ԹՇՎԱՌԻՆ

Ո՞վ ես դու, եղբա՛յր,— քեզ չեմ ճանաչում,
Բայց քո սրտամաշ լացը տեսնելիս,
Ե՛վ ես վշտացած արցունք եմ թափում.
Հուզվում է սիրտս, տանջվում է հոգիս։

Մի՛շտ տխուր, տրտում, մի՛շտ լուռ, միայնակ —
Դու չես մասնակցում կյանքի խնջույքին.
Չկա՜ն քեզ համար ո՛չ սեր, ո՛չ բերկրանք,
Լացն ու տանջանքն է միայն քո բաժին։

Թափառում ես դու խուլ փողոցներում,
Փախչում, ծածկվում ես մարդկանց հայացքից
Կարծես մարդկանցում էլ չես հավատում
Գտնել անկեղծ սիրտ վշտիդ կարեկից։

Կարծես քո աչքին բովանդակ աշխարհ
Սառցապատ ծով է անկարեկցության.
Եվ քո արցունքը — աշխարհիս համար
Անսպառ աղբյուր վայրագ խնդության։

Օ՜, ո՛չ, հավատա՛, եղբա՛յր իմ թշվառ,
Դու հոգուս անկեղծ, խորին զգացման,
Հավատա, որ քո տանջանքի համար
Շա՜տերն են անկեղծ տանջվում ինձ նման…
[1890 թ.]