Թղթակցություն (Գրիգոր Զոհրապ)

Թղթակցություն

1 8 8 7


ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իզմիր, 24 հունվար

Ի՞նչ կուզեք որ գրեմ ձեզ Զմյուռնիո վրա. ընդարձակ ծովածոցի մը եզերքը տարածյալ, նորաշեն բայց վատառողջ, երկրաչափական ճշտությամբ ու օրինոք հաստատված բայց բնական գեղեցկութենե զուրկ, հպարտ, վայրախոս, հարուստ, գործունյա ու աղմկալից քաղաք մը՝ ահավասիկ Փոքր Ասիո մեծանուն ու փարթամ նավահանգիստը։

Տարբեր ցեղերով, ազգերով, կրոնքով ու համոզումներով, գաղափարներով ու կրթությամբ բաժանյալ այս քաղքի բնակիչները կը միանան միայն իրենց անվանի քարափին տրված գովեստից մեջ։

Այդ քարափն՝ այս նավահանգստին գեղեցկագույն շինությունը՝ նվիրական է հոս. վաճառականն՝ հարաբերությունը կը կտրե քեզմե, դատավորը՝ քու դատդ չի քններ, բժիշկը կը մերժե զքեզ դարմանել... կը վախնամ որ մինչև անգամ պզտիկ դաշույնի հարված մը չստանաս՝ թե որ համարձակիս գեշ խոսելու անոր վրա. ի փոխարեն ամեն ինչ ներյալ է ադկից ի զատ. քննադատե՝ որչափ որ կուզես, աղաղակե՛ որչափ որ կրնաս, երգե՛ թե որ սիրտ ունիս կամ արտասվե եթե պետք կզգաս, ոչ ոք գլուխը պիտի դարձնե քեզ ճայելու համար, ինչպես կըսեն իզմիրցիք։ Հասարակաց կյանքը կանցնի ու կանցնի հուսահատական միօրինակությամբ այս քազինոներու քաղքին մեջ. գիշեր ու ցորեկ, առտու կամ իրիկուն, ամեն մարդ կը ժողվվի սրճարաններու մեջ, դրամի տերն ու մտքի տերը, սրտի տերն ու գրչի տերը, լեզվի տերն ու դաշույնի տերը զարմանալի մտերմությամբ կը հավաքվին հոս։

Զմյուռնիա հակապատկերներու քաղաքն է. ուղևորությանց ամենեն նոր և ամենեն հին միջոցները քովե քով կը տեսնես հանդարտաքայլ ու ծանրաբարո ուղտին մոտեն կը սրանա շոգեկառքն շնչահատ արծվի մը պես. հող լերան կողին վրա լռակյաց ավերակներ ու հոս նորաշեն քաղաքը զվարթ ու ոգեվոր. այս կողմն օսմանցին լուրջ ու խոժոռ, այդ կողմն օտարականն անհանդարտ ու տենդավար. միևնույն շրջանակի մեջ ազգասերն ու օտարամուն, հայ լեզուն սիրողն ու (ափսոս) հայ լեզուն խոսելե ամչցողն, առաջնորդ մը որո համբավը զաշխարհ կը թնդացնե ու անդին հալածական գրագետ ու լրագրապետ մը ցավոց ու տառապանաց մահճին վրա մոռցված, վերջապես մեկ կողմն Արևելյան Մամուլն հզոր պաշտպաններու կռթնած ու անոր մոտ խորտակված գրիչ մը ու խեղդված ձայն մը... Արշալույսը։

Իզմիրի ազգային վարժարանները փառահեղ շենքեր են ու նոր է ամեն բան ադոնց մեջ. սրահներն ու սենյակները, տախտակներն ու սեղանները, գավիթն ու սանդուխը, նոր են նաև անշուշտ աշակերտներն ու վարժապետները, վասնզի այս մեծապանծ շենքերու մեջ համեստ ու խոնարհ նախակրթարան մը միայն գտա։ Իրենց կրթական վիճակեն ավելի դրսի տեսքովնին կը փայլին այս վարժարանը, ապաքեն արտաքին տեսքի հոգածությունն իզմիրցվոց հիմնական հանգամանքն է։

Այս տեղ ազգային ոգին ամեն ոգիներու պես անտեսանելի ու աներևույթ է։ Կա՞ սերունդ մը, ազգ մը, որո զավակներն են այստեղի հայերը, կա՞ աշխարհիս վրա հողի մեկ անկյուն մը, ուր իրենց եղբայրները կապրին և ուր իրենց նախահարք ապրած են ատենով, ասոնք այն տեսակ հարցումներ են որ իզմիրցի հայոց մտքեն անգամ թերևս չանցնին։

Ապահով՝ իրենց հարուստ կացության մեջ, անդորր՝ իրենց ներկային ու ապագային վրա, իզմիրցի հայոց բոլոր ջանքն ու խնամքն իրենց քաղքին, իրենց եկեղեցվույն, իրենց դպրոցին, իրենց քազինոյին հատկացած է։

Հայոց Միացյալ Ընկերության մատուցված դույզն օգնությունն իզմիրցվոց դաստիարակության հատկացյալ գումարեն գողցված ստակ մ՛է միայն այս տեղի մարդոց աչքին։

Եվ ինչե՜ր չեն կրնար ընել այս տեղի հայերը լուսավորության գործին մեջ։

Ա՜հ, թե որ ազդու ձայն մը բարձրանար, ոչ թե անեծք կամ նախատինք տեղալու այս կամ այն լրագրին, այլ կոչում մընելու այս ազգայնոց սրտին, թե որ ջանադիր ըլլար ոք հիշեցնելու այս հայերուն այն նվիրական կապերն որ հեռավոր հայրենյաց մը հետ ըլլալուն համար առավել ևս զորավոր ըլլալ պետք են, քանի՜ քանի՜ վարժարաններ մեկեն պիտի կանգնվեին մեր բազմակարոտ երկրին մեջ. վասնզի իզմիրցի հայերը բարի անձինք են, և եթե ազգասիրության կրակը չի վառիր բայց բոլորովին ալ մարած չէ ու միայն բարեպաշտ ձեռք մը պետք է մեկդի ընելու զայն ծածկող մոխիրը և ո՜ւր է այդ օրհնյալ ձեռքը։