ԹՈՄ

1

Թոմը մեզ մոտ եկավ Միացյալ Նահանգների հարավային քաղաքներից:Նա լսել էր, որ հյուսիսում մարդիկ ավելի սառն են, բայց ավելի բարյացակամ դեպի «գունավոր» մարդիկ:

Հյուսիսում առաջին օրն իսկ նա ընկավ մեր միջավայր։ Մենք օտարականներ էինք, մեր մեջ չէր վառվում դեպի սևամորթներն ամերիկյան սպիտակների ատելության հուրը:

Մենք Թոմին ընդունեցինք եղբայրաբար։ Նա ծառայող դարձավ արևելյան գորգի մեր վաճառատան մեջ, ուր մենք էլ ծառայողներ և բանվորներ էինք։ Երբ առաջին օրը Թոմին հարցրինք հարավից հազար ու մի նեղություններով դեպի հյուսիս փախչելու պատճառները, նա չասաց։ Թոմը դեռևս կասկածում էր մեր մասին: Նա կարծում էր, որ արևելցի սպիտակամորթներն էլ կունենան որոշ նախապաշարումներ դեպի նեգրը:

Սկզբում մենք հեգնությսւմբ վերաբերվեցինք Թոմի կասկածներին։ Թողեցինք, որ մեր ներքին զգացումների դեմքը, և Թոմն իսկապես մեզ ընդունի իբրևիր եղբայրները։

Մի օր ես նրան ասացի.

— Թո՜մ, լավ լսիր, մի՞թե դու կարծում ես, որ ես և դու տարբեր ենք իրարից։

— Այո, կարծում եմ,— պատասխանեց Թոմը։

— Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություն կա։

Թոմը ծիծաղեց։ Նա կարծեց, որ ես նրան ձեռք եմ առնում Նրա ծիծաղի ներքին իմաստն այդ էր: — Ասա, ինչո՞ւ:

— Պարզ է, դու սպիտակ ես, ես՝ սև։

Այս անգամ ես ծիծաղեցի:

— ՉԷ՞ որ ես և դու միևնույն աշխատանքն ենք կատարում այս գորգի վաճառատան մեջ, չէ՞ որ միևնույն փոշին ենք կուլ տալիս, միևնույն ծանրությամբ գորգեր ենք շալակում, միևնույն մութ նկուղում գորգ ենք լվանում և միևնույն ռոճիկն ենք ստանում։ Աշխատանքից ստացած վարձատրությունն է, որ մեզ դարձնում է միևնույն դասակարգի մարդը. իմ սպիտակ մորթին ինձ ոչ մի առավելություն չի տալիս։ Թոմի աչքերը փայլատակեցին։ Նա զգաց, որ չէր կարող խուսափել իմ խոսքերից, բայց պատասխանեց.

— Հարավում այդպես չէ, հարավում սպիտակ գույնը մարդուն դարձնում է ազնվական, առանձնաշնորհյալ, սպիտակ գույնը մինչև անգամ մարդուն խելոք է դարձնում:

— Ճիշտ է, հարավում այդպես է, բայց հարավի այն սպիտակները, որոնք աշխատում են ուրիշների համար, պիտի գիտակցեն մի օր։

Թոմը կամաց-կամաց խորագույն վստահությամբ լցվեց դեպի ինձ և իմ ընկերները։ Մենք նրան հաճախ տանում էինք դասախոսությունների։ Որովհետև նա միշտ մերժում էր գալ մեզ հետ սպիտակների թատրոնը, մենք էինք գնում նեգրերի թատրոնն իր հետ:

— Թո՛մ,— մի օր դիմեցի նրան,— դու մեզ չպատմեցիր, թե ինչո՞ւ հարավից փախար դեպի հյուսիս։

— Այժմ կպատմեմ,— ասաց Թոմը և հայտնեց, որ նա հարավից փախել էր Լինչի դատաստանից խուսափելու համար: Հարավցի սպիտակամորթներն ամբաստանել էին նրան, որ սիրահարվել է սպիտակ աղջկա վրա։ Հարավցի սպիտակամորթները որոշել էին նրան Լինչի դատաստանին ենթարկել։

— Դու սիրո՞ւմ էիր սպիտակամորթ աղջկան,— հարցրի Թոմին:

— Այո, սիրում էի, բայց ես այդ աղջկա հետ չէի խոսել անգամ, միայն ամեն օր կանգնում էի փողոցի վերևը, որպեսզի, երբ աղջիկն անցնի, տեսնեմ։ Այս էր իմ բոլոր սերը, սպիտակամորթները նշմարել էին և որոշել էին ինձ հոշոտել: Ուրախ եմ, որ եկա հյուսիս, հանդիպեցի ձեզ,— վերջացրեց Թոմը։

— Ինչո՞ւ մեզ այնքան հավանում ես,— հարցրի:

— Չգիտեմ, կարծես դուք էլ սև եք, կամ կարծես ձեր մեջ ես էլ եմ սպիտակ։

— Այո, մենք կա՜մ սև ենք, կամ սպիտակ բոլորս միասին, մենք սոցիալական միևնույն շերտն ենք կազմում, մարդկանց մեջ տարբերության դնողը մորթը չէ, այլ...

— Ես ձեզ հասկանում եմ,— պատասխանեց Թոմը և չթողեց, որ շարունակեմ։

Բայց Թոմի մեջ կար մի միտք, որ արմատացած էր մինչև նրա հոգու խորքը: Նա միշտ կրկնում էր.

— Քո բոլոր ասածները ճիշտ են, բայց մի բան շատ սխալ է։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ ասում ես, թե մարդասիրություն չկա, ամեն բան տնտեսական երևույթների արդյունք է, բայց կա մարդասիրություն, մարդասիրությունը տնտեսական երևույթների հետ կապ չունի։

Ես հեգնորեն ծիծաղեցի:

Թոմը զայրացավ։ Իմ բերած բոլոր օրինակների դեմ նա հանդիսավոր կերպով հայտարարեց.

— Ապա Լի՞նքըլնը, մի՞թե Լինքըլնը մարդասեր չէր։

— Դու մատնանշեցիր մի անուն, որով կարելի է պարզաբանել ամեն բան։

Թոմը քիչ մնաց իրեն կորցներ — Լինքըլն և ոչ—մարդասեր — որևէ սևամորթ կարող էր խելագարվել:

Ես նրան անմիջապես հանգստացրի.

— Լինքըլնը մեծ մարդ է, և ամբողջ մարդկությունը երախտագիտությամբ պետք է հիշի նրա անունը, բայց տրամաբանությունդ չպետք է կորցնես, որպեսզի ամեն ինչ հասկանաս։

Ես Թոմին տվի մի փոքրիկ բրոշյուր և խնդրեցի նրան ուշի—ուշով կարդալ այն և հետո լսել ինձ:

— Շատ լավ, կկարդամ։

Այդ գիրքը թվարկում էր Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմի պատճառները։ Երբ Թոմը գիրքը վերջացրեց և ետ բերեց, ես ասացի նրան.

— Տեսնո՞ւմ ես, Լինքըլնը մեծ մարդ լինելուց չի դադարում, բայց սևերի ազատագրության պատճառն երբ տնտեսական են, սևերը տնտեսական պատճառներով են ազատագրվել և ոչ թե մարդասիրական պատճառներով։

— ճիշտ է, ճիշտ է,— պատասխանեց Թոմը։

2

Թոմը կամաց–կամաց խորացավ սոցիալական գիտությունների մեջ. նրա համար, ամենից առաջ, պարզ եղան դասակարգերը և դասակարգային կռվի էությունը։

Բայց Թոմն իր սոցիալական գիտությունների ամբողջ պաշարը գործադրում էր մի բանի հաստատման.

— Ուրեմն ինչո՞ւ ես իրավունք չունենամ սիրելու մի սպիտակ և աղքատ աղջկա։

— Իհարկե իրավունք ունես,— ես հայտարարում էի անկեղծորեն:

- Ապա ինչո՞ւ, ինչո՞ւ...— Թոմը չէր կարող շարունակել, հուզվում էր և լաց լինում։ Արցունքի կաթիլները գլորվում էին նրա սև և փայլուն այտերի վրայից:

- Նա սիրո՞ւմ էր քեզ։

- Ի՞նչ իմանամ, ես նրա հետ չեմ խոսել, ես նրան միայն տեսնում էի։

Տիրում էր լռություն։

- Ես խղճում էի այս երիտասարդ սևամորթին, որի սիրտը տոչորվում էր սիրուց՝ ինչպես անապատի անջուր բույսը։

- Գիտե՞ս,— ասում էր Թոմը,— նրա մարմինն այնպես սպիտակ էր, կարծես հաց լիներ։ Մի անգամ, երբ նա ունիվերսալ խանութում գնումներ էր անում, ես մոտեցա նրան, այնքան մոտ էի ես նրան, այնքան մոտ, որ հոգիս ճնճղուկի պես թռչկոտում էր։ Նրա մարմնի բուրումը նման էր լողացած մանկան մարմնի բուրումին։ Նա մի անգամ ինձ նայեց, ես կորսվեցի նրա աչքերի օվկիանում:

- Թո՛մ,– ասացի նրան,— մոռացիր այդ բոլորը։ — Եթե իրականություն չիներ, կարող էի մոռանալ, բայց այդ բոլորը երազ է, և չեմ կարող մոռանալ. երազն ավելի է հզոր, քան իրականությունը։

3

Հյուսիսում Թոմը հետզհետե ձեռք բերեց արժանապատվության զգացում։ Հարավում նրա ամբողջ սոցիալական պահանջն է եղել այն, որ մարդիկ ֆիզիկական ցավ չպատճառեն իրեն, մնացած բոլոր ցավերը, վիրավորանքները արժեքից զուրկ են եղել։

— Բավական էր, որ չծեծեին և կախ չտային ծառից,– ասում էր Թոմը,— մնացած բոլոր հայհոյանքներն ի՞նչ արժեին...

Բայց Թոմը հետզհետե զգաց, որ մարդկային իրավունքն ավելի անսահման էր, քան ինքը և իր ցեղը հարավում հավատացել էին։

Թոմը կառուցեց արժանապատվության խոր զգացում, այդ խնդրում նա ավելի զգայուն դարձավ, քան մենք՝ սպիտակամորթներս։ Թոմն սկսեց ապրել հզոր, բոցավառ մի ռեակցիա. ամենափոքրիկ անոթագրություն դեպի իր անձը նրան լցնում էր ցասումով, գազանացած փայլփլում էին նրա աչքերը։ Նա չափազանց զգույշ էր նաև այն բանից, որ չլինի թե մի որևէ փոքրիկ առիթ տա ուրիշին իրեն վիրավորելու, որովհետև՝

— Տեղնուտեղը կտոր-կտոր կանեմ,– ասում էր նա։

Ես հրճվանքով դիտում էի, որ Թոմը կորցնում էր իր ցեղային ստրկության ավանդական սպիները։

Թոմը միաժամանակ չափազանց հարգալից էր դեպի իր ընկերակիցները, որովհետև նա համոզվեց, որ իրենց փրկությունը պիտի լիներ սոցիալական հողի վրա։

Թոմը նախ և առաջ թողեց սևերին հատուկ պարգևներ ստանալու սովորությունը։

4

Մի օր, երբ գորգի վաճառատան սպիտակամորթ գանձապահը Թոմին ռոճիկ էր տալիս, 5 սենտի մանր չլինելու պատճառով, գանձապահն ասաց.

— Այդ 5 սենտը քեզ։

Թոմի աչքերը փայլատակեցին, նա նայեց գանձապահի աչքերին և ատամներով կծեց շրթունքները։

Գանձապահը ոչինչ չհասկացավ։

— Քեզ թող լինի, մեծ փող չէ։

Մեծ փող չէր, բայց նեգրին 5 սենտ տալու սպիտակամորթ գանձապահի բավականությունը կտրատում էր նեգրին էլեկտրական հոսանքի նման։

— Ոչ մի սենտ չեմ ընդունի իբրև պարգև,— ասաց Թոմը և լռեց։

Այդ լռության մեջ զայրացած մի գազան էր շղթայված։

Ես անմիջապես գրպանիցս հանեցի 5 սենտ և տվի Թոմին։

— Տուր գանձապահին,— ասացի,— դու հետո ինձ կտաս:

Թոմը 5 սենտը հանձնեց գանձապահին և հեռացավ:

Գանձապահը, որ գորգավաճառի լակեյն էր, սուր-սուր նայեց ինձ և գոռաց.

— Կամաց-կամաց լրացնում եք այդ կեղտոտ նեգրերին:

— Իհարկե, քեզ դուր չի գա, որ մարդիկ արժանապատվություն ունենան։

— Արժանապատվությունս ո՞րն է, ավելի 5 սենտը ա՞չք կծակի։

— Այո, կծակի, ավելի լավ է դու մտածես, թե ինչպես պետք է անել, որ բոլորս էլ ստանանք այն, ինչ արտադրում ենք, և ոչ թե 5 սենտ ավելի տաս իբրև ողորմություն։

Տիրեց լռություն: Ես զգացի, որ գանձապահի համար շատ հարց էի հարուցել։ Նա մեքենայի վրա սկսեց գումարներ անել, իսկ ես դուրս եկա փողոց:

Լույսերը վառվում էին երկար, լայն, հարուստ և ցոփակյաց փողոցում։ Ես մի սյունի տակ կանգնած՝ միտք էի անում, երբ մի աղջիկ մոտեցավ ինձ, ժպտաց և կանգնեց։ Նայեցի նրա աչքերին և հասկացա նրան։ — Ժամանակ չունեմ,— ասացի։

— Տրտմությունը լավ բան չէ,— պատասխանեց աղջիկը:

Երեսս շուռ տվի։ Նա հայհոյեց և կորսվեց ցոփակյաց փողոցում։

Դեռևս երկու քայլ չէի արել, երբ Թոմը դեմս ցցվեց։

— Բերի քո 5 սենտը,— ասաց։

Փողն առնելուց հետո՝ առաջարկեցի Թոմին գնալ և գարեջուր խմել։

— Գնանք,— համաձայնեց Թոմը։

Մենք մտանք մոտակա գինետունը։

— Երկու գարեջուր,— ասացի մատուցողին:

Մատուցողը բերեց միայն մի բաժակ գարեջուր և դրեց իմ առաջը։

— Ես երկու բաժակ խնդրեցի,— ասացի մատուցողին։

— Մենք սևամորթին չենք ծառայի,— պատասխանեց մատուցողը և հեռացավ։

Թոմը ժամանակ չտվեց ինձ, որ մի բան անեի, անմիջապես աճապարեց մատուցողի ետևից։

— Պարոն,— ասաց Թոմը,— դուք ինձ անպատվեցիք։

— Հենց ուզում էի անպատվել,— պատասխանեց մատուցողն ամենացինիկ տոնով:

— Համեցեք փողոց,– առաջարկեց Թոմը։

Այլևս ուշ էր միջամտել Թոմի աչքերը փայլում էին՝ ինչպես մութի միջից լուսարձակին նայող գազանի աչքերը։

— Ես քեզ հետ չեմ զիջանի կռվել,— պատասխանեց մատուցողը և սկսեց գոռալ «օգնություն»։ Գինետան սպիտակամորթները հավաքվեցին։ Թոմը բոլորին բացատրեց, թե ինչ է պատահել: Սպիտակները լռեցին։ Ոչ ոք չարտահայտվեց։ Ներսից եկավ գինետան տերը և հրամայեց Թոմին դուրս գալ գինետնից։ Թոմը մերժեց դուրս գալ և էլի առաջարկեց մատուցողին փողոց գալ մենամարտելու։ Գինետան տերը հայհոյեց Թոմին։ Թոմը արձակեց իր զայրույթի շղթաները և դուրս քաշեց գրպանից իր ածելին։ Երբ Թոմն ածելին դուրս քաշեց, սպիտակները բոլորն էլ քաշվեցին։ Թոմը կանգնած էր գինետան մեջտեղը, փայլատակում էին երկու բան՝ նրա զայրացած աչքերը և ածելին։ Մատուցողը փորձեց փախչել, բայց Թոմը նետեց ածելին նրա վզին, արյանը ողողեց նրա սպիտակ բլուզը: Երբ սպիտակներն առան գետին ընկած Թոմի ածելին, Թոմը գրպանից մի ուրիշը դուրս բերեց և սպառնաց շպրտել որևէ մեկի երեսին: Սպիտակներից մեկը մոտեցավ հեռախոսին, Թոմը հարձակվեց, քաշեց հեռախոսի թելը, կտրեց և ածելին ձեռքը՝ կամաց-կամաց նահանջեց դեպի դուռն ու կորսվեց բազմամարդ փողոցում։

Բորորը մոտեցան ինձ և նրա հասցեն հարցրին։

— Չգիտեմ,— ասացի ես,— նրան պատահաբար հանդիպեցի փողոցում։

1928 թ.