Թալանած գեղ

Թալանած գեղ


Ծուխը ամպի պես կելլեր դեպի վեր,
Տընտըղի նման բոցը կըքալեր․
Տուն, եկեղեցի, պարտեզ ու այգի
Անսիրտ, անհոգի մատնած են կրակի։

Հայերն հոտի պես սարսած կըվազեն,
Անցնող-դարձողեն օգնություն կուզեն․
Օգնությո՜ւն։ Խեղճե՜ր։ Կատղած օսմանլին
Չար մահ կըսպառնա զարհուրած հային։

Մայրը կականով կըփընտրե աղջիկ,
Աղջըկան գերի տարավ չար տաճիկ,
Իր որդուն կուզե հայրը շըվարած,
Որդուն կըտեսնե խազուխի դըրած։

Հայի հավաքած մալը աղքատին
Հելալ փայ եղավ անկըշտում քյուրդին,
Խեղճը հուսահատ կ’աշե երկընքին,
Կըսպասե նըպաստ հրեշատակ զորքին։

Խաբուսի՜կ հույսեր․․․ Դեռ շատ ու շատ դար
Պիտի խաբվիս, հա՜յ, ինչպես խաբվեցար։
Թե ինքըդ չանես քու գըլխու ճարը,
Ե՞րբ պիտի օգնե քեզի օտարը․․․

Խե՜ղճ մարդ, մի անգամ մեռնելե վախցար,
Մինչ մահվան օրըդ հազար մահ տեսար
Հազար մեռնելըդ հազար ցավերով
Զավակիդ փոսը ձեռքովդ փորելով․․․

Դու միշտ եղբորըդ անտերունչ թողիր,
Մատիդ ծայրովը նորան չօգնեցիր․
Գլուխն առավ խեղճը, գընաց հեռացավ․․․
Հայաստան ձեռքեդ ամայի դարձավ։

Դու կարծեցիր թե` ոսկին մեծ բան է,
Ամեն մի ցավի, դարդի դարման է․
Ապա հե՞ր ոսկիդ քեզի չի օգնեց,
Կընկադ, զավակիդ մահն չի փըրկեց․․․

Ա՜խ, հայե՛ր, հայե՛ր, թե որ ձեր ոսկին
Կիսով չափ զոհվեր հօգուտ հայ ազգին,
Առմիշտ կըդադրեր ձեր լացն ու կական
Ու դրախտ երկրավոր կըլլար Հայաստան։