Թադեոսն ու Մատթեոսը
Հարազատ եղբայրներ էին։ Բնությունը անջատել էր նրանց ծննդյան առաջին օրից, բայց արյունակցությունը պահում էր նրանց միևնույն հարկի տակ։ Կար և մի ուրիշ, ավելի կարևոր բան, որ չէր թողնում նրանց բաժանվել իրարուց։ Հայրական կտակը։ Եթե բաժանվեին, պիտի զրկվեին ժառանգական իրավունքներից, և ժառանգությունը պիտի անցներ նրանց զավակներին։
Բայց նրանք իրարու չէին սիրում և երկուսի համար էլ անտանելի էր իրարու երեսը տեսնել ամեն օր։ Պատճառը նրանց բնույթներն էին։ Թադեոսը մեղմ էր, զգայուն, բարեսիրտ, նույնիսկ թուլամորթ։ Գործերի մեջ նա երբեմն խաբվում էր և կորցնում։ Ընդհակառակը, Մատթեոսը պաղարյուն էր, վերին աստիճանի հաշվագետ, կամակոր, ինչպես և խստապահանջ։ Գործի մեջ միշտ աջողակ էր։
Մարդիկ ասում էին․
— Թադեոսը լավ մարդ է, բայց խելոք չէ․ Մատթեոսը ժլատ է, բայց խելոք է։
Եվ լավ մարդուն սիրում էին, խելոք մարդուն պատվում։Սակայն երկուսին էլ նախանձում էին, որովհետև հարուստ էին և քանի գնում ավելի ու ավելի էին հարստանում։
Մի երեկո, նրանք, նստած իրենց տան պատշգամբի վրա, խոսում էին գործերի մասին։ Այդ օրը Թադեոսը մեկից
խաբվել ու մի գումար էր կորցրել, իսկ Մատթեոսը մեկին խաբել էր և մի գումար վաստակել։
— Դու հիմար ծնվել ես, հիմար էլ կգնաս գերեզման,— ասաց Մատթեոսը ամենայն սառնասրտությամբ։
— Ես չեմ կարող խաբել մարդկանց քեզ պես, ուրեմն ես պետք է խաբվեմ, — արտասանեց Թադեոսը բարկացած։ Կարելի էր կարծել, որ այս փոխադարձ վիրավորանքից հետո պատկառելի ծերունիները կհարձակվեն իրարու վրա և միմյանց կխեղդեն։ Ամենևին։ Թադեոսի բարկությունը վերջացավ մի լայն ժպիտով, որ սահեց նրա առողջ ու գեր դեմքով։ Իսկ Մաթեոսի չոր ու ոսկրոտ դեմքի ոչ մի գիծը չշարժվեց։ Փոխադարձ վիրավորանքները նրանց համար դարձել էին այնքան սովորական, որքան՝ ամենօրյա «բարի լույսն» ու «բարի երեկոն»։
Ավարտելով իրենց ասելիքը օրվա գործերի մասին, նրանք, ըստ սովորության, սկսեցին խոսել օրվա դեպքերի մասին։
— Կարդացի՞ր այսօրվա լրագիրներում,— ասաց Թադեոսը,— թուրքերը գալիս են։
— Շատ ուրախ եմ, որ գալիս են,—— արտասանեց Մատթեոսը։
— Ուրա՞խ ես։
— Այո, թող գան։ նրանք մեզ կազատեն անիշխանականների գալուց։
— Բայց թուրքերը մեզ կկոտորեն,—բարկացավ Թադեոսը։
— Չեն կոտորի, — արտասանեց Մատթեոսը ամենայն սառնասրտությամբ։
— Կկոտորեն, սկսում եմ քեզ,— ավելի բարկացավ Թադեոսը։
— Չեն կոտորի, ասում եմ քեզ,— ավելի սառնասիրտ արտասանեց Մատթեոսը։
— Ումի՞ց կվախենան։
— Գերմանացիներից։
— Իսկ եթե չվախենա՞ն։ — Այն ժամանակ կկաշառենք նրանց գլխավորներին։ Կաշառքով ամեն ինչ կարելի է անել։
— Դու կարծու՞մ ես։
— Ես համոզված եմ։
— Սխալվում ես։ Հայաստնում նրանց վրա կաշառքը չազդեց, այստեղ ել չի ազդի։ Ո՛չ, նրանք մեզ կկոտորեն, ավելի լավ է, որ գան ու մեր երկրին տիրեն անիշխանականները։
— Հիմար ես ծնվել ու հիմար ել գերեզման կգնաս,— գոչեց Մատթեոսն այս անգամ բարկացած։ Ես ատում եմ անիշխանականներին և զզվում նրանցից։
— Ինչո՞ւ։
— Որովհետև նրաք աստված չեն ճանաչում։
— Այսինքն սեփականությո՞ւն,— արտասանեց Թադեոսը ժպտալով։
— Այո, սեփականություն։ Այդ անօրենները կխլեն մեզանից մեր հարստությունը, մեր կայքերն ու գույքերը, ու մենք կմնանք չոր տափի վրա։
— Թող մնանք, սոված չենք մնա, կապրենք մի կերպ։
— Առանց սեփականության չենք կարող ապրել։
— Միլիոն ու միլիոններ մարդիկ են ապրում առանց սեփական տների ու կայքերի, ինչո՞ւ մենք չենք կարող ապրել։ Մատթեոս, ես միշտ քեզ ասել եմ և այսօր էլ կրկնում եմ. թող այդ փողապաշտությունդ գոնե այդ հասկանում, երբ մի ոտդ գերեզմանումն է։ Զավակներիդ կյանքն ավելի թանկ համարիր, քան հարստությունը։
— Առանց հարստության նրանց կյանքը խնձորի կճեպին չարժե։ Թող կորչեն քո անիշխանականները։ Եթե լիներ իմ ձեռքում զորություն, կհրամայեի նրանցից յուրաքանչյուրին առանձին-առանձին այրել խարույկի վրա և նրանց մոխրով կծածկեի փողոցների սալահատակը։
— Ուրեմն, թող գա՞ն թուրքերը։
— Թող գան, ես կկաշառեմ նրանց գլխավորներին։
— Այդ դու, իսկ նրանք, որ կարողություն չունեն կաշառելու։ Նրանք պիտի կոտորվե՞ն։ — Ես ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ։ Ամեն մարդ իր մասին է միայն պարտավոր հոգալ։
— Քար մարդ ես, Մատթեոս, շատ չար ու քարասիրտ,— արտասանեց Թադեոսը գրգռված և ոտքի ելավ։
— Հիմար մարդ ես, Թադեոս, շատ հիմար ու տխմար,— ասաց անտարբեր Մատթեոսն ու տեղից չշարժվեց։
Այդ պահին ներս մտավ Մատթեոսի կրտսեր որդին ու հաղորդեց.
— Հայրիկ, անիշխանականներն արդեն մտել են քաղաք և կառավարությունը գրավել։
Մատթեոսը սոսկաց։ Կամեցավ ինչ-որ ասել, չկարողացավ, փորձեց ոտքի ելնել, ոտքերը թուլացան, ընկավ ետ՝ բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ:
Նա մեռավ սրտի պայթումից։