Թամամ աշխար պըտույտ էկա
բնագիր
Թամամ աշխարհ պըտուտ էկայ

Թամամ աշխարհ պըտուտ էկայ, չըթուղի Հաբաշ, նազա՛նի,
Չըտեսայ քու դիդարի պէս՝ դուն դիփունէն բաշ, նազա՛նի,
Թէ խամ հագնիս, թէ զար հագնիս, կու շինիս ղո՛ւմաշ, նազա՛նի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է՝ վա՜շ, վա՜շ, նազա՛նի:

Դուն պատուական ջավահիր իս, է՛րնէկ քու առնողին ըլի,
Ով կու գըթնէ, ա՛խ չի քաշի, վա՜յ քու կորցընողին ըլի.
Ափսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մէկ էլ էր բերի քիզի պէս նաղաշ, նազա՛նի:

Դուն էն գըլխէն ջուհարդար իս, վըրէդ զարնըշան է քաշած,
Դաստամազիդ թիլի մէջըն մէ շադա մարջան է քաշած,
Աչքիրըդ՝ օսկէ փիալա, չարխէմէն փընջան է քաշած,
Թերթերուկըդ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի:

Էրեսըդ, փարսէվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Բարակ մէջքիդ թիրման շալըն նըման է օսկէ քամարին,
Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Յիփ նըստում իս՝ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազա՛նի:

Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր աւզի վըրայ հիմանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտէդ մէ խաբար իմանամ.
Դուն՝ կըրակ, հագածըդ՝ կըրակ, վո՞ւր մէ կըրակին դիմանամ.
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:


Էս էլ «Դիբա ու ենգիդունիայի» հանգում, վուր մուսադասու պես կ’օսին. Արութինի (ասած). քրոնիկոնի 446-ին (1758):

թարգմանություն
Թամամ աշխարհ պտույտ եկա

Թամամ աշխարհ պտույտ եկա, չթողի Հաբաշ[1], նազա՛նի,
Չտեսա քո պատկերի պես՝ դու ամենքից բաշ[2], նազա՛նի,
Հասարակ թե բեհեզ հագնես, կսարքես ղումաշ, նազա՛նի,
Դրա համար քեզ տեսնողը, ասում է՝ վա՜շ-վա՜շ, նազա՛նի:

Դու պատվական ադամանդ ես, ե՛րնեկ քո առնողին լինի,
Ով կգտնի, ա՛խ չի քաշի, վա՜յ քո կորցընողին լինի.
Ա՛փսոս որ շուտ է մահացել, լույսը քո ծնողին լինի.
Ապրել էր, մեկ էլ էր ծնել քեզ նման նաղաշ,[3] նազա՛նի:

Դու էն գլխից ակնաշող ես, վրադ ոսկեկար է քաշած,
Քո ճոխ հյուսքի թելերի մէջ մի շարան մարջան է քաշած,
Աչքերդ՝ ոսկե ըմպանակ, անիվից սկահակ է քաշած,
Թարթիչներդ նետ ու նշտար, սրածայր դաշույն, նազա՛նի:

Երեսդ, պարսկերեն ասեմ, նման է շամս ու ղամարին,[4]
Բարակ մեջքիդ հյուսկեն շալը նման է ոսկե քամարին,
Վրձինը ձեռքին չի մնում, ապշեցրեցիր նկարիչին,
Երբ նստում ես՝ նախշուն հավք[5] ես, երբ կանգնում ես՝ ռաշ,[6] նազա՛նի:

Ես էն Սայաթ-Նովասին[7] չեմ, որ ավազը հիմք ունենամ,
Արդյոք մեզնից ի՞նչ ես ուզում, սրտիցդ մի լուր ունենամ,
Դու՝ կրակ, հագածդ՝ կրակ, ո՞ր մի կրակին դիմանամ,
Հնդկական կերպասի վրա ծածկել ես շղարշ, նազա՛նի:


  1. Հաբաշ — Հաբեշստան (Աֆրիկայի հավաքական անունը)
  2. բաշ — վես, բարձր
  3. Նաղաշ — չքնաղ պատկեր
  4. շամս, ղամար — արեւ, լուսին (իրականում սրանք արաբերեն բառեր են)
  5. Բնագրի «թութի ղուշը» թութակ է նշանակում (թուրք.)
  6. ռաշ (ռահշ) — հրեղեն ձի (Երևի թե Ռոստոմ-Զալի ձիու անունն է)
  7. Սայաթ-Նովասին — Սա միակ դեպքն է, երբ Բանաստեղծն այդպես է անվանում իրեն: