Թեմական տեսուչ

Ա

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱԶԳԱՍԵՐ ԵՎ ԹԱՓԱՌԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ

Հայաստանի հյուսիսային սարսարուտ գավառներից մեկի մեջ կա Հացիկ անունով մի գյուղ։ Այդ գյուղի հին ավերակներից և կիսակործան տաճարներից երևում է, և հին զրույցներն էլ վկայում են, որ այդտեղ մի ժամանակ մի մեծ մարդ է եղել կենալիս, և այդ մեծ մարդը եղել է հայոց, վրաց և աղվանից գրերի գտնողը։ Յուր ծննդարանին անվանակից գյուղում բույն դներով՝ հրեղեն Մեսրոպը յուր թռիչքն այդտեղից ուղղել է մերթ դեպի Սյունիք և մերթ դեպի Աղվանք։

Մի աշնանային գեղեցիկ օր հիշյալ ավերակների ստվերախիտ ծառերի տակ նստած էին երկու երիտասարդ, և ոգևորված սույն վայրերի անցյալի հիշատակներով՝ օդային ամրոցներ էին շինում, կրկին քանդում, կրկին նորոգում... Դրանցից մինը շատ նիհար էր, դեղներես, գլխի մազերը վաղօրոք թափված և դեմքի վերա ցավ, տխրություն, հուսահատություն և զզվանք դրոշմված։ Այդ տարաժամ ծերացած երիտասարդը մի թափառական ուսուցիչ էր եղած, իսկ այժմ այդ պաշտոնից զզված՝ չոլեչոլ էր ընկել և բուի պես հայրենի ավերակներն էր ողբում։ Մյուսը մի առույգ ու զվարթադեմ երիտասարդ էր, ազգային լրագիրներ կարդացած՝ հայի հառաչանք լսած, նրա սիրով վառված, և այժմ անհամբեր սպասում էր, թե երբ կլսի ազգային ցանկալի հրավիրական ձայնը, որ իսկույն բանաստեղծի ասածի պես՝ «Նժույգ ձի նստած՝ բեղերն ոլորած, ձեռքը սուր առած» օգնության հասնի։ Միքայել էր ուսուցչի անունը, իսկ ազգասերինը՝ Առստամ։ Դրանց խոսակցությունը անցյալից ներկային հասնելով՝ հետևյալ ոճն ստացավ.

— Միքայել, ես զարմանում եմ քո անհաստատամտության վերա,— ասաց Առստամը։— Էլ ինչո՞ւ համար է քո առած ուսումն ու գիտությունը, որ հիմա պետք է այդպես աննպատակ չոլեչոլ ընկած թափառես։ Ավելի լավ չի՞ լինիլ, որ մի տեղ հաստատ բուն դնես, քեզ օգնականներ հասցնես և բոլոր գյուղերը վարժապետներով լցնես։

— Առստամ, այդպես ասելն է հեշտ միայն, իսկ կատարելը շատ դժվար և մինչև անգամ անհնարին է,— պատասխանեց Միքայելը.— դու ի՞նչ կասես, եթե ես քեզ ասեմ, թե ինչո՞ւ ես դարտակ ա՜խ ու о՜խ քաշում, և զուր ժամանակ անցկացնում. ավելի լավ չի՞ լինի, որ գնաս Հայաստան մի հայասորաքրդական միություն կազմես և հարեմական բռնությունից ազատես քո հայրենիքը։

— Ինչպես ասացի՞ր — հայ-ա-սո-րա-քր-դա-կան... Քո տունը շինվի, Մի՛քայել, ո՞րտեղից ստեղծեցիր այդ ահագին բառը։ Դրա ասելն անգամ դժվար է, ուր մնաց կատարելը։ Եվ ի՞նչ համեմատություն, մի՞թե լուսավորություն տարածելը պատերազմելու չափ դժվարություն ունի։

— Ես կարծում եմ, որ տգիտության դեմ, խավարի դեմ, ապականարար ազդեցությունների դեմ պատերազմելը ավելի դժվար է։ Մի՞թե դու ինքդ չե՞ս տեսնում, թե որքա՜ն փչացել, որքա՜ն վատացել, որքա՜ն ապականվել է մեր ժողովուրդը թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում առհասարակ։ Մի՞թե դու չե՞ս տեսնում, որ էլ գլուխ վայր դնելու տեղ չի գտնվում, միայն այդ խոսքն ասող Քրիստոս չկա, որ հավատան։ Մարդու կատարելության բուն նշանը վերացել է և նրա տեղը բռնել է մի կլոր խարան։ Նա է մեզանում մարդ համարվում, ում ճակատին որ դրոշմված է այդ խարանը, անխարան ճակատից դուրս եկած միտքը չվանի դնող չկա։ Գյուղացին սովորել է մի բան անել մտրակի ազդեցությամբ, իսկ մտրակը գտնվում է միայն խարանավորների ձեռքին։ Ժողովուրդը ինքնատյաց, յուրատյաց է դառել, նա գազանացել ու անասնացել է։ Նա չարչիացել է, այս բառի մի նոր նշանակությամբը։ Նա փողի հետ փոխանակում է ամենայն ինչ մինչև իր ընտանեկան սրբությունն անգամ, նա ամեն ինչ կշռի ու կանգունի տակ է ձգել, և ինչ որ կարելի չէ ոչ չափել և ոչ կշռել, այն չկա նրա համար։ Առաքինությունը, ազնվությունը, վսեմը և բոլոր մյուս ոգեկան պահանջները, որոնք միայն մարդուն են հատկական, վերացել է մեր անասնարած և անբարոյականացած ժողովրդից։

Միքայելի այս խոսքերը թույնի պես էին թափվում Առստամի քնքուշ սրտի վրա։ Ճշմարիտ որ Միքայելը իբրև մի վիրավորված և գրգռված օձ, պատրաստ էր յուր մաղձն ու լեղին թափել ամեն բանի վերա։ Եվ այդ շատ հասկանալի է՝ գոնե ինձ, որ ուրիշ կերպ չեմ կարող մտածել, քան որ մտածում էր Միքայելը։ Ես նրա խոսքերի մեջ գտնում եմ միայն զուտ և անհերքելի ճշմարտություն ու պատրաստ եմ նրա ասածների տակ ստորագրել իմ անունը։

Առստամը երկար մտածելուց և Միքայելի ասածների ճշմարտությունն զգալուց հետո հարցրեց Միքայելին հուսահատ և խեղճացած ձայնով․

— Բայց արդյոք հույս չկա՞, որ մեր թեմական տեսուչները մի բան կարողանան անել, այդ հանրաճարակ ախտից ժողովրդին բժշկեն։

— Ես չեմ կարծում։

— Իսկ մեր հոգևոր իշխանությո՞ւնը։

— Առավե՜լ վատ։

— Եղբա՛յր, դու ինձ բոլորովին հուսահատեցնում ես։

— Այո՛, ես հավատացած եմ, որ հայասորաքրդական միություն հաստատելն ավելի դյուրին է, քան թե մեր ազգային լուսավորության հարստահարիչ բաշիբոզուկներին նվաճելը։ Ես հավատացած եմ, որ մարմին ազատելը ավելի հեշտ է, քան հոգի։ Մի աշխարհի հողն ու ջուրն ազատելն ավելի հեշտ է, քան թե նրա լեզուն ու կրոնը։ Դու ի՞նչ ես կարծում, Առստամ, այս ի՞նչ նոր քամի է, ի՞նչ նոր փոթորիկ, որ լուսավորության անունով բարձրացած, տակ ու վերև է անում մեր աշխարհը, մեր ընտանեկան սրբությունը, մեր կրոնն ու լեզուն, երկվություն ձգում հասարակության մեջ, երկպառակում, ջլատում նրա բարոյական և նյութական ուժը։ Ո՞վ և ո՞րտեղ է լսած, որ միևնույն ընտանիքի անդամները երկու իրար հակառակ ուղղությամբ կրթություն ստանան, մինը ձգտի դեպի հյուսիս, մյուսը դեպի հարավ։ Մի՞թե սա պատերազմ չէ, պատերազմ հոգենվաճման, լեզվակալության, ազգասպանության... Եվ դու կարծում ես, թե մի թեմական տեսուչ՝ իր անխարան ճակատովը, իր անմտրակ ձեռքովը, իր դարտակ ջեբովը՝ պիտի կարողանա պատերազմել իր դեմ բարձրացած այդ արտաքին և ներքին ամեհի լեգեոնների դեմ...

— Դու ինձ սարսափեցնում ես, Միքայել։ Ես դեռ չեմ կարծել, որ մենք մի այդպիսի վտանգավոր վիճակի մեջ ենք։ Միթե այդ բանը չի՞ տեսնում մեր հոգևոր իշխանությունը։

— Տեսնում է, բայց չի նկատում, նկատում է, բայց չի ցավում, բայց չի գործում, գործում է, բայց սո՜ւտ ու սո՜ւտ․․․

— Այդ շատ էր գրաբար, Միքայել, ես չհասկացա։

— Ասածիս աշխարհաբարն այս է։ Մեր հոգևոր իշխանությունը բոլորովին անհոգ է։ Նա ազգային լուսավորության մասին հոգս չի քաշում, բայց ցույց է տալիս, թե քաշում է, և բավական է համարում, որ ժողովուրդը հավատացած լինի, թե նա հոգս է անում այդ մասին։ Նշանակում է թեմական վերատեսուչներ, օրհնության կոնդակներ է ուղարկում նորընտիր հոգաբարձուներին, «Արարատ» ամսագիրն այդ «անխոնջ աշխատությունը» հռչակում է և դրանով վերջանում է ամենայն ինչ։ Նա չունի լուսավորության ոչ դիվան և ոչ սնդուկ։ Բայց և քանի՜ քանի՜ միջոցներ է գործ դնում, որոնք գլխովին հակառակ և արգելք են ազգային լուսավորության։

— Զո՞րօրինակ։

— Էլ ի՞նչ օրինակ, մի՞թե ինքդ չգիտես։ Նա մեզ տալիս է ալնպիսի քահանաներ, որոնք ոչ միայն անգրագետ են, այլև անգրագետ աշխարհականի խելքից էլ են զուրկ։ Դրանք՝ շատ աննշան բացառությամբ, կարծես գիտությամբ ընտրված միանման ապուշ, հոգեկան և մտավոր պահանջից զուրկ, անասնական գլխապահության բնազդում միայն ունեցող, գլխահարկից փախած՝ և իրանց որդոց ճակատներին մի օր խարան տեսնելու փափագով ծախու փիլոն առած՝ քահանայապետ մարդակերներ են։ Եվ բացի վնասից ո՞վ է դրանցից մի օգուտ տեսնում, եթե ոչ դրանց օրհնողները միայն, որոնց հարկ էր խարազանով դուրս քշել աստուծո տաճարից, ասելով՝ «Տունն իմ տուն աղօթից կոչեսցի, իսկ դուք արարիք այրս աւազակաց»...

— Միքայե՛լ, ես կարծում եմ, որ դու մաղձոտված ես և իզուր ես մեր սուրբ հայցերին հավատավաճառ համարում։

— Լավ էր, եթե դրանք հավատավաճառ լինեին, դրանք այնպե՛ս բաներ են ծախում, որ Քրիստոս երազումը տեսած չէ։

— Զո՞րօրինակ։

— Օրինակ՝ տեսակ-տեսակ փիլոններ, տեսակ-տեսակ խաչեր, կամիլաֆկաներ, ծուխ, ծխափոխություն, ավագություն, անդամություն, գործակալություն, կենտրոնականություն, երեցփոխություն, հաջորդություն, առաջնորդություն, վանք, կալված և ամենայն ինչ...

— Մի՞թե այդ ամենը փողով են ծախում։

— Հապա պատճառն ի՞նչ է, որ մեր թեմական վերատեսուչների գործերն այսքան անհաջող են գնում։

— Բայց ի՞նչ կապ կա այդ երկուսի մեջ։

— Ա՛յ ինչ կապ. բոլոր այդ լեգեոնը թեմական վերատեսուչներից այնպես է սարսափում, ինչպես դժոխքը սարսափեց Քրիստոսի մուտք գործելովը։ Այդ կաշառառու և կաշառատու մարդիկը իրանց ապրուստը խավարի մեջ են հայթայթում։ Ո՞ր հաջորդը կուզի, որ իր պտտած գյուղերում, իր կաթնատու և բրդատու ոչխարների մեջ մի մարդ ման գա և նրանց հասկացնե, թե դուք ոչխար չեք, բավական է, ինչքան որ ձեր բուրդը խուզեցին այդ սևահոգիները...

— Հիմա հասկացա․․․ չէ, քո ասածիդ մեջ ոչինչ չափազանցություն չպիտի լինի, դեռ կարելի է որ քո ասածիցդ մի բան էլ ավելի լինին այդ սևագլուխները։ Այդպես որ չլիներ, մենք հիմա այս օրումը չէինք լինիլ։ Դրանք մի անգամ ժողովրդի հոգին իրանց ձեռքն են առել, ժողովուրդն էլ կուրորեն դրանց հետևից ընկած գնում է, կարծելով՝ թե առանց դրանց արքայության ճանապարհը կկորցնի, հետո ման կգա, էլ չի գտնիլ․․․ Բայց դու գիտե՞ս, Միքայել, որ այսօր թեմական տեսուչը գալու է մեր գյուղը, և կարելի է եկած լինի արդեն։ Վեր կաց գնանք, արդեն ճաշի ժամանակ է։
Բ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Տեր-Մաշառի խոտադեզի չարդախի տակը դրված երկայն տախտակի վերա ոտնակախ շարվել էին գյուղի առաջավոր մարդիկը, որոնցից որոշվում էր վերի ծայրում դոշակի վրա նստած եվրոպական հագուստով մի մարդ։ Սա թեմական վերատեսուչն էր։

Գյուղացիք իմացան, որ իրանց նոր պաշտոնով նոր եկած հյուրի անունը Գրիգոր է, բայց չէին իմանում, թե հետը խոսելիս ինչ տիտղոս կպցնեն նրա անվանը։ Մեկն ասում էր՝ տիրացու Գրիգոր, մյուսը տեսնում էր, որ նա տիրացու չէ, ասում էր Գրիգոր-բեկ, մի ուրիշն ասում էր Գրիգոր աղա, կային ասողներ և Գրիգոր վարժապետ, Գրիգոր թեմակալ։ Այս զանազան տիտղոսներից թեմական վերատեսչին ազատեց Միքայել վարժապետը, անվանելով նրան պարոն տեսուչ, և իբրև վարժապետ, այդ բառն այնքան կրկնեց, որ ամենի համար գործածական դարձավ։ Մեր թեմականի տեղ եթե մի ուրիշը լիներ, գուցե նեղանար, թե ինչո՞ւ իրան տեսուչ են ասում և ոչ վերատեսուչ, բայց նա ավելի ուրախ կլիներ, որ իրան սոսկ Գրիգոր ասեին, միայն թե իր առաջարկություններին կատարում տային։ Նա ոչ մի տիտղոսից չէր նեղանում յուր մտքումը բացի բեկ տիտղոսից, որ նա ատելով ատում էր, և եթե այդ տիտղոսը տար նրան իրեն ճանաչողներից կամ ընկերներից մինը, նա այդ կընդուներ իբրև մի հայհոյանք։

Գրիգորը միջահասակ մի երիտասարդ էր՝ մոտ երեսուն կամ քառասուն տարեկան։ Նա անմորուք էր, այսինքն գերծում էր երեսը և ուրիշ ոչ մի առանձին հատկություն չուներ, միայն նրա կազմվածքին նայողը կկարծեր, թե նա ոտքից մինչև գլուխ մի կանոնավոր պրիզմայաձև կաղապարով է ձուլված։

Գյուղացիք, որ հետաքրքիր երեխայի բնավորություն ունին, տեղի և անտեղի հարց ու փորձով ծանրաբեռնում էին խեղճ թեմական վերատեսչին և ձանձրացնում։ Ի բնե սակավախոս Գրիգորի համար դրանից մեծ պատիժ կարող չէր լինել։

— Պարոն տեսուչ, քանի՞ երեխա ունիս,— հարցնում էր մեկը։

— Ես երեխա չունիմ,— պատասխանում էր Գրիգորը։

— Բնավ չի՞ եղած, թե չե՞ն ապրում։

— Չեն եղած...

— Խե՜ղճ... քանի՞ տարի կլինի ձեր ամուսնանալուն։

— Ես չե՛մ ամուսնացած...

— Ա՛յ օրհնված, դե ասա կին չունիմ, էլ երեխան ո՞րտեղից կլինի... Ուրեմն վարդապե՞տ եք դառնալու, ե՞րբ եք ձեռնադրվելու...

Գրիգորը լսում էր և ոչինչ չէր պատասխանում, որ գուցե վերջ տա այդ մարդու հարց ու փորձին, բայց դրանից ազատվելով՝ մի ուրիշի ձեռքն էր ընկնում։ Մինը հարցնում էր, թե նա քանի լեզու գիտե, մյուսը, թե քանի չին ունի, մի ուրիշը, թե տարին քանի մանեթ է ստանում... Նորան այս անտեղի հարց ու փորձից ազատեց Արզուման ապերը, գյուղի պատվավոր իշխաններից մինը, որ շատ չար ու բարի տեսած՝ նորերի ապականությունից ազատ մնացած և հին պարզ-հայկական կյանքով ու խոսքով ապրող մի պատկառելի ծերունի էր։ Երբ որ նա եկավ, ամենքը տեղներից վեր կացան և նրան տեսչի մոտ նստեցրին։ Արզուման ապերը տեսչի կողքին նստելով բարևեց նրան ասելով․— «բարով եք եկել, հազար բարի, մեր աչքի լույսն եք, մեր գլխի վերա տեղ ունիք»։... և բռնոթու պարկի կապը բաց անելով՝ շարունակեց. «Է՜, ի՞նչ ունիք հայտնելու մեզ, պարո՛ն, ասացեք, տեսնենք ինչ ենք անելու, լսեցի, որ եկել եք մեր շենումը ուսումնարան բաց անեք»...

Թեման տեսուչը տեսավ, որ էլի շատ մարդիկ եկան և գլուխ տալով նստեցին որը մի քարի վերա, որը գետնին, ուզեց մի քանի խոսքով հասկացնել նրանց իր այցելության նպատակը, ուստի դառնալով տանուտերին, ասաց.

— Պարոն տանուտեր, կարծեմ ձեր գյուղի բոլոր իշխան մարդիկն այստեղ են, և ես կարող եմ հայտնել, թե ինչու համար եմ եկել։

— Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն։ Ես մի երեխա ունիմ, էն է թագավորական շկոլումը. հիմի չեթվերթի կլասումն է... Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն, իրանց երեխանց համար ես եկել։

Թեմական տեսչի վերա տանուտերի այդ ոճով խոսելը շատ վատ տպավորություն գործեց, մանավանդ շկոլն ու չեթվերթի կլասը։ Նա մի րոպեաչափ գլուխը քաշ ձգեց և հետո խոսքը տերտերին դարձրեց․

— Տե՛ր հայր, էլի մարդիկ ունի՞ս կանչելու, թե կարելի է արդեն գործ սկսել...

— Պարոն տեսուչ, դրանք որքան քիչ լինին, այնքան լավ է։ Եթե գան լցվին, էլ իրար խոսք չեն հասկանալ, կսկսեն տակից գլխից դուրս տալ։ Կարծում եք ես քի՞չ եմ խոսել, քի՞չ եմ քարոզել, ա՜յ, թող վկա լինին։ Քանի-քանի անգամ ասած կլինեմ, թե ժամանակս փոխվել է, հիմի հարկավոր է մեր որդոցը ուսում տալ, որ գնան մարդ դառնան, մի կտոր հացի տեր լինին, մեզ նման մաճ չբռնեն, գութան չքշեն, գնան թագավորի փեշը բռնեն, մարդիկ քշեն, ինչպես Քրիստոս ասել է․ «Ծառայք հնազանդ լերուք ձեր տերերին և ես զձեզ մարդկանց որսորդ կշինեմ․․․»։ Ծառա՛ եմ, ես այնքան կարդալ չգիտեմ, մեղքս ինչ թաքցնեմ, չեմ էլ ասում, թե բերեք ձեր երեխեքը ես կարդացնեմ, չունքի ես ոչ ռուսերեն եմ գիտում, ոչ արիփմետիկա, ոչ էլ իմ երեխանց համար է իմ ասելը։ Իմ երեխեքն էլ են հրեն քաղաքի շկոլումը, ըստարշի ուչիթելին կշտին, էս տարի էլ փոխվել են ըֆտարոյ կլասը։

Եվ եղև ետինն չար քան զառաջինն․․․ Մեր տեսուչը տանուտերի ոճիցն էր զզված, տերտերինը նրանից անց կացավ։ Շատ լավ նշմարում էր, որ թե՛ տանուտերը և թե՛ տերտերը ընդդեմ են ուսումնարան բացվելուն, բայց մինչդեռ ինքը մտածում էր, թե ի՛նչ խոսի արդյոք և ինչպես խոսի, արդեն կռիվն սկսվել էր․․․

— Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ուզում ասել, տերտեր,— ասաց Արզումանը ծեր մարդկանց հատուկ բարկությամբ։— Քո տղերքն շկոլումն են, քյոխվինը շկոլումն են։ Ձեր ասելով շկոլն եք ուղարկել, որ այնտեղ մարդիկ քշել սովորեն, բայց մեր քյոխվան ու դու առանց շկոլի երես տեսնելու էլ՝ շատ լավ եք քշում մեզ։ Առանց մեզ հարցնելու մեր անուններն ստորագրում եք՝ տալիս մարդ քշողներին, բայց հիմի տեսչի առաջին ուզում եք ցույց տալ, որ շատ սրտացավ եք մեզ համար։ Ինչո՞ւ ուղիղը չեք ասում, որ ադամամութին ձեռագիր եք տվել սատանային և ձեր հոգին նրան խոստացել, որ նա ձեզ լույս տա... Լա՜վ լույս է, որ հոգի կորցնելով պիտի ձեռք բերվի...

— Ա՛յ ջամհաթ, լսո՞ւմ եք ինչ է ասում այդ ալևորը. վկա եղեք, և հարցնելս չասեք, թե չենք լսել,— ասաց քյոխվան ինքնապաստան գոռոզությամբ։

— Է՜յ, քյո՜խվա, դու որ քո չափն ու իրավունքը ճանաչես, շատ լավ կանես,— ասաց ծերունին։— Մեկ ինձ ասա տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես իմ անունս գրել տվել, առանց ինձ հարցնելու։

— Էդ հետո կտեսնենք, հարցրել եմ, թե չեմ հարցրել։ Եթե կարծում ես թե չեմ հարցրել, կարող ես գնալ գանգատվիլ․․․

— Գիտես, իհարկե, որ գանգատվիլ չեմ կարող, չեմ կարող գնալ իմ դատավորին ասել, որ նա մի շատ անպիտան և խարդախ մարդ է, մեր քյոխվան էլ հետը։ Այդ չեմ կարող ասել, բայց քեզ քո երեսիդ կասեմ, որ դու մարդ չես, այլ կատու ես, աղվես, գայլ ես։ Ես միշտ ասելու եմ քեզ այս խոսքերը, որ գոնե դրանով սիրտս հովացնեմ...

Այս թունդ խոսքերի համար քյոխվան չէր ներիլ Արզուման ապորը, չէր նայիլ նրա ոչ ծերությանը և ոչ պատվին, այլ իր գազանական բարկությունը կհագեցներ գանակոծ անելով նրան, բայց որ լռեց և համբերեց այդ այն երկյուղիցն էր, որ նա կրում էր Արզուման ապոր յոթը հսկա որդիներից, որոնք արդեն մի-մի հաստագլուխ մահակ ձեռքներին՝ կանգնած էին իրանց ապոր քամակին։ Եթե աստված խռովեր քյոխվի գլխին ու մեկ անգամ ձեռք տար ծերունուն, այնուհետև քյոխվի մեծ կտորը ականջը կմնար։ Որպեսզի այդ փորձանքից ազատվի, վեր կացավ և շան նման մռմռալով դուրս գնաց։ Նրան հետևեցին բոլոր քյոխվից վախող մարդիկը։ Արզուման ապերն էլ մի քանի կծու խոսք էլ տերտերին ասաց և վեր կացավ հեռացավ։ Մնաց տեսուչը միայնակ Միքայելի և Առստամի հետ։ Տերտերն էլ կգնար ուրախությամբ, եթե ինքն իր տանը չլիներ։

Ահա այսպես կայացավ և վերջացավ գյուղացոց ուսումնական խորհուրդը։


Գ
ՆՈՐ ԽՆԴԻՐ

Երբ որ ժողովուրդն այդպես քաշվեց հեռացավ, մեր տեսչի գլխին սառը ջուր մաղվեց։

— Տեր աստված, ես ի՞նչ էի երևակայում և հիմի ի՜նչ եմ տեսնում,— ասում էր նա ինքն իրան։— Այս սարերի գլխին, ձորերի միջին մատնությո՜ւն, դավաճանությո՜ւն, սպառնալի՜ք․․․ Զարմանալի բան է։ Ե՞րբ ցանվեցավ այս անմեղ սրտերի մեջ սատանայի այս չար որոմը․․․

Մեր տեսուչը պետք էր որ զարմանար, ըստ որում դեռ նոր էր, կամ ինչպես կասեն՝ դեռ խամ էր։ Նա կարծում էր, թե մեր գյուղացիք հին նահապետական պարզության մեջ պետք է լինին և եդեմական անմեղությունը պահած, և այդ պատճառով դեռ թեմական տեսուչ չեղած, սաստիկ բարկանում էր եղած թեմականների վերա ասելով. «Այնպիսի մարդկանց են տվել այդ պաշտոնը, որոնք ոչ ժողովրդի լեզուն գիտեն և ոչ նրա հետ վարվելու եղանակն են իմանում։ Փափուկ մեծացած, իրանց օրումը ձի չնստած, էլ ինչ ասել կուզի, որ այդպիսի մարդիկը չեն կարող կառքի ճանապարհից աջ կամ ձախ շեղվիլ, ձորերի մեջ մտնել, սարերի վերա բարձրանալ, ցրտի ու տաքի դիմանալ, մի տեղ ոտքով ման գալ, մյուս տեղ ձիով, ձի չեղած տեղը ջորու և իշի վրա նստել, անչայ մնալ, ցամաք հաց ուտել, պաս պահել... չէ՛, դրանք ոչինչ չեն կարող անել»... Բայց հիմա տեսնում էր, թե որքան սխալված է եղել ինքը, և որքան սխալ էր նույնիսկ իր տեսությունը սկզբից մինչև վերջը...

— Պարո՛ն տեսուչ, շատ մի՛ մտածեք,— ասաց Միքայելը։— Այսպես է ահա՜ մեր ժողովուրդը՝ ինչպես տեսնում եք...

— Այո, շատ անպետք մարդիկ են, ես ամաչում եմ դրանց փոխանակ,— հաստատեց Առստամը։

— Բայց այսպես չէր այս ժողովուրդը սրանից մի քսան տարի առաջ...

— Քսան տարի առաջ մեր մարդիկը ֆիզիկապես էլ ավելի խոշոր էին, բայց հիմա տեսեք ինչքա՛ն մանրացել, ինչքան նվազել են։ Երևի կա մի արտաքին զորեղ ազդեցություն, որ մեր ժողովրդին ոչ միայն ֆիզիկապես է փոքրացնում, մանրացնում, այլև բարոյապես։ Պարոն տեսուչ, ես ահա տասը, տասնհինգ տարի է, որ թափառում եմ այս ժողովրդի մեջ և եկել եմ այն եզրակացության, որ մեր գյուղացիք իրանք իրանց կրթելու ոչ կարողություն ունին, ոչ էլ հասկացողություն։ Կարողություն չունին, ըստ որում, սրանց կյանքը հազար ու մի հարվածների ենթակա է, այսօր մորեխն է կտրում իրանց հացը, վաղը՝ մուկը, երաշտ է անում, կարկուտ է գալիս, անասուններն են կոտորվում... Ոչ երկինքն է օգնում և ոչ երկիրը, ոչ բարեկամը և ոչ չարակամը․․․ Պետք է ուրիշ ճար, ուրիշ հնար մտածել։

— Օրինակ՝ ինչպիսի՞ հնար։ Հայտնեցեք, ես ուրախությամբ կլսեմ։

— Գիտե՞ք ինչ կա։ Այսօր մեր ժողովրդին առաջարկում են տան գլուխ վեց շահի տալ, իսկ մնացածը, ասում են, մենք ինքներս կհոգանք և ուսումնարան բաց կանենք։ Բայց ահա քառասուն տարուց ավելի է, որ մեր ժողովուրդը տան գլուխ չորս շահի է տալիս անընդհատ «սրբադրամ» անունով, իսկ քահանայք՝ մեկ֊մեկ մանեթ։ Եթե սրա վրա ավելացնենք և պտղին, որ նմանապես մի մշտական և տարեցտարի աճող տուրք է, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր տուն տարեկան առնվազն տալիս է արդեն մի մանեթ տուրք։ Մյուս փոփոխական և մասնավոր տուրքերը սրա հետ չեմ խառնում։ Իմ կարծիքով պետք է այդ սրբադրամի և պտղու հաշվով մի քանի կենտրոնական ուսումնարաններ բանալ, որ ժողովուրդն էլ տեսնի, թե իր տվածի մի մասը իր բարոյական զարգացման վերա է գործ դրվում։ Եթե այսպես արվի, ժողովուրդը կսկսի ջերմեռանդանալ, կսիրե իր հոգևոր իշխանությունը, նրան հարազատ հայր կճանաչե և կեռապատկե իր տուրքը․․․

— Այդ շատ լավ եք ասում, պարոն Միքայել. բայց մի՞թե չգիտեք, որ հոգևոր իշխանությունը այդպես էլ արել է, այսինքն ձեր ասած տուրքերի մի մասը ազգային հոգևոր դպրանոցին է հատկացրել։

— Ազգային հոգևոր դպրանո՜ց․․․ անունը մեծ՝ մեջը փուչ։ Ձեր քաղաքի այդ ուսումնարանը, որ ազգային հոգևոր դպրանոցի մեծ տիտղոսն ունի, ես լավ գիտեմ, որ նա ոչ միայն իմ ասած տուրքի մի մասն է տանում, այսինքն ամբողջ սրբադրամը, այլ տանում է նաև բոլոր ուխտատեղյաց արդյունքը, սեփականել է բոլոր վանքերի անհուն կալվածները, նա է ստանում ամբողջ վիճակի մոմավաճառության արդյունքը, պսակահասից մասն է ստանում, մետրիկական վկայականներից ստանում է, էլ չգիտեմ որ մեկն ասեմ։ Եվ թող տանե, թող դրա կրկնապատիկը, եռապատիկը տանե, խոսք չունիմ ասելու, բայց ոչ թե տանե կուլ տա, այլ մի արդյունք ցույց տա։ Մի՞թե այդ ահագին արտոնությունը վայելելու փոխարեն նա ոչ չնչին պարտականություն չունի՞։ Գիտեմ, պիտի ասեք ունի, և այդ այն է, որ նա պիտի վիճակին տա բարեկրթված քահանաներ, հմուտ ուսուցիչներ։ Ցույց տվեք այսօր, չեմ ասում բարեկրթված և ուսյալ, այլ ինչպես էլ որ լինի, մի հատ քահանա, կամ մի հատ ուսուցիչ, որ այդտեղից լինի դուրս եկած։ Ինչպես ասացի, քառասուն տարուց ավելի է, որ մենք գյուղացիքս այդ ուսումնարանին անընդհատ հարկ ենք տալիս և վերջ ի վերջո բանից դուրս է գալիս, որ մեր դառը քրտնքով աշխատած փողով ձեր քաղաքացիք մեզ ոչ թե քահանա կամ ուսուցիչ են տալիս, այլ ոսկի շարքեր են շինել տալիս և իրանց հարսների ճակատից կախում... Այդպես կարող են անել միայն անբարոյականության ամենավատթար աստիճանի մեջ գտնվող անսիրտ և անհոգի չարչիները։ Այդպես կարող են անել միայն Բրքիշոյի և Շմուելիի ցածուն արբանյակները։

Թեմական տեսուչը շատ լավ զգում էր, որ Միքայելի ասածներն ինչքան մաղձոտ՝ նույնքան և ճշմարիտ էին. Միքայելը, ինչպես կասեն, նրա սրտիցն էր ջուր խմում, բայց իբրև պաշտոնական անձն, իբրև հոգևոր վարչության պաշտոնյա, անհարմար էր համարում ցույց տալ, որ համակիր է նրա ասածներին, ուստի կամենալով վերջ տալ այդ խոսակցությանը, դարձավ դեպի տերտերը հետագա հարցումով․

— Մի՞թե ճշմարիտ է, որ ձեր գյուղացիք արդեն ստորագրություն են տվել, թե ցանկանում են... ուսումնարան ունենալ։

— Ես չգիտեմ, պարոն տեսուչ, ես էլ ձեզ պես լսել եմ, որ այդպես մի բան են արել, և մենակ մեր գյուղացիք չեն, որ համաձայնել են, բոլոր գյուղերից էլ ստորագրություն են հավաքել այս քանի օրս։ Բայց դուք ինչպե՞ս եք կարծում, մի՞թե դա վատ բան է...

— Այսինքն՝ «պա՞րտ է տալ զհարկ եթե ոչ»,— ավելացրեց Առստամը հեգնաբար, քահանայի հարցումից վրդովվելով։ Բայց թեմականը շուտ վրդովվող չէր, նա մի վայրկյան գլուխը քաշ գցեց և քթի տակ մռմռալով ասաց․

— Ես չասացի թե վատ բան է, բայց ինձ հարկավոր է իմանալ, որ էլ զուր տեղը սար ու ձոր չընկնիմ։ Ուսումնարանն ուսումնարան է, ով կուզի թող բաց անե, այդ մեզ համար միևնույն է․․․

— Իհարկե միևնույն է, տեր հայր,— խոսքը հաստատեց Առստամը։— «Պարտ է տալ զԿիրակոսին Կիրակոսի և զՄարկոսին Կիրակոսի»։ Այսպես չէ՞ տեր-հայր։

— Ավետարանումն այդպես չի ասված,— պատասխանեց տերտերը։

— Ինչպե՞ս չի ասված։ Ավետարանում չի՞ ասված միթե, որ եթե մեկը քո բաճկոնը խլե, շապիկդ էլ տուր նրան, որ կնշանակե՝ թե մեկը քո աղջիկդ խլե, պետք է կնիկդ էլ տաս նրան․․․

Առստամի այս խոսքը թնդացրեց տերտերին, երևի նրա ձգած քարը տերտերի ցաված տեղին դիպավ․․․

Տեսուչը տեսավ, որ սրանց վեճն ավելի պիտի թնդվի, վեր կացավ տեղիցը և հրամայեց իր ձիավորին, որ ձիանը դուրս քաշե։ Տերտերը շատ ստիպեց, որ մնա, բայց նա չհոժարեց, հեծավ ձին և երեսը շրջեց դեպի Իսրայելի մյուս գյուղերը... Միքայելը նրան գնաս բարով ասելիս՝ մի ծրար տվավ և ասաց, որ ճանապարհին բաց անի կարդ․․․
Դ
ԵՐԿՈՒ ՊԱՏՃԵՆ ԵՎ ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Մեր թեմական տեսուչը երբ որ գյուղիցը մի փոքր հեռացավ, հետաքրքրությունից շարժված բաց արավ Միքայելից ստացած ծրարը, և նրա մեջ գտավ երկու գրության պատճեն։ Առաջինի բովանդակությունը հետևյալն էր.

«Տեր֊Մաշառ,

«Թեմական տեսուչն այս օրերս գալու է ձեր գյուղը։ Դա մի շատ խռովարար և անհաշտ մարդ է։ Խորամանկությամբ հարց ու փորձ է անելու և մեր գործերի մասին տեղեկություն քաղելու։ Գյուղացիք բերանների կապը կտրած մարդիկ են, կսկսեն մեզ վերա գանգատվիլ, որ իբր թե մենք իրանց թալանում ենք, տեղի անտեղի կաշառք ենք առնում, պտղին թանկ ծախելով՝ էժան հաշիվ ենք տալիս, մենք չհասը փողով հաս ենք անում և հասը չհաս շինելով՝ դարձյալ փող ենք առնում, թե մենք սրբադրամի մեծ մասը գողանում ենք և ապառիկ ցույց տալիս... ես ինչ գիտեմ, ինչ ասես պիտի գլխներիցը դուրս տան։ Ահա այս ամենի համար առաջուց զգուշացնում եմ քեզ, որ այդ մարդը գա թե չէ՝ իսկույն տանես քո տունը, օրինավոր պատիվ տաս, չթողնես որ մենակ մնա ժողովրդի մոտ և նրանց բերնիցը խոսք դուրս քաշի, և այնպես կանես, որ դա այդտեղ ոչինչ չկարողանա անել և միևնույն ժամանակ չիմանա, որ մենք ենք արգելք եղել։ Իսկ ես կաշխատեմ հասկացնել ում հարկն է, որ մեր գլխիցն ազատեն այդ ցավը... Մեր Ձիապանյան հաջորդը ուզում է ինքը լինել թեմական տեսուչ և մի առիթ է փնտրում դրան հեռացնելու։ Սա շատ ուրախ կլինի, որ դու եթե մի որևիցե ակնարկություն լսես դրա բերնից ընդդեմ հոգևոր իշխանության, իսկույն իմաց տաս իրան։ Ուզում եմ ասել, վերջապես, որ մեր հաջորդը մի նոր եկած քաղցած ու ծարավ մարդ է, սա աչք ունի թեմական տեսչի ռոճիկի վերա, կարող ես ուրեմն հուսալ, որ սա կպաշտպանե քեզ ամենայն դեպքում, միայն թե այդ մարդուն ընդդեմ գործելու ամենայն ջանքով աշխատես...

«Անդամ կոնսիստորի և գործակատար քաղաքին Արշակավանա Տեր֊Ավդալ»։

Երկրորդ պատճենն ուներ հետևյալ բովանդակությունը․

«Մենք ի ներքո ստորագրյալ Հայկաշեն գյուղի հասարակությունս ուզենալով՝ որ մեր խոխեքը զհայերեն լավ սովորեն և մարդ դառնան, տվանք զայս ստորագրությունս աղա Նեբրոթբեկին Անտառապետյանին, առ այն զի որ մենք ամեն տարի ամեն տանից վեց շահի տանք և տուն քիրահենք, կամ տան քիրահն տարին երկու հարյուր մանեթ տանք, ևս ճրագլուսն էլ տանք, ևս փայտն էլ տանք, ևս ստարշի ուչիթելին օթախն էլ տանք․․․»։

(Ստորագրություն ամբողջ հասարակության).

Թեմական տեսուչը այս երկոքին պատճենները կարդալով այն զգաց, ինչ որ կզգա մի մարդ, երբ երկու կրակի մեջտեղ կգտնվի... «Ա՜յ ինչ կնշանակե արտաքին և ներքին թշնամի», մռմռաց նա ինքն իրան։ «Այդ ապուշ հաջորդը, եթե ինքն է ուզում թեմական վերատեսուչ լինի, թող լինի, էլ ինչո՞ւ է գայլի հորեր փորել տալիս իմ ճանապարհին, չէ՞ որ այդ հորերի մեջ ինքը կընկնի մի ժամանակ։ Տեր Ավդալի արարքը հասկանալի է՝ «Արջն իր ահիցը կգոռա»։ Այսպես մրթմրթալով քշում էր իր ձին թեմական տեսուչը, հանկարծ նրա դիմացն ելավ իր վաղածանոթ բարեկամներից մինը, որ միևնույն պաշտոնով, այսինքն ուսումնարաններ բանալու համար, իր թիկնապահի հետ պտտում էր միևնույն գյուղերում։ Բարև տվին, բարև առան և իրար քեֆ ու հալ հարցնելուց հետո՝ հետևյալ խոսակցությունը բացվեցավ նրանց մեջ։

— Նազար֊բեգ, ձիդ փոքր֊ինչ հեռու պահիր իմ ձիուցը, սա վատ բնություն ունի, համ կծող է, համ քացի տվող,— ասաց Գրիգորը։

— Շա՛տ լավ, ես քո ձիուցը կզգուշանամ, բայց դու, Գրիգոր, դու էլ ինձանից զգուշացիր։ Ո՛ր գյուղ որ ես մտնեմ, դու այնտեղ չերևաս, թե չէ ես էլ քեզ կծեծեմ։

— Գիտեմ, դու շատ հավատարիմ շուն ես, ում հացն ուտես, նրա դռանը կհաչես, բայց քո կաթնատամներդ իմ ոտքս չանգռելու չափ ուժ չունին, դու միայն կվնգստաս ժանգժանգ թուլի պես, բայց կծել կարող չես․․․

— Դու շատ սխալվում ես, սիրելիդ իմ Գրիգոր։ Ես ոչ միայն կծելու չափ ուժ ունիմ, այլ քեզ իմ օգտին հաչեցնելու իրավունք էլ ունիմ։

— Այդ ես չեմ հասկանում։

— Գիտեմ, որ չես հասկանում, եթե հասկանայիր, այդ պաշտոնը չէիր առնիլ վերադ։

— Խնդրեմ բացատրես։

— Շատ լավ, դե լսի՛ր։ Ահա միասին կերթանք առաջներիս գյուղը։ Ես, ինչպես որ ինձ հրամայված է պիտի հորդորեմ և թե ստիպեմ, որ ուսումնարան բանան։ Այդ արդեն որոշված է, վարժապետն էլ արդեն նշանակված է։ Դու իմ կշտին կլինիս, ինչ որ կասեմ, կլսես։ Բան է, եթե ես կարոտ եղա քո օգնությանը, պիտի դիմեմ քեզ, և դու իրավունք չունես ինձ չօգնելու։ Ուրեմն ինչ որ ես ասեմ, դու պիտի արձագանք տաս, պիտի ասես. «աղան լավ է հրամայում, ինչպես հրամայում է, այնպես արեք»։ Դու որ կաս, ուրեմն իմ պոչն ես, իմ կարկատանը։ Դու իբրև պոչ՝ կարող ես մերթ ծալվիլ և մերթ գալարվիլ, մի խոսքով ազատ շարժվելու իրավունք ունիս, բայց ազատվիլ, անջատվիլ, կտրվիլ ինձանից կարող չես, պետք է միշտ հետևիցս քաշ գաս, չես կարող առաջս ընկնիլ։ Եթե խրթին է ասածս, լավ սերտիր քեզ տված հրահանգը, և կտեսնես, որ այնտեղ ավելի կոկ և քաղաքավարի լեզվով է ասված, ինչ որ հիմի ես քեզ ասում եմ ընկերաբար։

— Ես կարդացել եմ և շատ լավ գիտեմ քո հիշած հրահանգի բովանդակությունը։ Այնտեղ ասված չէ, որ ես իրավունք չունիմ իմ սեփական ուսումնարաններն ունենալու։

— Ես չեմ ասում, թե իրավունք ամենևին չունիս, այլ թե այնքան ունիս, ինչքան ամեն մի աղքատ ունի... իր տիրոջ սեղանի փշրանքների վերա։ Չէ՛, ես տեսնում եմ, որ դու քո և իմ իրավունքների տարբերությունը լավ չես ուսումնասիրել, եթե լավ ուսումնասիրած լինեիր, կտեսնեիր, որ քո իրավունքր իմ իրավունքի զրոն է։ Ես մեկ, դու էլ զրո, ես կդառնամ տասը, իսկ դու կմնաս դարտակ զրո։ Դու իրավունք ունիս ամեն մի եկեղեցու մոտ մի ուսումնարան բանալ, ինչպես բոլոր մոլլաները իրավունք ունին իրանց մեչիդին կից մի մոնթարան ունենալ։ Այդ իրավունքը վայելում են բոլոր կրոնի հոգևորականները։ Բայց տե՛ս, ես ի՛նչ իրավունք ունիմ: Ես իրավունք ունիմ ամեն մի հասարակության մեջ ուսումնարան ունենալու։ Եկեղեցին քոնն է, իսկ հասարակությունը, ժողովուրդը՝ իմը։ Եկեղեցին առանց հասարակության զրո է, այս բանը Մսերյանի հավատապատումն էլ կասի քեզ։ Ես երբ որ հասարակության մեջ մի ուսումնարան եմ բաց անում, որի աշակերտները միավորներից են լինում բաղկացած, իսկույն քո զրոները գալիս են նրանց կպչում և ես ունենում եմ տասնավոր աշակերտներ, իսկ դու՝ ոչինչ։ Հասկանո՞ւմ ես, սիրելի ազգասեր, ի՞նչ եմ ասում։ Բայց այս դեռ ամենը չէ։ Ես իմ ձեռին ունիմ հարուստ գանձարան, կարող եմ նոր հարկ էլ դնել ամեն մի հասարակության վերա. իսկ դու ոչ մինն ունիս և ոչ մյուսը։ Քանի՞ կոպեկ կարող ես գոյացնել քո աջահամբույրներից, կամ ի՞նչ միջոց ունիս այդ կոպեկներն ազատել քո գիշատիչ ագռավների ձեռքից։

Թեմական տեսուչը գլուխը քաշ ձգեց, իբր արհամարհելով իր պաշտոնակցի ասածները, և սկսեց գայլի ու գառան առակը մրմնջալ քթի տակին։ Չգիտեր ի՞նչ պատասխան տա իր զորեղ հակառակորդին՝ ճարը կտրված մանկավարժական օրենքների պաշտպանությանը դիմեց, որ ցույց տա, թե այնուամենայնիվ արդարությունն իր կողմն էր։

— Հասարակությունը կարող է չհամակրել ձեր տված հակազգային կրթությանը, և ավելի լավ կհամարե իր ազգային ուսումնարանը պահել և ազգային կրթություն տալ իր որդոցը։

— Այդ հանգամանքի առաջքն առնելը հեշտ է։ Հասարակությունը կրթության մեջ զանազանություն անել եթե գիտե, այն ի վնաս ձեր է, ըստ որում մերն է գերադասում, իսկ եթե մինը նրանցից սկսե հակառակը պնդել, իսկույն կերևի, որ ուրիշի թելադրությամբն է դատողություն տալիս և մի քանի հարց որ փորձից հետո կխոստովանի, որ ինքն էլ չի իմանում, թե ինչ է ասում, այլ թեմական տեսուչն է սովորեցրել նրան։

— Ի սեր աստծո, թող քո այդ սպառնալիքը։ Մի՞թե գյուղացին չի իմանում, որ երեխան իր մայրենի լեզվով ավելի կհասկանա ինչ որ իրան ասում են, քան թե օտար լեզվով...

— Ո՛չ, գյուղացին այդ չգիտե։ Նա չի իմանում, որ բացի լեզվից, ուրիշ բան էլ են սովորեցնում ուսումնարանումը։ Նա ուրախ է, որ իր որդին մի օտար լեզու է սովորում, օտար լեզվով խոսում։ «Հայերենը գիտե ու գիտե, ասում է նա, ես ուզում եմ, որ մի ուրիշ լեզու էլ գիտենա, չունքի ասած է՝ մարդս քանի լեզու որ գիտե, այնքան մարդ է»։ Բայց եթե կլինին ճշմարիտ այնպիսի գյուղեր, որ կուզենան անշուշտ, որ իրանց որդիքը հայերեն էլ սովորեն, մենք կարող ենք «շաբաթվա մեջ մի դաս էլ հայերեն նշանակել...

— Բայց ձեր արածը մանկավարժության օրենքներին, բարոյակրթության հիմունքներին, ազգայնության սուրբ սկզբունքներին գլխովին հակառակ է...

— Ո՞վ է ասում այդ, ով հաստատեց, որ այդ ճշմարիտ է: Թող, ի սեր աստծո, այդ ցնորքը։ Եթե մարդիկ տարեցտարի փոխում են իրանց նիստ ու կացը, իրանց կերակուրն ու հագուստը, իրանց սրբազան համարած ծեսերն ու ադաթները, իրանց լեզուն ու կրոնը, էլ ի՞նչ ես ուզում, տեսնում ես, որ ամենայն ինչ փոխվում է և փոխվում է այնպես, ինչպես որ տիրող քաղաքական օրենքներն են պահանջում։ Այդ ո՞ր մանկավարժությունն է, որ հերքում է այդ աշկարա բանը, ո՞ր մանկավարժական օրենքներն են, որ քաղաքական օրենքների դեմ մրցելու չափ ուժ ունին, մեկ ասա տեսնեմ...

— Գիտես ի՞նչ կա, Նազար աղա, այդ բոլորը քեզ այդպես թվում է, ըստ որում գրքի մի երեսն ես կարդացել միայն և այն էլ լրիվ չես կարդացել։ Քաղաքական օրենքներից ավելի օրենքներ կան, դոքա ասվում են պատմական օրենքներ: Եթե դու բարոյակրթության կանոններն ու օրենքները խելացնոր բաներ ես համարում, այսուամենայնիվ չես կարող հերքել պատմական օրենքները, որոնք շատ խիստ են, շատ անաչառ։ Այդ արդարադատ և աստվածային օրենքների հիման վերա, միշտ խամ, միշտ թմրած չի մնալ մեր ժողովուրդը, կզարթնի նրա ինքնասիրությունը, ինքնապատվությունը, այդ կետին նրան կհասցնե ժամանակակից համաշխարհական անիվը հառաջ շարժող ազգայնության հոգին։ Այդ զորության ազդեցությամբ մենք արդեն մեր ձեռին ունինք գրականություն, լրագիր, ամսագիր և, թեև սակավաթիվ, ունինք ազգային ուսումնարաններ։ Եվ դու, որ հիմա մեր ժողովրդի վրա նայում ես իբրև անբան արարածների վրա, իբրև միայն ֆիզիկական օրենքների տակ նվաճված ֆիզիկական մարմնի վերա, շուտով կտեսնես, որ նա ոչ ծառ է, ոչ քար, և ոչ անասուն, այլ ունի հոգի, բանականություն և այդ ցույց կտա նա քեզպեսների ճակատների վերա դրոշմելով մի նոր խարան, խարան աղվեսադրոշմ, և եթե շամփրով կպսակե քեզպիսի մարդասերների դդում գլուխը...

— Հա՜... հա՜... հա՜... հա՜... ի՛նչ հանկարծ տաքացար, մեր տղա։ Մի՛ վշտանար, ես քեզանից պակաս հայ չեմ, իմ սիրտն Էլ է ցավում, բայց ինչ արած, ինչ որ ճշմարիտ է, նա ցնորք չէ... է՛հ, թողնենք այդ անախորժ խոսակցությունը, հիշենք մեր հին բարեկամությունը, երբ ոչ մի հասարակական հոգս մեզ չէր զբաղեցնում և իրար դեմ թշնամացնում։ Ահա մտնում ենք գյուղը, դու ո՞րտեղ պիտի իջնես...

— Իհարկե քեզ հետ չեմ իջնիլ ոչ մի տեղ... դու կերթաս քո քյոխվի մոտ, ես իմ տերտերի։ Ես առավոտը շուտով կհեռանամ, որ էլ քո սև երեսը չտեսնեմ: Ասած է՝ «Հայի տունը որ հայը չքանդե, աշխարհ վեր կենա, ոչինչ չի կարող անել»,— ասաց թեմական տեսուչը և իր ձին մտրակելով՝ բաժանվեցավ իր պաշտոնակցից։


Ե

ԱՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՋԵՐ

Առաջնորդանիստ Արշակավան քաղաքումը կային մասնավոր կոչված ուսումնարաններ՝ թվով քսանից ավելի։ Թեմական տեսուչն ուզեց իմանալ, թե ինչ ուսումնարաններ են դրանք և ինչ ուսում ու ինչպես է ավանդվում դրանցում։

Այդ ուսումնարանի անուն կրող բույները մին քան զմյուսը վատթար, նեղվածք, խոնավ և մթին որջեր էին, իսկ վարժապետները անկիրթ, հարբեցող, անբարոյական և գազանաբար մարդակերպ կենդանիներ։ Դրանք թեմական տեսչին ընդունում էին իբրև մի օտար մարդու, որ իրանց կարծիքով իրավունք չուներ մինչն անգամ մտնելու նրանց ուսումնարանը, և նրա հարց ու փորձից կամ փախս էին տալիս կամ սուտ պատասխանում նրա հարցումներին։ Դրանք ուսումնարան պահելու հրաման ունեին առած, բայց այդ հրամանի մեջ ասված էր, որ միայն քսանհինգ հոգի կարող են պահել: Ինքը հրաման տվողը բերանացի իրավունք էր տվել քսանհնգից ավելի պահելու, թե կուզի մինչե հարյուր, միայն դրա համար պետք էր նրան ճրագլուսով տեսնեին ն տարեկան հաշվի մեջ պիտի ցույց չտային այդ ավելին:

— Քանի՞ աշակերտ ունիս,— հարցնում է թեմական տեսուչը մի այդպիսի ուսումնարանի վարժապետից նույնիսկ ուսումնարանումը:

— Քսանըհինգ,— պատասխանում է վարժապետը:

— Ինչպե՞ս քսանըհինգ, այստեղ մոտ հարյուր աշակերտ կա, դեռ երևի մի քանիսն էլ բացակա կլինին:

— Իմ իսկական աշակերտների թիվը քսանհինգ է, մյուսներն այնպես են եկած, նրանք աշակերտներ չեն:

— Ո՞ւմ հրամանովն եք դուք այս ուսումնարանը պահում, կարելի՞ է տեսնել ձեր թուղթը:

— Մենք պարտական չենք ամեն մի անցորդի ցույց տալ մեր հրամանը:

— Բայց ես մի անցորդ չեմ, ես թեմական տեսուչ եմ, պիտի գիտենամ, թե այս ուսումնարանն ո՞ւմ իշխանության տակ է գտնվում:

— Մենք թեմական տեսուչ չենք ճանաչում. մեր տեսուչը Լազր Իվանիչն է:

— Մի՞թե Լազր Իվանիչը թույլ է տվել ձեզ, որ այս մութ, նեղվածք ու խոնավ տեղը այսքան երեխայք կուտակեք մեկմեկի վերա:

— Ով չի ուզում, կարող է չմնալ այստեղ, մենք հո բռնի չենք բերել:

— Ի՞նչ եք կարդացնում:

— Родное слово, арифметика, чистописание.

— Իսկ հայերե՞ն:

— Հայերեն, եթե ցանկացողներ կլինին՝ կսովորեցնեմ: Մի քանիսը կան, որ մի կանոն սաղմոս են կարդում:

Այսպիսի ուսումնարաններ պահող վարդապետների թվում կային և փոխասաց տիրացուներ և անգրագետ քահանաներ, որոնք մասնավոր ուսումնարաններ պահելու իրավունք էին ստացած, բայց ոչ հոգևոր իշխանությունից։ Այս հոգևորականները ետ չմնալով ծիսակատարությունից, օրվա մեծ մասը առանց հսկողության էին թողնում իրանց ուսումնարանները, և դրանցից հառաջ էր գալիս ամեն տեսակ զազրելի աղտեղություն, որից զուրկ չէին մյուս բոլոր ուսումնաբույներն ևս։

Թեմական տեսուչը այդ շենքերը «ապականության որջեր» անունով դրոշմեց և հարկավոր համարեց դրանց վրա դարձնել տեղական վարչության «խորին» ուշադրությունը։ Տեղական գավառապետը, բժշկապետը, քաղաքապետը, ուսուցչապետը և ուրիշ մի քանի պետեր խորհուրդ կազմեցին, խելք խելքի տվին և վերջ ի վերջո գտան, որ այդ ապականության որջերը շատ շահավետ հաստատություններ են։ Թե ինչ կետից նայած այդ շոշափելի սևը սպիտակի գույն առավ, դա մնաց նրանց կարծիքով իբրև մի դիվանական գաղտնիք։

— Ոչինչ չի հասկանում հայոց թեմական տեսուչը,— վճռեցին նրանք,— կամ երևի ուզում է յուր իշխանության տակն առնել...

Թեմական տեսուչը շատ լավ էր հասկանում, որ դրանք կոյուղիներ էին, որոնք թափվում էին ապականության մեծ գբի մեջ։ Եթե դրանք փակվեին, անմիջապես կցամաքեր որդնալից գուբը․․․


Զ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արշակավանումը կային և բարեգործական անուն կրող ուսումնարաններ։ Դրանցում հակակրթվում էին ապագա հայ սերնդի հայրերն ու մայրերը, թեմական տեսուչը այդ հիմնարկությունների ներքին գործերին միջամտելու իրավունք չուներ։ Բարեգործության բարի անդամները մի դյուրին հնարք էին գտել իրանց աղջկերանցն ու տղերանցը կարճ միջոցում այնպես հակակրթել և կերպարանափոխել, որ հայ աղջկա ու տղայի վերա ազգային ոչ մի հետք ու նշան չմնա։ Այդ գործը հանձնել էին չհայախոս վարժապետների ու վարժուհիների, որոնց գործած հրաշքները տարեկան հարցաքննության ժամանակ երևում էին։ Թե՛ տղայք և թե՛ աղջկերք այնպես մարզված ու ճարպիկացած էին լինում, որ վարժուհին կամ վարժապետը դեռևս իր հարցմունքը շարունակելիս՝ պատասխանն արդեն վերջացած էր լինում։

Օրինակ պատմությունից հարցաքննվում էին այսպես.

— Ինչպե՞ս էին անվան...

— Մեր նախնիքը անվանվում էին սլավյաններ,— պատասխանում էին Հայկա թոռնուհիքը։

— ...վում մեր նախնիքը,— հարցնում էին Րյուրիկի թոռները։

Այս նորագույն հարց ու պատասխանի գրի առնելը, ինչպես տեսնում ենք, նոր ձևով պետք է լինի, որովհետև հարցումն ու պատասխանը միասին են վազ տալիս ու պատասխանը միշտ կտրում էր հարցման առաջը։

— Ո՞րն է մեր հայ․․․

— Մեր հայրենիքը Լապլանդիան է։

— ...րենիքը։

Կրոնի հարցաքննությունը լինում էր այսպես․

— Գիտե՞ս ա․․․

— Այո՛, գիտեմ, անուն հոր և որդու և սրբո հոգույն․ ամեն,— պատասխանում է աշակերտը կամ աշակերտուհին ասածի ձևով խաչահանելով երեսը։

— ․․․նուն հորը.

— Քրիս․․․

— Քրիստոս ծնվել է դեկտեմբերի քսանհնգին։

— ․․․տոս ե՞րբ է ծնվել։

Ահա այսպիսի մի չտեսնված արագությամբ պատասխանում էին բոլոր մյուս առարկաներից էլ և ապուշ կթեցնում բարեգործության հաստափոր ու նիհարամիտ անդամներին։

Մեկ անգամ մի այսպիսի կատակերգության ժամանակ թեմական տեսուչը միջամտելու իրավունք խնդրեց ու ստացավ։ Նրա մի քանի հարցումներից երևաց, որ մարգարտի հատիկը սեղանի մեծություն ունի, որ օձը չորս ոտն ունի, և այլ այսպիսի բաներ, մին քան զմյուսը հրաշալի։ Ծիծաղելին ավելի այն էր, որ վարդապետներն ու վարժուհիները չէին իմանում, թե իրանց սաները ինչ նորանոր գյուտեր էին անում և ծիծաղում էին հանդիսատեսների հետ միասին, կարծելով՝ թե նրանք իրանց սաների տված սուր պատասխանների վրա էին խնդում։ Վարժապետների չիմանալու պատճառն այն էր, որ թեմական տեսուչը հայերեն էր անում իր հարց ու փորձը մարդավարի ոճով։ Ասում են՝ ժեմչուժնոյե զերնո, որ ասում եք, դա ի՞նչ բան է։ Եվ մանուկներն սկսում էին վայրիվերո բաներ ասել։ Նրանց հանդուգն ստախոսությունը անամոթության էր հասնում, ըստ որում այդպես էին մարզված խեղճերը, ամբոխին շլացնելու և նրանց աչքին թոզ փչելու հրահանգ էին ստացած իրանց հակակրթիչներից․ «չգիտեմ», «չեմ իմանում» ասել չունեին, ու դեռ ոչինչ չգիտեցած՝ արդեն ամենագետ էին։

Այդ ուսումնարանների մի անկյունում տեղ էր նշանակված և հայոց լեզվին, որ շաբաթը մի անգամ երևում էր շաբաթ օրերը, այն էլ երբեմն միայն։ Անմեղ և անմիտ երեխայոց աչքում իրանց մայրենի լեզուն ու կրոնը ծաղրելի կացուցանելու համար դրանից լավ հնար չէր կարող մտածել։ Քահանա ուսուցիչը մի ծաղրի առարկա էր այդտեղ ամենի համար։ Նրան անպատվում էին ամենքը, թե՛ հասկացողները և թե՛ չհասկացողները, տեսնելով, որ նա իր ազգի կրոնն ու լեզուն խոզերի ոտի տակն էր ձգում շատ էժան գնով։ Նա ամենայն անպատվություն սիրով կրում էր միայն նրա համար, որ իր ստացած ամսական մի քանի մանեթիցը չզրկվի։ Ուսումնարանի ուղղությունն այնպես էր, որ աշակերտներից ով ինչքան վատ էր սովորում իր մայրենի լեզուն, նա այնքան բարձր թվանշան էր ստանում իր չարած հառաջադիմության համար, իսկ եթե մեկը բնավ ոչինչ չէր սովորած լինում, ամենից լավ թվանշանը նա էր ստանում։ Հայ քահանան չէր խղճահարվում ոչինչ չգիտցող աշակերտին հառաջադիմության ամենաբարձր աստիճանի թվանշանով պատվելու, փոխանակ զրո գրելու։ Այս տեսակ ծառայություն մատուցելու հոժարակամ քահանաների թիվը շատ-շատ էր, դրանցից յուրաքանչյուրը մյուսի հացը կտրելու համար՝ հարկավոր տեղերում չէր ասում, որ եղած կրոնուսույցը շատ ծույլ, տգետ և իր պաշտոնին անհարմար մարդ է, շատ լավ իմանալով, որ դրանք են համարված լավ հատկություններ, այլ թե՝ «շատ ազգասեր է, կրոնի պատմության հետ խառնում է ազգային պատմությունը, սաստիկ կրոնամոլ է, կարծում է, թե իր ազգային կրոնից դուրս՝ հային փրկություն չկա, հայոց լեզուն ադամախոս է համարում, կարծում է թե աշխարհիս երեսին չկա մի այլ լեզու, որ հայոց լեզվի ճոխությունը ունենա, նրա չափ ճկուն, նրա չափ քաղցրահնչյուն լինի»։ Այս խոսքերը համարվում էին «մատնություն» և իրար հաց կտրելու ամենադյուրին հնար։

Ուսումնարանի տեսուչը հայերեն չիմանալով՝ հավատում էր այդ մատնություններին և կրոնուսույց քահանային յուր մոտ կանչելով՝ հանդիմանում, իսկ քահանան ինքն իրան արդարացնելու համար ահա թե ինչ էր պատասխանում․

— Պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, երդվում եմ իմ աստուծովս, իմ կարգովս, իմ որդոց արևովը, որ այդ բոլորը սուտ է, որ ես ամենևի՛ն, ամենևի՛ն... ազգասեր չեմ։ Չէ՞ որ ես կրոնի ուսուցիչ եմ, մի՞թե ես չգիտեմ, որ «չի՛ք խտիր ո՛չ հրեի և ո՛չ հեթանոսի, ոչ ծառայի և ոչ ազատի, զի մեք ամենեքին մի եմք ի Քրիստոս Հիսուս»։ Ընդհակառակն, պարոն դիրեկտոր, մի՞թե դուք չգիտեք, որ ես աշխատում եմ մեր մեջ եղած արհեստական միջնորմը խորտակել։ Քանի՜ անգամ աշակերտներն ինձ ասել են, թե «մեզ այսօր տոն է, ինչո՛ւ չեք արձակում», ես նրանց հասկացրել եմ, որ տոնը միևնույն է, տարվա ո՛ր օրը կուզի թող լինի․ շատ անգամ նրանք ինձ ասել են, թե՝ «ինչո՞ւ հայերեն շարադրություն չես անել տալիս մեզ», ես իրանց ասել եմ՝ «ժամանակներդ զուր մի՛ անց կացնեք, հայերենը ձեզ հաց չի տալու, աշխատեցեք հացատու լեզուն սովորել»։ Դուք արդեն գիտեք, որ տարվա մեջ ես ունիմ ընդամենը երեսունվեց դաս, դրանցից տասը՝ տոն օր է պատահում, մի տասն անգամ ես եմ բացակա գտնվում, մի քանի անգամ էլ իրանք աշակերտներն են փախչում, և այսպես վերջ ի վերջո ոչ կրոն է սովորվում, ոչ լեզու, մանավանդ որ դա մի պարտադիր առարկա չէ, չգիտենալու համար ոչ ոք չի մնալու իր առաջվան տեղը, ուրեմն ես, աստված մի՛ արասցե, եթե ուզենամ էլ, ինչպե՞ս կարող եմ նրանց մեջ կրոնի կամ լեզվի սեր ձգել։ Չէ՛, պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, որ իմ մասին ինչ որ ասել են, բոլորովին զրպարտություն է, իմ մեջ ազգասիրություն ասածդ ամենևին․․․ չկա։

— Եթե այդպես է, բա ինչո՞ւ համար սրբազան պատմությունը հայերեն եք սովորեցնում, քա՛նի անգամ պատվիրել եմ, որ այդպես չանեք։

— Պարոն դիրեկտոր, ես էլի այնպես եմ անում, ինչպես դուք եք հրամայել, ես միշտ թարգմանել եմ տալիս, բայց եթե բոլորովին դադարեցնեմ իրանց լեզվով ավանդելը, իմ մեծը կիմանա և ինձ կարտաքսե։ Եթե ուզում եք, այդ իրավունքը ձեռք բերեք, ես ուրախությամբ կկատարեմ։ Կարող եք ուրիշ կերպով էլ անել։ Ես այնպես դաս կտամ, ինչպես դուք եք ուզում, բայց երբ որ ինձ մատնեն, դուք պաշտոնապես հերքեցեք և ասացեք սուտ է, բոլորովին այդպես բան չի եղած։

— Շատ բարի։ Ես կարող եմ մինչև անգամ քննությամբ էլ հաստատել, որ ձեզ զրպարտել են, միայն դուք այնպես արեք, ինչպես ես պատվիրում եմ, եթե ոչ ես ձեր տեղ ուրիշին նշանակել կտամ, պատճառ բերելով՝ որ դուք լավ չեք սորվեցնում ձեր լեզուն ու կրոնը և ոչ մի արդյունք չեք ցույց տալիս։ Գիտե՞ք որ այդ բանն աշկարա է և ապացույցի կարոտ չէ։ Ժողովուրդն էլ կուրախանա, որ ձեզանից լավին եմ ընտրում ու իրանց մայրենի լեզվին ու կրոնին նշանակություն եմ տալիս։

— Իհարկե, պարոն դիրեկտոր, դուք ամեն ինչ կարող եք անել, մի՞թե այդքանը ես չգիտեմ։ Բայց աղաչում եմ ձեզ, պաղատում եմ, իմ բուկս մի՛ կտրեք, ես տուն ունիմ, երեխեք ունիմ, ես պատրաստ եմ ձեր հրամանից մի կետի չափ չշեղվել...

Մի քանի օրից հետո այս միևնույն քահանային հանդիպում է թեմական տեսուչը և ասում.

— Տե՛ր հայր, իմ ականջս է հասնում, որ դուք ձեր դասերին չեք գնում, ու ամիսը մեկ անգամ գնում եք ձեր դասերի տեղն ստորագրում, թե «պարապեցայ» և աշակերտների անվան դիմացն էլ ցուցակի մեջ թվանշաններ դնում, իբր դաս հարցրած...

— Այդ ո՞վ է ասում, այդ բոլորովին զրպարտություն է. կամենում եք մեր ինսպեկտորին հարցրեք, նա ձեզ կասե, որ այդ սուտ է։

— Գիտեմ, որ նա կասե, բայց ես նրա վկայությանը չեմ դիմիլ, այլ իմ ապացույցովս կդիմեմ ում հարկն է...

— Կարող եք դիմել, բան չունիմ ասելու, բայց երդվում եմ կարգովս, որ այդ զրպարտություն է։ Այդ բանը տեր Մրթուզը պիտի լինի ձեզ ասած, ըստ որում աչք է ձգել իմ պաշտոնի վրա։

— Դուք իզուր եք այդպես կարծում. այդ բանին ես ինքս անձամբ վերահասու եմ եղել։ Անցյալ օրը դուք մեռելի վրա էիք, ուսումնարան չէիք գնացել, բայց ցուցակումը գրված է, որ գնացել պարապել եք...

— Ի՞նչ ասեմ, ես քահանա մարդ, իմ խոսքին չեք հավատում, ցուցակին եք հավատում։

— Ո՛չ, ցուցակին էլ չեմ հավատում, գիտեմ որ այնտեղ սուտ է գրված։ Ես լսել եմ, որ դուք սրբազան պատմությունն էլ հայերեն չեք սորվեցնում։

— Այդ որ կատարյա՜լ զրպարտություն է. մեր տեսչին հարցրեք, եթե ինձ չեք հավատում։

— Տե՛ր հայր, ես ոչ ձեզ, ոչ ձեր տեսչի հետ վիճելու միտք չունիմ, ես միայն քեզ եմ զգուշացնում։ Եթե վաղը մյուս օրը պաշտոնիցդ զրկվիս, էլ ինձ չմեղադրե՛ս։

— Պարոն տեսուչ, ի սե՜ր աստծո, ինձ մի կտոր հացից մի զրկեք, ես խեղճ եմ։ Դե ես ի՞նչ անեմ, եղբայր, գլուխս ո՞ր քարովը տամ, մնացել եմ երկու կրակի մեջ այրվելիս, ինչպես կասեն՝ վերև եմ թքում երեսս է, ներքև եմ թքում՝ մորուքս է։ Ես ո՞ր ջուրն ընկնեմ, ես ի՞նչ անեմ, որ ինձ ստիպում են..․

— Մի՛ անիր, հրաժարվի՛ր...

— Միևնույն է, ես չանեմ, ուրիշը կանեե և գուցե ինձանից էլ վատ։

— Նրան էլ կհրաժարեցնեմ։

— Բայց դուք էլ երբևիցե կհրաժարվիք, պարոն տեսուչ։ Ձեր տեղ մի ուրիշը կգա և այդ բանին ուշադրություն չի դարձնիլ։ Կուժն ու կուլան հենց իմ գլխիս եք ուզում կոտրել։ Եթե զորություն ունիք, գործ դրեք ում վրա հարկավոր է, մեզանից ի՞նչ եք ուզում, մեր ձեռին ի՞նչ կա։ Ո՞վ է այնքան սուրբ, որ ծովն ընկնի ու չխեղդվի։ Համարենք թե ես հենց այնպես դաս տվի, ինչպես դուք եք հրամայում, բայց ես հո չե՞մ կարող շաբաթական մի դասը չորսը հինգ շինել։ Մի դասով ես ի՞նչ արդյունք կարող եմ ցույց տալ, շատ էլ որ ուզենամ։

— Ես այդ դասերի թվի մասին խոսելու եմ ձեր տեսչի հետ։ Դուք աշխատեցեք միայն ձեր աշակերտաց վրա փոքր-ինչ բարոյական ազդեցություն գործել, ինքնասիրության, ինքնապատվության զգացմունք զարթեցրեք նրանց մեջ, ազգայնության գաղափար տվեք, եթե ոչ՝ ձեր աշակերտները գլխովին հակակրթվում, զրկվում են բարոյական վսեմ զգացմունքից, կապկանում, ապշանում են և խորթ ու ապօրինի զավակներ են դառնում իրանց հայրենիքի, իրանց հասարակության համար և անշունչ արձաններ՝ իրանց ազգային գրականության համար, ըստ որում ոչ կարգին գրել գիտեն և ոչ մարդավարի կարդալ։ Բնական է, որ մարդ չսիրե այն, ինչ որ ինքը չունի, չհամակրե այն բանին, ինչ որ իրանը չի համարում։

— Պարոն տեսուչ, այդ շատ լավ եք հրամայում, ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի, բայց այդ բոլորը կախված է ուսումնարանի ծրագրից, նրա ուղղությունից, նպատակից։ Եթե ամբողջ ուսումնարանի շենքն ուրիշ կերպ է, ես ի՞նչ կարող եմ անել, որ նրա ձախ անկյան գայթակղության մի քարն եմ միայն։ Չէ՛ որ ձեր ասածն անկարելի է, սուտ ասել չեմ կարող։

— Լավ է ուրեմն, որ մեր կրոնն ու լեզուն այդտեղից իսպառ վերանան։ Կամ լինին այնպես՝ ինչպես պետք է, կամ բնավ չլինին, որպեսզի մեր ազգային միակ սրբությունը՝ ծաղրածության առարկա չդառնան։

— Այդ ուրիշ բան է, պարոն տեսուչ, այն ժամանակ ես էլ կասեմ, որ եթե ես իմ հացիցը զրկվեցա, գոնե ուրիշներն էլ չկերան...

1881