Թարխուն թագավորի հեքիաթը
11. ԹԱՐԽՈԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ
Կար չկար, ժամանակով մի թագավոր կար։ Էդ թագավորին իրեք աղջիկ ուներ. եբ որ աղջրկերքը մենծացան, հասակներն առան, թագավորը գնաց մենծ աղջկա օթախը, ասեց,— Ձեր պսակվելու վախտն ա:
— Եբ որ վախտը գա՝ կպսակվենք, ա՛յ հեր:
Գնաց միջնեկ աղջկա կուշտը, էդ աղջիկն էլ էդ պատասխանը տվեց:
Գնաց պուճուր աղջկա օթախը, նրան էլ էդ խոսքն ասեց։ Պուճուր աղջիկն ասեց․— Ինձանից հլա երկու մենծը կա, ինձ նորաթ եբ կհասնի:
Հերը աղջկա վրին նեղացավ, գնաց։ Գնաց իրա օթախը, կանչեց վեզրին, վեզիրն էկավ, գլուխ տվեց կայնեց:
Թագավորը վեզրին հրամայեց․— Մի թամբալ տղա գտի՛, բե՛:
Վեզիրն ասեց.— Հինգ օր ժամանակ տո՛ւ, մտածեմ գտնեմ։
Վե կացավ դպա իրանց տունը գնաց. ճամփին տեհավ թագավորի մեյթարխանի առաջին փեյնի վրա մի տղա նստած ա։ Վեզիրը մտածեց, թե ըստուց թամբալ չեմ կարա գտնի՝ ամառ, ձմեռ փեյնի վրա վեր ընկած ա։ Եդ դառավ, գնաց թագավորին ասեց։
Ասեց.— Ի՜նչ թեզ գտար։ Մարդ ղրկա՛, հա՛մ պուճուր աղջկանս կանչի, հա՛մ էլ էդ տղին:
Կանչեց, էկան։
Տղեն էկավ կայնեց. թագավորը տեհավ, որ թամբալությունը էրեսիցը թափում ա, վեզրին հրամայեց, որ էրկու յասավուլ բերիլ տա. բերիլ տվեց:
Թագավորը հրամայեց, թե.— Էս տղին ու էս աղջկան վե կալեք տարեք Օսմանցվի երկիրը, էլ իմ աչքին չէրևան։
Վե կալան տարան: Տարան Իգդիր, եկեղեցու պատի տակին նստեցին, դինջացան: Թագավորի աղջիկը լաց էլավ, ու յասավուլներին խնդրվեց, թե․— Մի՛ք տանի ինձ Օսմանցվի երկիրը, թողե՛ք մնամ ըստեղ, իմ մարդը թամբալ ա, չի կարա բան անի։
Շատ խնդրվեց, յասավուլի մինը խղճահարվեց, ասեց.— Թո՛ղ մնա ըստեղ, մե՛ղք ա։
Էն մինը ասեց.— Թագավորը իմանա՝ մեզ քյալլա կանի, չի՛ կարելի։
Թագավորի աղջիկը էլի խնդրվեց, թե.— Իմ հերն ի՞նչ պտի իմանա, թե ինձ տարաք Բայազիթ, թե թողիք Իգդիր։
Էդ յասավուլները թողացին, եդ դառան գնացին։
Եկեղեցու պատի էն դիհը մի հալիվոր էր նստած։ Երբ որ էդ հալիվորը դրանց ձենը լսեց, վե կացավ էկավ դրանց կուշտը, հարցրեց. — Ո՞ւր էք էթում:
Թագավորի աղջիկն ասեց.— Իմ հերը բարկացել ա իմ վրին, տվել ա էս տղին, տանից դուս արել։
Հալիվորը ասեց.— Ինձ ո՛նչ տղա ունեմ, ո՛նչ աղջիկ, է՛կեք էթանք մեր տունը, մեկդ՝ ինձ աղջիկ, մեկդ՝ տղա։
Վե կացան, գնացին։ Գնացին տեհան մի պուճուր հացատուն էր, ինքն էր ու պառավը։
Աղջիկն ասեց.— Հե՛ր, ընչո՞վ էս կառավարվում։
— Օրական մի շլակ ցախ եմ բերում, ծախում ենք, կառավարվում ենք։
— Առավոտը տղիդ էլ տա՛ր հետդ։
— Շա՛տ լավ, կգա՝ կտանեմ։
Իրիկունը քնելու վախտը պառավը տղի տեղը քցում ա դռան ետևը, աղջկանը առնում իրա ծոցը, պառկում ա։
Առավոտը, որ քնատեղիցը վեր են կենում, պապը պարանը վեր ա ունում, էթում ա ցախի։ Տղեն էլ ա վեր կենում, էթում հետը։ Էթում են հասնում մեշեն։ Պապը ըսկսում ա ցախ-մախ հավաքիլը։
Տղեն ասում ա.— Ես ըստեղ ցախ չեմ հավաքի, ըստիան ցախը մանդր ա։
Ասում ա.— Դո՛ւ գիդաս։
Տղեն էթում ա, էթում, տենում ա բաղի պատ. նիլլում ա պատը, տենում ա պատի տակին ընքան ցախ կա կոտորած, օխտը տարի կրի՝ չի հատնի։
Վեր ա գալի պատը, ցախից վեր ունում, շպրտում պատի էն դիհը: Եննա էթում ա բաղի մեջը ման գալու, տենում ա մառմառ քարից մի հավուզ: Եբոր մխելի մոտանում ա, տենում ա մի ջուխտ աղունիկ ծափ էն տալի, թռնում։ Մոտանում ա հավրզին, տենում ա ըտեղ մի ոսկե թաս. վեր ա ունում, դնում ծոցը։ Եդ ա դառնում, ցախը շըլակում, գալի: Գալիս ա հասնում պապի կուշտը։
Տենում ա պապը նոր շըլակը կապում ա, ասում ա.— Դե՛ վեկալ է՛թանք։
Վեր ա ունում, էթում են։ Եբոր հասնում են քաղաքը, Ջհըգի մեկը գալիս ա տղի աղաքը, ասում ա.— Էդ ցախը չե՞ս ծախի։
Ասում ա.— Կծախեմ։
Թե.— Գինն ի՞նչ ա։
— Դո՛ւ, գիտաս, ինչ կտաս տո՛ւ։
Ջհուդը ասում ա.— Տասը մանեթ տա՞մ։
Ասում ա.— Իմ վրա խի՞ ես ծիծաղում,– ասում ա, — վրես մի՛ ծիծաղա։
Ասում ա.— Հիթսուն մանեթ կտամ:
Ասում ա.— Դե՛ հանա, տո՛ւ։
Ասում ա.— Տանենք տուն, փողդ տա՛մ։
Տանում ա տուն, հանում ա հիթսուն մանեթը տալիս ա. տղեն առնում ա, ուրախ-ուրախ էթում ա տուն։
Թագավորի աղջկանն ասում ա.— Աչքդ լիս՛, մի շըլակ ցախ տվեցի հիթսուն մանեթի։
Թագավորի աղջիկն ասում ա.— Կարող ա մի կտորը հի՞թսուն մանեթ աժենա, էգուց մի կտոր բե՛, տենանք։
Տղեն ոսկու թասը ծոցիցը հանեց, տվեց աղջկանը, ասեց.— Էս էլ գտել եմ։
Աղջիկը շատ ուրախացավ, ասեց.— Էս թասն էլ կաժենա հազար մանեթ։
Իրիկունը էկան, հաց կերան, քնեցին։ Էլի առավոտը վե կացան գնացին ցախի: Տղեն եգին-եգին գնաց, ցախը շըլակեց էկավ:
Էկավ հասավ պապի կուշտը, մի կտոր էդ ցախիցը տվեց պապին, ասեց.— Պահա՛, տանենք տուն:
Եբոր մտան քաղաքը, էլի Ջհուդն էկավ, ասեց.— Հարուր մանեթ տա՞մ ըսօրվա ցախիդ։
Տղեն չհավատաց, ասեց.— Իմ վրին մի՛ ծիծաղա։
Ասեց.— Էրկու հարուր մանեթ տա՞մ:
Ասեց.— Իրեք հարուր մանեթ տաս, կտամ։
Ասեց.— Տանենք տուն, իրեք հարուր մանեթ տամ։
Գնաց տուն, իրեք հարուր մանեթը առավ, էկավ իրանց տուն։
Թագավորի աղջկանն ասեց.— Ըսօրվա մի շըլակ ցախը տվեցի իրեք հարուր մանեթի։
Եբոր թագավորի աղջիկը տեհավ պապի բերած մի կտոր ցախը, ասեց.— Էս մի կտորը կաժենա հազար մանեթ։
Սրանից եղը տղեն հա՛ բերեց, հա՛ էվելի գնով ծախեց։
Եբոր հարստացան, տղեն ասեց պապին.— Պա՛պի, մի ձեռք տներ պտի շինեմ։
Ասեց.— Դո՛ւ գիտաս, ո՛րդի։
Սկսեց շինիլը։ Եբոր շինեց պրծավ, անումը գրին՝ Իգդիրա ամարաթի տերը։
Սրանք մնան ըստի, մենք խաբարը տանք էն ջուխտ աղունըկիցը:
Ջուխտ աղունիկը որ ծափ տվին գնացին, Ըռեհան թագավորի աղջիկն ին։
Մենծ աղջիկը գնաց հոր կուշտը, գանգատ արեց, ասեց.— Իգդիրա ամարաթի տերը էկավ մտավ իմ բախչեն, ցախը տարավ, քյասիբ էր, հլա ջհա՜ննամ, էկավ հավըզի կուշտը, մենք լեղանում ինք, մենք թռանք, մեր թասը վե կալավ. բա՛ էդ օրենք ա, ա՛յ հեր, որ գա հա՛մ մեր ցախը տանի, հա՛մ թասը վեր ունի, հա՛մ էլ մեր տկլոր ջանը տենա, բա՛ ամոթ չի՜:
Թագավորը բարկացավ, կանչեց իրա Թռման դևին, ասեց.— Սհաթի տասնէրկըսին Իգդիրա ամարաթի տերը քեզանից կուզեմ:
Թռման դևը վե կացավ գնաց դպա Իգդիր. էն վախտը գնաց, որ չորսով նստած հաց ին ուտում, վեր էկավ բալկոնիցը, մտավ հաշտը, հաշտիցը ձեռը քցեց տղին ու քցեց շըլակը, առավ ու թռավ:
Դրանք՝ «Վա՜յ, վա՜յ, տարա՜վ», լաց, արտասունք՝ Թռման դևը տարավ թագավորի պալատի տակին վե դրեց, ասեց.— Գնա՛, թագավորը կանչում ա։
Գնաց թագավորի կուշտը, գլուխ տվեց, ձեռները կապեց, կայնեց։
Թագավորն ասեց.— Իգդիրա ամարաթի տերը դո՞ւ ես։
Ասեց.— Ե՛ս եմ։
Ասեց.— Կանչե՛ք աղջկանս, գա՛։
Կանչեցին, աղջիկն էկավ։
Հերն ասեց.— Է՞ս ա տղեն:
Աղջիկն ասեց.— Էդ ա։
Ձեն տվեց.— Ջանլա՜թ։
Ջանլաթները թրերը քաշեցին մտան նեքսև, աղջիկն էկավ առաջ, խնդրվեց, ասեց.— Թագա՛վորն ապրած կենա, եբոր դրան սըպանում ես, մենակ դրան չես սըպանում, Թարխուն թագավորի աղջկանն էլ հետն ես սըպանում, Թարխուն թագավորը բարկացել ա իրա աղջկա վրին, տվել ա էս տղին ու քաղաքիցը հեռացրե։
Թագավորը ասում ա.— Մեղքը քու շլինքը, դո՛ւ էկար գանգատ արիր. որ ըտենց ա, իմ ախչիկն էլ տվեցի քեզ, ա՜յ տղա։ Դու գնա՛, իրիկունը քառասուն ղարավաշով ինքը կգա, գշերը կմնա կշտիդ, առավոտը ղարավաշները եդ կգան։
Տղեն դուս էկավ, մոլորվեց. տեհավ որ չի կարա էթա, մտավ նեքսև, թագավորին խնդրվեց, ասեց.— Յա գլուխս տո՛ւ, յա ո՛նց որ բերել ես, ընենց էլ ճամփու զի։
Թագավորը կանչեց Թռման դևին, ասեց.— Վե կալ տա՛ր էս տղին իրա տեղը։
Վե կալավ, տարավ։ Տղեն որ բանձրացավ վիրև, տևհան՝ շա՛տ ուրախացան։ Մնաց մինչև արևմըտոց, մեկ էլ տեհան քառասուն ղարավաշով Ըռեհան թագավորի աղջիկը վեր էկավ բալկոնը թփթփալով։
Ըռեհան թագավորի աղջիկը մտավ նեքսև, բարև տվեց ու կաննեց. ղարավաշները էկան մին-մին գլուխ տվեցին ու կաննեցին։ Էկավ հացի վախտը, նստեցին հաց կերան։ Վե կացավ պառավը, տեղ շինեց։ Քառասուն ղարավաշի հմար մի ձեռք տեղ քցեց, Ըռեհան թաքավորի ու Թարխուն թաքավորի աղջրկեքանցն առավ իրա ծոցը, քնեց: Տղի տեղն էլ դռան քամակին քցեց: Եբոր լիսը բացվեց, ղարավաշները վե կացան գնացին, Ըռեհան թագավորի աղջիկը մնաց ըտեղ:
Խաբարը տանք Թարխուն թագավորիցը:
Թարխուն թագավորը կանչեց վեզրին, թե.— Թադարեք տե՛ս, է՛թանք ման գալու երկիրը։
Վե կացան գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, էկան հասան Իգդիր։ Աղջիկը իմացավ որ հերը գալիս ա՝ գնաց համամ, իրա շորերը փոխեց, թագավորական շորերը հագավ, զուգվեց, իրանց ամարաթի դռանը կաննեց: Հերն էկավ, ըտոնց դռան առաջովն անցկացավ։ Անցկենալու վախտը տեհավ ըտեղ մի կնիկ կաննած ա, անղալաթ սիրուն էր. եբոր թագավորը տեհավ՝ ուշը գնաց: Եբոր ջուր բերին տվին էրեսովը, աչքերը բաց արեց, տեհավ էլի կայնած ա դռանը, էլի ուշը գնաց։ Թազադան որ ուշն էկավ վրեն, վե կացավ ու գնաց։ Գնաց հասավ իրա քաղաքը։
Կանչեց իրա վեզրին, ասեց.— Էն իմ տեհած կնիկը ո՛ր չբերես ինձ հմար, ես կմեռնեմ։
Վեզիրն ասեց,— Ո՞նց բերեմ, նրա մարդը, հալբա՛թ, հարուստ մարդ ա, չի՛ տա. լավն էն ա՝ կանչե՛նք, մի ընենց տեղ ղրկենք, որ էթա, չգա։
Թագավորն ասեց․— Մտածա՛, գտի՛:
Մարդ ղրկեցին, էդ տղին կանչեցին: Տղեն էկավ, օխտը հետ գլուխ տվեց, բարև բռնեց, կաննեց։
Թագավորն ասեց.— Տղա՛, մենք փուշկ ենք գցե, ընկել ա քու վրա, դու պտի Էթաս Մարջան թաքավորի քաղաքը, Անմահական ջուր ու խնձոր բերես։
Տղեն ասեց.— Ես ճամփեն չե՛մ գիտա, ո՞նց պտի էթամ։
Ասեց.— Անպատճառ պտի էթաս, մի հնար գտի, գնա՛, թե չէթաս՝ գլուխդ կկտրենք։
Տղեն երկար ժամանակ մտածեց, ասեց․— Լա՛վ, կէ՛թամ։
Գլուխ տվեց, գնաց իրանց տուն։ Եբոր հասավ իրանց տուն, Ըռեհան թագավորի աղջիկը դուս էկավ, տղին հարցրեց.— Ընչի՞ հմար էր թագավորը քեզ կանչե։
Ասեց.— Կանչել էր, որ ղրկի Մարջան թագավորիցը Անմահական ջուր բերեմ ու խնձոր։
Աղջիկն ասեց.— Էրնա՜կ քեզ, էրնա՜կ քու աչքի լսին, կէթաս՝ ընտեղարենք ման կգաս, կտենաս՝ ինլքա՜ն լավ տեղ ա։
Ասեց.— Ես ճամփեն չեմ գիտա, ո՞նց էթամ:
Ասեց.— Բա իմ քիրն ի՞նչ ա, իմ քիրը վե կունի կտանի հերանցս տունը, Թռման գևովը կըղրկի, կէթաս, էրնա՜կ քեզ, էրնա՜կ քու աչքի լսին։
Մի հինգ օրից եդը տղեն գնաց Ըռեհան թագավորի աղջկա՝ բախչեն։ Գնաց հավըզի վրա կաննեց, ձեն տվեց.— Քե՛նի բա՛ջի, քե՛նի բա՛ջի։— Քենին դուս էկավ։
— Դո՞ւ էս էկե, փեսա, արի՛ նեքսև։
Ասեց.— Վռազ եմ, չե՛մ կարա։ Ինձ պտի տանես հերանցդ տունը։
Քենին առավ փեսին թևերի վրա ու թռավ, տարավ հերանց տունը։ Տղեն գնաց թագավորի կուշտը, բարև տվեց, բարևն առավ։
Թագավորը շատ ուրախացավ, վե կացավ թշերը պաչեց, ասեց.— Ո՞նց ա, յա՜րաբ, մեր ախչիկը։
Ասեց.— Շա՛տ լավ ա, շա՜տ-շա՜տ բարևում ա։
Եբոր թագավորի կնիկը իմացավ, վե կացավ վազելով էկավ, ընկավ փեսի ճտովը.— Փեսա ջա՛ն, յա՜րաբ իմ ախչիկը ո՞նց ա:
— Շա՛տ լավ ա, շա՛տ էլ բարև ա անում։
Ասեց.— Խե՞ր ըլնի քու գալը։
Ասեց.— Փա՛ռք ասսու, խեր ա,— ասեց,— ես պտի էթամ Մարջան թագավորի աղջկա բաղիցը Անմահական ջուր ու խնձոր բերեմ։
Ասեց.— Էրնա՜կ քեզ, էրնա՜կ քու աչքի լսին, կէթաս ընտեղարենք ման կգաս, կտենաս։
Ըստեղ հինգ օր ղոնաղ էլավ, զանքաչը չթողաց էթա։ Եբոր հինգ օրը թամմեց, վռազեց, ասեց.— Ճամփեն չեմ գիգա, ո՞նց էթամ։
Թագավորը հրամայեց Թռման դևին.— Արի վե՛կալ ու գնա՛։
Թռման գևը վեկալավ ու գնաց։ Գնաց հասավ Մարջան թագավորի աղջկա ամարաթի տակը, ասեց.— Վե կաց գնա՛, ես ըստեղ բանդ կըլնեմ, ի՛նչ պըտի վեր ունես՝ գնա վեկալ, արի՛ էթանք։
Տղեն մտավ բախչի մեջը, ման էկավ, Անմահական աղբուրը գտավ, ջրիցը վե կալավ, ման էկավ՝ Անմահական խնձորն էլ գտավ, քաղեց, էկավ մտավ թագավորի աղջկա օթախը, տեհավ հացը հազիր դրած ա, նստեց, կերավ: Տեհավ՝ ըտեղ մի պապիրոս էլ կար, կեսը քաշած էր, կեսը մնում էր, վե կալավ քաշեց: Եննա թագավորի աղջկա օթախի դուռը բաց արեց, մտավ նեքսև, տեհավ որ թագավորի աղջիկը քնած ա. ոնների տակը դրած չամադանները դրեց գլխավիրևը, գլխավիրևի չամադանները դրեց ոնների տակը, եդ դառավ իրա մատանիքը դրեց աղջկա մատը, աղջկա մատանիքը դրեց իրտ մատը, կռացավ էրկու թուշն էլ պաչեց, դուս էկավ: Էկավ, Խնձորն ու Ջուրը վե կալավ, նիլլավ Թռման դևին. Թռման դևն էր՝ թռավ, գնաց: Տասն օրվա ճամփեն համարյա մի սհաթումը տարավ: Տարավ Ըռեհան թագավորի ամարաթի տակին վե դրեց: Տղեն բանձրացավ վիրև, թագավորն ու թագուհին էկան ընկան շըլընքովը։
— Գալդ բա՛րի ըլնի,— ասեցին,— գնացիր, ման էկար, էկար։
Հինգ օր էլ պահեցին ըտեղ, լավ ուտացրեցին, խմացրին, հինգ օրից եդը թողին էթա։
— Շա՚տ բարև կտանես մեր աղջկանը,— ասեցին։
Էլի նստեց Թռման դևի վրա, Թռման դևը թռավ գնաց, տարավ իրա տանը վե դրեց։
Էգսի օրը տղեն վե կացավ, նիլլավ ձին, գնաց Թարխուն թագավորի ամարաթը, հանեց Անմահական ջուրն ու խնձորը տվեց թագավորին։
Թագավորը տխրեց, մի խոսք էլ ա չասեց։ Տղեն եդ դառավ, գնաց իրանց տուն։
Թագավորը շատ թունդ բարկացավ վեզրի վրա, ասեց.— Դու ասում իր՝ կէթա, էլ չի գա, բա խի՞ էկավ:
Վեզիրն ասեց.— Ընտեղ քոմմա սեհրբազ են, թե ո՞նց ա եդ դառե՝ չեմ իմանում։
Խաբարը տանք Մարջան թագավորի աղջկանիցը։
Թագավորի աղջիկը եբոր զարթնում ա, բիրդան տենում ա չամադանները փոխված ա. էթում ա լվացվելու, տենում ա՝ մատի մատանիքը փոխված է, իրա մատանիքը չի, էթում ա հայլուն թամաշ անում, տենում ա՝ էրկու էրեսին էլ խալ կա, բաց ա անում
էն մեկել օթախի դուռը, տենում ա՝ պապիրոսն էլ են քաշե։ Ինքը շատ իմաստուն էր, ձեռաց իմացավ, որ Իգդիրա ամարաթի տերն էր արել։
Վե կացավ բարկացած գնաց հոր մոտն, ասեց.— Ա՛յ հեր, ո՛չ դու ըլնես, ո՛չ քու թագավորությունը։
Թագավորն ասեց.— Ա՛ղջի, հո՛ դու չես գժվել:
Ասեց.— Ի՞նչ անեմ, Իգդիրա ամարաթի տերը էկել ա մտել իմ բախչեն, հա՛մ Ջուր, հա՛մ Խնձոր ա տարե, դե էն հլա դեղապետ ա, տանում էր՝ տաներ, բա բանձրանա իմ օթախի կողքը, հացը ուտի, պապիրոսը քաշի՝ էդ էլ բաշխենք, սոված ա էլել՝ կերել ա, բա ո՞նց ա սիրտ արե, մտել ա իմ օթախը, իմ քնած վախտը չամադաններս փոխել, մատանիքս փոխել և կռացել իմ էրեսիցն էրկու պաչ առել, մի մտիկ արա՛, տե՛ս էրեսիս ո՞նց խալ ա ընկե։
Ըտեղ թագավորը շատ բարկացավ, ասեց.— Կանչե՛ք իմ Թռման դևին։
Կանչեցին, էկավ։
Թագավորը հրամայեց, որ էթա Իգդիրա ամարաթի տիրոնչը վեր ունի, բերի:
Թռման դևը թռավ, վեր էկավ Իգդիրա ամարաթի բալկոնը, ուսուլով մտավ հաշտը, տեհավ, որ նստած հաց են ուտում, տղի թևիցը բռնեց ու քցեց շըլակը։
Լաց էլան. «Վա՜յ, վա՜յ, տարա՜ն, հա տարա՜ն, ո՞նց պըտի ըլնի»։
Ըռեհան թագավորի աղջիկը ասեց.— Բա՛ն չկա, տարան, էլի կգա, երկյուղ մի՛ք անի։
Թռման դևը տղին տարավ դրեց Մարջան թագավորի բալկոնը, ասեց.— Դե՛ վեր արի գնա՛, թագավորը կանչում ա։
Տղեն մտավ նեքսև, օխտը հետ գլուխ տվեց, ձեռները դրեց դոշին, կաննեց։
Թագավորը հարցրեց, ասեց.— Իգդիրա ամարաթի տերը դո՞ւ ես։
Ասեց.— Ե՛ս եմ։
Ասեց.— Ձեն տվե՛ք իմ աղջկանը, գա՛։
Կանչեցին, էկավ։
Թագավորը ասեց.— Է՞ս ա։
Ասեց.— Է՛ս ա:
Բարկացած ձեն տվեց.— Ջանլա՜թ:
Ջանլաթները թրերը քաշեցին, մտան նեքսև։
Աղջիկը որ տղին տեհավ՝ սիրուն տղամարդ, սիրտը կպավ, ասեց.– Ա՛յ հեր, մեղք ա, գլուխը մի կտրի, իրեքին էս սըպանում, ո՛չ թե մնին:
Թագավորն ասեց.— Ո՞նց։
Ասեց.— Թարխուն թագավորը բարկացել ա, աղջիկը տվել ա սրան: Ըռեհան թագավորն էլ ա բարկացե՝ աղջիկը տվել սրան, հմի եբոր դրան սըպանես, էն էրկուսն էլ հետը կսըպանվեն։
— Ախար չէ՞ որ դու էկար գանգատվեցիր:
Աղջիկն ասեց: Տղա ա, սխալվել ա, բա՛ն չկա:
— Որ ըտենց ա,– ասեց թագավորը բարկացած,– ես էլ քեզ կտամ սրան: Տղա՛, թող գնա, իրիկունն իմ աղջիկը իրա քառասուն ղարավաջովը կգա։
Տղեն դուս էկավ, չորս յանը թամաշ արեց, մոլորվեց. եդ դառավ, թագավորին խնդրվեց, ասեց.— Յա գլուխս տո՛ւ, յա ինձ Թռման դևովը ճամփու քցա՛։
Թագավորը հրամայեց Թռման դևին, վե կալավ, տարավ իրա տունը, վե դրեց:
Տղեն որ մտավ նեքսև, քոմմեքը վե կացան կաննեցին, ուրախացան ու բարովեցին։
Իրիկունը, մին էլ տեհան, թը՜փ, թը՜փ, թը՜փ, էկան վեր էկան քառասունըմեկ աղունիկ. դառան աղջիկ, մտան նեքսև։ Թագավորի աղջիկը գլուխ տվեց քոմմքին, կաննեց. ղարավաջները էկան մի-մին գլուխ տվին, կաննեցին։ Հացի թադարեք տեհան, նստեցին հաց կերան։ Պառավը վե կացավ, տղի տեղը դռան քամակը քցեց, քառասուն ղարավաջին մի ջոկ օթախ տվեց, իրեք աղջկանն առավ իրա ծոցը, քնեցին։
Առավոտը ղարավաջները գնացին, աղջիկը մնաց ըտեղ։
Եդ դառնանք, խաբարը տանք ո՞ւմից՝ Թարխուն թագավորից։
Թարխուն թագավորը հրամայեց վեզրին.— Թադարեք տե՛ս, է՛թանք ման գալու։
Էկան ման գալու, հասան Իգդիր։ Աղջիկը եբոր իմացավ, որ իրա հերը գալիս ա, գնաց համամ, հագավ, զարդարվեց, էկավ իրանց դռան միջին կաննեց։ Եբոր թագավորը էկավ անց կենալու, տեհավ հրես մի կնիկ ըտեղ կաննած ա, սիրո՜ւն, սիպտա՜կ, փմփո՜ւխ, արեգակին ասում էր՝ դու մի' դուս գա, ե՛ս դուս եմ գալի, բո՛լ ա:
Թագավորի ուշը գնաց, վեզիրը ձեն տվեց.— Ջո՜uր, հա ջո՜ւր։ Ջուր բերեցին, տվին էրեսովը. ուշն էկավ վրին: Վե կացավ, գնաց։ Եբոր հասավ իրա քաղաքը, թագավորը վեզրին ասեց.— Անպատճառ պտի բերես էն կնկանը, որ չբերես՝ ես կմեռնեմ։
Վեզիրն ասեց.— Ո՞նց բերենք, խի՞ պըտի տա, մի պատճառ պտի գտնենք, բալքի մարդին վնասենք, նո՛ր կնկանը բերենք:
Ասեց.— Ի՛նչ ուզում էս արա, կնկանը պտի բերես։ Վեզիրն ասեց.— Կանչե՛նք տղին, ասենք՝ մեր սաղ ղոշընին ու քաղաքի մարդկանց հաց տա, եբոր մեկը գանգատավոր կըլնի՝ գլուխը կտանք։
Թագավորը մարդ ղրկեց՝ կանչեց, ասեց.— Լսել եմ, շա՞տ հարուստ ես, իմ սաղ ղոշընին ու քաղաքի մարդկանցը պտի մի օր հաց տաս, թե որ չտվիր՝ գլուխդ կտա՛մ:
Տղեն ասեց.— Շա՛տ լավ, մի հինգ օր ժամանակ տվեք, էթամ տուն, գամ՝ տա՛մ։
Ժամանակ տվին, գնաց տուն։ Ըռեհան թագավորի աղջիկը դուս էկավ առաջը, ասեց.— Յա՜րաբ ի՞նչ խաբար ա։
Ասեց.— Թագավորը ուզում ա, որ ղոշընին ու քաղաքին մի օրվա միջին հաց տամ. թե որ տալու չըլնեմ՝ գլուխս կտա: Հմի դողը ջանս առել ա, թե ո՛նց պտի հազրեմ։
Ըռեհան թագավորի աղջիկն ասեց.— Դրա հմար խի՞ ես երկյուղ անում, շատ հեշտ բան ա։
Տղեն ասեց.— Ո՞նց հեշտ բան ա, ըտքան պատրաստություն տենալը հե՞շտ ա։
Աղջիկն ասեց.— Քանի՞ օր ժամանակ էս ուզե։
Ասեց.– Հինգ օր։
— Դե՛, — ասեց,— վե կաց գնա քվորս կուշտը. եբոր կհասնես հավըզի վրա, ձեն տու, քիրս դուս կգա, նրան ասա, թե. «Քիրդ պուճուր էրկանքներն ուզում ա»։
Տղեն վե կացավ գնաց հավըզի ղրաղը, ձեն տվեց.— Քե՛նի բա՛ջի, քե՛նի բա՛ջի։
Քենին դուս էկավ, ասեց.– Բարո՛վ ես էկե, փեսա, արի՛ նեքսև, արի՛ նեքսև։
Ասեց.– Չէ՛, վռազ եմ, պտի էթամ։ Քիրդ,– ասեց,— պուճուր էրկանքներն ուզում ա։
Մտավ նեքսև ու բերեց.– Ա՛ռ,– ասեց,– փեսա ջա՛ն։
Վե կալավ, էկավ տուն։
Եբոր էկավ տուն, Թարխուն թագավորի աղջիկը: Ըռեհան թագավորի աղջիկը, Մարջան թագավորի աղջիկը պատրաստություն տեհան, մի չադիր վե կալան գնացին թագավորի քաղաքի ղրաղը, մի չայիր-չիման տեղ վեր էկան։
Ըոեհան թագավորի աղջիկն ասեց.— Դե՛ գնա, թագավորին իմաց տո՛ւ, թող ղոշոււնն ու իրա ժողովուրդը վեր ունի գա հաց ուտի։
Տղեն վե կացավ գնաց, կանչեց։ Թագավորը հրամայեց՝ ղոշունն ու բիրադի քաղաքացիք, մենծ ու պուճուր վե կացան, գնացին։
Տղեն որ եդ դառավ, Ըռեհան թագավորի աղջիկն ասեց.— Էս էրկանքները մի պըտըտի՛։
Տղեն պըտըտեց, վըզզալեն ամեն տեսակ եմակ միջիցը դուս էկավ: Ղոշունն էլ կերավ, ժողովուրդն էլ կերավ, հացն ու եմակը, էլ եդ մնաց կիտուկ։
Թաքավորն ու վեզիրն ասեցին.— Էթանք տենանք, հո՛ գանգատավոր չկա, տղի գլուխը կտրենք։
Էկան տեհան, որ ինչքան որ կերել են, էնքամ էլ կիտած ա։– Տղեն գնաց առաջ, թագավորին գլուխ տվեց կաննեց, ասեց.— Թագա՚վոր, էսքան եմակը պատրաստել եմ, ուտող չկա, բա ո՞ւթ ա ուտողը։
Թագավորն ասեց.— Բիրադի ղրկել եմ, էկել ա։
Էլի նիաթը կախեց, վեզրի հետ թողաց գնաց։
Ըտոնք էլ չադիրը քանդեցին, գնացին դպա իրանց տուն։
Մի քանի օրից եդը էլ եդ թագավորը վեզրին վե կալավ էկավ դպա Իգդիր։ Էլի աղջիկը գնաց համամ, զուգվեց, զարդարվեց, էլի իրանց դռանը կաննեց։
Թագավորը եբոր էկավ անցկենալու, աչքը առավ, էլի ուշք գնաց, նվաղեց։
— Ջո՜ւր հա, ջո՜ւր,— աղջիկը ջուրը վե կալավ ու գնաց։
Գնաց ջուրը տվեց հոր էրեսովը։ Հերը բիրդան աչքերը բաց արեց, տեհավ, ըհը՛, իրա տեհած աղջիկն ա ջուրը էրեսին տվել:
— Վա՜յ,— ասեց,— գլխիդ ղուրբան, իմ ուշ-միտքս գշեր-ցերեկ դպա քեզ ա։
Ասեց.— Աչքերդ քոռ հո՛ չի, բա չե՞ս ճանանչում։
Ասեց.— Ո՞վ էս, չե՛մ ճանանչում։
Ասեց.— Ախար աղջիկդ եմ, Հնազանդն եմ, որ տվեցիր թամբալ տղին: Հմի էս ամարաթը էն թամբալ տղինն ա։ Արի էթանք տուն։
Թագավորը փաթըթվում ա աղջկանը, լաց ա ըլնում։
Աղջիկը վեր ա ունում հորը, տանում ա տուն։ Թագավորը թամաշ ա անում դրա օթախներին, տենում ա իրա օթախներիցը տասը անգամ լավ ա։
Ըռեհան թագավորի աղջիկը գալիս ա՝ թագավորին բարևում ա, Մարջան թագավորի աղջիկն էլ ա գալի, տղեն էլ ա գալի բարևում: Հալիվորն ու իրա կնիկն էլ են գալի բարևում։
Եբոր ըտե նստում են, նո՛ր թագավորը հարցնում ա.— Պսակվա՞ծ ես, տղա ունե՞ս:
Ասում ա.— Հլա պսակված չենք, ազապ ենք։ Էս էրկուսն էլ են իմ մարդինը, նրանք էլ են ազապ։
Թագավորն ասեց.— Հազիր ես ըստեղ եմ, պսակեմ քոմմքիդ, նո՛ր էթամ։
Գնացին հարսանըքի թադարեք տեհան, օխտը օր, օխտը գշեր, օխտը ձեռք դափ ու զուռնեն ածեցին, կեցա՛ն, խմեցի՛ն, քեֆ արին, սֆթա Թարխուն թագավորի աղջկա հետ պսակեցին, էգսի օրը Ըռեհան թագավորի աղջկա հետ, երրորդ օրը՝ Մարջան թագավորի աղջկա հետ։
Ընտրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։
Ասսանից իրեք հատ խնձոր ընկավ, մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ անկաջ դնողին։