Ասաց. «Տարեք, վաճառեցեք, ով լինելն իմ՝ չասեք միայն»։

1068 Հագած իբրև վաճառական, մինչ իրենից բան չէր հագնում,
Մերթ Ֆաթմանին հրավիրում, մերթ էլ ինքն էր մոտը գնում.
Մեկտեղ նստում, խոսում անուշ զրույցն՝ հաճո և ոչ կծուծ,
Ֆաթմանն էր հանց նրան դիտում՝ Վիսը ինչպես Ռամին-սիրուց։

ՖԱԹՄԱՆԻ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԹԱՆԴԻԼԻՆ

1069 Լավ է կնոջից հեռու մնալ՝ թե կարո՜ղ է մարդ այդ անի.
Քեզ կշոյի, կընտելացնի, կվստահի՝ վստահեցնի,
Տեսար՝ հանկարծ դավաճանեց, կտրեց ինչ որ ինքն էր հյուսել,
Այս պատճառով՝ չի՜ կարելի ոչ մի գաղտնիք կնոջն ասել։

1070 եվ ցանկանալն Ավթանդիլին Ֆաթմանի սիրտն ամուր մտավ,
Սերն սկսեց արագ աճել, կրակի պես նրան կպավ։
Թեև ջանաց նա թաքցնել՝ տանջանքը բայց չեղավ թաքուն,
Ասում. «Ախ ի՞նչ, ես ի՞նչ անեմ»,— աչքից անձրև–արցունք թափում։

1071 «Ասեմ, գուցե՝ նա նեղանա, տեսնելն անգամ դառնա դժվար,
Իսկ թե չասեմ՝ ինչպե՞ս տանեմ, հուրս ավելի՛ բորբոք ու վառ.
Լավ է՝ ասեմ, թող որոշվի — կամ կմեռնեմ, կամ կմնամ։
Բժիշկն ինչպե՞ս պիտի բուժի, եթե ցավը չասեն նրան»։

ՖԱԹՄԱՆԻ ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԱՎԹԱՆԴԻԼԻՆ

1072 Մի սրտահույզ նամակ գրեց՝ Ավթանդիլին ուղարկելու,
Եվ տառապանք, և սերն իր ողջ այն կտրիճին բացահայտելու,
Մի գրություն, որ լսողի՝ սի՛րտ կշարժեր, կազդեր վրան,
Եվ գրություն՝ արժե՛ր պահել, ո՛չ պատռելու՝ սովորական։

1073 «Ով արեգակ, որին աստված կանխորոշեց արև ծնվել,
Որ քեզանից հեռավորին՝ վիշտ ես տալու, ո՛չ խինդ վայել,
Իսկ ով մոտ է՝ կրակ դու բորբ, որ քո հրով այրես նրան,
Քեզ նայելիս աստղերն անգամ որ հաճույք ու պարծանք զգան։

1074 Ով տեսնում է՝ սիրահարվում, քեզ համար է ուշից գնում,
Դու վարդ ես վառ, ինչո՞ւ վրադ՝ դու բլբուլներ չես հավաքում,
Ծաղիկն է քո լույսից թոշնում, և իմ ծաղիկն էլ կթոշնի.
Կայրվեմ իսպառ, թե արևիդ շողն օգնության ինձ չհասնի։

1075 Գիտե աստված՝ երկյուղվորած՝ ես քեզ սիրտս բաց եմ անում,
Բայց ի՞նչ անեմ սև օրս այլև, քանզի չունեմ էլ համբերում,
Իմ սիրտն արդեն չի դիմանում խայթոցներին քո սև թարթչի,
Թե ինձ կօգնես՝ օգնիր շուտով, թե չէ՝ ուշքս պիտի կորչի։

1076 Մինչ պատասխանն այս նամակի, գրես մինչև, ինձ ուղարկես,
Եվ իմանամ՝ ինձ սպանում, թե դու այլ կերպ կարձագանքես—
Որքան կուզե սիրտս ցավի, շունչս պահած կդիմանամ.
Բայց ե՞րբ արդյոք կորոշվի՝ պիտի ապրեմ, թե՞ մահանամ»։

1077 Ֆաթման-խաթունն այսպես գրեց, ապա իսկույն հղեց նրան,
Մինչդեռ. կտրիճն այնպես կարդաց՝ կարծես ո՛մն էր կամ ազգական։
«Անտեղյակ է սրտիս,— ասաց,— ով ինձ սիրում, մինչ՝ սիրտն իմ ում,
Այնպես սիրած ունեցողիս—սիրածի հետ համեմատվում։

1078 Ինչի՞ն է պետք վարդին ագռավ կամ թե ի՞նչ սազ կգա նրան,
Բլբուլն իրեն երգը անուշ դեռ չի երգել վարդի վրան,
Տգեղ գործն է միշտ անպտուղ, ուստի տհաճ մարդու թվում,
Ի՞նչ ասել, ի՞նչ խզբզել, ի՞նչ նամակ է այս ինձ գրում»։

1079 Եվ խոսքերով նախատինքի դատափետեց նա իր մտքում,
Սակայն վճռեց. «Ինձնից բացի՝ ոչ ոք ինձ չի օժանդակում,
Թափառական եղա ինչու՝ քանզի կուզեմ՝ գտնեմ նրան,
Ամեն միջոց գործ կդնեմ՝ դեմ իսկ լինի սիրտս որքան։

1080 Միշտ այստեղ է կինն այս ապրում և հանդիպում բազում մարդկանց,
Պատսպարում, ճամփորդ սիրում՝ եկողներին ամեն կողմանց,
Համաձայնեմ՝ գուցե պատմի, ինչ կրակ ինձ այրեց վաղուց,
Դոլցե շահեմ, որի համար՝ պիտի լինեմ վարձահատույց։

1081 Եթե մի կին, իր սիրտը տա, հետը կապվի, մեկին սիրի —
Ամեն ամոթ ու նախատինք անիծյալն այդ կարհամարհի,
Ոչ մի գաղտնիք նա չի պահի ու բաց կանի ինչ նա գիտե,
Լավ է՝ զիջեմ՝ գործից թաքուն լուր իմանամ ուսկից գուցե։

1082 Մարդ չի կարող ոչինչ անել, բա՛խտն իր եթե չցանկանա.
Ինչ ուզում եմ՝ ինձ չտրվեց, մինչ ինչ տրվեց՝ չցանկացա,
Նման է կյանքն աղջամուղջի, ուստի և մենք՝ աղջամուղջում,
Ինչով լի է կուժը եղել՝ կժի միջից այն է թափվում»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ ՖԱԹՄԱՆԻՆ

1083 Գրեց նրան. «Ես կարդացի նամակը քո, գովքը գրած։
Դու կանխեցիր, զի ես քեզնից ավելի՛ եմ սիրով տարված.
Ուզում ես դու, ես էլ կուզեմ՝ քեզ հետ լինել միշտ, անընդհատ։
Մեր միացումն արդարացի, մեր՝ երկուսիս իղձերն է այդ»։

1084 Ես չեմ կարող պատմել ձեզ արդ, թե Ֆաթմանը ցնծաց ինչպես,
Նորից գրեց. «Բավական է, ինչ առանց քեզ լաց եղա ես։
Մենակ եմ ես տանը հիմա, ինձ կգտնես այս իրիկուն,
Մեր հանդիպումն արագ արա, մթնելուն պես՝ արի իմ տուն»։

1085 Նույն երեկո, երբ կտրիճին հրավիրման թուղթը բերին,
Մթան գնաց և հանդիպեց՝ ա՛յլ ծառայի ճանապարհին.
«Ֆաթման-խաթունն ասել է, որ՝ նա ազատ չէ այս իրիկուն»։
Կտրիճն ասաց. «Ի՞նչ բան է այս» ու նեղացավ, չեկա՛վ էլ տուն։

1086 Գնաց նորից, թեպետ արդեն հրավերը ետ էր առած,
Մռայլ նստած էր Ֆաթմանը, երբ կտրիճը կանգնեց դիմաց։
Որ անհանգիստ եղավ կինը՝ Ավթանդիլն այդ լավ նկատեց,
Բայց կինն ահից ու սիրելուց և ոչ մի կերպ չարտահայտեց։

1087 Ու նստեցին, համբուրվեցին, սկսեցին զրույց, կատակ,
Բայց մոտեցավ դռանն հանկարծ մի այլ կտրիճ գեղահասակ,
Ու նրա հետ մտավ ծառան՝ թուր և վահան ուներ ձեռին,
Նա շփոթվեց, ժայռի առավ, երբ նկատեց Ավթանդիլին։

1088 Ֆաթմանը երբ նրան տեսավ, դողաց, ցնցվեց ու սարսափեց։
Եկողն ապշած նրանց մահճին, գուրգուրանքին հայացք ձգեց,
Ասաց. «Ես քեզ չեմ խանգարի, ո՛վ կին, որ այլ գու՛յն ես առել.
Երբ լուսանա՝ կփոշմանես, որ նոր մարդ ես քեզ մոտ բերել։

1089 Ինձ առարկա դարձրիր ծաղրի, պոռնի՛կ, արիր ինձ խայտառակ,
Հատուցումը բայց քո գործի հենց վաղն ևեթ կգա արագ.
Քո սեփական որդոց միսը քո ատամով ծամել կտամ,
Թե այդ չանեք՝ թքիր միրքիս, դաշտերն ընկնեմ՝ ես խենթ ման գամ»։

1090 Ասաց, ապա, ձեռը միրքին, նա դուրս ելավ եկած տանից։
Ֆաթման այտե՛րն էր ճանկռոտում, արյունոտում, գլխին տալիս.
Եվ արտասուքն էր կարկաչում՝ հորդ աղբյուրի նման սարի,
Ասաց. «Վայ ինձ, եկեք, թաղեք վրաս կույտեր լցրեք քարի։

1091 Սպանեցի, ախ, ամուսնուս, կոտորեցի մանկանց անմեղ,
Ողջ ունեցվածքն ավար արի՝ ազնիվ քար ու կայք ու ակնեղ,
Բաժան եղա սիրածներից — վայ ծնողին, զավակներին,
Վերջը բերի, ա՛խ, ես իմ տան, ամո՛թ-ամո՛թ իմ խոսքերին»։

1092 Եվ Ավթանդիլն ամենն ահա զարմացած էր ականջ դնում,
Ասաց. «Ասա, ի՞նչ պատահեց, ի՞նչ ես այդպես դու վշտանում,
Եկվորն, ասա, ի՞նչ սպառնաց, ի՞նչ արատներ քո մեջ գտավ,
Հանգիստ ասա, ո՞վ էր արդյոք, կամ ի՞նչ գործով այստեղ եկավ»։

1093 Պատասխանեց. «Ով դու առյուծ, խենթացել ելք ես շատ լալուց,
Ինձ ոչ մի բան մի հարցնի, անկարող է պատմել լեզուս,
Զավակներիս մորթել եմ ես, լալիս եմ ես դրա համար,
Կործանեցի ինձ քո սիրուց՝ քանզի չեղա համբերատար։

1094 Անտեղի ու շատ խոսողի ահա այս է գալիս գլխին
Գաղտնիք պահել չիմացողին և հիմարին, խելագարին.
Քեզ կպատմեմ ամեն-ամեն, կարեկից ես վշտիս այդ դու—
Բժիշկը չի՛ կարող բուժել՝ իր թշնամուն արյունարբու։

1095 Այս երկուսից մեկը ընտրիր և ավելի մի ցանկանա,
Կամ սպանիր այն եկողին, քանի մութն է՝ թաքուն գնա։
Եվ այսպիսով տունն իմ ամբողջ կործանումից դու կփրկես,
Թե ինչու եք այսքան լալիս՝ երբ ետ կգաս՝ կասեմ ես քեզ։

1096 Իսկ ոչ եթե—հենց այս գիշեր իշաներին բեռդ բարձիր,
Հավաքիր ինչ ունես-չունես և մեր կողմից շուտ հեռացիր.
Վախենում եմ՝ մեղքիս համար վզիդ վրա փորձանք բարձեն,
Թե կտրիճն այս պալատ գնա՝ զավակներիս՝ ի՛նձ կուտեցնեն»։

1097 Ավթանդիլը խիզախ, բարի, երբ որ տեղյակ ելավ լուրին —
Ելավ տեղից իր լախտն առավ, ի՜նչ սիրուն է մարդ-քաջարին,
«Չձեռնարկեմ,— ասաց,— գործն այս — արդյունք է լոկ իմ վատության»։
Մի՛ վարանիր—այլ շնչավոր՝ չկա՛ մեկը նրա նման։

1098 Կնոջն ասաց. «Մարդ տուր ինձ հետ՝ ճամփա ցույց տա, ուսուցանի,
Ինձ օգնական պետք չէ հարկավ—ուղիղ ճամփով այնտեղ տանի։
Չեմ համարում ես այն մեկին մարդ-մրցակից կամ զինակիր,
Թե ինչ կանեմ՝ կասեմ ես քեզ, հանգի՛ստ մնա, ինձ սպասիր»։

1099 Ֆաթմանն իսկույն ծառա տվեց՝ տանի նրան, առաջնորդի.
Իսկ հետևից ձայնեց– «Հիմա՝ կմեղմանա հուրն իմ սրտի.
Թե սպանես դու այն մարդուն՝ այս իմ սրտին հագուրդ կտաս,
Մատանիս է մատին նրա, բեր մատանին, երբ ետ կգաս»։

1100 Ու Ավթանդիլն անզուգական իր կեցվածքով քաղաքն անցավ,
Ծովի ափին կանաչ-կարմիր քարից կերտված մի տուն տեսավ,
Ցածում կար մի չքնաղ սրահ, իսկ վերևում՝ ճոխ դարատափ,
Խոշոր շենքի մասերն իրար կցված էին նուրբ, համաչափ։

1101 Ավթանդիլին՝ դեմքը արև, ուղեկիցը տարավ այդ տան,
Եվ ցած ասաց. «Սրահն է այս պատկանում ձեր փնտրած մարդուն»–
Ցույց է տալիս, ասում նրան. «Տեսնում ես այն տանիքն առնած,
Գիտցիր, նրան միշտ կգտնես այնտեղ նստած կամ թե քնած»։

1102 Դռան առաջ երկու պահակ պառկել էին, մտել ի քուն,
Ավթանդիլը մտավ պալատ՝ առանց աղմուկ, լուռ ու թաքուն։
Ամեն ձեռով բռնեց մի բուկ և երկուսի հոգին հանեց,
Գլուխները խփեց իրար, մազն ու ուղեղն իրար խառնեց։

1103 Մինչ պատանին ննջարանում պառկել մենակ ու զայրացած,
Ավթանդիլը, ձեռներն արնոտ, կանգնեց հանկարծ նրա դիմաց
Նա դեռ չելած՝ այնպես զարկեց, որ մեռավ ու՝ մարդ չլսեց,
Բռնեց ձեռով, տվեց գետին և դանակով նրան մորթեց։

1104 Նա՝ արևն իր նայողների, գազանն ահեղ՝ ոխերմի հետ —
Կտրեց մատը մատնի կրող, դիակն հղեց սանդարամետ,
Լուսամատից նետեց նա ծով ու ավազին խառնեց ծովի
Էլ ոչ պետք կար փորոց-բահի, ոչ էլ կարիք տապան-հողի։

1105 Ու կոտորման լուրը նրանց ոչ ոքի՛ց էր ոչ ո՛ւր լսվել։
Վերադարձավ այն վարդն անուշ, որ այդ դեպքից շատ էր հուզվել,
Զարմանք, սակայն, նրանց արյունն՝ ինչպե՛ս թաքուն նա գողացավ—
Եվ իր անցած ճանապարհով՛ Ֆաթմանի մոտ վերադարձավ։

1106 Առյուծ, արևն ու քաղցրախոսն երբ ներս մտավ Ֆաթմանի մոտ,
«Սպանեցի,— ասաց,— նրան, էլ չի՛ տեսնի օր արևոտ,
Քո ճորտն եղավ դրան վկա, ասա, երդվի թող աստուծով,
Ու մոտս է դեռ դանակն արնոտ, և մտան ահա մատանիով։

1107 Քո պատմելիքն հիմա ասա՝ կատաղեցիր ինչո՞ւ այնպես,
Շուտով պատմիր՝ ճեմ համբերում, ի՞նչ սպառնաց մարդը այդ քեզ»։
Ֆաթմահն ընկավ ոտքեր նրա, ասաց. «Նայել քեզ չեմ արժան,
Վիրավոր իմ սիրտը բուժվեց ու հանգիստ եմ հիմա՛ միայն։

1108 Ուսենն ու ես, և իմ որդիք՝ այսօր նորից աշխարհ եկանք,
Առյուծ, ինչպե՞ս մենք քեզ պատշաճ, ինչ մեծարանք հիմա քեզ տանք,
Զի խոստացար արյունն առնել՝ և առել ես արդեն դարձել,
Պատմեմ հիմա քեզ ամենայն, դու պատրաստվիր հիմա լսել»։

ՖԱԹՄԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

1109 Նավրոզի օրն ամեն աարի, այս քաղաքում կարգ է ու կա՝
Ոչ վանառք են անում այստեղ, ոչ էլ ընկնում մեկը ճամփա,
Պատրաստվում են մարդիկ ամեն, գեղեցկանում ու զարդարում,
Իսկ թագավորք պալատական իւնճույքներ են միշտ կատարում։

1110 Վանառական մեծամեծներս ընծաներ ենք պալատ տանում
Եվ այնտեղից յուրաքանչյուրն՝ ըստ պատշաճի պարգև ըերում.
Տասն օր անդուլ լսվում է ձայն ծնծղայի ու տավիղների,
Ասպարիզում՝ երգ, գնդախաղ, ոտքի դոփյուն ձիաների։

1111 Ամուսինն իմ՝ ինքը Ուսեն, վաճառաց է պալատ տանում,
Նրանց կանանց՝ ես աոաջնորդ, հրավերի հարկ չի լինում,
Հարուստ, աղքատ, ամենն հարկավ, նվեր տանում մեր թագուհուն,
Զվարճանում այնտեղ հաճո, ապա ուրախ գալիս մենք տուն։

1112 Ու երբ եկավ օր նավրոգի — մենք թագուհուն ընծա տարանք,
Մատուցեցինք, շնորհեցինք, լիացրինք և լիացանք,
ժամանակին ուրախ և գոհ ու կամովին դարձանք մենք ետ,
Ու մեզ ու մեզ զվարճացանք, պալատական չկար մեզ հետ։

1113 Երեկոյան պարտեզի մեջ զբոսանքի ես դուրս ելա
Ու պարտ էի սեղան առթել—խաթուններին ինձ հետ տարա,
Մեզ հետ կային և երգիչներ, երգում էին քաղցր ձայնով,
Ես էլ երգում և մանկանում, խաղում էի վարսակապով։

1114 Պարտեզիս մեջ շենքեր կային՝ գեղեցկաշեն և անթերի,
Ծովին նայող և բարձրադիր, ամեն կողմից նկատելի.
Այնտեղ տարա խաթուններին, եկել էին որոնք ինձ մոտ.
Եվ մենք նորից սկսեցինք խնջո՛ւյքը մեր ուրախ, անհոգ։

1115 Հյուրասիրում ես այդ կանանց, ցնծում էի հյուրերիս հետ,
Բայց խմելիս իմ բերանից թռավ ինչ-որ խոսք անհեթեթ,
Ու ցրվեցին՝ ով կար ճաշի, խնջույքը մեր իր վերջն առավ,
Եվ մեն-մենակ ես մնացած՝ մրմուռ-թախիծ սրտիս իջավ։

1116 Ու լուսամուտն իմ դեմ բացած՝ նայում էի դիմաց ծովին
Եվ զովանում, նայում հեռուն, թախիծն հոգուս տալիս հովին,
Հեռվում փոքրիկ բան երևաց, որ լողում էր ծովի միջում.
Մտածեցի՝ ի՞նչ կլինի — կամ մի գազան և կամ թռչուն։

1117 Հեռու էր նա, չէի ջոկում, մոտիկ եկավ—նավ էր մի այդ.
Միջին կանգնած երկու հոգի՝ սև էր նրանց մարմին ու այտ.
Մեջերն առած մի երրորդի, ում գլուխը տեսա միայն,
Երփ ափն ելան՝ զարմանք պատեց—մի անսովոր պատկեր էր այն։

1118 Դուրս հանեցին նավն այդ ծովափ, դրին հենց մեր այգու դիմաց,
Դես նայեցին, դեն նայեցին՝ մարդ չի՞ տեսնում արդյոք նրանց.
Բայց կենդանի շունչ չտեսան, երկյուղ չազդեց նրանց ոչինչ,
Մինչ ես ծածուկ նայում էի, շունչս պահած, իմ տան միջից։

1119 Դուրս հանեցին նրանք նավից՝ տեսա ինչ որ մի տապանակ,
Երբ բաց արին — տապանակում մի աղջիկ էր գեղահասակ,
Գլխին գցած նա սև խավուն, հագին կանաչ զգեստ ուներ,
Երանի չէ՜ր արեգակին՝ եթե նրա նման լիներ։

1120 Աղջիկը երբ իմ կողմ դարձավ, նրա շողը դիպավ ժայռին,
Լալ այտերի փայլքը նրա լույս արձակեց երկին-երկրին.
Ու շլացան աչքերս իսկույն՝ արև էի կարծես դիտում.
Դուռն իմ կողմից ես ծածկեցի, երբ տեսա ինձ չեն նկատում։

1121 Սպասարկու իմ մարդկանցից ես կանչեցի չորս ճորտերի
Եվ ասացի. «Տեսեք՝ հինդերն ի՛նչ աղջիկ են առել գերի,
Գաղտագողի իջեք հանդարտ, առանց աղմուկ և մոտեցեք,
Թե կծախեն, ինչ գին ուզեն՝ մի վարանեք, վճարեցեք։

1122 Թե չծախեն՝ դուք չզիջեք, հարձակվեցեք ու կոտորեք,
Զգույշ եղեք, լավ գործեցեք, լուսինը այն ինձ մոտ բերեք»։
Ծառաներս գաղտագողի վերևից ցած կարծես թռան։
Սակարկեցին՝ չէին ծախում—սևերն էին անբավական։

1123 Նայում էի լուսամատից։ Երբ որ տեսա չծախեցին,
Ես կանչեցի. «Կոտորեցեք»։ Մերոնք նրանց գլխատեցին.
Շպրտեցին ծովը նրանց, պահպանեցին բայց աղջկան,
Ես դեմն ելա ծովի ափին, ինձ մոտ վերև տարա նրան։

1124 Ինչպես գովեմ նազանքը նուրբ, չքնաղագեղ տեսքը սիրուն,
Երդվում եմ ես՝ արև էր նա, արևն իզուր էր արևում.
Ո՞վ կհասնի նրա շուքին, ինչքան էլ նա դե՛մքն շպարի,
Թե կասկած կա՝ ասածիս մեջ—պատրաստ եմ՝ թող՝ հուրն ինձ վառի»։

1125 Երբ ավարտեց խոսքերն իր այս Ֆաթմանն իրեն դեմքին խփեց
Ավթանդիլի լացն էլ եկավ, աչքերից ջերմ արցունք թափեց.
Էլ մոռացան նրանք իրար և խենթացան ի սեր նրա,
Հեղեղներից նրանց աչքի թարմ ձյունն հալվեց գետնի վրա։

1126 Լացից հետո կտրիճն ասաց. «Շարունակիր խոսքդ դու այն»։
Ֆաթմանն ասաց. «Ընդունեցի, նվիրեցի սիրտս նրան
Ու ձեռ ու ոտն համբուրեցի՝ մինչև որ նա ձանձրույթ զգաց,
Թախտիս վրա բազմեցրի, ամուր-ամուր նորեն գրկած։

1127 Ասի. «Պատմիր ո՞վ ես, արև՛, և կամ զավակ դու ի՞նչ ցեղի,
Կամ որտեղի՞ց բերին խափշիկք քեզ՝ իշխողիդ յոթը աստղի»։
Բայց չհաճեց պատասխանել իմ բազմաթիվ հարցերին նա,
Նրա կաթած արտասուքից աղբյուր բխեց հարյուրակնյա։

1128 Ու հարցերից իմ ձանձրացած, դադրած ավել զրույցներով,
Նա հեկեկաց սրտի խորքից ինչ-որ մեղմ ու հանդարտ ձայնով.
Նարգիզներից բյուրեղ-լալին առատ-առատ հեղեղ իջավ,
Ես այրվեցի՝ տեսա երբ այդ, մոլորվեցի, սիրտս մեռավ։

1129 Ասաց. «Մայր ես դու ինձ համար, մայրն ավելի քան հարազատ,
Իմ պատմությունն ինչի՞դ է պետք՝ շատախոսին վայել հեքիաթ։
Պանդուխտ եմ ես հեռու տեղից, դարձած հլու իմ չար բախտին.
Հարցում անես թե դու ուրիշ — կզրպարտե՛ս դու արարչին»։

1130 Մտածեցի. «Լավ չի կանչել արեգակին ամեն մի ժամ,
Կանչողն ինքն է ուշք կորցնում և խենթանում նույնիսկ անգամ—
Աղերսանքով պիտի դիմել ու պատմելու հարմար ժամին.
Ինչո՞ւ սակայն, չհասկացա — ժամ չէր դիմել այս արևին։

1131 Վերև տարա արևշաղին, գովականին, գերգովելուն,
Երդում կանեմ իր կարոտով՝ հազիվ թաքցրի շողը սիրուն.
Խիտ բազմածալ կերպասներով վարագույրներ էի պատում,
Թարթիչներից փչում էր բուք, աչքից կարկուտ արցունք թափում:

1132 Իմ տուն տարա ևս արևին, այն իրանով չքնաղ նոճուն.
Հատուկ սենյակ պատրաստեցի ու պահեցի այնտեղ թաքուն,
Ես ոչ ոքի չասի, զգույշ, մեծ խնամքով էի պահում,
Լոկ ես էի գնում այցի, մեկ էլ խափշիկ մի ծառայում։

1133 Ինչպե՞ս պատմեմ, ավա՜ղ, նրա վարմունքը ես զարմանալի.
Օր ու գիշեր միշտ, անընդհատ լալիս էր նա, անդուլ լալի։
Խնդրում էի. «Հանգստացիր» — լսում էր ինձ մի ակնթարթ,
Առանց նրա, վա՛յ ինձ, ինչպե՞ս ես ապրեցի անհոգ, հանդարտ։

1134 Մտնում էի տեսնում իր դեմ՝ արտասուքի լեցուն գբեր.
Սև թանաքի խորքերի մեջ փայլում էին սաթի տեգեր,
Թանաքի սև լճակներից հեղեղատներ թափվում սաթի,
Մարջանների միջև փայլում երկու շարա՛ն մարգարիտի։

1135 Նրա անդուլ արտասվելուց ժամ չգտա, որ տամ հարցեր,
Գոնե ասեմ. «Ո՞վ ես, արև, ինչո՞ւ ես դու այդպես դարձել.
Բխում էր միշտ արյան առուն հալվեի չքնաղ ծառից,
Հողեղենը չէր դիմանա, թե սիրտն անգամ լիներ քարից։

1136 Նա չէր հագնում ո՛չ վերնաշոր, ոչ անկողնի մեջ էր պառկում—
Գլխին նա մի խավուն ուներ, մի ղաբաչա էր միշտ հագնում.
Եվ թևն էր նա բարձի տեղակ իր գլխի տակ դնում միայն,
Հազար ու մի աղերսանքով հազիվ էր նա ուտում մի բան։

1137 Ինչ՜ ղաբաչա խավուն ուներ — այլ քան պատմեմ տարօրինակ.
Տեսել եմ ես շատ թանկագին, հազվագյուտ ի՛ր ամեն տեսակ,
Բայց այդպիսի իր չեմ տեսել և ոչ նրանց նման կերտված.
Գործածի պես փափուկ էին, բայց պինդ էին ինչպես կոփված։

1138 Իմ տան մեջ այն չնաշխարհիկն ապրեց այդպես լացով դեռ շատ,
Քաշվում էի մարդուս պատմել, չընծաեցի նրան հավատ,
Թե պատմեի, անպիտանն այդ գուցե պատմեր արքունիքում։
Մտնում էի, թե դուրս գալիս—այդպես էի իմ մեջ խորհում։

1139 Իսկ թե չասեմ, ինչպե՞ս անեմ, ինչպե՞ս մենակ օգնեմ նրան,
Ոչ գիտեմ՝ ի՛նչ է անհրաժեշտ, ոչ մարդ գիտեմ՝ գա օգնության.
Եթե ծածկեմ, ինձ կմորթի՝ Ուսենն եթե ինքն իմանա.
Ինչպե՞ս ծածկեմ լույսը ես այն, արևի՛ն է հար ու նման։

1140 Կրակն, ավաղ, այրում էր ինձ, սակաւն մենակ ես ի՞նչ անեմ.
Որոշեցի մարդուս պատմել—չմեղանչել Ուսենի դեմ,
Երդում թող տա՝ որ ոչ ոքի նա չի պատմի՝ խոսք տա հաստատ,
Չի կորցնի նա իր հոգին և կպահի երդումն անխախտ։

1141 Մենակ մտա Ուսենի մոտ, կատակ արի, գուրգուրեցի,
Ու դիմեցի ապա նրան. «Մի բան կասեմ, բայց խոստացիր,
Որ չես ասի ոչ մի հոգու, պիտի հաստատ իմ դեմ երդվես»։
Սարսափելի երդում տվեց. «Անձս ժայռին խփած տեսնես։

1142 Ինչ էլ պատմես՝ մինչև, ի մահ չի իմանա մի մարդ անգամ.
Ոչ ծերունի, ոչ պատանի, ոչ թշնամի, ոչ բարեկամ»։
Եվ պատմեցի նրան ամեն, ասի խղճմիտ իմ ամուսնուն.
«Արի, հիմա տես դու նրան՝ արևի է որ նմանում»։

1143 Ինձ հետ եկավ և անցկացանք, դուռը բացինք այն սենյակի,
Ուսենն ապշեց և շփոթվեց — ցոլքը տեսավ արեգակի.
Ասաց. «Այս ի՞նչ բան ցույց տվիր, արդյոք ո՞վ է կամ ի՞նչ նյութից
Թե սա լինի մի հողեղեն՝ աստված զրկե ինձ աչքերից»։

1144 Ասի. «Ոչ էլ ինքս գիտեմ՝ հողեղեն է թե ծնունդով,
Եվ չգիտեմ ես ավելին, քան քեզ ասի արդեն խոսքով,
Եկ, երկուսով հարցում անենք՝ ինչո՞ւ է նա դարձել այդպես,
Շա՜տ աղաչենք, գուցե՝ խղճա, գուցե մի բան պատմի նա մեզ»։

1145 Պատկառանքով մենք մոտեցանք և դիմեցինք հարգոյաբար,
Ասինք նրան. «Ով արեգակ, մեզ այրեցիր հրով քո վառ.
Պատմիր դու մեզ՝ դալուկ լուսնիդ արդյոք այդ ի՞նչ ճար պիտի տալ,
Ինչո՞ւ ես դու դարձել քրքում, դու, որ մի օր եղել ես լալ»։

1146 Ինչ հարցրինք—ես չգիտեմ՝ լսե՞ց արդյոք, թե՞ չէր լսել.
Մարգարիտն իր չէր ցույց տալիս, վարդ-ջուրթե՚րն էր իրար կցել
Օձ-խոպոպներն անկարգ թափված, շուռ էր տվել ծաղկոց այտեր.
Թե ծածկել էր վիշապն արև, էլ լույսն ինչպե՞ս պիտի բացվեր։

1147 Մեր խոսքերից և ոչ մեկի պատասխանին չարժանացանք.
Մռայլված էր՝ ինձ ու հովազ, բայց թե ինչո՞ւ—չհասկացանք։
Իսկ երբ կրկին հարցում արինք՝ աչքից հանկարծ արցունք հոսեց,
«Ես չգիտեմ, հանգիստ թողեք»,— այսքան միայն լեզուն խոսեց։

1148 Ու նստեցինք նրան մոտիկ, սկսեցի՛նք լալ, արտասվել,
Եվ զղջացինք մեր ասածին, էլ ի՞նչ կարող էինք անել.
Աղերսեցինք հանգստանա, լռեց հազիվ ու մեղմացավ,
Մրգեր ինչ-ինչ մատուցեցինք, սակայն ուտել չցանկացավ։

1149 Ուսենն ասաց. «Սրա տեսքից անցան-կորան վշտերն իմ բյուր,
Արևարժան այս այտերին ափսոս չէ՞ մարդ հպի համբույր։
Պատժված է հարյուր անգամ, ով որ սրան դեռ չի տեսել,
Աստված որդոցն իմ կոտորի՝ թե նրանց եմ գերադասել»։

1150 Նայում էինք նրան երկար, հառաչանքով վերադարձանք,
Թե հրճում էր տեսնել նրան—անջատվելը՝ մեծ տառապանք:
Թողած մեր գործն առուտուրի՝ գնում էինք նրան այցի,
Սրտերը մեր անդառնալի գերին էին նրա ցանցի։

1151 Անցավ որոշ մի ժամանակ, անցան ցերեկ ու գիշերներ,
Ուսենն ասաց. «Թագավորին չեմ այցելել վաղուց ի վեր.
Խորհուրդ թե տաս՝ կերթամ այցի, ներկայանամ, տանեմ նվեր»,
Ասի. «Վկա ինքը աստված, ցանկությունը լինի թող ձեր»։

1152 Ուսենն առավ մատուցարան — լի մարգարիտ ու ակնեղեն,
Ես խնդրեցի. «Այնտեղ հարբած դրանիկներ կպատահեն,
Թաղես դու ինձ՝ աղջկա մասին՝ թե բերանից դու խոսք հանես»
Կրկին երդվեց. «Գլուխս անգամ թրով կտրեն՝ չեմ ասի ես»։

1153 Գնաց Ուսենն այնտեղ տեսավ—խնջույքի էր նստել արքան,—
Նա բարեկամն էր արքայի, նրա սրտի ուզա՜ծն այնքան,—
Ընծան առավ և ընդունեց ու տեղ տվեց իրա մոտին
Բայց, արի տես, թե ի՛նչ արեց՝ հարբած, ճարպիկ վաճառորդին։

1154 Երբ արքան ու Ուսենն ինքը դատարկեին բազում թասեր,
Նորից լցրին, դատարկեցին բաժակ ու փարչ շատ անգամներ,—
Նա մոռացավ ամեն երդում, մուսաֆ, մաքանն ուր մնացին,
Ճիշտ է ասված՝ ինչի՞ն է պետք—վարդն՝ ագռավին, պոզերն՝ իշին։

1155 Մեծ թագավորն ասաց հարբած, անխելամիտ իմ ամուսնուն.
«Զարմանում եմ՝ որտե՞ղ գտար ակները, որ ինձ ես ձոնում,
Այսպես խոշոր մարգարիտներ, լալ աննման այսպես պայծառ,
Անձս վկա, քեզ դրանց տեղ՝ տասերորդն էլ չեմ կարող տալ»։

1156 Ուսենը խոր գլուխ տվեց, ասաց. «Արքա վսեմափառք,
Երկնային լույս սփռող արև, էակներին պարգևող կյանք,
Ինչ որ ունեմ ո՞ւմն է արդյոք, գանձը, ոսկին ո՞վ է տվել.
Իմ մոր փորից հո չեմ բերել, չէ՞ որ հենց դո՛ւք եք շնորհել։

1157 Անձդ վկա, մի լեր, արքա՝, շնորհակալ դրա համար,
Ես մի ուրիշ ընծա ունեմ՝ հարսնացու ձեր որդու հարմար,
Շնորհ կանեք այնժամ իրոք՝ այն արևին երբ դուք տեսնեք,
Եվ երջանիկ ձեր վեհության շնորհները կառատացնեք»։

1158 Դրժեց խոստումն, ուժն հավատի, էլ չեմ ուզում խոսել երկար,
Պատմեց նա իմ հյուրի մասին, արևից էլ որ էր պայծառ.
Թագավորին դուր էր եկել, ուրախացել սիրտը շատ-շատ,
Հրամայել պալատ տանեն՝ ինչպես Ուսե՛նն էր ասել այդ։

1159 Իմ տանը ես հանգիստ նստած, անակնկալ սիրտս տնքաց,
Երբ ճորտապետն արքունական իմ տան դիմաց կանգնեց հանկարծ.
Ինչպես կարգն էր արքայական՝ վաթսուն ծառա իր հետ ուներ.
Ես ապշեցի և հասկացա՝ գործն այս վերին պիտի լիներ։

1160 Սալամ տվին և ասացին. «Հրաման տվեց, Ֆաթմա՛ն, արքան,
Որ մեզ հանձնես քեզ մոտ եղած արևադեմ այն աղջկան,
Որին Ուսենն իբրև ընծա՝ տվեց այսօր թագավորին»։
Կարծես գլխիս երկինք պայթեց, զայրույթն աստծո դիպավ սարին։

1161 Ես զարմացած ասի նրանց. «Ի՞նչ աղջիկ եք ուզում, որի՞ն»
«Շողափայլ է դեմքը որի՝ Ուսենն ասաց թագավորին»։
Էլ ելք չկար, օրհասական ժամն էր արդեն ինձ մոտենում.
Դողում էի՝ էլ ոչ նստել, ոչ էլ կանգնել կարողանում։

1162 Մտա, տեսա գեղեցկուհուն, ինչպես և միշտ, լաց էր լինում.
Ասի. «Արև, տես՝ բախտը սև ինչպես է ինձ դավաճանում.
Երես դարձրեց երկինքն ինձնից, մեծ զայրույթով, ախ, նա լքեց,
Ինձ մատնեցին, լավ է մեռնեմ՝ արքան ի՛նքն է ուզում արդ քեզ։

1163 Ասաց. «Քույր իմ, մի զարմանար՝ ինչքան էլ դա ծանր լինի,
Անագորույն բախտն ինձ համար միշտ մի վատ բան պիտի անի.
Թե լավ բան տա, դու զարմացիր, վատին երբեք մի զարմանար,
Նոր չեն վշտերն ամեն տեսակ, հին են նրանք ախ ինձ համար»։

1164 Աչքից, ինչպես մարգարիտներ, արցունք թափեց առատահոս.
Ելավ այնպես խիզախ, անվախ՝ ինձ մի ինչպես կամ մի հերոս.
Խինդը նրան՝ խինդ չէր թվում, ոչ էլ վիշտը՛ վիշտ ընդունում.
Մի աջիղա խնդրեց միայն և փաթաթվեց այդ սավանում։

1165 Գանձարանը մտա ես իմ, որ դժվար է գնահատել—
Ակներ առա ու մարգարիտ՝ ինչքան կարող էի տանել.
Եվ ամեն մեկն ակնեղենից՝ ուներ ամբողջ քաղաքի զինգ
Եվ ում համար սիրտս էր մեռնում՝ ես կապեցի նրա մեջքին։

1166 «Առ, ջանիկ իմ,— ասի նրան,— գուցե մի տեղ քեզ պետք կգան» —
Եվ ծառայոց տվի դատին արևն երես այն աղջկան։
Դիմավորեց արքան նրան, փող փչեցին, եղավ և զարհ,
Իսկ նա քայլո՛ւմ էր գլխահակ և անվրդով, լուռ, անբարբառ։

1167 Ովքեր տեսան՝ խառնվեցին, ծագեց աղմուկ և աղաղակ.
Եվ սարանգներն անզոր էին այնտեղ պահել կանոն ու կարգ։
Արքան տեսավ՝ աղջիկն հեզող և լուռ ու մունջ իր դեմ-դիմաց,
«Արև, ինչպե՞ս աստ ծագեցիր» — շփոթվելով նրան ասաց։

1168 Դիտողներին, արևի պես, աչք փակե՛լ էր նա ստիպում,
Արքան դարձավ ներկաներին. «Նայում թեպետ—բայց չեմ տեսնում,
Ստեղծել է արդյոք աստված այսպես էակ ուրիշ մի տեղ,
Սիրահարը սրան սիրող պիտի փախչի դաշտ խելահեղ»։

1169 Ու տեղ տվեց արքան կողքին, խոսեց հետը անուշ, կամաց.
«Ո՞վ ես, ասա, ո՞ւմ զավակն ես, կամ ինչ ազգից այստեղ հասած,
Բայց անշարժ էր դեմքը արև, ոչ էլ տվեց մի պատասխան,
Մինչ գլխիկոր և տխրադեմ նստած էր միշտ հանգիստ, անձայն։

1170 Նա չէր լսում թագավորին, ինչ հարցեր էլ կուզեր նա տար.
Ուրիշ կողմ էր սիրտը նրա, ուրիշ մտքեր՝ նրան սատար,
Վարդի թերթերն իրար հպել, գոհար-բերանն իր չէր բացում,
Ովքեր տեսնում՝ ապշում էին—ո՞վ գիտե՝ ով ի՛նչ էր կարծում։

1171 Ու դիմում է ապա արքան. «Այս առեղծվածն ինչպե՞ս բանամ,
Երկու կարծիք միայն ունեմ, և չի կարող լինել այլ բան.
Սիրահար է նա կամ մեկի — սիրածին է իր լոկ հիշում,
Լոկ նրանով միտքը տարված և ոչ ոքի հետ չի խոսում։

1172 Իմաստուն է և կամ սա մի, ինքը՝ վերին, վերևն ապրում,
Ոչ խնդրանքն է սրան շարժում, ոչ էլ վիշտը վրան ազդում.
Դժբախտություն, երջանկություն՝ սրա համար հեքիաթ է մի,
Ուրիշ վայրեր, այլուր թռչում՝ միտքը նրա հանց աղավնի։

1173 Աստված տա և մեզ մոտ դառնա որդիս ուրախ, հաղթանակով,
Նրան հանձնեմ արևը այս, որ կպահեմ գորովանքով,
Գուցե սրան խոսել տա նա, և մեզ համար պարզվի մի բան,
Մինչ այդ՝ իբրև գունատ լուսին, թող արևից մնա բաժան»։

1174 Արքայորդին, պիտի ասեմ՝ կտրիճ, բարի, երիտասարդ,
Անզուգական՝ վարք ու բարքով, դեմքով, մարմնով իրոք մի զարդ,
Հեռու՝ կռվի՛ էր գնացել, մնում էր դեռ կռվի դաշտում։
Հայրն արևի պես աղջկան՝ նրա համա՛ր էր պատրաստում։

1175 Եվ զգեցին նուրբ կերպասով, շքեղ զգեստ գեղանկար,
Եվ զգեստին փայլում էին՝ ակներն ինչպես աստղերը վառ,
Գլխին դրին ամբողջովին լալից տաշած թագ աննման,
Ջինջ բյուրեղի ցոլքերի մեջ — փայլում էր վա՛րդն անզուգական։

1176 Արքան ասաց. «Մահի՛ճ զարդեք՝ հարմար ու գեղ արքայական»
Դրին այնտեղ մաքուր ոսկուց ձուլած մի թախտ մաղրիբական.
Հենց ինքն ելավ զորեղ արքան, տերն այդ ամբողջ ապարանքի՝
Թախտի վրա դրեց արփուն՝ ներկաներին խինդ զարմանքի։

1177 Ինը ծառա,— ասաց,— կանգնեն իբրև պահակ նրա դռան,
Ապա նստեց նա խնճույքի՝ արքաների միայն արժան.
Ուսենին ճոխ պարգև տվեց, արևի տեղ՝ ի հատուցում,
Իսկ հանդեսին մեծ շուք տալով կոչնակ ու փող էին թնդում։

1178 Երկարում էր խնճույքը դեռ, խմում էին, երկար խմում,
Աղջիկը բա՛խտն էր անիծում. «Ինչո՞ւ ես, բա՛խտ, ինձ սպանում,
Ես որտեղից որտե՞ղ հասա, ո՞ւմ ձեռքն ընկա՛ ո՞ւմ սիրելով,
Ես ի՞նչ անեմ, ես ի՞նչ լինեմ՝ կյանքն այս ծանր ես ապրելու»։

1179 Կրկին ասաց. «Չեմ թոշնեցնի գեղեցկությունն իմ վարդագույն.
Կպայքարեմ և աստուծով՝ գուցե հաղթեմ իմ թշնամուն.
Մահից առաջ ինքը իրեն՝ ո՞ր բանականն է սպանում։
Երբ նեղության մեջ է ընկնում—խելոքի խե՛լքն է երևում»։

1180 Ծառաներին իր մոտ կանչեց, հրամայեց, «Լավ հասկացեք,
Խաբվել եք դուք և սխալվել, զուր ինձ պահել մի՛ ցանկացեք.
Սխալ է ձեր տերը, որ ինձ՝ հարս կարգել է նա փափագում,
Ջուր ինձ համար փող ու կոչնակ և նոբա է նա նվագում։

1181 Անպետք եմ ես՝ ձեզ թագուհի, ուրիշ է իմ ընտրած ուղին,
Ես չեմ ուզում ձեր քաջարի և արևի դեմքով նոճին։
Մի պահանջեք ուրիշ մի գործ, տարված եմ ես ուրիշ գործով
Եվ կյանք վարել ձեր շրջանում՝ հարմար չէ՛ ինձ, ո՛չ իմ սրտով։

1182 Ես կսպանեմ ինձ անպատճառ և կխփեմ սրտիս դանակ.
Եվ կպատմի ձեր տերը ձեզ ու կմեռնեք աննպատակ,
Բարին այն է՝ գանձս տամ ձեզ, ինչ ես ունեմ—դուք բաժանեք
Եվ ինձ թողնեք, որ ես փախչեմ, թե չէ հետո՝ կփոշմանեք»։

1183 Գոտին քանդեց, հանեց ակներն ու մարգարիտ մեջքին կապած,
Առավ գլխից թագն իր փայլուն՝ ամբողջովին լալից տաշած.–
Տվեց, ասաց. «Ես ջերմաջերմ—աղաչում եմ, որ ընդունեք,
Ինձ բաց թողեք, ձեր աստծու վրա դուք պա՛րտք պիտի դնեք»։

1184 Ագահաբար գրավվեցին նրանք տեսքով տեսած գանձի,
Եվ մոռացան ահն արքայի, ինչպես չնչին, հանց մի գզրի,
Ու փախցնել որոշեցին այն աննման գեղեցկուհուն.—
Սատանայի գայիսոնն այդ, ոսկին, տեսե՛ք, ի՜նչ է անում։

1185 Ոսկին իրեն սիրողներին ուրախության չի հասցնում,
Ու մինչ ի մահ ագահությունն՝ ատամներ է կրճտացնում,
Ոսկին ինքը ելումտում՝ դժգոհ ագահն իր վիճակից —
Հողի հետ է հոգին կապում, վերև թռչել՝ թույլ չի տալիս։

1186 Եվ ծառաներն արին այնպես, կուզեր նա ինչ ըստ ցանկության,
Մեկն իր hագի շորերն հանեց, անմիջապես տվեց նրան,
Խնճույքում դեռ խմում էին... նա դուրս եկավ ուրիշ դռնից,
Լուսինն արդեն դարձավ ազատ, ազատ՝ օձի ատամներից։

1187 Անհետ դարձան ծաոռայք նաև, աղջկա հետ թաքուն փախան։
Աղջիկն հանկարծ դուռս ծեծեց և ինձ դրսից կանչեց. «Ֆաթման
Ելա, իսկույն ճանաչեցի, շատ զարմացա ու գրկեցի,
Ներս կանչեցի՝ ներս չմտավ, ու զղջացի, որ խնդրեցի։

1188 Նա ինձ ասաց. «Ես գանձերով քո նվիրած այն փրկվեցի,
Աստված իր մեծ ողորմությամբ՝ փոխարենը քեզ հատուցի,
Ինձ թաքցնել՝ էլ չես կարող, ձի տուր փախչեմ, քանի չկան,
Քանի արքան չի իմացել, մարդ չի ճամփել հետապնդման։

1189 Արագ մտա ախոռը մեր և ընտրեցի ձին լավագույն,
Եվ թամքեցի, տվի նրան, ուրախ-ուրախ հեծավ իսկույն.
Կարծես իմ դեմ մեծ լուսատու արեգակը առյուծ հեծավ,
Չհնձեցի ցանածն իմ ես, իմ աշխատանքն իզուր անցավ։

1190 Օրն էր մթնում, շփոթն ընկավ, հետապնդման ահա եկան,
Քաղաքն ամբողջ շրջապատված՝ սկսեցին փնտրել նրան.
Ինձ հարցրին, ևս ասացի. «Նրան թե իմ տանը գտնեք —
Թագավորի դեմ մեղանչած, արյունապա՛րտ ինձ համարեք»։

1191 Որոնեցին ու չգտան և խաղք եղած վերադարձան.
Եվ այն օրից, վզրուկներով, սու՛գ է պահում մեր մեծ արքան,
Դրանիկներն, ահա, նայիր, մանուշակի գույն են հագած,
Ինչ հեռացավ մեզնից արփին — լույսից նրա եղանք զրկված։

1192 Ես այն լուսնի ուր լինելն եմ այնուհետև պատմելու քեզ,
Բայց նախ պատմեմ՝ ի՛նչ սպառնաց քո սպանած մարդը այնպես
Ավաղ, նրա էգ այծն էի, իսկ նա՝ իմ քոշն ու իմ որձակ
Թե չոր սիրտն է մարդուն արատ, մինչ կնոջը՝ բա՛րքն անառակ։

1193 Պատշաճ չեմ ես իմ ամուսնուն — նիհար է նա, դեմքով տգեղ,
Իսկ պատանին այն մատռվակ՝ արքունիքում վզրուկ շքեղ,
Սիրում էինք մենք մեկ-մեկու, թեպետ հիմա չհագա փալաս,
Երնեկ տային նրա արյունն, ես կըմպեի ամբողջ մի թաս։

1194 Նրան ամեն բան պատմեցի՝ կնոջ նման, հիմարի պես,
Ինչպես արևն՝ ինձ մոտ եկավ և ծլկվեց՝ ինչպես աղվես։
Նա սպառնաց, որ կմատնի, ոխերիմ էր և ոչ սիրող,
Այժմ արդեն մեռած է նա, ազատվեցի, ո՛ւֆ, ինչ հաջող։

1195 Սպառնում էր նա ինձ իսկույն, փոքր ինչ ինձնից թե նեղանար,
Այսօր ինձ մոտ քեզ կանչեցի, չգիտեի, պիտի թե գար,
Եկել էր ու ասել՝ կգա, ես վախեցա՝ դու էլ կգաս.—
Ուստի չգալ քեզ խնդրեցի և ճամփեցի քեղ մոտ ծառաս։

1196 Բայց դու եկար, ետ չդարձար, դու շո՛ղք բերիր ինձ քո լույսով․
Հանդիպեցիք այստեղ իրար, ընդհարվեցիք իմ պատճառով.
Սարսափեցի ուստի և ես, ոչինչ էլ ինձ ճար չէր անում,
Իմ մահը նա ոչ թե լեզվով, ամբողջ սրտով էր ցանկանում։

1197 Թե սպանած չլինեիր՝ պալատ կերթար նա անպատճառ
Եվ կպատմեր ամեն մի բան՝ թե զայրացած, թե խանդավառ.
Արքան խռով՝ ինձ կջնջեր ու կավերեր տնով-տեղով
Աստված, որդո՛ցն իմ կուտեցներ, քարկոծ կաներ ապա քարով։

1198 Ազատեցիր դու ինձ օձի հետամտող հայացքներից,
Քեգ, փոխարեն, աստված թող տա՝ շնորհն այն վեր իմ ուժերից,
Այնուհետև՝ ինձ երանի և իմ աստղին, ճակատգրին,
Հե՜յ-հե՜յ, մահից չեմ վախենում, արժանացա ես իմ բախտին»։

1199 Կտրիճն ասաց. «Մի վախենար, գրքի մեջ էլ գրված է այդ,
Որ թշնամի-բարեկամը թշնամուց էլ լինում է վատ,
Իմաստուն է մարդս եթե — նա ոչ ոքի չի հավատա,
էլ նրանից մի վախենա, արդեն անշարժ դիակ է նա։

1200 Ասա նաև՝ այնուհետև, երբ աղջկան ուղարկեցիր,
էլ ի՞նչ գիտես նրա մասին, ի՞նչ լուր ուրիշ դու լսեցիր»։
Եվ Ֆաթմանը արտասվելով պատմությունն իր շարունակեց,
Ասաց. «Չկա՝ այն լուսատուն, որ շողշողաց արևի պես»։

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ՝ ՔԱՋՔԵՐԻՑ ԳԵՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1201 Ասաց. «Վայ բախտ, քո նենգությամբ՝ սատանային ես նմանում,
Սակայն ոչ ոք չի հասկանում, թե քո դավերն ուր են հասնում.
Արեգակի պես էակին ո՞ւր չիք արիր, ո՞ւր է արդ նա,
Տեսնում եմ ես՝ վերջն աշխարհում՝ ամենն անտեր պիտի մնա։

1202 Հեռու գնաց արևն ինձնից, ամբողջ երկրի այն լուսատուն,
Հեռու գնաց իմ ձեռք բերած՝ իմ կյանքը և իմ գոյություն.
Ու ինձ անվերջ այնուհետև այրում է հուրն անշիջելի,
Ա՜խ, անկարո՛ղ եղա կտրել արտասուքը իմ աչքերի։

1203 Զավակ և տուն ես ատեցի, նստում էի տխուր, տրտում,
Հիշում էի նրան արթուն՝ նիրհում էի, թե կիսաքուն.
Եվ Ուսենն այն երդմնազանց, թվում էր ինձ պիղծ, անհավատ,
Չէի թողնում նրան մոտիկ, պիղծ էր դարձել, անհարազատ։

1204 Սակայն մի օր, արևը երբ մայր էր մտնում երեկոյան,
Պատահական անցա այնուստ՝ դուռը տեսա ասպնջատան.
Մտաբերում էի նրան, վիշտն էր նրա ինձ հոշոտում,
«Թող անիծվի երդումն,— ասի,— տված ամեն տղամարդու»։

1205 Մոտիկ եկավ պանդուխտ մի ճորտ և նրա հետ՝ երեք ընկեր,
Ճորտը հագած ճորտի նման, երեքը՝ պարզ ճամփի շորեր.
Խմիչք բերին և ուտելիք, գնած, ճարած մեր քաղաքում,
Ուտում, խմում էին նրանք, խոսում էին և կատակում։

1206 Ականջ դրի, ասում էին. «Ուրախացանք հաճո այնքան,
Սակայն այստեղ հանդիպեցինք մենք սիրելիք օտարական.
Եվ չգիտենք՝ ով ինչ մարդ է և որտեղից այստեղ եկած,
Լավ կլիներ՝ պատմենք իրար՝ ինչ որ կա մեր գլխով անցած»։

1207 Եվ պատմեցին երեքն իրար՝ կարգ է ինչպես ճամփորդական,
Ծառան ասաց. «Հե՜յ, եղբայրնե՛ր, մարդու բախտի՛ց է ամեն բան.
Թե կորեկ եք դուք լոկ ցանել—բայց մարգարիտ ես կհնձեմ,
Իմ պատմությունն է առավել, լավ է՝ ինքս՝ ես էլ պատմեմ։

1208 էս ճորտն եմ այն մեծ արքայի, որ տիրում է ողջ քաջքերին,
Քաջքերի մեջ վարակ ընկավ և կոտորեց շատ շատերին։
Որբ ու այրի ողորմացող—մեռավ արքան՝ հավերժ ի քուն,
Նրա քույրն է մոր պես հիմա զավակներին նրա հսկում։

1209 Կնոջ անունն է Դուլարդուխտ. ինքն ամուր էր ժայռի նման,
Թե որ ինքը չվնասեր — չէր վնասի ոչ ոք նրան.
Ու մոտն էին եղբոր որդիք՝ մանուկ Ռոսան և Ռոդիան,—
Իբրև արքա հզորագույն Քաջաստանում ինքն էր միայն։

1210 Ծովից այն կողմ քույրն էր մեռել, լուրեր ահա մեր կողմն հասան,
Եվ խանգարվեց լուռ ու անդորր, վեզիրները շատ վշտացան,
Ո՞վ կհայտնի,— ասին իրար,— ինչպե՞ս հայտնեք Դուլարդուխտին,
Ռոշա՛քն է ճորտ և բյուրապետ հազար-հազար նրա զորքին։

1211 Ռոշաքն ասաց. «Ինչ էլ լինի՝ սուգի պահին ես չեմ մնա,
Կերթամ սար-ձոր, թալան կանեմ և ավարով կլիանամ.
Տուն կդառնամ հարստացած, լավ ժամանակ կգամ ես ետ,
Երբ որ երթա արքան սուգի՝ ես կուղեկցեմ իր զորքի հետ»։

1212 Ասաց նա մեզ՝ սպասվորաց. «Ես գնում եմ եկեք ինձ հետ»։
Տարավ իր հետ՝ հարյուր մեզ ճորտ, հենց ինքն ընտրեց իսկույն և եթ։
Ու ցերեկով թալան անում, գիշերն ամբողջ հսկում էինք,
Շատ քարավան մենք ջարդեցինք և շատ ապրանք ավար արինք։

1213 Մի մութ գիշեր գալիս էինք մենք դաշտերով խոր խավարում,
Ինչ որ մի լույս մեզ երևաց դաշտի միջին հանկարծ հեռվում։
Թե արև է,— ասինք,— միթե՝ եկել հպվել է ցամաքին,
Ու շփոթված նայում էինք՛ տարված մենք այդ մտածմունքին։

1214 Արշալույս է, ասին ոմանք, ոմանք էլ թե՝ իրոք լուսին.
Ու դիմեցինք ամենս այն կողմ, շուրջը նրա բոլորեցին։
Հեռվից էինք դեռ պտտվում, ու մոտեցանք՝ տեսնենք նրան,
Հանկարծ պայծառ լույսի միջից՝ մեզ է դիմում ահա մի ձայն։

1215 Ասաց. «Ո՞վ եք, ձիավորնե՛ր, ձեր անուններն,— ասաց,— ասեք,
Գուլանշարյան դեսպանն եմ ես, Քաջեթ կերթամ, հեռո՛ւ կացեք»։
Այս լսելով՝ հուպ մոտեցանք, բոլորեցինք իր շուրջն օղակ.
Եվ ինչ տեսնենք՝ նա էր հեծվոր — մի լուսերես ինչ որ էակ։

1216 Նայում էինք՝ լույսն երեսին, փայլում էր նա ինչպես փայլակ,
Փռում շողեր իր շուրջն ամեն, փռում որպես մի արեգակ։
Սակավ–սակավ մեզ հետ խոսում, և խոսում էր նա շատ կամաց,
Սաթե երկար թարթիչներին՝ ատամների լույսն էր ընկած։

1217 Զգույշ նորից արևի հետ՝ քաղցրալեզու մենք խոսեցինք։
Բայց կեղծում էր՝ այր չէր հարկավ, մենք այդ իսկույն նկատեցինք
Աղջիկ էր նա՝ Ռոշաքն զգաց, կանգնեց կողքին, նստած ձիան,
Մենք սիրտ արինք, որոշեցինք՝ բաց չթողնել ձեռքից նրան։

1218 Նորեն ասինք. «ճիշտը պատմիր, գլխիդ անցածն ասա դու մեզ,
Ո՞վ ես, ո՞ւմն ես, ուստի՞ կուգաս, մութ փարատող ո՛վ լուսերես»։
Ջերմ արցունքի աղբյուր թափեց ու չտվեց մեզ պատասխան.
Որքան լուսինն է խղճսլի՝ երբ օձն է ժանտ բռնում նրան։

1219 Նա ոչ հայտնի բանից խոսեց և ոչ գաղտնի մի բան ասաց,
Նա մեզ ոչինչ, ոչինչ չասաց՝ ո՞վ էր և կամ՝ ումից խաբված,
Մռայլ էր ու բիրտ վարմունքով, իրեն զսպել էր աշխատում.
Ինչպես մի օձ, որ նայողին՝ իր աչքերո՛վ է վախ ազդում։

1220 Ռոշաքն ասաց. «Թե չի ուզում՝ էլ հարց մի տաք, տերը վկա,
Այստեղ ինչ-որ օտարոտի և պատմելու դժվար բան կա.
Մեր արքայի բախտը միշտ էլ նախանձելի է ամենքին,
Աստված էլի կտա նրան՝ ինչ չքնաղ է և ինչ անգին։

1221 Աստված սրան մեզ ուղարկեց, որ մենք մեզ հետ տանենք նրան,
Հանց արմաղան թե որ տանենք՝ գոհ կմնա իրոք արքան։
Թե թաքցնենք՝ կհայտնվի, զի արքան է խիստ ու համառ,
Նախ՝ նրա դեմ կմեղանչենք, ամոթ ապա՝ այդ մեզ համար»։

1222 Եվ հավանած այս խորհուրդին՝ նրա հանդեպ չառարկեցինք,
Իսկ աղջիկն այդ մեզ հետ առած, դարձանք Քաջեթ մենք դիմեցինք,
Անկարգ մի խոսք ասել նրան, ձեռք տալ—մենք սիրտ չէինք անում.
Մինչ լալիս էր նա թախծալի, արցունքն այտերն էր լվանում։

1223 Ասի ապա Ռոշաքին ես. «Ինձ արձակիր, շուտ կդառնամ.
Ես մի քանի գործեր ունեմ, Գուլանշարո պիտի գնամ»։
Նա արձակեց — այստեղ ինչ–որ գանձեղեններ ունեմ պահած,
Հետս այնտեղ պիտի տանեմ, ընկերներիս հասնեմ մեկնած»։

1224 Ու պատմությունն արած ճորտի շատ դուր եկավ լսողներին,
Ցամքեց կարծես և վերջ տվեց արցունքի հորդ առուներին։
Նշաններից ես հասկացա՝ ով էր գերված—ճանաչեցի,
Եվ մի չնչին դրամի չափ ուրախություն գեթ զգացի։

1225 Ինձ մոտ բերի ես այն ճորտին, մոտս առա, ասի՝ նստիր,
«Պատմիր նորից,— ասի նրան,— ես էլ լսեմ, ինչ պատմեցիր»։
Ինչ ես արդեն լսել էի, նույն պատմությունն արավ կրկին,
Եվ ես նորից կենդանացա, կենդանացավ իմ հեգ հոգին։

1226 Երկու սև ճորտ ես ունեի՝ կախարդությամբ լիակատար,
Նրանք գնում, գալիս էին՝ միշտ աներևույթ ու միշտ ճարտար։
Ասի. «Քաջե՛ր, ձեզ կուղարկեմ, այլևս այստեղ մի հապաղեք,
Հնարքը ձեր գործի դրած՝ նրա լուրը դուք ինձ բերեք»։

1227 Երեք օրում արդեն եկան, ճամփան կտրած վաղվաղակի,
Թե՝ հանձնեցին թագավորին՝ ծովի այն կողմ պիտի ճամփի,
Ոք չի հառել աչքը նրան, անկար՝ ինչպես արեգակին,
Փեսացու է նրա համար նշված Ռոսան այն պատանին։

1228 «Ռոսանի հետ ամուսնացնենք»— Դուլարդուխտն է հրամայել,
«Բայց պսակել վաղ է տակավ, իմ սուգը դեռ չի վերջացել,
Երբ ետ դառնամ—ինձ հարս կանեմ արեգակին այս երկնարժան»։
Ու պահում է ամրոցի մեջ, և ծառայք են հսկում նրան։

1229 Կախարդության գիտակ մարդկանց հավաքել է իր հետ տարել,
Որ թշնամին անզոր լինի ճանապարհին թակարդ լարել։
Ու Քաջեթում թողել է նա մարտիկների լոկ անվեհեր,
Նա կուշանա․ մեկնած օրից՝ քիչ ժամանա՜կ է անցել դեռ։

1230 Ու քաջքերի քաղաքն իրոք անառիկ է մինչև այսօր.
Քաղաքի մեջ՝ ժայռ մի հսկա, բարձր այնքան, այնքան հզոր,
Իսկ ժայռի մեջ՝ վիրապ կա խոր, մագլցողին այր է տանում,
Այրի մեջ է անդ՝ լուսատուն, այնտեղ է նա փակված մնում։

1231 Մուտքն են պահում պահապաններ՝ քաջ, գեղեցիկ, երիտասարդ.
Տաս հազար է թիվը նրանց, ամենքն ընտիր ու պայազատ,
Իսկ քաղաքի երեք դոներն՝ երեք-երեք հազարական...
Տանջեց, սիրտ իմ, աշխարհն այս քեզ, ինչո՞ւ ես դու կպել նրան»։

1232 Եվ Ավթանդիլն առավ լուրը՝ արևդեմն ու անընկճելին,
Երբ որ լսեց, շատ գոհ մնաց, բայց բան չասաց ամենևին,
Ու փաոք տվեց նա աստծուն, ինքը՝ հաճո օրից ծնված,
«Ինձ լուր ասիր ուրախառիթ՝ իբրև մի քույր»,— նրան ասաց։

1233 Ֆաթմանին թե. «Ով սիրելի, արժանի ես դու իմ սիրուն
Զի պատմություն արիր հաճո, ոչ ահավոր, այլև՝ նազուն,
Սակայն լրիվ պատմիր դու ինձ այդ քաջքերի երկրի մասին,
Չէ՞ որ մարմին չունեն քաջքերն, այդ ո՞վ տվեց նրանց մարմին»։

1234 Այն աղջկա թշվառ վիճակն այրում է ինձ և սպանում,
Բայց անմարմին քաջքերը այդ սիրուն աղջիկ ի՞նչ են անում»։
Ֆաթմանն ասաց. «Ինձ լավ լսիր, մի՛ լեր իրոք դու մոլորած,
Քաջք չեն նրանք, մարդ են ու լոկ՝ քար ու ժայռի ապաստանած։

1235 Քաջք են կոչվում այն պատճառով, որ խուռներամ են միասին,
Կախարդական բաներ գիտեն, հույժ կատարյալ հենց այդ գործին.
Ամեն մարդու վնաս կտան, սակայն իրենք՝ միշտ անվթար,
Նրանց հետ ով կռիվ մտնի՝ կույր ետ կգա, ամոթահար։

1236 Զարմանալի մի բան անում՝ և կուրացնո՛ւմ են թշնամուն,
Հանում ինչ-որ հողմեր սաստիկ ու խորտակում նավեր ծովում։
Կարող են ջուր ցամաքեցնել, ջրի վրա վազել ոտով,
Ուզեն՝ մութը լույս կփոխեն և կփոխեն՝ լույսը մութով։

1237 Այդ պատճառով հարևաններն անվանում են նրանց «քաջքեր»
Թե չէ՝ մարդիկ են մեզ նման և մեզ նման հողեղեններ»։
Ավթանդիլը՝ «Գոհ եմ,— ասաց,— դու ջուր լցրիր իմ կրակին
Պատմածներդ շատ դուր եկան, թե առաջին և թե վերջին»։

1238 Ավթանդիլը արտասվելով սրտում փառք էր տալիս աստծուն,
Ասում նրան. «Փառք քեզ, աստված, որ իմ վշտերն ես փարատում.
Դու միշտ կայիր և կաս ընդմիշտ՝ անասելի և միշտ անլուր,
Ողորմությունդ է մեզ վրա՝ անակնկալ և ամենուր»։

1239 Լուրի համար արտասվաթոր նա արարչին փառաբանում,
Մինչ՝ առ ինքը կարծում Ֆաթման՝ և ավելի՛ էր ջերմանում։
Կտրիճն իրեն համեստ պահում, ձևանում էր նրան սիրող,
Կինը նրա վիզն էր գրկում և համբուրում դեմքն արևշող։

1240 Կինն այդ գիշեր հաճույք առավ Ավթանդիլի հետ քնելով.
Կտրիճն անսիրտ հպում նրա՝ պարանոցին բյուրեղ վզով,
Հիշում էր նա Թինաթինին, մի սարսուռով սարսում թաքուն,
Հանց վայրի էր սիրտը դարձել՝ զի վայրենյաց մեջ էր շրջում։

1241 Ծածուկ լալիս էր Ավթանդիլն, արյունախառն արցունք թափում,
Սև սաթե նավն էր լող տալիս սև թանաքի հորձանքներում.
Ասում էր նա. «Ի՞նչ կա սրա՛ ու վարդի մե՛ջ իմ ընդհանուր.
Ես, բլբուլս, փթրոց նստած՝ ագռավ դարձա վարդից հեռու»։

1242 Եվ արցունքից նրա թափած կարծր քարերն էին կակղում,
Սև թավուտում լճանալով՝ վարդի պուրակն են հեղեղում։
Ֆաթմանն հրճվում էր նրանով—վարդը սիրող բլբուլի պես.—
Ագռավն հանկարծ մի վարդ գտավ և նա իրեն բլբուլ կարծեց։

1243 Երբ լուսացավ, գնաց արևն՝ աշխարհ լուսողն այն լողանա.
Կինն ընծայեց ղաբաչաներ և բազմաթիվ խավուն, կաբա,
Օծանելիք բազում տեսակ, մաքուր շապիկ գեղանկար,
Ասաց նրան. «Մի ամաչիր, ինչ հավանես՝ հագիր ու տար»։

1244 Կտրիճն ասաց. «Իմ ով լինելն՝ այսօր պիտի պարզեմ սրան».
Զի մինչ հիմա հագնում էր նա ինչպես հարուստ վաճառական,
Իր հաղթ մարմնին այն օր իրոք զորականի զգեստ հագավ,—
Առյուծ էր նա՝ արև դարձավ, շուքը նրա ավելացավ։

1245 Ֆաթմանն ահա ճաշ պատրաստել՝ սիրածին էր կանչել նա հյուր.
Կտրիճն եկավ նոր շոր հագած, ուրախ դեմքով և ոչ տխուր։
Ու զարմացավ Ֆաթմանը շատ՝ տեսավ նրան այլակերպած.
«Այդպես լավ է, որ ավելի քեզ հավանեն»,— ժպտուն ասաց։

1246 Որքան նայում Ավթանդիլին, ավելի էր նա հիանում,
Մինչ ժպտում էր կտրիճն ինքնին ու չէր նրան պատասխանում.
«Չի կռահում՝ ով եմ թե ես, վարվում է նա շատ անտեղի,
Սակայն պիտի համակերպել, այլ կերպ լինել չի կարելի»։

1247 Երբ հաց կերան՝ բաժանվեցին, Ավթանդիլը գնաց իր տուն.
Գինի խմած, ուրախացած, պառկեց, մտավ անուշ խոր քուն։
Երեկոյան նա արթնացավ, շողեր փռեց իր շուրջն ասես.
Եվ Ֆաթմանին իր մոտ կանչեց, ասաց. «Արի, մենակ եմ ես»։

1248 Ֆաթմանն եկավ, Ավթանդիլը՝ լսեց ձայնը նրա «ախ»–ի,
Ասում էր. «Ա՜խ, չքնաղ հալվեն՝ ինձ անպատճառ պիտի դաղի»։
Թավ բարձ տվեց նա Ֆաթմանին և իր կողքին նստեցրեց—
Թարթիչների խիտ հովանին վարդաստանին շվաք տվեց։

1249 Ավթանդիլը ասաց. «Ֆաթմա՜ն, ինչ-որ պիտի պատմեմ ես քեզ,
Եթե լսես՝ դաժան օձի խածածի պես պիտի ցատկես.
Մինչև հիմա դու չես լսել ճշմարիտը դեռ իմ մասին,
Թարթիչները ինձ սպանող սև գիշերվա նման ծառին։

1250 Կարծում ես ինձ վաճառական և տեր ինչ–որ քարավանի,
Սպարապե՜տ եմ ես արքա և փառապանծ Ռոստևանի,
Հրամանատար նրան վայել մեծ բանակի և զորքերի,
Կաոավառիչ մեծ գանձերի և զինանոց-պահեստների։

1251 Եղար դու ինձ լավ բարեկամ, հավատարիմ, վստահելի,
Արքան ունի դուստր միակ—արև երկրի նա լի ու լի
Հենց նա է ինձ այրողն այսպես, իմ սիրտն է նա հալել, մաշել,
Դրդմամբ նրա ես երկրից և տիրոջի՜ցս եմ հեոացնլ։

1252 Ով եղել է այստեղ քեզ մոտ — հենց նրան եմ ես որոնում,
Արևկային այն փնտրելու—աշխարհն ամեն ես թափառում։
Տեսել եմ ես մի տեղ առյուծ, գունատ էր նա և խելագար,
Որ մեռնել էր տենչում անվերջ՝ այն աղջկա սիրո համար»։

1253 Պատմեց ապա նա Ֆաթմանին՝ ինչ անցել էր իրա գլխով,
Տարիելի համբավն արավ՝ թե ինչու է ընձու մորթով,
Ասաց. «Դու ես ճարն այն մարդու, որին երբեք դեռ չես տեսել,
Փրկիչն այն խիտ թարթիչների՝ հանց ագռավի սևթույր թևեր։

1254 Արի, Ֆաթման, օժանդակիր ու աշխատենք օգնել նրան,
Օգնենք, որ այդ լուսատուներն արժանանան ուրախության.
Ամեն մի մարդ, ով իմանա՝ կգովի մեզ դրա համար.
Սիրողները գուցե մի օր՝ արժանանան, տեսնեն իրար։

1255 Կանչիր, և մենք Քաջեթ ճամփենք քո նույն կախարդ սև ծառային
Եվ աղջկան տեղյակ պահենք՝ ինչ մենք գիտենք գործի մասին,
Իսկ նա կասի՝ ինչ-որ գիտե, խորհուրդ կտա հօգուտ ելքին,
Եվ տա աստված՝ դու իմանաս, որ հաղթել ենք արդեն քաջքին»։

1256 Ֆաթմանն ասաց. «Փառ՜ք քեզ, աստված, հանդիպեցի այս ինչ գործի,
Անմահությա՜ն է հավասար, ինչ-որ այսօր ես լսեցի»։
Կանչեց նա իր կախարդ ճորտին՝ սև էր ստույգ ագռավի պես,
Ասաց. «Քաջեթ քեզ կուղարկեմ, հեռու համփա պիտի մեկնես։

1257 Այժմ պիտի ցույց տաս դու մեզ, թե քո արվեստն ինչ կբերի,
Ինձ անդադար այրող խարույկն անմիջապես՝ գնա՜, մարի՜,
Հարցիր և այն արեգակին՝ ի՞նչ ճար է պետք նրա բուժման»։
Պատասխանեց, «Հենց վաղն ևեթ՝ լուր կբերեմ ես անպայման»։

ՖԱԹՄԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻՆ

1258 Գրեց այսպես. «Ով լուսատու, արև համայն տիեզերքի,
Այրող, հուզող քեզնից հեռու եղողներից ամեն մեկի,
Ճարտարախոս, շնորհալի, քաղցրալեզու, դեմքով պայծառ,
Անզուգական ու ներդաշնակ լալ ու բյուրեղ լցված իրար։

1259 Չտվեցիր թեև դու ինձ և ոչ մի լուր, տեղեկություն,
Բայց առանց քեզ՝ ես իմացա, գտա վշտիս թեթևություն.
Լուր տուր հիմա Տարիելին, խենթացել է որ քեզ համար,
Նա վարդ դառնա, դու՝ մանուշակ—ու՝ երկուսով գտնեք իրար։

1260 Դուրս է եկել քեզ փնտրելու նրա երդվյալ եղբայրն արի,
Ավթանդիլը խիզախ արաբ՝ պարծանքն ամբողջ Արաբիայի․
Սպարապետն այն անբասիր մեծ թագավոր Ռոստևանի,
Սպասում ենք ազատ, խելոք ու գովելի պատասխանի։

1261 Ուղարկում ենք մենք այս գործով մեր այս ճորտին ահա քեզ մոտ,
Լուր տուր դու մեզ Քաջաստանից՝ վերադարձա՞ն քաջքերն արդյոք։
Քաջաստանի մարտիկների մանրակրկիտ թիվը տուր մեզ—
Թե ո՞վ է պետն արդյոք նրանց, թե պահում են ովքե՞ր անդ քեզ։

1262 Ինչ կա այդտեղ և ինչ գիտես՝ տեղյակ պահիր մեզ ամեն բան,
Այնուհետև քո սիրածին հղիր քեզնից դու մի նշան—
Մինչև այժմյան վշտերը քո կվերածվեն ուրախության.
Աստված կտա՝ սիրող սրտերն՝ իրար կրկին կմիանան»։

1263 Եվ նամակը իրեն հմուտ կախարդ ճորտին տվեց Ֆաթման,
Ասաց. «Կտաս նամակն այս դա արևի պես այն աղջկան»։
Եվ իր վրա ճորտն այն կախարդ օտարոտի թիկնոց առավ,
Մի ակնթարթ՝ և չքացավ՝ տանիքներից վերև թռավ։

1264 Ու սլացավ ինչպես ուժեղ մարդու ձեռով նետած մի նետ,
Եվ Քաջաստան հասավ արդեն իրիկնային մշուշի հետ։
Անտես անցավ պահակների շարքի միջով կանգնած դռան
Եվ արևին այն զեկուցեց, ցանկալի էր որ շատ նրան։

1265 Կողպած դռան միջից անցավ՝ կարծես լիներ այն բաց թողած,
Սև երեսով մտավ խափշիկ, երկար մազով թիկնոցն ասած,
Արևը երբ տեսավ նրան՝ և զարհուրեց, և վախեցավ.—
Վարդը հանկարծ եղավ քրքում, մանուշակը՝ լաջվարդ դարձավ։

1266 Խափշիկն ասաց. «Մի վախենա, թե՞ կարծեցիր քեզ թշնամի —
Ֆաթմանն է ինձ քեզ մոտ ճամփել, ինքս ճորտն եմ ես Ֆաթմանի.
Նամակը այս վկա լինի՝ իմ խոսքերի ճշմարտության
Շողն արևի շուտ կտեսնես, վա՛րդ, մի թոշնիր դու շուտ այդքան»։

1267 Երբ Ֆաթմանի անուն լսեց՝ հրաշք էր այդ—նա զարմացավ,
Ու փայլ առան սաթերը սև, ճեղքեց նա նուշն իր բերանի։
Խափշիկն հանեց և մատուցեց նամակ նրան պատկառանքով—
Կարդում էր նա և հառաչում, թրջում նամակն արտասուքով։

1268 Ապա ճորտին նա հարցրեց. «Ո՞վ է, պատմիր, այդ ինձ փնտրում.
Ո՞վ գիտե, որ կենդանի՝ ես դեռ գետի՛նն եմ տրորում»։
Պատասխանեց. «Կասեմ ահա՝ ինչքան միայն ես եմ տեղյակ,
Հեռացել ես ինչ մեզանից՝ էլ չի ժպտում մեզ արեգակ։

1269 Ֆաթմանի սիրտն այն օրվանից խոցված է խոր, կարծես տեգով,
Թափել է նա այնքան արցունք՝ կհասնի նա մինչև իսկ ծով։
Մեկ անգամ էլ ես քո մասին տվի նրան տեղեկություն,
Աստված վկա, այն օրվանից՝ արցունքը էլ չի ցամաքում։

1270 Հիմա եկավ ինչ-որ ջահել՝ սիրուն-սիրուն ինքը դեմքով,
Եվ նա պատմեց մեկիկ-մեկիկ ձեր կյանքը լի տառապանքով։
Նա է ապա քեզ որոնում դյուցազնական բազկով իր կուռ,
Պատվիրեցին շուտ ետ դառնա—վաղվաղակի տանել մի լուր»։

1271 «Ինձ արդար է թվում ամենն՝ ինչ ասացիր,— աղջիկն ասաց,—
Թե չէ Ֆաթմանն ի՞նչ իմացավ՝ ում ձեռով եմ հափշտակված.
Գուցե ընկած է ինձ այրողն հիմա անուժ, մի խուլ վայրում.
Ես կգրեմ, դու էլ պատմիր՝ ա՜խ, ինչպես եմ սի՜րտս այրում»։

ՆԵՍՏԱՆ-ԴՍՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՖԱԹՄԱՆԻՆ

1272 «Գրում եմ քեզ, խաթուն, իմ մա՛յր՝ դու հարազատ մորից ավել,
Տես թե աշխարհն ինձ՝ իր գերուն, ինչ ցավ ու տանջա՛նք է տվել,
Հին վշտերիս վրա մի նոր վիշտ էլ, ավա՜ղ, ավելացավ,
Այսօր տեսա նամակը քո, սիրտն իմ հույսի շող ստացավ։

1273 Երկու անգամ փրկել ես ինձ երկու խոշոր վտանգներից,
Հիմա այստեղ եմ ենթարկվել խիստ կայանքի ես քաջքերից,
Ռազմիկներով մի պետության ինձ են հսկում բյուրեր միայն,
Եվ ես ինչի ձգտում էի՝ խորտակվեցին, իզուր եղան։

1274 Իսկ այստեղի գրությունից շատ բան չունեմ ես գրելու.
Թագուհին չի վերադարձել, քաջքերն էլ շուտ չեն դառնալու,
Սակայն անթիվ քաջ զինվորներ պահում են ինձ հսկումի տակ,
Ի՞նչ կարիք կա ինձ փնտրելու, զի այդ զուր է, անհետևանք։

1275 Ինձ որոնողն է զուր հոգնել, զուր է ճամփա կտրել երկար,
Զուր այրվում իմ կրակով, թափում է ճիգ նա ինձ համար,
Արդյոք տեսե՞լ է արևին, ախ, չի՞ սառել նա դեռ արդյոք,
Ավաղ, իմ կյանքն առանց նրա՝ դարձել է ինչ խեղճ ու անոգ։

1276 Մի ժամանակ ես ծածկեցի, չպատմեցի քեզ իմ մասին՝
Անզոր էր իմ լեզուն խոսել ու գլուխս՝ տրված հոգսին,
Աղաչում եմ՝ խնդրիր նրան՝ իմ սիրելուն, որ ինձ գթա,
Գրիր՝ չգա ինձ փնտրելու, թող վտանգի գլուխ չտա։

1277 Բավական է ցավս, ա՜խ, ինձ, թող նոր ցավով ինձ չսպանի,
Նրա մահը եթե լսեմ՝ կրկին մա՛հը ինձ կտանի,
Էլ ինձ ոչինչ չի օգնելու, չեմ կասկածում, գիտեմ հստակ.
Թե հնազանդ չեղավ նա քեզ՝ թաղիր ինձ սև քարերի տակ։

1278 Ասել ես թե՝ հղեմ նշան ու համոզեմ՝ որ կամ ես դեռ,
Ուղարկում եմ ես մի կտոր իմ խավունից՝ նրան նվեր.
Այս խավունն է խինդս միակ ու սփոփանք նա ինձ համար,
Թեպետ սև է սա իր գույնով՝ բախտիս նման սև ու թշվառ»։

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ՍԻՐԵՑՑԱԼԻՆ

1279 Ապա գրեց սիրեցյալին՝ սրտամորմոք հեկեկալով,
ԵՎ իր սրտի մեջ բորբոքված բոցն էր մեղմում նա արցունքով,
Գրեց նամակ մի սրտահույզ, սիրտը խոցող կարդացողի։
Վարդն էր ճղում ու բաց անում՝ թափանցիկ շարն անդ բյուրեղի։

1280 «Ով սիրելի, նամակն իմ այս դողդոջ ձեռով ես գրեցի,
Մարմինը իմ գրիչ արի, արյամբ ես իմ թաթախեցի,
Սիրտս սրտիդ հետ միացած՝ թուղթ արի, որ՝ գրեմ վրան,
Սիրտ իմ, սև սիրտ, կապված ես դու, մի արձակվիր, հպիր նրան։

1281 Տեսնում ես դու, ով սիրելի, թե չար աշխարհն ի՛նչ է անում.
Որքան լույսն է ինձ լույս տալիս՝ նույնքան թաղված ես խավարում,
Գիտեն աշխարհն իմաստուններն — և համարում ճի՛շտ անարժան,
Կյանքս առանց քեզ, վա՛յ ինձ և վա՛յ. որքա՜ն է ծանր, որքա՜ն դաժան։

1282 Տեսնում ես դու, իմ սիրելի, աշխարհն ինչպե՛ս մեզ անջատեց,
Չարժանացա՝ մի օր տեսնեմ՝ խնդության մեջ թե ինձ, թե քեզ,
Ախ, ինչ անի՝ քեզնից զրկուն սիրտը իմ հեգ՝ տեգով խոցված,
Արդյոք կյանքի գաղտնիքն այս խոր՝ բացե՞ց միտքը քո բանիմաց։

1283 Արևը քո՝ մինչև հիմա՝ քեզ կենդանի չէի կարծում.
Կարծում էի՝ իմ կյանքն ու ուժն՝ արդեն չկան, չէի ապրում,
Երբ լսեցի հիմա, որ կաս, ես աստծուն փառք հղեցի
Եվ մինչ այսօր կրած իմ վիշտն ուրախության հետ կշռեցի։

1284 Կենդանի ես՝ այդ էլ բավ է՝ իմ հեգ սրտին հույսեր տալու,
Վիրավոր ու իմ տապակված սրտի ցա՛վը փարատելու,
Չմոռանաս՝ հիշիր նրան, ով որ կորավ քեզ սիրելով,
Բայց ով դեռ կա՝ քո ցանած սե՛րն իր սրտի մեջ գուրգուրելով։

1285 էլ ի՞նչ պատմեմ, իմ կյանքն ամբողջ ես չեմ կարող գրել մեկ-մեկ,
Պատմեմ՝ լեզուս պիտի հոգնի, չի հավատա լսողն երբեք.
Ինձ խափշիկից խլեց Ֆաթման, աստված նրան թող տեր լինի,
Սակայն աշխարհն ինձ այն արեց՝ ինչ որ իրեն կվայելի։

1286 Մինչև այժմյան մեծ վշտերիս ավելացավ մեծն ավելի,
Իմ կրած մեծ տանջանքներով սև բախտը դեռ գոհ չէ էլի,
Անպատմելի քաջքերի մոտ նոր գերության մատնեց նա ինձ,
Եվ այս ամենն, ինչ մեզ հասավ, սև բա՛խտն արավ, իմ սրտակից:

1287 Դերի եմ ես մի բերդի մեջ՝ բարձր, որին՝ աչք չի հասնում,
Ուր վիրապով ճամփան անցնում, և պահակնե՛րն են պահպանում,
Գիշեր-ցերեկ իրենց հերթից նրանք երբեք ետ չեն դառնում,
Ով դիմադիր լինի նրանց՝ կրակ տալիս, նրան այրում։

1288 Դու մի՛ կարծիր սրանց կռիվն ուրիշների կռվի նման
Ինձ չսպանես նոր տանջանքով, ավելի՝ քան մեծ վիշտն այժմյան.
Թե քեզ մեռած տեսնեմ՝ կայրվեմ, կայծահանից ինչպես պայծառ։
Թե քեզ մոտ չեմ, բայց դա ժայռից՝ ամուր սրտով կարոտն իմ առ։

1289 Ո՛վ սիրելիս, քեզ մի հանձնիր անմխիթար խոր վշտերին,
Եվ մի կարծիր թե քո հալվեն՝ մի այլ այգու ընկավ բաժին.
Ափսոսում եմ՝ ա՛խ, առանց քեզ՝ ես աշխարհում ապրում եմ դեռ,
Որ չեմ ընկել ժայռից ներքև, կամ դանակով ինձ չեմ մորթել։

1290 Կյանքդ վկա՝ լուսինը քո այլին երբեք չի ունենա,
Կյանքդ վկա, նա չի գնա, թեկուզ արևն ինքն ուզենա.
Ես ինձ ժայռից ցած կնետեմ, խոշոր ժայռեր շատ կան մոտիկ,
Աղոթիր դա հոգուս համար՝ որ թև առնեմ՝ թռչեմ երկինք:

1291 Դու աղոթիր, որ ազատվեմ աշխարհի մեջ տառապելուց,
Որ ազատվեմ հրի, ջրի, հողի, օդի հետ շփվելուց.
Առնեմ թևեր, թռչեմ հասնեմ իմ ցանկալի նպատակին՝
Գիշեր-ցերեկ նայեմ նրան՝ ճաճանչափայլ արեգակին։

1292 Արևն առանց քեզ չի լինի, մասն ես նրա անտարակույս,
Հարկավ նրա մոտ կլինես, մոլորակն ես նրա՝ առյուծ.
Այնտեղ տեսնեմ՝ մոտ ու մոտիկ, սիրտն իմ քեզնից լույս ստանա,-
Թե դառն անցավ կյանքս, ավաղ, գոնե մահն իմ քաղցր դառնա։

1293 Քանի որ քեզ տվի հոգիս՝ էլ ի՛նչ ծանր մահն ինձ համար,
Սերդ սրտիս մեջ է թաղված և կմնա այնտեղ անմար.
Ու բաժանումն, ա՜խ, հիշելով՝ նոր ցավ դնում ցավոտ հոգուս,
Սակայն մի լար, մի ողբա ինձ, իմ լավ, իմ լավ, ի սեր սիրուս։

1294 Գնա, անցիր դու Հնդկաստան, իմ ծնողին տուր օգնություն,
Նեղված է շատ ամեն կողմից՝ ոսոխների շրջապատում,
Մխիթարիր սիրտը նրա՝ իմ կորչելուն թող հաշտ նայի,
Հիշիր և ինձ, որ քեզ համար՝ արցունք թափում, ես կուլայի։

1295 Բավ է սակայն, ինչ իմ բախտից դժգոհ եղա, գանգատ արի.
Զգա՝ ինչու բողոքն արդար՝ սրտից սրտի՜ն է միշտ գալի։
Քանի դեռ կամ՝ պիտի ես լամ և տառապեմ երկար-երկար,
Ու քեզ համար մեռնեմ, դառնամ՝ նյութ ագռավի կռանչի համար։

1296 Քո խավունի կտորն ահա հղում եմ քեզ իբրև նշան.
Ես կտրել եմ նրա ծայրից՝ պահիր քեզ մոտ դու էլ նրան,
Ու փայփայած քո հույսերին փոխարինող սա կմնա,
Ախ, զայրույթով դարձավ մեր կողմ դաժան անիվն յոթերկնյա»։

1297 Երբ Դարեջանն իր սիրելուն ուղղած նամակն այս ավարտեց,
Խավունների մեկի եզրից նա մի փոքրիկ կտոր կտրեց։
Երբ բաց արավ գլուխն ապա՝ հալվի նուրբ բույրը տեղաց՝
Երկար ու հաստ խոպոպներից՝ ագռավի սև թևով բերած։

1298 Եվ ճուտն ելավ շտապ բերդից, Գուլանշարո իսկույն դիմեց,
Օրեր չանցան, այլ ակնթարթ՝ Ֆաթմանի մոտ նա հայտնվեց։
Ավթանդիլը արդեն հասակ՝ ինչ որոնեց՝ նպատակին —
Ձեռնատարած երկինք դիմեց և փառք տվեց տիրոջ կամքին։

1299 Ու Ֆաթմանին այսպես ասաց, «Հիմա հասա իմ բաղձանքին.
Ինչով պիտի հատուցանեմ՝ փոխարեն քո արած ջանքին,
Կերթամ, մնալ էլ չեմ կարող, լրանում է տարին արդեն —
Այն քաջքերի կործանողին գնամ շտապ Քաջեթ բերեմ»։

1300 Խաթունն ասաց. «Առյուծ, կրակն ինձ այրելու է ավելի,
Անպատվելով լուսատուից, սիրտն իմ խավար պիտի լինի,
Իմ պատճառով մի ուշանա, խենթն ավելի կխենթանա.
Դժվար է շատ մտնել Քաջեթ, քաջքերը թե շուտ ետ դառնան»։

1301 Կանչեց կտրիճն իր հետ եկած ծառաներին Նուրադինի,
Ասաց նրանց. «Մեռած էինք, կենդանացանք արդեն հիմի.
Մեզ ինչ պետք էր՝ արդեն գիտենք ու լսելով ուրախացանք,
Իսկ մեր թշվառ ոսոխների վերքերն հիմա՛ մենք ցույց կտանք։

1302 Ասեք դուք ձեր թագավորին, ինչ-որ այստեղ արդ իմացաք,
Ես չեմ կարող նրան տեսնել, պիտի ճամփաս կտրեմ արագ,
Թող հնչեցնե կանչն ավելի ահեղաձայն, սարսափահար,
Ձեզ եմ տալիս ինչ խլեցի ուրիշներից իբրև ավար։

1303 Սակայն ունեմ ես պարտք մի մեծ, որ դուք դրել եք իմ վզին.
Այլ կերպ դուք այդ ետ կստանաք, երբ կտեսնեք ձեր արքային.
Ինչ խլել եմ ես հեներից՝ ձեզ եմ թողնում, առեք, տարեք,
Բայց ավելի տալ չեմ կարող, դուք ինձ ժլատ մի՛ համարեք։

1304 Տուն չունեմ մոտ և ոչ պարգև բաժանելու ունեմ հնար»։
Տվեց նրանց, մեծաքանակ ապրանքով լի ամբողջ մի նավ,
Ասաց. «Տարե՛ք, մեկն՛եք արդեն, եկած ճամփով ուղևորվեք,
Իսկ այս նամակն երդվյալ եղբոր՝ Ֆրիդոնին անձամբ տվեք»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԻԴՈՆԻՆ

1305 Գրեց այսպես. «Ով արքայից արքա Ֆրիդռն, երջանկափառ,
Ուժով, սրտով ինչպես առյուծ, արև՝ սփռող լույսդ պայծառ.
Ոսոխների արյուն թափող և երկնառաք, հզորագույն,
Կրտսեր եղբայրդ հեռու հեռվից քեզ ողջույն է հիմա հղում։

1306 Շատ նեղություն ես կրեցի որոնումիս այս ընթացքին,
Սակայն հասա ձեռնարկածիս գործի հաջող հետևանքին.
Լուր ստացա ես ի վերջո այն արևից արևածին,
Պիտի որ այդ կյանք պարգևի անդունդ ընկած մեր առյուծին։

1307 Գերի է նա, կալանավոր արքայի մոտ Քաջաստանում,
Ուր որ պիտի կռվով մտնել, սակայն այդ ինձ խաղ է թվում։
Բյուրեղ նարգիզն է անձրևում, դարձել է վարդն անձրևահար.
Աղջկա մոտ քաջքեր չկան, բայց մարտիկներ կան անհամար։

1308 Ու ցնծում եմ խորոց սրտի՝ այդ պատառով չեմ արտասվում—
Ուր դու և քո եղբայրը կաք, ամեն դժվար հեշտ է թվում,
Ինչին ձգտեք՝ կիրագործեք, չի ճողոպի ձեզնից այդ նա,
Չկա ձեր դեմ մարդ դիմադիր՝ ժայռն իսկ ձեր դեմ մոմ կդառնա։

1309 Քեզ չտեսա, քեզնից հեռու ճամփով անցա, դու ինձ ներիր,
Կանգ չեմ առնի տեղ-տեղ ճամփին, լուսինն է մինչ այնտեղ գերի,
Շուտով կգանք ուրախացած, խնդա և դու տեսքով մեր վառ,
էլ ավելին քեզ ինչ գրեմ՝ եղբորդ օգնիր եղբայրաբար։

1310 Քո ծառաներն անցած ճամփին մեծ օգնություն մատուցեցին,
Թող գոհ լինի սիրտդ այնու՝ ինձ անձնվեր ծառայեցին.
Ի՞նչ կարիք կա գովել նրանց, շա՜տ է ով քեզ մոտ մնացել,
Նմաններն են նման ծնում—իմաստուններն են այդ ասել»։

1311 Գրեց ահա նամակն այսպես, փակեց ապա ու ոլորեց,
Ինքը հանց վարդ ու մանուշակ՝ այն ճորտերի ձեռքը տվեց,
Եվ ինչ պետք էր՝ ասաց նրանց, ապսպրեց բերանացի,
Բաց դռներից ու մարջանի մարգարիտներն երևացին։

1312 Գտավ մի նավ, որ իր ուզած կողմն էր շուտով ուղևորվում,
Ճամփա ելավ՝ ինքն արեգակ, դեմքով՝ լրիվ լուսին սիրուն,
Բայց Ֆաթմանին արտասվաթոր թողնել, գնալ ծանր էր թվամ.
Բաժանվելիս իրար նայում, արյուն-արցունք էին թափում։

1313 Ֆաթմանն, Ուսամն ա ծառաներն արտասուքներ էին թափում,
Ասում էին. «Այս ի՞նչ արիր, ինչո՞ւ ես մեզ, արև, այրում.
Ինչո՞ւ խավար մեզ նետեցիր՝ քո հեռացման մեծ խավարով,
Ինչու համար մեզ ամենիս՝ թաղում ես քո թաղող ձեռով»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈԻՂԵՎՈՐՈԻԹՅՈՒՆԸ ԳՈՒԼԱՆՇԱՐՈ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԱՐԻԵԼԻՆ

1314 Ավթանդիլը ինչ-որ նավով ճամփա ընկավ, ծովը անցավ,
Նավում էր նա ուրախադեմ և ինքնիշխան, մենակ, անցավ,
Ուրախ էր, որ Տարիելին ինքը ուրախ լուր կտաներ,
Ձեռքերն երկինք էր տարածել, սիրտն աստծուն ապավինել։

1315 Արդեն ամառն էր մոտենում, երկիրն ամեն կողմ կանաչել,
Վարդ բացվելու օրերն էին՝ պայմանաժամն էր մոտեցել—
Արեգակն էր շրջադառնում ու մոտենում նա խեցգետնին,
Ծաղիկ տեսավ և հառաչեց, կարոտել էր վաղուց ծաղկին։

1316 Որոտացին ամպ ու երկինք, բյուրեղ անձրև անձրևեցին.
Վարդն հպավ նա իր շուրթով, նման էր նա հենց նույն վարդին.
Ասաց նրան. «Քեզ եմ նայում ես սրտահույզ, քնքուշ սիրով
Եվ հրճվում եղբորն իմ տեղ՝ քեզ հետ քաղցր զրուցելով»։

1317 Ու հիշում էր երբ հոգեղբորն՝ արտասվում էր նա դառնալի,
Դեպի Տարիելն էր շտապում՝ ճամփա անցնում տագնապալի.-
Անապատներ ճամփայազուրկ և անծանոթ ինչ-որ վայրեր,
Շամբուտներում ջարդում ապա՝ տեսնում էր երբ ինձ-առյուծներ։

1318 Ահա այրերն երևացին, երբ ճանաչեց՝ ասաց այսպես.
«Սիրելիս է այստեղ ապրում, ում համար որ լալիս եմ ես,
Արժանի եմ, որ շուտ տեսնեմ, պատմեմ և իմ լսածն ամեն,
Եթե այստեղ նա չլինի՝ շտապ ճամփաս զուր է արդեն։

1319 Եկած լիներ՝ նա անկասկած չէր մնալու տան մեջ երկար,
Դաշտ կգնար և կամ անտառ՝ վայրենու պես նա վազ կտար,
Լավ է փնտրեմ ես շամբուտում—շուրջն էր դիտում, մտաբերում,
Փոխեց ապա նա իր ճամփան՝ դիմեց դաշտերն՝ ընկած հեռուն։

1320 Եվ արշավում, երգում էր նա՝ ուրախ սրտով, երջանկալի,
Մերթ բարձրաձայն կանչում, վանկում՝ անունն եղբայր Տարիելի։
Փոքր ինչ անցավ, և երևաց՝ արևն ամբողջ իր շողերով.
Շամբի ափին կանգնած էր նա՝ գոռ Տարիելն իր մերկ թրով։

1321 Այնտեղ առյուծ էր սպանել, արյունոտ էր թուրը ահա,
Ձին իր մոտ չէր, շամբի ափին՝ հետիոտն կանգնել էր նա.
Լսում էր կանչն Ավթանդիլի՝ մնացել էր ապշած, շվար.
Նայեց, տեսավ և ճանաչեց՝ վազեց ինչպես մի խելագար։

1322 Իր թուրն իսկույն դեն շպրտեց, դեպ հոգեղբայր նա մոտեցավ,
Երկնից ընկած աստղի նման՝ Ավթանդիլը ձիուց թոավ.
Նրանք իրար համբուրեցին, փաթաթվեցին վզով իրար,
Բացվող վարդից հնչում էր ձայն՝ անուշ էր նա ինչպես շաքար։

1323 Ու Տարիելն արտասվելով—Ավթանդիլը ժպտով երգեց,
Հեղեղն արյան նրա սև սաթի թավուտները կարմիր ներկեց,
Աղբյուրները արտասուքի նոճին էին հորդ ոռոգում,
«Զի քեզ տեսա՝ էլ ինչ է ինձ՝ էլ ինչ պատիժ, ինչ նեղություն»։

1324 Տարիելը լալիս էր հորդ, իսկ Ավթանդիլն ուրախ խոսում,
Ժպտում, ճեղքում էր մարջաններն, ատամներից լույս էր հոսում.
Ասում էր նա. «Մի լուր կտամ՝ քո սիրտը խիստ կուրախանա,
Ու կծաղկի նորից վարդն այն, թառամած էր ինչ մինչ հիմա»։

1325 Իսկ նա ասաց. «Եղբայր, բավ է, ինչքան այսօր ուրախացա,
Ուրախությունն այն էր իմ մեծ՝ որ քեզ նորից այսօր տեսա,
Աստված ուրիշ դեղ ինձ չտա, բացի միայն քեզ լսելուց,
Մարդ աշխարհում այն կգտնի, որոշված է ինչ-որ վերուստ»։

1326 Տարիելը չէր կռահում, Ավթանդիլն է՜լ չհանգստացավ,
Եվ անկարող եղավ չասել ու ուշացնել չցանկացավ.
Խավունն հանեց իրա բերած, ում վարդ շուրթից՝ ալ վարդ բուրեց,
Տարիելը տեսնելուն պես՝ ճանաչեց ու ձեռքից խլեց։

1327 Նա ճանաչեց գիր ու խավուն, ափով խլած իսկույն բացեց,
Ամուր սեղմեց իր երեսին, և վարդն ընկավ, գույնն իր նետեց,
Ուշաթափվեց, կախեց իր սև սաթ գլուխն ու գետին անկավ,
Զի տանջանքն այդ չէին տանի՝ և Սաղմոնն ու Կայենն անգամ։

1328 Ավթանդիլը տեսավ եղբորն՝ ընկած անշունչ և անզգա,
Մոտիկ ցատկեց՝ օգնի նրան, անուշ խոսեց՝ ուշքի թե գա,
Սակայն ոչինչ, ոչինչ չօգնեց կրակի մեջ փոթորկվածին,
Եվ իր բերած այն նշաններն կյա՛նքը եղբոր հանց խլեցին։

1329 Ավթանդիլը նստեց լալու քաղցրանվագ սիրուն ձայնով,
Փետում գլխի ագռավը խիտ, գլխից ներքև շպրտելով,
Ադամանդյա մուրճով հղկած լալի այտը նա իր ճեղքեց,
Եվ մարջանի գույնով կարծես՝ այնտեղից հորդ աղբյուր բխեց։

1330 Ու ճանկռում էր երեսն իր, լալ այտերից՝ արյուն հանում,
Ասում էր նա. «Ինչ ես արի՝ ապուշն անգամ այդ չի անում.
Ինչո՞ւ հանկարծ ջուր ցողեցի դժվարամար հուրի վրա,
Չի դիմանա հանկարծահաս ուրախության սիրտը նրա։

1331 Սպանեցի իմ սիրելուն, ես ի՞նչ անեմ ամոթահար,
Ինձ հանցավոր եմ ճանաչում անհեռատես գործիս համար.
Մարդն ապիկար զի չի կարող լուծում տալ բարդ գործի բնավ,
Գովաբանված շտապ գործից՝ դատապարտված դանդաղն է լավ»:

1332 Ուշաթափվել էր Տարիելն, փռվել էր նա ինչպես խանձված,
Ավթանդիլը շամբը անցավ, ջուր փնտրելու ելավ գնաց.
Եվ առյուծի արյուն գտավ, բերեց եղբոր բոցը մարի,
Ցողեց կրծքին Տարիելի—լաջվարդն առավ գույնը լալի։

1333 Այն առյուծի կրծքին թափեց կտրիճն արյունը առյուծի,
Տարիելը ցնցվեց, շարժվեց — ռազմիկը գոռ հնդկաստանցի,
Բացեց աչքերն, ուժ ստացավ՝ գեթ նստելու գետնի վրա.—
Լուսնի լույսն է թվում լաջվարդ, երբ արևից զրկված է նա։

1334 Ձմռանը՝ վարդն է չորանում, տերևները մեկիկ թափում,
Թոշնում է նա, երբ ամառվան արևն այրում է իր տապում,
Եվ մինչ նրան շոգից, ցրտից առաջացած վերքն է տանջում—
Սոխակն անգետ՝ նրա վրա սիրո տաղ է զիլ–զիլ կանչում։

1335 Այդպես է և սիրտը մարդու—հնար չկա բուժել նրան.
Խնդության, թե՝ վշտի պահին խելագարի է նա նման.
Վիրավոր է նա միշտ դառնում, լի-երջանիկ՝ ամենևին—
Թող աշխարհին նա վստահի, ով որ ինքն է իր թշնամին։

1336 Տարիելը նորից տեսավ գրած գիրն իր սպանողի,
Կարդում էր նա խելակորույս, թափում առատ արցունք աղի.
Արտասուքից շաղվում էր աչքն, ու լույսն էր մութ՝ օր-ցերեկով,
Ավթանդիլը ելավ տեղից, խոսեց ազդու եղանակով։

1337 Ասաց. «Այն, ինչ անում ես դու, չի վայելում կրթված մարդուն,
Արտասուքի կարիք չունենք, հիմա պիտի լինենք ժպտուն.
Որոնելու ելիր գնանք, էլ չուշանանք դեպ արեգակ,
Ու փափագն է քո ում տեսնել—քեզ նրա մոտ տանեմ արագ։

1338 Ինչպես հարկ է ուրախանալ՝ մենք դեռ այնպես ուրախանանք,
Հետո հեծնենք ու երեսով դեպի Քաջեթ դիմենք, գնանք.
Թրերն անենք մեզ առաջնորդ, նրանց թիկունքն անենք դեպ մեզ,
Թափենք այնտեղ դիերն իրենց ու ետ դառնանք անհոգ այնպես»։

1339 Առյուծն ապա լուր էր առնում, էլ ոչ տրված ուշաթափման,
Փայլում էին ճերմակ ու սև՝ բացում էր երբ աչքերը լայն,
Լալի միջից ինչպես արևն՝ այնպես երեսն էր փայլ առնում.—
Ով արժան է՝ երկին գթով՝ նրա կողմն էր նա միշտ դառնում։

1340 Ավթանդիլի հետ նա խոսեց, շնորհակալ եղավ նրան,
Ասաց. «Ինչպե՞ս գովեմ ես քեզ, դու իմաստնոց գովեստարժան,
Ինչպես բարձր լեռան աղբյուր՝ դու ջուր տվիր հովտի ծաղկին,
Դադար տվիր նարգիզներից՝ առատ հոսող իմ արցունքին։

1341 Ես չեմ կարող քեզ հատուցել եղբայրական ջանքիդ համար.
Քեզ փոխարեն աստված թող տա բարիքներից իր անհամար»։
Հեծան, դեպի տուն դիմեցին, սրտերն իրենց խինդով լցված,
Թող կշտացնի բախտը հիմա և Ասմաթին Վաղուց սոված։

1342 Ասմաթն այրի դռան նստած, նայեց, տեսավ Տարիելին,
Ու նրա հետ իր կողմն եկող ուրախ ճերմակ ձիավորին,
Քաղցր ձայնով բլբուլի պես երգում էին երկու հոգով,—
Նա ճանաչեց, ցատկեց տեղից՝ հագի մաշված բաց շապիկով։

1343 Մինչև այսօր տեսել էր միշտ՝ լացով էր այր վերադառնում,
Ու երբ տեսավ երգով գալիս՝ Ասմաթը շատ էր զարմանում։
Սարսափահար տեղից ելավ, կարծես թե հենց ինքն էր հարբած։
Նա չէր լսել բերած լուրն այն, որին վաղուց էր փափագած։

1344 Երբ Ասմաթին հեռվից տեսան — ծիծաղեցին և ձայն տվին.
«է-հեյ, Ասմաթ, և մեզ հասավ ողորմությո՛ւնը երկնային.
Գտանք կորած լուսինը մեր, ինչ ուզեցինք՝ հասանք նրան,
Բախտի կամքով կրակն հանգավ, փոխվեց մեր վիշտն ուրախության»։

1345 Ավթանդիլը ցատկեց ձիուց, որ Ասմաթին գրկախառնի,
Ու նա մեկնեց ձեռքն հալվեին, որ նրա ոստն իր գիրկն առնի,
Երեսն ու վիզն էր համբուրում, ասում էր նա արտասվելով.
«Ի՞նչ իմացար, կամ ի՞նչ արիր, պատմիր, մեռա սպասելով»։

1346 Ավթանդիլը տվեց նրան նամակն ահա նրա սանի,
Դալուկ ոստով այն հալվեի և երկնային դալուկ լուսնի,
Ասաց նրան. «Նայիր և տես՝ բազմատանջ է ապրում ինչ կյանք,
Բայց մեզ արևն է մոտենում ու հեռանում ամեն շվաք»։

1347 Ասմաթը երբ նամակն առավ՝ նա ճանաչեց ձեռաց գրից,
Եվ զարմացավ ու դողդողաց խենթի նման զարհուրալից.
Ոտից մինչև գլուխ նրա մարմինն ամբողջ փշաքաղվեց,
«Ի՞նչ ես տեսա, ի՞նչ լսեցի, ճի՞շտ է միթե»—բացականչեց։

1348 «Մի՛ սարսափիր, ճիշտ է որ կա — Ավթանդիլը նրան ասավ,—
Արդ հեռացավ ցավը մեզնից և խնդությունն ինքը հասավ.
Արևը մեզ է մոտեցել, խավարն արդեն դարձել անկար.
Չարին՝ բարին հաղթանակեց և կմնա բարին երկար»։

1349 Հնդկաց արքան Ասմաթի հետ խոսեց բարի ու մեղմաձայն,
Գրկում էին նրանք իրար,— արցունք թափում ուրախության.—
Վարդի նման թևն ագռավի մանրիկ-մանրիկ ցող էր շաղում։
Թե մարդն իրոք լավ հասկանա՝ չի մոռանա աստված մարդուն։

1350 Ու փառք տվին նրանք աստծուն, ասին. «Իրոք լա՛վն արավ նա.
Արդ հասկացանք՝ երես նորին մեր դեմ վատ բան չէր ցանկանա» —
Հնդկաստանի արքան ուրախ այս էր ասում բազկատարած։
Մտան քարայր, այնտեղ Ասմաթն հյուրասիրեց մի կերպ նրանց։

1351 Տարիելն ասաց Ավթանդիլին․ «Ես քեզ մի բան պիտի պատեմ,
Դու ինձ լսիր և չկարծես՝ անմիտ ինչ-որ կառաջարկեմ.
Երբ դևերին կոտորեցի, առա այրերն այս բնակած,
Այն օրվանից այստեղ դեռ կան գանձեր մեծ-մեծ աստ մնացած։

1352 Ես տակավին բաց չեմ արել, որովհետև չեմ ցանկացել,
Արի բանանք և իմանանք, ինչ գանձեր են թե մնացել»։
Նա հավանեց, և երկուսով, և Ասմաթի հետ միասին,
Նրանք առանց դժվարության՝ քառսուն պինդ դո՛ւռ ջարդոտցին։

1353 Ինչ որ տեսան՝ աչք չէր տեսել՝ զարմանալի գանձեր գտան,
Այնտեղ կային մաքուր հղկած ակնեղենի շեղջեր այնքան,
Գնդախաղի գնդի պես մեծ անզուգական մարգարիտներ․
Իսկ թե որքան կար ոսկեղեն՝ ո՞վ կարող էր հաշվի առներ։

1354 Ու սենյակներն այն քառասուն լեցուն էին ամբողջապես,
Բազմատեսակ զենքերով լի մի զինանոց գտան նույնպես,
Այնտեղ զենքի ամեն տեսակ, ինչպես թթու՝ կիտած,դարսած
Իսկ մեջտեղում՝ մի տապանակ՝ կնքած, երբեք դեռ չբացած։

1355 Ու գրած էր. «Աստ գտանին՝ զարմանալի զենքեր շատ կուռ,
Շղթազրահ և սաղավարտ, պողպատ կտրող ալմասի թուր,
Քաջքեր թե գան դևերին դեմ՝ նրանց դժվար օր կհասնի,
Արքայասպան թող համարվի՝ ով վաղաժամ այս բաց անի»։

1356 Եվ տապանակն երբ բաց արին, այնտեղ երեք ձեռ զենք գտան,
Որոնք կարող էին հագնել երեք ռազմիկ կտրիճ միայն.
Զրահ և թուրն ու սաղավարտ և ազդրապահն իրենց վայել,—
Հանց մի աճյուն ի տուփ առած՝ զմրուխտ բնե՛րն էին պահել։

1357 Ամեն մեկը՝ մեկն էր հագնում, փորձում էին իրենց վրա,
Ոչ մի մարդ չէր կարող շարժել՝ թե սաղավարտ և թե զրահ.
Թուրն երկաթին թե զարկեիր՝ բամբակ թելի պես կկտրեր,
Ինչ կար—ամբողջ աշխարհն արժեր, բայց ո՞վ ծախել կմտածեր։

1358 Ասին. «Բավ է սա ի նշան՝ որ կլինի մեր բախտը բաց,
Բարի աչքով նայեց նա մեզ՝ ողջ աշխարհին հսկող աստված»։
Առան նրանք զենք ու զրահն՝ ամեն մեկը իրեն ուսին,
Մեկ-մեկն իրենց, երրորդն ապա՝ Նուրադինի համար ասին։

1359 Մի քիչ ոսկի և հազվագյուտ մարգարիտներ նույնպես առան,
Եվ քառասուն գանձարաններն՝ կնիքեցին ու դուրս եկան։
Կտրիճն ասաց. «Այսուհետև՝ թրի դաստակն ամուր բռնենք,
Այսօր մնանք գիշերելու, երբ լուսանա՝ իսկույն ելնենք»։

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ԱՎԹԱՆԴԻԼԻ ԳՆԱԼԸ ՖՐԻԴՈՆԻ ՄՈՏ

1360 Երբ լուսացավ՝ ճամփա ընկան և Ասմաթին առան տարան,
Մինչ երկիրը Ֆրիդոնի նրան իրենց գավակն առան։
Այնտեղ նրանց ոսկու գնով ձի վաճառեց մի վաճառորդ։
Ավթանդիլն էր նրանց տանում՝ ի՛նչ ավելի լավ
առաջնորդ։

1361 Ճամփա անցան, հանդիպեցին Նուրադինի ջոկապետին,
Ջոկը տեսան՝ հավանեցին՝ վայել իրոք թագավորին,
Տարիելն ասաց Ավթանդիլին. «Արի անենք մի լավ կատակ–
Եկ հարձակվենք ջոկի վրա՝ Ֆրիդոնի հետ մի խաղ խաղանք։

1362 Կզայրանա՝ մեզ կընդունի գողերի տեղ երամակի,
Իսկույն կռվի նա դուրս կգա, որ դաշտը ողջ արյամբ ներկի,
Հետո հանկարծ մեզ կտեսնի՝ կզարմանա, կխաղաղի,-
Հաճելի է կատակը լավ՝ ուրախառիթ կատարողի»։

1363 Սկսեցին որսալ ձիերն, ընտիրներից սկսեցին։
Հովիվները կայծահանով լապտերն իրենց նոր վառեցին
Եվ ձայն ավին. «Ո՞վ եք, տղերք, ձեր ուժից վեր գործ եք բռնում.
Սրա տիրոջ թրից ոսոխն՝ առանց տնքոց վայր է ընկնում»։

1364 Լարած իրենց աղեղն ապա՝ հովիվներին հալածեցին.
Իսկ հովիվներն աղմուկ արին, գոռում-կոչում սկսեցին.
«Հա՜յ, օգնեցե՜ք, սպանեցին, կոտորեցին հեներն արդեն»։
Ու տարածվեց ձայն ամեն կողմ, Ֆրիդոնին եկան ասեն։

1365 Զինվեց Ֆրիդոնն, իր ձին հեծավ ու դուրս եկավ իսկույն զինված։
Հրաման տվեց նա իր զորքին, դաշտը եղավ զորքով լցված։
Այն արևներն առաջ եկան, ձմեռն անգամ որ չի հաղթում,
Սաղավարտներն հագան ամուր՝ իրենց երե՛սն էին ծածկում։

1366 Երբ նկատեց Նուրադինին, Տարիելը կանչեց զվարթ.
«Տեսա ես ում ուզում էի,— ու ծիծաղեց անսաղավարտ,—
Մի խռովիր,— ասաց,– միթե՝ դու գալուց ես մեր նեղանում,
Ինչո՞ւ իբրև անհյուրասեր՝ դու կռվով ես մեզ ընդունում»։

1367 Ֆրիդոնն իսկույն ցատկեց ձիուց, գետին իջավ ու ողջունեց,
Նրանք նույնպես գետին թռան, փաթաթվեցին՝ համբույրի մեծ։
Ֆրիդոն արքան բազկատարած փառք էր հղում անչափ տերին,
Վզրուկներից ամեն ծանոթ՝ համբուրում էր նորեկներին։

1368 Ֆրիդոնն ասաց. «Շատ ուշացաք՝ վաղուց էի ձեզ սպասում,
Պատրաստ եմ ձեզ ծառայելու, ծառայելուց ի՛նչ ծուլացում»։
Թվում էր թե հանդիպեցին երկու արև և մի լուսին.—
Շող նետելով իրար վրա՝ ճամփա ընկան տուն միասին։

1369 Ֆրիդոնի տո՛ւնն իջան նրանք, վայելչագեղ երկու հոգիս.
Ավթանդիլին առավ իր մոտ՝ իր հոգեղբորն իրեն կողքին,
Մինչ Տարիելն բազմեց արդեն ոսկեծածկոց թախտի վրա,
Նվիրեցին Նուրադինին նրանք երրորդ զենք ու զրահ։

1370 Ասին նրան. «Քեզ արժանի ուրիշ լավ բան հիմա չունենք,
Բայց գեղեցիկ բան մի ուրիշ՝ ուրիշ տեղում պահել ենք մենք»։
Նա խոնարհվեց անմիջապես, ճակատը նա քսեց գետնին,
Ասաց. «Նվեր մի այսպիսի՝ վայել է ձեզ՝ տվողներին»։

1371 Եվ հյուր եղած Նուրադինին՝ հանգստացան այդ նույն գիշեր,
Բաղանիքում լավ լողացան, առան բազում նվեր-հուշեր,
Նա երկուսին շատ գեղեցիկ, իրարից լավ զգեստվորեց,
Ոսկե թասով ակն հազվագյուտ ու մարգարիտ նա նվիրեց։

1372 Ֆրիդոնն ասաց, «Լսեք արդ ինձ, խոսքերն իմ վատ հյուրընկալիս,
Բայց չկարծեք, թե ձանձրացա ես թանկագին իմ հյուրերից,
Սակայն պետք չէ մեզ հապաղել, շտապ անցնենք երկար ճամփան,
Զի կասկածեք ելքին հաջող՝ քաջքերը թե վերադառնան։

1373 Շատ զորք տանել կարիք չկա, տանենք ընտիր, քիչ զորական,
Երեք հարյուր հոգով մտնենք, ձևանալով փախստական.
Իսկ երբ մտնենք՝ քաջքերի դեմ՝ թրի դաստակն ամուր սեղմենք,
Որ մեռնում ենք սեր ում մենք՝ մեր հալվեին շուտով գտնենք։

1374 Քաջաստանում ուրիշ անգամ եղել եմ ես, ամուր է շատ.
Անմատչելի է թշնամուն և չորս կողմից նա ժայռապատ։
Եթե ծածուկ մենք չմտնենք, կռվով մտնել՝ չի հաջողվի,
Կարիք չունենք մենք մեծ զորքի, շատ զորքն այնտեղ չի թաքնվի»։

1375 Ու կարծիքից նրա հայտնած երեքով էլ շատ գոհ եղան,
Ասմաթն այնտեղ մնաց — նրան՝ պարգև տվեց Ֆրիդոն արքան։
Հետներն առան երեք հարյուր հեծվոր մարտիկ խիզախագույն.
Ով նախապես շա՛տ է տանջվել—վերջում ասավա՛ծ է պսակում։

1376 Երեք երդվյալ եղբայրները փոքրիկ զորքով ծովը անցան,
Գնում էին գիշեր-ցերեկ, Ֆրիդոնը լա՛վ գիտեր ճամփան։
Ֆրիդոնն ասաց. «Քաջաստանի սահմաններին մենք մոտեցանք,
Որպեսզի մենք չնկատվենք, այսուհետև մթնով գնանք»։

1377 Երեքն էլ շատ հավանեցին Նուրադինի այս խորհրդին,
Ցերեկները կանգնում թաքուն, շտապ գնում էին մթին։
Հասան, քաղաքն արդեն տեսան — շատ պահակներ էին հսկում,
Դրսից ժայռեր, պահապանաց՝ բարձր կանչերն էին լսվում։

1378 Ու դռան մոտ՝ կանգնած արթուն տասը հազար կտրիճ պահակ,—
Առյուծները տեսան քաղաքն լուսնի պայծառ շողերի տակ.
Ասին իրար. «Խորհենք, այստեղ՝ ինչ ընտրություն պիտի արվի.
Հազար մարդուց հարյուրն է վեր, զգուշությամբ թե գործ տարվի։

ՆՈԻՐԱԴԻՆ֊ՖՐԻԴՈՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

1379 Ֆրիդոնն ասաց. «Մի խոսք ասեմ, կարծում եմ ես չեմ սխալվի.
Սակավ ենք մենք, շատ մարդ է պետք, որ քաղաքի դիմաց կռվի,
Ճակատելու՝ մենք ուժ չունենք, ժամանակ չէ պարծենալու,
Թե փակ գտնենք դռներն հիմա՝ հազար տարում չենք մտնելու։

1380 Երբ փոքր էի, ուզում էին ինձ լար խաղալ սովորեցնել
Ուսանեցին հնարք ամեն՝ նրանց նման թռչեչ, վազել,
Եվ ոչ մի աչք ինձ չէր հասնի՝ այնպես էի լարով վազում,
Ինչ մանուկ էլ տեսներ թե ինձ՝ նա շա՜տ և շա՜տ էր նախանձում,

1381 Արդ ով ձեզնից օղապարանն թարձր նետել շատ լավ գիտե,
Թող պարանի ծայրը մինչև աշտարակի վերև նետե,
Վեր մագլցել՝ նույն բանն ինձ՝ ինչ որ թե ես վազեմ դաշտում,
Հազիվ տեսնենք, թե կենդանի՝ մի մարդ թողնեմ այնտեղ ներսում։

1382 Զինված անցնել դժվար չէ ինձ, ոչ էլ ինձ հետ տանել վահան,
Ներս կցատկեմ ես սրընթաց, վրա կտամ քամու նման,
Ջարդեմ զորքին ու բաց կանեմ՝ երբ գրավեմ այնտեղ դռներ,
Իսկ դուք իսկույն հասեք այնտեղ, որտեղ լսեք կռվի ձայներ»։

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ

1383 Ավթանդիլը ասաց. «Ֆրիդոն, եղբայրներդ չեն բողոքում,
Բայց հույս դրած առյուծ բազկիդ՝ վերքի մասին դու չես հոգում.
Դժվար խորհուրդ ես դու տալիս, թշնամիներն արդեն կոռնան,
Դու չե՞ս լսում, ինչ մոտիկից զորքն է ձայնում հենց պահապան։

1384 Երբ մագլցես՝ քո կլսեն զրահների ձայնդ զնգուն,
Կհասկանան, լսիր դու ինձ, ու կկտրեն պարանն իսկույն,
Ամեն–ամեն, ինչ կա արած, պիտի կորչի աննպատակ,
Խորհուրդի՛դ ես չեմ հավանում, այլ կե՛րպ պիտի մեզ առաջարկ.

1385 Լավ կլիներ՝ տեղում թաքուն թաքնվեիք դուք առանձին,
Քաջաստանցիք չեն արգելում՝ քաղաք մտնել գեթ ճամփորդին.
Մինչ ես ծպտուն մի փերեզակ՝ վաճառական կձևանամ,
Եվ սաղավարտ, զրահ ու թուր մի հատ ջորու ես կբառնամ՝

1386 Երեք հոգով քաղաք մտնել՝ չի կարելի, կհասկանան,
Իսկ կխաբվեն, թե ես մտնեմ՝ մենակ, իբրև վաճառական,
Ներսում թաքուն զրահ հագած՝ ես կբացվեմ այնուհետև,
Աստված տա, որ ներսում հոսեն հորդ ու առատ արյան գետեր։

1387 Ներսի մարդկանց շուտ կջնջեմ, մաքրեմ առանց դժվարության,
Իսկ դուք դրսից հարձակվեցեք՝ դռան վրա քաջի նման.
Փականքները ես կջարդեմ և դուռը բաց կանեմ ձեր դեմ,
Թե ավելի լավ միջոց կա՝ ասեք հիմա, ես կընդունեմ»։

ՏԱՐԻԵԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ

 
1388 Իսկ Տարիելն ասաց. «Գիտեմ՝ հերոսներ եք հերոսների,
Նման է ձեր խորհուրդը շատ խիզախության ձեր սրտերի,
Թեժ կռիվ եք, գիտեմ, ուզում՝ ո՛չ զուր շարժում ձեր թրերի,
Երնեկ նրան՝ ով կտեսնի՝ ձեզ տաք ժամին այդ պայքարի։

1389 Բայց, եղբայրնե՛ր, ինձ թույլ տվեք՝ իմ առաջարկն անեմ նույնպես.
Թե ձայնն հասնի խենթացնողիս, նա ցած նայի արևի պես
Եվ տաք կռվում տեսնի նա ձեզ, բայց ինձ ձեր մեջ չնկատի,—
Հաճելի չէ այդ ինձ համար, ես խայտառակ լինեմ պիտի։

1390 Լավ կլինի, այս իմ կարծյոք, որ խորհուրդն իմ դուք ընդունեք.
Լուսադեմից փոքր ինչ առաջ երեք մասի մենք բաժանվենք,
Եվ ձի հեծած երեք կողմից առաջ խաղանք հանկարծակի,
Քիչ կթվանք — մեր դեմ կգան՝ թրեր շարժեք մենք մեր ձեռքի։

1391 Չեն հասցնի դուռը փակել—շուտ գրոհ տանք ու ներս խուժենք,
Մեզնից մեկը թող ներս մտնի, մյուսներս դրսից խփենք,
Մտնողը թող ներսիններից՝ արյան հեղեղ թափի ներսում,
Մյուսների զենքերը թող հաղթանակով գործեն դրսում»։

1392 Ֆրիդոնն ասաց. «Ես հասկացա, փորձել եմ շատ և լավ գիտեմ,
Չեն հասցնի դուռը փակել՝ իմ՝ քեզ տված նժույգի դեմ.
Նվիրելիս ի՞նչ գիտեի, թե Քաջեթում քեզ պետք կգա,
Թե չէ երբեք չէի տա քեզ, միտդ պահիր, ժլատ եմ, հա՜...»։

1393 Այսպես ասաց ընկերաբար, կատակելով Ֆրիդոնն հերոս.
Ծիծաղեցին մյուս երկու սրախոսներն իմաստախոս.
Իրարու հետ կատակեցին, նրանց կատակն էր սազական.
Իջան ձիուց ու զինվեցին, իրենց ընտիր ձիերն հեծան։

1394 Խելոք, հասուն խորհուրդներով նորից իրար խոսակցեցին
Եվ վերջապես Տարիելի առաջարկածն ընդունեցին,
Հերոսները բաժանվեցին երեք մասի հարյուրական
Ու, ձի հեծած անմիջապես, սաղավարտներ գլուխն առան։
    
                           ***
1395 Կտրիճներն այն արեգակից գերազանց են իրենց շուքով
Ու երեքին պահպանում են՝ յոթ մոլորակ շողի սյունով,
Տարիելը հեծած սևին՝ սեգ հասակով ու գեղիրան,
Ինչ կջարդեր նա թշնամուն—հեշտ էր որպես՝ դիտող վկան։

1396 Ինչ պատմում եմ նրանց մասին՝ պատկեր նոցա և ի հանգույն—
Երբ սև ամպերն են անձրևում ու հեղեղում գոռ ու դժգույն,
Գոռում են ու փրփուր տալիս օձապտույտ սուրում ձորով,
Բայց միանում երբ որ ծովոց՝ հեղ են նորից ու հանդարտով։

1397 Թեպետ Ֆրիդոնն ու Ավթանդիլ անհաս էին, համբավ-բարի,
Բայց դեմ դուրս գալ Տարիելին՝ և ոչ մի մարդ չէր համարի՝
Արևի դեմ աստղը գունատ, նսեմանում, լույս չի տալիս,
Ինչ արդ լսևք, ունկնդիրներ, կովի ձայներն ահեղալից։

1398 Ամեն մեկը մի դռան մոտ՝ բաժանվեցին երեք մասի,
Երեք հարյուր մարդ ունեին, նման ամեն մեկն հերոսի.
Գիշերն ամբողջ խորհում էին, լուռ, ժրաջան, մտած դարան,
Ծեգին հանկարծ երևացին, ամեն մեկի ձեռին վահան։

1399 Գնում էին՝ նրանք հանգիստ ճամփորդների ինչ-որ նման,
Չկռահեց ներսում ով կար, նրանց հանդեպ զգաստ չեղան.
Կասկած չկար նրանց սրտում, կանգնած էին անփույթ, հանդարտ,
Երբ մոտեցան դռներն ի հուպ՝ հագան իսկույն կուռ սաղավարտ։

1400 Խթանեցին նժույգներին, մտրակները շառաչեցին,
Ու երբ տեսան դուռը առած, քաղաքացիք ճիչ գցեցին։

Սրանք մտան երեք կողմից, կյանքներն իրենց վտանգելով.
Շռնդացին բուկերն անեղ, դարդար, նոբան որոտալով։

1401 Եվ Քաջեթի գլխին պայթեց զայրույթն անչափ աստվածային,
Եվ Կրոնոսն հեռու պահեց իր քաղցրությունն արևային,
Եվ զայրույթով ցած շուռ եկան՝ բախտի անիվ, երկնի շրջան,
Եվ դաշտերում էլ տեղ չկար՝ դիակների հոծ բազմության։

1402 Աղաղակից Տարիելի մարդիկ ընկնում էին անզարկ,
Զրահները պատառոտվում, ծռմռվո՛ւմ էր լանջապանակ։
Երեք դռնից ներխուժելով՝ ոչ նեղություն, ոչ վերք առան,
Բերդն ավերել սկսեցին, երբ որ նրանք քաղաք մտան։

1403 Ավթանդի՛լն ու առյուծ Ֆրիդոնն հանդիպեցին իրար ներսում,
Երբ թշնամուն ջարդել, արդեն՝ լողում էին արյան ծոցում,
Իրար տեսան, ուրախացան և ձայն տվին հեռվից իրար,
«Տարիե՛լը ո՞ւր է»,— ասին։ Նայում էին, բայց նա չկար։

1404 Չգիտեին նրանք ահա՝ ո՞ւր որոնեն արդյոք նրան,
Էլ թշնամուց ահ չունեին՝ և մոտեցան բերդի դռան.
Այնտեղ տեսան զենքերի կույտ և թրերի ջարդած մասեր,
Հողի նման անշունչ ընկած տասը հազար պահապաններ։

1405 Ու պահապանք բերդի բոլոր հիվանդի պես գետնին թափված,
Ոտքից գլուխ վերքերի մեջ, զրահներով պատառոտված,
Ու լայն բացված մուտքը բերդի, մասերն ընկած մի կողմ դռան,
Ասին. «Գործ է նրա արած», ինչ արել էր՝ արդ իմացան։

1406 Եվ գետնափոր ճամփան գտան, մտան անձավ—ներս սողացին,
Տեսան՝ օձն էր լուսնին թողել, որ հանդիպի նա արևին,
Սաղավարտը հանել էր նա, ու վայել էր վարսը վերած,
Գրկել էին վիզ մեկմեկու՝ կրծքերն ամուր իրար հպած։

1407 Գրկած իրար, համբուրվելով՝ ջերմ արտասուք էին թափում,
Կարծես Զուալն ու Մուշթարը այսօր իրար են հանդիպում,
Երբ որ տեսնի վարդն արևին՝ վարդն ավելի կշուքանա,
Ով տառապեց մինչև հիմա՝ այսուհետև կուրախանա։

1408 Եվ համբուրվում էին նրանք, կանգնած, վզով ընկած իրար,
Կրկին, կրկին իրար հպում շուրթերը վարդ բացված ու վառ,

Ու մոտեցան հիմա սրանք, երեք եղբայրն հավաքվեցին—֊
Հրավիրված հյուրերի պես՝ մոտիկ եկան, սալամ տվին։

1409 Արեգակն այն շոյուն դեմքով ու ժպտերես դիմավորեց,
Օգնողներին վեհ, բարեհաճ, հպարտորեն նա համբուրեց,
Շնորհակալ եղավ ապա նա դուրեկան խոսքով խոնարհ,
Ու պատասխան տվին նրանք՝ ճարտար խոսքով, հաճոյաբար։

1410 Սալամ տվին նույնպես նրանք՝ Տարիելին՝ հալվե ծառին,
Ողջույն տվին հաղթանակի և իրարու հարցեր արին.
Չափսոսացին՝ դեռ տակավին զրահները չէին գցել,
Իրենք առյուծ էին դարձել, իսկ թշնամուն՝ այծյամ արել։

1411 Երեք հարյուր խիզախներից հարյուր վաթսունն էին մնում,
Նուրադինը ցավում էր շատ, սակայն նաև ուրախանում.
Որոնեցին, կոտորեցին՝ ինչ թշնամի կար կենդանի,
Իսկ թե ինչքան գանձեր գտան՝ աչքով հաշվել չէր կարելի։

1412 ժողովեցին ուղտ ու ջորի, անասուններ՝ ինչ-որ գտան,
Երեք հազար գրաստ բարձած մարգարիտներ, ակներ տարան,
Ակներն ամբողջ տաշած էին՝ լալ ու հակինթ՝ է՛լ ճարճատուկ,
Մինչ այն արփուն, իբրև կնոջ, պատգարակով տարան հատուկ։

1413 Թողին բերդում վաթսուն հոգի՝ այնտեղ իբրև պահապաններ
Եվ տարան այն արեգակին, որ դժվար էր արդեն խլել.
Եվ դիմեցին Ծովաքաղաք, և հեռու էր թեպետ ճամփան,
Ասին. «Տեսնենք և Ֆաթմանին, հատուցանենք պարտքը նրան»։

ՏԱՐԻԵԼԸ ԳՆՈԻՄ Է ԾՈՎԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՏ

1414 Տարիելը ճամփեց դեսպան Ծովերի մեծ արքայի քով,
Ապսպրեց. «Գալիս եմ ես՝ Տարիելս հաղթանակով.
Քաջաստանից բերում եմ ես արևն իմ այն՝ ինձ խոցողին,
Ուզում եմ ես հարգանք տալ քեզ, իբրև իմ հորն ու ծնողին։

1415 Ես տիրեցի Քաջաց երկրին, նրանց ամբողջ հարստության.
Ով թագավոր, ես ձեր երկրում՝ արժանացա լոկ լավության,
Փրկեց Ֆաթմանն իմ արևին, նա մայր եղավ նրան և քույր,
Ինչո՞վ կարող եմ հատուցել, ատում եմ ես խոստումը զուր։

1416 Եկ մեզ այցի, քանի դեռ մենք՝ հողերով ենք քո անց կենում,
Ես Քաջքերի այս պետությունն ամբողջովին քեզ եմ հանձնում,
Այնտեղ մարդկանց քո ուղարկիր, ամրոցը առ հաստատապես,
Դո՛ւ այցելիր, ես՝ շտապով՝ էլ չեմ կարող այցի գալ քեզ։

1417 Իսկ իմ կողմից հրաման տվեք դուք Ֆաթմանի մարդ Ուսենին,
Որ Ֆաթմանին ճամփի մեզ մոտ՝ իր փրկածին տեսնի կրկին.
Փափագում էր տեսնել նրան, արժանանալ տեսին նորից,
Նա՝ լուսեղ է ով քան արփին, բյուրեղն ինչպես սև այն կպրից»։

1418 Երբ Ծովերի արքայի մոտ Տարիելի դեսպանն հասավ,—
Ծես է, հարկավ՝ նա շփոթվեց, երբ չսպասած լուրն ստացավ,—
Փառք, գոհություն տվեց վերին դատավորին արդարադատ
Եվ անհապաղ նժույգ հեծավ, չուզեց ճամփել ուրիշ մի մարդ։

1419 Ու հարսանքել երբ նա լսեց՝ բարձեց այնու նա շատ բեռներ,
Ոչ թե սաթի բեռներ միայն, այլ հազվագյուտ բազում ակներ,
Եվ Ֆաթմանին տարավ իր հետ, ամբողջ տաս օր ճամփորդեցին,
Շատ էր ուզում տեսնել երկրի լուսատուին ու այռուծին։

1420 Երեքն իսկույն հանդեպ ելան Ծովերի մեծ թագավորին,
Զորքը իրենց թողած հեռուն՝ իջան, իրար համբույր տվին.
Երբ գովեցին Տարիելին–—շնորհակալ եղավ հազար,
Հրճում ապրեց, երբ արևին՝ տեսավ՝ դեմքով լուսապայծառ։

1421 Ու Ֆաթմանն էր նրան նայում, այրվում սիրտը մեղմ կրակում.
Ու համբուրում նա ձեռ ու ոտ և դեմք ու բուկ, նրան գրկում.
Ասաց. «Ինչպե՞ս իմ երախտիքն արտահայտեմ քեզ, ով իմ տեր,
Համոզվեցի, որ չարն է կարճ, մինչ բարի՛ն է քո հարատև»։

1422 Իսկ աղջիկը գրկած նրան—ասում էր մեղմ ու փաղաքուշ.
«Լուսավորեց սիրտս աստված պատառոտած և ցրտահուշ,
Լիացած եմ այժմ այնքան, որքան առաջ էի նեղվում,
Արևը ինձ լուսավորեց, վարդս էլ չի ցրտահարվում»։

1423 Ու Ծովերի արքան այնտեղ հարսանիքի հանդես տոնեց,
Իբրև շնորհ՝ Քաջեթն առավ, յոթ օր նրանց թաց չթողեց,
Մեծ գանձերից իր հետ բերած նվեր տվեց նա ամենքին,
Իսկ պերպերան մաշում էին՝ կամրջի պես ոտի տակին։

1424 Մի մեծ բլուր էր գոյացել նուրբ մետաքսի և ատլասի.
Տարիելին թագ նվիրեց, որի գինը մարդ չի ասի,
Յաղութ էր նա մի հատ ամբողջ, դեղին, վճիտ ամբողջապես,
Տվեց և գահ ականակուռ ու անխառնուրդ ոսկուց նույնպես։

1425 Դարեջանին նա նվիրեց ղաբաչա մի կուռ ակներով՝
Բոսորագույն հակինթներով, բալախշներով ու լալերով,
Ու նստեցին հարսն ու փեսան, դեմքերն էին փայլատակում,
Եվ նայողներն այրվում էին՝ հիմա արդեն նոր կրակում։

1426 Նա անհաշիվ նվեր տվեց և Ավթանդիլ, Ֆրիդոնին,
Շատ թանկագին թամբով զուգված մի-մի նժույգ ամեն մեկին.
Մի-մի կաբա՝ զարդած ակնով, վառ գույներով ծիածանի։
Նրանք ասին. «Գոհ ենք քեզնից, շնորհը քո սահման չունի»։

1427 Շնորհակալ Տարիելն եղավ խոսքով սիրուն, անուշ լեզվով,
Ասաց. «Արքա, ախորժեցի գլխավորը՝ ես քո տեսով.
Լիացրիր ապա՝ որ դու՝ պարգևներով բազմատեսակ.
Համոզվեցի, թե լավ արինք, որ ձեզանից հեռու չանցանք»։

1428 Եվ Ծովերի արքան ասաց. «Արքա, առյուծ, առաքինող,
Մերձավորին դու կենսատու, հեռավորին դու սպանող,
Չնաշխարհիկ և գեղեցիկ, ի՞նչ եմ տվել ես քեզ արժան,
Քեզնից հեռու՝ ի՞նչ կշահեմ, ո՞վ ինձ հրճվանք կտա այդքան»։

1429 Իսկ Ֆաթմանին Տարիելն ասաց. «Ես քեզ ծառա այսուց ի դեն,
Իմ քույրն ես դու, արածիդ դեմ՝ ես չեմ կարող տալ փոխարեն.
Ինչքան գանձեր գրաստներին Քաջաստանում բարձել եմ ես,
Վերցուր և տար, չեմ վաճառում, ինձնից նվեր լինի թող քեզ»։

1430 Ու խոնարհվեց Ֆաթման-խաթուն, շնորհակալ եղավ շատ մեծ,
Ասաց. «Արքա՛ քեզ տեսնելով՝ իմ մեջ անշեջ հուր բռնկեց.
Քեզնից հեռու ի՞նչ կլինեմ՝ խենթ եմ ինչպես մի լինելու,
Ախ, երանի ով մոտ է ձեզ, ու վայ՝ ով ձեզ չի տեսնելու»։

1431 Իսկ լուսատուք, իրենք երկու, թագավորին այսպես ասին,
Ատամները՝ շար բյուրեղի, սադաֆ-մարջան՝ առած շուրթին—
«Քեզնից հեռու մենք չենք հաճի ոչ խրախճաք, ոչ չանգ ու դափ,
Սակայն թույլ տուր մեզ մեկնելու, զի պարտ է մեզ մեկնել շտապ։

1432 Դու մեր ծնող վստահելի, հուսալի հայր ես մեզ համար,
Սակայն նավ տուր մեզ հանց շնորհ, խնդրում ենք քեզ խոնարհաբար»
Հրամայեց. «Չեմ խնայի գլուխս անգամ, որ դու թաղես,
Շտապում ես քանի որ դու—առաջնորդի՛ կուռդ թող քեզ»։

1433 Եվ պատրաստեց Ծովոց արքան առագաստով նավ ծովափին.
Տարիելը ճամփա ընկավ, ճամփորդները լալիս էին,
Գլուխ էին ծեծում նրանք, մորուք ու մազ էին պոկում,
Իսկ Ֆաթմանի արտասուքից՝ ջուրն էր ծովի է՛լ վարարում։

1434 Անցան ծովերն հոգեղբայրներն, երեք իրար հավատարիմ,
Հաստատելով խոստումը այն, որին արդեն հաստատ էին,
Երգ ու ծիծաղ վայել նրանց, և անգիտակ չէին դրան.
Վարդ շուրթերի շուքն էր փռվում նրանց բյուրեղ դեմքի վրան։

1435 Ու Տարիելն Ասմաթի մոտ մարդ ուղարկեց աղետաբեր,
Ֆրիդոնն էլ կռվի մասին՝ վզրուկներին ղրկեց լուրեր,
Թե՝ «Գալիս են արևն ու իր՝ լուսատուներն առած իր հետ.
Մինչև հիմա սառած էինք, բայց ջերմացանք մենք այսուհետ»։

1436 Արևն աոած պատգարակում՝ ծովի ափով էին գնում,
Աշխույժ կարծես հանց պատանիք՝ անցած վշտով՝ ուրախանում.
Ու երբ հերոս Ֆրիդոնի երկրին նրանք մոտիկացան—
Դիմավորում էին նրանց, երգ էր լսվում, նվագի ձայն։

1437 Հանդիսավոր ընդունեցին ավագանիք Ֆրիդոնի,
Իսկ Ասմաթը՝ բուժված բոլոր իր վերքերից և հրճվալի
Գուրգուրում էր Դարեջանին, համբույր հպում դեմքով դեմքին—
Արդ կատարվեց իղձը նրա՝ վաղուց-վաղուց հավատամքին։

1438 Դարեջանը նրան գրկած դեմքն էր ծածկում համբույրներով,
Ասում ապա. «Վայ ինձ՝ քեզ էլ՝ տանջեցի մեծ-մեծ ցավերով,
Այժմ աստված մեզ ողորմաց, առատ է նա մեր դեմ արդեն.
Եվ չգիտեմ՝ քո մեծ սրտին ի՞նչ հատուցում տամ փոխարեն»։

1439 Ասմաթն ասաց. «Փառք աստծուն՝ վարդն ինձ սառած ցույց չտվեց,
Խորհուրդները նա իր գաղտնի վերջումն այսպես հայտաբերեց,
Կյանք է թվում ինձ մահն հիմա՝ երբ քեզ տեսա ես խանդավառ»,—
Սերի լավն էլ հենց այն է, երբ՝ տերն ու ճորտն են սիրում իրար։

1440 Ավագանիք գլուխ տվին, գովեստներով եկան հանդես,
Ասում էին. «Աստվա՜ծ օրհնյալ, որ խնդություն տվեց արդ մեզ.
Դեմքերը ձեր մեզ ցույց տվեց, կրակը մեզ էլ չի այրում,
Իր պատճառած ծանր վերքերն ինքն է միայն ապաքինում»։

1441 Եվ մոտ եկան․ շրթունքներով նրանց ձեռներն համբուրեցին։
Ֆրիդոնն ասաց. «Եղբայրքն այն ձեր—ի սեր, ի մեզ վախճանվեցին,
Սակայն նրանք հանդերձյալում ուրախության արժանացան,
Հաղորդվեցին միակի հետ, փառք ստացան հարյուր քսան։

1442 Թեպետ նրանց մահը սրտիս ցավ պատճառեց, արի կական,
Սակայն նրանք արժանացան մեծ պարգևի անմահական»։
Այսպես ասաց, մեղմ լաց եղավ, անձրևը նա խառնեց ձյունին—
Բորեասից նարգիզն այրվեց, վարդ է սառչում թե հունվարին։

1443 Եվ լաց եղան ամենքն այնտեղ՝ տեսան նրան արտասուքով,
Ամեն մեկն իր կորուսյալին ողբաց, հեծաց լաց ու սուգով,
Երբ լռեցին, այսպես ասին. «Նման եք դուք արեգակի,
Ով ձեզ տեսնի՝ ինչ ողբ ու լաց, այլ արդարև պիտի երգի։

1444 Որ մեկն արժի՝ զոհվածով կա, այդ ձեր լացին, վշտանալուն,
Ձեզ համար մեր մեռնելն է լավ՝ գետնի վրա մեր ման գալուն»։
Ֆրիդոնն ասաց Տարիելին. «Չնչին բանից մի վշտանար,
Աստված կտա ձեգ փոխարենն՝ ուրախություն բազմահազար»։

1445 Ավթանդիլն էլ եղավ ցավկից, հայտնեց պատշաճ մխիթարանք.
Նրանք գովեստ արին, ասին. «Ա՛յժմ պիտի ուրախանանք,
Որովհետև գտավ առյուծն իրեն կորած արեգակին,
Էլ չենք ողբա ու սուգ անի, միլ չենք դնի էլ մեր աչքին։

1446 Վերջիվերջո հասան նրանք Մուլղազանզար մեծ քաղաքի.
Ու փող հնչեց ուրախության, աղմուկն եղավ մեծ խնդանքի,
Դաբդաբի և քոսի ձայներն իրար էին ներդաշնակում,
Քաղաքացիք թողնում շուկան—ի մի էին արդ հավաքվում։

1447 Վաճառականք ելան փողոց, հանդիսատես եկավ բազում,
Սարանգները զենքեր ձեռին նրանց մեջ կարգ էին պահում,
Ընտանիքով եկան գունդ-գունդ, շփոթ տվին սարանգներին
Եվ նրանցից խնդրում էին՝ թույլ տալ տեսնել մեծ հյուրերին։

1448 Հյուրերն իջան առ Ֆրիդոն, տեսան պալատ շատ հաճելի,
Ընդառաջեց նրանց մի խումբ՝ ոսկեգոտի ծառաների,
Ոտների տակ սփռում էին—ով որ ուներ օքսինոներ,
Թափում էին վերից ոսկի, որ ամբոխը ցածում բռներ։

ՏԱՐԻԵԼԻ ԵՎ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՈՐԸ ԿԱՏԱՐԵՑ ՖՐԻԴՈՆԸ

1449 Փեսայի և հարսի համար ճերմակ բուստի գահեր դրին,
Հիանալի զարդարանքով ու ակներով կարմիր, դեղին,
Ավթանդիլի համար դրին դեղինն ու սևն իրար հյուսած,
Ու բազմեցին. նայում էին՝ նրանց բոլոր սքանչացած։

1450 Եվ գուսաններ հավաքվեցին, երգ էր հնչում արդ քաղցրաձայն.
Ու հարսանիք կատարեցին, իսկ նվերներն՝ առատացան—
Ֆրիդոնի մոտ աղուհացով, հյուրընկալի այդ անձանձիր,
Ու ծիծաղն էր ատամնաբաց Նեստանին շատ վայելադիր։

1451 Ֆրիդոնից և շռայլուն անզուգական բերին նվեր —
Ճիշտ մեծությամբ սագի ձվի ինը խոշոր մարգարիտներ,
Բերին և ակն հույժ մեծագին, արեգակի պես շողշողուն,
Նրա լույսով նկարիչն իսկ կնկարեր մութ-խավարում։

1452 Եվ մանյակներ նա նվիրեց, որ կախեին իրենց վզից,
Ակներից էր կլոր տաշած, ամբողջական ու հակինթից.
Բերեց և մեծ մատուցարան՝ հազիվ էր մարդ բռնում ձեռին,
Առատաձեռ Ֆրիդոնից — նվեր առյուծ Ավթանդիլին։

1453 Ու նրա մեջ — լեփ ու լեցուն՝ մարգարիտներ խոշորագույն,
Ավթանդիլին նա նվիրվեց ամեն-ամեն խոսքով ներհուն,
Տունը լցվեց՝ կակուղ-քնքուշ կերպասներ ու օքսինոյով
Շնորհակալ եղավ ապա Տարիելը քաղցր խոսքով։

1454 Ֆրիդոնի մոտ հարսանիք էր, խինդ ու խնդում ամբողջ ութ օր.
Ու ամեն օր տալիս էր նա՝ նվեր և ճոխ և փառավոր,
Ձայնը չանգի, չաղանայի գիշեր-ցերեկ չուներ դադար —
Միացել էր չքնաղ զույգ մի՝ աղջիկ-տղա իրար հարմար։

1455 Տարիելը Նուրադինի հանդեպ սիրտը բացեց մի օր,
Ասաց. «Քո սիրտն ավելի է ինձ նվիրված, քան մի եղբոր,
Կյանք քեզ համար, մինչև անգամ՝ հոգին զոհել չէ բավական,
Վիրավորս ես մահացու, ձեզնից առա դեղ ու դարման։

1456 Ծանոթ ես դու Ավթանդիլի՝ ինձ նվիրած այն մեծ ջանքին,
Ուզում եմ ես հատուցանել գոնե մաս մի երախտիքին.
Ասա նրան՝ ի՞նչ կուզենա, թող բաց անի սիրտը իր քեզ.
Նա իմ սրտի քուրան մարեց, պիտի նույն բան անեմ և ես։

1457 Ասա. «Եղբայր, ես չեմ կարող տալ հատուցում քո մեծ ջանքի,
Աստված կտա ողորմությամբ իր երկնային մեծ բարիքի,
Չկատարեմ իղձդ թե ես, չհասցնեմ նպատակիդ—
Ես չեմ դառնա տուն իմ բնավ՝ ոչ ճոխ պալատ և ոչ խրճիթ։

1458 Ասա ուստի՝ ինչո՞վ օգնեմ, ես ի՞նչ անեմ քեզ դուրեկան,
Եկ, դու դարձիր ինձ առաջնորդ, ուղևորվենք Արաբստան,
Կարգ հաստատենք քաղցր խոսքով, պատերազմենք մենք միասին,
Չամուսնացնեմ թե քեզ այնտեղ՝ չեմ լինի և ես ամուսին»։

1459 Երբ Ֆրիդոնն Ավթանդիլին պատգամն ասաց Տարիելի,
Նա ծիծաղեց, սիրուն ժպտաց — ժպիտն իրեն՝ էլ նազելի,
«Ինչի՞ս է պետք,— ասաց,— օգնողն, ոչ ոք է ինձ տվել վնաս,
Ոչ արևիս քաջքն է տարել, և ոչ խինդ է նրան պակաս։

1460 Արեգակն իմ գահին բազմած՝ կամոքն աստծո կա փառավոր,
Ակնածելի, անխոցելի, հպարտ ու վես, անկախ, հզոր,
Ոչ քաջքերից երկյուղ ունի, ոչ կախարդից կախարդվելու,
Ի՞նչ օգնություն՝ երբ հարկ չկա, կարիք չունեմ ես կեղծելու։

1461 Երբ որոշի ճակատագիրն ու երկնային կամքը վերին,
Աստված ինքը թե ցանկանա՝ հասնի իմ սիրտն ուրախ օրին —
Կայցելի շողն արեգակի մահկանացվիս այն ժամանակ,
Մինչ այդ, սակայն, վազել դես-դեն՝ չունի ոչ միտք, ոչ նպատակ։

1462 Գնա և տուր Տարելին ինչ քեզ ասի հանց պատասխան,
Ասա. «Արքա, ի՞նչ հատուցում, կարեկից էլ լինես որքան,
Ծնվել եմ ես իմ մոր փորից՝ ծառա լինեմ ձեզ ամեն օր,
Թող ձեր ոտի փոշին լինեմ՝ մինչ դուք՝ արքա՛ եք փառավոր։

1463 Ասել ես թե. «Կուզեմ հասնի ու միանա իր սիրածին»,
Վայելուչ է այդ կարեկից ու զգայուն ձեր մեծ սրտին։
Բայց այդ հարցում իմ թուրն է բութ, ճարտար լեզուն իմ ընդհատուն,
Լավ է նստեմ և սպասեմ, տեսնեմ աստված ինչ է վճռում։

1464 Ինչ եմ ահա թե մտադիր և թե ի՛նչ եմ ես ցանկանում՝
Տեսնելը քեզ արքայական գահին բազմած Հնդկաստանում,
Կողքիդ լինի քո լուսատուն իր երեսով ճառագայթող,
Ոսոխներիդ բնաջնջես, մարդ չմնա քո դեմ կռվող:

1465 Երբ կատարվեն այս իմ սրտի բաղձանքները լի-լիովին,
Այնժամ կերթամ Արաբստան՝ ու արևիս քով ի քովին,
Երբ ցանկանա՝ թող նա մարի՝ սրտիս կպած այս իմ քուրան,
Ես չեմ կեղծում և կամ ձեզնից՝ էլ չեմ ուզում ուրիշ մի բան»։

1466 Ու երբ Ֆրիդոնն Ավթանդիլի այս խոսքերը նրան հայտնեց,
«Համաձայն չեմ ես նրա հետ,— Տարիելը պատասխանեց,—
Ինչպես որ նա գտավ միջոց ինձ նոր հոգի ներշնչելու—
Այնպես և իր եղբոր սիրտը՝ նրա համար է լինելու։

1467 Գնա՛, ասա՜ դու իմ կողմից խոսքը ահա իմ սրտաբուխ.
«Մինչ չեմ տեսնի քո սնողին—ես հանգիստ չեմ՝ ուշ թե կանուխ,
Նրա սիրած ճորտաց բազում կարծեմ՝ ես եմ կոտոր արել,
Ու թողություն երբ կխնդրեմ—կարող եմ ինձ մխիթարել»:

1468 Այսպես ասա. «էլ միջնորդներ չեն հարկավոր մեզ այսուհետ.
Գործս կիսատ ես չեմ թողնի, ոչ կգցեմ գործը իս ետ.
Արաբների արքան, գիտեմ, խոսքս իզուր չի կոտրելու,
Ակնածելով ես նրանից — աղջիկն ի քեզ եմ խնդրելու»։

1469 Պատմեց Ֆրիդոնն Ավթանդիլին Տարիելի խոսքերն այսպես.
«Տարիելը չի սպասի, զուր մի խնդրի, չի զիջի քեզ»։
Դժվար թվաց Ավթանդիլին, սիրտը նորից բոցավառվեց.—
Թագավորից պարտ է՝ քաշվես ու հանց ծառա՝ միշտ պատկառես:

1470 Ավթանդիլը, ծնկի գալով, պաղատում էր Տարիելին,
Գրկում էր ոտն ու համբուրում, չէր իսկ նայում մեջքից վերին,
«Հերիք է ինչ մեղանչեցի արքայիս դեմ անցյալ տարի.
Հավատարիմ վարքը դրժող և կործանող մի՛ արարի։

1471 Այն, ինչ դու ես արդ ցանկանում՝ չի թույլ տալիս աստված այդպես.
Սնուցողիս ո՞նց ես դրժեմ, հանդգնանամ կամ ես ինչպես,
Ով ինձ համար գույն է գցել՝ նրա դեմ ձեռք ինչպե՞ս շարժեմ,
Ինչպե՞ս պիտի թուր բարձրացնի՝ ճորտը, ասա, տիրոջն իր դեմ։

1472 Սիրելուս մեջ այդ գործն անգամ դժգոհություն կառաջացնի
Վայ ինձ, եթե նա բարկանա և կամ դառնա մռայլ դժնի,
Նա լուր չի տա ինձ իր մասին, ու կմնամ կարոտ նրան,
Եվ ոչ մի մարդ ինձ չի օգնի, չի նպաստի մեղքիս ներման»։

1473 Մինչ Տարիելն ասաց ժպտուն, լուսապայծառ արփի որպես,
Ավթանդիլի ձեռից բռնեց, բարձրացրեց, ասաց այսպես.
«Կատարել եմ քեզ հետ մեկտեղ ամեն լավ բան՝ քո օգնությամբ,
Բայց լավ է, որ խնդանքիս հետ՝ դու էլ խնդաս քո խնդությամբ։

1474 Դուր չի գալիս ինձ ավելորդ քաշված, վախվոր տեսնել եղբոր,
Լինել մեծմիտ ու մտածկոտ կամ միշտ մռայլ տեսնեմ թե որ,
Բարեկամ է ով ինձ սրտանց — թող մի փոքր էլ իրար զիջենք,
Թե չէ՝ ես ինձ, նա իր համար, լավ է որ մենք բաժան լինենք։

1475 Գիտեմ՝ սիրտը քո սիրածի քեզ համար է խփում հիմա,
Թե երկուսով մենք հյուր գնանք՝ հաստատ գիտեմ՝ չի նեղանա։
Ինչո՞ւ պետք է արքայի հետ ակնարկներով, երկմիտ խոսեմ,
Երբ տեսնելուն նրանց սրտով վաղուց-վաղուց ես կերազեմ։

1476 Նրան միայն ես այս կասեմ՝ ակնածաբար աղաչելով—
Որ աղջկան քեզ տա նա իր և տա իրա բարի կամքով։
Թե միանաք պիտի վերջում—ինչո՞ւ եք զուր էլ ձգձգում,
Զարդարեցեք դուք իրարու, մենակ ինչո՞ւ դուք թառամում»։

1477 Ավթանդիլը երբ համոզվեց, որ գնալուն չի խանգարի,
Չարեց իզուր էլ համառում, չուզեց նրան հակաճառի.
Մինչ Ֆրիդոնն ընտրում մարդկանց՝ պատգամում էր երթին հարմար,
Ինքը պիտի նրանց առներ՝ հերոսների հետ ընթանար։

ԵՐԵՔՈՎ ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՔԱՐԱՅՐ ԻՍԿ ԱՅՆՏԵՂԻՑ՝ ԳՆՈԻՄ ԱՐԱԲՍՏԱՆ

1478 Գաղտնիք է-ի Դիոնիսոս իմաստունն է այսպես պարզում—
Լոկ բարին է բերում ու չար երբեք նա չի ծնում,
Չարիքն իսկույն կարճում է նա, հարատևում բարին միայն,
Ու կատարյալ առնում նրան և պահպանում անապական։

1479 Ճամփա ընկան այն առյուծներն ու արևներն այն խմբովին,
Հետներն առան լուսաշողին, որ ապշեցնում էր տեսնողին.
Բյուրեղի շուրջ ծամը կախված՝ պոչ ագռավի գանգրափետուր,
Ու բալախշին է՛լ զարդարում՝ նազանք ու շուք և հրապույր։

1480 Պատգարակում արևն էր այն, որ ընթանում էր երերուն,
Որսում էին մերթ ճամփեքին, առատ թափում որսի արյուն.
Ինչ երկիր որ հասնում էին, բնակիչներն ուրախանում
Ընդառաջում էին նրանց, նվեր բերում, գովաբանում։

1481 Ու ի լուսնոց տիեզերքում նա արև էր կարծես պայծառ,
Խելոք զրույց էին անում, գնում էին այդպես երկար.
Անցան նրանք տափաստանով՝ իսպառ ամա ու անբնակ,
Ուր որ ապրում էր Տարիելն՝ այն ժայռերին հասան նրանք։

1482 Եվ Տարիելն ասաց. «Այսօր՝ հյուրընկալը պարտեմ ես ձեր.
Կերթամ այնտեղ, ուր ապրեցի խելագարված ես տարիներ.
Ասմաթը թող հյուրընկալի, անի տակավ միս ապխտած,
Մինչ ես նվեր ձեզ շնորհեմ՝ անգին ու գեղ ու բազմագանձ»։

1483 Հասան բարձր քարանձավին, փորված էր նա մեծ ժայռերում,
Ասմաթն աներ պախրայի միս, կտրում էր նա, հյուրասիրում.
Անցածներից էին պատմում, կատակ անում ընկերաբար
Եվ գոհանում էին աստծուց, որ ազատեց վշտից այն դառ։

1484 Ու շրջեցին այրերն ամեն, թռչկոտելով, ուրախացած,
Գանձեղենը գտան ապա՝ Տարիելի ձեռքով կնքած.
Անկարող էր մեկն ըմբռնել, ոչ էլ եղած գանձը հաշվի,
Չէին ասում, թե գանձ չունենք, չունենալուց չեն վհատի։

1485 Ու գանձեղեն բաշխեց նա մեծ — ըստ արժանվույն և բոլորին.—
Նուրադինի բոլոր մարդկանց, սպասալար թե զինվորին.
Լիացրեց ամեն մարդու, ով նրանց հետ աստ էր եկել,
Սակայն այնքան գանձ կար այնտեղ, կարծես նրան ձեռ չէր կպել։

1486 Նուրադինին այսպես ասաց. «Պարտքդ հազիվ թե ստանաս,
Բայց ասած է՝ «Ով լավ անի՝ վերջում նա չի կրի վնաս».
Այս գանձն ամբողջ՝ ինչ կա այստեղ, ինչ որ այստեղ ինքդ տեսար,
Քեզ եմ տալիս, ամեն-ամեն, պատշաճի պես քեզ հետ դու տար»։

1487 Նուրադինը գլուխ տվեց, շնորհակալ էր խորապես,
Ասաց. «Արքա, է՞ր կարծեցիր՝ անբանիմաց, անմիտ եմ ես,
Չիղ է թվում քեզ թշնամին, որ կարծում է իրեն մահակ,
Իմ խինդն այնքան պիտի տևի, որքան տեսնեմ քեզ շարունակ»։

1488 Ֆրիդոնն իր տուն ղրկեց մարդկանց՝ թե դառնան ու ուղտեր բերեն.
Գանձերն ամեն, ինչ կար այնտեղ, որ ուղարկի երկիրն իրեն,
Ապա նրանք հենց այն տեղից ճամփա ընկան Արաբստան,
Եվ բարակել էր Ավթանդիլն՝ արև տենչող լուսնի նման։

1489 Երկար օրեր ճամփա անցան, հասան երկիրն արաբների,
Հետզհետե հանդիպեցին շատ գյուղերի, ամրոցների,
Բնակիչներ այնտեղ կային՝ հագին շորեր կանաչ, կապտուն.
Ավթանդիլի համար ամենքն այնտեղ արցունք էին թափում։

1490 Տարիելը մարդ ուղարկեց արքայի մոտ արաբների,
Ասաց. «Արքա, մաղթումս է ձեզ՝ կատարում ձեր ողջ իղձերի.
Ես՝ թագավորս Հնդկաստանի, գալիս եմ ձեզ այցելության,
Զեզ ցույց տալու վարդը կոկոն՝ դեռ չքաղած ու անթառամ։

1491 Ինձ տեսնելով, հիշեք թե որ, դուք նեղացաք ոտքիդ հողից,
Վատ էր՝ գերել դուք ուզեցիք, ձիով ընկնել իմ հետևից.
Ես ցույց տվի զինվորներիդ նշաններն իմ դժգոհության,
Եվ շատ ճորտեր կոտորեցի՝ ծառայողներ արքունական։

1492 Արդ ձեզ մոտ եմ ինքս գալիս՝ թողած երթի ուրիշ ճամփան —
Որ դուք ներեք հանցանքը իմ, վերջ տաք իմ դեմ ձեր վրդովման։
Նվեր չունեմ ես ձեզ տալու, վկա Ֆրիդոնն իր ծառայոք,
Սակայն բերի Ավթանդիլին՝ որպես նվեր բավ չէ՞ արդյոք»։

1493 Ու երբ գնաց ավետաբերն, Ռոստևանին լուրն այս հասավ,
Ոչ մի լեզվով չի պատմվի՝ որքան արքան ուրախացավ.
Թինաթինի ամեն մի այտն եռապատիկ փայլ էր առել,
Ստվերն հոնքի և թարթիչի՝ բյուրեղն ու լալն էր զարդարել։

1494 Թնդաց փողը ու ձայն լսվեց համատարած ուրախության,
Զորքերն շտապ շրջակայից՝ վազում էին՝ հասնեն որ գան.
Բերում էին՝ ձիեր հեծնեն, հարմարեցնում սարք ու թամքեր,
Շատ սրտապինդ, արագաթև կտրիճ հեծավ ձի անվեհեր։

1495 Արքան հեծավ, ամբողջ զորքով, վզրուկներով առաջ գնաց,
Ով լսել էր՝ գալիս էին — ամեն կողմից նրանց դիմաց,
Եվ բարձրաձայն բացականչում, ամենը փառք աստծուն տալիս
Գոչում. «Ահա չարը գնաց, ու բարին է առ մեզ գալիս»։

1496 Երբ հանդիպողք երկու կողմանց, իրար արդեն նկատեցին,
Ավթանդիլը կամաց ասաց իր հոգեղբայր Տարիելին.
«Դու տեսնո՞ւմ ես դաշտերը այս, փոշիո՛վ են որ ներկվել—
Այստեղ է սիրտն իմ հրդեհվել, այստեղ վառվել ու շղթայվել։

1497 Խնամատարն իմ արդ եկել՝ ձեզ է այստեղ դիմավորում,
Ես չեմ կարող այնտեղ գնալ, իմ սրտի հուրն է ինձ այրում,
Մի շնչավոր անգամ ինձ պես ամոթահար դեռ չի եղել,
Թե ինչ կանեք՝ այդ դուք գիտեք, Նուրադինին, քե՛զ եմ թողել»։

1498 Եվ Տարիելն ասաց, «Լավ է, ակնածում ես որ տիրոջից,
Այստեղ մնա, ինձ հետ մի գար, մենակ հարմար է ամենից,
Կերթամ, կասեմ թագավորին, որ նրանից կթաքնվես,
Ու հուսով եմ՝ հալվեակազմ արեգակիդ նորից տեսնես»։

1499 Մնաց առյուծ Ավթանդիլը, այնտեղ փոքրիկ վրան խփեց։
Եվ Դարեջանն այնտեղ մնաց՝ իր նայողին գերեց, ղյութեց.
Թարթիչներից հով էր փչում, կարծես զեփյուռ մի հարավի,
Հնդկաց արքան գնաց ի տես—ու ոչ թաքուն նա հիրավի։

1500 Ֆրիդոն արքան էր նրա հետ, անցնում էին տափաստանով,
Արքան տեսավ Տարիելին՝ եղեգներեր իր իրանով.
Իջավ ձիուց, գլուխ տվեց այն կորովի առյուծ մարդուն,
Հարգեց պետին Հնդկաստանի, հայրը ինչպես իր իսկ որդուն։

1501 Գլուխ տվեց և Տարիելն, առաջ գնաց՝ սալամ տալու.
Ու պարանոցն արքան պաչեց՝ հանց շուրթերն իր քաղցրացնելու,
Չքաշվելով ու նրանից՝ ասում էր նա զարմանք կտրած.
«Արև ես դու, քեզնից անջատ — օրն իսկ գիշե՛ր է մթամած»։

1502 Զարմացել էր նա, թե ինչքան սիրո՛ւն էր նա և հաճելի,
Ապշած նայում նրա դեմքին, բազուկներին կորովալի.
Եվ ողջունեց Ֆրիդոնն ապա, գլուխ տվեց նա արքային,
Արքային, որ չէր համբերում՝ երբ կտեսնի Ավթանդիլին։

1503 Գովասանքից Տարիելի արքան դարձել էր շփոթված,
Տարիելը ասաց. «Արքա, սիրտս քեզ է հպատակված.
Ինչո՞ւ եք դուք հրճվում ինձնով՝ ես դրան եմ շատ զարմանում—
Քանի որ քոնն է Ավթանդիլն՝ ինչպե՞ս այլ մարդ դու հավանում։

1504 Մի զարմանա, որ չես տեսնում նրան ինձ հետ առժամանակ։
Արի, նստենք այստեղ, արքա՛, ախորժելի այս ծառի տակ,
Ես զեկուցեմ՝ թե նա ինչու՝ չեկավ ինձ հետ ձեզ մոտ հիմա,
Ես ձեր առաջ խնդիր ունեմ, խնդրում եմ ինձ՝ տվեք ֆարման»։

1505 Եվ արքաներն այնտեղ նստած, նրանց շուրջ զորքն էր բոլորում,
Տարիելի դեմքը ուժգին՝ քան կանթեղի՝ լուսավորում.
Խելքից հանում էր տեսնողին՝ նիստ ու կացով, խոսքով ճարտար,
Եվ նա խոսեց արքայի հետ՝ գեղեցկախոս, իմաստնաբար։

1506 Ասաց. «Արքա, անարժան եմ՝ ինքս իմ աչքին՝ զեկուցելու,
Բայց եկել եմ այսօր ձեզ մոտ՝ խնդիրք ունեմ ձեզ դիմելու.
Խնդրում է նո՛ւյնն ինձ հետ և նա, ով արևի լույս է սփռում,
Նա՝ ով ինձ է և՛ լույս տալիս, և՛ արշալույս նա ինձ բերում։

1507 Այս ենք խնդրում մենք երկուսով՝ աղաչալից պաղատանքով.
Ինձ Ավթանդիլն արեց բուժում՝ իր ձիգ, երկար դեգերանքով.
Նա մոռացավ նույն ցավն իրա, տառապեցի ինչով և ես,
Չեմ ձանձրացնի՝ երկար է այն, ինչ փորձել ենք, առել ի տես։

1508 Ավթանդիլն ու աղջիկը ձեր իրար սիրում են սրտագին,
Ու հիշում եմ այն թշվառին՝ գունատ դեմքով, արցունքն աչքին,
Աղաչում եմ արդ ծնկաչոք՝ էլ մի նետեք նրան դուք հուր,
Նրան տվեք աղջիկը ձեր, ում կուրծքն է ժայռ, բազուկն ամուր։

1509 Ես ավելին չեմ հանդգնի՝ կարճ կամ երկար՝ էլ չեմ խոսի»։
Ապա հանեց նա թաշկինակն ու փաթաթեց իրեն վզին,
Ու վեր կացավ՝ նա ծնկաչոք՝ սնուցողի հանց աղերսեց,
Շատ զարմացավ ամեն մի մարդ, ով այս տեսավ և ով լսեց։

1510 Ու երբ տեսավ Տարիելին՝ ծնկի եկած–նա շփոթվեց,
Ետ-ետ գնաց, գլուխ տալով՝ մինչև գետին նա խոնարհվեց,
Ասաց. «Ահա, ո՜վ տիրակալ, խինդս ամբողջ տվիր քամուն,
Այդքան նվաստ տեսնելն արդ ձեզ՝ ինձ վիշտ տվեց նոր ու անհուն։

1511 Ինչպե՞ս, ասա, կպատշաճի՝ բաղձաս ու մարդ չկատարի,
Անգամ եթե իմ աղջկան ուզես մորթել, տանել գերի,
Չէի լա ես և այն դեպքում, թե տանեիր քեզ աղախին.
Ո՞ւր կգտնի նմանն ուրիշ՝ թռչի թեկուզ ինքը երկին։

1512 Լավ փեսացու քան Ավթանդիլն, կարո՞ղ եմ ես այլուր ճարել։
Հանձնե՜լ եմ գահս իմ աղջկան՝ այդ նրան է հիմա վայել.
Ծերացավ իմ ծաղիկն արդեն, նոր է բացվում վարդը միայն,
Համաձայն է թե նա սրտով՝ դեմ չեմ լինի երբեք նրան։

1513 Եթե անգամ ճորտիդ տայիք՝ այդ դեպքում էլ չէի զղջա,
Ով կարող է ձեզ դեմ լինել և ո՞վ ձեր դեմ կտրտնջա,
Թե չեմ սիրում Ավթանդիլին—ինչո՞ւ եմ ես կարոտ նրան —
Ես աստուծու առաջ կասեմ՝ համաձայն եմ իրոք դրան»։

1514 Ու խոսքե՜րը երբ այս լսեց Տարիելը թագավորից—
Շատ գոհ եղավ և կռացավ, խոնարհ գլուխ տվեց նորից։
Արքան նույնպես գլուխ տվեց, առաջ եկավ, մոտիկացան,
Շնորհակալ եղան իրար և իրարից ո՜չ նեղացան։

1515 Ֆրիդոնն հեծավ և արշավեց ու ավետեց Ավթանդիլին,
Այսքան ուրախ ու մեծ լուրն այս նոր թափ տվեց նրա թևին.
Ի լուր գնաց, առաջնորդեց, բերեց ապա իր հետ նրան,
Բայց նա քաշվո՛ւմ էր արքայից՝ էլ գույն չկար դեմքի վրան։

1516 Արքան ելավ, դիմավորեց կտրիճն եկավ, իջավ ձիուց,
Ու թաշկինակն ասած ի ափ՝ ծածկում էր դեմքն ամաչելուց։
Արևն ամպի ետև մտել, վարդին էր նա ցրտահարել,
Սակայն նրա գեղեցկության՝ ի՞նչ կարող էր գե՛թ խանգարել։

1517 Արքան ուզում էր համբուրել, էլ արտասուք նա չէր թափում,
Ավթանդիլը՝ ոտքերն ընկած, ցնծում ու վար լույսը սփռում,
Արքան ասաց. «Մի՛ ամաչիր, վեր կաց, արդեն՝ քեզ հայտեցիր,
Հնազանդ ես զի ինձ արդեն՝ վեր կաց էլ զուր մի ամաչիր»։

1518 Գրկեց նրան և համբուրեց, համբույր արավ դեմքը բոլոր,
«Թեժ կրակիս դու ջուր լցրիր,— ասաց,— մի՛ թող նրան մոլոր —
Թարթիչները ում սև սաթի ու հոնքերն են ձուլվել իրար,
Քո արևին՝ արի քե՛զ տամ, առյո՛ւծ, գլո՛ւխդ առ նա դու տար»։

1519 Փաթաթվել էր արքան նրան՝ այն առյուծին, այն հերոսին,
Ու համբուրում՝ նստած մոտիկ, խոսում, նայում մերթ երեսին.
Թե արեգակ, թե տիրություն—արժանի էր՝ ընկան նրան,—
Խինդն այնժամ է իրոք հաճո՝ երբ մարդ կանցնի վշտի ճամփան։

1520 Կտրիճն ասաց. «Արքա՛, ինչո՞ւ ուրիշ բան չե՛ս հրամայում,
Արեգակին այն տեսնելու՝ զարմանք՝ ինչո՞ւ դու հապաղում.
Դիմավորիր նրան ուրախ, հրավիրիր պալատ դու ձեր
Ձեր շրջակայքն ամբողջովին կտարածի լույսի շողեր»։

1521 Նույն բանն ասաց Տարիելին, հեծան իսկույն առաջ անցան,
Այտերն երեք դյուցազների արեգակի փայլ ստացան,
Փափագեցին ինչի՝ հասան, գտան՝ ինչ որ փնտրում էին,
Գործում էին իրենց թրով՝ կողքին իզուր կապել չէին։

1522 Արքան հեռվից իջավ ձիուց ու ողջունեց արև-աղջկան,
Նրա դեմքի ճաճանչներից՝ աչքը շլեց կարծես արքան.
Աղջիկն ելավ պատգարակից և արքային նա համբուրեց,
Արքան անկեղծ, խելակորույս՝ արևին այն գովաբանեց։

1523 Ասաց. «Արև՛, ինչպե՞ս գովեմ՝ արև անամպ, լուսապայծառ,
Ի քեզ, զուր չէ, մարդ բանական՝ տեսքից դառնում քո խելագար,
Ով դու լուսին, դու աստղածին, ազնիվ-ազնիվ դու արեգակ,
Ձեզ տեսնելով՝ աչքիս չեն գա՝ էլ ոչ վարդեր, ոչ մանուշակ։

1524 Ու զարմացան՝ ովքեր տեսան՝ ճաճանչներին, նրա լույսին,
Խանգարում էր, ինչպես արև, ուղիղ նայել իր երեսին,
Ով էրվում էր բոցից նրա՝ նայելը խինդ սրտին թվում
Եվ ուր նա էր հենց շուռ գալիս — բազումք այն կոդմ էին չվում։

1525 Հեծան ձիեր ու տուն դարձան, հանդիսավոր ամեն շքեղ,
Յոթ մոլորակ ի մի առած՝ հազիվ բռնեն այն մեկի տեղ,
Ու չէր հասնում միտքը մարդու՝ մի այդպիսի գեղեցկության,
Եվ փութացին այնք արքունիք՝ իջևանեն, տեսակցության։

1526 Մտան, տեսան Թինաթինին՝ կյանք էր տալիս ով տեսնողին.
Չքնաղ էր նա՝ ծիրանզգեստ, գայիսոնով ու թագ գլխին,
Ու ճաճանչն էր փայլատակում մոտեցողի աչքերի դեմ։
Մտավ արքան Հնդկաստանի՝ արևը այն հսկայադեմ։

1527 Տարիելն ու կինը նրա ողջունեցին խոնարհաբար,
Թինաթինը դիմավորեց, համբուրեցին սիրով իրար.
Պալատը ողջ լուսով լցրին, չէ թե արին լույսերն այն մութ —
Բյուրեղ-բալախշն այտեր դարձան և սև սաթերն՝ արտևանունք։

1528 Թինաթինը խնդրեց նրանց՝ բազմել գահին արքայական
Տարիելը պատասխանեց. «Ինքդ նստիր աստվածակամ,
Գահն այսօր քե՜զ է հարկավոր, այլ անգամից շատ ավելի,
Առյուծների առյուծի մոտ՝ նստիր, արևդ արևների»։

1529 Տարան իսկույն բազմեցրին գահին արագ Թինաթինին,
Բազմեցրին նրա կողքին՝ կարոտամեռ Ավթանդիլին,
Ամեն տեսած-չտեսածից՝ այս ավելի էր գերազանց.
Ռամին ու Վիս սիրահարներն անգամ չէին հասնի նրանց։

1530 Ցնցվեց աղջիկն ու զարմացավ՝ Ավթանդիլին տեսավ կողքին,
Նա գունատվեց, և սկսեց՝ սիրտն ավելի խփել ուժգին։
Արքան ասաց. «Որդի, գուցե ինձանից ես դու ամաչում,
Իմաստունը լավ է ասել՝ սիրո վերջը վատ չի՜ լինում։

1531 Որդիս, աստված ձեզ տա կյանքի՝ հազար տարվա տևողություն,
Բարօրություն ու մեծություն, ամեն ցավից ազատություն,
Ինչպես երկինքն է հաստատուն՝ ձեր կյանքն այնպես հաստատ լինի.
Ձեր երկուսիդ ձեռի հողին աստված անի ինձ արժանի»։

1532 Հրաման տվեց ռազմիկներին, որ խոնարհվեն Ավթանդիլին,
Ասաց. «Սա է արքան արդ ձեր, այսպես է կամքն աստվածային.
Իմ գահի տեր՝ սա է այսօր, մինչ ես հիվանդ՝ իմ ծերությամբ,
Ինձ շիտակ եք դուք ծառայել, լերուք և արդ դուք նույնությամբ»։

1533 Զորքերն ու ողջ ավագանիք խոնարհվեցին, գլուխ տվին,
Ասին. «Հողը դառնանք նրանց, ովքեր որ մեզ աշխարհ բերին,
Թև խոնարհ ենք՝ փառավորի, մինչ ըմբոստաց մատնի մահվան,
Ու թշնամաց կոտը թող թույլ, մեր սիրտն ամո՛ւր լինի այնքան»։

1534 Տարիելն էլ գովաբանեց պսակումն այդ մեծ հույսերի.
Թինաթինին այսպես ասաց․ «էլ չեք այրվում, ձեզ միացրի,
Քո ամուսինն եղբայրն է իմ, ուզում եմ քեզ ինձ քույր դարձնել,
Դավաճանիդ, ախոյանիդ՝ իմ պա՛րտքն է միշտ ոչնչացնել»։

ԱՎԹԱՆԴԵԼԻ ԵՎ ԹԻՆԱԹԻՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ՈՐ ԿԱՏԱՐԵՑ ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ

1535 Այդ օր բազմած էր Ավթանդիլն՝ իբրև արքա աստվածակամ,
Տարիելը նրա կողքին՝ նազանքներով շատ սազական,
Նեստանը մոտ Թինաթինի՝ նայողներին էր հմայում,
Կարծես երկինքն երկիր իջել, ու չորս արև էին փայլում։

1536 Սկսեցին հյուրասիրել ամբողջ զորքին առատ-առատ,
Տավար-ոչխար կար մորթոտած — մամուռից իսկ թվում էր շատ,
Եվ սկսվեց բաշխումն առատ՝ նվերների նրանց վայել,
Նրանց դեմքերն էին սփռել արեգակի նման շողեր։

1537 Պնակները թե հակինթի՝ բաժակները լալից էին,
Ու քանդակներ տեսակ-տեսակ, զարդող գունեղ ամաններին։
Այդ հարսանիքն ով որ գովի՝ իմաստունից գոված է նա,
Տեսնո՛ղ, սրտին քո կասեիր. «Մնա՛ այստեղ, մի հեռանա»։

1538 Եվ մուտրիբներ հավաքվեցին, ու հնչեցին ծնծղաներ.
Կիտված էին բլուրներով՝ հղկած բալաշխ ու ոսկիներ,
Խմողների համար գինին՝ հարյուր տեղից՝ հորդ էր հոսում.
Մթնշաղից կոնծում էին — առավոտն էր արդեն անցնում։

1539 Ոչ կաղ և ոչ անդամալույծ չմնացին առանց նվեր,
Ու գլորվում խռիվ-խռիվ՝ ցրված բազում մարգարիտներ.
Ձանձրացել են էլի տանել—ոսկի, ատլաս այնքան շատ կար։
Ողջ երեք օր Հնդկաց արքան Ավթանդիլին եղավ մակար։

1540 Եվ հաջորդ օրն արաբների արքան սարքեց խնջույք նույնպես,
Ու Տարիելն այսպես ասաց. «Տեսքն արևիդ հաճույք է մեզ։
Արքան ես դու արքաների, իսկ նա՝ չքնաղ մեծ թագուհին,
Արժե՝ պայտը ձեր ոտքերի՝ հանց օղ կախենք մեր ականջին։

1541 Ձեզ հավասար բազմելը մեզ՝ չի վայելում, արքա՛ ով մեծ»
Իրեն գահից փոքր ինչ հեռու արքայական այլ գահ դրեց.
Ցած բազմեցին թե՛ Ավթանդիլ, թե՝ Թինաթին՝ պատշաճ դիրքին,
Տարիելն ինչ շնորհ կալավ—կիտվեց հանց մի սար ահագին։

1542 Արաբների արքան այդօր հյուրասիրում էր փառավոր,
Սրան, նրան էր մոտենում, կարծես թե նա չէր թագավոր,
Գովում էին հյուրերն ամեն առատությունն այդ անսահման,
Ֆրիդո՜նն՝ ի քով Ավթանդիլի՝ սովոր պատվին արքայական։

1543 Արքան ապա հինդ աղջկան ու ամուսնուն էր մեծարում
Ինչպես իրեն հարս-փեսային՝ սեր ու նվեր նրանց ձոնում.
Ինչ նվիրեց՝ տասներորդի հաշիվն անգամ մարդ չի անի,—
Ամեն մեկին՝ թագ ակնազարդ, մի գայիսոն, մի ծիրանի։

1544 Դարձյալ տվեց նա երկուսին ճոխ նվերներ նրանց արժան,
Հազար հատ ակն անզուգական, ծնված հողից ռոմանական,
Կրկին հազար հատ մարգարիտ՝ աղավնու ձու՝ խոշորությամբ,
Հազար նժույգ սիրունատես՝ բլուր որպես՝ իր մեծությամբ։

1545 Ինն սկուտեղ Ֆրիդոնին տվեց լեցուն մարգարիտով,
Եվ պարգևեց ինը նժույգ՝ շատ թանկագին սարք ու թամքով։
Գլուխ տվեց վեհ, իմաստուն, և ոչ հարբած, Հնդկաց արքան,
Թեպետ գինով, բայց և խոնարհ՝ շնորհակալ եղավ նրան։

1546 Խոսքս էլ ի՞նչ զուր երկարեմ՝ մեկ ամսվա օրեր անցան,
Զվարճանում էին ուրախ, գինարբուքից միշտ անբաժան,
Եվ դեռ տալիս Տարիելին — նվեր նոր-նոր, անգին ու լալ,
էուսավորե՛լ էր բոլորին շողքը նրանց արևափայլ։

1547 Վարդի նման էր Տարիելն, իջել էր ձյուն կարծես դեմքին,
Ռոստանի մոտ՝ իբրև միջնորդ, նա ուղարկեց Ավթանդիլին,
Հայտնեց. «Քեզ մոտ ինչքան եղա՝ մեծ խնդություն ես զգացի,
Բայց լուր ունեմ՝ երկիրս ամբողջ ենթարկվել է ավերածի։

1548 Անգետը միշտ թող հալածվի՝ գիտնոց խելքից, զոր ու կարից,
Հաստատ գիտեմ, որ դուք նույնպես՝ կվշտանաք իմ վշտերից,
Գնամ, որ իմ այսքան երկար ուշանալուց չարիք չգա,
Շուտով նորից ձեզ կտեսնեմ փառավոր է՝ աստված կտա»։

1549 Եվ Ռոստևանն ասաց. «Արքա, դուք ինձանից մի ամաչեք,
Ինչ բարվոք է՝ դուք այն արեք՝ որոշեք ու կատարեցեք,
Թող գա ձեզ հետ և Ավթանդիլն, մեծ զորքերով դարձեք ձեր տուն,
Ու կոտորեք, պատառեցեք դավաճանին, ձեր թշնամուն»։

1550 Ավթանդիլը Տարիելին երբ խոսքերն այս ասաց պատիր,
Նա թե. «Այդպես էլ մի խոսի, բյուրեղ-վեմդ այստեղ պահիր.
Հանդիպել ես լուսնիդ դու նոր, ո՜վ արեգակ, մի անջատվի»։
Ավթանդիլը ասաց նրան. «Ո՛չ, այդ խոսքով՝ ես չեմ խաբվի։

1551 Ուզում ես ինձ այստե՞ղ թողնես, հետո գնաս ու մտածես,
Թե՝ «Նա իրա կնոջ սիրեց, ինձ ուրացավ, մենակ թողեց»։
Իսկ ես այստեղ՝ գլխին իմ տամ ու քեզանից մնամ բաժան,—
Զի մտերմին մենակ թողնել՝ ա՛խ, շա՜տ է շա՜տ, ա՛խ, անարժան»։

1552 Տարիելը ժպտաց, ինչպես՝ վարդի ցողով ծածկած բյուրեղ,
Ասաց. «Սակայն՝ ես առանց քեզ՝ «վայ» ավելի կտամ այնտեղ.
Դեհ, որ շատ ես ուզում՝ արի, որ չկարծես՝ կեղծ եմ թե ես»։
Ավթանդիլը հրաման արեց՝ զորք հավաքել անմիջապես։

1553 Շատ չքաշեց՝ զորքերն եկան ամբողջ երկրից արաբական,
Գալիս էին զինված, պատրաստ՝ ութսուն հազար զինվորական.
Պատրաստ էին, թե ձի, թե մարդ խորեզմական զրահներով,
Բայց բաժանումն այդ երկուսի՝ Ռոստևանին պատեց թախծով։

1554 Երկու կանայք պիտի նույնպես՝ բաժանվեին երկու քույրեր,
Որոնք երդվել ուխտել էին՝ և քույր դառնալ, և վստահել,
Ու կրծքերով իրար կպել՝ գրկել էին վզերն իրար,
Լալիս էին ու իրենց հետ՝ հուզում՝ տեսնող ներկա ով կար։

1555 Երբ լուսինն է լուսաստղի հետ՝ դուրս են եկել լուսեն երկնում—
Հավասար է լույսն երկուսի, թե ի բաժան՝ լույսից զրկվում,
Իրենց կամքով չեն հեռանում՝ երկինքն ինքը կբաժանի–
Ով ուզում է տեսնել նրանց՝ գլուխը վեր պիտի հառնի։

1556 Նրանց նման՝ նա ով կերտեց՝ Թինաթինին ու Նեստանին,
Նա է զատում այդ իրարից, կամոք բաժան ոչ լինեին,
Լալիս էին, արցունք թափում, վարդի թերթերն իրար հպում,
Անջատվողներն զո՛ւրկ իրարից՝ կյանք ունենալ չէին ուզում։

1557 Նեստան-Դարեջա՛նն էր ասում. «Չիմանայի երանի քեզ,
Զի արևից անջատվելով՝ տանջանք չէի կրի այսպես։
Ես իմ մասին քեզ լուր կտամ, դու քո մասի՛ն նամակ գրիր,
Ինչպես ես եմ վառվել ի քեզ, այնպես և դո՛ւ առ իս վառվիր»։

1558 Թինաթինը ասաց. «Արև, խինդ ու պարծանք դու տեսնողաց,
Քո անջատումն ինչպես տանեմ, ես նենգավո՞ր դառնամ մի հանց,
Խնդրելու տեղ ես կյանք աստծուց՝ այսուհետև մահ կխնդրեմ,
Այնքան օրեր դա ունեցիր, որքան արցո՛ւնք ես կթափեմ»։

1559 Նորից իրար համբուրեցին, անջատվեցին նրանք նորից,
Մնացողը չէր հեռացնում ա՛չքն իրենից հեռացողից,
Իսկ նա նույնպես ետ էր նայում, այրվում, վառվում սիրտը այնպես,
Որ տասներորդն անգամ պատմել—ես չեմ կարող, անզոր եմ ես։

1560 Խենթից խենթ էր դարձել արքան՝ բաժանումով այդօր նրանց,
Հազար անգամ «վայ» էր կանչում ու չէր կտրում հառաչ ու լաց,
Ինչպես եռուն մի կաթսայից՝ արտասուք էր նա ջերմ թափում,
Իսկ Տարիելն ահա գունատ՝ հանց ձյուն փափուկ—ինքը հալվում։

1561 Ռոստևանը նրան գրկում, նրա վարդե՛րն էր համբուրում,
Ասում էր. «Ձեր այստեղ մնալն՝ երազ էի ես համարում.
Բաժանվեցինք քանզի հիմա՝ քսանպատի՛կ կտառապեմ,
Թե քեզանով կյանք ստացա—քեզանով էլ պիտի մեռնեմ»։

1562 Ու Տարիելն հեծավ իր ձին, Ռոստևանին հրաժեշտ տվեց,
Եվ զորքն ամբողջ լաց էր լինում, արտասուքով դաշտեր թրջեց.
«Հաղթանակով դարձիր, արև՛, քեզ ողջունեմ»,— ասաց արքան—
Պատասխանեց. «Լացողս ի ձեզ՝ ա՛խ, սալ դարձավ կյանքս անգամ»։

1563 Ճամփա ընկան և գնացին՝ զորքով իրենց, եղած աղխով,
Եվ Տարիել, և՛ Ֆրիդոն, Ավթանդի՛լն իր խելոք գլխով.
Ութսուն հազար մարդ նրանց հետ՝ լավ նժույգներ ամեն հեծած,
Գնում էին երեք կտրիճ՝ սիրող իրար ու նվիրված։

1564 Անցավ ահա երեք ամիս — ոչ արարեց աստված այլի,
Ամենքր դեմ էին գալիս, ու չտեսան մարդ, թշնամի.
Դաշտի միջում, կեսօրին մոտ, հացկերույթի նրանք իջան,
Ւնչպես հարկն էր՝ սեղան արին, գինի՜ խմում և ո՛չ թե թան։

ՏԱՐԻԵԼԻ ՈԻ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

1565 Տարիելն ու կինը նրա հասան իրենց նպատակին—
Դժվարամերձ և խնդավայր՝ յոթ պետության բարձր գահին.
Մոռացվեցին խինդով արդի զրկանքները վաղուց կրած,
Խինդը հաճո մարդ չի զգա—թե տանջանք չի՛ եղել տեսած։

1566 Տեսեք, նստած իրար կողքի՝ գեղ չե՞ն երկուսն—արևը քան,
Փող փչեցին, զարկին թմբկաց, գահ բազմեցին արքայական,
Եվ բանալին գանձարանի տվին նրանց, արին խոստում,
«Սա է ահա, մեր թագավորն»,— ասում էին, զվարթ ոստում։

1567 Ու գահ դրին՝ բազմեն երկուս—թե Ավթանդիլ, թե Ֆրիդոն,
Եվ բազմեցին արքայաբար,— ու մեծարում արին և ձոն,
Չի արարել աստված ուրիշ նրանց նման այլ արարած,
Պատմում էին ամեն մեկին՝ նեղություններն իրենց կրած։

1568 Ու շատացան հյուրերն եկած—է՛լ կերուխում ու խնդացին,
Ինչպես հարկ էր հարսանիքի՝ այնպես հանդես կատարեցին,
Իսկ երկուսն այն մեկը-մեկին՝ արժե նվեր էին ձոնում,
Աղքատներին առատ-առատ ողորմություն բաժին հանում։

1569 Համայն հնդիկք Ավթանդիլից, Ֆրիդոնից շատ գոհ եղան —
«Ձեր շնորհի՜վ ենք բախտավոր»,— ասում էին միաբերան,
Նայում ինչպես իրենց տիրոջ, ինչ կամենար — այն կատարում
Եվ շարունակ՝ ի ասուլիս, գալիս նրանց ներկայանում։

1570 Եվ Ասմաթին հավատարիմ դիմեց մի օր արքան Հնդկաց.
«Ինչ ինձ արիր, սան-սնուցող՝ երբեք իրար չէին արած.
Հնդկաց երկրի մեկը յոթից՝ արդ քեզ կտամ իբրև բաժին,
Դու կբազմես և քաղցրությամբ՝ պատրաստ եղիր մեր սպասին։

1571 Ում հետ կուզես՝ ամուսնացիր, երկիրը քո վարիր դու հաշտ,
Եղիր դու մեզ միշտ անձնվեր և ծառայիր մեզ համերաշխ»։
Նա իր տիրոջ ոտն համբուրեց. «Ուժս է,— ասաց,— քո մեջ միայն.
Քեզ ճորտ լինել—լավն ավելի ի՞նչ կգտնեմ, ի՞նչ կունենամ»։

1572 Եղբայրները երեք երդվյալ մի քանի օր այդպես կեցան,
Ընծա կալան բազում-բազում և ուրախ ու զվարճացան,
Ի՜նչ մարգարիտ անզուգական, ի՜նչ նժույգներ ընտրելագույն.
Ավթանդիլի դեմքը, սակայն, ինչ-որ թախիծ էր քողարկում։

1573 Տարիելը կարծեց, ահա, թե նա կնոջն է կարոտում,
Ասաց նրան. «Հարկավ քո սիրտն՝ ինձ շատ ու շատ է նախատում,
Այժմ, ավա՛ղ, թախիծը քո, միտքս ամբողջ հափշտակեց.
Դե՚հ, բաժանվենք, բախտը, հարկավ, խինդս տեսավ՝ նախանձ շարժեց»։

1574 Ֆրիդոնն ապա հրաժեշտ տվեց, ասաց. «Ես էլ գնամ իմ տուն,
Սակայն հաճախ ես պիտ այցեմ քո պալատ ու քո տիրություն,
Ինչ պատվիրես կամ ցանկանաս, ինչպես ավագն իր կրտսերին,
Այնպես սիրով ես կբաղձամ՝ եղնիկն ինչպես աղբյուր-ջրին»։

1575 Հրովարտակ տվեց նաև. «Գնա, անցիր դու՛ տուն ու տեղ,
Չմոռանաս սակայն և ինձ, շուտով արի նորեն այստեղ»,
Ավթանդիլին դիմեց ապա. «Առանց քեզ ո՞նց ուրախանամ,
Շտապում ես բայց քանզի դու՝ գնա՛, առյո՛ւծ, լուսնիդ խնամ»։

1576 Գեղեցկարար թիկնոց ղրկեց Ռոստևանի համար նվեր,
Սպասք նաև հղկած ակնի, ոչ թե գդալ, կամ չամչաներ.
Ասաց նրան. «Տար իմ կողմից, պետք չէ իզուր հակառակես»։
Ավթանդիլը պատասխանեց. «Ինչպե՞ս ապրեմ առանց ես քեզ»։

1577 Դարեջանն էլ քրոջն հղեց մեկ ղաբաչա և մեկ խավուն,
Ուրիշ մի մարդ արժանի չէր որոնց հագնել ու ծածկելուն,
Ու տանողին տվեց մեկ ակ՝ չասի, թե «զուր ես ջանք արի»։
Ակ որ՝ գիշե՛րն էր երևում, արևի լո՛ւյս ուներ կարի։

1578 Ավթանդիլը հեծավ, գնաց Տարիելին հրաժեշտ տալու.
Այն երկուսին այրում էր թեժ կրակի բոցն անջատվելու,
Հնդկաստանցիք լալիս էին, ու արցունքով դաշտ վարարեց.
Ավթանդիլր ասում էր. «Ա՛խ, թույնն աշխարհի ինձ սպանեց»։

1579 Ավթանդիլն ու Նուրադինը մի քանի օր այդպես անցան,
Ճամփան բաժան արեց նրանց, գնաց ամենն իրա ճամփան.
Լավ վերջացավ ամեն-ամեն, ինչ հուսացին անել նրանք,
Արաբական երկրին հասավ Ավթանդիլը առանց վտանգ։

1580 Եվ դեմ եկան արաբացիք, երկրի համար նա զարդ եղավ.
Տեսավ իրեն արեգակին և իր սրտի կարոտն առավ,
Բազմեց թախտին նրա կողքին, տեսնողներին խինդ պատճառեց,
Եվ երկնքից իջած թագը նրան երկրում արքա արեց․

1581 Այն երեքյան թագավորներն իրար սաստիկ էին սիրում,
Հանախ իրար այցելելով՝ իրար բաղձանք միշտ կատարում.
Նրանց կամքին ով դեմ գնար՝ թրի ճարակ էին անում,
Իրենց երկիրն ընդարձակում, արքայանում, փառաբանվում։

1582 Միշտ հավասար՝ շնորհն իրենց սփռում էին ձյունի նման—
Որբին, այրուն հարուստ արին, մուրացիկ էլ չկար մուրման,
Չարագործաց սարսափ տվին, գառը գառան էլ չէր ծծում,
Երկրներում նրանց տիրած այծի հետ էր գայլն արածում։

ՎԵՐՋԵՐԳ

1583 Ավարտեցավ ասքը նրանց՝ ինչպես երազ գիշերային.
Աշխարհ եկան,— անցան, չկան՝ նայեք դուք նենգ բախտի դավին,
ՈՒմ երկար էր կյանքը թվում՝ վայրկյան էր և նրա համար։
Գրում եմ մեսխ ոմն գուսան՝ Ռուսթվելու պես երգիս սատար։

1584 Ես այս համբավն ածի չափի վրաց տիրոջ Դավթի համար,
Որին արևն է ծառայամ իրեն երթով հանդիսափառ,
Որի երկյուղն արևելքից մինչ արևմուտք կա սոսկալի,
Որը այրում դավաճանին, հավատարմին սիրտ է տալի։

1585 Ո՞ր մեկն ասեմ Դավթի գործից․ նրա ո՞ւժը, եռա՞նդը վառ,
Օտարոտի համբավը այս՝ արքաների մասին օտար,
Նախկին բարքերն ու քաջ գործերն, արքաների գովեստն առատ,
Գտա, չափի վերածեցի և ես եղա շատ շաղակրատ։

1586 Այսպես է ողջ կյանքը ահա, մի՛ վստահեք երբեք նրան,
Ակնթարթ է մարդկանց աչքին, տևում է նա մի թարթ միայն.
Ո՞ւմ, ի՞նչ, ինչո՞ւ եք որոնում... բախտն ամեն բան շուռ է տալի,
Երնեկ նրան, ում չնենգեց, նա երջանիկ է կրկնակի։

1587 Դարեջանյան Ամիրանին Մոսեն գովե՛լ է Խոնելին,
Շավթելն՝ Աբդուլ-Մեսիային, երգը որի—հույժ գովելին,
Մինչ Դիլարգեթ—Թմոգվելին՝ Սարգիս անուն, լեզու ճարտար.
Ռուսթվելն ինքը Տարիելին, արտասվաթոր՝ նրա համար։