Ընտանիք, պատիվ, բարոյական

Ընտանիք, պատիվ, բարոյական

Երվանդ Օտյան

Թաղականին կնիկը


[ 3 ]

ԸՆՏԱՆԻՔ, ՊԱՏԻՎ, ԲԱՐՈՅԱԿԱՆ


ԳԼՈՒԽ Ա

Ժամերե ի վեր, հոն դուրսը, դռան ետև, կսպասեր դեկտեմբերի ցուրտ ու ձյունոտ օդով մը։ Աղքատախնամի անդամները, ներսը, իրենց կիրակնօրյա սովորական նիստը կընեին, կարգավ նպաստ բաժնելով հոն հավաքված աղքատներուն, որոնք արդեն իբրև նպաստընկալ արձանագրված էին և կուգային իրենց հատկացված գումարը առնելու։

Ինք, հեգ կինը, առաջին անգամն էր, որ կուգար, տակավին չէր արձանագրված, հետևաբար զինքը չէին ճանչեր։

Դռնապանը ըսած էր, որ մյուսներուն գործը լմննալեն ետքը պիտի կրնար ներս մտնել ու խնդիրքը ներկայացնել ժողովքին։

Առանձնաշնորհյալները, բախտավորները հետզհետե կկանչվեին։

− Ֆերիգեղցի Թագուկ, Տոլապ Տերեցի Սուրբիկ, Հաճի Թումիկ… և այլն։

Ու ահա դռնապանին հրմշտուքներովը ներս կմտնեին, իրենց դույզն նպաստը կառնեին և ստացագրի մը տակ կստորագրեին կամ խաչ մը կշինեին, իրենց ուսումնական վիճակին համեմատ։

Ոմանք երբեմն դիտողություն մը, խնդիրք մը, խոսք մը կունենային ընելիք, վեհերոտ, սարսափահար կերպարանքով մը.

−Էֆենտիներ, աստված մեկ օրերնիդ հազար ընե, աստված ձեր քեսեներուն պերեքեթ տա… մեկ աղաչանք մը ունիմ զավակներուդ գլխուն համար… աս ամիս…

−Հայտե՛, հայտե՛,− կլսվեր խոշոր ու դաժան ձայնը ատենապետին,− էվել խոսքի պետք չկա, փարադ առի՞ր, գործդ լմնցավ, հայտե՛, առապադ քաշե: [ 4 ] Ու քարտուղարին դառնալով.

− Ասկե ետքինը ով է նե՝ կանչել տուր նայինք։

Եվ խնդրարկուն դռնապանին հրմշտուքներովը դուրս կնետվեր, առանց խոսքը կարենալ ավարտելու։

Դուրսը, իրենց կարգին սպասողները, կասկածոտ, գրեթե թշնամական ակնարկներ կուղղեին դռան ետև նստող նորեկ կնոջ: Այդ անծանոթը, որ ապահովաբար կուգար նպաստ խնդրելու, մրցակից մըն էր, որ իրենց բերնեն պատառ մը հաց խլելու կպատրաստվեր, և ահա շեղակի ակնարկները հետզհետե կծանրանային իր վրա, նեղացուցիչ, անպատկառ երևույթով։

Պառավ մը, չոր ու նիհար, թոմթռկած մագաղաթացյալ մորթով, ա՛լ չկրնալով զսպել իր հետաքրքրությունը, ելավ հարցուփորձելու, բան մը հասկնալու համար։

− Աղջիկս, ո՞ր թարաֆեն ես,− հարցրուց փաղաքշական, գթասիրտ շեշտով մը։

− Ֆերիգյուղեն։

− Առջի անգա՞մն է փարա ուզելու կուգաս կոր։

Մյուսը գլխու հաստատական շարժումով մը պատասխանեց, ջանալով կարելի եղածին չափ կարճ կապել այդ անհաճո հարցաքննությունը, բայց պառավը միտք չուներ իր որսին օձիքը դյուրավ ձգելու։

− Ի՞նչ կըսվիս,− պնդեց։

− Սաթենիկ ։

− Էրիկ չունի՞ս:

− Մեռած է։

− Վա՜խ, վա՜խ, վա՜խ, չոճուխ ունի՞ս։

− Աղջիկ մը ունիմ,— պատասխանեց կինը անհամբերության շարժում մը ընելով։

Պառավը նոր հարցումներու կպատրաստվեր, երբ սրահին դուռը բացվեցավ և դռնապանին ձայնը գոչեց.

− Եղիսաբեթ Քյություկյան, հայտե՛, չապուխ…

Հետաքրքիր ու շատախոս պառավն էր։ Անմիջապես ոտքի ելավ և սենյակ ուղղվեցավ, մինչ մյուսը լայն շունչ մը կառներ, վերջապես ազատած ըլլալուն այդ ջատուկին ձեռքեն։

Եվ սակայն այդ քանի մը կարճ հարց-պատասխանը վեր ի վար հուզած էր խեղճ կինը, վերակենդանացնելով իր ամբողջ [ 5 ] կյանքը, ամուսնին մահը, աղջկան հիվանդությունը, իր թշվառ վիճակը։

Սաթենիկ Ամասյան, հազիվ երեսուն տարեկան, շնորհալի ու նուրբ դիմագծերով կին մըն էր, գեղեցիկ սև աչքերով, փոքրիկ բերանով և սպիտակ ակռաներով։ Թշվառությունը զինքը ընկճած ու քիչ մըն ալ խաթարած էր, բայց բոլորովին չէր եղծած իր կնոջական հրապույրը: Դեմքին տժգունությունը և մանկամարդ որբևայրիի տրտմությունը, որ ամբողջ կերպարանքին մեջ նկարված էր, ազնվական շնորհ մը կուտային իրեն։

Երկու տարիե ի վեր կորսնցուցած էր ամուսինը, կարող, առաջնակարգ ուսուցիչ մը, որ տասնըհինգ օրվան միջոցին, իր կնոջ թևերուն մեջ մեռած էր ժանտատենդե, որբ ձգելով իր հինգ տարեկան մեկ հատիկ աղջիկը՝ Սիրվարդը, հորը պես խարտյաշ, փոքրիկ հրեշտակ մը։ Այդ հախուռն, հանկարծական մահը, որ մեկ քանի օրվան մեջ քանդած ու փճացուցած էր ամբողջ երջանկություն մը, խելահեղ հուսահատության մը մատնած էր Սաթենիկը, ահռելի աղետին առաջին ամիսները։ Հետո, կամաց-կամաց ստիպվեր էր համակերպիլ, ապրելու որոշում տալ։ Մանավանդ որ փոքրիկ Սիրվարդը կար, ամուսնույն թողած միակ ժառանգությունը, զոր հարկ էր խնամել, մեծցնել։ Այս պարտականությունը զինքը զորացուց կյանքի դժնդակ պայքարին մեջ, սիրտ ու կորով տվավ իրեն։

Ամուսինը նյութական բան մը չէր թողած իրեն։ Թեև ամիսը 15-20 ոսկի կշահեր, բայց ամենքն ալ կծախսեին, անհաշիվ ու անհեռատես շռայլությամբ մը։

− Հիմա ապրելու, զբոսնելու, կյանքը վայելելու ատեննիս է,− կխորհեր էրիկը,− ավելի ետքը, երբ քիչ մը տարիքնիս առնենք, կրնանք խնայողություններ ընել։

Մահը երբեք հաշվի չէին առած։ Իրենց առողջ երիտասարդության մեջ բնավ չէին խորհած, որ անիկա կրնար գուցե շուրջերնին թափառիլ ու հանկարծ զգետնել զիրենք։

Ու այսպես, մեկ օրեն մյուսը, խեղճ այրին դյուրակեցիկ կյանքեն՝ թշվառության անդունդը ինկած էր։ Առաջին տարին կրցած էր գեշ-աղեկ ապրիլ, մաս-մաս ծախելով ավելորդ կարասիներն ու մեկ քանի գոհարեղենները, բայց երկրորդ տարին շատ ավելի անձկության մատնված էր. ի զուր փորձած էր աշխատիլ, ձեռագործի մասին իր ճարտարությունը արդյունավորել, գործ առնելու միջոցներ չուներ, աղջիկը իրեն արգելք կըլլար դիմումներ ընելու և [ 6 ] ատեն-ատեն ծանոթներու կողմե եղած հանձնարարություններն ալ շատ ոչինչ բաներ էին։ Հիմա Ֆերիգեղ՝ փայտաշեն փոքրիկ տուն մը վարձած էր, վեց մեճիտիեի և լավագույն սենյակն ալ տված էր երիտասարդի մը, որ իր հանգուցյալ ամուսնույն բարեկամն էր, և իրեն ալ ծանոթ։ Երիտասարդը սենյակի վարձքի ու լվացքի համար 120 ղրուշ կվճարեր, որով տան վարձքեն ազատված էր ինք։ Իսկ սնունդը, հազիվհազ անոթի չմնալու չափ բան մը կրնար ձեռք բերել իր ձեռագործի աշխատությամբը:

Ու հեգ մանկամարդ կինը, իր այս տվայտանքին մեջ, մեկը չուներ օգնական կամ խրատատու։ Հայրը արդեն մանկության հասակին կորսնցուցած էր, իսկ մայրը չորս տարիե ի վեր մեռած: Ամուսնացած քույր մ’ուներ Պուլկարիա հաստատված և որմե նյութական ակնկալություն չէր կրնար հուսալ։

Իր միակ բարեկամն ու խորհրդակիցը պ. Գարեգինն էր, երիտասարդ վարձակալը, որ երբեմն շատ նեղ պարագաներուն, քանի մը ղրուշի օգնություն մը կըներ իրեն։ Այս անձուկ վիճակին մեջ նոր անակնկալ դժբախտություն մըն ալ ունեցած էր։ Աղջիկը՝ Սիրվարդ, ահռելի տենդով մը պառկեր էր, խոլական երկյուղներու մատնելով զինքը։ Բժիշկը հայտարարած էր, որ հարկ էր մեծ զգուշությամբ խնամել։ Սաթենիկ ամբողջ ամիս մը անքուն հսկած էր զավկին քով, ու վերջապես հաջողած էր մահվան ճիրաններեն փրկել զայն։ Բայց խեղճ աղջիկը շատ տկար ինկած էր, կաշին ու ոսկորը միայն մնացած, քալելու, շարժվելու կարողություն չուներ։

Բժիշկը հանձնարարած էր, որ լավ սնունդ առնե, առատ կաթ խմե, պաղեն զգուշանա։ Եվ թշվառ մայրը տասը փարա չուներ գրպանը։ Հիվանդության միջոցին Գարեգին կրցածին չափ նյութական օգնություններ ըրած էր, դեղի ու բժշկի դրամները վճարած էր, բայց այն ալ մեծ կարողություն մը չուներ, վաճառականի պարզ գրագիր մըն էր, 5-6 ոսկի ամսականով։

Խեղճ մայրը խելահեղ, շվարած չէր գիտեր ուրկե օգնություն հուսալ։ Այդ տագնապի վայրկյաններուն, դրացուհիները խորհուրդ տվին Աղքատախնամին դիմելու, որ ըստ իրենց ըսածին, այնքան անարժաններու առատ-առատ նպաստներ էր բաշխեր։

Սաթենիկ նախ ընդվզեցավ։ Մինչն այդ օրը, հակառակ իր կրած անտանելի անձկություններուն, երբեք մտքեն անցուցած չէր այդպիսի դիմում մը, որ նվաստացում մը կհամարեր իր արժանապատվության համար։ Բայց ճար չի կար, մանկուհին սնունդի [ 7 ] պետք ուներ, եթե ոչ բժիշկը սպառնացեր էր, չէր կրնար դիմանալ, փոքրիկ զանցառություն մը կրնար մահաբեր ըլլալ։

− Ինչո՞ւ չերթաս-չուզես,− կխրատեին դրացուհիները,− դեռ քու վիճակեդ շատ ավելի աղեկ վիճակ ունեցողները կերթան կարձանագրվին կոր, հաց, ածուխ, կաթ, զգեստ կառնեն կոր․․․ քիչ մըն ալ քեզի տան։

Վերջապես իր աղջկան սիրույն համար Սաթենիկ հանձն առած էր Աղքատախնամին դիմելու։

Առտուն կանուխ, ձյունին տակ քալելով, Ֆերիգյուղեն մինչև Բերա, Ս. Երրորդության եկեղեցին եկեր էր ու Աղքատախնամին տեղը հարցուցեր էր բանկալը նստող ծերունիի մը։

− Ժամուն ձախ կողմեն շիտակ գնա, հոն դիմացդ դուռ մը կելլա, ներս մտիր, սանդուխեն վեր ելիր, կտեսնաս,− պատասխանած էր մարդը։

Հիմա, հոն կծկված ժամերե ի վեր, այդ արհեստով մուրացկաններու բազմության մեջ, որոնք իրարու հետ կվիճաբանեին ու կկռվեին, ժամ առաջ ներս խուժելու և նպաստի մեծագույն բաժինը հափշտակելու համար։

Ինք քանի մը անգամ փորձած էր կամաց մը դուռը բանալու ու ներս մտնելու, բայց դռնապանը բրտորեն ետ հրեր էր զինքը։

− Սպասե՛, փաթլամիշ չես ըլլար կոր ա՜…− պոռալով երեսին։

Բոլոր այս սպասումը, ստորնացումը, նախատինքը այնքան զինքը հուզած ու ջիղերը թունդ հանած էին, որ վայրկյան մը ուզած էր ձգել փախչիլ, ինքզինքը փրկել այդ անտանելի կտտանքներեն։ Բայց հեգ Սիրվարդին տժգույն և երիթացած դեմքը հանկարծ ցցվեր էր իր առջև, անմեղ մանկուհին, որ կաթի ու կրակի կսպասեր․․․ և գամված մնացեր էր իր տեղը։

Նպաստընկալները հետզհետե կհեռանային, քիթերնուն տակեն մռլտալով և բողոքի տրտունջներ բարձրացնելով տրված նպաստին քանակին դեմ։

Երբ վերջին ծերուկն ալ մեկնեցավ, անթացուպով քալող յոթանասունամյա մարդ մը, Սաթենիկ ոտքի ելավ, պատրաստվեցավ ներս մտնելու, դուռը կամաց մը զարնելե ետքը։ Բայց դռնապանը կրկին տնկվեցավ իր դեմը։

− Քիչ մը սպասե ըսինք ա, աս ի՞նչ էտեպսիզություն է․․․ [ 8 ] − Ո՞վ է, ի՞նչ կա, տահա չլմնցա՞ն,– հարցուց խոշոր, հրամայական ձայն մը։

− Էֆենտի, կնիկ մը կա, առտվնե ի վեր եկեր կսպասե…

− Ո՞վ է, արձանագրվա՞ծ է, ի՞նչ կուզե…

− Չէ, էֆենտի, նոր կնիկ մըն է, ուրիշ ատեն չի եկած, Ֆերիգյուղեն է եղեր…

− Ներս կանչե նայինք։

Դռնապանը այս հրամանին վրա դուռը բացավ և Սաթենիկին ըսավ.

− Հայտե՛, նե՛րս մտիր… կեցի՛ր… ոտքերդ սրբե՛, քյո՞ր ես, խսիրը չե՞ս տեսնար կոր…

Հեգ կինը, երկչոտ ու դողահար, ոտքերը սրբեց և երկու քայլ առաջ գալով կեցավ, խոնարհ, սպասողական դիրքով մը։

Կանաչ ծածկոցով խոշոր սեղանի մը մեջտեղը թիկնաթոռին վրա բազմած էր ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյան, Աղքատախնամի ատենապետը, ինչպես նաև Կալվածոցի անդամը, քառասունհինգը անցած՝ միջահասակ գիրուկ մարդ մը, գլուխը քիչ ճաղատ, խոշոր բերան մը, լայն՝ վավաշոտ շրթունքներով։ Ֆեսը հանած էր գլխեն և մերթ ընդ մերթ ճարպոտ կլոր ձեռքովը ճակատը կշփեր, անընդհատ ծխելով։ Իր շուրջը բոլորված էին Աղքատախնամի բոլոր անդամները, ատենադպիր, գանձապետ և այլն, բայց հայտնապես կերևար, որ անոնք ամենքն ալ անկարևոր մարդիկ էին, ու հոն տիրապետող ամբողջ հեղինակությունը Ղուկաս էֆենտին էր։

Սաթենիկ շվարած, շլմորած՝ այդ անծանոթ մարդերուն կնայեր, որոնք իր բախտը պիտի վճռեին։ Անոնք ալ փոխադարձաբար կդիտեին ու կզննեին այդ կինը, որ իրենց ներկայացող սովորական խնդրարկուներեն չէր, որուն երեսը պատռած չէր տակավին և հոն ամոթահար, կարմրած կկենար առանց կարենալ խոսք մը արտասանելու։ Իր այս ամչկոտ դիրքը, որ իր տժգույն այտերը թեթև կարմրությամբ կներկեր, իրեն պատկառոտ հրապույր մը կուտար։ Բայց Ղուկաս էֆենտի այդ մանրամասնություններուն վրա համենալու ատեն չուներ, անհամբերությամբ ժամացույցը նայելով, գոչեց.

− Օ՜, կեսօրին մոտեցեր է…

Հետո, Սաթենիկի դառնալով, կոշտ ու կոպիտ ձևով մը հարցուց. [ 9 ] − Է, ի՞նչ կա, ի՞նչ կուզես, առտուն չի՞ գայիր։

− Առտըվնե ի վեր հոս դուրսը կսպասեի կոր,− կմկմաց Սաթենիկ։

− Էյ, ի՞նչ կուզես. նպաստ կուզե՞ս, անունդ արձանագրվա՞ծ է, քննություն կատարվա՞ծ է քու մասիդ, խոսե՛, պատասխանե՛, ի՞նչ փատի պես կեցեր ես…

− Ոչ, դեռ առաջին անգամ է, որ եկա. աղջիկս հիվանդ է, սնունդի պետք ունի, ես այրի եմ ու ոևէ նյութական կարողություն չունիմ… կաղաչեմ, կխնդրեմ, անմիջական օգնության մը շնորհ բերեք…

Ու խեղճ կինը այս բառերը դժվարավ, հազիվ լսելի ձայնով մը արտասանելե ետքը, թաշկինակը աչքերուն տարավ, անոնց խոնավությունը սրբելու համար։

− Ճանըմ, քեզի բան մը կհարցնենք կոր, պատասխան տուր,− գոռաց Ղուկաս էֆենտին,− նյութական վիճակիդ մասին քննություն եղա՞ծ է…

− Բայց այս կինը դեռ այսօր, առաջին անգամ ըլլալով մեզ կներկայանա կոր նպաստ խնդրելու համար,− բացատրեց անդամներեն մեկը։

− Հա, սանկ ըսե,− պատասխանեց էֆենտին…− անանկ է նե՝ անունը և հասցեն նշանակեցեք, քննիչ հանձնաժողովեն մեկը թող երթա վիճակը լավ մը հասկնա տե, տեղեկագիր մը բերե, մենք ալ անոր համեմատ բան մը որոշենք։

Եվ Սաթենիկի դառնալով՝ վճռական շեշտով մը գոչեց.

− Տասնըհինգ քսան օրեն մեյ մը անցիր…

Ոտքի ելավ, մեկնելու համար։ Մյուսներն ալ հետևեցան իրեն, մինչ քարտուղարը անոնց դուրս ելլելուն կսպասեր, որպեսզի կնոջ անունն ու հասցեն արձանագրեր։

Սակայն Սաթենիկ խելահեղ սոսկումով մը իր շուրջը կնայեր, կարծես առանց բան մը հասկնալու անցած դարձածեն։

Քսան օր ետքը… միթե կարելի՞ էր, ինք, որ նույն ժամուն, նույն վայրկյանին անհրաժեշտ պետք ուներ օժանդակության։ Ու նորեն աչքին առջև կցցվեր Սիրվարդի տժգույն և ազազուն դեմքը, որ իր ստամոքսին պարապությունը կողբար։ Ինչպե՞ս կրնար ձեռնունայն դառնալ տուն, ինք՝ որ ինքզինքին խոստացեր էր ամեն ստորնացումներու, ամեն նվաստությանց գնով, անպատճառ բան մը տանելու զավկին։ [ 10 ] − Էֆենտի, կաղաչեմ, կպաղատեմ, այսօրվան համար գոնե փոքրիկ նպաստ մը շնորհ ըրեք, բացառիկ բան մը… պզտիկ գումար մը, որով կարենամ զավակս գոնե քանի մը օր ապրեցնել…

− Անկարելի է, էֆենտիմ, անկարելի,− բացագանչեց Ղուկաս էֆենտի,− հոս կարգ կանոն կա, ամեն բան օրենքով կըլլա՝ մինչև հիմա ինտոր ապրեցար նե՝ քանի մը օր տահա ապրե… առանց քննության դրամ չենք կրնար տալ, նայինք ո՞վ ես, ի՞նչ ես, իրավցնե կարո՞տ ես… կարելի է մեզի կխաբես կոր, կարելի է քեզի օգնող մը ունիս, թոհաֆ բան, չհասկցված՝ փարա կտրվի՞… մենք ի՞նչ գիտնանք ո՞վ ես, ի՞նչ ես… կարելի է բոզին մեկն ես… ալլա՜հ, ալլա՜հ…

Եվ էֆենտին անձրևանոցը ու լաստիկը հագնելով, երկուքնոց մը նվեր տվավ դռնապանին ու առավ քալեց իր պաշտոնակիցներուն հետ։

Սաթենիկ քարացեր մնացեր էր եղած տեղը, էֆենտիին վերջին բառերը՝ «կարելի է բոզ մըն ես», ահռելի հարվածի մը պես իջած էր գլխուն, զինքը սահմռկեցնելով, անէացնելով: Երբ քիչ մը ինքզինքին եկավ, սենյակին մեջ առանձին մնացած էր քարտուղարի հետ։

− Անունդ արձանագրել պիտի տա՞ս,− հարցուց քարտուղարը, որ կուզեր ժամ առաջ տետրակները ժողվել ու էրթալ։

Սաթենիկ զարմացումով քարտուղարին նայեցավ, չհասկնալով թե ի՞նչ կուզեր։ Իր շփոթության մեջ ամեն բան մոռցեր էր, հետո հիշեց.

− Այո, անունս ու հասցես… քննություն կատարելու համար… Սաթենիկ Ամասյան, Ֆերիգյուղ, Պաքալ փողոց, թիվ 26…

Ու մեկնեցավ, մտամոլոր, գլուխը սև շալին տակ ծածկած, եկեղեցիին պատի քովեն սողալով:

Երբ բանկալին մոտ հասավ, Թաղ. Խորհրդարանի դռան առջև բազմություն մը խմբված էր։ Դռան սեմին վրա կերևար Ղուկաս էֆենտին, իր հաստ, զանգվածային մարմինը հաղթականորեն տնկած, ոլիմպյան Արամազդի մը վեհափառությամբ. իր պաշտոնակիցները ակնածանքով, քիչ մը հեռու կեցած էին։ Ծանրակշիռ դեպք մը տեղի ունեցած էր քիչ մը առաջ, որ խիստ բարկացուցեր էր էֆենտին, Աղքատախնամին սենյակեն խորհրդարանը եկած միջոցին։ Ժամուն բակը քանի մը տղաք ձյունագնդակ կխաղային զիրար հալածելով։ Գնդակներեն մին [ 11 ] վրիպելով՝ եկած ինկած էր էֆենտիին բալթոյին թավիշե օձիքին վրա։ Տղաքը իրենց գործած այս անլուր ոճիրը տեսնելով՝ արդեն լեղապատառ փախած ու անհայտ եղած էին, և Ղուկաս էֆենտի ստիպվեր էր իր բարկությունը թափել ժամկոչին, լուսարարին, բարապանին ու խեղճուկ տերտերի մը վրա, որոնց պատահեր էր խորհրդարանին դռան առջև։

Չորսն ալ իր դեմը կեցեր էին, բարև բռնած, հանցավոր ճորտերու պես, մինչ շուրջերնին հետզհետե եկեղեցիեն ելլող հետաքրքիրները կանգ կառնեին։

− Աս ի՞նչ խաղքություն, աս ի՞նչ խայտառակություն է,− կորոտար Ղուկաս էֆենտի,– ինչո՞ւ թող կուտաք որ բակին մեջ խաղան… մազ մնաց, որ ձյունը աչքիս կուգար կոր։ Աստեղը ժա՞մ է, չէ նե մի Տոլապ Տերեսիին չեոփլիկը… աս բիճերուն վարժապետը ո՞վ է, տնօրեննին ո՞ւր է… աս ի՞նչ անբարոյականություն է, էֆենտիմ…

Լուռ, սարսափահար, ամենքը մտիկ կընեին, առանց նույնիսկ հավանության մրմունջ մը լսելի ընելու կամ շարժում մը ընելու։ Գիտեին էֆենտիի բնությունը, գիտեին, որ երբ անիկա բարկանար ու պոռար, հարկ էր կրավորական հլությամբ մը մտիկ ընել և թողուլ, որ բարկությունը անցնի։ Էֆենտին, բարկության ժամանակ, նույնիսկ չէր ներեր, որ իրեն իրավունք տային։

− Ատ չափխընները ինչո՞ւ աս ժամեն ներս կառնեք,− շարունակեց էֆենտին, հետզհետե ձայնը բարձրացնելով,− ժամուն խըթլըխը չի կա յա… թող Հարություն երթան, Լուսավորիչ երթան, Ֆերիգյուղի ժամը երթան, ճեհեննեմին պուճախը երթան… Ս. Երրորդությունն ալ թող մեզի ձգեն, թոհաֆ բան, շնորհքով մարդիկը ասոնց երեսեն ժամ չեն կրնար կոր երթալ… սա դուրս ելլողներուն նայեցեք…

Եվ էֆենտին աջ ձեռքովը մատնանիշ ըրավ նույն միջոցին եկեղեցիեն դուրս ելլող բազմությունը, պառավ, անկար կիներ, համալներ, պատառոտուն լաթերով ծերունիներ:

− Սա խաղքության, սա աղտոտության նայեցեք,− գոչեց նորեն,− ինչպե՞ս կուզեք, որ ազնվական ընտանիքներ ժամ գան, երբ այս պապուկները հոն լեցված են… գոնե կարգերնին ճանչնա՞ն, սանկ հետևոք կայնին, չէ՜, կերթան դասին առջև կտնկվին, առանց նայելու, որ քովը կեցողը ո՞վ է, իրեն աստիճանի՞ն մարդ [ 12 ] է: Կարծես ժամը ապրեցնողը, շեն պահողը, փարա տվողը իրենք են…

Սաթենիկ պահ մը ինք ալ կեցած մտիկ կըներ այս խոսքերուն։ Ղուկաս էֆենտին տեսնելով, խորհած էր վերջին, գերագույն դիմում մը փորձելու, բոլորովին ձեռնունայն տուն չվերադառնալու համար, բայց այդ բարկաճայթ խոսքերը, որոնց վերջը չէր գար, ու հետո, շուրջը խռնված բազմությունը զինքը բոլորովին ջլատեցին և հուսահատ շարժումով մը ինքզինքը դուրս նետեց եկեղեցիեն։

Նույն միջոցին Ղուկաս էֆենտիին հետևը թաղական մը երևցավ, որ ներսեն լսելով Աղքատախնամի ատենապետին ձայնը, եկեր էր խնդրին ինչ ըլլալը հասկանալու։

− Ղուկաս էֆենտի, ներս հրամմեցեք, դռան առջև կմսիք,− ըսավ նորեկը, որ ինքն ալ մեծ աղա, մտերմական շեշտով մը կխոսեր էֆենտիին հետ,− եկեք սուրճ մը հրամմեցեք…

Ղուկաս էֆենտիի բարկությունը իջած էր քիչ մը և առանց շատ աղաչել տալու հետևեցավ թաղականին, իրավցնե վառարանի կրակեն քիչ մը տաքնալու պետքը զգալով։

Ներսը քանի մը թաղականներ նստած էին, որոնք սիրալիր ընդունելություն մը ըրին Ղուկաս էֆենտիի և թիկնաթոռի մը մեջ տեղավորեցին զինքը:

− Ղուկաս էֆենտի, կերևա որ ձեզ նորեն բարկացուցեր են, ի՞նչ պատահեցավ որ,− հարցուց թաղականներեն մին:

Ղուկաս էֆ. մանրամասնորեն պատմեց ձյունագնդակին դեպքը, շեշտելով մանավանդ սա ծանր պարագան թե «մազ մնացեր էր, որ ձյունը աչքին գար», նորեն քիչ մը առաջվան ըրած դիտողությունները կրկնեց, թեև նվազ բարկաճայթ շեշտով մը:

Քիչ մը ետքը ներս մտավ ավագերեցը, երկայնահասակ, նիհար, խոշոր ու սպիտակ մորուքով։ Պատկառելի Տ. Միքիաս ավագ քահանան այն ատեն վաթսուն տարեկան կար. երկար ատենե ի վեր ավագերեցն էր Բերայի եկեղեցիին։ Ինք էր, գերազանցորեն, մեծատուններու տաներեցը և իր այդ առանձնաշնորհյալ դիրքը իրեն գերակշիռ ազդեցություն մը կուտար ամբողջ քահանաներուն դասին մեջ։ Ոչ միայն Բերայի, այլ նույնիսկ Գատը գյուղի և ուրիշ արվարձաններու հարուստները իր ծուխերն էին. կարծես ջոջերու տաներեցությունը մենաշնորհի վերածած ըլլար: Ամբարտավան և խրոխտ իր ստորադասյալներուն հետ, Տ. Միքիաս կեղծավոր ու [ 13 ] շողոքորթ կդառնար իր հարուստ ծուխերուն հանդեպ և ասոր համար կսիրվեր ու կհարգվեր ամենեն, մանավանդ թե ինք, որ իր ձեռքին մեջ ուներ բոլոր ծանոթ ընտանիքները, շատ անգամ կհաջողեր անոնց մեջ խնամության կապեր հաստատելու։ Այս ծառայության լիակատար վարձը անշուշտ Տ. Միքիաս պիտի ստանար հանդերձյալ աշխահի մեջ, բայց այսուհանդեձ, սպասելով երկնային վարձատրության, հոս ալ, առհաշիվ, նյութական փոխարինություններ կստանար այս միջնորդությանց համար, որոնք բարդվելով իր ավագերեցի և տաներեցի եկամուտներուն վրա, բավական ճոխ ու հանգստավետ կյանք մը կապահովեին իրեն։

Ղուկաս էֆենտի Կելկիթյան իր հնավուրց ծուխերեն մեկն էր և հաճախ կճաշեր անոր տունը, ուր մտերմորեն կընդունվեր միշտ:

Իմանալով ձյունագնդակի դեպքը, մանավանդ այն վտանգը, որուն մազ մնացեր էր, որ ենթարկվեր Ղուկաս էֆ-ի աչքը, ինքն ալ սաստիկ սրտմտեցավ.

− Այս շունշանորդիներուն ձեռքեն չենք կրնար կոր ազատիլ,− գոչեց,− կուգան բակին մեջ կլցվին, խաղքություն չմնաց, որ չընեն… անցած կիրակի ալ տիկին Մամիկյանի շրջազգեստին վրա կոխեր են… քիչ մնացեր է պատռի… դեռ առաջին անգամն է, որ կհագնի եղեր… քսան ոսկինոց շրջազգեստ, «Մեյ մըն ալ ոտքս չպիտի դնեմ այդ ձեր ժամը», ըսավ, իրավունք ունի, ի՞նչ ըսեմ։

− Էֆենտիմ,− մեջ մտավ թաղական մը,− անկիրթ ազգ ենք վեսելամ, մեծի հարգանք ըսված բանը չունինք… Եվրոպայի մեջ ասանկ չէ, ազնվականները իրենց հատուկ եկեղեցին ունին՝ հոն կերթան, վարնոց մարդիկն ալ իրենց եկեղեցին… հոս չամաշրճի կնիկը, օրինակի համար, կուգա Ղուկաս էֆենտիի տիկնոջ քովը կկայնի… հեմեն-հեմեն պիտի ըսեմ, որ «ողջույն» ալ կուտա կառնե հետը…

− Շատ իրավունք ունիս.− հաստատեց Ղուկաս էֆենտի,− ճիշտ ատոր համար ժամ երթալու կքաշվիմ. որչափ վարնոց մարդիկ կան՝ քովս կշարվին… ինծի մնա նե՝ տեղերը բաժնելու է, էֆենտիմ, ուրիշ ճար չի կա. ծանոթ պատվավոր մարդոց համար զատ տեղ մը որոշելու է, մյուսներուն համար ալ զատ տեղ մը… պետք ըլլա նե՝ ասոր համար բացեն բան մըն ալ կվճարենք… շիտակը այսօրվան եղածեն արյունս գլուխս զարկավ, աղբար, մազ մնաց ձյունը աչքիս կուգար կոր… կտեսնաք սա բոզին զավակները։ [ 14 ] Ավագերեցը զգաց, որ այս խոսքերուն և դիտողություններուն գործնական գոհացում մը տալու էր. ուստի խոսքը բանկալը կեցող երիտասարդ պաշտոնյայի մը ուղղելով.

— Սա ժամկոչ օլաճախը հոս ղրկե,— պոռաց:

Քիչ մը ետքը ծերուկ ժամկոչը ներկայացավ, վեհերոտ կերպարանքով մը։ Կնախզգար, որ փոթորիկը բոլորովին չէր անցած տակավին և կվախնար, որ ի վերջո իր գլուխը պիտի պայթեր ան:

— Ինծի նայե,— պոռաց Տ. Միքիաս քահանա,— ասկե ետքը չըլլա որ դպրոցի տղաքներուն թող տաս ժամը մտնելու, տիրացուներեն զատ մարդ ներս չառնես։ Անոնք ալ գործերնին լմնցնելուն պես թող տեֆ ըլլան երթան, եթե մեյ մըն ալ բակը տղա տեսնեմ՝ նայե ինչ կընեմ:

— Շատ աղեկ, գլխուս վրա, տեր հայր,— ըսավ ժամկոչը և խոնարհություն մը ընելով, դուրս սպրդեցավ, այսքան աժան կերպով օձիքը ազատելեն ուրախ:

Խորհրդարանին մեջ խոսակցությունը կրկին շարունակվեցավ այս անգամ, այլ լոկ ակադեմիական հանդարտությամբ մը։

Այն թաղականը, որ Եվրոպայի եկեղեցիները իբրև օրինակ հիշած էր, իր դիտողությունները աոաջ տարավ, ըսավ թե շատ կարելի էր Ս. Երրորդության եկեղեցին միմիայն բարձր դասի ընտանիքներու հատկացունել, նստարաններուն վրա որոշ գիներ դնելով։

— Եվրոպայի մեջ ասանկ կընեն,— պնդեց նորեն,— գացեք Փարիզ, Մատլեն եկեղեցին և պիտի տեսնեք, որ բոլոր ազնվականները իրենց որոշյալ տեղերը ունին, ուր իրենց տեղը ուրիշ մարդ չկրնար նստիլ, իսկ հասարակ մարդիկ դուրսը՝ գավիթը կկենան։

Այս իրենց հատուկ մասնավոր եկեղեցի մը ունենալու գաղափարը շատ հաճո թվեցավ Ղուկաս էֆենտիի, որ անմիջապես ավելցուց.

— Եթե ասանկ կարգադրություն մը ընեք, հավատացեք, ես գրպանես տարին տասը ոսկի կուտամ, միայն թե այն պայմանով, որ դռանը առջև մեկը նստի և աժեմ շաժեմ մարդոց արգիլե ներս մտնալը։

Ավագերեցը ինքն ալ համամիտ գտնվեցավ այս կարգադրության։ Ինքն ալ ազնվական ըլլալու հավակնություններ ուներ, Կ. Պոլսո մոտակա փոքրիկ գյուղի մը հինավուրց մեկ ընտանիքի [ 15 ] պատկանելով և մանավանդ տարիներե ի վեր ջոջ աղաներու տաներեցը ըլլալով։

Կեսօրը անցած էր արդեն և խոսակցությունը ավարտած։ Ղուկաս էֆենտի ոտքի ելավ, հրաժեշտ առավ և ուղղվեցավ դեպի դուռը։

Բակը, եկեղեցիին պաշտոնեությունը շարված էր ակնածանքով, վերջին գետնաքարշ ցույցով մը էֆենտիին պատմությունը մոռցնել տալու համար։

Էֆենտին բարի և անհիշաչար եղավ գլխու թեթև շարժումով մը և բանկալը դրված պնակին մեջ մեճիտիե մը նետելով դուրս ելավ։

− Ինչ որ է, սիրտը առինք,− մտածեց ժամկոչը, սրտի անճառ թեթևացումով մը։

Նույն միջոցին տղա մը, որ ձյունագնդակի դժբախտ պատահարեն ի վեր ծակամուտ եղած էր, հանկարծ երևցավ բակին մեջ և շուտաքայլ ուղղվեցավ դեպի դուռը։

− Շունշանորդի բիճ,− գոչեց ժամկոչը, ետևեն վազելով և կռնակին բռունցքի ուժգին հարված մը իջեցնելով, մինչ ավագերեցը՝

− Բռնեցեք սա լակոտը,− կաղաղակեր՝ չարաշուք անգղի մը պես իր թևերը շարժելով։

Բայց տղան արդեն ինքզինք դուրս նետած ու անհայտ եղած էր ամբոխին մեջ։


ԳԼՈԻԽ Բ

Ղուկաս էֆենտիի բնակարանը շատ հեռու չէր եկեղեցիեն, ուստի ոտքով ուղղվեցավ դեպի Մեծ փողոց և գրեթե տասը վայրկյան ետքը հասավ իր տեղը։

Ղուկաս էֆենտի մտավ մեծ սրահ մը, արևելյան գորգերով ծածկված, պերճ ու պոռոտ կարասիներով լեցուն, ահագին ագևոր դաշնակ մը լեցուցած էր մուտքին ձախ անկյունը, մինչ աջ անկյունը դրված էր խոշոր վառարան մը, որուն կրակը կշողշողար։ Բազմոցները, թիկնաթոռներն ու աթոռները իրենց սնդուսե, մետաքսե և թավիշե արդուզարդը կպարզեին այն օրվան համար, մերկացած ըլլալով իրենց սովորական ճերմակ կերպասե ծածկոցներեն։ Պատերը ծածկված էին մութ-կարմիր գույնե թուղթով մը։ Երկու յուղաներկ պատկերներ, հաստ, ոսկեզօծ շրջանակներու [ 16 ] մեջ առնված, սրահին ամենեն աչքառու զարդերը կկազմեին։ Մին կներկայացներ Ղուկաս էֆ. Կելկիթյանը,− խնկարկվելու սպասող պատկառազդու պուտտայի մը անշարժ վեհափառությամբ մը, մյուսը՝ տիկին Կելկիթյանն էր, գիրուկ, կարմրերես հայու կին մը, պաշտոնական ժպիտ մը դեմքին վրա, ձեռքը հողմահար մը բռնած, մինչ մատներուն, ականջներուն, դաստակներուն, վզին վրա ու մազերուն մեջ կերևային մատնիներ, օղեր, ապարանջաններ, գայռեր, գնդասեղներ, ադամանդե, սուտակե, զմրուխտե և հակինթե։ Գոհարավաճառի ցուցափեղկ մը վերջապես։ Այդ երկու պատկերները, դեմ դիմաց առտըվնե մինչև իրիկուն, իրարու վրա հիանալու, իրարմով կշտանալու երևույթ մը ունեին։

Երբ Ղուկաս էֆենտի ներս մտավ, երիտասարդ կին մը, հազիվ երեսունհինգ տարեկան, թուխ դեմքով ու վառվռուն աչքերով, սրահին վարագույրները շտկրտելու վրա էր։ Գիրուկ, մարմնեղ կին մըն էր, որու կարկառուն կուրծքը թաքուն հրապույրներ ծածկելու երևույթը ուներ։

− Ո՞ւր են,− հարցուց Ղուկաս էֆենտի, խոսքը կնոջ ուղղելով, որ այդ անորոշ հարցումին իմաստը ըմբռնելով պատասխանեց.

− Վերը կհագվին կոր։

Ղուկաս էֆենտի մոտեցած էր կրակին ու ձեռքերը վառարանին մարմարին վրա դրած, կտաքնար, ակնարկովը հետևելով կնոջ, որ անընդհատ կերթևեկեր սենյակին մեջ, լուցկիի ամանները, մոխրամանները և աթոռները կարգի դնելով։ Այս կինը Ղուկաս էֆենտիի քենին էր, որ քանի մը օրե ի վեր հյուր եկած էր իրենց՝ փոքրիկ աղջկան հետ։ Տիկին Երանիկ Ամիսյան իր քրոջ բախտը չէր ունեցած և չէր կրցած ամուսնանալ Ղուկաս էֆենտիի պես հարուստ ու ճարպիկ վաճառականի մը հետ, թեև իր քրոջմեն ավելի երիտասարդ ու գեղեցիկ էր էրիկը միջնակարգ վաճառական մը, իր ամուսնութենեն ետքը, հետզհետե ձախողանքներու հանդիպեր և վերջապես սնանկացեր էր, հետո պզտիկ դրամագլխով մը և Ղուկաս էֆենտիի հովանավորության տակ կրկին գործի ձեռնարկեր էր և շատ համեստ կյանք մը կվարեր Կետիկ փաշա քաշված։

Կինը հաճախ կուգար իր քրոջը տունը հյուր ըլլալու, գոնե քանի մը օր անոր պերճանքին մեջ մոռանալու համար իր գետնաքարշ կյանքը, բայց էրիկը կնախընտրեր իր տունը մնալ, չուզելով [ 17 ] ներկայությամբը իր և Ղուկաս էֆենտիի միջև անհաճո բաղդատության եզր մը ընծայել կնոջ: Եվ իր այս մեկուսացումը հաճելի էր ամենուն, որովհետև այդ չաջողած ազգականը տեսակ մը կենդանի նախատինք համարված էր ընտանիքին մեջ։

− Ո՞ւր տեղեն ալ դեմդ ելավ այդ ուղուրսուզը,− կըսեր Ղուկաս էֆենտի ամեն անգամ, որ քենեկալին խոսքը կբացվեր։

Երանիկ կշարունակեր սրահին մեջ իր երթևեկը, մինչ Ղուկաս էֆենտի վառարանին քովեն անոր ուղղած կպահեր իր ակնարկը, որ հետզհետե հայրատ, վավաշոտ կդառնար. իր խոշոր, լայն շրթունքները անորոշապես կսարսռային, քունքին երակները կկոտտային։

− Ասոր աչքիս բեք աղվոր կերևաս կոր,− ըսավ հանկարծ, դեպի կնոջ կողմը քայլ մը առնելով։

− Աման, նորեն մի սկսիր, ատենը չէ,− ըսավ մյուսը, թեթև հանդիմանական շեշտով մը։

Բայց արդեն Ղուկաս էֆենտի մոտեցած էր իրեն, լայն թևերով սեղմած էր զայն կուրծքին վրա, առանց ուշադրություն ընելու անոր ընդդիմության և գրկախառնումեն խուսափելու ճիգերուն, թաց-թաց ու կատաղորեն կհամբուրեր շրթունքները։

− Ոտքի ձայն կա, հիմա քույրս վրա կհասնի,− մրմնջեց Երանիկ, վերջապես ազատելով ինքզինքը անոր թևերուն մեջեն։

Իրավցնե դուրսը ոտքի ձայն մը կլսվեր։ Երանիկ իսկույն վազեց վառարանին քով, դռնակը բացավ և վառող փայտերը սկսավ ունելիով շտկել, շփոթությունը ծածկելու և ինքզինքին գործի վրա երևույթ մը տալու համար։

Ճիշտ ատենն էր:

Դուռը հանկարծ բացվեցավ և տիկին Թագուհի Կելկիթյան ներս մտավ։

Քառասուն տարեկանի մոտ մարմնեղ ու պարարտ մսերով կին մըն էր, հետույքն ու որովայնը դուրս կարկառուն, խոշոր սև աչքերով ու կարմիր այտերով:

− Վա՛յ, եկեր ես եղեր,− ըսավ, խոսքը Ղուկաս էֆենտիի ուղղելով։

− Կես ժամ է հոս եմ, ձեր վար իջնելուն կըսպասեմ կոր՝ կերակուրի նստելու համար… անոթութենե կմարիմ կոր,− պատասխանեց էրիկը դժգոհ, անհամբեր շեշտով մը։

− Էյ, վար իջնանք անանկ է նե՝ աղջիկներն ալ հիմա կուգան: [ 18 ] Եվ երեքը մեկ ուղղվեցան սեղանատուն։

Նույն օրը, ինչպես ըսինք, տանը մեջ իրարանցում կտիրեր։

Ղուկաս էֆենտիի անդրանիկ աղջիկը, օրիորդ Ռոզիկ, աղջիկտեսի պիտի ելլար կեսօրեն ետքը, խորհրդավոր աղջիկտես մը, որու մասին իրենց ծանոթներեն ոչ ոք բան մը գիտեր։ Մանչը Փարիզեն էր, հոն հաստատված հարուստ ակնավաճառ մը, որ իր մորը հետ եկած էր Պոլիս, միմիայն ամուսնանալու նպատակով։ Աղեկ պատառ մըն էր, զոր պետք չէր ձեռքե փախցնել և ասոր համար ամեն զգուշություն կընեին, որպեսզի ձայնը դուրս չելլա և աս ու ան խոսք-չխառնեն ու գործը չավրեն։

Տղան հազիվ շաբաթե մը ի վեր հասած էր Պոլիս և մորը հետ իջած էր Բերա՝ Պրիսթոլ պանդոկը և տակավին ընտանեկան հարաբերություններ չէր հաստատած, իր գալուստը թերթերը միայն ծանուցած էին, գրելով, թե՝ «Փարիզաբնակ ծանոթ ակնավաճառ ազնվաշուք Լևոն էֆ. Կոկիկյան իր ազնվափայլ մորը հետ մայրաքաղաքս եկած էր քիչ մը ժամանակի համար», հետո ավելցուցած էին, որ «Կոկիկյան էֆենտի ձեռներեց և գործունյա երիտասարդ մըն էր, որ քիչ ժամանակի մեջ հաջողած էր իրեն փայլուն դիրք մը շինել Փարիզի հրապարակին վրա»։

Բարեկամ մը Փարիզեն նամակով հանձնարարած էր ակնավաճառը Ղուկաս էֆենտիի, հայտնելով, թե երիտասարդը ամուսնանալու դիտավորությամբ Պոլիս կուգար։ Ղուկաս էֆենտի փութացած էր Սիրքեճիի կայարանը՝ դիմավորելու համար Լևոն էֆենտիին, որուն մեջ իսկույն ապագա փեսացու մը տեսած էր և զայն առաջնորդած էր պանդոկը։

Լևոնի մայրը շուտով հայտնած էր Ղուկաս էֆենտիի, թե ինչ նպատակով եկած էին Պոլիս և խնդրած էր անկե, որ իր աջակցությունը չխնայե իրենց, որովհետև իրենք երկար տարիներե ի վեր Փարիզ հաստատված ըլլալով՝ հարաբերություն չունեին պոլսական բարձր դասու ընտանիքներուն հետ։

Ճշմարտությունն այն էր, որ Լևոն Կոկիկյան Ենիգաբուցի աննշան ոսկերիչի մը զավակն էր, որ իր հոր մահվնեն ետքը, փոքրիկ դրամագլուխով մը Փարիզ գացած ու նախ ակնագործի մը քով իբրև աշկերտ օրականով աշխատելե ետքը, գոհարեղենի միջնորդ՝ և ի վերջո վաճառական եղած էր. իր հայ շուկացիի աչքաբացության շնորհիվ կրցած էր բավական մեծկակ հարստություն մը դիզել և հիմա ինքն ալ իր կարգին ջոջ հարուստ մը ըլլալով, հետամուտ [ 19 ] եղած էր Պոլսո ծանոթ ընտանիքի մը հետ խնամիանալու, բոլորովին մոռցնել տալու համար իր գռեհիկ ծագումը։

Ղուկաս էֆենտի շուտով հասկցավ այդ ամենը և իր կնոջ հետ կարճ խորհրդակցությունե մը ետքը, երբ Լևոնի մայրը կրկին խոսք բացավ իր տղուն աղջիկ մը գտնելու մասին, պարզապես պատասխանեց.

− Ուրեմն կուզես, որ ձեզի խլավուզությո՞ւն մը ընեմ։

− Ինչո՞ւ չէ, խեր մը ըրած կըլլաս,− ըսավ մայրը խնդալով։

− Էյ, եթե հաջողցնեմ, ինծի ի՞նչ կա։

− Ճանըմ, դուն գործը ըրե տե, մենք ալ ամոթով չենք մնար քովդ:

− Անանկ է նե՝ եկուր իմ աղջիկս տամ Լևոն էֆենտիին…

Այս հանկարծական առաջարկը մեկեն ի մեկ շփոթեցուց Լևոնի մայրը, որ չէր գիտեր, թե Ղուկաս էֆենտի հարսնցու աղջիկ ուներ, և սակայն առաջարկությունը անընդունելի բան մը չէր, և փոքրիկ բացատրութենե մը ետքը, որոշվեցավ, որ այդ կիրակի օր մայր ու զավակ աղջիկտեսի գան։

Ղուկաս էֆենտիի աղջիկը՝ Ռոզիկ՝ տասնութը տարեկան, եթե ոչ շատ գեղեցիկ՝ սիրուն և մտացի աղջիկ մըն էր, Հոմ Սքուլեն շրջանավարտ, ինչ որ հայ օրիորդի մը համար զարգացման բարձրագույն աստիճանը ըսել է։ Ամերիկյան վարժարանին մեջ իր առած կրթությունը ազատ ու համարձակ շարժուձև մը տված էին իրեն, որով իր սիրունությունը ալ ավելի հրապուրիչ կդառնար։ Երբ իմացավ ծնողքին իր մասին պատրաստած ամուսնական ծրագիրը, ոևէ ընդդիմություն կամ դիտողություն չըրավ, մանավանդ որ Փարիզ բնակելու հեռապատկերը ամեն կերպով զինքը կհմայեր։ Ուստի այդ կիրակի օրը դեմքին վրա ուրախության ճառագայթումով մը իջավ սեղանատուն, իր կրտսեր քրոջ՝ Նոյեմիի հետ, որ տակավին հազիվ տասնըհինգ տարեկան՝ թուխ, աղվոր աղջիկ մըն էր, չարաճճի աչքերով։

Սեղանին վրա խոսակցությունն աննշան նյութերու շուրջը անցավ. որովհետև միտքերը որքան որ միևնույն մտածումով տոգորված էին, այր ու կին չէին ուզեր իրենց ծառաներուն դիմաց աղջիկտեսի մասին ոևէ ակնարկություն ընել։

Ղուկաս էֆենտի չմոռցավ հիշել օրվան մեծ դեպքը, եկեղեցիին բակը տղոց ձյունագնդակ խաղալը։

− Շունշանորդիներ, մազ մնաց ձյունը աչքիս կուգար կոր… [ 20 ] Իրիկվան դեմ Լևոն Կոկիկյան և մայրը եկան։

Տեսակցությունը, երկու ապագա խնամիներուն միջև, շատ սիրալիր եղավ։ Ղուկաս էֆենտի երկարորեն խոսեցավ ամուսնական կյանքի առավելություններուն վրա։

Մարդս, ամուրի վիճակին մեջ, կիսկատար էակ մըն էր, ամեն տեսակ մոլորումներու ենթակա։ Բուն բարոյականությունը, բուն պատիվը ընտանեկան կյանքի մեջ միայն գոյություն ունեին։ Եվ ասոր համար ինք, Ղուկաս էֆենտին, կուզեր, որ իր զավակները պզտիկ հասակեն ամուսնացնե, որպեսզի պատվավոր ընտանիքներ կազմեն և ազգին պատիվը բարձր պահեն։

Լևոն իրավունք տվավ Ղուկաս էֆենտիի տեսությանը, ըսավ թե ինք թեև Փարիզ ապրած ու հոն հաստատված, սակայն ուզած էր Պոլիս գալ և ազգակիցի մը հետ ամուսնանալ, որովհետև այդ կերպով կրնար ապահովել ընտանեկան սրբությունը, ընտանեկան պատիվը, ընտանեկան բարոյականը։

Օրիորդ Ռոզիկ, ինքն ալ, իբրև ամերիկյան կրթություն առած համարձակախոս աղջիկ, խոսքի մասնակցեցավ։

− Ես երիտասարդի մը համար իբրև մեծագույն արժանիք խելքն ու բարոյականը կփնտրեմ,− ըսավ,− իսկ մնացածը կարևորություն չունի։

− Հարստության կարևորություն չե՞ք տար, օրիորդ,− հարցուց Լևոն ժպտելով։

− Ո՛չ,− պատասխանեց աղջիկը վճռաբար,− պատիվ և բարոյական մեծագույն հարստություններն են։

− Կեցցե՛ս, աղջիկս,− գոչեց Ղուկաս էֆենտի խանդավառված։

Տիկին Թագուհին ալ հաղթական և հպարտ ակնարկ մը ուղղեց Լևոնին մորը, կարծես ըսել ուզելով.

− Կտեսնե՞ք ինչ տեսակ ապրանք ցույց կուտանք ձեզի։

Վերջապես հյուրերը մեկնեցան սրտազեղ մեծարանքներ ընդունելե վերջ։ Լևոն հաջորդ օրվան համար էֆենտին ընտանյոք պանդոկ հրավիրեց։

− Կարծես այս գործը պիտի հաջողի,− ըսավ Ղուկաս էֆենտի, երբ իր կնոջ հետ առանձին մնաց։

− Ինծի ալ անանկ կուգա, մանչը աչքը Ռոզիկիս վրայեն չէր զատեր կոր:

− Միայն թե քիչ մը աղջկանդ խրատ տուր, որ սանկ ավելի [ 21 ] կիրկիրություն ցույց տա մանչուն, քովը նստի, հետը շախալաշմիշ ըլլա… Փարիզ մեծցող մարդիկը անանկ բաներ կփնտռեն,− դիտել տվավ Ղուկաս էֆենտի։

− Էյ, տահա կեցիր նայինք, առաջին անգամեն ճիտը ցատկելու չէր, ամեն բանին սրան կա։

− Նայելու է, որ քիթեն բռնե, իմ խելքս ասոր կհասնի… քսան-երեսուն հազար ոսկիի տեր մարդ է, խաբար ունի՞ս…

Քսան-երեսուն հազար ոսկիի հայտնությունը տարօրինակ կերպով շլացուց տիկին Թագուհին, որ պահ մը սահմռկած մնաց, կարծես թե այդ ոսկիներուն տոպրակները, մեկիկ-մեկիկ իր գլխուն իջնեին:

− Իրա՞վ այդչափ հարուստ է եղեր,− գոչեց խանդավառությամբ:

− Հապա, աղեկ տեղեն իմացա, անոր համար ձեռքե փախցնելու չի գար… քիչ մը խրատ տուր սա աղջիկին, ինքզինքը սիրցնելու ճարը նայի, միայն խոսելով չըլլար, թող հետը քիչ մը ճիլվելեշմիշ ընե… վաղը իրենց երթանք նե՝ անանկ մը ընենք քի՝ մանչ ու աղջիկ մինակ մնան. Ռոզիկին ալ ըսե, որ մարդը չորս կողմը սխմրտելու ելլա նե՝ խռչուլություն չընե… քա, երեսուն հազար ոսկի է աս… Հագածին ալ, արդուզարդին ալ ուշադրություն ընե, հեմ վրայի հագածին. հեմ ալ տակիններուն… պակաս բան մը ունի նե՝ ըսե առնենք։

− Մեղա, պակաս բան ինչո՞ւ պիտի ունենա, ամեն բան ունի, դուն հոգ մի ըներ, ես պետք եղածին պես կհագվեցնեմ, իրեն ալ կխոսիմ… արդեն ինքն ալ հոգի կուտա կոր, որ այս գործը ըլլա։

Հելպեթ հոգի կուտա, ես ալ աղջիկ ըլլայի նե, հոգի կուտայի… երեսուն հազար ոսկի, Փարիզի պես տեղ, շնորհքով երիտասարդ, տահա ի՞նչ կուզե. բայց խնդիրը աս է, ինքզինքը սիրեցնելու է, եթե ոչ ձեռքերնուս կփախցնենք հա…

Այս հրահանգները տալե ետքը, Ղուկաս էֆենտի դուրս ելավ տունեն և դեպի Սբլանտիտ քաֆե ուղղվեցավ, ուր ընդհանրապես իրիկունները կերթար քանի մը գարեջուր խմելու և բարեկամներու հետ տեսակցելու համար։

− Արդյոք դրամօժիտի մասին դժվարություն պիտի հանե՞ այս տղան,− կմտածեր ինքնիրենը, փողոցը գացած միջոցին։ Ինք անշուշտ տրամադիր էր երկու հազար ոսկիի չափ դրամ տալու, բայց արդյոք բավական պիտի ըլլա՞ր այդ գումարը… ա՜խ, եթե [ 22 ] աղջիկս քիչ մ’ավելի գեղեցիկ ըլլար, եթե գիտնար պետք եղածին պես պոչ խաղցնել, եթե հաջողեր մանչուն խելքը գլխեն առնել, այն ատեն գուցե նույնիսկ առանց դրամօժիտի կրնայի աղջիկս անոր գլուխը փաթթել, և ի՜նչ հաղթություն, ի՜նչ հաջողություն պիտի ըլլար ասիկա իրեն համար: Բայց տեսակցությունը իրեն ապագա խնամիներուն հետ, շատ սիրալիր եղած էր։ Լևոնի անմիջական հրավերը, հետևյալ օր փոխադարձ այցելության երթալու, բավական զորավոր պատճառներ էին գործի հաջողության մասին հույսեր ներշնչելու և Ղուկաս էֆենտի այդ հույսերով օրորված՝ զվարթ տրամադրությամբ մը մտավ Սբլանտիտի, ուր արդեն բազմությունը խռնված էր, դուրսը տիրող ցրտաշունչ օդեն մղված։

- Հրամմեցեք, Ղուկաս էֆենտի,− ըսավ ձայն մը, երբ մեր վաճառականը աչքը չորսդին ժուռ կածեր, նստելու հարմար տեղ մը գտնելու համար։

Աբգար էֆենտի Սմսարյանն էր, իրեն պես ազնվաշուք ջոջ վաճառական մը, որ իր աղջկան հետ էր սեղանի մը քով։

Ղուկաս էֆենտի մոտեցավ և տեղավորվեցավ իր բարեկամին մոտ։

Բարևտուքի սովորական բանաձևերեն ետքը, Աբգար էֆենտի հանկարծ հարցուց.

− Ո՞վ է սա Փարիզեն եկող հարուստ ակնավաճառ երիտասարդը, Լևոն Մոմիկյան է, ի՞նչ է…

− Կոկիկյան, հայրիկ,– ուղղեց աղջիկը։

− Հա, Կոկիկյան… Կճանչնա՞ս կոր։

Ղուկաս էֆենտի թեթև, աննշմարելի սարսուռ մը ունեցավ։ Այդ անունին հանկարծ մեջտեղ նետվիլը զինքը շփոթեց։ Աբգար էֆենտիի աղջիկը, Հերմինե, որ հոն նստած էր, հրապուրիչ սև աչքերով, վարդագույն այտերով և հրաշալի եբենոսյա մազերով քսաներկուամյա գեղուհի մըն էր, հաջող դաշնակահար, որ իր կրթությունը առած էր Բանկալթիի Սեոռերուն վարժարանը։ Բերայի մեջ իր գեղեցկությունը համբավված էր և շատ շնորհքով երիտասարդներ իր ձեռքը խնդրած էին, սակայն աղջիկը ոչ մեկուն չէր հավնած։ Բացարձակապես եվրոպական կրթություն ունեցող երիտասարդ մը կուզեր ինք, որուն վարքն ու բարքը համաձայներ իր ստացած կրթության, և հայրը, որ կպաշտեր իր աղջիկը, միշտ տեղի տված էր անոր կամքին առջև, թեև շատ կփափաքեր զայն ամուսնացնել։ [ 23 ] Առաջին վայրկյանեն իսկ, երբ հարցում ուղղվեցավ իրեն, Ղուկաս էֆենտի, Հերմինեի մեջ Ռոզիկի մրցակից մը տեսավ և մանավանդ զորեղ մրցակից մը։ Հասկցավ, որ իրեն բերնեն ելլելիք խոսքերը շատ զգուշավոր, շատ շրջահայաց պետք էր ըլլային, ուստի նախ՝ ուղղակի հարցին չպատասխանեց։

− Ուրկե՞ լսեցիք Կոկիկյանի գալը,− ըսավ։

− Լրագիրը գրեր էր, կարդացինք,− պատասխանեց Աբգար էֆենտի, անտարբեր ձևով մը,− կճանչնա՞ս զինքը։

− Այո… այսինքն առաջուց չէի ճանչնար, Փարիզեն բարեկամ մը հանձնարարած էր, գացի կայարանեն առի, պանդոկ տարի… գործի համար եկեր է. շուտով պիտի երթա։

− Տիկին Զատիկյանը այդ մյուսյու Լևոնի մայրը կճանչնա եղեր, այցելության գացեր է,− մեջ մտավ Հերմինը։

− Այո,− հաստատեց Աբգար էֆենտի,− և անոր ըսեր է, որ տղան կարգելու համար Պոլիս եկեր են։

Հարվածը ավելի ուժգին կերպով իջավ այս անգամ: Ղուկաս էֆենտի պարզապես դող ելած էր, բայց ջանաց իր պաղարյունությունը չկորսնցնել:

− Այդ պառավները բոլոր այդպես են, միշտ տղանին կարգելու խորհուրդներ ունին, ես մանչուն հետ քանի մը անգամ տեսնվեցա, ատանկ բան մը չըսավ…

Հետո պահ մը լռելե ետքը՝ ավելցուց։

− Արդեն ո՞ր շնորհքով ընտանիքը կհանե անմիջապես իր աղջիկը կուտա անծանոթ մեկու մը, նայինք իրավցնե հարո՞ւստ է, ի՞նչ տեսակ մարդ է, բարոյական ունի՞… այդչափ տարի Փարիզ ապրեր է, ով գիտե ինչպես կյանք անցուցեր է… կարելի է հիվանդություն մը ունի:

− Շիտակ է,− դիտել տվավ Աբգար էֆենտի։

Ղուկաս էֆենտի, իր խոսակցին հաստատումեն քաջալերված՝ երկար տեսություն մը ըրավ օտար երկրներե եկող անճանաչ երիտասարդներու աղջիկ տալու վտանգներու մասին։ Ըսավ թե անոնց մեջ հաճախ բախտախնդիր խաբեբաներ կգտնվին, որ իբրև հարուստ ներկայանալով կուզեն վարպետությամբ հարուստ որս մը ձեռք ձգել։

− Ես շիտակը,− եզրակացուց,− մինչև որ երիտասարդի մը ընտանիքը, պատիվը, բարոյականը տեղն ու տեղոք չճանչնամ, աղջիկ չեմ տար իրեն, կուզե նե հարյուր հազար ոսկի ունենա… փարան [ 24 ] կարևորություն չունի, մարդս պատիվ, բարոյական ունենալու է։

− Շատ ճշմարիտ կխոսիս,− կրկնեց Աբգար էֆենտի:

Խոսակցությունը քիչ մըն ալ տևեց, հետո Ղուկաս էֆենտ «մնաք բարով» ըսավ և մեկնեցավ, խորհելով թե վտանգին առաջքը հաջողած էր առնելու։

Երբ հայր ու աղջիկ առանձին մնացին՝ Աբգար էֆենտի ըսավ Հերմինեի.

− Կտեսնա՞ս կեղծավորը, երկու ժամ առաջ Ռոզիկը աղջիկտեսի կհանե Լևոն Կոկիկյանին ու անկե ետքն ալ կուգա հոս մանչը ավրելու, որպեսզի ձեռքեն չառնենք… ատ վարպետությունը ինծի չի կըրնար կլլեցնել, ես իրմե առաջ տեղեկություններ առի այդ Լևոնին վրա, Էլմասի պես տղա է եղեր, բոլոր ճանչցողները գովեստը կընեն կոր, տասը տարվան մեջ 30-40 հազար ոսկի շիներ է…

− Քառասուն հազար ոսկի,− գոչեց Հերմինե իր աղվոր աչքերը խոշոր-խոշոր բացած։

− Հապա՛, ամիսը 8-10 հազար ոսկի շիներ է… բարոյական, պատիվ կփնտռե եղեր,− շարունակեց Աբգար էֆենտին,− ինք շատ ունի, չբավեր կոր, ուրիշներուն վրա ալ կփնտռե կոր, ըսելիք շատ բաներ կան, բայց ինչ որ է…

Նոր ծանոթի մը գալուստը վերջ դրավ հայր ու աղջկան խոսակցության։


ԳԼՈԻԽ Գ


Հետևյալ օրը, երկուշաբթի, Ղուկաս էֆենտի գործի չգնաց, վճռական այցելության օրն էր և թեև կեսօրեն ետքը պիտի երթային Պրիսթոլ պանդոկը, բայց ինքը ուզեց, որ առտվընե տունը գտնվի, ամեն մանրամասնություններուն անձամբ հսկելու համար։

Աբգար էֆենտիի հետ տեսակցությունեն ի վեր շատ ջղագրգիռ վիճակ մը ուներ։ Գիշերը, իրենց խոսակցությունը մանրամասնորեն պատմած էր կնոջ, որ ինքն ալ դող ելած էր այդ անակնկալ մրցակիցեն:

Հերմինե ապահովապես շատ ավելի գեղեցիկ էր, քան թե իրենց աղջիկը, թեև անկե մեկ քանի տարու մեծ։ Բաց աստի, կրթությունը Սեոռերու վարժարանը առած ըլլալով ֆրանսերեն շատ լավ կխոսեր, ավելի փարիզյան հով մը ուներ, մանավանդ որ [ 25 ] իր ծնողքին հետ Եվրոպա ճամփորդած և մեկ քանի ամիս Փարիզ անցուցած էր։ Իսկ իրենց Ռոզիկը ավելի անգլիերենի մեջ քաջ էր։ Այս մանրամասնությունները ծանրակշիռ համեմատություններ կառնեին իրենց մտքին մեջ։ Ու հետո, Աբգար Սմսարյան ավելի հարուստ էր, աղջիկ մը և մանչ մը միայն ունեին և կրնար, ի պահանջել հարկին, 7-8 հազար ոսկի դրամօժիտ տալ աղջկանը։

Խեղճ Թագուհի հանըմին քունը չտարավ մինչև առտու։

Արդյոք անոնք ալ իրենց աղջիկը Լևոնին տալու կաշխատեի՞ն, կմտածեր, արդյոք արդեն աղջիկնին ցույց տվա՞ծ են… բայց այն ատեն ինչո՞ւ համար այնքան սիրալիր վերաբերում մը ունեցած էին Լևոն և իր մայրը՝ իրենց հետ։

− Վաղը ամեն բան պելլի կըլլա,− վճռեց վերջապես:

Ղուկաս էֆենտին ալ իր կնոջ չափ մտատանջության մատնված էր, բայց իբրև էրիկմարդ ավելի պաղարյուն ու կորովի, փոխանակ անձկության մատնվելու, կռվի կպատրաստվեր, հաղթահարելու համար թշնամին, եթե հարձակում գործեր:

− Եթե իմանամ որ այս գործին մեջ քիթերնին խոթել կուզեն կոր, իրավ որ բոլոր փիսություննին մեջտեղ կհանեմ,− հայտարարեց Ղուկաս էֆենտի իր կնոջ, երբ առտուն կրկին խոսք բացվեցավ Աբգար էֆենտիի և իր աղջկան մասին։

Բայց այս մարտաշունչ սպառնալիքը կարող չեղավ մեղմել կամ հանդարտեցնել կնոջ մտատանջությունները, որովհետև, տիկին Թագուհի կզգար, որ եթե զիրար աղտոտելով պիտի պայքար մղեին, Սմսարյանի ձեռքն ալ բավական զորավոր զենքեր կար իրենց դեմ գործածելու համար։ Երկու ընտանիքները մտերիմ հարաբերություններ կմշակեին իրարու հետ։ Գրեթե ընտանեբար կտեսնվեին տարիներե ի վեր, հետևաբար զիրար աղեկ կճանչնային… ավելի լավ էր խնդիրը այդ տեղվանքը չիգար, և ասոր լավագույն միջոցն էր անմիջապես նշանտուքը և հարսնիքը ընել լմնցնել, առանց միջոց տալու, որ ուրիշներ մրցակից հանդիսանան։

− Իշալլահ այսօր խոսքը կլմնցնենք, հինգշաբթի նշանտուքը կընենք, քանի մը շաբաթեն ալ հարսնիքը,− եզրակացուց տիկին Թագուհի,− մեյ մը որ նշանտուքը ծանուցվի, ալ ամեն մարդ հույսը կկտրե և մեզի հանգիստ կթողուն։

− Այնպես է, բայց խնդիրը այսօր վաղը ընելուն վրա է,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, և աս ալ աղջկանդ ձեռքն է, թող [ 26 ] քիչ մը աշխատի ինքզինքը սիրցնե, մենակ մեր աշխատելովը չըլլար…

− Այդ մասին դուն հոգ մի ըներ, ես պետք եղած խրատը տվի իրեն,− ըսավ Թագուհի խորհրդավոր կերպով։

Ղուկաս էֆենտի իրենց տալիք այցելության առթիվ, որ վճռական ճակատամարտի մը կարևորությունը ուներ, այնքան ջղագրգիռ վիճակ մը ստացած էր, որ տան մեջ անտանելի կդառնար ամենուն։ Կուզեր արդուզարդի ամենափոքր մանրամասնություններուն հսկել, աղջկանը մազի հարդարումին դիտողություններ ընել։ Նույնիսկ ուզեց, որ երեսը քիչ մը շպարե, առարկելով՝ թե նույն օրը քիչ մը դեմքը տժգույն էր։ Սակայն Ռոզիկ ընդդիմացավ, այդ կեղծ շպարանքը իր արժանապատվությունը կվիրավորեր, չէր ուզեր ընդունել, թե իր գեղեցկությունը կարկտնելու պետք ուներ։

− Կուզեն հավնին, կուզեն չհավնին, մեռնելու չեմ յա,− գոչեց ի վերջո, զայրագնոտ շեշտով մը, երբ հայրը նորանոր հրահանգներ կուտար իրեն։

Եվ սակայն ներքնապես ատանկ չէր խորհեր, ընդհակառակը, բուռն կիրքով մը կբաղձար գործին հաջողության, մանավանդ հիմա, երբ հավանական մրցակից մը կցցվեր իր դեմը։ Մայրը, առտուն, պատմած էր իրեն առջի իրիկվան Ղուկաս էֆենտիի հանդիպումը Աբգար էֆենտիի և Հերմինեի հետ և իրենց միջև փոխանակված խոսակցությունը, և որպեսզի աղջիկը ավելի գրգռե, կրցածին չափ հաճո ըլլալու ակնավաճառ երիտասարդին, վտանգը ավելի մեծցուցած էր, այնպես որ՝ Ռոզիկ՝ հայելիին առջև իր մազերը շիտկած միջոցին, մտովի բաղդատություններ կըներ իր ու Հերմինեի միջև և տեսակ մը դառնությամբ ինքնիրեն կստիպվեր խոստովանելու անոր առավելությունները։ Եվ այս բանը տեսակ մը կատաղությամբ կլնուր զինքը։

Այս վայրկյանիս պարզապես կատեր Հերմինեին՝ որուն հետ մտերմական բարեկամությամբ մը կապված էր սակայն։ Ու կխորհեր օգտվիլ մորը տված խրատներեն, երիտասարդին հանդեպ պչրանքները կրկնապատկել, իր մարմնական ու մտային ամեն մեկ արժանիքը երևան հանել, անոր աչքը խոթել:

− Հերմինեն թեև շատ աղվոր է, բայց համարձակություն չունի,− կմտածեր,− մանավանդ երբ անծանոթ երիտասարդի մը հետ առաջին անգամ կգտնվի, ես իրմե պզտիկ ըլլալով հանդերձ շատ ավելի համարձակ եմ… [ 27 ] Ու տենդոտ շարժումներով կշարունակեր իր զարդարանքը։

Ղուկաս էֆենտի ալ վերջապես հեռացած էր քովեն և վարի սրահը, վառարանին քով կսպասեր, որ մայր ու աղջիկ իրենց արդուզարդը լմնցունեն։

Հանկարծ սենյակի դուռը բացվեցավ և Տ. Միքիաս քահանան ներս մտավ։

− Վայ, Ղուկաս էֆենտի, այսօր տո՞ւնն եք եղեր, գործի չեք գացեր, արդյոք անհանգի՞ստ եք,− հարցուց։

− Ոչ, տիկնոջ հետ այցելության մը պիտի երթանք, անոր համար վար չիջա։

− Ես ալ տիկինը տեսնելու եկա, իրեն կարևոր բան մը հաղորդելու համար,− ըսավ Տ. Միքիաս խորհրդավոր կերպով մը։

− Հիմա ուր է նե՝ վար կիջնա, կհագվի կոր… խե՞ր է ըսելիքդ…

− Աստված ուզե նե խեր կըլլա, արդեն գաղտուկ բան մը չէ, ձեզ ալ կրնամ ըսել։

− Խոսե տեսնենք, տեր հայր,− ըսավ Ղուկաս էֆենտի հետաքրքրված։

− Այս օրերս Փարիզեն մայր մը և տղա մը եկեր են, Լևոն Կոկիկյան է եղեր մարդուն անունը, հարուստ ակնավաճառ երիտասարդ մը, որուն գալուստը թերթերն ալ ծանուցած էին։

− Էյ,− ըսավ Ղուկաս էֆենտի ականջները խոշոր-խոշոր բացած։

− Բարի գալուստի այցելության գացի իրենց, շատ շնորհքով մարդիկ կերևան կոր, պանդոկին մեջ ալ սենյակ վարձեր են. բավական տեսնվեցանք։

− Գիտեմ, կճանչնամ զինքը,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− տղան գործեր ունի եղեր, քանի մը օր պիտի մնան, մեկնին…

− Ինծի այնպես չըսին,− ըսավ Տ. Միքիաս քահանան,− ընդհակառակը, երիտասարդը ամուսնանալու միտք ունի և ճիշտ ես այդ բանը իմանալուս ուզեցի հոս գալ… արդյոք չե՞նք կրնար մեր Ռոզիկին համար կարգադրություն մը ընել…

Ղուկաս էֆենտի հայտնապես նեղություն կըզգար այս անհարկի միջամտութենեն, բայց և այնպես չուզեց եղած առաջարկությունը կտրուկ կերպով մերժել։

− Աղեկ կըլլա թեև, բայց նախ որոշ տեղեկություններ առնելու [ 28 ] է մանչուն մասին, ասկե զատ, նայինք կինս աղջիկը հեռու տեղ հարս տալ կուզե՞… չե՞ս գիտեր, մեր կիները քիչ մը տարօրինակ են… եթե ծառայություն մը ընել կուզես մեզի, առայժմ ուրիշի խոսք մի բանար, լավ մը տեղեկություն առնենք իրենց մասին և եթե լսածնուս պես պատվավոր երիտասարդ մըն է, ինչո՞ւ չէ, կրնանք աղջիկնիս տալ… միայն թե, կկրկնեմ, առայժմ ուրիշին բան չըսես…

− Ուրիշին ինչո՞ւ պիտի ըսեմ, ամուսնանալու դիտավորություն ունենալը լսածիս պես, առաջին անգամ Ռոզիկս միտքս ընկավ, մեյ մը երթամ Թագուհի հանըմին հետ խոսիմ, ըսի… գիտես թե որչափ կսիրեմ Ռոզիկը։

− Շատ շնորհակալ եմ, տեր հայր, կխորհինք և քանի մը օրեն վերջնական պատասխան մը կուտանք… Ե՞րբ տեսար Լևոն Կոկիկյանը:

− Շաբաթ առտու գացի իրեն։

Տ. Միքիաս պարզապես կստեր, նույն առտուն իսկ գացած էր Պրիսթոլ պանդոկը և նույնիսկ Լևոնի մորմեն տեղեկացած էր թե առջի օր աղջիկտեսի եկած էին Կելկիթյանենց և թե նույն օրն ալ փոխադարձ այցելության կսպասեին։ Ինք եկած էր պարզապես Ղուկաս էֆենտիին բերանը փնտռելու և տեսնելու համար թե անկեղծորեն ամեն բան պիտի պատմեին իրեն և իր աջակցությունը պիտի խնդրեի՞ն գործը դյուրավ գլուխ հանելու համար։

Հիմա Ղուկաս էֆենտիի խոսքերեն հասկցավ թե առանց իրեն կուզեին աղջիկը նշանել, այսինքն չէին ուզեր նյութական բաժին հանել իրեն ամուսնական գործե մը՝ որուն նմանը հաճախ չէր պատահեր։ Տ. Միքիաս հայր որոշած էր սրտանց աշխատել գործին հաջողության, եթե իր աջակցությունը չմերժեին, բայց այժմ որ իր ծառայության պետք չէին տեսներ, ինքն ալ ինքզինք ազատ կզգար ուզածին պես գործելու։

− Ուրեմն, այսպես,− ըսավ Ղուկաս էֆենտի,- առայժմ խոսք մը չընենք։

− Այո, այո,− պնդեց մյուսը,− քանի մը օր համբերենք։ Հետո, եթե պետք ըլլա, մենք քեզի լուր կուտանք։

Տ. Միքիասը պատրաստվեցավ մեկնելու, բայց նույն միջոցին սպասուհին սուրճ բերավ, ուստի պարտավորվեցավ այցելություն քիչ մը ևս երկարելու։

− Ես այդ Կոկիկյանի մասին բավական տեղեկություն առի,− [ 29 ] ըսավ քահանան,− աննշան մեկու մը զավակն է եղեր, հոր մեռնելեն ետքը պզտիկ հասակին Փարիզ գացեր է մորը հետ և հոն ինքնօգնությամբ հարստացեր ու դիրքի տեր է եղեր… մայրը իրեն օգներ է սակայն։

− Մայրը դրա՞մ ունի եղեր։

− Ոչ, դրամ չէ, բայց Փարիզ բարեկամներ ունի եղեր… այդ բարեկամները տղուն պաշտպան կեցեր, արհեստ սովրեցուցեր, ետքն ալ օգներ են գործի մեջ… մայրը երիտասարդությանը շատ գեղեցիկ կին մըն է եղեր, զինքը մոտեն ճանչցողները այնպես կըսեն կոր։

Տ. Միքիաս լեզվին տակ բաներ մը ուներ ըսելիք, բայց այսչափով գոհացավ, մանավանդ թե Ղուկաս էֆենտի այդ տեղեկություններեն հետաքրքրվելու երևույթ չուներ, ընդհակառակը, խոսքը փոխելու համար, հանկարծ հարցուց.

− Այս կիրակի պատրիարքը հո՞ս պիտի պատարագե եղեր։

− Այո,− պատասխանեց Տ. Միքիաս,− Նորին Սրբազնությունը Թաղական Խորհուրդին հրավերին վրա որոշած է կիրակի օր Ս. Երրորդության եկեղեցին պատարագելու։ Ցերեկվան ճաշին ալ Աբգար էֆենտին տունը հրավիրած է… ինծի հետ։

Սրահի դուռը կրկին բացվեցավ և տիկին թագուհի ու երկու աղջիկները՝ Ռոզիկ ու Նոյեմի՝ ներս մտան։

− Բարի եք եկեր, հայր սուրբ,− ըսավ տիկինը տաներեցին ձեռքը համբուրելով, մինչ Տ. Միքիաս կըսեր.

− Օրհնյալ ըլլաս, աղջիկս։

Ռոզիկ և Նոյեմի իրենք ալ իրենց կարգին եկան աջահամբույրի և արժանացան «օրհնյալ ըլլաս»-ներու։

− Սա ի՞նչ գեղեցիկ արդուզարդեր ըրեր եք այսօր, թատրո՞ն պիտի երթաք, ո՞ւր պիտի երթաք,− հարցուց Տ. Միքիաս, որ ինչպես ըսինք, արդեն գիտեր ուր երթալիքնին։

− Չէ,− մեջ նետվեցավ Ղուկաս էֆենտի,− Գատը գյուղ պիտի երթանք, շատոնց է խոսք տված էինք Մարկոս էֆենտիենց։

− Ալ Ռոզիկս շենք շնորհք հարսնցու աղջիկ եղեր է,− շարունակեց քահանան, որ հաճույք կզգար Ղուկաս էֆենտիին շփոթության մատնելով,− ե՞րբ պիտի նշանենք զինքը, Թագուհի հանըմ:

− Աստված երբոր կամենա,− պատասխանեց տիկին Թագուհին, մինչև Ղուկաս էֆենտի անհամբեր գոչեց. [ 30 ] − Էյ, խոսքերնիդ կարճ կապեցեք, ժամանակ չունինք, շոգենավը կփախցնենք:

Փողոցը դռան առջև կառքը կսպասեր։ Տ. Միքիաս մնաս բարով ըսելով մեկնեցավ հետիոտն և ուղղվեցավ դեպի Թարլա Պաշի։

− Այսպես հա՞, Տ. Միքիասը դուրս կնետեք գործի մեջեն,− կմտածեր քահանան ճամփան գացած ատեն,− բայց ե՞րբ տեսնված է, որ ջոջ ընտանիք մը նշանտուք կատարե առանց իմ միջնորդությանս… քանի մը ոսկի չտալու համար ասանկ խաբեբայություններու դիմել, ծածուկ գործ տեսնել, քիթիս խնդալ…. առնելիքդ ըլլա, Ղուկա՛ս էֆենտի։

Քինախնդիր, մեծամիտ, ամբարտավան Տ. Միքիաս քահանա պարզապես նախատված կըզգար ինքզինքը Ղուկաս էֆենտիի բռնած դիրքին պատճառավ և արդեն իսկ մտքին մեջ վրեժխնդրության ծրագիրներ կպատրաստեր, գործը վիժեցնելու, նշանտուքը խանգարելու և հետո զայն իր աջակցությամբ ի գլուխ հանելու միջոցներ խորհելով։ Եվ պետք է ըսել, որ Տ. Միքիաս այս տեսակ մեքենայություններու մեջ շատ ճարպիկ էր։

Բայց թողունք, որ ինքը իր մտքին մեջ սարքելիք խաղերը որոճա և մենք դառնանք կառքին ետևեն, որ սրընթաց կթավալի դեպի Պրիսթոլ պանդոկը։

Հազիվ թե կառքը կեցավ մուտքի դռան առջև, դռնապանը, կողմնակի մորուքով փառավոր ծերունի մը, փութաց կառքին մոտ և դռնակը բանալով հյուրերը ներս առաջնորդեց։

Հոն ուրիշ սևազգեստ սպասավոր մը զիրենք տարավ առաջին հարկը, մեծկակ հյուրասրահ մը, ուր քիչ ետքը Լևոն Կոկիկյան և մայրը եկան իրենց քով։

Տեսակցությունը առաջին վայրկյանին սիրալիր եղավ և շատ ավելի մտերմական, քան առաջի օրվանը։

Այս բանը առաջին վայրկյանեն նշմարեց Ղուկաս էֆենտին և միտքը պաշարող հընհընուքները հետզհետե փարատելով, զվարթորեն սկսավ կատակաբանել։

Ռոզիկ, իր ստացած հրահանգներուն հավատարիմ-հաջողած էր պահ մը, ընդարձակ սրահին մեկ անկյունը, չինական հողմարգելի մը ետև առանձնանալ Լևոնի հետ ու բազմոցի մը վրա, անոր քով նստած պատկերազարդ ֆրանսերեն հանդես մը կթղթատեր, թեև կեղծ՝ բայց խորին հետաքրքրությամբ մը։

Երիտասարդին ու Ռոզիկի գլուխները թերթին վրա հակած՝ [ 31 ] իրարու կդիպչեին և Լևոն առաջին անգամ ըլլալով՝ կզգար կուսական մարմնի մը հպումին անճառելի հեշտանքը։ Անշուշտ Փարիզի մեջ կանուխեն հարաբերության ունեցած էր ամեն տարիքի կիներու հետ, որոնց գեղեցկությունը, վայելչությունն ու մտացիությունը անբաղդատելի կերպով գերազանցված էին, բայց անոնք պարզապես հաճույքի ու տարփանքի ճարտար արվեստավարժներ էին ու չունեին այն թաքուն ու անդիմադրելի հրապույրը, որ կուսություն կկոչվի։ Իրենց մազերուն հպումը բավական եղեր էր հեշտամոլ սարսուռով մը ցնցելու Լևոնի ամբողջ էությունը և տարօրինակ հուզումով մը համակելու զինքը։

Ինքը, որ իբրև Փարիզի պուլվարներուն վրա մեծցող երիտասարդ մը, հանդուգն՝ գրեթե անպատկառ էր կիներու հետ, հիմակ, այդ առաջին հպումեն իսկ դղրդված՝ տակնուվրա եղած, երկչոտ ու ամոթահար, շվարեր մնացեր էր ու բան մը չէր կրնար գտնել ըսելիք խոսակցություն մը սկսելու համար, կսրտմտեր իր այս վեհերոտությանը համար, զոր ծիծաղելի կգտներ։

Սակայն Ռոզիկ, շատ ավելի նվազ հուզված և բոլորովին ինքզինքին տեր, գոհ ու հաղթական, կռահեց երիտասարդին հոգեկան դրությունը և ուզեց իր համարձակությամբ քաջություն տալ անոր։

Գլուխը վերցուց, պատկերազարդ հանդեսը գոցեց մեկ կողմ դրավ և խոսակցության նյութ մը ստեղծելու համար՝ հարցուց.

− Պոլսին հավնեցա՞ք։

− Շիտակը ոչ,− պատասխանեց Լևոն սրտին խորեն շնորհակալ ըլլալով աղջկան, որ վերջապես անտանելի կացությունե մը փրկած էր զինքը, խոսելու նյութ մը հայթայթելով։

Հետո շարունակեց.

− Փարիզի մեջ ապրիլ վարժվողի մը համար շատ անտանելի է Պոլիսը… փողոցներուն աղտոտությունը, ելևէջները, հաղորդակցությանց անբավականությունն ու դժվարությունը մարդս կհուսահատեցնեն… վերջապես հանգստավետությունը կպակսի ամեն կողմ և ամեն բանի մեջ։

− Ես շատ կփափաքեի Փարիզը անգամ մը տեսնել,— ըսավ Ռոզիկ ժպտելով,− հայրս խոստացավ, որ գալ ամառ զիս պիտի տանի… անշուշտ հիմա որ բարեկամ եղանք, մեզ պտտեցնելու ձանձրույթը հանձն պիտի առնեք, այնպես չէ՞։

− Գալ տարի… ուշ չէ՞,— պատասխանեց երիտասարդը, որ հետզհետե իր քաջությունը գտած էր,− Փարիզի բուն եղանակը [ 32 ] ձմեռն է և հիմա, կամ, առ առավելն, մեկ երկու ամսեն պետք է երթալ… թատրոններու ամենեն փայլուն միջոցին։

− Այո, բայց հայրիկիս զբաղումները չեն ներեր, որ ձմեռը ճամփորդե։

− Ուրեմն առանց հայրիկին կճամփորդեք…

− Առանձի՞ն, ամերիկուհիներու պես,− ըսավ Ռոզիկ խնդալով:

− Ոչ, բայց ուրիշ մեկու մը հետ…

Եվ այս խոսքերը արտասանած միջոցին Լևոնի ձայնը թեթև մը դողդողաց։ Ռոզիկ ինքն ալ կարմրեցավ, բայց չընկրկեց ու հարցուց.

− Ինչպե՞ս ուրիշի հետ:

− Չկրնա՞ր ըլլար, որ ամուսնանաք Փարիզ հաստատված մեկու մը հետ և մեկ երկու ամսեն միասին մեկնիք…

Ակնարկությունը ուղղակի, բացահայտ էր։ Ռոզիկ չպատասխանեց այս անգամ և ակնարկը սևեռեց գետնին, այտերը բոլորովին շառագունված։

− Այս ըսածս չկրնա՞ր ըլլալ,− պնդեց Լևոն։

− Կրնա ըլլալ,− պատասխանեց աղջիկը։

Երիտասարդը ավելի մոտեցավ մանկամարդ աղջկան, ձեռքը բռնեց և կամաց մը շրթունքին տարավ։ Ռոզիկ, հուզված՝ շփոթված, գլուխը կռթնցուց Լևոնի կուրծքին՝ անպատմելի երանությամբ մը։ Ճակատամարտը շահած էր։

− Ռոզիկ, աղջիկս,− լսվեցավ սրահին մյուս ծայրեն Թագուհի հանըմի ձայնը․− քիչ մըն ալ մեր քովը եկեք նստեցեք։

Երկու երիտասարդները ակամա ոտքի ելան, մինչ Ղուկաս էֆ․ կըսեր իր կնոջ։

− Ձգե՛, թո՛ղ անոնք ալ հոն խոսակցին։

Բայց Ռոզիկ և Լևոն եկած էին արդեն իրենց քով։ Տիկին Թագուհի ակնարկ մը փոխանակեց աղջկան հետ և անմիջապես հասկցավ, թե գործը կարգին էր։ Ինքն ալ շատ սիրալիր, շատ հուսալից տեսակցություն մը ունեցած էր Լևոնի մոր, տիկին Անթառամի հետ։ Վճռական խոսքեր չէին փոխանակված թեև, սակայն հայտնի էր, որ խոսք-կապի առաջարկությունը չպիտի ուշանար։

Մեկնելու ատենին տիկին Թագուհի հայտնեց Լևոնի և իր մոր, թե հինգշաբթի երեկոները իրենց ընդունելության գիշերն էր և հատկապես հրավիրեց զիրենք։ [ 33 ] Բայց Ղուկաս էֆենտի այս չափով չգոհացավ.

− Մենք ձեզի կերակուրեն առաջ կսպասենք,− ըսավ,− ճաշը միասին կընենք, շատոնց է պոլսական կերակուրներ չեք կերած հարկավ, ուստի ձեզի տաճկական աղվոր ճաշ մը կպատրաստենք:

Այս հրավերը առանց դժվարության և շնորհակալությամբ ընդունվեցավ:

Երբ իրենց բնակարանը վերադարձան, տիկին Թագուհի երկարորեն հարցուփորձեց աղջիկը երիտասարդին հետ ունեցած առանձին տեսակցությանը մասին, և Ռոզիկ մի առ մի պատմեց ինչ որ անցած էր իր և Լևոնի միջև։

− Ալ կասկած չիկա,− եզրակացուց տիկին Թագուհի,− այդ Փարիզ երթալու խոսքերեն բացե ի բաց կերևա, որ մանչը միտքը դրեր է քեզ առնել… մայրն ալ ըսավ, որ տղան շատ համակրեր է քեզի:

Միայն թե նշանտուքի մասին բացորոշ խոսք մը չէր եղած տակավին, և այս բանը քիչ մը մտատանջության մեջ կթողուր Ղուկաս էֆենտին, որ իբրև գործնական մարդ, կուզեր, որ այդ տեսակ խնդիրները շուտ և որոշ կերպով կարգադրվին։

− Տեսնել էր նե՝ իրար տեսան, խոսիլ էր նե՝ իրարու հետ խոսեցան, ալ միտքերնին ինչ է նե՝ թող հայտնեն,– ըսավ կնոջը, երբ այս վերջինը իրեն պատմեց Լևոնի խոսածները։

− Կարելի է դեռ հասկնալիքներ ունին մեր մասին…

Այս ենթադրությունը բարկացուց Ղուկաս էֆենտին։

− Ի՞նչ հասկնալիք պիտի ունենան, անոնք ո՞վ են, որ մեր վրա տեղեկություն առնեն պիտի… հոշ կուզեն նե՝ թող առնեն, թող երթան պանքաներուն, վաճառականներուն հարցունեն Ղուկաս էֆենտին… մենե պատվավո՞րը պիտի գտնան Պոլսո մեջ… իրենք ո՞վ են նայինք… Փարիզ գացեր, քանի մը փարա վաստկեր է տեյի ինքզինքը թող այդչափ մեծ բանի մը տեղ չդնե… շատ հարցնելու փնտռելու ելլանք նե՝ ետքը իրենք վրա կուտան…

Հանկարծ Ղուկաս էֆենտիի միտքը ինկավ Տ. Միքիաս քահանայի տարտամ ակնարկությունները Լևոնի մոր մասին.

− Իրենք ո՞վ են, ի՞նչ են, առանց տասը փարայի Փարիզ գացեր են, մայրը բարեկամներ ունի եղեր, ինքն ալ աղվոր կնիկ է եղեր, պաշտպաներ, տղան մարդ են ըրեր։

− Աման, Ղուկաս էֆենտի, այդ խոսքերը ուրկե հանեցիր,− գոչեց կինը դողահար։ [ 34 ] Բայց Ղուկաս էֆենտի շարունակեց բերնին տալ, մինչև որ Ռոզիկ ներս մտնելով՝ ստիպվեցավ լռելու։

Ղուկաս էֆենտի, հակառակ իր պոռչտուքներուն, իրավցնե կվախնար, որ Կոկիկյանները իրենց մասին մանրազնին քննության մը կձեռնարկեն և գուցե անախորժ հայտնություններ երևան կուգան։

Որչափ ալ հարուստ և երեսանց հարգված, իր անցյալը մաքուր չէր եղած և այդ անցյալը ճանչցողներ շատ կային։

Ղուկաս էֆենտի, պարզ սարաֆի մը զավակ, իր ասպարեզը սկսած էր վաշխառությամբ և անոր շնորհիվ իր հարստության հիմը դրած էր: Ահռելի, քստմնեցուցիչ բաներ կպատմվեին այս մասին, իր ճանկը իյնող զոհերու եղերական դրվագներ։

Իր հափշտակիչ անհագ դրամապաշտությունը զինքը մղած էր ամենեն վատ արարքներու, երբ մանավանդ իր դեմը գտած էր անպաշտպան, տկար ու միամիտ անձեր։ Մուրհակներ կեղծած, իր քով ձգված ավանդները ուրացած, գոհարեղեններ ու թանկագին քարերը գողցած ու տեղը կեղծեր դրած էր անպատկառորեն և այս առթիվ երբեմն իր դեմ բացված դատերեն կրցած էր օձիքը ազատել սուտ երդումներով կամ կաշառքով։

− Աստված թշնամիս անոր ձեռքը չձգե,− կըսեին զինքը մոտեն ճանչցողները։

Հետո, երբ հարստությունը 8-10 հազար ոսկիի հասած էր, ուզած էր ավելի լայն ասպարեզի մը մեջ իր ավազակությունը առաջ տանիլ և վաճառականության ձեռնարկած էր, Ղալաթիայեն Պոլիս փոխադրվելով։ Հոն մեկ երկու տարի վերջ կեղծ սնանկությամբ մը քանի մը հազար ոսկի ներս նետած էր, գավառացի կարգ մը մանր վաճառականներ փճացնելով։ Ալ անկե ետքը Ղուկաս էֆենտի, որ մեծապատվութենե ազնվաշուքության բարձրացած էր արդեն, կթողու վաճառականությունը և կըլլա կառավարության հայթհայթիչ զոշաքաղ նախարարներու ընկերակցությամբ, կսկսե կողոպտել պետական գանձը։ Այս առթիվ կստանա նաև աստիճան և պատվանշան, պետության մատուցած իր բարվոք ծառայություններուն համար:

Իր հարստության հետ զուգընթաց կաճի նաև իր խելացի ու պատվավոր մարդու համբավը։ Իր գործած հին աղտոտությունները կմոռցվին, կծածկվին, իր զոհերուն անեծքը այլևս չի կրնար հասնիլ իր համբավին մեծության և անոր վնասել։ Ինչ որ մասնավորաբար [ 35 ] կհատկանշե Ղուկաս էֆենտիին իր ներկա բարձրության մեջ, ընտանիքի, պատիվի, բարոյականի մասին ունեցած աններող նախանձախնդրությունն է։

− Ընտանիքը պատիվը, բարոյականն է մեզ անասուններեն զանազանողը,− կդավանի։

Եվ ամեն ատեն, ոևէ մարդու մը իրական արժանիքը չափելու համար, կդիմե անոր պատիվի ու բարոյականի քանակին։

Ասոր համար Ղուկաս էֆենտի մասնավոր հարգանք ու ակնածանք կներշնչե իր շրջանակին մեջ։ Ոչ ոք կհամարձակեր իր քով «վրան բաց» խոսքեր ընել կամ «անբարոյական» դեպք մը պատմել։

− Էֆենտին անանկ բաներեն չախորժիր,− կըսեին իրարու։

Իր գրագիրներն ու պաշտոնյաները, որոնք գիտեին անոր պատիվի ու բարոյականի մասին ունեցած մենամոլությունը, կջանային պատվավորության և բարոյականության արտաքին շպարով մը ծածկվիլ ամեն ատեն, քանզի ասով միայն կրնային հուսալ իր համակրանքը շահիլ և գործերնուն մեջ հառաջդիմել։

Ընտանեկան բարոյական մանավանդ, սրբազնասուրբ բան մըն էր Ղուկաս էֆենտիի համար և վայ այն կնոջ կամ մարդուն, որուն մեկ ընտանեկան անբարոյականությունը կհրապարակվեր։ Այդպիսին ոևէ շնորհ չէր կրնար գտնել իր առջև։

Ահա այսպիսի նկարագրով մարդ մըն էր Ղուկաս էֆենտի Կելկիթյան:


ԳԼՈԻԽ Դ

Հինգշաբթի գիշերվան հացկերույթը և երեկույթը շատ փայլուն անցան։ Հոն էին Բերայի գրեթե բոլոր «ազնվաշուք» ընտանիքները, որոնք հետաքրքիր՝ կդիտեին Փարիզեն եկող այդ հարուստ ու վայելուչ երիտասարդը, որուն համար կըսվեր արդեն իսկ թե քանի մը օրեն պիտի նշանվեր օրիորդ Ռոզիկի հետ։

Հակառակ Կելկիթյաններու ծայրահեղ գաղտնապահության՝ լուրը տարածված էր ամբողջ Բերայի մեջ, թեև այդ մասին ոչ ոք ակնարկություն մը կըներ աղջկան ծնողքին, քանի որ անոնք տակավին չէին ուզեր իրենց գաղտնիքը երևան հանել։

Երեկույթին ներկա էին նաև տեր և տիկին Աբգար Սմսարյան [ 36 ] և իրենց աղջիկը Հերմինե, վայելուչ արդուզարդով մը ալ ավելի դուրս ցայտեցված իր հրաշալի գեղեցկությունը։

Հերմինե սիրալիր կերպով համբուրվեր էր իր բարեկամուհիին՝ Ռոզիկի հետ, որ ալ իր հաղթության վրա գրեթե ապահով, վաներ էր սրտեն իր հավանական ոսոխին մասին զգացած տեսակ մը ատելությունը և զվարթ քաղցրությամբ մը կտեսնվեր հետը։

Ռոզիկ այս գիշեր շատ պատճառներ ուներ վերջնական հաջողության մասին բոլորովին վստահ ըլլալու։ Ճաշեն առաջ Լևոնին հետ կրկին պահ մը առանձնացած էին հյուրասրահի կից փոքրիկ խուցը, տիկին Թագուհիի և Ղուկաս էֆենտիի բարյացակամ մեղսակցությամբը։

Այս անգամ Լևոն ավելի համարձակ ու հանդուգն եղած էր, համբույրներ փոխանակված էին ու նույնիսկ ծունկերուն վրա առած էր աղջիկը, որ իր ընդունած պատվերներուն համաձայն, ընդդիմություն չէր ըրած երիտասարդին ցույց տված տռփական բորբոքումներուն։

Եվ առանձնության մեջ հրայրքի գինովության միջոցին, Լևոն վերջապես իր սերը հայտներ էր և ըսեր էր, որ քանի մը օրեն պիտի գային՝ իր մոր հետ՝ պաշտոնապես իր ձեռքը խնդրելու։ Այս հավաստումը ալ ավելի թույլատու ըրած էր Ռոզիկը, որ բոլորովին աչքն էր գոցեր երիտասարդին քիչ մը չափազանց անպատկառություններուն… չէ՞ մի որ իր կինը պիտի ըլլար քիչ օրեն, քանզի Լևոն ըսած էր, թե նշանտուքեն մեկ շաբաթ ետքը պիտի ամուսնանային, որովհետև իր գործերը չէին ներեր երկար ատեն Փարիզեն հեռու մնալ։

Ու, հետո, խոսեր էին իրենց ապագային մասին, Փարիզ անցընելիք կյանքերնուն վրա, բոլոր այն հաճույքներուն՝ որոնք իրենց կսպասեին… ճաշի հրավերը հանկարծ ընդհատեր էր երկու սիրահարներու երազանքը։ Ճաշը շատ երկար տևած էր և հազիվ թե սեղանեն ելած՝ հյուրերը սկսեր էին գալ ու ալ անկե ետքը Ռոզիկ չէր կրցած նորեն առանձնանալ Լևոնի հետ, նույնիսկ միջոց չէր գտած իր մոր հաղորդելու մեծ ավետիսը, նշանտուքին լուրը։ Բայց տիկին Թագուհի աղջկա դեմքին վրա ճառագայթող անճառ ուրախութենեն կռահած էր, որ վճռական քայլ մը առնված էր և անհամբեր կսպասեր հյուրերու երթալուն՝ որպեսզի տեղն ի տեղոք ամեն բան իմանա։

Կիրակի օրվընե ի վեր Ղուկաս էֆենտի նորանոր [ 37 ] տեղեկություններ առած էր Կոկիկյանի մասին։ Զինքը վստահեցուցած էին, որ երեսուն քառասուն հազար ոսկիի կհասներ հարստությունը, թե ադամանդ գնահատելու մասին մեծ համբավ կվայելեր, թե շատ գործունյա, ճարպիկ ու ձեռներեց երիտասարդ մըն էր, որուն մեծ ու շատ փայլուն ապագա մը կըսպասեր։ Այս տեղեկությունները նոր գրգիռ մը եղեր էին Ղուկաս էֆենտիի՝ գործը անպատճառ հաջողեցնելու համար։ Ինք արդեն նշանտուքի խորհուրդը ունենալուն պես գրած էր Փարիզ իր այն բարեկամին, որ Կոկիկյանները իրեն հանձնարարած էր և անոր բացատրելով խնդիրը, մանրամասն տեղեկություններ խնդրած էր երիտասարդին նյութական վիճակին մասին։ Հետո իմացած էր, որ շուկան, ծերունի ոսկերիչ մը, Հակոբ աղա, Կոկիկյանները ճանչցած էր, Փարիզ երթալեն առաջ և շատ մտերիմը եղած էր Լևոնի հորը։ Ծանոթի մը միջոցավ լուր ղրկած էր այդ մարդուն, որպեսզի հետևյալ օրը՝ ուրբաթ, իր գրասենյակը գա, իբր թե իրմե մեկ քանի գոհարեղեն գնելու համար։ Ղուկաս էֆենտի կփափաքեր այդ ծերունիեն տեղեկություններ քաղել Կոկիկյանենց անցյալին վրա։

Ցերեկույթին մեջ ամենուն աչքին կզարներ տնեցիներու կողմե հարգանքի ու մեծարանքի այն բացառիկ ցույցերը, որոնք կըլլային Լևոնի մոր, տիկին Անթառամին, որ պատվո տեղը բազմած, կուռքի մը վեհափառությամբ կընդուներ իրեն ընծայված պատիվները։ Իր զավկին հետ գլուխ գլխի կարճ խոսակցությունե մը ետքը, տիկին Անթառամ միջոց մը տիկին Թագուհիի ցույց տալով Ռոզիկն ու Լևոնը, որոնք՝ անդին՝ ոտքի կեցած՝ կխոսեին, ըսավ.

— Հասակնին որչափ հարմար է իրարու։

— Այո,— հաստատեց տիկին Թագուհի ժպտելով։

Անթառամ պահ մը լռեց, հետո ավելցուց։

— Զավակս շատ համակրած է ձեր աղջկան, արդյոք օրիորդ Ռոզիկն ալ համակրա՞ծ է անոր։

— Ո՞վ գիտե,— պատասխանեց Թագուհի,— միթե աղջկան մը կվայելե՞ այդ մասին խոսք մը ըսել… մանավանդ մեր աղջիկները, որոնք շատ խիստ մեծցած են… հայրերնին անանկ կուզե… բայց ինչպես չպիտի համակրի, անանկ շնորհքով, պարկեշտ երիտասարդ մը։

— Զավակս ըլլալուն համար չեմ ըսեր, ամմա, հավատացեք, հազարին մեջ մեկ հատ չգտնվիր իրեն պես,— պատասխանեց Անթառամ գոհ հպարտության դեմքով մը…— Փարիզի մեջ անգամ [ 38 ] խենթ կըլլան վրան, բոլոր զինքը ճանչցողները կսիրեն… երբոր ավելի մոտեն ճանչնաք, պիտի տեսնաք որ ինչ բնության, ինչ վարք ու բարքի տեր է…

− Աստված պահե,− ըսավ Թագուհի, որ կհասկնար, թե ուր պիտի հանգեր խոսակցությունը։

− Ձեր աղջիկն ալ աստված պահե, աrաջին տեսնելուս սիրեցի, վրայեն հայտնի է, որ շատ պարկեշտ, շատ համեստ, շատ կրթված աղջիկ է…

− Այդչափ հավնեցար նե՝ ձեզի տանք,− պատասխանեց Թագուհի խնդալով։

− Ինչո՞ւ չէ,− ըսավ մյուսը,− եթե աստուծո կամքը այդ է:

Երկու խոսակիցները վայրկյան մը լռեցին։ Նույն միջոցին, քիչ մը անդին նստող խոշոր ու տարիքոտ կին մը, որ առանձին մնացած էր, գոչեց.

− Տիկին Թագուհի, այս ինչ բան է, ալ նոր հյուր ունեցար տեյի, մեզի բոլորովին մոռցար, երեսնիս անգամ չես նայիր կոր… բայց անիկա կելլա, կերթա, դարձյալ մենք կմնանք։

− Շիտակը ես ալ կնախանձիմ կոր այդ ձեր մտերմության վրա, արդյոք հինուց իրար կճանչնայի՞ք,− մեջ մտավ նաև տիկին Սմսարյան։

− Չէ, դեռ քանի մը օր է իրար ճանչցանք, սակայն քրոջ պես իրարու կապվեցանք,− ըսավ տիկին Անթառամ։

Եվ ահա խոսակցությունը ընդհանուր դարձավ, բայց տիկին Թագուհի այլևս կասկած չուներ Կոկիկյանենց տրամադրության վրա, կարելի էր գործը լմնցած համարել։

Երբ կեսգիշերեն ետքը հյուրերը մեկնեցան, տիկին Թագուհի իր աղջիկը հարցուփորձելե ետքը, ալ բոլորովին ապահովվեցավ և ամուսնույն հաղորդեց բարի լուրերը։

Ղուկաս էֆենտին ուրախացավ, այսպես ուրեմն՝ գործը իր ուզածին պես եփած էր, առանց ձգձգումի և առանց արտաքին արգելքներու։ Հիմա կմնար դրամօժիտի խնդիրը, տղան անշուշտ բավական գումար մը պիտի պահանջեր, ինչ որ արդեն աչք առած էր Ղուկաս էֆ. բայց եթե իր հավակնությունները չափազանց ըլլային, եթե ելլեր 8-10 հազար ոսկի ուզեր, այն ատեն գործը կխանգարեր։

− Եթե իրավցնե աղջկան սիրահարած է՝ գործը քիչով կըրնանք կարգադրել,− ըսավ կնոջը…− դուն նորեն Ռոզիկին ըսե, [ 39 ] որ կրցածին չափ ինքզինքը սիրցնելու նայի… տղան որչափ շատ սիրահարի՝ դրամը այնքան քիչ կուտանք…

Ու կնոջ այս խորհուրդը տալե ետքը, Ղուկաս էֆենտի գոհ սրտով մը պառկեցավ և խոկալ սկսավ։

Հետևյալ օր, իրիկվան դեմ, իր գրասենյակը նստած էր, երբ ծերունի մը ներկայացավ։

− Էֆենտի, զիս ուզեր եք,− ըսելով։

Ոսկերիչ Հակոբ աղան էր, ուրկե Ղուկաս էֆ. կուզեր տեղեկություններ առնել Կոկիկյանենց անցյալին մասին։

− Հա, Հակոբ աղան դո՞ւք եք, հրամմեցեք, ապրանքները բերի՞ք։

− Այո, էֆենտիս,- ըսավ մարդը բալթwյին գրպանեն գոհարեղենի մեկ քանի տուփեր հանելով։

Ղուկաս էֆ. հյուրին սուրճ մը ապսպրեց, սիկարեթ մը հրամցուց և սկսավ գոհարեղեննeրը քննել, գիները հարցնել, դիտողություններ ընել։ Հետո շուկայի և մասնավորաբար ոսկերիչներոu առևտուրին վրա խոսք բացավ և այդ միջոցին անտարբեր ձևով մը հարցուց.

- Ճանըմ, Փարիզեն այս օրերս հարուստ ակնավաճառ մը եկեր է, լրագիրը գրեր էր, Լևոն Կոկիկյա՞ն է, ի՞նչ է… ո՞վ է այդ մարդը, որ լրագիրները անցուցեր են, դուն կճանչնա՞ս կոր…

− Հասկցա,− ըսավ Հակոբ աղա,− ես ալ լսեցի, Լևոն Կոկիկյան…

− Հա, Լևոն Կոկիկյան :

− Հապա, լավ կճանչամ, այսինքն տղան չէ, բայց հայրը, ինչ պատվական մարդ էր, աղբոր պես էինք մեկտեղ։

− Հարո՞ւստ էր…

− Չէ, ճանըմ, պարզ մինաճի մըն էր, օրե կվաստկեր, օրե կուտեր, բայց աղեկ դրամ կշահեր, բնությամբ ալ շատ ազնիվ էր, ամենքը զինքը կսիրեին… շռայլ մարդ մըն էր, վաստկած դրամը կուտեր, բայց աղեկ կապրեր, տունն ալ աղեկ-աղեկ կնայեր… Աստված ողորմի հոգուն։

Հակոբ աղա ալ անցյալին վերհիշումներեն տարված, հին բարի օրերուն պատմությունները սկսավ ընել, ամեն ծերերու պես ներկան գեշ գտնելով և երիտասարդության օրերը փառաբանելով։

− Ան ատենվան մարդիկը իրավցնե մարդ էին, Ղուկաս էֆ. հեմ իրենք կշահեին՝ հեմ ուրիշներոuն շահեցնել կուտային… Հիմա [ 40 ] չմնացին անանկ մարդիկ, հիմակվանները միայն իրենց տաշել կուզեն, իրար խաբելու, իրար կործանելու կնային…

Այս խոսքերը սակայն չէին շահագրգռեր Ղուկաս էֆենտին, ուստի բուն նյութին դառնալու համար ըսավ.

− Ըսել է Լևոն Կոկիկյանը չես ճանչնար…

− Չէ, հայրը, Նիկողոս աղան, աստված ողորմի հոգուն, մեռած ատենը պզտիկ տղա էր… խեղճ մարդը մեռնելիք մարդ չէր, ամա ինչ ըսեմ ես այն փոսթալին, որ մարդուն էճելը մտավ…

− Փոսթալը ո՞վ է,− հարցուց Ղուկաս էֆենտի, մտատանջ կերպով շահագրգռված։

− Իշտե կնիկ օլաճախը, Անթառամ հանըմ է, ի՞նչ է… բարով խերով դեմը չելլար տե՝ մարդուն մահվանը պատճառ չըլլար..

Ղուկաս էֆ. աննշմարելի սարսուռ մը ունեցավ։ Զղջաց այդ մարդը կանչած՝ հարցուփորձած ըլլալուն, բայց հիմա այլևս շատ ուշ էր, հարկ էր ակամա լսել ամենը։

− Ատ կնիկը, աստված թշնամիիս դեմը չհանե, ատեթա բոզ մըն է,− գոչեց Հակոբ աղա, անցյալի վերհիշումներեն հետզհետե բորբոքած:

− Հակոբ աղա, ի՞նչ կըսես, ատանկ թեթևորեն ծանր ամբաստանություններ ընելու չէ… մանավանդ կիներու մասին,– ըսավ Ղուկաս էֆենտի։

− Ամբաստանությո՞ւն մի, ամեն մարդուն գիտցած բանն է… խեղճ լուսահոգի Նիկողոս աղան ինքը լալով պատմած է ինծի՝ վրա հասնելը տե՝ կնիկը սիրականին հետ յաթախին մեջ բռնելը… զավալլըն ատ բանին վրա չէ՞ր քի տերտեն հիվանդ ինկավ մեռավ… անոր վրա տարին չանցավ, Անթառամն ալ զավակը առավ Փարիզ՝ սիրականին քովը գնաց, շուկան հին ոսկերիչները ամենքն ալ գիտեն այս բաները… արդեն ատ Լևոնն ալ Նիկողոս աղային զավակը չէ, ուրիշեն ունեցած է, հալե հայրը ողջ է, տակավին կապրի, ատ խաղքությունն ալ զատ… երկայն բարակ է ատոր պատմությունը… ինչ որ է, գոցենք այս խոսքերը, մենք մեր գործին նայինք… հիմա հարստացեր՝ մեծ մարդ եղեր է, աստված տա, դրամը ամեն բան կգոցե, կպարտկե…

Ղուկաս էֆենտի, շփոթված, շլմորած, այս լախտի հարվածներ ընդուներ էր, բայց և այնպես ուզեց խոսքը առաջ տանել։

− Այս Անթառամը ո՞րուն աղջիկն է,− հարցուց։

− Ասոր հայրը շատ կանուխեն մեռած է եղեր, մորը Թոփ [ 41 ] Գաբուցի պայրաքտար Սուրբիկ կըսեին, առսրզ էտեփսիզ կնիկ մըն էր, աղջիկը շատ աղվոր էր, խեղճ Նիկողոս աղան հավնեցավ, վիճակին ալ մեղքցավ առավ, հուսալով, որ մորմեն հեռու մնա նե՝ կարգի կմտնա, եկուր տես, որ Անթառամ մայրն ալ պաստրմիշ ըրավ… ինչ որ է, մեր գործին նայինք։

Ղուկաս էֆենտի ալ չհամարձակվեցավ հարցուփորձը ավելի առաջ տանելու, քանզի կտեսներ, որ հայտնությունները հետզհետե անախորժ կդառնային։

Բայց հայտնի կերևար, որ Հակոբ աղա չէր զրպարտեր, այլ բուն ճշմարտությունը կխոսեր և այս բանն էր, որ մտածել կուտար Ղուկաս էֆենտիի։

− Եթե նշանտուքը ըլլալե, ծանուցվելե ետքը այս մարդը իր գիտցածները ասդին անդին պատմե, ի՞նչ կըլլա մեր պատիվը, — կխորհեր Ղուկաս էֆենտի, սիրտը դող ելած։

Եթե վստահ ըլլար, որ չպիտի խոսեր, այն ատեն խնդիրը կարևորություն չուներ, ընտանեկան պատիվը, բարոյականը ոևէ կերպով չէին կրնար արատավորիլ. ինք միայն պիտի գիտնար ճշմարտությունը և ինքն ալ խենթ չէր, որ ուրիշին իմացըներ։ Ուստի պետք էր ամեն միջոցով Հակոբ աղայի լռությունը ապահովել։

− Իրավ, թողունք Կոկիկյանները, թողունք մեկ կողմ և մեր գործին նայինք,— ըսավ,— ասկե զատ աղեկ բան չէ ասոր անոր ընտանեկան գաղտնիքներով զբաղվիլը… ամեն մարդ ինքզինքին դատավորն է, անցած գացած հին խնդիրները պետք չի կա խառնըշտելու։

− Իրավունք ունիս, էֆենտիս,— պատասխանեց Հակոբ աղա.— իմ մտքես անգամ չէր անցներ այդ խոսքերը բանալ, եթե դուք չհարցնեիք։

Ղուկաս էֆենտի կրկին քննեց գոհարեղենները և ըսավ…

− Ասոնց մեջ գործիս գալիք բաներ կան, բայց պետք է, որ մեյ մը կնոջս ալ ցույց տամ և անկե ետքը կորոշենք առնելիքներս… գինին մասին կհամաձայնինք, մեկ վեր, մեկ վար, վնաս չունի, դուն, Հակոբ աղա, պատվավոր ու պարկեշտ մեկը կերևաս կոր, իշալլահ միասին գործ կընենք…

− Իշալլահ, էֆենտի, ես ալ ձեր շնորհիվ քանի մը փարա կվաստկիմ։

− Ուրեմն, այսպես, քանի մը օրեն անցիր, պատասխանը կուտամ։ [ 42 ] Հակոբ աղա իր հասցեին ուղղած գովասանքներեն գոհ և հպարտ, գոհարեղենները հանձնեց Ղուկաս էֆենտիին, որ տուն դարձին մռայլ կերպարանք մը ուներ։ Հակոբ աղայի խոսքերը խոր տպավորություն մը ըրած էին. տիկին Անթառամի անհավատարմությունները, Լևոնին անհարազատ զավակ մը ըրած էին. Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկը, բոլոր այդ աղետավոր հայտնությունները, ամոթալի անցյալը զինքը կտանջեին, կլլկեին։ Կինը նշմարեց իր էրկան այդ անսովոր կերպարանքը և հարցուց.

− Ի՞նչ ունիս այսօր, տխուր կերևաս կոր։

− Բան մըն ալ չունիմ, քիչ մը գլուխս կցավի կոր,− պատասխանեց Ղուկաս էֆենտի չորությամբ։

Ճաշեն հետո նամակ մը ստացան Լևոնեն, զոր Ռոզիկ բարձրաձայն կարդաց.

«Ազնվաշուք Ղուկաս էֆենտի,− կգրեր երիտասարդը,− վաղը, շաբաթ իրիկուն, ընտանեկան պարահանդես մը տեղի պիտի ունենա մեր պանդոկին մեջ. ուստի մայրս և ես կխնդրենք, որ դուք ևս, տիկնոջ և օրիորդներուն հետ ներկա գտնվիք։ Շատ ուրախ պիտի ըլլանք, եթե հաճիք իրիկվընե մեզ պատվել և ճաշը միասին ընել»։

− Սպասավորը վարն է, պատասխանի կըսպասե,− ըսավ աղախինը, որ նամակը վեր բերած էր։

− Իմ կողմես գրե, որ շատ կցավինք, բայց չպիտի կրնանք երթալ, որովհետև… անհանգիստ եմ,− ըսավ Ղուկաս էֆենտի, նեղսիրտ ձևով մը խոսքը աղջկանը ուղղելով։

Մայր ու աղջիկ զարմացած երեսը նայեցան, չկրնալով ըմբռնել, թե ինչպես կարելի էր մերժել այսպիսի հրավեր մը՝ ճիշտ գործը եփվելու միջոցին։

Ղուկաս էֆենտի, որ ցերեկվան խոսակցության դժնդակ ազդեցության տակ այդ հրամանը տված էր իր աղջկան, հանկարծ ինքզինքին եկավ, մեկեն զգաց թե ձախող խոսք մը փախցուցած էր բերնեն և ուզեց սխալը դարմանել։

− Գլուխս կցավի կոր տե՝ անոր համար չեմ գիտեր ինչ պատասխանելու է…

− Ճանըմ, գլխու ցավդ օրերով չտևեր,− ըսավ տիկին Թագուհի,− այս իրիկուն դեղ մը կընենք, կանցնի։

− Իրավունք ունիս, անանկ է նե՝ գրե որ շնորհակալությամբ կընդունինք հրավերը և մեծ պատիվ կհամարենք մեզի իրենց հետ [ 43 ] ճաշելը… վերջապես դուն գիտես, շնորհքով բան մը գրե իմ կողմես։

Հետևյալ իրիկուն Ղուկաս էֆենտի ալ մոռցած էր Հակոբ աղայի խոսքերը և զվարթ տրամադրությամբ մը գնաց օթել Պրիսթոլ՝ իր կնոջ և աղջիկներուն հետ։

Ճաշեն ետքը, տիկին Անթառամ հայտնեց տիկին Թագուհիի, թե քանի մը օրեն իր տղուն հետ պիտի գար պաշտոնապես Ռոզիկի ձեռքը խնդրելու Լևոնին համար և թե տղան շատ կփափաքեր հարսնիքը շուտով կատարել ու անմիջապես Փարիզ վերադառնալ։

— Այդ դյուրին է, ինչպես որ կուզեք, այնպես կընենք,— պատասխանած էր տիկին Թագուկ։

— Միայն թե,— ավելցուցած էր Անթառամ,— տղան այդ պաշտոնական այցելությունեն առաջ կփափաքեր Ղուկաս էֆենտիի հետ առանձին տեսակցություն մը ունենալ, կարևոր մանրամասնությունները կարգադրելու համար։

Ապահովաբար խնդիրը դրամօժիտի մասին էր։ Թագուհի ըսավ, թե անմիջապես իր էրկանը պիտի հաղորդե Լևոն էֆենտիի փափաքը և իրավ ալ պահ մը Ղուկաս էֆենտիի հետ առանձնանալե ետքը, լուր բերավ, որ երկուշաբթի առտու էֆենտին իր գրասենյակին մեջ պիտի սպասե փեսացուին։

— Իցիվ, թե քիչով գործը կարգադրեինք,— կմտածեր Ղուկաս էֆենտի, դիտելով իր աղջիկն ու Լևոնը, որոնք թև թևի, ուրախ զվարթ կերթևեկեին պարասրահին մեջ, անուշադիր իրենց շուրջի իրարանցումին և միմիայն իրենք իրենց մեջ ամփոփված։

Երկուշաբթի օր էֆենտին գրասենյակ եկավ։ Եվրոպական սուրհանդակը հասած էր և նամակներու ծրարին մեջ կգտնվեր ճիշտ այն նամակը, որուն կսպասեր, այսինքն՝ Փարիզի բարեկամին բացատրողական գիրը։

Ղուկաս էֆենտի՝ բնականաբար՝ նախ և առաջ այդ նամակը կարդաց, որ ջերմ ու խանդավառ ջատագովական մըն էր երիտասարդ ակնավաճառին համար։ Բարեկամը անվերապահորեն խորհուրդ կուտար Ղուկաս էֆենտին՝ աղջիկը տալու Լևոն Կոկիկյանի, որուն նման գործունյա և ճարպիկ երիտասարդ երբեք չպիտի կրնար գտնել։ Գալով հարստության, գրությունը կհավաստեր, թե առնվազն քառասուն հազար ոսկի ըլլալու էր, եթե ոչ ավելի, բայց այդ գումարը Լևոնի ճարտար ձեռքերուն մեջ քանի մը հարյուր հազար ոսկիի գործ կտեսներ։ [ 44 ] «Երկինքեն ինկած բախտ մըն է այս աղջկանդ համար, չըլլա որ ձեռքե փախցնես»,− կըսեր բարեկամը, իր նամակը վերջացնելով:

Հազիվ թե ընթերցումը ավարտած՝ գրասենյակին դուռը բացվեցավ և Լևոն Կոկիկյան երևցավ սեմին վրա:

− Օ, հրամմեցեք, բարով եկաք,− գոչեց Ղուկաս էֆենտի, ոտքի ելլելով։

Եվ իր թիկնաթոռին քով դրված քանափեին վրա հրամցուց:

− Մայրս ձեր տիկնոջ իմացուց մեր դիտավորությունը օրիորդ Ռոզիկի մասին,− սկսավ երիտասարդը, շփոթված ու ամաչկոտ կերպարանքով մը:

− Այո, այո,− պատասխանեց Ղուկաս էֆենտի աշխույժով,– շիտակը ասիկա մեր ալ փափաքն էր առջի օրեն։

− Շատ շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի, հետևաբար չորեքշաբթի օր, եթե կհաճիք, մորս հետ պիտի գանք ու խոսք-կապը ընենք։

− Հրամմեցեք, և վստահ եղեք, որ դուռը երեսնուդ չպիտի գոցենք,− ըսավ Ղուկաս էֆենտի խնդալով։

− Միայն,− կմկմաց երիտասարդը,− արդյոք լավ չըլլա՞ր, որ ապագա դժվարություններու տեղի չտալու համար, այժմեն կարգադրենք ամեն խնդիր…

Ղուկաս էֆենտի տեսնելով երիտասարդին վարանումները և միանգամայն, իբրև գործի մարդ, ուզելով արագորեն կարգադրել ամեն բան, ըսավ.

− Կհասկնամ ձեր միտքը, խնդիրը աղջկանս օժիտին վրա է. լավ, այդ ալ մենք մեր մեջը կկարգադրենք և կարծեմ որ այս մասին դժվարության չենք հանդիպիր։ Նախ ըսեմ, որ ըստ իս, աղջկանս մեծագույն օժիտը իր պարկեշտությունը, ընտանեկան պատիվը և բարոյականն է… հիմա ատանկ բաներու շատ կարևորություն չեն տար թեև, սակայն ինծի համար ատկե թանկագին բան չի կա։ Դրամը շուտով կերթա, բայց բարոյականը, պատիվը կմնա։ Այսուհանդերձ չկարծեք, որ այս խոսքերը կըսեմ հասկցնելու համար, որ աղջկանս դրամօժիտ տալ չեմ ուզեր, քավ լիցի, գիտեմ, որ ինչ է հոր մը պարտականությունը, ասկե զատ փառք աստուծո, աղքատ չենք, քիչ մը դրամ ալ մեր քովը կգտնվի… արդեն իմ հարստությունս որո՞ւնն է, զավակներունս… հետս գերեզման տանելու չեմ։ [ 45 ] − Շատ ճշմարիտ է,– ըսավ Լևոն Կոկիկյան, որ չէր հասկնար, թե ուր կուզեր գալ Ղուկաս էֆենտի իր այս խոսքերով:

− Ես,– շարունակեց Ղուկաս էֆենտի,– պատվույս շատ նախանձախնդիր եմ և կուզեմ, որ աղջիկնիս իրենց արժանավայել դիրքը կարենան պահել:

− Ձեզ նման պարտաճանաչ հայր մը անշուշտ ուրիշ կերպ չկրնար մտածել,– ըսավ Լևոն, պարզապես խոսք մը ըսած ըլլալու համար:

− Հիմա ինծի նայե, զավակս… կներես, որ քեզ այսպես կոչեմ, անանկ չէ՞, աղջկանս համար բնականաբար առաջնակարգ օժիտ մը պիտի պատրաստենք, զինքը Անատոլու հարս չենք ի տար կոր, այլ Փարիզ, և պետք է որ հոն կարենա մեր պատիվին արժանի դիրքով մը ներկայանալ, իհարկե, շատ մըն ալ արժեքավոր գոհարեղեններ և նվերներ պիտի ընդունի իր ծնողքեն ու ազգականներեն. այս ամենեն դուրս, իբրև զուտ դրամօժիտ երեք հազար ոսկի որոշած եմ աղջկանս համար։

Այդ գումարը լսելով՝ Լևոն Կոկիկյան դեմքի աննշմարելի կծկում մը ունեցավ: Ապահովաբար գումարը իր հուսացածեն շատ փոքր, ճղճիմ երևցավ և սակայն ձայն չհանեց:

Ղուկաս էֆենտի գրպանեն սիկարեթի արծաթյա տուփը հանեց, հատ մը ինք առավ, հատ մըն ալ երիտասարդին հրամցուց և հետո շարունակեց.

− Արդեն գիտեմ, որ դրամի պետք չունիս, դուն այն երիտասարդներեն չես, որոնք կուզեն իրենց կնոջ դրամովը ապրիլ կամ միայն մեծ դրամօժիտ մը ձեռք ձգելու համար աղջիկ կփնտռեն, այդ տեսակ երիտասարդները, խոսքը մեջերնիս, շատ շնորհքով, շատ պատվավոր մարդիկ չեն ըլլար։ Դուն, փառք, աստուծո, քու աշխատությամբդ հարստացեր, դիրքի տեր ես եղեր։ Քու փնտռածդ պատվավոր ընտանիքե, կրթյալ, պարկեշտ, գեղեցիկ աղջիկ մը առնելն է և ոչ թե դրամը, և կարծեմ թե այդ քու փնտռած բոլոր թանկագին հատկությունները Ռոզիկս ունի… այնպես չէ՞։

− Իհարկե,− պատասխանեց երիտասարդը…− բայց և այնպես ձեր տված դրամօժիտը թե իմ և թե ձեր պատիվին համար կարծեմ շատ քիչ է… ես եթե դրամօժիտի խոսք կընեմ, ինձ համար չէ և այդ դրամն ալ երբեք գործածելու դիտավորություն չունիմ, այլ միայն կնոջս անունին ֆրանսիական բանք պիտի դնեմ, անոր ապագան ապահովագրելու համար։ [ 46 ] − Շատ գեղեցիկ գաղափար,− ըսավ Ղուկաս էֆենտի,− բայց անոր ապագան արդեն ապահով է… մեռնելես ետքը որո՞ւ պիտի մնա հարստությունս… միթե ձեզի չպիտի՞ մնա… երեք հազար ոսկին պատկառելի գումար մըն է վաթսունյոթը հազար ֆրանկ կընե, այստեղ ո՞ր երիտասարդին ատկե ավելի դրամօժիտ կուտան։

Երիտասարդը հայտնապես նեղություն կըզգար խոսակցության առած այս ընթացքեն և կզղջար այս բանակցությունը անձամբ ընելու համար։ Լավագույն պիտի ըլլար գործը երկու կողմանց բարեկամի մը հանձնել, բայց դժբախտաբար ինք Պոլսո մեջ ծանոթներ չուներ։ Ի վերջո ուզեց կարճ կապել։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ,− դրամօժիտը խնդիր չէ, վերջեն ալ կրնանք համաձայնիլ, ես չեմ ուզեր դրամական խնդիրի համար խզել ամուսնական ծրագիր մը, որուն համար ես և մայրս որոշում տված ենք։

− Կեցցե՜ս զավակս,− գոչեց Ղուկաս Էֆենտի, որ Լևոնի այս անշահախնդրութենեն այնպես կենթադրեր, թե երիտասարդը բուռն կերպով սիրահարված էր իր աղջկան.− կեցցես, տեսա՞ր մի խելացի գործը, երիտասարդ մը, որ պիտի ամուսնանա՝ ընտանիք, պատիվ, բարոյական պետք է փնտռե ամենեն առաջ…ես այնպես ըրած եմ։

− Ուրեմն, այնպես, առայժմ գոցենք այս խնդիրը․․․ գալով խոսք-կապին՝ մայրս ըսավ որ, եթե ձեզի կհարմարի, հառաջիկա երկուշաբթի օր կկատարենք։

− Շատ աղեկ, զավակս, շատ աղեկ, ինչպես որ կուզեք… սա ալ ըսեմ, որ ես հին խաֆալը մարդ չեմ, նշանվելուդ սպասելու պետք չունիս, ազատ համարձակ աղջիկս տեսնելու համար, այսօրվընե դուռս բաց է, տանդ պես կրնաս գալ ուզած ատենդ… Մենք Պոլիս ապրած ենք, բայց եվրոպական սովորություններ գիտենք։

− Շատ շնորհակալ եմ,− պատասխանեց Լևոն,− վստահ եդիք, որ ձեր տված արտոնությունը չարաչար չպիտի գործադրեմ․․․

− Ընդհակառակը, կուզեմ որ չարաչար գործադրես,− գոչեց Ղուկաս էֆենտին՝ զվարթ ծիծաղով մը։ 

Երիտասարդը ոտքի ելավ, մնաք բարով ըսավ և դեպի դուռը ուղվեցավ։ Ճիշտ դուրս ելած միջոցին Հակոբ աղա ներս կմտներ։ Ծերունի ոսկերիչը ուշադրությամբ նայեցավ այդ անծանոթ գլխարկավոր [ 47 ] երիտասարդին, որ ավելի եվրոպացիի մը, քան թե հայու մը կերպարանքը ուներ.

− Ուրեմն այսպես։ Ղուկաս էֆենտի, հառաջիկա երկաշաբթի օր,− ըսավ Լևոն դռան մեջ։

− Շատ աղեկ, զավակս, կսպասենք ձեր այցելության, ալ ասկե ետքը հրավերի պետք չունիք գալու համար։

− Շնորհակալ եմ։

Երբ դուրս ելավ և դուռը գոցեց, Հակոբ աղա զարմանքով ըսավ Ղուկաս էֆենտիի.

− Հա՞յ է եղեր այս երիտասարդը, շիտակը ես եվրոպացի կարծեցի, բնավ հայու կերպարանք չի կա վրան… կերևա, որ շատ տարի Եվրոպա ապրած է։

− Այո… այնպես կերևա,- մռմռաց Ղուկաս էֆենտի, որ բնավ գոհ չէր մնացած երիտասարդին և ծերունիին այս հանդիպումեն։

Բայց Հակոբ աղա դյուրավ չուզեց թողուլ Ղուկաս էֆենտիին օձիքը։ Այդ մաքուր հագված՝ փայլուն երիտասարդը հարուստ մեկը կերևար և գուցե կարելի էր հետը գործ ընել, մեկ քանի ապրանք ծախել, բաց աստի, զայն անորոշապես մեկու մը նմանցուցած էր, ուստի խոսքը առաջ տարավ։

− Նո՞ր եկած է Պոլիս,− հարցուց։

− Այո… կարծես։ − Ի՞նչ կըսվի։

− Տոքթոռ Թովմաս կըսվի, վաղը Վիեննա կվերադառնա կոր, մնաս բարովի եկավ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, ոսկերիչին միտքը կռահելով և ուզելով առաջին վայրկյանեն հուսակտուր ընել զինքը։

Հետո ավելցուց.

− Բայց ինչո՞ւ այդքան կհետաքրքրվիս կոր այդ երիտասարդով:

− Չէ, այսինքն հայ ըլլալուն զարմացա… մեյ մըն ալ մեկու մը նմանցուցի, հին ծանոթի մը, բայց անիկա զավակ չուներ, ամուրի էր, հետևաբար անոր զավակը չէր կրնար ըլլալ…

− Որո՞ւ նմանցուցիր նայիմ,− հարցուց Ղուկաս էֆենտի, որուն մտքին մեջ տարտամ կասկածներ արթնցան։

− Շուկան ատենոք հարուստ ոսկերիչ մը կար… Ոսկյան [ 48 ] կըսեին, ճիշտ անոր երիտասարդությանը կնմաներ, մանավանդ աչքերը, քիթը, բերանը։

− Ոսկյա՞ն…

− Հա, ուր է սա անցած օր կպատմեի կոր, Նիկողոս աղային կնոջ − Անթառամին սիրահարը, որ ետքը Փարիզ գնաց հաստատվեցավ…

− Տիկինին ցուցուցի գոհարեղենները, սա մատանին զատեց, վերջնական գինը ըսե տե առնենք,− ըսավ Ղուկաս էֆենտի, վերջ տալու համար ծերուկ ոսկերիչին խոսքերուն։

Եվ գրասեղանին դարակը բանալով գոհարեղեններու տուփերը դուրս հանեց։

Սակարկությունը երկար չտևեց, քանզի Ղուկաս էֆենտի միտքը դրած էր անպատճառ բան մը գնել Հակոբ աղայեն, անոր հետ բարեկամություն հաստատելու համար։

Դրամը վճարելն ետքը՝ ոսկերիչը նստեցուց և բավական ժամանակ տեսնվեցավ հետը, նույնիսկ զգացուց, որ գուցե մոտ օրեն աղջիկը նշաներ ու կարգեր պիտի, հետևաբար նորեն պետք պիտի ունենար գոհարեղեններ գնելու իրմե։

Այս հավանականությունը մեծ ուրախություն պատճառեց ծերուկ ոսկերիչին, որ շատ մը շնորհակալություններ հայտնելն ու կրկին ինքզինքը հանձն արարելն ետքը՝ մեկնեցավ։

ԳԼՈՒԽ Ե

Լևոն Կոկիկյան Ղալաթիայեն կառք մը վարձեց պանդոկ վերադառնալու համար։ Ղուկաս էֆենտիի հետ ունեցած տեսակցությունը, դրամօժիտի մասին եղած սակարկությունը, այդ բանակցության աննպաստ արդյունքը իր ջիղերը գրգռած էր։

- Այս մարդը զիս խաղի բերել կուզե ու պզտիկ գումարով մը աղջիկը գլուխս փաթթելու կաշխատի,− կմտածեր.− երեք հազար ոսկի դրամօժիտ ինծի պես երիտասարդի մը, որ մեկ միլիոն ֆրանկ դրամագլուխ ունի և տարին քանի մը հարյուր հազար ֆրանք կվաստըկի, միթե տեսնվա՞ծ բան է… աղջիկը անշուշտ պզտիկ է։ Սիրուն է, կրթված է, բայց և այնպես չգտնված բան մը չէ… եթե կկարծե, որ խենթի պես սիրահարված եմ Ռոզիկին, շատ կսխալի… երեսուն տարեկան մարդ մը միամիտ պատանի մը չէ… մեռնելեն ետքը հարստությունը մեզի պիտի ձգե եղեր, այսինքն հավանորեն [ 49 ] քսան կամ քսանհինգ տարիեն… եթե մինչև այն ատեն հարստությունը փճացնե, սնանկանա՞, ինչ պիտի ընենք։ Անպիտանը այնպիսի լեզու մը բռնեց, որ չկրցա պետք եղածին պես խոսիլ… և ան ալ կարծեց, որ զիս համոզեց և ամեն բան լմնցավ… քանի որ շատ հարուստ է, ինչպես ըսին, թող շնորհքով օժիտ տա։

Պանդոկ հասնելուն Լևոն մորը հաղորդեց իր տեսակցության արղյունքը։ Անթառամ պարզապես գայթակղեցավ։

— Երեք հազար ոսկի, երեք հազար ոսկի,— կկրկներ, գրեթե բարկացած,— չըլլա որ ընդունիս, մեծ անպատվություն է քեզի պես երիտասարդի մը համար, իմացողները ի՞նչ պիտի ըսեն… աշխարհ արար վրանիս պիտի խնդա կամ պիտի ըսեն, որ մեծ պակասություն մը ունիս տե, անոր համար ասանկ քիչ դրամով գոհ ես եղեր… չէ, չէ, չըլլալիք բան է աս։

Նույն միջոցին ծառան գալով իմաց տվավ, թե քահանա մը այցելության եկած էր իրենց և հյուրանոցը կսպասեր։

— Քանի մը օր առաջ ալ անգամ մը եկավ այս քահանան և տեսակցեցաք,— ավելցուց ծառան։

— Հասկցա, տեր Միքիասն է, շատ աղեկ, թող նստի, հիմա կուգանք։

Վայրկյան մը ետքը մայր ու տղա մտան այն սրահը, ուր թիկնաթոռի մը վրա բազմած էր քահանան ու լրագիր կկարդար։

Զիրար բարևելե ետքը Տ. Միքիաս հարցուց կեղծավոր ժպիտով մը։

— Արդյոք ձեզ անհանգիստ կընե՞մ այս ժամուս այցելելով։

— Բնավ երբեք, բարի եկաք,— պատասխանեց երիտասարդը, սիկարեթ մը հրամցնելով հյուրին։

— Տակավին երկար կմնա՞ք հոս, թե մոտերս մեկնելու միտք ունիք։

— Հայտնի չէ, տեսնենք, պարագաներեն կախում ունի,– ըսավ Լևոն։

— Այո՛, կհասկնամ. աստուծով հաջող ընտրություն մը կընենք… կարծեմ նույնիսկ որոշում տված կամ տալու վրա եք եղեր,— շարունակեց Տ. Միքիաս, խոսքն ավելի տիկին Անթառամին ուղղելով։

— Վերջնական բան մը չկա դեռ,— պատասխանեց Լևոնի մայրը։

— Աստծով կըլլա, շիտակը ես շատ ուրախացա՝ իմանալով, [ 50 ] աղջիկը շատ ազնիվ, շատ ուսյալ, շատ բարեկիրթ, շատ ալ սիրուն աղջիկ մըն է, ծնողքն ալ պատվավոր, հարուստ… վերջապես շատ հարմար միություն մը պիտի ըլլա… Ղուկաս էֆենտի իմ բարեկամս է, արդեն տաներեցնին ալ ես եմ:

− Իրենցմե՞ իմացաք,− հարցուց Անթառամ:

− Չէ, տակավին իրենց չգացի… Ե՞րբ խոսք-կապ կտանիք կոր:

− Տեր հայր, դեռ վերջնական բան մը չի կա,− կրկնեց մայրը,− անանկ խոսք մը անցավ միայն։

− Ճանըմ, ըրեք լմնցուցեք, քանի որ զավակդ ամուսնացնելու դիտավորությամբ եկած ես, շատ հարմար է Ռոզիկը, Ղուկաս էֆենտին հարուստ մարդ է, հարկավ մեծկակ դրամօժիտ մըն ալ կուտա, արդեն պետք է որ տա, իրեն պես մարդ մը ձեզ նման երիտասարդի մը առնվազն տասը հազար ոսկի տալու է և անշուշտ պիտի տա…

Տ. Միքիաս շատ լավ կճանչնար Ղուկաս էֆենտին և անոր դրամապաշտությունը և վստահ էր, որ իր ըսած գումարին նույնիսկ մեկ երրորդը տալու պիտի դժկամակեր, բայց այս խոսքերով կուզեր պղտորել Կոկիկյանենց միտքը, քանզի կզգար, որ այդ ամուսնական խորհուրդը վիժեցնելու միակ միջոցն էր դրամական դժվարություններ հարուցանելը։

− Միթե այդքան հարո՞ւստ է Կելկիթյան էֆենտին,− հարցուց տիկին Անթառամ։

− Հարկավ հարուստ է, մանավանդ որ իր աղջիկն ալ շատ կսիրե և ամեն զոհողություն հոժարակամ հանձն կառնե անոր համար… մինչև հիմա դրամօժիտի մասին խոսք չեղա՞վ։

− Եվ ոչ մեկ բանի համար խոսք եղած չէ,− պատասխանեց երիտասարդը,− ձեր տեղեկությունները տակավին շատ կանխահաս են, տեր հայր։

− Թող այնպես ըլլա.− ըսավ Տ. Միքիաս,− կաղոթեմ, որ իրականանա… ես կփափաքիմ, որ երիտասարդները մանավանդ ձեզի պես ազնիվ, զործունյա, պարկեշտ երիտասարդներ ժամ առաջ ամուսնանան, տուն տեղ կազմեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան.. ընտանեկան կյանքի պես անուշ բան չի կա, ան է ազգի մը հիմը։ [ 51 ] − Այնպես է, շատ իրավունք ունիս,− ըսավ տիկին Անթառամ:

− Երիտասարդ մը որ ժամանակին չամուսնանար, կփճանա, կմոլորի և օր մըն ալ բոլորովին կկորսվի… տեսեք, ինչ խելացի մտածում մը ունեցեր եք, տիկին, ձեր զավակը հոս բերելով ամուսնացնել հայ օրիորդի մը հետ, փոխանակ հարս մը առնելու, որ ոչ մեր բնության, ոչ ալ մեր բարքերուն, մեր ավանդական պարկեշտության կհարմարի… այդպիսի ամուսնությունները ճշմարիտ է աղետք մըն են մեր երիտասարդներուն համար, որոնք օտար երկիր կգտնվին և ձեր օրինակին չեն հետևիր… քանիներ գիտեմ, որոնք ֆրանսացի, անգղիացի կամ գերմանացի կիներ առած ու հետո դժբախտ եղած են, մինչդեռ հոս վարդի պես աղջիկներ տունը կմնան… տեսեք օրիորդ Ռոզիկը ինչ կրթյալ, ինչ ազնիվ ու պարկեշտ աղջիկ է, թեև մեծ գեղեցկություն մը չունի, բայց վերջապես տգեղ ալ չէ… հապա Սմսարյան Աբգար էֆենտիի աղջիկը օրիորդ Հերմինե՝ հրեշտակի պես աղջիկ մը, որ հիանալի դաստիարակություն մը առած է, ֆրանսուհիի մը պես ֆրանսերեն կխոսի, սքանչելի դաշնակ կզարնե և հորն ալ մեկ հատիկն է… այսօր եթե շնորհքով, արժանավոր փեսացու մը ներկայանա, վստահ եմ, որ Աբգար էֆենտի հոժարակամ տասը հազար ոսկի օժիտ կուտա, միայն թե մարդը արժելու է… ճանչցա՞ք Սմսարյան էֆենտին։

− Այո՛, Ղուկաս էֆենտիին տունը երեկույթի մը գացեր էինք, անոնք ալ եկած էին։

− Օրիորդ Հերմինեն ալ տեսա՞ք։ Չեք գիտեր ինչ պարկեշտ, խելացի, տանտիկին աղջիկ է, ձեռքս մեծցած է և զավակիս պես կսիրեմ… Բանկալթիի Սեոռերուն վարժարանը կրթություն առած է… հիանալի ֆրանսերեն կխոսի և տաղանդավոր դաշնակահար է… անցած տարի բարեգործական նվագահանդեսի մը մասնակցեցավ, բոլոր թերթերը մեծամեծ գովեստներ ըրին… Հապա գեղեցկությունը. Բերայի մեջ ասանկ աղջիկ չգտնվիր. ի՜նչ երիտասարդներ ամուսնության խնդրեցին, բայց ծնողքը մերժեց, Աբգար էֆենտի շատ խստապահանջ է և իրավունք ալ ունի, այդպիսի աղջիկ մը տասը հազար ոսկի դրամօժիտով, որևէ մեկու մը կարելի չէ տալ… տարբեր բան, եթե Լևոն էֆենտիի պես պարկեշտ, պատվավոր, գործունյա, խելացի դիրքի տեր երիտասարդ մը ըլլա։

Տ. Միքիաս տակավին խոսքը շարունակեց նույն ձևով. անուշնովնալե [ 52 ] ետքը, նյութական խնդրի մը պատճառով ոտնակոխ ընել իր տված խոստումը: Խաբեբայություն մը, ամոթալի արարք մը չէ՞ր ասիկա։

− Չէ,− եզրակացուց երիտասարդը,− չէ, չեմ ուզեր դրամօժիտին համար որոշումես ետ դառնալ, վերջին փորձ մըն ալ կընեմ գումարը ավելցնելու համար և եթե չհաջողի, այն ատեն տըված դրամօժիտովը կգոհանամ…

Այս որոշումը փարատեց իր տրտմությունը, զգաց, որ Ռոզիկ դարձյալ իրեն կվերադառնար, իրեն կմնար։

Ալ հիմա՝ զվարթացած մեկնեցավ շաքարավաճառի խանութեն:

− Խոսքկապը որոշված օր կկատարենք,− կմտածեր ճամփան գացած ատեն,− ու հարսնիքն ալ անմիջապես կընենք կլմնցնենք։

Սակայն հանկարծ ճակատը մթագնեցավ և կրկին թեթև մտատանջություն մը երևցավ դեմքին վրա։

− Բայց մայրս ի՞նչպես պիտի համոզեմ, համառ կին մըն է և դյուրավ չպիտի ուզե տեղի տալ և եթե հակառակ իր հաճության ամուսնանամ, առաջին օրեն պիտի սկսի նեղել կինս, անհամաձայնություններ ստեղծել և վերջապես տան հանգիստը խռովել… այս Տեր Միքիասն ալ իր Սմսարյաններու աղջկան գովեստներովը, տասը հազար ոսկի դրամօժիտի պատմությամբը բոլորովին միտքը պղտորեց։

Դեպի Թագսիս այսպես խորհրդածելով կհառաջանար, երբ մեկեն ցնցում մը զգաց և սիրտը սկսավ ուժգին բաբախել, դիմացեն՝ միևնույն մայթի վրա տիկին Թագուհի և Ռոզիկ կհառաջանային։ Մանկամարդ աղջիկը թուխ գույն շրջազգեստ մը հագած էր, գլուխը մուշտակե սիրուն գլխարկ մը դրած։ Ինքն ալ հեռվեն նշմարած էր Լևոնը և կժպտեր, շրթունքներովը ու աչքերովը։

Երիտասարդը ուղղակի գնաց դեպի երկու կիները։

− Բարև, ո՞ւր կերթաք այսպես,− ըսավ զվարթ դեմքով մը։

− Քանի մը գնումներ ունինք ընելիք,− պատասխանեց տիկին Թագուհի։

− Հապա դո՞ւք,− Հարցուց Ռոզիկ,− արդյոք այցելությա՞ն մը կերթայիք:

- Այցելություն, որո՞ւ կուզեք որ այցելեմ այս քաղաքը, ուր տակավին ձեզնե զատ մարդ չեմ ճանչնար։ [ 53 ] Հետո ավելցուց.

− Աննպատակ կպտտիմ կոր, պանդոկը սիրտս նեղացավ, դուրս ելա, եթե կներեք, և եթե ձեզ անհանգիստ չեմ ըներ, ձեզի կընկերանամ, գործերնիդ լմննալե ետքը կերթանք տեղ մը կնստինք և թեյ կխմենք։

− Ամենայն հաճությամբ,− գոչեց Ռոզիկ, բոլորովին ուրախ Լևոնի այս մեծարանքեն։

Մինչ տիկին Թագուհի կըսեր.

− Մեզի համար պատիվ կհամարենք ձեր ընկերասիրությունը:

Գնումները երկար չտևեցին և կես ժամ ետքը երեքը միասին մտան Թաֆե Սբլանտիտ թեյ խմելու։

Ռոզիկ շատ սիրուն, շատ հրապուրիչ էր այդ օրը իր մուշտակե փոքրիկ գլխարկովը ու թավիշե կարճ վերարկուովը։

Լևոնի հետ հանդիպումը շատ զվարթացուցած էր զինքը ու հիմա, սեղանին շուրջ նստած, անընդհատ կշաղակրատեր ծիծաղելով։ Ժամե մը ավելի այսպես նստեցան, հետո տիկին Թագուհի առարկեց թե ժամանակը ուշ էր, հարկ էր տուն վերադառնալ։

Երկու երիտասարդները ակամա ոտքի ելան։

− Մինչև տուն ձեզի պիտի ընկերանամ,− հայտարարեց Լևոն։

− Շատ շնորհակալ կըլլանք։

Դուրսը սկսած էր ձյունել և բարակ ճերմակ խավ մը արդեն պատած էր փողոցին մայթերը։

Ռոզիկ, որ երիտասարդին քովն ի վեր կքալեր, մեկ անգամ գայթեցավ։

− Վար պիտի իյնաք, հարկ է, որ թևս մտնաք,− ըսավ Լևոն իր թևը ներկայացնելով, զոր աղջիկը ամենայն ուրախությամբ ընդունեց։

− Այս առտու գացի ձեր հայրիկը տեսնելու,− ըսավ հանկարծ Լևոն, որ մինչև այն ատեն չէր խոսած իր այցելության մասին։

− Իրա՞վ, ինչո՞ւ համար,− հարցուց աղջիկը զարմացած։

Ռոզիկի զարմացումը կեղծ էր, արդեն իր մորմեն իմացած էր, որ նույն առտուն Լևոն պիտի երթար տեսակցիլ հորը հետ, բայց չգիտենալ կձևացներ, իբրև անմեղ աղջիկ մը, որ բանե մը տեղեկություն չունի։

− Բայց,− ըսավ երիտասարդը,− վերջնական կարգադրության համար… [ 54 ] − Ի՞նչ վերջնական կարգադրություն,− հարցուց աղջիկը անմեղ չարաճճիությամբ մը։

− Երկուշաբթի օրը պիտի գանք խոսք-կապ բերելու։

Ռոզիկ չպատասխանեց, բայց Լևոն զգաց որ իր թևին տակ աղջկան բազուկը թեթև մը սրսռաց։ Այդ սարսուռը անճառելի հեշտություն մը պատճառեց երիտասարդին։

− Գո՞հ եք,– հարցուց փաղաքշոտ ձայնով մը։

Ռոզիկ Լևոնի երես նայեցավ և կարմրելով ժպտեցավ։ Այս համր խոստովանությունը չբավականացուց երիտասարդը, որ կրկին պնդեց.

− Ըսե՛ք, խնդրեմ, գո՞հ եք…

− Այո,− մրմնջեց Ռոզիկ ալ ավելի կարմրելով։

− Եվ գիտե՞ք որ Ղուկաս էֆ. հրաման տվավ ուզած ատենս ձեզ այցելության գալու, առանց երկուշաբթիի պաշտոնական գործողության սպասելու։

− Ուրեմն հիմա մեզի հետ վեր կելլեք ու կնստինք կխոսակցինք:

− Ոչ այսօր, բայց վաղը իրիկուն անպատճառ պիտի գամ։

Երիտասարդը նույն միջոցին շատ կփափաքեր օգտվիլ Ղուկաս էֆենտիի տված արտոնաթենեն − սակայն չուզեց շատ վրաձգոց երևնալ։ Մանավանդ որ տիկին Թագուհի դեռ տեղեկություն չուներ ամուսնույն տեսակցութենեն։ Լավագույն էր, որ օր մը գոնե անցներ։

− Եվ անգամ մը, որ նշանվինք, ալ այն ատեն անմիջապես հարսանիքի պատրաստության կսկսինք,− շարունակեց Լևոն, որ բոլորովին խանդավառված էր,− քանզի պետք է, որ շուտով Փարիզ վերադառնամ… ասկե զատ փետրվար ու մարտ ամիսները Փարիզի ամենեն փայլուն եղանակն է, պետք չէ որ փախցնենք։

Ալ հասած էին դռան առջև և հարկ էր բաժնվիլ։

Տիկին Թագուհի կրկին և կրկին շնորհակալություն հայտնեց երիտասարդին, մինչ Ռոզիկ խնդալով ըսավ.

− Ուրեմն, այսպես, վաղը իրիկուն անպատճառ կսպասենք։

Մայրը, որ աղջկան ու երիտասարդի միջև փոխանակված խոսակցությունեն տեղեկություն չուներ, զարմացած Ռոզիկի երեսը նայեցավ, որ միշտ ծիծաղով բացատրեց.

− Լևոն էֆենտին այսօր հորս հետ տեսակցելու գացեր է և [ 55 ] հայրս իրեն արտոներ է ուզած ատեն գալ մեզի այցելելու, ուստի էֆենտին ալ վաղը իրիկուն պիտի զա։

− Շատ լավ, բայց միթե հոս զալու համար արտոնությա՞ն պետք կա,− պատասխանեց Թագուհին, որ արդեն կռահած էր ամեն բան:

Վերադարձին Լևոն ամենազվարթ տպավորության տակ էր. այդ հանդիպումը բոլորովին կազդուրեր, երջանկացուցեր էր զինքը և հիմա քթին տակեն եվրոպական եղանակ մը սուլելով կքալեր ձյունին տակ, որ հետզհետե կսաստկանար։ Հակառակ գեշ օդին, չուզեց պանդոկ երթալ. առանձին մնալ կուզեր իր մտքի ուրախ տրամադրության հետ։ Կվախնար որ պանդոկ էրթալով՝ մորը հետ տեսակցություն մը կրկին խանգարեր իր հոգեկան դրությունը և կուզեր վերջնական հատակագիծ պատրաստելե ետքը, ներկայանալ պատերազմի դաշտը, քանզի կխորհեր թե իրավցնե հարկ պիտի ըլլար գուցե կռվիլ իր մոր հետ։

Այսպես, ուրեմն, ալ վերջնականապես որոշված էր ամուսնանալ Ռոզիկի հետ։ Եթե այդ մասին փոքրիկ վարանք մը ուներ, այն ալ անհետացած էր այս դիպվածական հանդիպումեն ի վեր։

− Այս որոշումս պիտի հայտնեմ մայրիկիս,− կխորհեր,− գալով դրամօժիտ խնդրին, անգամ մըն ալ խոսք կբանամ Ղուկաս էֆենտիին, և եթե համառի ավելի տալու, անուշ տեղը կկապեմ. գալով մորս առարկություններուն՝ անոնց ալ ճար մը կգտնեմ… չըլլա նե՝ զինքը կխաբեմ, կըսեմ, որ վեց հազար կամ յոթ հազար ոսկի կառնեմ կոր, գալու համրելու չէ յա։

Այս մտածումներով թեթևցած՝ երիտասարդը որոշեց այլևս պանդոկ վերադառնալ։ Ճամփան հարսանիքի մանրամասնություններուն վրա մտածեց, և հանկարծ գաղափար մը միտքը եկավ։ Պսակի հանդեսեն անմիջապես ետքը ճամփորդել, մեղրալուսինը կառախումբին մեջ անցնել, առանձին, Ռոզիկի հետ գլուխ գլխի, քանի մը օր մնալ Վիեննա և անկե երթալ Փարիզ։ Մայրը կրնային հոս թողուլ, և հետո, քանի մը շաբաթեն առանձին թող գար, երբոր իրենք ալ հաստատված կըլլային տուներնին։

− Ո՞ւր մնացիր մինչև այս ատեն,− հարցուց մայրը, երբ Լևոն սենյակեն ներս մտավ։

− Գացի ասդին անդին պտտեցա, հետո տիկին Թագուհին և օրիորդ Ռոզիկին հանդիպեցա, միասին թեյ խմեցինք։ [ 56 ] - Բայց, զավակս, քանի որ հիմա կարելի է միտքդ փոխելու կըլլաս, պետք չէ որ ատանկ մոտիկության ցույց տաս անոնց:

- Չէ, մայրիկ,- պատասխանեց Լևոն վճռաբար,– երկար բարակ խորհեցա, ես օրիորդ Կելկիթյանը պիտի առնեմ, ամենեն հարմարն է ինծի համար, գալով դրամօժիտին՝ ես վստահ եմ, որ եթե քիչ մը պնդեմ, հայրը կհավանի ավելի տալու, այսօր ես շատ թույլ խոսեցա և անոր համար ինքն ալ երեք հազար ոսկի առաջարկեց, բայց դուն պիտի տեսնաս, որ անոր կրկինն ալ պիտի տա:

- Կերևա որ աղջիկը խելքդ դարձուցեր է,- ըսավ Անթառամ, դժգոհությամբ մը, որ չկրցավ ծածկել։

Լևոն չպատասխանեց։

ԳԼՈՒԽ Զ

Այդ կիրակի առտուն, երբ Ղուկաս էֆենտի՝ մուշտակապատ հաստ բալթոյի մը մեջ ծվարած վեր ելավ Աղքատախնամի գրասենյակը առաջնորդող սանդուխեն, վարի բակը, սանդուխին վրա ու վերը՝ նպաստընկալերու ահագին բազմություն մը խռնված էր։

Դեկտեմբերի 28-ն էր և Կաղանդի ու Ծնունդի տոներուն առթիվ բացառիկ նվիրատվություններ պիտի ըլլային թաղին աղքատներուն: Աղքատախնամի օժանդակ Տիկիններու Խնամակալությունը խանութներ և մասնավորներե շատ մը հագուստ և ճերմակեղեն ա բրդեղեն հավաքած էր, որոնք նույն օրը պիտի բաշխվեին աղքատներուն, բացի ասկե, մեկ քանի բարեսեր հարուստներ իրենց մեջ հանգանակություն մը կատարելով այդ գումարը հանձնած էին Աղքատախնամին, որպեսզի կարոտյալներու ածուխ տրվի։

Այսպես, բացի արձանագրված նպաստընկալներե, նույն օրը հոն խռնված էին նաև առավել կամ նվազ վավերական աղքատներ, դիպվածական կարոտյալներ, առիթեն օգտվող կեղծ չքավորներ։

Երկու օրե ի վեր անընդհատ ձյուն տեղացած էր ու կշարունակեր նույն օրն ալ առտըվնե ի վեր, խոշոր-խոշոր թափթըփիլ, և ասիկա բարեպատեհ նախախնամական շնորհ մը համարված էր հոն դիմող թշվառներուն համար, որոնք կենթադրեին, որ եղանակին անողոք խստությունը պատճառ պիտի ըլլար Աղքատախնամի անդամներուն սիրտը կակղեցնելու և իրենց ընդունելիք նպաստին քանակը ավելցնելու։

Շատերը դիտմամբ՝ առանց շալի, առանց վերարկուի, գլխաբաց [ 57 ] եկած էին հոն, ավելի խղճալի ու սրտաճմլիկ երևույթ մը առնելու համար։ Հեդգ դերասաններ, որոնք թշվառությունը պետք էին ներկայացնել արվեստին բոլոր կատարելությամբը, որպեսզի արժանանային հանդիսականներու շնորհին։

Ղուկաս էֆենտի՝ երբ ներս մտավ, սանդուխը այնքան խճողված էր, որ հնար չի կար վեր ելլելու, առանց կոխոտելու հոն նըստողները։

− Ի՞նչ խաղքություն է, ի՞նչպես վեր ելլենք, մարդ չի՞ կա հոս… Ծո՛, Մարկո՛ս, ո՞ւր ես,− գոռաց Ղուկաս էֆենտիի ձայնը:

Ամենքը զսպանակե մը մղվածի պես ոտքի ելան, տեղ բանալ փորձեցին, բայց և այնպես նորեն ճամփան գոց կմնար։

Մարկոս՝ դռնապանը, որ լսեր էր էֆենտիին ձայնը, երևցավ սանդուխին գլուխը։ Հասկցած էր Ղուկաս էֆենտիի բարկության շարժառիթը և ուզեց փութկոտ եռանդով մը դարմանել եղածը։ Բռունցքը բարձրացուցած՝ հարձակվեցավ սանդուխին վրա եղողներուն վրա։

− Ծո ճամփա չբանա՞ք, ծո էֆենտին է, ծո քեռ՞ր եք, չե՞ք տեսնար կոր էֆենտին, ծո ձեզի չըսի՞, որ այստեղ չնստիք, հիմա էֆենտին կուգա…

Ու բռունցքները կիջնեին աջ ու ձախ, առանց սեռի ու տարիքի խտրության։ Վայրկրանե մը սանդուխը մաքրվեցավ և Ղուկաս էֆենտի կրցավ վեհափառորեն վեր ելլել, շուրջը ակնածանքով ու երկյուղածաթյամբ բարևի կեցած բազմության մեջեն։

Մարկոս փութաց էֆենտիին բալթոն հանելու.

− Սա վրայի ձյուները թոթվե տե՝ մաքուր տեղ մը փռե, թող քիչ մը չորնա,− հրամայեց Ղուկաս էֆենտի։

− Գլխուս վրա, էֆենտի։

Գրասենյակին դուռը բացվեցավ և Ղուկաս էֆենտի ներս մտավ։

Դուրսը, դռան մոտ, երեք աթոռներ դրված էին․ մին դռնապահինն էր, որուն վրա ոչ ոք կհամարձակեր նստիլ, մյուս երկուքին վրա կհանգչեին երկու առանձնաշնորհյալներ, որոնք հաջողած էին Մարկոսի համակրանքը շահիլ և անոր պաշտպանությունը վայելել, մին որբևայրի կին մըն էր, վեց տարեկան աղջիկ մը ծունկին վրա և փոքրիկ ծծկեր մը գիրկը, և մյուսը անկար ծերունի մը՝ որուն մեկ ոտքը չէր բռներ: Հոն գտնվողները նախանձոտ աչքերով [ 58 ] մը կնայեին այս երկուքին՝ որոնք աթոռի մը վրա նստած սպասելու բախտը կվայելեին։

Բայց դռնապանը էֆենտիին բալթոյին վրայի ձյունը թոթվելե և զայն մասունք մը կրողի պատկառանքով բերելե ետքը, խոսքը այրիին ու անկար ծերունիին ուղղելով գոչեց.

− Ելեք նայիմ։

Երկուքն ալ չհասկցան այդ հրամանին իմաստը և ապուշ զարմացումով մը Մարկոսին նայեցան։

− Ելեք կըսեմ կոր, չե՞ք հասկնար քեռ՞ր եք, էֆենտիին բալթոն չե՞ք տեսնար կոր…

Կինն ու անկարը ոտքի ելան և մեկ կողմ քաշվեցան, թեև տակավին չկրնալով ըմբռնել էֆենտիին բալթոյին և իրենց ոտքի ելլելուն միջև եղած առնչությունը։

Մարկոս թաշկինակով աթոռներուն վրայի փոշին թոթվելու ձև մը ըրավ, հետո զանոնք քով քովի բերավ և բալթոն զգուշությամթ անոնց վրա տարածեց։

Այրի կինը, իր երկու մանուկներով, պահ մը շվարած մնաց, չկրնալով կծկվելիք տեղ մը գտնիլ, հետո տեսնելով, որ անկյուն մը գետնին վրա պզտիկ տեղ մը կա, դեպի հոն ուղղվեցավ և երիտասարդ կնոջ մը ուղղելով խոսքը ըսավ.

− Քուրուկ, սանկ քիչ մը անդին երթայիր տե ես ալ սըտեղ սխմվեի ոտքերուս վրա կենալու կարողություն չունիմ։

Մյուսն ամենայն հաճոյականությամբ ջանաց գոհացնել խեղճ մայրը և վերջապես հաջողեցավ տեղ մը բանալ։

Այն սևազգեստ կինը, որուն այրին այդ խոսքերը կուղղեր, Սաթենիկն էր, այն, որ երկու շաբաթ առաջ ներկայացած էր Աղքատախնամին և ձեռնունայն ետ դարձած, արձանագրված չըլլալուն և իր մասին քնություններ կատարելու պետք տեսնվելու համար։

Այդ քննությունն այժմ կատարված էր։ Քանի մը օր առաջ, Աղքատախնամի օժանդակ մասնախմբեն անդամ մը, որուն պաշտոնն էր այդ տեսակ քննություններ կատարել, եկած էր իր տունը և մանրամասն հարցուփորձած էր զինքը, և կարգ մը բաներ ծանոթագրած՝ հուշատետրի մը մեջ։

Քառասունըհինգ տարեկան մարդ մըն էր եկողը, որ պարկեշտ և գթասեր մեկու մը տպավորությունը թողուցեր էր Սաթենիկի վրան, թեև իր նյութական վիճակին ու կյանքին վրա կատարված [ 59 ] բոլոր այդ քննությունները շատ անհաճո, շատ ստորացուցիչ եղեր էր խեղճ կնոջ համար, որ արհեստով ու կոչումով մուրացկան մը չըլլալով, երբեք չէր վարժված այդ տեսակ բաներու։

Հետո, իմացեր էր, որ մարդը միայն զինքը տեսնելով չէր բավականացած՝ այլ նաև այցելած էր մեկ քանի դրացիներու, անոնցմե ալ տեղեկություններ քաղելու համար։

Անշուշտ իր զավկին ամենատարրական պետքերը եթե հոգալու կարողություն ունենար, Սաթենիկ երբեք չպիտի զիջաներ դիմում ընել Աղքատախնամին, բայց երկու շարաթե ի վեր իր դժնդակ վիճակն ալ ավելի հուսահատական դարձեր էր։ Իր փոքրիկ աղջկան՝ Սիրվարդի վիճակը թեև փոփոխություն մը չէր կրած ու չէր ծանրացած, ինչպես բժիշկը վախ հայտներ էր, բայց միշտ տկար ու նիհար կմնար, սնունդի անբավականության սլատճաոով։ Եթե չլինեին կարի գործերը, որոնք արդեն մեծ բան մը չէին արտադրեր, գրեթե բոլորովին անոթի պիտի մնար իր փոքրիկ Սիրվարդին հետ, եթե իր երիտասարդ վարձակալը՝ պ. Գարեգին՝ ինքնաբերաբար և գրեթե բռնի, նյութական օգնություններ չըներ։

Այժմ Սաթենիկ բավական դրամ պարտական էր երիտասարդին և ասիկա մեծ խղճի խայթ մըն էր իրեն համար, որովհետև գիտեր, թե ան իր անհրաժեշտ պետքերեն զրկվելով էր, որ այդ նյութական փոքրիկ օգնությունները կըներ իրեն։

Եթե պզտիկ ամսական մը կապեին իրեն Աղքատախնամին կողմե, գոնե հացի դրամ մը, եթե քանի մը բրդեղեն լաթեր տային Սիրվարդին համար, Սաթենիկ ինքզինք երջանիկ պիտի համարեր։ Ու ժամերե ի վեր դուրսը, ցրտին կծկտած այդ շնորհին կսպասեր անհամբեր, վերադառնալու համար իր աղջկան քով, զոր քանի մը ժամվան համար բարյացակամ դրացուհիի մը խնամքներուն հանձնած էր։

Մյուս աղքատները հաշտ աչքով չէին նայեր այդ երիտասարդ կնոջ, որ հայտնապես կերևար թե իրենցմե չէր և որ թշվառության մեջ պահած էր տակավին հանկուցիչ գեղեցկության մը հետքերը։

Բաց աստի, Սաթենիկ իրենց հետ չէր մտերմանար, չէր խոսակցեր, իր տվայտանքն ու թշվառությունը չափազանցելով չէր ցուցադրեր ամենուն, չէր փորձեր շուրջիններուն արգահատանքը հրավիրել իր վրա։ Աղքատ ու հպարտ էր միանգամայն, ինչ որ աններելի թերություն մըն էր իրենց աչքին։ Չէ՞ մի որ ժողովրդական [ 60 ] բացատրությունն ալ «Աղքատ ու հպարտ» տեսակ մը անբնական, արտառոց, չըլլալիք բան մը կենթադրե։

Աղքատը իրավունք չունի հպարտ ըլլալու, պետք է գետնամած սողոսկի, խոնարհի, կքի, ցածնա ամենուն առջև, առանց արժանապատվության ամենափոքր հետք մը պահելու վրան։

Աղքատ ու հպարտ, աստված իմ, միթե կարելի է երևակայել այդպիսի անհեթեթություն մը։ Եվ սակայն, ահա այդպիսի տարօրինակ աղքատ մըն էր Սաթենիկ…

Երբ Ղուկաս էֆենտի մտեր էր Աղքատախնամի գրասենյակեն ներս, ամենքը փութացեր էին հարգանքով ոտքի ելլելու, նույնիսկ հոն գտնվող երկու խնամակալուհի տիկինները և օրիորդ մը, որ անոնց կընկերանար։

− Նստեցեք՛, էֆենտիմ, ի՞նչ կընեք, կաղաչեմ,− ըսավ Ղուկաս էֆենտի դանդաղաքայլ դեպի իրեն սահմանված թիկնաթոռը հառաջանալով։

Ղուկաս էֆենտի գիտեր, որ մյուսները նստելու համար պիտի սպասեին, որ նախ ինք բազմեր և ասոր համար կամաց կքալեր, որպեսզի զանոնք ոտքին վրա կեցնելու հաճույքը ըմբոշխնե:

− Է, գործի սկսինք,− ըսավ գրասեղանին մեջտեղը տեղավորվելով− …սարսափելի օդ։

− Ես այդ օդը շատ կսիրեմ,− ըսավ օրիորդ Նունիկ՝ հարուստ հանձնակատարի մը սիրուն, թխագույն աղջիկը, զվարթ ու բարի:

− Ես ալ այնպես,− ավելցուց տիկին Սոֆի, քառասունըհինգնոց մսեղ ու լայնափոր կին մը, ունևոր այրի մը, որ իր գայթակղալից պատմություններովը հաճախ խոսեցնել կուտար իր վրա −… այս առտու ելած ատեն անկողնիս մեջեն խոշոր-խոշոր ձյուներու իյնալը տեսա նե՝ անանկ քեյֆ ըրի որ…

− Մեյ մըն ալ աղքատներուն հարցուցեք,− ըսավ Մարգար էֆենտի, ծանոթ փաստաբան մը, որ Աղքատախնամի անդամ էր, սակայն հազիվ տարին մեկ քանի անգամ կմասնակցեր ժողովներուն:− Տաքուկ անկողնին մեջ պառկած ձյունը դիտելը կրնար շատ հաճելի բան մը ըլլալ, բայց երբ վառելիք ու հագնելիք չունիս, այն ատեն այսպիսի օդ մը պարզապես պատուհաս մըն է, և կարելի չէ հանգիստ սրտով վայելել ձյունը, երբ միտք բերենք ավուր հացի կարոտ հազարավոր չքավորները։

− Այդ մասին իմ խիղճս հանգիստ է,– պատասխանեց տիկին Սոֆի, իր դեմ ուղղված համարելով փաստաբանին խոսքերը,− [ 61 ] ես կրնամ հանգիստ սրտով ձյունը վայելել, քանի որ ձեռքես եկածը կընեմ աղքատներուն համար։

− Իմ ալ խիղճս հանդարտ է,− մեջ մտավ Նունիկ,− տեսեք ասանկ օդով օրս զոհեցի հոս գալով, փոխանակ տաքուկ սենյակս նստած՝ դաշնակ զարնելու։

− Կեցցեն ուրեմն մեր պատվական խնամակալուհիները, որոնք այսքան անձնվիրաբար կաշխատեին աղքատներու համար,− ըսավ տարեց մարդ մը, ձեռքերը թեթևորեն իրար զարնելով:

− Կեցցեն նաև Աղքատախնամին անդամները, որոնք նույնպես այնքան կհոգնին թաղին չքավորներուն համար,− ավելցուց տիկին Սոֆի։

− Ամենքս ալ կեցցենք, քանի որ ձեռքերնես եկածը չենք խնայեր,– եզրակացուց Ղուկաս էֆենտի։

Այս փոխադարձ գովասանքներեն ետքը՝ վերջապես նպաստներու բաշխումը սկսավ։

Երկու կիները և օրիորդ Նունիկ բրդեղեն ու ֆանելայե հագուստները, որոնք խոշոր ծրարներու մեջ դրված էին, մեջտեղ հանեցին ու խոշոր սեղանի մը վրա դիզեցին։ Հետո մեկիկ-մեկիկ նպաստընկալները ներս կանչվեցան և իրենց հանած աղմուկին, պոռչտուքին ու լացուկոծին համեմատությամբ նվերներ ընդունեցին:

Ղուկաս էֆենտի իր թիկնաթոռին մեջ փռված, անձնդյուր, սիկարեթը բերանը, կդիտեր այս տողանցությունը, ատեն-ատեն չափազանց աղմկարարները սաստելով բարձրագոչ։

− Է, երկան ըրիք, դուրս կորսվեցեք նայիմ, աս ի՞նչ անամոթություն է… շատ խոսիս նե՝ հիչ բան մը չենք իտար հա… էտեպսսիզություն պետք չէ,– և այլն։

Ասիկա կըներ պարզապես զգացնելու համար իր իշխանությունը: Իրողությունն այն էր, որ այդ գործողություններուն միջոցին ինք՝ մտովի՝ բոլորովին այլուր փոխադրված էր: Հետևյալ օրը, երկուշաբթի, վերջապես պիտի կատարվեր աղջկան խոսք-կապը: Տղան ալ բոլորովին «ապան էրած էր», ինչպես ուրախությամբ կըսեր Ղուկաս էֆենտի։

Թեև դրամօժիտի մասին անգամ մըն ալ խոսք բացեր էր երիտասարդը, բայց ինք որ կացությունը կշռած էր, բացարձակապես մերժած էր երեք հազար ոսկիեն ավելի վճարելու։ Նույնիսկ այդ գումարը այժմ չափազանց կնկատեր: [ 62 ] − Գուցե երկու հազար ոսկիով ալ գործը կլմնցունեինք,– կխորհեր, և միտքեն ի վար միջոց մը կփնտռեր խաղի մը բերելու համար իր փեսացուն։

Խոսք-կապի առթիվ նույն առտուն կրկին իրենց տունը հյուր եկած էր քենին, տիկին Երանիկ Ամիսյանը, իր փոքրիկ աղջկանը՝ Արաքսիի հետ, որ տասներկու տարեկան գիրուկ, սևաչվի և թուխ աղջիկ մըն էր։

Ղուկաս էֆենտի քանի մը տարիե ի վեր ծածուկ հարաբերություններ հաստատած էր քենիին հետ, որ ինչպես գիտենք, հաճախ իրենց տունը հյուր մնալու կուգար։ Այս բանը գրեթե բռնի պարտադրած էր կնոջ, իբրև փոխարինություն մը այն պաշտպանության և դրամական օգնության, որ ըրած էր սնանկացյալ ամուսնույն:

− Խալթ մըն էր, իմ սայիես կապրիք կոր,− ըսած էր Երանիկի, անոր ընդդիմություններուն հաղթելու համար։

Եվ խեղճ կինը ստիպվեր էր տեղի տալու, նախ տեսակ մը խղճի խայթով ու պժգանքով, հետո, ալ սորված, գրեթե անտարբերությամբ, անձնամատույց կիներու պես, որոնք ապրելու համար ստիպված են իրենց մարմինը վաճառելու։

Այդ առտու, երբ Ղուկաս էֆենտին տեսած էր քենին, հաճելի զգացում մը, տարփոտ ցանկություն մը զգացած էր ու հիմա շվայտ հեշտանքով մը կխորհեր իրեն սպասող հաճույքին վրա, քանզի միտքը դրած էր նույն իրիկունն իսկ օգուտ քաղել անոր ներկայութենեն։ Բոլոր այս հայրատ մտածումները կգրգռեին իր երևակայությունը և ամբողջ ջղային դրությունը։ Աճապարանք մը ուներ ժամ առաջ տուն դառնալու։

− Դեռ շատ մարդ կա՞, դեռ որքա՞ն մնաց,− կհարցներ ատեն-ատեն դռնապան Մարկոսին, անհամբեր կերպարանքով մը։

− Դուրսը լեցուն են,− կպատասխաներ մարդը անդրդվելիորեն։

Եվ կշարունակեր տողանցությունը, պոռչտուկները, լացուկոծը, բողոքները, օրհնություններու և փառաբանություններու հետ խառնված։

− Ողջ ըլլաք, շատ ապրիք, աստված մեկ օրերնիդ հազար ընե, տերտ խասավեթ չցուցնե, ևն։

Բրդեղեն ու ֆանելա զգեստներն ալ սպառեցան, երկու տիկինները և օրիորդը գործերնին ավարտած նկատելով՝ մեկնեցան, [ 63 ] կեսօր էր ու տունը ճաշի կսպասեին: Դուրսը հազիվ մեկ քանի հոգի մնացեր էին:

− Ամենքը մեկեն ներս կանչեցեք,− գոչեց Ղուկաս էֆենտի, ժամացույցին նայելով։

Չորս կին և երկու ծերունի մարդ ներս մտան ու եկան շարվեցան գրասեղանին առջև։ Սաթենիկն ալ իրենց մեջն էր, երկչոտ, ամաչկոտ, ետևոք կեցած՝ լուռ ու նեղված։

− Սըվոնց ալ գործը տեսեք, ճամփեցեք,− հրամայեց էֆենտին։

Բայց անոնք սովորական նպաստով գոհանալու երևույթ չունեին։

− Մեր լաթերը ո՞ւր է… ասանկ օրով չըպլա՞խ պիտի ձգեք մեզի, ամենուն ալ տվիք, մեր հանցանքը ի՞նչ է, մենք հայ չե՞նք, քրիստոնյա չե՞նք… փայտ չունինք, քեոմյուր չունինք, ուտելիք չունինք…

− Ինչ ընենք, չմնաց, ուշ եկաք,− ըսավ Աղքատախնամի անդամներեն մեկը−…ամենքն ալ տրվեցավ, դուք ալ զատկին կառնեք, քիչ մը համբերեցեք…

Եվ ընդհանուր դժգոհության մրմունջներու մեջ մեկնեցան մեյմեկ դրամական նվեր քսանական օխա ածուխի համար տոմսակ մը առնելով: Ալ միմիայն Սաթենիկը մնացած էր դռան քով։

− Դուն ի՞նչ կուզես,− գոռաց Ղուկաս էֆենտի։

Սաթենիկի մասին քննություն կատարող անձը ծռեցավ էֆենտիին ականջին ու բաներ մը փսփսաց.

− Ահավասիկ, հոս, ձեր առջև, գրասեղանին վրա է,− պատասխանեց մարդը,− ծալված թուղթ մը ցույց տալով։

Էֆենտին առավ և սկսավ կարդալ։

Տեղեկագիրը կհաստատեր թե Սաթենիկ իր, ինչպես նաև իր դրացիներու վկայությամբ, ոևէ ապրուստի միջոց չուներ, թե ձեռագործի աշխատությունները բացարձակապես անբավական էին զինքն ու փոքրիկ աղջիկը, որ նոր հիվանդությունե ելած էր, ապրեցնելու։ Բայց կհավելուր, մութ կետ մը կար, որ լուսաբանության կարոտ էր և որու մասին գայթակղական զրույցներ կշրջեին դրացիներու մեջ, Սաթենիկ իր տան մեջ իբրև վարձակալ ուներ Գարեգին անունով երիտասարդ մը, որ կվճարեր տան վարձքը, ըստ խոստովանության նույնիսկ Սաթենիկի, դրացիները կկասկածեին, [ 64 ] թե այդ երիտասարդը հավանորեն Սաթենիկի հոմանին էր, մանավանդ որ շատ հոգ կտաներ տունվորներուն և նույնիսկ աղջկան հիվանդության ատեն բժիշկ բերած, դեղերը շինել տված և ամեն կերպով հոգածու գտնված էր, ինչ որ պարզ և անտարբեր վարձակալի մը պարտականությունները չէին։ Դրացիները նկատած էին նաև, որ Սաթենիկ միշտ կխուսափեր դրացի էրիկմարդոց հետ ոևէ հարաբերություն ունենալե, կամ հետերնին խոսելե, ինչ որ ցույց կուտար, թե, երիտասարդը շատ նախանձոտ նկարագիր մը ունենալու էր։

Տեղեկագիրը կեզրակացներ, թե որոշումը տալե առաջ լավ կըլլար, որ Ֆերիգյուղի եկեղեցիի քահանային կողմե ալ կնոջ բարոյականին մասին քննություն մը կատարվեր և անոր վկայաթուղթը լսվեր։

Երբ Ղուկաս էֆենտի տեղեկագրին ընթերցումը ավարտեց, խոսքը Սաթենիկին ուղղելով՝ ըսավ.

− Հոս եկուր նայինք։

Սաթենիկ կամաց-կամաց հառաջացավ, հետզհետե ավելի կարմրած, ավելի ամոթահար։

− Ի՞նչ կուզես կոր հիմա,− հարցուց էֆենտին։

− Տասնըհինգ օր առաջ եկած էի աղջկանս հիվանդության առթիվ, որ ամսական նպաստ մը շնորհվի ինծի, գոնե քիչ մը ատենվան համար, և դուք ալ ըսիք, որ նախ պետք է քննություն կատարվի իմ մասին և թե հարկ էր, որ երկու շաբաթ ետքը կրկին գայի… կարծես քննություն կատարվեցավ, ուստի այսօր եկա, որպեսզի նպաստը առնեմ։

− Այո, քննությունը կատարված է… կրնաս երթալ։

− Շնորհակալ եմ, բայց նպա՞ստը − կմկմաց Սաթենիկ, որ չէր հասկցած Ղուկաս էֆենտիի խոսքերուն իմաստը:

− Նպաստ չի կա:

− Ինչո՞ւ համար,− կակազեց հեգ թշվառուհին։

− Դուն նպաստ քու ձեռքովդ ճարեր ես,− շարունակեց էֆենտին չար ժպիտով մը −… սիրականիդ տվածը չի՞ բավեր կոր:

Սաթենիկ այլայլած՝ շլմորած՝ գույնը հանկարծ մեղրամոմի սպիտակություն մը առած, կմկմաց.

− Ո՞ր սիրականս…

− Վա՞յ, ըսել է քանի մը հատ կա, հա՞… կեցցես,− գոչեց Ղուկաս էֆենտի խնդալով,− տեղեկագրին մեջի սիրականդ, [ 65 ] Գարեգին է, ի՞նչ փեզեվենկ է… ազգին փարաները քեզի պես բոզերո՞ւն պիտի տանք… դուրս կորսվե, նայիմ, խալթախ քեզի…

Սաթենիկ, լեզուն բռնված, առանց կարենալ բառ մը արտաբերելու, ինքզինք սենյակեն դուրս նետեց և սանդուխեն վար գահավիժեցավ։

Ամենքը մեկնելու համար ոտքի ելած էին:

— Բայց, էֆենտի,— առաջարկեց Աղքատախնամի փաստաբան անդամը, որ քիչ մը առաջ տեղեկագիրը աչքե անցուցած էր,— որոշ ամբաստանություն մը չի կա, եղածները պարզ ենթադրություններ, դրացիներու բամբասանքներ են…

— Դեռ ի՞նչ ըլլա,— գոչեց Ղուկաս էֆենտի բարկացած,— երիտասարդ այրի կնիկ մը, որ ամուրի երիտասարդի մը հետ առանձին կնստի ու այդ երիտասարդը տանը վարձքը կվճարե… արդեն չտեսա՞ք, բերանը կըրցա՞վ բանալ, խոսք մը կըրցա՞վ ընել, ձգեց փախավ անամոթը, վայ անբարոյական, վայ, մեյ մըն ալ եկեր երես ունի տե փարա կուզե կոր, կնայի՞ք մի խալթախը…

Փաստաբանը, որ դյուրավ տեղի տվող չէր, կրկին փորձեց արդարացնել հեգ կինը.

— Տունը երիտասարդ վարձակալ մը ունենալով անպատճառ անոր սիրուհին եղած չըլլար… և հետո պարզ ենթադրությամբ մը իրավունք չունինք զինքը նախատելու, կրնանք նպաստ չի տալ, առանց պատիվին դպչելու։

— Ի՞նչ ընեինք, էֆենտիս,— պոռաց Ղուկաս էֆենտի,— աղաչեի՞նք, պաղատեի՞նք, ոտքը ձե՞ռքը իյնայինք, գլխերնուս վրա՞ նստեցնեինք… ըրածս քիչ էր անգամ, այդ տեսակ անպատիվ կնիկները բոլիսին տալու է, անառականոցը բանտարկելու է, որ երթան սորվին… չտեսա՞ք ինչ լկռտած կերպարանք մը ուներ, աղաչել, պաղատիլ չկա, խոնարհիլ չի կա… «քննությունը ըրիք, նպաստ տվեք»… վայ անբարոյական… գրելու է Ֆերի Գյուղի թաղական խորհուրդին, որ այդ բոզը հանել տա այդ մահալլեեն… ազգերնուս մեջ մեկ ընտանեկան պատիվ մը ունինք, անիկա գոնե մաքուր պահենք։

Հասած էին եկեղեցիին դռան առջև, Ղուկաս էֆենտի մնաք բարով ըսավ. կառք նստավ և մեկնեցավ։

— Սիրտը բարի մարդ է, բայց բարոյականի մասին խստապահանջ է,— ըսավ Աղքատախնամի անդամներին մեկը՝ էֆենտիին ակնարկելով։ [ 66 ] − Ընտանիք, պատիվ, բարոյական՝ ուրիշ բան չի ճանչնար, ավելցուց ուրիշ մը։

− Անանկ ըլլալու է, էֆենտիմ, եթե անոր պես մարդիկ չըլլան, ո՞ւր կերթա վերջերնիս։

Եվ փողոցին ծայրը Աղքատախնամի անդամները իրարմե զատվեցան։

Ձյունը կշարունակեր տեղալ:

Սաթենիկ հետիոտն կքալեր Բանկալթիի շիտակ ճամփեն, ընկճված, ջախջախված։ Ղուկաս էֆենտիի անլուր նախատինքները տակավին կայրեին իր սիրտը։ Լալու, արցունքներու մեջ անէանալու փափաք մը կզգար ներսիդին, բայց գերմարդկային ճիգով մը կզսպեր ինքզինքը։ Երբեք չէր կրնար երևակայել, որ իր վրա կատարված քննություն մը այդպիսի արդյունքի մը պիտի հանգեր։ Իր վարձակալը՝ Գարեգին՝ մեռած ամուսնույն մտերիմ բարեկամը, միմիայն եղբայրական համակրանք և խնամք ցույց տված էր իր ու աղջկանը՝ Սիրվարդին հանդեպ։ Ինքն ալ փոխադարձաբար, իբրև իր մեկ մոտիկ ազգականը նկատած էր զայն միշտ, առանց երբեք մտքեն տարփական մտածում մը անցնելու։ Եվ ահա հիմա իբրև սիրահար ու սիրուհի կամբաստանվեին… Ասիկա հրեշային բան մը, ահավոր անարդարություն մը կթվեր իրեն։ Ալ գրեթե մոռցած էր ձեռնունայն դառնալը, իր նյութական սարսափելի կացությունը, թշվառությունը, որ իրեն կսպասեր քիչ մը անդին։

− Իցիվ չերթայի, իցիվ թե չենթարկվեի այդ խոսքերուն, այդ նախատինքներուն,− կխորհեր ինքնիրեն։

Վերջապես հասավ Ֆերի Գյուղ, իրենց բնակած թաղը։ Գնաց գտավ աղջիկը, որ դրացիի մը պահպանության հանձնած էր և որ անհամբեր իրեն կսպասեր։

− Պարե պան մը տվի՞ն,− հարցուց դրացուհին, հոգատար ձայնով մը։

− Չէ, Շաղիկ հանըմ, բան մըն ալ չտվին, պարապ տեղը մինչև հոն գացի ժամերով սպասեցի։

− Քա, վո՜ւյ, մեղքիս, ինչո՞ւ համար… աժեմին չաժեմին կուտան կոր, քեզի պես կենճին ինչո՞ւ չիտան… մեղա, սա ի՞նչ անաստվածություն է։

Սաթենիկ չուզեց պատմել եղածը, ամոթ կըզգար ըսելու թե ինչո՞ւ մերժած էին նպաստը։

− Քա, հեչ խորաթա մը չըրի՞ր, պան մը չըսի՞ր… քիչ մը [ 67 ] պոռայիր կանչեիր… մինչև որ էտեպսիզություն չընես, անոնք փարա չեն իտար… Խուզիի պես ծանդ քաշես նստիս նե՝ հելպեթ չեն իտար: Քա, վա՞խ, զավալլը, ասանկ օրով, փարասըզ ձգել… գետինն անցնին, սա ինչ վիճտանսըզ մարդիկ են եղեր… տալըս կըսե նե հախ ունի, մարդկությունը աշխարհքես վերցեր է… քա, վախ, վախ, վախ… էլ բեք գեշ եղա, քուրուկ, աս ինչ պան է գլխուդ եկավ…

− Ել տուն երթանք, աղջիկս,− ըսավ, Սաթենիկ, Սիրվարդի ձեռքը բռնելով, որպեսզի վերջ տա այս անախորժ խոսակցության։

Շաղիկ հանըմ, որ այսպես կողբար Սաթենիկի վիճակին վրա, այն կինն էր, որ Աղքատախնամի կողմեն եկող քննիչին հաղորդեր էր դրացիներու կասկածները Գարեգինի և Սաթենիկի սիրային հարաբերություններու մասին, կասկածներ, որոնք միայն իր երևակայության մեջ ծնունդ առած էին և որ սակայն իբրև հանրային կարծիք կներկայացներ։

Երբ Սաթենիկ իր աղջկան, փոքրիկ Սիրվարդի հետ վերադարձավ տուն, Գարեգին հոն էր։ Երիտասարդը, երբ այսպես օդը գեշ ըլլար կիրակի օրերը, իր սենյակը նստած՝ ընթերցանությամբ ժամանակ կանցներ։ Սրճարանի կյանքը հաճելի չէր իրեն, մանավանդ որ, մենասեր ըլլալով, բարեկամական հարաբերություններ չէր հաստատած իրեն տարեկից երիտասարդներու հետ, ուստի կնախընտրեր կիրակիի ազատ ժամերը օգտակարապես գործածել, զանոնք ինքնազարգացման զոհելով։

Պատմական գիրքի մը ընթերցումին մեջ թաղված էր, երբ որ լսեց տան դռան բացվելը և Սաթենիկի ներս մտնելը։ Գիտեր, որ Աղքատախնամեն կուգար և կուզեր իր դիմումին արդյունքը իմանալ, քանզի խեղճ կնոջ թշվառ վիճակը, որուն ականատես վկան էր ամեն ժամ, զինքը սաստիկ կտագնապեցներ, մանավանդ որ իր ալ նյութական միջոցները չէին ներեր ուզածին պես օգնելու իր բարեկամին այրիին ու աղջկանը։ Մեծ հույս ուներ նույն օրվան Սաթենիկի դիմումին վրա։ Անկարելի կթվեր իրեն, որ Աղքատախնամը չփութար օգնության հասնելու այսքան իրապես թշվառ կնոջ մը, որուն վիճակին վրա ալ նախապես քննություն մը կատարված էր։

Ուստի երբ Սաթենիկ վեր ելավ, Գարեգին անմիջապես գիրքը բազմոցին վրա դրավ և սենյակին դուռը բանալով, ըսավ.

− Դո՞ւք եք, տիկին, կհուսամ, որ ձեր խնդիրը հաջող կերպով կարգադրվեցավ… գոնե կարևոր նպաստ մը որոշեցի՞ն: [ 68 ] Սաթենիկ վարանում մը ունեցավ. ինչպե՞ս կարելի էր Աղքատախնամի մեջ անցածը պատմել երիտասարդին, բայց ստելն ալ անկարելի էր, ուստի վճռաբար ըսավ,

− Նպաստը մերժեցին, բան մըն ալ չտվին, պարապ տեղը գացի մինչև հոն։

− Մերժեցի՞ն,− գոչեց Գարեգին զարմացած −… ինչո՞ւ համար:

− Քննության տեղեկագիրը աննպաստ է եղեր ինձ,− մրմնջաց Սաթենիկ, որուն ձայնը հուզումեն կդողար։

− Բայց անկարելի բան է ձեր ըսածը, ինչպե՞ս կարելի է որ ձեր վիճակը ունեցող մեկու մը աննպաստ տեղեկագիր տրվի։

− Որովհետև… սիրահար ունիմ եղեր։

Առտվնե ի վեր զսպված հուզումն էր, որ ալ կպայթեր։ Սաթենիկ ինկավ աթոռի վրա և սկսավ դանդաղորեն լալ, երեսը երկու ձեռքերուն մեջ պահած։ Մանկուհին, որ քովն ի վեր կանգնած էր, մոր արցունքը տեսնելով, ինքն ալ սկսավ լալ։

Գարեգին ջանաց հանդարտեցնել խեղճ կինը, ստիպեց որ երեսը լվա, լացը դադարեցնե, մանավանդ որ հեգ փոքրիկ Սիրվարդը, առանց գիտնալու պատճառը, ինքն ալ մորը փաթթված բարձրագոչ կարտասվեր։

Սաթենիկ վերջապես հանդարտվեցավ և մանրամասնորեն պատմեց Աղքատախնամի գրասենյակին մեջ պատահածը։ Գարեգին երբ իմացավ, որ Սաթենիկ իր պատճառով կզրկվեր նպաստե և միանգամայն անունը կաղարտեր, շատ հուզվեցավ, մանավանդ չէր կրնար ընդունիլ, որ այս թշվառ կինը այդպիսի նախատինքներու ենթարկվեր բոլորովին անմեղ տեղը, այս իրողությունը զինքը կկատղեցներ։

− Պետք է երթամ այդ Ղուկաս էֆենտիին հետ տեսնվիմ, ըսած խոսքերը ետ առնել տամ,− կկրկներ սենյակին մեջ բարկությամբ վեր վար քալելով։

Բայց Սաթենիկ զգացուց, թե երիտասարդին կողմե այդպիսի արարք մը ոչ թե օգուտ մը չպիտի ունենար, այլ ավելի փաստ մը պիտի համարվեր եղած ամբաստանության ու պատճառ պիտի ըլլար, որ իր անունը ավելի ևս աղարտի։ Լավագույն էր լռություն պահել, ծածկվիլ, մոռացվիլ։

Երբ Գարեգին վերադարձավ իր սենյակը, չկրցավ ընթերցումը [ 69 ] շարունակել։ Սաթենիկի պատմությունը տակնուվրա ըրած էր զինքը ու այժմ ահռելի խղճահարության մը մատնված էր։

− Ուրեմն այսպես, խեղճ կինը իմ պատճառովս կզրկվեր նպաստե մը, իր ապրուստի միակ հույսեն, ինչպե՞ս կրնամ խղճի հանդարտությամբ հանդուրժել այսպիսի բանի մը… ձգել ելլել տունեն և սակայն այն ատեն խեղճ կինը բոլորովին անոք ու անպաշտպան պիտի մնա. հիմա գոնե ինե ստացած դրամովը տան վարձքը կվճարե և հոգ մը պակաս կունենա, բայց աստի վերջապես միշտ քովը մեկը ունի, որ նեղ պարագաներոuն գոնե փոքրիկ օգնություն մը կրնա ընել… չէ, թողուլ երթալը պարզապես վատություն պիտի ըլլա, դասալքություն մը… ընդհակառակը պետք է մնալ և կռվիլ, պետք է այդ մարդոց հասկցնել, թե անլուր զրպարտություն մըն է այդ ըսած խոսքերը, թե իրավունք չունին պարզ ենթադրություններու վրա հենվելով, այսպես անոթության մատնելով որբևայրի մը ու իր փոքրիկ աղջիկը։

Գարեգին հետզհետե այդ գաղափարին կկառչեր․ պետք էր երթալ գտնել Աղքատախնամի անդամները և ջանալ զանոնց համոզելու, թե իրենց տեղեկաբերը սխալած էր և թե Սաթենիկ պարկեշտ կին մըն էր ու ամեն կերպով արժանի օգնության։

− Վաղը իսկ պետք է որ երթամ և համոզեմ զիրենք, ասով միայն խիղճս պիտի կրնա հանգստանալ… իսկ եթե ինծի հետ ալ նախատական լեզվով խոսին, այն ատեն գիտեմ ընելիքս։

Ու այս որոշումը տալեն ետքը, երիտասարդը հանդարտած շարունակեց իր ընթերցումը։

Սաթենիկ իր խուցը քաշված՝ կջանար կուրծքին վրա տաքցնել Սիրվարդը, որ ցրտեն կդողար։

Նույն իրիկունը մեծ ուրախություն կար Ղուկաս էֆենտի Կելկիթյանի բնակարանը։

Հետևյալ օր խոսք-կապ պիտի կատարվեր վերջապես, լուրը արդեն գրեթե կես պաշտոնապես հաղորդված էր բարեկամներու և շատերը եկած էին մտերմորեն իրենց խնդակցությունը հայտնելու։

Այս խնամությունը մեծ բախտ մը կհամարվես Ռոզիկի համար և բոլոր բարձր դասու աղջիկներուն նախանձը կգրգռեր։ Ամբողջ Բերայի մեջ օրվան խոսակցության նյութ էր այդ նշանտուքը։

− Ինտոր այս քելեփիրը խափիշ ըրին - կըսեին ծնողքները, Կելկիթյաններուն ակնարկելով։

Եվ սակայն կըսեին, թե երիտասարդին մայրը շատ համամիտ [ 70 ] չէր այս միության, թե անոր կամքին հակառակ կկատարվեր, տղուն ստիպումներուն վրա և թե այս առթիվ բավական բուռն վեճեր տեղի ունեցած էին մոր ու զավակին միջև։

Իրավ ալ վերջին օրերս Լևոն միշտ առանձին այցելած էր Ղուկաս էֆենտիի տունը, տիկին Անթառամի բացակայությունը վերագրելով անհանգստության մը։ Տիկին Թագուհի և աղջիկը առջի օր գացեր էին պանդոկ հիվանդտեսի, սակայն հիվանդը դուրս ելած էր, ինչ որ ցույց կուտար, թե այդ անհանգստությունը պարզ պատրվակ մըն է։ Տիկին Անթառամի այս ընթացքը անուշադիր չէր անցեր Ղուկաս էֆենտիի և կնոջ աչքերեն և միակ սև կետն էր, որ կմնար հորիզոնին վրա:

Արդարև տիկին Անթառամ բավական բուռն ընդդիմության մը ցույց տվեր էր զավակին, մասնավորաբար դրդված Տ. Միքիաս քահանայեն, որ կրկին եկած էր պանդոկ, և հոն առանձին գտնելով Լևոնի մայրը, այս անգամ բացե ի բաց ջանացեր էր համոզելու, որ փոխանակ Ռոզիկը հարս առնելու, Հերմինեի հետ ամուսնացնե տղան։

Տ. Միքիաս քահանան հիմա առանձին, իր հաշվույն չէր գործեր, այլ գացած էր միջնորդությունը առաջարկած էր Սմսարյանենց և անոնք ալ սիրով ընդունած էին և մեծկակ գումար մըն ալ խոստացած՝ եթե հաջողեր Լևոնը իրենց աղջկան հետ նշանելու։

Եվ սակայն Լևոն անդրդվելի մնացեր էր և նույնիսկ կռվեր էր մոր հետ, որ այժմ բոլորովին հակառակ դարձած էր Կելկիթյաններուն, որոնց մասին շատ մը աննպաստ բաներ պատմած էր Տ․ Միքիաս քահանան։

ԳԼՈԻԽ Է

Եվ սակայն, ինչպես ըսինք, երկուշաբթի օր խոսք-կապ կատարվեցավ։ Տիկին Անթառամ ակամա՝ ոսկի օղակը անցուց Ռոզիկի մատը և անոր երեսը համբուրեց։

Տ. Միքիաս հայրը, որուն մեքենայությունները հեռվեն հեռու իմացած էին Կելկիթյանները, չհրավիրեցին այս հանդիսավոր արարողության, ինչ որ ալ ավելի կատաղեցուց քինախնդիր քահանային:

Ղուկաս էֆենտի շատ ուրախ էր։ Այս նշանտուքը անձնական հաղթանակ մը կհամարեր իրեն համար և տնով կփառավորվեր [ 71 ] − Վերջապես հաջողեցա երեք հազար ոսկիով խնդիրը լմնցնել,− կխորհեր:

Իսկ երկու նշանածներուն դեմքին վրա երջանկություն կճառագայթեր։

Միայն պզտիկ տխրություն մը ունեին։ Լևոն 1-2 օրեն անակնկալ ստիպված էր Փարիզ մեկնիլ խիստ կարևոր անակնկալ գործի մը համար, որու մասին առջի օր հեռագիր մը ստացած էր․ բացակայությունը հազիվ երկու շաբաթ պիտի տևեր։ Տիկին Անթառամ Պոլիս պիտի մնար, իր զավակին վերադարձին սպասելով։

Այս մեկնումը ահա միակ սև ամպն էր երկու սիրահարներու ջինջ երկնքին վրա և խոսք-կապի օրը գրեթե բոլոր խոսակցությունը անոր շուրջ դարձավ։

− Թող գործը ըլլա տե՝ վնաս չունի, ինչ ընենք, երկու շաբաթը շուտով կանցնի,− ըսավ Ղուկաս էֆենտի, որ գիտեր թե իր փեսացուն փայլուն գործ մը լմնցնելու համար կէրթար Փարիզ։

− Մենք ալ հոս օժիտի պատրաստություններ տեսնելով ժամանակ կանցնենք,− ավելցուց տիկին Թագուհի,– այնպես չէ՞, տիկին Անթառամ։

Տիկին Անթառամ գլխով հավանության նշան մը ըրավ։

Լևոն արտոնություն խնդրեց Ղուկաս էֆենտիեն, որպեսզի բացակայության միջոցին թղթակցի իր նշանածի հետ։

− Ուզածիդ չափ գրե,− արտոնեց Ղուկաս էֆենտի։

Երկու օր ետքը Լևոն մեկնեցավ Փարիզ։ Ղուկաս էֆենտի և Ռոզիկ իրեն ընկերացան մինչև Սիրքեճիի կայարանը։

Բաժանումը շատ սրտահույզ եղավ, Ռոզիկ գրեթե կուլար մինչև ետքը, մինչև Լևոն գողտր բառերով կջանար զայն մխիթարել։

Խոստացավ որ ճամփեն, ամեն կայարան հասնելուն իրեն քառթ մը պիտի ուղղեր, ցույց տալու համար թե միշտ իր սիրելի Ռոզիկի վրա կմտածեր։ Ղուկաս էֆենտի պատշաճ դատեր էր մեկ կողմ քաշվիլ, որպեսզի երիտասարդները կարենան ազատորեն վայելել իրենց վերջին վայրկյանները, նույնիսկ թույլ տված էր, որ թև թևի հեռանան կայարանի քարափին վրա, հեռու հետաքրքիր ու պրպտող ակնարկներե։

Եվ երկու նշանածները փութացեր էին օգուտ քաղել հայրական այս թույլտվությունեն։

Բայց վերջապես հնչեր էր մեկնումի սուլումը, ճամփորդները [ 72 ] կվազեին վակոններեն ներս մտնելու համար և Լևոն վերջին անգամ մըն ալ համբուրելով Ռոզիկի այտերը, ցատքեր էր իր վակոնը։

Շոգեկառքը վերջին սուլում մըն ալ արձակելով, կամաց-կամաց ճամփա ելած էր։

− Ցտեսություն, Ռոզիկ:

− Ցտեսություն, Լևոն։

Եվ աղջիկը իր արցունքները կսրբեր, մինչ երիտասարդը, հուզված, բայց ժպտերես՝ ձեռքով համբույրներ կղրկեր:

Վայրկյան մը ետքը կառախումբը անհետ եղեր էր, մինչ Ռոզիկ մտածկոտ՝ աչքը հառած կմնար երկաթուղիի գիծերուն։

– Քալե երթանք, աղջիկս,− ըսավ Ղուկաս էֆենտի:

Հետո անոր տրտում տխուր կերպարանքը տեսնելով, ուզեց մխիթարել, իր գիտցած կերպովը։

− Աղջիկս, ինչո՞ւ կտխրիս, հոն չպիտի մնա յա, երկու շաբաթեն պիտի գա, աղվոր շահ մը ընելու միտք ունի, ինծի պատմեց գործը, եթե հաջողցնե՝ քանի մը հազար ոսկի պիտի շահի, գե՞շ է, դուն ալ կօգտվիս, քանի մը ոսկիի ավելի նվեր կառնես… փոխանակ տխրելու՝ պետք է որ ուրախ ըլլաս։

Աղջիկը չպատասխանեց, հորը մխիթարանքը ավելի նյութականի վրա հիմնված, զինքը կվիրավորեր։ Հիմակ սկսած էր ճշմարտապես սիրել այդ երիտասարդը, որուն հետ նախ արվեստակյալ պչրանքներ ունեցած էր միայն․ և իրեն ծանր կթվեր, որ իր սերը այսպես նյութական հաշիվներու առարկա ըլլար։

Բայց Ղուկաս էֆենտի չնկատեց աղջկան վրա իր խոսքերուն թողած ազդեցությունը և ուզեց ավելի առաջ տանել մխիթարանքը և իր տեսությունները:

− Աղջիկս,− շարունակեց,− ես քեզ ավելի լուրջ և խելացի կկարծեի, նշանածիդ քով անշուշտ ինքզինքդ տխուր ցույց տալու էիր, քանի որ կբաժնվի կոր քենե, ատոր ըսելիք չկա, բայց հիմա որ գնաց, հեռացավ ալ պետք չունիս այդ տխրությունը շարունակելու:

− Բայց ի՞նչ ընեմ, երբ որ ճշմարտապես տխուր եմ,– կմկմաց աղջիկը, վիրավորված հոր խոսքերեն:

− Վայ, ըսե որ իրավցնե կսիրես կոր այդ մյուսյու Լևոնը,- ըսավ Ղուկաս էֆենտին խնդալով:

Ռոզիկ կրկին չպատասխանեց։

− Անշուշտ պետք է սիրել այսպիսի գործունյա և հարուստ [ 73 ] երիտասարդ մը, որ ինքն իր գլուխը կրցած է այսպիսի դիրքի մը տիրանալ,− շարունակեց հայրը, − ես ալ կսիրեմ այս տեսակ գործի մարդերը, բայց ամեն բանի մեջ հաշիվ պետք է, մինչև իսկ սիրո մեջ… առանց հաշվի սերը մարդուս գլուխը փորձանք կբերե։

− Բայց ինչո՞ւ այս խոսքերը կընես,− հարցուց խեղճ Ռոզիկ, որ հոր այդ տարօրինակ մխիթարանքներեն ավելի կվշտակրեր ու աչքերը արցունքով կլեցվեին։

− Այս խոսքերը կընեմ քու երջանկությանդ համար, աղջիկս− ըսավ, անողոք հայրը, − եթե, այսպես, իրավցնե զգացումներուդ գերի ըլլաս, ամիս մը առաջ չճանչած մեկ մարդու մեկնումին համար տխրիս ու լաս, այն ատեն ինքզինքիդ տերը չես կրնար ըյլալ… տես, մինչև հիմա գործը հաջողցուցինք, մինչև այս կետին հասցուցինք, որովհետև մենք կրցանք անոնց քիթեն բռնել… որովհետև հաշիվով՝ վարպետությամբ գործ տեսանք․․․ դեռ ամեն բան չլմնցավ, մինչև պսակը լմննալը վարպետությունը ձեռքե ձգելու չէ, այս գործի մեջ տակավին շատ բաներ կրնան դաոնալ, դուն փորձություն չունիս, խելքդ չի հասնիր, բայց ես հեոուն կտեսնեմ… իրավ է որ տղայեն վախ չի կա, բայց անգին հատը մայրը կա, որուն խելքը դարձուցեր են․․․ չտեսա՞ր խոսք-կապ օրվան կերպարանքը, երեսեն զենիր կվազեր կոր, կարծես մեռելի տուն եկեր էր… Տ․ Միքիաս օլահախն ալ ամեն աղտոտություն կընե կոր ետևես։ Ասոնց ամենքը աչքիդ առջև բեր ու խոհեմությամբ վարվե…

− Բայց ի՞նչ ըրած ունիմ,− հարցուց Ռոզիկ այդ խոսքերեն վրդովված։

− Դեռ ի՞նչ պիտի ընես, իրավցնե սիրել սկսեր ես այդ մարդը․․․ կեցիր նայինք, մեյ մը սա հարսնիքը ըլլա, անկե ետքը ուզածիդ չափ սիրե․ բայց մինչև այս ատեն նայե որ ինքզինքդ ազատ պահես, վարպետությամբ, խոհեմությամբ վարվիս… սիրո մեջ խոհեմություն չմտնար, ասիկա աղեկ միտքդ դիր, աղջիկս, ես քու աղեկությունդ կուզեմ, ասոր համար այսպես կխոսիմ․․․ դուն լուրջ աղջիկ մըն էիր մինչև հիմա, նորեն անանկ մնացիր… դուն նայե, որ ան քեզ սիրե, անոր քիթեն բռնես և ոչ թե դուն քիթեդ բռնվիս… այս աշխարհքը խաբեբայությամբ կդառնա։

Ռոզիկ, լռին, աոանց պատասխանելու, մտիկ ըրավ իր հոր իմաստուն խրատներուն, սակայն աոանց կարենալ համոզվելու։ Միտքն ու սիրտը կթռչեին հեռուն, սուրացող կառախումբին ետևեն։ Եվ երբ կառքով վերադարձան Բերա, ճամփան գրեթե խոսք [ 74 ] մը չփոխանակեց հորը հետ, այնքան անոր նյութապաշտ խրատները հուզեր էին իր սիրահար հոգին։

Սակայն Հակաս էֆենտի անկեղծորեն վրդովված կթվեր․ տիկին Անթառամի ակնհայտնի դժգոհությունը, գրեթե թշնամական ընթացքը իրեն կասկածներ կուտային։ Կրնար ըլլալ, որ բաներ մը դառնար, և նշանտուքը, որ տակավին պարզ խոսք-կապի մը վրա հիմնված էր՝ խզվեր, քայքայվեր։

− Արդյոք մեյ մը սա Տ. Միքիասը կանչե՞մ, հետը խոսի՞մ, բերանը ոսկոր մը նետե՞մ,− կխորհեր կառքին մեջ։

Բայց այդ բանը իր արժանապատվության համար վիրավորանք մը կհամարեր։ Միթե այդ տերտերե՞ն պիտի վախնար, եթե մինչև հիմա իր մեքենայությունները չկրցավ հաջողցնել, ասկե ետքը ալ բնավ բան մը չէր կրնար ընել։ Լևոն ապահովաբար ականջ չպիտի կախեր անոր խոսքերուն։ Գալով մորը, հայտնի էր, որ տղանան անոր ազդեցությանը ենթարկված չէր, քանի որ խոսք-կապը հայտնապես անոր կամքին հակառակ տեղի ունեցած էր։

Երբ հայր ու աղջիկ տուն հասան, սպասավորը նամակ մը հանձնեց Ղուկաս էֆենտիին, ըսելով որ երիտասարդ մը բերած էր զայն և ժամե մը պիտի գար պատասխանը առնելու։

Մութն արդեն կոխած էր և լամպարները վառված, Ղուկաս էֆենտի սրահ մտնելով, լույսին մոտ գնաց, նամակին պահարանը պատռեց, բացավ և ստորագրության նայեցավ, աչքերը շատ զորավոր չէին և գիրն ալ հատուկ չէր, ուստի չկրնալով կարդալ, աղջկանը օգնության դիմեց.

− Աղջիկս, ուրկե՞ է սա նամակը, եկուր նայե, ստորագրությունը չեմ կրնար կարդալ։

Ռոզիկ մոտեցավ, թուղթը առավ և կարդաց.

− Գարեգին Հայկյան։

− Գարեգին Հայկյան,− ըսավ Ղուկաս էֆենտի, զարմացական ձևով մը,− ո՞վ է… ատանկ մարդ չեմ ճանչնար կոր։

− Կուզե՞ս որ նամակը կարդամ,− հարցուց Ռոզիկ։

− Կարդա տեսնեմ։

«Ազնվաշուք տեր,− կըսեր նամակը,− ներեցեք, որ առանց ձեզ անձնապես ճանչնալու համարձակիմ գրել ձեզ։ Խնդիրն այնքան կենսական է, որ անշուշտ ներողամիտ պիտի ըլլաք ինձ»։

− Փարա պիտի ուզե, ի՞նչ պիտի ընե,− ըսավ Ղուկկաս էֆենտի, [ 75 ] նամակին քաղաքավարական սկզբնավորութենեն կասկածելով։

«Երկու օր առաջ, այս կիրակի, Բերայի Աղքատախնամին ներկայացած է այրի տիկին Սաթենիկ Ամասյան, ընդունելու համար նպաստ մը, որ խոստացված էր տալ, իրեն վիճակին ու բարոյականին մասին կատարվելիք քննութենե ետքը։ Արդ, փոխանակ այդ նյութական նպաստին, որուն ամեն կերպով արժանի էր հիշյալ թշվառ այրին, ձեր կողմեն կարգ մը անարգանքերու ենթարկված է․․․»։

− Հասկցա, սա խալթախին համար է… վայ էտեպսիզ, դեռ երես ունի տե՝ նամակ գրել կուտա կոր ինծի…

Ռոզիկ ընթերցումը շարունակեց։

«…Ձեր կողմեն կարգ մը անարգանքներու ենթարկված է, որոնք ծանրապես վիրավորած են իր արժանապատվությունը»։

− Վայ, վայ, վայ, բոզերն ալ արժանապատվություն ունին եղեր հա՞,– գոչեց էֆենտին, որ երթալով կկատղեր նամակագրին դեմ։

«Մասնավորաբար,− շարունակեց աղջիկը,− իր վարձակալին համար ձեր ըըած, ձրի զրպարտությունը, թե՝ իր սիրահարն է, և այլն, ոչ թե միայն տիկին Սաթենիկի՝ այլ նաև իմ ալ պատվույս արատ կբերե, քանի որ ակնարկված վարձակալը նույնիսկ ես եմ»։

− Վա՜յ անամոթ, սա ի՞նչ աներես մարդիկ են եղեր… թող առնելիքնին ըլլա… էյ կարդա՛ տեսնենք։

«Արդ, ազնվաշուք տեր, կենթադրեմ, որ դուք անգիտակցաբար խաբված եք և այդ նախատինքները ըրեր եք սխալ ու սուտ տեղեկություններու վրա հիմնվելով, քանզի պատրաստ եմ պատվույս վրա երդում ընելու, որ հիշյալ տիկնոջ հետ, որ մեռած բարեկամի մը այրի է ու նվիրական ինծի համար, ոևէ մեղապարտ հարաբերություն չեմ ունեցած, այլ իբրև պարզ վարձակալ մը բնակած եմ իր տունը, հետևաբար ինծի համար խղճի խայթ մը պիտի ըլլա, եթե իմ պատճառով խեղճ կինը զրկվի նպաստե ու միևնույն ատեն անունն ալ աղարտի։ Ուստի դիմում կընեմ ձեր արդարասիրության, որպեսզի բարեհաճիր գոհացում տալ հեգ կնոջ, թե իր անարգված պատիվը վերահաստատելով և թե զինքը չի զրկելով նպաստե մը, որուն գուցե ձեր օգնած աղքատներեն ամենեն ավելի արժանի է։

Ուզելով այս մասին բերանացի բացատրություններ ալ տալ ձեր ազնվության, իրիկունը կրկին պիտի հանդիպիմ ձեր բնակարանը, [ 76 ] վստահ ըլլալով, որ զիս ընդունելու պատիվը պիտի ընեք, մեկ քանի վայրկյանի համար։

Մնամ ձեր ազնվության ամենախոնարհ ծառա»։

− Թող գա, թող գա, որ պոյը ցուցունեմ,− մռլտաց Ղուկաս էֆենտի, երբ աղջիկը նամակին ընթերցումը ավարտեց։

− Բայց գուցե կինը իրավցնե անմեղ է,− դիտել տվավ Ռոզիկ,− նամակին մեջ անկեղծության շեշտ մը կա կարծես։

− Բա խելքդ չհասնիր, անանկ կեղծավոր խոսքերե խաբվելու չէ, ես ապրանքս կճանչնամ, մարդուն երեսը մեյ մը նայիմ նե՝ ուրկե գալ ուր երթալը կհասկնամ… վա՜յ անբարոյականներ, վա՜յ:

Քիչ մը ետքը ծառան եկավ և ըսավ, որ նամակը բերող երիտասարդը եկած է պատասխան առնելու։

− Վեր ղրկե տեսնիմ,− գոչեց Ղուկաս էֆենտի, հետո աղջկանը դառնալով ըսավ, որ զիրենք առանձին թողու։

Ռոզիկ դուրս ելավ սենյակեն։

Քանի մը րոպե ետքը Գարեգին ներս մտավ։ Երիտասարդը բարեգուշակ նշան մը համարած էր էֆենտիին քով ընդունվիլը և կենթադրեր, որ գրած նամակը արդեն իր արդյունքը տված էր, ուստի համարձակ կերպով մոտեցավ էֆենտիին, որ թիկնաթոռի մեջ ընկղմած էր, նամակը ձեռքը բռնած։

− Ներեցեք, որ կհամարձակիմ ձեզ անհանգիստ ընել,− ըսավ Գարեգին, խոնարհ բարև մը տալով։

Ղուկաս էֆենտի ձեռքի ու գլխի անորոշ շարժում մը ըրավ։

− Անշուշտ կարդացիք ձեր ազնվությանն ուղղած նամակս:

− Հա, կարդացի, դո՞ւն ես Գարեգինը…

− Այո, Գարեգին Հայկյան։

− Էյ, ի՞նչ կուզես կոր։

− Բայց նամակին մեջ բացատրած էի խնդիրը,− կակազեց երիտասարդը, որ այդ պաղ ու անպատկառ ընդունելությունեն սկսած էր շփոթիլ:

Ղուկաս էֆենտի ոտքի ելավ հանկարծ ու գոչեց.

− Մենք տասը փարա չենք կրնալ տալ ոչ քեզի, ոչ ալ այդ կնկան… գացեք, որ քարը մեծ է նե՝ գլխնիդ անոր զարկեք… հասկցա՞ր։

− Բայց ինչո՞ւ այդքան խիստ անիրավությամբ կվարվիք կոր կարոտ ու անպաշտպան այրիի մը հետ,− ըսավ Գարեգին, որ միտքը դրած էր դյուրավ տեղի չտալու։ [ 77 ] − Անիրավությո՞ւն մի,− գոչեց Ղուկաս էֆենտի,− ի՞նչպես կրնանք նպաստ տալ կնկան մը, որ էրիկ մարդ մը առած նստած է, ո՞ւր տեսնված է ասանկ բան։

− Բայց, էֆենտի, ձեզի բացատրեցի թե…

− Այդ բացատրությունը դուն ֆեսիս հասկցուր,− հառաջ տարավ էֆենտին,− երիտասարդ որրևայրի, աղվոր կին մը, որ տունը քեզի պես փառլախ տելիքանլը մը ունի, միս մինակ, տան մեջ և սուրբի պես կապրի… ըսել է, որ դուն քարե շինված ես, ան ալ փայտ է, հա՞… ընտանեկան պատիվ ունեցող ո՞ր պարկեշտ կնիկը ատանկ բան կընդունե… հոշ ինչ կուզե թող ընե, մերին խառնվելիք բանը չէ, անիկա որբևայրի, դուն ամուրի, ուզածներուդ պես ապրեցեք, միայն թե Աղքատախնամի դուռը պալթա մի կախեք…

− Բայց, Ղուկաս էֆենտի,− գոչեց երիտասարդը,− կերդնում, որ այդ կինը պարկեշտ է, կերդնում, որ ոևէ հարաբերություն չունինք միասին, բոլոր այդ խոսքերը զրպարտություն են, հավատացեք խոսքիս։

− Երկար խոսք չեմ ուզեր, բոլոր դրացիները ըսեր են, որ այդ կնիկը իր քիրաճին առած նստած է, ձայն բազմաց՝ ձայն աստուծո, կըսեն, առանց կրակի մուխ չըլլար, հարկավ բան մը կա, որ մահալլեի մեջ ամենուն բերանը ինկեր եք… դուն այդ կնոջ բարիք մը ընել կուզե՞ս, ժամ մը առաջ տունեն ձգե ելիր… պատվավոր երիտասարդ մը ասանկ վարվելու է։

Գարեգինին համբերությունը ալ հատած էր, հակառակ իր վրա ըրած ճիգին ու պաղարյունությունը չկորսնցնելու մտադրության, ինք ալ ձայնը բարձրացուց։

− Չէ, Ղուկաս էֆենտի,− գոչեց,− պատվավոր երիտասարդ մը այդպես չի վարվիր, այդ ձեր ըսածը վատ մարդու գործ է… ես չեմ կրնար աղտոտ բամբասանքներու զոհել թշվառ կին մը, որուն վարած պարկեշտ ու զրկված կյանքին ականատես վկան եմ ամեն օր. չէ, չպիտի հեռանամ տանեն, ընդհակառակը պիտի մնամ ու պիտի պաշտպանեմ զինքը և ցույց տամ, որ շատ անխիղճ կերպով կվարվիք կոր դուք և եթե անբարոյական մը կա գործին մեջ, ոչ թե տիկին Սաթենիկն է, այլ զինքը դատապարտողը…

Ղուկաս էֆենտի այս խոսքերեն կրակ կտրած, վազեց էլեկտրական զանգակին քով ու զայն հնչեցուց ուժգին, հետո երիտասարդին դառնալով պոռաց. [ 78 ] − Ծո, դուն ո՞վ կըլլաս կոր, որ իմ տանս մեջ ասանկ խոսքեր կընես ինծի… սըվոր նայեցեք, ճեպը տասը փարա չունի, անոթութենեն բերանը հոտող մեկը, ելեր բարոյականի, պատիվի խոսքեր կընե, հեմ որո՞ւ… Ղուկաս էֆենտի Կելկիթյանի պես մեկուն, դուրս կորսվե նայիմ…

Նույն միջոցին ծառան, որ զանգակին ձայնը առած էր, ներս մտավ։

− Դուրս հանեցեք սա սրիկան,− գոչեց Ղուկաս էֆենտի ծառային՝ Գարեգինը ցույց տալով։ − Թո՛ւ, գարշելի արարած,− պոռաց երիտասարդը էֆենտիին երեսին ու դուրս ելավ սենյակեն։

Ղուկաս էֆենտիի ոտքը ձեռքը բարկութենեն կդողար ու չէր կրնար կանոնավորապես շնչել։ Սկսավ բավական ժամանակ ժուռ գալ սենյակին մեջ, հետո քանի մը սիկարեթ ծխեց վրա վրայի և երբ քիչ մը հանդարտեցավ, քթին տակեն մռմռաց.

− Վաղը կտեսնվիմ այդ սրիկային հետ…

Հետևյալ առտուն, երբ իր գրասենյակը հասավ, առաջին գործը եղավ իր գրագիր պ. Արշակը կանչել։

− Գարեգին Հայկյան անուն մեկը կճանչնա՞ս,− հարցուց։

Պ. Արշակ, գրիչը ականջին անցուցած, պահ մը մտածեց, ճակատը շփեց և ի վերջո հարցուց.

− Ի՞նչ գործ կընե եղեր:

− Չեմ գիտեր, վաճառականի գրագի՛ր է, ինչ է։

− Այդ անունով մարդ չեմ ճանչնար կոր,− եզրակացուց գրագիրը հուսահատ դեմքով մը. որովհետև տակավին նոր մտած ըլլալուն՝ Ղուկաս էֆենտիի քով իրեն համար ձախողանք մը կնկատեր այս պարագային օգտակար չկրնար ըլլալը։

− Ի՞նչ գործ ունիս ձեռքդ,− հարցուց Ղուկաս էֆենտի։

− Քանի մը նամակներ կան գրելիք…

− Ձգե, այդ նամակները կեսօրեն ետքն ալ կրնաս գրել, ու շուտով գնա ասդին անդին, հարցուր փնտռե և աղեկ մը հասկցիր թե ո՞վ է այդ Գարեգին Հայկյանը և որո՞ւ քով կաշխատի… անունը միտքեդ չելլե, Գարեգին Հայկյան, Ֆերիգեղ կնստի… քեզ նայիմ, պարապ ետ չդառնաս։

− Շատ աղեկ, հիմա կերթամ կհասկնամ,− պատասխանեց գրագիրը և դուրս ելավ էֆենտիին քովեն։

Երկու ժամ ետքը պ. Արշակ զվարթ ու հաղթական վերադարձավ: [ 79 ] Լիակատար տեղեկություններ քաղած էր Գարեգինի մասին:

− Ի՞նչ լուր նայինք,− գոչեց Ղուկաս էֆենտին, իր գրագրին ներս մտնալը տեսնելով։

− Հասկցա այդ Գարեգին Հայկյանին ով ըլլալը, չորս տարին ի վեր Աբրահամյան Քերովբե էֆենտիին քով գրագիր է եղեր, վեց ոսկի ամսականով…

− Սա մեր Աբրահամ էֆենտիի՞ն քով,− հարցուց Ղուկաս էֆենտի:

− Պաղչե Գաբուն, կերպասեղենի վաճառական Աբրահամյան էֆենտին:

− Հասկցա, հասկցա… աղեկ, ուրեմն ետքը գնա գտիր այդ Աբրահամյան էֆենտին, իմ կողմես հատուկ բարև ըրե և ըսե, որ անպատճառ գա զիս տեսնե:

Գրագիրը դուրս ելավ և Ղուկաս էֆենտի սկսավ գոհունակ դեմքով մը ձեռքերը շփշփել։ Քերովբե էֆենտին ոչ թե իրեն ծանոթ բարեկամն էր, այլև երախտավորյալը. դեռ մոտերս եկած էր իրմե մեծկակ գումար մը փոխ առնելու՝ տոկոսով գումար մը, որ պայմանաժամին չպիտի կրնար վճարել։

Ղուկաս էֆենտի փողոց ելավ ճաշարան երթալու համար: Հունվարի մեկն էր և ահագին բազմություն մը կար դուրսը և խանութներուն մեջ։ Էֆենտին այդ իրարանցումը տեսնելով հիշեց, թե կաղանդ էր, ժպիտ մը գծագրվեցավ իր դեմքին վրա ու միտքն ի վար մտածեց։

− Ատ մյուսյու Գարեգինը ու տիկին Սաթենիկը աղվոր նվեր մը պիտի ընդունին ինե։

Երեկ իրիկվընե ի վեր ատելությունը ու բարկությունը երիտասարդին ու հեգ կնոջ դեմ ոչ թե միայն չէր մեղմացած՝ այլ ավելի սաստկացած էր։ Քանի միտքը կբերեր Գարեգինի «թու, գարշելի արարած», խոսքերը, արյունը գլուխը կցատկեր։

Ինք − Ղուկաս էֆենտի մը, այդպես նախատվեր տասը փարա չունեցող գրագրի կտորե մը… ասիկա անհավատալի, անըմբռնելի, անկարելի բան մըն էր։ Եվ սակայն եղեր էր այդ բանը, ականջին միշտ կշառաչեին այդ բառերը մտրակի պես։

− Աղվոր կաղանդչեք մը պիտի առնեն,− կմտմտար քթին տակեն, իր վրեժխնդրության խորհուրդով սիրտը պաղըշկելով։

Ճաշեն հետո, գործի համար քանի մը տեղեր հանդիպեցավ և հետո վերադարձավ։ [ 80 ] Քերովբե էֆենտի արդեն եկած՝ իրեն կըսպասեր։

− Ինչպե՞ս եք, աղեկ եք, Քերովբե էֆենտի, բարի եք եկեր, արդյոք շատո՞նց է ինծի կըսպասեք։


− Չէ, էֆենտի, հիմա եկա, պ. Արշակը լուր ձգեր էր խանութը ես ալ դուրս ելած էի, վերադարձիս երբոր ըսին զիս ուզեր եք, վազեցի եկա… խե՞ր է։

Ղուկաս էֆենտի անմիջապես չպատասխանեց, գրպանեն արծաթյա տուփը հանեց և սիկարեթ մը հրամցուց հյուրին և հետո ըսավ։

− Քերովբե էֆենտի, գիտես, որ ես քեզ կսիրեմ և պետք եղած ատենն ալ ձեռքես եկած ծառայությունը չեմ զլացած, ինչպես որ ասկե ետքն ալ չպիտի զլանամ։

− Այնպես է, ես ալ ատոր համար շատ շնորհակալ և երախտապարտ եմ,− պատասխանեց Քերովբե էֆենտի, առանց հասկնալու թե իր խոսակիցը ինչ եզրակացության պիտի հանգեր։

− Ասոր փոխարեն,− հառաջ տարավ Ղուկաս էֆենտի,− ես ալ անշուշտ իրավունք ունիմ ձենե ծառայություն մը խնդրելու, եթե առիթը ներկայանա։

− Ինծի համար բարեբախտություն մը պիտի ըլլա, եթե կարենամ իմ կարգիս ձեզի օգտակար ըլլալ։

− Օ, խնդրելիքս մեծ բան մը չէ․․․

− Հրաման ըրեք, էֆենտիս, խնդիրքը ինչ է… եթե ձեռքե գալիք բան մըն է, գլխուս վրա, անմիջապես կատարեմ։

− Ձեր քով գրագիր մը ունիք եղեր Գարեգին անունով․․․

− Այո, Գարեգին Հայկյան, չորս տարի է, քովս է։

− Գո՞հ եք իրմե։

− Շատ գոհ, պարկեշտ, գործունյա, խելացի երիտասարդ մըն է։

− Եթե այդպես է, ուրեմն չպիտի կըրնաք ուզած ծառայությունս ընել ինծի… ատոր մասին ալ չխոսինք։

− Բայց խնդիրը ին՞չ է, էֆենտիս։

− Խնդիրը այն է, որ այդ սրիկա Գարեգինը անբարոյականին մեկն է…

− Ի՞նչ կըսեք, Ղուկաս էֆենտի,− գոչեց մյուսը շվարած։

− Եվ այդ անբարորոյական սրիկան համարձակեցավ մինչև տունս գալ և զիս նախատել և եթե ծաոաները չհասնեին, գուցե վրաս ալ հարձակեր… [ 81 ] − Տեր աստված, տեր աստված, այս ինչե՜ր կլսեմ։

− Հիմա քեզի կարճ խոսք մը ըսե՞մ, Քերովբե էֆենտի, կամ այդ սրիկային անմիջապես ճամփա կուտաս և կամ բարև աստծու բարինը կկտրենք իրարու հետ։

Քերովբե էֆենտի շփոթված, այլայլած՝ պահ մը անխոս՝ Ղուկաս էֆենտիին երեսը նայեցավ, անոր հետ խզվելու հեռանկարը զինքը կսահմռկեր․ ոչ թե միայն մեծագումար պարտք մը ուներ Ղուկաս էֆենտիի վճարելիք, այլ հրապարակին վրա, իր գործունեությանց մեջ հաճախ անոր երաշխավորությանը դիմելու պետք ուներ։ Ուստի վարանում կարելի չէր․ պետք էր զոհել Գարեգինը։

− Ղուկաս էֆենտի, եթե այդ է ձեր խնդիրը, գլխուս վրա, հիմա երթալուս պես հաշիվը տեսնեմ, ճամփեմ… վայ, թշվառական, վրայեն պարկեշտ, խելոքիկ մեկը կերևար…

− Տես, ես քեզի չեմ ստիպեր, որ ճամփես.․. եթե կուզես պահե, բայց անկե ետքը ալ Ղուկաս էֆենտին մոռցիր։

− Աստված չընե,– գոչեց խեղճ մարդը,– չէ թե Գարեգինը, այլ անոր պես հարյուր հատ Գարեգին ալ ըլլա, քու մեկ եղունգիդ հետ չեմ փոխեր, ատ ի՞նչ խոսք է, Ղուկաս էֆենտի, դուն իմ բարերարս կսեպվիս․․.

Ղուկաս էֆենտի տեսավ, որ հաղթանակը տարած էր, ձայնը մեղմացուց և դեմքը զվարթացավ։

− Միայն թե,− ըսավ,– ճամփած ատենդ չըսես, որ ինծի համար է, չեմ ուզեր, որ միտքը դնե, թև իրեն պես սրիկաներուն կարևորություն կուտամ։ Ասկե զատ կելլա գեշություն մը կընե. ատ տեսակ անբարոյական մարդիկներեն ամեն բան կսպասվի։

− Անհոգ եղիք, Ղուկաս էֆենտի, անհոգ եղիք…

Հետո խոսեցան գործերու վրա և Ղուկաս էֆենտի ըսավ, որ եթե դրամի պետք ունենա, կրկին կրնա իրեն դիմել․ գալով հին պարտքին, եթե պայմանաժամին չկրնա վճարել, վճարումը երկարաձգելու համար նոր մուրհակ մը կշինեն։ Քերովբե էֆենտի՝ հուզված, իր խորին երախտագիտությունը հայտնեց և մեկնեցավ։

Դուրս ելած միջոցին Ղուկաս էֆենտի ըսավ.

− Վաղը ատ սրիկայի ճամփվիլը պետք է որ իմանամ։

− Հիմա երթալուս պես աոաջին գործս այդ պիտի ըլլա։

Արդարև, Քերովբե էֆենտի, երբ խանութ հասավ, անմիջապես կանչեց Գարեգինը, 6 ոսկի ամսականը տվավ, 3 ոսկի ալ կաղանդի առթիվ բացառիկ նվեր մը ըրավ և ըսավ. [ 82 ] − Տղաս, խսմեթդ այսչափ է եղեր, ալ վաղվընե ուրիշ գործի մը նայե։

Երիտասարդը ափ ի բերան մնաց։

− Բայց հանցանքս ի՞նչ է, էֆենտի,– կակազեց:

− Հանցանք մը չունիս, միայն թե խնայողության համար ասկե ետքը ես պիտի տեսնեմ քու գործդ… ի՞նչ ընենք, գործերը գեշ կերթան կոր, իտարե ընելու է… երթաս բարով, աստված հաջողություն տա։

Եվ Քերովբե էֆենտի կարճ կապելու համար խոսքը, ոտքի ելավ գրասենյակին մեջ և խանութեն դեպի դուրս ուղղվեցավ։ Իրեն համար շատ դժնդակ էր երիտասարդին հետ ոևէ բացատրություն ունենալ այդ միջոցին։

Բայց երիտասարդը չէր կրնար առանց որոշ բացատրության մը թողուլ, հեռանալ, այսպես հանցավոր կամ զեղծարար պաշտոնյայի մը պես: Չորս տարիե ի վեր կծառայեր այդ վաճառատան մեջ և օր մը դժգոհության տեղի չէր տված։ Միշտ գովեստներու արժանացած էր և ամսականը, որ նախ երկու ոսկի էր միայն, ամեն տարի ավելցուցած էին ու այս տարի ալ, հույս ուներ հավելումի մը։ Կաղանդի օրով այս հանկարծական վտարումը բոլորովին անբացատրելի էր։ Իզուր Գարեգին մտքին մեջ կորոներ ամենափոքր թերություն մը, սխալ մը, հանցանք մը, որ գործած ըլլար այս օրերը, ոչինչ, ոչինչ։ Ուրեմն տարբեր պատճառ մը կար, գուցե զրպարտություն մը, որուն զոհ կերթար։

− Կաղաչեմ, էֆենտի, աստուծո սիրույն, վայրկյան մը կեցեք:

Քերովբե էֆենտի ստիպվեցավ կենալ դժգոհ դեմքով մը։

− Գիտեմ, որ մինչ այսօր գործիս մեջ թերություն մը չեմ գործած, միշտ հավատարմությամբ ծառայած եմ և միշտ գոհ թողած ձեզ, հետևաբար իրավունք ունիմ հիմա գոնե գիտնալու թե ի՞նչ բանի համար կճամփվիմ։

− Ըսի արդեն, խնայողական պատճառներով։

− Ոչ, այդ չէ ճշմարտությունը, կաղաչեմ, որ բուն պատճառը ըսեք,− պնդեց Գարեգինը։

Վաճառականը ինքն ալ հուզված էր։ Խղճի խայթ կզգար այսպես ճամփու դնելով պաշտոնյա մը, որմե ոևէ դժդոհություն չուներ։ [ 83 ] − Տղաս,− ըսավ Գարեգին,− քենե միշտ գոհ եմ և կամքիս հակառակ քեզ կճամփեմ կոր, կհասկնա՞ս, չուզելով, բռնի…

− Բայց ինչպե՞ս,− գոչեց երիտասարդը, այս առեղծվածային խոսքերեն բոլորովին այլայլված։

− Ուրիշ բացատրություն չեմ կրնար տալ,− ավելցուց Քերովբե էֆենտի,− միայն սաչափը ըսեմ, որ եթե քեզ անմիջապես ճամփա չդնեմ, ինքզինքս կկործանեմ, գործս կխանգարեմ…

Եվ այս խոսքերն արտասանելով վաճառականը գրեթե վազելով հեռացավ Գարեգինին քովեն, որ եղած տեղը գամվեր մնացեր էր:

Հիմա կըմբռներ իրողությունը։ Հարվածը դուրսեն կուգար, բայց որմե՞։ Ղուկաս էֆենտին բնավ մտքեն չէր անցուցեր․ չէր կրնար երևակայել. որ այդպիսի ցած վրեժխնդրություն մը կարելի է գործել։

Գարեգին քիչ մըն ալ մնաց այդպես շվարուն, մտախոհ՝ հետո գլխիկոր անցավ խանութեն և ուղղվեցավ փողոց։

Դռանը քով կգտնվեր արկղակալը, իր բարձր աթոռին վրա թառած, էֆենտին արդեն դուրս ելած էր, չուզելով նոր բացատրություն մ’ունենալ երիտասարդին հետ։ Գարեգին երբ արկղին աոջևեն կանցներ, գլուխը կախ, արկղակալին ձայնը լսեց, որ կըսեր.

− Ի՞նչ է այս, Գարեգին, կանուխ կանուխ կփախչե՞ս կոր… հիմա էֆենտին գա քեզ փնտռե նե՝ ի՞նչ ընենք։

− Ան գիտե երթալս,− պատասխանեց երիտասարդը, հետո խորհեցավ թե գուցե կրնար արկղակալեն բան մը հասկնալ և մոտեցավ իրեն։

Արկղակալը, պ. Գրիգոր, Քերովբե էֆենտիի կնոջ ազգականներեն էր, շատախոս երիտասարդ մը, վայելոլչ և ունայնամիտ։

− Ո՞ւր գնաց էֆենտին,− հարցուց Գարեգին՝ խոսակցության սկսելու համար։

− Չեմ գիտեր, կերևա որ մեկը տեսնելու գնաց։

− Այսօր խանութը կեցած չունի,– շարունակեց Գարեգին,– ցերեկեն վերջն ալ հոս չէր։

− Այո, որովհետև ցերեկին լուր եկավ, որ Ղուկաս էֆենտին զինքը կուզեր տեսնել անպատճառ։

Ղուկաս էֆենտիի անունը, թեթև սարսուռ մը պատճաոեց երիտասարդին։

− Ղուկաս էֆենտի Կելկիթյա՞նը,− հարցուց: [ 84 ] − Այո, գրագիրը եկավ և լուր թողուց, որ էֆենտին անպաաճառ իրենց գրասենյակը երթա… հա, աղեկ միտքս ինկավ, գրագիրը քու խոսքդ ըրավ։

− Ի՞մ խոսքս…

− Այո, հարցուց, թե քանի՞ տարի է, որ հոս կաշխատիս, թե գործդ ի՞նչ է, թե ո՞ւր կնստիս, և այլն։

Գարեգին գույնը նետեց․ կսկսեր գուշակել թե հարվածը ուրկե կուգար։

− Ղուկաս էֆենտի և Քերովբե էֆենտի իրարու հետ շա՞տ մտերիմ են,− հարցուց։

− Հարկավ,− պատասխանեց արկղակալը,− Ղուկաս էֆենտի մեր պանքեոն է, երբոր դրամի պետք ունենանք՝ իրեն կդիմենք, իր քասան մեր տրամադրության տակն է և քասային մեջն ալ լեպլեպի չի կա՝ այլ կարմրուկ ոսկիներ։

Եվ Գրիգոր սկսավ ապուշ-ապուշ խնդալ, իբր թե սրամիտ խոսք մը ըսած ըլլար։

Բայց Գարեգին իրեն պետք եղածը իմացեր էր և բարևելով հեռացավ արկղակալին քովեն։

Ալ կասկած չի կար Ղուկաս էֆենտին էր, որ առջի օրվան դեպքին վրեժը կլուծեր։ Այս հարվածը սակայն արիաբար ընդունեց երիտասարդը, ոչ թե չընկճվեցավ անկե՝ այլ ընդհակառակը նոր զորություն մը զգաց իր մեզը պաշտպան կանգնելու թշվառ այրիին։ Հետո տեսակ մը գոհունակություն կվայելեր այսպես պաշտոնեն ճամփվելուն։ Իրեն համար խորին ցավ մը, տեսակ մը խղճի խայթ եղած էր խորհիլը, թե խեղճ Սաթենիկ իրեն պատճառավ զրկված էր նպաստե։ Հիմա որ ինքն ալ անոր պատճառով գործեն կզրկվիր, այլևս կազատեր խղճի խայթեն, քանի որ անոր զրկանքը փոխարինած էր այս կերպով։

− Ինը ոսկիով ամիս ու կես կրնամ ապրիլ և մինչև այն ատեն անշուշտ գործ մը կգտնեմ… իսկ Ղուկաս էֆենտիին հետ նորեն կտեսնվինք։

Երբ Բերայի մեծ փողոցը հասավ, բազմությունը խռնված էը ամեն կողմ, կաղանդի իրիկվան ուրախ-զվարթ ամբոխ մը, ծրարներով բեռնավորված, որ մայթերուն վրա հրմշտկելով կհառաջանար: Գարեգին հանկարծ գաղափար մը հղացավ.

− Պետք է, որ նվեր մը տանիմ Սիրվարդին, կաղանդի առթիվ,– մտածեց ինքնիրեն։ [ 85 ] Եվ Պոն Մառշե մտնելով փոքրիկ սիրուն պեպեք մը առավ:

Հետո, երբ Ֆերիգյուղ հասավ, պտղավաճառն մը զանազան պտուղներ առավ և մանչու մը ձեռքը տալով, հաղթանակորեն ուղղվեցավ տունը։

− Այս իրիկուն բան մը հայտնի չեմ ըներ,− կխորհեր,− կաղանդի օրով պետք չէ տխրեցնեմ խեղճ կինը, ընդհակառակը զվարթ կերպարանքով մը կերթամ…

Եվ իրավ ալ նույն գիշեր տիկին Սաթենիկ և իր աղջիկը ուրախ կաղանդ մը անցուցին, մանավանդ Սիրվարդ, որ աչքերուն չէր ուզեր հավատալ, երբոր պեպեքը իրեն նվիրեցին։

Հետևյալ օր, երբ Ղուկաս էֆենտի եկավ իր գրասենյակը, Քերովբե Աբրահամյան արդեն իրեն կսպասեր ավետիսը հաղորդելու համար։

− Երեկ, ասկե երթալուս պես, հաշիվը տեսա, ճամփեցի այդ Գարեգինը,− ըսավ Ղուկաս էֆենտիին։

− Աֆերիմ, յա, այդ տեսակ անբարոյական սրիկաները անոթութենե սատկեցնելու է, որ երթան չափերնին սորվին:

Եվ սակայն այս չափով չգոհացավ, ուզեց, որ այդ բոզը և այդ չափխընը՝ իրենց բնակած տունեն հանել տա, որպեսզի թաղը չապականեն։ Ասոր համար դիմեց հերայի Թաղ, ատենապետին, որ իր բարեկամն էր և խնդիրը բացատրեց։

− Էֆենտիմ, անբորայական կին մը, որ երիտասարդ մը առեր նստեր է, չըլած էտեպսիզութուննին չմնար կոր, բոլոր դրացիները կբողոքեն կոր… ասանկ գայթակղություն, ասանկ խաղքություն, կըլլա՞ մի. ամենուս պատիվին արատ կբերե ասիկա, մեկ ընտանեկան պատիվ մը, սրբություն մը ունեինք պարծենալիք, ան ալ վրա տա՞նք…

− Բայց Ղուկաս էֆենտի, ի՞նչ կուզեք որ ընենք։

− Դուք հանել տվեք տունեն, կառավարության դիմեցեք, ոստիկանության ձեռքով թոզ դուրս նետեն։

− Մինչև որ դրացիներու կողմե գրավոր բողոք մը չըլլա, մենք չենք կրնար միջամտել,− աոարկեց ատենապետը։

− Ատ ըլլա ուզածդ,− զոլեց Ղուկաս էֆենտի,− ամբողջ թաղեցիին կողմե ստորագրված քեզի բողոքագիր մը բերել կուտամ:

− Եթե այդպես գիր մը գա, այն ատեն անմիջապես կրնանք դիմում ընել Բերայի մյութեսարըֆին ու զիրենք տունեն հանել տալ։ [ 86 ] Ղուկաս էֆենտի անմիջապես լուր ղրկեց Սաթենիկի մասին քնություն կատարող մարդուն, որ ինչպես ըսինք, Աղքատախնամի օժանդակ անդամ էր։ Խնդիրը բացատրեց անոր և առաջարկեց, որ բողոքագիր մը պատրաստե և տանի ստորագրել տա դրացիներուն։

Մարդը սակայն չուզեց հանձն առնել այդ պաշտոնը, առարկելով, որ ինք Ֆերիգյուղեն չէր ու ազդեցություն չուներ այդտեղի թաղեցիներուն վրա․ հարկ էր հոնտեղեն մեկը գտնել, այդ գործը գլուխ հանելու համար։

− Ուրեմն մեկը գտիր ու ղրկե,− հրամայեց Ղուկաս էֆենտի,− ես իր հոգնությունը կվճարեմ, վստահ եղիր։

− Շատ լավ, էֆենտիս,− ըսավ մյուսը։

Երկու օր ետքը երբ Ղուկաս էֆենտի գրասենյակը նստած էր, մարդը մը ներս մտավ, խոնարհ բարև մը տվավ և նամակ մը երկարեց իրեն։

Ղուկաս էֆենտի պահարանը պատռեց և նամակը բանալով կարդաց.

«Վսեմաշուք էֆենտի.

«Գրաբերս, գինեպան Հաճի Թումիկ Ֆերիգեղցի է և թաղին մեջ շատ ծանոթ մարդ մը, ինք խիստ հարմար է բողոքագրին գործը հաջողցնելու, միայն թե հարկ է քիչ մը բան վճարել։

Մնամ ձեր վսեմության խոնարհ ծառա»։

Նամակագիրը Աղքատախնամի օժանդակ քննիչն էր։

− Հրամմեցեք, նստեցեք,− ըսավ Ղուկաս էֆենտի։

Մարդը կրկին խոնարհ բարև մը տվավ և աթոռի մը ծայրը նստավ, երկու ոտքը քով քովի բերած։

Հիսուն տարեկան, գիրուկ, թավ հոնքերով և խոշոր շրթունքներով մարդ մըն էր Հաճի Թումիկ։ Երկաթագործությամբ սկսած էր իր ասպարեզը, հետո ջրհանկիր եղած էր, հետո ալ ձկնավաճառ։ Արիասիրտ ու կռվարար, շատ անգամներ, բարկության կամ գինովության մեջ, մարդ վիրավորած ու ամիսներով բանտարկություն կրած էր։ Այդ բանը իր վարկը բարձրացուցեր, տեսակ մը հեղինակություն և ժողովրդականություն տվեր էր իրեն։ Հաճի Թումիկ իր հիացողները, կուսակիցները, հետևորդները ուներ, որոնց վրա բարոյական իշխանություն մը ի գործ կդներ։ Տարիներե ի վեր եկած հաստատված էր Ֆերիգյուղ, ուր գինետուն մը կբանեցներ։ Իր հաճախորդները միևնույն ժամանակ իր հպատակներն էին, որոնց վրա կտարածեր իր գերիշխանությունը։ Բայց իր ազդեցությունը միայն [ 87 ] իր գինետան մեջ չէր սահմանափակվեր, անկե դուրս ալ կճառագայթեր, երբ հարկը ներկայանար։ Կիրակի օր, երբոր եկեղեցի երթար, հարգանքով կողջունվեր թաղականներուն, քահանային, ժամկոչին և վարժապետին կողմե։ Հաճի Թումիկ մարդ մըն էր, որ լավագույն էր իրեն հետ ունենալ, քան իրեն դեմ։

Եվ սակայն Հաճի Թումիկ իր ազդեցությունը չարաչար չէր գործածեր, իր հեղինակությունը չէր գռեհկացներ ճղճիմ խնդիրներու մեջ մտնելով։ Մեծ վճռական վայրկյաններուն երևան կուգար ան ու կգործեր հանուն ժողովրդին, որուն մարմնացումը, շոշափելի արտահայտությունն էր։

Տգետ, բայց մտացի, իրեն որոշ սկզբունքները ուներ, հաստատ, անսրբագրելի սկզբունքներ, որոնց վրա հիմնված էր իր ապրելակերպը։

Ղուկաս էֆենտի վայրկյան մը ուշադրությամբ քննեց իր հյուրը, հասկցավ թե իր փնտռած մարդն էր։

− Շատո՞նց է, որ Ֆերիգյուղ կնստիս,− հարցուց։

− Տասը տարի կա։

− Ըսել է թաղին մեջ ճանչցված ես։

− Էֆենտի, Բանկալթիեն բռնե մինչև Շիշլի Հաճի Թումիկը չճանչցող չի կա։

− Գիտե՞ս քեզ ինչու համար ուզեցի։

− Քիչ մը հասկցուցին։

− Ըլլալիքը թե մեր ազգին պատիվին և թե մասնավորապես ձեր թաղի պատիվին համար է։ Դուն ամուսնացած ես, զավակներ ունի՞ս, Հաճի Թումիկ աղա։

− Ամուսնացած եմ, էֆենտի, երկու հատ ալ աղջիկ ունիմ…

− Աստված պահե։

− Շնորհակալ եմ, շատ ապրիք։

− Էյ, քեզի պես ամուսնացած, աղջիկներու տեր, պարկեշտ, բարոյական մարդու տանը քով բոզ մը նստի նե՝ թող կուտա՞ս, ձայն չե՞ս հաներ…

− Ինչ ըսել է, էֆենտիս, մենք զենկին չենք ամա, նամուսի համար հոգինիս կուտանք…

− Կեցցես, Հաճի Թումիկ աղա… հիմա քեզի խնդիրը բացատրեմ, ատ ձեր կողմերը Սաթենիկ անուն որբևայրի մը եկեր տուն բռներ նստեր է իր սիրականին հետ, ատ անամոթ կնիկը եկավ մեր Աղքատախնամեն դրամ ուզելու, մենք ալ մարդ ղրկեցինք, [ 88 ] ինչպես կնիկ ըլլալուն մասին հարցուցինք, փնտռեցինք, մեյ մըն ալ ինչ իմանանք, անբարոյական բոզին մեկն է եղեր… երկրորդ անգամ գալուն աղեկ մը լվացի զինքն ու դուրս վռնդեցի։ Հիմա պատվավոր մարդիկ կուզեն, որ այդ կինը և քովի սիրականը նստած տունեն հանեն, որպեսզի փողոցը մաքրվի։ Ասոր համար թաղական խորհուրդեն դիմում պիտի ընենք Բերայի մյութեսարըֆին, բայց պետք է որ այդ կողմերը բնակող, ընտանիքի տեր, պատվավոր մարդիկը գրավոր բողոք մը ընեն թաղական խորհրդին, որպեսզի ան ալ կարենա կառավարության դիմել… հիմա ատանկ թուղթ մը պատրաստվի, դուն կրնա՞ս ստորագրել տալ։

− Ի՞նչ ըսել է, էֆենտիս, Հաճի Թումիկին խոսքեն հիչ դուրս ելլող կգտնվի՞ Ֆերիգյուղի մեջ… մինակ սա կա, որ խանութս ձգելու, այդ գործին ետևեն պտտելու եմ քանի մը օր… էհ, գիտես ա, էֆենտի, մենք օրե շահող օրե ուտող մարդիկ ենք… իրավ է, այդ գործը ազգերնուս պատիվին հսւմար է, բայց…

− Կհասկնամ, կհասկնամ,− ընդմիջեց Ղուկաս էֆենտին,- այդ մասին դու հոգ մի ըներ, ես քու վնասիդ տեղը կլեցնեմ, ես այսօր գրելիք թուղթը կպատրաստեմ, դուն վաղը առտու, Բերա իմ տունս հանդիպե, որպեսզի քեզի տամ և անմիջապես ստորագրել տաս… ժամ մը առաջ այդ աղտոտությունը վերցնելու է մեջտեղեն։

− Շատ աղեկ, գլխուս վրա, էֆենտիս։

Ղուկաս էֆենտի քսակը հանեց, մեջեն երեք ոսկի առավ և Հաճի Թումիկին երկարելով ըսավ.

− Հիմակուհիմա աս երեք ոսկին առ, գիտնաս որ թուղթը ստորագրել տալ ու բերելեդ ետքը նորեն ես քեզի պարապ չեմ հաներ։

Ոսկիներուն տեսքը բոլորովին շլացուց Հաճի Թումիկը։ Երբեք չէր սպասեր, որ տակավին չսկսված գործի մը համար այսքան առատ կանխավճար մը պիտի ստանար։

− Էֆենտի՛ս, շատ շնորհակալ եմ, շատ ապրիս,− թոթովեք հուզված կերպարանքով։

− Քեզ տեսնեմ, Հաճի Թումիկ աղա, դուն պատվավոր մարդ մը կերևաս կոր, աշխատե աս անբարոյականները հանել տալ այդ տեղեն, որ ընտանիքները հանգստանան։

− Դուն ալ հոգ մի ըներ, էֆենտիս,− գոչեց գինեպանը−… [ 89 ] ինծի կհարցնես նե՝ ատանկ թուղթ ստորագրելու ալ պետք չի կա, ես անոնք այն տեղեն աս սահաթին հանելու յոլը գիտեմ…

− Չէ, չէ, − ըսավ Ղուկաս էֆենտի կես մը ժպտելով,− օրինավոր կերպով գործ տեսնանք:

− Ինչսլես որ կուզես…

Եվ Հաճի Թումիկ կրկին խոնարհ բարևներ տալով՝ դուրս եկավ գրասենյակեն:

ԳԼՈԻԽ Ը

Նույն իրիկունն իսկ, Ֆերիգեղ Հաճի Թումիկի սրճարանը, Սաթենիկի ու Գարեգինի խնդիրը սեղանի վրա դրվեցավ:

Գինեպանը երբոր տեսավ թե իր խանութին հիմերը մեկիկ-մեկիկ եկան բոլորվեցան սեղաններու շուրջ, որոնց վրա տյուզի շիշեր շարված էին, ճիեր թավասիի, խաշած լուբիայի ու ձիթապտուղի մեզեներով, վայրկյանը եկած համարեց խոսելու:

− Ծո, Տարսավիչ աղա, իմացա՞ր,− հարցուց խոսքը ուղղելով ձկնավաճառի մը, որ առանձին նստած խորին համոզումով մը իր օղիի գավաթը կպարպեր կամաց-կամաց,− գեշ մը եկեր է մեր մահալլեն, չըրած խաղքությունը չմնար կոր. դրացիները պյություն ոտք ելեր են, իլլե՛ տունեն հանել կուզեն կոր:

− Ի՞նչ միլլեթ է…

− Հայ, աղբար, հայ չըլլար նե՝ որո՞ւ հոգ… Հայ ըլլալուն համար է քի խոսքը կընեմ կոր:

− Ո՞ւր կնստի կոր այդ փոստալը,− հարցուց ազգային արժանապատվության նախանձախնդիր ուրիշ խման մը:

− Սըտեղեն վար, յուչինճի սոխախը մտնաս նե՝ սոլիդ վրա պիրինճի սոխախը՝ պախալ Մանոլին տունը,− բացատրեց Հաճի Թումիկ, որ արդեն նախնական քննություն մը ըըեր ու այդ մանրամասնությունները իմացեր էր քիչ առաջ:

− Հասկցա,− միջամտեց ներկաներեն մեկը,− որբևայրի կնիկ մըն է, պզտիկ աղջիկ մըն ալ ունի… ամա անիկա վեց ամիս է որ եկած է…

− Վեց ամիս է գալը, ամա հոտը հիմա օրթա՛ն ելավ,− ըսավ Հաճի Թումիկ: [ 90 ] − Մինչև հիմա բան մը չխոսվեցավ,− պատասխանեց մարդը, որ Սաթենիկի տան փողոցը կբնակեր և պարկեշտ ատաղձագործ մըն էր, Սիմոն անուն։

− Ինչ կըսես կոր պե,− գոչեց գինեպանը, որ ընդդիմախոսության վարժված չէր,− Պեյ Օղլուի ժամուն թաղական աղաները քննություն բացեր, տեղն ու տեղը հասկցեր են − սիրող ունի եղեր առած նստած, ես պոշ տեղը խոսք չեմ ըներ…

− Անանկ է, Հաճի Թումիկ պոշպոշունա խոսք չըներ,− հաստատեցին ներկաներեն մեկ բանին։

− Աղբար, սիրող ըսածդ իր քիրաճին է, մազլըմ երիտասարդ մը… ատ ձեր ըսած կնիկը մեր փողոցը կնստի… վեց ամիս է գալը, դեռ օր մը օրանց վրան բան մը չլսվեցավ, խեղճ աղքատ կնիկ մըն է, իր եղովը կտապկվի,− ըսավ ատաղձագործը։

− Վայ, Սիմոն աղա, քեզի դրացի է եղեր, հա՞, անոր համար ատանկ պաշտպան կելլաս կոր իրեն,− մեջ մտավ ուրիշ մը խնդալով− …ինտոր, աչքդ խածեր է կերևա կոր։

− Իրավցնե ալ գեշ ապրանք չէ եղեր, իմացածիս նայելով,– ըսավ գինեպանը։

Երիտասարդ գործավոր մը, որ մինչև այն ատեն լուռ կհետևեր խոսակցության, ուզեց ինքն ալ մասնակցիլ վիճաբանության:

− Ես տեսած եմ կնիկը. իրավցնե աղվոր է ամա, երեսին քիչ մը խնդացողին անանկ ժանիք մը կընե՝ որ… ես շիտակը չեմ հավատար, որ այդ կնիկը գեշ ըլլա…

− Ծո, շաշխըն, իշտե անանկներեն վախնալու է յա,− գոչեց գինեպանը.− արդեն մեր խոսիլը ավելորդ է, թաղականները քններ, ամեն բան հասկցեր են… հիմա մենք այդ էտեպսիզները ասկե սահաթ մը առաջ տեֆ ընելը նայինք…

Եվ Թումիկ աղա վիճաբանությունը ավելի լուրջ հողի մը բերավ։

Բացատրեց թե մեր ազգը մինչև հիմա հաստատ մնացած է իր եկեղեցիին, գերեզմանոցին և ընտանեկան պատիվին շնորհիվ է, եթե այդ երեք հիմերը խախտին՝ ազգը կփճանա։ Ինչպես օղին առանց մեզեի չկրնար ըլլալ, պատիվը ընտանիքին մեզեն է։ Այսօր եթե թույլ տանք որ անբարոյական կին մը մեր թաղին մեջ հաստատվի, վաղը ամբողջ թաղը բոզանոց մը կդառնա։ Չարիքը դեռ չմեծցած պետք է խափանել։ Երակը մարելու է առաստաղը չըպատած, ետքը աշխարհի բոլոր ջրհանները օգուտ չեն ըներ։ [ 91 ] Հավանության մրմունջներով ընդունվեցավ Հաճի Թումիկի «հաղագս բարոյականիս ճառը»: Գինեպանը ստորագրվելիք հանրագրության խոսք չըրավ, թողաց, որ նախ մտքերը պատրաստվին։

Երբ ներկաները մեկնելու կպատրաստվեին, Թումիկ հրամայողական ձևով մը գոչեց.

− Նստեցեք, այս իրիկուն մեյ մեկ շիշ ալ ինե պիտի խմեք:

Ու շիշերը լեցվեցան, բացառիկ մեզեներով։

Հետևյալ օրը Հաճի Թումիկ ներկայացավ Ղուկաս էֆենտիի բնակարանը, ուր զինքը առաջնորդեցին սեղանատան քով փոքրիկ սենյակ մը։

Քիչ մը ետքը էֆենտին եկավ, ձեռքը թուղթ մը բռնած, թաղական խորհուրդին ուղղելիք հանրագրություն մը, զոր Ղուկաս էֆենտի գրել տված էր մասնավոր խնամքով մը։

Այդ գրությամբ Ֆերիգյուղի հայերը կդիմեին Բերայի թաղական խորհրդին և հանուն ընտանեկան սրբության, ազգային արժանապատվության և բարոյականին․ և մանավանդ «ի բուժումն գայթակղյալ մտաց» կխնդրեին որ ոստիկանական միջամտությամբ իրենց թաղեն վտարվեին Սաթենիկ Ամասյան և Գարեգին Հայկյան, որոնք թաղին մեջ քար գայթակղության եղած էին։

− Քեզ տեսնամ, այսօր վաղը այս գործը լմնցուր… արդեն ըսի, գիտես ա, քու հոգնությունդ էվելոք պիտի վճարեմ։

− Ողջ ըլլաս, էֆենտի, արդեն մեր պարտքն է ասիկա ընել,− պատասխանեց գինեպանը և թուղթը խնամքով ծալելե ու գրպանը աեղավորելեն ետք մեկնեցավ։

Նույն իրիկունն՝ իսկ գինետան մեջ հանրագրությունը քսանե ավելի ստորագրությամբ լեցվեցավ։ Հաճի Թումիկ այնքան վստահ էր մարդոց վրա, որ բացակա ծանոթներուն անուններ ալ գրել տվավ։

− Յազ,− կհրամայեր գրել գիտցողի մը,− տեռքմեճի Պետրոսը տա յազ, պալգըճը Համբիկի տա յազ, հաճի Հոսեփի տա յա․․․− վերջապես բոլոր միտքը ինկած անունները։

Հաճի Թումիկ այս կեղծ ստորագրությունները դնել կատար ամենայն բարեմտությամբ, առանց խղճահարության հետքի մը, բարիք մը, ազգին ծառայություն մը մատուցած ըլլալու հաստատ համոզումով, նույնպես բոլոր ներկաներր այդ հավատքը ունեին… թաղը պիտի մաքրագործեին, իրենց ընտանեկան պատիվը պիտի փրկեին։ [ 92 ] − Ապրիս, Հաճի Թումիկ աղա, կենե դուն ես քի աս բանը մտածեցիր,− կըսեին գինետան հաճախորդները։

− Ծո, ես չըլլայի նե՝ նամուսնիս փարայի մը պիտի ըլլար․․․

Եվ գինեպանը, հաղթական ու հպարտ իր բեղերը կոլորեր։

Խեղճ Սաթենիկ ու Գարեգին չէին գիտեր իրենց շուրջ տեղի ունեցած անարգ մեքենայությունը։ Որբևայրին գրեթե շատ քիչ կտեսնվեր իր դրացիներուն հետ, իսկ երիտասարդը Քերովբե էֆենտիին քովեն ճամփվելեն ի վեր առտուները կանուխ կերթար և շատ ուշ, միայն պառկելու համար կվերադառնար տուն. խելքը միտքը նոր գործ մը գտնելու տված։

Շատ տեղեր արդեն դիմած էր և հույս տվեր էին իրեն, որ աս տոնական օրերը անցնեն, խթում, ծնունդ, և այլն։ Քերովբե էֆենտի բավական բարեսիրտ գտնվեր էր իրեն բարի վարուց վկայական մը տալու, որու մեջ կհաստատեր թե Գարեգին իր հոժար կամքովը թողած էր գործը, ամսականի անբավականության պատճառով և թե, իր ամբողջ պաշտոնավարության միջոցին շատ գոհ ձգած էր զինքը, իր պարկեշտությամբը, աշխատոuթյամբը և գործունեությամբը։

Երբ այդ վկայագիրը ծալեց ու գրպանեց, Գարեգին, որ կուզեր վստահ ըլլալ իր կասկածներուն մասին, շեշտակի Քերովբե էֆենտիին նայեցավ և ըսավ.

− Շիտակ ըսեք, էֆենտի, Ղուկաս էֆենտի Կելկիթյա՞նը պահանջեց, որ զիս ճամփեք։

Քերովբե էֆենտի թեթև սարսուռ մը ունեցավ, որ չվրիպեցավ Գարեգինի աչքերեն։

−Այնպես չէ՞,− պնդեց երիտասարդը։

Վաճառականը չկրցավ ստել։

− Իրավ է,− հաստատեց,− բայց տղաս,− շարունակեց,- կաղաչեմ, որ գիտցած չըլլաս ու մանավանդ այդ մարդուն հետ չիյնաս, թե քեզի և թե ինծի փորձանք կբերե ետքը… Ւնչո՞ւ այդ տեսակ մարդոց հետ կռվելու կելլաս․ մի՞թե քեզի պես պզտիկ գրագիր մը կրնա Ղուկաս էֆենտիին հետ գլուխ ելլել… տես, պարապ տեղը դուն ջախջախվեցար, ստիպվեցա քեզ ճամփելու, որովհետև յուլարս անոր ձեռքն է, կհասկնա՞ս…

− Բայց Քերովբե էֆենտի, ինչպե՞ս կարելի էր համբերել գործված անիրավության։

Եվ Գարեգին մանրամասնորեն պատմեց այրի կնոջ ամբողջ [ 93 ] եղերական պատմությունը, որ շատ հուզեց վաճառականին սիրտը։

− Բայց,− խոստովանվեցավ տխրությամբ,− ձեոքես բան մը չի գար։ Ղուկաս էֆենտի անանկ համառ մարդ մըն է, որ կարելի չէ համոզել, երբոր միտքը բան մը դնե։ Քանի որ հիմա միտքը դրած էր, որ այդ կինը անբարոյական է լավագույն է իրմե փախչիլ…

Երիտասարդը գլուխը թոթվեց այնպիսի ձևով մը, որ ցույց կուտար, թե ինքը վաճառականին կարծիքին չէր և ոտքի ելավ մեկնելու համար։

− Նորեն կխրատեմ, խելոք վարվե,− եղավ Քերովբե էֆենտիի վերջին խոսքը։

Գարեգին առանց հաստատական խոսք մը ըսելու դուրս ելավ։

Հիմակ ալ կասկածը ստուգաթյան փոխված էր։ Ղուկաս էֆենտին էր զինքը այսպես անխնա հալածողը և ինչո՞ւ համար․ որովհետև անմեղ ու թշվառ կին մը փորձած էր պաշտպանել…

Այս ահռելի անիրավությունը կըմբոստացներ զինքը։ Վրեժխնդրության ծրագիրներ միտքը կչարչարեին, բայց ինչպես կարելի էր հավասար առ հավասար կռվել մեկու հետ, որ իր հարստության ու դիրքին ազդեցության շնորհիվ, անհատապես զորավոր է իրմե։

Եվ այս տխուր մտածումներուն մեջ թաղված՝ երիտասարդը մտամոլոր կանցներ Ղալաթիայեն. երբ զվարթ ձայն մը հանկարծ գոչեց իրեն.

− Ծո, Գարեգին, դո՛ւն ես…− երիտասարդը ձայնին կողմը դարձավ և զարմացական ճիչ մը արձակեց.

− Վայ, Սերգիս…

Երկու բարեկամները համբուրվեցան։

− Ե՞րբ եկար,− հարցուց Գարեգին։

− Կաղանդեն օր մը առաջ… ալ հոս փոխադրվեցա, եկուր տեղ մը նստինք ու քիչ մը խոսակցինք… քանի մը օր առաջ ձեր խանութը գացի քեղ տեսնելու և ըսին թե ելած ես Քերովբե էֆենտիին քովեն, տունդ հարցուցի, Ֆերիգյուղի կողմն է ըսին, բայց հասցեդ որոշ գիտցող չի կար… ինչ որ է, բարեբախտաբար հոս իրարու հանդիպեցանք։

Ու գացին նստեցան թրամվայի ճամփուն վրա գարեջրատուն մը։

Սերգիս Գարեգինի տարեկից երիտասարդ մըն էր, անոր դպրոցական ընկեր և մտերիմ բարեկամը, կարելի է ըսել միակ բարեկամը, [ 94 ] որովհետև Գարեգին իր դժվարահաղորդ բնավորությամբը դյուրավ մտերմություն չէր հաստատեր իր ծանոթներուն հետ։

Վարժարանեն ելլելեն ետքն ալ իրարու անբաժան ընկերներ մնացեր էին։ Հետո Սերգիս անգլիական առևտրական տան մը մեջ մտած էր և այդ տան կողմե հետզհետե ղրկված էր Տրապիզոն, Սելանիկ և Պեյրութ, ի վերջո Իզմիր, ուր հաստատված էր երկու տարիե ի վեր։

Իզմիր երթալեն առաջ ամսի մը չափ մնացեր էր Պոլիս և անկե ի վեր Գարեգինը զինքը տեսած չէր։

Սերգիս եռանդուն, անձնվեր, բարի և քիչ մը մեծախոս երիտասարդ մըն էր, դյուրահաղորդ և զվարճասեր։

Երբ գացին բազմեցան գարեջրատան մը սեղանին առջև, Սերգիսի աոաջին գործը եղավ իր ընկերոջ վիճակին մասին տեղեկություններ հարցնել։

Գարեգին մի առ մի ըրավ Սաթենիկի և իր պատմությունը, Ղուկաս էֆենտիի և Քերովբե էֆենտիի ընթացքը ևս. վերջապես իր երկու շաբաթվան արկածները։

Սերգիս շատ հուզվեցավ իր բարեկամին գլուխն եկած դժբախտությունները լսելով.

− Ծո, վա՜յ շունշանորդի, այդ ինչ գազան մարդ է եղեր Ղուկաս էֆենտի ըսածդ,− գոչեց բռունցքը սեղանի մարմարին զարնելով ու գավաթները դողդողացնելով։

− Բայց,− ըսավ Գարեգին վճռաբար,− ինքզինքս պարտված չպիտի համարեմ և կրցածիս չափ պիտի կռվիմ հետը։

− Անշուշտ,− պատասխանեց Սերգիս,− խերը անիծելու է այդ գարշելի արարածին, և եթե ասոր համար մեկու մը պետք ունենաս՝ ես պատրաստ եմ ձեռքես եկածը ընելու։

− Շնորհակալ եմ,− ըսավ Գարեգին,− որ գիտեր, թե իր ընկերոջ խոսքերը պարապ խոսքեր չէին և թե կրնար իրավցնե հույս դնել անոր անձնվիրության վրա։

− Նախ աշխատինք, որ գործ մը գտնես սակայն,− առաջ տարավ Գարեգին ընկերոջը,− ամենեն կարևորը այդ է… իսկ գալով Ղուկաս էֆենտիին, կմտածենք, թե ինչ կրնանք ընել այդ մարդուն հախեն գալու համար։

Երկու բարեկամները երկարորեն տեսակցելեն ետքը միասին ճամփա ելան և ուղղվեցան Բերա։

− Ո՞ր կողմ կբնակիս,− հարցուց Գարեգին իր ընկերոջը։ [ 95 ] − Դեռ սենյակ չբռնեցի, առայժմ պանդոկն եմ, բայց հավանորեն Բանկալթիի կողմը պիտի հաստատվիմ։

Եվ Սերգիս պատմեց, թէ այլևս Պոլիս պիտի մնար մնայուն կերպով և ամսականի հավելումով։ Իր մեծերը շատ գոհ են իրմե և կհուսար թե քանի մը տարիեն պիտի կրնար կարևոր դիրք մը գրավել իր գտնված Անգլիական մեծ հաստատության մեջ։

Եվ խոսակցելով հասան մինչև Ֆերիգեղ ու կրկին նստան շիտակ ճամփու վրա սրճարան մը։ Երկար բացակայությունե մը ետքը, երկու բարեկամներ չէին կրնար դյուրավ իրարմե կարոտնին առնել, մանավանդ որ Գարեգին, իր ներկա վիճակին մեջ պետք կըզգար մտերիմ ընկերոջ մը խորհուրդներուն։

Հազիվ թե քառորդե մը ի վեր նստած էին սրճարանը, երբ որ գինեպան Հաճի Թումիկ ներս մտավ և ուղղվեցավ խումբի մը, որ Գարեգինի ու Սերգիսի սեղանեն քիչ մը անդին կգտնվեր։

− Բարև, աղաներ,− ըսավ Թումիկ։

− Աստծո բարին, Հաճի Թումիկ աղա, եկուր տեսնանք, ի՞նչ կա չի կա։ Գինեպանը աթոռ մը առավ և բազմեցավ իր ծանոթներուն քով։ Հետո գրպանեն թուղթ մը հանեց և ներկաներուն երկարելով ըսավ․

− Սըտեղ մեյմեկ իմզա դրեք։

− Ի՞նչ է,− հարցուց մեկը։

Ճանըմ, մահալլեներնիս գեշ մը եկեր է, իր սիրողին հետ, անոր համար այս թուղթը պիտի ստորագրենք քի Պեյ Օղլու թաղական խորհուրդին տանք տե, ատոնք տունեն հանեն։

Իր սովորության համեմատ Հաճի Թումիկ բարձրաձայն կխոսեր ու Գարեգին և Սերգիս կատարելապես կլսեին զինքը իրենց նստած տեղեն։

− Ո՞վ է քի․․․

− Սաթենիկ կըսեն կոր, սա պախալ Մանոլին տունը կնստի եղեր,− առաջ տարավ Հաճի Թումիկ։

Գարեգին այդ բառերը լսելով գունաթափ ու շանթահարված մնաց։

− Ի՞նչ եղար,− գոչեց Սերգիս, որ տակավին իրողությունը լավ չէր ըմբռնած։

− Մեկնինք այս տեղեն անմիջապես,– մռմռաց Գարեգին ոտքի ելլելով ու գարեջուրին դրամը վճարելով։

Երբ փողոց ելան, Գարեգին գոչեց. [ 96 ] − Տեսա՞ր հիմա եղածը։

− Շիտակը դեռ չհասկցա քու հանկարծական հուզումիդ պատճառը այդ մարդուն խոսքերեն։

− Հանրագրություն կպատրաստեն կոր տունեն հանել տալու համար Սաթենիկն ու զիս… իբրև բոզ ամբաստանելով խեղճ կինը։

− Ի՜նչ կըսես, եղբայր,− գոչեց Սերգիս, չուզելով իր ականջներուն հավատալ։

− Այո, կատարելապես լսեցի, մեր բնակած տան մասին էր․․․ պախալ Մանոլին տունը… բայց ո՞վ էր հանրագրությունը ստորագրել տվող այդ մարդը… − ըսավ Գարեգին,− դեմքը անծանոթ չէ ինծի, թաղեցի է, բայց լավ մը չեմ կրնար հիշել… խեղճ տիկին Սաթենիկ, երբոր իմանա՝ խելքին պիտի գա, ինք որ այնքան նախանձախնդիր է իր պատիվին և երբեք չուզեր, որ ոևէ կերպով իր վրա խոսեցնե․․․

Ու խեղճ երիտասարդը, շվարած, սահմռկած, չէր գիտեր ինչ ընելը։

− Բայց ի՞նչ կուզեն այդ մարդիկը մենե, ինչ ըրած ենք իրենց,− կգոչեր ատեն-ատեն։

− Ինծի նայե,− ըսավ Սերգիս վճռաբար,− պարապ հառաչանքները օգուտ մը չունին. պետք է շենք շնորհք ճար մը մտածենք… եկուր նախ ուրիշ տեղ մը նստինք, սանկ առանձին տեղ մը, մենք մեզի։

Եվ ուղղվեցան Օսման պեյի սրճարանը, ուր այդ եղանակին բոլորովին թափուր էր։

Գարեգին լուռ կմնար, մտքին մեջ փնտռելով հանրագրության մարդը, որ վստահ էր, թե անծանոթ մը չէր իրեն համար։

Վերջապես հաղթական ճիչ մը արձակեց։

− Գտա,− գոչեց,− մեր բնակած տան մոտերը գինեպան մըն է, նույնիսկ մեկ անգամ գացած եմ խանութը… այո, հիշեցի, բոլորովին վստահ եմ, նույն ինքն է… բայց ինչո՞ւ համար այդ թշնամությունը մեզի դեմ։

− Ո՛վ գիտե, գուցե ուրիշի մը դրդումով կգործե։

− Ամեն պարագայի, ասիկա նոր սկսված գործ մը չէ, որովհետև երբ թուղթը հանեց, աչքիս ծայրովը տեսա, որ ստորագրություններով ծածկված էր… կտեսնա՞ս, ամբողջ թաղը մեզի դեմ ելած է… բայց ի՜նչ սարսափելի բան է այս։ [ 97 ] − Ըստ իս, գործելու մեկ եղանակ մը կա,− ըսավ Սերգիս,- երթալ այդ գինեպանը գտնել և իրմե բացատրություն ուզել։

− Բայց գուցե ինծի կճանչնա և այն ատեն այդ անկիրթ մարդոց հետ խնդիրը կրնա անհաճո հետևանքներ ունենալ։

− Ուրեմն ես առանձին կերթամ, զիս ոչ ոք կճանչնա, դուրսեն նոր եկած մեկն եմ. այդ մարդը կխոսեցնեմ և գուցե կհաջողիմ գայթակղության առաջքը առնելու։

Սերգիսի առաջարկությունը շատ խոհական և օրինավոր էր և Գարեգին ոևէ առարկություն չգտավ ընելիք, նույնիսկ շնորհակալությունը հայտնեց ընկերոջը անձնվիրությանը համար։

Հետո միասին դուրս ելան և Գարեգին հեռվեն ցույց տվավ Հաճի Թումիկի գինետունը։

Երկու բարեկամները որոշեցին, որ Գարեգին դարձյալ երթա Օսման պեյի սրճարանը և հոն սպասե իր ընկերոջ վերադարձին, տեսակցաթյան արդյունքը իմանալու համար։

Երբ Սերգիս մտավ գինետունեն ներս, ներկաներու ուշադրությունը իր վրա հրավիրեց։ Նախ որ ինք նոր դեմք մըն էր այդ միջավայրին մեջ, հետո հայտնի կերևար, որ այդ գինետան հաճախորդ ըլլալու սահմանված մեկը չէր։ Իր վրա սևեռված ակնարկներեն նեղված՝ գնաց անկյուն մը նստավ և օղի մը ապսպրեց գինետան աշակերտին։

Երբ մանչը օղին բերավ, երիտասարդը հարցուց․

− Ո՞ւր է վարպետդ։

− Հաճի Թումիկ աղա՞ն։

− Այս խանութին տերը։

− Հա, էյ իշտե Հաճի Թումիկ աղան է խանութին տերը,− պատասխանեց մանչը, որ կզարմանար, թե ինչպես կարելի է չգիտենալ այդ բանը։

− Աղեկ, ըսե Հաճի Թումիկ աղային, որ քիչ մը հոս գա։

Սերգիսին մոտ նստող հաճախորդ մը, որ ուշադրությամբ կհետևեր այս խոսակցության, պետք համարեց միջամտելու։

− Մյուսյու, Հաճի Թումիկը գործ ուներ քիչ մը, դուրս ելավ, հիմա կուգա։

− Լավ, կսպասեմ։

Եվ Սերգիս սիկարեթ մը վառեց, ումպ մը առավ օղիեն և ըսկսավ սիկարեթի ծուխը դուրս տալ՝ աչքերով անոր բռնած ուղղության հետևիլ։ [ 98 ] − Հաճի Թումիկին հետ գո՞րծ մը ունիս,− հարցուց։

− Չէ, կարևոր բան մը չէ, միայն կուզեմ քիչ մը հետը տեսնվիլ։

− Կճանչնա՞ս ինքը…

− Չէ, դեռ նոր պիտի տեսնամ։

Սերգիս ի բնե շատախոս, երբեք չէր խրտչեր անծանոթի մը հետ խոսակցելե, նույնիսկ հաճույք կզգար ատկե և հետո կխորհեր, որ թերևս իր պատահական խոսակցեն կրնար բան մը իմանալ՝ զինքը հոն մղող խնդրին մասին։

− Ըսել է, որ դուն աստեղացի չես,− առաջ տարավ մյուսը,– որովհետև եթե Շիշլի, Ֆերիգեղ կամ Բանկալթի նստեիր, անպատճառ պիտի ճանչնայիր Հաճի Թումիկ։

− Այդչափ նշանավոր մա՞րդ է,− ըսավ երիտասարդը թեթև մը ժպտելով։

− Նշանավորն ալ խո՞սք է, հինգ տարու տղան Հաճի Թումիկը կճանչնա․․․

− Արդյոք ո՞ւշ կուգա։

− Չեմ կարծեր, հոս մոտերը սրճարան մը գնաց, քանի մը բարեկամներ տեսնելու, ստորագրություն կժողվե կոր… ալ լմննալու մոտ է, թուղթին վրա արդեն ստորագրություն դնելիք տեղ չմնաց… ուրիշ մը ըլլար նե՝ տասը ստորագրություն չէր կրնալ ժողվել, ամա, Հաճի Թումիկին խաթրը ամեն մարդ կսեպե… անոր չէ չեն կրնար ըսել։

− Ի՞նչ թուղթ է որ…

Մյուսը տեսնելով, որ երիտասարդը իր խոսքերովը կհետաքրքրվի, օղիին շիշն ու գավաթը առավ և եկավ անոր սեղանը բազմելու։

− Ծո, Գառնիկ, սա մեզեները հոս բեր,− գոռալով գինետան աշակերտին։

− Էֆենտիմ,− շարունակեց հետո, ձայնը ցածցնելով ու իբր թե խորհրդավոր գաղտնիք մը հաղորդելոլ ձևով,− մահալլենիս գեշ մը կա եղեր, մեկը առած նստած, մեր Հաճի Թումիկը կիմանա, հեմեն թուղթ մը գրել կուտա, որ այդ նսւմուսսուզները տունեն հանվին, որ ամենուս պատիվը տեղը գա, իշտե այդ թուղթը ստորագրել տալու համար բան գործ ձգած է, ինչու որ սա գիշեր պիտի տանի Թաղական Խորհրդին թեսլիմ ընե։

− Դուն ալ ստորագրեցի՞ր… [ 99 ] − Հարկավ, չէ թե ստորագրել, տահա պետք ըլլա նե՝ պոյովս կպառկիմ տակը։

− Ըսել է այդ կնոջ ու երիտասարդին անբարոյական ըլլալուն վստահ ես։

− Ոչ կինը կճանչնամ, ոչ ալ երիտասարդը, մինչև այսօր ալ խոսքերնին լսած չէի, անուննին ալ չեմ գիտեր…

− Ուրեմն ի՞նչպես ատանկ թուղթ մը կստորագրես։

− Հաճի Թումիկը ստորագրե ըսավ, անիկա պոշ տեղը պան չըներ։

− Ուրեմն միայն անոր խոսքին վստահելով ստորագրեցի՞ր…

Ճանըմ, Հաճի Թումիկը անանկ թեթև գործի մեջ չմտնար․․․ հեմ կարելի՞ է անոր խաթրը կոտրել, ուզածը ինչ է որ… ստորագրություն մը, փարայով չէ՞ յա…

Ու մարդը իր օղիի գավաթը պարպեց և ուրիշ մը ապսպրեց։

Երիտասարդը տխուր մտածումներու մեջ ինկած էր. կդիտեր այդ մարդը, որ ներքնապես բարեմիտ մեկը կթվեր, և որ սակայն իր տգիտությամբ, խորհելու և դատելու կարողութենե զուրկ ըլլալու պատճառավ, անգիտակցաբար ու միամտորեն՝ չարության մը, գուցե ստորին վրեժխնդրության մը գործիք կըլլար։

− Ինծ մտիկ ըրե, բարեկամ,− ըսավ Սերգիս,− այդ ստորագրությունը, որ առանց գործը մոտեն քննելու գրեր ես թուղթին տակը, գիտես ի՞նչ պիտի ընե։

− Ի՞նչ,− հարցուց մյուսը։

− Գուցե երկու անմեղ անձեր խայտառակաբար տունեն վռնտվելու պատճառ պիտի ըլլա, խեղճ աղքատ որբևայրիի մը պատիվը պիտի արատավորե, պարկեշտ երիտասարդի մը երեսին մուր պիտի քսե… Խիղճդ կներե՞, որ այդ գեշությունը ընես մարդիկներու, որոնք չես ճանչնար իսկ, և որոնք քեզի չարություն մը չեն ըրած, միմիայն Հաճի Թումիկի խաթրը չկոտրելու համար․․․

Մյուսը, որ կառքի նորոգություններ ընող վարպետի մը քով գործավոր էր, պարկեշտ, պարզամիտ և իրավամբ բարեսիրտ, այս խոսքերեն հուզվեցավ, ուզեց ինքզինք արդարացնել, կրկին գինեպանին վկայությանը դիմելով։

− Բայց Հաճի Թումիկ աղան անանկ մարդ չէ, հարկավ համոզվեր է, որ մեզ ալ համոզեց։

− Կարելի է զինքը խաբած են… մարդս անսխալ չէ։ Ասանկ ծանր խնդիրներու մեջ թեթև կերպով գործ տեսնելը մեծ ոճիր է… [ 100 ] ես վստահ եմ, սր այդ կինն ու երիտասարդը անմեղ են… որչա՞փ ատեն է, որ Ֆերիգեղ եկած են։

− Վեց ամիսե ի վեր հոս են եղեր։

− Լավ, այդ վեց ամսվան միջոցին օր մը օրանց վրանին խոսք մը լսվեցա՞վ, տուներնին խնդիր մը, կռիվ մը ելա՞վ, թաղին մեջ գայթակղության պատճառ եղա՞ն…

− Իրավ որ ես բան մըն ալ չեմ իմացած, մյուսներն ալ, որոնք թուղթը ստորագրեցին, անոնք ալ բան մը չէին գիտեր կոր։

− Տեսա՞ր մի,− գոչեց Սերգիս,− ի՞նչպես կըլլա որ մեկ օրեն մյուսը այս կինը գեշ եղած եղավ, անբարոյանան ու բոզ եղավ:

Գործավորը բոլորովին պղտորվեցավ, իր մտքի անդորրությունը խախտեցավ և հանկարծ երիտասարդին դառնալով հարցուց.

− Է, հիմա ի՞նչ ընելու է… Հաճի Թումիկն ալ չեկավ, որ գործը անկեց աղեկ մը հասկնայինք։

Սերգիս մտքին մեջ ծրագիր մը պատրաստած էր. աչքը գինետան նստողներուն վրա ժուռ ածեց և ըսավ.

− Հոս նստողները ամենքն ալ ստորագրա՞ծ են թուղթը։

− Գրեթե ամենքն ալ ստորագրած են, միայն սա նստողը չուզեց ստորագրել,− պատասխանեց գործավորը, իրենցմե երկու սեղան վեր գտնվող մեկը ցույց տալով։

− Ո՞վ է որ։

− Ուստա Սիմոն կըսեն, մառանկոզ է…

Այս այն սակավաթիվ անձերեն մեկն էր, որ ինչպես ընթերցողները գուցե կհիշեն, թեթև կերպով պաշապան կանգնած էր այրի կնոջ։

− Ինչպե՞ս մարդ է։

− Շնորհքով, ամուսնացած, զավակներու տեր մարդ է… հեմ ատ կնկան նստած սոխախը կնստի, երկու տուն վեր… ուստա Սիմոնը իլլե չստորագրեց, ըսելով որ ինք անոնց մոտը կնստի և օր մը օրանց մեկ անպատիվ վարմունքնին չէ տեսած։

Սերգիս ներքին ուրախություն մը զգաց, բայց հայտնի չըրավ։ Գինեպանին աշկերտը կանչեց և ըսավ, որ իրենց շիշ մը օղի բերե, հետո գործավորին դառնալով.

− Սա ուստա Սիմոնը քովերնիս հրավիր՛,− ավելցուց գործավորին:

Ատաղձագործը, առանց դժվարության, ընդունեց հրավերը։

Սերգիս տեսավ, որ Սիմոն աղա կատարյալ դաշնակից մըն էր [ 101 ] իրեն, որ բացարձակ կերպով կպնդեր այրի կնոջ ու երիտասարդին պատվավորության վրա։

− Անմեղ կնկան արունը պիտի մտնաք, ինտո՞ր ատ թուղթը ստորագրեցիք,– ըսավ գործավորին հանդիմանական շեշտով մը:

Ամա Հաճի Թումիկը երբոր ըսավ քի…։

Ճանըմ, Հսճի Թումիկ աղեկ մարդ է, բայց քիչ մը դյուրահավատն է,− պատասխանեց Սիմոն,− շուտով մըն ալ կբռնկի, կօգտե որ քիչ մը կռնակը ծեծես, դուն ես ըսե. այս գործին մեջ կխաբվի կոր անիկա, մեկու մը ձեռք խաղալիք կլլա կոր, ամմա չեմ գիտեր որո՛ւ… եաքը մեջտեղ պիտի ելլա հարկավ։

− Ծո, անանկ է նե՝ հիմա գալուն պես ես իմ ստորագրությունս հա կառնեմ,− գոչեց գործավորը, որ արդեն կսկսեր խղճահարութենե տառապիլ…− ես իմ հոգիիս վրա ասանկ բեռներ չեմ ուզեր, իլլե ասանկ Ծնունդի օրերուն…

Եվ ահա, կամաց-կամաց, խանութին մեջ գտնվող մյուս հաճախորդներն ալ խոսքի խառնվեցան:

Սերգիս իր ամբողջ պերճախոսությունը թափեց։ Բավական մոտեն ծանոթ էր ժողովրդական դասակարգի մարդոց պարզ հոգեբանությանը, գիտեր անոնց սրտին փափուկ թելերը։ Նույնիսկ հայտնեց, թե ինք խնդրո առարկա երիտասարդին մտերիմ բարեկամն էր և այս առթիվ երկարորեն Գարեգինի գովեստը ըրավ, հետո խոսեցավ նաև Սաթենիկի վրա, պատմեց ինչ որ ինք լսած էր իր բարեկամեն․ խեղճ այրի կնոջ թշվառ վիճակը, Աղքատախնամեն ըրած դիմումը, նպաստի մերժումը, վերջապես մեզ ծանոթ ամբողջ եղերական մանրամասնությունները։

Բոլոր ներկաները խորին ուշադրությամբ մտիկ կընեին երիտասարդը՝ որան հետ միացած էր նաև ատաղձագործ Սիմոն աղա, որ Սերգիսի բացատրությունները լսելով ինքն ալ այժմ ջերմ պաշտպանը կհանդիսանար զրպարտված այրիին ու երիտասարդին:

Գինետան մեջ գտնվող հաճախորդներու մեծամասնությանը ստորագրած էր այդ հանրագրությունը՝ Հաճի Թումիկի վստահելով և հիմա տրտունջներ կբարձրանային անոր դեմ։

Սերգիս կրկին խոսեցավ, ըսավ թե գործված սխալին առաջքն հարկ էր առնել, որպեսզի ամեն մարդս, խիղճը հանդարտեր. և ասոր միակ միջոցն էր համոզել Հաճի Թումիկը, որ այդ թուղթը մեջտեղեն վերցնե, աոանց իր հասցեին տանելու։ Իսկ եթե համառեր, այն ատեն անոնք, որ կզղջային ստորագրություն դրած ըլլալուն, [ 102 ] թող նոր թուղթով մը հայտնեին Թաղ. Խորհրղին, թե անգիտակցաբար տված են իրենց ստորագրությունները։

Այս առաջարկության ամենքն ալ հավնեցան, նույնիսկ անհամբեր խնդրեցին երիտասարդեն, որ անմիջապես հետո կոչումի գիր մը պատրաստե, որպեսզի նույն վայրկյանին ստորագրեն:

− Չէ, նախ սպասենք Հաճի Թումիկի գալուն,− պնդեց Սերգիս,− պետք չէ, որ այդ մարդը վշտացնենք, քանի որ կըսեք թե բարեմտությամբ այս գործին ձեռնարկած է:

Բայց գինեպանը կուշանար, ժամանակը բավական առաջացած էր և Սերգիս ստիպվեցավ շարունակել օղի խմել, սպասելով Հաճի Թումիկի վերադարձին։

Վերջապես ներկաներեն մին գոչեց.

Իշտե եկավ։

Այո, նույն ինքն էր, ուրախ, հաղթական։

− Ո՞ւր մնացիր, Հաճի Թումիկ աղա,− բարձրացան ձայները ամեն կողմե:

− Տղաք, գործը լմնցուցի, քանի մը հոգիի ալ ստորագրել տվի, ալ թուղթին վրա տեղ չէ մնացած, միտքես ըսի, որ անանկ ալ եղավ, անանկ ալ, փոխանակ վաղը առտու տանելու, այս իրիկվընե տանիմ թուղթը տեղը տամ, լմննա…

− Էյ, տարի՞ր, տվի՞ր,− հարցուց Սիմոն աղա դող ելած։

− Հա անկե կուգամ կոր…

Այսպես ուրեմն, չարիքը գործվեր էր։ Սերգիս գավաթը բարկությամբ սեղանին զարկավ. մինչ մյուսները ապշությամբ իրարու երես կնայեին։

Հաճի Թումիկ իր խոսքերուն առաջ բերած հուզումը նշմարեց և զարմացած հարցուց.

− Ի՞նչ կա, ի՞նչ եղաք…

Նախ ոչ ոք չպատասխանեց, գինեպանին հեղինակությունը այնքան մեծ էր, որ չէին համարձակեր բողոքի կամ դիտողության խոսք մը ուղղել իրեն։

Վերջապես ամենեն հանդուգն ձկնավաճառ Համբիկը խոսեցավ։

− Մենք մեր իմզաները ետ պիտի առնենք, Հաճի Թումիկ աղա…

Գինեպանը այս խոսքերեն ցնցվեցավ, չուզեց ականջներուն [ 103 ] հավատալ։ Ինչպե՞ս կարելի էր այդպիսի բան մը։ Ընդվզում մը չէ՝ ապստամբություն մըն էր այդ՝ իր իշխանության դեմ։

− Ինչո՞ւ համար,− գոչեց բարկաճայթ հոնքերը պռստելով։

− Ան կնիկը ու երիտասարդը պարկեշտ, խեղճ մարդիկ են եղեր, մենք խաբվեր ենք, չենք ուզեր, որ մեր իմզայով անոնց գեշություն ըլլա… մենք խղճի տեր մարդիկ ենք։

− Ատ խալթը ո՞վ խառնեց,− գոչեց այս անգամ Հաճի Թումիկ բարկութենեն փրփրած։

Ձկնավաճառ Համբիկ, որ ամենուն կողմե խոսք առածի ձևով կխոսեր, չպատասխանեց, մյուս ներկաներն ալ լուռ մնացին։

− Ո՞վ է ձեր խելքը դարձնողը,− հարցուց գինեպանը։

Այն ատեն, ընդհանուր լռության մեջ ձայն մը բարձրացավ.

− Ես ըսի, որ այդ կնիկն ու երիտասարդը անմեղ են։

Խոսողը Սերգիսն էր։

Հաճի Թումիկ անծանոթ երիտասարդին նայեցավ, զայն աչքովը վերեն վար չափեց, հետո խոսքը մյուսներուն ուղղելով հարցուց.

− Ո՞վ է այս մյուսյուն…

Մյուսյու բառը արտասանած էր ամենախորին արհամարհանքի շեշտով մը։

Սերգիս որ ոչ թե կռվիլ՝ այլ հաշտ երթալ կուզեր գինեպանին հետ, հանդարտությամբ պատասխանեց.

− Այս բարեկամները չեն գիտեր ով ըլլալս, անոնք ալ զիս քիչ մը առաջ ճանչցան, արդեն քանի մը օր է Պոլիս հասնիլս… ես Գարեգինին դպրոցական ընկերն եմ, այսինքն՝ այն երիտասարդին, որ անմեղ տեղը կզրպարտվի․ եկուր նստինք և առանց բարկության իրարու միտք հասկնանք:

− Այո՛, այո՛, նստե՛ նայինք, Հաճի Թումիկ,− ըսին ներկաները Սերգիսի սեղանին քով տեղ բանալով։

Գինեպանը նստսւվ և Սերգիս կրկին իր պաշտպանողականը սկսավ նույն համոզիչ կերպով, որով քիչ մը առաջ խոսեր էր մյուսներուն։ Երբ խոսքը ավարտեց, Հաճի Թումիկին դարձավ և ըսավ.

− Ես իմ գիտցածներս, այրի կնոջ ու Գարեգինի մասին մեկիկ-մեկիկ պատմեցի, հիմա դուն քու գիտցածներդ ըսե նայինք։

Գինեպանը, ինչպես հայտնի է, որոշ բան մը չէր գիտեր իր զոհերու մասին, միայն Ղուկաս էֆենտիի ամբաստանությունը կար մեջտեղ, ուստի մեկեն չկրցավ պատասխանել, վարանում մը ունեցավ, [ 104 ] ինչ որ չվրիպեցավ ներկաներուն ուշադրութենեն, որոնցմե մին նույնիսկ, անհամբեր ըսավ.

− Խոսե՛ նայինք, Հաճի Թումիկ աղա, դուն ուրկե՞ իմացար այդ կնոջ անբարոյական ըլլալը։

− Բերայի Աղքատախնամին մեծը, Ղուկաս էֆ. Կելկիթյանը կանչեց ինծի և ան ըսավ, որ ասանկ կնիկ մը կա մեր թաղը, իրենք քններ, իմացեր են,− պատասխանեց գինեպանը։

Այս հայտնությունը չզարմացուց երիտասարդը, որ արդեն Գարեգինեն իմացած էր Ղուկաս էֆենտիի շահատակությունները։

Եվ ահա վիճաբանությանը վերսկսավ, շատերը կըսեին, որ, հարկ էր այդ թուղթը ստորագրելե առաջ՝ իրենք քննություն մը ընեին, փոխանակ միայն Ղուկաս էֆենտիի մը խոսքով ճամփա ելլալու, մանավանդ որ այդ մարդը կերևա, թե հայտնի հակառակություն մը ուներ Գարեգինի դեմ, ինչպես Սերգիս իրենց բացատրած էր. Սիմոն աղա ույժ կուտար այդ դիտողություններուն, կպատմեր Սաթենիկի թշվառ վիճակը, չարաչար աշխատությունը անոթի չմեռնելու համար իր յոթը տարեկան աղջկան հետ, որ նոր հիվանդութենե ելած էր։ Եվ հիմա որ այս ստորագրություններով հենելով՝ զինքը պիտի նետեին ձյուն ձմեռ եղանակին, առանց մեկ փարայի, ի՞նչ պիտի ըլլար այդ թշվառ կնոջ ու աղջկան վիճակը։ Միթե մեղք չէ՞ր այսպես հալածել անօգնական կին մը, որ հայտնապես զոհ կերթար հարուստի մը անխիղճ հակառակության։ Ի՞նչ պետք էր իրենց, պարկեշտ գործավորներ, ճակտներուն քրտինքովը ապրող մարդեր, որ գործիք ըլլային անոր…

− Ես եթե այս թուղթը ստորագրած ըլլայի,− եզրակացուց ատաղձագործ Սիմոն,− ալ գիշերը հանգիստ քուն չպիտի ունենայի, կերած հացս կոկորդես վար չպիտի երթար. խմածս հարամ պիտի ըլլար։

Այս խոսքերը խորապես հուզեց գինեպանը, որ թեև բարեմտությամբ և համոզումով գործած էր, բայց հիմա կզղջար ըրածին։ Իրավ, պետք էր որ անձամբ տեղվույն վրա քննություն մը կատարեին և կուրորեն հավատք չընծայեին Ղուկաս էֆենտիի խոսքերուն։ Հիմա մեկիկ-մեկիկ կհիշեր իր տեսակցության միջոցին էֆենտիի խոսքերը, որոնք ատելության և հակառակության դրոշմը կկրեին: Նույնիսկ, քիչ առաջ, երբ ստորագրություններով ծածկված հանրագրությունը ներկայացուցեր էր Ղուկաս էֆենտիին, [ 105 ] վաճառականը արտակարգ ուրախություն մը ցույց տվեր էր, կրկին լուտանքներ տեղացեր էր Գարեգինի հասցեին… «ան չափխընը սյուրկին ալ ընել պիտի տամ՝ իշալլահ» գոչեր էր ու քսակը հանելով կրկին երեք ոսկի տվեր էր Հաճի Թումիկին։

− Եթե պարզապես մեր աղեկության համար այդ կնոջ ետևեն ինկած է,− կմտածեր գինեպանը,− ինչո՞ւ համար այդքան կիրքով կխոսեր երիտասարդին մասին, հետո ինչո՞ւ այդպես առատորեն կվարձատրեր զինքը: Ի՞նչ պետք ուներ գրպանեն դրամ ծախսելու հեռավոր թաղի մը անբարոյական կին մը տունեն վտարելու համար։ Բոլոր այս բաները կպղտորեին իր միտքը և այդ ընդունած դրամը այժմ ահռելի կերպով կտանջեր զինքը։ Պահ մը խորհեցավ ետ դառնալ, երթալ Ղուկաս էֆենտիին գտնալ և թուղթը ետ պահանջել, բայց հետո ինքնիրեն մտածեց, որ ապահովաբար չպիտի տար և պարապ տեղը պզտիկ պիտի մնար։

− Էյ, ի՞նչ պիտի ընենք հիմա, Հաճի թումիկ աղա,− ըսավ ներկաներեն մեկը− …տեսա՞ր մի գլխներուս բերած փորձանքդ… աս լսած խոսքերես ետքը, ես ալ հանգստությունս կորսնցուցի գնաց…

− Վույ շունշանորդի, աճապա՛ ինծի օյինի՞ բերավ այդ Ղուկաս էֆենտին.− գոչեց գինեպանը, որ կամաց-կամաց կբորբոքվեր վաճառականին դեմ։

Ատենը ուշ էր սակայն և հաճախորդները մեկիկ-մեկիկ կմեկնեին հաշիվնին մաքրելով, և իրարու խոստանալով «վաղը դարման մը մտածելու»։

Սերգիս, իր կարգին, ոտք ելավ մեկնելու համար, սակայն Հաճի Թումիկ արգելեց զինքը:

− Դուն նստե, մյուսյու, քեզի հետ քիչ մը խոսիլ կուզեմ,− ըսավ։

Երբոր ամենքը հեռացան, Հաճի Թումիկ աշակերտին նոր շիշ մըն ալ բերել տվավ և երիտասարդին ու իր գավաթները լեցնելե ետքը, ըսավ.

− Ինծի նայե, մյուսյու Սերգիս, ես կեցած տեղս մարդու գեշություն ընել չեմ ուզեր, և եթե գիտնամ, որ այդ կնիկն ու երիտասարդը անմեղ են, պետք է որ անպատճառ այս գեշության առաջքը առնեմ․․․ ես խղճմտանքի տեր մարդ եմ, ուստի քանի որ դուն անոնց ճանչվոր ես, հիմա միասին իրենց տունը կերթանք, աչքովս պիտի տեսնամ իրենք, հետերնին խոսիմ, հասկանալիքս [ 106 ] հասկնամ և եթե համոզվիմ, որ պարկեշտ մարդիկ են, ան ատեն ես գիտեմ ընելիքս… թող նայինք որ Հաճի Թումիկին խաղ կխաղըցվի՞ մի…

Այս առաջարկը մեծ հոժարությամբ ընդունեց երիտասարդը։

− Քալե երթանք,− ըսավ, ոտքի ելլելով։

Եվ երկուքը միասին դուրս ելան գինետունեն։

− Նախ «Օսման պեյ» հանդիպինք,− ըսավ ճամփան Սերգիս,– որովհետև Գարեգին հոն ինծի կսպասե կոր։

Երբ սրճարանեն ներս մտան, Գարեգին չկրցավ զարմանքը ծածկել իր բարեկամը տեսնելով գինեպանին հետ։

− Ահա թշնամիդ քեզի կբերեմ,− ըսավ Սերգիս խնդալով։

Հետո նստեցան ու բավական խոսակցելե ետքը, երեքը միասին ուղղվեցան Սաթենիկի տունը։

Դուռը զարկին․ բայց բավական սպասելե ետքը, տեսնելով բացող չի կար, Գարեգին կրկին դուռը զարկավ, այս անգամ ավելի ուժգին։ Քիչ հետո վերջապես Սաթենիկ եկավ դուռը բանալու, հուզված, այլայլված դեմքով մը, աչքերը արցունքոտ։

− Ի՞նչ ունիք, ի՞նչ եղավ, տիկին,− հարցուց Գարեգին անոր տակնուվրա վիճակը տեսնելով։

Հետո, իրեն ընկերացողները ներկայացնելով ըսավ,

− Պ. Սերգիս Սմբատյան, դպրոցական ընկեր և մտերիմ բարեկամս… Հաճի Թումիկ…

Այս անունը լսելով տիկին Սաթենիկ ահռելի աղաղակ մը արձակեց։ Երիտասարդը՝ շվարսծ՝ քովը փութաց և զայն առաջնորդեց գետնահարկի վրա գտնված սենյակը, որ արդեն իրեն իբրև նստելու սենյակ կծառայեր։

− Բայց ինչո՞ւ այսպես հուզվեցաք,− հարցուց կրկին երիտասարդը. մինչ մյուս երկու մարդիկը բակը մնացեր էին, առանց ներս մտնել համարձակելու…

- Այդ մարդն է, որ ինծի դեմ հանրագրություն ստորագրել կուտա կոր,− հեկեկաց թշվառ կինը։

− Մենք ալ ճիշտ ատոր համար եկանք, հիմա ինքն ալ համոզված է, թե վատ գործ մըն է ըրած․․․ կաղաչեմ, հանդարտեցեք. մենք ամեն բան բացատրեցինք իրեն…

Եվ Գարեգին դուրս ելլելով՝ սենյակ մտցուց Սերգիսն ու Հաճի Թումիկը, որ ինքն ալ հուզված կթվեր իր անունին առաջ բերած ազդեցութենեն։ [ 107 ] Երբ Սաթենիկ քիչ մը հանդարտեցավ, պատմեց թե ինչո՞ւ այնքան այլայլված ու հուզված էր։ Իրիկունը՝ իր դրացուհին՝ Շաղիկ հանըմը եկեր և իմաց տվեր էր, որ զինքը իբրև անբարոյական տունեն հանելու համար հանրագրություն մը ստորագրված էր և թե գինեպան Հաճի Թումիկն էր այդ գործը կատարողը։ Ասիկա շանթի հարված մը եղեր էր իրեն համար։ Խելահեղ և հուսահատ ինկեր էր անկողնին վրա և ժամերով լացեր էր և ճիշտ ասոր համար չէր կրցած անմիջապես գալ դուռը բանալ։

Ու նորեն սկսավ հեծկլտալ։

Գարեգին գնաց գավաթ մը ջուր փնտռելու կնոջ հուզումը հանդարտեցնելու համար, մինչ Սերգիս կջանար զայն համոզել թե ամեն բան կարգադրած էին իրենք, թե եղածը թյուրիմացության մը արդյունք էր։

− Ես իբրև անբարոյական ամբաստանվիմ,− կհեկեկար Սաթենիկ,− ես որ խեղճ էրկանս մահվանեն ի վեր ամեն զոհողություն, ամեն զրկանք աչքս կառնեմ անարատ պահելու համար… իցիվ թե չդիմեի այդ անիծյալ Աղքատախնամին և այս փորձանքները գլուխս չի գար… այս ինչ ոճրագործություն է, աղջկան տեր կնոջ մը պատիվը արատավորել, ինչպե՞ս ասկե ետքը պիտի կրնամ մեկու մը երես նայիլ, ինչպե՞ս փողոց պիտի ելլեմ։

Հաճի Թումիկ այժմ կզգար իր արարքին ամբողջ չարիքը, ահռելիությունը, կուզեր խոսիլ, ինքզինք չքմեղացնել, բայց խոսքերը կոկորդին մեջ կմնային և անդադար գլուխը կտատաներ, հուսահատ շարժումով մը։

Սաթենիկ շարունակեց խոսիլ։ Իր աղքատ ու թշվառ այրիության ամբողջ պատմությունը ըրավ, անկեղծության այնպիսի շեշտով մը, որ կարելի չէր չհամոզվիլ իր ըսածներուն ճշմարտության։ Հետո՝ խոսեցավ Գարեգինի մասին, ըսավ թե ինչ մտերիմ բարեկամը եղած էր իր ամուսնույն և թե ինչ եղբայրական հոգածություն մը ունեցած էր իր վրա, անոր մահվընե ետքը և հիմա այդ անձնվեր պաշտպանությունն էր, որ կդատապարտվեր, որ անբարոյական կհռչակվեր…

Գինեպանը հարաճուն խղճի խայթով մը մտիկ կըներ Սաթենիկը։ Հիմա ալ բացարձակապես կըզգար խաբված ըլլալը և այս ստուգությունը կկատղեցներ և ամբողջ բարկությունը կկուտակեր Ղուկաս էֆենտիի դեմ, որուն անարգ գործիքը եղած էր: Եվ որովհետև [ 108 ] Սաթենիկի ուղղելիք խոսք մը չէր գտնար, հանկարծ պոռթկաց Ղուկաս էֆենտիի դեմ.

− Վայ, շունշանորդի հերիֆ, անանկ իմ քթիս խնդա, ձեռքս արյունի մեջ թաթխել տա, վայ, անխիղճ, անաստված մարդ, ամա անոք աս ըրածը իրեն չպիտի թողում… անոր պիտի սորվեցնեմ, որ Հաճի Թումիկին հետ խաղալ չըլլար… հարուստ է տեյի, կկարծե, որ ուզած գեշությունը կրնա ընել…

Եվ սկսավ պատկերալից հայհոյանքներու շարք մը վաճառականին հասցեին։ Այժմ, ալ ամենքը բարեկամ եղած էին, Սաթենիկ բոլորովին հանդարտած կթվեր. իրեն այնպես հավատացուցին, թե թուղթը տակավին չէ հանձնված իր տեղը, հետևաբար քանի որ այժմ պիտի ջնջեին զայն, ոևէ նախատինք մը չէր կըրնար գալ իր անունին։

Վերջապես ժամանակը եկավ մեկնելու, գինեպանը և Սերգիս ոտքի ելան, մնաս բարով ըսին և դեպի դուռը ուղղվեցան Գարեգինի հետ հետևյալ առտու ժամադիր ըլլալով։

Փողոցը Հաճի Թումիկ ըսավ Սերգիսին։

− Մյուսյու Սերգիս խնդիրք մը ունիմ, չէ չպիտի ըսես և խոսք պիտի տաս, որ պիտի կատարես… տես ես քու խոսքիդ մտիկ ըրի։

− Ի՞նչ է խնդիրքդ։

− Ասիկա այդ որբևայրիին պիտի տաս, թող ծնունդի խաշլըխ ընե…

Ու գինեպանը անոր հանձնեց Ղուկաս էֆենտիեն ընդունած երեք ոսկին։ Ասով կարծես թեթևացում մը կզգար խղճին վրա։

ԳԼՈԻԽ Թ

Լևոն Կոկիկյան, տասը օր էր, որ մեկնած էր Պոլսեն ու այդ միջոցին երեք նամակ գրած էր իր նշանածին՝ Ռոզիկի, առաջինը Ֆիլիպեեն, երկրորդը Վիեննայեն և վերջինը Փարիզեն, որուն մեջ կհայտներ, որ հակառակ իր ենթադրության, չի պիտի կրնար երկու շաբաթեն վերադառնալ և հավանորեն իր բացակայությունը ամիս մը պիտի տևեր և թե այս պարագան անհուն հուսահատություն կպատճառեր իրեն։

«Ամբողջ ուղևորությանս միջոցին քու վրադ մտածեցի,− կգրեր,– և հոս հասնելես ետքն ալ վայրկյան մը չէ եղած, որ քեզ չհիշեմ։ Փարիզը զոր այնքան կսիրեի, հիմա ձանձրույթ կպատճառե [ 109 ] ինծի․ կուզեմ ժամ առաջ գործս լմնցնել քու քովդ դառնալու համար։ Դժբախտաբար ստիպված եմ սպասելու անգլիացի գոհարավաճառի մը, որ Լոնտոնեն պիտի գա և ես կենթադրեի, որ արդեն հոս պիտի գտնեի»։

Եվ երիտասարդը պաղատագին կխնդրեր նշանածեն, որ ամեն օր նամակ գրեր իրեն, «որովհետև,− կըսեր,− քու նամակներովդ միայն կապրիմ»։

Ռոզիկ երիտասարդին այս սիրային հայտարարությունները կլափեր անսահման հրճվանքով մը։ Արդեն Լևոնին մեկնելեն երկու օր ետքը նամակ մը գրած էր անոր և հետո, հաջորդաբար երկու օրը անգամ մը, շարունակած էր իր նամակները։ Բայց անոնք շատ կարճ էին և չունեին երիտասարդին նամակներուն խանդավառ ու հրայրքոտ շեշտը։ Ռոզիկ զգաց, որ պետք էր ինքն ալ կրակ դներ ասկե ետքը իր գրություններուն մեջ, որպեսզի նշանածը կասկած չունենար իր զգացումներուն մասին։

Երբ որ մորը կարդաց Լևոնի նամակը, մայրն ալ նույն խրատը տվավ։

− Նայե որ սիրտը վրադ տաք պահելու բաներ գրես,− ըսավ։

Եվ սակայն, եթե Լևոն, իր բացակայության մեջ խանդակաթ սիրահար մը կմնար, իր մայրը, տիկին Անթառամ հետզհետե պաղ վերաբերում մը կունենար իր հարսնացուին հանդեպ։

Իր տղուն մեկնելեն ի վեր երբեք այցելության չէր եկած Ղուկաս էֆենտիի տունը, թեև Ռոզիկ ու իր մայրը մեկ քանի անգամ գացեր էին պանդոկ, զինքը տեսնելու։ Այդ տեսակցությանց միջոցին ալ շատ չոր կերպով վարվեր էր։

Ռոզիկ իր նշանածեն ամեն նամակ ստանալուն՝ փութացած էր երթալ իմաց տալու տիկին Անթառամի։ Եվ այս բանը ալ ավելի կատաղեցուցած էր զայն, քանզի Լևոն մինչև հիմա տակավին երկտող մը չէր գրած իր մորը։ Եվ Ռոզիկի դեմ նախանձը թույն գրեր էր սրտին մեջ։

− Այսչափ տարվան մայրը, երեկվան նշանածին համար մոռցավ,− կխորհեր դառնությամբ։

Տիկին Անթառամի հայտնապես թշնամական այս ընթացքը միակ սև ամպն էր Ռոզիկի պայծառ երկնքին վրա։ Եվ շատ անգամ մայր ու աղջիկ տխրությամբ իրենց մտատանջությունը իրարու կհաղորդեին այս մասին։ Բայց Ղուկաս էֆենտի բնավ փույթ չէր ըներ անոր համար։ [ 110 ] − Ատ ճատըին բնավ կարևորություն մի տաք,– կըսեր,– հերիք է որ տղան ձեոքերնուս մեջն է…

Ու կփութացներ օժիտի պատրաստությունները, որպեսզի Լևոն վերադառնալուն պես կարելի ըլլար հարսնիքը կատարել։

Եվ սակայն տիկին Անթառամ արհամարհելի թշնամի մը չէր և տակավին չէր հուսահատած այս նշանտուքը ետ ընելու մասին, միշտ իրեն գործակից ունենալով Տ. Միքիաս հայրը, որ գրեթե ամեն օր կուգար զինքը տեսնելու։

Այն օրն, որ Ռոզիկ Փարիզեն նամակ մը ստացած էր, ուզած էր կրկին երթալ տիկին Անթառամին լուր տալ և մորը հետ ընկերակցությամբ ուղղված էր Պրիսթոլ պանդոկը, բայց հոն դռնապանը ըսած էր.

− Տիկին Կոկիկյան դուրս ելած է։

− Ե՞րբ կվերադառնա։

− Հավանորեն շատ ուշ, ինքը այսպես ըսավ…

Երկու կիները իրենց այցաքարտը ձգեցին։ Բայց Ռոզիկ իրենին վրա երկտողով մը իմացուց, թե Լևոնեն նամակ ստացած է Փարիզ հասնելեն ետքը, որով իր բացակայությանը քիչ մը երկարիլը կծանուցանի։ Հետո ավելցուց, թե հետևյալ օրը կրկին պիտի գային զինքը տեսնելու։

Արդ, դռնապանը կստեր։ Տիկին Անթառամ հոն, պանդոկն էր, սակայն ինք պատվիրած էր, որ եթե հյուր գար, այդպես ըսեին։

Եվ պանդոկին մեջ առանձին չէր, Տ. Միքիաս քահանային հետ էր։ Քահանան հավատացուցած էր տիկին Անթառամի, որ եթե տղան նշանը ետ ըներ, Սմսարյանները պատրաստ էին իրենց աղջիկը տալու ութը տասը հազար ոսկի օժիտով մը, մինչ Ղուկաս էֆենտի հազիվ երեք հազար ոսկի խոստացած էր և այն ալ պարզ խոստում մը, որ հավանորեն չպիտի հարգեր, մանավանդ որ,− կըսեր քահանան,− իր առած ստույգ տեղեկությոլններուն համեմատ, Ղուկաս էֆենտի մեծ-մեծ կորուստներ ըրած էր իր գործերուն մեջ և շատ նեղ դրության մատնված էր։

− Պարզապես ձեր վրա բեռ պիտի ըլլան, տիկին Անթառամ,− ըսավ Տեր Միքիաս…− ես կկարծեի, որ այդ Ղուկաս էֆենտին հաստատ հարստություն մը անի, մինչդեռ ամբողջ ունեցածը կառավարութենեն առնելիքներ է, որոնք երբեք գանձելիք չունի։

− Ա՜խ, ինտոր այս փորձանքը գլուխնուս բերինք,− կշարունակեր Լևոնին մայրը։ [ 111 ] Նույն միջոցին ծաոան ներս մտնելով հանձնեց երկու այցաքարտերը, որոնց վրա աչք մը նետելով՝ Անթառամ գոչեց.

− Միտքես անցավ, որ պիտի գան, աղեկ որ առաջուց պետք եղածը ըսած էի դռնապանին։

Հետո կարդաց Ռոզիկին երկտողը.

− Կտեսնա՞ս, նորեն Լևոնեն նամակ առեր է․․․ ինծի դեռ երկտող մը, բան մը չղրկեց․ տեսնվա՞ծ բան է աս։

− Իրավ որ, մեղք այս եղածին,– պատասխանեց Տ. Միքիաս,− քանի կմտածեմ, սիրտս կայրի կոր։ Հերմինեին պես աղջիկը թողուլ և երթալ Ռոզիկը գտնել, թե ավելի հարուստ, թե ավելի գեղեցիկ և թե ավելի ուսյալ… Ասկե զատ Սմսարյանները ճշմարտապես ազնվական ընտանիք են, իսկ գալով Կելկիթյաններւլն, ո՞վ են որ, երեկվան մարզիկը․․․ քիչ մը դրամ շահեր է տե՝ Ղուկաս էֆենտի եղեր է։

− Աս գործը ավրելու ճար մը գտնելու է՝ ես աս գիտեմ,− ըսավ Անթառամ վճռաբար.− չեմ ուզեր, որ ձեռքովս մեծցուցած զավակս այսպես ինե պաղեցունեն, ձեռքես առնեն․․․ անկե զատ, առաջին վայրկյանեն սիրտս այդ աղջկան վրա չտաքցավ։ Կաղաչեմ, տեր հայր, միջոց մը սորվեցուր ինծի…

Տ. Միքիաս իր երկայն փառավոր մորուքը շոյեց, ինչ որ մտածելու սովորական շարժում մըն էր իրեն համար, հետո պատասխանեց.

− Զավկիդ բացակայութենեն պետք է օգուտ քաղել՝ այդ խոսք-կապը ետ ընելու համար։

− Բայց ի՞նչ կերպով…

Դահանան նորեն սկսավ մորուքը շոյել և խոսքը շարունակեց․

− Պետք է, որ խնամիցուներուդ հետ խոշոր կռիվ մը հանես, ոևէ պատրվակ մը գտնելով, անանկ կռիվ մը, որ նույնիսկ իրենք ստիպվին նշանը ետ ընել… ուրիշ ճար չկա, ու այս բանը կարելի եղածին չափ շուտ ըլլալու է։

Զուգադիպությամբ մը Անթառամ ալ, ինքնիրեն, նույն բանը մտածեր էր, այսինքն գժտություն մը առաջ բերել իր ու Կելկիթյաններուն միջև, այն աստիճան, որ զավակը ստիպվեր կամ զինքը զոհեր և կամ աղջիկը, ուստի Տ. Միքիասի խորհուրդը շատ գործնական գտավ։

− Ես ալ ատիկա մտածեցի,− գոչեց,− միայն թե հարկ էր կռիվի բավական լուրջ շարժառիթ մը գտնել։ [ 112 ] − Այդ դյուրին է,− ըսավ քահանան,− նախ երեք հազար ոսկիի օժիտի խնդիրը կա, հետո Ղուկաս էֆենտիի նյութական կարության մասին եղած աննպաստ տարաձայնությունները, ասկե զատ, եթե պետք ըլլա, ներքին ընտանեկան աղտոտ բաներ ալ մեջտեղ կրնաս դնել… օրինակի համար, այդ Ղուկաս էֆենտիի համար կըսեն, որ իր քենին կսիրե…

− Ի՞նչ կըսես, տեր հայր,− գոչեց Անթառամ գայթակղած։

− Ամենուն գիտցած բանն է աս, տիկին, ես մտքես չեմ հնարեր կոր։

− Բայց ինչո՞ւ առաջին օրվընե ի վեր այդ բաները զավկիս չըսիր։

− Ես երբոր ձեր հետ աոաջին անգամ տեսնվեցա, բանը բանեն անցեր էր, որոշումը տվեք էիք և որովհետև ես չեմ սիրեր այդ տեսակ խնդիրներու մեջ խոսք խառնել, մանավանդ որ իմ դիրքիս ու աստիճանիս ալ անվայել է, հետևաբար ձայն չհանեցի… նույնիսկ, երբ ձեր համակրությունը տեսա Ռոզիկին ու Ղուկաս էֆենտիին վրա, ես ալ վրա տվի, աղջկան ու ընտանիքին գովեստը ընելով… կարծես ով որ ալ ըլլար իմ տեղս, նույն բանը պիտի ըներ… բայց հիմա խնդիրը փոխվեցավ, հիմա ճշմարտությունը հայտնելու ատենը եկավ, ուստի ես ալ կխոսիմ։

− Շնորհակալ եմ, բայց կվախնամ, որ ուշ մնացած չլլանք։

− Եթե վարպետությամբ և շրջահայեցողությամբ գործենք, տակավին ուշ չէ, կրնանք հաջողիլ Լևոն էֆենտիին այս փորձանքեն ազատել… սակայն միայն հոս գործելով չի լմննար, մյուս կողմեն ալ նամակով ազդելու է ձեր զավկին վրա, անոր ալ հասկցնելու է ամեն բան, որպեսզի աչքը բացվի… երթալեն ի վեր նամակ գրեցի՞ր իրեն։

− Շիտակը չգրեցի… ինք պարտավոր էր ինծի գրել, նշանածին ժամանակ կգտնա կոր գրելու, մորը երկու տող բան չգրեր․․․ աս ըրածին շատ ցավեցա ու միտքս դրի, որ մինչև որ ինք չգրե, ես իմ կողմես բան մը չգրեմ։

− Ինծի նայե, տիկին Անթառամ, հիմա ատանկ բաներու համար զավկիդ հետ քեն պահելու ատեն չէ. ընդհակառակը, նայե, որ իր վրա ավելի սեր ու գուրգուրանք ցույց տաս, որպեսզի քենե բոլորովին չփախչի… ես եթե քու տեղդ ըլլամ, անմիջապես կնստիմ, երկար նամակ մը կգրեմ, նախ իր մեկնելուն առթիվ զգացած [ 113 ] վիշտս կպատմեմ, կըսեմ, որ իրմե հեռու չեմ կրնար կոր ապրիլ, և այլն, հետո, խոսք կբանամ Ղուկաս էֆենտիենց մասին և անոնց նյութական աննպաստ վիճակին մասին առած տեղեկություններս կհաղորդեմ, առանք աղբյուրը ցույց տալու, հետո երկրորդ նամակով մը ընտանեկան գայթակղությունները կհիշեմ… այդ մասին ես, եթե պետք ըլլա, նորանոր տեղեկություններ կրնամ տար: Անկե ետքը կամաց-կամաց Ռոզիկի թերությունները մեջտեղ կդնեմ, վերջապես անանկ մը կընեմ, որ իբր թե իր մեկնելեն ի վեր ամեն օր մեկ մեկ աննպաստ տեղեկություններ կստանաս Կելկիթյաններու վրա, մյուս կսղմեն ալ հոս, դուն քեզի խզում մը առաջ կբերես, այնպես որ զավակդ հոս հասնելուն՝ ամեն բան տակնուվրա եղած գտնա… ալ անկե ետքը կմտածենք մեր ընելիքը։ Դուն վստահ եղիր, որ նշանը ետ ըլլալեն շաբաթ մը ետքը Հերմինեին հետ կրնանք Լևոն էֆենտին նշանել…

Տիկին Անթառամ հանձն առավ հետևելու Տ. Միքիասի խորհուրդներուն, որոնք շատ բանավոր կթվեին իրեն։

Երբ Տ. Միքիաս հրաժեշտ առավ ու մեկնեցավ, տիկին Անթառամի առաջին գործը եղավ խոստացված նամակը գրել Փարիզ, իր զավկին, գործ՝ որ բավական դժվարին էր իրեն համար․ որ շատ նախնական կրթություն մը առած էր և հազիվ պարզ կարդալ մը գիտեր ու քիչ մըն ալ գրել, անհեթեթ, աներևակայելի տառասխալներով։

Այս տաժանակիր աշխատությունը ավարտելն ետքը, որ գրեթե երկու ժամ տևած էր, թեև նամակը հազիվ երեք երես եղեր էր, Անթառամ իր կռիվի հատակագիծը պատրաստեց։

Ռոզիկ իր այցաքարտին մեջ ծանուցած էր, որ հետևյալ օրը կրկին պիտի գային պանդոկ, իրեն այցելություն տալու․ միթե այդ լավ առիթ մը չէ՞ր ճակատամարտը սկսելու։ Որովհետև շատ ժամանակ չունեին կորսընցնելու, իրավ էր, որ տղան պարտավոր էր իր վերադարձը մեկ քանի օր հապաղել, բայց այդ հապաղումը շատ աննշան բան մըն էր, ուստի գործել կուզեր անմիջապես,տղդուն վերադարձեն ետքը անկարելի էր բան մը ըներ։

Գիշերր ամբողջ իր միտքը այս խնդիրներով չարչարեց։ Լևսն խենթի պես սիրահարված ըլլալու էր այդ աղջկան՝ զինքը այս աստիճան մոռցած ըլլալու համար, ինք՝ որ մինչև այդ օրը մորը հանդեպ սեր ու պատկառանք միայն ցույց տված էր և ուզած էր, որ իր ամուսնությանն ալ մոր հաճությամբը ըլլար։ Այժմ կզգար․ [ 114 ] որ տղան խույս կուտար իր ձեոքեն և այս բանն էր, որ ամենեն ավելի կկատղեցներ զինք, և Ռոզիկի դեմ սիրտը ատելությամբ կլեցներ։ Ինք՝ որ մինչև այն ատեն իբրև տիրուհի մը ապրած էր Փարիզի մեջ իր զավակին հետ, և կփափաքեր նույն դիրքը պահել հարս մը առնելեն ետքն ալ, այժմ երկյուղ մը կզգար, որ այդ դիրքը կխախտեր, թե կրնար ըլլալ, որ հարսը դառնար տան տիրուհին և ինք ստիպվեր վար իջնել պատվանդանեն և այս հավանականությունը սոսկալի մտատանջություններու կմատնեին զինքը։

Անշուշտ որդին ամուսնացնելու փափաքած էր. ինք հղացած ու հետապնդած էր այդ ծրագիրը, բայց պատշաճության ամուսնություն մըն էր իր ուզածը և ոչ թե սիրային ամուսնություն մը, ինչպես կսպառնար ըլլալու։

− Ես իմ ձեռքովս իմ դժբախտությունս պատրաստե՞մ,– ասանկ կմտածեր անկողնին մեջ քունը փախած.− այս ի՞նչ փորձանք բերի գլխուս…

Չէ՛, անկարելի էր համակերպիլ սպառնացող վտանգին, պետք էր կռվիլ, անկարելին ընել, ամեն գայթակղություն աչք առնել, խզում մը առաջ բերելու համար Ղուկաս Կելկիթյաններու հետ։

Եվ Անթառամ, այս հաստատ մտադրությամբ, վերջապես, առտվան դեմ քիչ մը աչքերը փակեց։

Հետևյալ օրը, արդեն մութը կոխելու վրա էր, երբ որ տիկին Թագուհի և Ռոզիկ, որոնք դերձակուհիին գացած էին, ներկայացան պանդոկ։

− Հո՞ս է տիկին Կոկիկյանը,− հարցուց աղջիկը կասկածոտ դեմքով մը, որովհետև սկսած էին կռահել, որ տիկին Անթառամ զիրենք չընդունելու համար հաճախ «հոս չէ» ըսել կուտար։

Սակայն այս անգամ դռնապանը պատասխանեց․

− Այո՜, հոս է, ներս հրամմեցեք։

Իր բնակած սենյակը գիտեին, ուստի ուղղակի հոն դիմեցին և դուռը զարնելե ետքը ներս մտան։

Տիկին Անթառամ թիկնաթոռի մեջ բազմած էր, անժպիտ խոժոռ դեմքով մը։

Տիկին Թագուհի ժպտերես մոտեցավ, ըսելով.

− Երեկ ալ հանդիպեցանք ձեզի, բայց դուրս ելած էիք, ուստի քարթերնիս ձգեցինք։

− Այո, առի,− պատասխանեց Անթառամ չոր կերպով մը։ [ 115 ] Ռոզիկ ալ իր կարգին մոտեցեր էր իր ապագա կեսուրոջ և ըստ սովորության, ձեռքը համրուրելե ետքը, ճակատը ներկայացուցած։

Անթառամ հազիվ թե շրթունքը դպցուց աղջկան ճակատին։

Հյուրերը աոաջին րոպեին զգացին ընդունելության արտասովոր պաղությունը, այսուհանդերձ տիկին Թագուհի թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ, մինչ Ռոզիկ կլոր սեղանի մը քով դրված աթոռի մը վրա կնստեր։

Տեսնելով որ տիկին Անթառամ սփինքսային լռություն մը կպահե, նախ և առաջ տիկին Թագուհի խոսիլ սկսավ։

− Ինչպե՞ս եք, աղեկ եք, տիկին,− հարցուց։

− Չէ, աղեկ չեմ,− պատասխանեց մյուսը,− քանի օրե ի վեր վրաս նեղություն մը կա։

− Արդյոք դուք ալ մյուսյու Լևոնեն նամակ առի՞ք… անշուշտ առած ըլլալու եք։

Այս հարցումը, մանավանդ վերջին հավաստումը դժնդակ հարված մը եղավ Անթառամի համար, որ ինքզինքին վրա մեծ ճիգ մը ընելով պատասխանեց.

− Այո, առի։

− Ուրեմն ձեզի ալ գրած ըլլալու է, որ իր վերադարձը քանի մը օր պիտի ուշանա։

− Այո, գրած էր։

Ինչպես գիտենք, տիկին Անթառամ չարաչար կստեր, սակայն իր հպարտությունը չէր ներեր իրեն խոստովանելու, թե զավակը զինքը մոռցած էր բոլորովին։

− Ինծի տասը երես նամակ մը գրած էր,− ըսավ Ռոզիկ աշխույժ զվարթությամբ մը, հակառակ սենյակին մեջ տիրող պաղության։− Ամբողջ ճամփորդությունը մանրամասն պատմած էր, հետո գործերուն մասին տեղեկություններ տված էր և հետո ըսած էր, որ ձեզի ալ իմաց տամ Փարիզ հասնիլը և գործի պատճառավ իր վերադարձին քիչ մը ուշանալը…

− Բայց արդեն տիկինին ինքն ալ գրեր է,− դիտել տվավ Թագուհի։

− Այո,− ըսավ աղջիկը,− զարմանալի բան, ես իր նամակեն այնպես ենթադրեցի որ ձեզի չէր գրած միևնույն ատեն, քանի որ կհանձնարարեր այդ հապաղումը իմաց տալ ձեզ…

Բոլոր այս փոխանակված խոսքերը ծայրահեղորեն գրգռեցին տիկին Անթառամը, որ իր մտային ներկա տրամադրության մեջ [ 116 ] այնպես ենթադրեց, որ այդ խոսքերը հատկապես կըլլային, իր նամակ ընդունելու պարագան սուտ հանելու համար, թեև ճշմարտությունն այն էր, որ տիկին Թագուհի և ոչ ալ աղջիկը այդպիսի կասկած մը չէին ունեցած։

− Ի՞նչ ըսել կուզե կոր,− գոչեց հանկարծ Անթառամ, խոսքը Ռոզիկի ուղղելով,− իբր թե նամակ չեմ առած ու սո՞ւտ կխոսիմ կոր, հա՞… կերևա որ դուն խրատեր ես զավկիս, որ նամակ չգրե ինծի…

Պատերազմի նշանը տրված էր և առաջին գնդակն էր, որ կարձակվեր։

Խեղճ Ռոզիկ շփոթված, դողահար այդ հանկարծական հարձակումեն, որուն բնավ չէր սպասեր, չէր գիտեր ինչ պատասխաներ։

− Բայց, տիկին, ինչ կըսեք,− կմկմաց.− ինչպես ատանկ ենթադրություն մը ձեր մտքեն կանցնեք… միթե կարելի՞ բան է…

− Լռ՛, լռե՛,− շարունակեց Անթառամ, հետզհետե բորբոքելով,− ես ան քու գիտցած տըլլա տիկիններեդ չեմ, ես գիտես որ լուր չունի՞մ անցած-դարձածեն, ձեր խաղցած խաղերեն… մեյ մըն ալ եկեր են, մայր ու աղջիկ, չամչնալով դեմս անցեր, քթիս կխնդան կոր, ասոնց նայեցեք մեյ մը…

− Կաղաչեմ, տիկին, հանդարտեցեք, ատոնք անվայել խոսքեր են,− գոչեց Թագուհի, որ չէր կրնար խելք հասցնել իրենց ապագա խնամիին այս անսովոր ընթացքին։

Իսկ հեգ Ռոզիկ, հուզված՝ սիրտը ելած՝ կարտասվեր այս անիրավ նախատինքներուն տակ։

Անթառամ, որ միտքը դրած էր կիսկատար գործ չտեսնել և ներսիդին կուտակված բոլոր մաղձը դուրս թափել, շարունակեց.

− Քանի համբերեմ, աչք գոցեմ ըսի, այնչափ խաղերնիդ առաջ տարիք… զավակս միամիտ գտաք, ծուղակ ձգեցիք տեյի՝ մա՞յրն ալ անանկ կարծեցիք, ինծի նայե, Թագուհի հանըմ, ես քեզի պես հանած վարածները ճեպես կհանեմ… հեմ աս ալ մտքերնիդ դրեք, որ զավակս հավու պես փեթթել չեմ ի տար ձեզի, անիկա այսչափ տարի աշխատեցավ, արյուն քրտինք թափեց քի հոս գա տե, կործանած, պարտքը պողազը մարդե՞ աղջիկ առնե… այսօր ուզեմ նե՝ ձեռքս պագնելով տասը հազար ոսկիով աղջիկ կուտան տղուս… ամեն օր չուր կուգա կոր, ինչ աղջիկներ, մեկը մյուսեն աղվոր, մեկը մյուսեն ուսյալ… չէ քի Ռոզիկին պես…

− Աղջիկս, ել երթանք,− ըսավ Թագուհի, բարկութենեն կաս-կարմիր [ 117 ] կտրած, մինչ Ռոզիկ ոտքի կելլեր հեծկլտուքը շարունակելով, ավելի բարձրաձայն։

− Ելեք, գացեք, դռները բաց են…− գոչեց Անթառամ ձեռքովը վանողական շարժում մը ընելով։

Տիկին Թագուհի և Ռոզիկ հասան տուն, ճամփան առանց խոսք մը փոխանակելու իրարու հետ։ Հարվածը այնքան անակնկալ, այնքան սաստիկ եղած էր, որ երկուքն ալ պապանձեր էին։ Անշուշտ Լևոնին մեկնումեն ի վեր նշմարած էին, որ Անթառամ պաղ վերաբերում մը ցույց կուտար իրենց հանդեպ, նույնիսկ կզգուշանար հետերնին տեսնվելե կամ մտերմություն ցույց տալե, բայց երբեք չէին երևակայեր, որ այդ չկամությունը կամ պաղությունը այսպիսի անբացատրելի մոլեգնությամբ մը պիտի պայթեր։ Խեղճ Ռոզիկ, տուն հասնելուն՝ ազատ ասպարեզ տվավ իր զսպված հուզումին և սենյակը քաշվելով, ուր մայրը գացած էր իրեն միանալու, սկսավ հորդ արցունք թափել։

Մանկատի աղջիկը իրապես կսիրեր Լևոնը, մանավանդ այն օրեն ի վեր, որ տեսած էր, որ երիտասարդը անկեղծ ու անշահախնդիր վարմունք մը ունեցած էր իրեն հանդեպ։ Այն կեղծ քծնումները, որոնք, իր ծնողքին խորհուրդով, ի գործ դրեր էր երիտասարդին հետ ունեցած տեսակցություններուն ատեն, շուտով ճշմարիտ տարփանքի մը փոխված էին։

− Ա՜խ, մայրիկ, ի՞նչ պիտի ընենք հիմա,− կհեծկլտար գլուխը իր մոր ծունկերուն վրա դրած…− ան ինչ սարսափելի նախատինքներ ըրավ մեզի, հիմա ինչպե՞ս իրարու երես սլիտի նայինք…

− Անպատճառ մեկը խոսք խառներ է,− կկրկներ տիկին Թագուհի.− այս եղածին մեջ թշնամիի մատ կա, ինչո՞ւ մեկ օրեն մյուսը այդ կինը այսպես մեզի դեմ դարձավ, ի՞նչ ըրինք իրեն…

Հետո ջանաց աղջիկը մխիթարել, ըսելով թե գուցե Անթառամ ջղային տագնապ մը ունեցած էր, թե իր ըրածին վրա պիտի զղջար, թե գուցե ներում պիտի խնդրեր։ Բայց աղջիկը այդ խոսքերեն չէր համոզվեր, այդ կնոջ աչքերուն մեջ կարդացեր էր անհաշտ ատելությունը իրեն նկատմամբ և հիմա կսոսկար, խորհելով, որ իր բոլոր ոսկի երազները պիտի ցնդեին այդ պառավյին պատճառով, զոր սիրաշահելու համար պետք եղածին չափ փույթ չէր տարած։

Իրիկունը սակայն, երբ Ղուկաս էֆենտի եկավ, Ռոզիկ անակնկալ ուրախություն ունեցավ. նոր նամակ մը Լևոնեն, ավելի սիրազեղ, [ 118 ] ավելի հրավառ․ իր գրած աոաջին նամակը ընդուներ էր ու անոր կպատասխաներ։ Եվ ի՜նչ նամակ, ամբողջ տասնվեց երես։ Անգլիացի ադամանդավաճառը եկած էր Փարիզ, գործը հաջող ճամփու մեջ էր և կհուսար, որ քանի մը օրեն պիտի կրնար ճամփա ելլել։ Լևոն նույնպես կծանուցաներ, որ տուփ մը շաքար կղրկեր իրեն Փարիզեն, բայց տուփը տակավին չէր հասած։ Հետո կըսեր, թե գեղեցիկ մատանի մը, զույգ մը օղ և ապարանջան մը առած էր Ռոզիկի համար, զոր իր հետը պիտի բերեր։ Ու հետո կպատմեր այն անհուն տառապանքը, որ կըզգար իր նշանածեն հեռու մնալով, թե ինչպես օրն ի բուն Ռոզիկի պատկերին նայելով կմխիթարվեր, թե ինչ անճառ հեշտությամբ ընդունած էր անոր նամակը, զոր օրը հարյուր անգամ կկարդար, համբուրելով զայն։

Մինչ Ռոզիկ իր սենյակը առանձնացած՝ այդ նամակին ընթերումով կամոքեր օրվան մեջ ընդունած ահռելի հարվածը, Թագուհի՝ Ղուկաս էֆենտիին կպատմեր իրենց այցելությունը և Անթառամի ըրած ընդունելությունը և արտասանած նախատալից խոսքերը։

Ղուկաս էֆենտի ուշի ուշով մտիկ ըրավ իր կնոջ պատմությունը, առանց հուզումի նշան մը ցույց տալու, հետո վճռաբար ըսավ.

− Ասոնք բոլորը Տ. Միքիասի կերած խալթերն են, բայց այդ Անթառամ հանըմը թող ծանր նստի ու բերնին եկածը դուրս չի տա, ետքը ես ալ բերանս կբանամ․․․

Այս սպառնալիքը, ուրկե մեծ բան մը չհասկցավ տիկին Թագուհի, վերջ տվավ խոսակցության, որովհետև նույն միջոցին Ռոզիկ ներս կմտներ և ծնողքը չէին ուզեր օրվան այդ դժնդակ միջադեպին վրա խոսիլ իրենց աղջկան ներկայությանը։

Ռոզիկ բոլորովին այլափոխված էր. իր հուզումին ու հեծկլտուքին հաջորդեր էր պայծառ զվարթություն մը։ Լևոնի նամակը դարմաներ էր տիկին Անթառամի բացած վերքերը։ Հիմա ալ գրեթե չէր հիշեր պանդոկի միջադեպը, իբր թե պարզապես մղձավանջ մը եղած ըլլար ան։

− Հայրիկ,− ըսավ աղջիկը Ղուկաս էֆենտիին,− Լևոնը ինծի տուփ մը շաքար ղրկեր է, ինչո՞ւ նամակին հետ չբերիր։

Հայրը բացատրեց, թե թղթատունը այդ տեսակ ծրարները նամակներուն հետ չի բաժներ, այլ ավելի ուշ, և խոստացավ հերևյալ [ 119 ] օրը մեկը ղրկել ֆրանսական նամակատունը, տուփը փնտռել տալու համար։

− Էհ, ուրիշ ի՞նչ գրեր է,− հարցուց հետաքրքիր շեշտով մը։

− Շատ մը բաներ, աասնըվեց երես,- գոչեց աղջիկը զվարթորեն,– ինծի շատ մը գոհարեղեններ առեր է, որոնք միասին պիտի բերե, գործերն ալ քանի մը օրեն կարգի պիտի դնե եղեր։

− Աղեկ, աղեկ, իշալլահ մինչև տասնըհինգ օր հարսնիքը կլմնցունենք։ Դուն նստե աղվոր պատասխան մը գրե նշանածիդ, սանկ սրտանց նամակ մը, ու նայե, որ կարճ չկապես, դուն ջանա իր գրածեն ավելի երկար գրելու… այս իրիկվընե գրե, որ վաղը ղրկենք։

Ռոզիկ հանկարծ վարանում մը ունեցավ և մորը դառնալով հարցուց.

− Այսօրվան անցած դարձածին մասին արդյոք բան մը գրե՞մ…

Խնդիրը այնքան ծանրակշիռ էր, որ տիկին Թագուհի չկրցավ ինքն իր գլխուն պատասխանել և ամուսնույն նայեցավ հարցական ակնարկով մը։ Ղուկաս էֆենտի ինքն ալ պետք տեսավ քիչ մը մտածելու, հետո վճռաբար ըսավ։

− Չէ, չըլլա որ բան մը գրես, ես ինքս պետք եղածը կգրեմ։

Աղջկան համար շատ դժվար պիտի ըլլար այդ միջադեպին վրա խոսիլը, ուստի գոհությամբ պատասխանեց.

− Այո, ավելի աղեկ կըլլար, ես բնավ խոսք չեմ ըներ այս մասին։

Գիշերը, երբ երկու ամուսինները իրենց ննջասենյակը առանձնացան, երկարորեն խոսեցան տիկին Անթառամի նույն օրվան անըմբռնելի ընթացքին վրա։

− Ի՞նչ պիտի ընենք, ձայներնիս քաշած պիտի նստի՞նք, բոլոր այդ նախատինքները պիտի կլլե՞նք,− կհարցներ տիկին Թագուհի, որ չէր հասկընար, թե այսպիսի ծանրակշիռ միջադեպի մը հանդեպ ինչպե՞ս Ղուկաս էֆենտի ոևէ ընդվզում մը չէր ունենար։

− Այնպես կենթադրեի, որ,− շարունակեց կինը,− աս պատմությունը իմանալուդ պես խոսք-կապը ետ պիտի ղրկես…

− Ճիշտ Անթառամ հանըմն ու Տ. Միքիասն ալ անանկ կենթադրեն ու ատ որ կըսպասեն,− պատասխանեց Ղուկաս էֆ․− և ասոր համար ես ալ իրենց բնավ չսպասած ընթացքը պիտի բռնեմ… ուստի ահա իմ խորհուրդս, այսօրվան պատահածը մենք [ 120 ] պետք է բոլորովին չեղյալ նկատենք, չգիտնալ ձևացնենք և խոսքը անգամ չընենք… դուք ալ վազ անցեք իր այցելություններեն… մենք մեր աղջիկը մյուսյու Լևոնին նշանած ենք և ոչ թե Անթառամ հանըմին… անոր հետ հարաբերություն ունենալու պետք չունինք։ Ինք մեզի չուզեր կոր, մենք ալ զինքը չենք ուզեր։

Եվ Ղուկաս էֆենտի անկողին մտնելով հանդարտ քնացավ, զորավարի մը պես, որ իր ընելիք ճակատամարտին հատակագիծը արդեն պատրաստած է։

Հետևյալ առտու կանուխ Տ. Միքիաս ներկայացավ Պրիսթոլ պանդոկը և շիտակ ուղղվեցավ տիկին Անթառամի սենյակը։

Անթառամ զինքը հաղթական ուրախությամբ մը ընդունեց։

− Մայրն ալ, աղջիկն ալ երեկ աղվոր մը վերեն վար լվացի, անկեց ալ վռնտեցի։

− Ի՞նչ կըսես, տիկին Անթառամ, է բան մը չըսի՞ն։

− Ինչ պիտի ըսեն, մուկի պես սմքեցան, պոչերնուն վրա նայելով ելան գացին… օֆ, մեյ մը սիրտս զովացավ որ…

− Մանրամասնորեն պատմե նայինք եղածը,− ըսավ Տ. Միքիաս, որ գոհունակությամբ իր սպիտակափառ մորոքը կշոյեր։

Անթառամ աղաչել չտվավ. արդեն ինքն ալ երեկվընե ի վեր կայրեր կմրրկեր իր հաղթությունը մեկու մը պատմելու մարմաջով, ուստի սկսավ մանրամասն պատմել անցած դարձածը։ Տ. Միքիաս ծայրահեղ շահագրգռված՝ մտիկ կըներ, ակնհայտի ուրախությամբ մը։ Երբեք չէր հուսար, որ իր խորհուրդները այսքան արագ ու հաջող պիտի գործադրվեին։

Երբ Անթառամ խոսքը ավարտեց, հարցուց.

− Էյ, տակավին խոսք-կապը ետ չղրկեցի՞ն։

− Չէ, բայց կսպասեմ կոր… զավակիս ալ գրեցի, որ այս աղջիկեն վազ անցիր, ըլլալիք բան չէ…

Տ. Միքիաս դեռ ժամու մը չափ նստավ, երկարորեն գովեստը ըրավ օրիորդ Հերմինեի և Սմսարյան ընտանիքին և հետևյալ օր կրկին վերադառնալու խոստումով մեկնելու պատրաստվեցավ։

Երբ դուրս ելլելու վրա էր, Անթառամ մտատանջ կերպարանքով մը հարցուց.

− Ասոնք եթե անամոթաբար խոսք-կապը ետ չղրկեն, ի՞նչ պիտի ընենք։

− Կեցիր մինչև վաղը սպասենք, տեսնենք ի՛նչ կըլլա,− [ 121 ] պատասխանեց քահանան.− ես հույս ունիմ, որ մինչև իրիկուն լուր մը կառնես։

Ու փողոց ելավ հոգին ցնծության մեջ։ Հակառակության, ոխակալության և ամբարտավանության զգացումը այնքան զորավոր էր իր մեջ, որ անոր կզոհեր ուրիշ ինչ մաքուր զգացում որ կար մեջը։

− Հիմա պիտի տեսնվինք քեզի հետ,− կըսեր մտքեն Ղուկաս էֆենտիին մասին մտածելով,− հիմա պիտի տեսնաս որ առանց Տ. Միքիասի աջակցության բան մը չես կրնար ընել… քանի մը ոսկի խնայելուդ և զիս արհամարհելուդ պատիժը պիտի կրես։

Եվ շունչը առավ Սմսարյանենց տունը։ Տիկին Աննա, Աբգար Սմսարյանի կինը, զինքը ընդունեց։ Սովորական ողջույններեն ետքը, երբ քահանան բազմոցին վրա՝ և տիկինն ալ թիկնաթոռի մը մեջ նստան, այս վերջինը հարցուց.

− Ի՞նչ լուր տեսնենք, տե՛ր հայր, նոր բան մը կա՞, քու քովդ միշտ թարմ լուրեր կըլլան։

− Տեսա՞ր, տիկին Աննա, ինչպես իմ խոսքս ելավ,− գոչեց քահանան հաղթական ժպիտով մը։

− Ի՞նչ կա որ,− հարցուց մյուսը հետքրքրված։

− Ի՞նչ պիտի ըլլա… նշանտուքը ետ կըլլա կոր։

− Ո՞ր նշանտուքը,− ըսավ տիկին Աննա, թեև շատ լավ կհասկնար, թե Տ. Միքիաս ինչ բանի կակնարկեր։

− Ռոզիկի նշանտուքը մյուսյու Լևոն Կոկիկյանի հետ։

− Մեղա, ի՞նչ կըսես, տեր հայր, դեռ առջի օր աղջիկս Ռոզիկը տեսել էր, ընդհակառակը շատ ուրախ-զվարթ է եղեր, ըսեր է, որ ամեն օր նամակ կառնե, թե վրան կխենթենա կոր։

− Աղջկան խոսքերը կարևորություն չունին, ես հիմա տղուն մորը քովեն կուգամ կոր, երեկ տիկին Թագուհին և Ռոզիկը վոնտեր է քովեն, երբոր այցելության գացեր են։

− Ամա՜ն, տեր հայր, ինչ բաներ կըսես կոր, բնավ հավատալս չի գար կոր… մանրամասն պատմե տեսնենք։

− Կպատմեմ, բայց նախ ինծի աղվոր անույշ մը բերել տուր և ուզածիս պես շաքարը քիչ խահվե մը ապսպրե,− ըսավ Տ. Միքիաս, գրպանեն ծխախոտի տուփը հանելով։

Տիկին Աննա փութաց էլեկտրական կոճակը հնչեցնել, սպասուհին կանչելու և տեր հոր ուզածները բերել տալու համար։ [ 122 ] Տ. Միքիաս սիկարեթը վառեց և սկսավ մի առ մի կրկնել ինչ որ Անթառամ քիչ մը առաջ ըսած էր իրեն։

Տիկին Աննա անհագորեն կըմբոշխներ այդ գայթակղական պատմությունը, որուն առարկան իր բարեկամուհիներեն մին էր։

− Հիմա ինձ նայե,− ըսավ Տ. Միքիաս պատմությունը ավարտելով,− հայտնի է, որ այդ եղածեն ետքը ալ նշանտուքը այսօր վաղը պիտի խզվի, ուստի պետք է, որ անմիջապես Լևոնը մեր Հերմինեին ընենք։ Արդեն ես խոսեր եմ տիկին Անթառամին, ինք ամեն կերպով համամիտ է և վստահ եմ, որ մանչն ալ կրնանք համոզել, միայն թե Աբգար էֆենտին պետք է, որ քսակին բերանը բանա, առնվազն վեց յոթը հազար ոսկի օժիտ տա․․․

− Ինչ կըսես, Տեր հայր, այդչափ դրամ կտրվի՞, մեր մեջեն ո՞ր հարուստը իր աղջկան այդչափ օժիտ տված է։

− Բայց մեր մեջն ալ ե՞րբ մյուսյու Լևոնին պես փեսացու մը եղած է, ուսյալ երիտասարդ, գեղեցիկ և միանգամայն հիսուն-վաթսուն հազար ոսկիի տեր ու տարին քանի մը հազար ոսկի շահող։

− Այդ օժիտի խնդիրին ես չեմ կրնար խառնվիլ, հորը գիտնալիք բանն է։

− Ես կխոսիմ Աբգար էֆենտիին հետ և զինքը կհամոզեմ։

Եվ Տ. Միքիաս ոտքի ելավ ու մեկնեցավ ուրիշ տուն մը երթալու և օրվան մեծ դեպքը պատմելու համար։

Երկու օր ետքը ամբողջ Բերայի հայ ընտանիքներու խոսակցության նյութն էր Կելկիթյանենց նախատվիլը ու վռնտվիլը տիկին Անթառամի կողմե։ Սակայն խոսք-կապը ետ ղրկած չէին և այս բանը, թե Անթառամը և Տ. Միքիաս քահանան հավասարապես կկատղեցներ։

Նոր խորհրդակցությունն մը ետքը, քահանան և Անթառամ որոշեցին նամակով մը հայտարարել Ղուկաս էֆենտիի, որ նշանը ետ եղած էր։

− Դուն շնորհքով նամակ մը գրե և ես ընդօրինակեմ,− ըսավ Անթառամ։

− Ամենայն սիրով,− պատասխանեց Տ. Միքիաս և պանդոկի միջադեպը պատահելեն չորս օր ետքը, Ղուկաս էֆենտի, երբ իրիկունը տուն եկավ, իր հասցեին հետևյալ նամակը գտավ.

«Մեծապատիվ Ղուկաս էֆենտի Կելկիթյան,

Անցյալ օրվան ձեր տիկնոջ ու աղջկան այցելութենեն և [ 123 ] անոնց ըրած խոսքերեն ետքը, կսպասեի, որ անմիջապես տղուս խոսք-կապը ետ ղրկեք, քանի որ այլևս անհնարին է այդ ամուսնությունը, բայց զարմանքով կտեսնեմ, որ մինչև այսօր այդ բանը չըրիք։ Կերևա, որ ձեր տիկինն ու աղջիկը ձեզի չեն պատմած մեր մեջ փոխանակված խոսքերը, ուստի այս նամակով կուգամ հայտարարելու, որ բացարձակապես որոշած եմ արգիլելու զավակիս ձեր աղջկան հետ ամուսնանալը, որովհետև շատ աննպաստ տեղեկություններ առած եմ ձեր՝ թե նյութական և թե բարոյական վիճակին մասին և չեմ ուզեր զավկիս դժբախտությունը պատրաստել այսպիսի ամուսնությամբ մը։

Կհուսամ, որ այս նամակիս վրա վերջապես կհաճիք խզված նկատել մեր խոսք-կապը և հարկ չեք թողուր ծայրահեղ միջոցներու դիմելու։

Անթառամ Կոկիկյան»

Ղուկաս էֆենտի երկու անգամ ուշի ուշով կարդաց այս նամակը, հետո գրպանը դրավ զայն։

− Այդ կինը,− մտածեց ինքն իրեն,− պարզապես մեզ գրգռել կուզե կոր, որպեսզի մեր կողմե նշանը ետ ընենք, սակայն հայտնի կտեսնվի, որ տղան ընդհակառակը, ավելի մեզի հետ է, քան թե մորը, ուստի լավագույն է բնավ կարևորություն չի տալ այս նամակին, ինչպես որ կարևորություն չտվինք անցած օրվան վարմունքին․․․

Եվ որոշեց նույնիսկ կնոջը չըսել այդպիսի նամակ մը ընդունիլը։

Վերի սրահը մարդ չի կար, Տիկին Թագուհի և Ռոզիկ այցելության գացած էին։ Ղուկաս էֆենտի բազմոցին վրա բազմեցավ և սկսավ լրագիր կարդալ։

Քիչ ետքը ծառան դուռը բացավ և ըսավ, որ երիտասարդ մը եկած էր և հետը տեսնվիլ կփափաքեր։

− Ո՞վ է, անունը ի՞նչ է, ի՞նչ կուզե,− հարցուց Ղուկաս էֆենտի, որ Գարեգինի այցելութենեն ի վեր երիտասարդ այցելուներե չէր ախորժեր։

− Ահավասիկ քառթը,− պատասխանեց ծառան։

Ղուկաս էֆենտի առավ զայն և կարդաց.

Սերգիս Սմբատյան

− Սերգիս Սմբատյան, Սերգիս Սմբատյան,− մտածեց Ղուկաս [ 124 ] էֆենտի, ջանալով հիշել այդ անունը,− այդպես մարդ չեմ ճանչնար կոր։

Հետո ծառային դառնալով.

− Ի՞նչպես մարդ է,− հարցուց։

− Շնորհքով հագված երիտասարդ մըն է… գլխարկով։

Փոքրիկ վարանումե մը ետքը, Ղուկաս էֆենտին ըսավ.

− Ինչ որ է, թող գա նայինք։

Բայց նախ ըսենք այս այցելության շարժառիթը։

Ղուկաս էֆենտի, Սաթենիկի ու Գարեգինի դեմ հանրագրությունը ձեռք ձգելուն պես, փութացեր էր այն անմիջապես Բերայի թաղական Խորհրդին ղրկել, հետո ինքն ալ անձամբ տեսեր էր ատենապետը, որպեսզի գործին կարելի եղածին չափ շուտ մղում տա և, իրավ ալ, ոստիկանության իմաց տրված էր և նախորդ օրը պաշտոնյա մը ներկայանալով Սաթենիկի տունեն ելլելու համար երեք օր պայմանաժամ տված էր, հակառակ պարագային սպառնալով բռնի զինքը դուրս նետել։

Խեղճ կինը, որ կկարծեր, թե ամեն վտանգ հեռացուցված է, քանի որ այդպես վստահացուցած էին զինքը Գարեգին, Սերգիս ու Հաճի Թումիկ, ահ ու դողի մատնվեր այդ սպառնալիքեն և իրիկունը, երբ Գարեգին տուն վերադարձեր էր, ամեն բան տեղն ու տեղոք պատմած էր անոր։

− Ես վաղը առտու աղջիկս պիտի առնեմ երթամ,− ըսած էր Սաթենիկ,− չեմ կրնար այլևս համբերել այս խաղքություներուն. կերթամ անծանոթ թաղ մը, սենյակ մը կվարձեմ և աստված ողորմած է…

Այն երեք ոսկիեն, զոր Հաճի Թումիկ Սերգիսի միջոցավ, նվիրած էր Սաթենիկի, հազիվ 30-40 ղրշ. ծախսված էր և որբևայրին տունեն անմիջապես ելլելու որոշում տված էր այս դրամին վրա հույս դնելով։

Եվ սակայն Գարեգին հակառակ էր այսպես ձգել փախչելուն, ինչ որ կերպով մը իրենց ճշմարտապես հանցապարտ ըլլալնին խոստովանելու ձև մըն էր և ինք երբեք չէր կրնար ընդունիլ այս բանը, հիմա, մանավանդ, որ թյուրիմացությունը փարատած էր թաղին մեջ և իրենց երեկվան կատաղի հակառակորդը, Հաճի Թումիկ, դարձեր էր ամենեն եռանդուն պաշտպանը։

Երկարորեն խոսեցավ ու ջանաց համոզել Սաթենիկը և ի վերջո [ 125 ] երկուքը միասին համաձայնեցան, որ նախ Սերգիսի հետ խորհրդակցելե ետքը տան իրենց որոշումը։

Գարեգին նույն իրիկունն իսկ գնաց իր բարեկամին մոտ և մանրամասնորեն պատմեց ոստիկանական միջամտությունը։

− Երթանք Հաճի Թումիկը տեսնենք,− ըսավ Սերգիս, իր ընկերոջ ըսածները մտիկ ընելե ետքը,− քանի որ ինք այս վիճակը ստեղծեց, պետք է որ ինք ալ այժմ դարմանը մտածե։

Գարեգին հավաներ այս դիմումին և երկու բարեկամները ճամփա ելան դեպի գինեպանին սրճարանը։

Ատենը արդեն բավական ուշ էր և երբ հասան Հաճի Թումիկի խանութը, արդեն ան, աշակերտին օգնությամբ, կպատրաստվեր դուռն ու պատուհանները գոցելու, բայց երբ տեսավ երկու երիտասարդները, անմիջապես գոչեց.

− Օ, օ, բարև մյուսյուներ, հրամմեցեք նայինք։

− Բայց խանութը կգոցես կոր,− դիտել տվով Սերգիսը։

− Վնաս չունի, դուք ներս մտեք, ավելի աղեկ, դուռ պատուհան կգոցենք, հանգիստ կտեսնվինք. ես ալ արդեն ձեզի կփնտռեի կոր․․․

− Ի՞նչ կա որ,− հարցուց Գարեգին զարմացած։

− Չե՞ս գիտեր ինչ կա, այդ Ղուկաս էֆենտի օլաճախը թուղթը ղրկեր է Պեյ Օղլույի մյութեսարֆին, անոնք ալ այսօր մարդ են, ղրկեր, որ ձեզ տունեն հանեն, մինչև երեք օր… ի՞նչ, դուն լուր չունի՞ս։

− Ինչպե՞ս չունիմ, ճիշտ ատոր համար խոսելու եկանք ես և իմ բարեկամս։

− Հասկցա, հասկցա, ներս մտեք և խոսինք։

Երբ երեքը մեկ բոլորվեցան սեղանի մը շուրջը, Գարեգին Հաճի Թումիկի հաղորդեց Սաթենիկի տված որոշումը, հետևյալ օրն իսկ տունեն ձգել ելլելու մասին։

− Չըլլա որ ատանկ բան մը ընեք, ձեզի կարգիլեմ հա, սըկե հոն ա չպիտի երթաք,− գոչեց գինեպանը − …ձգել երթալնուդ պես նամուսնիդ փարայի մը կընեք ու ամենուն բերանը բանալ կուտաք։

− Բայց երեք օրեն ետքը, երբոր գան բռնի դուրս հանել ուզեն նե տիկին Սաթենիկը։

− Հոգերնիդ մի ընեք, մենք հոս կեցեր ենք… [ 126 ] − Խեղճ կինը այդ տեսակ բաներու վարժված չէ, սրտադողեն հիվանդ կըլլա։

− Ես անիկա ու աղջիկը կառնեմ տունս կտանիմ, դուք այդ մասին բնավ հոգ մի ընեք,− պատասխանեց Հաճի Թումիկ…− Ես ալ ասանկ բան մը կփնտռեմ կոր, որ Ղուկաս էֆենտին մեյ մը վերեն վար խայտառակեմ, անոր աղեկ մը հասկցնեմ, որ Հաճի Թումիկը օյինի բերելը ինտո՞ր կըլլա…

− Բայց ի՞նչ է ծրագիրդ,− հարցուց Սերգիս, որ ինքն ալ ներքնապես տրամադիր էր տեղի չտալու և Ղուկաս էֆենտիի սարքած մեքենայությանը դիմակազերծ ընելու։

− Ծրագիրս ան օրը կտեսնաք,− պատասխանեց Հաճի Թումիկ,− հիմակ ու հիմա բան մըն ալ չեմ ըսեր, բայց աղեկ գիտցեք, որ կիսկտուր գործ չպիտի տեսնեմ ու դուք ալ մատ պիտի խածնեք․․․ միայն թե չըլլա, որ ձգեք երթաք հա, ան ատեն տավան կկորսընցնեք և վրանիդ կասկած կբերեք։

− Ես ալ տունեն ելլելու կողմը չեմ,− ավելցուց Գարեգին և այդպես ալ խորհուրդ տվի տիկին Սաթենիկին, բայց խեղճը աղմուկ, իրարանցումե կվախնա… Եթե կարենայինք գործը խաղաղությամբ կարգադրել, որչափ աղեկ պիտի ըլլար, արդյոք ճար մը չե՞նք կրնար գտնել։

Պահ մը երեքն ալ լռեցին և սկսան մտածել։ Ի վերջո Սերգիս խոսք առավ։

− Փորձ մըն ալ ընե՞նք արդյոք Ղուկաս էֆենտիին մոտ․․․ ես հանձն կառնեմ երթալ զինքը տեսնել և ըսել, որ ինքն իր ձեռքով գործին առաջքն առնե, հակառակ պարագային՝ ամբողջ հանրագրությունը ստորագրողները իրենց ստորագրությունը ետ պիտի առնեն և ինք պիտի խայտառակվի․․․ Ի՞նչ կըսեք ասոր, փորձե՞նք անգամ մը, կարելի է, կհամոզվի ու այն ատեն ամեն բան խաղաղությամբ կվերջանա։

Այս առաջարկը բանավոր թվեցավ մյուս երկուքին, որոնք մտածեցին, թե այսպիսի դիմումն մը, եթե օգուտ մըն ալ չծագեր, գոնե ոևէ վնաս հառաջ չէր կրնար գալ։

Հաճի Թումիկի սրճարանը տրված այս որոշումին վրա էր,՛ որ Սերգիս Սմբատյան կներկայանար Ղուկաս էֆենտիին տունը, ճիշտ այն միջոցին, ուր դեռ նոր ստացած էր տիկին Անթառամի նամակը։

Սպասավորին առաջնորդությամբ Սերգիս մտավ այն սրահը, [ 127 ] ուր վաճառականը նստած էր, որուն առաջին անգամ կտեսներ և որուն վրա ոևէ օրերե ի վեր խոսվիլը կլսեր։

Սերգիսի առաջին տպավորությունը սակայն նպաստավոր չեղավ Ղուկաս էֆենտիի մասին։ Երիտասարդը առաջին ակնարկով զգաց, թե դեմինը համակրելի տիպար մը չէր, այլ ընդհակառակը՝ ամենագռեհիկ, համառ, չար ու ինքնահավան մեկը։

Ղուկաս էֆենտին ալ՝ իր կողմե՝ ուշադիր կզններ երիտասարդը, որ բոլորովին նոր դեմք մըն էր իրեն համար և որուն մաքուր հագուստները, խրոխտ ու համարձակ կեցվածքը և անկեղծ կերպարանքը իրեն տեսակ մը ակնածանք կներշնչեին։

− Կարծես Ղուկաս էֆենտի Կելկիթյանի հետ խոսելու պատիվը ունիմ,− ըսավ Սերգիս, սրահին մեջ հառաջանալով։

− Այո, ես եմ,− պատասխանեց վաճառականը ոտքի ելլելով կիսովի։

− Կներեք, որ ձեզի անհանգիստ ըրի,− շարունակեց երիտասարդը,− բայց ինչպես պիտի տեսնեք, խիստ կարևոր խնդիր մը զիս ստիպեր է ձեզ մոտ գալու, առանց նախապես ձեզի ճանչնալու պատիվը ունենալուս։

− Հրամմեցեք, նստեցեք։

Երիտասարդը թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ, Ղուկաս էֆենտիի մոտիկը։

− Ի՞նչ է արդյոք այդ կարևոր խնդիրը,− հարցուց էֆենտին։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ Սերգիս,− այդ կարևոր խնդիրը ձեր պատիվին մասին է։

− Իմ պատիվի՞ս, ի՞նչ է եղեր իմ պատիվիս, ո՞վ կհամարձակի իմ պատիվիս դպչելու, անով զբաղվելու,− գոչեց վաճառականը, որ մեկենիմեկ ենթադրեց, որ տիկին Անթառամի հետ իրենց ունեցած միջադեպին շուրջը կդառնա խնդիրը։

− Ձեր պատիվին դուք եք դպչողը և ոչ թե ուրիշներ,− պատասխանեց Գարեգինի ընկերը ամենայն պաղարյունությամբ, առանց կարևորություն տալու իր խոսակցին հուզմանը։

− Բայց խոսե, ի՞նչ է խնդիրը, որո՞ւ կողմե կուգաս կոր,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ անպատճառ կենթադրեր, թե աղջկան նշանտուքին վրա էր խնդիրը…− ըսե՛ տեսնենք։ Տիկին Անթառամին կողմե՞ կուգաս…

− Ոչ, տիկին Անթառամը չեմ ճանչնար,− պատասխանեց երիտասարդը,− ես Հաճի Թումիկ աղայի կողմե կուգամ։ [ 128 ] Ղուկաս էֆենտի թեթևացումի ու գոհունակության լայն շունչ մը աոավ։

− Էյ, ի՞նչ է, ի՞նչ կա եղեր նայինք, Հաճի Թումիկ աղան բարի, պապա մարդ մըն է, ի՞նչ կուզե տեսնանք…

− Այո, բարի, պապա մարդ մըն է Հաճի Թումիկ աղան, զոր դուք չարաչար խաբեր եք,− զոչեց Սերդիս։

− Ի՞նչ, խաբե՞ր եմ եղեր… ատ ի՞նչ խոսք է, երեք ոսկի մեյ մը տվի, երեք ոսկի ալ մեյ մը, ալ ի՞նչ կուզե, արդեն ինք երկու անգամն ալ շատ շնորհակալությամբ ընդունեց դրամները և երբեք քիչ ըլլալուն մասին դիտողություն չըրավ կամ դժգոհություն չհայտնեց… արդեն իրավունք ալ չուներ, որովհետև էվելոք իր հոգնությունը վճարեցի, ըրածը ի՞նչ էր որ…

− Այո, ըրածը բան մը չէր․․․ խեղճ որբևայրի անմեղ կին մը բարոյապես և գուցե ֆիզիկապես ալ սպաննել իր յոթը տարեկան աղջկանը հետ, այո, այդ ձեր ընել տվածը բան մը չէ… բայց խնդիրը այդ չէ, այդ մասին ապագային կխոսինք։ Դուք ըսածս սխալ հասկցաք, դրամի մասին չէ, որ խաբված կըզգաա ինքզինք Հաճի Թումիկ աղան, այլ այդ ամոթալի հանրագրությունը ստորագրել տալու համար ձեր հնարած սուտ զրպարտություններեն…

− Վա՞յ, էյ, եթե սուտ զրպարտություն էին նե՝ ինչո՞ւ համար այդչափ մահալլեցին թուղթը ստորագրեր են…

− Ամենքն ալ Հաճի Թումիկին խոսքին համոզվեր են, որ ինքն ալ ձեր խոսքերուն խաբվեր է։

− Վա՜յ, վա՜յ, վա՜յ,− գոչեց Ղուկաս էֆենտի հեգնաբար,− խեղճ միամիտ մարդիկ, ամենքն ալ իր խոսքին հավատալով ստորագրեր են հա՞… էյ, հիմա ի՞նչ ընելու է, որ պատիվս տեղը գա, քանի որ ձեր խոսքին նայելով՝ այդ գործին մեջ պատիվս կվտանգվի կոր…

− Ձեր ընելիքը շատ պարզ է,− պատասխանեց երիտասարդը, առանց անդրադառնալու Ղուկաս էֆենտիի խոսքերուն հեգնական շեշտին և զանոնք իբրև լուրջ ընդունելով։− Բերայի Թաղական Խորհրդի դիմումին և ձեր դիմումին վրա, ոստիկանները երեք օր պայմանաժամ տված են տիկին Սաթենիկի և պարոն Գարեգինի, տունեն ելլելու համար և եթե մինչև այդ պայմանաժամին լրանալը չելլեն, այն ատեն բռնի դուրս պիտի նետեն։

Ճանըմ, ինծի ի՞նչ, ատոնք իմ խառնվելիք բաներս չեն,– ընդմիջեց Ղուկաս էֆենտի։ [ 129 ] − Կխնդրեմ քիչ մը համբերեցեք․ արդ, Ղուկաս էֆենտի, ոչ տիկին Սաթենիկ, ոչ ալ պարոն Գարեգին տանեն ելլելու միտք ունին։ Հետևաբար իշխանությանը պիտի ստիպվի զանոնք բռնի դուրս հանելու…

− Տղաս, ատոնք իմ գիտնալիք բաներս չեն, ինչ կուզեն թող ան ընեն,− գոչեց կրկին վաճառականը,− ես ալ զզվեցա այդ խնդիրներեն… տարին տասներկու ամիս բոզերով ու սրիկաներով չեմ կրնար զբաղիլ…

− Մեջտեղ ոչ բոզ կա, ոչ ալ սրիկա,− պոռաց Սերգիս բարկությամբ,− և ձեզի չեմ ներեր, որ այդպես նախատեք մարդիկ, որոնք իմ բարեկամներս են…

Սերգիսին ձայնին մեջ այնպիսի կորովի ու միանգամայն բարկաճայթ շեշտ մը կար, որ Ղուկաս էֆենտի, շփոթվեցավ, ու թեթև մը սարսռաց։

− Առանց բարկանալու ըսելիքդ ըսե նայինք,− վրա բերավ վաճառականը, ձայնը մեղմելով։

− Արդ, երբ այս բռնի միջոցին դիմվի, գիտցիր, որ ամբողջ թաղեցին, Հաճի Թումիկի առաջնորդությամբ, թույլ չպիտի տան, որ այդ անիրավությունը գործվի և բացե ի բաց ձեզի պիտի ամբաստանեն, իբրև ստախոս զրպարտիչ մը, և բոլոր անոնք, որ հանրագրաթյունը ստորագրած են, պիտի հայտարարեն, թե իրենց ստորագրությունը ետ կառնեն… ահա ինչ որ պիտի պատահի վաղը կամ մյուս օրը։

− Լավ, ի՞նչ կուզեք, որ ես ընեմ, քանի որ խնդիրը այլևս ինե ելած է…

− Ղուկաս էֆենտի, մեր փափաքածը այն է, որ, որպեսզի անհաճո գայթակղություններուն առաջքը առնվի, դուք անձամբ դիմում ընեք Բերայի Թաղ. Խորհրդի ատենապետին հետ, որպեսզի այդ որոշումը չեղյալ նկատեն ոստիկանության պաշտոնյաները և հանգիստ թողուն այդ որբևայրի կինը… ասիկա շատ դյուրավ կըրնաք ընել, եթե ուզեք… և այս կպահանջե ձեր պատիվը, որովհետև հակառակ պարագային, ինչպես ըսի, գործը շատ ծանր հետևանքներ պիտի ունենա։

Ղուկաս էֆենտի բոլոր այս խոսքերը մտիկ ըրած ատեն թեև առերևույթ հանդարտություն կկեղծեր, սակայն՝ ներքնապես բարկութենեն ինքզինք կուտեր։ Կուզեր նախատել, դուրս վռնտել այդ անծանոթ մարդը, որ եկեր այսպես տիրաբար կխոսեր իր տան մեջ [ 130 ] և միանգամայն կհանդգներ պատիվի դասեր տալ իրեն, բայց առաջին վայրկյանեն Սերգիս տեսակ մը պատկառանք ազդած էր իրեն․ բաց աստի կըզգար, որ երիտասարդը գուցե իրավունք ուներ, կրնար գայթակղություն մը ծագիլ, որուն մեջ իր անունն ալ խառնվեր։ Եվ ներկա փափուկ միջոցին այդպիսի բան մը աղեկ չպիտի ըլլար իր համբավին համար։ Ատիկա նոր զենք մը պիտի հայթայթեր Անթառամի և Տ. Միքիաս քահանայի ձեռքը, ուստի պահ մը խորհելե ետքը, շատ ավելի մեղմ, գրեթե անույշ ձայնով մը ըսավ.

− Տղաս, հիմա քեզի որոշ խոսք մը չեմ կրնար տալ, մեյ մը Թաղական Խորհուրդին ատենապետը տեսնեմ, եթե կարելի է բան մը ընել, կընենք… դուն ատ Հաճի Թումիկը ղրկե, անոր հետ ալ տեսնվիմ։

− Այո՞, բայց կորսնցնելու ժամանակ չի կա,− առարկեց Սերգիս,− երկու օրեն մարդիկը պիտի գան զիրենք տանեն հանելու համար։

− Դուն հոգ մի ըներ, ես այս իրիկունը կտեսնեմ…

− Ուրեմն շատ շնորհակալ եմ ձեր ազնվութենեն և կհուսամ, որ ասկե ետքը ալ լավ բարեկամներ կըլլանք։

Ղուկաս էֆենտի, առանց պատասխանելու, գլխու անորոշ շարժում մը ըրավ։ Երիտասարդը ոտքի ելավ և մնաս բարով ըսելով մեկնեցավ։

Սերգիս սկսած էր կասկածիլ վաճառականին մեղմ ու հաշտարար լեզվեն, կվախնար, որ պարզապես զինքը խաբած չըլլար, խոստանալով Թաղական Խորհրդի ատենապետին խոսելու։ Ղուկաս էֆենտիի ընթացքը այնքան տարօրինակ թվեցավ իրեն, որ նույնիսկ որոշեց Հաճի Թումիկի չըսել, որ էֆենտին զինքը տեսնել կփափաքի, վախնալով, որ կրնա ոևէ կերպով գինեպանին միտքը փոխել․ և այս ենթադրության մեջ շատ ճիշտ էր երիտասարդը, քանզի հազիվ իր քովեն հեռացած, Ղուկաս էֆենտի ինքնիրեն սկսավ մտածել.

− Թող մեյ մը ես այդ Հաճի Թումիկին հետ տեսնվիմ, ձեռքը քանի մը ոսկի ալ դնեմ, անկե ետքը կտեսնվինք, թե ո՞վ ստորագրություն ետ կառնե եղեր, ո՞վ արգելք կըլլա եղեր այդ բոզին ու սրիկային տուներնեն դուրս նետվելնուն։ Այս երիտասարդը կերևա, որ պարզապես Սաթենիկի մյուշտարիներեն է, ատոր համար ելեք պաշտպան կկայնի կոր․․․ [ 131 ] Այս խորհրդածություններուն մեջն էր, երբ դուռը բացվեցավ, տիկին Թագուհի և Ռոզիկ ներս մտան։ Երկուքն ալ այլայլված կերպարանք մը ունեին, որ չվրիպեցավ Ղուկաս էֆենտիի աչքերեն։

− Ի՞նչ կա, ի՞նչ ունիք նորեն,− հարցուց մտատանջ ձայնով մը։

Տիկին Թագուհի, իր ամուսնույն պատասխանելն առաջ դեպի աղջիկը դարձավ և ըսավ.

− Հայտե, աղջիկս, սենյակդ գնա և հանգստացիր ու պարապ տեղը նորեն սիրտդ մի հատցներ, մանավանդ նորեն մի նստիր լար…

Ռոզիկ լռիկ մնջիկ հեռացավ։

− Հա, ի՞նչ եղավ նորեն, չըսե՞ս,− գոչեց Ղուկաս էֆենտի անհամբեր։

− Ի՞նչ պիտի ըլլա, սա քաշվելիք բան չէ,− սկսավ տիկին Թագուհի, թիկնաթոռի մը վրա իյնալով…− ինչ ընել ընելու է՝ աս խաղքության վերջ տալու է… ամեն բերնի ծամո՞ն պիտի ըլլանք…

− Հա կնիկ, եղածը պատմե,− գոչեց Ղուկաս էֆենտի, ձայնը ավելի բարձրացնելով։

− Օֆ, այնչափ հուզված եմ, որ խոսքիս թելը կկորսնցնեմ կոր,− շարունակեց Թագուհի,− իրիկվան դեմ Ռոզիկիս հետ դերձակուհիի գացեր էինք փորձի համար, անկե ելլելնուս քիչ մը Մարտիկ էֆենտիենց հանդիպինք՝ ըսինք, գացինք. ասկե անկե խոսք ըլլալե ետքը, տիկին Վերոնիկը ըսավ, որ «հանըմ, տիկին Թագուհի, ես ձեր անկեղծ բարեկամն եմ, սա ինչ խոսքեր կլսեմ կոր քանի մը օրե ի վեր ձեր մասին, սիրտս կտոր-կտոր կըլլա կոր, կաղաչեմ, շիտակը ըսեք․ ինչ է այդ անճոռնի խոսքերուն պատճառը»։

− Ի՞նչ խոսք է որ…

− Օրիորդ Ռոզիկին նշանը ետ եղեր է, տիկին Անթառամը ձեզի հետ կռիվ ըըեր է, իրարու առեր տվեր եք, ասոնցմե զատ ուրիշ առկոց առակ խոսքեր։

− Էյ, դո՞ւն ինչ պատասխանեցիր,− հարցուց Ղուկաս էֆենտի։

− Ի՞նչ ըսեմ, նախ ուրացա, անանկ բան չի կա ըսի, սակայն ետքը տեսա, որ բուն իսկ խոսքը Անթառամեն ելեր է, տեղն ու տեղոք ամեն բան գիտե կոր, օրովը, ժամովը… արդեն Վերոնիկ հանըմը ըսավ, որ ամենուն բերանն է եղեր, բոլոր տուներուն մեջ մեր վրա [ 132 ] կխոսին կոր… Նայեցա օր ճար չի կա, ուրանալը ավելի գեշ պիտի ըլլա, ըսի որ, ասանկ խոսքեր մը դարձան տիկին Անթառամի հետ, բայց նշանը ետ ընելու խնդիրը չի կա… բայց այդ խոսքերեն այնչափ հուզվեցա, որ… Ռոզիկը ըսես մազ մնար նորեն լալ պիտի սկսեր, շուտով մը խոսքը կարճ կապեցինք ու դուրս ելանք…

− Իրենք ուրկե՞ իմացեր են այդ խոսքերը,− հարցուց Ղուկաս էֆենտի։

Ճանըմ, ամենուն բերանն է եղեր, քանի մը տեղե լսեր են։ Սմսարյաններեն լսեր են, Տ. Միքիասեն լսեր են, ուրիշներն լսեր են…

− Ատ Անթառամին ու Միքիասին խառնած բաներն են ասոնք… խալթախը ելեր նամակ ալ գրեր է ինծի…

− Ի՞նչ նամակ,− հարցուց Թագուհի անձկությամբ։

− Նա կարդամ տե՝ մտիկ ըրե։

Եվ Ղուկաս էֆենտի իր կնոջ կարդաց այն նամակը, զոր տունեն ներս մտած ատենին տվեր էին իրեն։

Տիկին Թագուհի այս նամակը լսելով, բոլորովին այլայլվեցավ։

− Ալ հիմա հասկցա, որ այս գործը չպիտի ըլլա. ամենեն աղեկը ժամ առաջ նշանը ետ ընել ու խոսքը մեջտեղեն վերցնելն է։

− Խե՞նթ ես, քա,− դոչեց Ղուկաս էֆ. ոտք ելլելով,− ընդհակառակը ամեն բան ընելու է, որպեսզի հարսնիքը ժամ առաջ ընենք, լմնցունենք ու այդ ամենուն ալ բերնին չափը տանք… ե՞տ ընենք մի, որպեսզի բոլոր այդ խոսքերը վրանիս վավերացվին, հա՞… Աստված չընե, եթե պետք ըլլա, բոլոր հարստությունս կզոհեմ, այս նշանը ետ չեմ ըներ… ինծի Ղուկաս էֆենտի կըսեն…

− Աղեկ, բայց այս խոսքերուն, այս խաղքություններուն առաջքը ի՞նչպես պիտի առնենք։

− Դուն վաղը առտու պաարաստվե, երթանք այդ տիկին Անթառամ օլաճախը տեսնանք, ես անոր բերանը գոցելու կերպը գիտեմ… մինչև հիմա ձայն չհանելուս համար, կերևա որ համարձակություն առավ, կեցիր ես անոր ով ըլլալը հասկցնեմ…

− Ի՜նչ,– գոչեց տիկին Թագուհի,– կռի՞վ ընելու պիտի երթանք…

− Չէ, կռվի բան չկա,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ իր որոշումը տված էր,− բարեկամաբար պիտի տեսնվինք, հինեն [ 133 ] նորեն պիտի խոսակցինք, մեղա, կռիվ ինչո՞ւ ընենք մեր խնամիին հետ…

− Աման, Ղուկաս էֆենտի, դուն մինակդ գնա, ես դող կելլամ։

− Չէ, չըլլար, անպատճառ դուն ալ գալու ես, հեմ հետերնիս մեկ քանի հոգի ալ տանինք նե՝ ավելի աղեկ կըլլա… վաղը առտու պատրասավե. ալ աս գործը մեկ անգամեն մաքրելու է։

Տիկին Թագուհի գիտեր իր էրկանը համառությունն ու անդրդվելի կամքը, ուստի չընդդիմախոսեց, հուսալով, որ գուցե հետևյալ առտու միտքը ինքնին կփոխե։

Բայց ոչ. Ղուկաս էֆենտի, ընդհակառակը հետևյալ առտուն կանուխ պնդեց այդ անհրաժեշտության մասին և ստիպեց կինը, որ շուտով հագվի։

Խեղճ Թագուհի ակամա համակերպեցավ և երկու ամուսինները, կառք մը բերել տալով, գացին Պրիսթոլ պանդոկը։

Տիկին Անթառամ երբեք այդպիսի այցելության մը չսպասելով, ոևէ հրահանգ չէր տված դռնապանին, այնպես որ երբ Ղուկաս էֆենտի հարցուց, թե տիկին Կոկիկյանը հո՞ն էր, դռնապանը պատասխանեց.

− Այո, հոս է, ներս համմեցեք։

Ղուկաս էֆենտի ավելորդ սեպեց ծառային միջոցավ իրենց գալուստը իմացնելու Անթառամին, վախենալով որ կրնա զիրենք չընդունիլ և կնոջը հետ ուղղակի դիմեց իրենց խնամիցուհիին սենյակը և դուռը զարկավ։

− Մտեք,− լսվեցավ ներսեն։

Երբ դուռը բացվեցավ ու տեր և տիկին Կելկիթյան սեմին վրա երևցան, Անթառամ զարմացական ճիչ մը արձակեց, չուզելով աչքերուն հավատալ։

− Բարև, տիկին Անթառամ, ի՞նչպես եք, աղե՞կ եք,− ըսավ Ղուկաս էֆենտի, հառաջանալով։

− Շնորհակալ եմ,− մրմնջեց Անթառամ, թիկնաթոռին վրայեն ելլելով։

Տիկին Թագուհի, որ միշտ հուզված էր արդեն, գլխովը բարև մը տվավ և նստելու համար սպասեց հրավերի, որ սակայն տեղի չէր ունենար։

− Նստե՝ նայինք, Թագուհի,– ըսավ Ղուկաս էֆենտի՝ իր կնոջ շփոթությունը տեսնելով,– մենք օտարական չենք, նստելու համար [ 134 ] հրավերի պետք չունինք… խնամի կսեպվինք, հոս ալ գրեթե մեր տունն է։

Եվ ինքը օրինակը տալով՝ թիկնաթոռի մը մեջ բազմեցավ։ Թագուհի նույնպես նստեցավ աթոռի մը վրա։

Տիկին Անթառամ շվարած, շլմորած, ապուշ-ապուշ կնայեր Ղուկաս էֆենտիի, առանց կարենալ խոսք մը ըսելու։

− Երեկ իրիկուն ձեր գրած նամակը առի,− ըսավ Ղուկաս էֆենտի, գրպանեն սիկարեթի տուփը հանելով և հատ մը վառելով, քանի մը անգամ կարդացի, խելք մը չկրցա հասցնել, անոր համար որոշեցի անձամբ գալ և բացատրություն ուզել։

− Կարծեմ գրածիս մեջ չհասկնալիք բան մը չի կար,− պատասխանեց Անթառամ չոր ձայնով մը։

− Ընդհակառակը, ծայրե ծայր անհասկընալի էր,− պնդեց Ղուկաս էֆենտի,– անոր մեջ խոսք-կապը խզելու բաներ մը ըսած էիք, այդ որոշումը դուք ձեր կողմե՞ տվիք, թե մյուսյու Լևոնն ալ գիտե։

− Զավկիս ալ պետք եղածը գրած եմ, արդեն անիկա իմ խոսքես դուրս չելլար, ասոր վստահ կրնաք ըլլալ…

Նույն միջոցին դուռը զարնվեցավ։

Դուռը բացվեցավ և Տ. Միքիաս քահանան ներս մտավ։ Երբ հոն նստած տեսավ Ղուկաս էֆենտին ու տիկին Թագուհին՝ հանկարծակիի գալով՝ զարմացական փոքրիկ ճիչ մը արձակեց և ակամա ետ քաշվելու շարժում մը ըրավ։ Ղուկաս էֆենտի սակայն ուրախությամբ ողջուներ էր այս երևումը։

− Վա՜յ, Տեր Միքիաս, աս ի՜նչ աղեկ հանդիպում,− գոչեց զվարթորեն,− ճիշտ ատենին եկաք, հրամմեցե՜ք, հրամմեցե՜ք…

− Եթե առանձին խոսք ունիք, ես կերթամ,− ըսավ քահանան վարանոտ, հազար անգամ զղջալով, որ առանց նախապես ծառաներեն տեղեկություն հարցնելու, սենյակ մտած էր, կարծելով որ տիկին Անթառամը, սովորականին պես, առանձին պիտի գտներ։

− Չէ, չէ, առանձին խոսք չունինք,− գոչեց Ղուկաս էֆենտի,− եկուր նստե։

Տ. Միքիաս տեսնելով, որ անկարելի է իր օձիքը ազատել, որոշեց կուրծք տալ փոթորիկին և ելավ տեղավորվեցավ թիկնաթոռի մը մեջ։

− Տեր հայր,− ըսավ Ղուկաս էֆենտի,- որպեսզի մեր խոսակցության նյութը լավ մը հասկնաս, նախ և առաջ ուշադրությամբ [ 135 ] կարդա սա նամակը, զոր երեկ իրիկուն տուն գալուս ստացա։

Եվ վաճառականը քահանային տվավ տիկին Անթառամի նամակը, զոր, ինչպես արդեն ընթերցողները գիտեն, նույնիսկ Տ. Միքիաս շարադրած էր։

Քահանան ուշի ուշով կարդաց, զարմացած դեմքով մը, հետո թուղթը վերադարձուց Ղուկաս էֆենտիի։

− Ի՞նչ կըսես ասոր,− հարցուց վաճառականը պիշ-պիշ Տ. Միքիասի երեսը նայելով։

Տիկին Անթառամի խորհրդատուն չպատասխանեց, միայն երկու ձեռքերը բանալով ու աչքերը դեպի վեր հառելով գոհացավ, այս ձևով անշուշտ իր զարմացումը հայտնելու համար։

− Հիմա, Տեր հայր,− շարունակեց Ղուկաս էֆենտի,− այս նամակը առնելուս պես հարկ համարեցի մեր տիկինին հետ գալ և մեկ քանի բացատրություններ ուզել տիկին Անթառամեն, նամակին մասին, որ բավական մութ է․․․ շատ գոհ եմ, որ դուն ալ դիպվածով եկար և մեր տեսակցությանը ներկա կգտնվիս կոր… նախ կուզեմ հասկնալ. թե ի՞նչ են մեր նյութական ու բարոյական վիճակին մասին առած շատ աննպաստ տեղեկությունները… միթե ատիկա հարցնելու իրավունք չունիմ։

Տ. Միքիաս գլխովը շատ տարտամորեն, հաստատական ձև մը ըրավ։

− Ուրեմն, տիկին,− ըսավ վաճառականը, դեպի Անթառամը դառնալով,− կխնդրեմ և միևնույն ատեն կպահանջեմ, որ մեր նյութականին ու բարոյականին մասին ինչ աննպաստ տեղեկություններ որ ունիք, մեզի հաղորդեք…

− Ես երկար բարակ բացատրություններ տալու պետք չունիմ,− պատասխանեց տիկին Անթառամ բորբոքած,− ես զավակս չեմ ուզեր կարգել ձեր աղջկան հետ, ուրիշ բան չեմ գիտեր… զարմանալի բան՝ բռնի կերպով աղջիկնիդ մեր գլո՞ւխը պիտի փաթթեք, ո՞ւր տեսնված է այս տեսակ խայտառակություն… ձեր աղջիկը չեմ ուզեր, չեմ ուզեր, չեմ ուզեր…

− Մեր աղջիկը հավնողը հավներ, ուզողը ուզեր է,− գոչեց Ղուկաս էֆենտի, ինքն ալ բորբոքած,− եթե մյուսյու Լևոնը չուզե, այն ատեն նշանը ետ կառնենք, բայց քու չուզելովդ նշանը ետ չըլլար… գալով բարոյականի, աղեկ կընես, որ այդ տեսակ խնդիրներու [ 136 ] մեջ չմտնաս ու տեղդ ծանր նստիս ու բերնիդ եկած խոսքերը դուրս չի տաս մեր ետևեն…

Փեք ալ աղվոր կընեմ, մարդ բերանս չկրնար կապել, այդ տեսակ խոսքերով զիս չես կրնար վախցնել… կերևա որ դուն տակավին զիս չես ճանչցած,− պատասխանեց Անթառամ, վճռաբար կռիվի ասպարեզը նետվելով։

− Ընդհակառակը շատ աղեկ կճանչնամ,− պոռաց Ղուկաս էֆենտի,− Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկին աղջիկը չե՞ս…

Այս խոսքերը լսելով, Անթառամի գույնը նետեց, այլայլվեցավ ու թեթև մը սարսռաց։

Ղուկաս էֆենտի, նույն բարկաճայթ շեշտով շարունակեց.

− Դուն չէի՞ր, որ էրկանդ, խեղճ Նիկողոս աղային մահվանը պատճառ եղար… տերտերու տեր ըրիր… սիրականիդ հետ մեկ յաթախի մեջ օձիքդ ձեռք տվիր… բարոյական աննպաստ տեղեկություններ, հե՞… դեռ կուզե՞ս բարոյական աննպաստ տեղեկություններ…

Ղուկաս էֆենտի լռեց։ Տիկին Անթառամ իր գլխուն իջնող այս լախտի հարվածներեն սահմռկած՝ կապտրագույն ու դողահար, չէր կրնար բան մը արտասանել։ Տիկին Թագուկ այդ անլուր հայտնությունները լսելով, ինքն ալ գրեթե սարսափած էր ու ամոթահար առջին կնայեր, իբր թե Անթառամի վրա ժայթքող նախատինքը զինքն ալ արատավորած ըլլար։ Իսկ Տ․ Միքիաս իր խոշոր փառավոր մորուքը կշոյեր, առանց հուզումի ոևէ նշան մը ցույց տալու։

Նտխատինքներու տարափին հաջորդող ճնշիչ լռությունը առաջին անգամ քահանան փորձեց խզել։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ մեղմ ու համոզկեր ձայնով մը,− ինչո՞ւ այդչափ կհուզվիք, ինչո՞ւ այդչափ ծանր ու անտեղի խոսքեր կընեք․․․ ավելի աղեկ է այս տեսակ խնդիրները անուշությամբ կարգադրեք։

− Անուշության տե՞ղ մնաց,− գոչեց Ղուկաս էֆենտի,− քանի մը օր առաջ կինս ու աղջիկս կելլան այցելության կուգան և ահա մեր Անթառամ հանըմը, առանց տեղի տված ըլլալու, կելլե կարգ մը անվայել, անկիրթ խոսքեր կընե… խեղճերը դող ելած կուգան ինծի կպատմեն, ես ալ որպեսզի խնդիր չելլա, ասոր անոր բերանը չիյնանք, կպատվիրեմ, որ մարդու բան չըսեն, եղածը գողտուկ պահեն, գայթակղության պատճառ չըլլան… Եկուր տես, որ աս մեր հանըմը, ձայնը հասած տեղը, խենթ ու խելառ կերպով, եղածը [ 137 ] կպատմե. «նշանը ետ ըրի, մայր ու աղջիկ վռնտեցի» և այլն կըսե․․․ այնպես որ այսօր ամբողջ Բերայի մեջ ամենուն բերանն ենք.– այս ամենուն վրա մեյ մըն ալ երեկ աս նամակը կառնեմ… դուն եղիր տե՝ դիմացիր տեսնեմ։

Ճանըմ, Ղուկաս էֆենտի, դուք խելացի, կատարյալ մարդ մըն եք,− պատասխանեց Տ. Միքիաս,− հետևաբար պետք է խոհեմությամբ շարժիք և խնդիրը քաղցրությամբ լմնցնեք…

Քահանան իր ճերմակ մորուքը շոյելե ետքը, կրկին խոսքը շարունակեց․

− Հիմա ես տիկին Անթառամին գրած նամակեն ու ձեր հոս քիչ մը առաջ արտասանած խոսքերեն սա կհետևցնեմ կոր, որ դժբախտաբար մյուսյու Լևոնի և մեր սիրելի Ռոզիկի միությունը, արդի պայմաններուն մեջ անկարելի կդառնա, և եթե երկու կողմեն ալ նշանը խզելու տրամադրություն կա, քանզի այդ բանը բացահայտ կերպով կտեսնվի, թե՝ տիկին Անթառամի ձեզ ուղղած նամակեն և ձեր քիչ մը առաջ տիկնոջ հասցեին ուղղած նախատինքներեն, որովհետև եթե խզումը որոշած չըլլայիք, բնականաբար այդ խոսքերը չպիտի արտասանեիք․․․

− Բայց․․․ − բողոքեց Ղուկաս էֆենտի։

− Ներեցեք,− ըսավ Տ. Միքիաս,− թող տվեք, որ խոսքս լմնցնեմ և հետո եթե դիտողություն մը ունիք, կընեք։

− Շարունակե, շարունակն,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ իր բոլոր պաղարյունությունը գտած էր։

− Արդ, քանի որ երկու կողմե ալ խոսք-կապը խզելու դիտավորություն կա, փոխանակ կռիվներ հարուցանելու, անօգուտ բանավեճերու տեղի տալու և թաղին մեջ խոսքի առարկա դառնալու, լավագույն է սուսիկ փուսիկ գործը մեջերնիդ լմնցնել… այդպես չէ՞, տիկին Անթառամ։

− Հարկավ, իմ փափաքս ալ ան է, գործը խաղաղությամբ վերջացնել… քանի որ խսմեթ չէ եղեր, ետ կընենք կլմնցնենք,− ըսավ Տիկին Անթառամ, որ շատ գոհ մնացած էր Տ․ Միքիաս քահանայի միջամտութենեն։

− Ես ալ արդեն գործը խաղաղությամբ լմնցնելու համար ելա եկա,– պատասխանեց Ղուկաս էֆենտի։

− Տեսա՞ք մի,– գոչեց քահանան ուրախությամբ,− ուրեմն ամեն բան կարգին է։ [ 138 ] − Միայն թե,− ավելցուց Ղուկաս էֆենտի,− կետի մը մասին ես համաձայն չեմ տիկին Անթառամի հետ։

Ճանըմ, պզտիկ անհամաձայնություն մը ըլլա նե՝ դյուրին է, կկարգադրենք,− աճապարեց ըսել Տ. Միքիաս։

− Այսինքն թե,− առաջ տարավ Ղուկաս էֆենտի,− ինձ այնպես կերևա, որ տիկին Անթառամի համար խնդիրը խաղաղությամբ կարգադրելու միակ միջոցն է հարսնիքը կատարել անպատճառ, որով միայն կարելի է մեջտեղ եղած խաղքությունը վերջացնել։

Ղուկաս էֆենտի մասնավորապես շեշտած էր անպատճառ խոսքը։

Տ. Միքիաս և Տիկին Անթառամ այս հայտարարության վրա ափ ի բերան մնացին։

− Բայց, Ղուկաս էֆենտի,− կակազեց քահանան,− ինչպե՞ս կարելի է այդ տեսակ բան մը… փոխանակված խոսքերեն ետքը։

− Այդ խոսքերը կարևորություն չունին, ան մեզի ըսավ, մենք ալ անոր ըսինք, ֆիթ եղանք․․․ այս ամուսնությունը պետք է կատարվի, ես աս գիտեմ… ուստի տիկին Անթառամ, կխնդրեմ, որ ալ ասկե ետք վերջ տաք այդ տեսակ խոսքեր ընելու և լեզունիդ կզսպեք, մինչև որ հարսնիքը ընենք լմընցնենք… հակառակ պարագային ես ալ պիտի ստիպվիմ ձեր վրա բոլոր գիտցածներս մանրամասնորեն մեջտեղ հանել, և եթե հարկ ըլլա թերթերուն մեջ ալ հրատարակել… «Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկի աղջկան շահատակությունները» վերնագրով։ Չմոռնամ ըսելու, որ ձեր հանգուցյալ ամուսնույն մտերիմ բարեկամը, ոսկերիչ Հակոբ աղան, տակավին ողջ է և հատուկ բարևներ ունի ձեզի… ուրեմն առայժմ մնաք բարով։

Եվ Ղուկաս էֆենտի ոտքի ելավ մեկնելու համար․ տիկին Թագուհի ինքն ալ ոտքի ելած էր, իսկ տիկին Անթառամ, այլայլած, անէացած, տեղեն շարժվելու կարողություն չուներ։

Երբ տեր և տիկին Կելկիթյան սենյակեն դուրս ելան, Տ. Միքիասին դառնալով, հետո անոր ականջին ծռելով փսփսաց.

Իշտե ես մարդուն մարը ասպես… կլացունեմ։

Երբ տեր և տիկին Կելկիթյան սենյակեն դուրս ելան, Տ. Միքիաս և տիկին Անթառամ պահ մը լուռ մնացին։

Քահանան սիկարեթ մը ոլորելով հանդերձ կնայեր Անթառամին երեսը, որ ամոթահար, աչքերը վար հառած, չէր համարձակեր իր դավակցին նայելու։ [ 139 ] Տ․ Միքիաս կըզգար, թե Ղուկաս էֆենտիի բոլոր հայտնությունները տիկին Կոկիկյանի մասին ճշմարտություններ էին, եթե ոչ, անշուշտ Լևոնի մայրը պիտի կատղեր, բողոքեր իր վրա տեղացած այդ անարգանքներուն դեմ, մինչ ընդհակառակը, ընկճված, սահմռկած մնացեր էր, առանց կարենալ բերանը բանալու։

− Աս ի՞նչ սարսափելի մարդ է, աս ի՞նչ փորձանք բերինք գլխներուս,– ըսավ վերջապես տիկին Անթառամ, ձեռքը ծունկին զարնելով։

− Այո, այս մարդն իր գաղափարեն չպիտի հրաժարի,– պատասխանեց Տ. Միքիաս,– հայտնի կտեսնվի կոր… Միայն թե դեռ հուսահատելիք բան չի կա, տակավին կրնանք հաջողիլ և մեր նպատակին հասնիր։

− Ինչպե՞ս, տեր հայր,– հարցուց Անթառամ հուսակտուր շեշտով մը։

− Մյուսյու Լևոնին միջոցավ… Հոս գալեն ետքը, եթե բոլոր այս անցած դարձածները իմանա, չեմ կարծեր որ տակավին համառի այս աղջկա հետ ամուսնանալ ուզելու, վերջապես, բնականաբար, մայրական իշխանություն մը ունիս իր վրա…

− Երթալեն ի վեր տակավին նամակ մը չգրեց,− դիտել տվավ Անթառամ։

− Ատ կարևորություն չունի,− վճռեց քահանան,− ճամփորդության մեջ, գործերով զբաղված, գուցե չէ կրցած ժամանակ գտնել… ատիկա ներելի բան մըն է… վերջապես, տիկին, պետք չէ, որ հուսահատինք․․․ առայժմ լուռ կկենանք, նոր գայթակղություններե կզգուշանանք, մանավանդ կաշխատինք, որ Ղուկաս էֆենտի բերանը կողպած պահե և ես վստահ եմ, որ այնքան ատեն, որ հույս ունենա աղջիկը մյուսյու Լևոնին հետ ամուսնացնելու, երբեք այդ ըսած խոսքերը ուրիշին չպիտի կրկնե… այս կպահանջե իր շահը, հետևաբար այդ կողմեն վախնալիք բան մը չունինք։

Այս ապահովիչ և հուսատու խոսքերուն վրա՝ Տ. Միքիաս ոտքի ելավ ու մեկնեցավ, խոստանալով կրկին այցելել։

ԳԼՈԻԽ Ժ

Ղուկաս էֆենտիի այս պատմական այցելութենեն երեք օր ետքը, հինգշաբթի իրիկուն մը Ռոզիկ հետևյալ նամակը ստացավ Լևոնեն։ [ 140 ] «Պաշտելի նշանածս,

«Վերջապես, երեկ ամբողջ գործերս լմնցուցի շատ հաջող կերպով։ Կրնամ ըսել, որ քեզի հետ նշանվելես ի վեր բախտը տարօրինակ կերպով կժպտի կոր ինծի, ճշմարիտ մասզոթ մը եղար ինծի համար։

«Ոչ թե միայն այն գործը, որուն համար այս ճամփորդությունը ըրի, հուսացածես շատ ավելի լավ պայմաններով կատարվեցավ, այլ նույնիսկ ուրիշ մեկ քանի անակնկալ գործեր ալ կատարեցի։

«Վաղը չէ մյուս օրվան էքսպրեսով կվերադառնամ Պոլիս, հետևաբար այս նամակս ձեոքդ հասնելե երկու օր ետքը, այսինքն շաբաթ առտու ժամը 10-ին կհասնիմ Սիրքեճիի կայարանը, ուր վստահ եմ, որ պիտի գաս զիս ընդունելու, հայրիկիդ հետ։

«Չես կրնար երևակայել, թե որչափ կարոտցած եմ քեզ և թե ինչ անհուն հրճվանքով քեզ պիտի ղրկեմ թևերուս մեջ։ Երբ այս տողերս կարդաս, ես արդեն ճամփա ելած պիտի ըլլամ Փարիզեն, վազն ի վազ դեպի քեզ գալու համար։

«Տարօրինակ նամակ մը առի մայրիկես, որ զիս շատ վշտացուց։ Չեմ գիտեր, թե իմ բացակայությանս միջոցին ինչ անցեր դարձեր է մեջերնիդ, որ տեսակ մը պաղություն տիրեր է։ Նույնիսկ մայրս քեզ նկատմամբ անհաճո բաներ ըսելու չափ աոաջ գացեր էր։ Այդ գրածները այնքան ցավ պատճառեցին ինծի, որ բարկությամբ նամակը պատռեցի և նույնիսկ չուզեցի պատասխանել․ գիտեմ, որ մայրս քիչ մը ջղային է և գուցե աննշան միջադեպն մը գրգռվելով է, որ այդ նամակը գրած է։ Ինչ որ ալ ըլլա, երբ Պոլիս հասնիմ, խնդիրը կկարգադրեմ։

«Դուն, սիրելի Ռոզիկս, վստահ եղիր, որ ոչ մեկ բան կրնա ազդել մեր սիրույն վրա, մենե դուրս ուրիշներ կրնան իրարու հետ խնդիրներ ունենալ, բայց մեզի ի՞նչ փույթ, մենք իրար կսիրենք ու ասիկա բավ է մեզի, այնպես չէ՞։ Ինծի համար այս միջոցիս, աշխարհիս երեսը քենե զատ բան մը չեմ ճանչնար, ամբողջ էությունս քեզմով լեցված է…

«Երկար չեմ գրեր այս անգամ, կուզեմ բոլոր ըսելիքներս պահել շաբաթ օրվան, երբ գլուխ գլխի առանձին մնանք, քանզի, անշուշտ, մեզ քիչ մը առանձին թողնելու բարությունը պիտի ունենան՝ այսքան օրվա բաժանումե մը ետքը։

«Չեմ ուզեր խոսիլ բոլոր այն աղվոր բաներուն վրա, որոնք [ 141 ] քեզ համար գնեցի․ կուզեմ, որ եկած ատենս անակնկալ մը ըլլա քեզի համար։

«Իմ դիտավորությունս է Պոլիս հասնելես շաբաթ մը ետքը հարսնիքը կատարել և նույն օրն իսկ վերադառնալ Փարիզ, ուր ներկայությունս այլևս անհրաժեշտ է։ Կհուսամ, որ բացակայությանս միջոցին ամեն պատրաստություն տեսած եք արդեն։ Իմ այս դիտավորությունս իմացուր հայրիկիդ, մայրիկիդ և միևնույն ատեն, իրենց հաղորդե իմ խորին հարգանքներս ու սիրալիր բարևներս։

«Իսկ քեզի միլիոն համբույր, մազերեդ մինչև ոտքերուդ ծայրը»։

Երբ Ռոզիկ նամակին պարունակությունը իմացուց իր ծնողքին, Ղուկաս էֆենտի հաղթական գոհունակություն մը գգաց և գոչեց.

− Եթե կուզե, եկած օրը պսակը կընենք, կլմնցնենք… և կարծեմ այդ ամենեն աղեկը կըլլա։

Բայց տիկին Թագուհի հակառակեցավ այս ձև ափհափոյ ամուսնության, որ կրնար իրենց կողմե տղան խաղի բերելու դավ մը համարվիլ ու բամբասանքներու տեղի տալ։ Ընդհակառակը ինք կուզեր, որ Լևոնի բացատրվեր իր բացակայության ատեն տեղի ունեցած անցքերը և հետո անոր ազատ կամքին ձգել ամուսնությունը կնքել կամ նշանը խզել։

− Շատ աղեկ, թող քու ըսածիդ պես ըլլա,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, − արդեն այս նամակեն կերևա, որ տղան իր մորը գրածներուն բնավ կարևորություն չէ տված, հետևաբար հոս ըսելիքներուն ալ ականջ չպիտի դնե։

Ռոզիկ հետևյալ օրը տենդային անհամբերությամբ անցուց։ Կուզեր, որ ժամ առաջ Լևոնի ժամանումին վայրկյանը հասներ։ Խեղճ աղջիկը օրերե ի վեր անցած դարձածեն այնքան հուզված ու գրգռված էր, որ գրեթե ինքզինք հիվանդ կզգար ու կփափաքեր ժամ առաջ վերջացած տեսնել իր երջանկության դեմ սարքված մեքենայությունները։

Շաբաթ առտու կանուխեն ելավ և սկսավ իր արդուզարդով պարապիլ. Ղուկաս էֆենտի պատշաճ էր դատած տիկին Անթառամին իմաց տալու իր տղուն գալուստը, բայց կենթադրեր, որ գուցե Լևոն նամակով մը իր մոր լուր տված էր այդ մասին։

Երբ Ռոզիկ ու հայրը Սիրքեճիի կայարանը հասան, տակավին [ 142 ] կառախումբին հասնելու կես ժամ կար, ուստի գացին սպասման սրահը, ուր հեռվեն նշմարեցին տիկին Անթառամը, որ վառարանին մոտերը, նստարանի մը վրա, խոր մտածումներու մեջ ընկղմված կթվեր։

− Կերևա որ Լևոն իրեն ալ իմացուցեր է գալը,− ըսավ Ղուկաս էֆենտի իր աղջկան։

Հետո, պահ մը կանգ առնելով՝

− Ի՞նչ պիտի ընենք հիմա, քովը երթա՞նք, թե հեռու փախչինք,− հարցուց Ռոզիկի։

Աղջիկը, որ արդեն իր ապագա կեսուրը տեսնելով դող ելած էր, չպատասխանեց։

Բայց Ղուկաս էֆենտի, որ ամեն դժվարին կացություններու հանդեպ գործի մարդու կտրուկ որոշողությունը ուներ, վճռեց։

− Պետք է որ քովը երթանք, լավագույնը ան է։

Եվ վստահ քայլերով հառաջացան դեպի այն նստարանը, որուն վրա բազմած էր Լևոնին մայրը։

− Բարև, տիկին Անթառամ,− ըսավ Ղուկաս էֆենտի, քովը մոտենալով,− կերևա, որ մյուսյու Լևոնը ձեզ ալ իմացուցեր է իր գալուստը…

Տիկին Անթառամ գլուխը վեր վերցուց, դաժան նայվածք մը արձակեց իր խոսակցին երեսին և ըսավ.

− Այո, երեկ նամակ առի։

Ռոզիկ ևս մոտեցեք էր իր ապագա կեսուրոջ և կուզեր ձեռքը համբուրել, մինչ Անթառամ ետ կքաշեր զայն։

Ղուկաս էֆենտի ուզեց անպատճառ սուրճ մը հրամցնել տիկին Անթառամի, մինչ ինք իրեն համար կոնյաք մը կապսպրեր պյուֆեի ծառային։ Տիկին Կոկիկյան թեև քանիցս մերժեց սուրճը, բայց Ղուկաս էֆենտիի ստիպումներուն վրա տեղի տվավ։

− Մյուսյու Լևոնը,− ըսավ վաճառականը,− աղջկաս գրած նամակին մեջ կըսե, որ գալ շաբթու հարսնիքը ընենք լմնցնենք, որովհետև իր գործերը չեն ներեր եղեր, որ ավելի երկար ատեն հեռու մնա Փարիզեն։ Արդյոք այս մասին ձեզի ալ բան մը գրա՞ծ է։

− Չէ, բան մը չէ գրած,− պատասխանեց Անթառամ, որ հայտնապես նեղություն կզգար այս դժնդակ խոսակցությունեն։

Բայց Ղուկաս էֆենտի կարևորություն չտվավ տիկին Անթառամի բռնած ընթացքին, որ միավանկ բառերով կպատասխաներ [ 143 ] իրեն ամեն խոսքերուն, այլ, ընդհակառակը, սկսավ երկարորեն խոսիլ հարսնիքի մանրամասնություններուն վրա։

Վերջապես հեռավոր սուլոց մը իմացուց կառախումբին գալուստը. ճամփորդները դիմավորել եկող բազմությունը սկսավ խուժել քարափին վրա ու անոր երկայնքը շարվիլ. տիկին Անթառամ և Ղուկաս էֆենտի քով քովի կեցած էին, իբր թե աշխարհի լավագույն բարեկամները ըլլային, իսկ Ռոզիկ քիչ մը անդին աչքերը հառած էր մոտեցող կառախումբին վրա, երջանիկ ու սրտատրոփ։ Ու ահա վերջին շչյուն մը արձակելով, կառախումբը հևալով ու ֆշշալով մտավ կայարան։

− Ահա Լևոնը,− գոչեց Ռոզիկ ցնծագին, նշմարելով իր նշանածը, որ առաջին կարգի վակոնի մը պատուհանին առջև կեցած էր, խուզարկու ակնարկը չորս կողմ պտտցնելով։ Ինքն ալ իր կարգին տեսեր էր մանկատի աղջիկը։

− Ռոզիկ, ի՞նչպես ես, աղե՞կ ես,− կպոռար պատուհանեն։

Րոպե մը ետքը իրարու գիրկն էին։

Լևոնի համար հաճելի անակնկալ մը եղավ տեսնել իր մայրն ու Ղուկաս էֆենտին քով քովի կեցած, զինքը դիմավորելու համար։

Վերջին օրերը իր մորմեն ընդունած մեկ երկու նամակները զինքը շատ վրդոված էին։ Անթառամ սոսկալի կերպով լարված կթվեր այդ նամակներուն մեջ Կելկիթյաններու հանդեպ։ Նույնիսկ իր տղուն կզգացուներ, թե ծրագրված ամուսնությունը անկարելի էր կատարել կարգ մը պատճառներով, զորս պիտի բացատրեր Լևոնին Պոլիս հասնելուն։ Այդ խորհրդավոր խոսքերը զինք քիչ մը տակնուվրա ըրած էին։ Իրավ է, որ ինք որոշած էր անպատճառ ամուսնանալ Ռոզիկի հետ, առանց դրամօժիտի կամ ուրիշ երկրորդական դժվարություններու կարևորություն տալու, սակայն եթե իրավցնե այդ միության դեմ լուրջ ու անակնկալ արգելքներ ըլլային. ինչ պիտի ըներ։ Եվ ճամփորդության ամբողջ տևողության միջոցին իր միտքը չարչարած էր գուշակելու համար մոր ակնարկած պատճառները։

Եվ ահա հիմա կայարան հասնելով, կտեսնար, որ մայրն ու Ղուկաս էֆենտի, ինչպես նաև իր նշանածը, քով քովի իրեն կըսպասեին։

Իր առաջին տպավորությունը այն եղավ, թե իր մայրն ոևէ մեքենայության մը զոհ գացած է պահ մը, և թե հետո, իր սխալմունքը [ 144 ] հասկնալով հաշտված է իր խնամացուներուն հետ։ Եվ այս ենթադրությունը չափազանց ուրախացուց զինքը և սկսավ զվարթորեն ու սիրալիր կերպով տեսակցիլ ամենուն հետ։ Հետո, երր Բերա դառնալու կպատրաստվեին՝ աոաջարկեց.

− Ղուկաս էֆենտի, օթել երթանք և ճաշը միասին ընենք, չըլլա՞ր։

− Ամենայն սիրով,− պատասխանեց վաճառականը։

Երկու կառք սակարկեցին և Լևոնի կարգադրության համեմատ՝ մեկուն մեջ նստան տիկին Անթառամը և Ղուկաս էֆենտին, իսկ մյուսին մեջ՝ ինքն ու նշանածը։

Հազիվ թե կառքերը ճամփա ելած էին, Լևոն խնդալով ըսավ Ռոզիկին․

− Գիտե՞ս թե որքան մտատանջ էի հոս հասած վայրկյանիս և թե հիմա որքան հանգիստ երջանիկ եմ։

− Ինչո՞ւ համար,− հարցուց աղջիկը միամտաբար։

– Պարզապես կվախնայի, որ հոս հասնելուս հարաբերությանց խզում մը տեսնեի մորս և ձեր միջև, մինչդեռ, ընդհակառակը, ահա հայրդ ու մայրս քով քովի զիս ընդունեցին։ Ուրեմն պատահած միջադեպը կարևորութենե զուրկ բան մըն է և արդեն ամեն բան մոռցված է․․․

Լևոնի այս խոսքերը շփոթեցուցին Ռոզիկը, որ չէր գիտեր ինչ պատասխանելը։ Չէր ուզեր մեկեն ի մեկ հուսախաբ ընել երիտոասարդը, իսկ մյուս կողմե անտանելի կուգար իրեն ստելը։ Ուստի շեղակի պատասխան մը տվավ.

− Եվ եթե տեսնայիր. որ իրավցնե հարաբերությանց խզում մը պատահած է, իմ ծնողքիս ու քո մորդ միջև, ի՞նչ պիտի ընեիր,− հարցուց Ռոզիկ, իր սև աղվոր աչքերը հառելով երիտասարդին վրա։

− Շիտակը, շատ ցավ պիտի զգայի, ջանայի պատճառը հասկընալ և անմիջապես հաշտություն մը գոյացնելով, խնդիրը անույշ տեղը կապել։

− Եվ եթե չհաջողեի՞ր այդ հաշտությունը հառաջ բերել,− կրկնեց աղջիկը ժպտելով։

Լևոն զարմացումով իր նշանածին նայեցավ։

− Բայց ինչո՞ւ այդ հարցումները կընես, քանի որ այլևս խնդիր չէ մնացած մեջտեղը։ [ 145 ] − Պարապ ենթադրություն մըն է ըրածս, միայն թե կուզեմ, որ պատասխանես,− պնդեց մանկատի աղջիկը։

«Կերևա, որ զիս փորձել կուզե այս չարաճճին»,− խորհեցավ Լևոն։ Հետո հանկարծ շեշտով մը պատասխանեց.

− Իրավ որ, ընելիքս շատ պարզ է, երբոր հաշտության ամեն միջոց սպառեր, այն ատեն կձգեի, որ անոնք իրարու հետ ուզածնուն չափ քեն ընեն և որովհետև մենք իրարու հետ հաշտ ենք ու բան մը չունինք, քեզի հետ կամուսնանայի ու կելլեինք կերթայինք… միթե մեր երջանկությունը ուրիշին քմահաճույքի՞ն պիտի զոհենք։

Ռոզիկ, երիտասարդին այս պատասխանին վրա, անհուն երանության և շնորհակալության ակնարկ մը ուղղեց իր նշանածին և այտերը անոր ներկայացնելով, ըսավ․

− Ուրեմն համբուրե ինծի։

Ու երկու սիրահարները իրարու փարեցան։

Սակայն Ռոզիկի բոլոր այս հարցումները կասկածներ հարուցած էին Լևոնի մտքին մեջ։

− Կերևա, որ դեռ հաշտությունը կատարյալ չէ,− մտածեց,− բայց վնաս չունի, քանի որ իրարու հետ բոլորովին խզված չեն, կրնանք դյուրավ կարգադրել ամեն բան։

Եվ ալ այդ խնդրին վրա չխոսեցավ աղջկան հետ։

Օթելին մեջ, սեղանի վրա, ճաշը բավական զվարթ անցավ։ Ղուկաս էֆենտի աննման կերպով մտերմություն կեղծեց տիկին Անթառամի հետ, միշտ հետը խոսելով, գինի մեծարելով, կատակելով, մինչ տիկին Անթառամ կշարունակեր իր դաժան ու վերապահ դիրքը։

Միջոց մը Ղուկաս էֆենտի խոսքը Լևոնին ուղղելով ըսավ.

− Ուրեմն այսպես, անպատճառ կուզես, որ գալ շաբթու հարսնիքը ընե՞նք… ես պիտի նախընտրեի, որ գոնե ամիս մը հետաձգեինք, որպեսզի ավելի հանդարտորեն պատրաստություններ տեսնեինք․․․

− Ամիս մը,– գոչեց Լևոն,– չէ, չէ, Ղուկաս էֆենտի, անկարելի է, նույնիսկ մեկ շաբաթը ինծի համար մեծ զոհողություն մըն է… դուք գործի մարդ եք, գիտեք, որ երբ բացառիկ առիթներ ներկայանան, պետք չէ ձեռքե փախցնել և ճիշտ այս միջոցին այդպիսի առիթներ կան…

− Այսինքն,– վրա բերավ Ղուկաս էֆենտի,– իմ հայտնածս [ 146 ] պարզ փափաք մըն էր, բայց քանի որ գործերդ չեն ներեր, էհ, ինչ քնենք, թող ուզածիդ պես ըլլա։

Հետո, Լևոնի մորը դառնալով, Ղուկաս էֆենտի ժպտուն, փայփայիչ ձայնով մը հարցուց.

− Ձեր կարծիքը ի՞նչ է այս մասին, տիկին Անթառամ։

Ճաշը արդեն ավարտված էր և պտուղ ուտելու միջոցին այս խոսակցությունը կանցներ։ Աոտվընե ի վեր տիկին Անթառամ, գերագրգռված վիճակ մը ուներ, Ղուկաս էֆենտիի այս կեղծ մեծարանքները, ամեն առիթ հետը խոսելու ճիգը, զինքը չափազանց զայրագնած էին։ Անթառամը կփափաքեր, որ զավկին հետ աոաջին անգամ ինք առանձին տեսակցություն մը ունենա ու այս մասին գրեթե վստահ էր հաջողելուն։

− Նույնիսկ եթե հայր ու աղջիկ կայարան գան Լևոնը դիմավորելու,− կխորհեր,− անշուշտ քանի մը վայրկյանի տեսակցութենե ետքը մեզ առանձին պիտի թողուն և ելլեն տուներնին երթան։

Բայց ահա այդպես չէր եղած։ Տղան զանոնք ստիպեր էր միասին պանդոկ գալու և այնպես մը կարգադրեր էր, որ ինք նշանածին հետ առանձին կառք նստի։ Արդ, տիկին Անթառամ, վստահ էր, որ կառքին մեջ Ռոզիկ ու իր զավակը խոսած էին իրենց միջև ծագած գժտության վրա և անշուշտ աղջիկը իր ուզած ձևովը ներկայացուցած էր։ Եվ այս ենթադրությունը ալ ավելի ջղագրգռած էր տիկին Անթառամը, որ ճաշի բոլոր տևողությանը գրեթե բերանը չէր բացած։

Երբ Ղուկաս էֆենտի հարսնիքի խոսքը բանալով ի վերջո իր կարծիքը հարցուց, ալ տիկին Անթառամ չկրցավ համբերել և ոտքի ելլելով՝ զավկին դարձավ և ըսավ.

− Աման, Լևոն, վրաս գեշություն մը եկավ, կենալու կարողություն չունիմ, ինծի սենյակս տար։

Երիտասարդը փութաց իր մոր քով և թևը առնելով դուրս աոաջնորդեց․

− Ի՞նչ եղավ, ի՞նչ ունիս, արդեն անհանգիստ էիր,− հարցնելով։

Սեղանին վրա հայր ու աղջիկ աոանձին մնացին։ Ղուկաս էֆենտի բաժակին մեջ գինի լեցուց, մի մի ումպ խմեց և ինքնիրեն մտածեց.

− Կարծես քիչ մը չափը անցուցի… [ 147 ] Ծառան եկավ սեղանը վերցնելու, հետո սուրճը բերավ։

− Արդյոք ի՞նչ եղավ հանկարծ տիկին Անթառամը,− հարցուց Ռոզիկ, մտատանջ կերպարանքով մը։

− Հոգ մի ըներ, բան մըն ալ չունի, պարզապես տղուն հետ առանձին մնալու համար այդ անհանգստությունը հնարեց,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, սիկարեթը վառելով։

Եվ սակայն Լևոն կուշանար վերադառնալու իրենց մոտ, և կես ժամեն ավելի սպասելե ետքն էր, որ վերջապես երևցավ սեմին վրա։

Վրդովված ու հուզված կերպարանք մը ուներ։

− Կներեք, ձեզ չափազանց սպասցուցի,− ըսավ սեղանին մոտենալով։

− Օ, վնաս չունի,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− միայն թե ինչպես է ձեր տիկին մայրը, կհուսամ, որ այդ հանկարծական անհանգստությունը ծանր բան մը չէր և հիմա բոլորովին անցուց։

− Այո, գլխու պտույտ մը ունեցեր է մեկեն ի մեկ, այժմ հանվեցավ և հանգստացավ։

− Ձեր ուշանալեն բավական մտատանջության մեջ ինկանք, նույնիսկ Ռոզիկս կպատարստվեր կոր վեր ելլելու, տեղեկություն մը առնելու համար։

− Ուշացա, որովհետև բավական խոսակցեցանք միասին,– պատասխանեց երիտասարդը։

Հայր ու աղջիկ ուզեցին մեկնել, սակայն Լևոն ստիպեց, որ մնան և կրկին խոսք բացավ հարսնիքի մասին, ըսելով, որ անպատճառ կուզեր առաջիկա երկուշաբթի պսակը կատարել և նույն իրիկունն իսկ կառախմբով մեկնիլ Փարիզ։

− Ես ու Ռոզիկ առանձին պիտի երթանք,− ըսավ,− այնպես որոշած եմ, իսկ մայրս թող տասնըհինգ օր ետքը գա… կուզեմ, որ գոնե երկու շաբաթ գլուխ գլխի անցնենք… ասիկա կարծեմ ամեն ամուսնացողներու իրավունքն է։

− Հարկավ,− հաստատեց Ղուկաս էֆենտի,− ո՞վ հակառակը կպնդե, ես ալ քու տեղը նույնը պիտի ընեի… միայն թե մայրդ ալ կհավանի՞ կոր այդ կարգադրության։

− Այս մասին դեռ բան մը չըսի իրեն, բայց վստահ եմ, որ չհակառակիր։ Վերջապես պզտիկ տղա չեմ ու ամեն բան մորս հրամանով կատարելու պարտականություն չունիմ։

− Այնպես է,– ըսավ Ղուկաս էֆենտի… [ 148 ] Այս տասնհինգօրյա առանձնության հեռապատկերը երջանկությամբ կլեցներ Ռոզիկի սիրտը։ Տեղի ունեցած միջադեպերեն ետքը, առաջին վայրկյանեն տիկին Անթառամի հետ ըլլալու հավանականությունը պարզապես սոսկում կազդեր իրեն և ասոր համար, երբոր Լևոն իր դիտավորությունը կրկնեց, անհուն շնորհակալության նայվածք մը ազդեց երիտասարդին։

Լևոն հանկարծ խոսքը փոխեց.

− Հիմա որոշենք, որ վաղը՝ կիրակի՝ ինչ պիտի ընենք։

− Նախ, բնականաբար, մեզի պիտի գաս ճաշի, այնպես չէ՞– հարցուց Ռոզիկ։

− Տես իմ ծրագիրս,− պատասխանեց երիտասարդը։− Առտուն ձեզի կուգամ՝ տիկին Թագուհիին հարգանքներս մատուցանելու համար, հետո քեզի հետ դուրս կելլենք և… ո՞ւր կարելի է երթալ։

− Վաղը տոն է, հետևաբար լավագույն է, որ միասին եկեղեցի երթանք,− ըսավ Ղուկաս էֆենտի։

− Օ, եկեղեցին նշանածներու տեղը չէ,− պատասխանեց երիտասարդը ժպտելով,− ես կնախընտրեմ դեպի Շիշլի կառքով պտույտ մը։

− Ես ալ անանկ,− երկրորդեց Ռոզիկ։

Բայց վաճառականը իրեն հատուկ խորհուրդը ուներ։

− Չէ,− պնդեց նորեն,− հարկ է, որ անպատճառ միասին Երրորդություն երթանք, ասիկա գրեթե պարտավորիչ բան մըն է։

− Ինչո՞ւ համար,− հարցուց երիտասարդը ժպտելով։

− Որովհետև այս օրերս, ձեր տիկին մոր հարուցած խնդիրներուն և հոս ու հոն ըրած խոսքերուն պատճաոավ. կարգ մը անտեղի տարաձայնություններ կան Բերայի ընտանիքներուն մեջ, ինչ որ՝ թե մեր և թե ձեր անունին պատիվ չեն բերեք, նույնիսկ լուր տարածված է, որ աղջկանս և քու նշանտուքը ետ եղած է և այլն։ Բոլոր այս անտեղի խոսքերուն վերջ տալու միակ միջոցն է ձեր երկուքին թև թևի եկեղեցի երթալը։ Մեյ մը որ ձեզ միասին տեսնեն հոն, ալ ամեն բամբասանք վերջ կգտնե ու մենք ալ կազատինք, դուք ալ։

− Եթե խնդիրը այդպես է, ամենայն տիրով կընդունիմ ձեր առաջարկությունը։ Ուրեմն, այսպես, վաղը առտու նախ ձեզի կուգամ, [ 149 ] Ռոզիկը կառնեմ ու եկեղեցի կերթանք, հետո տեղ մը կնստինք և ցերեկվան ճաշն ալ միասին կընենք։

− Բայց եթե առտուն մայրդ անհանգիստ ըլլա՞,− դիտել տվավ Ռոզիկ։

− Այդ մասին անհոգ եղիր,– պատասխանեց Լևոն,− մայրս բան մըն ալ չունի։

− Ավելի լավ։

Այս կարգադրությունը ընելն ետքը, հայր ու աղջիկ, երիտասարդին բարի գիշեր մաղթելով մեկնեցան։

Հետևյալ առտու, Լևոն իր խոստումին հավատարիմ, եկավ Կելկիթյանենց բնակարանը, մորը հետ բուռն վիճաբանություն մը ունենալե ետքը։ Արդեն նախորդ իրիկունն ալ, տիկին Անթառամ, անհանգստություն կեղծելով, երբ զավկին հետ իր ննջասենյակը մտած էր, աոաջին խոսքը եղած էր.

− Լևոն, գիտցած ըլլաս, որ եթե այս աղջիկը առնես, ձեռքովդ գերեզմանս փորած կըլլաս․․․

Ու հետո սկսած էր բերնին եկած նախատինքները թափել Ղուկաս էֆենտիի, տիկին Թագուհիի ու Ռոզիկի գլխուն։ Երիտասարդը տեսնելով իր մոր գերագրգռված վիճակը, ջանացեր էը զայն հանդարտեցնել, առանց ընդդիմախոսելու, լավագույն համարելով ավելի հանդարտ վայրկյանի մը մեջ խոսակցություններ ունենալ մորը հետ։ Տիկին Անթառամ՝ հանդարտորեն զավկին իր նախատինքները մտիկ ընելեն այնպես ենթադրեր էր, որ իրեն քիչ շատ համամիտ էր և այս լավատես տրամադրությամբ պառկեր էր, հետևյալ առտուն կրկին ու ավելի մանրամասնորեն այդ ամուսնական խնդրին դառնալու որոշումով։

Բայց իրմե առաջ արդեն Լևոն խոսք բացավ.

− Մայրիկ,− ըսավ առտուն իր քով գալով,− երեկ իրիկուն շատ հուզված վիճակ մը ունեիր և ասոր համար չուզեցի շատ խոսեցնել քեզ, բայց հիմա կհուսամ, որ հանդարտած ես, ուստի կրնանք պաղ արյունով աեսակցիլ։

− Իմ ուզածս ալ այդ է արդեն,− պատասխանեց տիկին Անթառամ։

− Նախ կուզեմ, որ կիրքով ու հուզումով չխոսիս, հետո անորոշ ակնարկություններ ալ չընես, այլ որոշ կերպով և ապացույցներով ըսես, թե՝ ի՞նչ պաաճաոավ կդժկամիս այս ամուսնության։ [ 150 ] Տիկին Անթառամ զավկին այս խոսքերեն շփոթվեցավ։ Իրավամբ որոշ ու հայտնի ամբաստանություն մը չէր գտներ ընելիք Կելկիթյաններու դեմ։ Անոնց դեմ, կամ մանավանդ Ռոզիկի դեմ իր հակառակությունը ծնունդ առած էր նախանձի զգացումե մը։ Տիկին Անթառամ այնպես կմտածեր, թե Ռոզիկի հետ իր զավակը ամուսնանալն հետո ինք բոլորովին պիտի լքվեր, երեսի վրա թողվեր, քանի որ զավակը այնքան բուռն կերպով սիրահարած էր այդ աղջկան։ Եվ այս հեռապատկերն էր, որ զինքը դրդեր էը ամեն արգելք ըլլալու այս ամուսնության։ Ու երբ Տ. Միքիաս ալ եկեր, իրեն միացեր էր նույն նպատակով, Տիկին Անթառամ անոր խոսքերուն անմիջապես հավատացեր էր, քանի որ քահանային ըրած ամբաստանությունները իբրև զենք պիտի ծառայեին, իր նպատակին հասնելու համար։ Հետո, իր և Կելկիթյաններու միջև տեղի ունեցած միջադեպերը բոլորովին ատելի դարձուցած էին զանոնք իր աչքին ու հիմակ անհաղթելի ատելություն մը կզգար, թե Ղուկաս էֆենտիի և թե անոր աղջկանը դեմ։ Բայց բոլոր ասոնք չէին կրնար որոշ ամբաստանություն մը ներկայացնել։

Եվ սակայն տիկին Անթառամ չէր ուզեր տեղի տալ և լսելով հանդերձ, կպատրաստվեր կռվի։

− Խոսե տեսնենք,− ըսավ Լևոն անհամբեր,− ի՞նչ պատճառավ կուզես այս ամուսնությունը խզել։

− Ո՞ր մեկը ըսեմ,− պատասխանեց վերջապես Անթառամ,– ականջդ հոս ըլլար և լսեիր այդ մարդոց վրա ըսված խաղքությունները․․․

− Ատոնք պարապ խոսքեր են, մայրիկ,− ըսավ Լևոն սրտնեղած,− քեզի ըսի, որ անորոշ խոսքեր մտիկ չեմ կրնար ընել…

− Նախ սա ըսեմ, որ այդ Ղուկաս էֆենտի ըսվածը կործանած մեկն է եղեր։

− Ո՞ւրկե իմացար,− գոչեց Լևոն։

− Տ. Միքիաս քահանան, իրենց տաներեցը ըսավ…

− Հետո՞։

− Հետո, ամո՞թ չէ քեզի, որ երեք հազար ոսկի օժիտով աղջիկ առնես, մինչ տասը հազար ոսկի օժիտ տալու պատրաստ ընտանիքներ կան, և ինչ ալ աղջիկներ։

− Ես դրամի համար չէ որ կամուսնանամ կոր, ես այդ աղջկան սիրահարված եմ, և եթե տասը փարա օժիտ չտա հայրը, [ 151 ] կրկին պիտի առնեմ,− պատասխանեց երիտասարդը վճռաբար, որ գոհունակությամբ կտեսներ, թե մայրը ոևէ լուրջ առարկություն չէր գտնար ընելիք այս ամուսնության դեմ։

- Ասոնցմե զատ.− ըսավ տիկին Անթառամ,− դեռ ուրիշ ծանր բաներ լսեցի, այդ Ղուկաս էֆենտին շատ անբարոյական մարդ է եղեր։

- Ի՞նչ ըրած է տեսնենք…

- Իրավ, որ բերանս առաջ չերթար կոր ըսելու համար… ինծի նայե, զավակս, եթե կուզես, դուն մեյ մը Տ. Միքիաս քահանան խոսել տուր և անկե ետքը, դուն գիտես, ուզածիդ պես ըրե, միայն թե գիտցած ըլլաս, որ այս ամուսնությունը ընելեդ ետքը, այլևս այդ աղջկան հետ մեկ տունի մեջ չեմ կրնար նստիլ…

Եվ տիկին Անթառամ հուզված, սիրտը ելած, սկսավ արտասվել։

Տղան ջանաց քիչ մը հանդարտեցնել զինքը և կարճ կապելու համար ըսավ․

− Լավ, մեյ մը Տ. Միքիասի հետ կտեսնվիմ, տեսնենք ան ինչ կըսե։

Հետո, ժամացույցը նայելով գոչեց.

− Օ, ուշ մնացեր եմ, պետք է որ երթամ տիկին Թագուհիին ալ այցելություն մը տամ և հավանորեն ցերեկվան կերակուրի ալ հոն կմնամ, ուստի դուն ինծի մի սպասեր…

- Ե՞րբ պիտի տեսնաս Տ. Միքիասը,− հարցուց Անթառամ։

− Այսօր անկարելի է, բայց գուցե վաղը կտեսնամ։

− Ավելի աղեկ։

Եվ երիտասարդը սենյակեն դուրս ելավ զոհ ու զվարթ տրամադրության մը տակ։ Խեղճը կվախենար, որ մայրը ծանր հայտնություններ պիտի ըներ, բայց հիմա հասկըցավ, թե ամբողջ խնդիրը չնչին միջադեպերու և անհիմն բամբասանքներու շուրջը կըդառնար։

Զավկին մեկնելեն ետքը, տիկին Անթառամ որոշեց եկեղեցի երթալ, ոչ այնքան աղոթելու, այլ մանավանդ Տ. Միքիաս հայրը տեսնելու և հետը խորհրդակցելու համար։

Միևնույն ատեն կուզեր անոր պատվիրել, որ հետևյալ առտու իրենց գար, անպատճառ, որովհետև ստած էր, երբոր Լևոնի ըսած էր, թե քահանան հետևյալ օրը իրենց պիտի այցելեր։ [ 152 ] Լևոն երբ հասավ նշանածին տունը, Ռոզիկ արդեն շնորհալի արդուզարդ մը ըրած կազմ ու պատրաստ իրեն կսպասեր, վարի սալոնը։

− Ի՞նչպես եղավ մայրդ,− հարցուց աղջիկը։

− Աղեկ է․ բան մըն ալ չունի,− պատասխանեց երիտասարդը զվարթորեն,− երեկ գիշերվան հանկարծական անհանգստությունը պարզապես կեղծիք է եղեր…

− Կեղծի՞ք,– գոչեց աղջիկը զարմացած։

− Այո, ինծի հետ առանձին մնալու և քո մասիդ բամբասանքներ ընելու համար,– առաջ տարավ Լևոն խնդալով։

Բայց Ռոզիկ նշանածին այս խոսքերեն հուզվեցավ և գույնը նետեց։

− Ես ի՞նչ ըրած եմ իրեն… - մրմնջեց տխուր շեշտով մը։

Երիտասարդը այն ատեն մի առ մի պատմեց իր մոր հետ քիչ առաջ ունեցած խոսակցությունը։ Եվ ի վերջո եզրակացուց.

− Մինչև այս առտու կվախնայի, րր մայրս գուցե ոևէ ծանր հայտնություն մը պիտի ըներ, բայց հիմա տեսա, որ մեջտեղ բան մըն ալ չի կա և ասոր համար շատ ուրախ եմ։

Նայն միջոցին տիկին Թագուհի ներս մտավ և կես ժամի չափ ալ անոր հետ խոսակցելե ետքը, Լևոն և Ռոզիկ դուրս ելան միասին, եկեղեցի երթալու համար։

Ղուկաս էֆենտի առտուն կանուխ արդեն գացեր էր Աղքատախնամի ժողովին նախագահելու համար։

Հակառակ Սերգիսի տված խոստումին՝ Ղուկաս էֆենտի ոևէ դիմում չէր ըրած հանրագրության համար։ Եվ ահա որոշյալ օրը ոստիկանության կողմե եկեր էին խեղճ կինն ու Գարեգինը տունեն հանելու։ Բարեբախտաբար Հաճի Թումիկ նախապես Սաթենիկն ու փոքրիկ աղջիկը իր տունը փոխադրած էր, այնպես որ գործողությունը պարզ ձևակերպություն մը եղած էր, առանց թաղին մեջ գայթակղություն առաջ բերելու։

Եվ սակայն դեպքը մեծ գրգռում հառաջ բերեր էր, մանավանդ հանրագրությունը ստորագրողներուն մեջ, որոնք եկեր, բողոքեր էին Հաճի Թումիկ աղային, ըսելով, որ զիրենք խաղի բերած էր։

Սերգիս նույնպես սասաիկ զայրացած էր Ղուկաս էֆենտիի կողմե խաբվելուն համար, քանզի ինք այնպես հավատացած էր, որ վաճառականը իր խոստումը պիտի հարգեր և պիտի ջանար ոստիկանական միջամտության առաջքը առնել։ [ 153 ] Հաճի Թումիկի գինետան մեջ միակ խոսակցության նյութն էր այս խնդիրը։ Կիրքերը գրգռված էին և գինեպանը կզգար, որ իր ժողովրդականությունը ծանր հարված մը կկրեր։ Պետք էր իր վարկը վերահաստատել։

− Ես այդ Ղուկաս էֆենտիին հախեն պիտի գամ, դուք ալ պիտի տեսնաք,− կորոտար ատեն-ատեն, առանց ինքն ալ գիտենալու, թե ինչ ձևով պիտի կրնար իր սպառնալիքը գործադրել։

Ու իր երեկի հիացողները զինքը կհեգնեին.

Պոլ-պոլ մի նետեր, Հաճի Թումիկ, տեսանք ըրածդ, ամենքս ալ խաղք ըրիր, նամուսնիս փարայի մը եղավ… բոլոր լսողները վրանիս կխնդան կոր։

Եվ իրավ, թաղին մեջ հանրագրությունը ստորագրողներուն դեմ հեգնությունները անպակաս էին, մանավանդ Հաճի Թումիկի ընթացքը շատ մը ծաղրաբանությանց ու չարախոսությանց տեղի կուտար։ Իբրև անպարկեշտ՝ կնոջ մը դեմ հանրագրություն պատրաստելե ետքը, այդ կինը հովանավորությանը տակ առած էր ու իր տան մեջ հյուրընկալած։ Այս տարօրինակ հակասությունը շատ մը խոսքերու տեղի կուտային։

Գարեգին, տունեն ելլալեն ետքը, առժամապես Սերգիսի սենյակը փոխադրված էր և իր բարեկամը որոշած էր, որ հոն մնա, մինչև պաշտոնի մը մտնալը։

Երկու բարեկամները անբաժան էին իրարմե, և որովհետև Սերգիս կշարունակեր ամեն երեկո Հաճի Թումիկի գինետունը հանդիպիլ՝ Գարեգին ալ կընկերանար անոր։

Սերգիս և Թումիկ տեսակ մը սերտ ընկերակցություն կազմած էին, զինակցություն մը ընդդեմ Ղուկաս էֆենտիի, որովհետև երկուքին ալ արժանապատվությունը վտանգվեր էր անոր պատճառով ։ Ու գաղտուկ խորհրդակցություններ կկատարեին իրարու հետ, որոնց ինչ ըլլալուն մասին նույնիսկ Գարեգին տեղեկություն չուներ։

Երբոր այս մասին Սերգիսի հարցում ուղղեր էր, երիտասարդը խորհրդավոր կերպով մը պատասխաներ էր.

− Քիչ մը սպասե, կիմանաս, վերջին խնդացողը աղեկ պիտի խնդա, կըսեն ֆրանսացիները։

Իրիկուն մը, երբ գինետան մեջ բարձրագոչ վիճաբանություն մը կընեին կրկին հանրագրության առթիվ, որուն միջոցին հաճախ կհեղհեղվեր Ղուկաս էֆենտիի անունը, մարդ մը, որ առանձին [ 154 ] նստած օղի կխմեր, առանց խոսքի խառնվելու, հանկարծ ըսավ Հաճի Թումիկին։

− Այդ Ղուկաս էֆենտի ըսածնիդ Կելկիթյա՞նն է։

− Այո,− պատասխանեց գինեպանը։

− Սա Բերայի Աղքատախնամին նախագահը…

− Ճիշտ անիկա։

− Անիկա աղեկ մը ճանչնալ կուզեք նե,− ըսավ անծանոթը,- ես ձեզի տուն մը տանիմ տե, հոն անոր ի՞նչ մարդ ըլլալը լսեցեք։

Թումիկ աթոռ մը առավ և անծանոթին մոտենալով, սկսավ ցած ձայնով հետը տեսնվիլ, հետո Սերգիսին մոտ եկավ և ըսավ.

− Վաղը առտու կանուխ հոս գտնվե. տեղ մը պիտի երթանք․․․ հիմա անոր խերը անիծեցինք, աս մարդը երկինքեն ինկավ․․․

Սերգիս խոստացավ անպատճառ գալ։ Հետևյալ առտու կանուխ Թումիկ ու Սերգիս, անծանոթին առաջնորդությամբ, Բանկալթիի ետևի փողոցները, փայտաշեն տուն մը գացին, ուր երկու պառավներ ու մանկամարդ աղջիկ մը կբնակեին։

Ժամու մը չափ մնացին հոն և հետո վերադարձան գինետուն։

Քստմնելի պատմություն մը լսած էին և երկուքն ալ, գինեպանն ու Սերգիս, տակավին անոր ազդեցությանը տակ կգտնվեին, առանց իրենց տպավորությունները իրարու կարենալ հաղորդելու։

Այն տունը, ուր գացեր էին, աղքատիկ ընտանիք մը կբնակեր, երկու պառավ կիներ և մանկամարդ աղջիկ մը, որ այդ կիներեն մեկուն զավակն էր։ Բերայի Աղքատախնամը այդ պառավներուն ամսական 80 ղրուշի նպաստ մը հատկացուցած էր, զոր աղջկան մայրը կերթար գանձելու։ Ամսուգլուխ մը, սակայն, պառավը հիվանդ ըլլալով ու իր քույրն ալ արդեն քալելու անկարող, մանկամարդ աղջիկը գացած էր ամսականը առնելու։

Շուշանիկ, այս էր աղջկանը անունը, տասնյոթը տարեկան, վարդագույն, հիանալի սև աչքերով, մանկամարդուհի մըն էր, թարմ ու առույգ գեղեցկությամբ։

Երբ եկած ներկայացած էր Աղքատախնամի սենյակը, բոլոր հոն գտնվողները սքանչացեր էին այդ գեղանի աղջկան վրա և [ 155 ] Ղուկաս էֆենտի նույնիսկ մեճիտ մը ավելի վճարել տված էր։

Հետո աղջկան մեկնելուն ու ժողովականներուն ցրվելեն ետքը, հարցուցեր էր Միքայել աղայի, որ աղքատներու վիճակը քննելու պաշտոն ուներ և մոտեն կճանչնար բոլոր նպաստընկալները։

− Այս աղջիկը մորմեն զատ մեկը ունի՞։

− Չէ,− պատասխանած էր մարդը,– միայն պառավ մայր մը և ալ ավելի պառավ մորաքույր մը ունի, գրեթե անդամալույծ կին մը, որ երբեք դուրս չելլեր տունեն։

Առաջին անգամ հոս վերջացուցեր է հարցումը։ Սակայն աղջկան պատկերը քանդակվեր էր վաճառականին երևակայությանը մեջ և մինչև իրիկուն անոր վրա մտածեր էր։

− Ի՜նչ պատվական կտոր,− խորհեր էր ինքնին։

Հետո, հիշեր էր, թե այդ Միքայել աղան կնամոլ ու հեշտասեր մարդ մըն էր, որու մասին շատ բաներ կպատմեին իր ընկերակիցները ու մասնավորաբար կըսեին, թե Աղքատախնամի մեջ ունեցած քննիչի պաշտոնեն օգուտ կքաղեր աղքատ ու գեղանի այրիներուն հետ հարաբերություններ մշակելով ու նույնիսկ իր բարեկամներուն ալ հաճույքի բաժին հանելով։ Չար լեզուները կամբաստանեին նաև, որ Միքայել աղա իր այս տեսակ հաճոյականությունները ձրիաբար չէր շռայլեր, այլ նյութապես կնպաստավորեր։

Գեղանի Շուշանիկին հիշատակին հետ խառն, այս բոլոր խոսքերը Ղուկաս էֆենտիի միտքը կիյնային։

− Այս աղջիկը, այդ թշվառ վիճակին մեջ, երկար ատեն չպիտի կրնար իր պարկեշտությունը պահել, կմտածեր, և ո՞վ գիտե, թե հիմակ իսկ գայթումի ճամփուն մեջ չէր, թեև իր ամոթխած ու վեհերոտ կերպարանքը բոլորովին հակառակը ցույց կուտար․․․ ամեն պարագային, քանի որ դատապարտված էր մոլորելու, ինչո՞ւ թույլ տա, որ ուրիշը վայելե երախայրիքը…

Եվ Ղուկաս էֆենտի, հետևյալ օրն իսկ, երբ պատահմամբ հանդիպեցավ Միքայել աղային, զայն սրճարան մը տարավ և նստեցուց ու սկսավ հոսկե հոնկե խոսակցիլ։ Աղքատախնամին քննիչին համար ասիկա գերազանց պատիվ մըն էր, և խեղճը նախ չկրցավ կռահել, թե ինչ պատճառավ այդ շնորհին արժանի կըլլար։

Խոսակցության ընթացքին, Ղուկաս էֆենտի Աղքատախնամի [ 156 ] գործերուն, աղքատներու վիճակին ակնարկումներ ըրավ և վերջապես ըսավ․

− Սա երեկվան աղջիկը, Շուշանիկ էր, ինչ էր, բնավ մտքես չելլար կոր, այդ տարիքին մեջ, այդպիսի գեղեցկությամբ թշվառության մեջ ինկած, առանց պաշտպանի, ի՞նչ պիտի րլլա վիճակը… օր մը չէ նե, օր մը գեշ ճամփու մեջ պիտի իյնա, պիտի կորսվի… գուցե նույնիսկ այդ ճամփուն մեջ է։

− Չէ, այդ մասին կրնաք ապահով ըլլալ, որ սուրբի պես աղջիկ է, ես քիչ հանդիպած եմ այդ աստիճան պարկեշտ ու խելքը գլուխը աղջկան։

− Իրա՞վ կըսես․․․

− Հարկավ,− հաստատեց Միքայել աղա,– պզտիկութենե կճանչնամ զինքը, հիմակ ալ շատ անգամ տուներնին կհանդիպիմ. երբեմն ձեռագործ կտանիմ, որովհետև շատ աղեկ կար կկարե… վերջապես դուրսեն քանի մը փարա վաստկցնելու համար ձեռքես եկածը կընեմ։

Ղուկաս էֆենտի տեղեկություններ հարցուց պառավներուն մասին և ի վերջո ըսավ.

− Ի՞նչ է այդ խեղճ կնկան հիվանդությունը, լուր մը ունի՞ս։

− Սաթլիճան է եղեր… երեկ ցերեկ դուռնեն հանդիպեցա, անանկ ըսին։

Սաթլիճան, վախ, վախ, վախ…

Հետո պահ մը լռելե ետքը, Ղուկաս էֆենտին ըսավ․

− Էյ, սըկե կառք մը նստինք ու երթանք սա խեղճերուն այցելություն մը տանք, աչքով տեսած կըլլանք վիճակնին։

Միքայել աղա ամենայն հաճոյակատարությամբ ընդունեց այս առաջարկը և կառք մը նստելով՝ ուղղվեցան Բանկալթ՝ի այն տունը, ուր աղքատիկ ընտանիքը պատսպարված էր սենյակի մը մեջ։

Երկու պառավները և մանկամարդ աղջիկը շատ զարմացան և դող ելան հանկարծ, երբ Աղքատախնամի նախագահը տեսան իրենց սենյակին մեջ. բարեբախտաբար Միքայել աղան միասին էր և քննիչը գրեթե տունին մտերիմը ըլլալով, իր ներկայությունը ապահովեց զիրենք։

Ղուկաս էֆենտի քանի մը հարցումներ ըրավ հիվանդ պառավին, հետո պաավիրեց Միքայել աղայի, որ Աղքատախնամին [ 157 ] բժիշկը անմիջապես բերել տա, հրահանգ տվավ, որ դեղերը ձրիաբար շինվին և այլն։

Ղուկաս էֆենտի իր ամբողջ այցելության միջոցին աչքերը չէր հեռացներ մանկամարդ աղջկան վրայեն, որ աթոռի մը վրա նստած, գլխահակ ու ամչկոտ, ձեռագործ մը կբաներ արագ-արագ։

− Ի՜նչ հրաշալի գույն, ի՜նչ թարմության, ի՜նչ անբիծ գեղեցկություն, կխորհեր ինքնիրեն, ամբողջ մարմնովը գերագրգռված։

Երբ ոտքի ելավ մեկնելու համար, աղջիկն ալ թողուց ձեռագործը և եկավ դռան քով, բարձրաստիճան հյուրերը սանդուխքին գլուխը առաջնորդելու։

Դռան մեջ, Ղուկաս էֆենտի աղջկան ձեռքը իր ձեռքին մեջ պահելով ու սեղմելով, ըսավ.

− Աղջիկս, քու մասիդ շատ նպաստավոր տեղեկություններ առի Միքայել աղայեն, և վստահ եղիր, որ պիտի ջանամ քեզի գործ հայթայթել և ձեռքես եկած պաշտպանությունն ու օգնությունը չխնայել։

Եվ գրպանեն ոսկի մը հանելով, դրավ Շուշանիկի ձեռքը։

− Մայրդ աղեկ նայե,− պատվիրելով։

Աղջիկը ամչկոտ ու շիկնած.

− Շնորակալ եմ, էֆենտի,− կմրմնջեր, մինչ երկու պառավները օրհնենքները կտեղացնեին իրենց անկյուններեն։

Այս տեսակցությունը սակայն բոլորովին գրգռած էր Ղուկաս էֆենտիի ցանկասեր կիրքերը և ամբողջ օրը երևակայությունը հեշտամոլ տեսիլներով բորբոքեցավ։

Տիրող սևեռուն գաղափար մը եղած էր Շուշանիկի անվրիպելի անկումը։

− Մեկ օրեն մյուսը իր այդ գեղեցկությամբը, հետին թշվառության հետևանքով, այդ աղջիկը գլխե պիտի ելլե, և ով գիտե, որ խաբեբային զոհ երթալով… լավագույն չէ՞, որ ես վայլեմ զինքը, գոնե նյութապես շահ մը կունենա…

Եվ իր այս տրամաբանությամբը, իր մտադրած գարշելի ծրագիրը տեսակ մը բարերարություն կթվեր իրեն, աղեկ գործ մը, որմե իր խիղճը չպիտի տառապեր երբեք։ Հավանական խաբեբա հրապուրիչին ձեռքեն պիտի փրկեր միամիտ աղջիկ մը և եթե անոր կուսությունը առներ, գոնե ի փոխարեն հնչուն դրամ պիտի վճարեր։ [ 158 ] Եվ հետո գործը ոևէ վտանգ մը, ոևէ հեռավոր ապագա գայթակղաթյուն մը հառաջ չպիտի կրնար բերել։ Շուշանիկ ոչ հայր ուներ, ոչ եղբայր, այլ պառավ մայր մը և անդամալույծ մորաքույր մը, որոնք չպիտի կրնային զինքը ոևէ կերպով անհանգիստ ընել կամ շահագործել։ Վերջապես այդ Շուշանիկը անանկնալ բախտ մըն էր, որ կիյնար երկինքեն և որմե չօգտվիլը հիմարություն պիտի ըլլար իրեն պես ապրած ու փորձառու մարդու մը համար։ Գիշերը մինչև լույս այս բղջախոհ մտածումները իր միտքը լլկեցին և առտուն գրեթե անհանգիստ զգաց ինքզինքը։ Իր զգայամոլ ու բուռն խառնվածքին համար տանջանք մը եղավ այդ աղջիկը, որուն պատկերը վայրկյան մը չէր կրնար վանել երևակայութենեն։

Ու վերջապես հղացավ այն գարշելի միջոցը, որով պիտի կրնար հագուրդ տալ իր ցանկության մոլուցքին։

Բերայի մեջ սիրո միջնորդուհի մը կճանչնար, որուն տունը հաճախ գացած էր և որ մասնագիտությունը ուներ մանկամարդ աղջիկներ հայթայթելու հարուստ հաճախորդներու համար, թեև իր տունը սովորական հանրատուն մը չէր և առերևույթ պատվավորության դրոշմը կկրեր, մանավանդ որ տանը մեջ երբեք աղջիկներ չէր բնակեցներ, այլ միայն առժամապես կհյուրընկալեր զանոնք, կարգ մը մանրակրկիտ զգուշություններով։

Քառասունըհինգ տարեկան, խոշոր, մարմնեղ, պատկառելի երևույթով կին մըն էր Վառվառա հանըմը, որ Պոն Մարշեի մոտերը, քովնտի փողոցի մը մեջ կբնակեր։

Ղուկաս էֆենտի բավական ատենե ի վեր չէր այցելած իրեն, ուստի երբ իրիկուն մը ուշ ատեն դուռը զարկավ ու ներս մտավ, զարմացախառն հաճույքով մը ընդունվեցավ։

− Վայ, Ղուկաս էֆենտի, աս ինչպե՞ս եղավ մեզի հիշեցիր,– գոչեց Վառվառան, մինչ վաճառականը կշտապեր բալթոն հանել՝ վեր ելլելու։

Հյուրանոցին մեջ բազմելով, Ղուկաս էֆենտի, նախ քանի մը շիշ գարեջուր ապսպրեց. հետո, քիչ մը ատեն ասկե անկե խոսելե ետքը, վերջապես իր անակնկալ այցելության նպատակը պարզեց։

Քանի մը օրեն աղջիկ մը պիտի գար իր տունը մարդու մը ընկերակցությամբ, տասնըութը տարեկան, աղվոր աղջիկ մը, Շուշանիկ անուն։ Վառվառ իբրև տանտիրուհի զինքը պիտի ընդուներ, մեկ քանի ձեռագործներ պիտի հանձներ կարելու համար, սակարկություն պիտի ըներ հետը, սակայն առատորեն պիտի [ 159 ] վճարեր և նույնիսկ, կարը փորձելու համար, իր աչքին առջև պիտի աշխատցներ մեկ երկու ժամ. վերջապես ինքզինքը պիտի ներկայացներ իբրև հարուստ ու պատվավոր այրի մը, որ կուզե օգնել իրենց ձեոագործովը ապրող պարկեշտ ու աղքատիկ աղջիկներու։

Այդ միջոցին Ղուկաս էֆենտի այցելության եկած պիտի ըլլար իրեն պատահմամբ։

− Անկե ետքը ընելիքնիս կկարգադրենք,− ըսավ վաճառականը,− միայն թե չըլլա, որ իմ գալես առաջ աղջիկը ձեոքե փախցնես։

Վառվառ, որ խնդիրը հասկցած էր, պատասխանեց.

− Այդ մասին հոգ մի ըներ… միայն թե, Ղուկաս էֆենտի, աղջիկը կո՞ւյս է։

− Կույս է եղեր կամ չէ եղեր, մտմտալիք բան մը չէ… մինակ գլխին աղջիկ մըն է, միայն պառավ մայր մը ունի։

− Աման էֆենտիս, ետքը գլուխնիս չցավի։

− Ես անանկ չյուրյուկ տալի վրա չեմ կոխեր, Վառվառ հանըմ,− ըսավ Ղուկաս էֆենտի,− դուն բնավ հոգ մի ըներ, եթե վտանգավոր գործ մը ըլլար նե՝ մեջ կմտնայի՞… աղջկան խըթլը՞խը կա։

− Զեզի բան չըլլար, ինչ ըլլա նե՝ մեզի կըլլա,− պատասխանեց Վառվառ, փորձառու կնոջ մը խոհեմությամբ,− դուք հարուստ պատվավոր մարդիկ եք, ինտոր ըլլա նե կազատիք. ամա մենք ոտքի տակ կերթանք…

− Երկար մ՚ըներ, Վառվառ հանըմ, դուն ինծի վստահ եղիր, քեզի ինչ կըսեմ կոր, աղջիկը մարդ մարդասանք չունի… ես ամեն բանը մտածեր եմ։

− Աղեկ ամա, ասանկ պելալը գործի մը համար գոնե ձեռքս շնորհքով բան մը պիտի անցնի՞…

− Հա, իշտե, ատ ըսե,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ գիտեր, թե կնոջ հայտնած բոլոր երկյուղները շինծու էին և թե միայն ստանալիք վարձքին քանակությունը ավելցնելու համար մեջտեղ կդրվեին։

Հետո, վճռաբար ըսավ.

− Քեզիի կարճ խոսք մը ըսե՞մ, գիտես ա, ես ատանկ բաներու մեջ սակարկություն չեմ սիրեր… հիմա հինգ ոսկի կուտամ քեզի, ու գալ անգամ աղջիկը հոս գտնելուս, քսան ոսկի ալ այն ատեն կհամրեմ… գործիդ կուգա՞, այո՛ կամ ո՛չ։ [ 160 ] Գումարը բավականին պատկառելի էր, և կարելի էր այդ գնով հանձնառու ըլլալ գործին, բայց աստի՝ Վառվառ լավ կճանչնար իր հաճախորդը, գիտեր, որ Ղուկաս էֆենտի իր միտքը դրածեն ավելի չպիտի վճարեր երբեք, ուստի ձևի համար, քիչ մը խորհելե ետքը, ըսավ.

− Շիտակը ըսեմ, Ղուկաս էֆենտի, եթե ուրիշ մեկը ըլլար, ես հարյուր ոսկով ալ ասանկ գործի մեջ չէի մտնար, բայց դուն հին բարեկամ ես, քու խաթրըդ չեմ ուզեր կոտրել ինչ հարմար կըտեսնաս նե՝ անիկա տուր… միայն թե, ոտքդ պագնեմ, գլուխս փորձանք մը չի գա։

− Հոգ մի ըներ ըսինք ա,− գոչեց վաճառականը և գրպանեն հինգ ոսկի հանելով Վառվառին տվավ։

− Ե՞րբ պիտի գան այդ աղջիկն ու մարդը,− հարցուց տանտիրուհին։

− Դեռ չեմ գիտեր, գործը կարգադրելեն ետքը քեզի իմաց կուաամ. դուն հիմակուհիմա պատրաստ գտնվե․ տե՝ կնայինք։

Եվ այս առաջին կարգադրությունը ընելե ետքը, Ղուկաս էֆենտի գոհ սրտով մը մեկնեցավ այդ շիլ բնակարանեն։

Բայց այս գործին առաջին քայլն էր և ամենեն դյուրինը։ Հիմա պետք էր ապահովել նաև Միքայել աղայի աջակցությունը։ Քանի մը օրե ի վեր Ղուկաս էֆենտի մտերմությունը առաջ տարած էր այդ մարդուն հետ, որուն հազիվ բարև տալու կզիջաներ առաջ, և սակայն դարձյալ չէր համարձակեր խոսք բանալ իր եղերական ծրագրի մասին։

Վառվառի հետ իր կարգադրությունեն օր մը ետքը, կիրակի մը, ուր Աղքատախնամի նիստին նախագահած էր, երբ բոլոր անդամները միասին դուրս կելլեին Ս. Երրորդության եկեղեցիեն, Ղուկաս էֆենտի ըսավ իր ապագա մեղսակցին։

− Միքայել աղա, դուն քիչ մը կեցիր, խոսք ունիմ քեզի հետ։

− Շատ աղեկ, էֆենտիս, ձեր հրամանին պատրաստ եմ,− պատասխանեց մյուսը, ծառայական խոնարհությամբ մը։

Ղուկաս էֆենտի լսած էր, որ Միքայել աղա օղիի մեծ սիրահար մըն էր, ուստի ուզեց շահագործել անոր այս տկարությունը և հետը խոսակցելով ճամփա ելավ և զայն տարավ գարեջրտուն մը, ուր ընդհանրապես գերմանացիներ կհաճախեին և ուր վստահ էր, թե ծանոթներու չպիտի հանդիպեր։ [ 161 ] − Այստեղ,− ըսավ,− թեև՝ գարեջրատուն է, բայց պատվական օղի ու մանավանդ մեզեներ՝ ունի… խոզեղեն կսիրես, այնպես չէ՞։

− Ինչպես որ կուզեք,− պատասխանեց մյուսը, որ քանի մը օրե ի վեր իրեն ընծայված բացառիկ պատիվներեն շլացած էր։

Երբ նստեցան և օդին ու աղանդերները եկան, վաճառականը հարցուց.

− Ինչպե՞ս է սա աղջկան մայրը, որուն հիվանդտեսի գացինք. աղեկցա՞վ բոլորովին, լուր մը ունի՞ս…

− Երեկ հանդիպեցա տուներնին,− պատասխանեց Միքայել աղա,− բժիշկ բերեր են, նոր դեղեր տվեր է, բավական ծանրկեկ սաթլիճան է, աղեկ նայելու է, ըսեր է։

− Վա՜խ, վա՛խ… իսկ աղջիկը ի՞նչ կընե կոր, Շուշանի՞կ էր, ի՞նչ էր, ձեռքը գործ մը ունի՞…

− Չէ, բան մը չունի․․․ արդեն, խելքը գլուխը չէ, որ գործի ետևե ըլլա հիմակուհիմա ձեր մեծության տված դրամովը կապրվին կոր…

− Քեզի ոսկի մը տամ տե իմ կողմես նորեն իրենց տուր։

Եվ Ղուկաս էֆենտի դրամը հանեց, ու հանձնեց Միքայել աղային, որ խոստացավ անմիջապես տանել տալ հատկացված տեղը։

Հետո, Ղուկաս էֆենտի, կրկին խոսեցավ այդ դժբախտ ընտանիքին վրա, մանավանդ մանկամարդ աղջկանը մասին, որուն գեղեցկությունը շարունակական վտանգ մըն էր իր առաքինության ու պարկեշտության համար։ Ու վերադարձավ իր սևեռուն գաղափարին։

− Օը մը չէ․ օր մը, խեղճ աղջիկը պիտի իյնա մոլության մեջ, և ո՞վ գիտե որ անխիղճ սրիկային ձեռքով, որ զայն հրապուրելե ետքը, անշուշտ երեսի վրա պիտի թողու…

Օղիի գավաթները կշարունակեին իրարու ետևե, Ղուկաս էֆենտի ինք, թեև քիչ կխմեր, բայց իր ընկերակցին անընդհատ կհրամցներ. Միքայել աղա սկսած էր թեթև մը գինովնալ, զվարթություն մը եկած էր վրան և օղիին ազդեցության տակ, գրեթե մտերմական ձևով մը կխոսեր վաճառականին հետ, զանց ընելով մեծարանքի ու ակնածության ձևակերպումները։

Ղուկաս էֆենտի խոսքը առաջ տանելով ըսավ.

− Գիտե՞ս ինչ կմտածեմ, Միքայել աղա, այս տեսակ աղջիկները, [ 162 ] որոնք արդեն պատրաստված են կորսվելու, լավագույն է, որ գոնե հարուստի մը կողմե հրապուրվին, քան թե անկուտի՝ սրիկայի մը ձեռքով, որ անոր պատիվը պղծելե ետքը, գուցե ուզե զայն ալ ավելի անբարոյականություններու մեջ մղել… ըսածս շիտակ չէ՞…

− Շատ իրավացի է, էֆենտի,− պատասխանեց Միքայել աղա։

− Հարուստ մեկը գոնե խիղճ կունենա աղջիկը երեսի վրա չձգելու… ես հարուստ գիտեմ, որ այսպես աղջիկներ ավրելե ետքը, դրամ տված և ամուսնացուցած են զանոնք։

− Շիտակ է։

− Ու այսպիսի պարագաներու տակ աղջիկ ավրելը ոչ թե մեղք կամ անբարոյականություն է, այլ կրնամ ըսել, որ պարզապես բարերարություն ու առաքինություն է։

− Շատ հիանալի կերպով կխոսիք, ես այդ տեսակ մարդոց ճակատը կհամբուրեմ,- վճռեց Միքայել աղա, իր առջև դրված աղանդերներուն վրա կանոնավոր հարձակում մը գործելով։

− Քեղի բան մը ըսեմ,− շարունակեց վաճառականը,− որ ես միտք ունիմ այդ աղջկան գործ մը գտնել, քանի որ ձեռագործի մեջ վարպետ է եղեր, որովհետև միշտ դրամ տալուն ծայր չի գար, մյուս կողմե ալ այդ խեղճերը երեսի վրա ձգելու չէ, քանի որ պաշտպանությանս տակ առի, պետք է որ իրենց հոգ տանիմ…

− Ան ձեր ազնվությունն է,− ընդմիջեց Միքայել աղա՝ բան մը ըսած ըլլալու համար և օղիի գավաթը ի մի ամպ պարպեց։

− Կառսո՛ն, սա օղին լեցուր,− հրամայեց Ղուկաս էֆենտի, հետո դարձավ իր խոսքին։

− Ես պատվավոր կին մը կճանչնամ, որ այդ տեսակ աղջիկներուն գործ կհայթայթե և շատ ալ աղեկ կվճարե, անոր խոսեցա, մեյ մը աղջիկը տեսնամ ըսավ, արդյոք կարելի չէ՞ սա Շուշանիկը անոր ներկայացնել։

− Ինչու չէ, էֆենտիս, ան ալ արդեն աշխատություն կփնտռե։

− Դուն վրադ կառնե՞ս աղջիկը տանել, ես արդեն պետք եղածը խոսած եմ, միայն թե գուցե առանձին չուզե երթալ․․․

− Ո՞ւր է երթալիք տեղը…

− Վառվառ հանըմ կըսեն, անոր տունը։

Եվ Ղուկաս էֆենտին հաղորդեց տան հասցեն։

Միքայել աղա գիտեր ատ շիլ տունը և Վառվառ հանըմն ալ [ 163 ] ճանչնար։ Անմիջապես ամեն բան կռահեց և զգաց այն պժգալի դերը, զոր վաճառականը կուզեր խաղցնել իրեն։

Մեկեն ի մեկ չպատասխանեց, գլուխը քերեց և առջևը գտնված օղիի գավաթը պարպեց։ Հետո, շեշտակի Ղուկաս էֆենտիի նայելով ըսավ.

− Ատ Վառվառ հանըմը կճանչնամ, տունն ալ գիտեմ…

Եվ այս խոսքերը արտասանեց այնպիսի շեշտով մը, որ կհայտներ, թե թափանցած էր վաճառականին բոլոր մութ խորհուրդներուն։

− Էյ, ավելի աղեկ,− պատասխանեց մյուսը շնականորեն,− քանի որ տունը գիտես ու տանտիրուհին ալ կճանչնաս կոր…

Պահ մը կրկին լռեցին երկուքն ալ։ Ղուկաս էֆենտի օղի և նոր աղանդեր ապսպրեց, մինչ Միքայել աղայի ներսիդին խուլ պայքար մը տեղի կունենար։

Ի՞նչ դիրք պետք էր բռնել այդ հարուստ ու ազդեցիկ էֆենտիին հանդեպ։ Եթե խնդիրը իր հսկողության հանձնված երիտասարդ այրիի մը կամ կնոջ մը վրա ըլլար, անշուշտ չպիտի վարաներ և անմիջապես հանձնառու պիտի ըլլար ձեռքեն եկած բարյացակամ օժանդակությունը նվիրելու Ղուկաս էֆենտին գոհ ձգելու համար։ Հայց Շուշանիկը կույս աղջիկ մըն էր և այս բանը զինքը կշփոթեցներ, կվարանեցներ։ Ոչ այնչափ խղճահարութենե կտանջվեր, որքան հավանական վտանգներե, իր անունը անպատվելու վախեն, որովհետև մինչև այն ատեն ընդհանուրին համար իբրև պատվավոր մեկը ապրած էր, իր ամոթալի մեղսակցությունները շատ սահմանափակ սահմանի մը մեջ ի գործ դրած էր։

Մյուս կողմե, առաջարկված գործը հրապուրիչ էր և անով պիտի կրնար հարուստ վաճառականին մտերմությունը ընդմիշտ ապահովել։ Եղեռնի մը մեջ իր մեղսակցությունը իր ձեռքին մեջ զենք մը պիտի ըլլար, որմե միշտ պիտի կրնար օգտվիլ։ Ղուկաս էֆենտին իր ափին մեջ պիտի առներ վերջապես և Ղուկաս էֆենտիի պես մեկը իր ափին մեջ ունենալը պզտիկ բան մը չէր։

Ու խեղճ Միքայել աղա տատանյալ ու վարանոտ կմնար։

− Միքայել աղա, սա գավաթը չպարպե՞ս,− ըսավ Ղուկաս էֆենտի իր ընկերոջ։

Հետո, անուշ, փաղաքշական ձայնով մը։

− Իս մտիկ ըրե, միտքեդ անցածը կգուշակեմ կոր, ինչպես որ դուն ալ իմ դիտավորությունս գուշակեցիր, բայց բոլոր ատոնք [ 164 ] պարապ մտածումներ են, ինչպես ըսի, այդ աղջիկը օր մը չէ նե օր մը փորձանքի մը պիտի գա ու թշվառության մեջ իյնա, մինչդեռ ինծի պես մեկու մը պաշտպանության տակ՝ գոնե նյութապես կօգտվի… եկուր չէ մի ըսեր, Միքայել աղա, դու պատվավոր մեկը կերևաս կոր, ես քեզ շատ սիրեցի և եթե կներես, քեզի նվեր մը պիտի ընեմ, զոր չպիտի մերժես։

Եվ վաճառականը գրպանեն հինգ ոսկինոց թուղթ մը հանելով, իր խոսակցին ձեռքը սահեցուց, հետո կրկին նորոգել տվավ օղիները և անտարբեր կերպով մը ըսավ.

− Ե՞րբ աղջիկը կրնաս տանիլ Վառվառին տունը, վաղը կամ երեքշաբթի օրը կըլլա՞…

− Զինքը չտեսած բան մը չեմ կրնար ըսել, էֆենտիս,− պատասխանեց Միքայել աղա, որ հինգ ոսկինոց թուղթեն շլացած, այլևս լռեցուցած էր ամեն խղճահարություն։

− Ուրեմն հիմա մեյ մը հանդիպե տուներնին, տված ոսկիս իրենց հանձնե և իմացիր, թե ե՞րբ կրնա գալ հետդ այդ տունը․ ավելի աղեկ կըլլա, որ երեքշաբթի օրը բերես, որովհետև վաղը փոսթայի օր է, շատ գործ ունիմ… ես վաղը իրիկուն հոս կսպասեմ և քենե որոշ լուր մը կառնեմ։

− Շատ աղեկ, էֆենտիս։

Եվ այս համաձայնության վրա մեյ մեկ գավաթ ևս պարպեցին ու մեկնեցան։

Հետևյալ իրիկուն Միքայել աղա որոշյալ ժամուն եկավ գտավ վաճառականը։

− Երեկ գացի, ոսկին տվի, ձեռագործին համար ալ խոսեցա, շատ աղեկ ըսավ, հետևաբար վաղը կեսօրին մոտ պիտի երթանք Վաովառին տունը… բայց էֆենտի, այս գործը, շիտակը ըսեմ, քիչ մը խղճիս կդպչի կոր…

− Օղի մը խմե,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, ծառան կանչելով ու պետք եղածը ապսպրելով։

− Հիվանդը ինչպե՞ս է,− հարցուց վայրկյան մը լռելե ետքը։

− Երեկ քիչ մը աղեկ էր, երբոր ոսկին իրեն հանձնեցի, շատ շնորհակալ եղավ և երկար բարակ աղոթքներ ըրավ։

− Աղջիկը դժվարություն ցուցո՞ւց հետդ գալու համար։

− Այո, ինք չէր ուզեր կոր գալ, բայց երբոր ըսի Ղուկաս [ 165 ] էֆենտիին կողմն կառաջարկեմ կոր, այն ատեն մայրը ստիպեց, որ անպատճառ գա ու ինքն ալ հավանեցավ։

Նույն իրիկուն ալ բավական երկար ատեն մնացին գարեջրատան մեջ և վաճառականը լավ մը խմցուց իր նոր բարեկամին, որ արդեն խմելու մասին դժվարահաճություն չէր հայտներ, երբոր առիթը ներկայանար և երբ, մանավանդ, ուրիշներ էին վճարողները։

Հետևյալ օրը, երեքշաբթի, Ղուկաս էֆենտի շատ կանուխ ելավ։ Ամբողջ գիշերը գրեթե չէր քնացած, Շուշանիկի մտածումովը գերագրգռված. քանի կմոտենար ցանկալի ժամը՝ այնքան կբորբոքեր իր անասնական հեշաամոլ կիրքը, և քունը անընդհատ կկոտտար մանկատի աղջկան մտածումովը։ Խղճահարական ամեն ձայն լռած էր իր մեջ ու միայն զգայական մոլեգնությունն էր, որ կտիրեր իր ամբողջ էության։

Շուտով մը հագվեցավ ու դուրս ելավ, բաց օդին մեջ ջիղերը հանդարտեցնելու համար։ Բավական ժամանակ քալեց, հետո գնաց սուրճ մը խմելու, փորձեց առտվան թերթերը կարդալ, սակայն անկարելի եղավ, միտքը միակ մտածումով մը լարված ըլլալով։

Վերջապես որոշեց գրասենյակ երթալ, օրվան գործերը կարգադրել, պետք եղած հրահանգները տալ։ Պաշտոնյաները չէին եկած տակավին, որովհետև էֆենտին երբեք կանուխ չէր գտնվեր իր գործին գլուխը։ Ուրիշ օր գուցե պիտի բարկանար, կրակ կտրեր իր պաշտոնյաներուն այս ծուլությանը համար, սակայն այս վայրկյանին այնքան հեշտալի տրամադրության մը մեջ էր, որ բնավ դիտողություն չըրավ։ Ընդհակառակը՝ երբ որ ավագ գրագիրը եկավ, սիրալիր ընդունելություն մը ըրավ անոր, նույնիսկ հետը կատակաբանեց.

− Գիշերը հովարտայության գացիր, ի՞նչ ըրիր, որ ասանկ ուշ մնացեր ես,− ըսավ ժպտելով։

Պաշտոնյան շվարած՝ էֆենտին այդ ժամուն հոն գտնալեն, չէր գիտեր ինչ պատասխանելը։

− Հանցանքը իմս է, որ այս առտու կանուխ եկա,− ըսավ Ղուկաս էֆենտի միշտ ժպտերես…− արդեն այսօր մեծ գործ մը չի կա կարծեմ…

− Չէ,− փութաց պատասխանել պաշտոնյան։

− Ինչ որ է, մեզի մեյ մեկ սուրճ ապսպրե, որովհետև ես կեսօրեն առաջ պիտի երթամ և հավանորեն ալ չեմ ի գար։ [ 166 ] Պաշտոնյան դուրս ելավ սուրճը ապսպրելու համար։

− Ի՞նչ ունի այսօր մեր էֆենտին,– կմտածեր ինքնիրեն զարմացած,− երբեք այսքան անուշ տեսած չէի զինքը․․․ ես ուշ մնալուս համար խիստ հանդիմանություն մը կսպասեի, և ահա ինք, սովորականեն բոլորովին տարբեր անուշությամբ մը կընդունե զիս։

Քանի մը նամակներու ընթերցումը, անոնց տրվելիք պատասխաններուն պատրաստությունը ժամի մը չափ զբաղեցուց Ղուկաս էֆենտին։

Հետո հյուր մը ընդունեց, ծանոթ վաճառական մը, որ եկած էր կարևոր գործ մը առաջարկելու։ Խոսակցության միջոցին, երբ գործին կարգադրությունը հետևյալ օրվան ձգվեցավ և սկսան տարբեր նյութերու վրա խոսակցիլ, վաճառականը հայտնեց Ղուկաս էֆենտիի, որ քանի մը օրեն անդրանիկ զավակը պիտի նշաներ։

− Կեցցես, շատ աղեկ կընես,− գոչեց Ղուկաս էֆենտի խանդավառ կերպով.− քանի՞ տարեկան է որ…

− Քսաներեքը նոր լմնցուց,− պատասխանեց մյուսը։

− Օ՜խ, տեսա՞ր մի, աֆերիմ, մանչերը այդպես պզտիկ կարգելը շատ աղեկ բան է, աչքերնին դուրս չվարժված, բարոյականնին չավրված։

− Ես ալ ճիշտ այդպես կմտածեմ և ասոր համար շատ բարակը չնայեցա, առիթը ներկայանալուն պես նշանտուքին որոշումը տվի։

− Շատ խելացի վարվեր ես, հիմակ Բերայի կյանքը այնքան ապականված է, որ երիտասարդները միշտ վտանգի մեջ են իրենց բարոյականին համար։

Եվ Ղուկաս էֆենտի նորեն սկսավ իր սովորական բարոյախոսությունը։ Ընտանեկան սրբությունը նվիրական պետք է մնա, մարդս բարոյականով կապրի, պատիվով կապրի։ Ամուսնացյալ մարդու մը բարոյականը մանավանդ անաղարտ ըլլալու է։ Ի՞նչ կսպասես այն էրիկեն, որ իր հարազատ, օրինավոր պսակյալ կինը երեսի վրա կթողա և կերթա ուրիշի կիներու աչք կտնկե, մի՞թե այդպիսի էրկան մը կինն ալ իրավունք չունի՝ ի փոխարեն ինքն ալ ապօրեն հարաբերություններ ունենալ ուրիշ էրիկմարդոց հետ… և այն ատեն ի՞նչ կըլլա ընտանիքը, պատիվը բարոյականը։

− Մարդուս համար հարստություն, պաշտոն, փառք ու մեծություն [ 167 ] կուտ մը արժեք չունին, բարոյական ունենալու է, էֆենտիմ, բարոյական…

Ղուկաս էֆենտի անմիջապես ժամացույցին նայեցավ, կեսօրին կես ժամ կար։

Անմիջապես ոտքի ելավ.

− Կներեք, էֆենտիս, ժամադրություն ունիմ, ուշ մնացի, վաղը կրկին հրամմեցեք ու այդ գործին համար երկարորեն տեսակցինք։

Ու Ղուկաս էֆենտի փութաց դուրս ելլելու, իրեն հետ քաշել տանելով բարեկամը։

Փողոցը անմիջապես կառք մը ցատկեց և գոչեց․

− Պեյ օղլու, Պոն Մարշե։

Կեսօրին մոտ, Ղուկաս էֆենտի Պոն Մարշեի առջև կառքեն իջավ և արագ քայլերով ուղղվեցավ Վառվառի տունը։

− Արդյոք եկա՞ծ է աղջիկը,− կմտածեր սրտատրոփ։

Վերջապես դռան առջև հասնելու զանգակը հնչեցուց։

Պառավ կին մը, Վառվառի սպասուհին ու միանգամայն խորհրդականը, եկավ դուռը բանալու։

− Ո՞վ կա վերը,− հարցուց վաճառականը, որուն ձայնը հուզումեն կդողար։

− Աղջիկը հոս է,− պատասխանեց պառավը կամաց ձայնով մը։

− Ո՞ր սենյակն է։

− Վերը, սալոնը, կար կկարե կոր…

− Վառվառ հանըմը վար կանչե,− ըսավ Ղուկաս էֆենտի, գետնահարկը գտնված մութ սենյակ մը երթալով։

Երկու վայրկյան ետքը տանտիրուհին եկավ վաճառականին քով։

− Այս ի՜նչ լուսնկայի պես աղջիկ է,− եղավ իր առաջին խոսքը,− ի՜նչ աչքեր, ի՜նչ գույն, ի՜նչ մազեր… իրավցնե փռլանթի մը…

− Շատո՞նց է հոս է։

− Ժամ մը եղավ…

− Հետը եկող մարդը հո՞ս է…

− Չէ, անիկա ճամփու դրի, ըսի որ աճելե՛ կար մը ունիմ, մինչև իրիկուն աղջիկը վար պիտի դնեմ, թող իրիկվան դեմ գա առնե… ասիկա իրեն ալ գործին եկավ, ելավ գնաց… բայց կարծեմ ալ գալու միտք չունի։ [ 168 ] − Էյ, աղջիկը բան մը չըսա՞վ։

− Չէ, իրեն ըսի, որ եթե գործը ատենին լմնցնե, իրեն երեսուն ղրուշ պիտի տամ, ասոր վրա, գլուխը կախեց, կարել սկսավ։

Ղուկաս էֆենտի գրպանեն ոսկի մը հանեց և Վառվառին տալով.

− Շնորհքով կերակուր մը բերել տուր մեզի, քանի մը շիշ ալ աղեկ գինի ու գարեջուր,− ըսավ։

Տանտիրուհին դրամը առավ ու գնաց էֆենտիին հրամանները կատարելու։

Վաճառականը շիտակ սանդուխեն վեր ելավ և ուղղվեցավ այն սալոնը, ուր կգտնվեր Շուշանիկը։

Աղջիկը մտազբաղ կար կկարեր, երբոր՝ դուռը բացվեցավ՝ Ղուկաս էֆենտի սեմին վրա երևցավ ժպտուն դեմքով։ Շուշանիկ՝ շփոթած անմիջապես ոտքի ելավ, մինչ վաճառականը փայփայիչ ձայնով մը կըսեր.

− Գործդ նայե, աղջի՛կս, ես օտարական չեմ, ես ալ այս տունեն եմ։

Հետո, քովը մոտենալով հարցուց.

− Մայրիկդ, ինչպե՞ս, է, աղեկ է իշալլահ․․․

− Շնորհակալ եմ, այսօր երեկվընե աղեկ է։

− Դեղի, ուտեստի պակասություն մը չունի լա…

− Չէ, ձեր մեծության շնորհիվ, բանի մը պետք չունի,– պատասխանեց աղջիկը շիկնելով։

Ղուկաս էֆենտի, աղջկան դեմ, թիկնաթոռի մը մեջ բազմեցավ, սիկարեթ մր վառեց, ու սկսավ պիշ-պիշ դիտել իր զոհը, որ գլուխը կախած, լրջորեն իր ձեռագործը կկարեր, համոզված ըլլալով, որ իրավցնե ստիպողական գործ մըն էր իրեն հանձնված։

Շուշանիկ իր այդ դիրքին մեջ իրավամբ պաշտելի էր, ու վավաշոտ վաճառականն իր աչքերով կլափեր զայն։ Իր գեղեցկությունը թարմ անմեղության հրապույրին հետ ուներ նաև զգլխիչ հմայք մը, իր սև ու վառվռուն աչքերովը։ Լեցուն մարմինը, ճերմակ մորթն ու վարդագույն այտը կարող էին ամենեն անզգա մարդիկն անգամ խռովելու։ Իր առատ ու հոյակապ սև մազերը, որոնք շնորհալի կերպով վեր առած էր, ալ ավելի կկատարելագործեին իր գեղեցկությունը։ Ինչ որ ամենեն ավելի զարմանք ու [ 169 ] հիացում կպատճառեր վաճառականին, Շուշանիկի շնորհալի ձևերը, նիստն ու կացն էր, իբր թե հարուստ ու վայելուչ միջավայրի մը մեջ ապրած ըլլար։

Ղուկաս էֆենտի, առանց կարենալ հանգիստ գտնելու, անընդհատ սիկարեթ կծխեր ու կջանար հանդարտեցնել իր զգայնական ցանկությունը, որ զինքը կդրդեր անասնական թափով մը աղջկան վրա նետվելու…

− Էֆենտիս, քեզի մինակ ձգեցի, կներես,− ըսավ Վառվառ հանըմ, սենյակեն ներս մտնելով։

− Հոգ չէ, հոգ չէ, դուն գործդ նայե,− պատասխանեց վաճառականը,– ի՞նչ ըրիր, կերակուրդ պատրաստեցի՞ր…

− Կես ժամեն պատրաստ կըլլա… եթե կուզես, մինչև ճաշի ատենը մեյ մեկ օղի խմենք։

− Աղեկ կըլլա,− հավանեցավ վաճառականը, որ կուզեր քիչ մը գլուխը տաքցնել։

Վառվառ դուրս ելավ և վայրկյանե մը վերադարձավ ճոխ աղանդերներով զարդարված օղիի ափսեով մը։

− Աղջկան ըսե, որ գործը թող ձգե տե՝ քիշ մր քովերնիս գա,− փսփսաց Ղուկաս էֆենտի տանտիրուհիին։

Վառվառ փութաց գոհացում տալ էֆենտիին փափաքին և ձայնը բարձրացնելով ըսավ Շուշանիկի.

− Աղջիկս, ալ ցորեկ եղավ, շատ գլուխդ կախեցիր ու հոգնեցար, մնացածն ալ կերակուրեն ետքը կկարես, հիմա քիչ մը քովերնիս նստե ու օղի մը խմե, որ բացվիս։

Մանկատի աղջիկը իրավցնե հանգստի պետք ուներ, բայց և այնպես չուզեց անմիջապես տեղի տալ։

− Հոգ չէ, տիկին, դեռ մինչև ճաշի ատեն կշարունակեմ…

− Չըլլար, խոսք մտիկ ըրե,− ըսավ Վառվառ կես հանդիմանական ձայնով մը։

Աղջիկը կարը թողուց։

− Եկուր օղի մը առ…

− Ոչ, տիկին, շնորհակալ եմ։

− Եկուր օղի մը խմե, աղջիկս,− երկրորդեց Ղուկաս էֆենտի։

Շուշանիկ չուզեց իրենց «բարերար»-ին հրավերը մերժել և գնաց Վառվառին քով նստելու։

Շնորհիվ Ղուկաս էֆենտիի և Վառվառի սիրալիր մտերմության, [ 170 ] աղջիկը, որ մինչև այն ատեն շատ ամչկոտ դիրք մը բռնած էր, սիրտ առավ և սկսավ խոսակցության մասնակցիլ, նույնիսկ իրեն եղած ստիպումներուն վրա քանի մը գավաթ ալ օղի խմեց։

Հետո, վերջապես ճաշի վայրկյանը հնչեց, երեքը միասին վարի հարկը իջան և սեղան նստան, արդեն կեսօրը ժամ մը անցած էր ու ամենքն ալ անոթի էին, և Շուշանիկ հաճույքով մասնակցեցավ ճոխ սեղանին։

Քանի մը գավաթ ճերմակ գինի բոլորովին զվարթացուցին զինքը և սկսավ շաղակրատել, ծիծաղել ու կատակել, ինքն ալ զարմանալով իր հանդգնության վրա։

Երկու ժամե ավելի անցուցին սեղանատան մեջ, հետո կրկին վերադարձան սալոն, և աղջիկը ուզեց վերսկսիլ իր ձեռագործը, բայց Վառվառ արգիլեց.

− Կերած խմած կար կարելը աղեկ չէ, աղջիկս, քիչ մը նստե հանգիստ ըրե։

− Բայց տիկին, ըսիր, որ գործը ստիպողական է…

− Վնաս չունի, քիչ մը ավելի կմնաս հոս ու կլմնցնես… եթե ժամանակը շատ ուշ ըլլա, ես քեզի մեր սպասուհիին հետ կառքով մինչև տունդ ղրկել կուտամ։

− Արդեն Միքայել աղան պիտի գա զիս տանելու,− դիտել տվավ Շուշանիկ։

− Միքայել աղան կամ սպասուհին միևնույն բանն է։

Աղջիկը, որ արդեն չափազանց կերած ու խմած ըլլալով, աշխատելու տրամադրություն չուներ, շատ դժվարություն չհարույց։

Սակայն ժամ մը հանգիստե ետքը, Ղուկաս էֆենտիի մեկ խորհրդավոր ակնարկին վրա, Վառվառ ըսավ մանկատի աղջկան.

− Ադջիկս, եկուր քեզի դիմացի սենյակը տանիմ ու հոն հանդարտ գլխով կարդ կարե, լմնցուր։

Այն սենյակն, ուր տանտիրուհին աոաջնորդեց Շուշանիկը, մութ ու ընդարձակ սրահ մըն էր, թանձր վարագույրներով ծածկված և երկու պատուհաններով, որոնք նեղ լուսամուտի մը վրա կբացվեին։

Սենյակին մեկ անկյունը կար խոշոր անկողին մը, որուն ոտքերուն տակ փռված էր ոչխարի մորթե ծածկույթ մը։ Մեկ քանի թիկնաթոռներ, բազմոց մը և դարակ մը, որուն վրա հայելի մը կբարձրանար՝ ամբողջ կահ կարասին կկազմեին։

Շուշանիկի վրա տխուր ու անախորժ տպավորություն մը ըրավ [ 171 ] այս մութ սենյակը, ուր առարկաները հազիվ իրարմե կորոշվեին։

Պատուհանին քով թիկնաթոռի մը վրա տեղավորվեցավ և սկսավ իր ձեոագործովը զբաղիլ։

Տարտամ երկյուղ մը տիրած էր վրան․ այդ անծանոթ կինն ու Ղուկաս էֆենտին, որոնք այնքան հարգանքով ու նույնիսկ գուրգուրանքով կվարվեին հետը. փոխանակ զինքը ապահովցնելու, ավելի կխրտչեցնեին։ Անորոշապես կնախազգար, որ իրեն դեմ դավ մը կնյութվեր, բայց չէր կրնար գուշակել, թե ինչ էր այն։ Քանի մը անգամ նշմարած էր իրեն բարերարին իր վրա սևեռած հայրատ ու ցանկատոչոր ակնարկը և սարսռած էր անկե, բայց առանց երբեք երևակայելու, թե իր մասին ինչ քստմնելի թակարդ մը կլարվեր։

Սալոնին մեջ, Ղուկաս էֆենտի ու Վառվառ առանձին մնացած կխոսակցեին։

− Ինծի նայե,− կըսեր տանտիրուհին,− ես իմ գործս լմնցուցի, ալ ասկե ետքը բանի մը չեմ խառնվիր, առ աս սենյակին բանալին, գնա դիմաց, ինչ որ կուզես ըրե․ ես ժամու մը չափ դուրս պիտի ելլամ, սպասուհին ալ արդեն տեղ մը ղրկեցի, ուստի տանը մեջ աղջիկեն ու քենե զատ մարդ մը չի կա, գիտցած եղիր։

− Բայց «գործ»-ը լմննալե ետքը, ես աղջիկը որո՞ւ թողում երթամ,− կըսեր վաճառականը,− ավելի աղեկ չէ՞, որ հոս մնաս…

− Չէ,− կպնդեր մյուսը,− անկարելի է։ «Գործ»-ին ատենը չեմ ուզեր հոս գտնվիլ… ամեն մարդ իրեն հաշիվը ունի… բայց ետքը կուգամ ոևէ միջոցավ մը աղջիկը մինչև տուն ղրկել կուտամ։

Ղուկաս էֆենտի ստիպվեցավ համակերպիլ տանտիրուհիին կարգադրության․ հետո, իր մատուցած և տակավին մատուցանելիք ծառայության փոխարեն քսան ոսկի համրեց իրեն ու հինգ ոսկի ալ հանձնեց, որպեսզի աղջկան տա։

Հետո, վճռաբար, դիմացի սենյակին բանալին գրպանը, ուղղվեցավ Շուշանիկի քով։

Վառվառ, անմիջապես վերը՝ ննջասենյակը գնաց, աճապարանքով հագվեցավ, կոշիկն ու գլխարկը դրավ ու կամաց վար իջավ։

Խուլ հեծկլտուք մը, աղիողորմ ու խեղդված աղաղակներ կլսվեին այն սենյակեն, ուր մանկատի աղջիկն ու Ղուկաս էֆենտի փակված էին։ [ 172 ] Վառվառ, ոտքի ծայրերուն վրա կոխելով, մոտեցավ սենյակի դռան ու ականջ դրավ։

Մաքառում մը տեղի կունենար ներսը. հեգ աղջիկը կդիմադրեր, կուզեր ինքզինք փրկել վայրագ էֆենտիին ճիրաններեն, բայց չէր կրնար, ու հայտնի կերևար, որ վաճառականը աղջկան բերանը բռնի կգոցեր, որպեսզի չաղաղակեր։

− Էֆենտի, թող տուր, կաղաչեմ, կպաղատիմ,− կլսվեր, ու հետո հեծկլտուք մը՝ «մայրիկս, մայրիկս» ճիչերուն խառնված։

Վառվառ արագորեն հեռացավ դռան առջևեն, սանդուխեն վար իջավ ու փողոցին դուռը բանալով՝ ինքզինքը դուրս նետեց։

Ժամ ու կես ետքը Վառվառ վերադարձավ և շիտակ սալոնը գնաց։ Ղուկաս էֆենտի, ջղագրգռված, մեծաքայլ կերթար կուգար սենյակին մեջ։

− Ո՞ւր մնացիր,− գոչեց, իր մեղսակիցը տեսնելով։

− Հոս, մոտերը տեղ մը գացեը էի, խոսքի տալմիշ եղա, քիչ մը ուշ մնացի։

− Ես կերթամ կոր, հինգ ոսկին տուր աղջկանը և տուն ղրկե․․․

− Ո՞ւր է որ աղջիկը․․․

− Դիմացի սենյակն է, հոս սպասե ու իմ դուրս ելլելես ետքը քովը գնա։

Ու Ղուկաս էֆենտի, ոճրագործի մը պես վար սպրդեցավ սանդուխեն ու ինքզինքը փողոց նետեց։

Վառվառ հուշիկ մոտեցավ դիմացի սենյակին ու կամաց մը դուռը բացավ։

Խեղճ Շուշանիկ կիսամերկ փռված էր անկողնին վրա ու գլուխը բարձին՝ կհեծկլտար։

Երբ դուռին բացումը լսեց, ահաբեկ գլուխը վեր առավ, կարծելով որ կրկին Ղուկաս էֆենտին էր ներս մտնողը, բայց երբ նշմսւրեց, որ տանտիրուհին էր եկողը, հանդարտեցավ ու կրկին բարձին վրա ինկավ, ալ ավելի բարձրաձայն լալով։

Վառվառ բոլորովին շվարած դեմք մը առնելով՝ աղջկան քով մոտեցավ և հարցուց.

− Ի՞նչ կա, ի՞նչ ունիս աղջիկս, այս ի՞նչ վիճակ է… խոսե՛, պատմե տեսնամ, ի՞նչ եղավ։

Հեգ աղջիկը, առանց կարենալ պատասխանելու, կշարունակեր լալ։ [ 173 ] − Տեր աստված, տեր աստված,− գոչեց Վառվառ,− բարով խերով դուրս չելլայի․․․ կերևա որ իմ բացակայության ատեն փորձանք մը պատահեր է… Ղուկաս էֆենտի՞ն ուր է. ան ալ մեջտեղ չի կա…

Շուշանիկ վաճառականին անունը լսելով, կրկնապատկեց իր հեծկլտուքը։

Տիկին Վառվառ գնաց քիչ մը օտոքոլոնեյը և ջուր բերավ ու աղջկան խմցուց, հետո, վերջապես ստիպեց զայն, որ գլխուն եկած փորձանքը պատմե, ինքզինք բոլորովին անգիտակ ձևացնելով անցած դարձածին։

Հետո, կատաղի բարկության մեջ ինկավ․

− Իմ տանս մեջ ասանկ խայտառակություն մը ըլլա, վա՛յ անամոթ, վայ շխպնած մարդ, մեղա՜, մեղա՜, աստուծմե՞ ալ չվախնար այդ սրիկան… ասանկ հրեշտակի պես աղջիկ մը գլխե հանել բռնի կերպով… ոտքս կոտրեր տե՝ դուրս ելած չըլլայի․․․ վա՜խ, վա՜խ, վա՜խ։

Ու այնքան լավ կատարեց իը դերը, որ խեղճ աղջիկը իրավամբ հավատաց, որ Վառվառ անմեղ էր իրեն դեմ լարված դավադրության մեջ։

Վառվառ բավական ժամանակ շարունակեց իր ողբն ու կոծը, իբր թե ինք եղած ըլլար բուն զոհը և ոչ թե հեգ մանկատի աղջիկը․ ի վերջո ջանաց նաև մխիթարել Շուշանիկը, որ լռիկ կհեծկլտար։

Իրիկուն եղած էր ու Միքայել աղան չէր երևնար։

− Աղջիկս, քեզի կառք մը դնեմ ու տուն ղրկեմ մեր սպասուհիին հետ,− աոաջարկեց տանտիրուհին,− խեղճ մայրդ հիմա մտատանջության մեջ կմնա…

Հետո, գրպանեն Ղուկաս էֆենտիի տված հինգ ոսկին հանելով, ավելցուց.

− Ասանկ մեծ դժբախտություն մը իմ տանս մեջ պատահելուն համար չափազանց կցավիմ, բայց վստահ եղիր, թե այդ անօրեն մարդուն ըրածը քովը չպիտի թողում և հախեն պիտի գամ, հիմակուհիմա սա հինգ ոսկին առ, թող քովդ գտնվի…

Եվ դրամը գրեթե բռնի, աղջկան գրպանը դրավ։ Հետո երեսը լվալ տվավ, մազերն ու վրան գլուխը շտկեց և երբ տեսավ, որ հուզումը բավական հանդարտած է, կառք մը բերել տալով՝ պառավ սպասուհիին հետ աղջիկը իր տունը ղրկեց, նախապես պատվիրելով պառավին, որ փողոցին անկյունը կառքը կեցնել տա ու [ 174 ] աղջիկը առանձին տուն ղրկելով ինք առանց տեսնվելու տնեցիներեն, ետ դառնա։

Իր տված հրահանգները կետ առ կետ գործադրվեցան։

Ինը ամիս ետքը Շուշանիկ մանչ մը կծներ։

Իր հղությունն ու տղաբերքը ահռելի հուզումներու մատնած էին, թե խեղճ աղջիկը և թե իր մայրը, որմե մեկ քանի ամիս ամեն բան ծածկած էր, չուզելով հիվանդ վիճակի մեջ զայն նորանոր տագնապներու մատնել։ Սակայն ի վերջո, երբ հղության առաջին նշանները տեսնված էին իր վրա, անկարելի եղած էր գաղտնիքը ծածկել ու լալով ամեն բան պատմած էր մորը։

Ու խեղճ կիները ամիսներով ջանացեր էին իրենց ամոթը ծածկել թաղին մեջ, բայց կամաց-կամաց լուրը տարածված էր ու խեղճերը չէին համարձակեր մեկու մը հետ տեսնվիլ ու քաշված ու լքված կապրեին։ Միքայել աղան կշարունակեր երբեմն այցելել իրենց։ Ինքն ալ Վառվառին պես հաջողած էր ինքզինքը չքմեղացնել, ըսելով, որ բնավ տեղեկություն չուներ ըլլալիքեն։ Տղաբերեքեն ետքը, երբ հետին թշվառության մեջ ինկած էր ընտանիքը, օր մը Շուշանիկի մայրն ստիպեց Միքայել աղան, որպեսզի դիմում ընե Ղուկաս էֆենտիի և նյութական օժանդակություն մը հայցե։

Բայց երբ Միքայել աղա Շուշանիկի զավկին ծնունդը ծանուցանելով, դիմում դրած էր վաճառականին, Ղուկաս էֆենտի սոսկալի բարկության մեջ ինկած, սպառնացեր էր նույնիսկ Աղքատախնամե ստացած նպաստնին կտրել տալ։

Այդ անամոթները ուրեմն կուզեին զինքը շահագործել, զավակ մը մեջտեղ հանել, որպեսզի քիթեն բռնեն ու շարունակ ստակ քաշեն, բայց ինք ատանկ ապուշներեն չէր, ինք ամեն բան կուրանար և աղջիկն ալ ոևէ վկա չուներ եղածին․․․ ինք չէր ուզեր, որ այդ տեսակ աղտոտ հարաբերություններ ունենա, ուստի կարգիլեր Միքայել աղային՝ անոնց խոսքը անգամ մըն ալ իր առջև արտասանելու։

Ու հետո սպառնալիքը կրկնեց.

− Թող գիտցած ըլլան հա, եթե մեյ մըն ալ համարձակին ինե դրամ ուզելու, նպաստնին կտրել կուտամ…

Միքայել աղա ձեռնունայն վերադարձավ պառավներուն քով և հաղորդեց էֆենտիին ըսածները, իր կողմեն ալ ավելցնելով։

− Ինծի մնա նե՝ իրավցնե ալ մեյ մըն ալ իրեն դիմում չեք ըներ, որովհետև շատ գեշ մարդ է, ամեն բան ընելու կարող է․․․ [ 175 ] հարուստ, ազդեցիկ է ու ձեզի կջախջախե, դուք ի՞նչպես կրնաք անոր հետ գլուխ ելլել…

Իմաստուն խոսքեր էին ասոնք, որոնց հարկ էր ականջ դնել, սակայն քիչ ժամանակ ետքը, օր մը, Շուշանիկի մայրը ուզած էր փորձ մը ևս ընել, այս անգամ ուղղակի, և ելած Ղուկաս էֆենտիի գրասենյակը գացած էր։

Վաճառականը նախատալից խոսքերու տարափով մը վռնտած էր զայն և հետո իր սպառնալիքն ալ ի գործ դրած էր, Աղքատախնամեն անոնց տրված նպաստն ալ դադարեցնելով։

Ահա այս անլուր պատմությունն էր, որ Հաճի Թամիկ և Սերգիս գացեր լսեր էին մանրամասնորեն։

ԳԼՈՒԽ ԺԱ

Գինեպանն ու երիտասարդը երկարորեն խորհրդակցություններ կատարեցին, քանի մը անգամ կրկին գացին եկան Շուշանիկի տունը և շաբաթ իրիկուն մըն ալ, երբ ըստ սովորականին, գինետան մեջ ծանոթ հաճախորդներ օղի կխմեին, Հաճի Թումիկ հաղթական՝ ըսավ իր մարդոց.

— Վաղը առտու Երրորդության ժամը գտնվեցեք, աղվոր սեյիր կա, Ղուկաս էֆենտին իր փառքը պիտի առնե։

Այս խոսքերը, գինեպանին հեղինակավոր բերնին մեջ, մեծ նշանակություն մը կառնեին և բոլոր ներկաները զգացին, թե հետևյալ օր իրավցնե կարևոր դեպք մը պիտի պատահեր։

Ոմանք փորձեցին քիչ մը ավելի տեղեկություն առնել, սակայն. Հաճի Թումիկ խորհրդավոր լռություն մը պահեց.

— Վաղը եկեք, որ տեսնեք,— կկրկներ միայն։

Այդ կիրակին ճիշտ այն օրն էր, որ Լևոն և Ռոզիկ պիտի երթային եկեղեցի, ըստ Ղուկաս էֆենտիի խորհրդին, որպեսզի չարախոս ու բամբասող բերաններ միանգամայն ընդմիշտ լռեն։

Առտուն կանուխ Ղուկաս էֆենտի արդեն գացած էր նախագահելու Աղքատախնամին։ Բակին մեջ նշմարած էր Հաճի Թումիկ աղան, որ վեր վար կպտտեր, պատերազմի պատրաստվող զորապետի մը տենդոտ քայլվածքով։

— Բարև, էֆենտի,— ըսած էր գինեպանը, երբ վաճառականը իր քովեն անցած էր Աղքատախնամի գրասենյակը ուղղվելու համար։ [ 176 ] Ղուկաս էֆենտի, ակամա՝ բարևը առած էր։

Հաճի Թումիկի ներկայությունը, եկեղեցիին շրջափակին մեջ, անհաճո տպավորություն մը ըրած էր Աղքատախնամին նախագահին վրա։

− Ի՞նչու եկեր բակին մեջ կպտտեր այդպես,− խորհած էր ինքնիրեն։

Հետո, հիշած էր Սաթենիկի դեմ եղած հանրագրության պարագան, Սերգիսի ըրած դիմումը, իր տված ու չկատարած խոստումը։ Ու ճիշտ այդ միջոցին նշմարեց ահա Սերգիսն ալ, որ հոն բակը կշրջեր, ինչ որ ավելցուց իր տարտամ կասկածները։

Եվ շուտաքայլ մտավ այն դռնեն, որ կառաջնորդեր Աղքատախնամի սենյակը տանող սանդուխը։

Վերը, ովորական ամբոխը եկած բռնված էր, մթնոլորտը անախորժ հոտով մը ապականելով։ Ղուկաս էֆենտի առանց պատասխանելու իրեն ուղղած հոտընկայս բարևներուն, մտավ սենյակեն ներս, ուր արդեն հավաքված էին Աղքատախնամի անդամները։

Իշալլահ այսօր շատ գործ չունինք,− ըսավ իր պաշտոնակիցները բարևելով։

− Սովորական ընթացիկ գործեր, էֆենտի,− պատասխանեց անդամներեն մեկը։

− Ինչ որ է շուտով լմնցնենք, որովհետև այսօր ստիպված եմ կանուխ երթալու… փեսացուս՝ Լևոն էֆ․ Կոկիկյանը եկավ Փարիզեն, ցերեկը մեզի պիտի ճաշե, հիմակ ալ եկեղեցի պիտի գան աղջըկանս հետ…

Եվ այս լուրը հաղորդելով՝ հաղթական ակնարկ մը պտըտցուց ներկաներուն վրա։

− Օ, աչքերնիդ լույս ուրեմն… հարսնիքը մո՞տ է արդյոք։

− Գալ երկուշաբթի կընենք կլմնցնենք կոր… ես թեև կփափաքեի քիչ մը ատեն երկարաձգել, բայց փեսանիս կաճապարե կոր, որովհետև Փարիզի գործերը չեն ներեր իրեն ավելի երկար ատեն հեռու մնալ… երկուշաբթի պսակը պիտի ընենք և նույն իրիկունը շոգեկառքով պիտի մեկնին…

− Օխ, շատ աղեկ, ուրեմն մեղրալուսինը ճամփորդության մեջ պիտի անցնեն։

− Այնպես պիտի ըլլա։

Հետո խնդալով ավելցուց. [ 177 ] Ճանըմ, աս հիմիկվան նշանածները ինչ զարմանալի են, վայրկյան մը իրարմե հեռու չեն կրնար կոր մնալ, մեր ատենը այդպես չէր․․․

Ղուկաս էֆենտի վստահաբար գիտեր, որ հոն եղողները իմացած էին իր մասին տարածված լուրերը և ասոր համար այդ բացատրությունները հարկ դատած էր տալու։

Հարգելու համար իրենց նախագահին կամքը, ժողովականները սկսան ներկայացող նպաստընկալներու գործը շուտ-շուտ կարգադրել և կնճռոտ հարցերը հաջորդ նիստին թողուլ։

Ղուկաս էֆենտի միջոց մը ժամացույցը նայեցավ և դռնապանը կանչելով ըսավ.

− Գնա նայե արարողությունը լմննալու մո՞տ է։

Դռնապանը վերադարձավ հաստատական պատասախան մը բերելով։

− Ուրեմն, էֆենտիներ, ալ վերջացնենք ու վար իջնանք,− ըսավ վաճառականը։

Իր դիտավորությունն էր՝ հոն, եկեղեցիի բակին մեջ բազմության դուրս ելած միջոցին, դիմավորել աղջիկն ու փեսացուն և ասոնց հետ միասին հաղթապանծ դուրս ելլել, ամենուն աչքին առջև։

Ժողովականները ոտքի ելան ու մեկնելու պատրաստվեցան։

Միքայել աղա պահ մը մոտեցավ Ղուկաս էֆենտիին ու ականջն ի վար կամացուկ մը փսփսաց.

− Էֆենտի, սա պառավին նորեն նպաստ մը կապեինք ու այսօր ալ ձեռքը քանի մը ղրուշ տայինք… քիչ մը առաջ դուրս ելա, վարը եկեր կսպասեր կոր։

− Ո՞ր պառավը,− հարցուց վաճառականը։

Իշտե սա Շուշանիկին մայրը…

− Քեզի չըսի՞, որ ատոնց խոսքը մեյ մըն ալ չպիտի ընես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, հոնքերը պռստելով։

Միքայել աղա լռեց։

− Կերթանք կոր, անանկ չէ՞,− գոչեց էֆենտին բարձրաձայն, սենյակեն դուրս ելլելով։

Եվ վեհափառորեն սկսավ վար իջնել սանդուխեն, իր ետևը ձգած մյուս ժողովրդականները։

Բակին մեջ անսովոր բազմություն մը կար։ Հաճի Թումիկի գինետան բոլոր հաճախորդները ամբողջությամբ հոն էին, շրջապատած [ 178 ] իրենց պետը, որ բանկալին մոտերը կեցած էր, իր քով ունենալով Սերգիս Սմբատյանն ու Շուշանիկի մայրը։

Ժողովուրդը արդեն սկսած էր դուրս ելնել եկեղեցիեն։

Հանկարծ ստենտորյան ձայն մը հնչեց բակին մեջ։

− Էֆենտի, ինչո՞ւ սա կնկան ամսականը կտրեցիք…

Հաճի Թումիկն էր, որ Ղուկաս էֆենտիի կուղղեր այս խոսքերը։

Վաճառականը արհամարհական նայվածք մը ուղղեց գինեպանին և ըսավ.

− Ժողովքը լմնցավ, եթե ըսելիք մը ունիս գալ շաբթու հոն ներկայացիր և ըսե։

Եվ ուզեց ճամփան շարունակել, սակայն Հաճի Թումիկ կեցուց զայն։

− Ինծի նայե, էֆենտի,− գոչեց,− մենք անանկ ժողով մողով չենք ճանչնար, սա խեղճ կնկան ամսականը ինչո՞ւ կտրեցիք, անոր պատասխան տվեք։

Մյուս ժողովականներն ուզեցին միջամտել։

Ճանըմ, հոս տեղը չէ, կիրակի օր մը եկեք, բողոք մը ունիք նե՝ կնայինք…

Բայց արդեն ուրիշ կողմերե ալ ձայներ կբարձրանային, նախատական ու սպառնալից։

Նույն միջոցին եկեղեցիին դռան մեջ երևցան Լևոն ու Ռոզիկը, որոնք այդ ամբոխին կնայեին, առանց անցած դարձածը հասկնալու։ Հոն էր նաև տիկին Անթառամ, որ ինչպես գիտեք, եկած էր Տ. Միքիասի հետ խորհրդակցելու և հետևյալ օրվան համար զայն հրավիրելու պանդոկ։

Ղուկաս էֆենտի, շփոթված ու շլմորած, ակնարկը ժուռ ածեց չորս բոլորտիքը, տեսավ իր աղջիկն ու փեսացուն, ինչպես նաև Անթառամ հանըմը, որուն դեմքը կարծես տարօրինակ խնդությամբ մը կճառագայթեր։

Այն ատեն հուզումի ու բարկության կեղծ թափով մը գոչեց․

− Ի՞նչ խայտառակություն է աս, տեֆ ըրեք սա անամոթ մարդիկը, գինո՞վ են ինչ են… ծո՛, Կարապե՛տ, բոլիս մը կանչե՞ս…

− Անամոթ խայտառակը դուն ես,− գոռաց կրկին գինեպանին ձայնը,− եթե մարդոցմե չես ամչնար, աստուծմե ալ չե՞ս վախնար… ի՞նչպես այս խեղճ կնկան տասնըութը տարեկան աղջիկը [ 179 ] ավրեցիր ու հիմակ ալ անոթի կձգես զիրենք, թո՜ւ անամո՛թ, անխի՛ղճ մարդ, քու տեղդ Աղքատախնամին ժողովքը չէ… փռանկան է, փռանկան

Նույն միջոցին, Շուշանիկին մայրն ալ իր կարգին Միքայել աղան մատնանիշ ընելով կգոչեր.

− Իշտե, աղջկան արունը մտնողներեն մեկն ալ աս է, ինք խաբելով աղջիկս առավ տարավ ու աս մարդուն ձեռքը թեսլիմ ըրավ…

Ներկաները ափ ի բերան կդիտեին այս տեսարանը, առանց միջամտելու, այնքան անակնկալ շվարումի մը մատնված էին։

− Խայտառակներ…

− Անբարոյականներ…

− Անամոթներ…

− Դուրս նետեցեք այս սրիկաները…

Կոռնար ամբոխը սպառնալից։

Նույն միջոցին ճիչ մը լսվեցավ։

Տիկին Անթառամն էր, որ ձեռքերը բարձրացուցած կաղաղակեր, խոսքը Լևոնին ուղղելով՝ որ քարացած մնացեր էր Ռոզիկի հետ թև թևի։

− Տեսա՞ր հիմա, խոսքս ելա՞վ, մազ մնաց, որ ասանկ անբարոյական մարդու մը աղջիկը պիտի առնեիր․․․ պատիվնիս փարայի մը պիտի ըլլար։

− Վա՜խ, աղջի՜կս, հեմ պատիվնիս ավրեց, հեմ ալ մեզի անոթի թողուց,− կշարունակեր պոռալ Շուշանիկի մայրը։

− Հապա սուտ տեղը պարկեշտ կնոջ մը անունը ավրել ուզողը և աս ու ան խաբելով հանրագրություն ստորագրել տվողը, Ղուկաս էֆենտի կոչվող աս սրիկան չէ,− միջամտեց նաև Սերգիս իր ձայնը բարձրացնելով։

Շուշանիկի մայրը Միքայել աղայի օձիքին կառչած էր։

− Ի՞նչպես վարդի պես սուրբ աղջիկս ասանկ կրակներու մեջ էրեցիր,− կաղաղակեր։

Մինչ նույն միջոցին շառաչուն ապտակ մը կիջներ մարդուն երեսին։

Միքայել աղա այդ խոսքերուն ու ապտակին ազդեցության տակ, սկսավ թոթովել։ [ 180 ] − Թող տվեք զիս, ես անմեղ եմ… ինծի խաբեց, չըսավ, որ ատանկ գեշ միտք մը ուներ… ես չէի գիտեր։

Այս խոսքերը, որոնք կհաստատեին վաճառականին հանցապարտությունը, ավելի գրգռեցին հոն հավաքվողները։

− Ո՞վ կխաբես կոր, ծո՛, խայտառա՛կ, ո՞վ չգիտեր քու ինչ ըլլալդ…− պոռաց մեկը, որ տեղյակ էր Միքայելի սիրային միջնորդություններուն։

− Խայտառակ մարդ, աստուծմե եղավ, որ այս բաները օրթան ելան տե ամեն մարդ հասկցավ անբարոյական, անպատիվ մարդ ըլլալդ…

Ղուկաս էֆենտի գլուխը վեր վերցուց և տեսավ, թե տիկին Անթառամն էր, որ իրեն մոտեցած, այդ խոսքերը կնետեր երեսին։ Այն ատեն, ծայրահեղ գրգռության մը մեջ, պաղարյունությունը կորսնցնելով, ինքն ալ պոռաց Անթառամի երեսին.

Հելե դուն սուս եղիր, Թոփ Գափուցի Պայրախտար Սուրբիկին աղջիկը չե՞ս մի… որ սիրականեդ ունեցած փիճդ իթրև հարազատ կլլեցնել կուզես… անպատիվ անբարոյականը դուն ես, խալթա՛խ

Անթառամի երակներուն մեջ հանկարծ սկսավ եռալ Պայրախտար Սուրբիկի արյունը, մեկ կողմ նետեց կեղծ համեստությունն ու հանըմությունը և բարկութենե դողահար ձայնով մը պատասխանեց.

− Այդ խալթախին փիճին աղջիկդ տալու համար չէ՞ր քի կտոր-կտոր եղար, ամեն խաղ, ամեն խաբեբայություն ըրիր․․․ հա, հրամմեր ես, Թոփ Գափուցի Պայրախտար Սուրբիկին աղջիկն եմ… ատիկա ասոր չիմացար, ամա թեք աղջիկդ տղուս գլուխը փաթթելու համար, պետք ըլլար նե… ալ պիտի պագնեիր…

Եվ ահա, փոխն ի փոխ, լուտանքներու հեղեղ մը սկսան թափել իրարու գլխին, մինչ բազմությունը, որուն մեջ եկեղեցիեն ելնող ծանոթ ընտանիքներ ալ կային, ապշահար հանդիսատես կըլլար այս խաղքության։

− Ամենուդ ալ աստված պելան տա,− լսվեցավ Հաճի Թումիկի գոռացող ձայնը,− ամեն խաղքություն, ամեն անպատվություն, ամեն գեշություն կընեք, անկե ալ նորեն ինքզինքնիդ պատվավոր ծախել կուզեք, որովհետև փարա ունիք, հա՞… թո՜ւ ձեր երեսին, մենք աղքատ մարդիկ ենք, բայց ատանկ խաղքություններ չունեինք մեջերնիս, մեյ մըն ալ ելեր ազգին մեծերը եղեր եք, աս ու ան [ 181 ] կդատեք, բարոյականի, պատիվի խոսք կընեք․․․ է՛ն առաջ դուք ձեր պատիվը, ձեր բարոյականը շտկեցեք, անկեց վերջը ուրիշները դատելու ելեք․․․

Գինեպանը լռեց, մինչ ներկաները կգոչեին.

− Չենք ուզեր Ղուկաս էֆենտին և Միքայել աղան, ատ աղտոտ մարդիկը այսօրվնե դուրս պիտի նետվին ժամեն, մենք աղջիկ ավրող ու միջնորդություն ընող մարդ չենք կրնար ընդունիլ… դուրս թող ելլան այդ անխիղճ մարդիկը։

Եվ քանի մը բռունցքի հարվածներ իջան Ղուկաս էֆենտիի և Միքայել աղայի գլխուն։ Բայց Թումիկ ալ բավ դատած էր այս դասը, թողուց իր զոհին օձիքը և իր մարդոց դառնալով հրամայեց․

− Ճամփա բացեք, թոդ դուրս կորսվին։

Ամենքը ճամփա բացին և Ղուկաս էֆենտին ու Միքայել աղա, գլխիկոր, ամոթահար ու կապարագույն, ելան գացին ընդհանուր հայհուչներու միջև, մինչ տիկին Անթառամ, մարած վիճակի մեջ Թաղ. Խորհրդարանը փոխադրված էր, ուր իրեն դարմաններ կընեին՝ խելքը գլուխը բերելու համար։

Բազմությունը կամաց-կամաց ցրվեցավ։

Ժամ մը ետքը այս գայթակղական դեպքը լսված էր ամբողջ Բերայի մ՛եջ ու բոլոր տուներն ու սրճարանները անոր վրա կըխոսեին։

Մանավանդ Ղուկաս էֆենտիի ու տիկին Անթառամի ընդհարումն էր, որ կշահագրգռեր ամենքը։ Փոխանակված խոսքերն ու լուտանքները բերնե բերան կկրկնվեին, հաճախ չափազանցվելով։ Երբեք Կելկիթյանենց պատիվը այսպիսի առհելի հարված մը չէր կրած։ Երեսուն տարվան պատիվի, բարոյականի, ընտանիքի ամրակուռ շենքն էր, որ վայրկյանի մը մեջ հիմնահատակ կկործանվեր։

Ղուկաս էֆենտի սոսկալիորեն ընկճված ու սրտաբեկ՝ տուն վերադարձավ։ Վերի սրահին մեջ տիկին Թագուհի կսպասեր։

− Ո՞ւր են Ռոզիկն ու Լևոնը, միասին չէի՞ք,− հարցուց տեսնելով որ էրիկը առանձին էր։

− Դեռ չեկա՞ն,− հարցուց իր կարգին վաճառականը։

− Չէ…

− Ատ գործը կարծեմ չպիտի ըլլա,– ըսավ Ղուկաս էֆենտի։ [ 182 ] − Ո՞ր գործը։

− Ռոզիկի ամուսնությունը Լևոնի հետ։

− Ի՜նչ կըսես, նորեն ի՞նչ կա որ,– գոչեց տիկին Թագուհի դող ելած։

− Քիչ մը առաջ ժամուն բակը ըլլայիր նե՝ եղածը կտեսնայիր։

− Բայց ի՞նչ եղավ, չխոսի՞ս,− պնդեց կինը, ալ ավելի դող ելած։

− Ի՞նչ պիտի ըլլա, ատ Անթառամ ըսված խալթախը աղեկ մը լվացի, բակին օրթա տեղը։

− Մեղա, մեղա,− գոչեց խեղճ տիկին Թագուհին։

Ղուկաս էֆենտի, իր կնոջ ստիպումներուն վրա վերջապես իրողությունը պատմեց, թեև շատ խեղաթյուրումներով։ Նախ բոլորովին լռությամբ անցավ Շուշանիկի գայթակղության վրայեն և միայն իր ու Անթառամի միջև տեղի ունեցած միջադեպի վրա ծանրացավ։ Բնականաբար այնպես ցույց տվավ, թե վերջնական հաղթանակը ինք տարած էր, և թե տիկին Անթառամ՝ խայտառակված մեկներ էր եկեղեցիեն։ Բայց ինչ որ ալ ըլլար, անդարմանելի նախատինքներ փոխանակված էին հրապարակով և ալ այդ խոսքերեն ետքը անկարելի էր Կոկիկյաններու հետը խնամիանալ։ Նույն օրն իսկ պետք էր խոսքկապը ետ ղրկել և ամեն հարաբերություն խզել։ Տիկին Թագուհի, թեև խիստ վշտակրած, բոլորովին համամիտ էր իր ամուսնուն, այդ գայթակղութենեն ետքը ալ խնամություն չէր կըրնար ըլլալ մեջերնին։

Պահ մը լռութենե ետքը՝ տիկին Թագուհի հարցուց։

− Այդ խաղքություններուն ատեն աղջիկս ու Լևոնը ո՞ւր էին, իցիվ թե հոն գտնված չըլլային, խեղճ Ռոզիկս…

− Կարծեմ հոն էին, եկեղեցիին դուռը կեցած էին, աչքիս զարկին, բայց ետքը ալ չտեսա։

Կեսօր եղած էր և տակավին ոչ Ռոզիկ, ոչ ալ Լևոն երևան կելլեին։

− Գուցե տեղ մը նստած են,− խորհեցավ տիկին Թագուհի։

Եվ սակայն վայրկյանները կանցնեին և ոչ ոք երևան կելլար։ Թե Ղուկաս էֆենտի և թե տիկին Թագուհի կսկսեին մտատանջվիլ այդ անբացատրելի բացակայութենեն։

− Արդյոք օթելը մեկը ղրկե՞նք, գուցե հոն գացած են,– ըսավ տիկին Թագուհի։ [ 183 ] Բայց ատիկա անկարելի ենթադրություն մըն էր. եթե Լևոն գացած իսկ ըլլար, Ռոզիկ չպիտի ընկերանար անշուշտ իրեն, բայց և այնպես սպասավորը ղրկեցին, որպեսզի պանդոկի դռնապանեն տեղեկություն մը քաղե։

Քառորդ մը ետքը սպասավորը եկավ և ըսավ, թե տիկին Անթառամեն զատ ոչ ոք գացած էր հոն։

Հիմակ ալ ավելի կրկնապատկվեցավ մտատանջաթյուննին։

Սպասելե հուսահատ՝ արդեն ճաշերնին ըրած էին առանձին՝ տխուր ու մռայլ ճաշ մը, մինչ զվարթ ճաշ մը ըլլալու սահմանված էր։

Ու այսպես, վերի սրահին մեջ, էրիկ կնիկ, անխոս ու մտածկոտ, դեմ դիմաց սպասեցին մինչև իրիկուն և սակայն Ռոզիկ մեջտեղ չելավ։

Պրիսթոլ պանդոկը, տիկին Անթառամ գլուխ գլխի կխորհրդակցեր Տ․ Միքիասի հետ, որ գայթակղման տեսարանին ներկա գտնվելեն ետքը վազած էր տիկին Կոկիկյանի քով, հաղթական և ուրախ դեմքով մը։

− Ալ այս անգամ, կասկած չիկա, նշանը ետ եղավ գնաց և դուն ալ մուրատիդ հասար,− ըսավ Անթառամին։

− Ինծի ալ այնպես կուգա, բարեբախտաբար Լևոնն ալ հոն էր, ամեն բան տեսավ ու լսեց և չեմ կարծեր, որ ասկե ետքը նորեն պնդե աղջիկը առնելու համար։

− Նույնիսկ եթե ինքն ալ ուզե, Ղուկաս էֆենտի չի տա․․․ բայց ո՞ւր է զավակդ, մեջտեղ չի կա։

− Իրավ որ չեմ գիտեր, ցերեկը անոնց տունը պիտի ճաշեր, բայց այս եղածներեն ետքը հոն գացած ըլլալու չէ։

− Հիմա, տիկին Անթառամ, առանց ժամանակ կորսնցնելու տղադ Սմսարյանենց աղջկան կնշանես, շուտով մըն ալ հարսնիքը կընեք, կլմնցնեք և կելլաք տեղերնիդ կերթաք։

− Բայց այս օրվան պատահածեն ետքը կկարծե՞ս որ աղջիկնին տալ ուզեն… ան ինչ չլսված բաներ ըսավ ինծի համար։

Ճանըմ, ատանկ բաներու կարևորություն մի տար, դուն գործը ինծի ձգե. ես ամեն բան կկարգադրեմ… միայն թե իմ աշխատությունս պարապը հանելու չես, ասիկա սովորական խլավուզություն չնմանիր… ինե զատ մեկը չիկա, որ կարենա այս տեսակ միջնորդություն մը հաջողցնել։

− Թող գործը կարգադրվի տե՝ վստահ եղիր, որ քեզ գոհ [ 184 ] կձգենք․․․ ասկե զաա մենակ մենե չպիտի առնիս յա, հարկավ անոնք ալ բան մը պիտի տան։

− Բնականաբար, բայց միշտ մանչուն կողմն է, որ ավելի կուտա, երբ մանավանդ մեծ դրամօժիտով աղջիկ մըն է առածը։

Եվ երկար սակարկութենե մը վերջը, որոշվեցավ, որ Տ. Միքիաս քահանա, եթե գործը կարենար հաջողցնել, հիսուն ոսկի ստանար իբրև միջնորդչեք։

Հաջորդ օրը, երկուշաբթի, հուզումը տիրած էր Ղուկաս էֆենտիի տան մեջ, ուր Ռոզիկ չէր երևցած։ Լևոն նմանապես երևան չէր ելած և տիկին Անթառամ սոսկալի սրտմաշուքի մը մատնված՝ չէր կարող բացատրել իր զավակին այս անակնկալ անհետացումը։

Ղուկաս էֆենտի, առջի իրիկվընե ի վեր ամեն կողմ փնտռտուքի ելած էր, սակայն իր բոլոր խուզարկությունները ապարդյուն մնացեր էին, և խեղճ տիկին Թագուհի անհնարին մտատանջություններու մատնված, կարտասվեր մինչև ետքը, վախնալով, որ հուսահատական արարքի մը դիմած էին երկու նշանածները, տեսնելով, որ իրենց միությունը անկարելի կըլլար։

Այս կրկնակ անհետացումը տակավին ծածուկ կպահեին, հուսալով, որ Ռոզիկ ու Լևոն մեջտեղ կելլեն և նոր գայթակղության առաջքը կառնվի։

Եվ սակայն, երկուշաբթի մինչև երեկո, ոչ ոք մեջտեղ ելավ, միայն ուշ ատեն՝ ծառան՝ պահարանի մեջ՝ տիկին Թագուհիի բերավ հանձնեց սա երկտողը, զոր անծանոթ մը դռնեն ձգած ու գացած էր։

«Սիրելի մայրիկս,

Իմ մասին չըլլա որ մտատանջ ըլլաս, ողջ առողջ և երջանիկ եմ։ Քիչ օրեն երկար տեղեկություններ կուտամ։ Առայժմ այսչափ։ Ես ու Լևոն սիրով կհամբուրենք քեզ։

Աղջիկդ՝ Ռոզիկ»

Այս նամակը անշուշտ քիչ մը սիրտ տվավ խեղճ կնոջ և զինքը ապահովցուց այն չարաշուք ենթադրություններեն, որոնք միտքը պաշարած էին Ռոզիկի անհետացումեն ի վեր։

Ղուկաս էֆենտի, երբ տուն գալով կարդաց նամակը, ուրախության ճիչ մը արձակեց։ [ 185 ] − Ողջ առողջ ու միասին են եղեր, ալ հանդարտե:

− Բայց ո՞ւր են, ինչո՞ւ կծածկվին,− դիտել տվավ տիկին թագուհի,− ինչո՞ւ քիչ մը ավելի տեղեկություն չէ տվեր։

− Ո՞ւր պիտի ըլլան, տղա չեն, որ կորսվին, առանց դրամի ալ չեն, որ անոթի մնան, հավանորեն հեռացած են Պոլսեն, քանի մը օր համբերե ու ամեն բան կիմանանք, հիմա խնդիրը այն է, որ աղջիկնիս ողջ առողջ է եղեր…

Եվ Ղուկաս էֆենտի, ուրախ զվարթ, գրպանեն սիկարեթ մը հանեց և սկսավ ծխել:

− Նորեն չորս ոտքի վրա ինկա,− կմտածեր ինքնիրեն.– հավանորեն տեղ մը պիտի երթան պսակվին ու ամեն բան լմննա… ես ալ դրամօժիտեն ու հարսնիքի ծախքերեն ազատ պիտի մնամ, երեք հազար ոսկին գասայես չպիտի ելլե։ Անթառամին ալ հախեն եկած պիտի ըլլամ… բայց այս ու ան միսերնիս պիտի ուտեն եղեր, քանի մը շաբաթ վրանիս պիտի խոսին եղեր, թող ուզածնուն չափ հաչեն… աչքես քանի մը հարյուր ոսկի հանելուս պես, սանկ հիվանդանոցի, որբանոցի, աղքատախնամի նվեր և այլն. քանի մը ոսկի ալ թերթերուն, նորեն կըլլամ ալ ավելի պատվավոր Ղուկաս էֆենտի մը։

Այս սփոփարար խորհրդածություններեն ետքը, Ղուկաս էֆենտի սեղան նստավ և կուշտ ու կուռ փառավոր ճաշ մը ըրավ։

− Կնիկ,− կկրկներ ատեն-ատեն տիկին Թագուհիի ուղղելով, որ միշտ մտահոգ երևույթ մը ուներ,− նստած տեղերնիս երեք հազար ոսկի շահեցանք, հարսնիքի ծախքերն ալ զատ…

Սակայն դառնանք Ռոզիկի ու Լևոնի քով։

Ինչպես ըսինք, Ս. Երրորդության բակին մեջ տեղի ունեցած գայթակղական տեսարանին ատեն, Լևոն և Ռոզիկ եկեղեցիին դռան առջև կեցած էին։ Հոնկե հանդիսատես եղած էին ամբողջ խաղքությանը, Ղուկաս էֆենտիի և տիկին Անթառամին ընդհարումին, իրարու երես նետած անլուր նախատինքներուն ու պժգալի հայտնություններուն, և երկունքն ալ միևնույն զգայությունը ունեցած էին, այսինքն թե՝ նույն րոպեին իրենց երջանկությունն էր, որ կխորտակվեր, իրենց միությունը՝ որ անկարելի կդառնար…

Ու երիտասարդը հանկարծ գերագույն որոշում մը տված էր։

Բազմության և իրարանցումին մեջ քաշքշելով դուրս հանած էր Ռոզիկը. կառք մը դրած և գոչած էր կառավարին. [ 186 ] − Շուտ Սիրքեճիի կայարանը…

Ռոզիկ դողահար, հուզված, գրեթե ուշակորույս, լուռ ու մունջ ինկած էր կառքին անկյունը, մինչ Լևոն, որ կառքին վարագույրները իջեցուցած էր, անոր ձեռքերը կհամբուրեր և զգլխիչ խոսքեր կփսփսար ականջին։

Խեղճ աղջիկը, կամաց-կամաց ինքզինքին եկած էր, իր սիրահարին համբույրներովն ու անուշ խոսքերովը կազդուրված։ Քիչ առաջվա ահռելի մղձավանջը երազ մը կթվեր իրեն, նշանածը քովն էր, իրենն էր միշտ, և այս ստուգությունը մոռցնել կուտար իրեն ամեն վիշտ։

Սակայն ո՞ւր կերթային այսպես. կառքը Ղալաթիայեն անցած էր ու հիմա կամուրջին վրա կթավալեր։ Ռոզիկ չէր համարձակեր այս մասին հարցում մը ընել Լևոնին և երիտասարդն ալ, իր կողմե բացատրություն տալու հարկ չէր տեսնար։

Վերջապես կանգ առին Սիրքեճիի կայարանին դիմաց։

Լևոն կառքին վարձքը վճարեց ու կառապանը ճամփեց։

Հետո ըսավ Ռոզիկի.

− Երթանք սա դիմացի գարեջրատունը և ճաշենք, որովհետև գրեթե կեսօր է։

− Բայց ճաշը մեր տունը չպիտի ընեի՞նք,– առարկեց աղջիկը։

− Ատիկա հին պատմություն է,− պատասխանեց երիտասարդը խնդալով, և նշանածին թևը մտած, առանց ուրիշ բացատրության, զայն առաջնորդեց դեմի պարտեզը, որուն մեջ կգտնվեր ճաշարանը։

Երբ սեղանի մը առջև տեղավորեցան՝ Լևոն ըսավ նշանածին.

− Ի՞նչ պիտի ընենք այս օրվան գայթակղութենեն ետքը, միթե կկարծե՞ս, որ կարելի պիտի ըլլար այդ անորակալի խաղքությունը մոռնալ…

Աղջիկը չպատասխանեց։

− Ես,− շարունակեց երիտասարդը,− այնպես համոզված եմ, որ այլևս ոևէ մերձեցում կամ հաշտություն չկրնար ըլլար մորս և քու հորդ միջև, հետևաբար մեր ամուսնությունն ալ այնպես, ինչպես կարգադրած էինք, չկրնար տեղի ունենալ, հետևաբար կամ այն է, որ պետք է խզենք մեր նշանը և կամ ուրիշ կերպով մեր գլխին ճարը նայինք։ Այսինքն պետք է, որ մեր երջանկությունը զոհենք [ 187 ] ուրիշներու գործած հանցանքներուն համար և կամ զոհենք հայր ու մայր, միանանք իրարու։

Եվ երիտասարդը պարզեց իր ծրագիրը։

Նույն իրիկունն իսկ պայմանագրական շոգեկառքով պիտի մեկնեին Փարիզ, ուր հասնելուն պես քաղաքային ամուսնություն մը պիտի կնքեին իրենց բնակած թաղի քաղաքատան առջև, և հետո պիտի կատարեին նաև եկեղեցական պսակը, երբոր այդ մասին պետք եղած պաշտոնաթուղթերը ունենային։

− Ահա միակ միջոցը այս անել կացութենեն դուրս ելլելու, առանց մեր երջանկությունը վրա տալու,− եզրակացուց Լևոն։

Եվ իրավամբ երիտասարդին առաջարկած միջոցեն տարբեր բան մը կարելի չէր խորհիլ։ Ռոզիկ, եկեղեցիին մեջ, երբ լսած ու տեսած էր հանկարծակի պայթած ամբողջ խաղքությունը, իրեն այնպես թված էր, թե ալ ամեն բան վերջացած, ջախջախված, անէացած էր իրեն համար և ուրիշ բան չէր մնար ընելիք, այլ հավիտյան ծածկվիլ տեղ մը և ողբալ իր կորսված երջանկությանը վրա, բայց ահա Լևոն փրկության լախտ մի կկարկառեր իրեն, նորեն իրեն կվերընծայեր այն երջանկությունը, որ երազած՝ որով ապրած էր շաբաթներե ի վեր։ Եվ զգաց, թե իրավունք ուներ նշանածը, թե իրենք պարտավոր չէին զոհվիլ մոլորություններու, որ իրենք գործած չէին, թե իրենց մաքուր ու անապական սերը պետք չէր, որ փշրվեր ուրիշներու ապականությանցը իբրև հատուցում, և անվերապահ ու անկեղծ շեշտով մը ըսավ իր նշանածին․

− Ես քուկդ եմ, ըրե ինչպես որ կուզես։

Եվ սակայն հիշեց մայրը, որ անշուշտ, անմեղ տեղը պիտի տառապեր ու պիտի չարչարվեր իր աներևույթ եղած աղջկան համար։

− Գոնե մայրիկիս իմացունենք մեր մեկնումը,− ըսավ Լևոնին,− որովհետև կրնա ըլլալ, որ սրտին ցավեն ու մտատանջութենեն դժբախտություն մը պատահի, և ես այն ատեն չպիտի կրնամ խղճիս ձայնը լռեցնել։

Լևոն խոստացավ ամեն միջոց գործադրել, որպեսզի տիկին Թագուհի երկար ատեն մտատանջության մեջ չմնար, միայն թե իրենց ապահովությանը համար որոշեց, որ մեկնելեն ետքը լուր տային իրենց մասին։

Ճաշը ավարտելեն ետքը երկու սիրահարները, կասկածելով, որ զիրենք կհետապնդեն, հանցավորներու պես գացին պահվտիլ [ 188 ] Սիրքեճիի կողմը, աղտոտ սրճարանի մը անկյունը։ Հոն Ռոզիկ գրեց այն երկտողը, զոր հետևյալ օրը տիկին Թագուհի պիտի ընդուներ և զոր Լևոն հանձն առավ մեկու մը ձեռքով ղրկել Ղուկաս էֆենտիի տունը, իրենց ճամփա ելլելեն ետքը։

Իրիկվան դեմ վերադարձավ կայարան և որպեսզի իրենց հետքը կորսցնել տան, նախ Սաքրիգյուղի համար մեյ մեկ տոմսակ առին, ուր կհանդիպեր պայմանագրական շոգեկառքը, որպեսզի անկե շարունակեն իրենց ճամփորդությունը։

Բոլոր այս նախազգուշությունները ավելորդ էին, քանզի, ինչպես գիտենք, իրենց ետևեն հետապնդող չի կար, սակայն խեղճ սիրահարները այնքան վախ ունեին իրենց երջանկության սպառնացող վտանգներուն դեմ, որ ամենափոքր զգուշություններն անգամ անտես չէին առներ։

Վերջապես, երբ մութը կոխած էր, պայմանագրական կառախումբը եկավ կեցավ Մաքրիգյուղի կայարանը և մեր երկու փախստականները նետվեցան առաջին կարգի վակոն մը, որուն տոմսակը Սիրքեճիեն գնած էր Լևոն։

Ու երբ վայրաշարժը սուլեց, կառքերը սկսան թավալիլ, այն ատեն Ռոզիկ ու Լևոն, օրվան ահռելի հուզմունքներեն ետքը, առաջին անգամ ըլլալով իրարու գիրկընդխառնվեցան, անակնկալ աղետի մը մեջեն իրենց երջանկությունը փրկած ըլլալու գերագույն երանությամբ։

Եվ ամբողջ ճամփորդությունը մինչև Փարիզ, հիանալի մեղրալուսին մը եղավ։ Երրորդություն եկեղիցիին ահռելի մղձավանջը այլևս գոյություն չուներ իրենց համար, միայն իրենց փոխադարձ սերը կար, որ կսավառներ իրենց գլխուն վրա և կմաքրագործեր ամեն բան, բոլոր այն աղտոտությունները, զորս իրենց ծնողքները գործած էին և որոնց մազ մնացեր էր, որ զոհվեր իրենց երջանկությունը։

Միջոց մը Ռոզիկ խղճահարություն ունեցավ, հիշեց թե հայրը դրամօժիտ մը պիտի տար իր փեսին և ուզեց այս մասին խոսք մէ բանալ Լևոնին, բայց առաջին բառեն իսկ երիտասարդը լռեցուց զինքը։. Եվ այս անշահախնդրությունը ալ ավելի ամրապնդեց իրենց խանդավառ գուրգուրանքը իրարու վրա, այն աստիճան, որ երիտասարդը ատեն-ատեն կկրկներ.

− Շաա աղեկ եղավ այս ամենքը, բոլոր այդ գայթակղությունը, մեր փախուստը, մեր գլուխ գլխի ամուսնությունը, ասով [ 189 ] բոլորովին մաքրագործվեցավ մեր սերը, այնպես որ ալ ոչինչ կրնա աղարտել ու ապականել զայն։

Փարիզ հասնելուն հետևյալ օրն իսկ քաղաքական ամուսնությունը կատարեցին և նույն իրիկունը Ռոզիկ այս նամակը ուղղեց իր մոր․

«Սիրելի մայրիկ.

«Այս ցերեկ Տրուդ փողոցի քաղաքատան մեջ Լևոնը և ես մեր քաղաքական ամուսնությունը կատարեցինք, երկու վկաներու ներկայությամբ։ Կհուսամ, որ այս լուրը ուրախությամբ պիտի ընդունիս։ Պոլսեն մեկնած օրերնիս երկտող մը գրած էի, որպեսզի սիրտդ հանգիստ ըլլա իմ մասիս, անշուշտ ժամանակին ստացար։

«Մեր հանկարծական փախուստը գուցե տարօրինակ երևցավ ձեզի և զիս մեղադրեցիք այդպիսի վարմունք մը ունենալուս համար. սակայն կարելի չէր ուրիշ կերպ ընել։ Եկեղեցիին մեջ տեղի ունեցած դեպքը, զոր հարկավ իմացար, այնքան տակնուվրա ըրավ մեզ, որ հազիվ կրցանք կառք մը նետվիլ և փախչիլ։ Ու երբ քիչ մը հանդարտեցանք, ես ու Լևոն լրջորեն խորհրդակցեցինք և տեսանք, որ մեր երջանկությունը ապահովելու համար Պոլսեն հեռանալե ուրիշ միջոց չի կար։

«Մեր փախուստը բնականաբար նորանոր բամբասանքներու տեղի տվավ և օրերով ամբողջ Բերայի ընտանիքները մեզմով զբաղվեցան, սակայն կհուսամ, որ ամեն բան շուտով կմոռցվի երբոր մեր ամուսնության լուրը իմացվի։ Քանի մը օրեն տպված քարթով մը մեր միությունը պիտի ծանուցանենք ազգականներուն և բարեկամներուն. գալով եկեղեցական պսակին՝ այն ալ մոտ օրեն կկատարենք, երբ որ այս տեղի քահանան պետք եղած պաշտոնաթուղթերը ստանա, այդ մասին բոլորովին վստահ եղիր։

«Հաճոյալի ու հանգիստ ճամփորդությունե մը ետքը հասանք Փարիզ ու գացինք տեղավորվեցանք մեր բնակարանը, որ գեղեցիկ աբարթըման մըն է, խիստ լավ կերպով կահավորված։

«Չես կրնալ երևակայել թե որքան երջանիկ եմ. Լևոն հիանալի ամուսին մըն է, և բոլոր հոգիովը կսիրե զիս։ Վերջին դեպքին առթիվ իր ցույց տված ընթացքը արդեն ապացույց մըն է իմ վրա ունեցած անսահման սիրույն։

«Այսպես ուրեմն, բոլորովին անհոգ եղիր իմ մասին։ Քիչ օրեն [ 190 ] դարձյալ կգրեմ, հիմա ստիպված եմ նամակս վերջացնելու, որովհետև Լևոնը կսպասե քովս, որպեսզի երթանք ճաշելու, անկե ալ թատրոն երթալու համար։

Սիրով կհամբուրենք ամենքդ ալ։

Ռոզիկ»

Երբ տիկին Թագուհի այս նամակը ստացավ, անհուն խնդություն մը զգաց, մանավանդ աղջկանը ամուսնության լուրը առնելով։ Ինչպես Ռոզիկ իր նամակին մեջ կգուշակեր, երկու նշանածներուն անհետացումը մեծ գայթակղություն հառաջ բերած էր Բերայի մեջ և գրեթե մոռցվեր էր եկեղեցիին խաղքությունը։ Ամեն մարդ մեյ մեկ մեկնություն կուտար, դատապարտելով թե՛ աղջիկը և թե՛ երիտասարդը, ինչպես նաև ծնողքները։

Իրիկունը, երբ Ղուկաս էֆենտի տուն եկավ ու նամակը կարդաց, ինքն ալ մեծ շունչ մը առավ.

− Օ՜խ, քանի որ ալ ամուսնացեր են, ալ խոսք խորաթան մեջտեղեն կվերնա… ես վաղը թերթերուն մեջ այդ ամուսնությունը փառավոր կերպով ծանուցանել կուտամ, թող ամեն մարդ իմանա և լեզուն քաշե։

Վաճառականը քանի օրե ի վեր երկյուղ մը ուներ, զոր կնոջը չէր հայտներ։ Կվախնար որ Լևոն աղջիկը ձեռքին մեջ զենք մը ընելով՝ իրմե մեծկակ դրամօժիտ մը պահանջեր, հետը ամուսնանալու համար։ Ինք անշուշտ տրամադիր էր խոստացված գումարը՝ երեք հազար ոսկի, թեև ակամա՝ վճարելու, սակայն եթե ավելի պահանջեր, ի՞նչ պիտի ըներ, գայթակղության առաջքը առնելու համար պիտի ստիպվեր վճարելու։

Բայց հիմա ահա բոլորովին հակառակը տեղի կունենար։ Ամուսնությունը եղած կատարված էր և նամակին մեջ բնավ դրամօժիտի խոսք չի կար։ Ասկե ետքը, նույնիսկ երիտասարդը դրամ պահանջեր, բացարձակապես կրնար մերժել։

− Քաղաքական ամուսնություն հե՞,− կըսեր ուրախությամբ իր կնոջ,− եկեղեցական պսակեն ավելի ամուր է և ավելի օրինական…

− Միայն թե ես կուզեի, որ եկեղեցական պսակն ալ ըլլար։

− Հոգ մի ըներ, ան ալ կըլլա, խնդիրը այն է, որ այսօր, օրենքին առջև ամուսնացած կհամարվին։ [ 191 ] Ու Ղուկաս էֆենտի կվերադառնար կրկին իր սիրելի գաղափարին։

− Երեք հազար ոսկին գրպանս մնաց, աղջիկն ալ կարգեցինք…

− Գոնե պատրաստած հագուստներն ու ճերմակեղենները ղրկեինք,− դիտել տվավ տիկին Թագուհի։

− Ուզեն նե՝ կղրկես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− իսկ եթե ձայն չհանեն՝ կպահենք մեր մյուս աղջիկնուս համար… հեհեզը հիմակվընե պատրաստ կրլլա։

Մյուս օրը վաճառականը լուր ղրկեց, կանչել տվավ օրաթերթի մը խմբագիրը և տասը ոսկիի փոխարեն հետևյալ տողերը հրատարակել տվավ։

«Մեծ ուրախությամբ կլսենք թե անցյալ շաբթու Փարիզի մեջ կատարված է Կ. Պոլսո հրապարակին ծանոթ վաճառականներեն ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյանի դստեր, օր. Ռոզիկի ամուսնությունը՝ Փարիզ հաստատյալ մեծահարուստ գոհարավաճառ ազնվաշուք Լևոն էֆենտի Կոկիկյանի հետ։

«Համեստափայլ տիկին Ռոզիկ, Հոմ Սքուլի փայլուն շրջանավարտներեն մին է և իր ստացած բարձր կրթությամբը, զեղեցկությամբը և շնորհալի ձիրքերովը պատիվ կբերե հայ իգական սեռին, որուն մեկ փայլուն ներկայացուցիչը պիտի ըլլա ֆրանսական ոստանին մեջ, բարձրացնելով մեր ազգային արժանիքը օտարներու քով։

«Իսկ ազնվաշուք Լևոն էֆենտի Կոկիկյան մեծ զարգացումի տեր, գործունյա, ձեռներեց երիտասարդ մըն է, որ հաջողած է կարճ ժամանակի մը մեջ ամենափայլուն դիրք մը ստեղծել իրեն համար, Փարիզի մեջ, ուր այսօր առաջնակարգ դիրք մը գրաված է։

«Այս բարեպատեհ ամուսնության առթիվ հարսին հայրը, ազնվաշուք Ղուկաս էֆենտի Կելկիթյան, որուն բարեսրտությունը ծանոթ է, երկու հարյուր ոսկի նվիրած է Ազգ. Հիվանդանոցին և հիսուն ոսկի ալ Գալֆայան որբանոցին»

«Խմբագրությունս իր ջերմ շնորհակալությունները կներկայացնե Կելկիթյան և Կոկիկյան գերդաստաններուն և երջանկություն կմաղթե նորապսակ ամոլին»։

Այս լուրը անակնկալ մը եղավ ամենուն համար։ Շատերը եկան շնորհավորելու Ղուկաս էֆենտին, որ ուրախ զվարթ ընդունեց [ 192 ] հյուրերը և նույնիսկ այնպես մը ցույց տվավ, որ իր գիտակցությամբը եղած էր ամեն բան։

− Էֆենտիմ,− կբացատրեր,− կիրակի օր մը, հարսնիքեն շաբաթ մը աոաջ, հեռագիր մը եկավ փեսիս, որով իրեն անմիջապես Փարիզ էրթալը անհրաժեշտ կդառնար, ամենակարևոր գործի մը համար։ Մտածեցինք որ, եթե նորեն մեկներ ու հարսնիքը հետաձգվեր, կարգ մը անհիմն տարաձայնություններու տեղի պիտի տրվեր, ուստի ըսինք, որ թող հարսնիքը Փարիզ կատարվի լմննա երթա, և երկուքը մեկեն կիրակի օր ճամփա դրինք… հիմա ասդին խոսք են հաներ, թե իբր թե մենե զաղտուկ փախեր են, մենք լուր չունինք եղեր, սանկ է եղեր, նանկ է եղեր, սխալ, էֆենտիմ, ամեն բան մեր կամքով, մեր որոշումով եղավ… արդեն փախչելու ի՞նչ կար, քանի որ շաբաթե մը պիտի ամուսնանային, միայն թե անակնկալ հեռագրին վրա պարտավորվեցանք այդպես ընել․․․ ես մտածեցի, որ աղջկանս հարսանիքին ծախսելիք դրամս ազգին որբերուն ու աղքատներուն կուտամ, թող անոնք ալ քիչ մը խնդան։

− Շատ աղեկ մտածեր եք, Ղուկաս էֆենտի,− կպատասխաներ բարեկամներեն մեկը,− երբ որ թերթին մեջ կարդացի ըրած նվիրատվությունդ «կեցցե Ղուկաս էֆենտի», ըսի մտքես… ամեն կարդացողներն ալ ինծի պես ծափ զարկին։

− Պարտականութ յուննիս է էֆենտիմ, ունեցողը չունեցողին տալու է, ավետարանը այնպես կպատվիրե… պատիվը, բտրոյականը, ճանաչող մարդը պետք չէ որ այս տեսակ բաներու մեջ պարտազանց գտնվի։

Եվ այսպես, Ղուկաս էֆենտի նորեն կհաղթանակեր ու կվերահաստատվեր իր «պատվավորության» մեջ։

Իրավ, կային մեկ քանիներ, որոնք եկեղեցիին բակը տեղի ունեցած գայթակղությունը իբրև անջնջելի անպատվություն մը կհամարեին վաճառականին համար, մանավանդ Շուշանիկի բռնաբարման անհերքելի իրողությունը, սակայն մեծամասնությունը ներողամիտ էր։

Ճանըմ, իրար անցնելիք բան չկա,− կըսեին,− եղածը ինչ է, կար կարող աղջիկ մը ավրեր է, ի՜նչ կըլլա եղեր, ճանչցված մեկու մը, ազնվականի աղջիկ չէ յա… ան չավրեր նե՝ ուրիշը պիտի ավրեր… ասկե զատ նայինք իրա՞վ է, կարելի է զրպարտություն կընեն կոր։ [ 193 ] − Ըստ իս, Ղուկաս էֆենտին դատապարտելի է, աղջիկը երեսի վրա ձգելուն համար, ըսենք որ խենթություն մը ըրեր, գլխե հաներ է, գոնե թող նյութապես օգներ, որ գործը ծածուկ մնար և ոչ թե անոթի ձգեր։

− Ես չեմ կարծեր, որ Ղուկաս էֆենտին այդպես երեսի վրա ձգած է աղջիկը, չկարդացի՞ք, մարդը հարյուր հիսուն ոսկին մեկեն նվիրեր է հիվանդանոցին, ատանկ առատաձեռն մարդը միթե այդ աղջիկը անոթի կձգե՞…

Ու այսպես, պակաս չէին փաստաբաններ, որոնք կճգնեին արդարացնել վաճառականը և անոր վարկը կրկին բարձրացներ։

Եթե կար մեկը, որ իրեն կատաղի հակառակորդը մնացած էր, այն ալ Տ. Միքիաս քահանան էր։ Երբ թերթին մեջ կարդացեր էր Ռոզիկի և Լևոնի ամուսնության լուրը, սարսափելի բարկության մը մեջ ինկած էր։

− Վայ, շունշանորդի,− գոչեր էր ինքն իրեն,− նորեն հաջողցուց…

Ու իրեն անհավատալի կթվեր ասիկա։ Ալ ինք կատարելապես վստահ էր թե ոևէ միություն անկարելի էր երկու երիտասարդներու միջև և նույնիսկ Սմսարյանենց հետ սկսած էր բանակցել, տիկին Անթառամի հետ ծրագրած խորհուրդը հաջողցնելու համար, որմե նյութական մեծ շահ մը ալ կակնկալեր։ Եվ իրողությունը այն էր, որ Սմսարյանենք տրամադիր երևցած էին իրենց աղջիկը տալու Լևոնին, որուն հարստությանն ու փայլուն դիրքին մասին իրենք ալ հատկապես տեղեկություններ ստացած էին։ Միայն թե՝ երիտասարդը մեջտեղ չի կար և այս բանը մտատանջության կմատներ քահանան։ Գիտեր, որ տիկին Անթառամ իր զավակեն երկտող մը առած էր, որով ողջ և առողջ ըլլալը և անակնկալ կերպով Պոլսեն մեկնելը կծանուցաներ, սակայն այդ տեղեկությունը շատ անբավական էր։

Ու կսպասեր ավելի լրացուցիչ լուսաբանության մը։ Մինչ Ռոզիկ իր մոր ուղղած երկտողին մեջ Լևոնին հետ ըլլալը գրած էր, երիտասարդը իր մորը գրած նամակին մեջ ոևէ ակնարկություն մը չէր ըրած նշանածին մասին, հետևաբար չէին գիտեր թե Ռոզիկ կընկերանա՞ր Լևոնին։

Ու Տ. Միքիաս և տիկին Անթառամ իրենք իրենց՝ լավատես ենթադրության մը հանգած էին։

Կերևա որ, խորհած էին, Լևոն կիրակի օրվան տեղի ունեցած [ 194 ] խաղքութենեն խորապես հուզված՝ ամոթահար և սրտաբեկ՝ ձգած հեռացած էր Պոլսեն, ուզելով այս կերպով վերջ մը դնել իր ամուսնության խորհուրդին և անշուշտ մեկ քանի օրեն գրավոր կերպով իր որոշումը պիտի հայտներ աղջկան ծնողքին։

− Խեղճ զավակս,− կըսեր Անթառամ,− սիրտը տված էր այդ անշնորհք աղջկան և կերևա որ չուզեց հոս մնալով նշանտուքը ետ ընել ու առավ քալեց, վախնալով․ որ եթե հոս մնա, խզելու քաջությունը չպիտի ունենա։

Նույն ենթադրությունը կըներ նաև Տ. Միքիաս քահանան։ Եվ երկուքն ալ անհամբեր կսպասեին բացատրական նամակի մը, լրջորեն վերսկսելու համար իրենց բանակցաթյունները Սմսարյանենց հետ։

Եվ ահա հանկարծ՝ քահանան՝ առտու մը ամուսնության լուրը կարդաց թերթին մեջ։

Ասիկա շանթի հարված մը եղավ իրեն համար։

− Վայ շունշանորդի,− կկրկներ,− նորեն հաջողեցավ։

Բայց մտածում մը ունեցավ.

− Գուցե,− ըսավ,− սուտ է այդ լուրը, Ղուկաս էֆենտիի կողմեն հնարված ոևէ թաքուն նպատակով մը։

Եվ որոշեց երթալ անմիջապես տիկին Անթառամը տեսնել, իմանալու համար թե տեղեկություն մը ունե՞ր լրագրին հաղորդած լուրեն։

− Լրագիրը կարդացի՞ր,– հարցուց, հազիվ թե սենյակեն ներս մտած էր ու զայն ողջունած։

− Ի՞նչ լրագիր, ես լրագիր չեմ կարդար,− պատասխանեց Անթառամ։

− Ուրեմն ես կարդամ և դուն մտիկ ըրե։

Եվ Տ. Միքիաս կարդաց Լևոնի ու Ռոզիկի ամուսնությունը ծանուցնող տողերը։

Երբ ընթերցումը լմնցուց․

− Ի՞նչ կըսես ասոր,– գոչեց,– ինծի այնպես կուգա, որ ծայրե ծայր սուտ է ու նորեն Ղուկաս էֆենտիի մեկ խաղն է։

− Սուտ չէ, ծայրե ի ծայր շիտակ է,− պատասխանեց Անթառամ ընկճված կերպարանքով մը։

− Ինչպե՞ս, դուն ալ մասնավոր լուր ունի՞ս,– գոչեց Տ. Միքիաս։ [ 195 ] − Այո՛, երեկ իրիկուն նամակ առի զավակես, առ կարդա և գլխուս եկած փորձանքը իմացիր։

Ու Անթառամ թաշկինակը հանելով աչքերը սրբեց։ Քահանան առավ նամակը և բարձրաձայն կարդալ սկսավ․

«Սիրելի մայր,

Այս նամակս գուցե շատ ցավ պիտի պատճառե քեզի, բայց պետք է գիտնաս, որ եթե դեպքերը այս ընթացքը առին՝ մեծագույն պատասխանատուն դուն ես այս մասին։ Եթե քիչ մը լրջորեն մտածես, պիտի համոզվիս, որ ըսածս բացարձակ ճշմարտություն մըն է։ Եթե այն անհարկի ու անիմաստ հակառակությունը չունենայիր նշանածիս հետ, եթե էնթրիկան քահանայի մը միանալով, մեքենայություններ լարելու ետևե չըլլայիր, և եթե անօգուտ տեղը հակառակություններ չստեղծեիր Ղուկաս էֆենտիի հետ, այսօր մեր ամուսնությունը ամենայն կանոնավորությամբ և վայելչությամբ կատարված կըլլար։

«Սակայն դժբախտաբար այդպես չեղավ և ահա վրա հասավ Բերայի եկեղեցիին անորակելի խաղքությունը, որուն մեջ երկու ընտանիքներուն խայտառակության բաժինը հավասար էր իրարու, այնպես որ ոչ ես կրնայի Ռոզիկը դատապարտելի համարել, ոչ Ռոզիկը՝ զիս։

«Միայն թե հարկ էր այդ անել կացութենեն դուրս ելլել և ասոր համար երկու միջոց կար։ Մին՝ խզել մեր կապերը, մեր սերն ու երջանկությունը զոհել ուրիշներուն գործած հանցանքներուն, և կամ միասին հեռանալ մեր փոխադարձ սիրո վրա հիմնելով նոր կյանք մը, ջանալով մոռնալ ինչ որ դիպվածով լսած ու տեսած էինք։

«Եվ մենք այս վերջին միջոցը ընտրեցինք, որովհետև զիրար անկեղծորեն կսիրեինք և չէինք կրնար մեր սիրտերը փշրել ուրիշներու գործած մոլություններուն համար, որքան որ այդ ուրիշները մեր ծնողքները ըլլային։

«Ուստի ես և Ռոզիկ խույս տվինք Պոլսեն, ուր մեր միությունը անկարելի էր առանց նորանոր գայթակղւլթյուններու, եկանք Փարիզ և երեկ իսկ մեր քաղաքային ամուսնությունը կնքեցինք օրինավորապես։ Այնպես որ Ռոզիկ այսօր իմ հարազատ կինս է և ոչ ոք կրնա մեզ բաժնել, և արդեն մոռցած ենք բոլոր այն տխուր բաները, որոնք մեզ հարկադրեցին այս վճռական միջոցին դիմելու։ [ 196 ] «Հիմա կմնա վերջնական կարգադրություն մը ընել քու մասիդ, և այս կետն է, որ զիս նեղ դրության մը մեջ կդնե ու մտատանջության կմատնե։ Երկար մտածումներն ետքը աս եզրակացության կհանգիմ, որ, թե քու և թե մեր երջանկությանը համար պետք է իրարմե հեռու ապրինք այլևս, ինչպես կուզեմ որ կինս ալ այլևս հեռու մնա իր հորմեն։

«Այս որոշումը տալով միտքս քեզի երեսի վրա թողուլ չէ բնավ, փառք աստուծո, նյութական հոգսեր չունինք մեր բարոյական տանջանքներուն հետ։ Ուստի ինչ որ քու ապրուստիդ համար պետք կտեսնես, պատրաստ եմ լի ու լի վճարելու, բացի ասկե, նամակիս հետ 2 հազար ֆրանքի չեք մըն ալ կղրկեմ, որովհետև որոշապես չեմ գիտեր, թե քովդ դրամ մնացա՞ծ է թե ոչ։

«Ըստ իս, կարծեմ լավ կընես, որ տակավին ժամանակ մը մնաս Պոլիս, իսկ եթե չես ուզեր հոդ մնալ, կրնաս ոևէ տեղ մը ընտրել հաստատվելու համար, նույնիսկ Փարիզ, եթե այդպես կփափաքիս, միայն թե պայմանով, որ զատ ապրինք, գոնե ժամանակ մը։

«Հուսալով, որ այս գրածներս լուրջ նկատողության կառնես և անոր համեմատ կպատասխանես, նամակս կվերջացնեմ։ Սիրալիր համբույներով»։

Տ. Միքիաս քահանա երբ նամակին ընթերցումը ավարտեց, երկար փառավոր մորուքը շոյեց անգամ մը. հետո տիկին Անթառամի դառնալով հարցուց.

− Էյ, հիմա ի՞նչ պիտի ընես…

− Իրավ որ ես ալ չեմ գիտեր ընելիքս,− պատասխանեց Լևոնի մայրը,− ես ինչ կմտածեի և ինչ եղավ, ես տանս շենցնելա խորհուրդ ունեի, հիմա տունս քանդվեցավ, և ես ալ ասանկ պատին երեսին մնացի…

− Ուրեմն այսպես, Ղուկաս էֆենտի դրամօժիտ տալեն ալ ազատվեցավ− դիտել տվավ քահանան, առանց նկատողաթյան առնելու Անթառամի տրտունջները.− վա՛յ անօրեն մարդ, վա՜յ, բախտը այդ տեսակ մարդերու կօգնե միշտ, մինչդեռ մեզի պես պարկեշտ մարդիկը միշտ ձախորդությանց կմատնվին։

Եվ սակայն Տ. Միքիաս քահանա շուտով պարտություն խոստովանող մարդ չէր և հակառակ իրեն դեմ ցցված անհաջողություններուն՝ չէր ուզեր հուսահատիլ։ [ 197 ] − Այդ քաղաքական ամուսնություն ըսածը,− շարունակեց,- Հաջս Հայաստանյաց Եկեղեցվո, բնավ կարևորություն չունի, և այս Ղուկաս էֆենտիի աղջիկը պարզապես Լևոն էֆենտիի հարճը կնկատվի։

− Եղածը եղած է, ատոնք ալ ասկե ետքը պարապ խոսքեր են,− պատասխանեց տիկին Անթառամ։

− Ինչ ըսել է պարապ խոսք,− պնդեց Տ․ Միքիաս քահանան, որ իր մասնավոր նկատումները ուներ և կուզեր վերջին զենք մը րնել այդ քաղաքական ամուսնությունը։

− Ես այն գիտեմ, որ զավակս ձեոքես գնաց։

Հետո, հիշեց Լևոնին գրած նամակը, որուն մեջ ակնարկություններ կային Տ. Միքիասի մասին։

− Տեր հայր,− ըսավ դառնացած շեշտով մը,− այս եղածներուն մեջ դուն ալ բաժին ունիս… եթե ինծի այնչափ չգրգռեիր, գործը այստեղվանքը չպիտի հասներ։

− Վայ, հիմա ես եղա հանցավորը․․․– գոչեց քահանան,– բայց, տիկին Անթառամ, դեռ իրար դատապարտելու ժամանակը չէ, ամեն բան եղած լմնցած չէ… տակավին մեջտեղ ամուսնություն չի կա։

Ճանըմ, դուն ալ, ասկե ետքը եթե ուզեն եկեղեցական պսակն ալ կրնան կատարել, Փարիզի մեջ մատուռ չի կա՞, քահանա չի կա՞…

− Ահա ճիշտ հոդ է խնդիրը,− գոչեց Տ. Միքիաս հաղթական կերպարանքով,− Փարիզի մեջ մատուռ ալ կա, քահանա ալ կա, սակայն ատոնք բավական չեն պսակը կատարելու համար…

− Իրավ որ, տեր հայր, միտքդ չեմ հասկնար կոր։

− Հիմա պիտի բացատրեմ, որպեսզի Փարիզի քահանան կարենա պսակը կատարել, պետք է, որ Պատրիարքարանեն արտոնվի, այսինքն հսսկե պաշտոնապես հաղորդե թե, աղջիկն ու մանչը ամուրի են և որովհետև ես ալ Կրոնական Ժողովի անդամ եմ ու Պատրիարքարանի մեջ բավական ազդեցություն ունիմ, արտոնության դեմ կրնամ շատ դժվարություններ հարուցանել և գործը ձգձգել…

− Ատոր արդյունքը ի՞նչ կըլլա։

− Ատոր օգուտը այն կըլլա, որ ժամանակ կշահինք․․․ խնդիրը այդ ժամանակ օգտակարապես գործածվելուն վրա է։ Տես, տիկին Անթառամ, ես ինչ կխորհիմ. դուն հիմա զավկիդ նամակ մը [ 198 ] կգրես, կըսես, որ իր ըրածներուն կհամակերպիս, բայց իրմե հեռու չես կրնար ապրիլ, թե իր մեկնումեն ի վեր հիվանդ ես, թե ապահովաբար եթե այսպես բաժնված մնաս, քիչ ատենեն գերեզման պիտի իջնես։ Ուստի, կըսես, որ միտքդ դրած ես Փարիզ երթալ ու հաստատվիլ, քանի որ այդ մասին ինքն ալ չհակառակիր և իրմե կխնդրես, որ գոնե շաբաթը քանի մը անգամ գա քեզի տեսնելու… վերջապես հուզիչ նամակ մը կգրես, այնպես որ ինքն ալ կարդացած ատեն սիրտը տակնուվրա ըլլա։

− Արդեն ես ալ միտք չունիմ հոս մնալու, որովհետև անկարելի պիտի ըլլա այստեղ ապրիլս, բայց նորեն չեմ կրնար կոր ըմբռնել, որ իմ հոն երթալով ի՞նչպես պիտի կրնամ պսակը արգիլել։

− Խնդիրը ժամանակ շահելուն վրա է, տիկին Անթառամ, դուն մեյ մը հոն գնա, զավկիդ հետ մեղմորեն հարաբերություն հաստատե, հետը անուշ վարվե, վերջապես նորեն սիրտը շահե։ Այդ միջոցին, ես, ինչպես ըսի, ամեն բան կընեմ, որպեսզի եկեղեցական ամուսնությունը հապաղի, այդ մասին կրնաս վստահ ըլլալ։

− Բայց քանի որ Ռոզիկի հետ միասին կապրին, լավագույն չէ՞ որ օրինավորապես պսակվին քահանային ձեռքով։

− Չէ, տիկին, այնչափ ատեն, որ անպսակ մնան, ինչպես ըսի, ըստ Հայաստանյաց Եկեղեցվո, Ռոզիկ անոր հարճը կսեպվի, ուստի ուզած ատենը կրնա ձգել, մանավանդ որ քաղաքական ամուսնությունը կարելի է դյուրավ խզել, քանի որ Ֆրանսայի մեջ ամուսնալուծությունը ընդունված է․․․

− Բայց ի՞նչպես կուզես, որ ձգե, քանի որ այնքան կսիրե կոր և այս եղած խաղքություններեն ետքը, կրկին չկրցավ անկե բաժնվիլ ու ամեն բան անոր համար զոհեց։

− Սերը մշտապես բան մը չէ, ի՜նչ իրար պաշտող սիրահարներ քիչ ատենեն իրար ձգած են, միթե օրինակներ չի կա՞ն… մանավանդ, ընդհանրապես ասանկ սիրահարներ են, որ շուտով իրարմե կպաղին…

Ու Տ. Միքիաս քահանան ամբողջ ժամ մը խոսեցավ, դեպքեր և իրողություններ հիշեց, ըսավ թե ինչպես այնինչ երիտասարդը, որ սաստիկ սիրահարված էր այսինչ աղջկան հետ, իր ամուսնութենեն քանի մը ամիս ետքը, կինը երեսի վրա թողած ու փախած էր, ուրիշի մը հետ ամուսնանալու համար։ Թե ինչպես այնինչ [ 199 ] ընտանիքին աղջիկը, որ նույնպես հակառակ իր ծնողքին կամքին երիտասարդի մը սիրահարած ու հետը փախած էր, ամիս մը ետքը իր էրիկը լքելով՝ վերադարձած էր ծնողքին գիրկը և որ այժմ ամուսնալուծում մը կպահանջեր Պատրիարքարանի միջոցով։

Վերջապես հիշեց Կրոնական Ժողովի ու Դատաստանական Խորհուրդի առջև տեսնված դատեր, որոնց ամենքն ալ իր ըսածները կապացուցանեին։

Տիկին Անթառամ, կամաց-կամաց, տեղի տվավ։ Ընդունեց, որ կարելի էր Տ. Միքիասի ենթադրությունները, նույնիսկ կերպով մը մխիթարվեցավ, մտածելով որ գուցե պիտի կրնար նորեն տիրանալ իր զավկին և զայն գուցե կրկին ամուսնացնել իր բաղձանքին համեմատ։

Տեր Միքիաս քահանա տեսնելով որ Անթառամ կսկսեր համոզվիլ իր խոսքերուն, ալ ավելի ուժով սկսավ փաստաբանել, նորեն դիմեց շատ մը օրինակներու, կարգ մը ընտանեկան գաղտնիքներ պարզեց, անուններ ու թվականներ հիշեց, և վերջապես եզրակացուց՝ ըսելով․

− Ես հարյուրին հարյուր վստահ եմ, որ այս գործը պիտի կրնանք հաջողցնել ու կրկին մեր նպատակին հասնիլ, միայն թե ատոր գլխավոր պայմանը քու և զավկիդ մեջ սերտ հարաբերություն հաստատելն է։ Ես վաղը առտու կրկին կուգամ և միասին պետք եղած նամակը կգրենք ու կղրկենք, անկե ետքը սպասենք ու նպաստավոր պատասխան մը առնելուդ պես՝ շոգեկառք կնստիս ու Փարիզ կերթաս, ալ անկե ետքը մեր գործերու հատակագիծը կպատրաստենք։ Ես ան Ղուկաս էֆենտիին խաղ մը խաղամ, որ ինքն ալ մատ խածնե ու տեսնե թե՝ ինչ մարդ է Տ․ Միքիաս քահանան։

Եվ այս սպառնալիքը ընելե ետքը, տեր հայրը մնաս բարով ըսավ ու մեկնեցավ հետևյալ առտու գալու խոստումով։

ԳԼՈՒԽ ԺԲ

Տ. Միքիասի և տիկին Անթառամի տեսակցութենեն ետքը երկու ամիս անցած էր։ Լևոնի մայրը արդեն իսկ վերադարձած էր Փարիզ և հաստատված աոանձին տան մը մեջ, ուր երբեմն կընդուներ իր զավկին այցելությունը։ Բերայի մեջ այլևս չէր խոսվեր Ս․ Երրորդության եկեղեցիի [ 200 ] բակին մեջ տեղի ունեցած գայթակղության, և Ռոզիկի ու Լևոնի փախուստին և ամուսնության մասին։ Նոր դեպքեր ու գայթակղություններ մոռցնել տվեր էին ամենքը և գրեթե ոչ ոք կզբաղեր Կելկիթյանենց հետ։

Եվ ասիկա շատ գոհ կթողուր Ղուկաս էֆենտին, որ ինքնիրեն կմտածեր. «վերջապես բամբասանքե ազատվեցանք ու ալ ասոր անոր բերնին ծամոց չենք ըլլար»։

Այժմ միակ հոգ մը ուներ, այն է Ռոզիկի և Լևոնի մասին Փարիզեն ուզված պաշտոնաթղթերը առնել և ղրկել իր փեսին, որպեսզի կարելի ըլլար կատարել նաև եկեղեցական պսակը։ Այդ գործին համար Ղուկաս էֆենտի իր գրագիրներեն մեկը սահմանած էր, որ շաբաթը քանի մը անգամ Պատրիարքարան կերթար, կուգար, առանց պետք եղած թուղթերը ձեռք ձգելու։

Ամեն անգամ մեյ մեկ նոր դժվարություն, նոր ձևակերպումներ երևան կելլեին, որ գործը կհապաղեցներ։ Աոաջին մեկ քանի շաբաթները Ղուկաս էֆենտի համբերեց, հետո սկսավ բարկանալ և իր գրագրին ծանր հանդիմանություններ ուղղեց, զայն իբրև ծույլ, անկարող ամբաստանելով։

Խեղճ գրագիրը չէր գիտեր ինչպես ելլեր գործին միջեն։ Ինքն ալ իր կարգին բարկացավ, սկսավ խստորեն խոսիլ Պատրիարքարանի պաշտոնյաներուն հետ, որոնք հապաղման պատասխանատվությունը իրարու վրա կբեռնեին։

− Էֆենտիմ, արձանագրությանց դիվանը պետք է, որ նախ թուղթը վավերացնե

− Արձանագրությանց դիվանը մինչև որ ծննդյան վկայագիրը ձեռք չունենա, բան մը չկրնար ընել։

− Բայց վկայագիրը բերինք։

− Այո, սակայն մխթարը չէր կնքած։

− Թաղական Խորհուրդը վավերացուց։

− Այդ բավական չէ։

− Աղջկան ամուսնացած չըլլալուն վկայագիրը ո՞ւր է։

− Այդ վկայագիրը հղված է ուր որ անկ է։

− Ո՞ւր…

− Այդ մեր գիտնալիք բանը չէ, Փոխանորդության դիմեցեք։

− Եղբայր, քառասուն անգամ, գացի եկա, որոջ պատասխան մը չտվավ։

− Ի՞նչ կընեն կոր։ [ 201 ] − Պարտ ու պատշաճը տնօրիներ են եղեր։

− Ալ ի՞նչ կուզես։

Ու այսպես գրագիրը կերթար կուգար, առանց գործն ավարտելու։

Օր մը սակայն տիկին Թագուհի ստիպողական նամակ մը ստացավ Ռոզիկեն, որով կրկին ու կրկին կխնդրեր պաշտոնաթուղթերը անմիջապես իրենց ղրկել, որովհետև Լևոն և ինք ամիսի մը չափ զբոսական ուղևորություն մը պիտի ընեին և Փարիզեն բացակա պիտի մնային և Լևոն կուզեր, որ մեկնելե առաջ պսակը կատարվեր լմննար։

«Մինչև շաբաթ մը անպատճառ թուղթերը ղրկեցեք», կավելցներ Ռոզիկ իր նամակին մեջ։

Տիկին Թագուհի Ղուկաս էֆենտիի ցույց տվավ աղջկանը նամակը, որ վճռաբար ըսավ.

− Վաղը անպատճառ ես երթամ, որ այս գործը լմննա, մեր գրագիր օլաճախ ավանակը չպիտի կրնա ընել…

Եվ իրավ ալ հաջորդ օրը անձամբ գնաց Պատրիարքարան և ուզեց Փոխանորդ հայրը տեսնել։

Ղուկաս էֆենտիին այս անակնկալ այցելությունը իրարանցում մը առաջ բերավ բարապաններուն մեջ, որոնք փութացին զինք առաջնորդել Փոխանորդարան։

Փոխանորդ հայրն ալ զարմացած շփոթված ոտքի ելավ, երբոր տեսավ հարուստ վաճառականին իր սենյակը մտնելը։

− Հրամմեցեք, Ղուկաս էֆենտի, այս ի՜նչ պատիվ է, որ մեզի կընեք։

Հետո դռնապանին դառնալով.

− Սուրճ բերեք,– հրամայեց։

− Էֆենտիմ, գործ մը ունինք տե, անոր համար եկա,− բացատրեց Ղուկաս էֆենտի

− Հրաման ըրեք, կատարենք անմիջապես,− ըսավ փոխանորդը։

Ճանըմ, երկու ամիս է աղջկանս ու Լևոն Կոկիկյանի մասին վկայագիր պիտի տրվի, որ նախապես ամուսնացած չեն ե ասոր համար գրագիրս քառասուն անգամ եկավ գնաց, տակավին չտվիք, սա ի՞նչ խաղքություն է…

− Կներեք, էֆենտիս, կհիշեմ, որ այդպիսի գործողություն մը [ 202 ] կատարեցինք և կզարմանամ, որ տակավին թուղթը ձեզի չէ հասած, կեցեք, հիմա կհասկնաք:

Եվ զանգակը հնչեցուց:

Բարապան մը երևեցավ:

− Պարոն Տիրանը հոս կանչե,− ըսավ փոխանորդը։

Քիչ մը ետքը երիտասարդ գրագիր մը երևցավ.

− Ի՞նչ եղավ օրիորդ Ռոզիկ Կելկիթյանի վկայագիրը,- հարցուց փոխանորդը։

− Արձանագրվեցավ, և հետո պարոն Միհրանին հանձնեցի… չեմ գիտեր թե ինչ ըրավ։

− Լավ, պարոն Միհրանին ըսե, որ հոս գա։

Քիչ հետո եկավ Միհրանը, որ հայտնեց թե թուղթը ընդօրինակվելե ետքը, տրված էր պարոն Սիմոնին։ Հարկ եղավ պարոն Սիմոնը կանչել, որ պատասխանեց, թե վկայագիրը կնքվելե ետքը, մատուցված էր բարապան Սեպուհ աղային, և այսպես քննությունը առաջ տանելով, վերջապես ստուգվեցավ, որ պաշտոնաթուղթերը Կրոնական ժողովի քարտուղարին քովն են։

− Հոս կանչեցեք սա Ատոմ վարդապետը,− հրամայեց կրկին փոխանորդ հայրը։

Կրոնական Ժողովի քարտուղար Ատոմ Վարդապետը ներկայացավ փոխանորդին։

− Վարդապե՜տ,− գոչեց փոխանորդը,– ինչո՞ւ համար Ղուկաս էֆ. Կելկիթյանի վերաբերյալ վավերաթուղթերը շաբաթներն ի վեր քովդ կպահես ու տեղը չես հանձներ, շուտով գնա առ բեր:

Կրոնական Ժողովի քարտուղարը ամենայն պաղարյունով պատասխանեց.

− Անկարելի է, հայր սուրբ:

− Ինչպե՞ս անկարելի է։

− Որովհետև Տ. Միքիաս քահանան բոլոր թուղթերը առավ քովես, ըսելով, որ կատարված գործողություններուն մեջ կարգ մը թերություններ կան, որոնք հարկ է ուղղել:

− Տ. Միքիաս քահանա՞ն,− գոչեց Ղակաս էֆենտի, նստած տեղեն վեր ցատկելով։

− Այո, բուն իսկ տաներեցը,− պատասխանեց քարտուղարը։

− Ո՞րչափ ժամանակ է, որ թուղթերը առած է… [ 203 ] Քարտուղար վարդապետը պահ մը մտածեց և հետո ըսավ.

− Երեք շաբաթ մը կա, գուցե ամիս մը։

− Վա՜յ սոսկալի արարած, դեռ իր մեքենայություններեն վազ չէ անցեր,− մռմռաց Ղուկաս էֆենտի, բարկութենեն դողահար շրթունքներով։

Փոխանորդ հայրը ինքն ալ գայթակղած երևույթ մը առավ։

− Զարմանալի բան․ Կրոնական ժողովի անդամ մը ի՞նչ պետք ունի այդ տեսակ պաշտոնաթուղթերու խառնվելու, նույնիսկ ի՞նչպես կըլլա, որ այդ թուղթերը քու ձեռքդ կգտնվին։

− Տեր Միքիաս ըսավ, որ այդ պաշտոնաթուղթերը փնտռեմ, գտնեմ և իրեն հանձնեմ… եթե ուրիշ մը ըլլար ուզողը, կարելի է դիմադրեի, բայց ի՜նչպես կրնայի Տ. Միքիաս հոր ըսածը չկատարել։

− Էյ հիմա ի՞նչ պիտի ընենք,− հարցուց Ղուկաս էֆենտի, հետզհետե ավելի բորբոքած:

− Վաղը Կրոնական Ժողովը նիստ պիտի գումարե, հետևաբար Տ. Միքիաս ալ հոն կըլլա և իրմե բացատրություն մը կուզենք։

Ճանըմ, բացատրություն չէ իմ ուզածս, ես թուղթերը կուզեմ ուրիշ խոսք չեմ հասկնաք, վաղը պետք է, որ թուղթերը ինձի հանձնվին, եթե ոչ տակնուվրա կընեմ ամեն բան, գիտցած ըլլաք…

- Մի բարկանաք, Ղուկաս էֆենտի, վաղը ամեն բան կկարգադրենք ապահով եղեք…

− Ես վաղը կրկին գրագիրս պիտի ղրկեմ և եթե առանց պաշտոնաթուղթերը բերելու վերադառնա, ալ դուք գիտեք…

Եվ այս անորոշ սպառնալիքին տակ թողլով փոխանորդն ու Կրոնական ժողովի քարտուղարը, վաճառականը ոտքի ելավ և բարկաճայթ գնացքով մը առավ քալեց:

Հետևյալ օրը, երբ Տ. Միքիաս քահանան Պատրիարքարան եկավ, փոխանորդը զայն իր քով հրավիրեց և պատմեց Ղուկաս էֆենտիի այցելությունը և անոր բուռն պահանջը՝ թուղթերը նույն օրն իսկ ստանալու մասին։

− Դեռ վեց ամիս ալ կրնա երթալ գալ,− պատասխանեց Տ. Միքիաս հանդարտությամբ,− և ասոր համար բարկանալու տեղի չկա։ Այդ տեսակ գործերը բարկությամբ չեն ըլլար, այլ օրինավորությամբ։

− Բայց կարծեմ այդ գործը ձեզի չի վերաբերիր։ [ 204 ] − Քանի որ ապօրինություն կա, իմ պարտքս է զայն մատնանիշ ընել, ուր որ անկ է։

− Սակայն ես խոստացա անպատճառ այսօր հանձնել թուղթերը։

− Սխալ եք ըրեր, հայր սուրբ, նախ որ թուղթերը քովս չեն, ասկե զատ, նույնիսկ եթե քովս ըլլային՝ ձեզի չէի կրնար հանձնել։ Այդ մասին արդեն հատկապես պիտի խոսիմ Սրբազան Պատրիարք Հոր հետ։

− Բայց ես ի՞նչ պատասխան տամ հիմա, երբոր Ղուկաս էֆենտիի գրագիրը գա…

− Կըսեք, որ տակավին պետք է սպասեն, որովհետև կարգ մը անհրաժեշտ գործողություններ կան կատարվելիք։

Եվ Տ. Միքիաս քահանան իր փառավոր մորուքը հաղթականորեն շոյելով, ու ոտքի ելավ ու մեկնեցավ։

Ինչպես առաջուց կարգադրված էր, իր ու Անթառամի միջև հաղորդակցությունները կանոնավորապես կշարունակվեին։ Գրեթե ամեն շաբաթ Տ. Միքիաս նամակ կստանար Լևոնի մորմեն և ինքն ալ կանոնավորապես կպատասխաներ։

Տիկին Անթառամի նամակները թեև շատ հուսատու չէին, այսուհանդերձ քահանան չէր հուսահատված տակավին և միշտ անակնկալ պատահարի մը կսպասեր, որպեսզի հաղթանակը տանի։

− Խնդիրը ժամանակ շահելուն վրա է,− կհեղհեղեր ինքնիրեն։

Բայց Փարիզեն ընդունած վերջին նամակը քիչ մը ավելի խոստմնալից էր։

Տիկին Անթառամ կգրեր, թե զավակը ավելի մտերմություն ցույց կուտար։ Թե պսակի մասին ոևէ ակնարկություն չէր ըրած իրեն և այդ մասին անտարբեր կթվեր։

Բոլոր ասոնք, որքան ալ անորոշ ըլլային, մեծ կարևորություն կառնեին Տ. Միքիասի աչքին, որ մեկ բառե մը ամբողջ հոգեբանություն մը գուշակելու չափ խորամտություն ուներ։

Եվ տիկին Անթառամի այդ անորոշապես հուսատու նամակեն քաջալերված՝ Տ. Միքիաս միտքը դրած էր, ամեն գնով, պաշտոնաթղթերը պահել իր քովը։

Երբ Ղուկաս էֆենտիի գրագիրը իրիկվան դեմ ներկայացավ Փոխանորդին, այս վերջինը հուսահատ շարժումով մը ըսավ. [ 205 ] − Տղաս, այդ թուղթերը տակավին չպիտի կրնանք տալ, եթե կուզես մեյ մը Տ. Միքիասին գնա, անկե ուզե, անոր քովն են, ես ուզեցի, թեև, բայց չկրցա առնել։

− Սակայն խոստացեր եք այսօր անպատճառ հանձնելու․․․

− Խոստացա, այո, բայց, խոստումս չեմ կրնար գորձադրել, ահա ճշմարտությունը․ ինչ որ կուզես ան ըրե։

− Բայց Փոխանորդ հայր․․․

− Գնա՛, Տ․ Միքիասը տես։

Գրագիրը հուսահատ դուրս ելավ և գնաց Տ. Միքիասի քով, որ տակավին Պատրիարքարան կգտնվեր։

− Տեր հայր,− ըսավ,− սա թուղթերը շնորհ ընեիք։

− Ո՞ր թուղթերը,− հարցուց քահանան խստորեն։

− Սա օրիորդ Կելկիթյանի և Լևոն էֆենտի Կոկիկյանի ամուսնացած չըլլալուն վերաբերյալ պաշտոնաթուղթերը։

− Անոնք դեռ պիտի քննվին։

− Ե՞րբ կլմննա այդ քննությունը։

− Ո՞վ գիտե, ամիսե մը, գուցե վեց ամիսեն։

− Բայց Ղուկաս էֆենտի այսօր անպատճառ կպահանջե կոր այդ թուղթերը, ես հիմա ի՞նչ ըսեմ իրեն։

− Ղուկաս էֆենտիի պահանջումովը գործը չի լմննար, ամեն բան օրենքով ու կանոնով կըլլա… Ղուկաս էֆենտի կրնա պահանջել և մենք ալ կրնանք չի տալ, մինչև որ ամեն ինչ օրինավորության սահմանին մեջ կատարվի․ ահա տղաս, ասանկ կըսես։

Խեղճ գրագիրը ճարահատ վերադարձավ գրասենյակ և իր էֆենտիին հադորդեց Տ. Միքիասի խոսքերը։

Վաճառականը աննկարագրելի բարկութան մը մեջ ինկավ, հայհոյեց իր գրագիրին երեսն ի վեր ա զայն դուրս վռնտեց սենյակեն։ Հետո, սկսավ գրասենյակին մեջ վեր վար շրջիլ, գերագրգռված վիճակի մեջ։

− Վայ շունշանորդի,− կըսեր կատաղիորեն, ակռաները կրճտելով,− վայ շունշանորդի մարդ, ինքն է բոլոր այս հապաղաումին պատճառը, ինքն է, որ երկու ամիսե ի վեր այսպես մեզ կխաղցնե կոր… բայց ինչո՞ւ համար, ի՞նչ է իր նպատակը, պարզապես գեշաթյո՞ւն ընելու, վրե՞ժ լուծելու համար։ Չէ՛, Տ. Միքիասը որքան ալ ոխակալ ու քինախնդիր, միմիայն չարության համար սանկ բան չըներ։ Գործին մեջ անպատճառ հաշիվ մը, մութ մեքենայություն մը կա… [ 206 ] Եվ որովհետև, ինչպես գիտենք Ղուկաս էֆենտի նեղ պարագաներու մեջ չէր վարաներ վճռական որոշում մը տալու, ինքնիրեն ըսավ.

− Այս իրիկուն կելլամ իր տունը կերթամ և երես երեսի կտեսնվիմ, նայիմ ի՛նչ է սըվոր միտքը։

Այս որոշումով հանդարտած, վաճառականը սկսավ գործերով զբաղիլ։

Իրիկունը ուշ ատեն թյունելեն կառք մը նստավ և ուղղակի Ս․ Երրորդություն եկեղեցին երթալով՝ բարապանը առավ հոնկե, որպեսզի զինքը քահանային տունը առաջնորդե, քանզի աոաջին անգամ էր, որ իր տաներեցին կայցելեր ու չէր գիտեր տանին ուր գտնվիլը։

Տ. Միքիաս արդեն վերադարձած, հագված ու երկար մուշտակ մը հագած, գրասեղանին առջև կաշխատեր, երբոր երեցկինը եկավ և իմաց տվավ, որ Ղուկաս էֆենտին եկած էր ու զինքը տեսնել կուզեր։

− Հոս հրամեցեք,− ըսավ Տ. Միքիաս առանց տեղեն շարժելու, հետո գլուխը ծռեց թերթի մը վրա և սկսավ կարդալ, խիստ զբաղյալ երևույթ մը առնելով։

Ղուկաս էֆենտին ներս մտավ սենյակեն, մինչ քահանան, առանց գլուխը վեր առնելու, կշարունակեր գրել կեղծել։

− Բարև տեր հայր,− ըսավ վաճառականը։

Տ․ Միքիաս գուխը վեր առավ, ոտքի ելավ և պատասխանեց։

− Բարի եկաք, Ղուկաս էֆենտի, այս ի՜նչ անակնկալ պատիվ է, որ կնեք մեզի, հրամմեցեք և թիկնաթոռին մեջ նստեցեք։

Եվ ցույց տվավ գրասեղանին քով դրված թիկնաթոռ մը, հետո երեցկինին դառնալով, որ դռան մեջ կեցած էր, ըսավ.

− Մեզի երկու հատ աղվոր սուրճ եփել տուր և ղրկե։

Երբ առանձին մնացին՝ Ղուկաս էֆենտի սիկարեթի տուփը հանեց, հատ մը քահանային տվավ, հատ մըն ալ ինքը վառեց և ըսավ․

− Տեր հայր, ժամանակե մը ի վեր աս քու բռնած ընթացքեդ բան մը չեմ հասկնար կոր․․․

− Ո՞ր ժամանակեն ի վեր,− հարցուց Տեր Միքիաս միամիտ դեմքով մը։ [ 207 ] Ճանըմ, աս մեր Ռոզիկին նշանվելու, կարգվելու խնդիրներեն ի վեր։

− Ի՞նչ տարօրինակ բան տեսաք իմ ընթացքիս մեջ, Ղուկաս էֆենտի։

− Ես կսպասեի, որ իբրև մեր տաներեցը, դուն ալ քու կողմեդ ձեոքեդ եկածը պիտի ընեիր գործը դյուրացնելու համար, մինչդեռ աոաջին օրեն սկսար մեքենայություններ ընել և նույնիսկ այդ նշանտուքեն ի վեր այցելություններդ ալ դադրեցուցիր, անշուշտ մեզի գալու երես չունենալուդ համար։

− Այդ ի՞նչ խոսք է, Ղուկաս էֆենտի, դուք էիք, որ աոաջին օրեն ուզեցիք զիս հեռու պահել Ռոզիկի ու Լևոն էֆենտիի ամուսնության գործեն, ես ալ տեսնելով, որ դուք հեռու կփախչիք, պետք համարեցի չմոտենալ, որովհետև ես մյուս քահանաներու պես չեմ, արմանապատվություն ունիմ, և երբ կտեսնեմ, որ զիս չեն ուզեր, ինքզինքս բռնի ընդունիլ չեմ աշխատիր։ Այս բնությունս ճանչցած ըլլալու էիք, քանի որ այնքան տարիներն ի վեր ձեր տաներեցն եմ։

− Ինչ որ է, ենթադրենք որ մենք ալ պակասություններ ունեցանք, բայց դուն իբրև եկեղեցվո պաշտոնյա, իբրև քահանա, պետք էր որ ներողամիտ ըլլայիր և ոչ թե վրեժ լուծելու ետևե իյնայիր։

− Քավ լիցի,− գոչեց Միքիաս,− ես երբեք վրեժ լուծելու ետևե չեմ եղած և արդեն վրեժ լուծելիք ալ բան չի կա, ընդհակառակը ներողամիտ գտնված եմ և եղածներն ալ արդեն մոռցած եմ։

− Ուրեմն ինչո՞ւ այս վերջին դժվարությունները կհարուցանես․․․

− Ի՞նչ դժվարություն…

Ճանըմ, աս պաշտոնական թուղթերը ինչո՞ւ ամիս մըն է քովդ պահեր, չես ի տար որ տեղը ղրկենք։

− Ես այդ մասին դժվարություն հարուցանե՞մ. բնա՛վ երբեք, սրբազան պատրիարքն է, որ հարկ տեսած է նոր քննություն մը կատարել տալ մյուսյա Լևոն Կոկիկյանի մասին, և ասիկա ձեր օգտին համար։

− Ի՞նչ քննություն, ի՞նչ օգուտ,– հարցուց Ղուկաս էֆենտի, զարմացած։

− Կեցեք որ բացատրեմ,− շարունակեց Տ. Միքիաս քահանան։– [ 208 ] Նախ պետք տեսնվեցավ գրել Գաղդիո կառավարության, որպեսզի մեզ իմացնե թե հիշյալ Լևոն Կոկիկյանը Փարիզի կամ Ֆրանսայի որևէ մեկ քաղաքին մեջ նախապես ուրիշի մը հետ քաղաքական օրենքով ամուսնացա՞ծ է թե ոչ։ Երկրորդ, ուրիշ ծանրակշիռ խնդիր մը կա։ Կհիշե՞ք որ Ս. Երրորդության եկեղեցիի բակին մեջ տիկին Անթառամի հետ ունեցած բանավեճին միջոցին, բարկության վայրկյանի մը մեջ շատ ծանր հայտնություն մը ըրիք…

− Ի՞նչ հայտնության…

− Ըսիք թե մյուսյու Լևոնը Անթառամի ամուսնուն հարազատ զավակը չէր, այլ ապօրինի հարաբերության մը ծնունդը․․․

Ճանըմ, բարկության մեջ պոշ խոսք մըն էր բերնես փախավ… Անթառամը ինծի նախատեց նե՝ ես ալ անոր անվայել խոսքեր ըսի…

− Ճի՛շտ ես ալ նույն օրը այդպես խորհեցա ու բնավ կարևորություն չտվի փոխանակված խոսքերուն, միայն թե դժբախտաբար, ձեր ըսածները ճիշտ են եղեր…

− Ճշմարի՞տ են եղեր,− գոչեց Ղուկաս էֆենտի, գույնը թեթևապես նետած,− ատ ո՞վ կրսե կոր։

− Դիպվածով իմացանք, հանգուցյալ ոսկերիչ Նիկողոս աղայի մտերիմներեն, մասնավորապես Հակոբ աղա կըսեն՝ ծերուկ մը կա, անիկա մանրամասն պատմեց։

Վաճառականը հետզհետե շփոթած՝ Տ. Միքիասի երեսը նայեցավ։ Քահանան չէր ստեր, միայն թե դիպվածով չէր իմացած, այլ անձամբ մանրակրկիտ քննություն մը բացած էր, խիստ գաղտնապահորեն, և կրցած էր մեկ քանի ծեր ոսկերիչներ ու մանավանդ Հակոբ աղան խոսեցնելով տեղեկություններ քաղել։

− Ես այն օրը կարծեցի թե,− շարունակեց Տ. Միքիաս,− դուք պարզապես կզրպարտեիք տիկին Անթառամը և շիտակը շատ ցավ զգացի ձեր ըրածին և անվայել գտա այնպիսի արարք մը ձեզ նման անձնավորության մը կողմե, բայց, հետո, ափսոս, տեսա, որ իրավունք ունիք եղեր և ձեր ըրածը ոչ թե զրպարտություն, այլ բացարձակ ճշմարտություն է։

− Հայց ատոնք կարևորություն չունին, անցած գացած բաներ են, տե՛ր հայր․ նույնիսկ եթե ճշմարիտ ալ ըլլա, ի՞նչ կարևորություն ունի, քանի որ այսօր Լևոն Կոկիկյանը իբրև Նիկողոս [ 209 ] աղայի հարազատ զավակը ճանչված է ու անշուշտ այդպես ալ արձանագրված է։

− Ճիշտ նույնը դիտել տվի ես ալ, սակայն այդ կետին մեջ կսխալիք։ Կերևա, որ հանգուցյալ Նիկողոս աղան այնքան վստահ է եղեր այդ զավակը իրմե չըլլալուն և իր պատվույն ալ այնքան նախանձախնդիր, որ երբեք չէ ուզած իբրև իր զավակը ճանչնալ, և տղան ծնելեն ետքը բաժնված է կնոջմեն և քիչ հետո սրտին ցավեն մեռած, իսկ կինը՝ Անթաոամ՝ զավակը առած ու Փարիզ, իր սիրականին, այսինքն տղուն բուն հորը քով գացած հաստատված է։ Այնպես որ Լևոն Կոկիկյանի ծննդյան և մկրտության արձանագիրը անկարելի եղավ գտնել։ Եվ այժմ պատրիարքարանը չկրնար ապօրինի կերպով վկայել Լևոնի համար թե՝ Նիկողոս Կոկիկյանի որդին է, քանի որ այդ մասին ոևէ պաշտոնական արձանագրություն չի կա, կտեսնե՞ք, թե ի՞նչ պելալը գործ մըն է այս… Ես մինչև հիմա ձեր արժանապատվության համար խնդիրը ծածկեցի, բայց եթե անպատճառ թուղթերը պահանջելու ելլեք, հավանորեն ամեն բան մեջտեղ պիտի ելլա։

Քահանան կստեր, երբ կհաստատեր թե Լևոնի ծննդյան և մկրտության արձանագրությունը չէր գտնված և թե Նիկողոս աղա զայն չէր ուզած իբրև իր հարազատ զավակը ճանչնալ։

Սակայն Ղուկաս էֆենտի հավատաց իր տաներեցին խոսքերուն, այնքան բնականորեն պատմած էր եղելությունները, և իրապես խռովեցավ։

Մինչև հիմա պատահած գայթակղություններուն վրա այս նոր գայթակղությունը վճռական հարված մը պիտի տար իր համբավին, իր ընտանեկան բարոյական շպարին։ Հետո, զգաց, թե այդ ամենուն մեջ Տ. Միքիասի մատը կար, ան խառնած խառնշտկած էր գործը, ան հետամուտ եղած էր այդ անցյալը պրպտելու և վերջապես երևան հանել իրողություններ, որոնք կրնային ծածուկ մնալ։

Հիմա ինք իր տաներեցին ճանկին մեջն էր. եթե ընդվզեր, եթե ուզեր ճակատ առ ճակատ կռվիլ անոր դեմ, ապահովաբար Տ․ Միքիաս մեջտեղ պիտի հաներ ամեն բան և իր անունը անգամ մըն ալ պիտի խայտառակվեր։

Եվ անմիջապես իր բռնելիք ընթացքը որոշեց։ Հարկ էր տեղի տալ։

− Այս իրողությունները ամենքն ալ իմացա՞ն Պատրիարքարանին մեջ,– հարցուց։ [ 210 ] − Ընդհակառակը, ոչ ոք գիտե,− պատասխանեց քահանան,– Պատրիարքարանի մեջ, ի բաց առյալ ես ու ինծի հետ ուրիշ քահանա մը, որ այս գործերուն հետամուտ եղավ։

− Ուրեմն կարելի չէ՞ խնդիրը մարել և որևէ կերպով պաշտոնաթուղթերը ձեռք բերել, առանց հին բաները մեջտեղ հանելու։

− Բայց ինչպե՞ս, Ղուկաս էֆենտի։

− Դրամով, տեր հայր, դրամով,− ըսավ վաճառականը բացե ի բաց։

Տ. Միքիաս անմիջապես չպատասխանեց, իր փառավոր մորուքը շոյեց պահ մը, և հետո ըսավ.

− Ղուկաս էֆենտի. կտեսնամ որ անել կացության մը մատնված եք, և որչափ ալ մեջերնիս խնդիրներ անցած ըլլան, չեմ ուզեր ձեզ այդ նեղ դրության մեջ թողուլ և ձեռքես եկածը կընեմ, թե իբրև բարեկամ և թե իբր տաներեց․․․

− Շնորհակալ եմ,− փութաց պատասխանել վաճառականը։

− Բայց համբերություն պետք է, այդ տեսակ գործերը մեկ օրեն մյուսը կարելի չէ գլուխ հանել, բավական սսլասեցիք, քիչ մըն ալ սպասելու եք, մանավանդ շատ աղմուկ հանելու չեք, Պատրիարքարան, Փոխանորդարան իրար անցնելու չեք․․․ միայն թե կարծեմ, նույնիսկ դրամ տալով մեկ քանի մարդոց դյուրավ չպիտի կրնաք հաջողիլ․․․ տարբեր բան, եթե կարենանք զիրենք լի ու լի գոհացնել։

Ղուկաս էֆենտի կռահեց Տ. Միքիասի միտքը և պատասխանեց.

− Տեր հայր, կարճ խոսք մը ըսե՞մ, քեզի տասնհինգ օր ժամանակ և երկու հարյուր ոսկի, ատ թուղթերը քու ձեռքովդ պատրաստել տուր և ինծի բեր. հարյուր ոսկին, վաղը գրասենյակ հանդիպե, տամ, մնացած հարյուր ոսկին ալ թուղթերը բերած օրդ կառնես, եղա՞վ, համաձայնեցա՞նք։

Հաղթական նշույլ մը շողաց քահանային աչքերուն մեջ։ Փառավոր մորուքը կրկին շոյեց պահ մը և ըսավ․

− Լավ, այս ծառայությունը պիտի մատուցանեմ քեզի, ցույց տալու համար, որ ինձ հետ թշնամաբար վարվողին ես ալ բարեկամությամբ կփոխարինեմ։

− Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ալ անցածը մոռնանք և [ 211 ] նոր բարեկամ ըլլանք իրարու,− պատասխանեց Ղուկաս էֆենտի ոտքի ելլելով։

− Ես միշտ բարեկամ եմ ձեզի։

− Վաղը չմոռնաս գալու։

− Անհոգ եղիր, անպատճառ կուգամ։

− Թուղթերն ալ ջանա, որ մինչև երկու շաբաթ անպայման պատրաստ ըլլան։

− Ձեռքես եկածը չեմ խնայեր։

Ղուկաս էֆենտի քահանային ընկերակցությամբ դուրս ելավ սենյակեն։ Սանդուխին գլուխը վերջին անգամ մըն ալ ողջունեցին զիրար խիստ սիրալիր կերպով, հետո Տ. Միքիաս վերադարձավ իր սենյակը, որ թե իբր ննջարան և թե իբր աշխատանոց կծառայեր իրեն։

− Վերջապես հախեն եկա,− մտածեց ինքնիրեն հաղթական ժպիտով մը,− մեկ կողմեն երկու հարյուր ոսկի բրցուցի իրմե, մյուս կողմե պաշտոնաթուղթերը պահանջելե վազ անցուցի զինքը… հիմա իմ ձեռքս է, կրնամ զինքը մեկ քանի ամիս խաղացնել և մինչև այն ատենն ալ աստված ողորմած է, հիմա նստինք ու տիկին Անթառամի նամակին պատասխանը գրենք։

Եվ անցավ իր գրասեղանին առջև։

Քահանան ուրախ տրամադրության մեջ էր, հետևաբար հուսալից նամակ մը գրեց Լևոնի մորը, զայն վստահացնելով, որ պսակի կատարման համար անհրաժեշտ եղող թուղթերը տակավին պիտի կրնար քանի մը ամիս հապաղեցնել։ Սակայն հարկ էր օգուտ քաղել այդ ժամանակամիջոցեն, որովհետև հավիտյան կարելի չէր երկարաձգել խնդիրը և եթե պսակը կատարվեր, ալ ամեն հույս հարկ էր կտրել.

«Ջանա ժամ առաջ պաղություն մը հառաջ բերել Ռոզիկի ու զավակիդ միջև,− կխրատեր Տ. Միքիաս իր թղթակցին,− քանի որ այժմ պ․ Լևոնը սկսած է ավելի հաճախակի այցելել քեզի, ինչ որ ցույց կուտա թե իր վրա ունեցած ազդեցությունը չես կորսնցուցած։ Նույնիսկ այս նպատակին հասնելու համար, եթե պետք ըլլա պզտիկ խաբեբայություններ ալ գործածել, մի վարանիր, քանի որ խնդիրը զավակիդ ու քու երջանկությանդ վրա է։

«Ես հոս ստեպ կերթամ Սմսարյանենց, որոնք միշտ տրամադիր են իրենց տղջիկը տալու, որովհետև հասկցուցի, թե տակավին [ 212 ] պսակ չէ եղած և թե լրագրին մեջ հրատարակվածը Ղուկաս էֆենտիին կողմե հնարված սուտ մըն է»։

Խաբեբայությունը, զոր Տ. Միքիաս կխրատեր ի գործ դնելու, որոշապես հայտնի չէր թե ինչ կերպ պետք էր ըլլար։

Այս մասին թեև ինքը ծրագիր մը հղացեր էր, սակայն նամակին մեջ չէր բացատրեր, սպասելով որ նոր տեղեկություն մը ստանա։ Իր խաբեբայական միջոցը իբրև հետին զենք կուզեր գործածել, երբ ամեն միջոց սպառեր տիկին Անթառամի կողմե։ Այսուհանդերձ այժմեն իսկ պարտք կզգար հողը պատրաստելու, որպեսզի վճռական վայրկյանին Լևոնի մայրը տկարություն ցույց չտա։

Հետևյալ առտու, ցերեկվան մոտ, Տ. Միքիաս փութաց Ղուկաս էֆենտիի քով, որ իր խոստումին հավատարիմ, առանց դժվարության հանձնեց հարյուր ոսկին։

− Միայն թե, տեր հայր,− ավելցուց դրամը համրելու միջոցին,− չըլլա որ հետս օյինի ելլաս, ետքը գեշ մարդ կըլլանք իրարու հետ, հա…

− Ինչպես ըսի, ձեոքես եկածը պիտի ընեմ,− պատասխանեց քահանան, ոսկիները գրպանելով։

− «Ձեռքես եկածը պիտի ընեմ» ըսելը բավական չէ, որոշ խոսք պետք է տաս,− պնդեց Ղուկաս էֆենտի, որ երբեք չէր ուզեր այնքան դրամ իզուր վատնել։

− Վստահ եղիր, պաշտոնաթուղթերը քիչ ատենեն պիտի ունենաք, Ղուկաս էֆենտի,− պատասխանեց Տ. Միքիաս, օձիքը ազատելու համար։

− Այսինքն առ առավելն մինչև երկու շաբաթ։

− Պայմանաժամ չեմ կրնար որոշել, գործը ինձմե կախյալ չէ։

Տ. Միքիասի մեկնելեն ետքը Ղուկաս էֆենտի իր գործին զբաղված էր, երբ ծառան լար թերավ, որ Պատրիարքարանի քարտուղարներեն պ. Սիսակ Մինասյան կուզեր վայրկյան մը տեսնվել հետը։

− Թող ներս գա,– ըսավ վաճառականը։

Պ. Սիսակ Մինասյանի անունը ծանոթ էր Ղուկաս էֆենտիի, քանզի, բացի Պատրիարքարանի քարտուղարութենեն, պ. Սիսակ մեկ քանի հանձնաժողովներու և խորհուրդներու ալ քարտուղարություն [ 213 ] ըրած էր, որոնց մեջ գտնված էր ինքը։ Գիտեր որ աչքը բաց երիտասարդ մըն էր, վարպետորդի և անխղճահար։

Պ. Սիսակ ժպտուն, ակնածալի դեմքով ներս մտավ և խորին հարգանքով բարևեց վաճառականը։

− Ի՞նչ կա,− հարցուց վաճառականը երիտասարդին, որ ակնոցը կշտկեր։

− Էֆենտիս, կներեք եթե համարձակեցա ձեղ անհանգիստ ընել, բայց…

− Հոգ չէ, նստե տեսնենք, ի՞նչ է ըսելիքդ։

Քարտուղարը կրկին խորին բարև մը տվավ և աթոռի մը ծայրը կծկվեցավ, փեշը փեշին վրա գոցած և երկու սրունքները քով քովի սեղմած, սուստա կեցող պզտիկ շունի մը տագնապալից դիրքովը։

Ղուկաս էֆենտի սպասեց, որ քարտուղարը բացատրեր իր այցելության շարժառիթը, բայց մյուսը, առանց բառ մը արտասանելու, քարացած էր իր ակնածական դիրքին մեջ։

− Էյ, ի՞նչ է ըսելիքդ նայինք,− գոչեց Ղուկաս էֆենտի անհամբեր։

− Էֆենտիս, իմացա որ մեկ երկու պաշտոնաթուղթերու պետք ունիք եղեր, որոնց մասին դժվարության հանդիպեր եք, գործին անծանոթ մարդոց պատճառով, մինչդեռ այս տեսակ վավերաթուղթերը մեկ երկու օրվան մեջ կարելի է պատրաստել…

− Այո, անանկ բան մը կա,− պատասխանեց վաճառականը,– աղջկանս և Լևոն Կոկիկյանի ծննդյան և ամուսնացած չըլլալուն վկայականներուն պետք ունեցա…

− Գիտեմ, էֆենտիս, բոլոր մանրամասնությունները գիտեմ… եթե մինչև հիմա գործը չէ վերջացած և եթե պետք ունիք, ես երկու երեք օրեն բոլոր թուղթերը կրնամ պատրաստել տալ և ձեզ հանձնել։

− Բայց Լևոն Կոկիկյանի ծննդյան արձանագրությունը չէ գտնվեր եղեր տակավին։

− Սխալ, էֆենտիս, բոլորովին սխալ, բոլորովին սխալ. Նառլը Գաբուի եկեղեցին մկրտված է ու հոն տեղն ի տեղոք արձանագրված։

− Ի՞նչ կըսես,− գոչեց Ղուկաս էֆենտի ճառագայթող դեմքով մը։ Հետո, ակռաներուն մեջեն մոլտաց։ [ 214 ] − Վա՛յ շունշանորդի։

− Ուրեմն, էֆենտիս,− շարունակեց քարտուղարը,− եթե հրաման կընեք, բոլոր թուղթերը պատրաստեմ և քանի մը օրեն բերեմ:

− Աղեկ, աղեկ, քեզ տեսնեմ, եթե այդ գործը քանի մը օրեն ընես, քեզի աղվոր նվեր մը կուտամ։

− Շնորհակալ եմ, էֆենտիս, ողջ եղիք։

Եվ Սիսակ գետնամած խոնարհություն մը ընելով դուրս ելավ։

− Ա՜խ,− գոչեց վաճառականը, երբ աոանձին մնաց,− ժամ մը առաջ գալու էր, հարյուր ոսկին ավանակի պես չէի համրեր։

Եվ սակայն չափազանց գոհ էր Պատրիարքարանի քարտուղարին այս անակնկալ այցելութենեն։ Ինչ գեղեցիկ վրեժ մը պիտի կրնար լուծել Տ. Միքիասեն, եթե պ. Սիսակ իր խոստումին համեմատ, քանի մը օրեն թուղթերը կարենար բերել։ Ասկե զատ խոստացած հարյուր ոսկիի երկրորդ վճարումեն պիտի ազատեր։

Ու Ղուկաս էֆենտի այս հաջողութենեն զվարթացած՝ գնաց ախորժակով ճաշ մը ընելու։

Պ. Սիսակ երկու օր ետքը եկավ և հանձներ բոլոր պաշտոնաթղթերը, զորս նույն օրն իսկ վաճառականը ղրկեց Փարիզ։

Իսկ քարտուղարին իբրև նվեր հինգ ոսկի տվավ, բացի արձանագրությանց համար եղած ծախքերեն։

− Հիմա թող գա նայինք Տ. Միքիասը,− կմտածեր ինքնիրեն Ղուկաս էֆենտի։

Սակայն քահանան մեջտեղ չիկար։ Հարյուր ոսկին գրպանելե ետքը շաբաթ մը մնացած էր Պոլիս և հետո գացեր էր գյուղը, ուր տուն և այգի ուներ, և տարին քանի մը անգամ կերթար մեկ երկու շաբաթ մնալու։

Քահանան Պոլսեն քիչ մը ժամանակ հեռանալով, կուզեր, խուսափիլ Ղուկաս էֆենտիի հետապնդումներեն և ժամանակ շահիլ։

Այս բացակայության միջոցին էր, որ Ղակաս էֆենտի նամակ մը ստացավ իր աղջիկեն, որուն մեջ ուրախությամբ կծանուցաներ պաշտոնաթուղթերուն հասնիլը և կավելացներ.

«Թուղթերը առնելուս հետևյալ օրը Վիլիեն փողոցի հայ մատուռին մեջ կրոնական պսակը կատարեցինք, Պարոնյան վարդապետի նախագահությամբ և ադամանդի ծանոթ վաճառական պ. Սիսակ Մարտիրոսյանի կնքահայրությամբ։ Ամբողջ մատուռը [ 215 ] լեցված էր Փարիզ բնակող ծանոթ հայերով։ Պսակի արարողութենեն ետքը Լևոնը փառավոր սեղան մը տվավ Մեզոն տ՚Օրի մեջ։ Տիկին Անթառամ չկրցավ պսակին ներկա գտնվիլ, որովհետև շաբաթե մը ի վեր հիվանդ պառկած է, թեև վտանգավոր բան մը չունի։ Մեկ քանի օրեն Լևոնին հետ դեպի Իտալիա զբոսական պտույտ մը պիտի ընենք և ամիսի մը չափ բացակա պիտի գտնվինք Փարիզեն»։

− Վերջապես,− գոչեց վաճառականը հաղթականորեն, և անմիջապես լուր ղրկեց Տ. Միքիաս քահանային, որ անպատճառ իր գրասենյակը հանդիպի հետևյալ օրը։ Սակայն քահանան դեռ չէր վերադարձեր գեղեն և հազիվ շաբաթե մը ետքը, առտու մը կանուխ, եկավ գտավ Ղուկաս էֆենտիին։

− Ի՞նչ լուր, տեր հայր, թուղթերը ի՞նչ ըրիր, արդյոք գյուղ գացիր արձանագրությունները փնտռելո՞ւ,− ըսավ վաճառականը, կեղծ ծաղրածու շեշտով մը։

− Անակնկալ դեպք մը ստիպեց զիս անմիջապես գյուղ երթալու,− պատասխանեց Տ. Միքիաս,− եղբայրս հանկարծ հիվանդացեր էր ծանրապես, նամակ առի ու անմիջապես ճամփա ելա, բարեբախտաբար այժմ բավական լավ է և ես ալ կրցա վերադառնալ։ Հավատացեք, որ շատ կցավիմ այս մասին, սակայն կրնաք վստահ ըլլալ, որ քիչ օրեն, այսինքն մեկ երկու շաբաթեն, թուղթերը կպատրաստվին ու ձեզ կհանձնվին։

− Տեր հայր, քեզ բան մը ըսե՞մ, զուն վազ անցիր այդ թուղթերեն և հարյուր ոսկիս ետ տուր…

− Ինչո՞ւ, ինչպե՞ս,− կմկմաց քահանան դող ելած։

− Թուղթերը ես առի, Փարիզ ղրկեցի, պսակն ալ եղավ լմնցավ,– պատասխանեց վաճառականը։

Տեր Միքիաս՝ շանթահար՝ պահ մը ափ ի բերան մնաց։ Հարվածը այնքան ուժգին էր, որ զինքը սահմռկեցուցած էր։

− Այսպես ուրեմն,− շարունակեց վաճառականը անողոքաբար,– սա հարյուր ոսկին շնորհ ընեիր ետ տալու։

− Հարյուր ոսկին, բայց այդ դրամին մեծ մասը արդեն ծախսեցի,– կմկմաց Տ. Միքիաս։

− Որո՞ւ տվիր,− գոչեց Ղուկաս էֆենտի, ձայնը բարձրացնելով։

− Զանազան անձերու, գործը հաջողցնելու համար։ [ 216 ] − Սուտ կխոսիս, անօրեն մարդ,− պոռաց վաճառականը ոտքի ելլալով,− պարզապես խաբեբա, ավազակ մըն ես, որ զիս կողոպտելու ելեր ես։ Նախ՝ սուտ խոսեցար ըսելով, որ Լևոնի ծննդյան արձանագրությունը չի կա. մինչդեռ կա եղեր, իբրև հարազատ զավակ Նիկողոս աղա Կոկիկյանի… Նառլը Գաբուի եկեղեցիին մեջ և արդեն բոլոր թուղթերը վավերացված քու քովդ են եղեր երկու ամիսե ի վեր ու զիս այդպես կխաղցընես, միմիայն ինե դրամ քաշելու համար… կամ հիմա հարյուր ոսկիս կուտաս և կամ կերթամ ամեն բան կպատմեմ պատրիարքին։

Տ. Միքիաս այս սպառնալիքին հանդեպ պահ մը շփոթած մնաց, բայց շուտով իր պաղարյունությունը գտնելով՝ պատասխանեց։

− Հարյուր ոսկին թեև ծախսեցի այդ թուղթերու համար, այնուհանդերձ եթե անպատճառ պահանջեք, ձեզ կվերադարձնեմ մաս առ մաս, երբոր դրամ ունենամ։ Գալով պատրիարքին ամեն բան պատմելու խնդրին, եթե կուզեք, կրնաք ուղածնիդ երթալ իրեն ըսել։ Ես խղճիս վրա ոեէ բեռ չունիմ և ճակատաբաց պատրաստ եմ բացատրություն տալու, որու որ ըլլա։ Միայն թե ես ալ հավանորեն իմ պատմելիքներս կունենամ և չեմ գիտեր թե երկուքեն որո՞ւն պատմությունը ավելի շահեկան պիտի ըլլա։

Այս անորոշ ակնարկությունները մեղմեցին Ղուկաս էֆենտիի բարկությունը, որ խնդիրը անուշ տեղը կապելու համար ըսավ.

− Տեր հայր, ինծի նայե, ես ալ ձանձրացա ու զզվեցա այս խնդիրներեն, հիմակ ալ ամեն բան լմնցավ, կարգադրվեցավ, հետևաբար այլևս չեմ ուզեր կրկին խնդիրներ ստեղծել։ Հիմա տեսար, որ ինծի հետ գլուխ ելլելը դյուրին չէ, ուստի ալ նայե որ ինծի հակառակ ընթացքներու մեջ չգտնվիս և ես ալ ի փոխարեն կխոստանամ հարյուր ոսկիեն վազ անցնիլ ու ալ քեզմով չզբաղվիլ։ Այս կարգադրությունը գործիդ կուգա՞։

− Ինչ կարգադրություն, որ հանուն հաշտության և խաղաղության կըլլա, ինծի համար ընդունելի է,− պատասխանեց Տ. Միքիաս քահանա քրիստոնավայել խոնարհությամբ մը և վաճառականը ողջունելով դուրս ելավ։

− Էո՜ֆ, վերջապես ամեն ինչ կարգադրվեցավ և պիտի կրնամ հանգստությունս գտնել,− ըսավ ինքնիրեն Ղուկաս էֆենտի, երբ որ առանձին մնաց։ [ 217 ]
ԳԼՈԻԽ ԺԳ

Այս հանգստությունը, զոր Ղուկաս էֆենտի կերազեր, շատ երկար չտևեց։

Հորմեհետե Ս. Երրորդություն եկեղեցիի գայթակղական միջադեպին հետևանքով հրաժարած էր Աղքատախնամի նախագահութենեն, ոևէ տեղեկություն չէր ունեցած Շուշանիկի մասին, որ ինչպես հայտնի է, այդ գայթակղության գլխավոր պատճառը եղած էր, հակառակ իր կամքին։

Կիրակիի դեպքին հետևյալ ու հաջորդ օրերը, ամբողջ Ֆերիգյուղ այդ եղելությամբ զբաղեր էր։ Հաճի Թումիկի ազդեցությունն ու ժողովրդականությունը նոր փայլ մը ստացած էր այդ արարքովը, որուն գլխավոր ներշնչողն ու դերակատարը եղած էր ինքը և իր գինետան մեջ օրերով խոսվեր էր կատարված քաջագործության վրա։

Կատարյալ հաղթանակ մը եղած էր Ղուկաս էֆենտիի խայտառակումը, և երբ իմացվեցավ թե Աղքատախնամին նախագահութենեն հրաժարած է, ա՛լ ավելի մեծցավ իրենց արարքին նշանակությունը։

Իշտե, ասանկ մենք մարդը դուրս կնետենք,− պոռացեր էր գինեպանը, այդ հրաժարականին լուրը առնելով։

Եվ սակայն բոլոր ասոնք դրական արդյունքի մը չէին հանգած։ Շուշանիկ և իր զավակը անոթի կմնային, տիկ. Սաթենիկ ևս ավուր հացի կարոտ էր, այնպես որ տարված հաղթանակը ոևէ օգուտ մը չէր ըրած անխիղճ վաճառականին զոհերուն։

Սերգիս, որ ինչպես գիտենք, եկեղեցիի ցույցին գլխավոր կազմակերպիչներեն մին էր՝ Հաճի Թումիկի հետ, այս բանը դիտել տվավ գինեպանին, երբ այս վերջինը անգամ մըն ալ կհոխորտար իրենց հաղթությանը վրա։

− Այո, մարդը խայտառակեցինք, բայց ասդիի խեղճերը նորեն անոթի են,− ըսավ երիտասարդը։

− Աստված ողորմած է,− պատասխանեց գինեպանը։

− Եթե գործը միայն աստուծո ողորմությանը մնա, կարծեմ խեղճերը դեռ շատ կչարչարվին, մինչև հիմա այդ ողորմությունը իր զորությունը ցույց տալու միտք չունի… ավելի աղեկ է, որ մենք ճար մը մտածենք։

− Ի՞նչ կրնանք ընել, մենք մեր ձեռքեն եկածը ըրինք, մարդը [ 218 ] աղվոր մը խայտառակեցինք, Աղքատախնամեն ալ դուրս նետել տվինք։

− Պետք է որ Ղուկաս էֆենտին Շուշանիկի ու զավկին հոգը վրան առնե, իմ խելքս ասոր կհասնի,− պատասխանեց Սերգիս վճռաբար,− և քանի որ ճամփա ելանք, կես ճամփան մնալու չենք, պետք է որ այդ գործը գլուխ հանենք։

Երիտասարդը ապահովաբար ծրագիր մը ուներ, զոր չէր ուզեր անմիջապես պարզել, այլ նախ կփափաքեր գինեպանին տրամադրությունը իմանալ։

− Ինչպես կրնանք բռնի ստիպել, որ դրամ տա,− ըսավ գինեպանը, տարտամ կերպարանքով մը։

− Այդ մասին կարելի է միջոց մը խորհիլ, միայն թե դուն տրամադի՞ր ես ինծի օգնելու… այդ տեսակ մարդիկը բարոյապես խայտառակվելով պատժված չեն ըլլար, անոնց նյութականին դիպչելու է, որ զգացվին։

− Եթե ձեռքես բան մը կուգա, գլխուս վրա,− ըսավ գինեպանը,− ես ալ կուզեմ, որ մեր այդքան աշխատանքներեն գոնե պզտիկ օգուտ մը ըլլա այս խեղճերուն։

− Ուրեմն համաձայնինք,− պատասխանեց Սերգիս ուրախությամբ,− կրնա՞մ պետք եղած ատեն քու վրադ վստահիլ։

− Ձեռքես եկածը կընեմ,− կրկնեց Հաճի Թումիկ վճռաբար։

Օրերե ի վեր Սերգիս իր մտքին մեջ կորոճար այն միջոցը, որով կհուսար Ղուկաս էֆենտիեն նյութական նպաստ մը ձեռք ձգել Շուշանիկի և անոր նորածին զավկին համար։ Այդ միջոցը ինքնին շատ պարզ էր ու հաճախ ի գործ դրված նմանօրինակ պարագաներուն՝ այն է փոքրիկ մանուկը, բացատրական նամակով մը կողովի մը մեջ դնել և գիշեր ատեն զայն զետեղել վաճառականին դռան առջև։

Միայն թե այս խորհուրդը իրագործելու մասին դժվարություն մը կներկայանար․ այն է Շուշանիկի ընդդիմությունը։

Թշվաո աղջիկը, հակառակ իր նյութական անձուկ վիճակին, չէր ուզեր վայրկյան մը իսկ բաժնվիլ իր զավկեն, զոր խենթի պես կսիրեր։ Բայց Սերգիս, որ միտքը դրած խորհուրդեն չէր հրաժարեր դյուրավ, գինեպանին աջակցությունը ապահովելն ետքը, եկավ գտավ Շուշանիկն ու իր մայրը և կրկին պնդեց, որ տղան տանին [ 219 ] Ղուկաս էֆենտիի տունը, զայն ստիպելու համար, որ դրամական կարևոր նպաստ մը տա։

− Գոնե հինգ հարյուր ոսկի կրնանք բրցնել իրմե,− կվստահեցներ երիտասարդը։

Այդ ահագին գումարը,− հինգ հարյուր ոսկի– հեղաշրջեց Շուշանիկի մայրը, որ սկսավ Սերգիսի առաջարկին ուժ տալ։

Մինչ Շուշանիկ կկրկներ։

− Չէ՛, չէ՛, վայրկյան մը չեմ բաժնվիր զավկես. այդ անխիղճ մարդը կարող է մեռցնել զայն, ավելի աղեկ է, որ մուրալով ապրեցնեմ զավակս, քան թե այդպիսի վտանգներու ենթարկեմ զինքը։– Իզուր երիտասարդը ամեն ապահովություն կուտար աղջկան, ըսելով, որ ինք ու ուրիշները անձամբ պիտի հսկեն, որ մանուկը ոևէ կերպով անհանգիստ չըլլար, թե իրենց ըրածը պարզ ցույց մըն էր, տեսակ մը ներելի շանթաժ՝ այդ անօրեն մարդուն դաս մը տալու և իր ըրած գեշությունը փոխարինելու ու միանգամայն իրենց ապագան ապահովելու համար։

− Չեմ ուզեր,− կպնդեր Շուշանիկ,– թող ըրած գեշությունը աստուծմե գտնա, ես իմ զավակս քովես չեմ հեռացներ։

Համոզելու համար ամեն միջոց սպառելե ետքը, երիտասարդը երբ տեսավ, որ ա՛լ անկարելի պիտի ըլլա խոսք հասկցնել մանկամարդ մորը, տարբեր հնարք մը խորհեցավ։

− Ղուկաս էֆենտի իր զավակը չճանչնար,− մտածեց ինքնիրեն,− ուրիշ տեղե նորածին մը կգտնեմ ու կտանիմ և նորեն գործը կհաջողցնեմ։

Այս միջոցը, որքան որ պարզ կթվեր մեր երիտասարդին՝ իր կարծածին չափ դյուրին չեղավ։ Բավական օրեր ասդին անդին ինկավ գտնելու համար ծնողք մը՝ իր զավակը հանձնելու համար իրեն։

Եվ սակայն ի վերջո հաջողեցավ իր փնտռածը գտնել Թաթավլայի կողմը։

Հույն բազմածին ու աղքատիկ ծնողք մը հավանեցավ իր եռամսյա մանչ զավակը, գրեթե մեկ քանի օր տարբերությամբ հասակակից Շուշանիկի մանչուն, իրեն հանձնել, կամ մանավանդ իրեն վարձել, օրական մեկ ոսկիի փոխարեն։

Նորածինը գտնելե ետքը Սերգիս պատրաստեց այն զամբյուղը, որ իբրև առժամյա օրորոց պիտի ծառայեր մանուկին և իրիկուն մը ներկայացավ նույն ընտանիքին տունը, Հաճի Թումիկի ընկերակցությամբ, [ 220 ] որուն պարզած էր իր ծրագիրը և որ խանդավառությամբ իր օժանդակությունը նվիրած էր այդ գործին։ Մեջը տեղավորեցին և կառք մը բերել տալով, ուղղվեցան Ղուկաս էֆենտիին,− ըսելով։

Զամբյուղը բարձով ու վերմակով պատելե ետքը նորածինը մեջը տեղավորեցին և կառք մը բերել տալով, ուղղվեցան Ղուկաս էֆենտիի բնակարանը։

Կես-գիշերին մոտ էր, երբ հասան այն փողոցը, ուր կգտնվեր վաճառականին տունը։ Փողոցին ծայրը կառքեն իջան ու կառապանը ճամփեցին, հետո Հաճի Թումիկ իր թևին տակ առավ զամբյուղը և արագ քայլերով դիմեց դեպի Ղուկաս էֆենտիի տան դուռը։ Բարեբախտաբար նույն միջոցին փողոցը ամայի էր և նորածինն ալ խորունկ կքնանար։

Երիտասարդը նախապես մանկիկին ճիտեն կախած էր նամակ մը, Ղուկաս էֆենտիին ուղղված, որուն մեջ կբացատրեր նորածինին ով ըլլալը։

Գինեպանը վայրկենապես դռան ուռնակեն կախեց զամբյուղը և զայն պինդ մը կապեց, հետո շուտաքայլ եկավ Սերգիսի քով։

− Հիմա ի՞նչ պիտի ընենք,− հարցուց։

− Առանց ինքզինքնիս նշմարել տալու հոս պիտի սպասենք, մինչև որ Ղուկաս էֆենտին ու իր կինը վերադառնան։

− Ի՞նչպես, տունը չե՞ն։

− Ոչ,− պատասխանեց Սերգիս,− առջի իրիկվընե եկա ու ժամերով հսկողություն ըրի, ինչպես որ արդեն մի քանի օրե ի վեր կընեի, սպասելով որ գիշեր մը դուրս ելլեն այցելության երթալու համար ու նույն իրիկունը բերենք մանուկը, որովհետև կուզեմ, որ Ղուկաս էֆենտին ու կինը միասին տեսնեն զամբյուղը։ Այս գիշեր ճաշեն ետքը, մոտակա տուն մը գացին և հավանորեն քիչ ետքը կվերադառնան։ Մենք հիմա այստեղվանքը զատ-զատ կսլքտանք, մինչև որ գան, որպեսզի աչքովնիս տեսնենք, թե ինչ պիտի ըլլա արդյունքը։

− Շատ աղվոր մտածեր ես,− պատասխանեց գինեպանը, որ մեծ հավատք ունենալ սկսած էր իր երիտասարդ բարեկամին հնարամտության վրա,− բայց ասանկ պտտելով կրնանք վրանիս կասկած հրավիրել։ Եկուր սա փողոցի ծայրը գտնվող սրճարանը նստինք, հոնկե անոնց գալը կտեսնենք ու անմիջապես դուրո կելլենք։ [ 221 ] Այս առաջարկը շատ բանավոր էր, և Սերգիս անմիջապես ընդունեց, մանավանդ որ այդ սրճարանին առջևեն պիտի անցնեին վաճառականը ու իր կինը։

Կես ժամեն ավելի էր հոն նստած էին ու ակնդետ կդիտեին փողոցեն անցնողները, երբ հանկարծ Սերգիս գոչեց.

− Ահավասիկ թև թևի կերթան կոր, ծառան ալ ետևնուն։

Անմիջապես հաշիվնին մաքրեցին և իրենք ալ դուրս ելան ու հեռվեն հետևեցին վաճառականին ու կնոջը, որոնք արդեն փողոցը դարձած էին։

Հանկարծ ճիչ մը լսվեցավ։

Տիկին Թագուհին էր, որ զամբյուղը նշմարած էր։

Ծառան, որ քանի մը քայլ հեռվեն կհետևեր իր տերերուն, այդ աղաղակը լսելով՝ առաջ անցավ և ուռնակի վրայեն վար առավ զամբյուղը, որուն մեջ մանկիկը կշարունակեր հանդարտիկ քնանալ։

Սերգիս հեռվեն կդիտեր Ղուկաս էֆենտին, որ բորբոքած, բաներ մը կսեր կնոջն ու ծառային։

Վերջապես տան դուռը բացվեցավ և երեքը մեկ ներս մտան, զամբյուղը հետերնին։

Երիտասարդը և գինեպանը բավական ժամանակ սպասեցին, տեսնելու համար, թե դուռը կրկին պիտի բացվե՞ր։

Բայց ոչ, դուռը փակ կմնար:

− Ա՛լ երթանք ու վաղվան սպասենք,− ըսավ Սերգիս իր ընկերակցին և երկուքը մեկեն ուղղվեցան դեպի Թաքսիմ:

Տան դուռը գոցվելե ետքը, Ղուկաս էֆենտի սոսկալի բարկության մեջ ինկավ.

− Սա ի՞նչ խաղքություն է, ո՞վ բերեր կախեր է աս փիճը. հիմա բռնեցեք դուրս նետեցեք,− կգոչեր իր կնոջն ու ծառային, որոնք առանց շարժելու զամբյուղին կնայեին, որու մեջ մանկիկը կշարունակեր հանդարտիկ ննջել:

− Զարմանալի բան,− կշարունակեր պոռալ վաճառականը,− բնավ հանգիստ չի պիտի կրնանք մնալ, ամեն օր մեյ մեկ «պե՞լա» պիտի բանան գլուխնուս… Ծո՛, Հակոբ, չե՞ս լսեր կոր, դուրս նետե սա «զեմպիլը», շուտով առ տար, փողոցին անկյունը տեղ մի դիր, եկուր։

Ծառան վարանոտ մոտեցավ զամբյուղին։

Բայց տիկին Թագուհին միջամտեց.

− Մեղա ,− ըսավ,− շունի ձա՞գ է սա, որ գիշերանց փողոց [ 222 ] նետենք, աս օդին, թող հոս մնա, վաղը առտու կանուխ եկեղեցի կղրկենք:

Ղուկաս էֆենտի կգուշակեր, թե այս անհարկի ու խափանարար նվերը ո՞ւրկե կիյնար իր գլխուն, կենթադրեր, որ զամբյուղին մեջ եղողը հավանորեն բուն իսկ իր զավակն էր, Շուշանիկեն ունեցած, ու այս ենթադրությունը ա՛լ ավելի կկատղեցներ զինքը, իր աչքին ավելի ատելի կդարձներ զամբյուղին մեջ հանգչող նորածինը։ Եթե վստահ ըլլար, թե օտարին մանուկն էր ան, թե որևէ արենական կապ չուներ իրեն հետ, հավանորեն նվազ պիտի բարկանար։ Բայց այդ տղան, որ իրավունքով մը կուգար իր տունը, զինքը կկատղեցներ:

- Չըլլար, չեմ ուզեր, որ վայրկյան մը հոս մնա, շու՛տ դուրս նետեցեք,− պոռաց կրկին, դեպի ծառան դառնալով:

− Ծ՛ո, ի՞նչ ավանակի պես երեսս կնայիս, խոսք չե՞ս հասկընար կոր, չառնե՞ս, չտանիս։

Ծառան կրկին մոտեցավ զամբյուղին, բայց նույն րոպեին մանկիկը արթնցած էր և սկսավ բարձրաձայն լալ։

− Աս տղան աս ժամուն փողոց չի ձգվիր,− գոչեց տիկին Թագուհի վճռաբար,− ես այդպիսի անխղճություն չեմ կրնար ընել… Վաղը առտու կբռնենք եկեղեցի կղրկենք ու ամեն բան կլմննա։ Դուն գնա պառկե, ես անիկա կխնամեմ։

Եվ մոտեցավ զամբյուղին՝ տղան հանդարտեցնելու և լացը դադրեցնելու համար։

Վաճառականը չպնդեց և տեղի տվավ իր կնոջը, ավելցնելով.

− Աղեկ, ինչ կուզես ան ըրե, միայն թե վաղը արթննալուս արդեն տղան գացած ըլլալու է հոսկե, ես ատանկ խայտառակությունները չեմ սիրեր… կլսե՞ս կոր։ Ծո՜, Հակոբ, վաղը առտու մութըն ու լուսան տղան կառնես կտանիս, ժամկոչին կուտաս, ես ետքը եկեղեցի կհանդիպեմ, պետք եղածը կկարգադրեմ… նայե որ դուռ ու դրացի չտեսնան տղան դուրս հանելդ… նորեն պարապ տեղը ասոր անոր բերանը բանալ չի տանք։

Եվ վաճառականը սանդուխեն վեր ելավ առանց ետին նայելու։ Տիկին Թագուհի տղան իր ննջասենյակը տանել տվավ Հակոբին, հետո զայն զամբյուղեն հանեց ու հոն առաջին անգամ տեսավ նամակ մը, որ նորածինին վիզեն բարակ թելով մը կախված էր։ Մանկիկը անկողնին մեջը կրկին քնացնելե ետքը, տիկին Թագուհի նամակը բերավ և կարդաց հետևյալը. [ 223 ] «Մեծապատիվ Ղուկաս էֆ. Կելկիթյան.

«Այս փոքրիկ նորածինը, որ զամբյուղի մը մեջ դրած ձեր տան դռան առջև կթողունք, ձեր հարազատ զավակն է և պտուղը այն բռնաբարության, զոր անցյալ ձմեռ, խաբեբայական միջոցներով, ի գործ դրիք հեգ անմեղ կույսի մը, Շուշանիկի վրա, Վառվառ անուն վատահամբավ կնոջ մը տանը մեջ։ Այդ անլուր արարքը, զոր հաջողցուցիք Միքայել աղա կոչված անպատիվ անձի մը մեղսակցությամբ, անշուշտ տակավին չեք մոռցած, քանի որ այդ պատճառով հրապարակով խայտառակվեցաք Ս. Երրորդության եկեղեցիին բակը։ Ասկե ի վեր կհուսայինք, որ պիտի խղճահարվեիք այդ թշվառ աղջկան և իր անմեղ զավկին մասին ու պիտի փութայիք գոնե նյութական օգնությամբ մը դարմանելու ձեր գործած անլուր չարիքը։ Բայց մեր հույսը պարապ ելավ։ Ամիսներ անցան այդ գայթակղական դեպքեն ի վեր և ոևէ կենդանության նշան ցույց չտվիք։

«Ձեր այդ անխիղճ ընթացքին հանդեպ որոշած ենք ամեն բան աչք առնել և վկաներով ու ապացույցներով երևան հանել ձեր կատարած անարգ գործը և ի լուր աշխարհի հռչակել ձեր անբարոյականությունը, եթե չփութաք անմիջապես նյութական կարևոր օժանդակությամբ մը օգնության հասնիլ թշվառ մորն ու հեգ զավկին, որոնք ձեր պատճառով այսօր ամենահետին չքավորության մատնված են։

«Եթե ոևէ միջոցավ, ձեր դռան առջև թողնված մանուկը անհետացնելու փորձ ընեք, ամեն միջոց ձեռք առած ենք այդպիսի ոճիր մը արգիլելու համար։

«Մինչև վաղն իրիկուն կսպասենք ձեր պատասխանին»։

Նամակը հոս կվերջանար, առանց ոևէ ստորագրության։

Տիկին թագուհի տակնուվրա եղած՝ կրկին կարդաց նամակը։ Հայտնի կերևար, որ պատմված իրողությունը, մտացածին բան մը չէր, անուններով, մանրամասնորեն էր ամեն բան։ Հիմա կվերհիշեր եկեղեցիին բակը տեղի ունեցած գայթակղությունը, որու մասին միայն վեր ի վերո տեղեկություններ տված էր ամուսինը և ուրիշներն ալ զգուշացած էին խոսելու։

Ուրեմն այսպես, ամուսինը վատ թշվառական մըն էր, որ չէր վարանած նույնիսկ կույս աղջիկ մը պղծելու բռնի կերպով ու հետո զայն իր զավկին հետ երեսի վրա թողուլ։

Մինչև առտու տիկին Թագուհի հսկեց մանկիկին քով, առանց [ 224 ] կարենալ քունը տանելու։ Անշուշտ մեծ հավատք ու հիացում մը չուներ իր ամուսնույն առաքինության վրա, բայց չէր կարծեր, թե այդ աստիճան վատություններ գործելու կարող էր և այս հայտնությունը զինքը խորապես կհուզեր։

Կնայեր քնացող մանուկին և նմանություններ կերևակայեր գտնել անոր ու Ղուկաս էֆենտիի դիմագծերուն միջև, առանց մտքեն անցնելու, որ նորածինը անծանոթ հույնի մը որդի էր։

Երբ լույսը տիրեց, Ղուկաս էֆենտիի հրամանին համեմատ, ծառան եկավ տղան առնել եկեղեցի տանելու համար։

Բայց տիկին Թագուհի զինքը ճամփեց։

− Դեռ կանուխ է, թող էֆենտին ելլե, անկե ետքը կտանիս,– ըսավ ծառային։

Երբ Ղուկաս էֆենտի անկողնեն ելավ, առաջին գործը եղավ կինը իր սենյակը կանչել տալ։

− Տղան եկեղեցի ղրկել տվի՞ր,− հարցուց առանց ուրիշ ոևէ նախաբանի։

− Չէ, հոս է,− պատասխանեց տիկին Թագուհի։

− Հո՞ս է մի, աս ժամուս դեռ հոս վա՞ր եք դրեր,− գոչեց վաճառականը ձայնը բարձրացնելով,− ես ձեզի չըսի՞, որ լուսնալուն պես ղրկեք…

− Տղան վզեն կախված նամակ մը կար,− շարունակեց տիկին Թագուհի ամենայն հանդարտությամբ,− այդ նամակը երբոր կարդացի, հարմար տեսա, որ դուն ալ կարդաս ու անկե ետքը որոշես, թե ի՞նչ պիտի ընես այդ տղան։

− Ի՞նչ նամակ, նորեն ի՞նչ նոր խնդիր կբանան գլխուս,− պոռաց կրկին Ղուկաս էֆենտի բարկությամբ,− տուր նայիմ շուտով, ի՞նչ է այդ նամակ ըսածդ։

− Ահավասիկ,− պատասխանեց կինը, մանկիկին քով գտած թուղթը իր ամուսնույն հանձնելով։

Վաճառականը ուժգին շարժումով մը նամակը առավ, պատուհանին մոտեցավ և սկսավ կարդալ։ Տիկին Թագուհի ուշի ուշով կդիտեր իր էրիկը և կջանար անոր դեմքին վրայեն գուշակել այդ ընթերցումին առաջ բերած տպավորությունը։

Ղուկաս էֆենտիի ճակատը մթագնեցավ, գույնը թեթևապես նետեց, հոնքերը պռստեց և ներքին հուզում մը նկատվեցավ կերպարանքին վրա, սակայն շուտով ինքզինքը զսպեց ու նամակը մեկ կողմ նետելով՝ գոչեց. [ 225 ] − Վա՜յ անամոթ շունշանորդիներ, ասանկ խայտառակությո՞ւն կըլլա, ան ալ ինծի պես մարդու մը, թող լեռը ելլան բացե ի բաց մարդ կողոպտեն ավազակները… ինձ ո՞վ կկարծեն այդ սրիկաները… ատանկ սուտերով աչքս պիտի վախցնեն տե՝ փարա՞ս պիտի առնեն, շունշանորդիներ, կեցիր, ես անոնց հասկցնեմ ով ըլլալս, մեյ մը ձեռքս անցնին այդ խաբեբայությունը գործողները… ամենքն ալ հափիսը չյուրյուտմիշ պիտի ընել տամ, ա՛լ չափը կանցնի կոր…

Եվ Ղուկաս էֆենտի սկսավ վեր վար պտտիլ սենյակին մեջ։ Տիկին Թագուհի շփոթած՝ ամուսնույն կնայեր: Արդյոք իրա՞վ ցած զրպարտության մը զոհ էր։

− Վա՜յ շունշանորդիներ, ասանկ ալ սուտ, տեսնվա՞ծ բան է, հիմա պիտի երթամ ոստիկանության իմաց տամ,− կմռլտար վաճառականը միշտ վեր վար շրջելով:

− Բայց,− համարձակվեցավ դիտել տալ կինը,− նամակի մեջ տեղն ի տեղոք հիշված է ամեն բան…

− Վա՞յ, ըսել է դուն ալ հավատացեր այս գրվածքին,− գոչեց Ղուկաս էֆենտի՝ կնոջը դառնալով։− Աս էր պակաս… Քա՜, ծայրն ի ծայր սուտ է, սուտ, չե՞ս հասկնար կոր, ասանկ օյինով մը աչքս վախցնել ու փարա քաշել կուզեն կոր ինե, բայց իրենց գիտցած ապուշներեն չեմ, ես մարդը բանտարկել կուտամ…

− Սակայն ո՞վ ըրած պիտի ըլլա այս խաղը, ասկե զատ տղան մեջտեղն է…

− Տղան մեջտե՞ղն է մի, միթե փի՞ճ կպակսի. ո՞վ գիտե որո՞ւն փիճն է, բերեր հոս կախեր են… կեցիր նայինք, ամեն բան մեջտեղ կելլե, ես մեյ մը լուր տամ ոստիկանաթան, թո՛ղ քննություն մը բանա տե կտեսնանք, վա՜յ շունջանորդիներ…

Եվ Ղուկաս էֆենտի սկսավ հապճեպով հագվիլ, հետո կնոջը դառնալով հրամայեց.

− Հիմա, անմիջապես տղան զեմպիլին մեջը դիր ու եկեղեցի ղրկե, թող քահանային ալ ըսե, որ ես պիտի երթամ հետը տեսնըվիմ… շուտ ղրկել տուր, քանի հոս պահենք, վրանիս բեռ կընեն… հայտե, մի տնտնար, դո՞ւն ալ գլուխս պելա բանալ կուզես:

Տիկին Թագուհի ստիպվեցավ իր ամուսնույն հրամանը կատարելու համար դուրս ելլել, մանավանդ որ ինքն ալ կսկսեր կասկածիլ անոր անմեղության մասին:

Իրավցնե, գուցե հանցանք մը չուներ և պարապ տեղը թշնամության [ 226 ] կամ դրամաշորթական ձեռնարկի մը զոհ կերթար և այս պարագային իր պարտականությունն էր օգնել անոր։

Երբ վաճառականը առանձին մնաց, նամակը, զոր գետին նետած էր, գետնեն առավ և գրպանը դրավ, հետո սկսավ արագորեն հագվիլ։

− Առ քեզի նոր պելա մը,− կմտածեր ինքն իրեն․− բայց կարծեմ հաջողեցա կինս խաբել ու համոզել, որ ես անմեղ եմ, հիմա կմնա սուսիկ փուսիկ կարգադրել, առանց ձայն դուրս հանելու։

Սենյակեն դուրս ելլալով վաճառականը ուղղվեցավ իր կնոջ մոտ, ստուգելու համար թե իր հրամանը կատարվա՞ծ էր։

− Այո, հիմա ղրկեցի,− պատասխանեց կինը։

− Ուրեմն ես ալ երթամ ու սա թշվառականներուն հախեն գամ,− ըսավ Ղուկաս էֆենտի ու վար իջավ սանդուխներեն։

Երբ Ս․ Երրորդության եկեղեցիեն ներս մտավ, տակավին հոն էր իրենց սպասավոր Հակոբը, որ տղան բանկալը ձգելե ետքը, կպատրաստվեր տուն վերադառնալ։

− Ծո՛, ի՞նչ ըրիր փիճը,− հարցուց վաճառականը իր ծառային։

− Էֆենտի, հոն՝ բանկալը, ժամկոչին քովն է։

− Քահանաներեն ո՞վ կա։

− Տ․ Կիրակոսը։

***

Տ․ Կիրակոս մութ սանդուխե մը վեր ելավ և մտավ փոքրիկ խուց մը, ուր նստած էին Շուշանիկ և իր մայրը, որոնք ոտքի ելան հյուրը ընդունելու համար։

Սերգիս, որ քահանային հետևած էր, նշանացի հասկցուց մանկամարդ աղջկան թե ինքը դուրսը պիտի սպասեր։

− Ողջույն ձեզ,− ըսավ քահանան։

− Օրհնեցեք, տեր հայր։

− Աստված օրհնե։

− Հրամմեցեք բազմոցին անկյունը։

− Շնորհակալ եմ։

Եվ Տ․ Կիրակոս անցավ ցույց տրված տեղը․ մինչ Շուշանիկ գամբյուղեն դուրս կհաներ նորածինը և գգվելու ու համբուրելու ձևեր կըներ, ինչպես իրեն պատվիրած էր Սերգիս։ [ 227 ] – Գիտեք, որ Ղուկաս էֆենտիին կողմեն կուգամ կոր,– ըսավ քահանան։

− Բարով եկաք,− պատասխանեց Էլպիս հանըմ, Շուշանիկի մայրը։

− Էֆենտին շատ բարկացավ այս ձեր ըրած անվայել գործին,– շարունակեց Տ. Կիրակոս,− և շատ մը փորձանքներ պիտի բերեր ձեր գլխուն, բարեբախտաբար ես միջամտեցի, աղաչեցի, պաղատեցա, վերջապեսս իրար առի, եթե ոչ հիմա երկուքդ ալ բանտ գացած էիք։

− Ողջ ըլլաս,− ըսավ Էլպիս հանըմ։

− Օրհնած, հիչ ասանկ բան մը կըլլա՞, անիկա ի՞նչ մարդ է չե՞ք գիտեր կոր, անանկ մեծ մարդու այնպիսի զրպարտություններ ընել, տղան տանիլ դռնեն կախել, նամակ գրել, սպառնալ… խենթացա՞ք, ի՞նչ եղաք, ատոր ծայրը թիարան կա, թիարան․․․

− Բայց մենք զրպարտություն չըրինք, տեր հայր,− ընդմիջեց Շուշանիկ,− իրավցնե այս պզտիկը իր զավակն էր, ինք աղեկ գիտե։

− Սո՞ւս, այդպես խոսքեր ըսելը մեղք է,− գոչեց քահանան,− նույնիսկ եթե իրավ ալ ըլլա, պետք է որ լռեք, ձայներնիդ քաշեք, դուք ո՜վ, ան ո՜վ. ձեզի կաթիլ մը ջուրի մեջ կխեղդե, դուք անոր պես մեծ մարդու մը հետ գլուխ կրնա՞ք ելլել, մեղա՜, մեղա՜։

− Բայց,− բողոքեց Շուշանիկ,− եթե ան իր զորությանը կապավինի ինծի պես խեղճ աղջիկ մը բռնաբարելու և հետո երեսի վրա անոթի ձգելու համար, մենք ալ մեր պաշտպանության համար աստծո կապավինինք ու մեր իրավունքները կպահանջենք։

− Աղեկ, աղջիկս, բայց ձեր իրավունքը պահանջելու համար, նույնիսկ ենթադրելով, որ իրավունք ունեցած ըլլաք, այդ ձեր ընտրած ճամփան շատ սխալ է։ Փոխանակ տղան այսպես իր տունը ղրկելու, սպառնական նամակներ գրելու, միջնորդ մը գտնելու էիք, որ երթար աղաչեր, պաղատեր, բարեխոսեր և վերջապես էֆենտիին սիրտը հուզելով՝ ձեզի համար նյութական օգնություն հասցներ․․․ Ղուկաս էֆենտի խղճմտանք ունեցող, բարեսիրտ, բարերար, պատվական մարդ մըն է, միայն հետը վարվելու է, իր կամքին հակառակ երթալու չէ։

− Շատ աղաչեցինք, օգուտ չըրավ, տեր հայր,− ըսավ Էլպիս հանըմ, դառնացած շեշտով մը։ [ 228 ] − Ընդհակառակը, ես կըսեմ, սր պետք եղածին պես չեք աղաչած, տեսեք՝ ես ալ իր բարկությունը իջեցնելու համար անաշ-անուշ խոսեցա, աղաչեցի և վերջապես հաջողեցա ոչ միայն ձեզի փորձանքեն ազատել, այլ նաև ձեզի ըլլալիք նյութական օգնության խոստում մըն ալ առնել իրմե։

− Արդեն ատիկա իր պարտքն է,− պատասխանեց Շուշանիկ, որ իր բռնելիք ընթացքին մասին լի ու լի հրահանգ ստացած էր Սերգիսեն։

− Ատանկ խոսքեր մի ըներ, աղջիկս,− շարունակեց քահանան.− նախ՝ ձեզի սա ըսեմ, որ Ղուկաս էֆենտի բնավ երբեք չընդունիր, որ ձեզի հետ ոևէ հարաբերություն ունեցած է ու իրմե զավակ ունեցած ես… աս բանը երբեք ընդունելի չէ, գիտցած ըլլաք, և եթե այս տեսակ հայտարարություններ կկրկնեք, գլխնուդ մեծ փորձանք կբանաք հա, ու տասը փարա չանցնիր ձեոքերնիդ։

− Եթե անիկա իրեն զավակը չընդունիր կոր նե՝ ինչո՞ւ համար մեզի դրամ տալ կուզե,− առարկեց աղջկան մայրը։

− Միմիայն բարեսրտաբար, տիկին, միմիայն բարեսրտաբար,− գոչեց Տ. Կիրակոս,− իմ աղաչանքներուս վրա և ոչ թե ուրիշ բանի համար․․․ արդեն տալիքն ալ այնքան մեծ բան մը չէ, գիտցած ըլլաք, քանի մը ոսկի, որպեսզի կարի մը մեքենա առնեք ու ապրվիք, անկե զատ ձեր մեկ քանի ամսվան ապրուստը, ան ալ շատ դժվարությամբ համոզեցի, սանկ 20−30 ոսկի մը, որ շատ մեծ բան է ձեզի համար… Միայն թե մեկ պայմանով կուտա կոր այս գումարը. ես թուղթ մը պիտի պատրաստեմ, դուք ալ պիտի ստորագրեք թե երբեք Շուշանիկը Ղուկաս էֆենտիի հետ հարաբերություն չէ ունեցած, ոչ ալ անկե զավակ ունեցած է, այլ ատ խոսքերը զուտ զրպարտություն են… առանց այդ թուղթին մեկ փարա չի տալե զատ, ձեզի դեմ ալ դատ պիտի բանա իբրև զրպարտիչ, ալ դուք մտածեցեք, որոշումնիդ տվեք․․․

− Ես ոչ թուղթ կստորագրեմ, ոչ ալ 30, 50, 100 ոսկիով իրավունքես կհրաժարիմ, թող ինչ կուզե ընե, դատ բանա, բանտ դնե․․․ արդեն ես կյանքես զզվեր եմ,− ըսավ Շուշանիկ վճռաբար։

− Ինչ հիմար խոսքեր են ատոնք,− շարունակեց քահանան.− ես ձեզ առանց ճանչնալու բարիք մը ընել կուզեմ և դուք փոխանակ շնորհակալությամբ և երախտագիտությամբ ընդունելու, մերժել կուզեք ու անվայել խոսքեր կընեք։ [ 229 ] − Ես կուզեմ, որ այդ անխիղճ մարդը իր զավակին ապագան ապահովե և ոչ թե քանի մը ոսկի իբրև ողորմություն մեր երեսին նետե,− պատասխաներ Շուշանիկ։

− Աղջիկս, 30 ոսկին քի՞չ փարա է միթե, ասկե զատ եթե խնդիրը միմիայն դրամին վրա է, բան մը կընենք, ես կրկին կբարեխոսիմ էֆենտիին քով, թող 30-ին տեղ 40 տա, ատոր ըսելիք ունի՞ք։

Մայր ու աղջիկ անմիջապես չպատասխանեցին և պահ մը լռություն տիրեց փոքրիկ սենյակին մեջ։ Քահանան այնպես կարծեց, թե համաձայնության վայրկյանը հասնելու վրա էր և ներքին անպատում հրճվանք մը զգաց այսքան հաջողությամբ գործը գլուխ հանելուն համար։ «Եթե հիսունով լմնցնեմ նորեն շատ աղեկ,− կխորհեր,− քանի որ էֆենտին մինչև 150 ոսկի տալու տրամադիր է։ Հարյուր ոսկին իրեն վաստակցուցած կըլլամ, և անշուշտ այդ հարյուր ոսկիեն ինծի մեծկակ բաժին մը կհանես»։

Եվ այս մտածմունքով ուզեց անոնց հետին վարանումներուն առաջքը առնել։

− Այդպես ահա, ես իբրև ձեր բարեկամը կխոսիմ ե ոչ թև Ղուկաս էֆենտիի կողմե։ Այսինքն իբրև աղքատներու դատին պաշտպան և ոչ թե հարուստներու փաստաբան։ Իրավ է, որ էֆենտին բացարձակապես ըսավ, թե 30 ոսկիեն ավելի դրամ չուզեր տալ, սակայն ես հանձն կառնեմ զինքը համոզելու, աղաչելու, պաղատելու, և եթե պետք ըլլա, ոտքերը իյնալու, որպեսզի այդ գումարը բարձրացնե մինչև 40-ի և գուցե 50 ոսկիի. ալ ասոր ըսելիք չմնար, 50 ոսկին փառավոր դրամօժիտ մըն է, այդքան գումարով կրնաս նույնիսկ պարկեշտ արհեստավորի մը հետ ամուսնանալ, տուն ալ կազմել, պատվով ապրիլ, ես ձեզի կխոստանամ նույնիսկ հարմար մեկը գտնել, որ հավանի զավակդ ալ ընդունելու… շատ իրավունք ունիք 30 ոսկիով չգոհանալու, հարուստ մարդ է, թող քիչ մը ավելի տա, եթե բարիք ընել կուզե… դուք անհոգ եղեք, ես ամեն բան կընեմ։ Անկե 50 ոսկի կբրցնեմ։ Հիմա, աղջիկս, թուղթ, գրիչ ու մելան բեր ու աս գրելիքնիս գրենք ու դուն ալ ստորագրե, լմնցնենք, որովհետև կվախնամ, որ էֆենտին միտքը կփոխե, պետք է բարի տրամադրութենեն օգուտ քաղել։ Հայտե, աղջիկս, սա թուղթ գրիչը բեր, որովհետև շատ ժամանակ չունիմ, ուրիշ գործեր ալ կան տեսնելիք…

− Ուրեմն պարապ տեղը հոս ժամավաճառ մի ըլլաք,− պատասխանեց [ 230 ] Շուշանիկ հանդարտությամբ,− որովհետև ևս ոչ թուղթ մը կստորագրեմ և ոչ ալ այդպիսի չնչին գումարներ կընդունիմ։

− Ի՞նչ կըսես, աղջիկս, նորե՞ն խելքիդ եկավ,− գոչեց քահանան։

− Առնվազն հինգ հարյուր ոսկի կվճարե քու Ղուկաս էֆենտիդ, եթե կուզե որ մեր դատեն հրաժարինք,− ըսավ Շուշանիկ,− ատկե մեկ ոսկի մը պակաս չեմ ընդունիր։

− Կտեսնամ, որ դու խոսածդ չես գիտեր կոր, կերևա որ չարամիտ մարդիկ ձեզի գեշ խրատներ տվեր են, մեղք որ այսչափ ատեն պարապ տեղը ձեզի հորդոր կարդացի։

− Չարամիտ, բարեմիտ մարդ չկա մեջտեղը, բռնաբարյալ աղջիկ մը կա, որ իր իրավունքը կպահանջե և հինգ հարյուր ոսկին ալ իմ խեղճ զավակիս արդար իրավունքն է։

Շուշանիկ այս խոսքերը արտասանելով՝ ոտքի ելավ, մանկիկը առավ և սենյակեն դուրս ելավ։

Տ․ Կիրակոս, որ այնքան վստահ էր իր հաջողության վրա, սկսավ շփոթիլ։ Այս ինչ համառ ու տարօրինակ մարդոց հանդիպած էր, 50 ոսկի պիտի առնեին ու տակավին գոհ չէին ըլլտր։ Ու քահանան հուսահատորեն գլուխը կօրորեր։

− Տիկին, գոնե դուք խոսք հասկցուցեք ձեր աղջկան,− ըսավ Տ. Կիրակոս, երբ առանձին մնաց Էլպիս հանըմին հետ.− ձեր աղջիկը դեռ երիտասարդ է, խելքը չհասնիր կոր, գացեք, խրատեցեք որ խենթություն չընե, ասիկա անակնկալ բախտ մըն է, որ երկինքեն կիյնա կոր. եթե 50 ոսկին չընդունիք ու ելլեք նորեն խնդիրներ հարուցանեք, ետքը շատ գեշ հետևանքներ կունենա․․․

− Ես չեմ խառնվիր այս գործին,− պատասխանեց Էլպիս,– հիմակվան աղջիկները իրենց մոր խելքով չեն կառավարվիր և խոսք ալ մտիկ չեն ըներ, ինչ որ ըսեմ՝ պարապ է։

Նույն միջոցին դուռը բացվեցավ և Սերգիս ներս մտավ։ Տ․ Կիրակոս մտատանջությամբ նորեկին նայեցավ և իսկույն ճանչցավ, որ դուռը բացող երիտասարդն էր։

− Տեր պապա, քիչ մըն ալ ինծի հետ տեսնվե նայինք,− ըսավ Սերգիս, աթոռ մը առնելով ու նստելով։

− Դուն ո՞վ ես․․․

− Ես տիկինին եղբայրը և Շուշանիկին ալ մորեղբայրն եմ։

Քահանան այս անակնկալ միջամտութենեն բնավ չախորժեցավ։ Կիներուն հետ գոնե համաձայնություն մը գոյացնելու հույս [ 231 ] ուներ, սակայն այս երիտասարդը, որ հանկարծ երևան կելլար, բնավ հուսատու երևույթ մը չուներ, այսուհանդերձ ուզեց սիրալիր կերպով ընդունիլ զայն։

− Օ՜, շատ լավ ուրեմն,− ըսավ,− ավելի աղեկ, հիմա կրնանք էրիկմարդճա տեսնվիլ և գուցե իրարու խոսք ավելի դյուրավ հասկնալ։

− Ես ալ ճիշտ անոր համար եկա,− պատասխանեց Սերգիս։

Տ. Կիրակոս ծխախոտի տուփը հանեց, սիկարեթ մը պլորեց և սկսավ երկարորեն կրկնել, ինչ որ քիչ մը առաջ ըսած էր երկու կիներուն, այսինքն թե՝ Ղուկաս էֆենտի հարուստ և զորավոր մարդ մըն էր, որուն հետ կարելի չէր գլուխ ելլել, թե լավագույն միջոց է հետը անուշ երթալ և կարելի եղածին չափ մեծկակ գումար մը բրցնել և թե այդ գումարն ալ 50 ոսկիեն ավելի չէր կրնար ըլլալ։

− Բայց վերջին ծառայություն մըն ալ կրնամ ընել անձնվիրաբար,− հայտարարեց քահանան իր երկար բացատրությունները տալե ետքը․− այն է՝ ամեն ճիգս կթափեմ տասը ոսկի մըն ալ ավելի բրցնելու, այսինքն՝ 60 ոսկի, ալ ասոր ըսելիք չմնար։

− Պարապ հոգնություն հանձն մի առնեք,− պատասխանեց Սերգիս,− հասկցանք, որ անկարելի է համաձայնիլ, մենք մեր գիտցածը կընենք, թող Ղուկաս էֆենտին ալ իր գիտցածը ընե։

− Բայց, զավակս, քու խելքդ չի հասնիր կոր, դուն դեռ անփորձ երիտասարդ մըն ես, հեռուն չես տեսնար կոր,− գոչեց քահանան հուսահատ ճիգով մը, տեսնելով որ ակնկալած վարձատրությունը ձեոքեն փախչելու վրա է։

− Երկար խոսք չեմ ուզեր ու կաղաչեմ որ դուրս ելլես ու մեզ հանգիստ թողուս, թող Ղուկաս էֆենտիդ չկարծե որ խեղճ, անօգնական աղջկան մը հետ է գործը, այլ ամեն բան աչքը առած մարդոց հետ․ ահա ասանկ բարև ըրե քու էֆենտիիդ։

− Բայց օրհնած, ի՞նչ է ձեր պահանջը, գոնե ան ըսեք, որ ես ալ վերջնական խոսք մը տանիմ… ես այս գործին մեջ պարզ միջնորդ մըն եմ, ինչո՞ւ ինծի ծանր խոսքեր կընեք․ ես միայն ձեր բարիքը կմտածեմ։

− Լավ ուրեմն,− Ղուկաս էֆենտիին կըսես, որ հինգ հարյուր ոսկիեն ոսկի մը պակաս չեն ընդունիր կոր, հասկցա՞ր․․․

Տ. Կիրակոս երկու ձեռքերը դեպի վեր բարձրացուց և գլուխը հուսահատորեն ճոճեց, տեսնելով, որ ուրիշ ճար չի կար, ոտքի ելավ ու «մնաք բարև» ըսելով մեկնեցավ։ [ 232 ] Գլխիկոր ուղղվեցավ դեպի թռամվայի ճամփան։

Ինչ հույսերով եկած էր այդ տունը և ինչ սրտաբեկ կվերադառնար հոնկե։ Ոսկեզօծ երազը, զոր պահ մը ունեցեր էր Էլպիս հանըմի փոքրիկ խուցին մեջ՝ հանկարծ կցնդեր, գործը չէր կրցած հաջողցնել և լիաբուռն ոսկիները, զոր կկարծեր ձեռք ձգել, խույս տված էին իրմե։ Ասկե զատ, խնդիրը Ղուկաս էֆենտիին փափաքածին պես կարգադրելով՝ Տ. Կիրակոս ոչ թե միայն կհուսար նյութական կարևոր նվեր մը ստանալ, այլ միանգամայն մեծ էֆենտիի մը աչքը մտնել, անոր կերպով մը գաղտնեկիցը ըլլալ, ինչ որ ապագային համար իրեն կրնար նորանոր բարիքներ ընձեռել։

− Եթե Ղուկաս էֆենտիի պես պաշտպան մը ունենայի ետևես, ա՛լ ի՞նչ բանե պիտի վախնայի,− կմտածեր հիմա տխրորեն։

Ինք, խեղճ ողորմելի քահանա մը, միշտ կկեղեքվեր, կհարստահարվեր մյուս քահանաներեն, որոնք մեյ մեկ հզոր պաշտպաններ ունեին ու հարուստ ննջեցյալներե, կնունքներե և հարսանիքներե եկած դրամները առատորեն կերթային ավագերեցին և ուրիշ քահանաներու գրպանները, հազիվ թե կտոր մը փշրանք իրեն բաժին մնալով։ Ու հիմա որ փոխարինության ժամը վերջապես հնչած կենթադրեր, ահա նորեն կիյնար անպաշտպան ու արհամարհված քահանայի իր խեղճության մեջ։

− Իրիկունը ի՞նչ երեսով պիտի ներկայանամե էֆենտիին,− կխորհեր ինքնիրեն Թաքսիմի զորանոցն ի վար քալելով, որովհետև չէր ուզած նույնիսկ հանրակառք նստիլ իր կրած ձախողանքեն ետք։

Եվ սակայն իրիկունը ճամփա ելավ դեպի էֆենտիին տունը։ Խոստացած էր երթալ իր բանակցությանց արդյունքը հաղորդելու և կվախնար, որ երեսը ծածկելով իր վրա կհրավիրեր վաճառականին բարկությունը։

− Էֆենտին հոս է,− ըսավ ծառան քահանային, դուռը բանալով։

Եվ մինչ Տ. Կիրակոս կհառաջանար դեպի սանդուխ, ծաոան գոչեց ետևեն.

− Տե՛ր պապա, խսիրը չե՞՛ս տեսնար կոր, ոտքերդ չսրբե՞ս, ատ ոտքերո՞վ վեր պիտի ելլաս։

Տ․ Կիրակոս ետ դարձավ, խոնարհ և ամչկոտ, ու ծառային հրամանը կատարեց։ Հետո վեր ելավ գորգապատ սանդուխեն, զգուշավոր կերպով կոխելով աստիճաններուն վրա, ավելի պատկառոտ՝ [ 233 ] քան երբ խարանին վրա կելլեր պատարագ մատուցանելու համար։

Վերջապես հասավ մեծ սրահին դռան առջև, ուր աոաջնորդած էր զինքը ծառան՝ որ դուռը բացավ և ըսավ․

− Ներս մտիր։

Քահանան՝ վեհերոտ մտավ սենյակեն ներս, ուր Ղուկաս էֆենտի թիկնաթոռի մը վրա նստած լրագիր կկարդար, սիկարեթ մը ծխելով։

Վաճաոականը քահանան տեսնելով ժպտուն և ուրախ դեմք մը առավ և գոչեց.

− Վա՜յ, դուն ես, տեր պապա, եկուր նայինք, ես ալ քեզի կսպասեի կոր։− Հետո ծաոային դառնալով.

− Հակոբ,− ըսավ,− մեզի երկու հատ խահվե բեր։

Քահանան այս սիրալիր ընդանելութենեն ա՛լ ավելի շփոթած, ոտքի վրա կեցեր էր, չհամարձակվելով նստիլ։

− Եկուր, սանկ քովս նստե տեսնենք, տեր պապա,− շարունակեց վաճառականն ուրախ դեմքով։

Տ. Կիրակոս վերջապես թիկնաթոռի մը մեջ տեղավորվեցավ։ Ղուկաս էֆենտի գրպանեն սիկարեթի տուփը հանեց և հատ մը երկարեց իր հյուրին։

− Իշալլահ տղան տարիր տեղը տվիր,− ըսավ։

− Այո՜, էֆենտիս, տարի մորը հանձնեցի,− պատասխանեց քահանան։

− Աղեկ, աղեկ, շատ շնորհակալ եմ, դուն շենք շնորհք, բանիբուն, խելացի քահանայի մը կնմանիս կոր. շատո՞նց է, որ մեր եկեղեցին կգտնվիս։

− Քանի մը տարի կա, էֆենտիս։

− Զարմանալի բան, մինչև հիմա ուշադրություն չէի ըրած, անունդ ի՞նչ էր․․․

− Կիրակոս…

− Շատ աղեկ, քեզի պես համեստ ու պարկեշտ քահանաները կսիրեմ։

− Շատ ապրիք, էֆենտիս, շնորհակալ եմ։

− Ըսածներս տեղն ի տեղոք կատարեցի՞ր… սակարկությունը քանիի՞ կապեցիր, եթե հարյուրեն պակաս է, քեզի աղվոր նվեր մը կա։

Քահանան՝ գլուխը ծռած՝ չէր համարձակեր պատասխանելու։ [ 234 ] − Խոսե տեսնանք, Տեր պապա,– պնդեց վաճառականը,− քանի՞ի կապեցիր։

− Էֆենտի,− կակազեց մարդը,− անոնց միտքը շատ վերեն է․․․

− Ինչ, հարյուր հիսուն ոսկիին չե՞ն հավնիր կոր։

− Հինգ հարյուր ոսկի կուզեն կոր…

− Հի՜նգ հարյուր ոսկի, հի՜նգ հարյուր ոսկի,− մռնչեց Ղուկաս էֆենտի, տեղեն վեր ցատկելով,− վա՜յ թշվառականներ, չըսի՞ր որ ամենուն ալ խերը կանիծեմ, եթե զիս բարկացնելու ելլեն։

− Ըսի, էֆենտիս, շատ խոսեցա, շատ խրատեցի, օգուտ չըրավ։

− Մա՞յրն էր չհավնողը, չէ նե աղջիկը,− հարցուց վաճառականը։

− Երկուքն ալ, էֆենտիս, բայց մանավանդ աղջիկը բնա՜վ տեղի տալու միտք չունի, մայրն ալ շատ չխառնվիր կոր, ասկե զատ պինդ գլուխ երիտասարդ մըն ալ կա, որ բնավ խոսք չհասկնար կոր։

− Երիտասա՞րդ մը, այդ երիտասարդը ո՞վ է − հարցուց Ղուկաս էֆենտի, որ կկարծեր, թե գործը միմիայն կիներու հետ է։

− Շուշանիկի մորեղբայրն է եղեր,− պատասխանեց քահանան։

− Մորեղբա՞յր մի, ատ ո՞ւրկե մեջտեղ ելավ։

− Իրավ որ, էֆենտիս, ես չեմ գիտեր, առաջին անգամն է, որ այդ տունը կերթայի, միայն թե այդ երիտասարդը համառ մեկու մը տպավորությունը ըրավ վրաս․ նույնիսկ սպառնացավ, թե ինք ամեն բան պիտի ընե իր քրոջ աղջկան շահը պաշտպանելու համար։

Վաճառականը սկսավ մտածել, սակարկության անհաջողությունը, նոր դերակատարներու, մանավանդ էրիկմարդ մեջտեղ ելլելը, վերջապես առկախ մնացած այդ գայթակղությունը զինքը չափազանց կնեղեին։

Ու հանկարծ իր բարկությունը թափեց խեղճ քահանային գլխուն։

− Ինչ անճարակ մարդ ես եղեր պե,− դոչեց մեկեն,− սա պզտիկ գործը չկրցար հաջողեցնել, արդեն քահանա չե՞ք մի, ամենքդ ալ ոչինչ մարդիկ եք, խելացի մարդը արդեն քահանա չըլլար որ․․․

Տ․ Կիրակոս, առանց պատասխանելու, հանցավորի պես առջին կնայեր։ [ 235 ] − Ատ մորեղբայրը ո՞ւրկե բուսավ, ատոնք տուներնին էրիկմարդ չունեին, քեզի խաղ մը ըրած չըլլան տե՝ դուն ալ շաշխընի պես հավատաս։

− Իրավ որ, էֆենտիս, ես տեղեկության չունիմ, ինք ըսավ որ Շուշանիկի մորեղբայրն եմ, ես ալ հավատացի, ալ իրավցնե՞ մորեղբայրն է, սո՞ւտ խոսեցավ, չեմ գիտեր։

− Էյ, ի՞նչ ըսավ այղ մորեղբայր օլաճախը, սանկ խոսքերը աղեկ մը միտքդ բեր տեսնիմ։

− Էֆենտիս, երբ մինչև 150 ոսկիի կապել ուզեցի խնդիրը, «պարապ, հոգնություն հանձն մի առներ, ըսավ այդ երիտասարդը, մենք մեր գիտցածը կընենք, թող Ղուկաս էֆենտին ալ իր գիտցածը ընե»։ Հետո, երբ ես նորեն համոզել փորձեցի, ավելցուց, «թող Ղուկաս էֆենտին չկարծե, որ խեղճ, անօգնական աղջկան մը հետ է գործը, այլ ամեն բան աչքը առած մարդոց հետ, ահա ասանկ բարև ըրե անոր»։ Ահավասիկ, էֆենտիս, իր ըսած խոսքերը, գրեթե բառ առ բառ։ Երբ տեսա, որ համոզվելու միտք չունին, ես ալ մնաք բարով ըսի ու առի քալեցի։

Ղուկաս էֆենտի մտիկ ընելով հանդերձ Տ. Կիրակոսի բացատրությունները, կշարունակեր սենյակին մեջ վեր վար պտտիլ, ինչպես կըներ միշտ, երբ մտատանջության մը մատնված ըլլար։ Վերջապես որոշում մը տվավ։

− Ինծի նայե, տեր պապա,− ըսավ,− դուն նորեն վաղը առտու կանուխ այդ կնիկներուն տունը կերթաս, մորեղբայր ըսածդ կտեսնաս և իրեն կըսես, որ գա իմ գրասենյակս հանդիպի։ Մեյ մը ես հետը տեսնվիմ, նայիմ միտքը ի՞նչ է։

− Շատ աղեկ, էֆենտիս,− պատասխանեց քահանան։

Հետո, տեսնելով որ գործը վերջնականապես ձեռքեն կփախչի, վերջին փորձ մը ընել ուզեց։

− Եթե կբարեհաճիք և եթե անպատեհություն մը չեք տեսնար,− ավելցուց,− ձեր կողմեն նոր բանակցություն մը ընեմ, գուցե կհաջողիմ զիրենք համոզել, եթե հավանիր ձեր ըսած գումարեն քիչ մը ավելի բան վճարելու, օրինակի համար սանկ երկու հարյուր ոսկի մը…

− Չէ՛, չէ՛,− ընդմիջեց էֆենտին սրտնեղ ձևով մը,− հասկցա որ քու ընելիք գործդ չէ ասիկա։ Փոխանակ խնդիրը կարգադրելու, կելլաս ավելի կխանգարես, դուն միմիայն գնա ատ երիտասարդը գտիր և ըսե, որ անպատճառ գա զիս գտնա, բայց ոչ թե տունս, [ 236 ] այլ Պոլիս գրասենյակս, հասկցա՞ր… քու կողմեն պարապ խոսքեր չավելցնես, հա։

− Անհոգ եղիր, ձեր հրամանները կետ առ կետ կկատարեմ,- պատասխանեց ամենայն խոհեմությամբ։

Եվ ոտքի ելլելով՝ ակնածանքով բարևեց էֆենտին և դուրս ելավ սենյակեն։

Հետևյալ առտու կանուխ փութաց Էլպիս Հանըմի տունը, սակայն իրեն ըսին, որ «մորեղբայրը» դուրս ելած է։

− Գալուն պես ըսեք իրեն, որ երթա Ղուկաս էֆենտին տեսնա, Պոլիս, իր գրասենյակը,− պատվիրեց քահանան։

− Շատ աղեկ, հիմա ուր է նե կուգա,− պատասխանեց Շուշանիկի մայրը։

− Ես երեկ երկար բարակ էֆենտիին հետ խոսեցա,− ավելցուց Տ․ Կիրակսս,− կակղեցուցի, ձեր վիճակը պատմեցի, վերջապես ձեռքես եկածը ըրի, որպեսզի պետք եղած օգնությունը չխնայե ձեզի, ինքն ալ խոստացավ և վստահ եմ, որ երբոր ձեր եղբայրը երթա հետը տեսնվի, շուտով պիտի համաձայնին և խնդիրը ձեր ուզածին պես լմննա, միայն թե հարկավ զիս չեք մոռնար և իմ աշխատությունս ու հոգնությունս կվարձատրեք… ձեր գործը հաջողցնելու համար պարզապես կռիվ ըրի Ղուկաս էֆենտիի հետ, գիտցած ըլլաք։

− Հոգ մի ըներ, տեր հայր, մենք աղքատ ենք, բայց խիղճ ունինք, թող ըսածիդ պես խնդիրը կարգադրվի և մենք մեր պարտականությունը կկատարենք։

Ինչպես հայտնի է, քահանան անպատկառորեն կստեր իր մատուցած երևակայական ծառայության պատմությամբը, բայց ինչ ըներ խեղճ մարդը, Ղուկաս էֆենտիեն բոլորովին հույսը կտրած՝ գոնե ասդիի կողմեն նյութական վարձք մը ձեռք ձգել։

− Չմոռնամ ըսելու, որ,− շարունակեց,− ձեր եղբորը հատկապես խրատ տվեք էֆենտիին հետ խիստ չխոսելու, որպեսզի գործը չխանգարվի, թող կրցածին չափ անոր ջուրին երթա և շատ ալ խստապահանջ չըլլա։

− Իրավ որ իմ խելքս ատանկ բաներու չհասնիր,− պատասխանեց Էլպիս հանըմ,− աղբարս անանկ մեկն է, որ իր գլխուն համեմատ կգործե, մարդու խոսք մտիկ չըներ։

− Գեշ բան, գեշ բան,− մրմնջեց Տ. Կիրակոս,− Ղուկաս էֆենտիի պես մենծ մարդոց հետ աղեկ երթալու է․․․ [ 237 ] Հետո, որոշեց սպասել, որպեսզի ինք անձամբ պետք եղած խորհուրդները տա երիտասարդին։

Կես ժամ ետքը Սերգիս եկավ։

− Նորե՞ն եկեր ես, տեր պապա,− գոչեց՝ քահանան տեսնելով։

− Այո, օրհնած, եկա ավետիս մը տալու։

− Ի՞նչ կա որ․․․

− Ղուկաս էֆենտին այսօր անպատճառ ձեզ տեսնել կուզե կոր, Պոլիս, իր գրասենյակը։

− Զիս ի՞նչ պիտի ընե։

− Կերևա, որ սա խնդրին կարգագրությանը համար պիտի համաձայնի, թեև ինք ատանկ բան մը չըսավ, բայց ես իր խոսքերեն այնպես հասկցա։

− Աղեկ, աղեկ, կերթանք, կտեսնվինք,− պատասխանեց երիտասարդը խոժոռ դեմքով մը։

− Միայն թե, զավակս,− վրա բերավ քահանան,− կրցածիդ չափ անույշ վարվե հետը և նայե, որ վեր վար բանի մը կապես ու գործը կարգադրես լմննա, որովհետև այդ մարդը բարկացնելու չի գար։

− Ես գիտեմ ինչպես վարվելու է այդ տեսակ թշվառական սրիկաներուն հետ, դուն բնավ հոգ մի ըներ,− գոչեց Սերգիս, որ Ղուկաս էֆենտիի այս հրավերեն գուշակած էր վաճառականին տագնապը։

− Ատ ի՞նչ խոսքեր են, օրհնած,− գոչեց Տ. Կիրակոս դողահար,− միթե կարելի՞ բան է Ղուկաս էֆենտիի պես հարուստ, ազդեցիկ, պատվավոր վաճառականի մը մասին ասանկ նախատական խոսքեր ընել։

− Պատվավոր մարդը անմեղ աղջիկներ չբռնաբարեր ու ետքն այ զավակովը միասին երեսի վրա չձգեր,− պատասխանեց Սերգիս խստությամբ։

Քահանան տեսնելով, որ հաշտարար խորհուրդները ոևէ ազդեցություն չպիտի ունենային, անօգուտ համարեց խոսքը ավելի երկարել և մեկնեցավ։

Երիտասարդը չափազանց ուրախ էր Ղուկաս էֆենտիի կողմե եկած հրավերին համար։

− Այս մարդը կվախնա կոր,− մտածեց ինքնիրեն,− քանի որ 150 ոսկին տվավ՝ 500-ն ալ պիտի տա, միայն թե խնդիր մը [ 238 ] կա։ Գարեգինի ու Սաթենիկի մասին անգամ մը գացի հետը տեսնվեցա. անշուշտ զիս տեսնելուն պիտի հիշե այդ այցելությունս և գուցե ինքնությանս մասին կասկածի, հարկ է խոհեմությամբ շարժիլ…

Խոհեմությունը սակայն Սերգիսի գլխավոր առաքինությունը չէր, ընդհակառակը հախուռն ու համարձակ գործունեությունն էր իր սովորական վարվելակերպը։

Ինքզինք ծանրեն ծախելու համար, անմիջապես չգնաց Ղուկաս էֆենտիի քով, նախ իր գործատեղին հանդիպեցավ և մինչև կեսօր հոն մնաց։ Կեսօրեն ետք միայն անցավ Պոլիս և ուղղվեցավ մեր վաճառականին գրասենյակը։

− Էֆենտին հո՞ս է,− հարցուց գրասենյակին ծառային։

− Այո։

− Ըսեք իրեն, որ Փանկալթիեն մեկը եկած է, զինքը տեսնել կուզե։

− Շատ աղեկ, հոս սպասեցեք քիչ մը։

Վայրկյանե մը ծառան վերադարձավ։

− Հրամմեցեք, էֆենտին ձեզի կսպասե,− ըսավ։

Սերգիս ծառային ընկերությամբ մտավ այն գրասենյակը, ուր Ղուկաս էֆենտի իր սեղանին առջև նստած կսպասեր։

− Բարև ձեզ,− ըսավ երիտասարդը հնչուն շեշտով մը։

− Բարև,− պատասխանեց վաճառականը, գլուխը վեր առնելով ու պիշ պիշ նայելով նորեկին։

Առաջին ակնարկեն իսկ ճանչցավ զայն և անմիջապես ըսավ․

− Մյուսյու, կարծեմ թե սխալմունք մը կա, ես Փանկալթիեն եկող մարդուն համար ըսի որ ներս հրամցնեն։

Եվ ծառային դառնալով գոչեց․

− Ծո՛, ես քեզի ի՞նչ ըսի։

Բայց Սերգիս, առանց ծառային խոսք ձգելու միջամտեց.

− Ղուկաս էֆենտի, սխալմունք չկա, Փանկալթիեն եկող մարդը ես էի, ծառային հետ ձեզի լուր ղրկեցի։

− Բայց իմ սպասածս ուրիշ մարդ էր,− պնդեց վաճառականը, որ խիստ լավ կհիշեր թե այդ երիտասարդը իրեն ներկայացած էր իբրև Գարեգինի և Սաթենիկի բարեկամը, բայց ոչ երբեք Շուշանիկի ազգականը։

− Շուշանիկի մորեղբայրը չէի՞ք սպասեր,− ըսավ Սերգիս թեթև ժպիտով մը։ [ 239 ] − Է, դուք անոր մորեղբա՞յրն եք։

− Այսինքն ես այն մարդն եմ, զոր ուզած էիք տեսնել և լուր ղրկած էիք Տ. Կիրակոսի հետ։

− Այդ տեսակ մեջեմեջ խոսքերեն բան չեմ հասկնար, կամ բացե ի բաց բացատրե քու ով ըլլալդ և կամ քաշվե գնա, հոս գործատեղի է և պարապ խոսքերու չեմ կրնար ժամավաճառ ըլլալ։

− Ես ալ արդեն պարապ խոսքերով ժամանակ անցնել չեմ սիրեր, որովհետև անգլիացիներու մեջ մեծցած եմ,− պատասխանեց Սերգիս և առանց հրավերի սպասելու, աթոռ մը առնելով նստավ, հետո իր խոսքը շարունակեց։

− Հետևաբար Ղուկաս էֆենտի, մեկ քանի բառով բացատրեմ ամեն բան։ Տ. Կիրակոս, երբոր եկավ տիկին Էլպիսի քով և ձեր կողմեն աոաջարկեց 150 ոսկի վճարելու իր բռնաբարած աղջկան ու զավակին, ես ալ հոն էի և որովհետև այդ խեղճ ընտանիքին մեկ պաշտպանն եմ, ուզեցի միջամտել և ասոր քահանայի «մորեղբայր» կոչածը բուն իսկ ես եմ․․․

− Այսինքն կեղծ եղբայր մը,− պատասխանեց Ղուկաս էֆենտի.− արդեն կկասկածեի կոր։

− Կեղծ կամ ոչ, մենք որոշած ենք այդ ընտանիքին պաշտպան կանգնիլ ու թող չտալ որ զոհ երթան։

− Դո՞ւք, ուրեմն մեկ քանի հատ «մորեղբայր» կան մեջտեղ,− ըսավ վաճառականը ծաղրածու ձևով մը։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ երիտասարդը դաժան կերպով մը,− մեջտեղ երեսի վրա մնացած ծեր կին մը, բռնաբարված ու լքված մանկամարդ աղջիկ մը և խեղճ նորածին մը կան և խնդիրը այդ թշվառներու շուրջը կդառնա, թշվառներ, որոնց պատասխանատուն դուք եք, հետևաբար կխնդրեմ, որ փոխանակ ծաղրական կերպով խոսելու, խիստ լրջությամբ տեսնվիք հետս։

Ղուկաս էֆենտի, որ ա՛լ հասկցած էր, թե երիտասարդը ոևէ ազգականական կապ չուներ Շուշանիկի հետ, բնավ չհուզվեցավ Սերգիսի այս կշտամբանքներեն և նույն ծաղրածու ձևով շարունակեց.

− Բարեկամ, կերևա որ դուն բան գործ չունիս ու այսպես հոս ու հոն՝ մարդիկ կփնտռես, անոնց պաշտպան կանգնելու համար, Գիտե՞ս, ուրիշ մարդ մը և կին մը պաշտպանելու համար… և բերնիդ փայն ալ առիր, բայց կերևա, որ ատիկա բավական դաս մը չէ եղեր քեզի ու նորեն վազ չես անցեր այդ պաշտպանի դերեդ… [ 240 ] գոնե ծայրը շահ մը կա՞.,, եկուր քեզի ուրիշ գործ մը գտնանք տե, ատանկ պարապ գործերեն հրաժարե…

Երիտասարդը վաճառականին այս խոսքերեն թեև բարկացավ, սակայն կրցավ ինքզինքը զսպել և ամենայն պաղարյունությամբ պատասխանեց.

− Շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի, ես ձեր կարծածին պես անգործ չեմ, շատ լավ պաշտոն մը ունիմ և այնպիսի հաստատության մը մեջ, որ դուք ոևէ կերպով չեք կրնար վնասել ինծի։ Եթե այդ կիներուն վիճակովը կհետաքրքրվիմ, պարզապես կարեկցութենե մղված ըլլալուս համար է, որովհետև մոտեն կճանչնամ իրենց վիճակը, ուստի նորեն կկրկնեմ՝ մեկ կողմ դնենք ունայն խոսքերը և իբրև լուրջ մարդիկ իրարու հետ տեսնվինք։

− Բայց դուն ոևէ հանգամանք չունիս այդ խնդրին խառնվելու… արդեն խնդիր ալ չկա,− փութաց ճշտելու Ղուկաս էֆենտի,- խեղճ տղա մը բերեր մեր դռան առջև ձգեր էին, հետը նամակով մը, իմ ալ խղճիս դիպավ, ուզեցի դրամական օգնություն ընել, պարզապես բարեգործություն մը, և ասոր համար քահանան իրենց տունը ղրկեցի, բայց հիմա կտեսնամ կոր, որ պարզապես քիթես բռնել կուզեք կոր, այնպես մը ցույց տալով, որ իբր թե այդ նորածինը իմ հարազատ զավակս է, թե մայրը ես գլխե հանած եմ և այլն։ Ասոնք անվայել բաներ են, բարեկամ, և այդ տեսակ դրամաշորթություններ ընողներուն համար մասնավոր պատիժներ ալ կան և բավական ծանր, ուստի ատոնք քեզի հասկցնելե ետքը, հիմա ահավասիկ իմ վերջին խոսքը, եթե իբրև զուտ ողորմություն կընդունին, լավ, իսկ եթե կշարունակեն իբրև իրենց իրավունքը պահանջներ ընել, տասը փարա չեմ տար, թող գիտցած ըլլան, իրենք և թե իրենց պաշտպանները…

Երիտասարդը վաճառականին բոլոր այս մարտահրավեր խոսքերը մտիկ ըրավ անայլայլ, հետո ըսավ.

− Ղուկաս էֆենտի, ես իբրև բարեկամ եկած եմ ձեր մոտ և կուզեմ որ իբրև բարեկամ մեկնիմ, որովհետև եթե խնդիրը հակառակության հանգի, այն ատեն ես տեղի տալու միտք չունիմ բնավ և ինծի հետ եղողներն ալ նույնպես որոշած են ամեն զոհողություն ընել այդ թշվառ աղջկան պաշտպանության համար, և որովհետև դուք ալ համառ մեկը կերևաք կոր, շատ բնական է, որ մեր այս հակառակությունը շատ ծանր հետևանքներ կրնա ունենալ, ուստի նորեն կկրկնեմ, երկուքնուս շահուն համար, լավ է որ խնդիրը խաղաղությամբ կարգադրենք։ [ 241 ] − Ինծի նայե, կարգադրելիք խնդիր չի կա մեջտեղը,− ըսավ Ղուկաս էֆենտի կտրուկ շեշտով մը,− բարեգործություն մը ընել ուզեցի և գլխուս պելա կբանաք կոր. ես ի՞նչ պետք ունիմ մեկուն մեկալին փիճը նայելու… եթե քիչ մը դրամ տալ ուզեցի նե՝ ան ալ պարզապես խղճիս դիպավ, անոր համար էր. արդեն եթե ինծի մնար, գուցե չէի ըներ, բայց կինս շատ պնդեց, ես ալ չդիմացա, ահա եղելությունը, ուստի կաղաչեմ, խոսքը կարճ կապենք, հոս գործի տեղ է, և ամեն մարդ զբաղում ունի, դուն ալ, քանի որ կսես թե գործի տեր ես, ել գործիդ գնա ու ա՛լ չխոսինք ասոր վրա։

– Նախ ըսեմ, որ ես ինքնաբերաբար չեկա, այլ դուք տերտերը ղրկեցիք ու խնդրեցիք, որ գամ։ Հետո, Ղուկաս էֆենտի, լավ մտիկ ըրեք, մենք թեթևորեն ճամփա չենք ելած և ըրածնիս գիտենք։ Դուք որչափ ալ ուրանաք թե այդ զավակը ձերը չէ, մենք կրնանք այդ մասին վկաներ հանել ձեր դեմը, նախ՝ կա աղջկան վկայությունը, հետո Միքայել աղան, զոր խոստովանցուցած և իր խոստովանանքն ալ քանի մը անձերու ներկայության ստորագրել տված ենք. հետո կա նաև Վառվառին վկայությունը, որուն տունը կատարած եք ձեր բռնաբարումը, ասկե զատ նույնիսկ փնտռեցինք գտանք այն կառապանը, որ ձեզի մինչև Պոն Մառշեի քով առաջնորդած է այդ երեքշաբթի օրը. կտեսնաք, որ ամեն բան տեղն ի տեղոք գիտեմ կոր, և պետք եղած ատենն ալ կրնամ ապացուցանել, որովհետև բոլոր վկաները ձեռքիս մեջն են…

Սերգիս լռեց։ Վաճառականը այս անակնկալ հայտնություններեն շփոթած էր։ Հայտնի կերևար, որ երիտասարդը չէր ստեր, քանի որ իր ամեն ըսածները բացարձակ ճշմարտություններ էին և այդ պարագային վաճառականին դիրքը շատ կխախտեր, ուստի խոհեմություն համարեց լեզուն փոխել։

− Աղեկ,− ըսավ,− ենթադրենք որ հաջողած եք ինծի դեմ այդպես սուտ ու սխալ վկաներ ճարել և ես ալ իբրև ընտանիքի տեր, պատվավոր մարդ, չուզելով գայթակղության տեղի տալ, ձեզի հետ պիտի համաձայնիմ։ Ի՞նչ է ձեր պահանջումը…

− Տ. Կիրակոսը արդեն ձեզի իմացուցած ըլլալու է Էլպիս հանըմի և օր. Շուշանիկի ըսածները,− պատասխանեց երիտասարդը։

− Ի՞նչ, հինգ հարյուր ոսկի՞ կուզեք որ տամ, ո՞ւր տեսնված է ատանկ բան, զարմանալի բան…

− Կարծեմ թե, խեղճերուն պահանջումը չափազանց չէ, պետք [ 242 ] է մտածել, որ այդ գումարով թե մայրը պիտի ապրի և թե զավակը մեծնա ու կրթվի։

− Ինծի ի՞նչ…

− Ատիկա Վառվառին տունը երթալե առաջ մտածելու էիք:

Վաճառականը խոժոռ նայվածք մը ուղղեց երիտասարդին, իր հարուստի ու ազդեցիկ մարդու դիրքին հասնելեն ի վեր առաջին անգամն էր, որ մեկը կհամարձակեր իրեն դեմ այսպես անվերապահորեն խոսելու և Սերգիսի հանդգնությունը զինքը կշփոթեր այն աստիճան, որ չէր կրնար պետք եղածին պես իր խոսակցին բերնին չափը տալ։

Սերգիս զգաց իր դիմացինին հոգեկան վիճակը, վարանումը, որ գրեթե երկյուղի կհասներ։

− Ինծի նայե, Ղուկաս էֆենտի,− գոչեց ձայնը բարձրացնելով,− կամ այդ անմեղ աղջկան գոհացում կուտաս և կամ, վստահ եղիր, որ քու արժանավոր պատիժդ կստանաս։

− Կամաց խոսե, տղաս, քովի սենյակը մարդ կա, կիմանա,− ըսավ վաճառականը։

− Ես մեկե մը քաշվելու բան չունիմ, արդար դատ մը կպաշտպանեմ, հետևաբար կրնամ բարձրաձայն պոռալ,− գոչեց Սերգիս։

Ղուկաս էֆենտի ոտքի ելավ, սիկարեթ մը վառեց և սկսավ սենյակին մեջ վեր վար շրջիլ։ Ինչպես գիտենք, ամեն անգամ որ մտատանջություն մը ունենար կամ վերջնական որոշում մը տալու հարկին ներքև գտնվեր, այս էր բնական շարժումը։

Սերգիս իր աթոռին վրա, լռին սպասեց այդ երթևեկության արդյունքին։ Վերջապես կանգ առավ։

− Ինծի նայե,– ըսավ,– ես պատվավոր մարդ մըն եմ և մինչև հիմակ ալ միմիայն իմ պատվիս համար ապրած եմ և ասկե ետքն ալ չեմ ուզեր, ոևէ արատ մը գա անունիս, ուստի աս խնդիրք մեջտեղեն վերնալու է, կհասկընա՞ս…

− Ճիշտ ես ալ ձեզի պես կմտածեմ, − պատասխանեց երիտասարդը։

− Ուրեմն, քանի որ դուն իբրև այդ ընտանիքին պաշտպանը կմիջնորդես կոր, քեզի վերջին խոսք մը ունիմ… երեք հարյուր ոսկի կուտամ:

− Հինգ հարյուր,- պատասխանեց երիտասարդը։

− Փարա մը ավելի չիկա։

− Ուրեմն մնաք բարով։ [ 243 ] Եվ Սերգիս ոտքի ելավ։

− Չորս հարյուր ոսկի,− գոչեց վաճառականը։

− Հինգ հարյուր,− ըսավ մյուսը անդրդվելի կերպով, միշտ մեկնելու դիրքին մեջ։

− Վաղը աղջիկը առ հոս եկուր,− պատասխանեք Ղուկաս էֆենտի։

− Շատ աղեկ,− ըսավ Սերգիս,− արդեն վստահ էի, որ ի վերջո պիտի համոզվեիք։

Հետևյալ առտու երիտասարդը վերադարձավ գրասենյակ, Շուշանիկի ընկերակցությամբ։

Բռնաբարման օրեն ի վեր Ղուկաս էֆենտի չէր տեսած իր զոհը և պահ մը հիացումով դիտեց մանկամարդ աղջիկը, որ ավելի թարմ ու գեղեցիկ կթվեր իրեն։ Սակայն Շուշանիկ շատ պաղ ու չոր վերաբերում մը ցույց տվավ իրեն հանդեպ։ Հազիվ գլխու շարժումով մը բարևած էր վաճառականը և նստած էր աթոռի մը վրա, առանց խոսք մը արտասանելու։

− Հիմա,− ըսավ Ղուկաս էֆենտի, խոսքը Սերգիսի ուղղելով,− օրիորդը ինծի թուղթ մը կստորագրե, հայտարարելով, որ ինք ոևէ հարաբերություն մը չէ ունեցած ինծի հետ և թե զավակը ուրիշ անձե մը ունեցած է և ես ալ իրեն հինգ հարյուր ոսկին կհանձնեմ։

Երիտասարդն արդեն գուշակած էր վաճառականին կողմե ըլլալիք առաջարկը, մանավանդ որ նույն պահանջը ըրած էր Տ. Կիրակոս իր այցելության միջոցին, ուստի անմիջապես պատասխանեց.

− Թեև այդպիսի հայտարարություն բացարձակ ստություն մըն է, այսուհանդերձ խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար օրիորդը հանձն կառնե ստորագրել։

− Ուրեմն թուղթ պատրաստենք,− ըսավ Ղուկաս էֆենտի, որ ժամ առաջ կուզեր օձիքը ազատել։

Թուղթը շուտով պատրաստվեցավ և ստորագրվեցավ, և Ղուկաս էֆենտի համրեց հինգ հարյուր ոսկին։

− Այս դրամը,− ըսավ, այս անգամ խոսքը Շուշանիկի ուղղելով,− կհուսամ որ այլևս քու զավակիդ ապագան կապահովե և քեզի ալ միջոց կուտա պատվավոր կերպով ապրելու։

Աղջիկը չպատասխանեց, բայց ատելությամբ լի ակնարկ մը ուղղեց վաճառականին։ [ 244 ] Երբ երիտասարդն ու մանկամարդ աղջիկը հեռացան, Ղուկաս էֆենտի հառաչ մը արձակեց։

− Հինգ հարյուր ոսկի, շատ չէ՞ ի փոխարեն տրված հաճույքին համար,− խորհեցավ ինքնիրեն։

Բայց մեծ մտատանջությունե մը ազատած էր և ասիկա զինքը մխիթարեց։

Երկու ամիս ետքը, իրիկունը, երբ տունը նստած լրագիր կկարդար, լուր մը իր ուշադրությունը գրավեց.

«Առջի օր, Ֆերիգյուղի եկեղեցիի մեջ տեղի ունեցավ Սերգիս էֆենտի Սմբատյանի ամուսնությունը օր. Շուշանիկ Սահակյանի հետ։ Սերգիս էֆենտի պարկեշտ ու գործունյա երիտասարդ մըն էր, որ ինքնօգնությամբ հառաջացած է և այսօր փայլուն դիրք մը կգրավե անգլիական կարևոր հաստատության մը մեջ, իսկ օր․ Շուշանիկ Սահակյան գեղեցիկ ձիրքերով օժտված շնորհալի օրիորդ մըն է, որ պատիվ կբերե իր սեռին։ Մեր շնորհավորությունները կմատուցանենք նորապսակ ամոլին»։

− Փարաները համրած ատենս այս բանը մտքես անցավ,− ըսավ ինքնիրեն Ղուկաս էֆենտի։

ԳԼՈՒԽ ԺԳ

Թերթը մոռցած էր հիշատակել պարագա մը, այսինքն թե Սերգիսի և Շուշանիկի կնքահայրը եղած էր Գարեգին, որ Սերգիսի ջանքերուն և դիմումներուն վրա, քանի մը ամսե ի վեր ընդունված էր այն հաստատության մեջ, ուր ինք կաշխատեր։

Անգլիացի տնօրենը զինքը ընդունելով՝ ըսած է։

− Հազիվ քանի մը ամիս պիտի մնաս Պոլիս, մինչև որ մեր գործերուն քիչ մը ծանոթանաս, հետո քեզ պիտի ղրկենք Պեյրութ, ուր իբր տնօրեն քանի մը տարի պիտի անցնես։

Գարեգին այս պայմանը սիրով ընդունած էր, մանավանդ որ Սերգիս ըսած էր իրեն թե դուրս զրկվելու ատեն ամսականի կարևոր հավելում մը պիտի ունենա։

Շնորհիվ իր բնական ճարպիկության ու Սերգիսի փորձառու խորհուրդներուն, քանի մը ամիս ետքը այնքան վարժվեցավ իր գործին մեջ, որ իրիկուն մը տնօրենը զինքը կանչելով հայտարարեց․

− Թեև մեր դիտավորությունը ձեզ քանի մը ամիս ևս մեր քով պահելն էր, որպեսզի կատարելապես ծանոթություններ ստանաք [ 245 ] մեր գործառնությանց մասին, սակայն կտեսնենք, որ դուք այսօրվնե իսկ կարող եք մեզի օգտակար ըլլալ Պեյրութի մեջ, ուստի որոշեցինք, որ տասնըհինգ օրեն ձեզի հոն ղրկենք իբրև մեր տան ներկայացուցիչը. ուստի ձեր պատրաստությունները տեսեք։

− Շատ աղեկ,− պատասխանեց Գարեգին, դուրս ելլելով։

Տնօրենին որոշումը թե զինք ուրախացուցած և թե միանգամայն արամեցուցած էր։ Ուրախ էր, մտածելով որ իր մեծերը գոհ են իրմե և քիչ ժամանակի մեջ զինքը կառաջացնեին գործին մեջ, սակայն Պոլսեն մեկնումը և երթալը օտար ու անծանոթ քաղաքի մը մեջ հաստատվիլը դժվարին կուգար իրեն։

Իրիկունը երբ պաշտոնատեղին մեկնեցավ Սերգիսի հետ, երիտասարդը իր բարեկամին հաղորդեց տնօրենի ըսածները։

− Ուրեմն աչքդ լույս,− գոչեց Սերգիս,− քանի մը տարի կմնաս հոն ու անկե ետքը բոլորովին կհաստատվիս այս ընկերության մեջ։

− Այո, բայց այդ անծանոթ քաղաքի մեջ առանձին քիչ մը դժվար պիտի ըլլար ապրիլը։

− Իրավ է որ պիտի նեղվիս, բայց հոգ չէ, կվարժվիս, տես՝ ես ինչպես վարժվեցա, մանավանդ որ Պեյրութ գեղեցիկ քաղաք մըն է և օդն ալ շատ առողջ։

Երկու բարեկամները խոսակցելով մտան գարեջրատուն մը։

Սերգիս տեղեկություններ ավավ Պեյրութի վրա և այնտեղի կյանքը նկարագրեց։

− Եթե ամուսնացած ըլլայիր, շատ հաճելի կերպով կրնայիր ապրիլ, բայց ամուրիի մը համար բնականաբար քիչ մը նեղացուցիչ է,– եզրակացուց։

Հետո հանկարծ գոչեց։

− Եթե ես քու տեղդ ըլլամ, տասնհինգ օրվան մեջ կամուսնանամ ու կնոջս հետ կմեկնիմ… շատ իմաստուն գործ մը ըրած կըլլաս։

− Ամուսնանալ, բայց որո՞ւ հետ։

− Սաթենիկին հետ,− պատասխանեց Սերգիս։

Գարեգին բարեկամին երեսը նայեցավ ու կարմրեցավ։

− Ի՞նչ խենթ խոսքեր կընես,− մռմռաց քթին տակեն։

− Խե՞նթ մի, ընդհակառակը, շատ խելացի խոսք է և կարծեմ դուն ալ չպիտի մերժես, եթե մեկը այդ մասին բարեկամաբար միջնորդե, և այդ միջնորդությունը ընելու ես պատրաստ եմ։ [ 246 ] Գարեգին իր բարեկամին խոսքերեն հայտնապես հուզված էր։ Այդ ամուսնական խորհուրդը ու հանկարծական առաջարկությունը զինքը վեր ի վար շրջած էր․․․

Ֆերիգյուղի ծանոթ գայթակղութենեն ի վեր Գարեգին այլևս Սաթենիկի հետ չէր բնակեր։ Խեղճ կինը իր փոքրիկ աղջկան հետ այրի կնոջ մը տունը տեղավորված էր, սենյակին մը մեջ, որուն վարձքը Գարեգին ու Սերգիս կես առ կես կվճարեին։ Գարեգին երբեմն կերթար այցելել իրեն և կրցած ձեռնտվությունը կշարունակեին ընել անոր։

Սաթենիկի բաժնվելեն ի վեր Գարեգին հույն ընտանիքի մը տունը սենյակ վարձած էր, սակայն այդ բաժանումը շատ ծանր եկած էր իրեն և ան ատեն հասկցած էր, թե այրի կնոջ մասին տածած զգացումը զուտ բարեկամական չէր, այլ սիրտն ալ իր բաժինն ուներ։ Սակայն ասիկա, որ իրեն համար գրեթե հայտնություն մը եղած էր, ջանացած էր ծածկել իր ներսիդին։

Երբեք այդ մասին ակնարկություն մը անգամ չէր ըրած իր մտերիմին և ասոր համար հանկարծ շփոթեցավ, երբ որ Սերգիս Սաթենիկի հետ ամուսնության խոսքը նետեց մեջտեղ։

Երիտասարդը թեթևորեն չէր, որ այդ առաջարկը ըրած էր։ Հակառակ Գարեգինի գաղտնապահության, կռահած էր իր բարեկամին հոգեկան վիճակը և հարմար առիթի մը կսպասեր՝ խոսք բանալու համար։ Եվ ահա այս ճամփորդությունը վրա գալով, ուզած էր օգտվիլ այդ պարագայեն՝ ուժ տալու համար խորհուրդի մը, որուն իրագործումը, համոզված էր, թե երջանկաբեր պիտի ըլլար, թե Գարեգինի և թե մանկամարդ այրիին համար։

− Այսպես ուրեմն,− շարունակեց իր խոսքը,− անմիջապես այդ խնդիրը կկարգադրենք, պարզ պսակ մր կընենք, առանց ավելորդ ծախքերու, հետո շոգենավ նստելնուդ պես կելլեք կերթաք և այն ատեն կրնաս վստահ ըլլալ, որ երջանիկ կյանք մը պիտի կրնաս անցնել Պեյրութի մեջ։

Գարեգին չպատասխանեց, իր առջև գտնված գարեջուրի գավաթը պարպեց, պահ մը մտախոհ մնաց և հետո հարցուց.

− Լրջորե՞ն կխոսիս, թե կատակ կընես կոր։

− Ի՞նչպես կրնաս ենթադրել, որ թեթևորեն խոսիմ տիկին Սաթենիկի պես կնոջ մը մասին, ինչ որ կըսեմ՝ կատարելապես լուրջ է և վստահ եմ, որ այս առաջարկս ալ քեզի ներքնապես գոհունակություն կպատճառե։ [ 247 ] − Ինչե՞ն գիտես,– ըսավ Գարեգին, թեթև ժպտելով։

− Քիչ մը հոգեբան եմ,– պատասխանեց Սերգիս,− մանավանդ բարեկամներուս մասին։

Եվ երիտասարդը սկսավ թվել բոլոր այն առավելությունները, որոնք առաջ պիտի գային այսպիսի ամուսնութենե մը։ Նախ՝ Գարեգին կսիրեր Սաթենիկը, ասիկա չէր կրնար ուրանալ և իրավ ալ Գարեգին չուրացավ−և հավանորեն Սաթենիկ ալ անտարբեր չէր երիտասարդին մասին։ Բավական ատեն իրարու հետ ապրած ըլլալով, զիրար լավ ճանչցած ու իրարու հատկությունները գնահատած էին, այնպես որ իրենց ամուսնության մեջ հուսախաբ ըլլալու երկյուղը չունեին։ Ու, հետո, տիկին Սաթենիկ կատարյալ տանտիկին մըն էր, որ ոչ թե բեռ մը պիտի ըլլար իր ամուսնույն, այլ անոր համար խնայողության միջոց մը․․․Վերջապես Սերգիս իր բոլոր պերճախոսությունը թափեց, համոզելու համար Գարեգինի, որ արդեն, ինչպես ըսինք, սրտին խորեն հակառակ չէր ամուսնական ծրագրի մը։

− Եվ սակայն միջոցը շատ սուղ է,− առարկեց իր բարեկամին,− ինչպե՞ս երկու շաբաթվա մեջ կրնանք պատրաստվիլ, ամուսնանալ և մեկնիլ։

− Այդ մասին անհոգ եղիր,− պատասխանեց Սերգիս,− ես կտեսնվիմ տնօրենին հետ և հրաման կառնեմ շաբաթ մը հետաձգելու ճամփորդությունդ, նույնիսկ ամուսնական բացառիկ ծախքերուդ համար կրնանք ամսականներուդ ի հաշիվ գումար մըն ալ ուզել, զոր հոժարակամ կվճարեն։ Նույնիսկ եթե պետք ըլլա։ Ես քեղի փոխատվություն մը կընեմ։

Գարեգին երախտագիտությամբ իր բարեկամին նայեցավ։

− Շնորհակալ եմ քու պատրաստակամութենեդ,− ըսավ,− միայն թե նույնիսկ եթե վայրկյան մը լրջորեն նկատողության առնենք այս ամուսնության խորհուրդը, դարձյալ միայն խնդիրը մեզնով չլմննար, պետք է նաև, որ Սաթենիկի հավանությունն ալ ունենանք։

− Ատիկա ինծի թող, ես կկարգադրեմ, նախ դուն քու որոշումդ տուր, վերջնական, անդառնալի որոշումդ։

Եվ Սերգիս կրկին սկսավ իր բարեկամը համոզել, որպեսզի անմիջապես իր որոշումը տա։ Ի վերջո՝ Գարեգին՝ հաղթահարյալ գոչեց. [ 248 ] − Լավ, քեզի լիազոր իշխանություն կուտամ երթալ տիկին Սաթենիկը տեսնել և հարկ եղածը խոսիլ։

- Վաղն առտու իսկ անոր տունն եմ,− հայտարարեց Սերգիս։

Հետո, վախնալով որ գուցե Գարեգին մինակ մնալով միտքը կփոխե, ստիպեց ու զայն միասին տուն տարավ։

Շուշանիկի հետ ամուսնանալեն ի վեր Սերգիս Բերայի մեջ փոքրիկ տուն մը վարձած ու կահավորած էր, ուր երջանիկ կյանք մը կվարեր իր մանկամարդ կնոջ հետ, որուն նորածին զավակն ալ որդեգրած էր։ Հինգ հարյուր ոսկին, զոր առած էր Ղուկաս էֆենտիեն, ամբողջովին եվրոպական դրամատուն մը դրած էր մանուկին անունին, որպեսզի իր չափահասությանը իրեն տրվի, տոկոսովը միասին։ Գարեգին հաճախ կերթար իրենց տունը, ուր իբրև ամենամտերիմ բարեկամ կընդունվեր։

Այդ իրիկունը մանավանդ Շուշանիկ շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ, երբ իր ամուսինեն լսեց Գարեգինի տված որոշումը։ Սաթենիկի պատմությունը լսած էր ինք, նույնիսկ մեկ քանի անգամ ալ այցելություն տված էր այրի կնոջ, որուն ձեռագործ աշխատություններ կհայթայթեր իր նախկին հաճախորդներուն հանձնարարելով զայն։

Ինքնաբերաբար ուզեց, որ ինքն ալ ընկերանա Սերգիսի, երթալ տիկին Սաթենիկի ձեռքը ուզելու Գարեգինին համար։

− Այս տեսակ դիմում մը էրիկ մարդ մը առանձին չի՛ կրնար ընել, երբոր ամուսնացած է,− դիտել տվավ։

Գարեգին շնորհակալությամբ ընդունեց իրեն ընծայված այս ծառայությունը։

Երիտասարդը կեսգիշերին մոտ մեկնեցավ իր բարեկամին տունեն, հետևյալ օրվան ժամադիր ըլլալով։

Ինչպես արդեն գրեթե վստահ էր Սերգիս, տիկին Սաթենիկ առանց դժվարության ընդունեց իրեն եղած առաջարկը։ Երեք շաբաթվան մեջ ամուսնական բոլոր պատրաստությունները տեսնվեցան և հինգշաբթի առտու մը Գարեգին Երրորդության եկեղեցիին մեջ պսակվեցավ այրի տիկին Սաթենիկ Ամասյանի հետ և նույն երեկոյին Մեսաժեռի շոգենավով մեկնեցավ Պեյրութ, հետը տանելով նաև Սաթենիկի փոքրիկ աղջկան՝ Սիրվարդ, որ բոլորովին ապաքինված՝ գունագեղ աղվոր աղջիկ մըն էր հիմակ։

Գարեգին պարտք համարած էր իր ամուսնության առթիվ հրավիրագիր ղրկելու նաև իր նախկին վարպետին՝ Քերովբե էֆենտիի [ 249 ] և անձամբ ալ ներկայանալով՝ իր նոր պաշտոնը ծանուցած և միանգամայն տեղեկություններ տված էր Սաթենիկի մասին, խնդրելով, որ անպատճառ պսակին ներկա գտնվի:

Քերովբե էֆենտի գոհունակությամբ ընդունած էր իր նախկին պաշտոնյային հրավերը, նույնիսկ հարսանիքի օրը ծանրագին մատանի մը նվիրած էր հարսին, ուզելով այսպես ամոքել այն խղճի խայթը, զոր տակավին կզգար, Ղուկաս էֆենտիի դրդումովը հավատարիմ պաշտոնյա մը ճամփու դնելուն համար։

Նույն իրիկունն իսկ հանդիպեցավ վաճառականին՝ Թոքաթլյանի սրճարանը և գնաց պահ մը քովը նստելու, անոր հրավերին վրա։

Ղուկաս էֆենտի զվարթ տրամադրության մեջ էր։

− Եկուր, Քերովբե էֆենտի, քեզի հետ այս իրիկուն մեյ մեկ օղի խմենք,− ըսավ, քովի պարապ աթոռը ցուց տալով։

− Ամենայն հաճույքով։

− Այս ցերեկ քեզ տեսնել ուզեցի, մարդ ղրկեցի գրասենյակ, լուր բերին՝ որ զործի չես իջեր․․․

− Այո, էֆենտիս, այսօր հարսանիք մը ունեինք։

− Ի՞նչ հարսանիք։

− Էֆենտիս, մեր նախկին պաշտոնյաներեն երիտասարդ մը, սա կհիշեք՝ ուր է մեկը կար քովս և ձեր պատվերին վրա ճամփեցի․․․ Գարեգինը։

− Էյ, հա, միտքս ինկավ, սա Ֆերիգեղ գեշ կնիկ մը առած նստած էր, սա սրիկան…

− Կներեք, Ղուկաս էֆենտի, բայց ես այդ տղուն վրա մինչև հիմա սրիկայություն մը չեմ տեսած։

− Ինչ որ է, հիմա ատիկա խնդիր չէ, ի՞նչ է եղեր այդ էտեպսիզը։

− Քանի մը օր առաջ եկավ զիս գտավ, անգլիական հաստատության մը մեջ կարևոր պաշտոն մը առեր է, Պեյրութ պիտի երթա հաստատվի եղեր քանի մը տարի։

− Երթա բարով։

− Միայն թե երթալեն առաջ ուզեր է ամուսնանալ…

− Ատանկ անբարոյական մարդուն ո՞վ աղջիկ կուտա։

− Վերջապես չերկնցնեմ, զիս անպատճառ հարսանիքի հրավիրեց, չկրցա մերժել, մանավանդ որ չորս տարի ալ քովս աշխատած և միշտ գոհ էր թողուցած զիս․․․ պսակը ցերեկը կատարվեցավ [ 250 ] Երրորդության եկեղեցին, կեսօրեն ետքն ալ շոգենավ գացին ու մեկնեցան։

− Որո՞ւն աղջիկն է առածը,− հարցուց Ղուկաս էֆենտի անտարբեր ձևով մը։

− Որբևայրի մըն է, շատ շնորհքով երիտասարդուհի մը կերևա կոր, Սաթենիկ Ամասյան է եղեր անունը, յոթը տարեկան ալ հրեշտակի պես աղջիկ մը ունի։

− Հասկցա, հասկցա,− գոչեց Ղուկաս էֆենտի ուժգնորեն,− բայց ամուսնանալու ի՞նչ պետք ուներ, քանի որ առած նստած էր այդ բոզը…

Քերովբե էֆենտի հայտնապես նեղացավ իր խոսակցին այս նախատալից խոսքերեն և զղջաց այդ ամուսնության խոսքը բացած ըլլալուն համար ու ալ խոսքը առաջ չտարավ։

Ղուկաս էֆենտի եզրակացնելու համար ըսավ.

− Ինչ որ է, իրար աղեկ գտեր են, թենճիրե յուվարլանմբըշ քափաղընը պուլմուշ։

Եվ սակայն այս ամուսնությունը կտրտմեցներ զինքը, իրեն դեմ ցույց մը կնկատեր զայն և այդ միության պատճառավ ինքզինք կերպով մը պարտված կնկատեր։

Ինչպե՞ս կարելի է որ իր հալածած անձերը կարենային հաջողիլ ու ապրիլ, միթե ասիկա պզտիկություն մը չէ՞ր իրեն համար։

− Այսպես ուրեմն, այդ տեսակ բարի ծաղիկները կհովանավորես ու կպաշտպանես, Քերովբե էֆենտի,− ըսավ իր բարեկամին դառնալով։

Խեղճ Քերովբե էֆենտի պարտավորվեցավ իր «հանցանքը» թեթևցնելու համար մեղմացուցիչ պարագաներ փնտռել չբորբոքելու համար վաճառականին բարկությունը, որուն միշտ տալիքվոր էր։ Բայց, ինչպես ըսինք, նույն օրը Ղուկաս էֆենտի զվարթ տրամադրության մեջ էր, հետևաբար ներողամիտ գտնվեցավ և իր կծու ակնարկությունները դադարեցնելով, սկսավ ուրիշ նյութերու վրա խոսիլ։

Առջի օրվընե ի վեր ամուրիի կյանք մը սկսած էր ապրիլ։ Տիկ. Թագուհի մեկնած էր Փարիզ իր աղջկան՝ Ռոզիկի քով, որ իր հղիությունը հայտնելով խնդրած էր մորմեն երթալ իր մոտ անցնել վերջին մի քանի ամիսները։ Իսկ փոքր աղջիկն ու մանչը՝ մին Հոմ Սքուլ, մյուսն ալ Ռոպերթ Քոլեճ կգտնվեին։ Այս առանձնությունն էր ահա, որ զինքը կզվարթացներ, քանզի որոշած էր օգուտ քաղել [ 251 ] իր ազատութենեն, շռայլ կյանք մը վարելու համար, գոնե ժամանակ մը։ Նույնիսկ այնպես կարգադրած էր, որ իրիկվան կերակուրն ալ դուրսը ուտե, ավելի ազատ մնալու և ծառաներուն անհարկի հսկողութենեն խուսափելու համար։

Ղուկաս էֆենտի լսած էր, որ իր բարեկամը, Քերովբե էֆենտի, կարգ մը անխոստովանելի մոլություններ ուներ ու հիմակ, զայն իր քովը կանչելով, կհուսար զայն իրեն գործակից ընել իր մտադրած հաճույքի և ցոփության արշավանքին։

− Այս գիշեր եկուր, կերակուրը միասին այստեղ ուտենք,− առաջարկեց՝ երկու օղի ևս ապսպրելով։

− Բայց, էֆենտի, տունը չե՞ն սպասեր…

− Տունը մարդ չիկա, հիմա ամուրի կսեպվիմ,− պատասխանեց վաճառականը և իր բարեկամին պատմեց կնոջ մեկնումը։

Այս բացատրության վրա, Քերովբե էֆենտի հոժարակամ ընդունեց ճաշի հրավերը։

Վաճառականը կամաց-կամաց, զբոսնելու, իր ազատութենեն օգտվելու թաքուն խորհուրդները պարզեց և կարգ մը քողարկյալ ակնարկություններ ըրավ Քերովբե էֆենտիին, որ խնդալով ու կատակելով պատասխանեց։

Առատ գինիով ճաշե մը ետք երկու բարեկամները ալ բոլորովին բացված էին իրարու և որոշեցին նույն իրիկունը միասին անցնել, աղեկ քեֆ մը ընելու համար։

Այդ գիշերը Ղուկաս էֆենտի տուն չվերադարձավ, առտուն միայն եկավ մեկ երկու ժամ հանգստանալու և հետո գործին գնաց։ Քերովբե էֆենտի իրմե սպասված պաշտոնը մեծ հաջողությամբ կատարած էր, արժանանալով վաճառականին բարյացակամ գնահատությանց։

Հետևյալ օրը կրկին իրար գտան նոր արշավանքներ կազմակերպելու համար ու այսպես, ամիս մը, Ղուկաս էֆենտի սանձարձակ շվայտության կյանք մը վարեց։ Քերովբե էֆենտի իրեն անբաժան խորհրդակիցն ու գաղտնեկիցը եղած էր, ալ պատկառանքն ու ակնածանքը վերցած էր իրենց միջև և իրենց հարաբերությունները բացարձակորեն մտերմական հանգամանք մը առած էին։

Ղուկաս էֆենտիի հաճոյակատար առաջնորդը ուզեց օգտվիլ այս նորահաստատ մտերմութենեն և բավական մեծկակ գումար մը հաջողեցավ բրցնել վաճառականեն, իբրև փոխառություն։

Եվ սակայն օր մըն ալ Ղուկաս էֆենտի, ալ հափրացած այդ [ 252 ] կյանքեն, կամաց-կամաց խույս տվավ իր բարեկամին ընկերակցութենեն։

Մոռցված կիրք մը վերստին վառել կսկսեր իր ներսիդին։

Առտու մը, երբ գրասենյակը նստած ընթացիկ գործերով կզբաղվեր, քենին ներս մտավ իր փոքրիկ աղջկան հետ։

− Բարև, Ղուկաս էֆենտի,− ըսավ նստարանին վրա տեղավորվելով, մինչ աղջիկը կփութար ձեռք համբուրելու։

− Աստծո բարին, բարի եկար,− գոչեց վաճառականը զվարթ դեմքով,− աս ո՞ւր է, մեջտեղ չի կաս այսչափ ատեն․․․

− Ինչ ընեմ, քույրս տունը չէ որ գամ,− պատասխանեց կինը ժպտելով։

Ղուկաս էֆենտի վավաշոտ աչքերով սկսավ դիտել իր քենին, որ գրեթե երեք ամիսե ի վեր չէր տեսած և որ տարօրինապես գեղեցիկ ու գրավիչ կթվեր իրեն այդ միջոցին։

− Այս որչափ փոխվեր ես,− ըսավ։

− Ի՞նչ եմ եղեր…

− Գերցեր, վրա ես եկեր, գույնդ աղվորցեր է…

Հետո, հանկարծ արհամարհական շեշտով մը հարցուց։

− Մարդդ ի՞նչ կընե կոր, գործերը ի՞նչ ջուրի մեջ են:

− Ամա՜ն, Ղուկաս էֆենտի, մի հարցներ, շատ փորձանքներու մեջ ենք նորեն, արդեն շիտակը անոր համար եկա քեզ տեսնելու:

− Ի՞նչ եղավ որ,− հարցուց վաճառականը հոնքերը պռստելով:

Ճանըմ, պզտիկ գործ մը ուներ, ինչ է նե՝ գեշ աղեկ կերթայինք կոր, հույն մը ելավ դեմը, ընկեր ըլլալ ուզեց, իբր թե գործը ընդարձակելու համար, վերջապես՝ ըրավ-չըրավ համոզեց, գործի սկսան, մեյեր խաբեբա ավազակին մեկն է եղեր, թե գործը կործանեց և թե եղած քիչ մը դրամն ալ առավ փախավ…

− Էյ, ըսել է հիմա գործը դադրեցուցա՞ծ է…

− Հապա, տասնհինգ օր է տունը նստած է, ըսի որ գա քեզի տեսնա, չհամարձակվեցավ, խեղճը երես չունի որ գա։

− Շիտակը իրավունք ալ ունի երես չունենալու,– պատասխանեց վաճառականը։

− Հիմա, Ղուկաս էֆենտի, նորեն հույսս քու վրա մնաց, քենե զատ մեկը չունիմ, դուն մեզ պիտի փրկես այս վիճակեն։

− Ի՞նչ, կրկին քանի մը հարյուր ոսկի տանք, որ մեկուն մեկալին գողցնե՞։ [ 253 ] − Չէ, չէ, ես ալ աղեկ մը համոզված եմ, որ ինքն իր գլխին գործ կառավարելու կարող չէ… իրեն համար ամենեն հարմար է ամսականով պաշտոն մը, վաճառականի մը քով կամ ընկերության մը մեջ։ Իսկ եթե ուզես, կարող ես ատանկ գործ մը գտնել, այնչափ մարդ կճանչնաս, այնչափ ազդեցության ունիս հրապարակին վրա։

Եվ խեղճ կինը իր գեղեցիկ աչքերը հառեց վաճառականին, աղաչավոր ձևով մը։

«Որչափ գեղեցիկ է,− կմտածեր ինքնիրեն Ղուկաս էֆենտի,− և ես ինչ հիմարություն ըրի մեկ երկու աղտոտ կիներու ետևեն վազելով, երբ ձեռքիս տակ ասանկ ապրանք մը կար»։

Հետո հանկարծ, դիվային ծրագիր մը հղացավ, որ սակայն չուզեց մեկեն հայտնի ընել։

Ճանըմ,− ըսավ ողոքիչ ձայնով մը,− ի՞նչ գործ կրնա ընել էրիկդ, ոչ ուսմունք ունի, ոչ օտար լեզու գիտե, գոնե ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն գիտնար, աղեկ տետրակ բռներ, աչքը բաց ըլլար, բան մը կընեինք, բայց ատոնցմե ոչ մեկը գիտե, ես ի՞նչպես կրնամ զինքը մեկու մը հանձնարարել…

− Ղուկաս էֆենտի, դուն ուզես նե՝ բան մը կընես, մեր փնտռած գործը մեծ բան մը չէ, ապրելու չափ ամսական մը ըյլա՝ կբավե, էրիկս ալ այսչափ տարի է հրապարակին վրա է, քիչ շատ խելքը գործի կհասնի… իրմե պակաս բան գիտցողները այսօր աղվոր գործերու մեջ են, պաշտպաններու շնորհիվ։

− Կեցիր նայինք, բան մը մտածենք․ շիտակը ըսե՞մ, ես այդ ուղուրսուզ մարդուն բնավ բան մըն ալ ընել չեմ ուզեր, բայց ի՞նչ ընեմ, որ ղդուն կաս մեջտեղը և քեզի համար ամեն զոհողություն հանձն կառնեմ կոր։

− Շնորհակալ եմ, ես ալ այդպես ըլլալը գիտնալուս համար ելա եկա։

Ղուկաս էֆենտի մտածկոտ կերպարանք մը առավ, իբրև թե փրկության ճամփա մը գտնելու համար, հետո ըսավ.

− Պոլսո մեջ դժվար պիտի ըլլա գործ մը գտնել, հոս թե դրամը քիչ կվճարեն և թե շատ խստապահանջ են, ասկե զատ չեմ ուզեր որ իմ ծանոթներուս քով պզտիկ մնամ…

Հետո՝ կրկին մտածումի մեջ ինկածի պես,− էրիկդ դուրս տեղ մը ըլլա նե՝ կերթա՞… սանկ մոտիկ տեղ մը։

− Աղեկ ամա, Ղուկաս էֆենտի, այն ատեն մենք ալ միասին երթալու ենք տունով տեղով։ [ 254 ] Ճանըմ, դուն հիմակուհիմա հոս կմնաս, ան թող մինակ էրթա, հինգ վեց ամիս մնա, գործին մեջ հաստատվի, ետքը դուն սւղջիկդ կառնես կերթաս։

− Իրավ որ, ես վերջնական բան մը չեմ կրնար ըսել. պետք է որ իրեն իմաց տամ, բայց կհուսամ, որ կընդունի, եթե ամսականը շնորհքով բան մը ըլլա։

− Ինչո՞ւ չպիտի ընդունի եղեր, մարդ ապրուստ ճարելու համար մինչև Ամերիկա կերթա կոր․․․ ասկե զատ իրեն կհասկցնես, որ Պոլսո մեջ գործ չեմ կրնար գտնել, ասիկա թող գլխուն մեջ դնե․ եթե դուրս տեղ մը երթալ ուզե, գուցե կհաջողիմ բան մը ընել, բայց խոսք չեմ տար, ձեռքես եկածը կընեմ։

− Լավ,− պատասխանեց քենին՝ ճարահատ,− այս իրիկուն իրեն հետ կխոսիմ և վաղը պատասխանը կբերեմ։

− Ես ալ քու խաթերդ համար ձեռքես եկածը կընեմ և անպատճառ կջանամ աղեկ գործ մը գտնալ մոտ տեղ մը։

Ղուկաս էֆենտի հետո սկսավ կատակաբանել իր քենիին հետ, զայն կրկին շողոքորթել իր գիրության ու գեղեցկության համար, մինչ խեղճ կինը կջանար վերջ մը դնել այդ խոսքերուն, իր ակնարկովը ցույց տալով փոքրիկ աղջիկը, որ արթուն ու չարաճճի, մտիկ կըներ փոխանակած խոսքերուն։

Սակայն վաճառականը հետզհետե գրգռված, չէր կարող զսպել ինքզինքը, ոտքի ելած էր և կնոջ աոջևը կանգնած՝ ձեռքերովը կջանար անոր կուրծքն ու թևերը շոշափել, իբրև թե հագուստին վրա եղած փոշիները վար տալու համար։

Կինը ոտքի ելավ մեկնելու համար, բայց Ղուկաս էֆենտի ստիպեց, որ մնա։

− Կեցիր, ցերեկվան ճաշը միասին ընենք,− աոաջարկեց,− արդեն ժամը տասներկուքին մոտեցավ։

Հրավերը կարելի չէր մերժել, կրնար էֆենտին բարկանալ, և այդ միջոցին, ուր անոր բարյացակամությանը պետք ուներ, պետք չէր ոևէ կերպով անհաճո ըլլալ իրեն, ուստի խեղճ կինը պարտավորվեցավ կրկին նստիլ և աչք գոցել վաճառականին հայրատ խոսքերուն ու շարժումներուն։

Կեսօրին գացին ճաշելու և հետո քենին մեկնեցավ, հետևյալ օրը գալու խոստումով։

Ղուկաս էֆենտի զայն ճամփու դնելե ետքը ինքիրեն կմտածեր։

− Այդ հերիֆը տեղ մը կղրկենք, քանի մը ամիս հոս ժամանակ [ 255 ] կանցնենք, մինչև մերինին Փարիզեն գալը… ինչպե՞ս առաջ այս խելքը չըրի։

Գալով գործի մասին, Ղուկաս էֆենտի շուտով այդ խնդիրն ալ կարգադրեց։ Ուղղակի գնաց իր բարեկամին՝ Քերովբե էֆենտիի գրասենյակը և ըսավ.

− Դուն կարծեմ Սամսոնի մեջ գործ մը հաստատած ես․․․

− Այո,− պատասխանեց Քերովբե էֆ․,− գործակալ մը ունիմ, որուն միջոցով ապրանք կառնենք ու կծախենք։

− Գո՞հ ես իրմե։

− Այո, քանի մը տարի է գործիս մեջն է և միշտ հավատարիմ գտնված է։

− Օգնականի պետք չունի՞։

− Ղուկաս էֆենտի, օգնականը ի՞նչ պիտի ընե, արդեն եղած գործը ի՞նչ է որ․․․

− Չէ, ես ձեռքիս տակ մեկը ունիմ տե՝ անպատճառ գործի մը դնել կուզեմ կոր, սանկ 8−10 ոսկի ամսականով։

− Ութը տաս ոսկի՜,− գոչեց Քերովբե էֆենտի,− այդչափ դրամ ո՞վ կրնա տալ։

− Դուն ատ ըսած մարդուս գործ մը ստեղծե տե՝ դրամի խնդիրը դյուրին է։

− Եթե երկու երեք ոսկի ամսականով գոհ ըլլա, ինչ որ է, ձեր խաթերը համար՝ ղրկենք, թեև ավելորդ մարդու պետք չունիմ։

− Լավ, լավ, դուն երեք ոսկին տուր, յոթը ոսկին ալ ես կուտամ, կլմննա։

− Ատոր ըսելիք չի կա։

− Ուրեմն համաձայնեցանք, այնպես չէ՞։

− Կարելի՞ է, որ ձեր փափաքը չկատարվի,− ըսավ Քերովբե էֆենտի, շողոմական ձայնով մը։

− Բայց,− շարունակեց Ղուկաս էֆենտի,− չըլլա որ մարդը կասկածի թե ես եմ ամսականը տվողը, դուն պիտի ըլլաս զինքը ղրկողը և միմիայն քու պաշտոնյադ պիտի համարվի։

− Հասկցա, հասկցա,− ըսավ Քերովբե էֆենտի, սակայն բան մը չէր հասկցած։

Ղուկաս էֆենտի այսպես գործը կարգադրելե ետքը, կվերադառնար սենյակ։

Հետևյալ առտու քենին նորեն կուգա։

− Ի՞նչ լուր,– կհարցնե վաճառականը։ [ 256 ] − Ըսածներդ հաղորղեցի էրկանս, համոզվեցավ, պատրաստ է դուրս տեղ մը երթալու, միայն թե շատ հեռու չըլլա, օդը լավ ըլլա և ամսականն ալ ոչինչ բան մը չըլլա։

− Այդ որքա՞ն պահանջում,– գոչեց Ղուկաս էֆենտի խնդալով,– ամեն մարդուն իր կարողությանը չափ կվճարեն․․․

− Անանկ է, բայց վերջապես պետք է որ ապրվինք, մուրացկանի պես չենք կրնար ապրիլ, վերջապես էրիկս ալ քու քենակալդ է, մեր պատիվը ձեր պատիվը ըսել է․․․

− Այդ ճշմարիտ է,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, արդեն այդ պատիվը բարձր պահելու համար չէ՞, որ մինչև հիմա այնքան զոհողություններ ըրինք…

− Մենք ալ ատոր համար միշտ երախտապարտ ենք ձեզի։

− Ինչ որ է, հիմա այդ խնդիրները մեկ կողմ դնենք, ես երեկ շատ մը բարեկամներու դիմեցի, բերան ծռեցի, ասդին ինկա, անդին ինկա, վերջապես հաջողեցա մեկե մը խոստում մը առնել գործի մը մասին… բայց ամսականը շատ մեծ բան մը չէ, թեև էրկանդ պես մեկու մը համար նույնիսկ չափազանց է։

− Քանի՞ ոսկի է,− հարցոլց քենին հետաքրքիր աչքերով։

− Հիմակ ու հիմա տասը ոսկի։

− Տասը ոսկի՞ միայն,− գոչեց կինը հուսախաբ երևույթով մը,− բայց ինչպե՞ս կուզես որ ապրվինք այդ գումարով, մանավանդ որ ինք ուրիշ տեղ, մենք այստեղ պիտի ըլլանք և երկու ծախք պիտի ընե… եթե հոս գործ մը ըլլար, այդ ամսականով գոնե կրնայինք ապրվիլ։

− Հոս գործ չկա, ատկե հույսդ կտրե,− պատասխանեց Ղուկաս էֆենտի վճռաբար,− այս գործն ալ արդեն շատ դժվարավ գտա և ղրկողը միմիայն իմ խաթերս համար այդքան ամսական կվճարե կոր, եթե ոչ ընելիք գործը 4-5 ոսկի ամսականով բան մըն է…

Քենին չպատասխանեց այս խոսքերուն, տխուր երևույթ մը առավ, «օֆ» մը արձակեց սրտին խորեն և թաշկինակովը աչքերը սրբեց, որոնք սակայն թրջված չէին։

Վաճառականը ոտքի ելավ։ Մոտեցավ այն սև կաշվե բազմոցին, որուն վրա նստած էր կինը, ինքն ալ անոր քովը նստավ և ձեռքերը իր ձեռքերուն մեջ առնելով, ըսավ․

− Անուշիկս, ինչո՞ւ պարապ տեղը կտխրիս ու երեսդ կկախես… դուն նյութականին մասին բնավ հոգ ընելու պետք չունիս, [ 257 ] թող էրիկդ մեյ մը ելլե գործի երթա, անկե ետքը եթե այդ ամսականը չի բավե, ես քեզի պետք եղածը կուտամ, այդ մասին ես ամեն բան կարգադրած եմ…

— Ո՞ր կողմն է գործը,— հարցուց կինը առանց վաճառականին խոսքերուն պատասխանելու։

— Հոս, մոտ տեղ մը, Սամսոն, մեկ օրվան ճամփա է, ծովեզերյա, օդը աղվոր, աղեկ քաղաք մը․․․ որչափ մարդիկ կան, որ հոգի կուտան գործ մը ձեռք ձգելու համար։

Քենին կրկին չպատասխանեց և պահ մը մտախոհ մնաց․ այժմ հայտնի կտեսներ իր քեռայրին ծրագիրը… ամուսինը հեռացնել, զինքը ձեռք ձգելու և քանի մը ամիս վայելելու համար, մինչև քրոջը՝ տիկին Թագուհիի վերադարձը։ Եվ այդ առժամյա հարճի դերը զինքը կընդվզեցուներ, թեև առաջին անգամ չէր, որ տեղի պիտի տար իր քեռայրին տռփական հետապնդումներուն։

— Քեզի Սարը Յար աղվոր տուն մը կբռնեմ, ամառըը հոն կանցնես, ես ալ շաբաթը քանի մը անգամ հյուր կըլլամ… թեև ամառը անցնելու վրա է, բայց վնաս չունի, մինչև հոկտեմբերի վերջը կրնանք նստիլ։

— Աս ըսածներդ կվայելե՞. մեջտեղ ելլա նե՝ ամեն մարդ ի՞նչ պիտի ըսե…

— Քա խենթ դուն ալ,— պատասխանեց Ղուկաս էֆենտի,— մինչև հիմա մեջտեղ ելա՞վ, որ ասկե ետքը ելլելուն կվախնաս կոր։

Հետո վերջ մը տալու համար կնոջ վարանումներուն, հանկարծ ըսավ.

— Հա, աղեկ միտքս ինկավ, այդ Սամսոնի գործը ստիպողական է, պետք է, որ էրիկդ այսօր վաղը գա, վաճառականին հետ համաձայնի ու անմիջապես մեկնի, որովհետև գործը երեսի վրա մնացած է եղեր, եթե չպիտի երթա, վաղը իմաց տալու եք, որ մարդուն քով պզտիկ չմնամ և իր ալ գործերը չվնասվեն։

Քենին լավ կզգար, որ բոլորովին Ղուկաս էֆենտիի ճանկին մեջն էր և թե հարկ էր համակերպիլ անոր քմահաճույքներուն։

— Շատ աղեկ,— պատասխանեց,— հիմա կերթամ զինքը կտեսնեմ և ըսածներդ կհաղորդեմ։

— Մանավանդ ջանա, որ զինքը համոզես, ասիկա պարզապես բախտ մըն է, որ դեմը ելավ, եթե մերժե, ալ ես չեմ կարծեր, որ այդպիսի գործ մը կրնանք նորեն գտնել։

— Պետք եղածը կխոսիմ իրեն։ [ 258 ] − Մեյ մը սա պոշ հերիֆը սըկե ճամփենք, ալ անկե ետքը դուն իմ աչքս նայե,− գոչեց վաճառականը և առանց ուշադրություն ընելու իր քենիին ընդդիմությանը՝ զայն թևերուն մեջ առավ և սկսավ համբուրել կատաղի տռփանքով մը։

Խեղճ կինը հազիվ կրցավ ինքզինքը փրկել այդ գիրկընդխառնումեն և վրան գլուխը շտկռտելով ինքզինքը դուրս նետեց գրասենյակեն։

Քանի մը ժամ ետքը, իրիկվան դեմ վաճառականին քենակալը եկավ, ներկայացավ Ղուկաս էֆենտիի, որ արդեն վստահորեն անոր կսպասեր։

Խեղճ մարդը ճարահատ կհավաներ Սամսոն երթալու։

Վաճառականը կարգ մը խրատներ ու խորհուրդներ տալե ետքը, նամակով մը զայն հանձնարարեց Քերովբե էֆենտիի, որ Ղուկաս էֆենտիեն ընդունած հրահանգին համեմատ ստիպեց Երանիկի ամուսինը, որ անմիջապես մեկնի Սամսոն, ուր իբր թե իր ներկայությունը անհրաժեշտ էր։

− Երկու օրեն պատրաստություններս կտեսնամ ու կմեկնիմ,− պատասխանեց մարդը։

− Երկու օրը չանցնի հա,− պնդեց Քերովբե էֆենտի և իբրև փոխադրության ու ճամփու ծախք հանեց տասը ոսկի տվավ։

Արդարև երկու օրեն ետք վաճառականին քենակալը շոգենավ մտավ ու մեկնեցավ։

Ղուկաս էֆենտի հասած էր իր նպատակին։

Անմիջապես փոքրիկ տուն մը վարձեց Սարը Յար և հոն փոխադրեց քենին՝ Երանիկ, անոր փոքրիկ աղջկան՝ Պերճուհիի հետ, որ տասնըմեկ տարեկան աղվոր աղջիկ մըն էր, մոր պես սև ու գեղեցիկ աչքերով։

Ալ անկե ետքը, շաբաթը գրեթե երեք գիշեր Ղուկաս էֆենտի Սարը Յար Երանիկի հետ կանցներ։

Առաջին օրերը հոմանիի այս կենցաղը ամոթ ու միանգամայն պժգանք կպատճառեր տիկին Թագուհիի քրոջ, որ ներքնապես չէր սիրեր Ղուկաս էֆենտին և տարփական հարաբերությունները կկրեր իբրև ապրուստի անհրաժեշտ միջոց մը։ Բայց կամաց-կամաց վարժվեցավ իր տարփածուի դերին, մանավանդ, որ քեռայրն ալ ամեն միջոց գործ կդներ հաճելի դարձնելու համար այդ նոր կյանքը։

Ղուկաս էֆենտի, որ ընդհանրապես ագահ ու արծաթապաշտ էր, տռփական հաճույքներուն համար շատ առատաձեռն կդառնար [ 259 ] և երբեք դրամը չէր խնայեր։ Այսպես, Երանիկ անսովոր պերճությամբ կյանք մը կվարեր Սարը Յարի մեջ։ Խոհարար մը և սպասուհի մը ուներ իր հրամանին տակ և ամեն անգամ, որ վաճառականը կուգար, ճշմարիտ խնջույքներ կսարքվեին տան մեջ։ Իր արդուզարդին համար ուզածին չափ դրամ կստանար քեռայրեն։ Բոլոր այս պերճանքը, որուն ախը կքաշեր տարիներն ի վեր, ամեն անգամ որ կուգար իր քրոջ տունը մնալու, տեսակ մը գինովություն կուտար իրեն ու այդ գինովության մեջ կմոռնար իր արարքին տգեղությունը։ Ղուկաս էֆենտի հետզհետե իր քենիին հետ կիսաշխարհիկ կնոջ մը պես սկսավ վարվիլ, օղիի ու գինիի գործածության վարժեցնելով զայն, նույնիսկ ստիպեց, որ թրքական երգեր երգե, որովհետև Երանիկ գեղեցիկ ձայն մը ուներ։

Իրիկուն մըն ալ Ղուկաս էֆենտի Սարը Յար եկավ Քերովբե էֆենտիի ընկերակցությամբ։

Երանիկ, երբ այդ անծանոթը տեսավ իր քեռայրին հետ՝ շփոթեցավ ու դժգոհ կերպարանք մը առավ, սակայն վաճառականը մեկուսի ըսավ իրեն.

− Քա էրկանդ չորպաճին է, հարուստ վաճառական է, հետը աղեկ վարվե, դիտմամբ բերի, որ քիչ մը զինքը շոյենք ու ամսականը ավելցնել տանք։

Եվ սակայն Ղուկաս էֆենտի բացարձակապես կստեր, քանզի Քերովբե էֆենտին հոն բերած էր իբրև հր հոմանիին տունը։

Երանիկ ստիպվեցավ համակերպիլ։

Երկու բարեկամները օղիին ափսեն բերել տվին և սկսան խմել, հրավիրելով նաև տանտիրուհին, որ իրենց հետ խմե։

Հետո վաճառականը խնդրեց իր քենիեն, որ երգ մը երգե։ Երանիկ ընդդիմացավ և բացարձակապես մերժեց։

− Բա, ի՞նչ կքաշվիս կոր, Քերովբե էֆենտին դուրսեն մարդ չէ, իմ ամեն օրվան բարեկամս է,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ արդեն օղիին ազդեցության տակ կգտնվեր։

− Տիկինը շատ ամչկոտ կերևա կոր,− ըսավ Քերովբե էֆենտի ծաղրածու ձևով մը,− զինքը քաջալերելու համար՝ կեցիր ես նախ բան մը երգեմ։

− Կեցցես, Քերովբե էֆենտի, դուն նախ երգե, տիկինն ալ այն ատեն կստիպվի երգել։

Օղիի գավաթները կրկին լեցվեցան։ Քերովբե էֆենտի սկսավ [ 260 ] տաճկերեն երգ մը երգել, մինչ վաճառականը, Երանիկի քով նստած, անընդհատ կստիպեր զայն օղիի գավաթը պարպելու։

Հայտե նայինք, հիմա կարգը քուկինդ է,− ըսավ Քերովբե էֆենտի, երգը լմնցնելով։

Երանիկ նորեն վարանեցավ, առարկեց թե հարբուխ եղած է, անհանգիստ է, երգելու տրամադրություն չունի։

− Բան մըն ալ չունիս. պարզապես նազ կընես կոր,− գոչեց Ղուկաս էֆենտի, սրտնեղած դեմքով մը ոտքի ելլելով։

Քերովբե էֆենտի, ինքն ալ դանդաղելով ոտքի ելավ, Երանիկի քով եկավ և օղիի գավաթը լեցնելով անոր տվավ։

− Տիկին, օղի մըն ալ խմեցեք ու այն ատեն անհանգստություննիդ բոլորովին կանցնի,− պնդեց գավաթը երկարելով։

− Շնորհակալ եմ, շատ խմեցի։

− Չէ, անպատճառ պիտի խմես, իմ ձեռքես տակավին չխմեցիր… հոգ մի ըներ, Ղուկաս էֆենտին չնախանձիր, անանկ չէ՞։

Եվ Քերովբե էֆենտի իր բարեկամին նայեցավ։

− Ես չեմ խառնվիր, կուզե խմե, կուզե չխմե,− պատասխանեց վաճառականը նույն սրտնեղած դեմքովը,- արդեն այս իրիկուն չեմ գիտեր ինչ է եղեր, կարծես դիտմամբ կընե կոր, որ մեր քեյֆը հարամ ըլլա։

− Եթե ինծի համար է ձեր բռնած այս ընթացքը, ես ահա կերթամ,− ըսավ Քերովբե՝ Երանիկի դառնալով։

Երանիկ՝ նեղված՝ օղիին գավաթը առավ և մի ումպ պարպեց։

− Կեցցես,− գոչեց Քերովբե էֆենտի ուրախությամբ,− տեսա՞ր մի, հիմա հաշտվեցանք։


Հետո, Ղուկաս էֆենտիին դառնալով՝ որ միշտ հեռու կկենար քեն ըրածի դեմքով, շարունակեց։

− Հիմա դուն ալ եկուր, քովերնիս նստե, մեյ մեկ հատ ալ երեքս միասին ճնկենք, որպեսզի հաշտությունը կատարյալ ըլլա։

Վաճառականը մոտեցավ, գավաթները կրկին լեցուն և ի նշան կնքված հաշտության՝ իրարու զարնելե ետքը պարպվեցան։

− Կարծեմ կերակուրին ատենը եկավ, եթե կուզեք, սեղան նստինք,− ըսավ Երանիկ վերջ մը տալու համար օղիին։

Բայց Քերովբե էֆենտի համառեցավ։

− Մինչև որ երգ մը չերգես, սկե հունա չեմ երթար,− հայտարարեց բազմոցին վրա փռվելով։

− Դուն ալ այս իրիկուն ամմա նազ ըրիր, հա,− ըսավ վաճառականը [ 261 ] քենիին,− հյուրին խոսքը քիչ մը մտիկ կընեն, բան մը երգե լմննա երթա։

Ճար չի կար, պետք էր հպատակիլ։ Երանիկ սկսավ երգել և օղիները շարունակվեցան պարպվիլ։ Ինքն ալ այլևս գինովցած էր և առաջվան պես չէր դժկամակեր խմելու։

Առաջին երգին ուրիշ երգեր ալ հաջորդեցին և գրեթե կեսգիշերին մոտ էր, երբ սեղան նստան։

Առտուն սակայն Երանիկ իր սրտմտությունը հայտնեց Ղուկաս էֆենտիի։

− Մեյ մըն ալ չեմ ուզեր, որ հետդ ուրիշ մարդ բերես այստեղ,− հայտարարեց։

− Ի՞նչ կա, ի՞նչ եղավ որ,− գոչեց վաճառականը,− Քերովբե էֆենտին շատ պատվավոր, շատ շնորհքով մարդ է, եկավ տե՝ ի՞նչ ըրավ, քանի մը օղի խմեց, քիչ մը զվարթացավ, մե՞ղք գործեց ատոր համար։ Այսչափ դրամ կխարճեմ կոր տե՝ քիչ մը քեյֆ ընելու իրավունք չունի՞մ, զարմանալի բան։

− Հոս հանրատուն չէ, թող իր տունը նստի քեյֆ ընե։

− Քա, տունդ եկավ տե՝ ի՞նչ ըրավ, ծոցդ չմտավ ա…

− Ատ էր պակաս։

Վաճառականը ուսերը թոթվելով դուրս ելավ սենյակեն ու վար իջավ, ուր Քերովբե էֆենտի իրեն կսպասեր և միասին նավամատույց ուղղվեցան Պոլիս իջնելու համար։

− Աղվոր պատառ մը գտեր ես, կշնորհավորեմ,− ըսավ ճամփան Քերովբե էֆենտի իր բարեկամին։

− Անանկ չէ՞,− պատասխանեց վաճառականը սնապարծ հպարտությամբ մը։

− Ո՞ւրկե ձեռքդ ձգեցիր։

− Ատիկա գաղտնիք է։

− Բայց ամուսնացած կերևա կոր, ատ պզտիկ աղվոր աղջիկը իրե՞նն է։

− Այո՛, իրն է, ամուսնացած է, բայց էրիկը հոս չէ։

Այս խոսքերը հանկարծ լուսաբանեցին Քերովբե էֆենտին։

− Հիմա հասկցա,− գոչեց,− սա Սամսոն ղրկած մարդուդ կինը ըլլալու է, ի՞նչ ապուշ եմ եղեր, որ մինչև հիմա չհասկցա։ Ես ալ զարմացեր էի, որ ինչո՛ւ համար այդ մարդուն բացեն ամսական մը կապեր ես… գործին մեջ գործ կա եղեր, վա՛յ թշվառական։ [ 262 ] Ղուկաս էֆենտի չպատասխանեց։ Զգաց, որ արդեն պետք եղածեն ավելի խոսած էր և ուզեց խոսքը փոխել։

− Աճապարենք, շոգենավը պիտի փախցնենք,– ըսավ։

Բայց շոգենավին մեջ Քերովբե էֆենտի նորեն խոսքը Երանիկի վրա դարձուց.

− Ան ի՜նչ սև ու աղվոր աչքեր, շատ տաքարյուն կնիկ էր… աղջիկն ալ ճիշտ իրեն կնմանի, մեծնա նե՝ խրյախ բան պիտի ըլլա։ Խեղճ էրիկն ալ խելքովը կկարծե թե իրեն արժանիքին համար տասը ոսկի ամսական կառնե կոր։

− Լուր մը ունի՞ս իրմե, գործին մեջ ի՞նչպես է եղեր, բանի մը յարա՞ր է գոնե,− հարցուց վաճառականը՝ խոսքը Երանիկի վրայեն հեռացնելու համար։

− Գեշ չէ, գեղերը ղրկեր են ապրանք գնելու, արդեն ընելիքը ի՞նչ է որ… բայց այս աղվոր կնիկը ինչպես այդ պոշ մարդուն տվեր են, կերևա որ ամուսնացած ատենը հարուստ է եղեր։

− Անանկ կերևա։

− Շիտակը երեկ իրիկուն շատ աղվոր ժամանակ անցուցինք… բայց գիտցած եղիր, օձիքդ թող չեմ ի տար, այս օրերս իրիկուն մը նորեն միասին պիտի գանք… եթե ոչ, գիտցած ըլլաս հա, էրիկը Սամսոնեն բերել կուտամ։

Եվ Քերովբե էֆենտի այս սպառնալիքը ընելով, սկսավ քահ-քահ խնդալ։

Տանը մեջ Երանիկ տակավին չէր հանդարտած, մանավանդ Ղուկաս էֆենտիի խոսքերը ալ ավելի գրգռած էին զինքը։ Կտեսնար, որ այդ մարդը հետզհետե տարբեր վարմունք մը կունենար իրեն հանդեպ, կատարյալ հոմանիի մը, հանրակինի մը տեղ դնելով զինքը ու այս բանը կկատղեցներ հեգ կինը։

Ուրիշ բան մը նույնպես անհանգիստ կըներ զինքը։

Գյուղին մեջ սկսած էին կասկածոտ աչքով մը նայիլ իրեն, հասկցած էին, թե այդ մարդը, որ շաբաթը քանի մը իրիկուն կուգար մնալու, իր ամուսինը չէր։ Ու հետո, տանը մեջ եղած քեյֆերը, երգելու ձայնը, տիրող շռայլությունը շատերուն ուշադրությունը գրաված էին։

Քանի մը անգամ՝ փողոցը, երիտասարդներ խոսք նետեր էին Երանիկի, ետևեն հետապնդեր, մինչև տան դիմացը եկեր էին, որով Երանիկ շատ չէր համարձակեր առանձին դուրս ելլել և տանը մեջ փակված կանցըներ ժամանակը։ [ 263 ] Անշուշտ, վայրկյան մը չպիտի հանդուրժեր այս կյանքին ու պիտի առներ քալեր, եթե նյութական միջոցներ ունենար։ Նույնիսկ հոժարակամ պիտի երթար Սամսոն՝ էրկանը քով, ուր տասը ոսկի ամսականով կրնար ապրիլ, սակայն ինք գիտեր, որ այդ դրամը միմիայն էրիկեն բաժնելու համար կտրվեր իրեն և թե կրնար Ղուկաս էֆենտի, իր ազդեցությամբը, զայն գործեն հանել տար։ Երանիկ չէր գիտեր բուն իրականությունը, այսինքն թե՝ իր էրկանը ամսականին մեծ մասը Ղուկաս էֆենտիի կողմե վճարվիլը։

− Ինչ որ ալ ըլլա,− խորհեցավ ինքնիրեն,− պետք է այս վիճակեն դուրս ելլել, քանզի անկարելի է այսպես շարունակել։

Երկու օր ետքը Ղուկաս էֆենտի կրկին եկավ, այս անգամ առանձին։ Երանիկ սովորականեն տարբեր, պաղ ընդունելություն մը ըրավ իրեն, մերժելով վաճառականին հայրատ գգվանքները։

− Ի՞նչ ես եղեր այսօր,− հարցուց այս վերջինը, զարմացած երևույթով մը։

− Երկու օրե ի վեր անհանգիստ եմ,− պատասխանեց Երանիկ։

Հետո ավելցուց լրջորեն․

− Ղուկաս էֆենտի, քեզի խոսք մը ունիմ։

− Ըսե տեսնենք,− պատասխանեց վաճառականը անտարբեր։

− Այս վիճակը այսպես չեմ կրնար շարունակել, գեղին մեջ ամենուն բերանը ինկած եմ, դուրս ելլելու կամչնամ կոր։

− Աման դուն ալ, ասոր անոր խոսքին ի՞նչ կարևորություն կուտաս, դուն քիչ քեյֆիդ նայե․ այդ բամբասողները քեզ կարոտության մեջ տեսնան նե, տասը փարա կուտա՞ն։

− Ատոնք պարապ խոսքեր են, մարդ միմիայն փարայի համար չապրիր, քիչ մըն ալ պատիվը գիտնալու է։

− Էյ, աղեկ, ի՞նչ ընել որոշեցիր նայինք, − հարցուց էֆենտին հեգնական շեշտով մը։

− Ի՞նչ պիտի որոշեմ, ամենեն պարզ ու բնական բանը, կելլամ Սամսոն, էրկանս քով կերթամ, հոն տասը ոսկիով շատ աղեկ կրնանք ապրվիլ։

− Խելքդ սիրեմ, որ Պոլիս պիտի թողուս ու երթաս Սամսոնի պես քաղաքի մը մեջ փակվիս մնաս։

− Քանի որ էրիկս հոն է, ես ալ կրնամ երթալ։

− Կերևա որ մեկեն ի մեկ էրիկդ կարոտցար,− ըսավ Ղուկաս էֆենտի խնդալով։ [ 264 ] − Կաղաչեմ, Ղուկաս էֆենտի, կատակելու ատեն չէ, շատ կերպով կխոսիմ կոր։

− Սա օղիին ափսեն բերել տուր,− ըսավ էֆենտին, իբրև պատասխան։

Երանիկ դուրս ելավ՝ հրամանը կատարելու, բայց երբ վերադարձավ՝ ըսավ․

− Ես այս իրիկուն չպիտի խմեմ, գիտցած ըլլաս, շատ վնաս կուտա կոր․․․

− Քանի որ վնաս կուտա կոր, մի խմեր, քեզի ո՞վ կստիպե… Էյ, ե՞րբ ճամփա կելլաս կոր նայինք, Սամսոն երթալու համար։

− Ղուկաս էֆենտի, կաղաչեմ, այդպես ծաղրական կերպով մի խոսիր հետս, չես գիտեր երկու օրե ի վեր ի՞նչ սոսկալի տանջանքներու մեջ եմ,− պատասխանեց կինը պաղատագին ձալնով․․․

− Ինչո՞ւ ծաղրեմ, շատ լրջորեն կխոսիմ կոր, քանի որ Սամսոն երթալու խոսք ըրիր, ես ալ երթալդ հարցուցի, ասոր մեջ ծաղրական ինչ կա… ասկե զատ, շատ աղեկ կընես երթալով, երբ կին մը անանկ աննման էրիկ մը ունի, հարկավ չկրնար երկար ատեն բաժնված մնալ, գործն ալ հիմա շատ աղեկ է, կրակի պես կաշխատի կոր եղեր, անանկ որ Քերովբե էֆենտին միտք ունի ամսականը ավելցնելու, «գործիս մտնելեն ի վեր զիս էհյա ըրավ» կըսե կոր…

Ու Ղուկաս էֆենտի որոտընդոստ քահ-քահ մը ձգեց։

Երանիկ՝ հուսահատ խոսքը կարճ կապեց ու լռեց։ Երբ օղիի ափսեն բերին՝ Ղուկաս էֆենտի երկու գավաթները լեցուց և մին իր քենիին երկարելով՝ ըսավ․

− Խմե նայինք ասիկա, քիչ մը բացվիս, որովհետև շատ տխուր կերևաս կոր։

− Բայց ըսի, որ ես չպիտի խմեմ այս գիշեր…

− Ես ալ կըսեմ, որ պիտի խմես։

− Վնաս կուտա կոր…

− Պարապ խոսք մտիկ չեմ ըներ, խմե տեսնեմ… խմե, որ հիմակ ալ իս մտիկ ընես, որովհետև ես ալ շատ լրջորեն պիտի խոսիմ։

Երանիկ ստիպվեցավ պարպել գավաթը։

− Հիմա նստե,− ըսավ էֆենտին, իրավցնե լուրջ դեմքով մը։– Նախ՝ սա ըսեմ, որ Սամսոն երթալու գաղափարդ մտքեդ հանե։ [ 265 ] − Ինչո՞ւ համար…

− Որովհետև էրիկդ հոն գործ չունի…

− Ինչպե՞ս գործ չունի, հապա ո՞ւր է իր գործը, ինչո՞ւ տասը ոսկի ամսական կառնե կոր…

− Էրկանդ գործը և այդ գործին համար առած տասը ոսկի ամսականը մինակ քենե հեռու ըլլալն է հիմա, հասկցա՞ր… այն օրը, որ միասին ըլլաք, գործն ալ կդադարի…

Եվ վաճառականը, այս խոսքին վրա, քիթեն տակեն խնդալով օղիի գավաթը պարպեց, հետո կրկին գավաթները լեցուց և մին Երանիկին հրամցուց։

− Չեմ հասկնար կոր ըսածդ,− պատասխանեց Երանիկ գավաթը առնելով և իրավ ալ Ղուկաս էֆենտիի խոսքերը տարօրինակ կթվեին իրեն։

− Ի՞նչ կա չհասկնալիք…

− Բայց ինչո՞ւ գործը պիտի լմննա կամ ամսականը դադրի իմ երթալովս, ատիկա ի՞նչ կարևորություն ունի Քերովբե էֆենտիի համար…

− Կտեսնամ, որ շատ միամիտ ես եղեր,− պատասխանեց վաճառականը,− ես քեզի ավելի խուռնազ կկարծեի, ուրեմն կկարծես, որ Քերովբե էֆենտին իրավցնե պե՞տք ունենալու համար էրիկդ Սամսոն ղրկեց ու տասը ոսկի ամսական կապեց… քա պարզապես իմ խաթերս համար ատանկ ձևացուց… անիկա ոչ մարդու պետք ունի, ոչ ալ ատանկ գործի մը համար տասը ոսկի կուտար, այսչափ չկրցա՞ր հասկնալ…

Երանիկ այս հայտնութենեն շփոթեցավ, բայց հանկարծ կասկած մը ծագեցավ մտքին մեջ։ Գուցե Ղուկաս էֆենտի դիտմամբ այդպես կըսեր զինքը իր դիտավորութենեն ետ կեցնելու համար, որովհետև գիտեր թե իր քեռայրը ընդունակ էր, իր նպատակին հասնելու համար, ամեն տեսակ միջոցներ գործածելու։ Բայց իր կասկածը հայտնի չըրավ և այնպես մը ձևացուց թե կատարելապես հավատացած էր վաճառականին խոսքերուն և համակերպիլ ձևացուց իր ճակատագրին։

− Ըսել է, որ եթե Սամսոն երթալու ըլլամ, գործն ալ, ամսականն ալ պիտի դադրին…

− Կարծեմ թե Երանիկ հանըմը իր էրկանը հետ քեյֆ պիտի ընե տեյի՝ Ղուկաս էֆենտին տասը ոսկի ամսական վճարելու պետք չունի,– պատասխանեց վաճառականը ամենայն կոպտությամբ։ [ 266 ] Երանիկ բարկաթենեն շառագունեցավ, բայց չկրցավ պատասխան մը գտնել և գլուխը ծռեց։

Հետևյալ առտուն, վաճառականին մեկնելեն ետքը, Երանիկ դարձավ իր սևեռուն գաղափարին։

− Այս մարդը գուցե կստե,− մտածեց ինքնիրեն,− և էրկանս համար ըսածները ճշմարիտ չեն, այլ միայն զիս խաբելու համար հնարած․ պետք է որ ես առանձին խոսիմ Քերովբե էֆենտիին հետ և ամեն բան հասկնամ… այն ատեն կրնամ ընելիքս որոշել։

Ղուկաս էֆենտի առտուն մեկնած ատեն իմաց տված էր, որ հառաջիկա անգամ գալուն հավանորեն իր հետ պիտի բերեր Քերովբե էֆենտին և պատվիրած էր Երանիկի սիրալիր ընդունելություն մը ընելու և նախորդ անգամվան ընթացքը չի բռնելու։ Երանիկ, որ արդեն իսկ որոշած էր դիմում ընելու Քերովբե էֆենտիի, առանց դժվարության հավանություն հայտնեց, ըսելով.

− Քանի որ բարեկամդ է և դուն ալ կփափաքիս, որ լավ ընդունելություն ընենք իրեն, ես ալ ձեռքես եկածը պիտի ընեմ։

Այս համակերպությունը քիչ մը զարմացուցած էր վաճառականը, որ ընդհակառակը ընդդիմություն կսպասեր քենիին կողմե, բայց հետո ինքնիրեն բացատրեր էր այդ համամտությունը։

− Կերևա որ մտածեր է, էրկանը մասին ըսածներս իրենց ազդեցությունը ըրեր են և զգացեր է, որ ըմբոստությամբ գործ չտեսնվիր։

Երբ երկու օր ետքը վաճառականն ու Քերովբե էֆենտի եկան Սարը Յար, Երանիկ՝ իր խոստումին հավատարիմ, շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ իր քեռայրին բարեկամին, որ հիացած մնաց կնոջ իր նկատմամբ ցույց տված այդ համակրանքներեն, որոնք չէին համապատասխաներ նախորդ այցելության միջոցին անոր բռնած վերապահ դիրքին։

Նույնիսկ օղի խմելու կամ երգ երգելու համար այս գիշեր Երանիկ դժվարություն չհայտնեց։ Անտրտունջ կրեց Քերովբե էֆենտիի շվայտ ակնարկությունները և թույլ տվավ, որ անշնորհք կատակներ ընե իրեն հետ։

Ղուկաս էֆենտի աչք կգոցեր այդ անցուդարձեն և բնավ նախանձ զգալու երևույթը չուներ։ Ան ալ իր մասնավոր ծրագիրը ուներ և այդ ծրագրին իրագործմանը համար նպաստավոր կհամարեր իր քենիին ու բարեկամին միջև գոյացած համակրական հարաբերությունները։ [ 267 ] Իր կինը, տիկին Թագուհի, հավանորեն քիչ ատենեն պիտի վերադառնար։ Ռոզիկ արդեն իսկ մանչ մը ծնած էր և մայրը՝ մեկնելու համար կսպասեր իր աղջկան անկողնեն ելլելուն, այնպես որ մեկ երկու շաբաթեն Ղուկաս էֆենտիի ամուրի կյանքը վերջ պիտի գտներ։ Արդ, այս հեռապատկերին հանդեպ վաճառականը կուզեր այժմեն իր պատրաստությունները տեսնել։ Իր նպատակն էր քենին Քերովբե էֆենտիին գլուխը փաթթել և միևնույն ատեն զայն ուզած ատեն գործածել իր հաճույքին։ Ահա ասոր համար հաշտ աչքով կնայեր իր քենիին ու բարեկամին սիրալիր վերաբերումին։

Միջոց մը, երբ Քերովբե էֆենտին ու Երանիկ առանձին մնացին, այս վերջինը ըսավ.

− Էֆենտի, ձեզի հետ լուրջ ու կարևոր խնդրի մը համար տեսակցիլ կուզեմ։

− Ամենայն հաճույքով, երբ որ ուզես,− պատասխանեց մյուսը,− խնդիրը ի՞նչ բանի վրա է։

− Ծառայություն մը պիտի խնդրեմ։

− Ուրեմն կրնաս վստահ ըլլալ, որ հիմակվանե խնդրանքդ ընդունված ու կատարված է։

− Շնորհակալ եմ, միայն թե այս մասին Ղուկաս էֆենտին բան մը գիտնալու չէ։

− Անոր համար ալ կրնաս ապահով ըլլալ։

− Ես վազը կուգամ ձեր գրասենյակը և հոն առանձին կտեսնվինք։

Եվ Երանիկ Քերովբե էֆենտիի գործատեղիին հասցեն ուզեց, զոր այս վերջինը անմիջապես հաղորդեց։

− Ե՞րբ պիտի գաս, ըսե, որ ըստ այնմ պատրաստ ըլլամ և պետք եղած կարգադրությունները ընեմ, որպեսզի առանձին գտնվինք։

− Կեսօրեն ետքը, ժամը երեքին միջոցները,− պատասխանեց Երանիկ,− միայն թե՝ կկրկնեմ, չըլլա, որ այս մասին Ղուկաս էֆենտին բան մը իմանա։

− Անհոգ եղիր…

Քերովբե էֆենտի կուզեր ավելի մանրամասնություններ հասկնալ այս անակնկալ ու խորհրդավոր այցելության մասին և ասոր համար կպատրաստվեր հարցումներ ուղղել, երբ Ղուկաս էֆենտի ներս մտնելով, հարկ եղավ վերջ դնել այս խոսակցության։

Երբ Ղուկաս էֆենտի իր քենիին հետ առանձնացավ ննջասենյակը, [ 268 ] իր գոհունակությունը հայտնեց անոր նույն իրիկվան ընթացքին համար և ըսավ.

− Կտեսնամ, որ անհանգստությունդ բոլորովին անցեր է ու նորեն հին զվարթությունդ գտեր ես… երկու օր առաջ շիտակը զիս դող հանեցիր քու տխուր կերպարանքովդ և խենթ ու խելառ խորհուրդներովդ…

− Ի՞նչ խորհուրդ,− հարցուց Երանիկ բուռն ժպիտով մը։

− Ես ինչ գիտնամ՝ հիմարական բաներ, Սամսոն երթամ կըսեիր, ինչ կըսեիր։

− Այո, այդ օրը խելքիս այնպես փչեց, բայց հետո մտաբերի, որ ըլլալիք բան չէր։

− Աֆերիմ, կտեսնամ, որ խելքդ գլուխդ եկեր է։

Ղուկաս էֆենտի հետո խոսեցավ իր կնոջ՝ տիկին Թագուհիի մոտալուտ գալուստի մասին և ավելցուց.

− Բայց դուն անհոգ եղիր, քու մասիդ ամեն բան պիտի կարգադրեմ և նորեն պիտի կրնանք մեր հարաբերությունները շարունակել ապահով ու ծածուկ կերպով։

Հետո այս խորհրդավոր խոսքերը ըսավ, որոնց իմաստը լավ չկրցավ ըմբռնել Երանիկ։

− Միայն թե ջանա Քերովբե էֆենտիի հետ անուշ երթալ․․․ այս իրիկվան ընթացքդ շատ աղեկ էր։

Երանիկ ուզեց ավելի բացատրություն մը ուզել այս անորոշ ակնարկության մասին, ուստի ըսավ.

− Ինչո՞ւ համար կուզես, որ անպատճառ անուշ երթամ Քերովբե էֆենտիին հետ, ասիկա բացատրե ինծի։

Ղուկաս էֆենտի իր քենիին ձեռքը բռնեց փաղաքշական ձևով մը և ըսավ.

− Ինծի նայե, ինչպես ըսի, ծրագիր մը ունիմ քու ապագայիդ համար և այս պատճառով պետք ունինք Քերովբե էֆենտիի աջակցության… Թագուհին քիչ օրեն պիտի գա և գալեն ետքը բնականաբար մեր այս կյանքը չենք կրնար շարունակել, դուն Սարը Յար չես կրնար նստիլ ձմեռը, և նույնիսկ, եթե նստիս, ես այսպես շաբաթը երեք անգամ չեմ կրնար գալ և գիշերը հոս անցնել, ուստի պետք է որ դուն ալ գաս, Բերա, տուն մը նստիս, որպեսզի կարենանք մեր հարաբերությունները շարունակել, և ասոր համար, ահա, հարկավոր է որ Քերովբե էֆենտի մեզի աջակցի․ հիմա հասկցա՞ր։ [ 269 ] − Շիտակը, նորեն չկրցա հասկնալ,− պատասխանեց Երանիկ միամտորեն։

− Առ այժմ դուն ըսածիս պես վարվե, հետո կհասկնաս ամեն բան,− հարեց Ղուկաս էֆենտի խոսքը կարճ կապելով։

Հետևյալ օրը, առտուն կանուխ, երկու բարեկամները մեկնեցան։ Դուրս ելլելե առաջ, րոպե մը, Քերովբե էֆենտի հաջողեցավ աոանձին մնալ Երանիկի հետ և ըսավ.

− Կհուսամ, որ խոստումդ չես մոռնար և այսօր կուգաս զիս տեսնելու։

− Այս, այո, անպատճառ պիտի գամ և շատ շնորհակալ ու երախտագետ պիտի ըլլամ, եթե ըսելիք խնդիրքս չմերժես։

− Եթե հրամանդ անկարելի բան մը չէ, արդեն հիմակվանե կատարված կրնաս նկատել,− պատասխանեց կնահաճո վաճառականը։

− Ոչ թե անկարելի՝ այլ շատ դյուրին բան մըն է ձեզի համար, գրեթե շատ ոչինչ բան մը, որ սակայն մեծ կարևորություն ունի ինծի համար։

− Ուրեմն ժամը երեքին կսպասեմ։

Երանիկ ճշտապահ գտնվեցավ և ժամը երեքին ներկայացավ Քերովբե էֆենտիի գրասենյակը։

Վաճառականը, որ անհամբեր կսպասեր իր գեղեցիկ այցելուհիին, ամեն միջոց նախապես ձեռք առած էր, որպեսզի իրենց տեսակցության միջոցին ոևէ անակնկալ այցելություն մը վրա չհասներ, և խստիվ պատվիրած էր, որ թե գործի և թե ոևէ պատրվակով չգային զիրենք անհանգիստ ընել։

Քերովբե էֆենտի շատ հետաքրքիր էր իրեն ըլլալիք առաջարկը կամ խնդրանքը իմանալու և այս մասին իզուր կջանար ինքնիրեն գուշակություն մը ընել, բայց Երանիկի առաջին խոսքերեն հասկցավ թե խնդիրը ինչի՞ վրա է։

− Նախ հարցում մը ունիմ քեզի,− ըսավ Երանիկ, բարևտուքի սովորական ձևակերպություններեն ետքը−և կուզեմ, որ անկեղծորեն պատասխանես։

− Խոսե տեսնենք։

− Էրիկս, որ Սամսոն կգտնվի, քու կողմե՞դ ղրկված է։

Քերովբե էֆենտի թեթևապես ժպտեցավ։ Խորհրդավոր գաղտնիքին կծիկը կսկսեր քանդվիլ։

− Այո,− պատասխանեց։ [ 270 ] − Ամսականը դո՞ւն կվճարես։

− Բնականաբար։

− Գո՞հ ես իր գործեն։

− Մինչև հիմա դժգոհության պատճառ մը չունեցա։

− Պիտի շարունակե՞ս քու գործիդ մեջ պահել զինքը։

− Անշուշտ, եթե գանգատի տեղի չի տա։ Բայց ինչո՞ւ համար այս հարցաքննությունները։

− Որովհետև ես ալ, Սամսոն, իր քով երթալ հաստատվելու միտք ունիմ,− պատասխանեց Երանիկ։

Այս խոսքերը մեկեն ի մեկ զարմացուցին ու շփոթեցուցին Քերովբե էֆենտին։ Երբեք այսպիսի եզրակացության մը չէր սպասեր։

− Ինչպե՞ս,− գոչեց,− Սամսոն պիտի երթա՞ս, հապա Ղուկաս էֆենտին…

− Ալ բավական է Ղուկաս էֆենտիին հետ վարած կյանքս, պետք է, որ էրկանս քով երթամ,− պատասխանեց Երանիկ վճռաբար։

− Այս դիտավորությունդ հայտնեցի՞ր իրեն։

− Այո։

− Էյ, ընդդիմություն չըրա՞վ։

− Ըրավ, բայց ստիպված չեմ անպատճառ իրեն հնազանդելու, էրիկ մը ունիմ, որ ազատ գործի տեր է, իրմե կախում չունի և կրնա զիս ապրեցնել, հետևաբար ուզածիս պես կրնամ շարժիլ։

− Բայց ուրեմն չե՞ս սիրեր Ղուկաս էֆենտին։

− Ե՞ս, երբեք,− գոչեց Երանիկ անկեղծ պոռթկումով մը։

Այս խոստովանությունը գաղտնի հաճույք մը պատճառեց Քերովբե էֆենտիի։

− Հիմա գանք մեր խնդրին,– շարունակեց Երանիկ։− Ղուկաս էֆենտի զիս իր ձեռքին տակ ունենալու համար ուզեց այնպես հավատացնել տալ թե ինք ղրկած է ամուսինս Սամսոն, թե ինքն է ամսականը վճարողը և հետևաբար մենք ալ իրմե կախում ունինք։ Ես ալ ճիշտ այդ կետը լուսաբանելու համար ուզեցի գալ ձեզ տեսնել և շատ ուրախ եմ, որ այդպես չէ եղեր և թե մեր ապրուստը իրմե կախված չէ…

− Այսինքն,− կմկմաց վաճառականը,− թեև ձեր ամուսինը իմ գործիս մեջն է, բայց Ղուկաս էֆենտիի հանձնարարությամբը և անոր խաթերը համար առած եմ։ [ 271 ] − Այո, բայց հիմա գոհ եք իր աշխատութենեն և պետք չունիք զինքը գործեն հանելու՝ Ղուկաս էֆենտիին հաճույք պատճառելու համար…

Վաճառականը հայանապես կնեղվեր խոսակցության առած այս ձևեն և ուզեց շեղում մը ընել։

− Ինծի նայե, տիկին,− ըսավ,− ըստ իս Սամսոն երթալու դիտավորությունդ շատ պարապ բան է, քեզի պես տիկին մը Սամսոնի մեջ չկրնար ապրիլ, եկուր ուրիշ կարգադրություն մը ընենք։

− Ի՞նչ կարգադրություն,− հարցուց Երանիկ զարմացած։

Քերովբե էֆենտի, առանց անմիջապես պատասխանելու, եկավ կնոջ քով, ձեռքերը բռնեց և ողոքիչ ձայնով մը ըսավ․

− Ավելի աղեկ չէ՛՝, որ հոս մեր քովը մնաս, քեզի աղվոր պզտիկ տուն մը կբռնենք, մեջը կտեղավորենք, ազատ հանգիստ կապրիս, քեյֆդ կնայիս…

Այս անպատկառ առաջարկությունը ընդվզեցուց հեգ կինը, որ ետ քաշվելով գոչեց․

− Դո՞ւն ալ ուրեմն, Քերովբե էֆենտի, ես քեզի դիմեցի պաշտպանություն գտնելու համար և ահա դուն ալ կջանաս Ղուկաս էֆ−ի ընթացքը բռնել ինծի հանդեպ։

Վաճառականը զգաց թե խրտչեցուցած էր իր խոսակիցը, ուստի ուզեց սխալը դարմանել։

− Կներեք, տիկին,− ըսավ,− ես ձեզ վիրավորել չուզեցի, միայն թե իմ անկեղծ կարծիքս էր, որ հայտնեցի, բայց քանի որ դուք տարբեր կերպով կխորհիք և անպատճառ Սամսոն ձեր ամուսնույն քով երթալ կուզեք, ատոր ըսելիք չի կա, թող ձեր ուզածին պես ըլլա։

− Այո, ես կուզեմ էրկանս քով երթալ,− պնդեց Երանիկ,− և ասոր համար ձենե մեկ բան կխնդրեմ, այն է՝ ինծի վստահեցնել, որ էրիկս միշտ իր գործին վրա պիտի մնա, հոն երթալես վերջն ալ։

− Ասիկա ինե և ձենե միայն կախում ունի,− պատասխանեց Քերովբե էֆենտի, որ այս գլուխ գլխի տեսակցութենեն արդեն չափազանց գրգռված էր, և չէր կարող սանձել իր զգայարանքները։

− Ինչպե՞ս ձենե և ինե կախում ունի,− հարցուց Երանիկ։

− Անշուշտ, ես ձեզի կխոստանամ ձեր ամուսինը մինչև ետքը իր պաշտոնին գլուխը պահել․ այս չէ՞ ձեր փափաքը…

− Այո՛։

− Լավ, բայց մենք, վաճառականներս, գործի մարդիկ ենք, [ 272 ] այսինքն առուտուրի մարդիկ, կհասկնա՞ք… ես այս ծառայությունը պիտի մատուցանեմ ձեզի, քանի որ կխնդրեք, բայց փոխարենն ալ էս ձենե բան մը պիտի խնդրեմ… միթե արդարությունը այնպես չէ՞ աշխարհի մեջ. ամեն բան փոխանակությամբ կըլլա, միայն աստված է, որ կուտա, առանց փոխարեն բան մը առնել…

− Բայց ես ինչպե՞ս կրնամ փոխարինել ձեր ընելիքը։

Քերովբե էֆենտի կրկին իր ձեռքերուն մեջ առավ Երանիկի ձեռքերը, անոր ականջն ի վար քանի մը խոսքեր մրմնջաց, հետո առանց ականջ կախելու թեթև ընդդիմության մը, զայն իր թներուն մեջ առավ…

***

Երանիկ, ընկճված ու տխուր, դուրս եկավ Քերովբե էֆենտիի գրասենյակեն և ուղղվեցավ կամուրջը, Սարը Յարի շոգենավը մտնելու համար։

− Թող ասիկա վերջին զոհողությունն ըլլա,− կմտածեր ինքնիրեն, տխուր համակերպությամբ մը,− գոնե ասով իրմե խոստում առի թե Սամսոնի մեջ պիտի կրնամ ապրիլ էրկանս քով։ Քանի մը օրեն պատրաստությունս կտեսնամ ու կմեկնիմ, տակավին քույրս Փարիզեն չվերադարձած, ու ալ ամեն բան վերջացած կըլլա…

Նույն իրիկունը, Քերովբե էֆենտի հաղթական ու ծաղրածու, գնաց գտավ իր բարեկամը՝ Ղուկաս էֆենտին։ Նախ կուզեր իր հաջողությունը պատմել անոր, հետո Երանիկի ամուսնույն խնդիրը կարգադրել։ Իրավ է թե իր ցանկության հագուրդ տալու համար խեղճ կնոջ խոստացած էր իրենց ապագան ապահովել, բայց այս խոստումը չէր կարող գործադրել, առանց Ղուկաս էֆենտիի հավանության և ասոր համար կուզեր փորձ մը ընել, թեև շատ կկասկածեր իր հաջողության մասին։

− Չես ըսեր, այսօր գլխուս եկածը,− ըսավ Ղւկաս էֆենտիի գրասենյակեն ներս մտնելով, մինչ վաճառականը, իր գործերը ավարտած, կպատրաստվեր դուրս ելլել։

− Խեր ըլլա, ի՞նչ կա։

− Խելքե մտքե չանցած այցելություն մը ընդունեցի։

− Ի՞նչ այցելություն, ըսե՛ տեսնենք։

− Տիկին Երանիկը ինծի եկավ։ [ 273 ] − Վայ, ի՞նչ բանի համար։

− Սամսոն պիտի երթա տե՝ այդ մասին եկավ հետս տեսնվելու և հասկնալու համար, որ էրիկը իր պաշտոնին մեջ հաստատ պիտի մնա՞։

− Էյ, դու ի՞նչ ըսիր։

− Ըսի որ, խնդիրը իմ կամքես կախում ունի, քանի որ իմ պաշտոնյաս է…

− Էյ, ե՞տքը,− հարցուց Ղուկաս էֆենտի ծիծաղելով։

− Վերջապես երկար բարակ տեսակցութենե ետքը, խոսք տվի, որ էրիկը իր պաշտոնին վրա պիտի մնա միայն թե ինքն ալ իր փոխարեն իմ խնդիրքս չպիտի մերժե…

− Է, գոնե այդ մասին համաձայնեցա՞ք։

− Քիչ մը դժվարություն ըրավ, բայց վերջը համաձայնեցավ, արդեն ուրիշ կերպ չէր կրնար ընել, մեյ մը թակարդը ինկած էր,− ըսավ Քերովբե էֆ. քահ-քահ մը ձգելով։

− Լավ, բայց հիմա խոստումդ ի՞նչպես պիտի պահես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− տասը ոսկին դուն գրպանե՞դ պիտի տաս․․․

− Ճիշտ ատոր համար ուզեցի քեզ տեսնել, որպեսզի ինծի խելք մը սորվեցնես այդ դժվարության մեջեն ելլելու համար, մանավանդ որ, եթե իր խոսքին նայինք, այսօր վաղը ճամփա ելլելու միտք ունի․․․ բայց խոսքը մեջերնիս, աղվոր պատառ է եղեր, ըսելիք չի կա, մեղք պիտի ըլլա, եթե ձեռքե փախցնենք։

− Այդ մասին անհոգ եղիր, տեղ մըն ալ չկրնար երթալ անիկա։

− Բայց իմ խոստո՞ւմս․․․

− Թող քու խոստումիդ վրայեն ջուր մը խմե։

− Ղուկաս էֆենտի, եկուր սա կնկա փափաքը կատարենք, թող ելլա Սամսոն երթա, քանի մը ամիս մնա, արդեն անկեց ավելի չկրնար մնալ հոն, ետքը ուզե չուզե նորեն հոս պիտի գա, գոնե ես պզտիկ մնացած չեմ ըլլա։

− Թող երթա էֆենտիմ, ո՞վ արգելք կըլլա իրեն, դուն ալ փարա շատ ունիս նե՝ էրկանը ամսականները վճարե, նույնիսկ եթե կուզես, հավելում մըն ալ ըրե, քու գիտնալիք բանդ է։ Ես ձեռքերս կլվամ ու կքաշվիմ։

Քերովբե էֆենտի զգաց թե անկարելի պիտի ըլլա Ղուկաս էֆենտիին համոզել, ուստի խոսքը փոխեց։ [ 274 ] Ճանըմ, հիմա վազ անցիր այս խոսքերեն, հիմակուհիմա քիչ մը ատեն ալ զինքը կխաղցնենք, այսօր վաղը կըսենք, նայինք ինչ կըլլա։

− Աղեկ, աղեկ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ արդեն իր ծրագիրը պատրաստած էր մտքին մեջ։

Հետևյալ իրիկուն իսկ վաճառականը գնաց Սարը Յար, իր քենիին տունը։

− Սնտուկներդ կապեցի՞ր, թեզքերեդ շնել տվի՞ր,− հարցուց երբ առանձնացան։

− Ղուկաս էֆենտի, հազար անգամ աղաչեցի, որ այդ մասին հետս կատակ չընես, և եթե զիս չես հարգեր, գոնե քրոջս համար, թող որ միտքս դրածը գործադրեմ, որովհետև այս կյանքը անկարելի է շարունակել…− աղաչեց խեղճ կինը՝ պաղատագին շեշտով մը։

Բայց վաճառականը այդ տեսակ խոսքերե հուզվող մարդ չէր և պաղարյունությամբ պատասխանեց.

− Կատակ չեմ ըներ կոր, միայն թե քիչ մը ցավ զգացի, որ վերջնական որոշումը տալեդ ետքը, փոխանակ ինծի հայտնելու, գացեր Քերովբե էֆենտիին հայտներ ես… բայց ասոր համար ալ քեզի դեմ քեն չեմ պահեր… արդեն իրավունք ունիս այդպես ընելու, քանի որ Քերովբե էֆենտի էրկանդ չորպաճին է…

− Ի՞նչ, մեր տեսակցության մասին քեզի խո՞սք բացավ,− հարցուց Երանիկ թեթևորեն կարմրելով։

− Հապա, երեկ խեղճ մարդն խելքը գլխեն թռցուցեր է վազելով վրաս եկավ ամեն բան պատմեց, բերնին ջուրերը վազցուցեր ես․․․

Եվ Ղուկաս էֆենտի չարաճճի ակնարկ մը ուղղեց իր քենիին, որ շփոթությունը ծածկելու համար գլուխը մեկ կողմ դարձուց․ հետո տեսնելով որ լռությունը իրեն հանցավորի մը երևույթ պիտի տար, ըսավ.

− Այո, գացի Քերովբե էֆենտիին տեսա, բայց խելքը գլխեն թռցնելու, բերնին ջուրերը վազցնելու բան չի կա, պարզապես ուզեցի հասկնալ, որ էրիկս որո՞ւ պաշտոնյան է, ամսականը ուրկե կառնե. ան ալ պատասխանեց, որ իր պաշտոնյան է, թե գործեն գոհ է և թե ամսականը ինք կվճարե։ Մինչդեռ դուն ուրիշ կերպով պատմեցիր գործը։

− Կներես, քեզի խաբեցի,− պատասխանեց վաճառականը,– [ 275 ] ի՞նչ ընեմ, քեզի այնչափ կսիրեմ, որ երբոր Սամսոն երթալու դիտավորություն հայտնեցիր, խելքս գլխես գնաց, բերնիս եկածը ըսի։ Հիմա քեզի ավետիս մը տա՞մ․․․

− Ի՞նչ ավետիս,− հարցուց Երանիկ կասկածոտ շեշտով մը։

− Սամսոն երթալուդ պես, էրկանդ ամսականը կավելնա կոր, գիտցած ըլլաս, երեկ Քերովբե էֆենտին այնպես ըսավ… երկու ոսկի հավելում պիտի ընե եղեր։ Կարծեմ եթե այցելություն մըն ալ տաս, փոխանակ երկուքի՝ չորս ոսկի հավելում կըլլա ամսականին վրա։

Վաճառականին այս վերջին խոսքերը բոլորովին խռովեցին Երանիկը, որ սկսավ վախնալ, թե իր ու Քերովբե էֆենտիի միջև անցած բոլոր մանրամասնություններուն տեղյակ էր քեռայրը։ Եվ սակայն ուզեց ամեն բան հասկնալ և ստիպել Ղուկաս էֆենտիին, որ իր բոլոր գիտցածները ըսեր, ուստի պատասխանեց.

− Չեմ գիտեր ի՛նչ ըսել կուզես, լեզվիդ տակը բան մը կա, զոր բացն ի բաց չես ուզեր կոր հայտնել… եթե ըրած այցելությանս մասին է, արդեն բացատրեցի թե ինչու համար գացեր էի Քերովբե էֆենտիի գրասենյակը, և, կարծեմ, ըրածիս մեջ անվայել բան մը չկար։

− Բնավ երբեք, ո՞վ ըսավ թե անվայել բան է ըրածդ, գացեր էրկանդ ամսականը ապահովեր ես… հիմա դուն ե՞րբ ճամփա ելլելու միտք ունիս, ինծի ան ըսե։

− Եթե հրաման տաս, Ղուկաս էֆենտի,− պատասխանեց Երանիկ ձայնը անուշցնելով, − ես կուզեմ, որ քույրս հոս չեկած մեկնիմ, լավագույնը այս կըլլա, թե ինծի և թե քեզի համար, կխնդրեմ այս մասին մի հակառակիր ինծի, մտածե, որ աղջիկ զավակ մը ունիմ, որուն անունը պետք չէ արատավորվի օր մը իր մոր պատճառով… քո աղջիկներուդ սիրույն թող տուր, ես երթամ։

Խեղճ կինը սկսավ արտասվել։ Իրավցնե խղճի խայթ մը, ամոթ մը կզգար իր վիճակեն և կուզեր որ ժամ առաջ վերջ տար իր վարած կյանքին և ճիշտ ասոր համար, առջի օր Քերովբե էֆենտիի գրասենյակին մեջ, հանձն առած էր վերջին զոհողություն մը ընել, անձնատուր ըլլալով անոր քմահաճույքին։ Հիմա սոսկումով կմտածեր, որ գուցե այդ մարդն ալ, հակառակ իր խոսքերուն, չարաչար խաբած էր զինքը կարգ մը խոստումներով։

− Ձգեցեք, որ երթամ, ձգեցեք որ երթամ,− կհեկեկար, ձեռքերը՝ աղաչավոր՝ դեպի Ղուկաս էֆենտին ուղղելով։ [ 276 ] Վաճառականը, որչափ ալ քարասիրտ, չկրցավ երկար ատեն անտարբեր մնալ իր առջև պարզվող տեսարանին։

− Շատ աղեկ, Երանիկ, թող ուզածիդ պես ըլլա, վաղվընե պատրաստություններդ տես, և ուզած օրդ ալ ճամփա ելիր, միայն թե հանդարտե ու պարապ տեղը ինքզինքդ այդպես մի հուզեր։

− Իրա՞վ կըսես, այլ երթալուս չպիտի հակառակի՞ս,− գոչեց կինը։

− Ինչո՞ւ հակառակիմ, միթե սերը բռնի կրնա՞ ըլլալ, քանի որ էրկանդ քով երթալ կուզես կոր, թող կամքդ ըլլա, նույնիսկ կխոստանամ ճամփու ծախքդ ալ վճարել…

− Շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի,− ըսավ Երանիկ երախտագետ ձայնով մը։

Հետևյալ առտու, Երանիկ կրկին խոսք բացավ իր մեկնումին մասին և ուրախությամբ տեսավ, որ քեռայրը նույն տրամադրության մեջ էր միշտ, այսինքն ոևէ առարկություն չէր ըներ իր Սամսոն երթալուն ընդհակառակը զայն քաջալերեր կթվեր։

− Կերևա, որ քրոջս մոտ օրեն գալու պատճաոավ, ինքն համոզված է, որ իմ երթալս անհրաժեշտ է,− մտածեց ինքնիրեն։

Եվ ուրախ եղավ, որ խնդիրը այս կերպով իր փափաքածին պես կլուծվեր։

− Ուրեմն այսպես,− ըսավ Ղուկաս էֆենտի, տունեն մեկնելու միջոցին,− քանի որ որոշած ես և կուզես, որ Սամսոն՝ էրկանդ քով երթաս, շատ աղեկ, պատրաստություններդ տես, որ քեզ ճամփա դնենք։

Ու այս բարի տրամադրությամբ ճամփա ելավ։

ԳԼՈՒԽ ԺԵ

Երկու օր վերջը Ղուկաս էֆ․ իր կնոջմեն, տիկին Թագուհին նամակ մը ստացավ։

«Գալ երկուշաբթի ճամփա կելլամ արևելյան ճեպընթացով, Պոլիս վերադառնալու համար, ուր կհասնիմ երկուշաբթի առտու,– կծանուցաներ կինը նամակին մեջ,– կհուսամ, որ մինչև կայարան կուգաս զիս դիմավորելու»։

Հետո, տիկին Թագուհի տեղեկություններ կուտար իր աղջկան ու փեսին վրա, որոնք միշտ իրարմով երջանիկ էին և միևնույն ատեն կծանուցաներ, որ աղջկան տղաբերքը խիստ հաջող կերպով [ 277 ] տեղի ունեցած էր և մանչ զավակ մը ծնած էր և թե այս առթիվ տիկին Անթառամ բոլորովին հաշտված էր իր զավկին ու հարսին հետ։

Բոլոր այս տեղեկությունները ուրախացուցին վաճառականը, միայն իր կնոջ հանկարծակի գալուստը զինքը շփոթեցուց։ Ինք այնպես կենթադրեր, որ տակավին ամիսի մը չափ պիտի հապաղեր գալը և ըստ այնըմ իր կարգադրությունները ըրած էր։

− Այսօր հինգշաբթի,− մտածեց ինքնիրեն,− հետևաբար գալ այսօրս հոս պիտի ըլլա, այսինքն ութը օրեն… ասիկա բնավ գործիս չի գար…

Եվ վաճառականը մտատանջ՝ սկսավ սենյակին մեջ երթևեկել։ Հետո որոշում մը տվավ.

− Երթամ մեյ մը Քերովբե էֆենտին տեսնեմ, կարելի է ան խելք մը կսորվեցնե։

Ղուկաս էֆենտի որքան որ իր քենիին համամտություն ցույց տված էր, քաջալերելով զայն Սամսոն երթալու խորհուրդին համար, այսուհանդերձ ներքնապես որոշած էր այդ ճամփորդությունը արգիլել և Երանիկը միշտ իրեն մոտ պահել, իբրև հաճույքի պատրաստ առարկա մը։ Եվ ասոր համար հույսը դրած էր, ինչպես արդեն տեսանք, Քերովբե էֆենտիի վրա։

Իրիկունը, երբ իր բարեկամին քովը գնաց, այս վերջինը կպատրաստվեր մեկնելու գրասենյակեն։

− Աղեկ որ եկար,− ըսավ, վաճառականը տեսնելով,− նոր բաներ ունիմ քեզի ըսելիք Երանիկի մասին։

− Ես ալ նույնպես,− պատասխաներ Ղուկաս էֆենտի։

− Ուրեմն երթանք տեղ մը նստինք ու հանդարտորեն խոսակցինք։

Եվ ուղղվեցտն Ղալաթիա ծանոթ գարեջրատուն մը։

− Այսօր կրկին տիկին Երանիկի այցելությունը ընդունելու պատիվը ունեցա,− ըսավ Քերովբե էֆենտի գոհ ու զվարթ դեմքով մը։

− Վայ,− գոչեց վաճառականը.− էյ, ինչպես նորեն առաջվան այցելության չափ հաջողություն ունեցա՞ր…

− Կարծեմ թե,− պատասխանեց հաղթականորեն Քերովբե էֆենտի,− միայն թե այս անգամ քիչ մը ավելի դժվարությամբ և մեծ զոհողություններով։

− Ի՞նչ զոհողություն։ [ 278 ] − Նախ ստիպվեցա խոսք տալ, որ էրիկը առնվազն երկու տարի իր պաշտոնին մեջ պիտի պահեմ, հետո ամսականին վրա երկու ոսկիի հավելում մը պիտի ընեմ… ի՞նչ կըսես ասոր։

− Եվ դուն ալ խոստացա՞ր…

− Կարելի՞ է մերժել… քանի որ առանց այս խոստումներուն չպիտի կրնայի իրեն մոտենալ,– շարունակեց Քերովբե էֆենտի խնդալով։

Հետո գարեջուրի գավաթը պարպելով, խոսքը առաջ տարավ։

− Այս ամենը աղեկ, միայն թե թռչունը ձեռքերնուս կփախչի կոր… լուր չունի՞ս ասկե… գալ շաբթու ճամփա կելլա կոր Սամսոն երթալու համար, արդեն իսկ պատրաստությունները տեսնելու սկսեր է։

− Ճիշտ ես ալ ատոր համար ուզեցի քեզ տեսնել, պետք է որ մինչև քանի մը օր ինչ որ պիտի ընենք՝ ընենք լմնցնենք, որովհետև ես ալ այսօր Փարիզեն նամակ մը առի, մերինը գալ շաբթու հոս պիտի ըլլա և անոր հասնելեն ետքը շատ դժվար է ազատորեն գործ տեսնիլը։

− Լավ, ի՞նչ է քու դիտավորությունդ, ծրագիր մը պատրաստած ես։

− Նախ և առաջ ամենեն գլխավոր բանն է Երանիկը վազ անցնել Սամսոն երթալու խորհուրդեն…

− Բայց ինչպես ըսի, ընդհակառակը, անիկա պատրաստություն տեսնելու վրա է։

− Այո, որովհետև քենե խոստում առած է իր էրկանը մասին և անոր ապավինելով է, որ ճամփա ելլելու կպատրաստվի։ Այն օրը, ուր համոզվի, թե զինքը կխաբես կոր և թե էրկանը գործը քենե կախված չէ, ապահովաբար Սամսոն երթալու խորհուրդեն պիտի հրաժարի։

− Ատ այդպես է։

− Լավ, ուրեմն, իրեն պետք է հասկցնես, թե քու բոլոր խոստումներդ ոևէ կարևորություն չունին և թե ինք Սամսոն երթալուն պես ամուսինն ալ գործեն պիտի դադրի։

− Բայց այնքան խոստումներե ետքը, ի՞նչպես կրնամ ըսել, թե զինքը խաբած եմ և բոլոր ըսածներս սուտ էին… շիտակը շատ հաստ կաշի մը ունենալու է ասոր համար։

− Եթե բերանացի չես կրնար ըսել, գոնե նամակով մը կարելի է իրեն իմացնել․․․ ամեն պարագայի մեջ ասիկա անհրաժեշտ է։ [ 279 ] Քերովբե էֆենտի նույնիսկ չուզեց հանձն առնել այդպիսի նամակ մը գրելու, իրեն պզտիկություն համարելով, սակայն վաճառականը կրցավ զգացնել իր բարեկամին, թե պարտավոր էր հպատակելու իր ըսածներուն և ի վերջո խեղճ մարդուկը ստիպվեցավ տեղի տալ։

− Այդ գրելիք նամակդ մինչև շաբաթ Երանիկի ձեռքը հասցնելու ես…

− Վաղը կգրեմ ու մեկու մը հետ կղրկեմ։

− Դուն վաղը մեր գրասենյակը հանդիպե, հոն միասին կորոշենք գրելիքդ, հետո ես մեկու մը հետ ձեռքը կհասցնեմ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ կուզեր գործը ապահով կերպով տեսնել…

Երկու բարեկամները համաձայնեցան և որոշեցին, որ նամակին հառաջ բերելիք ազդեցությունը մեղմելու համար, Քերովբե էֆենտի կերպով մը հայտներ Երանիկի, որ ինք հանձն պիտի առնե իր ապրուստը հոգալ Պոլսո մեջ, եթե վերջնականապես հրաժարեր Սամսոն երթալու խորհուրդեն։

Այս տեսակցութենեն երկու օր ետքը, շաբաթ ցերեկին, երբ Երանիկ իր Սարը Յարի տան մեջ ճամփու պատրաստություններով զբաղած էր, սպասուհին իրեն հանձնեց նամակ մը, զոր նավամատույցի կոշիկ ներկողներեն մին բերած էր։

Երանիկ անփույթ կերպով մը առավ նամակը, պահարանը պատռեց և նախ ակնարկ մը նետեց ստորագրության վրա։

− Քերովբե էֆենտիեն է, արդյոք ի՞նչ գրած է,− ըսավ ինքնիրեն և սկսավ կարդալ:

Ահավասիկ նամակին պարունակությունը.

«Ազնվափայլ տիկին Երանիկ Ամասյան.

«Ապագա անհաճո անակնկալներու առաջքը առնելու համար, պետք կզգամ այս նամակովս միանգամ ընդմիշտ հայտարարել, թե ձեր ամուսնույն պաշտոնին մեջ հաստատ մնալուն և ամսականի հավելման մասին տված խոստումներս երբեք չպիտի կրնամ կատարել, որովհետև ձեր ամուսինը ոևէ օգտակարություն չունի իր գործին մեջ և եթե Սամսոն ղրկված է մեր կողմե, պարզապես ձեզ ծանոթ անձին ստիպումներուն վրա է. բաց աստի, արդեն նույն անձն է, որ կվճարե ձեր ամուսնույն ամսականին մեծ մասը, իսկ ես միմիայն երեք ոսկի կուտամ մեր սնտուկեն։

«Այս ճշմարտությունը արդեն դուք իմացած էիք և զայն ստուգելու [ 280 ] համար ինծի ալ դիմում ըրած։ Շիտակը հանցավոր կըզգամ ինքզինքս ձեր առաջին այցելության միջոցին՝ ճշմարտությունը ձենե ծածկելու և ձեզ խաբեյական հույսեր տալուս համար։ Եթե այս մասին արդարացում մը ունիմ՝ այն ալ ձեր վրա ունեցած սերս ու համակրանքս է և այդ օրն ալ պարզապես ձեր հրապույրեն չզրկվելու համար էր, որ այդպես չարաչար ստեցի…

«Եվ ճիշտ այսօր ալ այդ հրապույրեն չզրկվելու համար կուգամ այս անկեղծ հայտարարությունները ընելու և միանգամայն հորդորելու ձեզ, որ հրաժարիք Սամսոն երթալու խորհուրդեն։ Քանի որ խիստ հավանորեն հոն հասնելուդ պես կամ նույնիսկ անկե առաջ ձեր ամուսինը իր գործեն պիտի դադրեցուցվի։ Ուրեմն փոխանակ դուք ձեր ձեռքով ձեր հանգիստը խռովելու, լավագույն բան մը ըրած կըլլաք հոս մնալով՝ ուր կրնաք վստահ ըլլալ, որ ձեր կյանքը հաճելի դարձնելու համար ամեն զոհողություն ընելու պատրաստ բարեկամներ չպիտի պակսին։ Ասով ձեր ամուսինն ալ հանգիստ իր գործը կրնա շարունակել։

«Ահա ինչ որ կփափաքեի բերանացի կերպով ըսել ձեզի, սակայն չհամարձակեցա, քանի որ ձեզ չարաչար խաբած ըլլալու խղճահարութենեն կտառապեի։ Կհուսամ, որ այս տողերը կարդալե ետքը, ներողամիտ պիտի ըլլաք իմ մասիս և ձեր շնորհներեն չպիտի զրկեք զիս»։

Երանիկ կատաղի ատելությամբ մը կարդաց այս նամակը, հետո բարկությամբ պատառ-պատառ ըրավ զայն ու հուսահաո ինկավ թիկնաթոռին վրա։

Այսպես, ուրեմն, իր ամբողջ երազն էր, որ կքայքայվեր, կրկին կիյնար իբրև ստրուկ հարճ մը իր հալածիչներուն ձեռքը, ճիշտ այն միջոցին, ուր փրկված ըլլալ կկարծեր։ Ու մանավանդ կկատղեր, խորհելով որ անձնատուր եղած էր Քերովբե էֆենտիի՝ պարզապես անոր խոստումներեն խաբվելով։

Հանկարծ ոտքի ելավ.

− Ինչ որ ալ ըլլա, պիտի երթամ,− ըսավ վճռաբար ինքնիրեն,− ալ չեմ կրնար, վայրկյան մը իսկ հանդուրժել այս կյանքին, աղջիկս կառնեմ կերթամ, ինչ կուզե թող ան ըլլա։

Եվ այս որոշումով քիչ մը հանդարտած՝ սկսավ կրկին ճամփու պատրաստություններ տեսնել։

− Բավական մանր մունր գոհարեղեններ ունիմ, անոնք կծախեմ,- կխորհեր,— ավելորդ կարասիներս ալ կծախեմ և այդ գումարով [ 281 ] թե կրնամ ճամփորդել և թե քանի մը ամիս ապրվիլ, եթե երբեք ամուսինս գործեն հանեն․․․ այդ քանի մը ամսվան մեջ աստված ողորմած է, եթե պետք ըլլա՝ ես ալ կաշխատիմ, վերջապես ամեն բան աչքս կառնեմ, բայց ոչ երբեք հոս մնալ ու այս աղտոտ կյանքը շարունակել…

Մինչև իրիկուն այս մտածումով անցուց։

− Երկուշաբթի առտու կերթամ գոհարեղեններս կծախեմ, շոգենավին տոմսակն ալ կառնեմ, կլմնցնեմ,− որոշեց։

Իրիկունը, ուշ ատեն, Ղուկաս էֆենտի եկավ, ժպտուն ու հաղթական դեմքով մը, ջանալով նամակին ազդեցությունը կարդալ Երանիկի դեմքին վրա, բայց այս վերջինը բոլորովին գտած էր իր պաղարյունությունը և ուզեց իր քեռայրեն ծածկել ստացած նամակը և իր տված որոշումները։

− Այս իրիկուն տխուր կերևաս կոր,− ըսավ վաճառականը։

− Ոչ տխուր, ոչ ալ ուրախ՝ այլ սովորականին պես եմ,− պատասխանեց քենին։

− Ես ընդհակառակը ուրախ եմ և շատ ուրախ։

− Դեմքեդ կերևա կոր…

− Պատճառը չե՞ս հարցներ։

− Ի՞նչ է տեսնենք պատճառը,− ըսավ բռնի ժպիտով մը։

− Էֆենտիմ, աղվոր-աղվոր լուրեր առի. նախ՝ մեծ հայր եղեր եմ, աղջիկս մանչ զավակ մը բերեր է։

− Օ, ուրեմն աչքդ լույս։

− Ասկե զատ, քույրդ ալ հինգշաբթի օր կուգա կոր։

− Ուրեմն դարձյալ աչքդ լույս։

− Այսպես, քանի մը օրեն ամուրիի կյանքս վերջ պիտի գտնե,− ըսավ վաճառականը, որ այս վերջին բառերը քիչ մը մելամաղձությամբ արտասանեց։

− Շիտակը այդ տված լուրերեդ ես ալ շատ ուրախացա… Ռոզիկը ի՞նչպես է եղեր, դյուրա՞վ բերեր է զավակը։

− Այո, շատ հանգիստ կերպով։

− Ալ հինգշաբթի իրիկուն անշուշտ մեզի կուգաս՝ քուրդ տեսնելու համար։

− Տեսնենք, եթե մինչև այն ատեն հոս ըլլամ,− պատասխանեց Երանիկ, անտարբեր ձայնով մը։

− Իրավ, մոռցա, որ Սամսոն կերթաս կոր… կարծեցի թե արդեն վազ անցար այդ խորհուրդեդ։ [ 282 ] − Սամսոն պիտի երթամ թե ուրիշ տեղ, չեմ գիտեր, միայն թե սա գիտեմ, որ ասկե պիտի երթամ։

− Կերևա, որ Քերովբե էֆենտիին հետ գործը սաղի կապած ես… աստված տա։

Երանիկ այս հեգնական խոսքերուն վրա իր պաղարյունությունը, որ արդեն մեծ ճիգով մը կպահեր Ղուկաս էֆենտիի գալեն ի վեր՝ կորսնցուց և ոտքի ելլելով գոչեց.

− Դուն ալ, Քերովբե էֆենտին ալ գետնին տակը անցնիք, որ զիս այս վիճակին հասցուցիք… բայց մի կարծեք, որ ձեր ձեռքին մեջ եմ, գիտեմ որ էրիկիս ամսականը տվողը դուն ես, գիտեմ որ հոն երթալուս պես զինքը գործեն պիտի հանեք, գիտեմ, որ ամեն գեշություն ընելու կարող եք, զիս բոզ մը դարձնելու և ձեր հաճույքին ծառայեցնելու համար, բայց ես ալ կըսեմ, որ ձեր մուրատին չպիտի կրնաք հասնիլ և ցույց տալու համար, որ ալ ասկե ետքը քենե կախում չունիմ, կհրամայեմ, որ անմիջապես տանես դուրս կորսվիս…

Ղուկաս էֆենտի զարմացած ու շփոթված, լսեց այս խոսքերու տարափը, ինք բոլորովին տարբեր արդյունք մը կըսպասեր այն նամակեն, զոր իր բարեկամին հետ համախորհուրդ՝ պատրաստած ու գրած էին։ Ու հիմա Երանիկի այս պոռթկումին հանդեպ ափ ի բերան մնաց։

Պահ մը լռություն տիրեց սենյակին մեջ։ Վաճառականը իր հուզումը ծածկելու և հանդարտությունը գտնելու համար սիկարեթի տուփը հանեց և հատ մը վառեց, մինչ Երանիկ վեր վար կպտտեր տենդոտ քալվածքով մը։ Տեսնելով, որ իր քեռայրը լուռ կմնա և մեկնելու ոևէ շարժում չըներ, եկավ կեցավ անոր դեմը և թևը կուրծքին վրա ծալլած, պոռաց.

− Չլսեցի՞ր ըսածս, դուրս ելիր տունես, հիմա անմիջապես, եթե ոչ բոնի դուրս հանել կուտամ։

Վաճառականը փորձեց մեղմել կնոջ բարկությունը։

− Խենթացա՞ր, ինչ եղար, Երանիկ,− ըսավ անոր ցած ձայնով,− ինչո՞ւ այսպես կպոռաս, ձայնդ փողոցեն կլսվի… իմացողը ի՞նչ կըսե. հանդարտե տեսնենք, ի՞նչ է եղածը։

− Հիմա դուրս պիտի ելլես,− կգոչեր կինը, ոտքերը գետին զարնելով։

Սպասուհին դուրսեն աղմուկը լսելով, դուռը բացավ և սեմին վրա երևցավ։ [ 283 ] Ղուկաս էֆենտի, որ այդ տեսակ գործերու մեջ օտար ու նեղացուցիշ վկաներե կխուսափեր, իսկույն ոտքի ելավ և սպասուհիին կամաց մը հրամայեց, որ հեռանա, հետո սենյակին դուռը գոցեց և մոտեցավ Երանիկի։

− Ինծի նայե,− ըսավ ձայնը մեղմացնելով,− այս ատեն ո՞ւր կուզես որ երթամ. եթե շոգենավ ըլլար՝ Բերա կվերադառնայի, բայց վերջին շոգենավը արդեն գնաց, ձգե այս գիշեր ալ հոս մնամ ու վաղը առտուն կանուխ կելլամ կերթամ։

Բայց մյուսը տրամադիր չէր։

− Չէ, հիմա պիտի երթաս,− կպոռար,− եթե շոգենավ չի կա, կրնաս Պեոյուք Տերե պանդոկ մը երթալ և գիշերը հոն անցնել․ ինչ որ ալ ըլլա, չեմ ուզեր, որ վայրկյան մը հոս մնաս…

Վաճառականը տեսավ, որ անկարելի էր խոսք հասկցնել և եթե ավելի երկար ատեն ընդդիմանար, գուցե գայթակղության մը տեղի տված ըլլար, որովհետև քենին հայտնապես գրգռված էր, ուստի խոհեմություն համարեց տեղի տալ։

− Լավ, լավ, հանդարտե, ահա կերթամ կոր, միայն թե վստահ եղիր, որ եթե պաղարյունով մտածես ըրածիդ վրա, դուն ալ պիտի հասկնաս, որ շատ անվայել ու խենթ գործ մըն է ասանկ գիշերով զիս դուրս վռնտելը և գուցե պիտի զղջաս։

− Դուրս ելիր,− գոչեց Երանիկ, իբրև պատասխան այս խոսքերուն։

Ղուկաս էֆենտի, «օխ» մը արձակեց, հուսահատաբար գլուխը օրորեց, ֆեսը դրավ և դուրս ելավ։

Երանիկ անոր տան դուռը գոցելը և դուրս ելլելը լսելով, հառաչ մը արձակեց և բազմոցին վրա իյնալով՝ սկսավ հեծկլտալ։

Իսկ վաճառականը գլխիկոր ճամփան շարունակելով, մինչև նավամատույց եկավ․ հոնկե նավակ մը նստեցավ և Պեոյուք Տերե ուղղվեցավ։

— Տարօրինակ բան,− կմտածեր ինքնիրեն.− ի՞նչ եղավ այս կինը մեկեն ի մեկ, շատ աղվոր կապրեր կոր հոս. Սամսոն երթալ մը մեջտեղ հանեց, կարծես թե հոն էրիկը ոսկիներու մեջ կլողա կոր… թող երթա ու պոյը կտեսնա։

Եվ այս միտքն ի վար սպառնալիքով վաճառականը իր սիրտը հովացուց։

Պեոյուք Տերե հասնելով, գնաց նավամատույցի սրճարանը, ուր միս մինակ քանի մը գավաթ օղի խմեց, հետո գնաց կերակուր [ 284 ] ուտելու և վերջապես պանդոկի մը մեջ գիշերը առանձին անցնելե ետքը, հետևյալ առտու դուրս ելավ, Պոլիս դառնալու մտադրությամբ։

Սակայն շոգենավի սպասելու համար ուղղվեցավ սրճարանը, ուր տաճկական նվագ մը կար և բազմությունը հոն խռնված էր։

Հոն նստած սուրճ կխմեր, երբ ծանոթ մը մոտեցավ իրեն.

− Վայ, Ղուկաս էֆենտի, կիրակի առտվնով ի՞նչ բան ունիս հոս առանձին,– ըսավ իրեն մոտենալով։

− Երեկ մեկը տեսնելու համար հոս եկած էի, շոգենավը փախցնելով ստիպվեցա հոս մնալ գիշերը,− պատասխանեց վաճառականը,− բայց հիմա նորեն վար պիտի իջնեմ։

− Ասանկ գեղեցիկ օդով ու կիրակի օրով ի՞նչ պիտի ընես վար իջնես, ի՞նչ կա Պոլիս։ Նստե գոնե մինչև ցերեկ, միասին ժամանակ անցնենք։

Ղուկաս էֆենտի, որ իրավամբ հմայված էր օդին գեղեցկութենեն և ոևէ գործ մըն ալ չուներ վար իջնելու համար, ընդունեց իր բարեկամին հրավերը և որոշեց ցերեկեն ետքը, իրիկվան դեմ վերադառնալ տուն։

Երկու բարեկամները բավական նստելե ետքը ծովեզերյա սրճարանը, Ղուկաս էֆենտի ըսավ․

− Սանկ շնորհքով տեղ մը կա՝ այս կողմերը, ուր կարենանք մեզելենմիշ ըլլալով քանի մը օղի խմել։

− Ինչպե՞ս չի կա, ուզածիդ չափ,− պատասխանեց մյուսը,− ուզածդ այդ ըլլա։

− Ուրեմն քալե հոն երթանք։

Բարեկամը Ղուկաս էֆենտի առաջնորղեց ծովեզերյա ու ծառազարդ գեղեցիկ զբոսավայր մը, ուր տաճկական նվագ մըն ալ կար։

Հոն երկու բարեկամները մինչև կեսօր մնացին ու բավական օղի խմեցին, հետո կրկին միասին վերադարձան ճաշարան մը։

Ճաշեն հետո բարեկամը կարևոր գործ մը պատրվակ բռնելով մեկնեցավ, մինչ Ղուկաս էֆենտին ալ մտադրություն կհայտներ Պոլիս վերադառնալու։

Սակայն երբ առանձին մնաց, հանկարծ միտքը փոխեց, օղիեն ու գինիեն բավական զվարթացեր էր, գրեթե թեթևապես գինովնալով ու հիմա հանկարծ միտքը ինկած էր Երանիկը և անդիմադրելի փափաք մը կըզգար երթալ զայն տեսնելու։ Հիշեց նախորդ իրիկվան դեպքը, իր քենիին համառ բարկությունը և զինքը գրեթե բռնի [ 285 ] տունեն դուրս նետելը, բայց բոլոր այդ վերհիշումները փոխանակ իր բարկությունն ու ատելությունը գրգռելու, ընդհակառակը ավելի բորբոքեցին իր ցանկությունը։ Հետո ինքնիրեն խորհեցավ.− Երեկ իրիկվընե ի վեր անշուշտ բարկությունը անցած ու հանդարտած է, և գուցե ըրածեն ալ զղջացած, ուստի հիմա կելլեմ իրեն կերթամ և միասին կառք մը նստելով Հյունքյար Սույի աղվոր քեյֆ մը կընենք։

Եվ այս հաճելի հեռապատկերեն շլացած վաճառականը իր հաշիվը մաքրեց, նավակ մը նստավ և դեպի Սարը Յար ճամփա ելավ։

Եվ սակայն անակնկալ մը կսպասեր իրեն։ Տիկին Երանիկ ու իր աղջիկը առտուն կանուխ Պոլիս իջած էին և մեկնած պահուն տիկինը լուր տված էր սպասուհիին, որ իրիկունը չպիտի վերադառնար։

Վաճառականը ասիկա իմանալով՝ սաստիկ բարկություն մը զգաց, այնքան վստահորեն եկած էր իր քենիին զղջումին հանդիսատես ըլլալու և անոր հետ անգամ մըն ալ իր հրայրքը հագեցնելու։

− Ո՞ւր գացած կրնա ըլլալ, այսպես, կիրակի օրով,− խորհեցավ ինքնիրեն, սակայն չկրցավ բացատրություն մը գտնել։ Պահ մը դեգերեցավ փողոցը, իր ընելիքը շվարած մարդու մը պես, հետո նավամատույցին մոտ նշմարելով որ շոգենավը ճամփա ելլելու վրա էր, անմիջապես տոմսակ մը առավ և ներս մտավ։

Վաճառականը ամբողջ մեկ ու կես ժամ շոգենավին մեջ, իր քենիին այս հանկարծական մեկնումին վրա ենթադրություններ ընելով անցուց, առանց կարենալ որոշ բացատրություն մը գտնելու։

Կամուրջ հասնելուն՝ կառք մը մտավ և ուղղակի տուն գնաց։

Տարտամ նախազգացում մը ուներ։

− Կարելի է մեզի եկած է, ինե ներում խնդրելու համար,− կմտածեր։

Սակայն ոչ ոք եկած էր տուն։ Ղուկաս էֆենտի սրտնեղած դուրս ելավ, ծանոթի մը հանդիպելու և ժամանակ անցունելու հույսով։ Շիտակ ճամփան հանդիպեցավ Քերովբե էֆենտիի։

− Վայ, աղեկ որ իրարու հանդիպեցանք,− գոչեց այս վերջինը իր բարեկամը նշմարելով,− ես ալ առանձին կնեղանայի կոր, երեկ իրիկուն գյուղ ելար և ըսիր, որ երկուշաբթի առտու վար պիտի իջնես։ [ 286 ] − Խորհուրդ մարդկան՝ կամք Երանիկ հանըմի,- պատասխանեց վաճառականը, որ իր զվարթությունը գտած էր խորհրդակից մտերիմը տեսնելով։

− Ի՞նչ, նոր բան կա՞…

− Այո, շատ նոր բաներ։

− Նամակը առե՞ր է, ի՞նչ ազդեցություն ըրեր է․․․ ինծի դեմ կատղած ըլլալու է խեղճ կինը։

− Մեր հուսացածեն բոլորովին տարբեր ազդեցություն ըրավ նամակը, իցիվ թե գրած ըլլայինք, գործը բոլորովին խանդարեցինք։

− Ի՞նչ կըսես, Ղուկաս էֆենտի, զիս դող կհանես կոր։

− Այդ նամակին համար, երեկ իրիկուն զիս պարզապես տանեն դուրս նետեց և գիշերը ստիպվեցա Պեոյուք Տերե օթել մը անցնելու։

Քերովբե էֆենտի զարմացած ակնարկ մը ուղղեց իր բարեկամին, ակնարկ մը, որ միանգամայն տարակույս կհայտներ։

− Բացե ի բաց եղածը կըսեմ,− շարունակեց վաճառականը,− բայց ամենը այդ չէ։ Ինչ որ է, երեկ գիշեր պանդոկը անցուցի, առտուն ելա, բարեկամի մը հետ բավական խմելե ու ճաշելե ետք, ենթադրելով, որ մեր Երանիկին բարկությունը անցած ըլլալու է, նավակ մը նստա և Սարը Յար գացի… ի՞նչ տեսնամ աղեկ, Երանիկը այս առտու, աղջիկը առեր, Պոլիս իջեր է և ըսեր է, որ իրիկունն ալ չպիտի գա… ի՞նչ կըսես ասոր։

− Զարմանալի բան,− բացականչեց Քերովբե էֆենտի, որ իրապես անմեկնելի կգտներ այդ անակնկալ անհայտացումը։

Հետո քիչ մը ետքը, հարցուց իր բարեկամին։

− Հիմա ի՞նչ պիտի ընես, չպիտի՞ փնտռես զինքը։

− Առայժմ պետք է սպասել,− պատասխանեց վաճառականը,− վաղը իրիկունը կրկին Սարը Յար պիտի երթամ և եթե դարձյալ տունը չգտնեմ զինքը, այն ատեն կխորհինք թե ինչ ընելու ենք… ամեն պարագայի կարծեմ այդ նամակը գրելու չէինք։

Իր ըսածին համեմատ, Ղուկաս էֆենտի, հետևյալ իրիկուն կրկին Սարը Յար իր քենիին տունը գնաց, բայց դարձյալ ոչ ոք կար հոն, սպասուհիեն զատ։

− Հանըմըս մեջտեղ չելավ,− բացատրեց այս վերջինը,− թեև ըսած էր, որ այսօր պիտի վերադառնար։

Ի զուր վաճառականը երկարորեն ուզեց հարցուփորձել սպասուհին, [ 287 ] որ ճշմարտապես բան մը չէր գիտեր, որովհետև Երանիկ հարկ չէր տեսած անոր բացատրություններ տալու իր բացակայությանը մասին։

Գիշերը հոն մնաց Ղուկաս էֆենտի և գրեթե մինչև առավոտ չկրցավ աչքերը փակել։ Այս հանկարծական անհայտացումը ոևէ կերպով չէր կրնար մեկնել և տարտամորեն կնախազգար թե աղետավոր փորձանք մը կպատրաստվեր իր գլխուն։

− Բարով խերով սա նամակը գրած չըլլայինք,− կկրկներ ինքնիրեն,− Երանիկի այս ընթացքը նամակին արդյունքն է… բայց ո՞ւր գացած կրնա ըլլալ․․․

Մինչ վաճառականը այսպես երկու օրե ի վեր իր քենիին անակնկալ բացակայությամբը կմտատանջեր, Երանիկ իր աղջկան հետ գացած էր Կետիք Փաշա իրեն ու իր ամուսնույն ծանոթ ընտանիքի մը տունը, ուր մտադիր էր մնալ մինչև Սամսոն երթալիք օրը։

Ինք գուշակած էր, որ վաճառականը անպատճառ պիտի վերադառնար իր քով ու կրկին պիտի ջանար հաշտություն գոյացնել ու հարաբերությունը վերահաստատել և մանավանդ զինքը՝ ետ կեցնել ամուսնույն քով երթալու որոշու են։ Եվ այս բանը կսոսկացներ խեղճ կինը և իր արիությունը չկորսնցնելու համար, այսպես երեսը կծածկեր։ Իր քեռայրին ու Քերովբե էֆենտիի իր մասին ցույց տված վարմունքը զինք բոլորովին կատղեցուցած էր և վճռաբար որոշած էր այլևս իր միտքը դրածեն չշեղիլ ոևէ ազդեցության տակ։

Իր ապրած մեկ քանի ամսվան կյանքը այժմ այնքան զզվելի ու ամոթալի կթվեր իրեն, որ կուզեր անոր հիշատակը իսպառ վանել միտքեն։ Հիմա ամբողջ մտածումն ու գուրգուրանքը կենդրոնացուցած էր իր աղջկան՝ Մաննիկի վրա, որուն համար մանավանդ պետք զգացած էր միանգամ ընդմիշտ վերջ մը դնելու իր անկարգ կյանքին և կրկին ամուսնական հարկին տակ մտնելու, նույնիսկ ամենածանր նյութական զրկանքներ աչք առնելով։

Այն ընտանիքը, որուն տունը ապաստանած էր Երանիկ, հինավուրց բարեկամ ընտանիք մըն էր, որ ամեն կերպով պատրաստակամություն հայտնեց զինքն ու աղջիկը հյուրընկալելու և պետք եղած ձեռնտվությունը ընելու։ Տանտերը, Աբրահամ աղա, շուկան ոսկերիչ էր և բավական կարողության տեր․ տիկին Երանիկ անոր հանձնեց իր ունեցած բոլոր մանր մունր գոհարեղենները զորս հետը առած էր և որոնց մեկ քանին Ղուկաս էֆենտին նվիրած էր [ 288 ] և խնդրեց, որ անմիջապես վաճառե, առանց գինին մասին դժվարություններ հարուցանելու։

− Հինգ ոսկի վեր, հինգ վար, այսօր անպատճառ ամենքն ալ ծախե ու իրիկունը դրամները բեր,− ըսավ Աբրահամ աղայի, երկուշաբթի առտու բոլորն ալ անոր հանձնելով։

Ոսկերիչը խոստացավ տիկնոջ խնդիրը կատարելու ու և իրավ ալ նույն իրիկունը վերադարձավ հետը բերելով 42 ոսկի ու զանոնք հանձնեց Երանիկի՝ ըսելով.

− Եթե այսպես չաճապարեիր ու քանի մը օր միջոց տայիր ինձի, գուցե այդ գոհարեղենները 50 ոսկի ալ բռնել կուտայի, այսուհանդերձ նորեն շատ չխաբվեցար։

Երանիկ ուրախությամբ ոսկիները գրպանեց և շնորհակալություն հայտնեց։

Հիմա կմնա տան կարասիները ծախելու գործը, խորհեցավ։ Բայց ասիկա ավելի դժվար էր, մանավանդ որ հարկ էր Սարը Յար երթալ և գոնե մեկ քանի օր հոն մնալ այդ գործը գլուխ հանելու համար և սոսկումով կխորհեր, թե հավանորեն հոն Ղուկաս էֆենտիի հետ դեմ առ դեմ գալու և միասին բացատրություն մը ունենալու պիտի ստիպվեր, ու այս բանը անհանդուժելի կթվեր իրեն։ Եվ սակայն հարկ եղավ, որ ամեն բան աչքը առնելով՝ վերադառնա Սարը Յար։

Երեքշաբթի օր, դրամները Աբրահամ աղայի քով պահ տալե ետքը, Մաննիկի հետ դարձավ գյուղ, խոստանալով գործերը մինչև հինգշարթի լմնցնել և նույն օրը կամ ուրբաթ կրկին Կետիկ Փաշա գալ։

Սպասուհին մեծ ուրախությամբ ընդունեց զինքը։

− Հանըմըս, աս ո՞ւր մնացիր, երեկվընե ի վեր մտմտուքի մեջ ինկանք,− գոչեց դուռը բանալով.− Ղուկաս էֆենտի երկու անգամ է կուգա, քեզ կփնտռե, երեկ իրիկուն ալ հոս մնաց և այս առտու գացած ատենը պատվիրեց, որ գալուդ պես իմացունես, որովհետև մտատանջության մեջ մնացեր է եղեր։

Երանիկ պաղությամբ կտրեց սպասուհիին խոսքը, հետո խոհարարուհին կանչելով հաշիվը տեսավ ու ճամփեց, ըսելով որ քանի մը օրեն պիտի մեկներ Պոլիսեն, հետևաբար պետք չուներ իրեն այլևս:

Հետևյալ առտու կանուխ ժողովեց բոլոր այն անհրաժեշտ առարկաները, որոնց պետք պիտի ունենար ինք և նավ դնել տալով [ 289 ] Պոլիս իջեցուց, ուր նախապես եղած կարգադրության մը համեմատ Աբրահամ աղա զանոնք պիտի փոխադրեր իր տունը։ Մինչև իրիկուն այսպես տենդային գործունեության մը մեջ անցնելե ետքը, տիկին Երանիկ իր աղջկան հետ դուրս ելավ քիչ մը օդ առնելու համար։

− Ալ հիմա գործին դժվարին մասը լմնցավ,− կմտածեր գոհունակությամբ ժուռ գալով ծովեզերքը,− տան մեջ մնացած ավելորդ կարասիներն ալ վաղը կծախեմ կլմնցնեմ և, եթե հաջողիմ, հինգշաբթի օր շոգենավ կնստիմ կերթամ։

Երկու օրե ի վեր իր ըրած վճռական կարգադրությունները տեսակ մը հոգեկան թեթևություն ու զվարթություն տված էին իրեն և այլևս անցած էր մեկ քանի օր առաջվան ջղագրգիռ վիճակը։

Նավամատույցին մոտ հասնելով, փափաք զգաց ծովեզերյա զբոսարանը նստելու և գարեջուր մը խմելու։ Վերջին օրերը կզգուշանար գեղեն դուրս ելլելու և այդպիսի վայրեր նստելու առանձին, որովհետև ժամանակե ի վեր մեկ քանի անձեր իր ետևեն կհետապնդեին, կռահած ըլլալով, որ առանց ամուսնի կին մըն էր, որ տանը մեջ բարեկամներ կընդուներ ու անոնց հետ կզվարճանար։ Բայց այլևս պետք չզգաց ինքզինք ծածկելու։

− Վաղը պիտի ձգեմ երթամ, ալ ով որի,– ըսավ ինքնիրեն, մեյ մըն ալ գուցե Սարը Յարի երեսը տեսնելիք չունիմ։

Ու Մաննիկի հետ գնաց նստավ զբոսարանը։

Կամուրջեն եկող շոգենավը, երբ մոտեցավ նավամատույցին, Երանիկ սկսավ դիտել դուրս ելլալները։

Հանկարծ նշմարեց Ղուկաս էֆենտիին, որ կամաց-կամաց ու մտատանջ երևույթով կհառաջանար։

Այս երևումը ոևէ շփոթություն կամ հուզում չպատճառեց իրեն. արդեն առտըվնե խորհած էր, որ գուցե քեռայրը կրկին գար և աչքը հառած էր վերջնական տեսակցություն մը ունենալու հետը, ուստի ամենայն հանդարտությամբ ըսավ աղջկանը.

− Մաննիկ, ահա Ղուկաս էֆենտին, որ շոգենավեն ելավ ու անշուշտ մեզի կերթա կոր, վազե ետևեն և ըսե, որ ես հոս նստած եմ, թող հոս գա։

Աղջիկը փութաց մորը հրամանը կատարելու։

Քիչ հետո վաճառականը ուրախ և ժպտուն երևցավ, Մաննիկի ձեոքեն բռնած։ [ 290 ] − Վերջապես մեջտեղ ելար,− գոչեց Երանիկի քով գալով,– աս ինչ մտմտուքի մեջ ձգեցիր մեզի քանի օրե ի վեր։

− Իրար անցնելու ի՞նչ կա որ.− պատասխանեց Երանիկ թեթև ժպիտով,− մի՞թե ազատ մեկը չե՞մ, ուզած կողմս չե՞մ կրնար երթալ… արդյոք վախցար որ կորսվա՞ծ եմ։

− Չէ, բայց գոնե գացած տեղդ կրնայիր իմացնել։

− Պետք չտեսա։

− Ինչ որ է, հիմա մեջտեղ ելար, անկե աղեկը չի կա․․․ վախցա, որ այս իրիկուն ալ եկած չես ըլլար ու նորեն օթելը պառկելու կստիպվիմ։

− Դժբախտաբար կարծեմ նորեն պետք պիտի ըլլա այնպես ընել։

− Ինչո՞ւ համար,− հարցուց Ղուկաս էֆենտի զարմացած երևույթով մը։

− Որովհետև տանը մեջ միայն մեկ անկողին կա, ուր ես ու աղջիկս միասին պիտի պառկինք։

− Մյուս անկողինները ի՞նչ ըրիր։

− Անոնք այսօր բեռցուցի ու Պոլիս ղրկեցի։

Վաճառականը նախ չուզեց հավատալ։

− Կատա՞կ կընես կոր,− ըսավ խնդալով։

− Կատակի բան չի կա, ըսածս բացարձակ ճշմարտություն է, եթե չես հավատար, կրնաս տուն գալ և աչքովդ տեսնել։

− Արդեն բնականաբար տուն պիտի գամ, կերակուր ունիս հարկավ… և եթե անկողին չկա, ետքը կմտածենք, թե ինչ ընենք։

− Անշուշտ տանը մեջ ուտելիք բան մը կգտնենք, միայն թե ուրիշ անգամներու պես շենք շնորհք ճաշ մը չպիտի կրնամ ընել։

− Վա՞յ, ինչո՞ւ․․․

− Որովհետև խոհարարուհին այսօր ճամփեցի։

− Ի՞նչ ըրավ որ։

− Բան մըն ալ չըրավ, միայն թե այլևս պետք չունեի իրեն, քանի որ մեկ-երկու օրեն կմեկնիմ։

Ղուկաս էֆենտի զգաց, որ քենիին ըսածները կատակ չէին և թե խիստ լրջորեն կխոսեր և պզտիկ սրտնեղություն մը զգաց, սակայն ինքզինքը զսպեց ու հայտնի ընել չուզեց։

− Ինչ որ է,− ըսավ փիլիսոփայաբար,− ինչ որ գտնանք, ան կուտենք․․․ կհուսամ, որ տաք կերակուր մը պատրաստել տված ես և սպասուհին ալ չես ճամփած խոհարարուհիին հետ։ [ 291 ] − Չէ, սպասուհին տակավին մեկ երկու օր պիտի պահեմ։

Պահ մը լռեցին երկուքն ալ. Ղուկաս էֆենտի ծառան կանչեց և գարեջուրի նոր շիշ մը ապսպրեց։ Իր քենիին այդ պաղարյուն բացատրությունները թունավոր սլաքներու պես իր սիրտը կմխրճվեին և մտքին մեջ հազար ու մեկ հնարքներ կորոճար, կերպով մը վրեժ լուծելու համար այդ կնոջմեն, որ այսպես վճռաբար կուզեր խուսափիլ իր ձեոքեն։ Բաց աստի, օրերե ի վեր իր զսպված կիրքը գրգռված էր ու չէր կարող հաշտվիլ այդ իրիկունն ալ Երանիկեն հեռու մնալու գաղափարեն ու միտքին մեջ միջոց մը կորոճար, իր դեմ ցցված դժվարությունները հարթելու համար։

− Ի՞նչ պետք ունեիր այսօր անկողինները ղրկելու,− ըսավ սրտնեղած դեմքով մը։

− Բայց հատկապես անոր համար եկա արդեն,− պատասխանեց կինը։

− Ո՞ւր գացեր էիր քանի մը օրե ի վեր,− հարցուց Ղուկաս էֆենտի։

− Բարեկամ ընտանիքի մը տունը։

− Անուն չո՞ւնի այդ ընտանիքը։

− Քու ճանչցած ընտանիքդ չէ։

− Ըսե տեսնիմ անունը…

Երանիկ, որ միշտ երկյուղ ուներ իր քեռայրին մեքենայություններեն, չուզեց Աբրահամ աղայի անունը տալ, բայց որպեսզի կասկած չհարուցանե, անմիջապես պատասխանեց։

− Էրկանս մեկ հեռավոր ազգականները կան Ետի Գոլլե… Մարկոսյան կըսվին, անոնց տունը գացի, արդեն երկար ատենե ի վեր հրավիրած էին։

Վաճառականը թեև շատ հավատք չընծայեց այս բացատրության՝ սակայն ստիպվեցավ գոհանալ անով։

Հետո, քիչ մըն ալ զբոսարանը մնալե ետքը, հանկարծ ոտքի ելավ և ըսավ.

− Ալ տուն երթանք։

− Շատ աղեկ,− պատասխանեց Երանիկ,− բայց նորեն կկրկնեմ, պառկելու տեղ չկա, գիտցած ըլլաս, եթե կուզես այս տեղվանքը պանդոկի մը մեջ սենյակ մը վարձե։

− Չէ, պետք չկա, եթե նեղը մնամ Պեոյուք Տերե կերթամ։

− Դուն գիտես։

Տուն հասնելով՝ Ղուկաս էֆենտի բոլորովին համոզվեցավ, որ [ 292 ] իր քենին ճշմարիտ խոսած էր։ Սենյակները գրեթե դատարկված էին և միայն ավելորդ կարասիներ մնացած, սպասուհին՝ իր տիրուհիին պատվերին համեմատ՝ միայն տեսակ մը կերակուր պատրաստեր էր։ Հարկ եղավ անով ու քիչ մը պանիրով գոհանալ։ Ճաշեն ետքը Երանիկ իր օրվան մեջ չափազանց հոգնած ըլլալը պատրվակելով, ըսավ թե ննջելու պիտի երթար և աղջիկը թևը առնելով՝ վերի սենյակը գնաց։

Ղուկաս էֆենտի հարաճուն կատաղությամբ մը կրեց այս ամենը, հետո տեսնելով որ ճար չի կար, ինքն ալ ֆեսը դրավ և ելավ կրկին Պեոյուք Տերե պանդոկ մը գնաց, բայց արդեն իր ծրագիրը շինած էր և ճամփան քանի մը անգամ ինքնիրեն կրկնեց.

− Կեցիր, քեզի վաղը կհասկցնեմ այս բռնած ընթացքդ։

Հետևյալ առտու, Պոլիս հասնելով, առաջին գործը եղավ երթալ Քերովբե էֆենտին գտնալ իր վաճառատան մեջ։

− Անմիջապես հեռագիր մը պիտի քաշես Սամսոն,− ըսավ։

− Ի՞նչ հեռագիր,− հարցուց բարեկամը զարմացած։

− Ամասյանին ուղղված հեռագիր մը, սա իմաստով. «Անմիջապես ճամփա ելիր ու Պոլիս վերադարձիր, այսօր իսկ, և ճամփա ելլելդ հեռագրով տեղեկացուր ինծի»։

− Բայց ի՞նչ կա որ…

− Բացատրություն տալու ժամանակ չունիմ, ինչ որ կըսեմ, ան ըրե ու հիմա աչքիս առջև հեռագիրը գրե։

− Շատ աղեկ, էֆենտիս, գլխուս վրա,− պատասխանեց մյուսը։

Ու նույն վայրկյանին Ղուկաս էֆենտիին հրամանը կատարեց։

− Կարելի է մինչև իրիկուն պատասխանը կուգա,− ավելցուց վաճառականը,− հեռագիրը առնելուդ պես ինծի ղրկե։

− Անհոգ եղիր այդ մասին։

Ու վաճառականը գնաց իր գրասենյակը։

Իրիկունը, ուշ ատեն, Երանիկի ամուսինը հետևյալ հեռագիրը կղրկեր.

«Այսօր ճամփա կելլեմ ավստրիական շոգենավով Պոլիս գալու համար»։

Քերովբե էֆենտի, իր ընդունած հրահանգին համեմատ, հեռագիրը պահարանի մը մեջ դրավ ու ղրկեց Ղուկաս էֆենտիին։

Վաճառականը, որ անհամբեր կսպասեր այս պատասխանին, [ 293 ] հեռագիրը գրպանը դրավ և հաղթական դեմքով մը ինքնիրեն գոչեց․

− Հիմա քեզի հետ կտեսնվինք։

Եվ գրասենյակի գործերը անույշ տեղը կապելով՝ աճապարեց կամուրջ ու նստեցավ վերին Ոսփոր գացող շոգենավին մեջ։

− Տեսնենք այս հեռագիրը կարդալով ի՞նչ պիտի ընե մեր Երանիկը,− կխորհեր։

Մինչ Ղուկաս էֆենտի առտըվնե ի վեր այս անախորժ անակնկալը կպատրաստեր իր քենիին, այս վերջինը տենդային գործունեությամբ մը կջանար իր ճամփա պատրաստությունները տեսնել։ Առտուն կանուխ, շնորհիվ գյուղին մեջ ունեցած մեկ քանի ծանոթներուն, հաջողած էր ավելորդ կարասիներուն վաճառման ձեռնարկել և մինչև իրիկուն անոնց մեծ մասը ծախած էր, նույնիսկ խոհանոցի անոթները և սեղանները, այնպես որ նույն իրիկուն որոշած էր երթալ ծովեզերյա պանդոկը ճաշել և ննջելու համար տուն գալ։

Կհուսար որ հետևյալ առտու մնացած քանի մը կտոր կարասիներն ալ ծախելով պիտի կրնար Աբրահամ աղայի երթալ իրիկունը, և հաջորդ օրն ալ, եթե շոգենավը հարմարեր, մեկնիլ Սամ- սոն։

Մեկնումի վճռական որոշումը տալեն ի վեր, Երանիկ անօրինակ կորով մը ու կամքի զորություն մը կզգար իր մեջ և իրեն այնպես կթվեր, թե աշխարհի մեջ ոչ մեկ բան կրնար այլևս զինքը կասեցնել իր դիտավորութենեն։

Այսպես ուրեմն, իրիկունը, ուշ ատեն, երբ կարասիները գնորդներու կողմե դուրս հանվեցան տունեն, Երանիկ, աղջիկը հետը առած եկավ կրկին ծովեզերյա զբոսարանը։

Ղուկաս էֆենտի շոգենավեն ելլելուն պես նշմարեց իր քենին ու աղջիկը, որ սեղանի մը շուրջ նստած ծովը կդիտեին ու անմիջապես դեպի իրենց դիմեց…

− Ահավասիկ նորեն եկա ձեզ գտա,− ըսավ զվարթորեն Երանիկի։

Երանիկ այս այցելության չէր սպասեր, առջի օրվան իր ըրած ընդունելութենեն ետքը, այսուհանդերձ ամենայն հանդարտությամբ ընդունեց քեռայրը։

− Կերևա որ պանդոկին մեջ շատ հանգիստ անցուցիր երեկ գիշեր, քանի որ այսօր կրկին գալ ուզեր ես,− ըսավ ծաղրածու ձևով մը։ [ 294 ] − Այս իրիկուն կրկին գալու պատճառը ուրիշ բան է,– պատասխանեց վաճառականը խորհրդավոր կերպարանքով մը։

− Ի՞նչ է տեսնենք։

− Երբ որ տուն երթանք այն ատեն կբացատրեմ։

− Եթե այդպես է, բացատրություն չպիտի կրնամ իմանալ,– պատասխանեց Երանիկ։

− Ի՞նչու։

− Որովհետև այս իրիկուն տուն երթալու միտք չունինք, կամ ավելի ճիշտը, միայն պառկելու համար հոն պիտի երթանք։

− Ի՞նչ, նոր բա՞ն կա դարձյալ,− հարցուց Ղուկաս էֆենտի սրտնեղած։

− Եղածն այն է, որ տան մնացորդ կարասիները այսօր ծախեցի. ինչպես նաև խոհանոցի անոթներն ու սեղանի սպասները, այնպես որ պարտավորված ենք ճաշերնիս այս իրիկուն դուրսը ուտելու։

− Ուրեմն այդպես, որոշումիդ վրա հաստատ մնացա՞ծ ես և Սամսոն պիտի երթա՞ս։

− Այո, հավանորեն վաղը չէ մյուս օր ճամփա կելլեմ, եթե շոգենավ ըլլա և անակնկալ մը չպատահի։

− Էրկանդ միանալո՞ւ համար։

− Բնականաբար։

− Եթե էրկանդ միանալու համար է, կարծեմ մինչև Սամսոն երթալու պետք չպիտի ունենաս,– պատասխանեց վաճառականը չար ժպիտով մը։

Երանիկ ցնցվեցավ։

Բավական ատեն լուռ մնալե հետո, Ղուկաս էֆ․ վերստին սկսավ խոսիլ իր քենիին հետ, իբր թե տարհամոզելու համար զինքը;

Երանիկ, գերագրգռված վիճակ մը ուներ, ոչ մեկ պատասխան տվավ Ղուկաս էֆենտիի խոսքերուն։ Ղուկաս էֆենտի, նկատելով, որ իր խոսքերը ոևէ ազդեցություն չեն ըներ և նույնիսկ Երանիկ անտարբեր և լուռ կմնա, բարկացկոտ երևույթով մեկնեցավ սրճարանեն, ըսելով։

− Այլևս քեզի կմնա որոշումդ տալ, այս համառ ընթացքովդ շատ պիտի վնասես քեզի։

Ղուկաս էֆենտի ճաշելու համար մտավ Սարը Յար ծովեզերյա մեկ ճաշարանը, որ միևնույն ատեն զբոսարան ալ էր։ [ 295 ] Երանիկ Ղուկաս էֆենտիի մեկնումեն քիչ հետո տուն գնաց։ Նույն գիշերվան համար ոևէ ճաշ պատրաստած չըլլալով, իր հետ առավ նաև սպասուհին ու երեքը միասին ճաշելու համար մտան այն ճաշարանը, ուր կգտնվեր Ղուկաս էֆենտի։

Ղուկաս էֆենտի ճաշը լմնցնելե ետքը կպատրաստվեր մեկնիլ և երթալ Պեոյուք Տերե, երբ հանկարծ նշմարեց, որ Երանիկ իր աղջկան հետ զբոսարան մտավ, որ ինչպես ըսինք, միևնույն ատեն ճաշարան ալ էր, և գնաց սեղանի մը քով նստեցավ, առանց նշմարելու իր քեռայրը։

− Քիչ մը սպասեմ, տեսնենք ինչ կըլլա,− մտածեց ինքնիրեն Ղուկաս էֆենտի,− հիմա քիչ մը հանդարտած կերևա կոր, կարելի է ճաշեն ետքը, երբ որ փորն ալ կշտացնե, ավելի դյուրին կըլլա խոսք հասկցնել։

Եվ այս հուսալից ենթադրության վրա, գրպանեն սիկարեթ մը հանեց և ծխել սկսավ։

Իրավցնե Երանիկ այլևս գրգռված կերպարանք չուներ, հանդարտիկ կխոսեր իր աղջկան և սպասուհիին հետ, և նույնիսկ ատեն-ատեն կժպտեր։

Երբ ճաշը ավարտեց, վաճառականը ոտքի ելավ և մոտեցավ այն սեղանին, որուն շուրջը նստած էին երկու կիներն ու աղջիկը։

Երանիկ իր քեռայրը տեսածին պես զարմացական շարժում մը ունեցավ։

− Դող մի ելլար, քիչ ետքը պիտի երթամ,− փութաց ըսել վաճառականը,− ես ալ ձեզի պես ճաշելու եկա, բայց երբ ճաշս ավարտելով կպատրաստվեի դուրս ելլել, ձեր գալը տեսա և սպասեցի, որ ճաշդ լմնցնես, որպեսզի քովդ գամ և քիչ մը միասին տեսնվինք։

− Բայց արդեն ուշ է, տուն պիտի վերադառնանք,– պատասխանեց Երանիկ։

− Դեռ կարելի է նստիլ, տակավին ժամը երկուքն է։

− Մաննիկին քունը եկած է և ննջելու ատենն է։

− Ուրեմն թող անիկա սպասուհիին հետ տուն երթա, մենքքիչ մը նստինք,− պնդեց Ղուկաս էֆենտի,− անպատճառ պետք է որ քիչ մը խոսիմ քեզի հետ․․․

Երանիկ, որուն բարկությունը անցած էր, չկրցավ ալ ավելի դիմադրել և սպասուհիին ըսավ, որ աղջիկը տուն դառնա և ավելցուց. [ 296 ] − Ես ալ քիչ ետքը կուգամ։

− Մինչև տուն քեզի կտանեմ, կձգեմ,− հարեց վաճառականը։

Երբ երկուքը առանձին մնացին՝ պահ մը լռություն տիրեց, հետո, վերջապես Ղուկաս էֆենտի խոսիլ սկսավ։

− Գիտես որ վաղը քույրդ Թագուհին կուգա կոր, և անշուշտ զինքը դիմավորելու համար կայարան պիտի գաս կամ իրիկվան մեր տունը պիտի գաս այս մասին որոշում տվա՞ծ ես։

− Այո, պիտի գամ քույրս տեսնելու, այս մասին վստահ եղիր,− պատասխանեց Երանիկ հաստատ շեշտով մը։

− Ուրեմն ճիշտ ասոր համար,− շարունակեց վաճառականը,− պետք է անանկ ընթացք մը բռնենք, որ Թագուհի բանե մը չկասկածի, որովհետև մեր պատիվը և ընտանեկան բարոյականը այդպես կպահանջեն… եթե նորեն այս իրիկվան պես գրգռվիս ու իմ մասին խոսքեր կամ ակնարկություններ ընես, կրնա ծանր հետևանքներ ունենալ։

− Սպառնալի՞ք կընես կոր,− հարցուց Երանիկ։

− Չէ, միայն թե բարեկամաբար խորհուրդ կուտամ կոր, որովհետև քիչ մը առաջ, բարկությանդ մեջ, կարգ մը խոսքեր ըրիր, որոնց նպատակը չկրցա հասկնալ։

− Ի՞նչ խոսք։

− Ասանք ծածուկ սպառնալիքի խոսքեր։

− Չեմ հիշեր կոր թե ինչ ծածուկ խոսք ըսի, այնքան հուզված էի, որ գուցե առանց կշռելու բաներ ըսած եմ։

Այս բացատրությունը գոհացուցիչ երևաց Ղուկաս էֆենտիի և զայն համարեց իբրև վերջնական հաշտության մը նախաքայլը։

− Ես ալ ճիշտ այդպես մտածեցի, որ առանց խորհելու կըսեիր այդ խոսքերը և ատոր համար ուզեցի կրկին քեզ տեսնել և քու բերնեդ լսել թե ակամա այդ տեսակ սպառնալիքները ըրած ես։

− Ուրեմն հիմա գո՞հ ես տված բացատրութեներ։

− Այո։

− Լավ, անանկ է նե երթանք, ժամանակը ուշ է։

Վաճառականը փորձեց խոսակցությունը շարունակել, օգուտ քաղելով Երանիկի հաշտարար տրամադրութենեն և կրկին զայն իրեն դարձնել, սակայն տեսավ, որ անկարելի էր այդ և թե խզումը այս անգամ վերջնական է, ուստի հուսահատաբար ոտքի ելավ, իր քենին տարավ մինչև տունը, հետո առանձին վերադարձավ նավամատույց նավակով Պեոյուք Տերե երթալու համար։ [ 297 ]
ԳԼՈՒԽ ԺՔ

Ամբողջ գիշեր Երանիկ գրեթե անքուն անցուց։ Ամուսինեն եկած հեռագիրը, այդ վերջին խազը, որ կխաղային իրեն, ահռելի բան մը կթվեր իրեն։ Այսպես ուրեմն իր կորուստն էր, որ վճռած էր Ղոկաս էֆենտի, պարզապես կուզեր զինքը անոթության մատնել, որպեսզի ստիպվի իր ճանկին մեջ իյնալու և իր հաճույքին ծառայելու ստրուկի մը պես… Ու ասոր համար ոչ թե միայն իր քենին կզոհեր, այլ նաև անոր ամուսինն ու աղջիկն ալ։

− Այս ինչ սոսկալի, ինչ հրեշ մարդ մըն է եղեր,− կմտածեր, կատաղութենեն խելահեղ։

Ու մտքին մեջ սոսկալի վրեժխնդրություններ կերկներ ազդ մարդուն դեմ, որուն հաճույքին առարկան եղած էր երկար ատեն։

Իսկ գալով Ղուկաս էֆենտիի, ան թեև բոլոր այս անցած դարծածեն դժգոհ էր, սակայն կմխիթարվեր, խորհելով որ ի վերջո քենին տեղի պիտի տար։

− Հիմակուհիմա կերևա, որ քովը քանի մը ոսկի ունի և անոր ապավինելով, գլուխ կբռնե կոր, բայց այդ դրամը շուտով կհատնի և այն ատեն կրկին կստիպվի ինծի դիմել․ խնդիրը սպասելու վրա է, համբերությամբ ամեն բանի կրնանք հաղթել։

− Ես կվախնայի, որ խենթ բան մը կընե ու մեր հարարերությունը կհայտնե Թագուհիին ու պատճառ կըլլա նոր գայթակղության մը, բայց կերևա, որ ատանկ դիտավորություն մը չունի։

Ահա ինչ որ կմտածեր վաճառականը նավակով Պեոյուք Տերե գացած միջոցին։

Առտուն կանուխ իջավ Պոլիս իր գրասենյակը, որպեսզի գործերը կարգի դնե ու երթա Սիրքեճիի կայարանը, իր կինը դիմավորելու, որ առտվան ճեպընթացով կհասներ։

Քերովբե էֆենտի իրեն կսպասեր անհամբեր։

− Ի՞նչ եղավ հեռագրին ազդեցությունը,− հարցուց, երբ երկու բարեկամները առանձին մնացին։

− Մի հարցներ, կրակ կտրեցավ ու հետս կռիվ ըրավ, ըսելով որ ես եմ բոլոր այս եղածին պատասխանատուն։

− Այդ մասին չէ սխալած բնավ։

− Սակայն ես բոլորովին ուրացա։

− Եվ զիս հանցավոր ցույց տվիր։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ… հիմա կարելի չէ իրեն խոսք [ 298 ] հասկցնել, որովհետև սարսափելի բարկացած է թե ինձի և թե քեզի դեմ, պետք է որ օձիքը թողունք, մինչև որ ինք ստիպվի կրկին մոտենալու։

− Բայց էրիկը ի՞նչ պիտի ընենք. վաղը առտու շոգենավը կհասնի եղեր։

− Բնականաբար շոգենավեն ելլելուն պես ուղղակի քեղի պիտի գա բացատրություն ուզելու. դուն ալ պաղ ընդունելություն մը կընես ու զինքը ճամփու կդնես, ըսելով, որ այլևս իրեն պետք չունիս․․․ թող քիթերնին գետին քսվի, որ երթան սորվին իմ կամքիս դեմ գործ տեսնելը։

Քերովրե էֆենտի մեկնեցավ և վաճառականը մեկ քանի նամակներ գրել տալե ետքը ժամացույցը նայեցավ և տեսավ, որ կառախումբին հասնելու ատենը եկած էր, ուստի աճապարանքով ուղղվեցավ Սիրքեճիի կայարանը, ուր արդեն քարափին վրա բազմություն խռնված էր, ճեպընթացին սպասելով։

Հանկարծ կառախումբին ժամանումի սուլումը լսվեցավ և կառքերու հոյակապ շարքը եկավ կեցավ քարափին եզրը։ Տիկին Թագուհի, որ գլուխը պատուհանեն դուրս հանած էր, անմիջապես նշմարեց իր ամուսինը, որ անծանոթի մը հետ կխոսակցեր անտարբեր։

− Ղուկաս էֆենտի, Ղուկաս էֆենտի,− պոռաց։

Վաճառականը անմիջապես գլուխը դարձուց ձայնին եկած կողմը և կեղծ ուրախության աղաղակ մը արձակեց։

Վայրկյան մը ետքը Թագուհի հանըմ վար իջած էր վակոնեն ու կհամբուրվեր ամուսնույն հետ։

Թագուհի հանըմին աոաջին գործը եղավ տեղեկություններ հարցնել իր պզտիկ աղջկան մասին, որ գիշերօթիկ դպրոց կգտնվեր։

− Շատ աղեկ է, տեսնելուդ գիրացած պիտի գտնես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի,− աղվոր, աղվոր դասերուն կաշխատի կոր․․․ քու գալդ իմաց չտվի, որովհետև շաբաթ արձակուրդ ունին։ Եթե իմանար, անպատճառ գալ պիտի ուզեր ու դասերեն ետ պիտի մնար։

− Թող աղեկ ըլլա տե՝ երկու օր վերջը կտեսնանք, վնաս չունի,− պատասխանեց Թագուհի զվարթորեն։

Հետո, կարգը եկավ Ղուկաս էֆենտիին տեղեկություններ հարցնելու իր աղջկան՝ Ռոզիկի ու փեսին վրա։ [ 299 ] − Շատ հանգիստ, շատ աղեկ ու երջանիկ են,− հավաստեց կինը,− չես կրնար երևակայել, թե իրարու ինչպես կսիրեն։

Ղուկաս էֆենտի ուզեց իմանալ մանավանդ իր փեսին գործերուն վիճակը, նյութական կարողությունը։ Թագուհին այս մասին ալ խիստ գոհացուցիչ տեղեկություններ տվավ և ըսավ, թե փեսանին իրենց կարծածեն կամ հուսացածեն շատ ավելի փայլուն դիրք մը ուներ։

Ետքը կառքին մեջ, երբ Բերա կերթային, Թագուհին հարցուց.

− Քույրս՝ Երանիկը ի՞նչպես է։

− Աղեկ է,− պատասխանեց Ղուկաս էֆենտի վարանոտ ձևով մը,− այսինքն՝ աղեկ ըլլալու է, որովհետև բավական ժամանակ կա՝ տեսած չունիմ։ Երթալեդ ի վեր կարծեմ երկու երեք անգամ տեսա միայն, երկու անգամ գրասենյակ եկավ, անգամ մըն ալ փողոցը հանդիպեցա․․․ բայց երեկ մարդ ղրկեցի և գալդ իմացուցի, հավանական է, որ այսօր վաղը տուն կուգա։

−Էրիկը ի՞նչ ջուրի մեջ է։

− Անոր ալ աշխատանք գտանք, բարեկամի մը քով գործի դրինք, Սամսոն գնաց, կերևա որ չէ կրցեր օգտակար ըլլալ, որովհետև երկու օր առաջ այդ բարեկամս տեսա, ըսավ որ Պոլիս կանչեր է և թե այլևս իրեն պետք չունի եղեր։

− Ըսել է նորեն պարապ պիտի մնա։

− Աստված ողորմած է, հարկավ դարձյալ գործ մը կճարենք իրեն, հիմա ատոր վրա մտածելիք ատեն չէ։

Եվ Ղուկաս էֆենտի, որ այդ բացատրություններեն կնեղվեր, խոսքը փոխեց։

− Երանիկին հետ ալ չկրցանք համաձայնիլ, որպեսզի երկուքնուս խոսքը իրարու բռնե,− խորհեցավ ինքնիրեն,− եթե ինքն ալ գա և ուրիշ կերպ պատմե, գործ ունինք։

Բայց նույն օրը Երանիկ մեջտեղ չեկավ և Ղուկաս էֆենտի մտատանջության պատճառ չունեցավ։

Շաբաթ օրը միայն, ցերեկեն ետքը, Երանիկ եկավ իր քույրը տեսնելու։

− Աս ո՞ւր մնացիր, երկու օրե ի վեր քեզի կսպասեմ, Ղուկաս էֆենտին ըսավ, որ գալուստս իմացնելու համար մարդ ղրկած է քեզի, սակայն երևան չելար, անհանգի՞ստ էիր,− հարցուց Թագուհի հանդիմանական շեշտով մը։

− Չէ, միայն թե չափազանց զբաղված էի, էրիկս Սամսոնեն [ 300 ] վերադարձավ երեկ իրիկուն և որովհետև քանի մը օրեն Պոլսեն հեռանալու որոշում տվինք, շատ իրարանցումի մեջ ենք,− պատասխանեց քույրը։

− Ինչո՞ւ Պոլսեն կհեռանաք կոր։

− Այսպես պետք է, ամենուս հանգստության համար։

– Չեմ գիտեր ինչ ըսել կուզես. Ղուկաս էֆենտին ըսավ, որ էրիկդ իր պաշտոնեն հաներ են, բայց միևնույն ատեն հույս հայտնեց, որ գործ մը պիտի ճարե իրեն, անոր չհարցուցած ինչպե՞ս կըլլա կոր, որ ձեր գլխուն որոշում կուտաք։

− Ալ ասկե ետքը մենք մեր գլխուն ճարը մեր ձեռքովը պիտի տեսնենք,− պատասխանեց Երանիկ հուզված կերպարանքով։

Տիկին Թագուհին, որ չէր գիտեր իր քրոջ հոգեկան վիճակը, կարծեց թե Ղուկաս էֆենտիի ու Երանիկի մեջ միջադեպ մը տեղի ունեցած է և ըսավ.

– Կերևա որ նորեն խնդիր մը ունեցաք մեր էֆենտիին հետ, անոր ալ մեկ նեղ վայրկյանին հանդիպած և խոսք մը ըսած ըլլալու է և ասոր համար այդպես քեննայի խոսքեր կընես կոր, բայց ես նորեն կկրկնեմ․ եկած օրս կառքին մեջ ձեր խոսքը բացվեցավ և ինք իր կողմե ըսավ, որ աստված ողորմած է, նորեն գործ մը կգտնանք։

Երանիկ փոխանակ իր քրոջ պատասխանելու, հանկարծ սկսավ արտասվել։ Տիկին Թագուհի փութաց անոր քով ու ջանաց հանդարտեցնել։

− Ի՞նչ ունիս, քույրիկս, խոսե տեսնեմ, պատմե ամեն բան, կերևա կոր ծանր բան մը անցեր է մեջերնիդ և ես տեղեկություն չունիմ…

Խեղճ կինը առանց պատասխանելու կշարունակեր հեծկլտալ, հետզհետե ավելի հուզված։

Վերջապես սկսավ խոսիլ ու ամոթեն, խղճահարութենեն ու վրեժխնդրական զզացումեն տարված, ամեն բան պատմեց իր քրոջը, խիղճը հանդարտեցնելու և միանգամայն իր վրեժը լուծելու անդիմադրելի պետքե մը մղված։

Պատմեց թե ինչպես, աոաջին անգամ անձնատուր եղած էր իր քեռայրին, թէ ինչպես իրենց մեղապարտ հարաբերությունները շարունակած էին, նույնիսկ Ղուկաս էֆենտիի ընտանեկան հարկին տակ, վերջապես իրենց հարաբերության վերջին դրվագը, Սարը Յարի մեջ վարած կյանքերնին, ամուսնույն Սամսոն ղրկվիլը։ [ 301 ] Քերովբե Էֆենտիի մեղսակցությունը և ի վերջո զինքը Պոլիս պահելու համար Ղուկաս էֆենտիի գործածած միջոցները։ Վերջապես ամեն բան, առանց նույնիսկ մոռանալու Քերովբե էֆենտիի հետ ունեցած հարաբերությունները, միանգամ ընդմիշտ փրկվելու համար Ղուկաս էֆենտիի ճիրաններեն, մանրամասնորեն պատմեց իր քրոջը, անհուն զղջումի արցունքներուն մեջ։ Եվ ի վերջո, ծունկի եկած, ներում խնդրեց իր քրոջմեն, իր ակամա ու գրեթե բռնի գործած հանցանքներուն համար։

Տիկին Թագուհի այս հայտնություններեն սահմռկած, ինքն ալ Երանիկի հետ կարտասվեր, չկրնալով ըմբռնել իր էրկան այս ամոթապարտ ընթացքը։

Անշուշտ մեծ հավատք մը ունեցած չէր մինչև այն ատեն իր ամուսնույն առաքինությանը մասին, գիտեր թե ընտանիքի, պատիվի ու բարոյականի մասին իր առերևույթ պահանջկոտության հակառակ, ինչ անպատիվ ու անբարոյական արարած մըն էր, որ հաճախ ստիպված էր իր խաղքությունները ծածկել դրամի կամ ազդեցության ուժովը։ Բայց երբեք չէր կրնար երևակայել, որ այդ մարդը անարգության այն աստիճանին իջած է, ուր կերևար այժմ իր քրոջ պատմություններեն ետքը։ Այս հայտնությունը շանթի մը հարվածը եղավ իրեն համար ու այն աստիճան ցնցվեցավ, որ Երանիկ ստիպվեցավ իր կարգին զայն հանդարտեցնել, զղջալով իր խոստովանությունները։

Երկու քույրերը, երկար ատեն, գլուխ գլխի լացին իրենց դժբախտությունը։ Թագուհի հարցուց.

− Ի՞նչ պիտի ընես հիմա, քակի որ ամուսինդ ալ պարապ է և չես կրնար հույս դնել այլևս Ղուկաս էֆենտիի վրա։

− Ունեցածս չունեցածս ծախեցի, քանի մը ոսկի հավաքեցի,− պատասխանեց Երանիկ,− այդ գումարով էրկանս հետ պիտի ջանանք գործ մը ճարել և ապրվիլ կամ հոս կամ գավառները․․․ վերջապես ամեն բան պիտի ընենք գլխներուս ճարը նայելու համար, առանց Ղուկաս էֆենտիի դիմում ընելու։

− Իսկ ես ի՞նչ պիտի ընեմ այս լսածներես ետքը, ինչպե՞ս պիտի նայիմ այդ մարդուն երեսը,− պատասխանեց Թագուհի՝ հուսահատ շեշտով մը,− ալ ասկե ետքը անկարելի պիտի ըլլա ինծի այդ հրեշին հետ ապրիլ…

Իրիկվան դեմ, Երանիկ ելավ գնաց, իր խոստովանությամբ [ 302 ] թեթևցած, մինչ տիկին Թագուհի հետզհետե կսրտմտեր, իր իմացածները վերհիշելով։

Երբ Ղուկաս էֆենտի եկավ, Թագուհի իր սենյակը քաշված էր, սպասուհիին ըսելով թե անհանգիստ է։ Վաճառականը պահ մը հանգստանալե ետքը հարկ համարեց երթալ իր կինը տեսնելու։

Թագուհի չկրնալով ինքզինք զուգել, իր ներսիդին կուտակված ամբողջ դառնությունը պոռթկաց իր էրկանը երեսին։

Քսան տարվան ընտանեկան կյանքի մը հաշվեհարդարությունն էր, որ կկատարվեր։ Բոլոր մոռցված, ծածկված ու ներված ամոթալի դեպքերն ու իրողություններն էին, որոնք կրկին երևան կելլեին մեկիկ-մեկիկ և ի վերջո, հանկարծ պայթեցավ վերջին գայթակղությունը՝ Ղուկաս էֆենտիի հարաբերությունը իր քենիին հետ ամբողջ ամոթալի մանրամասնություններովը, առանց ոևէ նահանջի կամ մոռացումի կարելիության։

Շվարած, շլմորած, մտիկ ըրավ իր կնոջ բարկաճայթ խոսքերուն, գլխուն տեղացած նախատինքներուն, հետո վերջապես չկըրնալով համբերել, կամ մանավանդ ուզելով անպատկառության մը հաղթանակը տանիլ գոչեց.

− Ես ի՞նչ հանցանք ունիմ, եթե քուրդ բոզ մըն է․․․ ինք եթե պոչ չի խաղցուներ, ես ալ ետևեն չէի իյնար, ինք է մեղավորը։

Այս խոսքերը ալ ավելի գրգռեցին տիկին Թագուհին, որ կրկին սկսավ իր նախատինքներուն տարափը։

Վերջապես Ղուկաս էֆենտի, տեսնելով, որ չպիտի կրնա այս պայքարեն հաղթական դուրս ելլել, ելավ կնոջ սենյակեն, բարկությամբ վար իջավ և դուրս ելավ տունեն, առանձնությամբ քիչ մը մտքի հանդարտությունը գտնելու համար։

Երբեք մտքեն չէր կրնար անցնել թե իր քենին այսպես պիտի գար ամեն բան պատմելու իր կնոջը և այս անակնկալը սոսկալի հարվածի մը պես կիջներ իր գլխուն։

Փոսթալը,– կմտածեր ինքնիրեն,− վրեժ լուծելու համար ըրած է… Կերևա որ այս էր սպառնալիքը, հիմա կհասկնամ կոր։

Ժամերով Ղուկաս էֆենտի առանձին շրջեցավ, առանց ճաշելու, խոր մտածումի մեջ ընկղմած։ Կզգար, որ իր ընտանիքն էր, որ կքայքայվեր այս անգամ անդառնալի կերպով ու այս մտածումը սիրտը կճմլեր։

Այս էր գլխավոր մտատանջությունը…

− Եթե այս բաները իմացվին, ինչ պիտի ըսեն ամեն մարդ։ [ 303 ] − Պատիվս փարայի մը պիտի ըլլա,− կհեղեղեր ինքնիրեն։

Վերջապես, կեսգիշերին մոտ, տուն վերադարձավ և գնաց ուղղակի իր սենյակը ննջելու։

Հետևյալ առտու կանուխ արթնցավ ու առանց իր կնոջ երեսը տեսնելու կպատրաստվեր դուրս ելլել, երբ սպասուհին եկավ իմաց տալու, որ տիկինը հիվանդ էր։

− Մարդ ղրկեցեք թող մեր բժիշկը կանչեն,− հրամայեց էֆենտին և դուրս ելավ տունեն։

Խեղճ տիկին Թագուհի իր կրած ծանր հուզումեն հիվանդ ինկած էր. բժիշկը եկավ և հայտարարեց, թե հիվանդը ջղային մեծ տագնապի մը ենթարկված էր և հարկ էր զայն մեծ զգուշությամբ խնամել: Բարեբախտաբար աղջիկը, Նոյեմի՝ նույն օրը եկավ դպրոցեն և անոր ներկայությունը բավական ներգործեց մորը վրա, բայց և այնպես քանի մը շաբաթ հարկ եղավ, որ անկողին մնա։

Ղուկաս էֆենտի անգամ մը փորձած էր երթալ կինը տեսնելու, բայց տիկին Թագուհի զայն սեմին վրա տեսնելուն պես, դուրս վռնտած էր, կրկին ջղային տագնապի մը մատնվելով։ Վաճառականը ալ անկե ետք չէր գացած կնոջ քով: Իրիկունները հանցավորի մը պես տուն կուգար, առանձին ճաշը կըներ ու կրկին դուրս կելլեր և ուշ ատեն կվերադառնար։

− Բայց ասոր վերջը ի՞նչ պիտի ըլլա,− կմտածեր ինքնիրեն,− այս կինը մինչև ետքը սրդողա՞ծ պիտի մնա հետս, այն ատեն շիտակը անտանելի պիտի ըլլա այս կյանքը, պետք է ոևէ միջոցով վերջ տալ ասոր։

Եվ իզուր միջոցներ կորոճար իր մտքին մեջ։

Երանիկեն այլևս լուր չուներ և կենթադրեր, որ Պոլսեն մեկնած ըլլալու էր իր ամուսնույն և աղջկան հետ։ Հիմա տեսակ մը ատելությամբ լեցված էր անոր դեմ։

− Ինքն է բոլոր այս փորձանքին պատճառը,− եթե քիչ մը խելք ունենար, այս ընթացքը չէր բռներ և այս փորձանքները չէր բանար, թե մեր և թե իրենց գլխուն։

Շաբաթներ ետքը վերջապես տիկին Թագուհի իր կրած բուռն հուզումեն հանդարտած, կրցավ ոտքի ելլել։

Իր հիվանդության միջոցին երկար նամակ մը գրած էր Փարիզ՝ իր աղջկան, որուն մեջ կհայտներ, թե այլևս չպիտի կրնար միևնույն հարկին տակ ապրիլ իր ամուսնույն հետ և փափաք կհայտներ իր աղջիկը առնելով երթալ Փարիզ հաստատվելու։ [ 304 ] Տիկին Թագուհի չէր ուզած ամբողջ եղելությունը հայտնել Ռոզիկի, այսուհանդերձ ծածուկ բառերով շատ բան ըսած էր և վերջապես ավելցուցած էր, որ իր որոշումն անդառնալի է և թե, նույնիսկ եթե Փարիզ չերթա, անպատճառ պիտի բաժնվի իր ամուսինեն։

Ռոզիկ այս նամակը ընդունելով, ինքն ալ մեծ հուզում մը կրեց և գուշակեց, որ անզարմանալի բան մը պատահած էր։ Նամակը ցույց տվավ իր ամուսնույն, որպեսզի անոր հետ խորհրդակցությամբ որոշում մը տան։ Լևոն երկար մտածելու պետք չունեցավ, անմիջապես վճռեց, որ հարկ է պատասխան մը գրել և անմիջապես ստիպել իր զոքանչը, որ քենիի հետ կրկին Փարիզ վերադառնա, Նույնիսկ ուզեց, որ այդ նամակը երկուքնուն կողմե ստորագրվի, որպեսզի տիկին Թագուհի ոևէ խղճահարություն կամ կասկած չունենա։

Երբ այս պատասխանը հասավ տիկին Թագուհիի ձեռքը, մեծ ուրախությամբ կարդաց զայն և գրեթե բոլորովին գտավ իր հանդարտությունը և մտքի անդորրությունը։

Եվ սակայն հարկ էր վերջնական տեսակցություն մը ունենալ Ղուկաս էֆենտիի հետ՝ ու այս բանը զինքը կխրտչեցներ։ Նշանավոր վեճեն ի վեր, ուրկե ետքը հիվանդ ինկած էր, տիկին Թագուհի խոսք մը չէր փոխանակած իր ամուսնույն հետ և նույնիսկ զգուշացած էր անոր հետ դեմ առ դեմ գտնվելե։ Վաճառականն ալ, իր կարգին, վարժված էր այս նոր ապրելակերպին և մոտենալու ոևէ փորձ չէր ըներ։

Տան մտերիմները անորոշապես գիտեին, որ երկու ամուսիններու միջև պաղություն մը կտիրեր, սակայն ոչ ոք կրցած էր բուն պատճառը գիտնալ և զանազան ենթադրություններ կընեին միայն, բնավ չէին մոտենար իրականության։

Փարիզեն նամակ ստացած իրիկունը, տիկին Թագուհի որոշեց վերջապես իր ամուսինին հետ վճռական տեսակցություն մը ունենալ։ Սպասուհիին հետ լուր ղրկեց Ղուկաս էֆենտիի, թե կփափաքեր զինքը տեսնել։ Այդ հրավերը շատ զարմացուց վաճառականը, որ այլևս չէր սպասեր իր կնոջ հետ այսպիսի գլուխ գլխի տեսակցություն մը ունենալ։

— Արդյոք նոր բա՞ն մը կա,— խորհեցավ։ Հետս սպասուհիին դառնալով. [ 305 ] − Շատ աղեկ,– ըսավ,− ճաշեն ետքը անմիջապես իր սենյակը կերթամ:

Վաճառականը տեսակ մը հուզում կզգար այդ անակնկալ հրավերեն։

− Խե՞ր է արդյոք,− մտածեց.− գուցե այս անտանելի կացությահ վերջ մը տալու համար կուզե հետս հաշտվիլ… ինչ որ է, քիչ ետքը կիմանանք իր նպատակը…

Ճաշին վրա սովորականեն ավելի գինի խմեց, կռվի պատրաստվող զորականի մը պես, հետո սուրճն ու սիկարեթը խմելե ետքը, հաստատ քայլերով ուղղվեցավ կնոջը սենյակը:

Տիկին Թագուհի խիստ պաղ ու դաժան ընդունելություն մը ըրավ ամուսնույն, որ զվարթադեմ իրեն մոտեցած էր, ըսելով.

– Ի՞նչ կա նայինք, զիս ուզեր ես։

– Այո, շատ կարևոր խոսք մը ունիմ, և կուզեմ, որ լրջորեն զիս մտիկ ընես։

− Խոսե տեսնենք։

− Վերջին անգամ մեր մեջ անցած դարձածեն ետքը, ալ ինծի համար անկարելի պիտի ըլլա քեզի հետ միևնույն տանը մեջ բնակիլ, ուստի պետք է, որ ալ իրարմե հեռու ապրինք, առանց անօգուտ տեղը գայթակղություններ հարուցանելու և վրանիս դարձյալ խոսեցնելու…

− Բաժնվի՞նք մի,− գոչեց Ղուկաս Էֆենտի,− բայց մեր մեջը բաժանում չկա…

− Ըսել կուզեմ, որ իրարմե պետք է հեռու ապրինք,− պատասխանեց Թագուհի…

− Բայց այն ատեն ինչպե՞ս կուզես, որ վրանիս խոսեցնել չի տանք։

− Ասոր ճարը ես մտածեցի։

− Ըսե տեսնենք։

− Ես Նոյեմիս կառնեմ Փարիզ կերթամ, աղջկանս քով, իբրև թե Նոյեմին դպրոց դնելու և անոր վրա հսկելու համար, և հոն կըմնանք, ժամանակ մը. ասով ոչ ոք կրնա մեր մասին բամբասանք մը ընել։

− Տեսնենք Փարիզեն ձեզ կուզե՞ն կոր,− հարցուց Ղուկաս էֆենտի ծաղրածու շեշտով մը։

− Այդ մասին անհոգ եղիր։

− Վայ, ուրեմն ամեն բան առաջուց պատրաստեր ես: [ 306 ] − Այսինքն աղջկանս գրած եմ տված որոշումս։

− Ի՞նչ,− գոչեց վաճառականը դող ելած,− մեր մեջ անցած դարձածը անո՞նց ալ գրեցիր։

− Չէ, չէ, մի հուզվիր, ըրած խաղքություններդ չպատմեցի, միայն թե քիչ մը ատեն Փարիզ երթալս իմացուցի և անոնք ալ, թե աղջիկս և թե փեսաս, անմիջապես նամակ գրեր ու մեզ հրավիրեր են… նա, առ նամակը կարդա։

Եվ տիկին Թագուհի նամակը իր ամուսնույն երկարեց, վաճառականը արագ ակնարկ մը նետեց թուղթին վրա. հետո ըսավ.

− Բոլոր ատոնք պարապ բաներ են, անցած դարձած խնդրի մը այսչափ կարևորություն տալ չարժեր… զարմանալի բան, ամեն ընտանիքի մեջ ասանկ բաներ կպատահին, բայց չեն առներ անցնիր… ընտանեկան պատիվը, բարոյականը պահպանելու համար, այս տեսակ խնդիրը անուշ տեղը կկապեն, դուն ընդհակառակը անանկ ընթացք մը բռնել կուզես, որ աշխարհ արար եղածը իմանա և պատիվնիս փարայի մը ընե։

− Դո՞ւն ես, որ տակավին կհամարձակիս ընտանիքի, պատիվի, բարոյականի խոսք ընել,− գոչեց տիկին Թագուհի բորբոքած:

Ու ահա անգամ մըն ալ կռիվը պայթեցավ երկու ամուսիններու միջև, կրկին իրենց քսան տարվան ամուսնական կյանքի հաշվեհարդարությունն սկսավ, բոլոր հին խնդիրները մեջտեղ հանելով ու այս անգամ տիկին Թագուհի անխնա կերպով հարձակեցավ ամուսնույն վրա, ամբողջ անոր նախատելի կյանքը երեսին զարնելով, այն աստիճան, որ ի վերջո վաճառականը ստիպվեցավ կորագլուխ՝ գրեթե խույս տալ սենյակեն ու բարկությամբ դռները շառաչել տալով, ինքզինք փողոց նետեց, առանձնության մեջ հանդարտությունը գտնելու համար:

− Թող ճեհեննեմ ըլլան երթան,− կոռնար ինքնիրեն փողոցին մեջ,− բարով խերով Փարիզեն չվերադառնար, գալեն ի վեր դժոխք դարձավ տունս։

Հետո հայհոյություններու տարափ մը սկսավ տեղալ Երանիկի գլխուն, զոր իր բոլոր դժբախտությանը միակ պատճառը կհամարեր:

Էրիկ կնկան միջև անցած այդ վերջնական կռիվեն երկու շաբաթ ետքը արդեն տիկին Թագուհի իր բոլոր պատրաստությունները տեսած էր, մեկ քանի օրեն մեկնելու համար Փարիզ։ Աղջիկը՝ [ 307 ] Նոյեմի՝ դպրոցեն հանած էր և տունը կմնար, քանի որ որոշած էր միասին տանելու։

Ղուկաս էֆենտի վերջ ի վերջո համոզվեր էր, թե իրեն համար լավագույն լուծումը պիտի ըլլար այս բաժանումը, քանի որ ալ բոլորովին անկարելի էր ասկե ետքը միասին ապրիլ, առանց ընտանեկան նորանոր բախումներու և կռիվներու։ Եվ այն աստիճան վարժվեր էր այդ կարգադրության, որ հիմակ անհամբեր կսպասեր այդ մեկնումին, իրեն համար նոր կյանք մը վերսկսելու նպատակով:

Արդեն իսկ առանց սպասելու, որ տիկին Թագուհի ու իր աղջիկը երթան հաստատվին Փարիզ, ինք արդեն իսկ սկսած էր ապրիլ իբրև ամուրի մը, գրեթե շատ գիշերներ տուն չգալով ճաշի։ Նույնիսկ մեկ քանի անգամ պառկելու ալ չէր եկած, գիշերը անցնելով իր բարեկամին՝ Քերովբե էֆենտիին հետ, որ դարձյալ իր ամենօրյա խորհրդատու մտերիմը և շուտով կյանքին ուղեցույցը եղած էր:

Եվ կարծես թե վրեժ լուծելու համար իր կնոջմեն և անոր ցույց տալու թե՝ այս բաժանումը ոևէ կարևորություն չուներ իրեն համար, քանի մեկնումի օրերը կմոտենային, այնքան տունեն բացակա կմնար։

Իրիկուն մը դարձյալ գնաց գտավ Քերովբե էֆենտին և առաջարկնց, որ միասին ատեն անցնեն։

− Ալ այս իրիկուն վերջին գիշերնիս է, վաղը մեր Թագուհին տեֆ կըլլա, կերթա կոր, բոլորովին պիտի ազատիմ,− ըսավ իր բարեկամին։

− Ուրեմն պետք է, որ տունը գտնվիս, այս վերջին իրիկունը։

− Ընդհակառակը, ճաշի չպիտի երթամ և նույնիսկ գիշերն ալ տուն չպիտի վերադառնամ, որ երթա հասկնա,− գոչեց Ղուկաս էֆենտի։

Վաճառականը ոևէ գաղտնիք չուներ Քերովբե էֆենտիեն և իր ընտանեկան բոլոր խնդիրները պարզած էր անոր, մանավանդ որ ան ալ կերպով մը իրեն մեղսակիցը կհամարվեր, ուստի այդ խոսքերը չզարմացուցին զինքը։

− Լավ, թող ըսածիդ պես ըլլա, միայն թե ինչպե՞ս ժամանակ պիտի անցնենք, առաջուց որոշում մը տվա՞ծ ես…

− Նախ կերթանք քիչ մը կխմենք, հետո աղեկ ճաշ մը կընենք, ալ անկե ետքը աստված ողորմած է։ [ 308 ] Եվ երկու բարեկամները գացին իրենց ծրագրի աոաջին մասը գործադրելու։

Ապա, ճաշին ետքը, Քերովբե էֆենտիի խորհուրդին վրա, ուղղվեցան Շիշլիի կողմը ամայի վայր մը, ուր շվայտության նոր որջ մը գտած էր էֆենտիի հաճոյակատար բարեկամը:

***

Արշալույսին դեմ կառք մը եկավ կեցավ վաճառականին դռան առջև:

Քերովբե էֆենտի կառքեն իջավ և դուռը զարկավ, տակավին ոչ ոք արթնցած էր տանը մեջ և հարկ եղավ մեկ քանի անգամ զանգակը հնչեցնել, մինչև որ ծառան եկավ դուռը բանալու։

Այն ատեն Քերովբե էֆենտի մոտեցավ կառքին և դռնակը բանալով՝ վար իջեցուց Ղուկաս էֆենտին, որ տժգույն և դողդոջուն, հազիվ կրնար իր ոտքերուն վրա կենալ, և անոր թևը մտնելով, կամաց-կամաց տան դուռնեն ներս մտցուց, մինչ ծառան, այդ տեսարանեն ապուշ կտրած, աչքերը խոշոր-խոշոր բացած կնայեր, առանց կարենալ բան մը հասկնալու։

Ծառան թևը մտած, խիստ դժվարությամբ Ղուկաս էֆենտին առաջնորդեց իր ննջասենյակը, ուր հևասպառ, վիճակի մեջ երկարեցավ անկողնին վրա։ Քերովբե էֆենտին Ղուկաս էֆենտին տուն ձգելե ետքը, անմիջապես վազած էր բժիշկին և հանձնարարած էր, որ փութով Ղուկաս էֆենտիի տունը երթա, ավելցնելով թե դաշույնի վերք մը ստացած է քսակահատներու կողմե, որոնք ուզած էին զինքը կողոպտել, գիշերը ուշ ատեն վերադարձած միջոցին։

Ավելորդ է ըսել, թե Քերովբե էֆենտի կխեղաթյուրեր դեպքը, որովհետև Ղուկաս էֆենտի ոչ թե քսակահատներու կողմե, այլ իրենց այցելած գաղտնի հանրատան մեջ էր, որ դաշույնով վիրավորված էր նախանձոտ մրցակցի մը կողմե:

Քերովբե էֆենտի բժիշկին լուր տալե հետո իր տունը գնաց։ Բժիշկը անհրաժեշտ պետքերը առնելով փութաց Ղուկաս էֆենտիի մոտ և նախնական դարմանները ըրավ վերքին:

Քերովբե էֆենտի իր տունը հանդիպելե հետո, առանց երկար մնալու վերադարձավ Ղուկաս էֆենտիի մոտ, ուրկե բժիշկը դեռ չէր մեկնած։

Բժիշկը վերքը մաքրելե և զայն փաթթելե հետո պատվիրեց, [ 309 ] որ կարելի եղածին չափ քիչ մը զգույշ շարժի անկողնին մեջ։ Դեղագիր մը գրելե և ուտելիքի մասին ալ կարգ մը հանձնարարություններ ընելե ետքը, բժիշկը մեկնեցավ՝ կրկին հանդիպելու խոստումով:

Քերովբե էֆենտի, որ բժշկին ներկայության աթոռի մը վրա նստած էր, անոր մեկնումեն անմիջապես հետո ոտքի ելավ ու քննեց լաթերը և տեսավ, որ իրավ արյունոտ էին, ինչպես նաև ճերմակեղենները, զորս բժշկին գալեն հետո փոխած էր։ Լաթերուն գրպանները պրպտեց և ճերմակեղեններուն հետ լրագրի մը մեջ ծրարեց և տարավ դարակի մը խորը պահեց:

Նույն միջոցին դուռը զարնվեցավ կամաց մը։

− Մտեք,− ըսավ Քերովբե էֆենտի։

Սպասուհին էր եկողը։

− Թագուհի հանըմ իմացավ, որ էֆենտիին համար բժիշկ եկեր է և կուզե ինչպես ըլլալը հասկնալ, ըսավ։

− Աղեկ է, կքնանա կոր,− պատասխանեց Քերովբե էֆենտի։

Սակայն նույն միջոցին վաճառականը աչքերը բացավ:

− Ո՞վ է եկողը,– հտրցուց։

− Տիկինը ձեր մասին տեղեկություն ուզեր է:

− Հանըմը կուզե ինչպես ըլլալնիդ իմանալ,− կրկնեց սպասուհին:

− Հիմա քիչ մը աղեկ եմ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի հևիհև։

Բայց իր տժգունությունը, խոսելու դժվարությունը այնքան խոր տպավորություն ըրավ սպասուհիին վրա, որ վազեց իր տիրուհիին մոտ, ըսելով.

− Հանըմ, էֆենտիին վիճակը շատ ծանր է, խոսելու կարողություն չունի, գույնը ըսես մոմի գույն դարձեր է…

Տիկին Թագուհի անմիջապես փութաց ամուսնույն սենյակը, ինք այնպես ենթադրած էր, որ Ղուկաս էֆենտի թեթև տկարություն մը ունեցած էր, միաթև պարզ պաղառություն մը, առանց ոևէ ծանր հանգամանքի, բայց սպասուհիին խոսքերը զինքը շփոթեցին։

Սենյակեն ներս մտնելով՝ զարմացավ, երբ հոն տեսավ Քերովբե էֆենտիին։

− Դո՞ւք ալ հոս եք եղեր,− ըսավ:

− Այո,− պատասխանեց վաճառականին բարեկամը,− պատահմամբ [ 310 ] եկա Ղուկաս էֆենտին տեսնելու գործի մը համար և ահա տեսա, որ հիվանդ պառկած է:

− Բայց ի՞նչ եղավ մեկեն ի մեկ,− հարցուց Թագուհի հանըմ, աչքերը ամուսնույն վրա ուղղած:

− Իրավ որ, տիկին, բժիշկը տակավին որոշ բան մը չկրցավ ըսել… այս իրիկուն կրկին պիտի գա և այն ատեն գուցե հիվանդության ի՛նչ ըլլալը հայտնվի: Առ այժմ քանի մը դեղեր տվավ և պատվիրեց, որ անկողնին մեջ հանդարտ մնա ու քիչ խոսի…

Տիկին Թագուհի անկողնին մոտեցավ, ձեռքը Ղուկաս էֆ-ին ճակատին դրավ և ըսավ.

− Բավական տաքություն ունի:

Հետո, հիվանդին դառնալով ավելցուց.

− Մեկ տեղդ կցավի կո՞ր։

− Չէ, միայն թե մեծ տկարություն մը կզգամ կոր։

Պահ մը անխոս դիտեցին իրար, հետո Ղուկաս էֆենտի դողդոջուն ձայնով մը հարցուց.

− Ի՞նչ պիտի ընես այսօր, իրիկունը պիտի մեկնեիր…

− Այս վիճակիդ մեջ չեմ կրնար քեզ թողուլ և երթալ… թող շաբաթ մը ետքը ըլլա։

− Կաղաչեմ, շատ մի խոսեցնեք,− միջամտեց Քերովբե էֆենտի, որովհետև բժիշկը կատարյալ հանգիստ պատվիրեց:

Տիկին Թագուհի հեռացավ անկողնին քովեն։

Այդ հանկարծական հիվանդությունը շատ տարօրինակ կթվեր իրեն ու չէր կրնար բացատրություն մը տալ։

− Արդյոք երեկ գիշեր ո՞ւր գացած էր,− հարցուց Քերովբե էֆենտիի,− ճաշի ալ տուն չեկավ։

− Իրավ որ, տիկին, բնավ տեղեկություն չունիմ, առջի իրիկվընե գրասենյակը զինքը տեսա գործի մը համար և ինք պատվիրեց, որ առտուն հոս գամ հետը տեսնվելու, ճիշտ ատոր համար եկած էի, երբ զարմանքով տեսա, որ հիվանդ պառկած է և բժիշկ մը կա քովը։

Քերովբե էֆենտի այնքան բնական շեշտով մը այս սուտերը կպատմեր, որ տիկին Թագուհի անոնց անկեղծության մասին ոևէ կասկած չունեցավ։ Հետո քիչ մըն ալ սենյակին մեջ մնալե ետքը, դուրս ելավ։

− Զարմանալի բան, այս ի՞նչ փորձանք է, որ գլխուս եկավ ճիշտ մեկնելու օրս,– մրմնջելով ինքնիրեն։ [ 311 ] Եվ սակայն ժամանակը կանցներ։ Քերովբե էֆենտի ժամացույցը նայեցավ. «Օ, որչափ ուշ մնացեր եմ» ըսավ ինքնիրեն, հետո մոտեցավ անկողնին.

− Ղուկաս էֆենտի, կներեք, ես պիտի մեկնիմ, ժամանակը ուշ է, եթե հրաման մը ունիք կամ ղրկելիք լուր մը՝ ըսեք… իրիկունը նորեն կուգամ ձեր վրա տեղեկություններ առնելու համար։

− Կաղաչե՛մ, մեր գրասենյակը հանդիպե և լուր տար, որ հիվանդ եմ ու չպիտի կրնամ այսօր վաղը գործի երթալ։ Եթե կարևոր բան մը ըլլա, թող իրենք տուն գան։

− Շատ աղեկ, հիմա անմիջապես կերթամ լուր կուտամ:

Եվ Քերովբե էֆենտի դուրս ելավ սենյակեն։

Մինչև իրիկուն տիկին Թագուհի քանի մը անգամ եկավ ամուսնույն քով։ Վիճակը փոփոխություն մը չուներ, միայն թե իրիկվան դեմ տաքությունը ավելի սաստկացավ և հարկ եղավ ծառան ղրկել բժիշկը կանչելու համար։

Տիկին Թագուհիի մտատանջությունը ավելցած էր և հիվանդին անկողնին քով թիկնաթոռի մը մեջ ընկղմած, կդիտեր իր ամուսինը, որ անդադար կհևար։

Բժիշկը ներս մտավ։

− Տոքթոր… այս որչափ ուշացաք,− գոչեց տիկին Թագուհի՝ ոտքի ելլելով,− տաքությունը առտըվնե ի վեր շատ ավելցած է…

− Վերքը ինչպե՞ս է,– հարցուց բժիշկը։

− Վե՞րքը… ի՞նչ վերք,– ըսավ Թագուհի զարմացած։

Բժիշկը հանկարծ զգաց, որ սխալ մը գործած էր և թե առտուն այնպես որոշված էր, թե Ղուկաս էֆենտիի վիրավորված ըլլալը բոլորովին գաղտնի պիտի պահվեր, նույնիսկ կնոջմեն։ Բայց այլևս անկարելի էր ընկրկիլ։

− Ի՞նչ վերք, տոքթոր… մի՞թե վիրավորված է, խոսեցեք տեսնեմ,− կպնդեր տիկին Թագուհին, բժիշկը սենյակին մեկ անկյունը տարած։

Տոքթորը երկու բառով իրողությունը բացատրեց տիկնոջ, քանզի անկարելի էր ուրիշ կերպով օձիքը ազատել, հետո ավելցուց.

− Գիտեք, որ խոստացած էի այս վերքը ծածուկ պահել ձեր ամուսնույն պատիվին համար, և այժմ տանը մեջ ձենե զատ մեկը չի կա այս գաղտնիքը գիտցող, ուստի կխնդրեմ, որ դուք ալ ոչ ոքի խոսք մը ըսեք։

– Բայց մի՞թե վտանգավոր է այդ վերքը: [ 312 ] − Դեռ բան մը չեմ կրնար ըսել, պետք է որ այժմ կրկին քննեմ, եթե տաքությունը ավելցած է, լավ նշան չէ։

Այս բացատրություններեն ետքը, բժիշկը մոտեցավ հիվանդին, վերքը քակեց, երկարորեն քննեց ու մաքրելե և վրան հականեխականներ դնելե ետքը կրկին պատեց:

Մեկնած միջոցին՝ տիկին Թագուհի ետևեն գնաց և դուրսի սրահը դարձյալ հարցուփորձեց զինքը։

− Դաշույնը շատ խորը մխված է դժբախտաբար,− ըսավ բժիշկը,− և ներքին գործարանները վնասված են… ինչ որ մտատանջություն կուտա ինծի, տաքության սաստկանալն է… տեսնենք, մինչև քանի մը օր որոշ բան մը չեմ կրնար ըսել, առայժմ վիճակը բավական վտանգավոր կգտնամ:

Տիկին Թագուհի դարձավ հիվանդին սենյակը: Ղուկաս էֆենտիի գլխուն եկած այս փորձանքը զինքը չէր հուզեր բնավ, բայց սրտնեղություն կուտար, մանավանդ որ այս պատճառով ստիպված էր հետաձգել իր մեկնումը։

Հիմա արգահատանքի նայվածքով մը կնայեր անկողնին մեջ անշարժ երկնցած այդ մարդուն, որու կենակիցը եղած էր տարիներե ի վեր:

Բժիշկին տված բացատրությունները զինքը չէին լուսաբանած բոլորովին, իմացեր էր միայն, որ ամուսինը վիրավորված էր ծանրապես, բայց ի՞նչ պարագաներու տակ։

Բժիշկը այս մասին բան մը չէր ըսած, որովհետև ինքն ալ չէր գիտեր կամ գուցե չէր ուզած ըսել։

Տիկին Թագուհի կզգար, որ խնդրույն տակ աղտոտ պատմություն մը ծածկված էր, և ասոր համար լավագույն կհամարեր չգիտնալ։

− Բավական է մինչև հիմա իր մասին գիտցածներս ու իմացածներս,− կխորհեր,− լավագույն է, որ այս վերջին խաղքությունը չիմանամ:

Պահ մը Ղուկաս էֆենտի աչքերը բացավ, ինքզինք բավական կազդուրված զգաց և ուզեց կնոջը հետ խոսիլ:

− Թագուհի,− ըսավ ցած ձայնով մը,− ես կուզեի, որ վիրավորված ըլլալս չիմացվի և նույնիսկ քենե ալ գաղտուկ պիտի պահեինք, բայց անգաղտնապահությանը պատճառով իմացար։ Արդեն դժվար պիտի ըլլար մինչև ետքը ծածկելը, բայց գոնե քենե [ 313 ] զատ մարդ չիմանա… մեր ընտանեկան պատիվը այնպես կպահանջե… կհասկնա՞ս…

− Այո, այո… ընտանեկան պատիվը, գիտեմ,− պատասխանեց Թագուհի, տեսակ մը զզվանքով,− անհոգ եղիր, գաղտնիքը կպահենք և մեր ընտանեկան պատիվն ալ մաքուր կմնա։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Օրերով Ղուկաս էֆենտի անկողնին մեջ պառկած մնաց, առանց բարելավության նշան մը ցույց տալու։ Բժիշկը ամեն օը երկու անգամ կուգար զինքը խնամելու, առանց կարենալ որոշ ապահովություն մը տալու։ Գիշեր մըն ալ հանկարծ վիճակը ծանրացավ, տաքությունը սաստկացավ, հարկ եղավ երթալ բժիշկը անկողնեն հանել ու բերել։

− Վիճակը շատ գեշ է,− հայտարարեց բժիշկը,− և ես չեմ ուզեր պատասխանատվություն ստանձնել, հարկ է, որ մեկ քանի բժիշկներով խորհրդակցություն մը կատարենք։

Արդեն մի քանի անգամներ բժիշկը այդ խորհրդակցությունը պահանջած էր, սակայն Ղուկաս էֆենտի ընդդիմացած էր, չուզելով իր վերքը ուրիշներուն ալ հայտնել։

Ամենուն այնպես հավատացացած էին, որ էֆենտին կողացավե կտառապեր, սաստիկ պաղ առած ըլլալով։ Ինք կուզեր, որ այդ սուտը երևան չելլա։ Սակայն այս անգամ ալ իր կամքը չհարցուցին, այլ անմիջապես հրավիրեցին երկու ծանոթ վիրաբույժներ։

Խորհրդակցության արդյունքը շատ աննպաստ էր, վաճառականին վիճակը հուսահատական համարվեցավ և երկու օր ետքը ուրբաթ առտու մը, ահռելի տագնապներու և զառանցանքի մեջ, Ղուկաս էֆենտի մեռավ, տասներկու ժամ ինքզինքը կորսնցնելե ետքը։

Այս մահը մեծ հուզում առաջ բերավ Բերայի բարձր դասին մեջ, հետևյալ օրը բոլոր հայ թերթերը այս բոթը գուժեցին հայ հասարակության։ Ահավասիկ այդ թերթերեն մեկեն քաղվածք մը։

«Մեծ և անդարմանելի կորուստ մը խոր սուգի մեջ կընկղմե Բերայի բարձր դասու հայ ընտանիքները։ Կ. Պոլսո առևտրական հրապարակին վրա մեծ համբավ վայելող ծանոթ վաճառական Ղուկաս էֆենտի Կելկիթյան անագորույն մահվան ճիրաններուն զոհ գացած է երեկ առավոտ, կարճ հիվանդութենե ետքը, անմխիթար թողլով իր այրին և երկու աղջիկները, ինչպես նաև բոլոր ազգականներն ու բարեկամները։ [ 314 ] «Մեծանուն հանգուցյալը, որ իր պարկեշտությամբը, բարձր իմացականությամբը և ուղղամտությամբը ծանոթ էր, կրցած է առևտրական հրապարակին վրա մեծ դիրքի մը տիրանալ և պատկառելի դառնալ ոչ միայն իր ազգակիցներուն, այլ նաև օտար շրջանակներու մեջ:

«Ղուկաս էֆենտի, բաց աստի, օրինակելի ամուսին մը և տիպար հայր մը եղած է և իր աղջիկներուն տված է կատարյալ դաստիարակություն մը, զանոնք մեյ մեկ չքնաղ զարդեր ընելով հայության համար։

«Իբրև պարտաճանաչ հայ, հանգուցյալը երկար տարիներ վարած է ազգային պաշտոններ, իր առատաձեռնությամբ օգնած է բարեգործական ձեռնարկներու։

«Ղուկաս էֆենտի Կելկիթյանի հուղարկավորության տխուր արարողությունը պիտի կատարվի վաղը, կիրակի առավոտ, Բերայի Ս. Երրորդության եկեղեցին»։

Կիրակի առտու ամբողջ եկեղեցին լուսավորված էր հարյուրավոր մոմերով ու կանթեղներով, ամենքն ալ սև շղարշներով պատած։

Եկեղեցիին մեջտեղը կբարձրանար մեծաշուք ընկուզենիե դագաղ մը, խոշոր պսակներու տակ ծածկված։ Ամենեն շքեղը տիկին Թագուհիի պսակն էր՝ «իր սիրեցյալ ամուսնույն», հետո Ռոզիկի և Լևոնի կողմե պսակ մը «իրենց պաշտեցյալ հոր»-ը, Նոյեմիին պսակը «իր ամենասիրելի հոր»-ը, վերջապես պսակներ Բերայի Աղքատախնամին, Թաղ. Խորհրդի, Կալվածոց Հոգեբարձության, Եսայան վարժարանի, Ազգ. Հիվանդանոցի և ուրիշ բարեգործական հաստատություններու կողմե։

Ասկե զատ կային նաև ուրիշ շատ պսակներ, որոնց մեջ աչքի կզարներ Քերովբե էֆենտիի կողմե ղրկված փառավոր պսակը:

Որոշյալ ժամուն բազմությունն արդեն խռնված էր եկեղեցիին մեջ. «հոծ և ընտրյալ» բազմություն մը, ինչպես սովորություն է ըսել։ Բոլոր ծանոթ վաճառականները և դրամատերերը հոն էին, ինչպես նաև առևտրական հրապարակին վրա կարևոր դիրք ունեցող օտարականներ։

Հանդեսին կնախագահեր Պատրիարքը, իր շուրջը ունենալով վեց եպիսկոպոս, տասնչորս վարդապետ և երեսուներկու քահանա։ Դամբանականը խոսեցավ Ս, Պատրիարքը՝ բնաբան առնելով Ս. Գրոց սա խոսքը «Այր ըստ սրտին Աստուծո»։ [ 315 ] Նախ՝ ներկայացուց Ղուկաս էֆենտին իր պատանեկության հասակին, ուշիմ, գործունյա, պարկեշտ, ուղղամիտ, բարոյալից ու բարեպաշտ պատանի մը, որ իր այս չքնաղ ու աստվածատուր ձիրքերուն շնորհիվ հետզհետե կհառաջադիմե ու ինքնօգնությամբ փայլուն դիրքի մը կտիրանա՝ ամենուն համակրանքն ու հարգանքը վայելելով։ Իր ուղղամտությունն ու պարկեշտությունը, որոնք առածի կարգ անցած էին, զինքը ա՛լ ավելի կբարձրացնեն հաջողության ճամփուն մեջ։

Հետո ցույց տվավ Ղուկաս էֆենտին իբրև ընտանեսեր ամուսին ու տիպար հայր մը, հայկական բնատուր բարոյականով շաղված։ «Իր մտածումը, ըսավ բեմբասացը, միշտ սևեռած էր ընտանեկան հարկին վրա, որ իրեն համար խորան մըն էր և որուն սրբությունը անկեղծ պահեց մինչև իր վերջին շունչը։

Քերովբե էֆենտի, որ դասը կեցած էր, հուզված մտիկ կըներ իր բարեկամին ուղղված այս ներբողները, անընդհատ արցունքները կսրբեր և իր լացը արգիլելու համար, թաշկինակով քիթը կսեղմեր։

«Այն պատվական հայրը, որ այս դագաղին մեջ կհանգչի, շարունակեց նորին սրբազնությունը, երեք բանի համար միայն կապրեր, այդ երեք բաներն էին՝ «ընտանիք, պատիվ և բարոյական»։ Իր ներողամիտ ոգին այն ատեն միայն կընդվզեր, երբ ան ընտանիքի, պատիվի կամ բարոյականի դեմ արարքի մը հանդիսատես կամ ականջալուր կըլլար։ Իր առատաձեռն բարեգործությանը մեջ իսկ, տեսակ մը զանազանություն կդներ, պատիվի կամ բարոյականի անցագիրը կհարցներ իրեն դիմողներուն և երբ իմանար, որ խնդրարկուն ոևէ արատ մը կկրե ընտանիքի, պատիվի կամ բարոյականի վերաբերմամբ, անողոքաբար դուռը երեսին կգոցեր»։

Պատրիարք Հայրը տիպար վաճառականը, տիպար ամուսինը, տիպար հայրը և տիպար բարերարը ներկայացնելե ետքը անցավ տիպար ընտանեկան մարդուն։ Ղուկաս էֆենտի Կելկիթյան, ըսավ, իր բարեկամներուն և ծանոթներուն համար իմաստուն Մենտոր մը, լուսատու Փարոս մը և փրկարար ուղեցույց մը եղած էր միշտ։ Իր ամենօրյա տեսակցությանը մեջ կրցած էր իրեն մոտեցողներուն միշտ պատկառանք ու ակնածություն ներշնչել և իր այս ազդեցությունը գործածած է իրեն մոտեցողները պատիվի և բարոյականի շավիղին մեջ մղելու համար։

Բավական էր իրեն հետ կարճ շփում մը ունենալ մոլորություններե [ 316 ] հրաժարելու և ուղղության ու առաքինության ճամփան մեջ մտնելու համար։ Ղուկաս էֆենտի Կելկիթյան բարոյացուցիչ ոգի մըն էր, գերմարդկային ոգի մը, բարոյականության խորհրդանշանը: Իր ամենեն սովորական խոսակցության միջոցին առիթ կգտնար ընտանեկան սրբությունը պանծացնելու և փառավորելու, պատիվի ու բարոյականի դաս տալու։

Դամբանախոս սրբազանն այն աստիճան պերճախոսաբար կպատկերացներ Ղուկաս էֆենտին, որ խեղճ Քերովբե էֆենտի, հակառակ իր թաշկինակով քիթը սեղմելուն՝ չէր կրնար հեծկլտուքը զսպել:

«Այսպես ուրեմն, ոչ ևս է Ղուկաս էֆենտին, գոչեց նորին սրբազանությանը, այդ առաքինի մարդը, ընտանեկան սրբությանը այդ բուրվառը, բարոյականության և պատիվի այդ երկնառաք ոգին, բարերարության այդ աննման հրեշտակը… «Այր ըստ սրտին Աստուծո», էր նա, ինչպես էր Դավիթ արքան և երբեք իր կյանքին մեջ չգործեց արարք մը, զոր նախախնամությունը վավերացուցած չըլլար: Իր կորուստը անջնջելի պիտի մնա, իր թողած պարապը կարելի չպիտի ըլլա լեցնել։ Թող լա իր անմխիթար այրին, որ այսպիսի անզուգական ամուսին մը կկորսնցնե, թող լան իր դստերքը, որ հայրերուն պատվականագույնը չունին այլևս, թշվառները թող իրենց պաշտպան հրեշտակը ողբան և իր բարեկամները թող հեծեն, զի ոչ ևս է իրենց խրատատու պատգամը և հայ ազգը համորեն թող սուգ զգենու զի իր զավակներուն ընտրելագույնն է, որ կթռչի երկինս, հավիտենական փառաց մեջ, իր առաքինի կենաց արժանավոր վարձը վայլելու, ամեն»։

Այս պերճախոս դամբանականեն ետքը կրկին մեռելական աղոթքներ կարդացվեցան, ծանր ու դանդաղ կերպով արարողությունը կարելի եղածին չափ երկարելու համար:

Վերջապես դագաղը դուրս հանվեցավ և դրվեցավ քառաձի շքեղ կառքի մը մեջ։

Ժամուն բակը, իբրև սգակիր, կեցած էին տիկ. Երանիկի ամուսինը և ուրիշ սևազգեստ մարդ մը, զոր ոչ ոք կճանչնար և որ նույնիսկ հանգուցյալ Ղուկաս էֆենտիի եղբայրն էր, անծանոթ մոռցված եղբայր մը, որ Քարթալի մեջ ածխավաճառ էր և որ այս մահվան առթիվ երևան ելած էր իր տեղը գրավելու համար։

Հուղարկավորները մինչև Թաքսիմ հետիոտն հետևեցան դագաղակիր կառքին, որուն ծոպերեն ալ Քերովբե էֆենտի բռնած էր: [ 317 ] Հետևյալ օրը, բոլոր հայ թերթերը հինգ վեց սյունակներով կպատմեին այդ արտաքո կարգի հուղարկավորությունը, կենսագրական ծանութություններ տալով «մեծ բարերար»-ի մասին:

Թերթերեն ոմանք կըսեին, թե Վակաս էֆենտի մասնավոր կտակով մը կարևոր գումար մը ձգած էր ազգին, բայց այդ տեղեկությանը երբեք չստուգվեցավ։

Իրավցնե իր ձեոագիրներուն մեջ կտակ մը գտնվեցավ, սակայն բոլորովին անհատական հանգամանք ունեցող: Այդ կտակով Ղուկաս էֆենտի 800 ոսկի կսահմաներ իր հողակույտին վրա դամբարան մը շինվելու պայմանով։

«Դամբարանը կարելի եղածին չափ պարզ, բայց խոշոր և հաստատուն կուզեմ որ ըլլա, կգրեր, քառակուսի ձևով, որուն ճակատին վրա անունս, մականունս և ծննդյան և մահվան թվականներս պետք է նշանակել, իսկ մյուս երեք կողմերուն ամեն մեկին վրա սա երեք բառերը կուզեմ որ քանդակվին.− «Ընտանիք, պատիվ, բարոյական»։

ՎԵՐՋԱԲԱՆ

Ղուկաս էֆենտիի եղերական մահվընե քանի մը ամիս ետքը, տիկին Թագուհի իր աղջկան հետ կմեկներ Փարիզ, վերջնականապես հոն հաստատվելու համար։ Իր քեռայրը, Երանիկի էրիկը, կրցած էր վերջապես Պոլսո մեջ համեստ գործ մը գտնել, բայց տիկին Թագուհի, որ բավական մեծկակ հարստություն մը ժառանգած էր, ինքն ալ իր կողմե ամսական վեց ոսկի կապած էր քրոջը, անոնց ապրուստը ապահովելու համար։

Քերովբե էֆենտի անմխիթար էր իր բարեկամը կորսնցուցած ըլլալուն համար։ Հազիվ թե անոր մտերմությունը սկսած էր շահագործել, ահա անողոք մահը եկեր էր զայն իր ձեոքեն հափշտակելու, և սակայն, մյուս կողմե, այդ մահը մաքրած էր կարգ մը փոխառություններ ու առկախ հաշիվներ, այնպես որ Քերովբե էֆենտի որոշապես չէր կրցած վճռել, թե Ղուկաս էֆենտիի մահվան վրա լալո՞ւ թե ուրախանալու էր։

Տեր Միքիաս հայրը, իբրև տաներեց քահանա, զգեստավորյալ և սգակիր ներկա գտնված էր հուղարկավորության հանդեսին, հաճախ խորին հառաչանքներ արձակելով սրտեն, ինչ որ ցույց կատար իր ծուխին վրա ունեցած ջերմ համակրանքը: [ 318 ] Դամբարանի շինության համար՝ տիկին Թագուհիի կողմե՝ ինք կարգված էր կտակարար և խղճի մտոք կաշխատեր իր վրա դրված պաշտոնը կատարելու։ Անմխիթար այրին փափաքած էր, որ ոտանավոր արձանագրություն մըն ալ ըլլա շիրիմին վրա և Տեր Միքիաս գրած էր հետևյալ տապանագիրը, որուն համար քսան ոսկի վճարված էր իրեն։

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՂՈԻԿԱՍ ԷՖԵՆՏԻ ԿԵԼԿԻԹՅԱՆ,
ԱՄՈՒՍԻՆ ՉՔՆԱՂ, ՀԱՅՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ,
ԸՆՏԱՆԻ ՀԱՐԿԻՆ ՍԻՐՈՂ ԱՆՆԸՄԱՆ,
ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԵՂԵՎ ՋԵՐՄ ՊԱՇՏՊԱՆ,
ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՊԱՏՎՈ ՍՐԲՈՒԹՅԱՆ,
ԱՅԼՈՅ ՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՊԱՇՏԱՒԹՅԱՆ
ԲՈԼՈՐԵՑ ԿՅԱՆՔԻ ԻՐ ՄԱՔՈՒՐ ՇՐՋԱՆ:

Աղքատախնամի իր նախկին ընկերները հաճախ կհիշեին զինքը։

− Խիստ մարդ էր, բայց սիրտը մաքուր էր…

− Բարոյական, պատիվ կըսեր, ուրիշ խոսք մտիկ չէր ըներ…

− Վարդապետ ըլլալիք մարդ էր:

− Աստված ողորմի հոգուն, անոր պես բարոյականի տեր մարդ քիչ կգտնվի։

Ահա այսպես հիշատակ մը ձգած էր մեր Ղուկաս էֆենտի Կելկիթյանը, որուն շիրիմը այսօր կբարձրանա Շիշլիի գերեզմանոցին մեջ, պարզ, բայց պատկառազդու վեհությամբ մը, իբրև Ընտանիքի, Պատիվի ու Բարոյականի անջնջելի կոթող մը:

__________