Թե ցավերիս ծեծկող քամին թուլանար․․․

Թե ցավերիս ծեծկող քամին թուլանար․․․

Շուշանիկ Կուրղինյան

Թե ցավերիս ծեծկող քամին թուլանար․․․


Թե ցավերիս ծեծկող քամին մեղմանար,
Օրս լքում ծաղկի նման չթոշներ․
Թե գեթ մի թույլ մխիթարանք ինձ հասներ,
Եվ մի անդորր իջներ կրծքիս ու մնար․․․

Թե կարիքը իր ոսկրալի մատներով
Լուծ չդներ հիվանդ, աներգ իմ հոգուն․
Ու չճնշեր ինձ միշտ այրի իրիկուն
Խորունկ, վշտի անարտասուք մորմոքով․․․

Արև, աստղեր, դուք էլ դև կամ հրեշտակ,
Դշխո երգիս անհաղթ գահին շուրջ-բոլոր
Կը չոքեիք դուք շարե շար, խեղճ մոլոր,
Ողջ էությամբ գրաստ-գերի ոտքիս տակ․․․


1910 թ․ 6 փետրվարի