Հիվանդ Թափառական

Վահան Տերյան

Ձմռան գիշեր


ԹԱՓԱՌԱԿԱՆ



Նորից կթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կմարի երեկոն աղոտ,
Կպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ:
 
Կմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի…
 
Հեռավոր մարդոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կլսեմ.
Հողը կգրկեմ, ջերմ կհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ:
 
Անտուն անցորդից կխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կքնեմ...