Թյուրիմացության մութի մեջ
կրկենի արավ (բաղարջ), գցեց կրակը։ Կրակի չորս կողմը կտրած նստել ենք, սպասում ենք կրկենուն, մին էլ տեսնենք քյոխվեն մի զինվոր բերեց, թե գիշերը պետք է պահեք։ Ինչ ասել կուզի, շատ սիրով ընդունեցինք, շոր գցեցինք տակը, կրակի մի կողմն էլ նա նստեց։ Դե լեզու չգիտենք, բան չգիտենք։ Հիմի հերս չիբուխ է քաշում, մերոնք էլ զրուց են անում, թե ինչպես ռուսն եկավ մեր երկիրը խաղաղություն գցեց, ու օրհնում են ռուսին, ռուս սալդաթին…
Հենց էս ժամանակը սալդաթը տեղիցը վեր կացավ, էն կողմից կասկարենքը վեր կալավ բերեց, որ գցի կրակին, թաղած կրկենու վրա։
Ախպերս վրա թռավ կասկարենքը էն կողմը հրեց, աղաղակելով.
― Բրա՛տ, կրկենի՜, կրկենի՜․․․
Զինվորն, իհարկե, բան չհասկացավ, նեղացավ, մի քանի խոսք փնթփնթաց. էն էլ մենք չհասկացանք, ու կրկին կասկարենքը բերեց դեպի կրակը։ Ախպերս դարձյալ հրեց դենը։ Նա քանի բերեց կրակին, սա հրեց դենը, և սրանց մեջ սկսվեց մի լուռ կռիվ։ Հասավ էնտեղ, որ բռնեցին ու սկսեցին իրար քաշքշել։ Բայց էդ միջոցին կարող էր կրկենին այրվել, ու մենք հանեցինք մոխրի տակից։ Զինվորն էս որ տեսավ, «ա՜…» բացականչեց ու հանգստացավ, ախպորս օձիքը թողեց, իր տեղը նստեց։ Նորից կրակն իրար արինք, նա էլ իր «կատյոլը» դրեց վրեն, մենք էլ, ինչով կարող էինք պատվեցինք։ Թյուրիմացությունը դուրս եկավ մոխրի տակից, կռիվը վերջացավ սիրով, ու սիրով էլ առավոտը բաժանվեցինք, օրհնանքով ճանապարհ դրինք դեպի կռվի դաշտը։
Այժմ ամեն անգամ երբ խոսք է լինում մեր «սեպարատիզմի» մասին ու քաշքշում են մեզ զանազան լրագիրներում, հրապարակներում, կամ ամեն անգամ երբ ժողովուրդները, կամ ավելի ճիշտը, ժողովուրդների անունով խոսողները իրար օձիք են բռնում ու ատելությունը բորբոքում մարդկանց սրտերում― միտս է գալի էս կրկենու պատմությունը ու մտածում եմ. անկարելի բան է, որ էս մարդիկը էսքան վատ ու չար լինին, անշուշտ սրանք ինչ որ ասում են, էնպես էլ կարծում են և թյուրիմացության մեջ են։ Մանավանդ հաճախ պարզ տեսնում եք, որ, հիրավի, վատ մարդ չի իսկի։
Իհարկե գոյություն ունին տարաձայնության և՜ իրական պատճառներ, բայց երբ մոտիկ ծանոթանում եք գործերին ու հանգամանքների խորն եք նայում, ափաշկարա տեսնում եք, որ դժբախտության գլխավոր պատճառը թյուրիմացությունն է, իրար չճանաչելն ու իրար չհասկանալն է։
Թյուրիմացությունը, անգիտությունը, անծանոթությունը մի մութը դրություն է, իսկ ամեն չար բան մութիցն է ծնում։ Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահռելի երևույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծնունդ են առնում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ։ Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժողովուրդների ճակատագրի հետ։
Նորանցյալ թուրք-հայկական ընդհարումները հոյակապ դաս ու օրինակ են մասսայական էս հիվանդ հոգեբանության։ Երկար տարիների խեթ֊խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժողովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու՝ զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ի՞նչպես եղավ և ո՞րտեղից էր։
Եվ ինչպես երեխաները՝ ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել, որովհետև ինքնաքննադատության ուժն ու ճշմարտությունն ասելու գիտակցությունը չունին, էնպես էլ ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ գտնում են մի շեյթան… Ա՜, շեյթանն էր, թե չէ ի՞նչպես կարելի էր, որ իրենցից էդպես բան դուրս գար… Խաբում են իրենց, հանգստացնում են իրենց վրդովված խղճմտանքը ու գնում են դեպի նոր ընդհարումներ։
Ինչո՞ւ։
Որովհետև գնում են նույն հին ճանապարհով, նույն հին ձևի պայքարներով, նույն հին երգերով թե դումայի մեջ, թե մամուլի էջերում, թե զեմստվոյի շուրջը, թե ուսանողական շրջանում… միշտ ատելություն բորբոքելով ու հետզհետե գրավելով ավելի մեծ բազմություններ ու ավելի մեծ տարածություններ։ Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ մեծ մասով էդ բոլորն առաջանում են իրար լավ չճանաչելուց, իրար չհասկանալուց, թյուրիմացությունից։
Ո՛վ թյուրիմացության դժոխային մութը, որի մեջ մարդիկ միշտ իրար աչքի հրեշներ են երևում, որի խավարչտին արգանդում լուռ, թաքուն հղանում ու հասունանում են աղետները…
Միտս եկան դարձյալ թուրք-հայկական ընդհարումները և մի երջանիկ դեպք։
Էդ ժամանակ լոռեցիները մի ընդհանուր որոշում էին արել՝ ինչ ուզում է լինի, իրենց շրջանում պահպանել խաղաղությունը։ Եվ որովհետև տեղի թե վարչական, թե զինվորական մարդիկ էլ շատ սիրով վերաբերվեցին ու ամեն կերպ նպաստեցին, հնարավոր եղավ վերականգնել խանգարված խաղաղությունը և ստեղծել մի եղբայրական կապ հարևան ժողովուրդների մեջ։ Մոտեցան, բացվեցին, և մի օր էլ, երբ հավաքված էին մի տեղ զանազան ազգության մարդիկ ու սրտաբաց խոսում էին իրար հետ, վեր կացավ մի պատկառելի ռուս մարդ ու էսպես խոսեց.
— Պարոննե՛ր, հայեր ու թուրքեր, էսօր, երբ ամեն բան պարզ է ամենքիս համար, ես ներողություն եմ խնդրում ձեզանից էն կասկածի համար, որ տարել եմ թե մեկիդ և թե մյուսիդ վրա, ենթադրելով, թե ձեր մեջ մի բան կա Ռուսաստանի դեմ… Թուրքերն էլ հայտնեցին, թե ընդհակառակը, իրենք էին կարծում, թե ռուսները միացած էին հայերի հետ ու նրանց օգնում էին իրենց― մահմեդականների դեմ։ Իսկ հայերը պատմեցին, թե իրենք կասկածում էին, որ ռուսների համակրությունը թուրքերի հետ է իրենց դեմ։