Ըսենց էլ չի մնա

Հայկական ժողովրդական հեքիաթ

50. ԸՍԵՆՑ ԷԼ ՉԻ ՄՆԱ

Կըլնի, չիլնի մի մարդ։ Էս մարդը ավալախրը մի մինուճար տղա՝ ա ունենում՝ ըսենց տասնըհինգ-տասնըվեց տարեկան։ «Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ,— միտք ա անում հերը,— տղիս ի՞նչ բանի, ի՞նչ փեշակի տամ, որ լավ ըլնի։ Տանեմ թագավորի կուշտը՝ նոքար,— ասում ա,— սրանից էլ լավ բան չիլնի»։ Էթում ա թագավորի նազրին ա աղաչանք անում, վեզրին ա աղաչանք անում, սրա՛ ոտն ընկնում, նրա՛ ոտն ընկնում, սրան ասում, նրան ասում, մախլաս՝ էնքամ անում ա, որ թագավորը բերում ա, դրա տղին վեր ունում իրան նոքար։

Էս տղեն ա՝ թագավորի ազաքին ղուլլուղ ա անում մի տարի, էրկու տարի, իրեք տարի։ Թագավորին շատ դիր ա գալի։ Թագավորը սրան էնքամ էր սիրում, էնքամ ուզում, որ էս աչքից էն աչքը չէր փոխում։

Օրեն մի օրը, էս տղի հերն ասում ա՝ «Էթամ տենամ՝ տղես՛ ի՛նչ ա անում, ի՛նչ չի անում, սաղ֊սալամա՞թ ա»։

Վեր ա կենում գալի թագավորի ամարաթը։ Տղին տենալու բաշտան, վազում ա փաթթվում ճտովը, պաչում, պաչպչորում, ուրախանում, աշխարով մին ըլնում։

— Հը՜, որդի,— հարցնում ա հերը,– ո՞նց ես, լա՞վ ես. Հալիցդ հո գանգատավոր չե՞ս։

— Չէ՛, ա՛յ հեր,— ասում ա,— գանգատավոր չեմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա:

Հեր ու տղա ասում են, խոսում, էրկեն ու բարակ զրից անում, մասլահաթ անում, եննա հերը թողում ա գալի իրա տունը։

Ըսենց մի քանի վախտ անց ա կենում, էդ տղեն թագավորի աղաքին ընե՛նց լավ ղուլլուղ ա անում, ընե՛նց լավ ղուլլուղ ա անում, որ թագավորը բերում ա դրան նազրություն ա տալի, մի քանի տարուց եդը՝ վեզրություն. մախլաս ըսենց քանի էթում, դհա՛ ա թագավորի աչքը մննում։ Գալիս ա մի վախտ, էս տղեն էնքամ մենծանում ա, որ դառնում ա թագավորի քոմմըքից մոտիկ մարդը, որ առանց նրան հարցնելու, առանց նրա հեննա մասլահաթ տենալու բան չէր բռնում։ Թագավորը մի բան էր ուզում անի, աղաք պտի նրան հարցներ՝ եննա աներ:

Օրեն մի օրը, էս տղի հերը էլի ասում ա՝ էթամ տենամ՝ տղես ո՞նց ա, ո՞նց չի, ի՞նչ ա անում, ի՞նլ չի անում։

Վեր ա կենում գալի թագավորի ամարաթը։ Տղեն հորը տենալու բաշտան գալիս ա ձեռը պաչում, հերն էլ տղի թշերը պաչում, աչքերը պաչում, նստում են իրար հեննա էրկեն ու բարակ զրից անում։ Հերը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, որ իմանում ա տղեն էնքամ աղաքացել ա, դառե թագավորի քոմմըքից մոտիկ մարդը։

— Հը՜, ո՛րդի,— էլի հարցնում ա հերը,— ո՞նց ես, լա՞վ ես. հմի էլ հո գանգատավոր չե՜ս։

— Չէ՛, ա՛յ հեր,— ասում ա,— հմի աղաքվանից դհա լավ եմ, համա ի՛նչ անես՝ ըսենց էլ չի մնա։

Հերը էլի թողում ա գալի տուն։ Անց ա կենում մի քանի տարի, էս թագավորը տեղով֊բարձով հիվանդանում ա, մեռնում։ Խեղճը իրանից եդը տղա էլա չի թողում, որ բերեին, նրա տեղը նստացնեին թագավոր։ Միտք են անում, միտք են անում, թե ո՞ւմ ջոկեն թագավոր, ո՞ւմ չջոկեն, որ լավ ըլնի. վերջը որ շատ խելք-խելքի են տալի, միտք անում՝ գալիս են կաննում էդ վեզրի վրեն։— Նրանից էլ լավ մարդ չենք գտնի,— ասում են,— հազիր, թագավորն էլ նրան էնքամ սիրում էր, էկե՛ք դրա՛ն ջոկենք։ Բերում են դրան շինում իրանց թագավոր:

Էս մեր թագավորը շատ լավ յոլա ա տանում իրա խալխին, լավ արդար դատաստան անում, իրա երկրին լավ մուզաթ կենում. ընենց որ դրան էնքա՜մ են սիրում, էնքա՜մ են սիրում, որ քոմմա դրա անմով ին երդում ուտում՝ ընենց մի լավ թագավորություն ա անում։

Սրա հերը, որ իմացավ տղի թագավոր ըլնիլը, ուրախացավ - աշխարով մին էլավ, վե կացավ էկավ տղին տենալու։

— Հը՜, ո՛րդի,— հարցրեց,— հմի հո լա՞վ ես. փա՛ռք ասսու թագավոր էլ էլար, էլ ի՜նչ դարդ ունես։

— Հա՛, ա՛յ հեր, ասեց թագավորը, փա՛ռք իրա ողորմությունին, լավ եմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա։

Էս հետ հերը մնաց միտք անելոն, թե խի՞ տղեն ըս էլ իրեք դոնում ասեց. «Ըսե՛նց էլ չի մնա»․ քանի էկավ հարցրեց. «Ո՞նց ես, լա՞վ ես», նա ասեց. «Լավ եմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա»: Տղին սրա հմար բան չասեց, վե կացավ էկավ իրա տունը։

Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, հինգ տարի, մախլասի՝ տասը տարի, էս թագավորն էլ ա բիրդան հիվանդանում, մեռնում։ Մեռնելիս էլ կտակ ա անում, որ իրան կտանեն կթաղեն, վրեն քար քցեն՝ քարի վրեն գրեն. «Ըսենց էլ չի մնա»։ Մեռնում ա, տանում են լավ-լազաթին թաղում, ոնց որ ասել էր, վրեն քար են քցում, քարի վրեն գրում. «Ըսենց էլ չի մնա»։

Խեղճ հերը տղի մեռնիլը որ իմանում ա, վեր ա կենում գալի։ Գալիս ա տենում՝ տարել են թաղե։

— Ո՞րդի եք թաղե,— հարցնում ա հերը:

— Հրենիկ ֆլա՛ն տեղը, ասում են։

Տանում են նրան շանց տալի։ Հերը տղի գերեզմանի վրեն շատ ա լաց ըլնում, մղկտում, արեն-արտասունք թափում. մի ղաֆիլ աչքն ընկնում ա գերեզմանի քարին, տենում ա վրեն գրած ա. «Ըսենց էլ չի մնա»։

— Էս գիրն ո՞վ ա գրե,— հարցնում ա։

Նո՛ր ըստե ասում են.— Բա չե՞ս ասի, տղեդ մեռնելիս կտակ ա արե, որ էդ խոսքը գերեզմանի քարի վրեն գրենք, մընք էլ՛ գրել ենք։

— Ա՛ղպեր, ասում ա հերը ինքն իրան,— էս ի՞նչ բաս ա։ Քանի տղես սաղ ու կենդանի էր, ինչ հարցնում ի, ասում էր. «Ըսենց էլ չի մնա»։ Հմի մեռնելիս վասիաթ ա արե, որ էդ խոսքը իրա գերեզմանի քարի վրեն գրեն։– Միտք ա անում, միտք ա անում՝ խելքը՝ սրանից բան չի կտրում[1] թողում ա, դառը֊տխուր էլ եդ գալի իրա տունը։

Մի քանի տարի անց ա կենում, էս մարդը միտք ա անում, ասում ա՝ «Էթամ տղիս գերեզմանը տենամ, գամ»։ Գալիս ա ի՜նչ ա տենում՝ ո՛նչ գերեզման կա, ո՛նչ զադ. սաղ ֆողի հեննա հավասարվել ա։ Սրան, նրան հարց ու փորձ ա անում, իմանում ա, որ եքա սելավ ա էկե, գերեզմանը քանդե, տարե։

Նո՛ր ըստե գլխի ա ընկնում, հասկանում տղի ասածը թե. «Ըսենց էլ չի մնա», սաքի թե աշխարքս ո՛ր կա՝ փորձանքի տեղ ա, ի՛նչ ասես՝ կըլնի, մի բան էլա իրա տեղը չի մնա, ըսօր ըսե՛նց ա, էգուց ով գիտա, ի՛նչ կըլնի։

  1. Տպագիր տեքստում՝ դուս գալի. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):